ՀՈԳԵԴԱՐՁ / Արթուր ԷԴԱՐ
ՀՈԳԵԴԱՐՁ
Անավարտ դրամա, որ նրանց հետ պատահեց
Գործող անձինք
ՄԵԿԸ
ԸՆԿԵՐԸ
ԱՂՋԻԿ
Գործողության վայրը ցանկացած քաղաքի, ցանկացած առանձնատան սենյակներից մեկն է: Որն, իհարկե, պատուհան ունի:
Մութ սենյակ: Մտնում է մեկը: Առանց լույսը վառելու ծածկում է պատուհանը վարագույրով և մթության մեջ ինչ—որ բան փնտրում:
ՄԵԿԸ — Հիմա կտեսնեք, որ ինձ սպանելն այնքան էլ հեշտ բան չէ: Չէ՜… Ես կզրկեմ ձեզ այդ հաճույքից: Կզրկե՛մ… Այսօր էլ չե՛ք հասցնի, իսկ վաղն արդեն՝ չեք կարողանա: Այո, դուք տանուլ տվեցիք, պարոնայք, տանո՛ւլ տվեցիք: (Ինչ որ բան գտնելով): Ահա, գտա… (Կրակվառիչով վառում է մոմը): Այ այսպե՛ս… (Փորձում է մոմն ամրացնել սեղանին): Իսկ դուք դրսում ինձ սպասեք, միամիտներ… (Սկսում է զգեստապահարանը քչփորել): Դուք, պարոնայք, ժամանակից շուտ ինձ հաշվից հանեցիք: Դուք մոռացաք, թե ումի՛ց առաք ճարպկության ձեր առաջին դասերը… (Զգեստապահարանից փողկապներն է հանում և սկսում մեկը—մյուսի հետ կապել): Հուսով եմ, ձեզ իմ փողկապներն այլևս պետք չեն գա, անկիրթ պնդաճակատներ… Ես ինքս կթքեմ ձեր վրա: Այո՛: Առաջի՛նը: Ես ձեզ կճզմե՛մ իմ ոտքերի տակ, ես ձեզ մոխի՛ր կդարձնեմ ու այն քամուն կտամ… Դուք ինձ դեռ երկար կհիշեք… (Փողկապներից օղապարան սարքած բարձրանում է սեղանի վրա, կապում ջահից): Իմ ջահն էլ գեղեցիկ է ու ամուր, ինչպես իմ փողկապները: Եվ ոչ թե ձեր այդ էժանագին ու ճմրթված կոստյումների նման, որ մի կտրուկ շարժումից հազար կար է քանդվում… (Գործն ավարտելով): Այո, պարոնայք, ես կախվո՛ւմ եմ… Ես թքո՛ւմ եմ ձեր երեսին… (Փորձում է օղակը վիզը հագցնել): Հա՛, մոռացա ձեզ մի երկու տող գրել… (Իջնում, մոտենում է գրասեղանին):
ԸՆԿԵՐ — (մտնելով ներս, սրընթաց շարժվում է դեպի մյուս սենյակ: Ինքն իրեն խոսելով): Այո, ես նրան այդպես էլ կասեմ, ես ուղղակի կխնդրեմ նրան… (Մտնում է հարևան սենյակ):
ՄԵԿԸ — (որ անակնկալի էր եկել: Ձեռքին հայտնված ատրճանակը կրկին թաքցնում է): Գրո՛ղը քեզ տանի, վախեցրիր…
ԸՆԿԵՐ — (վերադառնալով): Դու այստե՞ղ ես…
ՄԵԿԸ — (անհանգիստ): Ո՞ր ճանապարհով եկար:
ԸՆԿԵՐ — Ինչպես միշտ՝ ետնաբակով:
ՄԵԿԸ — Ոչ ոք չհանդիպե՞ց քեզ:
ԸՆԿԵՐ — Ոչ մի կենդանի շունչ:
ՄԵԿԸ — (ներվային): Քեզ քանի՞ անգամ եմ զգուշացրել, որ մինչ այդ շիկահեր աղջկա հետ այստեղ գալդ զանգես ու պայմանավորվես ինձ հետ, հը՞…
ԸՆԿԵՐ — Հասկանում եմ… Ինչո՞ւ լույսը չես վառում:
ՄԵԿԸ — Իմ հարցին չպատասխանեցիր:
ԸՆԿԵՐ — Ասացի, որ… հասկանում եմ քեզ:
ՄԵԿԸ — Դա քիչ է, զանգե՛լ էր պետք:
ԸՆԿԵՐ — Ճիշտը որ ասեմ, այդ շիկահերի հետ այնքան էլ մի…
ՄԵԿԸ — (կտրուկ): Բարի գիշե՛ր…
ԸՆԿԵՐ — Իզուր ես զայրանում: Սա այն դեպքը չէ:
ՄԵԿԸ — Այսի՞նքն…
ԸՆԿԵՐ — Այն, որ շիկահերն ինձ հետ չէ:
ՄԵԿԸ — Ավելի՛ վատ: Ուրեմն կեսգիշերին ինձ այցելելն ընդհանրապես անիմաստ եմ գտնում ու զայրացուցիչ:
ԸՆԿԵՐ — Բայց… Չէ՞ որ… մենք ընկերներ ենք:
ՄԵԿԸ — (վրա տալով): Դու դա հիմա՞ ես հիշել միայն, հա՞, այս կեսգիշերի՞ն…
ԸՆԿԵՐ — Դե իհարկե, ո՛չ: Ես միշտ էլ քեզ իմ լավ ընկերն եմ համարել և…
ՄԵԿԸ — (ընդհատելով): Քեզ ի՞նչ է պետք: Ասա ու շուտ հեռացիր:
ԸՆԿԵՐ — Ներիր, բայց ես ուրիշ տեղ չունեմ գնալու: Դու պարտավոր ես լսել ինձ:
ՄԵԿԸ — Այս պահին ոչնչով պարտավորված չեմ զգում քո առաջ:
ԸՆԿԵՐ — Հասկանում եմ քեզ: Առանց այն էլ մեր մտերմության ամբողջ ընթացքում դո՛ւ ես միշտ օգնել ինձ, դո՛ւ ես ապահովել իմ առաջընթացը՝ առանց իմ կամքի ու միջամտության: Հիշո՞ւմ ես, ամեն անգամ, ինչ-որ մի գործ ինձ համար հաջողացնելուց հետո, թեթև կպնում էիր ուսիս ու նետում. «Դե՛, զինվոր, նստիր ձիդ ու թռիր մարտի դաշտ, քեզ սխրանքնե՛ր են սպասում…»: Իսկ այսօր ես պետք է քեզ խնդրեմ, որ օգնես ինձ, ե՛ս…
ՄԵԿԸ — (տեղի տալով): Քեզ հետ լուրջ բա՞ն է կատարվել…
ԸՆԿԵՐ — Ավելի լուրջ ոչինչ չի լինում… Ես որոշել եմ մեռնել…
ՄԵԿԸ — Ինքնատի՛պ որոշում է, հատկապես քեզ նման եսասեր անձնավորության համար: Բայց քեզ այդ հարցով օգնել չեմ կարող:
ԸՆԿԵՐ — Ո՛չ, կարո՛ղ ես:
ՄԵԿԸ — Ուրեմն անցիր վա՛ղը: Մենք կքննարկենք այդ խնդիրը և լուծում կգտնենք դրան:
ԸՆԿԵՐ — Դու ինձ ճիշտ չհասկացար…
ՄԵԿԸ — Այսի՞նքն:
ԸՆԿԵՐ — Ես հիմա՛ եմ ուզում անել այդ, հենց հիմա՛:
ՄԵԿԸ — Ա-յո՜… Ինքնատիպությամբ քեզ չես գերազանցի… Ինձ մնում է միայն ենթադրել, որ դա պատրաստվում ես անել այստե՞ղ, իմ տան մե՞ջ…
ԸՆԿԵՐ — Կռահեցիր:
ՄԵԿԸ — Իսկ դա ինչպե՞ս ես պատկերացնում:
ԸՆԿԵՐ – Ի՞նչը:
ՄԵԿԸ — Դե՜, որ…
ԸՆԿԵՐ — Չգիտեմ…
ՄԵԿԸ — Լավ, իսկ քո դիա՞կը… Ինչպե՞ս եմ նրա հետ վարվելու, հը՞: Մտածե՞լ ես այդ մասին:
ԸՆԿԵՐ — Դու ճարպիկ ես, մի բան կմտածես:
ՄԵԿԸ — …
ԸՆԿԵՐ — Դե՛, հանուն մեր ընկերության…
ՄԵԿԸ — Լա՛վ: Ասենք թե: Իսկ ինքնասպանության ի՞նչ ձև ես ընտրել:
ԸՆԿԵՐ — Բայց ես չասացի, թե ինքնասպան եմ լինելու:
ՄԵԿԸ — Ինչպե՞ս, ինքդ ասացիր, թե մեռնել ես ուզում՝ հենց այստեղ և հիմա՛…
ԸՆԿԵՐ — Մեռնել՝ այո, բայց ո՛չ ինքնասպան լինել:
ՄԵԿԸ — Այսինքն թե… (Գլխի ընկնելով): Ո՛չ, ո՛չ… Ես այդ չեմ անի, ո՛չ:
ԸՆԿԵՐ — Ե՛ս եմ խնդրում քեզ, հանուն ընկերության:
ՄԵԿԸ — Ո՛չ, հանուն սրբերի էլ չեմ անի, ո՛չ…
ԸՆԿԵՐ — Գրո՛ղը տանի, քանի՞-քանիսն են քո ճարպիկ ձեռքով կյանքից հեռացել: Եվ չես ուզում օգնել այն մարդուն, որն ի՞նքն է խնդրում այդ անել իր հետ…
ՄԵԿԸ — Եվ մի՛ խնդրի՛ր, մի՛ խնդրիր… Արհեստի գործն ուրիշ է: Իսկ հենց այնպես վերցնել ու մա՞րդ սպանել… Ես դա անել չեմ կարող, ո՛չ:
ԸՆԿԵՐ — Ես խնդրում եմ քեզ:
ՄԵԿԸ — Ասացի՝ մի խնդրիր, և վերջ: Ես իմ սկզբունքներն ունեմ, որոնց դավաճանած չկամ:
ԸՆԿԵՐ — (վհատված): Ես գիտեմ…
ՄԵԿԸ — Ուրեմն խնդրելն էլ անիմաստ է դառնում: Եթե որոշել ես կյանքից ինքնակամ հեռանալ, ինքդ էլ պիտի լուծես քո խնդիրը, քո ձեռքով, պա՞րզ է:
ԸՆԿԵՐ — (հուսախաբ): Հասկանում եմ…
ՄԵԿԸ — Եվ հետո… Թե անկեղծ լինենք, ինքս էլ նույն խնդրի առաջ եմ կանգնած: Ինձ հարկավոր է անհապաղ ինքնասպան լինել:
ԸՆԿԵՐ — Անհապա՞ղ: Ինքնասպա՞ն…
ՄԵԿԸ — Այո… (Ցույց տալով ջահը): Տեսնո՞ւմ ես…
ԸՆԿԵՐ — (օղապարանին նայելով): Խելքդ թռցրե՞լ ես:
ՄԵԿԸ — Սկզբունքի հարց է:
