#Հաղթելու ենք. Սամվել ԿՈՍՅԱՆ / ՔՈ  ՀՈԳՈՒ  ՁԱՅՆԸ

 

Դրամա երկու գործողությամբ

    Նվիրվում է Արցախյան   պատերազմին    զինվորագրված կամավորներին

 

Գործող անձինք

ՀԱՅԿ

ԱՐԱՄ

ՍԵՎԱԶԳԵՍՏ ԱՂՋԻԿ

 

ՄՈՒՏՔ

Կարմիրի մեջ սև զանգվածը տրոփում է սրտի պես: Երաժշտություն: Զանգվածն աստիճանաբար շարժվում է և, դանդաղ բարձրանալով, վերակերպվում է սևազգեստ սլացիկ աղջկա: Կանգնելով, աղջիկը պարային շարժումներով ասես փորձում է դուրս գալ ընդարմությունից: Երաժշտության ռիթմը փոխվում է և աղջկա պարը, որը սկզբում հեզաճկուն էր, դառնւմ է անբացատրելի և ճահճի պես կլանող: Ագռավի չարագույժ կռինչը ցնցում է աղջկան: Ավտոմատի կրակահերթը, բազմաթիվ կրակահերթերը նրան հիստերիայի մեջ են գցում, որից հավասարակշռությունը կորցնելով, նա ծնկում է: Մի քանի ջղաձիգ շարժումներով հաջողվում է ոտքի կանգնել և խելահեղ պտույտներով լքում է բեմը: Ագռավի նոր՝ ավելի  սուր կռինչից հետո ամեն ինչ թաղվում է խավարի ու լռության մեջ:

ԱՌԱՋԻՆ  ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Պատկեր առաջին

Արցախյան բնաշխարհին հատկանշական բարձրադիր անտառ: Թռչունների երգը ավետում է օրվա և բնության զարթոնքը: Զինվորական համազգեստով, ավտոմատները ուսներից  կախ, վերևից համարյա վազքով իջնում են Հայկն ու Արամը: Հայկի պարանոցից  հեռադիտակ է  կախված: Ծանր են շնչում, անհանգիստ են, լարված: Հասնելով բացատին (բեմի կենտրոնը), Արամն սկսում է պտտվել: Հայկը շնչառությունը  կարգավորելով, զարմացած հետևում է նրան:

ՀԱՅԿ — Գժվեցի՞ր:

ԱՐԱՄ – (շարունակելով պտտվել): Փախչելու արագությունից է:

ՀԱՅԿ – Շա՞տ ես պտտվելու:

ԱՐԱՄ- Մինչև երկրի միջուկին հասնեմ, որ թշնամի չերևա, ավտոմատ չերևա:

ՀԱՅԿ – Ինչքա՞ն ես  սարսափել, որ գետնի տակն ես ուզում անցնել:

ԱՐԱՄ – (վերջապես կանգնում է, շունչը ետ բերելով): Քաջ էիր, չգայիր ետևիցս:

ՀԱՅԿ – Հետդ ընդհանրապես չպիտի գայի:

ԱՐԱՄ — Հարց է, ով է ում հետ եկել:

ՀԱՅԿ — Էլ չե՞ս պտտվում, էլի պտտվիր: Դու թշնամուց ես փախել, խելքդ՝ քեզնից:

ԱՐԱՄ – Ո՞վ է խելքից խոսում: Իմը թե խելքն է, դու լրիվ ես տեղաշարժվել: Ուրախանալու փոխարեն…

ՀԱՅԿ – Ուրախանալու առիթը չեմ գտնում:

ԱՐԱՄ – Էդ դու, էս էլ ես… Կրակող էլ չկա՝ քի՞չ է:

ՀԱՅԿ – Ճանապարհից չպիտի շեղվեինք: Քեզ նմաններին ասելը քիչ է, հետն էլ պիտի գրեին ու ճակատիդ կպցնեին:

ԱՐԱՄ — Քո ճակատն ավելի լայն է:

ՀԱՅԿ – Հիմա ցնդե՞լ ես, թե՞ ձևացնում ես:

ԱՐԱՄ — Ցնդածի հետ ընկերություն անողն ավելի ցնդած է: Թշնամուց ո՞նց էիր թաքնվելու… Պատերազմ է, պատերազմն էլ առանց թշնամու չի լինում: Մեր բախտից էր, որ դրանց ճանապարհից դուրս հանդիպեցինք:

ՀԱՅԿ – Ծրարն ի՞նչ ենք անելու: Ուրախացել ես, որ փրկվել ես, բա մյուսնե՞րը:

ԱՉՐԱՄ — Սիբիրի անտառներում չենք, շունչ առնենք, ծրարն էլ կհասցնենք:

ՀԱՅԿ – Ո՞նց ես հասցնելու, ե՞րբ… Հո չե՞ս մտածում, որ պատերազմը ձեր մանկապարտեզն է, ուզենաս՝ կմնաս, չուզեցիր՝ տուն կգնաս:

ԱՐԱՄ – Երեխան էլ կհասկանա, որ ուշանալու համար պատճառ է եղել:

ՀԱՅԿ – Ո՞ւմ ես բացատրելու, ձայնդ էլ այստեղից չեն լսի:

ԱՐԱՄ — Ձենով Օհանի ցեղից եմ, ձայնս որտեղ ասես կհասնի:

ՀԱՅԿ – Քո ղունղունոցը թշնամուն ավելի հաճելի կլինի: Էլ ի՞նչ նշան բռնել, ավտոմատը թեքիր ձայնի կողմն ու կրակիր:

ԱՐԱՄ – Մեր ձայնն ուրիշ է, թշնամու դեմ է, մեր ձայնից թշնամին ականջների ցավից ոռնում է:

ՀԱՅԿ – Ես էլ գլխացավից ու անքնությունից եմ ուզում ոռնալ:

ԱՐԱՄ – Հիմա քնիր:

ՀԱՅԿ — Կանգնա՞ծ:

ԱՐԱՄ – Ձիերից ինչո՞վ ես լավ, որ կանգնած են քնում:

ՀԱՅԿ – Ինտելիգետնիկ, քո փոխարեն լեզուս կուլ կտայի: Արևածաա՜գ, հրաշալիի՜ք… Կպել, պոկ չէիր գալիս: Կիսաքնած մոռացել էի, որ պատերազմում արևածագը թաքնվածներին էլ է թիրախ դարձնում:

ԱՐԱՄ — Խելք ունենայիր, թիրախ չդառնայիր: Ինտելիգետնիկն  էլ չասես:

ՀԱՅԿ — Ինչո՞ւ, բոլոր ոտանավոր գրողներն էլ ինտելիգենտիկ են: Գուցե հետո ինտելիգենտ են դառնում, բայց հիմա այն ես՝ ինչ կաս, դմբոյի մեկը, ով գործը թողած այգաբացներով է հմայվում:

ԱՐԱՄ – Այդ ասողը պիտի անթերի լինի: Ո՞վ ես, որ գրողներին էլ չես հավանում:

ՀԱՅԿ – Դրա համար էլ այստեղ եմ, որ այդ հարցի պատասխանը իմանամ:

ԱՐԱՄ — Պատերազմի՞ց ես իմանալու: Պատերազմը պատասխան չունի, նրանը հարցն է: Անտեղի կոշիկ ես մաշել:

ՀԱՅԿ – Քանի՞ տարեկան ես:

ԱՐԱՄ – Հանգստացիր, տասնութս լրացել է:

ՀԱՅԿ – Դպրոցն ավարտած կլինես: Չե՞ն ասել, որ ձագը չի կարող թռչել սովորեցնել:

ԱՐԱՄ – Հետն էլ ավելացրել են, որ եթե մեջդ թռիչք չեղավ, երամն էլ չի օգնի:

ՀԱՅԿ – Չեղա՜վ, ինտելիգենտիկ… Հիմա այնպես կպպտեցնեմ, որ առանց հայելու էլ երեսդ կտենես:

ԱՐԱՄ – Չասացի՞՝ էդ բառը չասես… (Հարձակվում է Հայկի վրա:) Ասացի՞, զգուշացրի, չէ՞…

ՀԱՅԿ – (Արամի թևերից բռնելով՝ հանգիստ ետ է հրում): Լավ էլ կատաղում ես, միայն կատաղությանդ հասցեն է սխալ:

ԱՐԱՄ – Կատաղածն էլ ես, թոկից փախածն էլ, անդաստիարակն էլ… Մեկ էլ ասացիր…

ՀԱՅԿ — Ի՞նչ է փոխվելու: Եթե խոստանաս չհարձակվել, ինքս կփորձեմ ինչ-որ բան փոխել: Կարևորը ես ու դու չենք, կարևորը ծրարն է, հնարավոր է՝ երկուսիցս  էլ կարևոր է: (Այդ ընթացքում հանում է հեռախոսը:) Հիմա լռիր ու մի խանգարիր: Չեմ հասկանում, ինչո՞ւ փախչողներն իրենց ուզած տեղը չեն փախչում: Կարծես մեկը հուշի, որ հակառակն անեն: (Փորձում է կապի մեջ մտնել:) Արծի՛վ, արծի՛վ, ես ճա՛յն եմ, ես ճա՛յն եմ… Արծի՛վ, արծի՛վ, պատասխանիր… Ես ճա՛յն եմ, ես ճա՛յն եմ… Արծի՛վ, արծի՛վ, չի՞ լսվում, ճա՛յն եմ, ճա՛յն եմ…

ԱՐԱՄ – Էդ ինչո՞ւ է թարսվել: Գոնե ծրարի բովանդակությունը կհաղորդեինք:

ՀԱՅԿ – Հեռախոսով լիներ՝ գիշերով, քնահարամ սրա ետևից չէին ուղարկի:

ԱՐԱՄ – Կյանքը աքսիոմա չէ, ամեն ինչ էլ  հնարավոր է:

ՀԱՅԿ – Քիչ կռռա, որ լսվի:

ԱՐԱՄ — Ագռավն էլ ես, կաչաղակն էլ ես… Թթվի տակառի պես պղպջում ես, մեջդ էլ միայն մրթմրթոց է:

ՀԱՅԿ – Մրթմրթալը հեչ, քո խելքին ընկնողը խռռալով էլ չի պրծնի: (Նորից է փորձում կապի մեջ մտնել:) Արծի՛վ, արծի՛վ, ես ճա՛յն եմ, ես ճա՛յն եմ, ճային պատասխանիր… Որ լսող չլինի, թեկուզ պայթիր: (Հեռադիտակը մոտեցնում է աչքերին:) Վախենամ, հիմա էլ սա հրաժարվի ցույց տալ… Թո՛ւհ, ես ձեր… Ուզո՞ւմ ես տեսնել՝ ովքեր էին կրակում:

ԱՐԱՄ – (Հայկից վերցնում է հեռադիտակն ու ինքն էլ է նայում): Սրանք զինվորական համազգեստով են: Բայց նույն կատաղածն են: Ձեռքներն ընկնենք՝ հում-հում կուտեն:

ՀԱՅԿ – Ինչ հում, ինչ եփած… Կխնդրեն՝ մի  քանի բանաստեղծություն արտասանես, կծափահարեն, շնորհակալություն կհայտնեն, վերջում էլ ներողություն կխնդրեն անհանգստացնելու համար: Գլխի չե՞ս, ինչ է կատարվում:

ԱՐԱՄ – Փորձանքն ենք ընկել, միայն փորձանքի չափը չգիտեմ: Առաջին անգամ եմ շրջապատման մեջ:

ՀԱՅԿ – Ասա՝ վերջինը լինի:

ԱՐԱՄ – Մի խումբը վերևում էր, երկրորդին նոր տեսանք: Հնարավոր է՝ ուրիշ խմբեր էլ լինեն:

ՀԱՅԿ – Հո  չե՞ս վախենում:

ԱՐԱՄ – Չեմ հավատում, հավատայի՝ կվախենայի:

ՀԱՅԿ – Ծրարը չլիներ… Թե չէ պատերազմում երկու կյանքն ու զրոն նույնն են:

ԱՐԱՄ – Կյանքը թիվ չի: Մարդիկ ուրիշ են, մարդկանց հաշվում են, կյանքը չես հաշվի… Այն չի կիսվում, չի բաժանվում ու չի բազմապատկվում: Կյանքը կյանք է ու հիմա էլ շարունակվում է: Կապը մի անգամ էլ փորձիր, մի քանի անգամ փորձիր…

ՀԱՅԿ – Ասում էիր՝ Սիբիրի անտառներում չենք: Ինչո՞ւ չես գնում, գնա, զեկուցիր, որ հանձնարարությունը կատարել ես… Չես գնա, ինչի՞ գնաս ու կյանքդ վտանգես… Քոնը կյանք է, մյուսներինը՝ չէ՞… Հիմա էլ հույսդ էս ապարատի վրա ես դրել… Արծի՛վ, արծի՛վ, ես ճա՛յն եմ, ես ճա՛յն եմ, պատասխանիր: Արծի՛վ, ճային պատասխանիր… Պապանձվել է, լեզուն կուլ է գնացել: Ես ճա՛յն եմ, ես ճա՛յն եմ… Բա իսկական ճայ չլինեի՞… Թե չէ գետնին կպած ճայը ո՞րն է…

ԱՐԱՄ – Դրա համար էլ նախանձում եմ թռչուններին: Մտքերովն էլ չի անցնում երկինքը բաժանել: Երկնքի ի՞նչը բաժանեն: Դրանից էլ անընդհատ երգում են:

ՀԱՅԿ — Մտածել չգիտեն, դրա համար էլ երգում են: Դու էլ չիմանայիր՝ անընդհատ կերգեիր:

ԱՐԱՄ – Որ գիտեմ՝ ի՞նչ:

ՀԱՅԿ – Ապրե՛ս, էլ մի մտածիր, որովհետև պատերազմը մտածողների դեմ է: Կարո՞ղ ես չմտածել ու անասուն լինել, ուժ ունե՞ս անասուն լինելու:

ԱՐԱՄ — Այդ հարցում քեզ չեմ հասնի:

ՀԱՅԿ — Իսկ աչքդ խոտից չես կտրում: Լռիր, խշշոց լսո՞ւմ ես: (Ստուգելու համար ավտոմատը մարտական  դիրքի բերելով, զգուշորեն  քայլում է ձախ:) Ոչ ոք չկա, թռչուն էր կամ նապաստակ:

ԱՐԱՄ – Ականջներդ մաքրիր:

ՀԱՅԿ – Անքնությունից է, գլխիս խշշոցը չի կտրվում: Եթե կարողանայի հինգ րոպե աչքերս փակել, հենց այստեղ՝ խոտերի վրա… Հինգ րոպե… (Չշարունակելով,  անսպասելի պառկում է խոտերին ու փակում է աչքերը:)

ԱՐԱՄ — Քնե՞ց… Վերջը չդիմացավ… Ո՞նց է, թռչունները չեն հոգնում ու անընդհատ երգում են: Ի՞նչ են ասում, որ երգում, երգում են և ասելիքը չի պրծնում: Հենց ասելիքը պրծնի, երևի կփորձեն իրար հոշոտել: Ասելիք ունեցողն է, որ  սպանելու մասին չի մտածում:

ՀԱՅԿ – (ինչպես անսպասելի պառկել էր, նույնքան  անսպասելի վեր է թռչում): Քնե՞լ էի:

ԱՐԱՄ- Պառկելդ ու աչքերդ փակելը մեկ եղավ:

ՀԱՅԿ – Երազ չէր… Չի կարող պատահել…

ԱՐԱՄ – Երկու րոպե էլ չքնեցիր:

ՀԱՅԿ — Երկու րոպեում երեք ժամանոց երազ կտեսնե՞ն:

ԱՐԱՄ — Շատերն են երազը իրականության հետ շփոթում:

ՀԱՅԿ — Միանգամից, անսպասելի հայտնվեցին: Ավտոմատի փողի սառնությունից վեր թռա:

ԱՐԱՄ — Ի՞նչ է եղել:

ՀԱՅԿ — Հեռանալ է պետք… Երազ չէր:

ԱՐԱՄ – Բա ի՞նչ էր:

ՀԱՅԿ – Նախազգուշացում: Սխալը սխալի ետևից ենք անում:

ԱՐԱՄ — Ճշմարտությանը միշտ էլ  սխալների միջով են  հասնում:

ՀԱՅԿ – Ո՞ր ճշմարտությունից ես խոսում… Պատերազմի ճշմարտությունը ուժն է: Եվ ուժը չէ՝ ճշմարտությունն է վազում ուժի ետևից: Ո՞ւմ ենք սպասում, ինչի՞, որ իսկապես քթներիս տակ հայտնվե՞ն… (Կրկին հեռադիտակը մոտեցնում է աչքերին:) Ասում էի, չէ՞… Չքվել են, չկան, գետնի տակն են անցել: Չխոսես, ամբողջը քո մեղքով է… Ոչինչ չհարցնես, լռի՛ր: (Պառկում է, ականջն ամուր հպում է հողին:)

ԱՐԱՄ — Ի՞նչ ես անում:

ՀԱՅԿ — Հողը կասի՝ ուր գնացին: Չէ, ընդերքը լիքն է ոտնաձայներով… (Կանգնում է:)

ԱՐԱՄ – (Հայկից վերցնում է հեռադիտակը, նայում): Գոլորշիացա՞ն:

ՀԱՅԿ – Վերևի խումբը ո՞ր կողմ էր գնում:

ԱՐԱՄ — Չէր գնում, կանգնած էին:

ՀԱՅԿ — Սրանք էլ  էին կանգնած… Աչքաթող արինք: Սխալից նոր սխալ է ծնվում…

ԱՐԱՄ  –Ոնց որ մի տեղ են հավաքվում:

ՀԱՅԿ — Որտե՞ղ՝ երկնքո՞ւմ, գետնի վրա՞, թե՞ գետնի տակ:

ԱՐԱՄ – Բոլոր տեղերում էլ վտանգավոր է: Պիտի մութն ընկնելուն սպասենք:

ՀԱՅԿ – Մինչև մթնելն ուշ կլինի:

ԱՐԱՄ —  Օդով գնալու համար էլ թևեր չունենք:

ՀԱՅԿ – Սողալով թե թռչելով, այստեղից պիտի հեռանալ: Վտանգն  ավելի գերադասելի է, քան շան պես թփի տակ սատկելը:

ԱՐԱՄ — Ուրեմն նորից բարձրանում ենք:

ՀԱՅԿ – Էլի՞…

ԱՐԱՄ — Իջնել չեմ սիրում, պարտվել չեմ սիրում: Ինձ համար իջնելն ու պարտությունը նույնն են: Եթե զոհվելու ենք, գոնե տղամարդավարի զոհվենք:

ՀԱՅԿ – Տղամարդավարի՛, կանացի՛… Փամփուշտը սեռը չի ջոկում: Մեկ էլ ասեմ, որ մահը ներսից չէ, դրսից է գալիս… Եթե վախենում ես, աչքերդ փակիր, որ գալը չտեսնես:

ԱՐԱՄ — Բայց  կարողանում է քաջին վախկոտից ջոկել:

ՀԱՅԿ — Քաջիս տես…

ԱՐԱՄ — Ասել եմ, միայն բարձրանալու եմ:

ՀԱՅԿ — Վերև-ներքև… Միայն թե շարժվենք: Անորոշությունը թուլացնում է հոդերս… Սիրտս տակնուվրա է, որ խոստացել ու չեմ  անում, չեմ կարողանում անել…

ԱՐԱՄ — Դեռ ուշ չէ, դեռ կհասցնենք:

ՀԱՅԿ — Բա ո՞ւմ ես սպասում:

Շտապ իրենց կարգի են բերում:

ՀԱՅԿ  — Առաջ չընկնես: Գնում ենք  զգուշորեն, հետախուզելով: Կփորձենք մարտից խուսափել: Թե ստիպված լինենք, անընդհատ նույն տեղից  չկրակես, տեղդ շուտ-շուտ փոխիր, աշխատիր հաստ ծառերն ընտրել:

ԱՐԱՄ – Պարզվում է՝ մեր վիճակում մահն էլ փրկություն է:

ՀԱՅԿ – Մահը երբեք փրկություն չի եղել:

ԱՐԱՄ – (Հայկից ետ է ընկնում, կամաց արտասանում): Դու իմ կապույտ թռչուն, որ մոլորվել ես ու չես կարողանում գտնել, միայնությունից դուրս գալու ճանապարհը…

ՀԱՅԿ — Ոտքդ շա՞տ ես կախ գցելու:

ԱՐԱՄ — Միտքս բան ընկավ:

ՀԱՅԿ – Զգո՛ւյշ, գլխիդ չընկնի, արագացրու: (Բարձրանում են:)

 

                                            ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ

Նույն անտառը: Կրկին հոգնած ու ծանրաքայլ վերևից իջնում են Հայկն ու Արամը: Հաստաբուն ծառի հասնելով, Հայկը ոտքով զայրացած հարվածում է ծառին:

ՀԱՅԿ — Ստիպեցին, էլի՛ ստիպեցին:

ԱՐԱՄ — Անտառում հիմա ծառն է շա՞տ, թե՞ թշնամին:

ՀԱՅԿ — Էս էլ ուրիշ խումբ էր, ավելի զինված: Միայն կատաղությունն էր նույնը:

ԱՐԱՄ — Սրանց ժպիտն էլ էր կատաղած:

ՀԱՅԿ — Հիշողությունից է, դրանց հիշողության մեջ հայի արյունը դեռ չի չորացել:

ԱՐԱՄ — Իրենց հիշողությունը հոտոտելով էլ եկել, մեր հողն են լցվել:

ՀԱՅԿ — Տեսնես կա՞ էլի մի ժողովուրդ, որի արյունն այսքան սպի ունենա:

ԱՐԱՄ — Դրա համար էլ ցավը մեզանից ձեռ չի քաշում:

ՀԱՅԿ — Չլինի՞ ցավը չի թողնում, որ նորից պտտվես:

ԱՐԱՄ — Ցավը չէ, ընդերքին չեմ հավատւմ, ընդերքում էլ նույն չարությունն է:

ՀԱՅԿ – Երկինքն էլ՝ հեռու է: Ասենք, հիմա ամեն ինչն է հեռու: Նույնիսկ այս ծառը մեր կողքին, բայց մեզ հետ չէ, հեռու է:

ԱՐԱՄ — Մենք ենք մեզանից հեռացել և ուզում ենք ուրիշը մեզ մոտ լինի:

ՀԱՅԿ — Բայց ինչ-որ մեկն ուզում է մեզ մոտենալ, թաքուն հետևում է… Երբեմն նրա շնչառությունից թիկունքս խոնավանում է:

ԱՐԱՄ — Նահանջելուց է, նահանջելիս  բոլորի թիկունքն էլ խոնավանում է:

ՀԱՅԿ — Առավոտից ոնց որ պահմտոցի խաղանք մեկի հետ՝ ո՞վ է, ինչացո՞ւ է… Օրն էլ փեթակի պես եռում է… Եռացողը մեղուն չի, մեղու չկա… Վտանգը… Նա է եռում: Վտանգի կատաղությունը լուռ է,  զգուշավոր:

ԱՐԱՄ — Վտանգից հո ալերգիա չունե՞ս:

ՀԱՅԿ —  Քեզանից չլինի, մնացածը՝ հեչ… Չհասկացա՝ ով ես, մեկ գետնի տակ ես ուզում իջնել, մեկ էլ ուշքդ ու միտքդ վերևում է: Տակից զզվել ես, վերևում էլ չգիտես՝ ինչ ես փնտրում:

ԱՐԱՄ — Վերևից ամեն ինչ լավ է երևում:

ՀԱՅԿ — Ի՞նչ ես ուզում տեսնել, որ գետնի վրայից չի երևում:

ԱՐԱ Մ- Իմ ներսը, ընդամենը իմ ներսը:

ՀԱՅԿ — Հա՜… Որտեղից էլ նայես, ներսս մութ է, բան չես տեսնի: Մի ափով հոսող առու տեսե՞լ ես: Էդ ես եմ: Երկրորդ ափը չկա, կորել է:

ԱՐԱՄ — Բոլորիս երկրորդ ափը հիմա հայրենիքն է:

ՀԱՅԿ — Ենթադրենք դա էլ իմացա… Հիմա ասա, մարդուն քանի՞ ստվեր է պետք:

ԱՐԱՄ — Մեկն էլ շատ է:

ՀԱՅԿ — Ետևիցս հարյուրավոր  ստվերներ են գալիս ու հնարավոր է՝ երկրորդ ափն այդ ստվերների մեջ եմ կորցրել:

ԱՐԱՄ — Չես կորցնի: Առուն կարող է ցամաքել, բայց ափերը միշտ իրենց տեղում են:

ՀԱՅԿ — Ո՞վ է ցամաքացնելու:

ԱՐԱՄ — Ով չի քնում:

ՀԱՅԿ — Ասածդ մարդ չի՞:

ԱՐԱՄ – Նման է:

ՀԱՅԿ — Գիտեմ, ճանաչում եմ… Դրանք ժողովրդի անունից խոսելով, ձեռքները ժողովրդի գրպանից չեն հանում: Պատերազմներն էլ հրահրում են, որ գրպանները շատ լինեն:

ԱՐԱՄ — Մեռածի գրպանից ի՞նչ են հանելու:

ՀԱՅԿ — Գրպան լինի, հանելու բան միշտ էլ կճարվի: Գրպաններս մահով եմ լցնելու:

ԱՐԱՄ — Ո՞ւմ մահով… Ո՞նց ես տարբերելու: Մահը ոչ գույն ունի, ոչ հոտ:

ՀԱՅԿ — Քո նման, էլի:

ԱՐԱՄ — Գոնե չի կծում:

ՀԱՅԿ — Կծելը իմը չէ, աշխարհինն է… Ես էլ աշխարհի տնազն եմ անում (Նորից  է հանում հեռախոսը:) Իզուր էլ լեզվակռիվ ենք տալիս: Հիմա մեր մահն էլ, կյանքն էլ սրանից է կախված: (Փորձում է կապի մեջ մտնել:) Արծի՛վ, արծի՛վ, ես ճա՛յն եմ, ես ճա՛յն եմ: Արծի՛վ, ալո՛, պատասխանիր, լեյտենանտ, լսո՞ւմ ես, պատասխանիր: Հիմա լեյտենանտը գժվել է: Նա այնտեղ է գժվել, մենք` այստեղ: Գժանոցում եղե՞լ ես:

ԱՐԱՄ – Պատերազմը վերջացավ, քեզ այնտեղ եմ փնտրելու:

ՀԱՅԿ — Հետդ արևածագ կբերես՝ բանկայի մեջ: Այն  արևածագը, որը հարամեցին: Էդ արևածագը տեսա` էլի եմ գժվելու: Ասում են՝ մի քանի անգամ գժվողը նորից է խելոքանում… Չեմ ուզում մնացած կյանքս էլ անխելք ապրել: (Փորձում է կապի մեջ մտնել:) Արծի՛վ, արծի՛վ, ալո՛, լեյտենանտ, չե՞ս լսում, պատասխանիր:

ԱՐԱՄ — Լեյտենենտի անունն էլ չիմացանք:

ՀԱՅԿ – Ի՞նչ կարևոր է, ինքներս ենք հրամանատար ընտրել:

ԱՐԱՄ — Մարդու անունը հո չի կարող լեյտենանտ լինել: Չգիտեմ՝ ով ասաց ու անունը պետք չեկավ:

ՀԱՅԿ — Մի անունը նրան քիչ կլիներ:

ԱՐԱՄ — Առաջին օրը հիշո՞ւմ ես… Կամավոր եկած լիքը մարդիկ: Մեջներիցս լեյտենանտը արագ կողմնորոշվեց ու բոլորով նրան վստահեցինք:

ՀԱՅԿ — Բա որ լեյտենանտն ինձ հարցրեց, թե ի՞նչ էի անում պատերազմից առաջ: Ասացի՝ հոգնել եմ անորոշությունից, եկել եմ մի ուրիշ բան գտնելու: Խոժոռվեց, հայրենիքի պաշտպանությունը ուրիշ չի կարող լինել, ասաց, հայրենիքի պաշտպանությունն ավելի լուրջ գործ է: Ավելի լավ, ասացի, ես էլ կլրջանամ, ու չլրջացա, որովհետև լուրջն այս օրը չէր ընկնի: Պիտի խելոք լինեի ու իմանայի՝ ում հետ ուր եմ գնում:

ԱՐԱՄ — Կարծես կյանքը հագուստ է, որ ուզածիդ պես կարճացնես կամ երկարացնես… Մեր վիճակը թողած…

ՀԱՅԿ — Վիճա՞կ է մնացել, որ կողմը նայում ես՝ պատ է:

ԱՐԱՄ — Հեռադիտակով նայիր:

ՀԱՅԿ — Հեռադիտակը պատն ավելի է մոտեցնում:

ԱՐԱՄ — Ուզածդ պատի ետևում փնտրիր:

ՀԱՅԿ — Պատի ետևում ուրիշ պատ է:

ԱՐԱՄ — Մտքով փնտրիր:

ՀԱՅԿ – Միտքս հետս չի, միտքս տղերքի մոտ եմ թողել:

ԱՐԱՄ — Ոնց որ նրանցից հազար տարի առաջ բաժանված լինենք: Ի՞նչ են անում, ինչո՞վ են զբաղված: Հիշո՞ւմ ես, ինչպես լեյտենանտը փոշոտ կոշիկների համար Ռաֆիկին նկատողություն արեց, էդ փոշու վրա  նամակ կարելի է գրել՝ ասաց: Ռաֆիկն էլ թե՝ երանի ես էլ այդքան գրագետ լինեի:

ՀԱՅԿ — Հետն էլ այնպես տնքաց, որ լեյտենանտն էլ ծիծաղից քանդվեց:

Մի պահ ամեն ինչ մոռացած՝ բարձր ծիծաղում են: Առաջինը Հայկն է սթափվում:

ՀԱՅԿ — Պահմտոցին մոռացա՞ր:

ԱՐԱՄ — (ձայնն իջեցնելով): Կյանքը ոնց էլ թաքցնես, միևնույն է, ձայնը լսվելու է:

ՀԱՅԿ — Մեր պահմտոցին ուրիշ է, էս խաղի փնտրողը մենք չենք, մերը թաքնվելն է, չնայած հաղթում է,  ով փնտրում է:

ԱՐԱՄ — Փնտրողների մեջ էլ պարտվողները քիչ չեն:

ՀԱՅԿ — Լավ չեն փնտրում:

ԱՐԱՄ — Չեղածն ինչքան ուզում ես փնտրիր:

ՀԱՅԿ – Հեռադիտակը ռենտգեն լիներ, չեղածն էլ ցույց կտար: Սրանով պատը չես թափանցի: (Հեռադիտակով զննում է տեղանքը, անսպասելի:) Լռի՛ր, չշարժվե՛ս: Սրանք ո՞ւր են գնում… Չշարժվե՛ս… Ես ձեր… Հեռացան… Էնքան էլ մոտ էին… Բա տղերքով չլինեի՞նք:

ԱՐԱՄ — Շուտով աչքիդ ծառերն էլ  թշնամի կերևան:

ՀԱՅԿ — Ինտելիգենտիկ, մոռացե՞լ ես, որ պատերազմը ողորմություն չի ուզում, այլ զոհ, շատ զոհեր:

ԱՐԱՄ — Էլի՞… Էլի ինտելիգենտիկը ասեցի՞ր… Հիմա որ գյուլեմ… (Կատաղած ավտոմատը պահում է Հայկի վրա:)

ՀԱՅԿ — Իզուր էլ հապաղում ես:

ԱՐԱՄ – (ավտոմատն իջեցնում է, փորձում է հանգստանալ): Գիտես՝ չեմ կրակի, ատամներս հաշվել ես:

ՀԱՅԿ — Չեմ սիրում ուրիշի բերանը մտնել:

ԱՐԱՄ — Ես էլ ուրիշի լեշը քարշ տալուց եմ զզվում:

ՀԱՅԿ — Քարշ մի  տուր, թող ու գնա, ո՞վ է մեղադրելու:

ԱՐԱՄ — Նույն ձեռնաշղթայով ենք, չեմ  կարող:

ՀԱՅԿ — Ձեռնաշղթան էլ կոտրիր:

ԱՐԱՄ – Չի ստացվի, ձեռնաշղթան ներսից է:

ՀԱՅԿ — Այ թե ինչո՛ւ է ներսս ծանրացած: Հասկացա՝ ուժերս ով է խլում:

ԱՐԱՄ — Խլողը ես չեմ:

ՀԱՅԿ — Երրորդը չկա:

ԱՐԱՄ — Էն էլ ո՛նց կա: Ինձանից էլ իմ տարիքն է խլել: Մի քանի ամիս է, բայց ոնց որ զառամյալ լինեմ:

ՀԱՅԿ — Թշնամությունը արագ է ծերացնում:

ԱՐԱՄ — Քնքշանքի պակասն ավելի զգալի է… Պատերազմն առաջինը քնքշանքն է վերացնում, որ սպանելը հեշտ լինի:

ՀԱՅԿ – Բա ինչո՞ւ չսպանեցիր:

ԱՐԱՄ — Որովհետև պատերազմից ուժեղ բան էլ կա:

ՀԱՅԿ — Ի՞նչն է, որ չեմ իմացել:

ԱՐԱՄ — Ուժեղը չլիներ, ոչ մի պատերազմ չէր վերջանա:

ՀԱՅԿ – Մեր պատերազմը ե՞րբ է վերջանալու:

ԱՐԱՄ — Մի օր կվերջանա:

ՀԱՅԿ – Ափսոս, պատը չի թողնում, որ էդ օրը տեսնեմ:

ԱՐԱՄ — Դեռ ոչ մեկին ուրիշի հողը ուժ չի տվել:

ՀԱՅԿ — Դրանք իրենց տանն էլ ուրիշի հողի վրա են: Ոչ բնությունն է դրանց հասկանում, ոչ էլ իրենք են գլուխ հանում բնությունից: Թե չէ այդքան չար չէին լինի:

ԱՐԱՄ — Հենց  չարությունն էլ դրանց կկործանի:

ՀԱՅԿ — Կործանելու համար ազգովի պիտի կանգնենք:

ԱՐԱՄ — Ազգի ընտրյալներն են այստեղ, ու դա քիչ չէ:

ՀԱՅԿ — Ընտրյալը դո՞ւ ես, թե՞ ես… Մեր անունը չտա՛ս:

ԱՐԱՄ — Ինչո՞ւ, հո փեշի տակ չե՞նք թաքնվել:

ՀԱՅԿ — Թաքնվողներն էլ քիչ չեն: Դրանք չլինեին, ընտրյալները մինչև վերջ չէին մոխրանա, վառվելիս տակը մի բան կմնար:

ԱՐԱՄ — Կգան, թաքնվածներն էլ կգան՝ մեկը ավելի շուտ, մյուսը՝ քիչ ուշ, բայց կգան, չեն կարող չգալ… Մինչև երկիրը մաքրվի թշնամուց ու թշնամությունից:

ՀԱՅԿ — Մեզ հետ պիտի գային, միանգամից:

ԱՐԱՄ — Մոռանում ես, որ աշխարհն էլ միանգամից չի ստեղծվել:

ՀԱՅԿ — Ուսուցիչս սիրում էր կրկնել, որ փորձը փորձանք չի, միայն չէր ասում՝ մինչև ո՞ր փորձն է անփորձանք: Մեկ էլ փորձեմ: Արծի՛վ, արծի՛վ, ես ճայն եմ, ես ճայն եմ, արծի՛վ, ալո՛, ճային պատասխանիր: Ալո՛, լեյտենա՛նտ… (Հուսահատված:) Լռության կոնկուրս չլինե՞ր, էս հեռախոսն ուղարկեինք: Օրը ճաշ դառավ, դեռ մեր անելիքը չգիտենք: Անելիքը գիտենք, ոնց անելը չգիտենք:

ԱՐԱՄ — Մի անգամ էլ բարձրանանք…

ՀԱՅԿ — Ի՞նչ օգուտ, եթե նորից իջնելու ենք:

ԱՐԱՄ – Սիզիֆի պես:

ՀԱՅԿ — Սիզիֆը քարն է բարձրացրել, դու՝ ինձ: Սիզիֆը քարն է գլորել, դու էլ ինձ ես գլորում ու էլի աչքդ վերևում է: Վերևում չէի՞ր, ինչո՞ւ իջար:

ԱՐԱՄ — Աշխարհում ամենքն էլ ուզում են բարձրանալ: Խոտն էլ ծլեց, ուզում է բարձրանալ:

ՀԱՅԿ — Ուրիշներն ապրում են, կռվում են, մենք անորոշությունը ուսներիս դրել՝ իջնում-բարձրանում ենք: Ուրիշներն էլի կապրեն, մենք նորից կշարունակենք իջնել ու  բարձրանալ, մինչև կյանք ասածը ձեռքներիցս չխլեն:

ԱՐԱՄ — Այդքան հեշտ չեմ հանձնվի:

ՀԱՅԿ — Կատաղում եմ, որ ոչ մի տեղս չի ցավում, բայց հիվանդի պես անօգնական եմ:

ԱՐԱՄ – Սրանց մասին մերոնք հաստատ տեղյակ կլինեն:

ՀԱՅԿ — Հիմա մենք ո՞վ ենք՝  Սիզի՞ֆը, թե՞ քարը:

ԱՐԱՄ — Կարևորը բարձրանալն է:

ՀԱՅԿ — Կռիվ կինոները հիշեցի:

ԱՐԱՄ — Կռվի մեջ կռի՞վ ես հիշում:

ՀԱՅԿ — Եթե էլ  թշնամու չհանդիպենք, խոստանում եմ… Ոչինչ էլ չեմ խոստանում: Դրանց չհանդիպելուց լավ ի՞նչ պիտի խոստանամ: Պատրաստվիր բարձրանալու:

Առաջինն ինքն է իրեն կարգի բերում: Տեղավորում է հեռադիտակը, ստուգում է ավտոմատը: Նույնն է անում  նաև Արամը: Վերջին պահին Հայկը ջանասիրաբար փորձում է հարդարել մազերը:

ԱՐԱՄ — Քիչ զուգվիր, պարահանդես չենք գնում:

ՀԱՅԿ — Ո՞վ իմանա… (Դանդաղ սկսում է բարձրանալ, Արամը հետևում է նրան:)

 

ՊԱՏԿԵՐ   ԵՐՐՈՐԴ

Նույն անտառը: Թռչունների երգը շարունակվում է: Լսվում են կրակոցներ: Նորից վերևից իջնում են Հայկն ու Արամը: Արամը կարծես փորձում է հրելով մեկին առաջ բերել:

ԱՐԱՄ – Շարժվի՛ր, մի՛ կանգնիր, գնա՛:

ՀԱՅԿ — Ո՞ւմ հետ ես:

ԱՐԱՄ — Գերու… Դիմադրում է, չի ուզում գալ: (Ավելի թափով հրելու շարժում է անում:) Գնա՛, շարժվի՛ր…

ՀԱՅԿ — Ոնց որ մեղավորը ես լինեմ, որ…

ԱՐԱՄ — Շրջափակումը նրա համար է, որ  ուզենաս ու չկարողանաս:

ՀԱՅԿ – Ինչքան էլ գնաս՝ տեղ չհասնես:

ԱՐԱՄ — Հետո էլ ասում են՝ փոքր երկիր ենք: Ինչքան էլ քշում են, էլի նահանջի տեղ է մնում:

ՀԱՅԿ —  Գերին իրական լիներ, մի հարց էի տալու, գիտի՞, որ ոչ մի պատերազմող իր որդուն ռազմաճակատ չի ուղարկում: Ճար ունենա, իր մահն էլ ուրիշի ուսերին  կբարձի:

ԱՐԱՄ — Ասենք գիտի՝ հետո՞…

ՀԱՅԿ – Ասում եմ,  էլի… Երևի դրանք իրենք իրենց են ուտում:

ԱՐԱՄ — Ուտելուց քիչ խոսիր, փորս  ցավում է վայրի տանձից:

ՀԱՅԿ – Իմ ցավի տեղը չեմ գտնում, քամու պես պտտվում է մեջս:

ԱՐԱՄ — Մորս եփած տոլման կուտեի, մի  քանի ափսե:

ՀԱՅԿ — Այնքան կեր, որ ինձ էլ մնա:

ԱՐԱՄ — Ասա, թող քո մայրն էլ եփի:

ՀԱՅԿ — Քո մոր եփածն եմ ուզում:

ԱՐԱՄ — Մայրդ տոլմա չի եփո՞ւմ:

ՀԱՅԿ — Մորս դեմքն էլ չեմ հիշում:

ԱՐԱՄ – (շփոթված): Մահացե՞լ է:

ՀԱՅԿ – Մանկատուն է գցել:

ԱՐԱՄ — Կներես, չգիտեի:

ՀԱՅԿ — Ո՞ւմ ներեմ՝ քե՞զ, թե՞ մորս: Մանկատանը վարժվել եմ, որ ես չէ, այլ ինձ ներեն:

ԱՐԱՄ — Երևի ներսդ շատ ցավ է կուտակվել: Ցավից ազատվելու համար պիտի ներես:

ՀԱՅԿ — Անցած բան է: Կարևորը՝ տոլման կերանք-կշտացանք: Չգիտե՞ս, մարդն ինչքան կարող է ուտել:

ԱՐԱՄ – Ստամոքսով մեկ:

ՀԱՅԿ – Ասենք ճիվաղ է ու ոտքերի մեջ էլ ստամոքս ունի:

ԱՐԱՄ — Քանի ստամոքս ունի, այնքան էլ կուտի:

ՀԱՅԿ — Կարո՞ղ է հարյուր ստամոքսի բաժին ուտել:

ԱՐԱՄ — Այդքանը մեկի մեջ չի տեղավորվի:

ՀԱՅԿ —  Բա թշնամին ի՞նչ է ուզում, ինչո՞ւ է մեր հողը մտել: Լինո՞ւմ է, որ մեռնելուց հետո ախորժակը շարունակի ապրել: Ուրիշի մեջ շարունակի ապրել: Մի  քանի  սերնդի ախորժակ է պետք, որ ուզենա ուրիշի բաժինն էլ խլել: Ափսոս, գերին շատ պետք կգար: Գերին կիմանար, գերին կասեր:

ԱՐԱՄ – Ասեր՝ ի՞նչ էր փոխվելու:  Հրաշքների հավատո՞ւմ ես:

ՀԱՅԿ — Հեքիաթներին էլ չեմ հավատում:

ԱՐԱՄ — Հրաշք լիներ ու Հիսուսը հայտնվեր:

ՀԱՅԿ — Շատ չեղա՞վ:

ԱՐԱՄ — Նեղն ընկնելիս միշտ նրան եմ հիշում:

ՀԱՅԿ – Օգնո՞ւմ է:

ԱՐԱՄ — Չգիտեմ, մոռացել եմ՝ նրա բարությունից ոնց են օգտվում:

ՀԱՅԿ – Չես հավատա, նեղն ընկնելիս ես էլ մորս եմ հիշում: Մտածում եմ, որ այդ պահին ինքն էլ ինձ է հիշում: Սիրտս անսպասելի ջերմանում է, զգում եմ, որ հիշում է:

ԱՐԱՄ — Ուրեմն ներել ես:

ՀԱՅԿ — Երբ մեկի մայրը մանկատուն էր գալիս, ուզում էի մոտենալ ու հարցնել. ի՞նչ կանի, եթե թևերը կորցնի: Ուզում էի իմանալ՝ ո՞նց է առանց երեխայի դիմանում, իսկ  առանց թևերի կարող է խելագարվել: Այդպես էլ չհարցրի: Պատասխանից էի վախենում, չէի ուզում մորս ընդմիշտ կորցնել:

ԱՐԱՄ — Ասում են՝ ծնողներին կորցնելիս որտեղ էլ լինես՝ առաջին գծում ես: Թռչուն լինեի, թռչեի տուն, տեսնեի մերոնց ու ետ գայի:

ՀԱՅԿ – Պատերազմը կվերջանա, կվերադառնաս ու ամեն ինչ լավ կլինի: Իմն ուրիշ է, մնամ էլ, վերադառնամ էլ՝ նույնն է: Այստեղ դեռ կարևորում են, այստեղ հայրենիքի  զինվոր եմ: Պատերազմը վերջացավ՝ ո՞վ է հիշելու: Թռչուն էլ լինեի, անտերությունն էլի չէր թողնի՝ թռչեմ: Միայն վատ է, որ պատերազմը դուռ ու լուսամուտ չունի, ու վտանգը երբ և ոնց ուզում՝ դուրսուներս է անում: Դու էիր, չէ՞, գրել. գիշերները անկողիններում, մեր սիրելիների փոխարեն, մեր կողքին նորից հրացաններն են պառկած:

ԱՐԱՄ — Ոնց էլ հիշեցիր:

ՀԱՅԿ — Էնքան ենք պառկելու, մինչև հրացաններն էլ սովորեն երեխա բերել:

ԱՐԱՄ — Հա, չարը սիրում է իր տեսակը բազմացնել… Ուրիշի հաշվին:

ՀԱՅԿ — Պատերազմը միշտ էլ ուրիշի հաշվին է:

ԱՐԱՄ — (դադարից հետո): Բայաթյան Հայկ:

ՀԱՅԿ – (մեխանիկորեն): Ես եմ… (Սթափվելով:) Ի՞նչ ես անում:

ԱՐԱՄ — Ներկա-բացակա: Սարգսյան Արամ… Ես եմ:

ՀԱՅԿ — Չշարունակես: Տղերքի տեղը չես կարող պատասխանել:

ԱՐԱՄ — Ներկա-բացական  մեզ է վերաբերում: Ուզում եմ  երկիրն իմանա, որ ներկա  ենք:

ՀԱՅԿ — Ամեն ինչ խառնվել է: (Գետնից քարի կտոր է վերցնում:) Էս  քարի կտորն էլ իր տեղում չէ: (Հայացքը մի կետի՝ նետում է քարը:) Ափսոս:

ԱՐԱՄ — Ի՞նչ եղավ:

ՀԱՅԿ – Փչակն էի ուզում գցել:

ԱՐԱՄ — Ուրիշ  քար գցիր:

ՀԱՅԿ — Մտքումս  բան էի դրել: Տխրեցի:

ԱՐԱՄ – Ես այնպես ուզում էի քեզ տեսնել

ու ասել, որ հոգնել են  աչքերս,

որ  աչքերս մաշվել են տխրությունից…

ՀԱՅԿ — Աղոթելդ բռնե՞ց:

ԱՐԱՄ — Չգիտեմ ինչո՞ւ հիշեցի:

ՀԱՅԿ – Մանկատանը ես էլ էի խզբզում: Մյուս օրը ոնց որ գրածս ինձ ձեռք առներ: Գրելը թողեցի, բայց լսել սիրում եմ: Ուրիշ աշխարհ է, մերի պես չէ: Այստեղ ինչի  դիպչում ես, կամ քեզնից է արյուն  գալիս, կամ աշխարհից:

ԱՐԱՄ – Ուրիշ աշխարհ չկա: Ոչ փոխել կարող ես, ոչ տեղափոխել:

ՀԱՅԿ — Սերն է քիչ, պրծավ՝ աշխարհն էլ չի մնա:

ԱՐԱՄ — Ներել չիմացար, սիրո հետ էլ դժվար կլինի:

ՀԱՅԿ – Ո՞ւմ ես ուզում ներել՝ թշնամո՞ւն: Չսպանեցիր՝ ինքը քեզ կսպանի:

ԱՐԱՄ – Մինչև ե՞րբ:

ՀԱՅԿ — Մինչև բոլորը հասկանան, որ չի կարելի սպանել:

ԱՐԱՄ — Մարդն ինչքա՞ն կարող է թշնամությանը դիմանալ:

ՀԱՅԿ — Տաք գլուխներին  հա՛ ասա, որ զենքը լավ բան չի: Ավելի կատարյալն են ուզում:

ԱՐԱՄ — Մինչդեռ աշխարհում ինչքան գեղեցիկ ու հրաշալի բաներ կան… Հենց ասածդ սերը:

ՀԱՅԿ — Սիրած աղջիկ ունե՞ս:

ԱՐԱՄ — Մեկը կար:

ՀԱՅԿ — Մինչև հիմա ոչ մի աղջկա հետ չեմ հանդիպել:

ԱՐԱՄ — Երևի քո ուզածին չես գտել:

ՀԱՅԿ – Շատերին եմ ուզել, բայց հետները խոսելիս քիչ է մնացել՝ խեղդվեմ:

ԱՐԱՄ — Քո ուզածն առանց խոսքի էլ կհասկանա:

ՀԱՅԿ — Բոլորն էլ երեսները թեքում են:

ԱՐԱՄ – Քո ուզածը երեսը դեպի քեզ կթեքի:

ՀԱՅԿ – Չի թեքի: Դեռ ոչ մեկը լռության կողմը չի շրջվել: (Շոյում է ավտոմատը:) Սա ուրիշ է, որ կողմն ուզեմ՝ թեքվում է: Սրան ոչինչ պետք չէ ասել… Քո աղջիկն ի՞նչ եղավ:

ԱՐԱՄ — Այստեղ գալուց առաջ խռովեց: Համոզում էր, որ պատերազմը պոետի բանը չէ: Վիրավորվեցի: Պոետը տղամարդ չի՞, հայրենիքը պոետինը չի՞…

ՀԱՅԿ — Ներեիր, ինչո՞ւ չներեցիր:

ԱՐԱՄ – Վաղուց եմ ներել:

ՀԱՅԿ – Վերադարձար՝ հպարտանալու է  քեզանով:

ԱՐԱՄ — Որ վերադառնամ: Զարմանալի է, անտառում թշնամին թռչուններից շատ է, բայց  ձայնը չի լսվում:

ՀԱՅԿ — Վտանգը սարդի պես է, աննկատ ու լուռ է մոտենում: Մանկատանը հազարավոր ձայներից տարբերում էի վտանգի ձայնը: Այստեղ կամ բթացել եմ, կամ էլ վտանգն է փորձառու… Բայց լռությունը ամենավատ ձայնից ահավոր է: Երևի լռության մեջ մահն ավելի շատ է, որովհետև մահվան մեջ էլ լռությունն է շատ… (Փորձում է կապի մեջ մտնել:) Արծի՛վ, արծի՛վ, ես ճա՛յն եմ, ես ճա՛յն եմ: Արծի՛վ, ալո՛, ալո՛, ճային պատասխանիր: Լեյտենա՛նտ, պատասխանի՛ր, ալո՛, ալո՛…

ԱՐԱՄ — (Հայկից համարյա խլում է հեռախոսը): Ինձ տուր: Ինչո՞ւ պիտի լռի: Սա երբեք չէր լռել: Արծի՛վ, արծի՛վ, ես ճա՛յն եմ, ես ճա՛յն եմ… Պատասխանելո՞ւ ես: Արծի՛վ, ճային պատասխանիր… Արծի՛վ, արծի՛վ… (Հուսահատված:) Չեն լսում, ոչ մեկը չի ուզում լսել: Ալո՛, ալո՛… Չի լսվում, արծի՛վ, արծի՛վ…

ՀԱՅԿ — Հերիք է, կպայթես:

ԱՐԱՄ — Մեռե՞լ ենք:

ՀԱՅԿ – Ես որ՝ չէ:

ԱՐԱՄ — Որ չենք մեռել, ինչո՞ւ չեն լսում: Միայն մեռածների ձայնը չի լսվում:

ՀԱՅԿ — Շունչ չունեցողը ձայն էլ չի ունենա:

ԱՐԱՄ — Հիմա մեջներս շունչ չկա՞: Շնչիր, խորը շնչիր… (Ինքն էլ է խորը շնչում:) Իմ մեջ էլ կա: Ո՞նց է, չեն լսում: Կլսեն… Լավ չենք  գոռում, լավ գոռանք՝ կլսեն: Ձենով Օհանի ձենին  ծանոթ չեն: (Անսպասելի բղավում է:)  Էհե՜ե՜յ, էհե՜ե՜յ…

Ձայնը արձագանքվում է ծառերի միջով, որին հաջորդում է ավտոմատի կրակահերթը:

ՀԱՅԿ – (Արամին գրկելով պառկում է գետնին): Ես քո…

ԱՐԱՄ — Որ չեն լսում, պիտի գոռաս: Լռությունը բարձր ձայնից է վախենում:

ՀԱՅԿ – Իզուր էլ հիմարներին նախանձում էիր:

ԱՐԱՄ — Թող թշնամին կծկվի, թող թշնամին լռի: Իմ հողի վրա ինչ կուզեմ՝ կանեմ, ինչ ուզեմ: Ուզեմ՝ կերգեմ, ուզեմ… (Ոտքի կանգնելով:) Կպարեմ… (Սկսում է երգել ու պարել:) Ինչ ուզեմ՝ կանեմ:

ՀԱՅԿ — Հիմա գլուխդ կցրեն:

ԱՐԱՄ — Խելոք չեն, խելք ունենային, իրենց տները կվերադառնային:

ՀԱՅԿ – (Արամի թևից բռնելով քաշում է ներքև): Քանի՞ փամփուշտ ունես:

ԱՐԱՄ — Մի պահունակ:

ՀԱՅԿ —  Իմն էլ հետը՝  քիչ է: Հազարն էլ չէր հերիքի: Այստեղից մաքրվել է պետք:

ԱՐԱՄ – Չգոռայի՝ կրակահերթերի ձայնն ավելի ուժեղ կլիներ:

ՀԱՅԿ – Տեր, եթե ճշմարտությունը մեր կողմն է, օգնիր հաղթել, իսկ եթե թշնամին  սխալ է, ներիր նրան պարտության համար, ամե՛ն…

ԱՐԱՄ — Չե՞նք տեղափոխվում:

ՀԱՅԿ – Ինչքան շուտ,  այնքան լավ…

Այս անգամ առանց նախապատրաստվելու արագորեն հեռանում են:

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ  ԵՐԿՐՈՐԴ

ՊԱՏԿԵՐ  ՉՈՐՐՈՐԴ

Ավտոմատի կրակահերթեր: Ստվերներ՝  խառնիխուռն, անընդհատ ցնցվող: Վերջապես բեմը լուսավորվում է, չնայած ստվերների խաղը շարունակվում է: Նույն  անտառը: Կրակահերթերը հնչում են մերթ ինտենսիվ, մերթ կարճատև ընդմիջումներով: Աջ կողմում, կոճղի ետևում պատսպարված, Արամի շարժումներից  դժվար է կռահել՝ ինչ է անում: Ձախում՝  հաստաբուն ծառի ետևից, Հայկը կրակում է ավտոմատից, ապա մի  քանի ցատկով հայտնվում է մի ուրիշ ծառի մոտ, շարունակելով կրակել: Կրակելիս զայրացած հայացք է նետում Արամի կողմը:

ՀԱՅԿ — Աղոթքը թող, կրակի՛ր:

ԱՐԱՄ — Ցավի  դեմ ի՞նչ աղոթք: Կրակում եմ: (Փորձում է  ավտոմատը նշանառու  դիրքով բարձրացնել, չնայած ջանքերին, ավտոմատի փողը մնում է կախված:)

ՀԱՅԿ – Կրակի՛ր: (Նորից է տեղը փոխում, բայց ինչքան էլ ձգանը սեղմում  է, ավտոմատը լուռ է:) Փամփուշտը  վերջացավ: (Ավտոմատը մի կողմ է դնում, կորացած մոտենում է Արամին:) Ի՛նձ տուր: (Ավտոմատը համարյա խլելով և ելման  դիրք վերադառնալով շարունակում է կրակել: Քիչ անց, հոգոց հանելով, երկրորդ  ավտոմատն էլ է մի կողմ դնում:) Վե՛րջ, փամփուշտ չմնաց, մեր կռիվը վերջացավ, չսկսված ավարտվեց: Հրաշք տեղի չունեցավ: Ինչքան էլ վեր ու վար արեցինք, չկարողացանք մահվանը խաբել: Շուրջդ նայիր՝  երկնքին, ծառերին, խոտ ու ծաղկին, վերջին  անգամ նայիր: Ասում են՝ մեռնելիս հիշողության մեջ վերջին պատկերներն են մնում: (Մի  քանի կրակոցից հետո լռություն է տիրում: Զարմացած:) Չհասկացա՜… Դրանց փամփուշտն էլ պրծա՞վ: (Փորձում է հեռադիտակով ճշտել իրավիճակը:) Պարզվում է, հրաշքներ լինում են: Ոչ մեկը չի երևում, ոչ մի խոտ չի շարժվում: Չլինի՞ հետախույզներ էին կամ խմբից ետ մնացածներ: Ո՜նց էին խառնվել, ձենները գլուխները գցել… Կյանքս հիշեցնել տվին, չնայած հիշելու բան էլ չկար: Քեզ ի՞նչ է եղել, ինչո՞ւ էիր բերանդ  ջուր առել ու լռել:

ԱՐԱՄ — Ոնց որ վիրավորվել եմ:

ՀԱՅԿ – Ոնց ո՞ր, թե՞ վիրավորվել ես:

ԱՐԱՄ — Աջ կողմս է:

ՀԱՅԿ – Ե՞րբ կռվեցիր, որ վիրավորվել ես:

ԱՐԱՄ — Իմ կռիվն  էլ այսքանն էր:

ՀԱՅԿ – Ասեիր, ինչո՞ւ էիր լռում:

ԱՐԱՄ — Ե՞րբ:

ՀԱՅԿ — Բա որ կատաղությունից  ավտոմատը քո կողմը թեքեի:

ԱՐԱՄ – Չիմացա՝ ոնց կպավ:

ՀԱՅԿ — Բա  ասում են՝ պոետներն  ամեն ինչ կանխազգում են: Վերքդ բացիր:

ԱՐԱՄ – (տնքալով  բարձրացնում է համազգեստը): Գուցե քերել-անցել է:

ՀԱՅԿ – Շա՞տ է ցավում:

ԱՐԱՄ — Դիմանում եմ:

ՀԱՅԿ – (վերքը զննելով): Հեչ  սրա ժամանակը չէր, մեզ հենց սա էր պակաս: Արյունը չի կտրվում:

ԱՐԱՄ – Արյունից կլինի, արյունս միշտ ջրիկ է եղել:

ՀԱՅԿ – (վերքը զննելով): Խելքդ է ջրիկ: Կարո՞ղ ես շրջվել:

ԱՐԱՄ — Ի՞նչ ես անելու:

ՀԱՅԿ – Չիմանա՞նք՝ վերքդ միջանցիկ է, թե՞ գնդակը ներսն է մնացել:

ԱՐԱՄ – (դժվարությամբ շրջվելով): Երևո՞ւմ է:

ՀԱՅԿ — Ներսդ շատ վնասած չլինի:

ԱՐԱՄ — Վտանգավո՞ր է:

ՀԱՅԿ — Ի՞նչ իմանամ, կապել է պետք, արյունաքամ կլինես: Քո ի՞նչ բանն էր պատերազմը: Լսեիր, էլի՛, էդ աղջկան ու տանը մնայիր:

ԱՐԱՄ – (հրում է Հայկին): Մի արա, պետք չի: Ես էլ հուզվել եմ սրա հոգատարությունից:

ՀԱՅԿ — Դե լավ, դու էլ… նեղսրտությունից  դուրս եմ տալիս: Հո չե՞ս հուսահատվել: Ի՞նչ  զինվոր, որ մի քանի անգամ չվիրավորվի: Մանկատանը մի ծեր պահակ ունեինք, տասնմեկ անգամ վիրավորվել էր: Վերքդ կապեցի, էլի առաջվանը կլինես:  (Հանում է համազգեստը, շապիկը, համազգեստը նորից է հագնում, շապիկը ձգելով ու մի  քանի տակ  ոլորելով կապում է վերքը:) Որ շատ ձգեմ, կասես՝ թուլացնեմ:

ԱՐԱՄ — Հազիվ շունչս տեղն  ընկավ:

ՀԱՅԿ – Համբերես, ամեն ինչդ տեղը կընկնի:

ԱՐԱՄ — Ճիշտ որ մեր կռիվը վերջացավ:

ՀԱՅԿ – Չի վերջացել: Արյունը ջուր չէ,  արյան գինը պետք է վճարեն, որ վերջանա:

ԱՐԱՄ — Ջուր չի, բայց ջրի պես հոսում է:

ՀԱՅԿ — Վերքդ փակվեց, հետք էլ չի մնա:

ԱՐԱՄ — Կոտրվածը ոնց էլ կպցնես, տեղը մնում է:

ՀԱՅԿ – Հիշողության մեջ է մնում, հին ցավը հիշողության մեջ  քաղցրանում է:

ԱՐԱՄ — Սա չի քաղցրանա: Մարմինս կռվի մեջ է ցավի հետ:

ՀԱՅԿ – Ասա՝ բժիշկ գտնենք, թե չէ էդ կռիվը՝ հե՛չ: Հիմա կարևորը բժիշկն է: Մերոնց հասնենք…

ԱՐԱՄ — Երևի առանց ինձ հասնես: Ոնց մտածում եմ…

ՀԱՅԿ — Եթե մտածում ես, ուրեմն խելքդ տեղն է, միայն սխալ մի մտածիր:

ԱՐԱՄ — Ճիշտը ո՞րն է:

ՀԱՅԿ – Ապրելու ետևից գնալը:

ԱՐԱՄ — Ուրեմն գնա:

ՀԱՅԿ – Գնացի, հետո քեզ որտե՞ղ գտնեմ:

ԱՐԱՄ — Կթաքնվեմ, չեն գտնի:

ՀԱՅԿ – Արյան հոտով կգտնեն:

ԱՐԱՄ — Միևնույն է, ինձնից օգուտ չկա:

ՀԱՅԿ – Շուկայո՞ւմ ես, որ օգուտ ես փնտրում:

ԱՐԱՄ — Միշտ վախեցել եմ բեռ լինելուց:

ՀԱՅԿ – Մի նվնվա, առանց քեզ էլ գլուխս պայթում է: Քո նմաննե՞րն են առողջացել:

ԱՐԱՄ — Ցավը չի թողնում՝ ծիծաղեմ: Ցավի միջից աշխարհը բոլորովին ուրիշ է, ավելի նուրբ է և այնքան էլ հզոր չի թվում:

ՀԱՅԿ — Չի փոխվել, աշխարհն էլի լիքն է անարդարություններով:

ԱՐԱՄ — Չէ, առաջվանը չէ, ձվի պես է, անզգույշ եղար՝ կկոտրվի:

ՀԱՅԿ – Այսքան կրակոցներից որ չի կոտրվել, էլի կդիմանա:

ԱՐԱՄ — Կոտրվել է, վաղուց է մասերի բաժանվել:

ՀԱՅԿ – Էլ կլոր չի՞:

ԱՐԱՄ — Գուցե կլոր է, հնարավոր է, քառակուսի կամ եռանկյունի լինի: Ցավն  ամեն ինչ աղավաղում է:

ՀԱՅԿ – Հո ցավը չի՞ կարող մարդուց ուժեղ լինել:

ԱՐԱՄ — Մարմնիս ասա, ես դիմանում եմ:

ՀԱՅԿ — Կարևորը դու ես:

ԱՐԱՄ — Կարևորը ձուն է, որ չկոտրվի:

ՀԱՅԿ – Որ ձուն չկոտրվի՝ ճուտ չի ծնվի: Ձվի կոտրվելուց մի վախեցիր: Տեսար՝ մի նոր ու ավելի լավ աշխարհ ծնվեց:

ԱՐԱՄ — Մարդիկ նորն էլ կհասցնեն աղավաղել:

ՀԱՅԿ —  Միայն  բարիներին ու ազնիվներին կընդունենք:

ԱՐԱՄ — Մինչև ազնիվն ու բարին ջոկես, չարն  այնտեղ կլինի:

ՀԱՅԿ – Դրանից էլ պատերազմները չեն վերջանում:

ԱՐԱՄ — Վիրավորվելիս կյանքս ժապավենի պես անցավ աչքերիս առջևով, հարցականներ, հարցականներ… Չգիտեի, որ իմ կյանքում հարցականներն այդքան շատ են:

ՀԱՅԿ – Դեռ կհասցնես այդ հարցականների պատասխանը գտնել:

ԱՐԱՄ — Տուն էլ հասա: Մայրս  դիմավորեց: Նա էլ էր հարցեր տալիս, անընդհատ հարցնում էր, միայն հարցերը չեմ հիշում… Մորդ չե՞ս ուզում գտնել: Ասում եմ՝ միասին փնտրենք:

ՀԱՅԿ-  Օղակը ճեղքենք…

ԱՐԱՄ — Հիմա չէ, պատերազմը վերջանա, խաղաղություն լինի…

ՀԱՅԿ-  Մինչև խաղաղությունը ապրել է պետք:

ԱՐԱՄ — Մտածում եմ՝ մեկն էլ քեզ դիմավորի:

ՀԱՅԿ – Ինչ որ մեկը կդիմավորի:

ԱՐԱՄ — Ո՞վ:

ՀԱՅԿ — Ի՞նչ իմանամ: Զինվորներին միշտ էլ դիմավորում են: Հարազատները իրենց կարոտը վերադարձողներից են  առնում, որովհետև  համարյա բոլորս նույն տեսքն ու հոտը ունենք: Քիչ խոսիր, որ ուժերդ խնայես:

ԱՐԱՄ — Խոսելիս ցավը մեղմանում է:

ՀԱՅԿ – Խոսքը դեղ լիներ՝ ոչ մեկը չէր հիվանդանա:

ԱՐԱՄ — Կապը մի անգամ էլ փորձիր:

ՀԱՅԿ — Գոնե հիմա բախտներս բերի: (Փորձում է կապի մեջ մտնել:) Արծի՛վ, արծի՛վ, ես ճա՛յն եմ, ես ճա՛յն եմ: Արծի՛վ, արծի՛վ, ճային պատասխանիր: Ալո՛, ալո՛, կրկնում եմ՝ ես ճա՛յն  եմ, ես ճա՛յն եմ… Արծի՛վ, արծի՛վ, խնդրում եմ, պատասխանի՛ր… Շատ եմ խնդրում: Լեյտենանտ, լեյտենա՛նտ… Ես ճա՛յն եմ, ես ճա՛յն եմ… Ալո՛, ալո՛…

ԱՐԱՄ – Մնում է՝ դու նրանց գտնես:

ՀԱՅԿ – Համառեցիր, ոտքս ծառին կխփեմ՝ կկոտրեմ ու կողքիդ կմնամ:

ԱՐԱՄ – Քայլելիս  արյունաքամ կլինեմ:

ՀԱՅԿ — Բա ընկերն ինչի՞ համար է… Որ ընկերոջ փոխարեն էլ  քայլի:

ԱՐԱՄ — Գնացած լինեիր՝ հիմա գտել էիր մերոնց:

ՀԱՅԿ – Միասին գնալու ձևը նոր գտա: Այստեղով գնացքներ չեն անցնում: Մեքենա էլ չկա, իսկ նավերի մասին ընդհանրապես մոռացիր: Ուրեմն ամենահարմարը ձին կամ  ավանակն է: Ո՞րն ես նախընտրում:

ԱՐԱՄ – Անշարժ պառկելը:

ՀԱՅԿ – Դեռ կհասցնես պառկել: Բժիշկ ճարենք, կարող ես մինչև պատերազմի վերջը պառկել… Չկա, ոչ բժիշկ կա, ոչ անկողին, ոչ էլ դեղ ու սնունդ: Որոշիր՝ ձի՞, թե՞ ավանակ:

ԱՐԱՄ — Կարծես ձինն ու  ավանակը կապված են կողքիդ  ծառից:

ՀԱՅԿ – Քո ընտրությանն եմ  սպասում, որ կապը քանդեմ:

ԱՐԱՄ – Միշտ երազել եմ ձիով  սարերը բարձրանալ:

ՀԱՅԿ — Ուրեմն ձին ընտրեցիր:

ԱՐԱՄ — Ձին  ավելի  մարտական է:

ՀԱՅԿ – Համբերություն… (Մոտենում է ծառին, ձևացնում է, թե կապն է  քանդում:) Մի քիչ էլ սպասիր… (Վերցնում է իր և Արամի  ավտոմատները, ձիու պես վրնջալով մոտենում է Արամին:) Նստիր, քեզ հեծյալ զգա… (Խոնարհվում է այնքան, որ  Արամին հեշտ լինի մեջքին  բարձրանալ:)  Նստի՛ր:

ԱՐԱՄ — Ոտքերիդ վրա հազիվ ես կանգնում, ինձ էլ ուզում ես մեջքիդ տանել:

ՀԱՅԿ – Գիտեմ,  առանց թամբի դժվար է: Մի վախենա, պարապած ձի եմ, չես ընկնի:

ԱՐԱՄ — Գժվեցի՞ր:

ՀԱՅԿ – Դեռ չեմ գժվել, դեռ գժվում եմ, չբարձրացար՝ ավելի եմ գժվելու:

ԱՐԱՄ — Չեմ կարողանա:

ՀԱՅԿ – Բարձրացի՛ր:

ԱՐԱՄ – (վիճակը գնահատելով ու ցավից տնքալով փորձում է բարձրանալ: Վերջապես հաջողում է Հայկի մեջքին հայտնվել):

ՀԱՅԿ – Ամուր բռնվիր:

ԱՐԱՄ — Բռնվել եմ:

ՀԱՅԿ – Ո՞նց ձի եմ:

ԱՐԱՄ — Ավելի լավը չեմ տեսել:

ՀԱՅԿ – Երբևէ ձի նստե՞լ ես:

ԱՐԱՄ — Չէ:

ՀԱՅԿ – Ուրեմն շարժվեցինք: (Մի անգամ էլ է վրնջում, գրկում է Արամի  ոտքերն ու դանդաղ առաջանում է:)

 

ՊԱՏԿԵՐ  ՀԻՆԳԵՐՈՐԴ

Հայկը ոտքերը  քարշ տալով, մեջքի վրա բերում է Արամին: Կանգնում է, փորձում է հնարավորինս անցավ ու թեթև իջեցնել: Արդեն խոտերի վրա օգնում է, որ  ավելի հարմար  դիրք ընտրի:

ՀԱՅԿ — Հո շատ  չցավե՞ց:

ԱՐԱՄ – Չէ:

ՀԱՅԿ — Հարմա՞ր է:

ԱՐԱՄ — Անկողնում էլ այսպես չէր:

ՀԱՅԿ – (շտկում է մեջքը, մաքրում ճակատի քրտինքը): Քա՞ր էիր կուլ տվել:

ԱՐԱՄ — Վերքից է, վերքը շատ է ծանրացնում:

ՀԱՅԿ — Տանձ ուզո՞ւմ ես:

ԱՐԱՄ — Ջուր եմ ուզում:

ՀԱՅԿ – Կարող է վնասել:

ԱՐԱՄ — Ծարավին չի վնասի, արյունս եռում է:

ՀԱՅԿ – Թող եռա, որ շատ չհոսի: Ցավը չի՞ ուժեղացել:

ԱՐԱՄ — Քո դեմքի ցավն ավելի ուժեղ է:

ՀԱՅԿ —  Իմը հին ցավ է: Ուրիշները ծնվելիս ուրախությունից են լացել, ես՝ ցավից: Հենց առաջին պահից կյանքն ինձ ցավ է պատճառել:

ԱՐԱՄ — Դեռ լավ կլինի:

ՀԱՅԿ — Լավը չեմ տեսնում, շվարել-մնացել եմ:

ԱՐԱՄ — Գնա, ինձ ոչինչ չի լինի, մերոնց գտիր:

ՀԱՅԿ – Մերոնց տեղն իմանայի՝ վաղուց էի ետ  եկել: Երկուսով չկարողացանք…

ԱՐԱՄ — Տեղներս նեղն է, երկուսով չենք տեղավորվի: Մենակ հեշտ կլինի, ճարպիկ ես, մեկ էլ՝ ու բախտը ժպտաց:

ՀԱՅԿ – Չի ժպտա, էդ բախտը չսիրեց մեզ ու երբեք էլ չի սիրել: Կախարդական շրջանն էլ ինքն է գծել, որ վերջն ու  սկիզբը չգտնենք: Հետն էլ շրջանն անընդհատ նեղացնում է՝ կախաղանի օղակի պես: Արդար չի, չի ժպտա: Արդար լիներ՝ մեկի առաջն ընկած չէր վազի, մեզ նմաններին էլ չէր խփի թիկունքից:

ԱՐԱՄ — Քոնը հուսահատվելը չի, հուսահատվածն  այդքանին չէր դիմանա:

ՀԱՅԿ – Կատաղությունս է շատ, դրա համար էլ դիմանում եմ:

ԱՐԱՄ — Ինչքա՞ն ես սապատի պես ինձ մեջքիդ տանելու:

ՀԱՅԿ – Մտածե՞լ ես՝ ինչու համաձայնեցի ճամփեն շեղել ու հետդ եկա: Իմ ինչի՞ն էր  արևածագը: Բայց  զգում էի, չգամ էլ՝ սատանան գայթակղել էր ու առանց ինձ էլ էիր շեղվելու: Եթե չգայի, մենակ թողնեի, պիտի մտածեի՝ դավաճանում եմ: Հիմա էլ, մենակ թողնելով, պիտի մտածեմ՝ դավաճանում եմ: Երևի նրանից է, որ ծնվածս  օրվանից ինձ են դավաճանել:

ԱՐԱՄ — Օգնելը դավաճանություն չէ:

ՀԱՅԿ- Գնացի ու մի քոռ փամփուշտ էլ ինձ կպավ: Ի՞նչ ես անելու:

ԱՐԱՄ — Սպասելու եմ, որովհետև գիտեմ՝ գալու ես:

ՀԱՅԿ — Գնացողն է  գալիս, ես դեռ այստեղ եմ:

ԱՐԱՄ — Չե՞ս զգում, մեկը դռները վրա-վրա փակում է առաջներս: Քիչ էլ հապաղենք, էլ բաց դուռ չի մնա: Գնա, քանի բաց դուռ կա, գոնե թվում է, թե կա:

ՀԱՅԿ – Գնացի ու էդ դուռն էլ ետևիցս փակվեց, ո՞նց եմ ետ գալու:

ԱՐԱՄ — Ես մնում եմ, ես կբացեմ:

ՀԱՅԿ – Վախենամ՝ դռան տեղը չգտնես:

ԱՐԱՄ — Դու էլ կօգնես:

ՀԱՅԿ — Հնարավոր է՝ ես էլ չգտնեմ:

ԱՐԱՄ — Որ մի  քիչ քնեմ, ուժերս տեղը գան… Դուռն էլ չգտա, պատը կքանդեմ:

ՀԱՅԿ – Քունդ տանո՞ւմ է:

ԱՐԱՄ — Աչքերս իրենք են փակվում:

ՀԱՅԿ – Դեռ չփակվեն… Անքնությունը  քիչ էր, վերքն էլ մի կողմից:

ԱՐԱՄ — Քնած չեմ իմանա, որ բացակայել ես:

ՀԱՅԿ – Ինչ որ բան անելը ճիշտ է, քեզ թողնելը՝ սխալ:

ԱՐԱՄ — Բախտին չես հավատում, հույսի ետևից գնա:

ՀԱՅԿ – (վարանելով): Գնա՞մ…

ԱՐԱՄ — Խնդրում եմ:

ՀԱՅԿ – Մինչև երազիդ վերջը կփորձեմ վերադառնալ: Հաջողվեց՝ տղաների հետ կգամ, չէ՝ ցեխի խորությունը կիմանանք, որի մեջ ընկել ենք: Զգույշ կլինես, ձայն լսեցիր՝ թփերի կողմը սողա: Կարո՞ղ ես: Ճիշտ որ ցնդել եմ: Օգնելու փոխարեն խորհուրդ եմ տալիս:

ԱՐԱՄ — Տեղս հարմար է, պետք չի: Պետք եղավ՝ կթաքնվեմ:

ՀԱՅԿ – Քնով ընկար՝ լրիվ  անպաշտպան ես մնալու:

ԱՐԱՄ — Ցավը շուտ-շուտ կարթնացնի: Փամփուշտ մնացե՞լ է:

ՀԱՅԿ – (գրպանից մի փամփուշտ է հանում): Ինձ համար էի պահել:

ԱՐԱՄ — Տուր:

ՀԱՅԿ – Ուրիշ բան ուզիր, առաջին օրից հետս է: (Հանում է համազգեստը, գցում  Արամի վրա:)

ԱՐԱՄ — Պետք չի, կմրսես:

ՀԱՅԿ – Մանկատանը ձմռանն էլ էի մերկ դուրս գալիս:

ԱՐԱՄ — Հիմա ուրիշ է, պատերազմը մերկություն չի  սիրում:

ՀԱՅԿ – Կվարժվի, մերկությանն էլ կվարժվի: Հեռախոսը թողնում եմ: Ուշացա՝ փորձիր կապվել, անընդհատ փորձիր: Հեռադիտակը տանում եմ… Եթե գնալու եմ,  ավելի լավ է շտապեմ:

ԱՐԱՄ — Հա՛յկ:

ՀԱՅԿ — Ի՞նչ է:

ԱՐԱՄ — Էլ ինտելիգենտիկ չես ասում:

ՀԱՅԿ — Ասելս չի գալիս, ասելս եկավ՝ չեմ խնայի:

ԱՐԱՄ — Խղճում ես:

ՀԱՅԿ — Է՝…է՜… Ասա գնա, էլի, ի՞նչ ես ականջներդ կախել: (Ետ-ետ նայելով հեռանում է:)

ԱՐԱՄ — Խճում է, էն էլ ոնց է խղճում… Ձևացնում է, թե անտերությունը չորացրել է ներսը, երբ մեջը բարությունն ավելի շատ է: (Փորձում է քիչ հարմար տեղավորվել: Ձգվում է ամբողջ մարմնով, ընդարմությունը ցրելու համար ձգում է ոտքերն ու ձեռքերը և նույն պահին էլ ճիչը հազիվ զսպելով կծկվում է: Որոշ ժամանակ  անց, ցավը մեղմանալու հետ, դադարում է տնքալ, ապա հանդարտվելով, արտասանում է:) Ցավի հետքը երջանկության տարածքներից մեծ է թվում: Զառանցում եմ… Տարօրինակ է, որ մեջս վախ չկա: Կարծում էի՝ վիրավորվեմ, սիրտս կկանգնի… Հաստատ զառանցում եմ: Ներսիս կրակն էլ գնալով բորբոքվում է: Քնեի ու մորս տեսնեի: Ի՞նչ էի  ասելու: Ոչինչ: Չպիտի իմանա: Հետո էլ չեմ ասի: Ինչքան էլ հարցնի՝ չեմ ասի: Էս կարոտն էլ իր ցավն է ավելացնում: Քնելը կօգնի: Ո՞նց էր. մի արթնացրու նրան, պարոն հրամանատար… Քնել, պետք է քնել… (Փակում է աչքերը, տնքում է🙂

Անտառում լույսի  երանգը փոխվում է: Ցերեկվա պայծառությանը բազմաթիվ գույներ ու  երանգներ են  ավելանում: Անկիրք երաժշտություն: Գույների միջից առանձնանում է սևազգեստ  աղջիկը, հուշիկ մոտենում է քնած Արամին և շուրջը պտտվելով, կանչում է:

ԱՂՋԻԿ – Արա՜ա՜մ…  (Ավելի մեղմ:) Արա՜ա՜մ,  արթնացիր:

ԱՐԱՄ – (քնի մեջ): Ցավը չի  թողնում, ցավը մեխել է գետնին:

ԱՂՋԻԿ – Մոռացիր ցավը, ցավ չկա և չկա ոչինչ, արթնացիր: (Օգնում է բարձրանալ:)

ԱՐԱՄ — Երա՞զ է:

ԱՂՋԻԿ – Երազը քո կյանքն էր:

ԱՐԱՄ — Ցավ չկա և չկա ոչինչ: Այսպես միայն երազում է լինում:

ԱՂՋԻԿ — Երազը վերջանում է, սա՝ չէ:

ԱՐԱՄ — Ուրեմն  քնած չե՞մ:

ԱՂՋԻԿ – Դեռ կհասցնես, մեծ քունը դեռ  առջևում է:

ԱՐԱՄ – (զննում է վերքը): Վերքը կա ու չի ցավում: Ո՞վ ես, որ ցավը վախենում է քեզանից:

ԱՂՋԻԿ – Միշտ կողքիդ եմ եղել, միշտ հետևել եմ քեզ:

ԱՐԱՄ — Ո՞նց է, չեմ տեսել:

ԱՂՋԻԿ – Իբր ամեն ինչ նկատում ես:

ԱՐԱՄ — Քեզ կնկատեի, քեզ հնարավոր չէ չնկատել:

ԱՂՋԻԿ – Գուցե նկատել ես ու չես տեսել: Քո նմանները ինչը չեն ուզում նկատել, ձևացնում են, թե չեն տեսել:

ԱՐԱՄ – Հիմա ստվե՞ր ես, թե՞…

ԱՂՋԻԿ – Ստվերը չի կարող ստվեր ունենալ:

ԱՐԱՄ — Իմացա, աճպարար ես, սա էլ սովորական հիպնոս է:

ԱՂՋԻԿ – Մի չարչարվիր, գլխի չես ընկնի, որովհետև  քեզ հաճելի չի լինի իմանալ:

ԱՐԱՄ – Մինչև հիմա չենք ծանոթացել:

ԱՂՋԻԿ – Իզուր ես կարծում, որ դա է քո ուզածը:

ԱՐԱՄ — Կարծես միշտ գիտես, թե ինչ եմ ուզում:

ԱՂՋԻԿ – Իմացել եմ ու հիմա էլ գիտեմ: Տուր ձեռքդ և փորձիր աշխարհից ու ցավից վերանալ:

Երաժշտություն: Աղջիկը, Արամի ձեռքից բռնած, նրան դեպի իրեն է ձգում, մոտ, ավելի մոտ, գրկում է Արամի ուսերն ու սկսում է պարել: Արամը երկչոտ, այնուհետև գայթակղվելով աղջկա մարմնի թեթևությունից,  ավելի համարձակ է գրկում նրան՝ գերագույնս ներդաշնակվելով աղջկա պարի ռիթմին: Այն պահին, երբ թվում է, երկուստեք իրարով այնքան են հմայված, որ պայմանականություններն ավելորդ են, Արամը փորձում է համբուրել: Սակայն  աղջիկը անսպասելի հրում է նրան և խաղացկուն հեռու է փախչում:

ԱՐԱՄ — Ինչո՞ւ փախար:

ԱՂՋԻԿ – Մարմինդ  զգալու համար  այդքանն էլ հերիք էր:

ԱՐԱՄ — Քո մարմինը չզգացի: Հրավերի հերթն իմն է:

ԱՂՋԻԿ – Մի փորձիր: Ապրելու հոտին չեմ դիմանում, դեռ  ապրելու հոտը չի անցել վրայիցդ:

ԱՐԱՄ — Ո՞վ ես, որ խորշում ես ապրելուց:

ԱՂՋԻԿ – Մահը:

ԱՐԱՄ — Այդքան գեղեցի՞կ:

ԱՂՋԻԿ — Քոնն եմ, դրա համար էլ գեղեցիկ եմ թվում:

ԱՐԱՄ — Հա՜-հա՜-հա՜…  Մտածում ես՝ վերքս մահացու է:

ԱՂՋԻԿ – Մտածելը  ապրելու  թերություններից է:

ԱՐԱՄ — Անհեթեթ երազներ շատ եմ տեսել, բայց այս մեկը… Բաց աչքերով  սիլիբիլի եմ անում մահվանս հետ, սիրահետում եմ:

ԱՂՋԻԿ — Միշտ էլ ինձ  սիրահետելու ժամանակը քիչ է լինում, չնայած հաճելի է, որ դուր եմ գալիս:

ԱՐԱՄ — Եթե այն ես, ինչ ներկայանում ես, ինչո՞ւ սարսափից արյունս չի  սառում, սիրտս՝ վանդակն ընկած թռչունի պես, պատեպատ չի խփվում, լեղապատառ չեմ փախչում, հակառակը՝ ձգվում եմ դեպի քեզ:

ԱՂՋԻԿ – Էլի ինձ կյանքի հետ ես շփոթում: Կյանքից վախեցիր, որ անընդհատ փոխում է դեմքը: Ես  այն եմ, ինչ կամ, և դեմքս էլ միշտ նույնն է, առանց  դիմակի ու շպարի:

ԱՐԱՄ — Կյանքի գինն ուրիշ է:

ԱՂՋԻԿ — Ես եմ կյանքի գինը:

ԱՐԱՄ — Մի  քիչ շտապել ես, մեռնելու համար դեռ այդքան չեմ ապրել:

ԱՂՋԻԿ – Կապ չունի, կյանքի դուռը նեղացել է քեզ համար, ցավն էլ խանգարում է, որ արմատներդ կյանքի ջրերին  երկարես: Եկել էիր հասունանալու, բայց պատերազմում  միշտ  էլ մեռնում են առանց իմաստուն դառնալու:

ԱՐԱՄ – Մահը լուռ պիտի լիներ, դու համարյա չես լռում:

ԱՂՋԻԿ – Լուռ եմ, միայն շրթունքներս են շարժվում: Խոսակցությունը քո մեջ է, կռիվն էլ է քո մեջ:

ԱՐԱՄ — Ինչ հիմարն եմ… Դու հենց առաջին օրից ես իմացել իմ թաքստոցների տեղը:

ԱՂՋԻԿ — Ողջ կյանքում հո չէի՞ր թաքնվելու: Հաշտվիր և մխիթարվիր, միայն  ընտրյալներն են դեռ կենդանի իրենց մահը տեսնում: Չկա ցավ և չկա ոչինչ…

ԱՐԱՄ – (ակամա կրկնում է): Չկա ցավ և չկա ոչինչ:

ԱՂՋԻԿ – (նրա ձեռքից բռնելով, վերադարձնում է նախկին տեղը, օգնում է նույն  դիրքով պառկել, ծածկում է Հայկի համազգեստով: Լույսը թանձրանալով վերածվում է անթափանց խավարի, լսվում է  աղջկա ձայնը): Չկա ցավ, չկա ոչինչ:

 

ՊԱՏԿԵՐ ՎԵՑԵՐՈՐԴ

Նախորդ տեսարանը: Արամը քնի մեջ անհանգիստ շարժվում է: Հայտնվում է Հայկը, տեսնելով քնած Արամին, զգույշ է մոտենում,  որ չարթնացնի:

ՀԱՅԿ — Դեռ  քնած է: Ես էլ կքնեի, թշնամին չլիներ՝ կձգեի  ոտքերս ու կքնեի, մինչև  աչքերս հոգնեին փակված մնալուց: Անաստվածները ոչ իրենք են քնում, ոչ էլ թողնում են՝ ուրիշները  քնեն: Բայց… (Կռանում, զննում է Արամին:) Վախեցա… Լրիվ շեղվել եմ: Որ արթնացավ, ի՞նչ եմ ասելու: Հիմա դեղն էլ, բժիշկն էլ միայն հույսն է… Ո՞նց եմ ասելու, որ թշնամին քթներիս տակ է, ի՞նչ եմ հնարելու: Գոնե վիրավոր չլիներ… Դատարկ դուրս եմ տալիս, աչքերս ոտքերիցս հեռու չեն տեսնում: Մանկատանը նման պահերին երկնքին էի նայում: Նայեցի, հետո՞… Ամեն ինչ կեղտոտ ապակիների միջով է երևում: Հնարավոր է՝ ապակիները մաքուր են, երևացողն է կեղտոտված: Էլի նորմալ չեմ մտածում: Նորմալը ո՞րն է… Թշնամին պետք է աննորմալ մտածի, ոչ թե ես: Իբր ասացի… Աննորմալ չլինեին, իրենց տանը կլինեին:  Եթե տանը չեն,  այստեղ ի՞նչ են անում: Հենց դա պիտի պարզել… (Բարձրանում է բլրակի վրա, հեռադիտակն  աչքերին է տանում: Ցնցված ընկրկում է:) Տանկը որտեղի՞ց: Զրահամեքենաներ էլ կան: Մեկ, երկուս… Ծառերը խանգարում են: Ուրեմն բոլոր խմբերն այստեղ են հավաքվել: Պայծառատես չլինեի՞, իմանայի՝ ուր են գնալու… (Զգույշ մոտենում է Արամին, վերցնում է հեռախոսը, հեռանալով կրկին փորձում է կապի մեջ մտնել:) Լռեց՝ ջարդելու  եմ: Արծի՛վ, արծի՛վ, ես ճա՛յն  եմ, ես ճա՛յն եմ, ալո՛, ճային պատասխանիր: Արծի՛վ, արծի՛վ, ես ճա՛յն եմ, ես ճա՛յն եմ, պատասխանիր: (Անսպասելի պատասխանից ցնցվում է:)

ՁԱՅՆ — Ճա՛յ, ճա՛յ, արծիվը լսում է, ճա՛յ, զեկուցի՛ր:

ՀԱՅԿ — Արծի՛վ,  ալո՛, լսո՞ւմ ես:

ՁԱՅՆ — Ճա՛յ, որտե՞ղ եք, պատասխանիր:

ՀԱՅԿ — Անտառում, թշնամին շրջափակել է:

ՁԱՅՆ — Այդպես էլ ենթադրում էինք:

ՀԱՅԿ — Լեյտենանտ, թշնամին մեծ ուժեր է կուտակել:

ՁԱՅՆ — Գիտենք, հետևում ենք, դիմացեք:

ՀԱՅԿ — Լեյտենանտ, Արամը վիրավորվել է, օգնություն է պետք:

ՁԱՅՆ — Ճայ, հիմա չենք կարող, դիմացեք:

ՀԱՅԿ — Լեյտենանտ, ծրարը, ծրարն ի՞նչ  անեմ:

ՁԱՅՆ — Ոչնչացրու:

ԱՐԱՄ —  Ոչնչացնե՞մ:

ՁԱՅՆ – Այրի՛ր: Արամին էլ ասա՝ ամեն ինչ լավ է լինելու, ընկերոջդ տիրություն  արա… Վե՛րջ, հետախույզները  եկան, կապի վերջ:

ՀԱՅԿ — Տեղյակ են, գիտեն: Թեթևացա,  քամին փչի՝ փետուրի պես կթռչեմ: Ծրարը չմոռանամ: (Ծրարը հանում, շուռումուռ է տալիս:) Սիզիֆի քարից ծանր էր: (Կրակայրիչով վառում է, հետևելով, թե ինչպես է մոխրանում:) Աշխարհի հոգսն էլ թեթևացավ: Տեսնես մեջն ի՞նչ էր, որ այդքան ծանր  էր: Երևի այդպես էլ չիմանանք:  Ուշացրինք, երբ պատերազմում ամեն րոպեն նոր իրավիճակ է: (Հեռադիտակով նայում է:) Այդքան տեխնիկան որտե՞ղ էին թաքցրել: Քանակով են ուզում ծնկի բերել: Ո՞նց… Ոգին ո՞նց է ծնկի գալու: Հայրենիքը պաշտպանողը տասը  թշնամու ուժ ունի: Հայրենիքի թուփն ու  քարն էլ աչք ու  ականջ ունեն,  զենք ու  զրահ են…

Արամը անհանգիստ շարժվում է, աչքերը բացելով նկատում է Հայկին: Տեսածը ճշտելու համար տրորում է աչքերը, ժպիտի նման մի բան է հայտնվում  դեմքին:                                                                                   

ԱՐԱՄ — Հա՛յկ:

ՀԱՅԿ — Արթնացա՞ր:

ԱՐԱՄ — Մութն ընկե՞լ է:

ՀԱՅԿ — Մթանը  դեռ շատ կա: Ո՞նց ես:

ԱՐԱՄ — Ուրեմն  երկինքն է  ամպել:

ՀԱՅԿ — Լրիվ չես  արթնացել, դրանից է:

ԱՐԱՄ – (համազգեստը մեկնում է): Էլ պետք չի:

ՀԱՅԿ — Շա՞տ է ցավում:

ԱՐԱՄ — Բթացել է, ձայնը չի լսվում: Երևի  արյուն շատ եմ կորցրել:

ՀԱՅԿ — Համբերիր, պետք եղավ, տասն  անգամ  ավելի  արյուն կներարկենք: Հիմա մի բան  ասեմ… Միանգամից կլավանաս: Մերոնց հետ եմ խոսել:

ԱՐԱՄ — Ո՞նց են, ի՞նչ են  անում:

ՀԱՅԿ — Լեյտենանտի հետ խոսեցի:

ԱՐԱՄ — Շա՞տ էր բարկացել:

ՀԱՅԿ — Ենթադրել են, որ շրջափակման մեջ ենք ընկել:

ԱՐԱՄ — Որ ասում էի…

ՀԱՅԿ — Տխրեց, երբ իմացավ՝ վիրավորվել ես:

ԱՐԱՄ — Իզուր ես ասել:

ՀԱՅԿ — Թաքցնեի, հետո շատ կբարկանար:

ԱՐԱՄ — Ծրարն ի՞նչ ենք  անելու:

ՀԱՅԿ — Հրամայեց ոչնչացնել:

ԱՐԱՄ — Ոչնչացնե՞լ:

ՀԱՅԿ — Երևի  իրավիճակ է փոխվել, շատ ուշացրինք:

ԱՐԱՄ — Բա ինչո՞ւ չես ոչնչացնում:

ՀԱՅԿ — Այրել  եմ:

ԱՐԱՄ — Ուրեմն  երկար եմ  քնել: Զարմանալի  երազ տեսա: Մի  սևազգեստ  աղջիկ էր,  ասում էր՝ իմ մահն է:

ՀԱՅԿ — Աղջկանի՞ց ես  վախեցել:

ԱՐԱՄ — Փորձում  էի  սիրահետել:

ՀԱՅԿ —  Վստահ եմ, որ  երազում էլ շանսը ձեռքիցդ բաց չես թողնի:

ԱՐԱՄ — Սովորական  երազ չէր:

ՀԱՅԿ — Երազ  էր,  էլի… Կարևորը՝ մերոնք տեղյակ են, ծրարի հարցը լուծվեց: Հիմա գետնի տակով   էլ մերոնք մեզ կգտնեն:

ԱՐԱՄ — Գետնի տակով չեմ ուզում:

ՀԱՅԿ — Օդով կգտնեն:

ԱՐԱՄ — Երևի չդիմանամ:

ՀԱՅԿ — Մի ասա, դեռ կպարես էլ:

ԱՐԱՄ — Երազում  աղջկա հետ պարում էի:

ՀԱՅԿ — Դեռ շատ  աղջիկների հետ կպարես:

ԱՐԱՄ — Երկինքը չի՞ ամպել:

ՀԱՅԿ – (նայում է երկնքին): Ո՞նց  չէի նկատել: Լեյտենանտի հետ խոսելուց հետո  ամեն ինչ լուսավոր էր  թվում: Չասեիր, չէի էլ նկատի:

ԱՐԱՄ — Պառկած  երկինքը լավ է երևում:

ՀԱՅԿ – Ասա՝ հեռադիտակը լավ  ցույց տա: (Հեռադիտակով նայում է, մեկուսի:) Ոնց որ շատացել են: Շատանում ու շատանում են: Արամը չպիտի իմանա: Նրան հիմա ուրիշ պատկեր է պետք: (Արամին.) Ուզո՞ւմ ես մերոնց տեսնել:

ԱՐԱՄ — Մերո՞նց:

ՀԱՅԿ — Քիչ աղոտ, բայց  երևում են, ուրիշի հետ չես խառնի: Ուզո՞ւմ ես:

ԱՐԱՄ — Երևի չկարողանամ:

ՀԱՅԿ – (ոգևորված): Ոչինչ, պոետ ես՝ կպատկերացնես: Էնպես նկարագրեմ, որ… Մերոնց  ոնց որ  ուրիշ ուժեր են միացել: Երևում է՝ գրոհի են պատրաստվում:

ԱՐԱՄ — Ուրիշ ի՞նչ  է երևում:

ՀԱՅԿ — Տանկը որտեղի՞ց են ճարել, էն էլ միանգամից հինգը: Հզոր են  երևում,  թշնամին դրանց չի դիմանա: Վիրավոր չլինեիր, պիտի խնդրեի մի  անգամ էլ գոռայիր, որ լսեն, իմանան՝ իրենց հետ  ենք, տեսնում  ենք:

Մինչ Հայկը ոգևորված պատմում է, Արամը  անհանգիստ շարժումներ է  անում, Հայկը չի նկատում: Արամը ցնցվելով, կարծես ինչ-որ բան է ուզում ասել, բայց միայն շրթունքներն են շարժվում… քիչ անց անշարժանում է:

ՀԱՅԿ – (հեռադիտակը աչքերին): Լեյտենանտին տեսա: Բոլորի սրտի բաբախյունը լսում եմ: Այդ հզոր ձայնը քեզ էլ կօգնի: Չե՞ս լսում: Զղջալու ես, շատ ես  զղջալու, որ մտքովդ չգիտեմ ինչեր են անցնում: Լսի՛ր, լսի՛ր… (Պատասխան չստանալով, շրջվում է Արամի կողմը:) Ինտելիգենտի՞կ, նորից  քնեցի՞ր… (Վարանոտ մոտենում է Արամին:) Քնելու ժամանա՞կ ես գտել… (Փլվում է, ծնկելով Արամի կողքին, ուսերը  բռնելով ցնցում է:) Արթնացիր, խոսիր, ասա՛, մի՛ լռիր… (Գրկում է Արամին, սեղմում է կրծքին:) Չպիտի  անեիր, այդ բանը չպիտի անեիր, ինձ նորից մանկատուն չպիտի վերադարձնեիր: Արթնացիր, ասա, որ խաղ է, ոչինչ, որ չար, բայց խաղ է: (Դադար: Կանգնում, վազում է բլրակի կողմը, ինքնամոռաց բղավում է:) Ձեր մե՛րը, ձեր մե՛րը… Բոլորդ միասին նրա մի տողը չարժեք… Ես ձեր մե՛րը… (Գլխահակ վերցնում է հեռախոսը:) Արծի՛վ,  արծի՛վ, ես ճա՛յն եմ, ես ճա՛յն եմ, ճային պատասխանիր:

ՁԱՅՆ — Ճայ, արծիվը լսում է:

ՀԱՅԿ — Լեյտենա՛նտ… Լեյտենանտ, Արամը մահացավ:

ՁԱՅՆ — Ե՞րբ մահացավ, ո՞նց…

ՀԱՅԿ — Չգիտեմ, մահացավ: Ի՞նչ  անեմ:

ՁԱՅՆ — Ճայ, լսո՞ւմ ես, մի խառնվիր,  ոչինչ չձեռնարկես:

ՀԱՅԿ — Խառնվեմ-չխառնվեմ…  Ինչի՞ն եմ խառնվելու: Ուզենամ էլ՝ չեմ կարող: Կապի վերջ: (Գրպանից հանում է պահած փամփուշտը, լիցքավորում ավտոմատը:) Քեզ պետք չեկավ, որովհետև ինձ համար էր նախատեսված: Մահն իմ հոտն  էլ է  առել, տեղս գտել  ու պտտվում է շուրջս:

Անտառը լցվում է արկերի պայթյունների որոտով,  ավտոմատների կրակահերթերով:  Հայկը վեր է թռչում, հեռադիտակով մոտենում է բլրակին:

ՀԱՅԿ — Մորեխից շատ են, խոտը չի երևում… Վերջը հարձակվեցին: Մերոնք ո՞նց են  դիմանալու… (Շրջվելով Արամի կողմը:) Իզուր էլ քո սևազգեստ աղջկան չասացիր՝ ընկերուհի բերի, երկուսով հեշտ կլիներ:

Կրակոցներն ու արկերի պայթյուններն հնչում են առանց դադարի: Հայկը  ավտոմատը պատրաստ պահած սպասում է գործողությունների հետագա ընթացքին: Մի քանի անգամ փորձում է՝ ինչպես է իրեն կրակելու: Նորից է հեռադիտակը վերցնում:

ՀԱՅԿ — Փախչո՞ւմ են: Էդքան մեծաքանակ, էդքան տեխնիկայո՞վ են փախչում: Դրանց հարձակումը փախչե՞լն էր: Մերոնք էդ ո՞նց են  զոռել… Պայթե՛ք, ես ձեր մերը… Հասկացա՞ք, որ  արկերը չէ, մեր հողն է վառում ձեր  ոտքերը: Ու կրակը  ձեր  սրտին էլ է հասնելու: (Կանգնում, թափահարում է ավտոմատը:) Տղե՛րք, ես ձեր ցավը տանեմ: (Ոգևորված՝ վերջին փամփուշտը կրակում է🙂 Փախչում են, ինտելիգենտիկ, փախչում են: Պիտի տեսնես, նրանց փախուստը պիտի տեսնես… (Մոտենում է Արամին, փորձում է նրան մեջքին բարձրացնել, այնպես, որ Արամի գլուխն իրենից բարձր լինի, գալիս է  դեպի բլրակը, Արամի դեմքը փախչող թշնամու կողմն ուղղելով:) Քո  աչքերն են փակ, հոգուդ  աչքերն էլ հո փա՞կ չեն: Հոգիդ թող տեսնի՝ թշնամին  ոնց է փախչում, թող տեսնի նրանց փշաքաղված  թիկունքները: Թող տեսնի, թող փառավորվի… Սա քո և  քո հոգու հաղթանակն է, բոլորիս հաղթանակն է:

Ռազմական  աղմուկի միջից  առանձնանում է  թռչնի զիլ ու  զմայլելի  ձայնը:

ՀԱՅԿ — Էս քո հոգու ձայնն է, էս քո հոգին է երգում, նրա երջանկությունն է խլացնում պատերազմի  աղմուկը:

Բեմն աստիճանաբար լուսավորվում է  արևածագի վառ գույներով:

ՀԱՅԿ — Սա էլ՝ արևածագը, քո երազանքների արևածագը…

 

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։