ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆ / ԱՐԵՎԱՅԻՆ ՆԱՎ
(Կատակերգություն երկու մասով)
Գործող անձինք
ԱԲԳԱՐ — նավապետ
ԳՈՔՈՐ — նավավար
ՑԱԿԱՆ — մեխանիկ
ՇՈՒՇԱՆ — խոհարար և բուժքույր
ԱՓՈ — գյուղապետ
ԶԱՎԵՆ — ագրոնոմ
ԱՇՈՒՂ
ՀՈՎԻՎ
ԳՈՒՇԱԿ
ԲԱՆՎՈՐ
Չորս աղջիկներից կազմված ռոք խումբ:
Ձայներ՝ մարդկանց և կենդանիների:
ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
Լեռնային գետով իջնող նավ, քիթը՝ հանդիսատեսին, երկու կողմում՝ ափերը: Գիշեր, քամի, տախտակամած, նավավարը քնած է ղեկի մոտ: Տախտակամածի վրայով սավառնում է մեծ ստվերը: Նավախցից դուրս է գալիս նավապետը:
ԱԲԳԱՐ — Ինչո՞ւ այսպես մռայլվեց բնությունը, ի՞նչ խորհուրդ ունի այս քամին: Ո՞վ արթնացրեց ինձ իմ քնից: (Ստվերը նկատելով): Էյ, ո՞վ ես, ո՞ւր ես կանչում… Չլինի՞ Նահապետի ոգին է սավառնում նավիս վրա… Նոյի ոգին է, այո, ողջունում է մեզ իր թևաբախումներով: Ողջո՛ւյն, Նոյ նահապետ… Դու ես, չէ՞: Անկեղծ ասած, ես քեզ ավելի վաղ էի սպասում: Ինչո՞ւ ձայն չես հանում: Գալիս եմ… Չէ, ներքևում ջուրն է, իսկ ես, անկեղծ ասած, լողալ չգիտեմ: Բայց կսովորեմ, անպայման կսովորեմ: Գիտես, չէ՞, որքան ենք քեզ սիրում, հարգում ու հավատում, Նոյ: Ասա՛, ասա՛… Ի՞նչ… Պարզ ասա, չեմ լսում, քամին խանգարում է, ազնիվ Նահապետ… Ի՞նչ… Ճշմարի՞տ է մեր ուղին: Այո, մենք քեզ պարզերես ենք անելու, Նահապետ, մենք չենք թողնի, որ քեզ մոռանան, չէ՞ որ մենք քո ժառանգներն ենք: Մեր նավը կիջնի մեր լեռներից ու դուրս կգա բաց ծով, և մենք բոլորին կասենք՝ ահա, դուք մեզ ուզում էիք մոռանալ, բայց մենք կանք, մենք իջանք մեր ծերպերից: Պատկերացնո՞ւմ ես, Նահապետ, ես կկանգնեմ նավաքթին ու կասեմ՝ Էհե՜յ, բարբարոսներ, մենք ենք, մենք, իջել ենք բիբլիական Արարատի փեշերից… (Ծիծաղում է): Հո՛-հո՛-հո՛, հրաշալի է, չէ՞, Նահապետ:
ԳՈՔՈՐ — (արթնացել է): Էհե՜յ, բարբարոսներ, կարող ա՞ տեղը չեք բերում, մենք ենք, է՜, իջել ենք մեր սարերից:
ԱԲԳԱՐ — Չհասկացա… Նահապե՞տ…
ԳՈՔՈՐ — Ի՞նչ նահապետ, ե՛ս եմ:
ԱԲԳԱՐ — Նահապետին չտեսա՞ր, իմ ազնիվ բոցման, եկել էր մեզ ողջունելու:
ԳՈՔՈՐ — Անձա՞մբ:
ԱԲԳԱՐ — Ոգին:
ԳՈՔՈՐ — Չէ, չտեսա, ափսոս:
ԱԲԳԱՐ — Քնա՞ծ էիր, մարդ Աստծո:
ԳՈՔՈՐ — Աչքս կպավ, ներող եղիր, մարդ ենք, էլի… Բայց դու մի անհանգստացի, նավապետ, սա լեռնային գետ է, իր ճամփով է գնում, ես ղեկը պտտեմ-չպտտեմ՝ նշանակություն չունի:
ԱԲԳԱՐ — Ուրեմն արի քեզ գործից ազատեմ, գետը քո գործն անում է…
ԳՈՔՈՐ — Չէ, ճիշտ չհասկացար, նավապետ, իսկ եթե մի գերանի-բանի դեմ առնենք, Աստված ոչ անի, ո՞վ պիտի արգելակի… Բա՛: Իսկ եթե մի հարամի կամ թշնամական հածանավ հայտնվի գիշերով, ո՞վ պիտի իմաց տա… Վերջապես վաղը, մյուս օրը բաց ծով ենք դուրս գալու, Սևանը չի, է՜, ոչ էլ Կասպիական կամ Սև ծովը, Միջերկրականն ա, մեծ ծով ա, կարող ա հետո էլ օվկիանոս մտնենք…
ԱԲԳԱՐ — Չի բացառվում:
ԳՈՔՈՐ — Ըհը: Ո՞վ պիտի ղեկը պտտի, խութերից ու այսբերգներից հեռացնի, բարոմետրին ու մանոմետրին նայի, նավահանգիստ մտնի-դուրս գա, նորից մտնի… Ճիշտ եմ ասում, չէ՞, նավապետ:
ԱԲԳԱՐ — Այո, ազնիվ նավավարս, զուր մի տագնապիր, կատակեցի, հոգիս խինդով է լեցուն այսօր, ինքը Նահապետը եկավ մեզ այցելության, ուրեմն անկասելի է մեր ընթացքը: Նայիր, լույսը բացվում է, արեգակ բարին դուրս է գալիս արևելքից:
ԳՈՔՈՐ — Այո, արևելքից: Եվ մայր կմտնի արևմուտքում:
ԱԲԳԱՐ — Այո: Ի՜նչ օր է բացվում, ինչպիսի ջինջ օր… (Գրկում է Գոքորին, ձեռքը դիպչում է վերջինիս գրպանի շշին): Այս ի՞նչ է:
ԳՈՔՈՐ — Մածուն: Հա, մածուն եմ խմում, որ առողջ ու առույգ լինեմ:
ԱԲԳԱՐ — Ապրես, մեզ ինչպես երբեք՝ առողջ մարմին և առողջ հոգի է պետք. մածուն, կաթ, կաթնասեր և դարձյալ մածուն, ապրե՛ս: Տուր մի կում էլ ես խմեմ այս ցայգալույսին:
ԳՈՔՈՐ — Վայ, քոռանամ, պրծել է:
ԱԲԳԱՐ — Հա՞… Իսկ շիշն ինչո՞ւ չես գցում:
ԳՈՔՈՐ — Գցե՞մ… Բայց ո՞ւր գցեմ. մեր գետն է, մեր բնությունը, հո չե՞նք աղտոտելու:
ԱԲԳԱՐ — Ապրես, զուր չէր, որ քեզ ընտրեցի:
ԳՈՔՈՐ — Ապրեմ, բա ո՞նց, մեր կենսոլորտն է, մեր երեխաների կեցավայրը:
ԱԲԳԱՐ — Թոռների՛:
ԳՈՔՈՐ — Ծոռների՛:
Հայտնվում է Շուշանը:
ԱԲԳԱՐ — Շուշանի՞կ: Ի՞նչ ես անում այս ժամին այստեղ:
ՇՈՒՇԱՆ — Ախ, նավապետ, քունս չի տանում, ուզում եմ արշալույսը դիմավորել:
ԱԲԳԱՐ — Քո հոգին էլ հուզախռով է, աղջիկս:
ՇՈՒՇԱՆ — Այո: Մեծ ծով ենք մտնում: Գիտե՞ք, ես ծով չեմ տեսել, նավապետ, երբեք:
ԱԲԳԱՐ — Վայ, խեղճս: Այս աղջիկը երևույթ է: Իսկ ձեռքիդ այդ ի՞նչ է, Շուշանս:
ՇՈՒՇԱՆ — Սա՞: Բուտերբրոդ: Նավավարի համար: Նա պետք է լավ սնվի՝ քիչ, բայց հաճախակի, նրա գործը շատ է լարված. միշտ տախտակամածին, միշտ քամու դեմ, արևի, անձրևի տակ:
ԱԲԳԱՐ — Ապրես, ջանս, քեզ պես խոհարար և բուժքույր ունեցող նավը անպայման կհասնի իր նպատակին: Տուր ես էլ ուտեմ մի կտոր: (Վերցնելով): Օօօ՜, ինչ համեղ է… Կարտոֆիլո՞վ է, կաղամբո՞վ… Շատ համեղ է: Լսիր, այս պստիկ թաթիկներով ես պատրաստե՞լ:
Ուտում են երեքով:
ԱԲԳԱՐ — Ա՛խ, օ՛խ, օ՛հ… Ի՜նչ առողջ եմ, գրողը տանի, ո՜ւխխխ, բոլոր մկաններս թրթռում են արևաբացի զգացողությունից, օ՜հ, արևի երկիրս: Կեցցե արեգակը և մեր Արևային նավը, որ հանց արև կիջնի արևների երկրից, նա ժառանգորդն է նոյյան նավի և դարձյալ փրկելու է աշխարհը, որ դուք փչացրել եք, մարդիկ: Այսպես կկանչեմ ես նրանց սառը, անհաղորդ երեսներին, և նրանք կսոսկան, նրանք կզգան գալուստը նոյյան խորհրդի, նրանց սառած սրտերը կջերմանան, նրանք կժպտան, որովհետև կհասկանան վերջապես, թե ով ով է այս երկնքի տակ:
ՇՈՒՇԱՆ — Այո, իմ նավապետ:
ԱԲԳԱՐ — Այո, Շուշանս:
ԳՈՔՈՐ — Այո:
ԱԲԳԱՐ — Շուշան, սիրելիս, արթնացրու մեխանիկին, բարձրացրու տախտակամած, թող մարզանք անի մեզ հետ, ասա՝ լույսը բացվել է, ազնիվ մեխանիկ:
ՇՈՒՇԱՆ — Լսում եմ, նավապետ:
ԱԲԳԱՐ — Մի րոպե, մոտ արի, Շուշանս: Դու գիտե՞ս, թե ես քեզ ոնց եմ… վերաբերվում:
ՇՈՒՇԱՆ — Գիտեմ, հոր պես, հարազատ հոր:
ԱԲԳԱՐ — Հոր պե՞ս… Հայր, այո՛, հայր… Բայց ես հայր չեմ, աղջիկս, ես… ես նախահայր եմ, ես առաջնորդ եմ… Ես քուրմ եմ վերջապես: Նայիր ինձ այս՝ արևահայաց կողմից…
ՇՈՒՇԱՆ — Տպավորիչ է:
ԱԲԳԱՐ — Ուզում եմ, որ ինձ այսպես հիշես:
ՇՈՒՇԱՆ — Հիշե՞մ… Ինչո՞ւ… Ո՞ւր ես գնում, նավապետ:
ԱԲԳԱՐ — Ախ, եթե իմանայինք մենք մեր ճամփաները… Չգիտեմ, վերև Աստված կա, ի՞նչ իմանամ, թե հաջորդ պահին ինչ առաքելություն կվստահի նվաստիս: Ուզում եմ ինձ այսպես հիշես՝ լուսաբացին, արեգակի դեմ, նավիս տախտակամածին կանգնած, որպես մի քուրմ:
ՇՈՒՇԱՆ — Կուզե՞ս լուսանկարեմ, նավապետ:
ԱԲԳԱՐ — Ոչ մի դեպքում. պատկերացնո՞ւմ ես, եթե Արգիշտի արքային լուսանկարած լինեին, հիմա նրա միֆից բան չէր մնացել:
ՇՈՒՇԱՆ — Լավ, չեմ լուսանկարի, այսպես կհիշեմ: Եվ կպատմեմ սերունդներին:
ԱԲԳԱՐ — Ապրես: Երջանիկ եմ, որ տասնյակ դեռատի աղջիկներից հենց քեզ ընտրեցի:
ՇՈՒՇԱՆ — Անկեղծ ասած, հույս չունեի, մրցույթի պահանջներին այնքան էլ չէի համապատասխանում՝ «Մինչև քսանհինգ տարեկան, սիրունատես…»:
ԱԲԳԱՐ — Քեզնից սիրունատես մի՞թե հնարավոր է:
ՇՈՒՇԱՆ — Ոչ իհարկե, բայց տարիքը… Այսօր պիտի անկեղծ խոստովանեմ, նավապետ, որ նույնիսկ քսանվեց չեմ, այլ քսանյոթ, ծնողներս մի տարի պակաս են գրել ծննդյան վկայականիս մեջ:
ԱԲԳԱՐ — Քսանյո՞թ… Ի՜նչ ես ասում… Լսիր, դու երևւույթ ես, ախր քսանյոթը իմ սիրած տարիքն է: Ես էլ սպասում էի քսանյոթ դառնաս, նոր սիրահարվեմ, ուստի հենց հիմա սիրահարվում եմ, անհապաղ, հո-հո-հո… Լսիր` ոնց է սիրտս խփում, զգո՞ւմ ես:
ՇՈՒՇԱՆ — Զգում եմ:
ԱԲԳԱՐ — Իսկ դու ասում ես՝ չեմ համապատասխանում:
ՇՈՒՇԱՆ — Բայց ես մի կարգին եփել չգիտեմ. միայն ձվածեղ, բորշ ու տապակած կարտոֆիլ:
ԱԲԳԱՐ — Իսկ կարտոֆիլով կարկանդա՞կը, իսկ որ նաև բուժքույր ե՞ս… Ճիշտ է, ցավոտ ես սրսկում…
ՇՈՒՇԱՆ — Վայ, ցավացրի երեկ, չէ՞, ախր հանգիստ չես պառկում, նավապետ:
ԱԲԳԱՐ — Հանգիստ դագաղում կպառկենք, հիմա մեզ անհանգստություն է պետք: Ոչինչ, քո պատճառած ցավն էլ քաղցր է: Դե գնա, ջանս… Մի րոպե, թող այտդ համբուրեմ: Ահ, մոգական է՝ արևը, քո այտը, այս լուսաբացը: (Աչքն ընկնում է Գոքորին, խոժոռվում է): Այս… Մի խոսքով: Դե գնա, սիրունս:
Շուշանը գնում է:
ԱԲԳԱՐ — Հրաշք է, չէ՞, այս Շուշանիկը:
ԳՈՔՈՐ — Ծիտ ա, էլի:
ԱԲԳԱՐ — Ի՞նչ…
ԳՈՔՈՐ — Այո, նավապետ, հրաշք է: Բայց, ճիշտն ասած, էնքան էլ չէ, որովհետև համով չի եփում:
ԱԲԳԱՐ — Դու ինձ զարմացնում ես, բոցման, մենք ստամոքս լցնելո՞ւ ենք դուրս եկել, գուրմաննե՞ր ենք, ո՛չ, մենք այլ առաքելություն ունենք և այն հաջողությամբ կատարելու համար անհամ կերակուրն ավելի լավ է, չի գայթակղում, չի շեղում:
ԳՈՔՈՐ — Լավ, բան չասեցի, շատ լավ էլ աղջիկ ա, իրա ցավն էլ տանեմ:
ԱԲԳԱՐ — Բայց դու քիչ նայիր նրան, դու առաջ նայիր, ճամփի՛ն:
ԳՈՔՈՐ — Աչքիս վրա, առաջ նայեմ: (Ինքն իրեն, առաջ նայելով): Էս ծառը տեսադաշտս լրիվ փակում ա… Չկտրե՞մ… Բայց մի րոպե…
Դուրս է գալիս Ցականը:
ՑԱԿԱՆ — Բարի լույս:
ԱԲԳԱՐ — Լույսը քեզ տեսնողին: Շարվեք, բարեկամներս: (Գոքորին.) Գետի հոսանքին ապավինիր որոշ ժամանակ, մարզենք մեր մարմինները, դա անհրաժեշտ է:
Մարզվում են երեքով:
ԱԲԳԱՐ — Շուշանիկս, երաժշտություն տուր մեզ:
Լսվում է երաժշտություն՝ հայրենասիրական քայլերգ: Մարզվում են: Գոքորը հանկարծ անշարժանում է, առաջ է նայում ակնապիշ:
ԱԲԳԱՐ — Ի՞նչ եղավ:
ՑԱԿԱՆ — Մարզանք արա, թե չէ ոսկորներդ կժանգոտեն, արդեն ինչ-որ կասկածելի շխկոց-թխկոց ա գալիս մեջիցդ:
ԳՈՔՈՐ — Սպասեք, սպասեք… Ախր էս ծառն արդեն մի ժամ ա ցցված ա դեմս:
ԱԲԳԱՐ — Բացատրություն տուր սույն երևույթին, նավավար, արա՛գ:
ԳՈՔՈՐ — Տամ, բայց չի ուրախացնի: Կանգնած ենք:
ՑԱԿԱՆ — Հա, էլի:
ԱԲԳԱՐ — Ի՞նչ եք ապուշ-ապուշ դուրս տալիս… Պատճա՛ռը:
ԳՈՔՈՐ — (մատը բերանում թրջելով և տնկելով): Քամի չկա:
ԱԲԳԱՐ — Ենթադրենք: Իսկ գետի հոսա՞նքը:
ԳՈՔՈՐ — (ջրին նայելով): Հոսանք էլ չկա ոնց որ…
ԱԲԳԱՐ — Առաջա՛րկ տուր:
ԳՈՔՈՐ — Թող Ցականը մատորը միացնի:
ԱԲԳԱՐ — Ցական, տղաս, շարժիչն աշխատեցրու, մենք հապաղելու իրավունք չունենք, ճակատագիրը մեզ ժամադրություն է նշանակել: Գնա, ազնի՛վ մեխանիկ:
ՑԱԿԱՆ — Լսում եմ: (Իջնում է նավախուց):
ԱԲԳԱՐ — Սա ինչ տհաճ պատմություն է, եղբայր, լեռնային գետն է՞լ չհոսի:
Շարժիչի ձայն:
ԱԲԳԱՐ — Ուխխ՜խ, քսանչորսի շարժիչ է, է՛, իմ մեքենայից հանեցի, դրեցի նավիս վրա: Այս տախտակամածն էլ իմ առանձնատան տախտակներից է սարքված® Լավ գործին անձնազոհություն է պետք: Մանուկ հասակից եմ այսպիսին. մեր տան խալին ծախեցի, մոտոռով հեծանիվ առա, որ գնամ` Արարատի լանջը բարձրանամ, սակայն սահմանապահները չգնահատեցին իմ հայրենասիրական պոռթկումը, ետ ուղարկեցին և դեռ հորս էլ զգուշացրին, թե ձեր որդուն միշտ հսկողության տակ պահեք, այլապես գլխացավանքներից չեք պրծնի: Էհ: Գոքո՞ր, սլանում ենք կարծես, չէ՞:
ԳՈՔՈՐ — Պիտի հիասթափեցնեմ, նավապետ, ոչ մի տեղ էլ չենք սլանում. ծառն էլի ցցված է իր տեղում, հրեն:
ՑԱԿԱՆ — (բարձրանալով, մրոտ): Անջատեցի շարժիչը, վառվում էր:
ԱԲԳԱՐ — Պատճա՛ռը: Պարզեք վերջապես պատճառը, ծովառյուծնե՛ր:
ԳՈՔՈՐ — (ցած նայելով): Պարզ է:
ՑԱԿԱՆ — (մյուս կողմից նայելով): Պարզից պարզ է:
ԱԲԳԱՐ — Դե՞:
ԳՈՔՈՐ — Լռվել ենք, նավապետ:
ՑԱԿԱՆ — Գետի հունն այստեղ նեղ է, ափերը սեղմել-պահում են նավը:
ԳՈՔՈՐ — Էդ է, որ կա:
ԱԲԳԱՐ — (ցած նայելով): Ցավալի է, բայց՝ ճշմարտություն:
ՑԱԿԱՆ — Ես ամենասկզբից զգուշացրի ախր, ասեցի՝ նեղն ենք ընկնելու, տղերք:
ԳՈՔՈՐ — Էդ ե՞րբ:
ԱԲԳԱՐ — Շուշան, Շուշանս, դու էլ արի, երեք ուղեղը լավ է, չորսն՝ ավելի լավ:
Գալիս է Շուշանը:
ԱԲԳԱՐ — Մտածեք, գիտակցության արշավանք է անհրաժեշտ այս պրոբլեմի վրա: Գոքոր:
ԳՈՔՈՐ — Գոքորն ի՞նչ անի:
ԱԲԳԱՐ — Ցակա՛ն, դո՞ւ:
ՑԱԿԱՆ — Ես, ախր, ամենասկզբից զգուշացրի:
ԳՈՔՈՐ — Էդ ե՞րբ, է՜:
ԱԲԳԱՐ — Շուշանս, դու:
ՇՈՒՇԱՆ — Գուցե…
ԱԲԳԱՐ — Համարձա՛կ, համարձա՛կ:
ՇՈՒՇԱՆ — Գուցե նավի կողերին ձե՞թ քսենք… Չէ՞…
ԳՈՔՈՐ — Նավի կողերը տաշենք մի քիչ, հետո ձեթ քսենք:
ՑԱԿԱՆ — Մի խելքի են, է:
ԱԲԳԱՐ — Դե դու ասա:
ՑԱԿԱՆ — Ես կարծում եմ… ափե՛րը պիտի տաշենք:
ԱԲԳԱՐ — Երկու րոպե լռություն եմ պահանջում, ես պիտի մտածեմ: (Մտածում է): Ափերը պիտի տաշենք, Ցականը ճիշտ է ասում:
ԳՈՔՈՐ — Բայց քլունգ-մլունգ չունենք:
ԱԲԳԱՐ — Մոտիկ գյուղ կլինի, մեր երկրում ամեն բան մոտիկ է: Հիմա կպարզենք£ (Հեռադիտակով նայում է): Երկու կողմերում էլ գյուղեր կան:
ՇՈՒՇԱՆ — (օդը հոտոտելով): Ձվածեղը ոնց որ եղավ, բերեմ ուտենք, կսառչի:
ՑԱԿԱՆ — Մեզ հիմա ուժեր են պետք:
ԳՈՔՈՐ — Համաձայն եմ:
ԱԲԳԱՐ — Ուտում ենք:
Շուշանը գնում է:
ԱԲԳԱՐ — Ոչինչ, ոչինչ, չվհատվեք, կհաղթահարենք, այս փորձությունն էլ կհաղթահարենք: Չար ուժերի մարտահրավերն է: Բայց մեր կամքն անկոտրում է: Լսո՞ւմ եք, մեր կամքն անկոտրում է, հո-հո-հո: Տուր կերակուրն, աղջիկս:
Ուտում են:
ՑԱԿԱՆ — Չի կարելի անդադար ձվածեղ ուտել, մեր ուղեղներին ֆոսֆոր ու կալցիում է պետք, մեր մկաններինլ՝ երկաթ ու վիտամին…
ԱԲԳԱՐ — Ձվի մեջ, կարծում եմ, այդ ամենը ներկա են. հավն իր ապագա ճտերի մասին մտածել է հավանաբար:
ՑԱԿԱՆ — Ճտերի, բայց ոչ՝ մեր:
ԱԲԳԱՐ — Վերջացնում ենք ուտելը: Ժամանակ չկա: Օ՛ն, ա՛նդր, ի գո՛րծ: (Գոքորին.) Դու՝ աջ գյուղը, (Ցականին.) դու՝ ձախ:
ՑԱԿԱՆ — Գուցե դո՞ւք էլ գաք, նավապետ, մարդկանց ոգևորելու, կազմակերպելու ձեր տաղանդն անփոխարինելի է:
ԱԲԳԱՐ — Ո՞ր մեկիդ հետ… Երկու կե՞ս լինեմ: Ուստի ճիշտ կլինի, որ ես մնամ, նավին նայող է պետք:
ԳՈՔՈՐ — Շուշանը:
ԱԲԳԱՐ — Շուշանին իրեն էլ է նայող պետք: Եվ վերջ հակաճառություններին, կատարել հրամանս:
Գոքորը գնում է աջ ափով, Ցականը՝ ձախ:
ԱԲԳԱՐ — Հենց ուզում ես սերդ ցույց տալ, թուլանալ մարդկայնորեն, նստում են գլխիդ: Ցավալի է: Ինչպե՞ս է մեր տեր Հիսուսը աշխատել իր տասներկուսի հետ՝ չեմ հասկանում:
ՇՈՒՇԱՆ — Դեհ…
ԱԲԳԱՐ — Ի՞նչ, դեհ:
ՇՈՒՇԱՆ — Չէ, չեմ ասում, թե… Դուք էլ, իհարկե… Բայց նա, դե… մեր տերն է, չէ՞… Չէ, դուք էլ անշուշտ… Բայց դե նա… Չէ՞… Վերջապես երկու հազար տարի առաջ էր, այն ժամանակ ի՞նչ իմանաս… Չէ՞…
ԱԲԳԱՐ — Շուշան, դու իսկապես երևույթ ես, լսիր: Շուշանս:
ՇՈՒՇԱՆ — Լսում եմ, նավապետ:
ԱԲԳԱՐ — Ի՞նչ կանեիր, եթե ինձ նման մի բարի, ծուռթաթ արջուկ սիրահարվեր քեզ:
ՇՈՒՇԱՆ — Չգիտեմ, նավապետ:
ԱԲԳԱՐ — Չգիտեմ, չգիտեմ… Ի՞նչ չգիտես, այդպես անվճռական՝ դու ձեռքից բաց կթողնես ճակատագրի ընծաները:
ՇՈՒՇԱՆ — Հա, մերոնք էլ են ասում՝ դու քո բախտի համար կռիվ չես տալիս, Շուշան, պասիվ ես, աղջիկ ջան:
ԱԲԳԱՐ — Հայրի՞կդ:
ՇՈՒՇԱՆ — Նա էլ, մայրիկն էլ, տատիկն էլ, ողորմածիկը. խե՜ղճ տատ, (հեծկլտում է) վերջերս մահացավ, այնքան մեծ էլ չէր…
ԱԲԳԱՐ — Վայ, իմ Շուշանս: Փոքրիկ Շուշանս հայրիկ ունի, մայրիկ ունի, ի՜նչ լավ է: Բայց հիշիր, ոչ ոք քեզ այնպես պաշտպան չի լինի, ինչպես քո նավապետը, հավատո՞ւմ ես:
ՇՈՒՇԱՆ — Այո, նավապետ:
ԱԲԳԱՐ — Այո, Աբգար, այո, Աբգար, այո, Աբգար…
ՇՈՒՇԱՆ — Այո, Աբգար:
ԱԲԳԱՐ — Ես ուժեղ մարդ եմ, անկոտրում:
ՇՈՒՇԱՆ — Այո, Աբգար:
ԱԲԳԱՐ — Ապրես, քաղցրիկ աղջիկ… (Փորձում է համբուրել):
ՇՈՒՇԱՆ — Վայ:
ԱԲԳԱՐ — Ի՞նչ վայ, ինչո՞ւ վայ:
ՇՈՒՇԱՆ — Մեզ հետևում են, ափից, թփերի միջից:
ԱԲԳԱՐ — Կով է, լսիր, խոշոր եղջրավոր:
ՇՈՒՇԱՆ — Չէ, ավանակ է ոնց որ:
ԱԲԳԱՐ — Աչքերը թախծո՞տ են:
ՇՈՒՇԱՆ — Ձեր աչքերի պես են, նավապետ. մեծ ու երազկոտ:
ԱԲԳԱՐ — Քը՛շ, քը՛շ…
ՇՈՒՇԱՆ — Ծառից կապած է: Եվ ավանակ էլ չի… Սա ի՞նչ կենդանի է, աստված իմ:
ԱԲԳԱՐ — Ի՞նչ իմանաս, թե խաչասերման միջոցով ի՜նչ գազան են ստեղծել տեղական գենետիկոսները:
Հայտնվում է Հովիվը:
ՀՈՎԻՎ — Էս ի՞նչ եք անում, ումուդ:
ԱԲԳԱՐ — Վթարվել ենք, ազնիվ շինական: Այն ի՞նչ կենդանի է:
ՀՈՎԻՎ — Մոզի: Վա՛յ, ի՜նչ սիրուն աղջիկ ա, մատաղ, սրան տվեք տանեմ ինձ հետ, էլի, հովիվ մարդ եմ, սարերի մեջ, հանդերի մեջ, մենակ…
ԱԲԳԱՐ — Հո-հո-հո… Ի՜նչ անմիջական տղա է: Պաշտում եմ գեղջկական անկեղծությունը, մի բան, որ պակասում է քաղաքացիներին: Սակայն աղջկան իհարկե չենք տա. գյուղում էլ կան, վերցրու, տար, իսկ սա մերն է:
ՀՈՎԻՎ — Հովիվներին մենակ գրականության մեջ եք սիրում, էդպես եք: Լավ, մոռանանք: Բա ի՞նչ եք անելու:
ԱԲԳԱՐ — Մեր նավի պատմական ընթացքը կասեցնել անկարելի է. կփորենք սարերը և առաջ կգնանք:
ՀՈՎԻՎ — Բա որ էլի նեղ տեղ հանդիպե՞ց:
ԱԲԳԱՐ — Էլի կփորենք:
ՀՈՎԻՎ — Դե փորեք, ումուդ, փորեք: (Մոզուն.) Քը՛շ, ա հայվան, քը՛շ, ես քո… հռռա՜… (Գնում է):
ԱԲԳԱՐ — Այստեղի մոծակները արնախում են, գրողը տանի:
ՇՈՒՇԱՆ — Ինչ էլ շատ են:
ԱԲԳԱՐ — Ախ, սիրտս մղկտում է, երբ նայում եմ մեր նավին՝ գերված, շղթայված, պարապության մատնված… Գրկիր քո նավապետին, Շուշանս:
Շուշանը գրկում է Աբգարին: Աբգարը փորձում է համբուրել: Նույն պահին հովիվն իր հոտը սրընթաց անց է կացնում տախտակամածով£ Հոտը կարող է անցնել հեռու ետնամասով, այսինքն՝ չերևալ, միայն՝ ստվերներ և ձայներ:
ՀՈՎԻՎ — Ինչ հարմար եք կանգնել, ումուդ. կուզենք՝ կանցնենք էն ափի խոտը կուտենք, կուզենք՝ էս: Երկար կմնա՞ք… Մնացեք, էլի, էնքան լավ տեղ ա մեր տեղը՝ օդը մաքուր, մթերքն անարատ… Ձեզ ամեն օր կաթ ու մածուն կտամ, հա՛, իմ արև: (Հեռանում է իր հոտի ետևից): Հռա հո…
ԱԲԳԱՐ — Էխ, միամիտ ռամիկ: Չէ, յուրովի ճշմարտացի է, իր գործի մարդն է: Այ եթե ամեն մարդ իր գործի նկատմամբ այսպիսի նախանձախնդրություն ունենար, երկիրս ոտի կկանգներ, կծաղկեր, նորից կձգվեր ծովից ծով, կբազմանար…
Կրակոցներ:
ԱԲԳԱՐ — Օհո: Այս ի՞նչ է: Մեզ ծուղակը գցեցին, որ գնդակահարե՞ն: Ահաբեկչությո՞ւն: Չի ստացվի: Լսում եք, չի ստացվի, ես Աբգարն եմ և երբեք՝ ցռան Վերգոն, եթե կարդացել եք մեր անմար էպոսը:
ՇՈՒՇԱՆ — (նավախցից, ուր փախել է կրակոցներից վախեցած): Նավապետ, այս կողմ արի, շո՛ւտ:
ԱԲԳԱՐ — Ոչ, թող կրակեն, թող սպանեն, քո նավապետը թշնամուց վախեցող չի: Ահավասիկ, ահա ես, լավ նշան բռնեք, ահա հզոր կուրծքս, ահա լուսավոր գլուխս, դե՞, մի վարանեք, թող չդողա ձեր ձեռքը, բայց հիշեք, իմ սիրտն ազգի համար էր բաբախում, հիշեք, Աբգարը սիրում էր և ներում բոլորիդ՝ իրեն սպանողներին և նրանց պատվիրատուներին նույնպես: (Կրակահերթ): Չար մանչուկներ: Մնաս բարով, ազգ իմ, հիշիր, որ Աբգարի սիրտը…
ՀՈՎԻՎ — (ետ գալով, ընդհատելով): Ումո՛ւդ:
ԱԲԳԱՐ — Դո՞ւ ով ես, քեզ ո՞վ կանչեց, հեռու գնա:
ՀՈՎԻՎ — Ումուդ, ասում եմ՝ հո չե՞ք վախեցել, չվախեք, էդ մեր գյուղի որսորդներն են, արտերի մեջ ծիտ-միտ են խփում, մի՛ վախեք:
ԱԲԳԱՐ — Մենք վախկոտներից չենք, մեզ երբեք չես վախեցնի կրակոցներով, ազնիվ չոբան:
Կրակոցները հեռանում են: Հովիվն էլ է հեռանում: Աբգարը տխրում է:
ՇՈՒՇԱՆ — Ինչո՞ւ տխրեցիք, նավապետ:
ԱԲԳԱՐ — Այս կրակոցներն ինձ հեղափոխություններ հիշեցրին, Շուշանս. Ռոբեսպիեր, Ուլյանով-Լենին… Անցան մեծ հեղափոխությունների ժամանակները, հիմա ծիտ-միտ ենք խփում ընդամենը, հեղափոխական գաղափարները մարդկանց չեն ոգեշնչում այլևս, մեծ շարժումներ, մարդկային հոծ զանգվածների կամքի դրսևորումներ չկան, բոլորը միայն մի բան են ուզում՝ ապահովվածություն, կոմֆորտ: Ես, օրինակ, իշխանություններին վերջերս առաջարկեցի մի հոյակապ գաղափար՝ Նոյ նահապետի մեծադիր արձանը կանգնեցնել Արարատյան հարթավայրի կենտրոնում, որպեսզի յուրաքանչյուր զբոսաշրջիկ խոնարհվի մեծ նախահոր առջև, որպեսզի իմանա, թե ինչ հողի է ոտ կոխել: Մերժեցին, ասացին՝ մեծ արձանը մեծ ծախսերի հետ է կապված, չունենք: Ամեն մի հիմարության համար ճարում են, սրիկաներ, թե իմ ձեռքը կտան դրանց… Մեծ սերեր էլ չկան, մանր-մունր հափշտակություններ են, հաշվարկներ, փոխպայմանավորվածություններ, առևտուր… Չէ, սխալ ժամանակներում հայտնվեցի: Սակայն եթե նախախնամությունն ինձ հիմա և այստեղ է տեղավորել, ուրեմն առաքելություն է վստահել, ես պիտի մեծ գործեր իրականացնեմ, ես պիտի արթնացնեմ պաղած սրտերը, պիտի լինեմ մեծ, աստվածային սիրո օրինակ: Գիրկս եկ, Շուշանս:
ՇՈՒՇԱՆ — Եկա, նավապետս:
Պատրաստվում են համբուրվել, սակայն գալիս է Գոքորը գյուղապետ Ափոյի հետ:
ԳՈՔՈՐ — Բերեցի, նավապետ:
ԱՓՈ — (վիրավորված): Յա…
ԱԲԳԱՐ — Ո՞վ է:
ԳՈՔՈՐ — Գյուղապետը:
ԱԲԳԱՐ — Օ՜, գյուղապետն է. հարգանքներս ազնիվ գյուղապետին: Ծանոթանանք, ես Աբգարն եմ:
ԱՓՈ — Աբգա՞ր… Կարծեմ էդպես մի թագավոր ենք ունեցել, չէ՞:
ԱԲԳԱՐ — Ունեցել ենք, ճշմարտացի ես: Նա էր, որ առաջին նամակագրական կապն ունեցավ մեր տեր Հիսուսի հետ. գրում էր և պատասխան ստանում:
ԱՓՈ — Հայերե՞ն:
ԱԲԳԱՐ — Երևի եբրայերեն… Ճշգրիտ չգիտեմ, ես մանրուքների մարդ չեմ, գրում էր և վերջ: Պատկերացնո՞ւմ եք, նամակագրություն Հիսուսի հետ: Եվ ամենևին պատահական չէ, որ առաջինը մենք ընդունեցինք քրիստոնեությունը: Իսկ մեր թատրո՞նը, որ առնվազն երկու հազար տարվա պատմություն ունի, իսկ մեր ճարտարապետությո՞ւնը… Եթե կուզեք՝ նավաշինության սկիզբն էլ մենք ենք դրել, բա ո՞նց, Նոյ նահապետը չէ՞ր առաջին նավաշինարարը… Ահա այսպես, հարգելի գյուղապետ. ձեր անունը չպարգևեցիք:
ԱՓՈ — Ափո:
ԱԲԳԱՐ — Ուրախ եմ, մեծ մարդ, այո-այո, դուք մեծ մարդ եք, ես գիտեմ, թե որքան դժվար է այսօր, այս ծանր ժամանակներում, համայնքի ղեկավար լինել, տնտեսության կազմակերպիչ… Ես խոնարհվում եմ ձեր առջև, ազնիվ գյուղապետ:
ԱՓՈ — Ես էլ շնորհակալ եմ ձեզնից, որ էս մեծ, ազգանվեր գաղափարն եք առաջ քաշել, նավ եք սարքել…
ԱԲԳԱՐ — Շոյված եմ, շոյված եմ: Դու երևույթ ես, գյուղապետ, գիտե՞ս: (Գրկում է):
ԱՓՈ — Գոքորը ճամփին պատմեց ձեզ պատահած դժբախտությունը, բայց չվախեք, հիմա մի հատ իմ աչքով նայեմ, հետո տղեքին կուղարկեմ, ամեն բան կանեն: Բա ո՞նց:
ԱԲԳԱՐ — Այս մարդու կրծքավանդակում մեծ հայրենասերի սիրտ է բաբախում:
ԱՓՈ — Դե ես իջնեմ, նայեմ մի հատ: (Աչքն ընկնում է Շուշանին): Վայ, էս ի՞նչ մարալ ա, ձեր ֆելշերն ա՞… Հա, իջնեմ, իջնեմ, իմ աչքով տեսնեմ դեպքը:
ԱԲԳԱՐ — Գնացեք, հրաշալի մարդ: Քանի կան այսպիսի մարդիկ, երկիրս անխախտ կլինի: Գոքոր, գնա, օգնիր ազնիվ գյուղապետին:
ԳՈՔՈՐ — Լսում եմ: (Հեռանում է):
ՇՈՒՇԱՆ — Ես էլ գնամ, ճաշի հոգսը հոգամ:
ԱԲԳԱՐ — Սակայն մեր համբույրը չիրագործվեց:
ՇՈՒՇԱՆ — Ամոթ է, գյուղապետը կտեսնի:
ԱԲԳԱՐ — Գյուղապե՞տ, ի՞նչ գյուղապետ, Ափո՞ն… Ազնիվ անձնավորություն է, սակայն նա իմ դատավորը չէ, հաշիվ չեմ տալու:
ՇՈՒՇԱՆ — Բայց կասի՝ անլուրջ մարդիկ են, վթարի մեջ՝ համբուրվում են, սիրուն չի մի տեսակ, նավապետ:
ԱԲԳԱՐ — Ճշմարտացի ես, Շուշանս, մտքովս չէր անցել:
Շուշանը հեռանում է:
ԱԲԳԱՐ — Ինչո՞ւ են այս ափերը մոտեցել միմյանց, գրողը տանի, ո՞վ կբացատրի:
ԶԱՎԵՆ — Ես:
ԱԲԳԱՐ — Դո՞ւ… Ո՞վ ես, չեմ տեսնում:
ԶԱՎԵՆ — Էստեղ եմ:
ՑԱԿԱՆ — Էստեղ է, ըհը, ես եմ բերել, էն գյուղից:
ԱԲԳԱՐ — Ո՞ւր եք վերջապես:
ՑԱԿԱՆ — Այս կողմ նայիր, նավապետ, տեսա՞ր:
ԱԲԳԱՐ — Հիմա տեսա:
ՑԱԿԱՆ — Դե եկանք ուրեմն:
Գալիս են Ցականն ու Զավենը:
ԱԲԳԱՐ — Չեմ հասկանում, այս հայորդու ձեռքերն ինչո՞ւ են կապված:
ՑԱԿԱՆ — Ես եմ կապել:
ԶԱՎԵՆ — Նա:
ԱԲԳԱՐ — Ինչո՞ւ:
ՑԱԿԱՆ — Չէր ուզում գա: Գյուղի ագրոնոմն ա:
ԱԲԳԱՐ — Անհապաղ արձակիր, ես քեզ հաուպտվախտ կնստեցնեմ, սրիկա: (Զավենին.) Սակայն չհասկացա, ի՞նչ է նշանակում՝ չեմ ուզում գալ, մենք այստեղ դժբախտության մեջ՝ իսկ դուք չեք ուզում մեզ օգնության ձե՞ռք մեկնել, ազնիվ ագրոնոմ:
ՑԱԿԱՆ — Հա, չէր գալիս, ասում էր՝ շատ գործ ունեմ, կոլորադյան բզեզը ցանքսերն ուտում է: (Արձակում է կապերը):
ԶԱՎԵՆ — Այդպես է, շատ բեջուրա կենդանի է այդ կոլորադյան բզեզը, անկուշտ…
ԱԲԳԱՐ — Է ուրիշ մեկին հրավիրեիր, Ցական, այս մարդուն կարևոր գործից չկտրեիր:
ՑԱԿԱՆ — Ուրիշ մարդ կա՞, որ հրավիրեմ. մի երկու պառավ ա ու սա:
ԶԱՎԵՆ — Սա-ն պապդ ա, տվի՝ հա…
ՑԱԿԱՆ — Կապած ավելի լավ էր, նավապետ, բեր նորից կապենք:
ԱԲԳԱՐ — Սպասիր դե: (Զավենին.) Իսկ մարդիկ ո՞ւր են:
ԶԱՎԵՆ — Ով՝ որտեղ. Ռուսաստան, Ամերիկա, Ավստրալիա, Ավստրիա, մի մասը՝ մայրաքաղաքում, էն մի քանի հոգին էլ խմած-քնած են իրանց տներում:
ԱԲԳԱՐ — Բա կոլորադյան բզեզն ո՞ւմ ցանքսերն է խժռում:
ԶԱՎԵՆ — Իմ, անձնական: Դուք շուտ ասեք՝ ինչ ա պետք, որ ես էլի գնամ իմ գործին:
ՑԱԿԱՆ — Ճամփին էդքան բացատրեցի, չհասկացա՞ր:
ԶԱՎԵՆ — Քո բացատրածը կտրվի… Ամեն երկու բառից հետո հարցնում ես՝ գյուղում արաղ քաշում ե՞ք, ինչի՞ց եք քաշում, ինչքանո՞վ եք քաշում…
ԱԲԳԱՐ — Ինձ լսիր, բարի ագրոնոմ. մեր նավը սլանում էր, սլանում, ու հանկարծ՝ շրխկ, խրվեց ափերի մեջ, մնաց:
ԶԱՎԵՆ — Բնական է:
ԱԲԳԱՐ — Բայց ես քարտեզներ եմ նայել, նույնիսկ՝ զինվորական տոպոգրաֆիկ ատլասներ, մասշտաբներ եմ վերծանել, ամենանեղ տեղերում գոնե կես մետր թողել եմ:
ԶԱՎԵՆ — Եսիմ, ինչ քարտեզներ են, որ թվի, կազմողն էլ թե ջհուդ եղած լինի՝ ըհը, քաշվանք լրիվ, հատուկ սխալ-մխալ գրած կլինեն, որ վնաս տան: Վերջապես՝ երկրի կեղևը շարժվելու խասյաթ ունի, լեռնային տեղանք ենք:
ԱԲԳԱՐ — Լավ, հիմա ի՞նչ անենք, գիտուն մարդ, մի ճար ցույց տուր:
ԶԱՎԵՆ — Մտածել է պետք:
ԱԲԳԱՐ — Հը՛…
ԶԱՎԵՆ — Հենց հիմա՞:
ԱԲԳԱՐ — Բա ինչքա՞ն մտածես:
ԶԱՎԵՆ — Հեշտ չի, պիտի գցեմ-բռնեմ, գումարեմ-հանեմ, սարքեմ-սարքրտեմ… Բայց վճարելու եք, հա:
ԱԲԳԱՐ — Ամոթ, ինչպիսի՜ ամոթ… Մենք զրկանքների գնով այս ազգանվեր գործը ձեռնարկեցինք, ոչ ոքից մի դրամ իսկ չենք ուզել, իսկ դու… Այս ձեռնարկը միայն ինձ համար չէ, Ցականի համար չէ, նաև քեզ համար է: Ամոթ…
ԶԱՎԵՆ — Հա՞…
ՑԱԿԱՆ — Հաստատ:
ԶԱՎԵՆ — Աշխատանքի համար չեմ ուզի, միայն նյութերի, էստեղ ահագին ծախս կա:
ԱԲԳԱՐ — Աջ ափի գյուղապետը կվճարի:
ԶԱՎԵՆ — Նրանք մեր հետ չունեն, իմ անունը տաք՝ կկատաղի:
ԱԲԳԱՐ — Ասացի՝ կվճարի, և վերջ: Հանգիստ գնա և՝ ի գործ, ազնիվ ագրոնոմ: Քեզ մեկ օր ենք տալիս:
ԶԱՎԵՆ — Մի օրում լինող բան չի:
ԱԲԳԱՐ — Լավ՝ երկու:
ԶԱՎԵՆ — Դժվար:
ԱԲԳԱՐ — Զավեն, ազգի փրկության խնդիր է, իսկ դու ժամավաճառությամբ ես զբաղվում: Բանակում ծառայե՞լ ես:
ԶԱՎԵՆ — Ճիշտ այդպես. սովետական բանակ, պեխոտա:
ԱԲԳԱՐ — Կոչո՞ւմը:
ԶԱՎԵՆ — Սերժանտ:
ԱԲԳԱՐ — Սերժանտ Զավե՛ն:
ԶԱՎԵՆ — Ես եմ:
ԱԲԳԱՐ — Կատարել, և ոչ մի հակաճառություն:
ԶԱՎԵՆ — Լսում եմ: Թույլ կտաք հեռանա՞լ:
ԱԲԳԱՐ — Առա՛ջ:
Զավենը զինվորական քայլվածքով հեռանում է:
ԱՇՈՒՂ — (ափից): Ժողովուրդ, է՜յ, մարդիկ, հե՜յ, բանը… նավապետը, հա, նավապե՜տ, հե՜յ:
ԱԲԳԱՐ — Ո՞վ է:
ՑԱԿԱՆ — (ներքև նայելով): Մի ծերուկ է, ճերմակ մորուքով, սազով…
ԱԲԳԱՐ — Ճամփու դիր՝ գնա… Այսինքն, ի՞նչ եմ ասում, այս փորձանքը լրիվ շփոթության մեջ է գցել, ո՞նց թե՝ ճամփու դիր, գնա, ո՞ւմ, մեր մամիկի՞ն, մեր հո՞րը…
ՑԱԿԱՆ — Բայց ես չասացի, դու ասացիր:
ԱԲԳԱՐ — Կարևոր չէ, մենք մեկ ենք՝ մեկ հոգի — մեկ մարմին: (Ափի կողմը): Հե՜յ, հայրիկ, վեր եկեք, կարո՞ղ եք:
ՑԱԿԱՆ — Դրան ի՞նչ ա եղել, էծի պես թռչկոտում ա:
ԱԲԳԱՐ — Տեսնո՞ւմ ես, մեր ազգի գենը ինչ առողջ է:
ԱՇՈՒՂ — Բարի աջողում, լակոտներ:
ՑԱԿԱՆ — Իի…
ԱԲԳԱՐ — Բարին քեզ, ազնիվ հայրիկ: Ո՞ւմ հետ պատիվ ունեմ:
ԱՇՈՒՂ — Ո՞վ, ե՞ս… Ես էս կողմերի իմաստուն աշուղն եմ, իմացա դժվարության մեջ եք, եկա օգնության: (Երգում է):
Հեյ, աշուղն եմ ես իմ երկրի,
Ասող, երգող, դարման անող,
Կարամ օգնեմ ես բոլորին,
Բայց ենթարկվեք ինձ կամովին…
ԱԲԳԱՐ — Ահա, ահա այսպիսի ակսակալներն են, որ մեր ջահելության համար օրինակ պետք է լինեն: Թույլ տուր աջդ համբուրեմ, հայրիկ:
ԱՇՈՒՂ — Առ, պաչի:
ԱԲԳԱՐ — (Ցականին): Համբուրիր աջը մեր հոր:
ՑԱԿԱՆ — Այ մարդ… Ես իսկի կնգաս թուշը տարին մեկ չեմ պաչում…
ԱԲԳԱՐ — Ասա ասելիքդ, իմաստուն աշուղ:
ԱՇՈՒՂ — Ասեմ, ասեմ՝ լսեք, (Ցականին.) դու էլ լսի, է, թուլա: (Երգում է):
Էս ինչ նավ ա, սիրուն, նախշուն,
Նոյի նավի նման փրկիչ, կգնա՝ օվկիանոսը կմտնի,
Որ իմ ազգին պատիվ բերի: Այ աման, աման, հեյ, ջան աման, բալա ջան, հեյ: Էս ինչ ազնիվ նավապետ ա, սիրուն, նախշուն ու քաջարի, այ աման, բալա ջան, հեյ, գյալդի գյոզալ հեյրան, հե՜յ: Չար ուժերը դավ նյութեցին, նավը քարերի մեջ բանտարկեցին, վախ աման, բալա ջան, հեյ…:
ԳՈՔՈՐ — (գալով): Էս ի՞նչ համերգ ա էստեղ:
ԱԲԳԱՐ — Բռավո, հայրիկ, քո բերանով ժողովրդիս զգացմունքներն ու իղձերն են խոսում. մաքուր, անկեղծ, անմիջական. ես միշտ ասել եմ ու կասեմ՝ մեր մշակույթի փրկությունը՝ վերադարձն է ակունքներին: Կեցցես, հայրիկ:
ԱՇՈՒՂ — Հա, բալեք, ճիշտը ժողովրդականն ա, գիտությունը սուտ ա, չարիցն ա: Այ լսեք. ժողովուրդի իմաստությունն ասում ա՝ մինչև Արա լեռան քյալլեն իրեք անգամ ձուն չդնի՝ ձմեռը չի գա, էղա՞վ, ըհը, մյուսը՝ մինչև սբխեչը չանցնի՝ գարուն չի գա, տաքերը չեն ընկնի, բա, հետո, եթե սոխի կլեպը հաստ ա՝ էդ ձմեռը խիստ ա ըլնելու, թե կկուն շուտ երգեց՝ տարին տաք կլնի, էլ ո՞րն ասեմ, որը թողեմ, հա, թե ջանիդ չիբան ա դուս էկել՝ աթարի վրա մի կուշտ թքի՝ դիր չիբանին, թե չիբանը շատ ա մեձ՝ քալամը թաթախի տաք թրիքի մեջ ու դիր վրեն, եթե քամակիցդ արուն ա գցում՝ եզան լեզուն իրեք օր թող հոնի արաղի մեջ, հետո դիր քամակիդ, եթե ոտերիցդ մուռտառ հոտ ա գալի…
ՑԱԿԱՆ — Նասկիդ փոխի:
ԱՇՈՒՂ — Այ շաշ միամիտ, լավ ա չասիր՝ ոտերդ փոխի: Ոտերդ պտի դեմ տաս էծին, էծը շռի վրեն ու՝ պրծ, հասկացա՞ր, բայց էդ էծը մենակ արդար, անարատ խոտ պտի ուտի, ոչ թե՝ զրթուզիբիլ:
ԱԲԳԱՐ — Բռավո, հայրիկ, բռավո:
ՑԱԿԱՆ — Լավ, էդ բոլորը հասկացանք, իսկ նա՞վը ոնց փրկենք:
ԱՇՈՒՂ — Նա՞վը… Լսի, ջահել, մի բան որ դժվար ա մտնում, ի՞նչ ես անում:
ՑԱԿԱՆ — Հանում եմ:
ԱՇՈՒՂ — Չեղավ, պարտվողական ա բնույթդ: (Գոքորին.) Դո՞ւ:
ԳՈՔՈՐ — Վազելինից, կարագից-բանից:
ԱՇՈՒՂ — Ապրես, սապոն քսեք, կպլստաք-կանցնեք:
ՑԱԿԱՆ — Էս մեր Շուշանի խելքին ա: Լուրջ ես ասո՞ւմ, այ բիձա:
ԱՇՈՒՂ — Բիձեն հերդ ա, լակոտ:
ԳՈՔՈՐ — Դու թող էստեղից գնա, հա՞, հեր ջան, էկար, երգեցիր, հիմա գնա:
ԱԲԳԱՐ — Գոքոր, Ցական, հարգենք ավագներին:
ՑԱԿԱՆ — Ի՞նչ անենք, սապոն քսե՞նք նավին:
ԱԲԳԱՐ — Մարդն իր տեսակետը հայտնեց, ի սրտե ցանկանում է օգնել մեզ, տարբերակ է առաջարկում:
ԱՇՈՒՂ — Բա ո՞նց: Ձեզ խելոք պահեք, թուլեք, թե չէ կերգեմ վրներդ, հա:
Գալիս է Շուշանը:
ՇՈՒՇԱՆ — Ճաշը պատրաստ է, պարոնայք:
ԱՇՈՒՂ — Վայ, էս ինչ շարմաղ ծիտ ա: (Երգում է):
Ալամ աշխար ֆռֆռացի, չտեսա քու նման շարմաղ, նազանի, բախչի միջին աճած վարդ ես, չկա քու նման հոտավետ, նազանի…
ԱԲԳԱՐ — Մեզ հետ կճաշե՞ս, հայրիկ, չէ՞…
ԱՇՈՒՂ — Բա չեմ ճաշի՞, բալա ջան, իմ թագավոր բալա:
ՑԱԿԱՆ — Հացներս էլ հարամվեց:
ՇՈՒՇԱՆ — Նավապետ, բայց ես հաշվի չէի առել հյուրին…
ԱԲԳԱՐ — Ոչինչ, մեր կերակուրից բաժին կհանենք:
ԳՈՔՈՐ — Իբր շատ ա, դեռ բաժին էլ հանենք:
ԱԲԳԱՐ — Ինչո՞ւ ես փնթփնթում, եղբայր. այ սա է մեր դժբախտությունը՝ փնթփնթում ենք, դժգոհում, չարախոսում, բամբասում… ամբողջ մթնոլորտը անհանդուրժողականությամբ ենք լցրել ու մեջն ապրում ենք: Էլ ոչ մի փնթփնթոց: Ճաշին հարմար մի երգ երգիր, հայրիկ:
ԱՇՈՒՂ — Ի՞նչ ենք ուտելու:
ԳՈՔՈՐ — Երևի ձվածեղ:
ՇՈՒՇԱՆ — Սխալվեցիք, պարոն: Եփած ձու:
ԱՇՈՒՂ — (երգելով): Ջու, ջու, ջուջալարի, ջու—ջու—ջու—ջու, ջուջալարի…
Կրակոցներ են լսվում և՛ աջ, և՛ ձախ ափից:
ԱԲԳԱՐ — Պառկե՛լ, արա՛գ:
Պառկում են: Կրակոցները շարունակվում են, նաև՝ գոռոցներ:
ՁԱՅՆ ԱՋԻՑ — Հայ-հո՜ւյ, Ժնջիլ Դավո, վերջդ էկել ա, հա:
ՁԱՅՆ ՁԱԽԻՑ — Այ քյոռ Սեփո, էդ չլնի՞ դու ես իմ վերջը տվողը:
ԱՋԻՑ — Հենց ես:
ՁԱԽԻՑ — Վայ քու տիրու… Խնդալուց կտրաքեմ, հա: Դե առ… (Կրակում է):
ԱՋԻՑ — Ի, առ էլ, մի բան էլ ավել… (Երկու կրակոց):
ՁԱԽԻՑ — Այ քյոռ, էդ քյոռ հալով ե՞ս նշան բռնում. Սեփո, պապս պատմում էր, որ քու պապն էլ ա քյոռ էղել, ցեղական ա:
ԱՋԻՑ — Դավո, էն բոզ կնգադ ասա, էլ մեր կողմերում չերևա, մեր գյուղի ջահելներին չփչացնի:
ՁԱԽԻՑ — Էդ մեկն իզուր ասիր, Սեփո տղա, քեզ էլ ներում չկա: (Ռումբի պայթյուն):
ԱՋԻՑ — Վախ, մամա ջան, ոտս, ոտս, ես քու տիրու… Դավո, դու էսի չես մարսի, վերջ, քեզ քու գերդաստանով վերացնելու եմ, էս սուրբ զենքի վրա երդում եմ ուտում:
ՁԱԽԻՑ — Է, մուռտառ գյադեք, տարեք ձեր մեռելին, տաք ա, գլխի չի, որ էլ չկա:
ԱՋԻՑ — Դավո ձաձա, դու էսի հաստատ չես մարսի, մենք մեր հոր մուռ կհանենք: (Ռումբ են գցում):
ՁԱԽԻՑ — Էդ ի՞նչ խլապուշկա գցիք, արա, էտի պահեք Նոր տարուն… Այ էսի վերցեք, էկավ: (Ռումբ է պայթում): Հը՞, սաղ ե՞ք:
ԱՋԻՑ — Սաղ ենք, մեկ էլ գցի:
ՁԱԽԻՑ — Հլա մի ձեզ թափ տվեք:
ԱՋԻՑ — Դու չփոշմանես, Դավո ձաձա, էգուց-էլօր հանդիպելու ենք:
ՁԱԽԻՑ — Հլա ու չհանդիպենք:
Լռություն:
ԳՈՔՈՐ — Նավապետ, էստեղից շուտ ցվրվել ա պետք, կյանքի համար վտանգավոր տեղանք ա:
ԱԲԳԱՐ — Ապուշներ, արտաքին թշնամուն թողած՝ իրար են կոտորում:
ԱՇՈՒՂ — Մի վախեք, տղերք, հին մուռ ա, էս քանի տարի ա էսպես կրակում-մրակում են, անվնաս բան ա: Գնանք, ճաշը չսառի:
ՇՈՒՇԱՆ — Ձեռդ քաշի, հայրիկ:
ԱՇՈՒՂ — Ձե՞ռս… Ինչի ձեռս ո՞ւր ա, էտ անտերը… Հա, վայ, կներես բալես. աջ ձեռը չգիտի, թե ձախն ինչ ա անում, ձախ ձեռը չգիտի, թե ոտն ինչ ա անում, սիրտը խաբար չի գլխից, գլուխը սրտից, էսպես էլ ապրում ենք: (Երգում է):
Սիրունս, մի նեղենա,
Որ ձեռս ինձ հեչ չի լսում:
Սիրունս մի ճաշ կսարքի,
Մատերդ հետը կուտես:
Սիրունս ոսկի ձեռ ունի,
Մեռնեմ ես նրա սրտին:
Ալամ աշխարհ ինձ հաց տվին,
Քու հացի համը չտեսա ոչ մի տեղ:
Այ աման, աման, աման,
Գյոզլարմ դարդիման աման:
Իջնում են նավախուց:
ՄԱՍ 2
Լուսաբաց: Գոքորը ղեկի մոտ է: Հայտնվում է Աբգարը, ճմլկոտելով առաջ է գալիս: Հեռվում նկատում է Գուշակի ուրվապատկերը:
ԱԲԳԱՐ — Գոքոր, այն ո՞վ է:
ԳՈՔՈՐ — Ո՞ւր ա, որտե՞ղ:
ԱԲԳԱՐ — Այն կողմը, ահա: Դարձյալ Նահապետի ուրվակա՞նն է այցի եկել:
ԳՈՒՇԱԿ — (խորհրդավոր): Աբգար, Աբգար, Աբգար…
ԱԲԳԱՐ — Գալիս եմ, Նահապետ:
ԳՈՔՈՐ — Սպասի, մի վռազի, նավապետ. Նահապետի ոգին ինչի՞ պիտի կնգա ձենով խոսի:
ԱԲԳԱՐ — Այդպես պատահում է, նավավար, ոգիները սեռ չունեն:
ԳՈՔՈՐ — Այսինքն՝ միասեռական ե՞ն:
ԱԲԳԱՐ — Անսեռական:
ԳՈՔՈՐ — Չէ, բայց էսի լավ էլ լխտիկ ծծեր ունի:
ԱԲԳԱՐ — Ոնց… Նահապե՞տը…
ԳՈՒՇԱԿ — Նավապետ Աբգար, նավապետ Աբգար, Աբգար…
ԱԲԳԱՐ — Ո՞վ ես, մոտ արի վերջապես:
ԳՈՒՇԱԿ — (մոտենալով): Ես աստրալ տարածքներից իջած մի Կասանդրա եմ:
ԱԲԳԱՐ — Ավելի պարզ:
ԳՈՒՇԱԿ — Նախկինում՝ աջափնյա գյուղի դպրոցի աստղագիտության ուսուցչուհի, ներկայումս՝ թաքնված հեռազգացային ունակություններիս անսպասելի բացահայտման շնորհիվ՝ գուշակ:
ԳՈՔՈՐ — Ասա կախարդ, էլի:
ԱԲԳԱՐ — Չվիրավորենք, Գոքոր, ազնիվ գուշակ է, նայիր աչքերին:
ԳՈՒՇԱԿ — Ես իմ մարգարեական երազում տեսա ձեզ, մեծ նավապետ, չե՞ք հավատում… Ուզում եք ասեմ՝ դուք խալ ունեք, նավապետ, մեծ, Կասիոպեա համաստեղության ուրվագծումներով խալ:
ԱԲԳԱՐ — (վախեցած): Որտե՞ղ…
ԳՈՒՇԱԿ — Ականջին կասեմ, մոտ բերեք: (Փսփսում է Աբգարի ականջին):
ԱԲԳԱՐ — Գուցե, գուցե, բայց խալ չէ կարծես…
ԳՈՒՇԱԿ — Իհարկե խալ չէ, նշան է, դուք Կասիոպեա համաստեղությունից եք ուղարկված. նայեք երկնքին այս ուղղությամբ, նայեք… Ձեր սիրտը չճմլվե՞ց կարոտից:
ԱԲԳԱՐ — Ճմլվեց:
ԳՈՒՇԱԿ — Դա կարևոր առաքելության հիշեցումն է. ամեն անգամ նայելիս դուք պետք է հիշեք ձեր մեծ առաքելության մասին:
ԱԲԳԱՐ — Առանց նայելու էլ չեմ մոռանում, ազնիվ գուշակ:
ԳՈՒՇԱԿ — Այո՞… Հոպլյա: Նայիր աչքերիս, մի փախցրու հայացքդ:
ԱԲԳԱՐ — Օ՜, ինչ խորունկ են աչերդ, ազնիվ գուշակ: Ես տեսնում եմ քո զորությունը, ես զգում եմ…
ԳՈՒՇԱԿ — Եվ ահա, երբ ես գիշերային տրանսի մեջ էի, քանզի իմը քուն չէ, այլ տրանս, աստրալ մարմին մտած՝ սավառնեցի երկնքով և տեսա ձեր նավը գերված, քաջ նավապետ, և վերին նախախնամությունն ինձ օգնության ուղարկեց ձեզ:
ԱԲԳԱՐ — Դե բանեցրու մոգական ուժդ, բարի գուշակ:
Գուշակը գնում—գալիս է տախտակամածով, ինչ—որ մանիպուլյացիաներ է անում, կախարդանքներ մրթմրթում, գրպանից ինչ—որ ոսկորներ, ինչ—որ առարկաներ է հանում, փռում հատակին:
ԳՈՒՇԱԿ — Աջ ափի գյուղապետն այստեղ եղե՞լ է:
ԱԲԳԱՐ — Այո:
ԳՈՒՇԱԿ — Չար աչք կա նավիդ վրա, թուղթ ու գիր են արել: Հաստատ: Ահա, չակրաներս լրիվ բաց են, և ես զգում եմ, զգում եմ, այստեղ-այստեղ-այստեղ… Չէ… Այնտեղ-այնտեղ-այնտեղ… Ահա-ահա… (Ինչ—որ մի տեղից, իբր, սակայն իրականում իր գրպանից, հանում է սև թելով կապկպած թուղթը): Ասացի, չէ՞, տեսա՞ք:
ԱԲԳԱՐ — Կարդա, ազնիվ գուշակ:
ԳՈՒՇԱԿ — (կարդում է): «Էս նավը տեղ չհասնի, շուլալվի, մոլորվի, մխրճվի, մնա»: Ըհը, կարդացի:
ԱԲԳԱՐ — Հրեաների մատը խառն է այս գործին, հավատացեք, նրանք չեն ուզում, որ մեր նավը դուրս գա բաց ծով, ի տես աշխարհի:
ԳՈՒՇԱԿ — Հնարավոր է, նավապետ, սակայն՝ ոչ առանց մերոնց մասնակցության, հատկապես էս կողմերի, մեղմ ասած, մարդկանցից, զգույշ եղիր, ինձ տես, քեզ խղճա:
ԱԲԳԱՐ — Օ՜, ոչ, ազնիվ գուշակ, հրեշտակային մարդիկ են ապրում ձեր կողմերում, ահա, ափերը փորում են, որպեսզի ազատեն նավը գերությունից:
ԳՈՒՇԱԿ — Կապրենք, կտեսնենք: Հիմա ի՞նչ անենք, չհանե՞նք թուղթուգիրը:
ԱԲԳԱՐ — Հանենք, իհարկե, անուշիկ գուշակս, դա էլ հարցնելու բա՞ն է:
ԳՈՒՇԱԿ — Մի քիչ փող է պետք, ինձ մոտ չկա, չեմ վերցրել, թե չէ ես կդնեի այս սուրբ գործին:
ԱԲԳԱՐ — Գոքոր… Գոքո՞ր, փող տուր տիկնոջը, թուղթուգիր ենք հանում:
ԳՈՔՈՐ — Ե՞ս: Ինձ ո՞վ ա տալի, որ ես նրան տամ:
ԱԲԳԱՐ — Ես կտամ, հետո, փողը նավախցում է, հիմա ժամանակ չկորցնենք, դու քո գործը շուտ արա, սիրելիդ իմ Կասանդրա:
ԳՈՒՇԱԿ — Հաճույքով, բայց չի լինի: Հասկացեք, փողը հո ինձ համար չի՞, թուղթուգիրը պահող չար ուժերին կաշառելու համար է:
ԱԲԳԱՐ — Ահա, թե ինչ… (Գրպանից հանելով): Այս է, ահա, էլ չկա, այս է:
ԳՈՒՇԱԿ — (վերցնելով): Եղավ: Դու հեռու կանգնի, նավապետ: (Հմայում է չարքերին): Ուուո՜ւ, ուուո՜ւ, գնացեք, գնացեք, գնացեք, չարքեր, տարեք-տարեք-տարեք… Մի լուցկի տվեք, ձեզ հետ եմ, էյ:
ԳՈՔՈՐ — Վառիչ ա, կլնի՞:
ԳՈՒՇԱԿ — Տուր: (Այրում է թուղթը): Ահա, փչում ենք մոխիրը ու քշում քամիների հետ՝ դեպի հարավ ու հյուսիս, դեպի արևելք ու արևմուտք, հեռու-հեռու-հեռու: Վերջ:
ԱԲԳԱՐ — Ազա՞տ ենք:
ԳՈՒՇԱԿ — Օֆ, ինչքան էներգիա ծախսեցի: Այո, ազատ եք ու մաքուր, ձեզ չար աչք այլեւս չի կպնի, ձեզ կախարդանք այլևս չի բռնի:
ԳՈՔՈՐ — Բա նավն ինչո՞ւ չի շարժվում:
ԳՈՒՇԱԿ — Կշարժվի:
ԱԲԳԱՐ — Կշարժվի:
ԳՈՔՈՐ — Ե՞րբ:
ԳՈՒՇԱԿ — Այսօր-վաղը: Կշարժվի, չկասկածեք: Բարին ընդ ձեզ, նավորդներ:
ԱԲԳԱՐ — Բարով գնաս, բարի գուշակ, քո արածը հայրենիքը չի մոռանա:
ԳՈՒՇԱԿ — Իմ պարտքն է: Դեհ, զորությունս տեսաք, հիմա եթե բան է, մեկն ու մեկիդ աչք կպնի, թուղթուգիր անեն, անհապաղ կանչեք, ես միշտ այս կողմերում եմ: (Հեռանալով): Աբգար, Աբգար, Աբգար…
ԱԲԳԱՐ — Կասանդրա, Կասանդրա…
ԳՈՔՈՐ — Թու, պրծանք շառից-փորձանքից:
ԱԲԳԱՐ — Չի չորացել ազգիս հեռազգացության արմատը: Տեսա՞ր՝ խալս ոնց գուշակեց, ճիշտ է, տեղը մի քիչ շփոթել էր, բայց հո ճշգրիտ գիտություն չի՞… Գոքո՞ր, ի՞նչ ես անդադար պտտում ղեկը, կարծես նավն արդեն շարժվել է:
ԳՈՔՈՐ — Պտտում եմ, որ չմոռանամ, համ էլ տաքանում եմ, նավապետ, ցրտում է:
ԱԲԳԱՐ — Հենց այսօր պոկվելու ենք, սիրտս վկայում է: Բանվորներն ո՞ւր են, ինչո՞ւ չեն փորում:
ԳՈՔՈՐ — Լուսը նոր բացվեց, ի՞նչ բանվոր, էս ժամին մենակ վհուկներն են ֆռֆռում: Բայց գյուղապետը երևաց:
ԱԲԳԱՐ — Գյուղապե՞տը… Ի՞նչ էր անում:
ԳՈՔՈՐ — Եսիմ, ասեց՝ շունս ա կորել, ու հա նավին էր նայում, կարծես մեզ իրա շունը պետք ա:
ԱԲԳԱՐ — Ա՜խ, բացվեց ևս մի առավոտ, հայրենիքիս առավոտը, ահա և լյառը Մասիս, ողջո՜ւյն, երկի՛ր, ես եմ, արևային նավի նավապետը: Ի՜նչ հստակ են լեռան ուրվագծերն այս առավոտ… Սա լավ նշան է, բոցման, եթե Մասիսն առավոտյան հստակ է երևում, ուրեմն օրը հաջող է լինելու:
ԳՈՔՈՐ — Ո՞ւմ համար:
ԱԲԳԱՐ — Մեր:
ԳՈՔՈՐ — Բայց հո մենակ մե՞նք չենք հստակ տեսնում, եթե հստակ է, ուրեմն բոլորի համար էլ հստակ է:
ԱԲԳԱՐ — Ուրեմն նրանց համար էլ օրը հաջող կլինի:
ԳՈՔՈՐ — Իսկ եթե նրանցից ոմանք մեր նավի վա՞տն են ուզում:
ԱԲԳԱՐ — Նրանք Մասիսը հստակ տեսնել չեն կարող, նավավար, նրանց աչքերը մշուշված են: Եվ բավական է թունավորես օրը. այսօր ազատվելու ենք դարավոր գերությունից, գուշակն ասաց, և իմ սիրտն էլ է վկայում:
ԳՈՔՈՐ — Բայց ինչո՞ւ դարավոր:
ԱԲԳԱՐ — Որովհետև գերության յուրաքանչյուր օրը դար է ազատատենչ մարդու համար:
ԳՈՔՈՐ — Ամեն դեպքում նախաճաշը չէր խանգարի:
ԱԲԳԱՐ — Շուշանս քնած է երևի, նա հրեշտակի պես է քնում, թաթիկը դնում է դնչիկին ու շնչում, շնչում, շուրթերին փուչիկներ են գոյանում-պայթում… Հրաշք է պարզապես մեր Շուշանը: Իսկ Ցակա՞նն ուր է:
ԳՈՔՈՐ — (ձախակողմյան ափը ցույց տալով): Հրեն:
Գալիս է Ցականը, խմած է:
ԱԲԳԱՐ — Մեխանիկ Ցական, որտեղի՞ց ես գալիս:
ՑԱԿԱՆ — Մեխանիկ Ցականը գալիս է գյուղից. էն բանի մոտ էի, ագրոնոմ Զավենի:
ԱԲԳԱՐ — Հետո՞:
ՑԱԿԱՆ — Մտածում է: Օօ՜, ոնց է մտածում, հոնքերն էսպես խոժոռվում են, ճակատը կնճռոտվում, դեմքը ծամածռվում տհաճությունից, ասում է՝ ֆու, ու եղունգներն է կրծում… Վատ սովորություն ունի, երբ զակուսկի չկա, չէ, ուզում էի ասել՝ երբ մտածում է, եղունգներն է կրծում, ինքնամոռաց, հա, շատ ինքնամոռաց:
ԱԲԳԱՐ — Լսիր, եղբայր, դու խմած ես:
ՑԱԿԱՆ — Խմա՞ծ, ո՞վ ասաց՝ խմած…
ԱԲԳԱՐ — Ես եմ ասում, բերանիցդ, կներես, շան հոտ է գալիս:
ՑԱԿԱՆ — Դու էլ կներես, նավապետ, բայց շան հոտը Շուշանի ճաշից է գալիս, իսկ սա խաշ է, խաշ. սխտոր, միս, աղ, ծիծակ, լավաշ, օղի, բողկ, նորից լավաշ…
ԱԲԳԱՐ — Նորից օղի:
ՑԱԿԱՆ — Այո, բա խաշն առանց օղի՞… Դա նույնն է, թե սեքսն առանց բանի, էն…
ԱԲԳԱՐ — Պատժում եմ քեզ, մեկ աշխատավարձի չափով:
ՑԱԿԱՆ — Չհասկացա… Համ քո մեղքով լռվենք էստեղ, պարապության մատնվենք, համ էլ, ուրեմս, պահում անես, հա՞: Արդարացի չէ: Ցրտերն ընկնում են, բա որ չխմեմ մի քիչ, ո՞նց դիմանամ էս դարդերին, շարժիչը որ շարժիչ ա, մեջը ձմեռով անտիֆրիզ են լցնում, բա ես մարդ եմ, չէ՞…
ԱԲԳԱՐ — Լավ, Ցական ջան, մի վհատվիր, իմ ազնիվ մեխանիկ, փորում ենք, այսօր-վաղը կպոկվենք կգնանք մեր սուրբ գործին… Հուսահատությունը մեզ վայել չէ, սիրելիս:
ՑԱԿԱՆ — Բայց դե… Ախր ինչո՞ւ լավ չէիր հաշվարկել, նավապետս: (Հանկարծ արտասվում է և գլուխը դնում Աբգարի կրծքին):
ԱԲԳԱՐ — Էխ Ցական, Ցական… (Գոքորին.) Դու էլ մոտ արի, Գոքորս: (Գոքորը գալիս է եւ գլուխը դնում Աբգարի կրծքին): Հարազատներս:
ՑԱԿԱՆ — Իսկ ինչո՞ւ քո աշխատավարձից չպահենք, հը՞, նավապետ:
ԳՈՔՈՐ — Հա, բեր մի անգամ պահենք, էլի:
ԱԲԳԱՐ — Կարելի է: Սակայն դուք մի՞թե չգիտեք, որ ես աշխատավարձ չեմ ստանում. հայրենասիրությունը երբեք է նյութականով գնահատվում: Պատկերացնո՞ւմ եք, եթե մորը սիրելու համար մարդ աշխատավարձ ստանա, ծիծաղելի է, չէ՞: (Արտասվում է):
ԳՈՔՈՐ — Վայ…
ԱԲԳԱՐ — Մորս հիշեցի, խեղճն առանց ինձ սուրճ չի խմում հիմա, սպասում է, ասաց՝ գնա, արջուկս, ցույց տուր այդ բարբարոսներին, թե ով ով է այս մոլորակի վրա… Մամա՜…
ՑԱԿԱՆ — Նավապետ… Դե մի լացիր, նավապետ, թե չէ իմ լացն էլ է գալիս:
ԳՈՔՈՐ — Հա, իմ նավապետ, չի սազում, դու պիտի կամքի և ամրության խորհրդանիշ լինես մեզ համար: Օրը կգա, կգնանք, մի կուշտ սուրճ կխմենք մամայի հետ:
ԱԲԳԱՐ — Այո, անշուշտ: Րոպեական թուլություն էր, անցավ. ոչինչ մարդկային օտար չէ ինձ. ես էլ մարդ եմ, չէ՞:
ՑԱԿԱՆ — Ինչ խոսք… Բայց եթե աշխատավարձս չպահես, ավելի մարդկային մարդ կլինես:
ԱԲԳԱՐ — Ոչ մի դեպքում. ես իմ վճիռները չեմ փոխում: Վե՛րջ:
ԳՈՔՈՐ — Էս Շուշանն ի՞նչ եղավ, է՜, սոված մեռանք: Շուշա՜ն:
ՇՈՒՇԱՆ — (աջ ափից): Աուո՜ւ, նավի վրա՜, է՜յ, ո՞վ է ինձ կանչում, գալիս եմ:
ԱԲԳԱՐ — Շուշա՞ն… Այդտեղ ի՞նչ ես անում:
ՇՈՒՇԱՆ — Ե՞ս… Ես գնացի տեսնեմ էն լավ կանաչիներից չի՞ աճում այս կողմերում՝ սպանախից, մանդակից, սիբեխից-բանից, ասի՝ քաղեմ, բերեմ, տապակեմ, սյուրպրիզ լինի:
ԳՈՔՈՐ — Բա ո՞ւր է սյուրպրիզդ:
ՇՈՒՇԱՆ — Չի աճում, ամբողջ տարածքը տնտղեցի, փուշ է ու տատասկ, ուտելու կանաչի չկա:
ԱԲԳԱՐ — Դե անցիր գործի, աղջիկս, տղաները քաղցած են:
ՑԱԿԱՆ — Ես փաս. երկու ձու պակաս կեփես:
ԳՈՔՈՐ — (հեռացող Շուշանի թիկունքը ցույց տալով): Մեջքին պառկած ա խոտ քաղել խեղճը:
ԱԲԳԱՐ — Ավելորդ խոսակցությունները դադարեցնե՛լ, բանսարկություններ թույլ չեմ տա՛: Քո աշխատավարձն էլ եմ պահում, բոցման: Վե՛րջ: Վերջ՝ ասացի: Գնացի՛նք:
Շուշանի ետևից իջնում են նավախցիկ: Լռություն: Ինչ—որ մեկը սուլում է ափից: Նավախցից դուրս է գալիս Ցականը:
ՑԱԿԱՆ — (դեպի նավախուցը): Հիմա կգամ, խաշը ծանրացել ա վրես, օդ շնչեմ՝ գամ: (Մոտենում է նավակողին, խոսում ինչ—որ մեկի հետ): Բերի՞ք: Գցեք՝ հաշվեմ:
ՑԱԾԻՑ — Բա ապրա՞նքը:
ՑԱԿԱՆ — Սկզբում՝ փողը: Արագացրեք, քանի մարդ չի եկել: (Ցածից գցում են փողը, որսում է, հաշվում): Եղավ: Շղթան սղոցած ա, թեթև քաշեք՝ կպոկվի, վերցրեք-տարեք, բայց շուտ, տեսնող չլնի: Հը՞, պոկվե՞ց… Դե ցվրվեք, շուտ: Էհ, տոննայից ավել էրկաթ էր, էն էլ ի՜նչ էրկաթ. էժան տվի, էլի, խելք չունեմ, համոզեցին:
Դուրս է գալիս Գոքորը:
ԳՈՔՈՐ — Ցակա՞ն, էս ի՞նչ հաշիվ ա: (Ցած նայելով): Վայ, էս մեր խարիսխն ո՞ւր են տանում, ո՞վ են… Հլա մի կանգնեք, է՜յ…
ՑԱԿԱՆ — Սուս, սպասի:
ԳՈՔՈՐ — Ի՞նչ սպասի, հիմա նավապետին կկանչեմ: (Իբր գոռալով): Նավապե՛տ:
ՑԱԿԱՆ — (բերանը փակելով): Գոքոր, մի հատ մտածի՝ ինչքան էլ դժվար, խարիսխն ո՞ւմ ա պետք, ափերը մեզ լավ էլ պահում են:
ԳՈՔՈՐ — Այ քեզ բան… Էսօր պետք չի, վաղը պետք ա, բաց ծով ենք դուրս գալու, վերջապես ես բոցման ե՞մ, թե մեխի գլուխ: Չէ, նավապետին կանչում եմ…
ՑԱԿԱՆ — Սպասի դե: Լսի, բոցման, մենք երկուսով լավ գիտենք, որ էս նավը երբեք բաց ծով չի դուրս գալու:
ԳՈՔՈՐ — Ոչ, ես հավատում եմ իմ նավապետին ու նրա գաղափարներին:
ՑԱԿԱՆ — Առ, էս քեզ: (Փող է տալիս):
ԳՈՔՈՐ — (հաշվելով): Ես… Չէ, չէ, չէ, ես հավատում եմ…
ՑԱԿԱՆ — Առ, էս էլ վերցրու: (Մի քիչ էլ է տալիս):
ԳՈՔՈՐ — Կեսը, ուղիղ կեսը:
ՑԱԿԱՆ — Ո՞նց թե կեսը… Ես կլիենտ ճարեմ, ես պայմանավորվեմ, ես սղոցեմ…
ԳՈՔՈՐ — Իզուր ես սղոցել, իմ նավի խարիսխը երբեք է վաճառվում:
ՑԱԿԱՆ — Առ, առ կշտացի: (Տալիս է կեսը): Դե գնացինք, նավապետը սպասում ա, առանց մեզ, գիտես, հաց չի ուտի:
ԳՈՔՈՐ — Խեղճ նավապետս:
Մտնում են նավախուց:
Մոտեցող մեքենայի ձայն: Ափոն է: Սուլում է: Դուրս է գալիս Շուշանը՝ դույլը ձեռքին:
ՇՈՒՇԱՆ — (դեպի նավախուցը): Ջուրը թափեմ՝ գամ, դուք թեյը լցրեք: (Մոտենում է ափին, խոսում է գյուղապետ Ափոյի հետ): Հիմա չեմ կարող, նախաճաշի ժամ է:
ԱՓՈ — Ի՞նչ նախաճաշ, կխտարս, սեղանը սաունայի մեջ գցած, խաշլամեն, կոնյակը, միրգը, ժուլյենը… Դե գնացինք, նանարս, սիրունս, էլ մի տանջի ընձի, ես նուրբ մարդ եմ:
ՇՈՒՇԱՆ — Չեմ կարող. նավապետին ի՞նչ ասեմ:
ԱՓՈ — Ի՞նչ նավապետ, եղնիկս, ասում եմ՝ կոնյակը, խաշլամեն, ժուլյենը, խորովածը, դու ասում ես՝ կակոյ նիբուդ նավապետ:
ՇՈՒՇԱՆ — Այո, նավապետը: Գիտե՞ս, ինձ ինչ ծանր վիճակից դուրս բերեց, գործի վերցրեց, մի քայլ էլ ու, ամոթ է ասել, տրաս էի դուրս գալու: Իսկ նա ինձ սիրում է. իմ խեղճ նավապետ:
ԱՓՈ — Նավապետն իրա գործն արեց, հիմա հերթը գյուղապետինն ա. մի լռված նավի նավապետ չարժե՞մ, կխտարս: Դե արի գնանք, սիրտս կճղվի հիմա: (Երգում է):
Եղնիկի պես սարերով, եկար ու անցար,
Մի բարև էիր տալիս, էն էլ…
ՇՈՒՇԱՆ — Սուս, կլսեն, գիժ: Թող նախաճաշեն-պրծնեն, մի բան կմտածեմ:
ԱՓՈ — Ասում ես՝ տեսավ դժվար վիճակում եմ՝ դուրս քաշեց. կարո՞ղ ա բարեկենդանն ա… Գեշ ըլնեիր, կվերցնե՞ր… Տեսել ա կուկլա աղջիկ ես… Երևի ձեռ-մեռ էլ ա գցում, չէ՞, բա ո՜նց:
ՇՈՒՇԱՆ — Լռիր, Ափո:
ԱՓՈ — Լավ, լռում ենք: Բայց քեզ մի ժամ ժամանակ, չեկար՝ կխփեմ ինձ:
ՇՈՒՇԱՆ — Քեզ պես գազանին մերժե՞լ կլինի… Գնա, գալիս եմ:
ԱՓՈ — Ախ, մի հատ պաչեմ:
Համբուրվում են: Շուշանը մտնում է նավախուց:
ԱՓՈ — Ախ, Մայրամ ասպածածին, մեռնեմ քո ոտաց, էս ինչ նանար ա, սենց նանար աշխարով էի փնտրում, ինքն էկավ դուռս: Բայց հանկարծ Գոհարը չտենա, վայ, էն որ տեսավ` վերջ, կորած եմ, ազգով-տակով կվառի£ Գործդ արա, Ափո ջան, բայց` մուղամով, զգուշ: Ես քու ցավը տանեմ, Շուշան յար, էս ինչ քաղցր շաքյար ես: (Երգում է):
Ալամ աշխար ես ման էկա,
Չտեսա քու պես շարմաղ, նազանի…
(Երգելով հեռանում է):
Տախտակամածին հայտնվում են չորս ջահելներ, երաժշտական գործիքներով, ռոք խումբ է: Գործիքներն են հարմարեցնում, փորձում են՝ վան, թու, թրի, ֆո… Տախտակամած է դուրս գալիս Աբգարը. չի նկատում ջահելներին:
ԱԲԳԱՐ — Բռռռ, ցուրտ է, եղբայր: Քլունգների ձայն չեմ լսում, ինչո՞ւ: Ո՞ւր են բանվորները: Գոքո՛ր, Ցակա՛ն:
Գալիս են Գոքորը և Ցականը:
ԱԲԳԱՐ — Ինչո՞ւ չեն փորում:
ԳՈՔՈՐ — Ի՞նչ իմանամ…
ՑԱԿԱՆ — Շաբաթ օր է…
ԱԲԳԱՐ — Ի՞նչ շաբաթ, եղբայր, հրեա չենք, եթե մեկի մոզին շաբաթ օրով ընկնի փոսը, չեն հանի՞, կթողնեն սատկի՞… Նավը տեղից մի սանտիմ էլ չի շարժվել, շաբաթս ո՞րն է:
ԳՈՔՈՐ — Դե… (Երաժիշտների ձայնը լսելով): Էս ի՞նչ ձեն ա, է: Հա, ասում եմ, բանվոր մարդ են, ընտանիք ունեն, տուն-տեղ, կնիկ-երեխա… Էս ի՞նչ ձեն ա, է:
ՑԱԿԱՆ — Հա, մեղադրելու չի, նավապետ, գյուղացի մարդիկ են, մեր գաղափարները նրանց հեչ բանին չեն… Էն, մի խոսքով:
ԱԲԳԱՐ — Լավ, ուրեմն մենք կփորենք այսօր՝ այսօ՛ր, և եթե հարկավոր եղավ՝ վաղն էլ, մյուս օրն էլ… Երեք առողջ, ուժեղ տղամարդ:
ԳՈՔՈՐ — Բայց ո՞վ ա առողջ. ես, օրինակ, մրսած եմ, հազում եմ, ըհը:
ՑԱԿԱՆ — Լյարդս չորս մատ իջած ա, բա գրիժա՞ն… Չէ, ես փորող չեմ:
ԳՈՔՈՐ — Մի նեղացի, նավապետ, մեր պայմանի մեջ փորելու կետ չկա:
ՑԱԿԱՆ — Համ էլ, նավապետ, անկեղծ ասեմ, փորես, չփորես, էս բազալտներից մազ չի պակսի:
ԱԲԳԱՐ — Օ՜ երկինքներ, ինչու վերցրի այս ծույլ, այս մանրախնդիր մարդկանց:
ԳՈՔՈՐ — Ի… Մանրախնդիրը հիմա ասել էի, հա:
ՑԱԿԱՆ — Չեղավ, նավապետ, վիրավորում ես, կարգին խոսի, եթե նավապետ ես, չի նշանակում, որ պիտի նստես գլխներիս, մենք դեմոկրատական երկրում ենք ապրում, ինչ-ինչ, բայց մարդու իրավունքներն այս երկրում պաշտպանվում են:
ԳՈՔՈՐ — Հեչի պես:
ՑԱԿԱՆ — Ես մեխանիկ եմ. շարժիչից բողոք ունե՞ս… Չունե՛ս:
ԳՈՔՈՐ — Ես էլ նավավար եմ. նավդ գնում ա՝ չեմ վարո՞ւմ:
ԱԲԳԱՐ — Ես մենակ կփորեմ:
Հանկարծ պոռթկում է ռոք խումբը:
ՑԱԿԱՆ — Վայ-վայ:
ԳՈՔՈՐ — Իի՜…
ԱԲԳԱՐ — Սա ի՞նչ էր, չլինի՞ նավը պոկվեց տեղից® Ասաց գուշակը, չէիք հավատում: Վերին նախախնամությունն օգնության ձեռք մեկնեց վերջապես: Լեռները ետ գնացին, որ դեպի ծով թողնեն նավն արևային:
ՑԱԿԱՆ — Չէ հա… Նվագում են, հրեն:
ԳՈՔՈՐ — Էս ի՞նչ սատանեք են…
ՑԱԿԱՆ — Երևի գյուղապետն է ուղարկել:
ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐ — Ոչ մի գյուղապետ, ոչ մի թաղապետ, նոնկոմֆորմիզմ, նոնպրագմատիզմ, կորչի ավտորիտարիզմը, ո՛չ բռնությանը, ո՛չ դեսպոտիզմին, հավասարություն ու երջանկություն բոլորին՝ անկախ սեռից, տարիքից, դիրքից ու ամեն ինչից: Մենք լսեցինք, որ մեր նավը մեր ազատության ոգին է տանում բաց ծով, բարբարոսներին£ Արևային նա՛վ, ազատությո՛ւն, ֆրիդո՛մ, սան շի՛փ: Մենք քաղաքից եկել ենք, որովհետև պարտավոր էինք այս ժամին ձեր կողքին լինել:
ԱԲԳԱՐ — Կեցցե մատաղ սերունդը, մեր ապագան, մեր հույսը: Ես երջանիկ եմ, վերջապես ահա եկավ այն սերունդը, որը հասկանում է նոր դարի խորհուրդը, մեր առաքելությունը նոր ժամանակների մեջ: (Գոքորին ու Ցականին.) Հին եք դուք, բարեկամներս, մի նեղացեք, բայց հին եք, փտած-ոսկրացած, օրինակ վերցրեք ջահելներից, այս բքին ու բորանին նրանք դժվարին ճամփա են կտրել, անտեսելով հազար վտանգ, որ դարանած են ճամփին: Ողջույն, իմ կրտսեր եղբայրներ…
ԳՈՔՈՐ — Էն մեկը ոնց որ աղջիկ ա:
ԱԲԳԱՐ — Եվ քույրեր: Օ՜, ինչպես հուզված եմ և ինչպես ոգեշնչված: Երբեք էին զուր իմ չարչարանքներն ուրեմն: Ես մի ամբողջ կարողություն դրեցի այս նավի կառուցման վրա, պապենական տունս վաճառեցի, քանզի իշխանավոր այրերը մեկ լումայով իսկ չօգնեցին, չհասկանալով գործի կարևորությունը, նրանք միշտ են այսպես, դեռևս քերթողահայր Խորենացին էր բողոքում: Սակայն նոր սերունդը կողքիս է այլևս, փառքը վաղվա նրանց հետ եմ կիսելու միմիայն: Իմ բարեկամներ, օ՛ն, ա՛նդր, հառա՛ջ:
Խումբը երգում է.
Արևմուտքը բռնաբարում է արեւելքին,
արևելքն՝ արևմուտքին,
սպիտակը բռնաբարում է սևին,
սևը՝ սպիտակին:
Գնա, Արևային նավ,
արդարություն բեր խելառ աշխարհին:
Նավ, նավ, նավ, Արևային նավ,
սան շիփ: Ֆաք, ֆաք, ֆաք, ֆաք:
Խավարի մեջ ոչխար է հոշոտում գայլը,
խավարի մեջ հայրը բռնաբարում է իր աղջկան,
սատանան է թևածում աշխարհի վրա,
գրգռում բնազդներ ստորին և կրքեր սոսկալի:
Ուր ես, արևային նավ,
Ազատություն բեր աշխարհին:
Նավ, նավ, նավ, Արևային նավ,
սան շիփ: Ֆաք, ֆաք, ֆաք…
ԱԲԳԱՐ — Երևույթ են այս մեր պատանիները, լսի՛ր, սրա՛նք կտանեն երկիրն իմ դեպի փրկության լյառն Արարատ: Աշխարհը պիտի տեսնի, թե որքան համաքայլ ենք մենք ժամանակին, թե որքան համարձակ ու քաղաքակիրթ է մեր նոր սերունդը: Կարծում եմ՝ ջահելները պետք է միանան մեզ:
ՂԵԿԱՎԱՐ — Ուխ, սուպեր, ապեր:
ԵՐԱԺԻՇՏ 1 — Կթողնե՞ս ղեկը պտտեմ:
ԳՈՔՈՐ — Սպասի, վռազ ձեռդ գցում ես ղեկին. մինչև ղեկը դեռ գործ կա, քլունգն առեք ձեռներդ ու ձեր ջահել ուժը ցույց տվեք՝ տենանք:
ՂԵԿԱՎԱՐ — Ի՞նչ ասել է՝ քլունգ, հը՞, վո՞տ իզ իտ, ֆաք յու:
ԱԲԳԱՐ — Ազնիվ երիտասարդ, մեր նավը չար բախտի բերումով խրվել է ափերի մեջ, ցավալի պատահար, բայց դուրս ենք գալու, կքանդենք մենք ափերի քարերը բիրտ և դուրս կգանք բաց ծով վերջապես, հենց հիմա, միահամուռ, ուս-ուսի, ահել-ջահել… Ո՞ւր են մեր բահերն ու քլունգները:
ՑԱԿԱՆ — Ափին:
ԱԲԳԱՐ — Օ՛ն, ուրեմն, հառա՛ջ:
ԵՐԱԺԻՇՏ 2 — Չեղավ, հոպար, մենք երաժիշտ ենք, քլունգ-մլունգը՝ ֆաք, մեր գործը չի:
ԳՈՔՈՐ — Ջահել, ուժեղ տղերք եք…
ՂԵԿԱՎԱՐ — Տղերքը դուք եք, մենք աղջկերք ենք:
ԳՈՔՈՐ — Չէ հա՜:
ՑԱԿԱՆ — Բոլո՞րդ:
ԵՐԱԺԻՇՏ 3 — Այո:
ԵՐԱԺԻՇՏ 1 — Մեր ունիսեքս ոճը ձեզ թյուրիմացության մեջ գցեց:
ՂԵԿԱՎԱՐ — Կեցցե սեռերի հավասարությունը, ոչ՝ կանանց նկատմամբ բռնությանը, ֆաք: (Ցականին.) Դու դե՞մ ես սեռերի հավասարությանը:
ՑԱԿԱՆ — Չէ, ո՞նց դեմ կլնեմ:
ԳՈՔՈՐ — Դե որ հավասարություն է՝ փորեք, էլի, ինչ է եղել:
ՂԵԿԱՎԱՐ — Կարող ենք և փորել, բայց չենք փորի, ավելի կարևոր գործ ունենք. մենք համերգներ կտանք էս կողմի գյուղերում:
ԳՈՔՈՐ — Կտփեն:
ՑԱԿԱՆ — Իսկ թե իմացան աղջիկ եք…
ՂԵԿԱՎԱՐ — Մենք չենք վախենում, մենք միսսիա ունենք, մենք պիտի մեր ետևից տանենք գյուղի ջահելությանը, որովհետև մեծերը նրանց ճնշում են, լույսը չբացված աշխատացնում են, մինչև ուշ գիշեր. հո գերի չե՞ն, ֆաք յու:
ԱԲԳԱՐ — Կա, իհարկե, այդ արատավոր երևույթը կա, սակայն դուք փոքր-ինչ չափազանցնում եք կարծեմ, աղջիկներ:
ԵՐԱԺԻՇՏ 1 — Ոչինչ էլ չենք չափազանցնում, էդպես եք մեծերդ, էլի, կասես՝ չէ՞:
ԵՐԱԺԻՇՏ 2 — Կորչի բռնությունն անչափահասների նկատմամբ:
ԵՐԱԺԻՇՏ 3 — Գնդակահարել պեդաֆիլներին:
ԵՐԱԺԻՇՏ 1 — Դատի տալ բոլոր ավագներին:
ԳՈՔՈՐ — Բայց մենք ի՞նչ արինք որ…
ԵՐԱԺԻՇՏ 2 — Բե-բե-բե-բե… Այլանդակ:
ՂԵԿԱՎԱՐ — Իմ ետևից, ռոքերներ: Հաջողություն քեզ, Արևային նավին:
ԱԲԳԱՐ — Ապրե՛ք£ Մնաք բարյավ:
ՂԵԿԱՎԱՐ — Մենք կդիմավորենք ձեզ, երբ վերադառնաք:
ՑԱԿԱՆ — Աստված ոչ անի:
ԱԲԳԱՐ — Լռիր, չար մարդ. չարությունը պետք է հանել ձեր միջից, երկիրը պարուրվել է չարության մշուշով, պիտի մաքրվենք, այլապես կորած ենք: Մեր ջահելներն են, պետք է հասկանանք նրանց պրոբլեմները, արձագանքենք, ընդառաջենք վերջապես:
ՂԵԿԱՎԱՐ — (ետ դառնալով): Նավապետ: Է՜յ, հոպար:
ԱԲԳԱՐ — Ասա, տղաս, կներես, աղջիկս:
ՂԵԿԱՎԱՐ — Տարբերություն չկա: Հոպար, մենք մեր ամբողջ փողը ճամփին ծախսեցինք, հիմա իսկի մի տուփ սիգարետի փող չունենք, մեզ մի քիչ փող տուր:
ԱԲԳԱՐ — Իհարկե, իհարկե… (Գրպաններն է փորփրում):
ԳՈՔՈՐ — (Ցականին): Որ ուշադիր նայում ես, լավ էլ նանարներ են, իզուր էլ թողում ենք, մնան մեր հետ՝ կզբաղվենք, էլի:
ՑԱԿԱՆ — Լավ էլ կթողի, որ զբաղվես, կասի՝ նրանք մեր զավակներն են, մեր ապագա մայրերը, մեր քույրիկները վերջապես:
ԱԲԳԱՐ — (փող հանելով): Ահա: Ահա էլի… Դեհ, գնաք բարով:
ՂԵԿԱՎԱՐ — Ապրես, ծերուկ: Բայ-բայ:
ԵՐԱԺԻՇՏ — Գութբայ, տղերք:
ԱԲԳԱՐ — Ցտեսություն: (Ինքն իրեն): Բայց ինչո՞ւ բայ-բայ, ինչո՞ւ գութբայ… Լավ, ոչինչ, ջահել են դեռ, կաթը դեռ չի պաղել նրանց դեռատի շուրթերին:
ՑԱԿԱՆ — Չհասկացա, շեֆ…
ԱԲԳԱՐ — Ես քեզ ի՞նչ շեֆ, հայերեն խոսիր:
ՑԱԿԱՆ — Չհասկացա, նավապետ, իմ աշխատավարձից նիզաշտո պահում ես, տալիս ես էդ պստիկ բոզերի՞ն, արդարությունը որտե՞ղ է:
ԱԲԳԱՐ — Չափավորիր խոսքդ, մեր զավակներն են, մեր ապագա մայրերը, մեր քույրիկները վերջապես: Փող, փող, փող… Մի՞թե փողն է մեր Աստված այլևս… Մի՞թե երբ մերձավորդ խնդրում է, չպիտի տաս:
ՑԱԿԱՆ — Բա ես էլ խնդրեցի, ասեցի՝ մի՛ պահի աշխատավարձս, տուր, թե՞ ես մերձավոր չեմ:
ԱԲԳԱՐ — Վերջացնենք այս ամոթալի առևտուրը:
Գալիս է բանվորը, խմած է:
ԲԱՆՎՈՐ — Բարիաջողում:
ԱԲԳԱՐ — Ողջույն ազնիվ աշխատավորությանը: (Ցականին, Գոքորին.) Իսկ դուք ասում էիք՝ շաբաթ է, հանգստանում են…
ԲԱՆՎՈՐ — Ասում եմ՝ մի քիչ փող տուր, պետ ջան, տղերքը հրեն՝ սոված-ծարավ, ներքևում սպասում են:
ԱԲԳԱՐ — Ինչ փող, եղբայր, ինչ փող… Գյուղապետին դիմեք:
ԲԱՆՎՈՐ — Գյուղապետն ի՞նչ, գյուղապետն ասում ա՝ փորեք, նրա պետքն ա՞, թե… հիմա ասել էի: Գյուղապետն ասում ա՝ փորեք, վաղը-մյուս օրը դիմացը ցորեն-մորեն կտամ:
ԱԲԳԱՐ — Կտա ուրեմն:
ԲԱՆՎՈՐ — Նա բան տվող չի, այ ցավդ տանեմ, դու պտի տաս, քո գործն ենք անում:
ԱԲԳԱՐ — Իմը չէ, ազգինն է, հայրենիքինը. մեջներդ իսկի հայրենասիրություն չկա, մարդիկ: Սա ի՞նչ ազգային նիհիլիզմ է, սթափվեք, բարեկամներս: Եթե ձեզ համար չփորեք, վաղը օտարի համար եք փորելու, հասկանո՞ւմ եք: Յուրաքանչյուրս մի կարգին գործ անենք, որ ծաղկի հայրենիքս, բարձրանա:
ԲԱՆՎՈՐ — Հա, մեռնեմ հայրենիքին: Բայց հայրենիքը ես եմ, Միսակն ա, Սքեն ա… Մենք որ սոված սատկենք` հենց իմացի հայրենիքն էլ բան էղավ… Հասկացաք, չէ՞: Թե՞ չէ: Այ մարդ, ասում եմ՝ հայրենիքը իրա մեջի մարդն ա, որ մեջը մարդ չեղավ, էդ հայրենիքը օտարները կգան ու կդարձնեն իրանց հայրենիքը: Էնպես որ, գործի համար վճարեք, որ մենք ուտենք-պնդանանք ու էլի փորենք:
ԱԲԳԱՐ — Լավ: Իսկ գործը ե՞րբ կլինի, վա՞ղը, մյուս օ՞րը:
ԲԱՆՎՈՐ — Դա ուրիշ հարց է, դու դեռ արածի դիմաց տուր, հետո կասեմ:
ԱԲԳԱՐ — (փող տալով): Վերցրու, տար, տարեք, Աբգարը ժլատ չէ:
ԲԱՆՎՈՐ — Իի՜…
ԱԲԳԱՐ — (էլի տալով): Առ, էս էլ վերցրու, ըհը, ըհը:
ԲԱՆՎՈՐ — Էղավ: Դե հաջող:
ԱԲԳԱՐ — Մի րոպե, եղբայր, բան պիտի ասեիր:
ԲԱՆՎՈՐ — Հա, ասեմ: Թե երբ կլինի՝ չգիտեմ, երբ էղավ՝ էղավ, որ չեղավ էլ՝ մեր մեղքը չի… Հա, էդպես ա:
ՆԵՐՔԵՎԻՑ — Եղիշ, ինչ էղար, չորացանք, այ տղա:
ԲԱՆՎՈՐ — Տղերքը կանչում են: Էկա, գալիս եմ: Դե հաջողություն:
ԱԲԳԱՐ — Բա այսօր չե՞ք փորելու:
ԲԱՆՎՈՐ — Էսօ՞ր… Հո դուք անխիղճ չե՞ք. էսօր շաբաթ ա, գյուղացիք՝ հարսանիք-քելեխի, գյուղապետը՝ սաունաներում, մենք քար կրծե՞նք: Չէ, էսօր հանգստանում ենք, վաղը… վաղը կիրակի ա՝ հանգստանում ենք ու հանգստանում ենք, նոր մյուս օրը կերևա: (Գնում է):
ԱԲԳԱՐ — Հոգնեցի: Գլուխս ցավեց, իջնեմ խցիկ:
ԳՈՔՈՐ — Հա, իջի, թող Շուշանը դեղ-մեղ տա կամ մի հատ սրսկի:
ԱԲԳԱՐ — Նավին նայեք, տեր եղեք:
ՑԱԿԱՆ — Տեր ենք, չանհանգստանաս, գնա. ախր քեզ հեչ չես նայում:
ԳՈՔՈՐ — Գնա, նավապետ ջան, արխային գնա հանգստացի:
Աբգարը մտնում է խցիկ:
ՑԱԿԱՆ — (բանվորի ետևից): Է՛, է՛, ախպերս, ետ արի, բան եմ ասում:
ԲԱՆՎՈՐ — (ետ գալով): Բայց շուտ, տղերքը սպասում են:
ՑԱԿԱՆ — Էստեղ մի հարուր մետր ընտիր պարան կա, հատուկ պարան ա, տոննաներով բեռ կպահի, պետք չի՞:
ԲԱՆՎՈՐ — Պետք կգա, նվիրո՞ւմ ես:
ՑԱԿԱՆ — Կնվիրեի, բայց փող ա պետք. էժան կտամ:
ԲԱՆՎՈՐ — Տուր: Էլ ի՞նչ ավելորդ բան կա, տվեք, մեկ ա, էս նավը տեղից շարժվողը չի, պինդ ա նստել:
ԳՈՔՈՐ — Դե նայի չորս կողմդ, ինչ պետք ա, վերցրու տար:
ԲԱՆՎՈՐ — Մի երկու կոպեկ փող տվիք, ուզում եք ետ վերցնե՞ք: (Նայում է չորս կողմը, դույլ է վերցնում, խոզանակ, էլի ինչ—որ բաներ): Ըհը, էլ պետքական բան չկա: Հա, լոմ չունե՞ք, շատ ա պետք:
ՑԱԿԱՆ — Ներքևում կա, բայց հիմա չեմ կարող, հետո կհանեմ-կտամ:
ԲԱՆՎՈՐ — (փող տալով): Էղավ դե:
ՆԵՐՔԵՎԻՑ — Եղիշ, մեռանք:
ԲԱՆՎՈՐ — Էկա: (Գնում է): Լոմը չմոռանաք հանեք:
ԳՈՔՈՐ — Մի գոռա, հայվան:
ՑԱԿԱՆ — Էհ, մութն ընկնում է, տխրությունս կամաց-կամաց փոխվում է լացի: Չգնա՞նք հոգեհացի. էս գյուղի քյոխվեն մեռել ա, էսօր թաղումն էր:
ԳՈՔՈՐ — Չէ: Ես գնում եմ էս գյուղը, էստեղ ճամփի վրա կազինո կա, գնամ, բախտս փորձեմ:
ՑԱԿԱՆ — Որ կազինո կա, աղջիկներ էլ կլինեն:
ԳՈՔՈՐ — Լիքը: Բայց փողդ չի հերիքի, ավելի ճիշտ ա՝ հոգեհացի գնաս:
ՑԱԿԱՆ — Վաղը սրա շարժիչ-մարժիչն էլ կծախեմ:
ԳՈՔՈՐ — Ի՞նչ է նշանակում՝ կծախեմ. բոցման եմ, թե՞ մեխի գլուխ:
ՑԱԿԱՆ — Դե, կծախենք, էլի: Սալյարկա էլ կա ահագին:
ԳՈՔՈՐ — Սալյարկան որ՝ հաստատ կծախենք: Դե, ես գնացի:
ՑԱԿԱՆ — Ես էլ: Հաջող:
ԳՈՔՈՐ — Աստված ձենդ լսի:
Հեռանում են տարբեր ուղղություններով:
ՁԱՅՆ 1 — Պոկի, մարդ չկա, գնացին, քաշի:
Երկու մութ կերպարանքներ են, նավակողի տախտակներն են պոկում:
ՁԱՅՆ 2 — Լավ չոր փետ ա, հո չի վառվի՜:
ՁԱՅՆ 1 — Ավտո էկավ, սսկվի:
Գյուղապետ Ափոյի ավտոն է մոտենում: Նույն պահին Հովիվն իր հոտը բերում է ձախ ափից, տախտակամածի վրայով:
ՀՈՎԻՎ — Հո, հո, հո, հռռա:
ԱՓՈ — Այ տղա՞, էս ի՞նչ բանի ես:
ՀