Սամվել ԿՈՍՅԱՆ / «ՈՒՇԱՑՈՂՆԵՐԸ»
Սամվել ԿՈՍՅԱՆԻ «ՈՒՇԱՑՈՂՆԵՐԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2005 թ., թիվ 8-9-ում
Ովքե՞ր են ուշացածները: Ովքեր շտապում են: Իսկ շտապում եմ, որովհետև վստահ չեն: Ժամանակը թռիչքներ չի ընդունում, այդ թռիչքներից կորչում է նրա հետագիծը՝ հիշողությունը: Հիշողության բացակայությունը բարոյական և հոգևոր արժեքների կորուստ է ենթադրում, որից հետո ոչինչ գլխավոր չէ և ոչինչ երկրորդական չէ, որովհետև ամեն ինչ մակերեսի վրա է: Գրելիս մեծ նպատակներ չեմ հետապնդել, ընդամենը փորձել եմ ներկայացնել, թե ինչքան անիմաստություն է պարունակում մակերեսը և որ անվստահությունը անիմաստության շարունակությունն է:
Սամվել ԿՈՍՅԱՆ
ՈՒՇԱՑՈՂՆԵՐԸ
(ինչ-որ բան՝ վեց պատկերով)
Գործող անձինք
ՍԵԹ
ԳՈՌ
ՀԵՂԻՆԱԿ
ԱՆԻ
ՀԵՂԻՆԱԿԻ ԱՂՋԻԿ
ԳԻԺ
1-ԻՆ
2-ՐԴ
ՊԱՏԿԵՐ ԱՌԱՋԻՆ
Հերոսները գրական կերպարներ են, ուստի ցանկացած միջավայր գերադասելի է: Ճիշտն այն է, որպեսզի գրական պայմանականությունը դիտարկվի իրականության տարբերակներից մեկը, տարբերակ, որը մոտ է իրականության մասին մեր պատկերացմանը: Ուրեմն՝ ոչ թե իրականությունը, այլ մեր պատկերացումը նրա մասին: Այսքանից հետո մնում է հնարավորինս ձանձրալի չլինել, հիշելով, որ եթե թատրոնը կյանքի հայելին է, ապա կյանքն ինքն էլ թատրոն է:
Բեմում Գոռն ու Սեթն են: Սեթը ուշադիր շուրջն է նայում, ասես ինչ-որ բան է փնտրում:
ԳՈՌ – Ի՞նչ ես կորցրել:
ՍԵԹ — Թվում է՝ ամեն ինչ տեղն է:
ԳՈՌ — Ուրիշ ո՞նց պիտի լիներ:
ՍԵԹ — Թվում է՝ տեղն է, բայց անհայտն է շատ:
ԳՈՌ — Սկիզբը անհայտից դժվար է տարբերել:
ՍԵԹ — Ինչի՞ սկիզբը:
ԳՈՌ — Հեղինակի նոր գործի:
ՍԵԹ — Մե՞նք էլ ենք նոր:
ԳՈՌ — Համարյա յուղը վրան:
ՍԵԹ — Միևնույն է, հիշողությունս տեղը պիտի լիներ:
ԳՈՌ — Հիշողությունդ էիր փնտրո՞ւմ:
ՍԵԹ — Իմ տարիքում ուրիշների հիշողությունը իրենցից մեծ է լինում:
ԳՈՌ — Տարիքը կապ չունի:
ՍԵԹ — Հիշողությունը տարիք է:
ԳՈՌ — Շատերն են հիշողությունը կորցնում:
ՍԵԹ — Մորս դեմքը կհիշեի, մորս դեմքը չէի կորցնի:
ԳՈՌ — Գուցե մայր չես էլ ունեցել, գուցե քեզ կաղամբի տակից են գտել:
ՍԵԹ — Կաղամբն էլ չեմ հիշում:
ԳՈՌ — Թողե՞լ են, որ հիշես: Քեզնից հետո միանգամից կերել են:
ՍԵԹ – Չգիտեմ, ինչ են արել, բայց այսպես շարունակվեց՝ մի օր ականջներս կլցնեմ թռչունների երգով ու հայդե, դեպի արդար երկիր՝ հիշողությանս ետևից:
ԳՈՌ — Ե՞րբ հորինեցիր:
ՍԵԹ — Ի՞նչը:
ԳՈՌ — Արդար երկիրը:
ՍԵԹ — Կարևորը ցանկությունն է, եթե ցանկությունս մեծ լինի, երկիրն ինքը ինձ կգտնի:
ԳՈՌ — Կարևորը հեղինակն է:
ՍԵԹ — Մեծ ցանկությունը հեղինակին էլ կհամոզի:
ԳՈՌ — Միայն թե ներկայիս հեղինակների խելքը գնում է սպանությունների համար: Ու չես էլ իմանա՝ ինչպես ջրհորում հայտնվեցիր:
ՍԵԹ — Խոտ չեմ, որ քամին ջրհորը գցի:
ԳՈՌ — Միևնույն է, ավելին մի՛ ուզիր: Շատ ուզողներին այնքան էլ չեն սիրում:
ՍԵԹ — Իմն եմ ուզում, չտվեցին՝ անընդհատ ուզելու եմ:
ԳՈՌ — Մինչև որ ստիպես թուղթը ճմրթեն (ցույց է տալիս՝ ինչպես) ու աղբամանը գցեն:
ՍԵԹ — Չեն համարձակվի:
ԳՈՌ — Ո՞վ է խանգարելու: Հեղինակի համար մարդն ու խոտը համարյա նույնն են:
ՍԵԹ – Հիմարությո՛ւն:
ԳՈՌ — Տրորված խոտը կեր էլ չի դառնում:
ՍԵԹ — Ո՞վ է ուզում ուտել:
ԳՈՌ — Անասուններն ամեն տեղ էլ շատ են:
ՍԵԹ — Բայց ոչ մեկը խոտին անունով չէր կանչի:
ԳՈՌ — Գրականության մեջ պատահում է:
ՍԵԹ — Դու է՞լ ես խոտ:
ԳՈՌ — Չափն անցար:
ՍԵԹ — Ընդամենը հարցնում եմ:
ԳՈՌ — Ուրեմն մի՛ հարցրու:
ՍԵԹ — Բայց պատասխանը չեմ լսում:
ԳՈՌ — Ի՞նչ ես ուզում իմանալ:
ՍԵԹ — Թե ով ես:
ԳՈՌ — Նախ քո ով լինելը ճշտիր:
ՍԵԹ — Ուզում եմ քեզ էլ ճանաչել:
ԳՈՌ — Վեպը հնարավոր չէ միայն խոտով լցնել:
ՍԵԹ — Ուրեմն հրաժարվում ես, որ խոտ ես:
ԳՈՌ — Չեմ էլ ուզում պատասխանել:
ՍԵԹ — Իսկ արտաքինից կարգին մարդ ես երևում:
ԳՈՌ — Ինքդ ասացիր:
ՍԵԹ — Ի՞նչ ասացի:
ԳՈՌ — Որ մարդ եմ:
ՍԵԹ — Մինչդեռ հակառակն էի ուզում ասել:
ԳՈՌ — Գիտե՞ս ինչու խոտը, որքան էլ տրորեն, մյուս տարի էլի նույն տեղում է աճում: Որովհետև քեզ նման հիշողություն չունի:
ՍԵԹ — Քո հիշողությունն էլ չարությունից չի տարբերվում:
ԳՈՌ — Իրոք որ՝ խոտ: Միայն խոտն է ճշմարտությունը չարության հետ շփոթում:
ՍԵԹ — Ուզում ես ասել…
ԳՈՌ — Այլևս ոչինչ չեմ ուզում ասել:
Շարժվող գնացքի ձայնը ընդհատում է նրանց զրույցը: Երկուսն էլ անակնկալի եկած շրջվում են ձայնի կողմը, որն աստիճանաբար ուժգնանում է: Վազող Անիին տեսնելով՝ ավելի են զարմանում: Անին հասնում է բեմի հեռավոր անկյունը, անսպասելի կանգնելով, հայացքով ուղեկցում է հեռացող գնացքը: Հուսահատված է, գլխիկոր:
ԱՆԻ — Գնաց: Չհասցրի, ու էլի առանց ինձ գնաց:
ՍԵԹ — Այստեղ կայարան կա՞:
ԳՈՌ — Կա, որ գնացքները գնում են:
ՍԵԹ — Երբեք չէի մտածել, որ գնացքի ձայնը հույսի պես է:
ԳՈՌ — Շուտ ոգևորվեցիր: Հորինածդ արդար երկրում, հնարավոր է, գնացքի մասին չգիտեն: Գնացքը մեղքի զգացում էլ է առաջացնում:
ՍԵԹ — Երևակայությունդ ուրիշ բան չհուշե՞ց:
ԳՈՌ — Քեզ էլ նույնը պիտի հուշեր, քանի որ հեղինակները սիրում են հերոսներին երբեմն գնացքի տակ գցել:
ՍԵԹ — Գնացքի մեջ լինես՝ տակը չես ընկնի:
ԳՈՌ — Երկաթուղային վթարները շատացել են, ու վտանգը ներսում էլ քեզ կգտնի:
ՍԵԹ — Վթարներ, երկրաշարժեր, պատերազմներ, ցունամիներ… Մտքովդ լավ բան չի՞ անցնում:
ԳՈՌ — Անցնում է, միայն թե լավը չի տպավորվում:
ՍԵԹ — Ինչի մասին մտածես, դա էլ տպավորվում է:
Անին գլխիկոր մոտենում է նրանց:
ՍԵԹ — (նրա կողմը շրջվելով): Կայարանը հեռո՞ւ է:
ԱՆԻ — Չգիտեմ:
ՍԵԹ — Ինչո՞ւ էիր վազում:
ԱՆԻ — Գնացքը նստեմ:
ՍԵԹ — Գնացքը կայարանից են նստում:
ԱՆԻ — Նույնն է:
ՍԵԹ — Նույնը չի կարող լինել:
ԱՆԻ — Որտեղից էլ փորձեմ, ուշանում եմ:
ՍԵԹ — Շա՞տ ես ուշացել:
ԱՆԻ — Անընդհատ:
ՍԵԹ — Կայարանը մե՞կն է:
ԱՆԻ — Ուրիշն էլ կա:
ՍԵԹ — Այդ երկրորդից փորձիր:
ԱՆԻ — Անիմաստ է:
ՍԵԹ — Ինչո՞ւ:
ԱՆԻ — Այնտեղի գնացքն ուրիշ տեղ է գնում:
ՍԵԹ — Դու ո՞ւր ես գնում:
ԱՆԻ — Չգիտեմ:
ՍԵԹ — Որ չգիտես, ինչ էլ նստես՝ հարմար է:
ԱՆԻ — Այնքան էլ չէ:
ՍԵԹ — Չասացի՞ր՝ գնալուդ տեղը չգիտես:
ԱՆԻ — Բայց գիտեմ, թե մյուս կայարանի գնացքն ուր է գնում: Այս գնացքն էր իմը, սրանից էլ ուշանում եմ: (Չսպասելով պատասխանի, դանդաղ հեռանում է:)
ՍԵԹ – Չհասկացա, ի՞նչ էր ուզում:
ԳՈՌ — Անծանոթից ավելին մի՛ պահանջիր:
ՍԵԹ — Շատ էր հուսահատված:
ԳՈՌ — Առավել ևս:
ՍԵԹ — Ո՞ւր էր ուզում գնալ, այդ ի՞նչ տեղ է Չգիտեմը:
ԳՈՌ — Գուցե չէր գնում, այլ հեռանում էր:
ՍԵԹ — Նույնը չի՞:
ԳՈՌ — Գնացողը վերադառնում է, հեռացողը…
ՍԵԹ — Ի՞նչ է լինում:
ԳՈՌ — Չգիտեմ:
ՍԵԹ — Ո՞նց է, էդ բանը չգիտես:
ԳՈՌ — Չեմ ուզում ասել:
ՍԵԹ — Պիտի օգնած լինեինք:
ԳՈՌ — Եթե նույնիսկ ինքը չգիտի՝ ուզածն ինչ է, ինչո՞վ էիր օգնելու:
ՍԵԹ — Քո ուզածն ի՞նչ է:
ԳՈՌ — (երազկոտ): Իմ ուզածը… Միայն թե հեղինակը գործը կիսատ չթողնի, կիսատ ու անավարտ:
ՍԵԹ — Մտածո՞ւմ ես, ինչ կլիներ, եթե Տերն էլ մարդուն կիսատ թողներ:
ԳՈՌ — Կարծում ես ավարտե՞լ է:
ՍԵԹ — Հնարավոր է, որոշ անավարտ բաներ մնացել են:
ԳՈՌ — Թողել է, որ դա էլ մարդն ավարտի:
ՍԵԹ — Անհավասարությունը չի թողնի:
ԳՈՌ — Մոռացել ես, որ մյուս աշխարհը նույնպես Տերն է ստեղծել: Իսկ էդ աշխարհում բոլորը հավասար են:
ՍԵԹ — Ուրեմն երրորդ աշխարհն էլ պիտի ստեղծեր:
ԳՈՌ — Ինձ այս աշխարհն է դուր գալիս և հենց այստեղ կուզենայի փայլել:
ՍԵԹ — Որպես ի՞նչ ես փայլելու:
ԳՈՌ — Որպես քաղաքական գործիչ:
ՍԵԹ — Զզվում եմ քաղաքական գործիչներից: Գրպանահատի պես ձեռքներն անընդհատ ժողովրդի գրպանում են:
ԳՈՌ — Նրանք չլինեն, քաոսը կխժռի աշխարհը:
ՍԵԹ — Մի աման սուտը չի՞ դրանց կարգուկանոնը, որ ժողովրդին իրենց ուզած կողմը քշեն:
ԳՈՌ — Մեկը պիտի ասի՝ ուր գնան:
ՍԵԹ — Աստվա՞ծ են, որ գնալու տեղն իմանան:
ԳՈՌ — Երկրի վրա Աստծո ներկայացուցիչները երբեմն ավելի կարևոր են…
Երաժշտության հնչյունների տակ, աթոռները գրկած, պարելով հայտնվում են 1-ինն ու 2-րդը: Որոշ ժամանակ ինքնամոռաց պարելուց հետո վերջապես կանգնում են, աթոռները դնում են հատակին, բարձրանում են աթոռների վրա, միասին բղավում են՝ խոստում, խոստում…
ՍԵԹ — Ծաղրածո՞ւ են:
ԳՈՌ — Շատ զվարճալի են:
ՍԵԹ — Ի՞նչ են ուզում:
ԳՈՌ — Չե՞ս լսում:
ՍԵԹ — Լսում ու չեմ հասկանում:
ԳՈՌ — Ի՜նչ ոգևորություն է, ի՜նչ անկեղծ պաթոս:
ՍԵԹ — Ոնց որ վատ թարգմանություն լինեն…
ԳՈՌ — Սրանցը ուրիշ ժանր է:
1-ԻՆ — (ընդհատելով բղավոցը): Չլինի՞ տեղը ճիշտ չենք ընտրել:
2-ՐԴ – Մի՛ շեղվիր:
1-ԻՆ, 2-ՐԴ — Խոստում, խոստում…
ԳՈՌ — Բարձր, ավելի բարձր:
ՍԵԹ — Չհոգնեցի՞ք:
ԳՈՌ — Ափսոս, դեռ ծրագիր չեմ մշակել:
1-ԻՆ, 2-ՐԴ — Խոստում, խոստում…
ՍԵԹ — Խոստումն ի՞նչ եք անելու:
1-ԻՆ — Սոված ենք:
ՍԵԹ — Սոված եք՝ հաց ուզեք:
1-ԻՆ — Հացը չի կշտացնի:
ՍԵԹ — Խոստումն էլ չի կշտացնի:
2-ՐԴ — Մեզ հերիքում է:
ՍԵԹ — Ասենք չխոստացան, ի՞նչ եք անելու:
1-ԻՆ — Կասկածս իզուր չէր… Տեղը լավը չի: Զգում էի, որ սրանք խոստում տվող չեն:
2-ՐԴ — Ես էլ տխրեցի:
1-ԻՆ — Սրանք միայն հարց տվողներ են:
2-ՐԴ — Այն երկրորդը դեռ ոչինչ չի հարցրել:
1-ԻՆ — Միևնույն է… Հարցերից աղիքներս խառնվել, բարձրացել ու սեղմում են կոկորդս:
2-ՐԴ — Ազգային ժողովն էլ արձակուրդում է:
1-ԻՆ — Օրն անցավ, իսկ դեռ ոչ մի խոստում չենք լսել… (Իջնում է աթոռից, կրկին պարային զուգընկերոջ պես գրկում է աթոռը և պարելով հեռանում է, չմոռանալով սակայն բղավել՝ խոստում, խոստում…)
2-ՐԴ — (հետևելով ընկերոջը): Խոստում, խոստում…
ՍԵԹ — Մե՞զ էին ծաղրում, թե՞ իրենց:
ԳՈՌ — Ինչ պահ կորցրի… Ինչ առիթ էր հռետորի շնորհս փորձելու:
ՍԵԹ — Չէ՞ որ խնդրում էին:
ԳՈՌ — Լռի՜ր:
ՍԵԹ — Միանգամից մռայլվեցիր:
ԳՈՌ — Մոտենում է:
ՍԵԹ — Ո՞վ:
ԳՈՌ — Վտանգը: Հեռվից էլ զգում եմ:
ՍԵԹ — Քամի էլ չկա:
ԳՈՌ — Կա ու փչում է:
ՍԵԹ — Դեռ գործիչ չես, բայց արդեն չասածդ մտքերից էլ ես վախենում:
ԳՈՌ — Դու էլ վախեցիր, իրոք մոտենում է:
ՍԵԹ – Չասացիր՝ ով:
ԳՈՌ — Հեղինակը:
ՍԵԹ — Մազերդ էլ ցցվեցին:
ԳՈՌ — Լռելո՞ւ ես, թե՞ չէ:
Հայտնվում է հեղինակը, որին տեսնելով երկուսն էլ անբնականորեն ձգվում են:
ՀԵՂԻՆԱԿ — Այ թե որտեղ եք… Ձեզ էի փնտրում: Հեղինակները երբեմն սիրում են զրուցել իրենց հերոսների հետ:
ՍԵԹ — Զրույցը ճանաչողների միջև է:
ՀԵՂԻՆԱԿ — Կարծում եմ, մի քիչ ճանաչում եմ:
ՍԵԹ — Ո՞նց է, ինքս ինձ չգիտեմ, բայց դու ճանաչում ես: Եթե նրա համար խոտ եմ, քեզ համար ո՞վ եմ:
ՀԵՂԻՆԱԿ — Կատակել է երևի:
ՍԵԹ — Մինչ այժմ ավելի համոզված ուրիշ բան չի ասել…
ՀԵՂԻՆԱԿ — Ձեր իրական հարաբերությունները դեռ չեմ ճշտել:
ՍԵԹ — Գոնե պարզե՞լ ես, թե ով ի՛նչ է լինելու:
ՀԵՂԻՆԱԿ — Պատահում է, որ գործն սկսելուց առաջ չգիտես՝ ինչի մասին է լինելու:
ՍԵԹ — Հնարավոր չէ:
ՀԵՂԻՆԱԿ — Հնարավոր է, միայն թե… Առաջարկում եմ սուրճ խմել, ճանապարհին էլ կզրուցենք:
ՍԵԹ — Բայց չասացիր…
ՀԵՂԻՆԱԿ — Կհասցնեմ… Զրույցի ժամանակն անսահման է… ժամանակը գործի համար է քիչ լինում:
Գնում է: Գոռն ու Սեթը անխոս հետևում են նրան:
ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ
Նույն տեսարանը: Կրկին Գոռն ու Սեթն են, սակայն նրանց զրույցը չի լսվում: Հեռախոսազանգ հիշեցնող ձայնը՝ տուո՜ւ, տուո՜ւ… խանգարում է նրանց լսել: Հայտնվում է նաև զնգացողը՝ հնամաշ շորերով: Զնգալով մոտենում, պտտվում է Գոռի ու Սեթի շուրջը: Գոռն ու Սեթը ապշած փորձում են գուշակել՝ ո՞վ է և ի՞նչ է ուզում:
ԳՈՌ — Շա՞տ ես պտտվելու:
ԳԻԺ — Մինչև որ…
ԳՈՌ — Ի՞նչ լինի:
ԳԻԺ — Չգիտեմ:
ՍԵԹ — Հո հեղինակը չի՞ ուղարկել:
ԳԻԺ — Ո՞վ է:
ՍԵԹ — Դու ո՞վ ես:
ԳԻԺ — Հեռախոս, որի լսափողը չեն վերցնում:
ԳՈՌ — Ո՞վ պիտի վերցնի:
ԳԻԺ — (կանգնում է): Ճակատագիրը: Ուզում եմ հարցնել՝ ինչո՞ւ ինձ չի սիրում:
ԳՈՌ — Գուցե քեզ համար գժվում է:
ԳԻԺ – Գժվեր՝ կպատասխաներ:
ԳՈՌ — Գուցե պատասխանում է, ու քո զրնգոցն է, որ չի թողնում լսես:
ՍԵԹ — Շա՞տ ես զնգում:
ԳԻԺ — Ծնվածս օրվանից:
ՍԵԹ — Էլ մի՛ զնգա, եթե մինչև հիմա չի պատասխանել:
ԳԻԺ — Բանաստեղծություն էլ եմ գրում: (Եվ միանգամից արտասանում է:)
Նրանցը ծովն է,
իմն՝ ակվարիումը,
նրանք լողում են,
ես՝ զգուշանում:
Զգուշանում եմ
ապակուն բախվել,
բայց ոնց էլ անում՝
ապակին է իմ
դիմացը փակում:
ՍԵԹ — Զնգալուց հետաքրքիր է:
ԳԻԺ — Առանց զնգալու չի լինի: Մեկ էլ ու լսափողը վերցրեց՝ տո՜ւո՜ւ, տո՜ւո՜ւ…
Բաժակը կոտրել ենք
ու մոլորվել ենք,
թե հիմա ոնց ենք
ջուր խմելու:
Բայց մոռացել ենք, որ մեռածներին
ջուրը չի օգնել
ու չի օգնելու:
ՍԵԹ — Հեղինակի լրտե՞սն ես:
ԳԻԺ — Տո՜ւո՜ւ, տո՜ւո՜ւ… Չդիմացան, այստեղ էլ վիրավորեցին: (Ինչպես անսպասելի հայտնվել էր, այդպես էլ հեռանում է, շարունակելու զնգալ տո՜ւու, տո՜ւու…)
ՍԵԹ — Սրա հայտնվելը պատահական չէր: Բանաստեղծություններն էլ չարագուշակ էին: Գժերի բառերն ավելի վտանգավոր են, որովհետև շպարված չեն:
ԳՈՌ — Հիշողությունդ կորցնելուց հետո զգուշավորությունդ ավելի է մեծացել:
ՍԵԹ — Երեկվանից տագնապը լափում է ներսս: Սրա հայտնվելը պատահական չէր: Հեղինակը ինչ-որ բան է կասկածել:
ԳՈՌ — Որովհետև չէր հրավիրել, որ աչքերով խժռես աղջկան:
ՍԵԹ — Հայացքս նրանից չէի կարողանում կտրել: Քիչ էր մնում թռչեի ու համբուրեի ձեռքերը՝ ճերմակ, թափանցիկ… Այդ շուրթերը, աչքերը… Հենց առաջին հայացքից սիրտս թփրտաց խեղդվողի պես:
ԳՈՌ — Միայն հեղինակը չկարծի՝ դաշնակիցներ ենք:
ՍԵԹ — Խոտն ու քաղաքական գործիչը միասին չեն կարող լինել:
ԳՈՌ — Հեռու մնա աղջկանից: Ինձանից էլ: Հեղինակին դուր չի գալիս քո վարքը: Իսկ առանց նրա օգնության դժվար է բարձրանալը: Առայժմ…
ՍԵԹ — Ինչքա՞ն ես բարձրանալու, հո Տիրոջը չե՞ս ուզում հասնել:
ԳՈՌ — Կարևորը Նրան մյուսներից ավելի մոտիկ լինեմ:
ՍԵԹ — Ստի ամանն ի՞նչ ես անելու, թաքցնես, ո՞նց ես լցնելու:
ԳՈՌ — Վաղը խնդրելու ես, որ ամանը լիքը լինի: Սուտն էլ, թմրանյութի պես, ինչքան ընդունես՝ քիչ է թվալու, ու ավելի մեծ չափաբաժիններ ես ուզելու:
ՍԵԹ — Մինչև ե՞րբ:
ԳՈՌ — Մինչև հաջորդ սերունդը, երբ նախորդը կհասկանա, որ ամենամեծ սուտը հենց իրենց կյանքն է եղել:
ՍԵԹ — Ճշմարտության տեղը կորցրիր:
ԳՈՌ — Չկորցրի, ինքն է թաքնվել:
ՍԵԹ — Այդքան ստին քարն էլ չի դիմանա:
ԳՈՌ — Ուժեղ է՝ թող պաշտպանվի:
ՍԵԹ — Երևի բարեկամներն են քչացել:
ԳՈՌ — Ուժեղի բարեկամները չեն քչանում:
ՍԵԹ — Ուժեղն էլ սո՞ւտն է:
ԳՈՌ — Համենայնդեպս, նրա հետ ավելի հեշտ է ու ավելի հետաքրքիր:
ՍԵԹ — Քեզ համար է հետաքրքիր, մինչդեռ մյուսները տառապում են:
ԳՈՌ — Ուրեմն թող որոշեն՝ ում ետևից գնան:
ՍԵԹ — Սուտը չի թողնում:
ԳՈՌ — Քեզ ո՞վ է խանգարում, որ քո արդար երկիր գնաս: Գնա, ինչո՞ւ ես մնացել:
ՍԵԹ — Հիմա չեմ կարող:
ԳՈՌ — Չե՞ս կարող, թե՞ չես ուզում:
ՍԵԹ — Չեմ կարող, որովհետև սիրտս հետս չէ, սիրտս աղջկա մոտ եմ թողել:
ԳՈՌ — Քո գործն է, բայց այլևս մեր ճանապարհները բաժանված են: Ծիծաղելի է սեփական բարեկեցությունը ուրիշի զգացմունքներին զոհելը:
Գնացքի ձայնը կրկին ընդհատում է նրանց զրույցը: Նորից ակամա շրջվում են ձայնի կողմը, որն աստիճանաբար ավելի բարձր ու հստակ է դառնում:
ՍԵԹ — Նույն ձայնն է, միայն աղջիկը չկա:
ԳՈՌ — Նրան ինչո՞ւ ես փնտրում:
ՍԵԹ — Գնացքի ձայնը լսելիս նրան էլ եմ հիշում:
ԳՈՌ — Հո մի բան էլ նրա մոտ չե՞ս թողել:
ՍԵԹ — Երկրորդ սիրտը չունեմ:
ԳՈՌ — Բոլորի մոտ մի բան թողնում ես:
ՍԵԹ — Միևնույն է, քո սիրտը պարտքով չեմ վերցնի:
ԳՈՌ — Այսպես գնա, սիրտ չէ՝ պարտքով ուրիշ օրգաններ էլ կուզես:
ՍԵԹ — Հիմա էլ կնամոլ դարձա:
ԳՈՌ – Չգիտեմ՝ ինչ ես, բայց կին տեսնելիս ոտքերդ դողում են:
ՍԵԹ — Էլ խոտ չե՞մ:
ԳՈՌ — Կապ չունի:
ՍԵԹ — Ունի, քանի որ խոտերը կնամոլ չեն:
ԳՈՌ — Որձ խոտեր էլ կան:
ՍԵԹ — Չլինի՞ քաղաքական գործիչները միասեռ են:
ԳՈՌ — Որ միասեռ լինեին, քեզ նմանները չէին բողոքի: Գուցե փորձես դու էլ այդ գնացքը նստել:
ՍԵԹ — Այստեղի չգիտեմից գլուխ չեմ հանում, այնտեղի չգիտեմն ի՞նչ է փոխելու:
ԳՈՌ — Մեկ էլ ու փոխեց:
ՍԵԹ — Աղջիկն իսկապես չերևաց:
ԳՈՌ — Ուրախացիր, որ չի ուշացել:
Նրա խոսքերի հետ Անին կրկին վազում է դեպի բեմի հեռավոր անկյունը, հուսահատ կանգնում ու անօգնական կախում է թևերը: Գնացքին հայացքով ուղեկցելուց հետո մտամոլոր վերադառնում է:
ՍԵԹ — Եթե ասես՝ ոնց օգնեմ…
ԱՆԻ — Պետք չէ… Ոչ ոք չի կարող օգնել:
ՍԵԹ — (նայում է ժամացույցին): Այսօր մեկ ժամ շուտ գնաց:
ԱՆԻ — Երբ էլ գնար, չէի հասցնելու:
ՍԵԹ — Կարգ ու կանոն չկա: Եթե ժամանակին գնար, գուցե հասցնեիր:
ԱՆԻ — Չէի հասցնի:
ՍԵԹ — Ի՞նչ վայր է քո այդ Չգիտեմը:
ԱՆԻ — Չգիտեմ:
ՍԵԹ — Որ չգիտես, ի՞նչ ես փնտրում:
ԱՆԻ — Ընդամենը ազատություն:
ՍԵԹ — Այստեղ չկա՞:
ԱՆԻ — Չգիտեմ: Հնարավոր է՝ այնտեղի ազատությունն էլ սրտովս չլինի:
ՍԵԹ — Բա ի՞նչ ազատություն ես փնտրում:
ԱՆԻ — Որ չխեղդի:
ՍԵԹ — Ինչի՞ց ես փախչում:
ԱՆԻ — Չգիտեմ:
ՍԵԹ — Էլ ինչո՞ւ ես փախչում:
ԱՆԻ — Իմանամ, չեմ փախչի… (Ռունգերով հոտոտում է օդը:) Նրա հոտը չես շփոթի:
ՍԵԹ — Ուրիշ մեկը չի եղել:
ԱՆԻ — Նույն կպչուն, տարօրինակ հոտը:
ՍԵԹ — Մի խելագար երևաց, որ ասում էր՝ հեռախոս է:
ԱՆԻ — Նրա հոտն է:
ՍԵԹ — Նրանի՞ց ես փախչում:
ԱՆԻ — Մի փախչող էլ նա է:
ՍԵԹ — Նրան ո՞վ է հալածում:
ԱՆԻ — Ամեն մեկի հալածողն իր մեջ է: (Ուշադիր նայում է Սեթի աչքերին:) Շուտով դու էլ ես փախչելու մասին մտածելու:
ՍԵԹ — Ի՞նչ իմացար… Չնայած, եթե խոստովանեմ, վաղուց եմ մտածում արդար երկիր գտնել:
ԱՆԻ — Քեզ համար դժվար կլինի: Ներսդ լիքը հարց է:
ՍԵԹ — Պատասխանների ետևից եմ ուզում գնալ:
ԱՆԻ — Եթե հարցերը պատասխաններ ունեն:
ՍԵԹ — Իզուր ես սպասասրահից դուրս գալիս:
ԱՆԻ — Չեմ գալիս:
ՍԵԹ — Թեկուզ մի վայրկյանով դուրս մի՛ արի:
ԱՆԻ — Ուզենամ էլ՝ չեմ կարող:
ՍԵԹ — Դուրս ես գալիս, որ ուշանում ես:
ԱՆԻ — Իմ ներսից ո՞նց եմ դուրս գալու: Սպասասրահն իմ մեջ է:
ՍԵԹ — Բա գնա՞ցքը:
ԱՆԻ — Սպասասրահն իմ մեջ է, գնացքն է ինձանից դուրս:
ՍԵԹ — Գուցե կարողանամ օգնել:
ԱՆԻ — Ինչպե՞ս:
ՍԵԹ — Քեզ հետ սպասելով: Երկուսով հեշտ կլինի:
ԱՆԻ — Սպասասրահը մի հոգու համար է: Տեսար, ինքս էլ չտեղավորվեցի:
ՍԵԹ — Ցանկությունը մեծ լինի, չորսով էլ կտեղավորվենք:
ԱՆԻ — Ցանկություններին այնքան էլ չեմ հավատում: Դու էլ մի՛ հավատա: (Շրջվում, գլխիկոր հեռանում է:)
ԳՈՌ — (որ մինչ այդ լսում էր նրանց խոսակցությունը): Անհավատալի է… Քիչ առաջ ուրիշի համար էիր գժվում, հիմա էլ ուզում ես սրա հետ մնալ:
ՍԵԹ — Ընդամենը ուզում էի…
ԳՈՌ — Արդար երկիրը կանանց մեջ գտնել:
ՍԵԹ — Սուտն էլ տեղին պիտի լինի:
ԳՈՌ — Չեմ էլ փորձում ստել:
ՍԵԹ — Բայց կուզենայիր:
ԳՈՌ — Այս պահին ուզածս կորցնելն է:
ՍԵԹ — Ո՞ւմ:
ԳՈՌ — Քեզ:
ՍԵԹ — Ինչո՞վ եմ խանգարում:
ԳՈՌ — Վաղն ավելի ես խանգարելու:
ՍԵԹ — Պետք չէ թշնամանալ:
ԳՈՌ — Երբեք էլ քո բարեկամը չեմ եղել:
ՍԵԹ — Մտքումդ էլ ի՞նչ կա:
ԳՈՌ — Քեզանից հեռու մնալ:
ՍԵԹ — Քեզ ոչ ոք չի ստիպում կողքիս լինել:
ԳՈՌ — Ստիպում էին, բայց հիմա հեղինակը էլ չի կարող կամքիս բռնանալ:
ՍԵԹ — Հեղինակի կարծիքն էլ կարևոր չի՞…
ԳՈՌ — Այդպիսի բան չասացի:
ՍԵԹ — Կարծես դա էիր ուզում ասել:
ԳՈՌ — Ուզում էի ասել՝ եթե հիշողությունդ կորցրել ես, ինձ էլ մոռացիր… Ես քեզ արդեն մոռացել եմ… Վախենամ, քո երազած երկիրն էլ չուզենա ընդունել քեզ…
ՍԵԹ — Լռեցի՞ր… Մի՛ լռիր, շարունակիր. Գուցե հեղինակին էլ համոզես, որ ուր էլ գնամ, իմ ներկայությունն անընդունելի է… Այսքանից հետո զարմանալի չի թվա, եթե գնացքի տակ հայտնվեմ կամ քո ասած՝ որևէ ջրհորում:
ԳՈՌ — Չեմ ուզում կենսագրությունս քեզանով փչացնել: (Պատասխանի չսպասելով հեռանում է:)
ՍԵԹ — (ինքնիրեն): Իսկ մտածում էի ճանապարհս քեզ հետ շարունակել:
ՊԱՏԿԵՐ ԵՐՐՈՐԴ
Նույն տեսարանը: Աթոռներին կանգնած 1-ինն ու 2-րդը բղավում են՝ խոստում, խոստում…
1-ԻՆ — (վերջապես լռում է ու իջնում աթոռից): Դու էլ իջիր: Ձենդ գլուխդ ես գցել… Ամայություն է:
2—ՐԴ — Սոված եմ:
1-ԻՆ — Քիչ առաջ պայթում էիր:
2—ՐԴ — Հիմա սոված եմ:
1-ԻՆ — Տխուր է, շատ տխուր է… Քիչ առաջ պայթում էիր, հիմա սոված ես… Կես ժամ էլ չի անցել:
2—ՐԴ — Դրա խոստումները ոնց որ ժամկետանց էին:
1-ԻՆ — Ճի՞շտ:
2—ՐԴ — Ինչ համ ասես կար մեջը:
1-ԻՆ — Երևի շոգին մոռացել են սառնարանում պահել:
2—ՐԴ — Տեղական էլ չէր:
1-ԻՆ — Շատ եմ սոված եղել, որ չեմ զգացել:
2—ՐԴ — Ինչ զիբիլ ասես բերում են: Լավ բան չեն ներկրի:
1-ԻՆ — Չեն էլ ամաչում, փչացած ապրանքը ժողովրդի վրա են սաղացնում:
2—ՐԴ — Ու գներն էլ օր-օրի թանկացնում են:
1-ԻՆ — Միայն թունավորված չլինեմ:
2—ՐԴ — Վա՞տ ես:
1-ԻՆ — Էլի աղիքներս են կծկվում:
2—ՐԴ — Սովից կլինի… Սովից աղիքները միշտ էլ կծկվում են:
1-ԻՆ — Որ այդպես է… (Նորից բարձրանում է աթոռին:) Խոստում, խոստում…
2—ՐԴ — (որ մինչ այդ աթոռի վրա էր, իջնում է): Իջիր: Ամայության մեջ ոնց որ ագռավ լինես:
1-ԻՆ — Չեմ կարող սոխակի պես:
2—ՐԴ — Ուրեմն իջիր… Թե չէ ստիպված ինքդ ես քեզ խոստումներ տալու:
1-ԻՆ — Ե՞ս:
2—ՐԴ — Բա հո ագռավը չէ:
1-ԻՆ — Կարծում ես գժվե՞լ եմ:
2—ՐԴ — Իջիր, որ իրոք չգժվես:
1-ԻՆ — (իջնում է): Իջնելն էլ մի բան չի:
2—ՐԴ — Արևածաղկի սերմ չի մնացե՞լ:
1-ԻՆ — Որտեղի՞ց:
2—ՐԴ — Գրպաններդ քրքրիր:
1-ԻՆ — (եռանդով քրքրում է գրպանները): Մի հատիկ էլ չկա:
2—ՐԴ — Չես խնայում, դրա համար էլ մեր մեկը երկուս չի դառնում: Անջատված չրթում էիր… Ինչի՞ էիր սպասում, հրաշքի՞… Լավ հրաշք էր, որ քո փոխարեն աղիքներդ են ապստամբել:
1-ԻՆ — Բայց տեսքից սրիկա չէր երևում:
2—ՐԴ — Քեզ նայողն էլ կկարծի՝ նախարար ես:
1-ԻՆ — Նմա՞ն եմ:
2—ՐԴ — Հենց դարձար՝ կնմանվես:
1-ԻՆ — Չէ, սրիկա չէր երևում, միայն թե խոստումների կալորիականությունը շատ քիչ էր:
2—ՐԴ — Ուրեմն մտածիր՝ ի՞նչ ենք անելու:
1-ԻՆ — Կարո՞ղ եմ:
2—ՐԴ — Ի՞նչը:
1-ԻՆ — Մտածել:
2—ՐԴ — Փորձը փորձանք չի:
1-ԻՆ — Փորձել եմ: Բայց ուրիշների մտքերը խանգարել են:
2—ՐԴ — Ինձ հետ էլ է պատահել:
1-ԻՆ — Տխուր է, շատ տխուր է, որ մեր միտքը չունենք:
2—ՐԴ — Բանաստեղծություններ հո չե՞ս գրում:
1-ԻՆ — Ուզենամ էլ, չեմ կարող:
2—ՐԴ — Ուրեմն մի՛ տխրիր: Տխուրներին խոստումներ չեն տալիս:
1-ԻՆ — Ոգևորված էլ ձեռքս շատ բան չի ընկնում:
Կրկին գնացքի ձայնը՝ ռիթմիկ, աստիճանաբար ավելի բարձր:
2—ՐԴ — Գնացք չի՞:
1-ԻՆ — Ինքնաթիռը օդում կլիներ:
2—ՐԴ — Տեսնո՞ւմ ես:
1-ԻՆ — Ի՞նչը:
2—ՐԴ — Գնացքը:
1-ԻՆ — Միայն ձայնն եմ լսում:
2—ՐԴ — Բա ո՞նց իմացար՝ օդում չէ:
1-ԻՆ — Ենթադրեցի:
2—ՐԴ — Գլխի էլ չենք ընկել:
1-ԻՆ — Ի՞նչ ենք մոռացել:
2—ՐԴ — Որ կայարանները մարդաշատ են լինում:
1-ԻՆ — Գոնե մեկը հուշեր:
2—ՐԴ — Ո՞վ էր հուշելու… Այնքան շատ ենք, չգիտեն՝ ում հուշել:
1-ԻՆ — Նորից տխրեցի: Այսօր անընդհատ տխրում եմ:
2—ՐԴ — Հիվանդացել ես:
1-ԻՆ — Տխրեցի, որ ուրիշի մասին չեմ մտածում:
2—ՐԴ — Ուրիշի մասին մտածեցիր՝ քեզ բան չի հասնի:
Վազելով հայտնվում է Անին: Բեմի հեռավոր անկյունին հասնելով, կրկին հուսահատ հայացքով ուղեկցում է գնացքը: Ապա համոզվելով, որ ոչինչ հնարավոր չէ շտկել, գլխիկոր ետ է գալիս: 1-ինն ու 2-րդը, որ Անիին տեսնելով հանկարծակիի էին եկել, այժմ արագորեն կարգի են բերում իրենց, ջանալով ավելի բարետես նրան դիմավորել:
ԱՆԻ — Էլի թռավ… Չկարողացա բռնել:
1-ԻՆ — Ներողություն, ո՞վ թռավ… Լավ չլսեցի:
2—ՐԴ — Գնացքի ձայնը խանգարեց:
ԱՆԻ — Գնացքը:
1-ԻՆ — Դրա համա՞ր ես տխրել:
ԱՆԻ — Չհասցրի նստել:
2—ՐԴ — Կարծես ուրիշ բաներ հասցնում ես:
1-ԻՆ — Գնացքները գալիս-գնում են… էլի կգան ու կգնան:
ԱՆԻ — Այս մեկը ետ չի գալիս:
1-ԻՆ — Հեռո՞ւ է գնում:
ԱՆԻ — Չգիտեմ:
1-ԻՆ — Ուրեմն հեռու է, որ չի կարողանում ետ գալ:
2—ՐԴ — Օրը քանի՞ գնացք է գնում:
ԱՆԻ — Մեկը:
2—ՐԴ — Ու ոչ մեկը ետ չի՞ գալիս:
ԱՆԻ — Ոչ մեկը…
1-ԻՆ — Հնարավոր չէ:
2—ՐԴ — Այդքան գնացք հնարավոր չէ գտնել:
ԱՆԻ — Ցավը գտնում է:
1-ԻՆ — Քեզ նման գեղեցիկը ցավ չպիտի ունենա:
ԱՆԻ — Ցավի համար միևնույն է:
1-ԻՆ — Առաջարկություն ունեմ:
ԱՆԻ — Չի փրկի:
1-ԻՆ — Իմացա՞ր՝ ինչ եմ առաջարկելու:
ԱՆԻ — Ինչ էլ լինի՝ չի փրկի:
1-ԻՆ — Ամուսնացիր ինձ հետ:
2—ՐԴ — Հիանալի զույգ կլինեք:
ԱՆԻ — Փոքր-ինչ կասկածում եմ:
2—ՐԴ – Իմանաս՝ ինչեր գիտի:
1-ԻՆ — Կոռուպցիա, մաֆիա, կլան… Շարունակե՞մ:
2—ՐԴ — Բոլորը խոստացողներն են սովորեցրել:
1-ԻՆ — Հետո խոստացել են վերացնել կոռուպցիան էլ, մաֆիան էլ, կլանն էլ:
ԱՆԻ — Չե՞ն ասել՝ տեղն ինչ են դնելու:
1-ԻՆ — Վերացնելը քի՞չ է:
ԱՆԻ — Բավարար է, եթե…
1-ԻՆ — Եթե ի՞նչ անեին…
ԱՆԻ — Ազատություն խոստանային:
1-ԻՆ — Ի՞նչ ազատություն ես ուզում, տեսականին շատ է. խոսքի՞, կրոնի՞, սեռակա՞ն…
2—ՐԴ — Էնքան են խոստացել, քիչ է մնում խելագարվես:
ԱՆԻ — Իմ ուզածն ուրիշ է:
1-ԻՆ — Չե՞ս ուզում ամուսնանալ:
ԱՆԻ — Չի կարելի անծանոթին այդպիսի առաջարկ անել:
1-ԻՆ — Ամուսնանալուց հետո կծանոթանանք:
2—ՐԴ — Երեքով հեշտ կլինի պահանջել:
ԱՆԻ — Ի՞նչ ենք պահանջելու:
2—ՐԴ — Չէի՞ր լսում:
1-ԻՆ — Բայց չհասկացա՝ ինչ ենք պահանջելու:
2—ՐԴ — (բարձրանում է աթոռի վրա, դիմելով 1-ին): Դու էլ բարձրացիր:
Աթոռների վրա կանգնած երկուսով բղավում են՝ խոստում, խոստում…
2—ՐԴ — Ազդեցիկ է, չէ՞…
ԱՆԻ — (զարմացած բարձրացնում է ուսերը):
2—ՐԴ — Ազդեցիկ չի՞…
ԱՆԻ — (առանց պատասխանելու փորձում է հեռանալ):
1-ԻՆ — (նկատելով Անիի հեռանալը): Հե՜յ… Կայարանի տեղը չասացիր:
ԱՆԻ — (շրջվելով): Ինքներդ գտեք:
2—ՐԴ — Գոնե ասա՝ ինչքան մարդ է հավաքվում:
ԱՆԻ — Այնտեղ կհաշվեք:
2—ՐԴ — Թիվը կարևոր է, որովհետև խոստացողները մարդաշատ վայրերն են նախընտրում:
ԱՆԻ — Կայարաններում չի ստացվի:
1-ԻՆ — Հիմա կայարանի տեղը չե՞ս ուզում ասել:
ԱՆԻ — Իմ մեջ է, ու ինձանից բացի ոչ ոք չկա: Խոստում եք ուզում՝ եկեղեցի գնացեք… Աստված ինքը ամենամեծ խոստումն է: (Պատասխանի չսպասելով հեռանում է:)
Անիի գնալուց հետո հայտնվում է Սեթը՝ մտազբաղ, մռայլված: Նրան տեսնելով, 1-ինը մի պահ ոգևորվում է, սակայն 2-րդը արագ իջնելով աթոռից, միաժամանակ 1-ինի ոտքից քաշելով, ստիպում է, որ նա էլ իջնի:
1-ԻՆ — Չպահանջե՞մ…
2—ՐԴ — Իջիր, քանի նրա հարցերից չես տապալվել:
1-ԻՆ — Ո՞ւր գնանք:
2—ՐԴ — Քաղաքապետարանի կողմը վաղուց չենք եղել:
Գրկում են աթոռները և երաժշտության տակ պարելով, մինչև Սեթի մոտենալը, փորձում են հեռանալ:
ՍԵԹ — (ծանրաքայլ առաջանալով): Փախան, ինձանից փախան… Արդեն մայթերն էլ չեն ընդունում ինձ և քիչ է մնում տակովն անեն… Խորշում են ինչպես համաճարակից… Գուցե հիշողություն չունենալը իսկապե՞ս վարակիչ է… Հիվանդացողները չեն կարողանում հասկանալ, թե իրենք ով են… Հեղինակի աղջիկը ավելի շատ զզվում էր… Բառերը գլխիս մեջ են՝ սուր քարի պես… Հայացքն էլ շարունակում է հետապնդել՝ սառը, անտարբեր…
Հաջորդող պատկերը Սեթի հետ քիչ առաջ կատարվածի մտային վերարտադրությունն է: Բեմի հանկարծակի մթնելուն պես լույսի երկու շողի մեջ հայտնվում են Սեթն ու Հեղինակի աղջիկը: Աղջիկը, չնայած հանգիստ պահվածքին, չի կարողանում ներքին լարվածությունը թաքցնել:
ԱՂՋԻԿ — Չեմ սիրում հորս գրական հերոսների հետ շփվել:
ՍԵԹ — Թույլ տուր մի քիչ կողքիդ մնալ:
ԱՂՋԻԿ — Մարդուն մի ստվերն էլ հերիք է, իսկ ուզում ես երկրորդը լինել:
ՍԵԹ – Ոտքերիդ տակ կլինեմ, չեմ խանգարի:
ԱՂՋԻԿ — Ամուր հողն ավելի նախընտրելի է:
ՍԵԹ — Հող կլինեմ, ապառաժ…
ԱՂՋԻԿ — Բայց բառերդ սրտխառնոց են առաջացնում:
ՍԵԹ — Ամբողջովին զգացմունք եմ, զգացմունքը սրտխառնոց չի առաջացնի:
ԱՂՋԻԿ — Մերկ զգացմունքը շուտ է թառամում:
ՍԵԹ — Ինձանով է սնվում՝ չի թառամի… Մինչև ինձ չվերջացնի, չի թառամի:
ԱՂՋԻԿ — Երբ վերջացնի, չեմ ուզում դրա վկան ես լինեմ:
ՍԵԹ — Ուրեմն դատավորը եղիր:
ԱՂՋԻԿ — Վճիռը մեկն է՝ հեռացիր:
ՍԵԹ — Սիրտս քեզ մոտ եմ թողել, չեմ կարող:
ԱՂՋԻԿ — Սիրտ չունեցողը սերը ստամոքսի մեջ է պահում:
ՍԵԹ — Սերն ինքն է ինձ իր մեջ տեղավորել:
ԱՂՋԻԿ — Ինձ չպիտի մոտենայիր, իմ ճանապարհը չպիտի փակեիր… Դատը չի վերջացել, շարունակվում է… Զգուշացիր…
Շողը, որի մեջ Հեղինակի աղջիկն էր, անհետանում է: Խավարի մեջ լսվում է ծանոթ հեռախոսազանգը: Չնայած Գիժը չի երևում, բայց հասկացվում է, որ նա է շողի մեջ կանգնած Սեթի թևից քաշում: Բեմը լուսավորվում է: Սեթը քնից հանկարծակի արթնացողի պես ցնցվում է ամբողջ մարմնով:
ԳԻԺ — Ինչո՞ւ ես դողում:
ՍԵԹ — Ուրու հո չե՞ս:
ԳԻԺ — Տուու, տուու… Շտապ օգնությունն էլ լսափողը չի վերցնում:
ՍԵԹ — Ո՞նց հայտնվեցիր:
ԳԻԺ — Ինչպես անհետանում, այնպես էլ հայտնվում եմ:
ՍԵԹ — (վերջնականապես ուշքի գալով): Լավ էլ հաջողվում է:
ԳԻԺ — Բանաստեղծություն ուզո՞ւմ ես լսել:
ՍԵԹ — Միևնույն է:
ԳԻԺ — Եթե միևնույն է,
մերժումն էլ նույնն է,
ավելի թույն է
լռությունը…
Զարմանալի է, սերը դատարկություն չի սիրում, իսկ քո մեջ հայտնվել է:
Սեթը անսպասելի բռնում է Գժի ուսերից, թափահարում է:
ՍԵԹ — Ի՞նչ իմացար… Այդքան թափանցի՞կ եմ, որ երևաց… Այդպես էլ չիմացա՝ ով ես…
ԳԻԺ — Թող, մի՛ թափահարիր… Հեռախոսի լարերը կկտրես:
ՍԵԹ — (շարունակելով թափահարել): Ասելո՞ւ ես, հեղինակը քեզ ինչ է հանձնարարել:
ԳԻԺ — (հուսահատված): Կկտրես, բոլոր լարերը կկտրես…
ՍԵԹ — Ասելո՞ւ ես:
ԳԻԺ — Եթե լսափողը վերցնի:
ՍԵԹ — Հեղինա՞կը…
ԳԻԺ — Ճակատագիրը:
ՍԵԹ — (վերջապես բաց է թողնում): Թուհ, քո խելագար…
ԳԻԺ — Տո՜ւո՜ւ, տո՜ւո՜ւ… (Փորձում է արագ հեռանալ:)
ՍԵԹ – Հե՛յ:
ԳԻԺ — Խոստացիր, որ էլ չես թափահարի:
ՍԵԹ — Եթե լսափողը վերցնի…
ԳԻԺ — Ի՞նչ եմ ասելու:
ՍԵԹ — Իմ մասին հարցրու…
ԳԻԺ — Ի՞նչ:
ՍԵԹ — Թե ով եմ: (Հեռանում է:)
ԳԻԺ — Տուու, տուու… (Հեռանում է հակառակ ուղղությամբ:)
ՊԱՏԿԵՐ ՉՈՐՐՈՐԴ
Սեթը միայնակ է ու, թվում է, չգիտի անելիքը: Հեղինակին տեսնելով՝ ավելի է նյարդայնանում: Հեղինակն էլ է անակնկալի գալիս, փորձում է թաքնվել, որպեսզի Սեթն իրեն չտեսնի, սակայն հասկանալով, որ արդեն տեսել է, դժկամ նրան է մոտենում:
ՀԵՂԻՆԱԿ — Չէի սպասում:
ՍԵԹ — Երևում է, այնքան էլ ուրախ չես:
ՀԵՂԻՆԱԿ — Տխրելու պատճառ էլ չկա:
ՍԵԹ — Կարող ես բարևել ու անցնել, կարող ես չբարևել ու էլի անցնել:
ՀԵՂԻՆԱԿ — Կարող էի ու չարեցի:
ՍԵԹ — Դեռ ուշ չէ:
ՀԵՂԻՆԱԿ — Ուշ է, եթե արդեն բարևել ես:
ՍԵԹ — Դեռ չես բարևել:
ՀԵՂԻՆԱԿ — Վերջերս սովորական է դարձել ժամանակին չկողմնորոշվելը: Բարև: Գլխումս խառնաշփոթ է: Բառերն էլ այլևս չեն ենթարկվում, փախչում են: Իսկ առանց հավատարիմ բառերի շատ բան չես անի:
ՍԵԹ – Քեզանից՝ բառերը, ինձանից փախչում է՝ ով պատահի: Դու էլ դժկամությամբ մոտեցար:
ՀԵՂԻՆԱԿ — Ներսդ մի բան կա, որ չի թողնում մոտենալ:
ՍԵԹ — Հրե՞շ է, վա՞գր է…
ՀԵՂԻՆԱԿ — Անորոշությունը դրանցից սարսափելի է:
ՍԵԹ — Դրա հեղինակն էլ դու ես:
ՀԵՂԻՆԱԿ — Կցանկանայի օգնել, միայն թե…
ՍԵԹ — Դժվար է հավատալ, որ ցանկանում ես:
ՀԵՂԻՆԱԿ — Հավատա, շատ եմ մտածել…
ՍԵԹ — Միայն մտածելը քիչ է:
ՀԵՂԻՆԱԿ — Նախկին ուժերս չկան, ինքդ էլ ոչինչ չես նախաձեռնում:
ՍԵԹ — Անորոշությունը չի թողնում:
ՀԵՂԻՆԱԿ — Բայց չես էլ փորձել:
ՍԵԹ — Զրոն ինչով բազմապատկես՝ զրո է:
ՀԵՂԻՆԱԿ — Ուրիշ արժեք գտնեիր, ուրիշ արժեքով բազմապատկեիր:
ՍԵԹ — Փնտրել եմ, միայն զրո է:
ՀԵՂԻՆԱԿ — Դրա համար էլ ժամանակը չընդունեց քեզ:
ՍԵԹ — Ընդունում են, ում ճանաչում են:
ՀԵՂԻՆԱԿ — Մերժելիս էլ ճանաչելով են մերժում:
ՍԵԹ — Ո՞նց, եթե նույնիսկ ես ինձ չգիտեմ:
ՀԵՂԻՆԱԿ — Ժամանակը մի քիչ ավելին է իմանում:
ՍԵԹ — Մարդու մասին մարդուց ավելի չի կարող իմանալ:
ՀԵՂԻՆԱԿ — Դրա պատասխանն է, որ չեմ կարողանում գտնել:
ՍԵԹ — Եվ թղթերը ճմրթում ու աղբարկղն ես նետում:
ՀԵՂԻՆԱԿ — Թղթերը ճմրթելու պատճառներն ավելի շատ են: Ոչ մի քարտեզի վրա չգտա քո արդար երկիրը… Ուտոպիստներն էլ մոդայիկ չեն:
ՍԵԹ — Ռոբոտները չեն թողնի, որ մոդայիկ լինեն:
ՀԵՂԻՆԱԿ — Ինչո՞ւ ռոբոտները:
ՍԵԹ — Որովհետև նրանք էլ հիշողություն չունեն: Հաշվե՞լ ես, քանի թուղթ ես աղբամանը գցել… Թուղթ է, էլի, ճմրթել ու գցել ես… Ու այդ թղթերի հետ քանիսն են անհետացել… Ու մտքովդ էլ չի անցել, որ թղթի վրայի սպանությունը նույն սպանությունն է, համարյա նույնը…
ՀԵՂԻՆԱԿ — Գրողը չի կարող սպանել…
ՍԵԹ — Գիտեմ, որ միամիտ չեք… Ձևացնում եք, թե անմեղ եք, թե դուք չէ, այլ ամեն ինչ հերոսների մեղքով է լինում: Ասում են՝ Տոլստոյը Աննա Կարենինայի համար լացել է: Ինչո՞ւ… Իբր նրա մահը իր կամքից անկախ է: Բա ինչո՞ւ «Պատերազմ և խաղաղություն» վեպի հազարավոր զոհերի համար նույնիսկ չի թախծել… Տրամադրությունն էլ չի ընկել: Իսկ Աննայի համար լացել է: Երևի սիրահարված է եղել: Հնարավոր չի՞, որ հեղինակը իր հերոսուհուն սիրահարվի:
ՀԵՂԻՆԱԿ — Գրողը չի կարող իր հերոսների բոլոր գործողությունները տնօրինել:
ՍԵԹ — Բայց ցանկության դեպքում մեռածին էլ հարություն է տալիս:
ՀԵՂԻՆԱԿ — Մեռածը չի կարող հարություն առնել:
ՍԵԹ — Հիսուսը հարություն առավ:
ՀԵՂԻՆԱԿ — Մեռած չէր, որ հարություն առներ:
ՍԵԹ — Չլինի՞ բոլորին խաբել է:
ՀԵՂԻՆԱԿ — Չի իմացել, որ հոգին իր մարմնից յոթ անգամ ծանր է եղել:
ՍԵԹ — Ուրեմն խաչողներին չպիտի մեղադրել:
ՀԵՂԻՆԱԿ — Մեղավոր են այնքանով, որ հավատացել են, թե մեռել է:
ՍԵԹ — Իմ մեղքը ո՞րն է:
ՀԵՂԻՆԱԿ — Որ կարծում ես՝ մեռած ես:
ՍԵԹ — Եթե իրոք մեռա՞ծ եմ…
ՀԵՂԻՆԱԿ — Հարցեր չէիր տա ու չէիր մեղադրի… Մեռածների համար ամեն ինչ միևնույն է:
ՍԵԹ — Հնարավոր է՝ մեռած չեմ, բայց չեմ էլ ապրում, ընդամենը գոյություն եմ, ինչ-որ նշան կամ ցուցանակ… Չէ՞ որ ապրելը հիշողություն է…
ՀԵՂԻՆԱԿ — Գրելիս կարծում էի՝ կկարողանամ քեզ ներկայիս նյութապաշտությանը հակադրել: Բայց նյութապաշտությունը հարցեր չի սիրում: Հակադրվելը չստացվեց: Նյութապաշտությունը սովոր չէ հակադրության: Աստիճանաբար ամեն ինչ խճճվեց ու ակամայից խաղից դուրս մնացի, չնայած ձևացնում եմ, թե դեռ խաղում եմ… Գրողն Աստված չի, որ քաոսի մեջ կարողանա կողմնորոշվել…
ՍԵԹ — Կողմնորոշվողը կողմնորոշվում է:
ՀԵՂԻՆԱԿ — Այդպես էլ է պատահում:
ՍԵԹ — Ի՞նքը կողմնորոշվեց, թե՞ դու ուժերդ նրան տվեցիր, որ այսպես ուժասպառվել ես:
ՀԵՂԻՆԱԿ — Նա առավելություն ուներ, ժամանակները փոխվում են, քաղաքական գործիչների վարքը չէ… Բառապաշարն էլ համարյա նույնն է մնացել: Գրողի համար նրանց կերպարը դժվարություններ չի առաջացնում: Նրանք հասկացել են, որ այս աշխարհից այն աշխարհ ոչինչ չի կարելի տանել և ուրեմն այս աշխարհում է պետք վայելել:
ՍԵԹ — Միջոցների մեջ խտրություն չդնելով:
ՀԵՂԻՆԱԿ — Նաև այդպես:
ՍԵԹ — Եվ ոչինչ չի կարելի անել:
ՀԵՂԻՆԱԿ — Ստացվում է, որ չի կարելի:
ՍԵԹ — Փորձիր առաջինը լինել ու գոնե նրա խաղաթղթերը խառնել:
ՀԵՂԻՆԱԿ — Նա արդեն շատ է առաջ գնացել:
ՍԵԹ — Քո ուսերի վրայով:
ՀԵՂԻՆԱԿ — Ուսերս արդեն ցածր են նրա համար:
ՍԵԹ — Բայց նրանք են առաջին աստիճանը եղել:
ՀԵՂԻՆԱԿ — Երևի չի էլ հիշում:
ՍԵԹ — Նրա հիշողությանը ի՞նչ եղավ:
ՀԵՂԻՆԱԿ — Նրա հիշողությունը ճիշտ իր չափով է՝ ոչ մեծ և ոչ փոքր:
ՍԵԹ — Չափսերն էլ դու ես վերցրել:
ՀԵՂԻՆԱԿ — Վերցրել էի: Բայց հիմա նոր կենսագրություն է ուզում: Իշխանություն է: ՍԵԹ — Էլի ես չափսերը վերցնելու:
ՀԵՂԻՆԱԿ — Դիմադրելն անիմաստ է:
ՍԵԹ — Մի կիսակար հիշողություն էլ ինձ տայիր:
ՀԵՂԻՆԱԿ — Փորձել եմ, բայց Աստված ոնց կավից ստեղծել է քեզ, այդպես էլ մնացել ես: Իսկ կյանքը փոխվել է ու մարդիկ՝ նույնպես:
Անսպասելի հայտնված Հեղինակի աղջիկը միանգամից հարձակվում է Սեթի վրա:
ԱՂՋԻԿ — Անասուն, լկտի անասո՛ւն… Հիմա էլ նրա վրա ե՞ս հարձակվել:
Սեթը ձեռքերով փորձում է պաշտպանվել:
ՀԵՂԻՆԱԿ — Պետք չէ, խնդրում եմ… Ոչինչ չի եղել…
ԱՂՋԻԿ – Չգիտես՝ ինչ հրեշ է, չգիտես՝ ով է…
ՀԵՂԻՆԱԿ — Այդ մասին էլ խոսում էինք:
ԱՂՋԻԿ — Պիտի վռնդել, իսկ դու խոսում ես: Վարակ է, համաճարակ…
ՀԵՂԻՆԱԿ — Պետք չէ, գիտես, որ կոպտություն չեմ սիրում:
ԱՂՋԻԿ – Իմանաս՝ ինչ է արել, գազան էլ կդառնաս: Երեկ այս անասունը փորձում էր ինձ բռնաբարել:
ՀԵՂԻՆԱԿ — Անհավատալի է:
ՍԵԹ — Չի եղել:
ԱՂՋԻԿ — Չես հավատում: Հարցրու՝ ճանապարհս ինչո՞ւ էր կտրել:
ՍԵԹ — Ուզում էի ընդամենը…
ԱՂՋԻԿ — Նրա համար դա ընդամենը ընդամեն է:
ՍԵԹ — Ուզում էի ծանոթանալ, մի քիչ կողքիդ լինել:
ԱՂՋԻԿ – Իրականում՝ հետս լինել:
ՍԵԹ — Կեղծիքը… Շրթունքներիդ վրա…
ԱՂՋԻԿ — Շրթունքներս էլ չի մոռացել:
ՍԵԹ — Չեմ հասկանում… Ոչինչ չեմ հասկանում…
ԱՂՋԻԿ — Լավ էլ հասկանում էիր:
ՍԵԹ — Քեզ ի՞նչ է եղել… Նա չես, ինչ հիմա ես…
ԱՂՋԻԿ — Պարզ է՝ երեկվանը չեմ:
ՍԵԹ — Չէ՞ որ սա զրպարտություն է:
ՀԵՂԻՆԱԿ — Իմ աղջիկը երբեք չի կեղծել:
ԱՂՋԻԿ — Տականքին տես… Ստախոս էլ դարձա… Հանցագործի համար զոհի բողոքը միշտ էլ զրպարտություն է:
ՍԵԹ — Ասա, որ խաղ է, կատակ է… Հիմար խաղ է ու հիմար կատակ, բայց… Գուցե վայել չէր… Փողոցում… Վիրավորվել ես…
ԱՂՋԻԿ — Հիմա էլ տա՞նն ես ուզում փորձել:
ՀԵՂԻՆԱԿ — Վերջապես գտա քո արդար երկիրը: Ինքդ օգնեցիր, որ գտնեմ: Բանտը… Քեզ համար այդ երկիրը բանտը կլինի:
ՍԵԹ — Չեմ արել, մեղավոր չեմ… Որոշել են ինձ ոչնչացնել:
ԱՂՋԻԿ — Ահաբեկիչ էլ դարձանք:
ՀԵՂԻՆԱԿ — Հիշողություն չունեցողը դա էլ չի հիշի:
ԱՂՋԻԿ — Ժամանակին աղբամանը պիտի գցեիր… Քո մեղքն էլ է… Քեզ ե՞րբ են զգուշացրել, որ այս տականքին այլևս չհանդիպես ու հետը չխոսես:
ՍԵԹ – Բացատրեք, ի՞նչ է կատարվում:
ԱՂՋԻԿ — Դատարանն ամեն ինչ կբացատրի:
ՀԵՂԻՆԱԿ — Դու էլ քո ընկերոջը գտար՝ մեղքը… Ավելի հավատարիմ մեկին չէիր գտնի… Գերեզմանում էլ քեզ չի լքի:
ՍԵԹ — Ինչի՞ համար, եթե մեղավոր չեմ:
ԱՂՋԻԿ — (հոր թևից բռնելով): Գնանք, սրա հետ չտեսնի:
ՀԵՂԻՆԱԿ — Նրան ի՞նչ անենք:
ԱՂՋԻԿ — Նա իր պատիժը կստանա: (Փորձում է հորը տանել:)
ՍԵԹ — Ինչո՞ւ…
ԱՂՋԻԿ — (շրջվելով): Դեռ հարցնում է: Տակա՛նք: Քո պատասխանելու ժամանակն է, որովհետև հարցերը քեզ են տալու:
Հեռանում են: Սեթը շփոթված է: Հնչում է երաժշտությունը, աթոռները գրկած հայտնվում են 1-ինն ու 2-րդը:
ՍԵԹ — Աղջիկը… Հնարավոր չէ… Հայրն էլ անտեղյակ էր… Գուցե ձևացնում էր… Ով էր զգուշացրել, որ չտեսնի ու հետս չխոսի: (Լռում է, փորձում է գուշակել:) Մի՞թե… Աղջկան ո՞նց է համոզել… Նոր կենսագրություն է ուզում… Հինը ջնջել է պետք: Թող անի, թող ջնջի… (Նորից է լռում:) Հա՛… Հնի մեջ ես էլ եմ…
l-ինն ու 2-րդը վերջապես դադարում են պարել, աթոռները դնում են հատակին, բարձրանում են ու բղավում՝ խոստում, խոստում… Նրանց ձայնից Սեթը շրջվում է և, ինչ-որ բան մտածելով, արագ նրանց է մոտենում:
ՍԵԹ — Ե՞րբ եք եկել:
1-ԻՆ — Վաղուց:
ՍԵԹ — Ուրեմն վկա էիք ու լսում եք:
1-ԻՆ — Ոչինչ էլ չենք լսել:
2—ՐԴ — Խոստում չեղավ, ամեն ինչի համար խուլ ենք:
ՍԵԹ — Ինձ բանտ են ուզում գցել:
1-ԻՆ — Չգիտենք, չենք լսել:
2—ՐԴ — Մենք ուրիշի գործերին չենք խառնվում:
ՍԵԹ — Զրպարտում են, փորձում են ոչնչացնել:
2—ՐԴ — Մեզ ինչ, թե ինչ են անում:
Կրկին միասին բղավում են՝ խոստում, խոստում…
ՍԵԹ — Չհասկացա՞ք, որ բանտ են ուզում գցել:
1-ԻՆ – Մի՛ գոռա, խուլ չենք…
ՍԵԹ — Խնդրում եմ:
1-ԻՆ — Դու մեզ չես կարող խնդրել:
ՍԵԹ — Դատարանում վկայեք, որ անմեղ եմ:
2—ՐԴ — Դու ոչինչ չես կարող մեզ պարտադրել:
1-ԻՆ — Գուցե անմեղ ես, գուցե և մեղավոր ես:
ՍԵԹ — Խիղճ ունեցեք:
2—ՐԴ — Դու մեր խիղճը դատարան չես կարող տանել:
ՍԵԹ — (բորբոքված): Փոխարենը հիմա երկուսիդ գլուխն էլ կջադրեմ:
1-ԻՆ — (իջնում է աթոռից, աթոռը ձեռքը վերցնելով, փորձում է պաշտպանվել): Ապա փորձիր:
2—ՐԴ — (նույնը անելով): Մենք մեր իրավունքները գիտենք:
ՍԵԹ — (իրավիճակը գնահատելով): Թո՛ւհ, ձեր մարդ ասողի… (Շրջվում, հեռանում է:)
1-ԻՆ — Իզուր էլ աթոռը գլխին չտվեցի:
2—ՐԴ — Չփախներ, գիտե՞ս ինչ կանեի…
1-ԻՆ — Չի հավանում… Մուրացիկի մեկը:
2—ՐԴ — Ի՞նչ էր ուզում:
1-ԻՆ — Այստեղ չէի՞ր:
2—ՐԴ — Լսեցի ու չհասկացա:
1-ԻՆ — Ուզում էր՝ խոստովանենք:
2—ՐԴ — Ի՜նչ վայրենություն:
1-ԻՆ — Դատարան էր կանչում:
2—ՐԴ — Իզուր չխփեցի:
1-ԻՆ — (հայացքը սևեռում է ձախ կողմի վրա և ոգևորված բարձրացնում է ձեռքը):
2—ՐԴ — Ի՞նչ տեսար:
1-ԻՆ — Չես հավատա:
2—ՐԴ — Շուտ ասա:
1-ԻՆ — Նա է:
2—ՐԴ — Ո՞վ:
1-ԻՆ — Նա, էլի…
Ուշադիր շուրջը զննելով, հայտնվում է Գոռը: Ինչ-որ բան է փնտրում կամ ինչ-որ մեկին:
2—ՐԴ — Ճիշտ որ…
1-ԻՆ — Շարժվիր, կգնա՝ չենք հասցնի:
Վերցնում են աթոռները, դեմքի սիրալիր, շողոքորթ արտահայտությամբ վազում են Գոռին ընդառաջ, չմոռանալով բղավել՝ խոստում, խոստում… Գոռը, ըստ երևույթին, չէր սպասում և խոժոռվում է բայց քիչ անց մարտավարությունը փոխելով, ինքն էլ սիրալիր ժպտում է:
ԳՈՌ – Ո՛չ այսօր, ո՛չ այսօր…
1-ԻՆ — Խոստում, խոստում…
2—ՐԴ — Խոստում, խոստում…
ԳՈՌ — Կարելի է վաղը, թող մնա վաղը…
1-ԻՆ — Այսօր, այսօր:
2—ՐԴ — Խոստում, խոստում…
ԳՈՌ — Գործերս խառն են, վաղը… Այստեղ ո՞ւմ եք տեսել:
1-ԻՆ — Մուրացկանն էլ հետներն էր:
ԳՈՌ — Ի՞նչ մուրացկան:
1-ԻՆ — Ուզում էր, իրեն խոստովանենք:
2—ՐԴ — Ասում էր, զրպարտել են, բանտ են ուզում գցել:
ԳՈՌ — Չէ՞ր ասում՝ ո՛վ…
1-ԻՆ – Ասացինք՝ ուրիշի գործերին չենք խառնվում:
ԳՈՌ — Էլ ի՞նչ էր ասում:
1-ԻՆ — Փախավ, որ գլուխը չջարդենք:
2—ՐԴ — Զղջացի, որ չեմ ջարդել:
1-ԻՆ — Խոստում, խոստում…
2—ՐԴ — Խոստում, խոստում…
ԳՈՌ — Խոստանում եմ… Միայն վաղը, վաղը անպայման… (Արագ հեռանում է:)
1-ինն ու 2-րդը աթոռները գրկած վազում են նրա ետևից, շարունակելով վանկարկել’ խոս-տում, խոստում…
ՊԱՏԿԵՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ
Երաժշտություն: 1-ինն ու 2-րդը աթոռները գրկած պարում են: 1-ինը պարը դադարեցնելով տնքում է:
1-ԻՆ — Հոգնեցի:
2—ՐԴ — Մարդը դժվարություններին էլ պիտի վարժվի:
1-ԻՆ — Մուրացկանը մտքիցս դուրս չի գալիս:
2—ՐԴ — Պարապությունից է:
1-ԻՆ — Վիճակը վիճակ չէր ու վրաս ազդեց:
2—ՐԴ — Էլի պատահե՞լ է:
1-ԻՆ — Ի՞նչ էր պատահելու:
2—ՐԴ — Որ ազդված լինես:
1-ԻՆ — Չեմ հիշում:
2—ՐԴ — Ուրեմն հիվանդացել ես:
1-ԻՆ — Ասում են՝ փորձել է հարսնացուին բռնաբարել:
2—ՐԴ — Բռնաբարե՞լ է…
1-ԻՆ — Ասում են:
2—ՐԴ — Հիմա հասկացա՞ր…
1-ԻՆ — Ի՞նչը:
2—ՐԴ — Թե դատարան մեզ ինչու էր կանչում:
1-ԻՆ — Ուզո՞ւմ էիր գնալ:
2—ՐԴ — Մտքովս չի անցնում:
1-ԻՆ — Ենթադրենք գնացել ես, ի՞նչ էիր ասելու:
2—ՐԴ — Որ չի բռնաբարել:
1-ԻՆ — Մենք նրա էն բա՞նն ենք, որ իմանանք՝ արե՞լ է, թե՞ չի արել:
2—ՐԴ — Աղջկա բանն էլ չենք:
1-ԻՆ — Ես էլ ազդվել եմ:
2—ՐԴ — Անցա՞վ…
1-ԻՆ — Չէր էլ եղել:
2—ՐԴ — Ասում են՝ ինքն է ուզել աղջկա հետ ամուսնանալ:
1-ԻՆ — Ո՞ր հիմարը քաղաքական գործչին թողած նրա հետ կամուսնանար:
2—ՐԴ — Լավ կլիներ մուրացկանին ուզեր:
1-ԻՆ — Նույնը չի՞:
2—ՐԴ — Ո՞նց… Հիմա կինն է ամենակարևորը: Ինչքա՜ն խոստումներ է տվել ու դեռ տալու է:
1-ԻՆ — Բա մե՞նք:
2—ՐԴ — Հիմա կնոջը խոստանալու ժամանակն է:
1-ԻՆ — Հարսանիքին էլ չեղանք:
2—ՐԴ — Թողեցի՞ն որ: Չինովնիկները հազիվ էին տեղավորվել:
1-ԻՆ — Միշտ էլ փոքր երկրում չինովնիկները շատ են լինում:
2—ՐԴ — Մուրացկանին էլ չթողեցին:
1-ԻՆ — Այնտեղ էի, որ վզակոթին տալով դուրս գցեցին:
2—ՐԴ — Ուրեմն բռնաբարել է կամ փորձել է բռնաբարել:
1-ԻՆ — Բոլորը նույնն էին ասում:
2—ՐԴ — Ո՞նց է՝ բանտում չի:
1-ԻՆ — Քաղաքական գործիչն ասել է՝ ամուսնությունից առաջ անախորժություններ չի ուզում: Ասել է՝ հարսանիքից հետո հարցերը կլուծի… Մի չինովնիկ էլ փսփսում էր, թե բանտ գցելուց հետո այնպես է անելու, որ հենց բանտում էլ ոչնչացնեն:
2—ՐԴ — Կամաց, այդպիսի բաները կամաց են ասում:
1-ԻՆ — Նաև ասում էին, թե նա ու մուրացկանը ընկերներ են եղել: Մուրացկանը սիրահարվել է հարսնացուին, որից հետո գժտվել են:
2—ՐԴ — Միայն թե խելքը կնոջը չտա:
1-ԻՆ — Տա-չտա՝ միևնույն է: Տանից դուրս գալիս խոստանալու է, տուն եկավ՝ չի կարող չխոստանալ:
2—ՐԴ — Ինչ երջանկություն է:
1-ԻՆ — Ի՞նչը:
2—ՐԴ — Կին լինելը:
1-ԻՆ — Նախանձելու բան չի:
2—ՐԴ – Պատկերացրու, առավոտը՝ խոստում, երեկոյան՝ խոստում:
1-ԻՆ — Կեսօրին էլ բռնաբարում են:
2—ՐԴ — Հո բոլորին չեն բռնաբարում:
1-ԻՆ — Մուրացկանն էլ բռնաբարած չի լինի:
2—ՐԴ — Երևի չեն ուզում անընդհատ երևա ու խանգարի:
1-ԻՆ — Ես էլ եմ մտածում, որ արած չի լինի:
2—ՐԴ — Շա՞տ ենք պարապ կանգնած սպասելու:
1-ԻՆ — Պարապ նստենք էլ, սպասելու ենք:
2—ՐԴ — Ձանձրալի է:
1-ԻՆ — Խեղճը կխելագարվի:
2—ՐԴ — Ո՞վ:
1-ԻՆ — Մուրացկանը:
2—ՐԴ — Ասում են, հիշողությունը կորցրել է, ասում են, ընդհանրապես հիշողություն չի ունեցել:
1-ԻՆ — Թե չէ այդքան հարց չէր տա:
2—ՐԴ — Նրա ցավը հո մեզ չե՞ն տվել… Կարծես մերը քիչ է: Հիշի՛ր, քանի տարի կա մինչև հաջորդ ընտրությունները… Սկսնակների խոստումներից ականջներս խցանվում են:
1-ԻՆ — (բարձրանում է աթոռին ու բղավում է): Խոստում, խոստում… Լսեցի՞ր:
2-ՐԴ — Էն էլ ոնց: Աշխարհում ամենաշատը ականջներս եմ սիրում:
1-ԻՆ — Հիմա էլ դու գոռա:
2—ՐԴ — (բարձրանում է աթոռին, գոռում է): Խոստում, խոստում… Ո՞նց է…
1-ԻՆ — Հիանալի:
2—ՐԴ — Քանի որ բարձրացել ենք, հիմա էլ միասին գոռանք: (Երկուսով բղավում են՝ խոստում, խոստում…)
Նրանց աղմուկի միջից առանձնանում է ծանոթ հեռախոսազանգը՝ տուու, տուու… Հայտնվելով, Գիժը սկսում է պտտվել 1-ինի ու 2-րդի շուրջը, չմոռանալով զնգալ: Զգալով, որ նրանց ուշադրությունը չի կարողանում գրավել, Գիժը կանգնում է:
ԳԻԺ — Կողքիս էլ լինի, ձեր աղմուկից չի լսի:
1-ԻՆ – Ասա՝ ականջները մաքրի:
ԳԻԺ — Չե՞ք ուզում իջնել
1-ԻՆ — Այսպես ավելի հարմար է:
ԳԻԺ — Գետնից հարմա՞ր է:
1-ԻՆ — Գետնի վրա ոչ մեկը մյուսին չի լսում:
2-ՐԴ — Գետնից բարձր պիտի լինես, որ լսեն:
ԳԻԺ — (քաշելով 1-ինի ոտքից): Ապա իջիր:
1-ԻՆ — Դու ինձ չես կարող ստիպել, որ իջնեմ:
ԳԻԺ — Իջիր, ասում եմ: (Ուժով իջեցնում է:)
1-ԻՆ — Իրավունք չունեիր ինձ իջեցնել:
2-ՐԴ — Հիմա գլուխը ջարդելով նրան կիջեցնեմ:
1-ԻՆ — (փորձում է աթոռը քաշել Գժի ոտքերի տակից): Կիմանաս, ուժը ոնց է լինում:
ԳԻԺ — (ոտքով հրում է 1-ինին և սկսում է սովորականից բարձր զնգալ): Տուու, տուու…
2—ՐԴ — (իջնում է աթոռից, աթոռը ձեռքն առնելով հարձակվում է Գժի վրա): Հիմա էնպես զնգացնեմ, որ մեռելներն էլ լսեն:
1-ԻՆ — Ուժեղ խփիր, որ հեռախոսը չկարողանա հավաքել:
ԳԻԺ — (կրկին ոտքով պաշտպանվում է): Լռեք… Տուո՜ւ, տուո՜ւ… Նույնն է՝ գետնի վրա, թե գետնից բարձր:
2-ՐԴ — (համակերպված): Եթե ուզում ես խոստանալ, մեզանից լավ լսող չես գտնի:
1-ԻՆ — Գիշերներն էլ զանգես, չես գտնի:
ԳԻԺ — Ճակատագիրը խոստումներ չի տալիս:
2-ՐԴ — Բա ի՞նչ է տալիս:
ԳԻԺ — Եթե սիրեց՝ ինքն իրեն:
1-ԻՆ — Իջիր իմ աթոռից:
ԳԻԺ — (իջնում է): Վերցրու:
2-ՐԴ — Հետաքրքիյր չէ քո այդ ճակատագիրը:
ԳԻԺ — (արտասանում է):
Հետաքրքիրը
երկնքի երգն է,
որ գոռոզացել
ու չենք լսում:
Նա է հուշում մեզ,
թե կյանքի վերքը
ուրիշի մեջ չէ,
այլ մեր ներսում:
2—ՐԴ — Պոե՞տ ես:
ԳԻԺ — Ճակատագրին հետապնդողը չի կարող չգրել: Տուո՜ւ, տուո՜ւ… (Հեռանում է:)
Լսվում է հեռացող գնացքի ձայնը: Սովորականի պես Անին վազում է դեպի հեռավոր անկյունը: Արարողությունը կրկնվում է: Անին կանգնում է հուսահատ և հայացքով ուղեկցում է գնացքը: Նրան տեսնելով 1-ինն ու 2-րդը աշխուժանում են, փորձում են կարգի բերել հագուստները, մազերը հարդարել:
1-ԻՆ — Մոտեցավ, նորից եմ առաջարկելու:
2—ՐԴ — Ի՞նչ ես առաջարկելու:
1-ԻՆ — Որ ինձ հետ ամուսնանա…
Հայտնվում է Սեթը, վազելով հասնում է Անիին և կանգնում նրա կողքին: Նրա պես փորձում է հայացքով ուղեկցել գնացքը: Զգացվում է, որ նա էլ ինչ-որ բանից հիասթափված է:
2—ՐԴ — Ամուսնությունդ ստիպված ես նետաձգել:
1-ԻՆ — Շատ այլայլված է:
2—ՐԴ — Երևի կարծում է՝ իր դժբախտության մեղավորը մենք ենք:
1-ԻՆ — Ուրիշի վրեժը մեզանից կլուծի:
2—ՐԴ — Մեր գործը շառից հեռու մնալն է:
1-ԻՆ — Բա որ նկատի:
2—ՐԴ — Մինչև նկատի, ծլկած կլինենք:
Վերցնում են աթոռները և զգուշորեն, ոտքերի թաթերի վրա փորձում են աննկատ հեռանալ: Գնացքի ձայնը աստիճանաբար մարում է:
ՍԵԹ — Երանի գնացքի մեջ նստածներին:
ԱՆԻ — Այդ գնացքը ուղևորներ չունի:
ՍԵԹ — Դատարկ չէր գնա:
ԱՆԻ — Այդ գնացքը ուշացողների համար է, գնացք՝ ուշացողների համար:
ՍԵԹ — Ոչ մեկը չի՞ նստում:
ԱՆԻ — Նրա ուղևորները ուշացողներն են:
ՍԵԹ — Մտածում էի այդ գնացքով փախչել:
ԱՆԻ — Ուշանալը նույնպես փախչել է:
ՍԵԹ — Ինձ կբռնեն… Բանտ կգցեն:
ԱՆԻ — Չեն հասցնի… Ուշացողների համար ամեն ինչ ուշանում է:
ՍԵԹ — Դրանք չեն ուշանա:
ԱՆԻ — Ուշանալու իմ վերջին հնարավորությունը սպառվեց:
ՍԵԹ — Ինչքան ուզում ես, այդքան էլ ուշացիր…
ԱՆԻ — Եթե այդպես լիներ… Անընդհատ չես կարող ուշանալ… Ուշանալու հնարավորությունը նույնպես հաշված է:
ՍԵԹ — Գունատվեցիր:
Անին ձեռքը տանում է ճակատին, փորձում է շփել քունքերը… Նվաղում է, թուլանում: Սեթը փորձում է պահել: Անիի մարմինը թուլացած կախվում է նրա ձեռքերից:
ՍԵԹ — Ի՞նչ եղավ… Ուշքի արի, արթնացիր… Դրա ժամանակը չէ… Մի՛ արա… (Տեսնելով, որ ուշքի բերելու ջանքերն ապարդյուն են, հուսահատությունից շրջվում է հանդիսատեսի կողմը:) Օգնեցեք, օգնություն… (Շուրջն ամայի է և լուռ: Անիի մարմինը գրկում է և ծանրորեն առաջանում:) Օգնեցեք, օգնություն…
Գործողությունը շարունակվում է ասես վիրտուալ իրականության մեջ: Գինու շիշը ձեռքին նրա առջևից անցնում է Հեղինակը՝ անտարբեր ու անհաղորդ օգնության կանչերին: Աթոռներով հայտնվում են 1-ինն ու 2-րդը: Սրանց վերաբերմունքն ավելին չէ, քան Հեղինակինը: Պարելով անցնում են, ասես շուրջները ոչինչ չի կատարվում: Թևանցուկ հայտնվում են Գոռն ու Հեղինակի աղջիկը՝ հիացած իրենք իրենցով և մեկուսացած ուրիշի հոգսերից: Սեթը շարունակում է օգնություն խնդրել: Նույն հերթականությամբ՝ Հեղինակը, 1-ինն ու 2-րդը, Գոռն ու Հեղինակի աղջիկը մի քանի անգամ ևս գնում-գալիս են Սեթի առջևով, այդպես էլ նրա կողմը չնայելով, նրա կանչերին չարձագանքելով: Սեթի ձայնը հետզհետե նվաղում է, դժվարությամբ է Անիի մարմինը պահում: Ծնկում է, հազիվ լսելի կանչելով՝ օգնեցեք, օգնություն…
ՊԱՏԿԵՐ ՎԵՑԵՐՈՐԴ
Համարյա ցնորված Սեթը: Վարքն ու տեսքը հուշում են, որ արտակարգ ինչ-որ բան է եղել:
ՍԵԹ — Վերջ: (Երկարացնելով:) Վե՜րջ… (Բարձրացնում է աջ ձեռքը:) Ահա դատավորը: (Ձախն է բարձրացնում:) Սա էլ դահիճը: Դատավորը որոշեց, դահիճն իրականացրեց: Երկուսն էլ միանգամից հարյուր տարով ծերացան: Աստծուն էր ուզում մոտենալ: Գետնի վրա էլ չի մնա: Երևի հողի տակ կփորձի բոլորից խորը իջնել: Ձեռքերս անարդարությունից ծերացան: Հիմա կարող են բանտ գցել, գնդակահարել… Գիտեմ՝ ինչի համար է: Ապրելուց չհասկացա… Սպանելն ավելի զզվելի էր: Արյունը չպիտի մերկացնել, լույսը արյան մերկությունը չպիտի տեսնի: Մերկ արյունը հեղուկ մահն է, որ հետո քարանում է: Հեղինակը… Չկա, ձայնը չի լսվում: Չկարողացավ իմ գոյությունը իրականությանը հարմարեցնել… Միայն չխելագարվեմ: (Բորբոքված նայում է ձեռքերին:) Ծերացան, միանգամից ծերացան… Իսկ դատը չի վերջացել, շարունակվում է… Իմ հերթն է, ինձ են դատելու…
Հայտնվում է 1-ինը, առանց պարելու, աթոռը ետևից քարշ տալով, մի կերպ քայլում է: Աթոռը դնում է հատակին, նստում, ձեռքերով բռնում է գլուխը: Սեթին չի նկատել, ինչպես և Սեթը՝ նրան:
ՍԵԹ — Արդար երկիրը ցնդեց: Ոտքս հերիք է, որ արդար չլինի: Թռչունները… Ինչքան թռչուն էր հավաքվել: Վախեցան, խառնվեցին, թռան, լուծվեցին արյան կարմիրի մեջ: Կեսն էլ՝ իմ մեջ: Արյունն այդքան թռչուն չէր կարող տեղավորել: Ես կարող եմ… Դատարկությունը հատակ չունի, ինչքան լցվեն՝ իջնելու են… Մինչև… Մինչև չգիտեմ ուր…
Կրկին ծանոթ հեռախոսազանգը՝ տուու, տուու… Հայտնվում է Գիժը, նկատելով գլուխը բռնած 1-ին, մոտենում է:
ԳԻԺ — Ցավո՞ւմ է, թե՞ բռնել ես՝ չընկնի:
1-ԻՆ — Քարի պես ծանրացել է:
ԳԻԺ — Ընկերդ ո՞ւր է:
1-ԻՆ — Թունավորվել է:
ԳԻԺ — Ինչի՞ց:
1-ԻՆ — Երեկվա խոստումների նավթալինը շատ էր, նավթալինից է թունավորվել:
ԳԻԺ — Քո հալն էլ հալ չի:
1-ԻՆ — Շան օրի եմ: Արևածաղկի սերմը չլիներ… Շատ բան չլսեցի… Նա բոլորը լսեց ու չի կարողանում ոտքի կանգնել
ԳԻԺ — Նավթալինից մեռնո՞ւմ են:
1-ԻՆ — Վատ է, վիճակը շատ վատ է:
ԳԻԺ — Բա ինչո՞ւ ես նստել:
1-ԻՆ — Փնտրում եմ, բայց չեմ գտնում:
ԳԻԺ — Չես գտնում, ուրիշին փնտրիր:
1-ԻՆ — Նրա խոստումներն են պետք, նրա խոստումների թթվածինը շատ է:
ԳԻԺ — Հեքիմն էլ կօգնի… (Արտասանում է:)
Պարապ նստելը
գործին չի օգնի,
որովհետև ում
փնտրում ես հիմա
ինքն էլ իր տեղը
արդեն չգիտի:
Հեքիմները խոստանալու հետ նաև գուշակում են: Տուո՜ւ, տուո՜ւ…
ՍԵԹ — (Գժին նկատելով): Հե՛յ…
ԳԻԺ — Կանչեցի՞ր:
ՍԵԹ — Ինձ պետք ես:
ԳԻԺ — (Սեթին է մոտենում): Միայն թե չդիպչես… Ձեռքերիցդ զզվում եմ:
ՍԵԹ — Ծերացան, միանգամից ծերացան:
ԳԻԺ — Սպանելը ծերացնում է:
ՍԵԹ — (բորբոքվում է): Ի՞նչ իմացար, ո՞վ ասաց, որ սպանել եմ:
ԳԻԺ — Միայն թե ինձ չդիպչես:
ՍԵԹ — Եթե ասես՝ որտեղից ես իմացել:
ԳԻԺ — Ճակատագիրը լռում է, բայց երբեմն անծանոթները պատասխանում են:
ՍԵԹ — Ոչ մեկը չգիտի:
ԳԻԺ — Իմացել են:
ՍԵԹ — Խնդրում եմ…
ԳԻԺ — Վկա չեմ կարող լինել:
ՍԵԹ — Սովորեցրու՝ ինչպես զնգալ:
ԳԻԺ — Չի լինի:
ՍԵԹ — Խնդրում եմ:
ԳԻԺ — Զանգը պիտի ներսից հնչի, իսկ քո ներսը դատարկ է:
ՍԵԹ — Թռչունները, թռչունները անընդհատ իջնում են:
ԳԻԺ – Սովորեցիր՝ ի՞նչ ես հարցնելու:
ՍԵԹ — Լացս գալիս է ու չեմ լացում:
ԳԻԺ — Արցունքներին դիմավորել է պետք, որ տեղ հասնեն:
ՍԵԹ — Ճակատագիրը կասի՝ ոնց են դիմավորում:
ԳԻԺ — Զրուցելո՞ւ ես, թե՞ հարցնելու:
ՍԵԹ — Երկուսն էլ:
ԳԻԺ — Չի լինի… Գնացի… Տուո՜ւ, տուո՜ւ…
ՍԵԹ – Չասացիր՝ ինչպես զնգալ:
ԳԻԺ — Պետք եղավ, առանց ինձ էլ կզնգաս: Տուո՜ւ, տուո՜ւ… Զանգը հենց այնպես չի զնգում: (Հեռանում է:)
ՍԵԹ — Ի՞նչ էի հարցնելու… Հա… Հարցնելու էի… Հիշողություն չունեմ, չգիտեմ՝ ով եմ, դրա համար սպանեցի՞, թե՞ սպանելու էի, որովհետև հիշողություն չունեի և չգիտեի՝ ով եմ…
Գինու շիշը ձեռքին հայտնվում է Հեղինակը:
ՀԵՂԻՆԱԿ — Ցավ է, մեծ ցավ է, երբ հերոսը հեղինակից շուտ է մեռնում:
ՍԵԹ — Գիտեի՞ր…
ՀԵՂԻՆԱԿ — Անիծյալ վիժվածք… Չհասցրի, չստացվեց քեզ բանտ գցել:
ՍԵԹ — Գիտեի՞ր, որ սպանելու եմ:
ՀԵՂԻՆԱԿ — Չէի հավատում:
ՍԵԹ — Ուրեմն գիտեիր:
ՀԵՂԻՆԱԿ — Չէ՞ որ վախենում էիր կյանքի մեջ մտնել: Սպասում էիր, որ ուրիշը հագուստի պես կյանքը քեզ հագցնի… Կյանքից վախեցողը մահից ավելի պիտի վախենար… Նորից սխալվեցի… Ուրեմն ճիշտ է, որ խաղից դուրս եմ մնացել:
ՍԵԹ — Ու ինձ էլ չկարողացար ներս տանել:
Հայտնվում է Հեղինակի աղջիկը, փորձում է հարձակվել Սեթի վրա:
ԱՂՋԻԿ — Անասուն, տականք, մարդասպան… Սպանեցիր, կարծում ես փրկվեցի՞ր:
ՀԵՂԻՆԱԿ — Դա չպիտի լիներ:
ԱՂՋԻԿ — Իմ ձեռքերով քեզ կխեղդեմ.. (Փորձում է բռնել Սեթի կոկորդից:)
ՍԵԹ – (որ սկզբում թույլ դիմադրում էր, բռնում է նրա ձեռքերը և ուշադիր նայում աչքերի մեջ:) Թռչունները, քո աչքերի մեջ էլ թռչունները շատ են:
ԱՂՋԻԿ — Ձեռքերս թող, խելագար:
ՍԵԹ — (ուշադրություն չդարձնելով աղջկա զայրույթին, նրա ձեռքերը մոտեցնում և անսպասելի համբուրում է):
ԱՂՋԻԿ — (ձեռքերը ուժով ետ քաշելով): Նորից պղծեցիր… Գարշելի…
ՍԵԹ — Հիմա… Արդեն… Արեք, ինչ ուզում եք:
ԱՂՋԻԿ — (տենդորեն փորձում է ձեռքերից մաքրել համբույրի հետքերը): Պիղծ, անիծված, ստոր կենդանի…
1-ԻՆ — (ձեռքերն իջեցնում է գլխից և գնահատելով իրավիճակը, դժվարությամբ աթոռը վերցնելով, հարձակվում է Սեթի վրա): Սա՞ է, սա՞ է սպանել… Կմեռնի, առանց նրա ընկերս չի դիմանա՝ կմեռնի…
ՍԵԹ — (հրում է 1-ինին, որը մի քայլ ետ գնալով, ընկնում է): Նա մինչև հիմա էլ չէր ապրում:
ԱՂՋԻԿ — (նորից է հարձակվում Սեթի վրա) Անիծյալ հրեշ… ճիվաղ…
1-ԻՆ — (բարձրանալով, կրկին փորձում է աթոռով հարվածել Սեթին): Կլխճեմ, ջարդուփշուր կանեմ…
ՍԵԹ — (Աղջկան և 1-ինին իրենից հեռու հրելով): Հանդարտվեք… Խոստովանում եմ… Սպանել եմ:
ՀԵՂԻՆԱԿ — Ո՞նց կարողացար…
1-ԻՆ — Դեռ հպարտանում է:
ԱՂՋԻԿ — Չի էլ սատկում:
ՍԵԹ — Քիչ հետո կվարվեք, ինչպես ուզում եք… Բայց լսեք ինձ…
1-ԻՆ — Դու չես կարող ստիպել, որ լսենք քեզ:
ԳԻԺ — (ուշադրություն չդարձնելով): Վիրավորվել եք, բարկացել… Վրեժխնդիր եք ուզում լինել… Կհասցնեք… (Բարձրացնում է աջ ձեռքը:) Ահա դատավորը: (Ձախն է բարձրացնում:) Սա էլ՝ դահիճը… Երկուսն էլ միանգամից ծերացան, այսքան զառամյալ չէին… Մեկը որոշեց, մյուսն իրականացրեց… Ես չեմ մասնակցել: Վկա էլ չեմ, որովհետև մոտենալ չթողեցին… Չեմ արդարանում… Մեղավորը պիտի պատժվի: Բայց ո՞վ է անմեղը, ո՞վ է այն արդարը, ով կարող է դա անել:
1-ԻՆ — Դու մեզ չես կարող մեղադրել:
ՍԵԹ — (կրկին ուշադրություն չդարձնելով): Միայն ձեր փոքրիկ տարածքը ջրելով, մոռացել եք, որ մեծ անապատը մի օր էլ ձեր փոքրիկ օազիսն է անապատի վերածելու… Մոռացել եք, որ անապատն էլ գիշատիչ է: Ձեզ շրջապատող ռոբոտները անընդհատ շատանում են և շատանալու են… Նրանք ամենաշատը անտարբերությունն են նմանակում, որովհետև… Հիշողություն չունեցողը պատասխանատվություն էլ չունի: Պատասխանատվություն չունեցողը չի կարող պատիժը գիտակցել: Եթե պատիժ չկա… Մեղավորն ու անմեղը դժվար է տարբերել…
1-ԻՆ — Արդեն տարբերել ենք:
ՍԵԹ — (նորից ուշադրություն չդարձնելով և մատնացույց անելով Հեղինակին): Նա էլ է մեղավոր, գուցեև ամենամեծ մեղավորը:
ԱՂՋԻԿ — Հիմա էլ նրան է ուզում սպանել:
ՍԵԹ — Անտաղանդությունը առանց զոհերի չի կարող… Միայն սպանվածը չէ, երկրորդ զոհն էլ կա… (Ցույց է տալիս իրեն:) Ու դրանց թիվը դեռ կավելանա…
Կրկին ծանոթ հեռախոսազանգը՝ տուու, տուու… Գիժը մոտենում է հավաքվածներին:
ԳԻԺ — Շոգ է, ինչո՞ւ է այսքան շոգ:
1-ԻՆ — Նրան այս մուրացկանն է սպանել:
ԳԻԺ — Եթե սպանել է, ցուրտ պիտի լիներ:
1-ԻՆ — (ցույց է տալիս Հեղինակին): Եվ մեղքը նրա վրա է գցում:
ԳԻԺ — Գցում է, որովհետև շփոթել է:
ՍԵԹ — Հեղինակը…
ԳԻԺ — Հեղինակը նա չէ:
ՍԵԹ — (շփում է քունքերը): Միայն չխելագարվեմ:
ԳԻԺ — Նա էլ գրական հերոս է:
ՍԵԹ — Նրա աղջիկը…
ԳԻԺ — Նրա աղջիկն էլ…
ՍԵԹ — Հեղինակը, դժբախտությունների հեղինակը ո՞վ է:
ԳԻԺ — Իմ բանաստեղծությունները լսե՞լ ես…
ՍԵԹ — Շարունակիր, մի՛ լռիր:
ԳԻԺ — Առաջին անգամ փորձեցի արձակ գրել:
ԲՈԼՈՐԸ ՄԻԱՍԻՆ — Դո՞ւ…
ԳԻԺ — Բայց գործը կիսատ մնաց… Չկարողացա շարունակել… Չեմ հուսահատվել… Այնքան կփորձեմ, մինչև ստացվի…
Բոլորը ապշած նայում են Գժին, փորձելով գլխի ընկնել՝ ինչ է կատարվում:
ԳԻԺ — Դուք էլ մի՛ հուսահատվեք… Գուցե երկրորդ անգամ բախտներդ բերի:
Բոլորը շարունակում են լուռ Գժին նայել, փորձելով գուշակել, թե հետո ինչ է լինելու: Լռությունը խզում է Սեթը, ով սկզբում անվստահ, հետզհետե ավելի ու ավելի հստակ, սկսում է զնգալ:
ՍԵԹ – Տուո՜ւ, տուո՜ւ, տուո՜ւ…
Հաջորդ պահին, ընդօրինակելով նրան, Հեղինակն էլ է զնգում: Նրանց են միանում Աղջիկն ու 1-ինը: Ինքնամոռաց, անջատված զնգում են՝ տուո՜ւ, տուո՜ւ, տուո՜ւ… Բեմն աստիճանաբար մթնում է: Զնգոցները շարունակվում են: Խավարի միջից լսվում է նաև հեռացող գնացքի ձայնը, որն աստիճանաբար ուժգնանում է: Լույսի ճառագայթը, բեմի վրա պտույտներ գործելով, վերջնականապես հանգրվանում է կենտրոնում ու անշարժանում: Լույսի շրջանակի մեջ մեկը ճմրթված թուղթ է գցում, հետո երկրորդը, երրորդը… Երբ արդեն ճմրթված թղթերի կույտ է գոյացել, կրկին ամեն ինչ թաղվում է խավարի մեջ: Ձայները մարում են: