Սամվել ԿՈՍՅԱՆ / ՓՈՇՈՒՑ ՔՇՎԱԾՆԵՐԸ
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ
Գրքի երևանյան վեցերորդ փառատոնի գրական մրցույթի
՛՛ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ՛՛ անվանակարգում հաղթող է ճանաչվել
ՍԱՄՎԵԼ ԿՈՍՅԱՆԻ ՛՛ՓՈՇՈՒՑ ՔՇՎԱԾՆԵՐԸ՛՛ պիեսը:
tatron-drama.am կայքը շնորհավորում է վաստակաշատ մեր գրչընկերոջը՝
պիեսը բեմադրված տեսնելու մաղթանքով:
Մեկ անգամ ևս ներկայացնում ենք ՛՛ՓՈՇՈՒՑ ՔՇՎԱԾՆԵՐԸ՛՛ պիեսը:
Շատերին թվում է՝ սեղանի, հագուստի կամ հեռուստացույցի վրայից մաքրելով, փոշու խնդիրը լուծում են: Իրականում այն մի տեղից այլ տեղ են տեղափոխում, չկասկածելով, թե պոտենցիալ ինչ հիվանդություններ են տեղաշարժում: Երկրագնդի անապատացման ֆոնին էլ ավելի ընդարձակվելու են փոշու տարածքները՝ վերածվելով բնապահպանական աղետի: Սակայն մեր գիտակցության մեջ այն շարունակում է մնալ անվտանգ, որը կարելի է ամեն պահի վերացնել: Սուրմալուի պայթյունից հետո մասնագետներն արձանագրեցին, որ Երևանի օդում նորմայից մի քանի անգամ գերազանցված է փոշու քանակը: Աշխարհը լիքն է բազում պայթյուններով, որոնք աճելու միտում ունեն: Հետևանքները դժվար է թերագնահատել: Այդուհանդերձ, կյանքը շարունակվում է, ինչպես և՝ պիեսում:
(դրամա մեկ գործողությամբ)
Գործող անձինք
ՎԱՐԴԱՆ
ԱՐՈՒՍ
ԲԵՄԱԴՐԻՉ
ԼՐԱԳՐՈՂ
ԲԺՇԿՈՒՀԻ
ՊԱՐՈՒՀԻ
ՓՈՇԵԿՈՒԼՈՎ ՀԱՎԱՔԱՐԱՐՆԵՐ
ԱՌԱՋԻՆ ՊԱՏԿԵՐ
Բեմը կահավորված է ըստ հայեցողության, հաշվի առնելով, որ ամբողջական ներկայացման մասին չէ խոսքը, այլ ընդամենը նոր պիեսի առաջին փորձերի: Սակայն գահի ու սեղանի առկայությունը պարտադիր է: Արուսը ձեռքի լաթով չկամորեն սեղանի փոշին է մաքրում: Քիչ հեռվում Վարդանը զբաղված է գահի նորոգմամբ:
ԱՐՈՒՍ — Էս փոշին չի վերջանա, չես հասցնում մաքրել՝ էլի նստում է:
ՎԱՐԴԱՆ — Ես էլ էս աթոռը լրիվ կջարդեի: Դերասաններին նայում ես, 70 կիլո չկան, հերիք է թագավորի կամ նախագահի դեր ստանան, միանգամից երեք հարյուր կիլոգրամանոց բեգեմոտների են վերածվում: Չգիտես՝ դրանց տակ ինչ աթոռ դնես, որ դիմանա:
ԱՐՈՒՍ — Չէի՞ր ուզի էդպիսի մի աթոռի էլ դու նստեիր:
ՎԱՐԴԱՆ — Իմը ռանդան, մուրճն ու սղոցն ա, էդ իմ բանը չի: Թագավոր պիտի ծնվել, թե չէ քաջ նազարների երեսից են դժբախտությունները:
ԱՐՈՒՍ — Կոտրատվո՞ւմ ես, թե՞… Լուրջ՝ չէի՞ր երազի:
ՎԱՐԴԱՆ — Իմ ուզելը նման կլիներ, ոնց որ փորձեի երեք լիտրանոց բանկան երկուսի մեջ տեղավորել:
ԱՐՈՒՍ — Ում պետք է՝ տեղավորում է:
ՎԱՐԴԱՆ — Կոտրելով են տեղավորում, արդյունքն էն չի:
ԱՐՈՒՍ — (բարկացած՝ ձեռքի լաթը մի կողմ է գցում): Էսքան փոշին որտեղի՞ց… Ոնց որ բոլորը փոշի արտաշնչեն:
ՎԱՐԴԱՆ — Ասում են՝ աշխարհն էլ է փոշուց առաջացել:
ԱՐՈՒՍ — Չտեսանք՝ մի բան էլ էս փոշուց առաջանա:
ՎԱՐԴԱՆ — Ասում են՝ ոնց առաջացել է, հետո էլի փոշու է վերածվելու:
ԱՐՈՒՍ — Հող էիր՝ հող դարձիր… Փոշի էիր՝ փոշի դարձիր: Ո՞վ է ասել:
ՎԱՐԴԱՆ — Գիտնականներն են ասում:
ԱՐՈՒՍ — Որ ասում են՝ հետո՞, լսող չկա՛: Ինչ ռումբ ու հրթիռ ասես հորինում են, որ աշխարհը փոշիացնեն:
ՎԱՐԴԱՆ — Մտածում եմ… (Ցույց է տալիս գահը:) Աշխարհի կռիվը սրա համար է: Ամեն մեկն ուզում է ուրիշի աթոռը կոտրելով իրենը փրկի…
ԱՐՈՒՍ — Դրանց դարդն ինձ չեն տվել, թող զգույշ նստեն, որ չկոտրեն: Իմ խնդիրը փոշին է, որ քիչ լինի:
ՎԱՐԴԱՆ — Փոշու հետ կռվելով ինչի՞ ես ուզում հասնել:
ԱՐՈՒՍ — Առաջ էր, որ ուզում էի դերասանուհի դառնալ:
ՎԱՐԴԱՆ — Փոշի մաքրելո՞վ:
ԱՐՈՒՍ — Մտածում էի՝ կարևորը թատրոնում լինեմ:
ՎԱՐԴԱՆ — Հավաքարարն ո՜ւր, դերասանությունն ո՜ւր…
ԱՐՈՒՍ — Ջահել էի, ռոմանտիկ ու ամենակարևորը՝ հավատում էի… Կանացի դեր չկար, որ չիմանայի: Նայում էի ներկայացումները, լսում էի երկխոսություններն ու անգիր էի անում:
ՎԱՐԴԱՆ — Որ ի՞նչ…
ԱՐՈՒՍ — Ինձ համար պատմություն էի հորինել, իբր՝ դերասանուհիներից մեկը հիվանդանում է: Հանդիսատեսն արդեն դահլիճում է, ներկայացումը պետք է սկսվի, իսկ դերասանուհին չկա: Բոլորը խառնվել են, չգիտեն ինչ անեն ու վերջին պահին բեմադրիչն ու տնօրենը հուսահատված ինձ են դիմում:
ՎԱՐԴԱՆ — Քե՞զ…
ԱՐՈՒՍ — Խնդրում են օգնել:
ՎԱՐԴԱՆ — Ուրիշ դերասանուհի չկա՞ր, որ քո հույսին էին մնացել:
ԱՐՈՒՍ — Ներկայացման տեքստը չգիտեին:
ՎԱՐԴԱՆ — Ո՞նց էին իմացել՝ դու գիտես, որ քեզ էին մոտեցել:
ԱՐՈՒՍ — Մի անգամ, երբ մենակ էի, իբր՝ քո աթոռը Ռոմեոն էր, ես էլ Ջուլիետի տեքստն էի ասում: Ռեժիսորը պատահմամբ տեսել ու լսել էր, բայց չէր ընդհատել, սպասել էր, մինչև վերջացնեմ: Երբ ավարտեցի, ծափահարեց: Հարցուփորձից իմացավ, որ շատ դերեր անգիր գիտեմ:
ՎԱՐԴԱՆ — Վերջը՞…
ԱՐՈՒՍ — Ծիծաղեց ու հեռացավ:
ՎԱՐԴԱՆ — Պատմությանդ վերջն ասա:
ԱՐՈՒՍ — Սկզբում հրաժարվեցի, ուզում էի ինձ թանկ վաճառել: Ասացի՝ ո՞նց է, մնացած օրերին արհամարհել եք, հավաքարարն ո՞վ է, որ մոտ թողնեք, հիմա հանկարծ հիշեցիք: Վաղն էլի մոռանալու եք, որ տաղանդը կորչում է փոշու մեջ:
ՎԱՐԴԱՆ — Էդպես էլ ասացի՞ր…
ԱՐՈՒՍ — Էս պատմությունը օրը մի քանի անգամ պատմում եմ ինքս ինձ: Ուրեմն նազուտուզ եմ անում, երևակայում եմ, մինչ դերասաններն էլ են միջամտում: Ամենահետաքրքիրը ներկայացումից հետո է: Դահլիճը հոտընկայս ծափահարում է, մեկը մյուսին հարցնում է ՝ ո՞վ է այս դերասանուհին, որտե՞ղ էր մինչև հիմա…
ՎԱՐԴԱՆ — Էդ ե՞րբ է եղել, որ չեմ իմացել:
ԱՐՈՒՍ — Չի եղել ու չի էլ լինի: Չասացի՞՝ իմ հորինածն է: Սկզբում հավատում էի, որ հորինածս իրականություն կդառնա, բայց օրերն անցնում էին ու միայն փոշին էր մաշկիս ավելանում: Առաջ եթե փոշին լուռ էր, հիմա ինչ էլ անեմ՝ խշշում է: Փոշու մեջ էլ հորինածս խամրեց:
ՎԱՐԴԱՆ — Ամուսնուդ պատմե՞լ ես…
ԱՐՈՒՍ — Չհասցրի:
ՎԱՐԴԱՆ — Ինչո՞վ էիր զբաղված, որ չես հասցրել:
ԱՐՈՒՍ — Մոտենաս՝ կասեմ:
ՎԱՐԴԱՆ — Ո՞ւմ մոտենամ:
ԱՐՈՒՍ — Ինձնից բացի ո՞վ կա… Արի, արի, մոտեցիր…
ՎԱՐԴԱՆ — (տարակուսած մոտենում է): Մտքովդ ի՞նչ անցավ:
ԱՐՈՒՍ — Հիմա հետս կպարես… (Դադար:) Ինչո՞ւ գունատվեցիր, առաջին անգա՞մ ես պարելու:
ՎԱՐԴԱՆ — Մի տեսակ անսովոր է:
ԱՐՈՒՍ — Զարմանքդ հետո… (Գրկում է Վարդանին, երաժշտություն: Պարում են:) Զգո՞ւմ ես…
ՎԱՐԴԱՆ — Ի՞նչ եմ զգալու:
ԱՐՈՒՍ — Մարմնիս խշշոցը չե՞ս զգում:
ՎԱՐԴԱՆ — Ոնց որ զգում եմ:
ԱՐՈՒՍ — Այդ խշշոցի պատճառով ամուսինս հեռացավ: Ասում էր՝ չի լինում ինձ դիպչել, ասում էր՝ խշշոցից մարմինը փշաքաղվում է…
ՎԱՐԴԱՆ — Հետո՞…
ԱՐՈՒՍ — Երևի հեռացավ՝ չխշշացող մարմին գտնի:
ՎԱՐԴԱՆ — Հիմարի մեկն է եղել:
ԱՐՈՒՍ — Մի շտապիր մեղադրել: Էդ խշշոցից ես էլ չեմ կարողանում քնել: Մեռնելիս էլ երևի չկարողանամ դրանից ազատվել: (Երաժշտությունը դադարում է, պարն էլ` հետը:)
ՎԱՐԴԱՆ — Շուտ-շուտ լողացիր:
ԱՐՈՒՍ — Լողանալուց հետո էլ է խշշում:
ՎԱՐԴԱՆ — Անհավատալի է:
ԱՐՈՒՍ — Կարծես ձեր տանը փոշի չկա: Տիեզերքը փոշու մեջ է: Քո այդ գիտնականների ասելով, ամեն տարի մոտ 40 կիլոտոննա տիեզերական փոշի է նստում մոլորակի վրա: Բոլորը երևակայում են, որ փոշին մաքրում են, ի՞նչ մաքրել, իրականում այստեղից այնտեղ են տեղափոխում: Աչքերիդ առաջ սեղանը մաքրեցի… (Մատները սահեցնում է սեղանի վրայով:) Էլի փոշի է ու էս փոշին չի հանգստանա, մինչև ամեն ինչ չծածկի:
ՎԱՐԴԱՆ — Միևնույն է, հիմարի մեկն է եղել ամուսինդ: Միայն հիմարը փոշու պատճառով կնոջից կբաժանվի:
ԱՐՈՒՍ — Փոշու չէ, խշշոցի…
ԲԵՄԱԴՐԻՉ — (բեմ բարձրանալով): Հերիք է, դադար… Ձանձրույթ է, կեղծ ու անհետաքրքիր: Կամ պիեսը մի բան չի, կամ դուք դեռ դերի մեջ չեք խորացել: (Վարդանին.) Որ ուզում ես աթոռը ջարդել, էդ ո՞նց… Տեսե՞լ ես, որ որևէ մեկը խաղաղ ու հանգիստ ուզենա ինչ-որ բան ջարդել: Բարկությունդ չկա, չի երևում… Դեմքդ դիմակից չի տարբերվում՝ չեզոք, անտարբեր… միմիկադ ի՞նչ է եղել: Ոնց որ ուրիշի տեղն ապրես, ուրիշի տեղը զարմանաս, ուրիշի փոխարեն հարցնես:
ՎԱՐԴԱՆ — Դերասանները միշտ էլ ուրիշի են ներկայացնում:
ԲԵՄԱԴՐԻՉ — Ուրիշի չէ, այլ ուրիշի միջոցով իրենց: (Արուսին.) Քեզ ի՞նչ է եղել, ՄԱԿ-ի ամբիոնի՞ց ես ճառում, որ դժգոհություն չկա դեմքիդ:
ԱՐՈՒՍ — Փոշու թեմային չեմ հավատում:
ԲԵՄԱԴՐԻՉ — Կհասցնես հավատալ, նույնիսկ վախենալ, երբ իմանաս փոշու իրական վտանգները:
ԱՐՈՒՍ — Մենակության փոշին ավելի վտանգավոր է:
ՎԱՐԴԱՆ — Մռայլ պիես է, չտրամադրող, բեմադրելու բան չի:
ԲԵՄԱԴՐԻՉ — Վտանգը լուսավոր չի լինում:
ՎԱՐԴԱՆ — Հիսուն տարի առաջ փոշու մասին չէին էլ մտածի: Փոշի է, էլի…
ԲԵՄԱԴՐԻՉ — Էդպես չի… Մոլորակի վրա ավելանալու են ջրհեղեղներն ու ցունամիները: Ջրհեղեղների բերած միլիոնավոր տոննա տիղմը չորանալու և վերածվելու է փոշու, երկրի ընդերքը եռալու է ու բազմաթիվ հրաբուխներ անսահման քանակի փոշի են տարածելու:
ԱՐՈՒՍ — Ո՞նց է՝ Նոստրադամուսն ու Վանգան էդ մասին չեն գուշակել:
ԲԵՄԱԴՐԻՉ — Իբր՝ ամեն ինչ գուշակել են: Անկանխատեսելին ավելի շատ է: Ո՞նց էին գուշակելու, որ երկրները երեկ եղբայր էին, հիմա իրար են կոտորում… Ոնց էլ մտածես, չես հասկանա՝ ինչու…
ՎԱՐԴԱՆ — Մի ընկեր ունեի, նեղն ընկնելիս ասում էր. «Է՜, աշխարհ, աշխարհ, թե ինչո՞ւ ես կլոր»:
ԱՐՈՒՍ — Իբր ի՞նչ…
ՎԱՐԴԱՆ — Էն, որ անիմաստությունը մի կետից սկսվում, պտտվում ու նույն կետին էլ վերադառնում է:
ԱՐՈՒՍ — Փոշին քեզ օրինակ…
Անսպասելի հայտնվում է պարուհին, մի քանի պարային պտույտներ է կատարում:
ՊԱՐՈՒՀԻ — Ես ե՞րբ եմ փորձելու:
ԲԵՄԱԴՐԻՉ — Երբ ժամանակը գա:
ՊԱՐՈՒՀԻ — Կարո՞ղ է՝ չգա:
ԲԵՄԱԴՐԻՉ — Ոչ մեկը աչք չունի ուրիշի ժամանակի վրա:
ՊԱՐՈՒՀԻ — Ի՞նչ եմ պարելու:
ԲԵՄԱԴՐԻՉ — Փոշու պարը:
ՊԱՐՈՒՀԻ — (դժգոհ): Ամեն ինչ պարել էինք, մնացել էր փոշու պարը:
Փոշեկուլները ձեռքներին հայտնվում են իրական հավաքարարները:
ԲԵՄԱԴՐԻՉ — Սրանք որտեղի՞ց հայտնվեցին: Մաքրելու փոխարեն փոշին օդ են հանելու:
ՀԱՎԱՔԱՐԱՐ — Բա ե՞րբ գանք:
ԲԵՄԱԴՐԻՉ — Կասեմ… (Վարդանին ու Արուսին.) Էլ անելիք չունեք: Որ դերը դերասանին չտրամադրի… Ներշնչանք չեղավ, ինչքան ուզում ես գոռա, հավատացողն ո՞վ է… Այսօրվա հանդիսատեսը ինքն էլ չգիտի՝ ինչին հավատա, սպասում է, ինչ-որ մեկը հուշի… Մի մոռացեք, այդ ինչ-որ մեկը նաև թատրոնն է…
Բեմադրիչը հավաքարարների ու պարուհու հետ հեռանում է:
ԱՐՈՒՍ — Տուն չեմ ուզում գնալ:
ՎԱՐԴԱՆ — Մենակությունի՞ց ես նեղվում:
ԱՐՈՒՍ — Իմանաս՝ գիշերը մենակությունը ոնց է կահույքը ճռռացնում, պատուհանի ապակիները զրնգացնում, հատակն էլ ոտնաձայներից ոնց որ ուռչի… Մեկն էլ չկա՝ օգնության կանչես: Կնոջ կողքին միշտ մեկը պետք է լինի: Մենակ կնոջը տան իրերն էլ են դիմադրում:
ՎԱՐԴԱՆ — Կարող եմ ուղեկցել:
ԱՐՈՒՍ — Պետք չէ:
ՎԱՐԴԱՆ — Միասին սուրճ կխմենք, մենակությունն էլ կիմանա՝ տանը մենակ չես, համը չի հանի:
ԱՐՈՒՍ — Պատահական մեկը մենակությանը չի կարող վախեցնել:
ՎԱՐԴԱՆ — Այսքան տարի միասին ենք աշխատում:
ԱՐՈՒՍ — Չնեղանաս, բայց վախենամ՝ քեզ հետ մենակությունն ավելի կատաղի:
ՎԱՐԴԱՆ — Ընդամենը ուզում էի օգնել:
ԱՐՈՒՍ — Մի ուրիշ անգամ երևի համաձայնվեմ, եթե ամուսինս չհայտնվի… (Հեռանում է:)
ՎԱՐԴԱՆ — Աշխատիր քնել, որ գոնե երազիդ գա… (Հետևում է նրան:)
ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ
Նույն տեսարանը: Երաժշտություն: Հավաքարարները պարելով ու երգելով փոշեկուլներով հատակն են մաքրում: (Ավլեմ-թափեմ փոշին…)
1-ԻՆ ՀԱՎԱՔԱՐԱՐ — (անսպասելի կանգ է առնում): Փոշեկուլի մասին անեկդոտը լսե՞լ ես:
2-ՐԴ ՀԱՎԱՔԱՐԱՐ — (ինքն էլ է կանգնում: Երաժշտությունը դադարում է): Նոր անեկդո՞տ է:
1-ԻՆ ՀԱՎԱՔԱՐԱՐ — Մեկը փոշեկուլ է վաճառում, ու շատ թանկ: Գնորդը հարցնում է. «Իններորդ հարկում զուգարանս խցանված է, կարո՞ղ է մաքրել»: «Մեկից՝ մեկ»,- գլուխ է գովում վաճառողը: Հինգ րոպե հետո զուգարանը կարգի է ընկնում: Գնորդը փոշեկուլը քանդում է՝ իմանալու դրա հզորության պատճառը: Փոշեկուլի մեջ նստած մարդուն տեսնելով, զարմացած բղավում է. «Էս լրիվ դո՞ւ էիր»: «Ես ի՞նչ,- բողոքում է մարդը,- ես առաջին հարկի զուգարանում էի»:
2-ՐԴ ՀԱՎԱՔԱՐԱՐ — Էդ փոշեկուլը իմը լիներ:
1-ԻՆ ՀԱՎԱՔԱՐԱՐ — Ծիծաղելու չէ՞ր, որ չծիծաղեցիր:
2-ՐԴ ՀԱՎԱՔԱՐԱՐ — Զուգարանի հոտը քիթս ընկավ:
1-ԻՆ ՀԱՎԱՔԱՐԱՐ — Ուշքդ ու միտքդ փոշին է:
2-ՐԴ ՀԱՎԱՔԱՐԱՐ — Տունդ էս փոշու հաշվին ես պահում: Փոշին չեղավ, ի՞նչ ես մաքրելու:
1-ԻՆ ՀԱՎԱՔԱՐԱՐ — Ոնց որ աշխարհի կեղտը պակասել է:
2-ՐԴ ՀԱՎԱՔԱՐԱՐ — Փոշին չպակասի, թե չէ… Գործ անելիս դու էլ մի ծիծաղիր, փոշու մեջ ծիծաղելը վտանգավոր է, մեկ էլ տեսար, թոքերդ լցվեց:
1-ԻՆ ՀԱՎԱՔԱՐԱՐ — Բերանդ փակ ծիծաղիր:
2-ՐԴ ՀԱՎԱՔԱՐԱՐ — Գործը պրծնեմ՝ կծիծաղեմ: Շարժվիր, քանի դերասանները չեն եկել:
1-ԻՆ ՀԱՎԱՔԱՐԱՐ — Չգիտե՞ս, դրանք ինչո՞ւ են մեզանից դիվոտում:
2-ՐԴ ՀԱՎԱՔԱՐԱՐ — Փոշեկուլներից են վախենում, մեկ էլ տեսար՝ փոշեկուլները փոշու հետ իրենց էլ քաշեցին:
1-ԻՆ ՀԱՎԱՔԱՐԱՐ — Ծիծաղե՞մ, թե՞ թողնեմ գործից հետո:
2-ՐԴ ՀԱՎԱՔԱՐԱՐ — Ասում են՝ նոր ներկայացումը փոշու մասին է:
1-ԻՆ ՀԱՎԱՔԱՐԱՐ — Դրանք վերջը մեզ հացից կտրելու են:
2-ՐԴ ՀԱՎԱՔԱՐԱՐ — Էդ հարցով հանգիստ եմ… Փոշին եղել է, կա ու կլինի…
Հայտնվում է Վարդանը:
ՎԱՐԴԱՆ — Վերջացրի՞ք:
1-ԻՆ ՄԱՔՐՈՂ — Գնում ենք, գնում ենք…
Հավաքարարները հեռանում են:
ՎԱՐԴԱՆ — (մոտենալով գահին): Չիմացանք՝ էս գահին ով է նստելու: Ոչ թագավորի անուն կա, ոչ էլ որևէ երկրի նախագահի:
ԲԵՄԱԴՐԻՉ — (ներս մտնելով և Վարդանի խոսքերը լսելով): Կիմանաս, երբ բնապահպանը հայտնվի:
ՎԱՐԴԱՆ — Բնապահպանը թագավո՞ր է:
ԲԵՄԱԴՐԻՉ — Չգիտե՞ս, հիմա ամենափոքր պաշտոնյան էլ իրեն թագավոր է զգում: Գուցե մեր դեպքում գահն այնքան էլ պատշաճ չէ, բայց առայժմ ավելի հարմար աթոռ չգտնվեց: Աստված գործներս հաջողի, հետագայում կարող ենք փոխել:
ՎԱՐԴԱՆ — (գնում, տեղավորվում է գահի մեջ): Թագավորի նման չե՞մ:
ԱՐՈՒՍ — (որ երկուսի համար անտեսանելի է հայտնվել): Հնարավոր է՝ հետմահու նմանվես:
ԲԵՄԱԴՐԻՉ — Ինչո՞ւ հետմահու:
ԱՐՈՒՍ — Ասում էիր՝ թագավոր պետք է ծնվել, հիմա նստել-երևակայում ես:
ՎԱՐԴԱՆ — Էլ ի՞նչ թագավոր, որ մի բան չասի ու դրա հակառակը անի:
ԱՐՈՒՍ — Մուրճ ու սղոցո՞վ ես երկիրդ պահելու:
ՎԱՐԴԱՆ — Ո՞ր թագավորն է երկիր պահել, որ ես պահեմ:
ԱՐՈՒՍ — Բա ի՞նչ են արել:
ՎԱՐԴԱՆ — Համոզել են ժողովրդին, որ ժողովուրդը թագավորին լավ պահի, որովհետև առանց թագավորի երկիրը երկիր չի:
ԱՐՈՒՍ — Հիմար թագավորներ չե՞ն եղել: Քանի՜ երկիր է հիմարների ձեռքով անհետացել:
ՎԱՐԴԱՆ — Իմ թագավորությունը չի կործանվի:
ԱՐՈՒՍ — Որովհետև թագավոր չես… Թագավոր լինեիր, ոնց որ միշտ ես ասում, տակիդ աթոռը պիտի կոտրվեր: Ծանրություն չկա մեջդ, ծանրություն…
ՎԱՐԴԱՆ — Հե՜յ, պահակազոր:
ԱՐՈՒՍ — Դրանց ինչո՞ւ ես կանչում:
ՎԱՐԴԱՆ — Որ լեզուդ կտրեն: (Ծիծաղելով բարձրանում է աթոռից:) Իմացա՞ր՝ գահն ում համար է… Մեծն արքա ինչ-որ բնապահպանի:
ԱՐՈՒՍ — Փոշու դեմ միտի՞նգ է անելու:
ԲԵՄԱԴՐԻՉ — Մոլորակի անապատացման մասին է խոսելու:
ԱՐՈՒՍ — Մեր հարցերը լուծել ենք, հերթը մոլորակին է հասել:
ԲԵՄԱԴՐԻՉ — Վտանգը Հայաստանին էլ է սպառնում:
ՎԱՐԴԱՆ — Պարզվում է՝ Հայաստանն էլ է մոլորակի վրա: (Ծիծաղում է:)
ԱՐՈՒՍ — Թեկուզ օր ու գիշեր միտինգ արա, փոշին քչանալո՞ւ է:
ԲԵՄԱԴՐԻՉ — Քչանալը չգիտեմ, լռելու դեպքում հաստատ կավելանա:
ԱՐՈՒՍ — Էդ բանախոսների խոսքի քամին ավելի վտանգավոր է: Իրականում թոզ փչելով են զբաղված:
Հևալով ու շուրջը նայելով, արագաքայլ հայտնվում է լրագրողը: Դերասաններին տեսնելով մոտենում է, փորձելով շունչը տեղը բերել:
ԲԵՄԱԴՐԻՉ — Ո՞վ եք, ումի՞ց եք փախչում:
ԼՐԱԳՐՈՂ — Ինչո՞ւ փախչել: Երբվանի՞ց է պաշտպանվելը փախչել կոչվում:
ԲԵՄԱԴՐԻՉ — Ինչի՞ց եք պաշտպանվում, թատրոնը խրամատ չէ:
ԼՐԱԳՐՈՂ — Լրագրող եմ: Ձեզ մոտ էի գալիս: Լավ է, շենքից հեռու չէի: Միանգամից այնպիսի փոթորիկ սկսվեց: Փողոցում փոշին ջրհեղեղի պես վրա տվեց: Մի կերպ ինձ դռնից ներս գցեցի: Երկար տարիներ բնապահպանական հարցեր եմ լուսաբանում, նման բան չէի տեսել: Մի բաժակ ջուր կարելի՞ է: Ոնց որ չհաջողեցի փոշուց պաշտպանվել:
ԱՐՈՒՍ — Հիմա կբերեմ: (Դուրս է գալիս:)
ԼՐԱԳՐՈՂ — Ասում են, ձեր նոր ներկայացումն էլ է փոշու մասին: (Գրպանից հանում է ձայնագրիչը:)
ԲԵՄԱԴՐԻՉ — Մոտավորապես:
ԼՐԱԳՐՈՂ — Երևի փոխաբերական իմաստով:
ԲԵՄԱԴՐԻՉ — Այսինքն:
ԼՐԱԳՐՈՂ — Դե, ասենք, պետական միջոցները փոշիացնելու առումով:
ԲԵՄԱԴՐԻՉ — Տարբերակ է, բայց մերը չէ, մեր պիեսն ավելի բնապահպանական ու առողջապահական է:
ԼՐԱԳՐՈՂ — Մի քանի խոսքով կներկայացնե՞ք։
ԲԵՄԱԴՐԻՉ — Դեռ վաղ է ինչ-որ բան ներկայացնել, մենք էլ վերջը չենք պատկերացնում:
Արուսը ներս է մտնում, ջրով բաժակը մեկնում լրագրողին:
ԼՐԱԳՐՈՂ — (վերցնելով բաժակն ու մի քանի կում անելով): Այսպիսի կնոջ բերած ջուրը ծանր հիվանդին էլ կօգնի:
ՎԱՐԴԱՆ — Հիմա կինը բնապահպանական աղե՞տ է, թե՞ հակառակը:
ԼՐԱԳՐՈՂ — Խնդրում եմ ասածս չգռեհկացնել:
ՎԱՐԴԱՆ — Պարզապես հետաքրքիր էր:
ԼՐԱԳՐՈՂ — Ավելի հետաքրքիր երևույթներ կան, որոնց մասին լռում են: (Բեմադրիչին.) Պիեսի վերնագիրը կասե՞ք:
ԲԵՄԱԴՐԻՉ — Փոշուց քշվածները:
ԼՐԱԳՐՈՂ — Հեղինակն ո՞վ է:
ՎԱՐԴԱՆ — Չենք ասի:
ԼՐԱԳՐՈՂ — Ինչո՞ւ:
ՎԱՐԴԱՆ — Որովհետև մենք էլ չգիտենք:
ԼՐԱԳՐՈՂ — Հետաքրքիր է, հետաքրքիր է… (Շրջվում է Արուսի կողմը, լուռ ու երկար նրան է նայում:)
ԱՐՈՒՍ — Փոշո՞տ եմ:
ԼՐԱԳՐՈՂ — Չէ:
ԱՐՈՒՍ — Բա դեմքիս ի՞նչ եք փնտրում:
ԼՐԱԳՐՈՂ — Ձեր կարծիքը պիեսի մասին:
ԱՐՈՒՍ — Փոշու ձայնը լսե՞լ եք: Լսած չեք լինի, որովհետև ձայն չունի… Մինչև ձայնը չլսեմ, կարծիք չեմ ունենա:
ԼՐԱԳՐՈՂ — Ես էլ շուտափույթ եզրակացությունների կողմնակից չեմ:
ՎԱՐԴԱՆ — Իմ կարծիքը չե՞ք ուզում իմանալ: Կարծիքս այն է, որ դեռ կարծիք չունեմ:
ԼՐԱԳՐՈՂ — Ձեր գաղտնապահությունից կարելի է ենթադրել, որ արտառոց բան եք նախաձեռնել: Բոլոր դեպքերում հետաքրքիր է: Չեմ հիշում, երբևիցե որևէ թատրոն փոշու մասին բեմադրություն արած լինի: Համենայնդեպս, թեման ինքնատիպ է: Դժվարությունները հաղթահարո՞ւմ եք:
ԲԵՄԱԴՐԻՉ — Առայժմ միայն դժվարություններն ենք հաղթահարում:
ԼՐԱԳՐՈՂ — Այդպես է, նոր խոսքի համար դժվարությունների միջով պիտի անցնես: Կարևորը խորքն է, մակերեսի վրա առանց ուրիշի օգնության էլ ամեն ինչ երևում է: (Նորից է շրջվում Արուսի կողմը:) Ավելի ուշ կարո՞ղ եմ ձեզ հանդիպել:
ԱՐՈՒՍ — Դրա համար վիզա պետք չէ:
ԼՐԱԳՐՈՂ — Հեղինակի անունն իմանալու համար:
ՎԱՐԴԱՆ — Ընդամե՞նը…
ԼՐԱԳՐՈՂ — Այլ մանրամասներ ճշտելու կարիք էլ կլինի:
ՎԱՐԴԱՆ — Նրա անունը չե՞ք ուզում իմանալ:
ԼՐԱԳՐՈՂ — Անորոշ ակնարկներ չեմ սիրում: Երևի փոթորիկն արդեն մեղմացած կլինի:
ՎԱՐԴԱՆ — Հավերժականը միայն փոշին է:
ԼՐԱԳՐՈՂ — Երևի, երևի… Հիմա գնամ, որ նյութը չուշացնեմ: (Բաժակը տալիս է Արուսին՝ չմոռանալով շնորհակալություն հայտնել:)
ԲԵՄԱԴՐԻՉ — Սա՞ պիեսի մասին որտեղից է իմացել:
ՎԱՐԴԱՆ — Բոլորի բերանը չես փակի, մեկը տարածած կլինի:
ԲԵՄԱԴՐԻՉ — Հիմա լրագրողների հոսքը կտրել չի լինի, փորձերի փոխարեն լրագրողներով ենք զբաղվելու: Պիտի զգուշանանք, որ էս ամենը չքաղաքականացնեն: Դրանք սիրում են ճանճն ուղտ ներկայացնել:
ԱՐՈՒՍ — Լավ կլինի էսօրվա փորձը հետաձգենք: Ինձ թույլ եմ զգում, կոկորդիս վիճակն էլ այն չի:
ԲԵՄԱԴՐԻՉ — Եթե տրամադրվածություն չունես, ստիպելն անիմաստ է: Տրամադրվածություն չեղավ, օդը մեռած բառերով եք լցնելու: (Վարդանին.) Դու էլ գնա: Հուսով եմ, մինչև վաղը տրամադրություններդ կփոխվի: Կփորձեմ ինչ-որ բաներ խմբագրել: Բեմը բացթողումները անմիջապես է ջրի երես հանում: Մինչ վաղը: (Հեռանում է:)
ՎԱՐԴԱՆ — Էդ լրագրողը հաստատ էլի կերևա: Պիեսի համար չէ, քեզ տեսնելու: Նայելն ու հրապուրվելը մեկ եղավ:
ԱՐՈՒՍ — Շուտ հրապուրվողը շուտ էլ սառում է, գնացինք:
ՎԱՐԴԱՆ — Տեսնենք, տեսնենք…
Հեռանում են:
ՊԱՏԿԵՐ ԵՐՐՈՐԴ
Նույն տեսարանը: Բեմի կենտրոնում բուժսենյակ հիշեցնող պաստառ է հայտնվել: Աթոռին նստած Արուսը անհանգիստ շուրջն է նայում: Հայտնվում է բժշկուհին՝ բժշկական լապտերիկը ճակատին: Մոտենում է Արուսին:
ԲԺՇԿՈՒՀԻ — Ի՞նչ բողոքներ ունեք:
ԱՐՈՒՍ — Կոկորդս, բժշկուհի… Շատ է ցավում
ԲԺՇԿՈՒՀԻ — Բերանը լայն բացեք: (Զննում է կոկորդը: Դեմքից պիտի կռահել, որ ինչ-որ բանից դժգոհ է:) Ի՞նչ եք աշխատում:
ԱՐՈՒՍ — Կարևո՞ր է:
ԲԺՇԿՈՒՀԻ — Ճիշտ ախտորոշման համար ամեն ինչն է կարևոր:
ԱՐՈՒՍ — Դերասանուհի եմ:
ԲԺՇԿՈՒՀԻ — Տարօրինակ է:
ԱՐՈՒՍ — Տարօրինակ ի՞նչ կա, դերասանը պոզով-պոչո՞վ է լինում:
ԲԺՇԿՈՒՀԻ — Ոնց որ թունավոր արտադրամասից եկած լինեք:
ԱՐՈՒՍ — Վիճակս լավ չի՞:
ԲԺՇԿՈՒՀԻ — Կարո՞ղ է, թատրոնում վերանորոգում է:
ԱՐՈՒՍ — Չէ:
ԲԺՇԿՈՒՀԻ — Որտե՞ղ եք այդքան փոշի շնչել ու կոկորդի լորձաթաղանթը բորբոքել:
ԱՐՈՒՍ — Ամբողջ քաղաքը փոշի է, առավոտից ուրիշ ի՞նչ ենք շնչում:
ԲԺՇԿՈՒՀԻ — Անհասկանալին փոշու բաղադրությունն է: Թունավոր արտադրամասի մասին հենց այնպես չհարցրեցի:
ԱՐՈՒՍ — Շատ լո՞ւրջ է… Երևի հասկանում եք, դերասանի համար ինչքան կարևոր է առողջ կոկորդը:
ԲԺՇԿՈՒՀԻ — Առայժմ պատճառն եմ ուզում հասկանալ: Փորձեմ մի անգամ էլ ստուգել: Բերանն ավելի լայն բացեք: (Նորից է հետազոտում:)
ԱՐՈՒՍ — Հնարավոր է, մրսած լինեմ:
ԲԺՇԿՈՒՀԻ — Ուրիշ ի՞նչ բողոքներ ունեք:
ԱՐՈՒՍ — Սկսել եմ վատ քնել, գիշերվա կեսից արթնանում ու էլ չեմ քնում:
ԲԺՇԿՈՒՀԻ — Ալկոհոլ շա՞տ եք օգտագործում:
ԱՐՈՒՍ — Առիթից առիթ:
ԲԺՇԿՈՒՀԻ — Թմրանյո՞ւթ:
ԱՐՈՒՍ — Չեմ փորձել:
ԲԺՇԿՈՒՀԻ — Մղձավանջները շա՞տ են հետապնդում:
ԱՐՈՒՍ — Հաճախ չէ:
ԲԺՇԿՈՒՀԻ — Ընտանիքում մարդաշա՞տ եք, կարո՞ղ է, աղմուկից եք նեղվում:
ԱՐՈՒՍ — Ինձանից բացի ուրիշը չկա:
ԲԺՇԿՈՒՀԻ — Ուրեմն հնարավոր է, անքնության պատճառը միայնության զգացումը լինի: Հաճա՞խ եք ընկճման ու վհատման ապրումներ ունենում:
ԱՐՈՒՍ — Ամուսնուս հեռանալուց հետո՝ ավելի հաճախակի:
ԲԺՇԿՈՒՀԻ — Լինո՞ւմ է, ինքնասպանության մասին մտածեք:
ԱՐՈՒՍ — Ինչո՞ւ եք հարցնում:
ԲԺՇԿՈՒՀԻ — Մոռացեք հարցս: Աշխատեք ավելի շատ լինել մարդաշատ միջավայրում, առավել շատ շփվել մարդկանց հետ:
ԱՐՈՒՍ — Կոկորդիս մասին մոռացաք:
ԲԺՇԿՈՒՀԻ — Չեմ մոռացել, կողմնակի հարցումներն օգնում են Ճիշտ գնահատել վիճակը: Լավ կլիներ մի քանի օր աշխատանքի չգնայիք: Փոխարենը այգում, պուրակում շատ եղեք…
ԱՐՈՒՍ — Բա թատրո՞նը:
ԲԺՇԿՈՒՀԻ — Կարծում եմ, հենց թատրոնում ինչ-որ բան այնպես չէ:
ԱՐՈՒՍ — Բժշկուհի, հնարավո՞ր է փոշին ակտիվանա, երբ, ասենք, իր մասին կամ իր դեմ են խոսում: Ոչ միայն ակտիվանա, այլև գազազի:
ԲԺՇԿՈՒՀԻ — Տարօրինակ հարց է:
ԱՐՈՒՍ — Հարցնում եմ, որովհետև նոր պիեսը փոշու մասին է: Այդ պիեսի փորձերից հետո է կոկորդիս ցավը սկսվել:
ԲԺՇԿՈՒՀԻ — Մեր օրերում ամեն ինչ հնարավոր է… Բոլորն էլ հասկանում են, որ լայնամասշտաբ ծառահատումները, երկրի ընդերքի գազանաբարո շահագործումը լավ հետևանքների չեն բերի: Փոշին չի բեղմնավորվում ու չի վերարտադրվում: Փոշի ստեղծողը մենք ենք: Նշանակածս դեղերը կօգնեն, սակայն հետագայում էլ պիտի զգույշ լինեք: Հա, չմոռանաք կոկորդը տաք պահել:
ԱՐՈՒՍ — Չեմ մոռանա, ինքնասպանության մասին ձեր հարցն էլ չեմ մոռացել:
ԲԺՇԿՈՒՀԻ — Իզուր էլ հիշեցրիք:
ԱՐՈՒՍ — Ինքնասպանության մասին մտածել եմ, բայց…
ԲԺՇԿՈՒՀԻ — Ե՞վ…
ԱՐՈՒՍ — Հասկացել եմ, որ եթե ես չլինեմ՝ սերս էլ չի ապրի:
ԲԺՇԿՈՒՀԻ — Եվ ոչ միայն:
ԱՐՈՒՍ — Չէի ուզի, որ սերս մեռնի:
ԲԺՇԿՈՒՀԻ — Ինչն ամենակարևորն է:
Բեմը մթնում է:
ՊԱՏԿԵՐ ՉՈՐՐՈՐԴ
Նույն տեսարանը: Պարուհին պարային մի քանի շարժումներից հետո պտույտներ է կատարում: Հայտնվում է Արուսը՝ պարանոցը թաշկինակով կապած: Տեսնելով պարուհու պարը, ինքն էլ է մի երկու պտույտ կատարում:
ՊԱՐՈՒՀԻ — Օհո՜…
ԱՐՈՒՍ — Վատ պտտվեցի՞:
ՊԱՐՈՒՀԻ — Կարևորը՝ ոտքի վրա մնացիք:
ԱՐՈՒՍ — Հո գլխի վրա չէի շրջվելու:
ՊԱՐՈՒՀԻ — Սովորաբար փորձ չունեցողն ընկնում է:
ԱՐՈՒՍ — Պարի դասընթացներում ինչ-որ բաներ յուրացրել եմ: Բեմադրիչը չի երևացե՞լ:
ՊԱՐՈՒՀԻ — (պտտվելով): Դեռ չէ:
ԱՐՈՒՍ — Ինչքա՞ն ես պտտվելու:
ՊԱՐՈՒՀԻ — Փոշու պարն եմ փորձում: Պիտի պատկերացնեմ, թե պտտահողմը ոնց է փոշին երկինք հանում:
ԱՐՈՒՍ — Հետո՞…
ՊԱՐՈՒՀԻ — Պտտվելը պտտվում եմ, միայն չգիտեմ, ոնց եմ օդ բարձրանալու: Կարո՞ղ է բեմադրիչը չգա:
ԱՐՈՒՍ — Փորձ էր նշանակել:
ՊԱՐՈՒՀԻ — Երանի չգար…
ԱՐՈՒՍ — Դեպքերից առաջ մի ընկնի… Առաջ ընկնելը ոնց որ ձեր սերնդի գաղտնաբառը լինի:
ՊԱՐՈՒՀԻ — Լավը չե՞նք:
ԱՐՈՒՍ — Ձեր ժամանակն ինչ է, որ դուք ինչ լինեք: Ուշանալը բեմադրիչից չի: Առանց լուրջ պատճառի չէր ուշանա… Ի՞նչ եղած կլինի: Երևի ընկել, մի տեղը կոտրել է: Շատ զգուշավոր է, ընկած չի լինի: Տաք սուրճը լցվել է ձեռքերին: Դրա պատճառով տանը չէր նստի… Մնաց ճնշումը… Ասա՝ ինչո՞ւ չես զանգում, իմանաս, որ սար ու ձոր ես ընկել: Կոկորդիս ցավը ոնց որ խելքս էլ է ախտահարել: (Պայուսակից հանում է հեռախոսը) Ո՞վ է… կի՞նը… Արուսն է՝ թատրոնից: Բեմադրիչին եմ խնդրում: Տանը չի՞… Թատրոնում էլ չի, բա որտե՞ղ է: Պոլիկլինիկա՞… Պոլիկլինիկայում ի՞նչ է կորցրել: Ա՞չքը… Երեկ նորմալ էր: Արյան զեղո՞ւմ… Ուռե՞լ է… Ինչի՞ց է… Մուգ թեյով պիտի լվանայիք: Չի՞ օգնել: Ցավում եմ: Եթե չեք նեղվի, մի քանի ժամից նորից կզանգեմ: (Անջատում է հեռախոսը:)
ՊԱՐՈՒՀԻ — Գալո՞ւ է, թե՞ չէ:
ԱՐՈՒՍ — Երևի չէ:
ՊԱՐՈՒՀԻ — Ուռա՜… Կարո՞ղ եմ չքվել:
ԱՐՈՒՍ — Ժամադրվա՞ծ ես:
ՊԱՐՈՒՀԻ — Ի՞նչ իմացաք:
ԱՐՈՒՍ — Աչքերդ փայլում են:
ՊԱՐՈՒՀԻ — Նա էլ է ասում, որ աչքերիցս ջերմություն է փչում:
ԱՐՈՒՍ — Վաղո՞ւց եք հանդիպում:
ՊԱՐՈՒՀԻ — Շուտով ամուսնանալու ենք: Ժամանակին երևի ձեր աչքերն էլ են փայլել: Քանի՞ տարի եք ամուսնացած:
ԱՐՈՒՍ — Քիչ տևեց:
ՊԱՐՈՒՀԻ — (վախվորած): Հո՛…
ԱՐՈՒՍ — Մի հուզվիր, սարսափելի ոչինչ չի եղել, անսպասելի անհետացավ, հետո զանգեց ու ասաց, որ չի վերադառնալու…
ՊԱՐՈՒՀԻ — Ու չվերադարձա՞վ…
ԱՐՈՒՍ — Չէ, թեև երբեմն թվում է, չի հեռացել, ընդամենը դուրս է եկել աղբը թափելու և ուր որ է՝ ներս կմտնի ու նախկինի պես կմրթմռթա, որ սուրճը սառել է: Տարիների հետ միայն լավն է հիշվում:
ՊԱՐՈՒՀԻ — Իմ ամուսնուն չեմ թողնի՝ աղբը դուրս հանի:
ԱՐՈՒՍ — Փորձիր, գուցե ստացվի:
ՊԱՐՈՒՀԻ — Կփորձեմ, բա ո՞նց… Մեր սերունդը վաղուց առանց փորձի քայլ չի անում: Կարո՞ղ եմ գնալ…
ԱՐՈՒՍ — Ինչ էլ անելու լինես, ձանձրույթի փոշուց զգուշացիր:
ՊԱՐՈՒՀԻ — Էդ ի՞նչ փոշի է:
ԱՐՈՒՍ — Ատելության փոշուց չի տարբերվում:
ՊԱՐՈՒՀԻ — Էդ փոշիներից գլուխ չեմ հանում:
ԱՐՈՒՍ — Մի քիչ էլ ապրի, գլուխ կհանես… Նայիր՝ չուշանաս…
ՊԱՐՈՒՀԻ — Ճիշտ որ ուշ է… (Պարային շարժումներով հեռանում է:)
ԱՐՈՒՍ — Բեմադրիչի չգալու պատճառն իմացանք, Վարդանի՞ն ինչ է եղել, նա ինչո՞ւ չկա: Պիտի զգուշացնել, որ փորձ չի լինելու: (Զանգում է:) Ալո… Վարդանը չի՞… տղա՞ն է: Տղա ջան, կարո՞ղ ես հեռախոսը Վարդանին փոխանցել: Քնա՞ծ է… Այս ժամին թատրոնում պիտի լիներ: Ամբողջ գիշեր տանջվե՞լ է… ալերգիայի՞ց: Ալերգիան որտեղի՞ց: Ի՞նչ փոշի, ասում ես՝ բժի՞շկն է ասել: Էլ ի՞նչ է ասել: Դեղեր է նշանակե՞լ… Հա՜… հա՜… Լավ, տղա ջան, կներես, որ անհանգստացրի, որ զարթնի, հայտնիր, որ փորձ չի լինելու: Կասե՞ս… Տես, չմոռանաս… (Անջատում է հեռախոսը:) Տարօրինակ է, շատ տարօրինակ է: Պատահականություն չի կարող լինել… Փորձերին առայժմ երեքով ենք եղել ու երեքիս վրա էլ փոշին ազդել է: Չլինի՞ բառերն էլ փոշի ունեն… Ի՞նչ փոշի է, այսքան արագ իրեն զգացնել է տալիս: Էլ ինչե՞ր կարող են լինել… Աճյունափոշի՞… Աճյունափոշին որտեղի՞ց գլուխս մտավ: Երևի մեռնելիս էլ չզգամ, որ մեռել եմ: Պարուհին ո՞նց էր պտտվում… Պտտվեմ, երևի աճյունափոշին գլխիցս թռնի:
Սկսում է պտտվել՝ ինչ-որ երգ դնդալով: Հայտնվում է լրագրողը, հմայված հետևում, քիչ անց ծափահարում է:
ԼՐԱԳՐՈՂ — Բրավո, բրավո:
ԱՐՈՒՍ — (կանգ է առնում): Երկնքից ընկա՞ք:
ԼՐԱԳՐՈՂ — Խոստացել էի վերադառնալ ու վերադարձել եմ:
ԱՐՈՒՍ — Փոշի՞ն է հետաքրքրել, թե՞ ես:
ԼՐԱԳՐՈՂ — Փոշին միջնորդ էր, որ հանդիպեինք: Մնացյալը ճակատագրի գործն է: Այստեղից գնալիս ճանապարհին նույնիսկ ձեզ նվիրված քառատող հորինեցի.
Ճակատագիրն էլ աչքեր ունի,
Այս անգամ նայեց իմ ու քո կողմը,
Չեմ նահանջելու՝ ինչ էլ որ լինի,
Ինչքան էլ փչեն քամին ու հողմը…
ԱՐՈՒՍ — Վատ չէր, բայց ձեր ոգևորությունը մաշկիցս ներս չմտավ: Ձեզ նայելով դժվար է հավատալ, որ այդպես, առանց երկմտելու կարող եք այդքան անբռնազբոս ու հախուռն լինել: Ձեր զգացմունքների կրակահերթից գլուխս պտտվեց: Ոնց որ աշխարհում միայն ես եմ ու դուք՝ ոչ ամուսին, ոչ երեխաներ, չգիտեմ՝ էլ ինչեր…
ԼՐԱԳՐՈՂ — Հետևել եմ ձեզ, հետաքրքրվել եմ:
ԱՐՈՒՍ — Հետևե՞լ, հետաքրքրվե՞լ եք:
ԼՐԱԳՐՈՂ — Այլապես չէի մոտենա:
ԱՐՈՒՍ — Եվ ի՞նչ եք պարզել:
ԼՐԱԳՐՈՂ — Որ միայնակ եք, ինքնամփոփ, խուսափում եք մարդաշատ ու աղմկոտ տեղերից:
ԱՐՈՒՍ — Եվ համոզվել եք, որ հենց ես եմ ձեր ընտրյալը:
ԼՐԱԳՐՈՂ — Այդպես է ստացվում:
ԱՐՈՒՍ — Այ թե ինչ… Եթե կինը միայնակ է, ապա կարելի է առանց ծանր ու մեծ անելու սիրահետել, չգիտեմ՝ էլի ինչեր ծրագրել… Աշխարհն է փոխվե՞լ, թե՞ էս աշխարհից չեք: (Հայացքը երկինք բարձրացնելով:) Քեզ դուր գալի՞ս է, ասա, դուրդ գալի՞ս է, որ հետախույզ լրագրողն է ուզում տեղդ գրավել: Ձայն հանիր… Մաշկի խշշոցից էիր բողոքում… Չգիտեի՞ր, որ կնոջ մաշկը չի կարող լուռ լինել, մանավանդ գգվանքի սպասելիս…
ԼՐԱԳՐՈՂ — Ո՞ւմ եք ասում:
ԱՐՈՒՍ — Ամուսնուս… Ձեր տեղեկություններին կարող եք ավելացնել, որ նաև ցնդած եմ…
ԼՐԱԳՐՈՂ — Ինչ ցնդած, սեփական ցավին հավատարիմ լինելը հարգելի է:
ԱՐՈՒՍ — Ուրիշ արժանիքներ չունեմ:
ԼՐԱԳՐՈՂ — Փնտրողը կգտնի:
ԱՐՈՒՍ — Դրա համար արշավախումբ է պետք, միայնակ դժվար կլինի:
ԼՐԱԳՐՈՂ — Եթե ճիշտ հասկացա…
ԱՐՈՒՍ — Միանգամայն… Սերը երկկողմանի երթևեկություն է… Ձեր դեպքում երթևեկությունը միակողմանի է ստացվել: Ցավում եմ, բայց ցանկության դեպքում էլ չեմ կարող ընդառաջել: Այնպես որ, դուք ձեր ճանապարհը շարունակեք, ես էլ իմ ճանապարհով գնամ:
ԼՐԱԳՐՈՂ — Այլընտրանք միշտ էլ կգտնվի:
ԱՐՈՒՍ — Այլընտրանք՝ գուցե, բայց ներսս զբաղված է, այնտեղ ձեզ համար տեղ չկա ու հետագայում էլ, չեմ կարծում, որ լինի: Այնպես որ…
Արուսն արագաքայլ հեռանում է: Լրագրողը շփոթված հետևում է նրան: Հայտնվում են հավաքարարները: Պարային շարժումներով փոշեկուլներով մաքրում են հատակը: Նրանց պարին համընթաց բեմն աստիճանաբար մթնում է:
ՊԱՏԿԵՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ
Նույն տեսարանը: Փռշտալով ու հազալով հայտնվում է Վարդանը: Զարմացած շուրջն է նայում, մոտենում, ոտքով հարվածում է գահին:
ՎԱՐԴԱՆ — Ոնց որ թագավորներն ու նախագահները չեն կարող սովորական աթոռին նստել: Նրանց հետույքներն էլ են մեծապատիվ: (Սկսում է հազալ ու փռշտալ:) Հիմա էլ բնապահպանն է ուզում նստել: Ալերգիան վերացրեք, ալերգիան, որ մարդիկ չտանջվեն… Մենք ի՞նչ դերասան, դերասանը դուք եք… Ձեր բեմն ամբողջ մոլորակն է, մերը՝ էս փոշոտ ու կիսախավար տարածքը: Իբր մենք էլ ենք ապրում՝ ամեն ապրողի երանի տալով: Չենք ապրում, պարզապես օգնում ենք, որ դուք ու ձեր հետույքներն ապրեն: (Փռշտում է:) Էնքան եմ փռշտալու, մինչև ներսիս եղած-չեղածը քիթ ու բերանիցս թափվի: Կարծես ուրիշ պիես չկար, բերել, փոշու պատմությունը կապել է ջաններիս: Ուրիշները աշխարհի հարստություններն են փոշիացնում, մենք՝ մեր առողջությունը: (Երկարատև հազից, թվում է, ուր որ է կխեղդվի:)
ԱՐՈՒՍ — (ներս է գալիս, արագ մոտենում Վարդանին): Վարդա՞ն, Վարդա՞ն…
ՎԱՐԴԱՆ — (հանդարտվելով): Նոպա էր, կանցնի…
ԱՐՈՒՍ — Էդ վիճակով ինչո՞ւ ես եկել:
ՎԱՐԴԱՆ — Հայտարարելու, որ հրաժարվում եմ դերից:
ԱՐՈՒՍ — Հեռախոսով չէի՞ր կարող հրաժարվել:
ՎԱՐԴԱՆ — Հեռախոսը չի վերցնում:
ԱՐՈՒՍ — Ինձ զանգեիր: Քիթդ տեսե՞լ ես, ծաղրածուն քեզ օրինակ:
ՎԱՐԴԱՆ — Որ միայն քթով պրծնենք, գոհ պիտի լինենք: Կարծես աշխարհում ուրիշ պիես չկար:
ԱՐՈՒՍ — Ես էլ եմ հրաժարվել:
ՎԱՐԴԱՆ — Բեմադրիչը գիտի՞:
ԱՐՈՒՍ — Ասել եմ… Կոկորդիս պատմությունը ոնց որ վերջ չունի:
ՎԱՐԴԱՆ — Փոշու հետևա՞նք է:
ԱՐՈՒՍ — Ինչպես քո ալերգիան: Գիշերն էլ մղձավանջներն էին մլակների պես վրա տվել:
ՎԱՐԴԱՆ — Փոշու հետ էի՞ր կռվում:
ԱՐՈՒՍ — Փոշու և ամուսնուս:
ՎԱՐԴԱՆ — Ամուսնուդ ինչի՞ էիր հիշել:
ԱՐՈՒՍ — Էն լրագրողի այցը հուշերս դուրս թափեց:
ՎԱՐԴԱՆ — Եկե՞լ էր… Զգում էի, որ կգա: Ասացի, չէ՞, քեզ ուրիշ հայացքով էր նայում:
ԱՐՈՒՍ — Նորմալ մեկը չհանդիպեց:
ՎԱՐԴԱՆ — Ամուսնուդ մեղքը ո՞րն էր:
ԱՐՈՒՍ — Մեղադրում էի, որ հեռացել է, որովհետև կողքիս որ լիներ, պատահական մեկը չէր համարձակվի մոտենալ:
ՎԱՐԴԱՆ — Ի՞նչ գիտեր, որ կողքիդ չէ:
ԱՐՈՒՍ — Հետևել է, հետաքրքրվել ինձանով:
ՎԱՐԴԱՆ — Ուրեմն լուրջ է տրամադրվել:
ԱՐՈՒՍ — Բանաստեղծություն էր հորինել: Իբր՝ ճակատագիրը երկուսիս միասին է տեսնում: Իսկը ցնդած: Էդ շուտ ոգևորվողների սերն էլ, հրապուրանքն էլ կայծակի պես փայլատակում, կայծակի պես արագ էլ մարում են:
ՎԱՐԴԱՆ — Սրտիդ մոտ չընդունես: Պիեսն էլ լուրջ ընդունեցինք, տեսանք արդյունքը…
ԱՐՈՒՍ — Դրա համար էլ հրաժարվեցի:
ՎԱՐԴԱՆ — Հեղինակի անձն է հետաքրքիր: Եվ գրել է, և վախից թաքցրել է անունը:
ԱՐՈՒՍ — Անունն ասեղ չի, որ պարկում թաքցնես:
ՎԱՐԴԱՆ — Պարզվում է, լավ էլ թաքնվում է:
ԱՐՈՒՍ — Դեռ ոչ մեկին չի հաջողվել մինչև վերջ թաքնված մնալ:
ՎԱՐԴԱՆ — Բան գիտես՝ ասա:
ԱՐՈՒՍ — Գիտեմ, իմացել եմ:
ՎԱՐԴԱՆ — Գիտե՞ս… Իմացել ու լռո՞ւմ ես:
ԱՐՈՒՍ — Երեկ գնացել էի բեմադրիչին տեսնելու: Խեղճի վիճակն էլ մի բան չի: Աչքն է վնասել, ծովահենի պես աչքակապով է:
ՎԱՐԴԱՆ — Ասեիր, ես էլ գայի:
ԱՐՈՒՍ — Մեկը լիներ, քեզ այցելեր…
ՎԱՐԴԱՆ — Կարևորը՝ չնեղանա:
ԱՐՈՒՍ — Մի աչքով ինչքան պիտի նեղանա… Ասացի՞, որ գնացել էի բեմադրիչին տեսնելու:
ՎԱՐԴԱՆ — Էդ իմացանք…
ԱՐՈՒՍ — Սովորականի պես սուրճն ինքը եփեց: Երբ սուրճը եփելու գնաց, աչքս աշխատասենյակի բաց դռանն ընկավ: Ներս մտա: Համակարգիչը չէր անջատել: Ու ի՞նչ…
ՎԱՐԴԱՆ — Ի՞նչ…
ԱՐՈՒՍ — Էկրանին էս պիեսն էր: Արագ տեքստը բարձրացրեցի, որ հեղինակի անունը կարդամ, վերևում անունը չկար: Տեքստը մինչ վերջ իջեցրի… Աչքերիս չէի հավատում:
ՎԱՐԴԱՆ — Արագ ասա, քանի նոր նոպա չի սկսվել:
ԱՐՈՒՍ — Ասեմ՝ հին նոպաներդ էլ կկրկնվեն:
ՎԱՐԴԱՆ — Ո՞վ էր:
ԱՐՈՒՍ — Գուշակիր:
ՎԱՐԴԱՆ — Մենդելեևը:
ԱՐՈՒՍ — Չէ:
ՎԱՐԴԱՆ — Ցիցերոնը:
ԱՐՈՒՍ — Կարո՞ղ է պապուդ անունն էլ տաս:
ՎԱՐԴԱՆ — Ինչ-որ մեկը:
ԱՐՈՒՍ — Բեմադրիչը:
ՎԱՐԴԱՆ — Ի՞նչ… (Սկսում է փռշտալ, հանդարտվելուց հետո): Իմացա՞վ, որ իմացել ես:
ԱՐՈՒՍ — Երևի չէ:
ԲԵՄԱԴՐԻՉ — (հայտնվում է՝ մի աչքը թանզիֆով փակած): Իմացա, իմացա, միանգամից իմացա:
ԱՐՈՒՍ — Խոհանոցում չէի՞ք:
ԲԵՄԱԴՐԻՉ — Էի:
ԱՐՈՒՍ — Էլ ո՞նց իմացաք:
ԲԵՄԱԴՐԻՉ — Էկրանին էջը փոխված էր:
ԱՐՈՒՍ — Ճիշտ որ. մազը երկար, խելքը կարճ:
ՎԱՐԴԱՆ — Ինչո՞ւ էիք թաքցնում:
ԲԵՄԱԴՐԻՉ — Կասեի, եթե չկասկածեի հաջողությանը: Անունս թաքցնում էի, մտածելով, որ փոշու վրա գրված անունը ի վերջո փոշին էլ կծածկի: Խնդրանքս է, որ մոռանաք պիեսն էլ, հեղինակին էլ:
ՎԱՐԴԱՆ — Ինչ էլ վերնագիր էր՝ փոշուց քշվածները… Անհամատեղելի եզրեր՝ փոշին ու դուք:
ԲԵՄԱԴՐԻՉ — Սիրում եմ ինքս ինձ հակառակվել, թեև գրելիս այլ խնդիր էր պտտվում գլխումս: Համացանցում փոշու բաղադրության մասին գրառումը կարդալով՝ բորբոս, մանրէներ, սնկեր, մետաղներ, վնասակար այլ նյութեր, ինչն էլ պատճառ է ալերգիայի, ասթմայի, շնչուղիների տարբեր հիվանդությունների՝ տագնապեցի: Հիշեցի Երկրի անապատացման մասին բնապահպանների ահազանգը, ինչը նշանակում է, որ փոշու քանակը ավելանալու է: Մտքովս անցավ կանխավ զգուշացնել հավանական աղետի մասին: Հետևանքն ինձ համար էլ էր անսպասելի:
ՎԱՐԴԱՆ — Աշխարհում ինչքան ասես կազմակերպություն ու մասնագետ կա, որ զբաղվում են բնապահպանական խնդիրներով: Պիեսն ի՞նչ էր փոխելու:
ԱՐՈՒՍ — Փոխարենը երեքիս հախից եկավ: Չգիտենք էլ՝ ինչ օյիններ կբերի գլխներիս:
ՎԱՐԴԱՆ — Ուրիշ պիես գրե՞լ էիք:
ԲԵՄԱԴՐԻՉ — Առաջին փորձս էր:
ՎԱՐԴԱՆ — Վաղն էլ միջուկային պատերազմի վտանգը կարող է մեջտեղ գալ…
ԲԵՄԱԴՐԻՉ — Զգում եմ, որ գերագնահատել եմ ուժերս… Միայն իմանաք, հոգիս ոնց խաղաղվեց, երբ ջնջեցի գրածս: Նույնիսկ աչքիս ցավը մոռացա: Նորից եմ խնդրում, որ մոռանաք պիեսն էլ, հեղինակին էլ: Լրագրողներ երևացին՝ ձևացրեք, իբր ոչնչից տեղյակ չեք: Ապաքինվելու համար մի քանի օր տանը մնացեք: Հիշաչար մի եղեք ու ներեք մեղավորիս: Իմիջիայլոց, միջուկային պատերազմի վտանգը միշտ էլ կա: Ուրիշ հարցե՞ր կան… Եթե չկան, հիմա լքեմ ձեզ: Պոլիկլինիկա պիտի գնամ, ոնց որ աջ աչքիս վիճակն էլ լավ չի: Կհանդիպենք առավել լավատեսական առիթով: Մինչ հանդիպում և համենայնդեպս զգուշացեք փոշուց: (Դանդաղաքայլ հեռանում է:)
ՎԱՐԴԱՆ — Ստացվում է, փոշու դեմ խաղ չկա:
ԱՐՈՒՍ — Ոնց որ բնության` խաղալու հավեսն էլ է կորել:
ՎԱՐԴԱՆ — Մերն էլ… (Սկսում է փռշտալ:)
ԱՐՈՒՍ — (հեռախոսազանգ): Ալո… Լսում եմ: Ես եմ… Ի՞նչ… Ավտովթարի՞ց… Ե՞րբ, որտե՞ղ… Արդեն հուղարկավորե՞լ են… Ինչո՞ւ շուտ չէիք հայտնում: Ի՞նչ խառը վիճակ, հիմա խառը չե՞ք… Այդքան անսիրտ, անտարբեր ու անպատասխանատու չի կարելի լինել, չի կարելի, չի կարելի… (Արտասվում է:) Ինչո՞ւ հենց ինքը, ինչո՞ւ, ինչո՞ւ…
ՎԱՐԴԱՆ — Ո՞ւմ էին հուղարկավորելու կամ հուղարկավորել:
ԱՐՈՒՍ — Ամուսնուս… ավտովթարից…
ՎԱՐԴԱՆ — Հանգստացիր, որ ասածներդ հասկանամ:
ԱՐՈՒՍ — Գիտեի, զգում էի… Սիրտս վկայում էր, որ ինձնից հեռու վտանգը հետապնդելու է… Առանց ինձ չի կարողանալու պաշտպանվել…
ՎԱՐԴԱՆ — Ամուսնալուծված չէի՞ք:
ԱՐՈՒՍ — Հետո՛ ինչ:
ՎԱՐԴԱՆ — Հետո այն, որ քեզ համար էդ ավտովթարն ավելի շուտ է եղել:
ԱՐՈՒՍ — Մի՛ ասա, այդպես մի՛ ասա:
ՎԱՐԴԱՆ — Իմ ասելով հո չի՞… Ասեմ-չասեմ, փաստն այն է, որ քեզ համար նա վաղուց չի եղել:
ԱՐՈՒՍ — Ո՞նց չի եղել, որ չի եղել, ո՞նց եմ սպասել, ո՞ւմ եմ սպասել, սպասել եմ, չէ՞, միշտ էլ սպասել եմ, չլիներ՝ ո՞ւմ էի սպասելու, ինչո՞ւ էի սպասելու:
ՎԱՐԴԱՆ — Իզուր էլ սպասել ես, հիմա էլ իզուր արտասվում ես:
ԱՐՈՒՍ — Ո՞նց՝ իզուր, ինչո՞ւ՝ իզուր… Շարունակելու եմ սպասել: Միշտ եմ սպասելու, ինչպես չեմ հավատացել նրա հեռանալուն, հիմա էլ չեմ հավատալու, որ այլևս չկա: Չսպասեմ՝ ներսիս դատարկությունն ինչո՞վ եմ լցնելու…
ՎԱՐԴԱՆ — Էլ ինչո՞ւ ես արտասվում:
ԱՐՈՒՍ — Որովհետև երբ հեռացավ, չարտասվեցի:
ՊԱՐՈՒՀԻ — (թռվռալով հայտնվում է, նկատելով արտասվող Արուսին՝ մոտենում է): Լալի՞ս եք…
ԱՐՈՒՍ — (թաշկինակով մաքրելով աչքերը): Չէ, աչքս փոշի ընկավ:
ՊԱՐՈՒՀԻ — Ես էլ անհանգստացա… Չե՞ք ուզում փոշու պարը տեսնել: (Երաժշտություն: Պարուհին պարում է, քիչ անց:) Հիմա պտտահողմը փոշին պտտելով կբարձրացնի երկինք: (Պտտվելով՝ դանդաղ վեր է բարձրանում:)
ՎԱՐԴԱՆ — Ամբողջ պիեսից էս պարը մնաց:
Երաժշտությունը շարունակվում է: Փոշեկուլներով հայտնվում են հավաքարարները և պարային շարժումներով սկսում են մաքրել հատակը: Դանդաղ մթնում է: