Հրանտ ԼԱԼԱՅԱՆՑ/«ԵՐԵԿՈ «ՍԱՎՈՅՈՒՄ»

Հրանտ ԼԱԼԱՅԱՆՑԻ «ԵՐԵԿՈ «ՍԱՎՈՅՈՒՄ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2008 թ., թիվ 14-15-ում

— Մի պիեսը շա՞տ է, թե՞ քիչ է։ 

Շատ է, շատ-շատ է, եթե դա Շեքսպիրի «Համլետն» է, Գոգոլի «Ռևիզորը», Սունդուկյանի «Պեպոն» կամ Սարոյանի դրամատիկական «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ» ճիչը։ 

Այս և այլ հրաշալի պիեսները գլուխգործոց են, որովհետև մարդկանց պատմում են հենց իրենց մասին չխամրող տաղանդով ու փայլով, թատերական վառ ձևերով։ Ու ստեղծագործական ծաղկում են ապրել և ապրում են այն թատրոնները, որոնց գործունեությունը հիմնվել է այդ ակնհայտ իրողության վրա։ Իմ հիշողության մեջ մեր թատրոնն այդպիսին է եղել Վարդան Աճեմյանի և Հրաչյա Ղափլանյանի օրոք։ Նրանցից հետո ասպարեզ եկածները, կամա թե ակամա, երկար տարիներ մեր թատրոն բերեցին տխուր, ոչինչ չասող գորշություն։ Հանդիսատեսին չհուզելով գոնե թատերական մի հայտնությամբ՝ նրանք համընդհանուր գորշության մեջ զարմանահրաշ կերպով ծաղկում էին, մշտապես վայելում էին ոմանց բարյացակամության շնորհները, կոչումներն ու մրցանակները, թեև նրանց ոսկե մեդալները ժամանակի քննությանը չդիմանալով՝ ի հայտ էին բերում իրենց գորշ գույնը։ Սակայն անթափանց խավարին հաջորդում է լույսը, արևը վերջապես դուրս է գալիս գորշ ամպերի միջից։ Եվ ինչպես ժամանակին իմպրեսիոնիստները գեղանկարչությունից դուրս մղեցին գորշ գույնն ու ստեղծեցին նոր, մեծ արվեստ, մեր թատրոնում էլ, անկասկած, կհայտնվեն համարձակ ջահելներ, որոնք կքշեն գորշությունը, «տեսողական խաբկանքն» ու նրան դուրս կբերեն վերածննդի ու ճշմարիտ ծաղկման ուղի։ Եվ այդ ժամանակ համարձակ ջահելները իրենց մասին բարձրաձայն ազդարարելու, «մենք եկել ենք» ասելու համար կփնտրեն այդ մի պիեսը ու, մեկ էլ տեսար՝ նրանցից որևէ մեկի աչքին կընկնի այս հանդեսում տպագրված «Երեկո Սավոյում» պիեսը։ Սա կորցրած սիրո տխուր պատմություն է։ Այն, ինչ կատարվում է հերոսների հետ, առավել հաճախ պատահում է սոցիալական վայրիվերումների ժամանակաշրջանում, երբ կյանքի անողորմ հանգամանքների անիվների տակ խաթարվում են ճակատագրեր, կործանվում են սիրահարների փխրուն հոգիներ։

Այս պիեսում հանճարը վերածվում է խաբեբայի, իսկ երջանիկ ընտանեկան կյանքի համար ծնված աղջիկը դառնում է մարմնավաճառ։ Պիեսի կերպարներն այժմ ապրում են իրական կյանքից դուրս, խաբուսիկ գլամուրի բարեկեցության աշխարհում, բայց հենց այդ «կադրից դուրս» իրականությունն է կործանում նրանց ճակատագրերը, դառնում նրանց սիրո վախճանը։ Զանգերը չեն ղողանջում սիրո կործանման մասին, բայց ազդարարում են նրա անմահությունը։ Նայած՝ ով ինչպես կկարդա պիեսը, ով ինչպես կբեմադրի։ 

Հրանտ ԼԱԼԱՅԱՆՑ

ԵՐԵԿՈ «ՍԱՎՈՅՈԻՄ»

Գործող անձինք

ԱԼԻԿԱ

ԳԱՐԻԿ

Գործողությունները կատարվում են Մոսկվայում, 20-րդ դարի վերջին։ 

Ամռան ուշ երեկո։ «Սավոյ» հյուրանոցի շքեղ համարի կիսախավար հյուրասրահ։ Ներս է գալիս Գարիկը, վառում է լույսը, զարմացած նայում է շուրջը։ Մոտենում է պահարան-պատվանդանին, որի վրա մագնիտոֆոն կա և խաղաթղթերի չբացված մի քանի տրցակ։ Վերցնում է մեկը, պատռում շապիկը և մեծ վարպետությամբ խառնում խաղաթղթերը։ Ավարտելով մատների վարժանքը՝ խաղաթղթերը դնում է տեղը։ Սեղմում է մագնիտոֆոնի կոճակը։ Եվ միայն հիմա է ուշադրություն դարձնում դրա վրա դրված գրությանը։ Վերցնում է, կարդում, ծիծաղելով դնում պիջակի ծոցագրպանը, բարից մի շիշ է վերցնում, նստում է։ Վիսկի է խմում։ Հնչում է «Կառուզոն»՝ Պավարոտտիի կատարմամբ։

Ներս է մտնում Ալիկան, մոտենում, նստում է նրա դիմացի բազկաթոռին։ 

ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

ԱԼԻԿԱ — Բարի երեկո։ Ես թակեցի… 

ԳԱՐԻԿ — (նայելով նրան)։ Լսեցի… այնտեղ էի՝ երկնքում։

ԱԼԻԿԱ – Վերադարձա՞ք արդեն։

ԳԱՐԻԿ — Ձեզ մո՞տ, ինչ է։

ԱԼԻԿԱ — Թեկուզև։

ԳԱՐԻԿ – Որտեղի՞ց հայտնվեցիք։

ԱԼԻԿԱ — (ժպտալով վերև է ցույց տալիս)։ Այնտեղից։ Երգի հետ թռա, եկա։

ԳԱՐԻԿ — Ո՞վ եք դուք։

ԱԼԻԿԱ — Երգից՝ ձեր ցանկալի կերպարը։ 

ԳԱՐԻԿ — Ինձ համար նա վերերկրային է։ 

ԱԼԻԿԱ — Դուք ինձ չեք տեսնում։

ԳԱՐԻԿ — Տեսնեմ, երևի հիասթափվեմ։

ԱԼԻԿԱ — Չեք հիսաթափվի, չէ՞ որ ինձ էիք սպասում։

ԳԱՐԻԿ – Իրո՞ք։

ԱԼԻԿԱ — Այո։

ԳԱՐԻԿ – Գիտե՞ք երգի բառերը։

ԱԼԻԿԱ — Միայն մի քանի իտալերեն բառ։ 

ԳԱՐԻԿ — Ես՝ ավելի շատ, բայց դրանք երգի մեջ չկան։

ԱԼԻԿԱ — Ո՞ւմ են պետք բառերը։ Երգի ճշմարիտ բառերը հնչյունների մեջ են։

ԳԱՐԻԿ — Բայց դե… ուզում ենք հասկանալ՝ ինչի մասին է։

ԱԼԻԿԱ – Երևի ինչ-որ գեղեցիկ, վսեմ բանի մասին։ Գուցե մի տխուր հիշողություն է սիրո մասին։ Կամ գուցե բոլորովին ուրիշ բանի մասին է։

ԳԱՐԻԿ — Իսկ իմ կարծիքով աղոթք է՝ զրույց Աստծո հետ։

ԱԼԻԿԱ — Ի՞նչ նշանակություն ունի, թե ինչի մասին է։ Երգն ամեն մեկի համար այն է, ինչ լսում է։ 

ԳԱՐԻԿ — Այդ դեպքում լռենք, քանի հնչում է երգը…

ԱԼԻԿԱ — Ինչ արած, լռենք…

Երգն ավարտվում է, հաջորդն արագ ռիթմային մեղեդի է։

ԳԱՐԻԿ — Ինչ կտրուկ շրջադարձ, կարծես երկնքից վար գցեն…

ԱԼԻԿԱ — Տեսեք՝ փշուր-փշուր չլինեք։ 

ԳԱՐԻԿ — Կփորձեմ, հարգելիս։ Իսկ դուք սկսում եք անառողջ հետաքրքրություն առաջացնել։

ԱԼԻԿԱ — Դրա համար էլ հայտնվեցի այստեղ։

ԳԱՐԻԿ – Գիտե՞ք, ձեր ձայներանգի մեջ ինչ-որ ծանոթ բան կա։ Բայց չեմ կարողանում հիշել։

ԱԼԻԿԱ — Ձեզ մի տանջեք։ Դուք ինձ երբեք չեք տեսել և իմ մասին չեք լսել։

ԳԱՐԻԿ – Համոզվա՞ծ եք։

ԱԼԻԿԱ — Միանգամայն։

ԳԱՐԻԿ — Իսկ ձեզ ինչպե՞ս կոչել՝ կին երկնքի՞ց։

ԱԼԻԿԱ — (դադարից հետո)։ Էդիտա։ 

ԳԱՐԻԿ — Ինչ է, հենց Ելիսեյան դաշտերի՞ց դուրս թռաք։

ԱԼԻԿԱ — (քմծիծաղով)։ Չէ, շատ ավելի մոտ… Տվերսկայայից։

ԳԱՐԻԿ — Ի՞նչ… Տվերսկայա փողոցի՞ց։

ԱԼԻԿԱ — Դե ոչ, կատակեցի։

ԳԱՐԻԿ — Ինչպես ասում է իմ ընկեր Պրեմիերը, շաբաթ երեկոյան կատակեք, մադամ, միայն շատ զգույշ։

ԱԼԻԿԱ — Ինչ զգայուն ընկերներ ունեք։ 

ԳԱՐԻԿ — Էլ չեմ համբերում, ուզում եմ նայել ձեզ։ Վառեմ լույսը։ (Կանգնում է։)

ԱԼԻԿԱ – Մի՛ փշրեք պատրանքը, թող մի փոքր էլ երկարի։

ԳԱՐԻԿ — Գրողի ծոցր պատրանքր։ Ես արդեն երկրի վրա եմ։

ԱԼԻԿԱ — Ձեր ձայնից զգացվեց, որ արդեն իջել եք… մեր մեղսոտ գետնախարսխին։

Գարիկը վառում է ջահը, անջատում մագնիտոֆոնը, մոտենում…

ԳԱՐԻԿ – Ալիկա՞…

ԱԼԻԿԱ – Գարի՞կ…

ԳԱՐԻԿ — Ա՜յ քեզ հանդիպում։ Թող գրկեմ քեզ, ստուգեմ՝ դո՞ւ ես։

ԱԼԻԿԱ – Ե՛ս եմ, Գարիկ, ե՛ս։

Գրկախառնվում են։

ԳԱՐԻԿ — Աչքերիս չեմ հավատում։ Հազիվ ճանաչեցի քեզ։

ԱԼԻԿԱ — Այդքան փոխվե՞լ եմ։

ԳԱՐԻԿ — Էն էլ ո՜նց… դարձել ես հմայիչ տիկին։ (Հիացած զննում է։) Այնպես ես հագնվել, կարծես նոր ես դուրս եկել փարիզյան նորաձևության ամսագրի շապիկի վրայից։

ԱԼԻԿԱ — Դու նույնպես փառահեղ տեսք ունես։

ԳԱՐԻԿ – Քանի՞ տարի չենք տեսել իրար։

ԱԼԻԿԱ — Տասը տարի՝ ավարտական երեկոյից հետո։

ԳԱՐԻԿ — Ի՜նչ հրաշալի երեկո էր։

ԱԼԻԿԱ — (ժպտալով)։ Որից ամբողջ կուրսից բացակայեցին երկու հոգի՝ ես ու դու… 

ԳԱՐԻԿ — Սպասիր, ինչպե՞ս թե՝ չենք եղել։ 

ԱԼԻԿԱ — Դե, ընդհանրապես, եղել ենք։ Դու նույնիսկ մի արկղ, ինչպես այն ժամանակ ասացիր, էժանագին կարմիր գինի էիր բերել։ Հետո, մերոնցից ում հանդիպում էի, բոլորը հիշում էին այդ հրաշալի գինին, որը, պարզվեց, այնքան էլ էժանագին չի եղել։

ԳԱՐԻԿ – Հիշեցի՜… հիշեցի՛։ Շշերից մի քանիսն էլ ես բացի ու լցրի գավաթները։

ԱԼԻԿԱ — Հա, միայն թե դրանք գավաթ չէին, այլ ուսանողական կոպիտ բաժակներ։

ԳԱՐԻԿ — Որոնք համառորեն չէին ուզում զնգալ, փոխարենը դիմանում էին խելահեղ չխկոցներին։

ԱԼԻԿԱ — Բաժակներն իրար խփելն իրոք խելահեղ էր։ Անհավատալի աղմուկ էր։ Քո կողքին շատ երջանիկ էի։ Ուզում էինք խմել, հայտնվեց հռհռացող Լարան՝ իր վառ նարնջագույն զգեստով։ Հուսով եմ, նրան լավ ես հիշում։ 

ԳԱՐԻԿ – Մի՞թե հնարավոր է մոռանալ հմայիչ Լարային։

ԱԼԻԿԱ — (քմծիծաղով)։ Հմայի՜չ… Կուրսում բոլորը, քեզնից բացի, գիտեին նրա հմայքի գաղտնիքը։

ԳԱՐԻԿ — Հերյուրանք է։ Նա ամեն ինչով դզող ծիտիկ է։

ԱԼԻԿԱ — Մի անգամ, կիրակի առավոտ, հանրակացարանում մտար Լարայի սենյակը։ Մահճակալին նստած էր խալաթով, գզգզված մազերով մի աղջիկ։ Նրան հարցրիր՝ որտե՞ղ է Լարան, իսկ նա, շփոթվելով, ասաց, որ գործով դուրս է եկել ու կգա երկու ժամից։ Ու դու այդպես էլ չիմացար, որ մահճակալին նստածը Լարան էր՝ միայն առանց շպարի։

ԳԱՐԻԿ — Չի կարող պատահել։

ԱԼԻԿԱ — Այո, Լարան, ով խելքահան էր անում պարզամիտներին։ 

ԳԱՐԻԿ — Դե, արի ու հավատա աչքիդ տեսածին։ Բայց քո պատմությունը բնավ չխաթարեց Լարայի կերպարը… Լավ, մոռանանք նրան։ (Ասես տեսիլք է հեռացնում։) Հեռացի՛ր, Լարա։ Կորի՛ր աչքիցս։

ԱԼԻԿԱ — Դուք շատ հանդիսավոր խմեցիք, համբուրվեցիք, նա ինչ-որ բան շշնջաց քո ականջին, ու դու դուրս գնացիր, ավելի ճիշտ՝ դուրս թռար։ Մի քանի րոպե հետո, արցունքն աչքերիս, ես էլ դուրս եկա։

ԳԱՐԻԿ – Ինչո՞ւ։

ԱԼԻԿԱ — Որովհետև հիմար էի։ Հիմա ում ասես՝ կարող եմ մի հայացքով գրավել, իսկ այն ժամանակ…

ԳԱՐԻԿ — Ալիկա, Ալիկա, անըմբռնելի… Ալիկա…

ԱԼԻԿԱ — Իհարկե, հիմա ծիծաղելի է, բայց այն ժամանակ ինձ համար ամեն ինչ փլվեց։ Ինձ թվաց, թե ուսանողական դաժան ծաղրի զոհը դարձա։

ԳԱՐԻԿ — Ի՞նչ ծաղր։

ԱԼԻԿԱ — Երբ դուրս եկար, բոլորն ինձ նայեցին։ Օ՜, այդ կարեկցող, սպանիչ հայացքները… Իսկ Լարան հեգնաբար ժպտաց ինձ ու կում-կում, մինչև վերջ խմեց գինին։ Պատրաստ էի գետնի տակն անցնել…

ԳԱՐԻԿ — Հենց նոր ասացիր, որ իմ կողքին շատ երջանիկ էիր։ Ի՞նչ է պատահել իմ դուրս գալուց հետո, որ հանկարծ դուրս ես վազել, էն էլ՝ արցունքն աչքերիդ։

ԱԼԻԿԱ — Հեչ էլ հանկարծ չէր։

ԳԱՐԻԿ — Ուրեմն՝ լուրջ պատճառ է եղել։ 

ԱԼԻԿԱ — Իհարկե, եղել է։

ԳԱՐԻԿ — Իսկ ի՞նչ է եղել։

ԱԼԻԿԱ — Չես հիշում, ոչինչ չես հիշում… 

ԳԱՐԻԿ — Հիշեցրու… Դե, գիտես, որ ես հիշողությունից…

ԱԼԻԿԱ — (հեգնանքով)։ Այո, քո հիշողությունը հանճարեղ է, բայց, չգիտեմ ինչու, մոռացար, որ այդ երեկույթից մի ամիս առաջ մեր կյանքում տեղի ունեցավ մի մեծ իրադարձություն։ Լարան, ձեռքս բռնած, ինձ բերեց քեզ մոտ։ (Ծխախոտ է հանում պայուսակից, ծխում է։) Աստված իմ, ի՜նչ ջանք թափեցի, որ խեղդեմ ամոթն ու այդ քայլին դիմեմ։ (Լռությունից հետո։) Ես հեռվից սիրել եմ քեզ ու չեմ համարձակվել մոտենալ քեզ։ (Դառը ծիծաղում է, նյարդայնացած ճխլում ծխախոտը։) Պատկերացնո՜ւմ ես՝ հիմարության ինչպիսի մարմնացում էի։

ԳԱՐԻԿ — Այն ժամանակ էլ ոչ ոք չէր համարձակվի քեզ այդպես անվանել։ Ճիշտն ասած, քո մեջ արտասովոր-սիրունիկ բան կար։ Մի անգամ չէ, որ նկատել եմ, թե ոնց էիր չափն անցած կուրսեցիների խմբում ամփոփվում քո անառիկ զրահի տակ։

ԱԼԻԿԱ — Զրահ չէր, բայց ապաստարանը միշտ եղել է իմ մեջ։ (Ծխախոտը տևականորեն հանգցնում է մոխրամանի մեջ։) Հիմա լավ եմ հասկանում իմ ամաչկոտության պատճառը։ Մայրս ինձ այդպիսին դարձրեց։ Այն էլ այս դարում։ Սովորեցի բավարարվել ամենաքչով։ Մեծացա չթե շորերի մեջ, բարդույթներով աղջիկ՝ ճարպիկ, զուգված-զարդարված համակուրսեցիների մեջ… Իսկ մեր ուսանողուհիները տարված էին քեզնով։

ԳԱՐԻԿ — Այդ հրաշք ուսանողուհիները՝ ճառագայթող աչքերով…

ԱԼԻԿԱ — Քեզ տեսնելով՝ նրանք հիացած շշնջում էին. «Գարի՛կը… Գարրի Սարոյանն է գալիս՝ 21-րդ դարի Էյնշտեյնը, որ կդառնա գիտության լուսատու, աշխարհին կնվիրի տիեզերական ձգողականության բանաձևը»։ 

ԳԱՐԻԿ — Տես, թե ի՜նչ հույսեր են ինձ հետ կապել, պարզվում է…

ԱԼԻԿԱ — Բայց բոլորից ավելի, հարգելի նշանավոր դեմք, ես էի քեզնով հմայված։

ԳԱՐԻԿ — Նշանակում է՝ եղել է փոխադարձ ձգողություն, ու մենք, տարբեր տեսանկյուններից, բայց հմայվածության նույն չափով սիրել ենք միմյանց։

ԱԼԻԿԱ — Լարան գիտեր, որ սիրուց տոչորվում էի։ Մի անգամ ասաց. «Նրան երևի կպահեն Մոսկվայում։ Հիմար չլինես, ամուսնացիր, օգնենք՝ գրանցվի, ու քեզ ոչ մի տեղ չեն ուղարկի։ Տես, բաց չթողնես հնարավորությունդ։ Ես էլ պետք է մի մոսկվացու ձեռքս գցեմ, թեկուզ լրիվ ապուշ լինի»։

ԳԱՐԻԿ — Եվ ի՞նչ, ձեռք գցե՞ց։

ԱԼԻԿԱ — Շատերին… Հաջորդ օրն ինձ բերեց քեզ մոտ։ Քո դիմաց կանգնեցի մեղանչած դպրոցականի պես, չկարողացա մի բառ ասել։ 

ԳԱՐԻԿ — Հիշում եմ, միայն Լարան էր խոսում։ «Գարիկ, Ալիկայի հետ մեծ հայելուն մոտեցեք ու ձեզ նայեք»։

ԱԼԻԿԱ — (ծիծաղելով)։ Այդ պահին շուրջդ նայեցիր՝ հայելի էիր փնտրում։ 

ԳԱՐԻԿ — «Դուք հրաշալի զույգ եք։ Ճիշտ է, Ալիկան մի մեծ խելք չունի, բայց այդպես էլ է հարմար։ Ամուսնացեք, մնացեք մայրաքաղաքում ու շարունակեք բանականության մղձավանջային թագավորության խորխորատները սուզվել»։ 

ԱԼԻԿԱ — Վերջին բառերն ասաց դեմքը ծամածռելով։

ԳԱՐԻԿ — «Դուք,- շարունակեց Լարան,– ընդամենը մի ամիս ունեք, այնպես որ շտապեք։ Կիրակի օրը կծանոթանաս Ալիկալի մոր հետ։ Սեղանի շուրջ կպայմանավորվեք ամեն ինչի մասին, իսկ երկուշաբթի կգնաք զագս։ Արագ գրանցումը երաշխավորում եմ»։

ԱԼԻԿԱ — Այդտեղ դու բարձր քրքջացիր, բայց խոստացար գալ։

ԳԱՐԻԿ — Ամեն ինչ շատ անսպասելի ստացվեց… Հանդիպեցինք, ոտքի վրա խոսեցինք և՝ ամուսնացեք։ Անհարմար դրություն էր… Մտքովս չէր անցնում ամուսնանալ։

ԱԼԻԿԱ — Ես դա հասկացա տարիներ անց։ 

ԳԱՐԻԿ — Ոչ այն ժամանակ, ոչ տարիներ անց ոչինչ չհասկացար, սիրելիս։ Քո ուշադրությունից վրիպել էր մի կարևոր մանրուք։ Սկզբում ինձ կատակ թվաց, իսկ հետո… հետո տարվեցի քեզնով։ Դու սիսեռանախշերով չթե շոր էիր հագել… քեզ շատ էր սազում։

ԱԼԻԿԱ — Իմ սիրած զգեստն էր։ Քեզ համար էի հագել։

ԳԱՐԻԿ — Դեռ ոչ մի աղջիկ քեզ պես չէր հուզել: Ձեզ հյուր գալու հրավերն ինձ ուրախացրեց։ Նույնիսկ սկսեցի մտովի պատրաստվել մորդ հետ հանդիպմանը։

ԱԼԻԿԱ — (հուզված քայլում է սենյակում)։ Աստված իմ, իսկ նա ինչպե՜ս էր պատրաստվել… Երբ ասացի, որ կիրակի օրը հյուր է գալու համակուրսեցիս, ում հետ գուցե ամուսնանամ, թուլացած նստեց աթոռին, աչքերում արցունքներ հայտնվեցին։ Սկսեցի քեզ գովել, ներկայացրի որպես ապագա Էյնշտեյն։ Նա իրար անցավ, կոմոդից հանեց նոր սփռոց, վարագույրներ, բարձի երեսներ, սրբիչներ, զգեստի կտոր, մի խոսքով, այն ամենը, ինչ տարիներով հավաքել էր այդպիսի առիթի համար։

ԳԱՐԻԿ — Մայրս էլ, կարծեմ, քրոջս ծննդյան օրից, մեծ ճամպրուկում օժիտ էր հավաքում նրա համար…

ԱԼԻԿԱ — Մայրս յոթերորդ երկնքում էր։ Չէ՞ որ աղջիկն ավարտում էր բուհը և ամուսնանում, այն էլ այդպիսի խելացի երիտասարդի հետ։ Նա հարևանից պարտքով ահագին գումար վերցրեց, գնեց ամենալավ, ամենահամեղ բաները…

ԳԱՐԻԿ — Ինձ լավ ծանոթ են մայրական սրտառուչ չարչարանքները։

ԱԼԻԿԱ — Չգիտեմ ինչու, նա հետաքրքրվում էր, թե ով է քո հայրր։

ԳԱՐԻԿ — Միանգամայն անկեղծ հետաքրքրասիրություն։

ԱԼԻԿԱ — Երբ հերթական անգամ հարցրեց, ես բռնկվեցի. «Ի՞նչ կարևոր է, թե ով է նրա հայրը։ Հիմա գլխավորը՝ որ նա գրանցվի։ Այլապես նրան կուղարկեն, սատանան գիտե, թե ուր, իսկ նրա ետևից կգնամ և ես»։

ԳԱՐԻԿ — Դե, այն օրերին հազվադեպ էին ուղարկում ըստ նշանակության։ Ուրիշ վտանգ կար։ Ավարտվել էր իմ ուսանողական ժամանակավոր գրանցման ժամկետը։

ԱԼԻԿԱ — Այդ մասին էլ ասացի։ «Աղջիկս,- սթափվեց մայրս,– այդ հրեշներն ամեն ինչի ընդունակ են։ Եթե նույնիսկ Պուշկինը պատվանդանից իջնի ու անցնի Տվերսկայա փողոցով, նրան հաստատ կկանգնեցնեն։ Նա էլ է թխադեմ եղել։ Կպահանջեն ցույց տալ գրանցումը։ Իսկ որտեղի՞ց անձնագիր… Նրան կտուգանեն ու կկարգադրեն քսանչորս ժամում թողնել մայրաքաղաքը»։

ԳԱՐԻԿ — Ու թախծոտ Պուշկինը վերստին կելնի իր պատվանդանի վրա։

ԱԼԻԿԱ — Դու ներս մտար հսկայական ծաղկեփնջով, կոնյակներով։ Մայրիկին մեկնեցիր ծաղկեփունջն ու համբուրեցիր ձեռքը։ Նա ջահել կույսի պես շիկնեց։

ԳԱՐԻԿ — Ես էլ կարմրեցի։

ԱԼԻԿԱ — Քիչ անց իր կիսահարբած ապուշի հետ ներս ընկավ Լարան։ Այդ տխմարը մի շիշ «Սթարք» խմեց, հետո անցավ քո կոնյակներին։

ԳԱՐԻԿ — Հա, անխնա խմում էր…

ԱԼԻԿԱԱ — Իսկ մայրիկր խոհանոցից ուտելիք, խմիչք էր բերում ու բերում։ Նույնիսկ Լարայի ապուշիկը չդիմացավ. «Լարա, հեչ տեսե՞լ ես այսպիսի ապշեցուցիչ անհամապատասխանություն հյուղակի ու գցված սեղանի միջև»։ 

ԳԱՐԻԿ – Ինչպիսի՜ դիտողականություն, հիմարի գլուխ։

ԱԼԻԿԱ — Կենացներից հետո երգեցինք, պարեցինք։ (Միացնում է մագնիտոֆոնը։) Հրաշալի պարեցինք։ (Լսողությանը լարելով։) Այս մեղեդին չէր։

ԳԱՐԻԿ — (ժպտալով)։ Պատկերացրու՝ սա էր։

Պարում են։

ԱԼԻԿԱ — Ի՜նչ սքանչելի պար էր։ Գարիկ, եթե իմանայիր, ինչ երջանիկ էի այդ պահին։

ԳԱՐԻԿ — Շշնջում էիր. «Արա՛գ, արա՛գ»։ 

ԱԼԻԿԱ — Ես չէի կարողանում պարել… 

ԳԱՐԻԿ — Բայց լավ էլ պարեցիր։ 

ԱԼԻԿԱ — Որովհետև դու էիր ձեռքս բռնել։ Ենթարկել էիր քո կամքին… «Գրկիր ինձ, ամուր գրկիր,- շշնջում էիր,- ու մենք միասին կթռչենք»։ Ես փաթաթվեցի քեզ, և իմ մարմնով քաղցր սարսուռ անցավ… ցանկության սարսուռը։

ԳԱՐԻԿ — Իմ արյունն էլ էր եռում… տենչում էի քեզ համբուրել, համբուրել, համբուրել…

Երաժշտությունը մարում է։ Նրանք մի քանի վայրկյան անշարժ մնում են տեղում։ Հետո ծիծաղելով, համբուրվում, գրկախառնված մոտենում են մագնիտոֆոնին, անջատում են ու նստում։

ԱԼԻԿԱ — Հետո Լարան իր հարբած ապուշին ուժով դուրս տարավ։

ԳԱՐԻԿ — Նողկալի տիպ էր։

ԱԼԻԿԱ — Նրանք գնացին, դու ասացիր. «Գնացինք Պուշկինի մոտ»։ Ես շատ ուրախացա, վերցրի ծաղկեփունջը, դու վերցրիր շամպայնը, պիջակիդ գրպանը երեք բաժակ խցկեցիր, ու մենք տաքսիով գնացինք հուշարձանի մոտ։ Պուշկինի հրապարակում ոչ ոք չկար, միայն պահակն էր քայլում։ Ես պատվանդանի վրա դրեցի ծաղիկները, իսկ դու՝ բաժակները։ Բացեցիր շիշը… (Գարիկն աղմուկով բացում է խցանը, շամպայն լցնում երեք բաժակի մեջ։) Դու ծնկեցիր, սկսեցիր բանաստեղծություն արտասանել, սեր խոստովանել կամ ինձ, կամ Ալեքսանդր Սերգեևիչին՝ իր իսկ տողերով։ Հետո կրքոտ համբուրեցիր։ Դեռ ոչ ոք ինձ այդպես համբուրած չկար։

ԳԱՐԻԿ — Ես էլ ոչ մեկին այդպես համբուրած չկայի։

ԱԼԻԿԱ — Մենք չխկացրինք երրորդ բաժակով ու խմեցինք։ (Հիմա էլ նույնն են անում։) Դու էլի լցրիր, պահակին կանչեցիր, նրան տվեցիր երրորդ բաժակն ու խմեցիր Պուշկինի կենացը։ «Մեծագույն ուրախությամբ,- ասաց նա ու դատարկեց բաժակը։- Դուք չեք պատկերացնում, թե երբեմն ինչ մղձավանջներ են կատարվում գիշերային Մոսկվայում։ Իսկ եթե գալիս են Պուշկինի մոտ, այն էլ այս ժամին, նշանակում է սերը, երջանկությունը ավելանում է աշխարհում։ Դրա համար էլ սիրում եմ հերթապահել այստեղ»։ Պահակն էլի խմեց, այս անգամ մեր կենացը։ Սիրալիր հրաժեշտ տվեց, վերցրեց դատարկ շիշն ու քայլերն ուղղեց դեպի աղբամանը։

ԳԱՐԻԿ — Ես բաժակները խոթեցի պիջակիս գրպաններն ու ուղեկցեցի քեզ։ Այդպես էր, չէ՞։ 

ԱԼԻԿԱ — Այո։ Մենք գրկված քայլում էինք… Տուն հասանք լուսաբացին։ Գրպանիցդ հանեցիր բաժակները… մեր գրկախառնումներից չէին ջարդվել…

ԳԱՐԻԿ — «Ի՜նչ լավ է, որ անվնաս են,- ուրախացար դու,– դրանք Պուշկինի բաժակներն են»։ Ու ես քեզ խնդրեցի, որ դրանք բերես մեր հարսանիքին…

ԱԼԻԿԱ — (դառը քմծիծաղով)։ Մեր շքեղ հարսանիքը, որը պետք է լիներ այստեղ՝ «Սավոյ» հյուրանոցի ռեստորանում, այդ չարաբաստիկ երեկույթի հաջորդ օրը։ Բայց ոչ հաջորդ օրը, ոչ էլ հետո դու չեկար։ Ու ես հասկացա, որ ստոր խաբեության զոհ եմ դարձել։

ԳԱՐԻԿ — (վեր ցատկելով)։ Ես քեզ չեմ խաբել։ Չե՛մ խաբել։

ԱԼԻԿԱ — (բորբոքված)։ Խաբեցիր, այն էլ ո՜նց… Իսկ մայրս… Դու փշրեցիր նրա մայրական ուրախությունը։ Նա ինձ ոչինչ չհարցրեց, միայն երբեմն թաքուն սրբում էր արցունքները…

ԳԱՐԻԿ — (գրկում է նրան)։ Հասկացիր, ոչ քեզ, առավել ևս քո մայրիկին չէի ուզում վշտացնել։ Ճակատագրական ինչ-որ անհաջողություն խառնեց մեր կյանքի խաղաքարտերը։ Այդպես հազվադեպ է լինում, բայց լինում է։ Հետո շատ զանգեցի քեզ, բայց դու ցած էիր դնում լսափողը։

ԱԼԻԿԱ — (նրան վանելով)։ Բայց կարող էիր գալ, չէ՞, ճանապարհը գիտեիր։

ԳԱՐԻԿ — Ճիշտն ասած, վճռականություն չունեցա։

ԱԼԻԿԱ — Դե, իհարկե, ինչպե՞ս կարող էիր հայտնվել այդ ամենից հետո։

ԳԱՐԻԿ — Թույլ տուր գոնե հիմա բացատրեմ, թե ինչ պատահեց այն ժամանակ, ինչու խափանվեց մեր հարսանիքը։

ԱԼԻԿԱ — Արդեն բացատրեցիր՝ ճակատագրական անհաջողություն։ (Անզուսպ ծիծաղում է, փլվում բազկաթոռի մեջ։) Ինչո՞ւ փորփրենք անցյալը։ Միայն իմացիր, որ խափանելով մեր հարսանիքն այս կորուսյալ իղձերի նրբաշուք հյուրանոցում՝ լրիվ փոխեցիր իմ կյանքը։ Այն Ալիկայի և այս Ալիկայի միջև ընդհանուր ոչինչ չկա։

ԳԱՐԻԿ — Թույլ տվեք, մադամ, մի փոքր կասկածել։ Ես կույր չեմ ու տեսնում եմ, թե զգեստի տակ ձեր կուրծքը ոնց է հուզմունքից թրթռում, ինչպես մի ժամանակ։

ԱԼԻԿԱ — (սեթևեթանքով)։ Այո՞։

ԳԱՐԻԿ — Այո։

Բաժակներն առանց իրար զարկելու խմում են։

ԱԼԻԿԱ — (մեղմ ժպտալով)։ Իսկ դու չես փոխվել։

ԳԱՐԻԿ — Դու էլ… համարյա։ Միայն զգեստդ է շատ ուրիշ։ Կյանքդ դեպի լավն է փոխվել, այո՞…

ԱԼԻԿԱ — Էն էլ ո՜նց…

ԳԱՐԻԿ — Որքան հիշում եմ՝ տանել չէիր կարող պարզամիտներին։ Ենթադրում եմ, որ ամուսնացել ես խելացու հետ։

ԱԼԻԿԱ — (քմծիծաղով)։ Շատ խելացի մարդու հետ։

ԳԱՐԻԿ – Նրբազգացի՞ հետ։

ԱԼԻԿԱ — Շատ նրբազգացի։

ԳԱՐԻԿ – Անվանի՞ մարդու…

ԱԼԻԿԱ — Շատ անվանի։

ԳԱՐԻԿ — Երևի նաև հարուստի՞…

ԱԼԻԿԱ — Շատ հարուստի։

ԳԱՐԻԿ — Հետաքրքիր է, որտե՞ղ գտար քո իդեալին։

ԱԼԻԿԱ — Հեռվում, Մոսկվայից հեռու։ Երբ հարսանիքը խափանվեց, ես կորցրի Մոսկվայում մնալու հնարավորությունն ու ստիպված ուղեգրով գնացի Սիբիր, գիտահետազոտական մի ինստիտուտ։ Այնտեղ էլ գտա իմ պայծառափայլ լուսատուին։

ԳԱՐԻԿ — Չկա չարիք առանց բարիքի։ 

ԱԼԻԿԱ — Երեք ամիս խելքահան եղավ ինձ համար, չորրորդ ամսում առաջարկություն արեց, իսկ հինգերորդում ամուսնացավ։ 

ԳԱՐԻԿ — Մի խոսքով, իրադարձությունները զարգացան ճիշտ ժամանակացույցով։ 

ԱԼԻԿԱ — Բարեբախտաբար, պարզվեց, որ նաև ձեռներեց է։ Նրա ղեկավարած գիտական կենտրոնը բարգավաճեց։ Պատվերը պատվերի ետևից… հսկայական գումարների հոսք… Ես թաղվեցի ճոխության մեջ… հայտնի հանգստավայրեր, ներկայացուցչական կոնգրեսներ, որտեղ շփվում էի դարի ամենաիմաստուն այրերի հետ։

ԳԱՐԻԿ — Իսկ ի՞նչ կասես ձեր սիրո մասին։ 

ԱԼԻԿԱ — (տարակուսած)։ Անկողնո՞ւմ։ 

ԳԱՐԻԿ — Ընդհանրապես։

ԱԼԻԿԱ — Անմիջապես երևաց, որ դեռ ամուսնացած չես։ Այդքան տարվա ամուսնությունից հետո ո՞վ է մտածում դրա մասին։

ԳԱՐԻԿ — Ի՞նչ կապ ունի տարին, սերը կամ կա, կամ չկա։

ԱԼԻԿԱ — Եթե այդքան հետաքրքրում է, կարող եմ ասել. նա… պաշտում է ինձ։

ԳԱՐԻԿ — Իսկ դո՞ւ։

ԱԼԻԿԱ — Երևի ես էլ։

ԳԱՐԻԿ — Երևի՞… Լավ, թույլ տուր հարցս այլ կերպ ձևակերպել։ Դավաճանո՞ւմ ես նրան։ ԱԼԻԿԱ — Հարցդ ո՞ւր ես թեքում։

ԳԱՐԻԿ – Այո՞, թե՞ ոչ։

ԱԼԻԿԱ — (ընդգծված աշխուժությամբ)։ Իհարկե ո՛չ։

ԳԱՐԻԿ — Եթե դա անեիր ինձ հետ, դավաճանություն կհամարեի՞ր։

ԱԼԻԿԱ — Այ թե գլուխկոտրուկ ես ինձ առաջարկում։ Իսկ դու ի՞նչ ես կարծում, չկայացած ամուսին։

ԳԱՐԻԿ — Կարծում եմ՝ ոչ։ Մենք ուղղակի քաղաքավարությամբ փակեցինք մեր հաշիվներր։ Չէ՞ որ նախ դու ինձ դավաճանեցիր…

ԱԼԻԿԱ — (պոռթկում է)։ Ե՞ս… Իսկ դու ո՞ւր էիր այս տարիներին։ Ո՞ւր… ի՞նչ էիր անում։ 

ԳԱՐԻԿ — Քեզ էի փնտրում։

ԱԼԻԿԱ — Հետաքրքիր է, որտե՞ղ էիր փնտրում։

ԳԱՐԻԿ — Աշխարհով մեկ։

ԱԼԻԿԱ — Բանաձևերո՞վ էիր հաշվարկում գտնվելուս վայրը։

ԳԱՐԻԿ — (մեղմ)։ Սրտով, Ալիկա, սրտով…

Գարիկը ծնկում, համբուրում է նրա ձեռքերը, դանդաղ արձակում զգեստի կոճակները։

ԱԼԻԿԱ — (ապշած)։ Դու… հանվեցնո՞ւմ ես ինձ։

ԳԱՐԻԿ — Հանվեցնում եմ, որ համբուրեմ կուրծքդ։

ԱԼԻԿԱ — Բայց ես շրթունքներ ունեմ, աչքեր, ճակատ, շառագունած այտեր, վերջապես։ 

ԳԱՐԻԿ — Ցավոք, այդ ամենը տեղը տեղին շպարված է։

ԱԼԻԿԱ — Ուզում ես ասել, որ երկրորդ Լարա՞ն եմ դարձել։

ԳԱՐԻԿ — Չէ, ձեր միջև երկու էական տարբերություն կա։ Արժե, որ հանես շպարդ. կվերադառնաս քո բնական գեղեցկությանն ու հմայքին։

ԱԼԻԿԱ — Դժվար թե… տարիներ են անցել։ Ես էլ եմ թառամել, ինչպես ծաղկամանի այն վարդը։ Հիշու՞մ ես, ինչ բանաստեղծություններ էիր կարդում ինձ համար։

ԳԱՐԻԿ — (համբուրելով)։ Բոլորն էլ քո մասին էին, Ալիկա։ Դու առաջվա պես թաքուն կրքերի գերի ես։

ԱԼԻԿԱ — (սևեռուն նայելով)։ Դու ուզո՞ւմ ես ինձ… ուզո՞ւմ ես…

ԳԱՐԻԿ — Այն էլ ո՜նց… (Փորձում է հանել զգեստը։) 

ԱԼԻԿԱ — (նվաղելով)։ Պետք չէ… պետք չէ… 

ԳԱՐԻԿ — Փորձում ես նրան հավատարի՞մ մնալ։

ԱԼԻԿԱ — Հարցը դա չէ…

ԳԱՐԻԿ — Առաջին սիրո հետ դավաճանելը դավաճանություն չէ։

ԱԼԻԿԱ — Գուցե… չգիտեմ, ինձ հետ ինչ է կատարվում հիմա։ Ինչ-որ բան է ինձ ճնշում, ես… ամաչում եմ քեզնից։

ԳԱՐԻԿ — Դու զարմացնում ես… հայտնվեցիր, արյունս պղտորեցիր, ու հանկարծ՝ ամաչում ես։ Ես էլ կարծեցի, քեզ դավաճանության միտքն է տանջում։ (Կրքոտ համբուրում է։) 

ԱԼԻԿԱ — Ես արդեն ոչ մեկին չեմ կարող դավաճանել։

ԳԱՐԻԿ — Չհասկացա… 

ԱԼԻԿԱ — Ես մենակ եմ։

ԳԱՐԻԿ — Այսինքն ո՞նց՝ «մենակ»։

ԱԼԻԿԱ — Մենակ, ու վերջ։ (Հուզված քայլում է սենյակում։)

ԳԱՐԻԿ – Բաժանվե՞լ ևս… ընտանիքդ թողե՞լ ես…

ԱԼԻԿԱ — (բռնազբոսիկ ժպիտով)։ Բաժանվեցինք… Իսկ ընտանիքս չեմ թողել, քանի որ իրականում չկար։ Այն հիմնված էր փողերի ու սեքսի անհուն հաճույքի վրա։

ԳԱՐԻԿ — Այսինքն, դու ազա՞տ ես։

ԱԼԻԿԱ – Ընդմի՛շտ։ Նա վերջնականապես չքվել է իմ կյանքից։ Դե, ես էլ նրա համար կարծես թե գոյություն չունեմ։ Հիմա նա մի ջահել լաբորանտի հետ է խաղեր տալիս։

ԳԱՐԻԿ — Այսօր հատուկ օր էր թղթախաղիս համար, առավոտից կարծես մոտս է հավաքվել հրաշք մեկնոցի կարեն։ Իսկ քո հայտնվելուց հետո սկսեցի մեջս փորձարկել պատահական որոշ վերափոխումների հոգեկան մեծ էներգիան։

ԱԼԻԿԱ — Մարդավարի արտահայտվիր։ Դու իրո՞ք ուրախ ես իմ հայտնվելու համար, թե՞ ես միայն արթնացրի քո լուսավոր հուշերը։ 

ԳԱՐԻԿ — Դա ի՞նչ հարց է, մի՞թե չես զգում խենթության աստիճանի հասած հուզմունքս։

ԱԼԻԿԱ — Դե, ո՞վ է քեզնից գլուխ հանում՝ գրավիչ ֆիզիկո՞ս ես, թե՞ չարանենգ ծաղրող։

ԳԱՐԻԿ — (սևեռուն նայում է նրան)։ Քեզ ո՞վ ասաց, որ ես այստեղ եմ։

ԱԼԻԿԱ — Ոչ ոք։

ԳԱՐԻԿ — Իսկ ո՞նց հայտնվեցիր իմ համարում։

ԱԼԻԿԱ — Պատահաբար։ Ընկերուհիս է այստեղ։ Նրա համարից դուրս գալուց տեսա, որ քեզ նման հարգարժան մի տղամարդ մտավ այս համարը։ Որոշեցի ստուգել՝ դո՞ւ ես, թե՞ ոչ։ Մտա, նստեցի քո առջև։

ԳԱՐԻԿ — Ա՜յ քեզ բան, տարիներ անց, նույն րոպեին հայտնվում ենք նույն հյուրանոցի նույն հարկում։ Դե, արի ու հիմա հավատա, որ սա պատահականություն է, ոչ թե բարձրագույն կամքի ծրագրավորած տեսակցություն։ 

ԱԼԻԿԱ — Ահա, տեսնո՞ւմ ես, իմ չկայացած ամուսնյակ, երջանկության նվիրատուն մեզ չի մոռացել ու այսքան տարի անց որոշեց կրկին փորձության ենթարկել մեր զգացմունքները։ 

ԳԱՐԻԿ — Սատանայի գործ է, միստիկա։ 

ԱԼԻԿԱ — Ինչի վրա դու միշտ հաճույքով ծիծաղել ես։

ԳԱՐԻԿ — Հիմա էլ եմ ծիծաղում։ Բայց ձեր շշմեցուցիչ հայտնությունը, սիրելի տիկին, ինձ տակնուվրա արեց։

ԱԼԻԿԱ — (ժպտուն)։ Եվ ինձ մերկացնելու ցանկություն առաջացավ։

ԳԱՐԻԿ — Դա սկզբում… (Մոտենում, կոճկում է նրա կոճակները։) Հիմա լրիվ ուրիշ ցանկություն առաջացավ։

ԱԼԻԿԱ — Հուսով եմ, որ երկինք չես ուզում վերադարձնել։

ԳԱՐԻԿ — Ընդհակառակը։ (Հանդիսավոր։) Ուզում եմ սեփականաշնորհել քեզ, դարձնել իմ սեփականությունը, անբաժանելիորեն տիրել քեզ։

ԱԼԻԿԱ – Նորի՞ց ստանձնեցիր չարանենգ ծաղրողի դերը։

ԳԱՐԻԿ — Ի՞նչ ես ասում, Ալիկա, պատասխանատու քայլ եմ անում։ Դա ազատ ես… ինչո՞ւ չամուսնանանք։ Քեզ առաջարկություն արել եմ տասը տարի առաջ։ Դե, ինչ… սիրո գինին զուլալվել է, թունդ դարձել։

ԱԼԻԿԱ — (դադարից հետո)։ Լո՞ւրջ… 

ԳԱՐԻԿ — Իհարկե։ Գուցե ես ծաղրող եմ, բայց ոչ՝ զավեշտաբան։

ԱԼԻԿԱ — Անըմբռնելի մետամորֆոզ։ 

ԳԱՐԻԿ — Ի՞նչն է անըմբռնելի…

ԱԼԻԿԱ — Դու դեռ ամուսնացած չե՞ս։ 

ԳԱՐԻԿ — (ծիծաղով)։ Դեռ ոչ։

ԱԼԻԿԱ — Իսկ երբևէ եղե՞լ ես։

ԳԱՐԻԿ – Երբե՛ք։

ԱԼԻԿԱ – Ինչո՞ւ։

ԳԱՐԻԿ – Ո՞նց ասեմ… հասկանո՞ւմ ես, համարյա բոլոր գիշերները զբաղված եմ եղել։ Գիտես՝ մեծ գիտությունը մեծ զոհեր է պահանջում։

ԱԼԻԿԱ — (կասկածով)։ Հա՞ որ…

ԳԱՐԻԿ — Հա։

ԱԼԻԿԱ — Իսկ ե՞րբ ես մտադիր ինձ երջանկացնել։

Գ11Ր Ի Կ — Թեկուզ հիմա։ Որտե՞ղ հարսանիքն անենք։

ԱԼԻԿԱ — Ինձնից լավ գիտես։ Այստեղ՝ հյուրանոցի ռեստորանում։

ԳԱՐԻԿ — Եղավ։ Կզանգենք մտերիմ ընկերներին, կհրավիրենք, մինչև լուսաբաց քեֆ կանենք, իսկ վաղը կսլանանք զագս, ինչպես խորհուրդ էր տալիս լուսապայծառ Լարան։ ԱԼԻԿԱ — Ինձ թվում է՝ դու հիմա պարզապես գրգռված ես։ Դրա համար էլ անհամբեր ես, վճռական։ Ուշադիր ինձ նայիր… ես նա՞ եմ, նա՞ եմ…

ԳԱՐԻԿ — (գրկում, համբուրում է)։ Նա՛ ես, նա՛։

ԱԼԻԿԱ — Սխալվում ես։

ԳԱՐԻԿ — Չեմ հասկանում՝ ի՞նչն է քեզ անհանգստացնում։ Կվերադառնանք անցյալ դարձած այն օրվան, կամուսնանանք ու կջահելանանք տասը տարով։ Դու լավ գիտես, որ այս աշխարհում ամեն ինչ հարաբերական է։

ԱԼԻԿԱ — Թեև հաստատ գիտեմ, որ կորցրած օրը ետ չես բերի։ (Գարիկը շարունակում է կրքոտ համբուրել նրան։) Ընդհանուր առմամբ, քեզ ասացի այն ամենն, ինչ ուզում էի ասել։ Կամ էլ՝ համարյա ամեն ինչ։

ԳԱՐԻԿ — Փիլիսոփայելու ժամանակը չէ։ Մեզ ֆանտաստիկ օրեր են սպասում։ Հավատացնում եմ քեզ՝ մենք բաց թողածը կլրացնենք։ Ամեն ինչը։ Վերցրու պայուսակդ, իջնենք ռեստորան, սեղան պատվիրենք, ընկերներիս զանգենք ու գնանք մատանի առնելու։ 

ԱԼԻԿԱ — Այս ժամին որտեղի՞ց կառնես։ 

ԳԱՐԻԿ — Վատ գիտես գիշերային Մոսկվան։ Ցանկացած ժամի կգտնես սրտիդ ուզածը։

ԱԼԻԿԱ — Դե, դու գիշերային Մոսկվայի հայտնի գիտակն ես։ Այն ժամանակ էին պատմում, որ երբ ձեռքդ փող է ընկել, տաքսիով շրջել ես գիշերային Մոսկվայում։

ԳԱՐԻԿ — (հիշողություններից պայծառանալով): Սիրում էի շրջել, երբ ձյուն կամ անձրև էր գալիս։ Նստում էի ետևի նստատեղին ու նայում շենքերի լույսերին, անցնող մեքենաներին, շտապող անցորդներին, ու խորհում էի, խորհում…

ԱԼԻԿԱ — Եթե այդքան դիտողունակ ես, կարո՞ղ ես ասել, թե հիմա ինչի մասին եմ մտածում։ 

ԳԱՐԻԿ — Դեմքիցդ երևում է, որ ինչ-որ լավ բանի մասին՝ գեղեցիկ, վսեմ։

ԱԼԻԿԱ — Ես մտածում էի, որ մենք հանդիպեցինք, որովհետև կարողացանք մեր հոգում պահպանել պուշկինյան գինու հիացմունքն ու սերը։

ԳԱՐԻԿ — Այո, իհարկե… Չլինեինք՝ ինչ ենք, երևի երբեք չհանդիպեինք։

ԱԼԻԿԱ – Գիտե՞ս, այն բաժակը, որ չկոտրվեց, դրանով խմել է հենց ինքը՝ Ալեքսանդր Սերգեևիչը։

ԳԱՐԻԿ — Երևակայությունդ չափավորիր։ (Քմծիծաղով։) Իսկ դու երևի Կեռնի ծոռն ես։

Ա ԱԼԻԿԱ — (մռայլվելով): Ոչ, ես կոմսուհի Տրուբեցկայան եմ։

ԳԱՐԻԿ — (զգալով, որ վիրավորեց, ամուր գրկում է)։ Իսկ ինչո՞ւ ոչ, սիրելիս։ (Համբուրում է:) Հավատում եմ, որ բաժակն էլ իրոք պուշկինյան էր։

ԱԼԻԿԱ — Չէ, իրոք… Բաժակն ինչ-որ կերպ հայտնվել է իմ նախնիների մոտ ու որպես ընտանեկան մասունք՝ փոխանցվել մի սերնդից մյուսին։ Այդպես հասել է մորս։

ԳԱՐԻԿ — Իսկ հիմա որտե՞ղ է։

ԱԼԻԿԱ — Մայրիկի հին պահարանում։ Այն գիշերից հետո ոչ մեկը ձեռք չի տվել։ Մայրիկը չի թողել։

ԳԱՐԻԿ — Հրաշալի է… Արի գնանք, վերցնենք բաժակն ու դնենք մեր հարսանեկան սեղանի կենտրոնում։ Շամպայն լցնենք ու ամեն կենացին խփենք ամենասիրելի հյուրի բաժակին։

ԱԼԻԿԱ – Փայլո՜ւն միտք։

Հեռախոսազանգ։

ԳԱՐԻԿ — Ինձ են զանգում։ (Բջջային հեռախոսով։) Հա… Լռում են։

ԱԼԻԿԱ — (ժպտալով)։ Երևի իմն է։ (Պայուսակից հանում է նույնանման հեռախոս։) Ո՞վ է այս ուշ ժամին։ (Նրանից հեռու է գնում։) Ա՜, դո՞ւ ես… Ամեն ինչ՝ օ քեյ, սիրելիս, ես ոգևորված եմ… Ինչի՞ց։ Իսկական ֆիլմից… Միացրու, շուտ կքնես։ Հենց ֆիլմը վերջանա, ես էլ անկողին կմտնեմ։ Այնպես որ, էլ չզանգես, լա՞վ։ Վաղն ինքս կզանգեմ։ Հաջող։ (Հեռախոսը դնում է պայուսակը։) Ընկերուհիս էր։ Քիչ առաջ ենք բաժանվել, բայց ուզում է ամեն ինչ իմանալ՝ ինչով եմ զբաղված, ինձ ոնց եմ զգում։ Սարսափելի ուշադիր է։ Պարզ է, որ մենակ է։ 

ԳԱՐԻԿ — (մոտենալով պատուհանին)։ Անձրև եկավ, լավ էլ ուժեղ է։

ԱԼԻԿԱ – Վախենո՞ւմ ես թրջվել։ (Նրան է մոտենում։)

ԳԱՐԻԿ — Չէ, մեքենայով եմ։ (Ձեռքով ցույց է տալիս։) Ա՜յ, իմ «Մերսեդեսն» է։

ԱԼԻԿԱ — Իսկ նրա ետևինն իմն է։

ԳԱՐԻԿ — Նույնպես «Մերսեդես» է։ Իսկ գույնն ամենամոդայիկն է՝ կանաչ։

ԱԼԻԿԱ — (ծիծաղում է)։ Հարս ու փեսա՝ «Մերսեդեսներով»։

ԳԱՐԻԿ — Սոցիալական լիարժեք հավասարություն։

ԱԼԻԿԱ — (անձրևով զմայլված)։ Գիտե՞ս, այսպիսի մի նշան կա, եթե ինչ-որ բան սկսվում է անձրևի ժամանակ, անպայման հաջողությամբ կավարտվի։

ԳԱՐԻԿ – Հա՞։

ԱԼԻԿԱ – Հա՛։

Գարիկը կոճկում է պիջակը, Ալիկան վերցնում է պայուսակը։ Նրանք ծիծաղելով, գրկախառնված դուրս են գալիս։

ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈԻԹՅՈԻՆ

Անձրևից թրջված Ալիկան ու Գարիկը նույն համարն են մտնում։ Ծիծաղելով թափ են տալիս անձրևի կաթիլները, գրկախառնվում են, համբուրվում, հետո նստում են սեղանի մոտ։ Կինը, պայուսակը դնելով կողքի բազկաթոռին, սանրվածքն է ուղղում։ Տղամարդը նոր շշի խցանն է բացում, լցնում երկու բաժակ։ Բաժակները զրնգոցով իրար են զարկում, խմում գինին, ախորժակով ուտում են։

ԱԼԻԿԱ — (զննելով ուտեստներով լի սեղանիկը): Նոր եմ նկատում, թե ինչ ճոխ սեղան են գցել մատուցողները։ «Սավոյի» ամենայուրահատուկ ուտեստները։ (Սեթևեթանքով։) Թույլ տվեք իմանալ, թե ո՞ւմ էիք, այնուամենայնիվ, սպասում, Գարրի Սարոյան։

ԳԱՐԻԿ — Հին ծանոթիս, ում փոխարեն հայտնվեց կապույտ հագնված գայթակղիչ տիկինը։

ԱԼԻԿԱ — (քննախույզ նայելով նրան)։ Արժե՞ր հին ծանոթի սպասելդ։

ԳԱՐԻԿ — Մենք վաղուց չէինք տեսնվել ու ցանկացանք միասին նստել մի խաղաղ համարում, մի քիչ խմել, զրուցել։ Բայց անհետաձգելի գործեր ունեցավ, ստիպված հանդիպումը հետաձգեցինք։ Կարծում եմ, առանց նրան էլ լավ է։ Պատվերն էլ՝ ոչինչ։

ԱԼԻԿԱ — Այն էլ ինչպե՜ս… (Համտեսելով։) Արտակարգ համեղ է։ Ուրիշ ոչ մի տեղ այսպես համեղ չեն պատրաստում։

ԳԱՐԻԿ — (ծիծաղելով)։ Իրո՞ք ոչ մի տեղ։

ԱԼԻԿԱ — Իրոք։ Ինչ-ինչ, բայց բարձրակարգ խոհանոցի նրբությունները լավ գիտեմ, կարելի է ասել, որ նույնիսկ վարպետ եմ։ (Մի պահ ինքնամոռաց, հրճվանքով։) Երբ ինձ տեղ են հրավիրում, անպայման հաշվի են առնում իմ ճաշակն ու իմացությունը։

ԳԱՐԻԿ — (շեղ հայացք գցելով նրա վրա)։ Հա՞ որ…

ԱԼԻԿԱ – Հա՛։

ԳԱՐԻԿ — Դե ինչ, հետագայում նկատի կունենանք։

ԱԼԻԿԱ — Տեսնում եմ, որ արդեն նկատի առել ես։ Այստեղ ինչ կա՝ բոլորն իմ սիրած ուտեստներն են, խմիչքները՝ նույնպես։ Ո՞նց ես կռահել։

ԳԱՐԻԿ — Ոչինչ էլ չեմ կռահել։ Ճաշակների սովորական զուգադիպություն։ (Շիշը վերցնելով։) Էլի՞ խմենք։

ԱԼԻԿԱ — Իհարկե, լցրու… (Սթափվելով։) Սպասիր, չէ՞ որ պուշկինյան գավաթը բերել ենք։ 

Պայուսակից հանած գավաթը դնում է սեղանիկի կենտրոնում, լցնում երեք գավաթները։ Այդ պահին լսվում է ժամացույցի զարկերի ձայնը։ 

ԳԱՐԻԿ — Կեսգիշեր է։

ԱԼԻԿԱ — (նայելով ձեռքի ժամացույցին)։ Գումարած մեկ րոպե։ Այս րոպեն կհամարենք մեր համատեղ մեծ լողի սկիզբը կյանքի փոթորկուն գետում։

Գավաթները բարձրացնում են։

ԳԱՐԻԿ — Մենք… երջանկություն մեզ։

ԱԼԻԿԱ — Թող կյանքի գետը մեր լինի մշտավառ ցանկություն, որպեսզի մինչ խոր ծերություն դու, ինչպես հիմա, այրվելով, կրքոտ ցանկանաս ինձ։

ԳԱՐԻԿ — Թույլ տվեք, մադամ, ինչի՞ց եզրակացրիք, որ հիմա, այրվելով, կրքոտ ցանկանում եմ ձեզ։

ԱԼԻԿԱ — (պչրանքով)։ Սևուկ աչքերդ են մատնում, թանկագինս։ Համ էլ գիտեմ, եթե մթագնած հայացքդ քարանում է կրծքիս վրա, նշանակում է, որ այրվում ես ինձ գրկելու և… 

ԳԱՐԻԿ — Մի նսեմացնի գեղեցիկ ակնթարթը, Ալիկա։

ԱԼԻԿԱ — Ցանկությունը չես կարող նսեմացնել, դա միշտ սքանչելի է։

Խմում են։

ԳԱՐԻԿ — Հիմա իմ ուզածը մեր կորցրած դրախտը վերադարձնելն է։

ԱԼԻԿԱ — Դու արդեն վերադարձրել ես ինձ։ Բայց պետք չէ գլխապատառ այնտեղ վազել։ Ուզում եմ մտնել դանդաղ, հանդիսավոր, Մենդելսոնի երաժշտության ներքո։ Ու ճիշտ արեցինք, որ հարսանիքը տեղափոխեցինք վաղը։ Անհարմար է մարդկանց հանել անկողիններից ու հրավիրել խնջույքի։ Հատկապես քո մտերիմներին, որոնց մեջ, հավանաբար, քիչ չեն նշանավոր մարդիկ, աշխարհահռչակ գիտնականներ։

ԳԱՐԻԿ — Ես չեմ պատրաստվում իմ հարսանիքը վերածել իտալացիների հետ հրավիրովի երեկույթի։ Մի երկու ընկեր-բարեկամ կգան, ու վերջ։ Իսկ նրանք սովոր են գիշերային խնջույքներին։ Հենց հիմա զանգեմ թե չէ՝ առանց երկմտելու կսլանան։

ԱԼԻԿԱ — Պարզ է, ախպեր-տղերքը, մեծ գիտության հարբեցողները։

ԳԱՐԻԿ — (ծիծաղում է)։ Դրա նման մի բան… մեկ-մեկ սիրում ենք տժժալ միասին։

ԱԼԻԿԱ – Դե՜ չէ, սիրելիս, միայն ոչ հարբեցող գիտնականների հետ։ Ես տեսել եմ դրանց նմաններին։ Ուզում եմ, որ ամեն ինչ լինի պատշաճ, ավանդական ձևով, մանավանդ որ ուզում եմ հարևան-բարեկամներից մի քանիսին հրավիրել։ Ուզում եմ նրանց ներկայանալ հարսի շքեղ հանդերձների մեջ։ Հասկանո՞ւմ ես, թե ինձ համար ինչ կարևոր է այդ ամենը։

ԳԱՐԻԿ — Իհարկե, դու նրանց կներկայանաս երջանիկ հարսնացուի ամբողջ փայլով։ Արդուզարդը, մատանին գնված են, հարսանեկան զգեստդ՝ պատվիրված, վաղը կեսօրին կբերեն այստեղ՝ այս համարը։ Հը՞, նմուշը սրտո՞վդ է։

ԱԼԻԿԱ — (հիացքով)։ Շա՜տ… (Պայուսակից հանում է տուփը, բացում, հիանում է։) Վզնոցն ուղղակի սքանչելի է… (Ուզում է վիզն անցկացնել։) Օգնիր, խնդրում եմ։ (Կանգնում է։ Գարիկն օգնում է, հետո համբուրում է ուսը:) Որտե՞ղ է հայելին… (Վազում է հայելու մոտ։) Շնորհակալ եմ, երբեք այսպիսի բան չեմ կրել։ 

ԳԱՐԻԿ – Ինչքա՜ն քիչ բան է պետք կնոջը՝ երջանիկ լինելու համար։

ԱԼԻԿԱ — Ո՞նց թե՝ «քիչ»։ Սա երևի խանութի ամենաթանկ մանյակն Է։

ԳԱՐԻԿ — Երևի։

ԱԼԻԿԱ — Ափսոս չէ՞ր այդքան փողը, որ վճարեցիր։

ԳԱՐԻԿ — Բացարձակապես։ Չէ՞ որ քեզ համար եմ գնել։

ԱԼԻԿԱ – Մայրի՜կ, լսո՞ւմ ես։ Ես երջանիկ եմ։ Վաղը կունենամ աշխարհի ամենանշանավոր, ամենահոգատար, ամենախելացի ամուսինը։ Դա Գարիկն է։ Նա քեզ դուր էր գալիս, չէ՞։ Նա ներողություն է խնդրում, որ մեզ վշտացրեց այն ժամանակ՝ տասը տարի առաջ։

ԳԱՐԻԿ — Եթե իմանաս, թե հիմա ինչքան անուշիկն ես, ինչպե՜ս են աչքերդ փայլում։

Գարիկը միացնում է մագնիտոֆոնը… վալս են պարում։

ԱԼԻԿԱ — (կիսափակ աչքերով)։ Գլուխս պտտվում է… Ինձ թվաց, թե հյուրասենյակը լի է հայտնի մարդկանցով։

ԳԱՐԻԿ — (նրա հանգույն)։ Այդպես էլ կա, կոմսուհի։ (Դանդաղ պտտելով նրան։) Ահա Ալբերտ Էյնշտեյնը։ Նա կնոջը թողել է ինչ-որ մեկի հետ, իսկ ինքը մոտենում է նվագախմբին։ Հիմա կվերցնի ջութակն ու կնվագի։ Ահա… լսեք, թե ինչ հրաշալի երաժշտություն է հորինում։ Ձեր հյուրերը մի մարդու պես լռեցին, էյնշտեյնյան ջութակի մեղեդու վառ ելևէջների հիացմունքից շունչները պահեցին։ Ապշեցուցիչ ջութակահար, ապշեցուցիչ ունկնդիրներ։ Այո, կոմսուհի, այստեղ իրոք հավաքվել է ընտիր հասարակություն։ Հանճարեղ ֆիզիկոսներ, Աստծո ողորմածությամբ՝ քսաներորդ դարի ստեղծագործողները։

Կանգ են առնում։

ԱԼԻԿԱ — Թմբիրի մեջ լսում էի նրանց խոսակցությունը։ Նրանք ասում էին, որ քեզ հետ մեծ հույսեր են կապում։ Հավատում էին, որ դու կշարունակես այն, ինչ նրանք չհասցրին ասել։ 

ԳԱՐԻԿ — Դու ինչ-որ բան շվտթում ես… Հիմա կվառեմ լույսը, ու քո երևակայության մթագնած ստվերների աշխարհը կչքանա։

Վառում է լույսը, անջատում է մագնիտոֆոնը։

ԱԼԻԿԱ — (աչքերը կկոցելով ու ժպտալով)։ Քեզ թվում է, թե ալիքները խառնե՞լ եմ։

ԳԱՐԻԿ — Անկասկած, սիրելիս։ (Լուռ քայլում է։) Իսկ եթե լուրջ, գիտության մեջ ընդհանրապես չի կարելի ինչ-որ կիսատ բան ավարտել, քանի որ իմացությունը սահմաններ չունի։ Քսաներորդ դարը նշանավորվեց նյուտոնյան բացարձակ իդեայի՝ ոգու ազատումով։ Նա տվեց աշխարհաստեղծման իր սխեման, բայց դա ընդամենը հարաբերական ճշմարտություն է, հերթական քայլ դեպի ճշմարտությունը։ 

ԱԼԻԿԱ — Ուրեմն, հաջորդ քայլն արա, դարձիր 21-րդ դարի Էյնշտեյնը, ինչպես կանխագուշակում էին։

ԳԱՐԻԿ – Շա՞տ ես ուզում։

ԱԼԻԿԱ – Շա՜տ։ Ի դեպ, դու այդպես էլ չպատմեցիր քո գործերի մասին։ Թե չէ միայն իմ մասին ես հարցնում։ Ես վաղուց եմ հեռացել մեծ գիտությունից ու չգիտեմ, թե հիմա ինչ է կատարվում ֆիզիկայի վերին ոլորտներում։ Գուցե դու արդեն հայտնի անուն ես, և աշխարհը ծափահարում է քեզ, իսկ ես իսկի տեդյակ չեմ։

ԳԱՐԻԿ — (ժպտալով)։ Մեծությունը մեծություն չեմ, բայց այդ ամենավերին ոլորտներում ինձ հետ հաշվի են նստում, երբեմն նույնիսկ մի քիչ վախենում են։

ԱԼԻԿԱ — Ուրախ եմ, սիրելիս։

ԳԱՐԻԿ — (դադարից հետո)։ Հասկանո՞ւմ ես, ինչ էլ լինի, ես միշտ ապրում եմ գիտությամբ։ Բայց ինչքան շատ եմ փորձում խորանալ աշխարհաստեղծման գաղտնիքների մեջ, այնքան վատ եմ զգում։ Ուղեղս մասերի է բաժանվում, ասես գտնվում եմ խելագարության սահմանագծին։ Ու գիտակցում եմ, որ ճշմարտությունն անըմբռնելի է։ Այո, անըմբռնելի է։

ԱԼԻԿԱ — Դու, իհարկե, հանճար ես, բայց հանճար՝ առանց նպատակի։ Կյանքից շփացած, փողի մեջ լող տվող։ Փառքի լիարժեքության համար ուզում ես աշխարհին զարմացնել նաև ապշեցուցիչ հայտնագործություններով։ Բայց ինչի՞ համար։ Ինձ թվում է՝ այդ հարցը քեզ նույնիսկ չի հետաքրքրում։

ԳԱՐԻԿ — Հետաքրքրում է, այն էլ ո՜նց… Ես նպատակ ունեմ։ Մեծ նպատակ։ Ուզում եմ ըմբռնել տիեզերքը և օգնել, որ մարդիկ երկրի վրա կառուցեն ներդաշնակության թագավորություն։ Ահա ամենամեծ նպատակը։ Մարդկությունը միայն պատկերացնում է, որ հեռուն է գնացել։ Մի գլուխ փիլիսոփաներ են ծնվել, ստեղծել են գրքի սարեր, հասել տիեզերք, իսկ հասարակությունն, ըստ էության, մնացել է քարե դարում, ընդամենը չափից շատ են ճարտար ստերը։

ԱԼԻԿԱ — Հիմա քեզ եմ նայում ու սկսում եմ ինձ ավելի երիտասարդ զգալ, կարծես նստած եմ լսարանում ու դասախոսություն եմ լսում, թե ինչպես փիլիսոփաները, հենվելով Գեյզենբերգի հավասարման վրա, փորձեցին ստեղծել մարդու կամքի ազատության վարկածը։ Ախմախություն չէ՞ այդ բոլորը. ներդաշնակության թագավորություն տիեզերքում, մարդու կամքի ազատության արկածի բանաձև…

ԳԱՐԻԿ – Ինչո՞ւ «ախմախություն»։ Մարդիկ ուզում են արժանապատիվ կյանքով ապրել, ու նրանք չեն կարող ուղիներ չորոնել լավագույնին հասնելու համար։

ԱԼԻԿԱ — (մոտենում է պատուհանին, մտածկոտ նայում փողոցին։ Դադարից հետո)։ Անձրևը կտրվեց։ Ի՜նչ սքանչելի է օդր՝ մաքուր, անուշ, ննջեցնող։ Շքամուտքերից դուրս են գալիս կեսգիշերային հետիոտներն ու շտապում։ Ով՝ որտեղ ասես։ Թեև, եթե մտածենք, նրանք բոլորն էլ վազում են կյանքի ակնթարթների ետևից, ու այդպես՝ մինչև իրենց կյանքի մայրամուտը։ Եվ հավասարապես թքած ունեն այն ամենի վրա, ինչի մասին հենց նոր խոսում էինք։ Իսկ դու հայտարարում ես, թե մարդիկ անկարող են ուղիներ որոնել լավագույնին հասնելու համար։

ԳԱՐԻԿ — Իհարկե, չեն կարող չորոնել, միայն թե այդ ուղիները որոնելը, աշխարհի ճակատագրի մասին մտածելը ընտրյալների, հանճարների բախտաբաժինն է։ Բայց դա չպետք է շփոթել քաղաքականություն-շառլատանության հետ։ Մարդկության անմահությունը կվաստակեն հանճարեղ ֆիզիկոսները։ Իսկ միլիարդավոր մարդիկ հետամուտ են և միշտ հետամուտ կլինեն սեփական կյանքի ակնթարթներին։ 

ԱԼԻԿԱ — Որովհետև, ի տարբերություն հանճարների, գիտեն, որ ամեն ինչ «ունայնություն ունայնությանց» է, «ամեն ինչ հողից է արարվել, հող էլ կդառնա»։ Իսկ հիմա լսիր Ժողովողի մյուս խոսքերը. «Գնա ուրախութեամբ կեր հացդ, եւ զուարթ սրտով խմիր գինիդ, որովհետեւ վաղուց հաւանել է Աստուած քո գործքին»։ Այդ պատճառով թող բոլորը գրողի ծոցը գնան, իմ փիլիսոփա, գինի լցրու, ուզում եմ հարբել, ուրախանալ, հետո քնել, որպեսզի առավոտյան արթնանանք երջանկացած՝ մեր կյանքի ամենամեծ ակնթարթների համար։

ԳԱՐԻԿ — Բռավո, Ալիկա։ Բռավո, Գիրք Ժողովողի։ Կեցցե մոգական ակնթարթը, գինին, ուրախությունը։

Ես սիրում եմ գիշերային խնջույքը,

Ուր ուրախությունն է տիրակալը,

Ու ազատությունն է կուռքը իմ,

Սեղանի մոտ՝ օրենսդիր։

Գարիկը միացնում է մագնիտոֆոնը, լցնում երեք բաժակները։ Իրար են զարկում պուշկինյան բաժակները, խմում են, հետո՝ գրկախառնվում։ Նա բարձրացնում է կնոջն ու սկսում պտտեցնել։ Ալիկայի ոտքը դիպչում է սեղանիկին։ Գարիկը կանգ է առնում, բաց թողնում նրան։

ԱԼԻԿԱ — Հո բան չջարդվե՞ց։

ԳԱՐԻԿ — (սեղանին նայելով)։ Ոնց որ չէ… 

ԱԼԻԿԱ — Ո՞նց թե՝ չէ։ Պուշկինյան բաժակը հատակին է ընկել: Հենց դա՞ պիտի ընկներ։

ԳԱՐԻԿ — Փառք Աստծո, չի կոտրվել: (Ժպտալով։) Ձեր ընտանեկան մասունքը փրկված է։ Միայն գինին է թափվել։

ԱԼԻԿԱ — Աստված իմ, հիացմունքի ու սիրո գինին… վերածվել է մուգ հետքի։

ԳԱՐԻԿ — Հիմա կլցնեմ։

ԱԼԻԿԱ — Պետք չէ… վախենում եմ։ Գինին թափվեց, դարձավ հետք, դա խորհրդանիշ է…

Հեռախոսազանգ։

ԳԱՐԻԿ — Հետաքրքիր է՝ ո՞վ է այս ուշ ժամին։

ԱԼԻԿԱ — Երևի էլի նա է։ Չի քնի, մինչև չիմանա վերջին նորությունները։

ԳԱՐԻԿ — Չէ, այս անգամ ինձ են ուզում։ (Լսափողի մեջ։) Բարև, բարև… Ամեն ինչ նորմալ է, մի՛ անհանգստացիր… Շնորհակալ եմ, սեղանը ճոխ էր… Ո՞վ… Էդիտա՞ն… Չէ, չի երևացել… Ի՞նչ կոմսուհի Տրուբեցկայա… Այդպիսի նանարիկ մեր կողմերում չի երևացել… (Այլայլված Ալիկան փլվում է բազկաթոռին, կծկվում։) Ինչ եմ անում հիմա՞… Հյուրանոցում պատահաբար հանդիպեցի ուսանողական ընկերուհուս, երկուսով նստած ենք, հիշում ենք ոսկե օրերը, կայֆ ժամանակ ենք անցկացնում… Տարօրինա՞կ է։ Չեմ հասկանում՝ ի՞նչն է տարօրինակ։ Պայմանավորվել եք վաղվա՞ համար։ Վաղը չեմ կարող։ Դե, դու էլ ես զբաղված լինելու վաղը, քեզ հրավիրում եմ միջոցառման։ Իսկ հանդիպումը հետաձգիր անորոշ ժամանակով։ Ի՞նչ միջոցառում… Հրաշալի, մեծ, ուրախ։ Առավոտյան կզանգեմ, կասեմ… Չէ, չէ, Պրեմիեր, պառկիր քնելու։ Դու վաղն ինձ թարմ ես պետք, ուրախ, առույգ։ Հաջող։ (Հեռախոսը դնում է սեղանիկին։)

ԱԼԻԿԱ — (լարված)։ Ո՞վ է այդ Պրեմիերը։ 

ԳԱՐԻԿ — Իմ մտերիմներից է։

ԱԼԻԿԱ — Նրա հե՞տ պիտի հանդիպեիր այստեղ։

ԳԱՐԻԿ — (մտացրիվ)։ Նրա… (Ինչ-որ բան հիշելով՝ խփում է ճակատին։) Ո՜նց էի մոռացել։ (Պիջակի գրպանիկից հանում է գրությունը, կարդում է։) Ի՞՜նչ… (Թուղթը ճմրթելով՝ գցում է սեղանիկին, խռովահույզ նայում նրան։) Դու ո՞նց էիր կոչվում, երբ եկար։ Էդիտա՞։

ԱԼԻԿԱ — (հազիվ լսելի)։ Հա։ Ի՞նչ կա։ 

ԳԱՐԻԿ — Գիտես, նա ասաց, որ այստեղ պետք է գար Էդիտան։ Դու հայտնվեցիր ու ներկայացար որպես Էդիտա։ Հետո նա խնդալով ասաց, որ այդ նույն Էդիտան ինչ-որ տեղերում իրեն անվանում է կոմսուհի Տրուբեցկայա։ Իսկ դու բերանիցդ թռցրիր, որ…

ԱԼԻԿԱ — (անսպասելի չարությամբ)։ Որ ի՞նչ…

ԳԱՐԻԿ — Տարօրինակ է… համընկնում է։ Հետաքրքիր է՝ ո՞վ է կոմսուհու բարձր տիտղոսով այդ Էդիտան։

ԱԼԻԿԱ — (փղձկալով)։ Ե՜ս… Ե՛ս եմ Էդիտան։ Ես եմ կոմսուհի Տրուբեցկայան։ 

ԳԱՐԻԿ — Ուզում ես ասել, որ դաման, ում Պրեմիերը պատվիրել էր ինձ համար այս գիշեր, դո՞ւ ես։

ԱԼԻԿԱ — Ես եմ…

Դադար։

ԳԱՐԻԿ — (սիրտը բռնած)։ Չէ, սա ինչ-որ տիեզերական խելագարության է… Ես… ես… խելքս թռցնում եմ… Ասա, որ դա չար կատակ էր, խաղ, գիշերային զավեշտ…

ԱԼԻԿԱ — Ոչ կատակ է, ոչ խաղ է, ոչ էլ զավեշտ։

ԳԱՐԻԿ — Ո՞վ ես դու, վերջապես։

ԱԼԻԿԱ — Ես կանչով աղջիկ եմ, դամա՝ զվարճության համար։

ԳԱՐԻԿ — (մոլեգին)։ Ի՞՜նչ… Միայն ոչ դա։ Ո՜չ դա։ Կրկնիր, ինչ որ ասացիր։ Կրկնի՛ր։ 

ԱԼԻԿԱ — (հազիվ արտաբերելով)։ Դամա զվարճությունների համար…

ԳԱՐԻԿ — (տեղը չգտնելով)։ Չեմ հավատում։ Միևնույն է, չեմ հավատում… Հասկանո՞ւմ ես, թե ինչ արեցիր։ Դու… դու… (Բաժակը շպրտում է նրան։)

ԱԼԻԿԱ — Ողբերգություն մի սարքիր, խնդրում եմ։ Համարիր, որ ոչինչ չի եղել, որ մենք ընդհանրապես չենք հանդիպել։ (Վերցնում է իր բաժակը, դառը ծիծաղով, կում-կում խմում է:) Հիմա կխմեմ, կվերջացնեմ իմ ցնծության ու սիրո գինին, վեր կկենամ ու կգնամ։ Ընդմիշտ… 

ԳԱՐԻԿ — Խմել–վերջացնելու բան չկա։ Դու թափեցիր այդ գինին՝ թողնելով գորշ հետք։

ԱԼԻԿԱ — Մենք միասին թափեցինք։ 

ԳԱՐԻԿ — Ոչ, դա դու էիր։ Դո՛ւ։

ԱԼԻԿԱ — Ինչ արած, երևում է՝ բախտս է այսպիսին։

ԳԱՐԻԿ — (հեգնանքով)։ Ի՞նչ կապ ունի այստեղ բախտը։ Ամեն ոք ինքն է կերտում իր բախտը։ Նրա հետ կատարվող ամեն ինչ պայմանավորված է բնավորությամբ։

ԱԼԻԿԱ — Իսկ հանգամանքնե՞րը… ծնունդից մինչև մահ մարդ հանգամանքների գերին է։

ԳԱՐԻԿ — Ոչ, ու էլի ո՛չ։ Խստաբարո մայրիկի համեստ աղջիկ, չթե զգեստի մեջ մեծացած, սուսիկ-փուսիկ, լուրջ արքայադուստր, ու հանկարծ՝ փողոցում…

ԱԼԻԿԱ — Ինձ հետ եղավ, ինչ սովորաբար լինում է…

ԳԱՐԻԿ — (չարախինդ)։ Սովորաբար… (Նստում է։)

ԱԼԻԿԱ — Նախ լսիր, հետո դատիր։ Նոր էի դիպլոմն ստացել, երբ մայրս մահացավ։ Ես մնացի մենակ ու անփող։ Լավ էր՝ հարևաններն օգնեցին։ Ուղեգրով գնացի նշանակման վայրը։ Պարզվեց, այնտեղ ոչ մեկին պետք չէի։ Վերադարձա։ Ոտքի տակ տվեցի մի քանի գիտական հաստատություն, բայց ոչ մի տեղ չվերցրին։ 

ԳԱՐԻԿ — (ջղաձիգ)։ Այո՜… «Եղել են ավելի վատ ժամանակներ, բայց ոչ՝ ստոր»։

ԱԼԻԿԱ — Մի անգամ աշխատանքի հերթական անհաջող փնտրտուքից հետո գալիս եմ տուն, հեռախոսը պայթում է զանգերից։ Լարան էր։

ԳԱՐԻԿ — Մեր Լարա՞ն։

ԱԼԻԿԱ — Հա… հանդիպեցինք սրճարանում։ Նրան պատմեցի դժբախտություններիս մասին։ Նա ասաց, որ այդպես էլ գիտեր… հետո ճոխ ընթրիք պատվիրեց։

ԳԱՐԻԿ – Խմիչքո՞վ։

ԱԼԻԿԱ — Բա ո՞նց… Իրեն պատվիրել էր կոնյակ, ինձ՝ մարտինի։ Դա իմ սիրած խմիչքն էր։ (Հայացք ձգելով սեղանիկի վրա՝ նստում է։) Ահա, դու էլ ես մարտինի պատվիրել։

ԳԱՐԻԿ — Պրեմիերը։ Երևում է՝ նա լավ տեղյակ է քո հակումներին։

ԱԼԻԿԱ — Իսկ ի՜նչ խորտիկներ էին… ո՜նց էի ուտում։ Ուտում էի ու խմում, իսկ նա մի գլուխ լցնում էր բաժակս։ Ես անմիջապես հարբեցի։ Դու գոնե կարո՞ղ ես հասկանալ, թե ինձ նմանի համար ինչ էր նշանակում այդպիսի սեղանի մոտ հայտնվելը։

ԳԱՐԻԿ — (քմծիծաղով)։ Փորձում եմ պատկերացնել։

ԱԼԻԿԱ — «Ապրել է պետք, ընկերուհի, ոչ թե նստել թախտին, սպասել բախտին,– սկսեց Լարան։- Բավական է վայելուչ հագնվես, շպարվես, շատ շուտ կդառնաս գիշերային միսս Եվրոպա, ում առջև ծնկի կիջնեն աշխարհի ուժեղները։ Այդպիսի թռիչքի համար, աղավնյակս, բոլոր տվյալներն ունես։ Իսկ ամենագլխավորը՝ գայթակղիչ, անչափ գայթակղիչ ես, աչքերիդ մեջ վազվզում են կրքի սատանաները։ Հենց դրանք էլ տղամարդկանց խելքահան կանեն»։ 

ԳԱՐԻԿ – Ինչպիսի՜ սեքսոպաթոլոգ։

ԱԼԻԿԱ — «Քեզ հետ գիշեր անցկացնելու հաճույքի համար,– շարունակեց Լարան,– պարոնները ահռելի գումարներ կշռայլեն։ Ես քեզ համար կլինեմ իմպրեսարիոյի պես մի բան, անշուշտ, եկամտի իմ մասով»։

ԳԱՐԻԿ — Ա՜յ Լարկա… բիզնես է կպցրել։ 

ԱԼԻԿԱ — Նրա խոսքերից սթափվեցի, վրաս դող եկավ, գլխով «ոչ» ասացի։ Նա փրփրեց։ «Կամ հիմար ես, կամ հետամնաց։ Նայիր շուրջդ, իրենց համեստ ձևացնող կանանց իննսուն տոկոսը պոտենցիալ մարմնավաճառ է։ Տեղն եկավ՝ առանց մտածելու կզբաղվեն այդ արհեստով»։

ԳԱՐԻԿ — Դե, նա դասական հոգեվերլուծող է։ 

ԱԼԻԿԱ — «Քո հանդիպումները կլինեն հյուրանոցներում, զբոսանավերի վրա, ամառանոցներում։ Դու պատահական աղջիկ չես Տվերսկայայից, այլ վեհաշուք տիկին, ում այնքան գովերգել են գեղեցիկի արարիչները»։

ԳԱՐԻԿ — Ահա թե ով եք դուք, մադա՛մ, վեհաշուք տիկի՛ն։ Ռենուարի անկրկնելի մոնմարտրյան Նինին։ Կտավի վրա՝ հիացքի վրձնահարվածներ. թող կռահեն՝ ով է կապույտ հագած այս տիկինը։

ԱԼԻԿԱ — Այս մոլորակի վրա ոչ մեկին չի հետաքրքրում իմ ինչ լինելը։ Հանգստացեք, վիրավորված փիլիսոփա, ու թույլ տվեք շարունակել իմ պատմությունը։ Դեռ ոչ մեկի առաջ այսպես չեմ անկեղծացել։

ԳԱՐԻԿ — Երախտապարտ եմ, որ առաջինն եմ։

ԱԼԻԿԱ — «Դու կլինես ամենաբարձր վարձատրվողը,- ասաց Լարան։– Այստեղ կներկայանաս Էդիտա, արտասահմանում՝ կոմսուհի Տրուբեցկայա»։

ԳԱՐԻԿ — Տրուբեցկոյները կարծես թե իշխաններ էին։

ԱԼԻԿԱ — (ժպտալով)։ Ես էլ նույնն ասացի։ «Տեր Աստված,– ձեռքը թափ տվեց նա,– ո՞վ գիտե, թե ովքեր են եղել այդ Տրուբեցկոյները։ Կոմսուհին ռոմանտիկ է հնչում, իսկ իշխանուհի բառից նավթալինի հոտ է փչում»։

ԳԱՐԻԿ – Սքանչելի՜ փաստարկ։

ԱԼԻԿԱ — Ծիծաղում ես, բայց նա իր գործից գլուխ է հանում։

ԳԱՐԻԿ — Երևի հարստացե՞լ է։

ԱԼԻԿԱ — Այն էլ ինչպե՜ս։

ԳԱՐԻԿ — Իսկ դո՞ւ։

ԱԼԻԿԱ — Չեմ դժգոհում։

ԳԱՐԻԿ — Հասկանալի է։ Ապահովված ես։ 

ԱԼԻԿԱ — Ունևոր եմ… վա՞տ է։ 

ԳԱՐԻԿ — Նույնիսկ շատ լավ է։ Մի բան գլուխս չի մտնում, դա ինչպե՞ս պատահեց։

ԱԼԻԿԱ — Ասացի արդեն՝ սովորականի պես։ Զրույցի վերջում փափկեցի… Իր մոտ տարավ, իսկ մեկ շաբաթ հետո կազմակերպեց առաջին հանդիպումը հաճախորդի հետ։

ԳԱՐԻԿ — Դա չի ինձ հետաքրքրում… Բայց սպասեք, հարգելիս, ինչ-որ բան այնպես չէ… Ե՞րբ տեղի ունեցավ ձեր շշմեցուցիչ ամուսնությունը։

ԱԼԻԿԱ — Ոչ մի ամուսնություն չի եղել։ Ես պատմեցի ընկերուհուս կյանքի պատմությանը։ 

ԳԱՐԻԿ — Կարգին ստել չէի՞ր կարող։ 

ԱԼԻԿԱ — (մեղավոր ժպտալով)։ Դա մտքովս անցավ, երբ հարցրիր։ Իմ պատմությունը չէր, բայց ճշմարտություն էր։

ԳԱՐԻԿ — (քմծիծաղով)։ Մի խոսքով, լրիվ իրականություն է՝ առանց հումորի նշույլի։

ԱԼԻԿԱ — (անթաքույց չարությամբ)։ Իսկ ո՞վ է մեզ դրդում։ Դուք, պարոնայք տղամարդիկ։ Տարվում եք մեզնով, փաղաքշում եք, բավականություն ստանում, հետո շրջվում ու գնում՝ հաջող, քաղցրիկս։

ԳԱՐԻԿ — Կարելի է համբուրվել հրաժեշտից առաջ։

ԱԼԻԿԱ — Եթե հաջողվեր այն ժամանակ, հիմա քո առաջ նստած կլիներ ուրիշ կին, գուցե նույնիսկ գիտության մեջ հայտնի մեկը։ Ես քեզ չեմ հասնի, բայց չէ՞ որ ես էլ տվյալներ ունեի։ 

ԳԱՐԻԿ — Հետո ի՞նչ, ի՞նչ եղավ։ Գիտությունը չստացվեց, գնայիր դպրոց… թեկուզ հավաքարար դառնայիր։ Միայն ոչ դա…

ԱԼԻԿԱ — (կանգնում է)։ Ես քեզ տհա՞ճ եմ։ 

ԳԱՐԻԿ — Դա այն բառը չէ։

ԱԼԻԿԱ — Ես ի՞նչ մեղք եմ գործել։ Ինձ հետ տղամարդիկ են զվարճացել։ Ես էլ նրանց հետ եմ զվարճացել։ Նրանց հետ մեկնել եմ աշխարհի դրախտային վայրերը։ Հետո՞ ինչ…

ԳԱՐԻԿ — Մենք տարբեր լեզուներով ենք խոսում։

ԱԼԻԿԱ — Բոլորովին։

ԳԱՐԻԿ — Դու սիրային զվարճանքների համար դասական կին ես դարձել։

ԱԼԻԿԱ — Իսկ գուցե սիրո՞ համար։

ԳԱՐԻԿ — (ծուռ ժպիտով)։ Իսկ դրա համար քեզ ի՞նչ է մնացել։ Չէ, անուշիկս, կյանքը սիրավեպ կամ կինոնկար չէ։ Քո արհեստով վսեմ զգացումների մասին մտածելն անգամ ծիծաղելի է։

ԱԼԻԿԱ — (ապտակում է նրան)։ Սրիկա՛։ (Ուժահատ ընկնում է, փակելով դեմքը՝ անձայն լաց է լինում։)

ԳԱՐԻԿ — Ներիր, Ալիկա, ներիր։ Ես լարվել էի, հուզվել… ու պոռթկացի։

ԱԼԻԿԱ — (արցունքների միջից)։ Ո՜չ, դու Պերիկլեսը չես։

ԳԱՐԻԿ — (համբուրելով նրա աչքերը)։ Իսկ դու Ասպասիան չես։

Գարիկը նրան նստեցնում է բազկաթոռին, ինքն էլ է նստում։

ԱԼԻԿԱ — (դադարից հետո)։ Հասկանո՞ւմ ես, ես իրոք չէի գիտակցում, թե ով եմ իրականում, այդ պատճառով հիվանդագին ընդունեցի ասածներդ։

ԳԱՐԻԿ — Մոռացիր ասածներս… Ես քեզ կշտամբելու իրավունք չունեի։ Ես քո իմացած Գարիկը չեմ։

ԱԼԻԿԱ — Ո՞նց թե՝ չես։

ԳԱՐԻԿ — Ոչ գիտնական եմ, ոչ էլ նշանավոր ֆիզիկոս։

ԱԼԻԿԱ — Ի՞՜նչ…

ԳԱՐԻԿ — Ոնց ասեմ… քեզնից այնքան էլ հեռու չեմ գնացել։

ԱԼԻԿԱ — Հերիք է հանելուկներով խոսես…

ԳԱՐԻԿ — Ես խաղանենգ եմ։

ԱԼԻԿԱ — (նրա դիմաց կանգնելով)։ Չհասկացա…

ԳԱՐԻԿ — Խաղաթղթի խաղանենգ։ 

ԱԼԻԿԱ – Կատակո՞ւմ ես։

ԳԱՐԻԿ — (վերցնում է թղթախաղի կապուկը, վարպետորեն խառնում)։ Ես խաղամոլ եմ, Ալիկա, հայտնի խաղամոլ։ Եթե կուզես՝ խաղաթղթի Էյնշտեյն։

ԱԼԻԿԱ — (ճչում է)։ Ի՞նչ… իմը՝ հասկանալի է, բայց դու, դո՛ւ… Ո՞ւմ մտքով կանցներ, Էյնշտեյն ու… խաղանենգ։

ԳԱՐԻԿ — Նույն պատմությունն է. դիպլոմն ստանալով՝ վազում էի այս ու այն գիտական հաստատությունը։ Ամեն տեղ ջերմ էին ընդունում, ասում, որ լսել են իմ մասին, բայց… չէին վերցնում՝ պատճառ բերելով անիծյալ ժամանակը։ Մի օր էլ բնակբաժնից կանչեցին, ասացին, որ ավարտվել է գրանցմանս ժամկետը ու պահանջեցին երկուշաբթի ազատել սենյակս։ 

ԱԼԻԿԱ — (թատերային): Բոլոր զզվելի բաները կատարվում են երկուշաբթի։

ԳԱՐԻԿ — Այդ չարաբաստիկ երկուշաբթի ապուշի ժպիտով կհայտնվեի փողոցում, եթե շաբաթ օրը հրաշք չկատարվեր։

ԱԼԻԿԱ — Բոլոր հրաշքները կատարվում են շաբաթ առավոտ։

ԳԱՐԻԿ — Զարթնեցի, աչքերս տրորեցի, տեսնեմ՝ մահճակալի մոտ նորաձև կոստյումով, թիթեռնաձև վառ փողկապով, բոված շագանակների տոպրակը ձեռքին, ժպտադեմ կանգնած է Պրեմիերը, այն ժամանակ նրան Կյաժ էինք ասում։ Մի քանի շագանակ տվեց ու ասաց, որ տեղյակ է վիճակիս։

ԱԼԻԿԱ — (ծիծաղելով)։ Հետո քեզ տարավ գինետուն ու տեղը տեղին հյուրասիրեց, ինչպես Լարան՝ ինձ։

ԳԱՐԻԿ — Հա, ժլատություն չարեց։ Ընտիր խմիչքներից շատ շուտ քեֆս լավացավ։ Տեսնելով, որ պատրաստ եմ, նա ճշմարիտ ուղու քարոզ կարդաց։ «Հիմա ճարպիկների ժամանակն է, ախպերս, այնպես որ, հիմարություններից ձեռ քաշիր,– ասաց՝ ցույց տալով գրանցման ծալծլված թուղթը։– Հիշիր՝ զառերը փող են բերում։ Տես, հաջողության պահերը ձեռքիցդ բաց չթողնես, թե չէ կմնաս քծնող ստրուկ, ժառանգներդ էլ կբազմանան որպես շողոքորթող ստրուկներ»։

ԱԼԻԿԱ — Քո Պրեմիերն ու իմ Լարան ոնց որ ձայն ձայնի տված լինեին։

ԳԱՐԻԿ — Արդեն իր տանը խաղաթղթերի կապուկը զոռով ձեռքս տվեց, կարգադրեց պարապեմ, պատրաստվեմ խոշոր խաղի, որը տեղի էր ունենալու հինգշաբթի։ Այդ օրվանից մեծ խաղի մեջ ենք։ Խաղում ենք թե այստեղ, թե արտասահմանում, այնպես որ, հնարավոր է՝ թռել եմ քո հյուրախաղային ուղերթերով։

ԱԼԻԿԱ — Չէ, գլուխս չի մտնում… Դու՝ ո՜ւր, նա՝ ո՜ւր, նա չէր կարող քեզ ներգրավել ընկերախմբի մեջ։

ԳԱՐԻԿ – (տենդահար քայլում է սենյակում)։ Դու ճիշտ ես, ուսանողական տարիներից էինք թղթախաղով զբաղվում։ Որտեղ ասես՝ չէինք խաղում… հանրակացարանի տանիքում, մոմի լույսի տակ, մասնավոր բնակարաններում, արհեստանոցներում, որտեղ ուսանողներից մեկը գիշերային պահակ էր աշխատում։

ԱԼԻԿԱ — (անկեղծ զարմանքով)։ Մտքովս չէր անցնի, որ մոլի խաղացող ես եղել։ 

ԳԱՐԻԿ — Միշտ կրում էի… Հաջողությունս հիմնված էր սուր դիտողունակության, հավանական քայլի հաշվարկման կարողության վրա։ Անգամ խաղանենգ մի քանի ձևեր գիտեի։ Դա, իհարկե, չվրիպեց Պրեմիերի աչքից։ Նախանձից իրեն ուտում էր, չնայած ինքն էլ համարյա չէր կրվում։ Առաջարկեց իր հետ զույգով խաղալ…

ԱԼԻԿԱ — Պարզ է, ձեր ֆիրմայի հիմքը դրեցիք։

ԳԱՐԻԿ — Իհարկե, այն ժամանակ այսչափ գումարների վրա չէինք խաղում։ Բայց եղել է, որ խոշոր փող ենք տարել։ Միայն մի անգամ գլխովին տանուլ տվեցի։ Ու դա եղավ մեր չկայացած հարսանիքի նախօրեին։

ԱԼԻԿԱ — (հեգնանքով): Ինչպե՞ս չէ… 

ԳԱՐԻԿ – Հիշեցի՞ր, թե ոնց վազեցի, երբ Լարան ականջիս փսփսաց։ Չվազեցի, թռա. այնքան մեծ էր խոշոր գումար շահելու ցանկությունս, որ մեր հարսանիքր շքեղ լինի։ Բայց…

ԱԼԻԿԱ — Սպասիր, այնուամենայնիվ, ականջիդ Լարան ի՞նչ փսփսաց։

ԳԱՐԻԿ – Ասաց. խաղն ուր որ է՝ կսկսվի, իսկ Պրեմիերն ինձ է սպասում։

ԱԼԻԿԱ – Ա՜յ թե հիմարն եմ, ուրիշ բան եմ մտածել։

ԳԱՐԻԿ — Մնացի առանց գրոշի ու այնպես էի գլուխս կորցրել, որ չէի կարողանում քեզ մոտ գալ։ Իսկ վարդերի շքեղ ծաղկեփունջն այդպես էլ թառամեց հանրակացարանի պահարանիկի վրա։

ԱԼԻԿԱ — Դու տիեզերական հիմար ես… Ո՞ւմ էր պետք քո շքեղությունը, այդ բուրումնավետ «Սավոյ» օծանելիքը։ Մայրս կարող էր հարսանեկան պատշաճ սեղան բացել։ 

ԳԱՐԻԿ — Ուրեմն, մեզ վիճակված չէր միասին ապրել, վիճակված չէր…

ԱԼԻԿԱ — Չգիտեմ, չգիտեմ, բայց որ դու հանցագործ ես, հաստատ գիտեմ։

ԳԱՐԻԿ — (պոռթկում է)։ Սխալվում ես, թանկագինս։ Ես վաղուց խաղանենգություն չեմ բանեցնում, կրում եմ իմ բացառիկ կարողությունների շնորհիվ։

ԱԼԻԿԱ — Խաղանենգության մասին չեմ խոսում։ Քո հանցանքն այն է, որ տաղանդդ թաղեցիր, Աստծո տված ձիրքդ վատնեցիր խաղաթղթի սեղանիկի վրա։

ԳԱՐԻԿ — Այդպես ստացվեց։ Բայց գիտությունը չեմ թողել։ (Պիջակի գրպանից նոթատետր է հանում:) Ազատ օրերին հաշվարկումներս շարունակում եմ։

ԱԼԻԿԱ — (քմծիծաղով)։ Եվ այդպիսի նոթատետրերով ուզում ևս աշխարհի իսկական պատկերն ըմբռնե՞լ։

ԳԱՐԻԿ — Իսկ ի՞նչ է։ Չե՞ս կարդացել… ինչ է ասել Էլզան, երբ Էյնշտեյնի հետ այցելել են մի հայտնի աստղադիտարան։ Նրանց շատ է հետաքրքրել հսկայական աստղադիտակը։ «Ինչի՞ համար է այսպիսի հսկան»,– հարցրել է Էլզան։ «Տիեզերքի կառուցվածքը սահմանելու համար»,– պատասխանել է տնօրենը։ «Իրո՞ք… ամուսինս դա անում է հին ծրարի մյուս երեսի վրա»։

ԱԼԻԿԱ — Ա՜խ, ինչ սիրալիրն է եղել այդ մադամ Էլզան։

ԳԱՐԻԿ — Իսկ ես փորձում եմ նոթատետրի էջերի վրա անել։ Դրանցից շատ է կուտակվել մոտս։ Պահում եմ շվեյցարական բանկում։ Ամեն անգամ, Պրեմիերի հետ մեկնելով այնտեղ՝ բանկ եմ դնում գրոտած հերթական նոթատետրը։ (Ժպտալով։) Ես նոթատետր եմ դնում, նա՝ խոշոր շահումը։ Եթե երբևէ հաջողվի հանդիպել գիտությանը նվիրված մի խելացի երիտասարդի, նրան կթողնեմ։ Գուցե նրան հաջողվի…

ԱԼԻԿԱ — Պրեմիերը շահածը հավաքում է բանկում, իսկ դու որտե՞ղ ես ծախսում քոնը։

ԳԱՐԻԿ — Մսխում եմ, ճոխ եմ ապրում։ Բայց հիմնական մասը հարազատներիս եմ ուղարկում։ Ես շատ հարազատներ ունեմ, ու համարյա բոլորը մի կերպ են յոլա գնում։

ԱԼԻԿԱ — Գոնե մի բարի բան ես անում։ 

ԳԱՐԻԿ — Մի բան էլ եմ անում, միայն չգիտեմ՝ բարի՞ գործ է, թե՞ չար։ 

ԱԼԻԿԱ – Այսի՞նքն….

ԳԱՐԻԿ — (դադարից հետո)։ Ո՞նց ասեմ… Պրեմիերի պատվերով փորձում եմ ստեղծել աչքերի անտեսանելի ոսպնյակներ, որոնցով կտեսնես դիմացինիդ խաղաթղթերը։

ԱԼԻԿԱ — (վեր է թռչում)։ Ի՞՜նչ… (Փլվում է բազկաթոռի մեջ։) Աստված իմ, ինչ ասես, որ չի անցնի խաղանենգի մտքով։

ԳԱՐԻԿ — (ցինիկ)։ Տեխնիկական առաջընթացն է պահանջում։

ԱԼԻԿԱ — Կամ էլ սովորական ագահությունը… Լավ, ասենք, ստեղծեցիր այդ ոսպնյակները…

ԳԱՐԻԿ — Աշխարհում բոլորին կհաղթեմ։ 

ԱԼԻԿԱ — Հաղթեցիր, բոլոր ոսկիները քոնը դարձան, հետո՞։

ԳԱՐԻԿ — (ծիծաղում է)։ Կդառնամ աշխարհի տիրակալը։

ԱԼԻԿԱ — Դարձար։ Հետո՞… հետո ի՞նչ ես անելու։

ԳԱՐԻԿ — (երազկոտ)։ Տաք լոգարանում կպառկեմ, աչքերս կփակեմ, կփորձեմ քնել, ուղեղս հանգստացնել։

ԱԼԻԿԱ — Դա հենց հիմա կարող ես անել, սիրելիս։ Հրաշալի լոգարան կա։ Կպառկես ջրի մեջ ու հանգստություն կտաս ուղեղիդ, կքնես մինչև հաջորդ խաղը։

ԳԱՐԻԿ — Դա այն չէ… Փիլիսոփայական անդորրին կարելի է հասնել միայն լարված վազքով։

ԱԼԻԿԱ — Կարծում եմ, վազքդ դեպի փիլիսոփայական հանգիստը հերթական ծուղակ է։ Լավ, թողնենք դա… (Դադարից հետո։) Ասա ինձ, միայն լուրջ, Պրեմիերն ինչո՞ւ որոշեց քեզ կոմսուհի Տրուբեցկայայով պատիվ տալ։ 

ԳԱՐԻԿ — (վերցնում է գրությունը, խնամքով հարթեցնում սեղանի վրա)։ Էդիտայով։

ԱԼԻԿԱ — Հա, մոռացա, որ տանն եմ։ 

ԳԱՐԻԿ — Այո, մադամ, այսօր դուք տանն եք։ 

ԱԼԻԿԱ — Այդ դեպքում ինչո՞ւ ինձ ընտրեց։ Չեմ կարծում, որ Պրեմիերը քո հաճույքի համար է այսքան գումար գցվել։ Չէ՞ որ ես շատ թանկ արժեմ, սիրելիս։ Թե՞ դա նրա գաղափարը չէ։

ԳԱՐԻԿ — Ինչքան հասկացա, Պրեմիերը քեզ չի ճանաչում։ Նա զանգել է Լարային ու խնդրել ինձ համար մի կորուսյալ գառնուկ ուղարկել։ 

ԱԼԻԿԱ — (բազմանշանակ)։ Հա՞-ա՜… 

ԳԱՐԻԿ – Հա՛։ (Թուղթը մանր կտորների վերածելով՝ պատուհանից դուրս է շպրտում։) ԱԼԻԿԱ — Ինձ ոչնչացրի՞ր… (Տխրամած նայում է թղթի թռչող կտորներին։)

ԳԱՐԻԿ – Ոչնչացրի՛։

ԱԼԻԿԱ — Ու վե՞րջ։

ԳԱՐԻԿ — Վերջ, Ալիկա։

ԱԼԻԿԱ – Ինչո՞ւ… Չէ՞ որ հիմա կարծես հավասար վիճակում ենք, ու գուցե հաջողվի մեզ… 

ԳԱՐԻԿ — Բացառված է։ Դրսում ես կարող եմ լինել խաղանենգ, սրիկա, խարդախ, բայց ընտանիքն ինձ համար սրբություն է։ Եվ այդ սրբությունը նախևառաջ ընտանիքի մայրն է։ Ներիր, բայց դու այն չես, որ…

ԱԼԻԿԱ — Այն եմ, ա՛յն եմ, Գարիկ։ Ուշադիր նայիր։ (Արձակում է զգեստի կոճակները։) Ախր, դու ուզում էիր ինձ, ուզում էիր… այրվում էիր ցանկությունից…

ԳԱՐԻԿ — Հասկացիր, դու կարող ես լինել այստեղ (ցույց է տալիս սիրտը), ես կարող եմ ցանկությունից այրվել, բայց քեզ իմ տուն տանել չեմ կարող։

ԱԼԻԿԱ — (քմծիծաղով)։ Հներն ասում էին՝ ճանաչիր ինքդ քեզ։ Դու քեզ լավ գիտես, իսկ ես ոչ մի կերպ խորամուխ չեմ լինում իմ կյանքի դաժան ճշմարտությունների մեջ։

ԳԱՐԻԿ — Մի խառնիր ալիքները։ Դու նույն սքանչելի Ալիկան ես։ Ո՞վ գիտե, գուցե ինչ-որ մեկին գայթակղես, ու այդ ուրիշը քեզ տա այն, ինչ ես չկարողացա քեզ տալ։

ԱԼԻԿԱ — Հիմա ի՞նչ… (Դադար։) Արի մարդավարի հրաժեշտ տանք։ (Բաժակը դատարկում է, դանդաղ հանվում։) Կուզես՝ այստեղ, կուզես՝ ննջարանում։ Ես շատ տղամարդ եմ տեսել, բայց սիրո ճշմարիտ թրթիռները քեզ համար եմ պահել։ Չգիտեմ ինչու, միշտ հավատացել եմ, որ քեզ կհանդիպեմ։

ԳԱՐԻԿ — Պետք չէ… հրաժեշտը կրկնակի ծանր դրամա կդառնա։

ԱԼԻԿԱ – Թո՛ղ, թո՛ղ… ես ամեն ինչի պատրաստ եմ։ Գոնե այստեղից կհեռանամ այն գիտակցությամբ, որ քոնը դարձա, որ մեծ սիրո մեծ ակնթարթները վայելեցի։

ԳԱՐԻԿ — (հուզախռով)։ Ինձ մի տանջիր, Ալիկա, մի տանջիր։

ԱԼԻԿԱ — (նրա առջև ծնկելով)։ Տեսնո՞ւմ ես, համարյա մերկ եմ։ (Էքստազի մեջ։) Տիրիր ինձ…

ԳԱՐԻԿ — Կանգնիր, խնդրում եմ, ոտքի ել։ 

ԱԼԻԿԱ — (ձեռքերով փակում է դեմքը)։ Վճարված է… արա ինձ հետ, ինչ ուզում ես…

ԳԱՐԻԿ — (նրա ասածից ցնցված՝ կոպտորեն հրում է)։ Լռի՛ր… հագնվիր ու… հեռացի՛ր այստեղից։

ԱԼԻԿԱ — Ես գիտակցում եմ իմ խայտառակ վիճակը։ Բայց, խնդրում եմ, ինձ մի ստորացնի։ Ես… ես էգ եմ՝ սովորական էգ։ Իմ մեջ խոսեց բնազդը, ու ես մայր եմ ուզում դառնալ։ Մի զարմանա, մայր… Եվ իմ ապագա երեխայի հորը… քեզ եմ ընտրում։

ԳԱՐԻԿ — Ի՜նչ, ինչ ասացի՞ր… մտքիցդ հանիր։

ԱԼԻԿԱ — (դադարից հետո)։ Մի վիրավորվիր, բայց դու կորած մարդ ես, խաղանենգ, խաբեբայական ոսպնյակների մասին երազող։ Ես… ես ուզում եմ փրկել քո հանճարը, քեզնից որդի ծնել՝ 21-րդ դարի հանճարին։

ԳԱՐԻԿ – Պոռնիկի՛ որդի։

ԱԼԻԿԱ – Հանճարի՛։

ԳԱՐԻԿ — (կտրուկ)։ Թո՛ղ ինձ… գնա՛։ 

ԱԼԻԿԱ — (անշտապ հագնվում է)։ Լավ, հիմա կգնամ, հանգստացիր։ Պոռնիկից որդի չես ունենա։ Միայն ասա, խնդրում եմ, ինչո՞ւ մեր հարսանիքից առաջ պարտվեցիր։ Դա ի՞նչ է, ճակատագի՞ր… թե՞ իմ բախտն այդպես վճռվեց, կյանքի ստրուկի բախտը։

ԳԱՐԻԿ — (հանդարտ տոնով)։ Անհեթեթ պատահականություն էր։ Խաղից առաջ քնել չկարողացա, մեր մասին, մեր ապագայի մասին էի մտածում։ Հետո երեկույթին խմած մի քանի բաժակ գինին էլ ազդեց… Աչքերս փակվում էին, ուղեղս մթագնել էր, կորցրել էի զգոնությունս, քայլերին չէի կարող հետևել։

ԱԼԻԿԱ — (ժպտում է արցունքների միջից)։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ մի անքուն գիշերը կարող էր քար գցել ճակատագրի վրա։ (Մոտենում է պատուհանին։) Ինչո՞ւ է այսպես ստեղծված կյանքը։ (Նայում է երկնքին։) Այնտեղ մտքի թագավորության պայմանականություններից ազատ են, այնտեղ հավերժություն է, գեղեցկություն, ներդաշնություն։ Իսկ այստեղ այնքան գորշ է, այնքան նողկալի միայնակ հոգու համար…

ԳԱՐԻԿ — (բաժակը դատարկելով՝ գլուխը հենում է բազկաթոռի հենակին)։ Գնալուց առաջ, խնդրում եմ, միացրու մագնիտոֆոնը, հենց այն մեղեդին… ու լույսն անջատիր։

Ալիկան միացնում է մագնիտոֆոնը, կրկին հնչում է «Կառուզո» երգը։

ԱԼԻԿԱ — (պայուսակը վերցնելով)։ Հաջողություն, Գարիկ։

ԳԱՐԻԿ — Հաջող, Ալիկա։

ԱԼԻԿԱ — Եթե լսես այս երգը, ինձ հիշիր։ Գուցե սա ասի, ինչը չկարողացա քեզ ասել «Սավոյի» այս գիշերում։

ԳԱՐԻԿ — (դառը ծիծաղով)։ Եթե…

Ալիկան լուռ արտասվելով մարում է ջահի լույսը և համարից դուրս է գալիս։ Քիչ անց վերադառնում է, վզից հանում է մանյակը և մատանու հետ դնում սեղանիկին։ 

Գարիկին հրաժեշտի հայացք գցելով՝ դուրս է գալիս։

Գարիկը, դիրքը չփոխելով, գրպանից ատրճանակ է հանում, դնում իր առջև։ Փակելով խոնավացած աչքերը՝ շարունակում է լսել երգը…

Ռուսերենից թարգմանեց Էլֆիք ԶՈՀՐԱԲՅԱՆԸ

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։