ԸՆԿԵՐ — Լավ, բայց ինչո՞ւ ես որոշել հենց կախվել: Չէ՞ որ այն աշխարհը գնալու հազար ու մի հրաշալի միջոցներ գիտես:
ՄԵԿԸ — Ուրեմն այդպե՛ս է պետք:
ԸՆԿԵՐ — Բայց ինչո՞ւ, ասա ինձ:
ՄԵԿԸ — Դու պատկերացնո՞ւմ ես, նրանք ինձ դեմերես պնդեցին, թե նույնիսկ կախվելու ժամանակ չեմ ունենա: Պատկերացնու՞մ ես նման անպատկառություն:
ԸՆԿԵՐ — Նրանք քեզ սպառնացին սպանե՞լ…
ՄԵԿԸ — Քիչ է ասել՝ սպառնացին: Նրանք ինձ արդեն սպանած կլինեին, եթե, իհարկե, նրանց թույլ տայի:
ԸՆԿԵՐ — Ուրեմն փախիր այստեղից: Ա՛յլ քաղաք, այլ երկի՛ր: Տար քեզ հետ քո խնայողություններն ու հանգիստ ապրիր քեզ համար:
ՄԵԿԸ — Չէ, այդպես էլ չհասկացար, որ պատվախնդրությունն ինձ համար շատ ավելին արժե, քան կյանքը… Ինչևէ, բարի գալուստ դժոխք, սիրելի՛ բարեկամ:
ԸՆԿԵՐ — Ա-յո՜, համա թե խրվել ենք…
ՄԵԿԸ — Այդ դու ես խրվել, ես իմ պատվի գործն եմ անելու:
ԸՆԿԵՐ — Սպասիր, արի հասկանանք իրար: Դու հաստատ որոշել ես մահանա՞լ…
ՄԵԿԸ — Անխո՛ս…
ԸՆԿԵՐ — Ես նույնպես, հասկացի՛ր: Եվ ոչինչ չի լինի, որ կախվելուց առաջ ինձ այն աշխարհն ուղարկես:
ՄԵԿԸ — Կարծեմ այդ հարցն արդեն հանված է օրակարգից:
ԸՆԿԵՐ — (չհանձնվելով): Այդ դեպքում արի վիճակ գցենք:
ՄԵԿԸ — Ինչի՞ վրա:
ԸՆԿԵՐ — Շահում ես դու՝ կախվիր, երբ քեֆդ տա, շահում եմ ես՝ սպանում ես ինձ և հետո միայն… դե՜, ինքդ գիտես:
ՄԵԿԸ — Կյանքում դեռ ոչինչ Աստծուն չեմ գցել:
ԸՆԿԵՐ — Աստծո գործը չէ, այլ սատանայի:
ՄԵԿԸ — (մոլուցքի տրված): Սատանայի հետ սեղան չեմ նստել, բայց կուզենայի:
ԸՆԿԵՐ — Ահա, տեսնո՞ւմ ես: Առիթը մի՛ թող, որ չզղջաս…
ՄԵԿԸ — (երկնչելով): Լավ, թող այս անգամ սատանայի կամքը բախտորոշ լինի:
ԸՆԿԵՐ — Փորձը փորձանք չէ, բեր վիճակ գցենք:
ՄԵԿԸ — Իսկ ի՞նչ կերպ, ասա՛…
ԸՆԿԵՐ — Խաղաթղթերով: Խաղաթուղթ ունե՞ս…
ՄԵԿԸ — Այո: Բայց ի՞նչ կերպ…
ԸՆԿԵՐ — Շատ պարզ: Ում ընկնի Ագռավի աղջիկը՝ նա էլ շահել է:
ՄԵԿԸ — Սատանան քեզ հետ… Թող այդպես լինի… (Գնում է խաղաթղթերը բերելու): Բայց քեզ չեմ ների, եթե դու շահես:
ԸՆԿԵՐ — Դու գիտես, իմ բախտը երբեք չի բերել խաղատներում:
ՄԵԿԸ — (վերադառնալով խաղաթղթերով): Այնտեղ՝ հա, իսկ այստե՞ղ… Ի՞նչ ենք անելու:
ԸՆԿԵՐ — Տուր, որ ես խառնեմ, իսկ դու կգցես:
ՄԵԿԸ — Է՜հ, կամքը քոնը: Ա՛ռ ու լավ խառնի՛ր… (Խաղաթղթերը տալիս է ընկերոջը):
ԸՆԿԵՐ — (ներվային խառնելով): Երազի մեջ էլ այսքան անհեթեթ վիճակ չեմ ապրել:
ՄԵԿԸ — Տուր ինձ, հերիք է, խաղաթղթերը մաշվեցին արդեն:
ԸՆԿԵՐ — Կարծում ես պա՞հն է… (Վարանելով): Լավ, վերցրու, տեսնենք ի՞նչ է լինելու:
ՄԵԿԸ — (խաղաթղթերը վերցնելով): Ի՞նչ պիտի լինի… (Կատակի տալով): Եթե դու շահես, ես առիթ կունենամ քեզ սպանելու:
ԸՆԿԵՐ — Տարօրինակ է, չէ՞, երկուսս էլ մահվան շեմին ենք կանգնած, բայց կատակում ենք:
ՄԵԿԸ — Շփոթմունքից է դա, ո՛չ խիզախությունից:
ԸՆԿԵՐ — Թերևս ճիշտ ես… Ի՞նչ արած, գցի՛ր…
ՄԵԿԸ — Մի վերջին անգամ թույլ տուր քեզ հարցնեմ, իրո՞ք որոշել ես կյանքից հեռանալ:
ԸՆԿԵՐ — Անկասկա՛ծ, անխո՛ս…
ՄԵԿԸ — Ուրեմն առա՛ջ: Դե՛, զինվոր, նայի՛ր: (Սկսում է խաղաթղթերը գցել: Մինչև վերջին երեք խաղաթուղթը՝ բեմադրիչի կամքն է տեսարանը լուծել): Դե, մնաց երեք խաղաթուղթ: Չե՞ս փոշմանել:
ԸՆԿԵՐ — Ոչ, ի՞նչ ես ասում:
ՄԵԿԸ — Երկու թուղթն իմն է՝ երկու շանսի հետ, ընդդեմ քո մեկի:
ԸՆԿԵՐ — Տեսնում եմ… Գցի՛ր:
ՄԵԿԸ — Ուշադիր նայիր… (Դանդաղ բացում է առաջին խաղաթուղթը): Գրո՛ղը տանի, սա խաղի վերջն է:
ԸՆԿԵՐ — Շատ էլ արդար է, հավասարվեցինք: Մեկ շանս քեզ, մեկն՝ ինձ:
ՄԵԿԸ — Դե լա՛վ, ի՞նչ արած: Վերցրու քո թուղթը ու ինքդ նայիր: (Երկրորդ խաղաթուղթը տալիս է ընկերոջը):
ԸՆԿԵՐ — (դանդաղ նայում է իր խաղաթուղթը: Անշարժ է մի պահ): Ես քեզ չասացի՞…
ՄԵԿԸ — Հը՞, տանո՞ւլ տվիր… Ոչինչ, մի՛ տխրիր, սատանան չօգնեց, Աստված քեզ կօգնի: (Բացում է իր՝ երրորդ խաղաթուղթը: Շանթահարված): Ինչպե՞ս… Հապա տուր այստեղ… (Փորձում է ընկերոջ ձեռքից փախցնել խաղաթուղթը, բայց վերջինս հասցնում է խույս տալ):
ԸՆԿԵՐ — (ինչ—որ բան կռահելով): Իսկ ի՞նչ է քո մոտ, ցույց տուր, որ տեսնեմ:
ՄԵԿԸ — Քո մոտ էլ, կարծես, թե ա՛յն թուղթը չէ:
ԸՆԿԵՐ — (շփոթված, բայց և գոհ): Ուզում ես ասել, թե քո ձեռքի՞նն էլ Ագռավի աղջիկը չէ…
ՄԵԿԸ — (խաղաթուղթը դնելով ընկերոջ առաջ): Ինչպես տեսնում ես, չէ՛:
ԸՆԿԵՐ — Հապա ու՞ր է այն…
ԱՂՋԻԿ — (մթության մեջ: Բազմոցին նստած): Տղաներ, կարծեմ դուք ի՛նձ եք փնտրում:
Մեկն ու ընկերը շփոթահար վեր են թռչում: Մեկի ձեռքին կրկին ատրճանակն է:
ՄԵԿԸ — Ո՞վ է, մոտ արի…
ԱՂՋԻԿ — Դե՜, իրար մի խառնվեք: Ես պարզ լսեցի, թե ինչ եք ուզում:
ՄԵԿԸ — Իսկ դու ո՞վ ես, ո՞վ…
ԱՂՋԻԿ — Ագռավի աղջիկը:
ՄԵԿԸ — (ընկերոջը): Ի՜նչ անակնկալ, գրողը տանի: Քեզ չհարցրի՞՝ մենա՞կ ես եկել…
ԸՆԿԵՐ — Երդվում եմ, մենակ…
ՄԵԿԸ — (աղջկան): Ուրեմն ի՞նչ, քաղցրիկս, քեզ ուղարկե՞լ են:
ԱՂՋԻԿ — Ո՜-ոչ: Ինքս եմ եկել:
ՄԵԿԸ — (շինծու հիացմունքով): Խիզա՜խ աղջիկ ես: Լավ, առաջ արի տեսնեմ, թե կյանքս ո՞ւմ պիտի տամ:
ԱՂՋԻԿ — Գործարք կնքեցիք սատանայի հետ՝ նրան էլ կտաք: Իսկ ինձ ուզեցիք, որ ձեզնից մեկի բաժինը դառնամ:
ՄԵԿԸ — Չէ՜, դու ստում ես, այդպես չի՛ լինում:
ԱՂՋԻԿ — Իսկ քեզ ո՞վ ասաց…
ԸՆԿԵՐ — Լսիր, սիրո՛ւնս, քեզնով զբաղվելու ժամանակ չունենք: Գնա, ոնց եկար, ու մեզ հանգիստ թող:
ՄԵԿԸ — (կանխելով): Այդպես չի լինի, նա ինձ կմատնի՛…
ԸՆԿԵՐ — Հապա ի՞նչ անենք… (Կանխազգալով): Միայն թե չասես, որ նրան կսպանես:
ՄԵԿԸ — Ուրիշ ելք չկա, կամ մենք, կամ նա:
ԱՂՋԻԿ — Երե՜քս էլ… Ի՞նչ եք ջուր ծեծում: Ի՞նչ եք որոշել, ինքնասպա՞ն լինել: Ինչո՞ւ չեք լինում:
ԸՆԿԵՐ — (կարծես արդարանալով): Հենց ա՛յդ է… Մենք այստեղ վիճակ գցեցինք…
ԱՂՋԻԿ — Եվ ի՞նչ, ճշտեցի՞ք, թե ով կմեռնի:
ԸՆԿԵՐ — Ճիշտն ասած՝ ո՛չ… Այն այստեղ չկար:
ԱՂՋԻԿ — Այն ձեր առաջ է՝ Ագռավի աղջի՛կը: Դե ի՞նչ, միգուցե երկուսով փորձեք ամեն մեկն իր տեղ իմ սի՞րտը շահել…
ԸՆԿԵՐ — Իսկ ինչի՞ համար:
ԱՂՋԻԿ — Պա՛րզ է, թե ինչի: Ում հասա, նա էլ վիճակը կտանի:
ԸՆԿԵՐ — Իսկ ինչպե՞ս ճշտենք, թե դու ո՛ւմ հասար:
ԱՂՋԻԿ — Ում հետ պառկեցի՜…
ՄԵԿԸ — Չէ, սա երազ է: Կամ էլ արդեն դժոխք ենք ընկել:
ԱՂՋԻԿ — Դժոխքում ձեր տեղն ապահով ունեք: Այժմ մտածեք վիճակի՛ մասին:
ՄԵԿԸ — Լսիր, քաղցրի՛կս, ճշտելու, կարծեմ, թե էլ բան չկա: Դու պիտի ասես, թե ում ես ընկել:
ԸՆԿԵՐ — (Մեկին): Թե՞ պետք է ընտրի…
ՄԵԿԸ — Ոչ մի ընտրությո՛ւն: Մենք վիճակ գցինք, որ իմանայինք, թե նա ո՞ւմ կընկնի և ոչ թե՝ կընտրի…
ԱՂՋԻԿ — Ճարպիկն ես դու, հա՜, ու շատ խելոքը: Թե անկողնում էլ քեզ լավ ես պահում, ուրեմն ասպետ ես, հերո՛ս իսկական:
ՄԵԿԸ — Ես մահապարտ եմ, ընդամենն այդքան…
ԱՂՋԻԿ — Չեմ հասկանում քեզ, չես ուզում ինձ հետ անկողի՞ն կիսել:
ՄԵԿԸ — Դժոխքում՝ այո՛, բայց այստեղ ուրիշ խնդիրներ ունեմ: Ասա վերջապես, թե դու ո՞ւմ ընկար:
ԱՂՋԻԿ — Արդեն ասել եմ՝ ում հետ պառկեցի:
ՄԵԿԸ — Ես որ չե՛մ պառկի սատանայի հետ:
ԱՂՋԻԿ — Հպարտ ես, բայց ի՞նչ: Ընկերդ կպառկի…
ԸՆԿԵՐ — (միամիտ անկեղծությամբ): Ես էլ չեմ կարող… Թե չէ՝ էլ ինչո՞ւ մահս կուզեի:
ՄԵԿԸ — (Ընկերոջը): Դու լո՞ւրջ ես ասում:
ԸՆԿԵՐ — (անթաքույց անկեղծությամբ): Միանգամայն լուրջ: Ցոփ կյանքի պատիժ՝ տրված ինձ վերից:
ՄԵԿԸ — (աղջկան): Բան չհասկացա, ի՞նչ է ստացվում: Նա դա չի՛ կարող, ես էլ՝ չե՛մ ուզում…
ԱՂՋԻԿ — Ի՛նքդ որոշիր: Թե կախվել կուզես, ուզես թե չուզես, գի՛րկս պիտի գաս:
ՄԵԿԸ — Իսկ եթե չգա՞մ:
ԱՂՋԻԿ — Կախվել չես հասցնի:
ՄԵԿԸ — Իսկ ի՞նչ կլինի:
ԱՂՋԻԿ — Մնացել է քեզ վայրկյանների կյանք: Դե, շուտ, ի՛նձ արի…
ՄԵԿԸ — Քեզ հետ չե՛մ պառկի…
ԱՂՋԻԿ — Ստվերի՛դ նայիր…
Մեկը շրջվում է: Վարագույրի վրա իր ստվերն է: Պատուհանի ապակին կոտրվում է: Մեկն ընկնում է դիպուկահարի գնդակից:
ԸՆԿԵՐ — (իրեն կորցրած): Իսկ ինձ մահ չկա՞…
ԱՂՋԻԿ — Ինչքան էլ ուզես, այսօր չե՛ս մեռնի: Ու վաղը՝ նույնպես: Ու դեռ շատ կապրես: Եվ գիտե՞ս՝ ինչու: Որ ինձ միշտ օգնես հպարտ հոգիներ դժոխք տանելու: Կարծում ես, ինչո՞ւ միշտ քեզ հետ եմ ես:
ԸՆԿԵՐ — Միշտ ինձ հե՞տ ես դու…
ԱՂՋԻԿ — Հապա լավ լսիր… Ձայնս չե՞ս հիշում…
ԸՆԿԵՐ — Կարծես թե… Կարծես… Գլխի եմ ընկնում… Շիկահեր աղջի՞կ…
ԱՂՋԻԿ — Ագռավի՛ աղջիկ…. Ագռավի՛ աղջիկ…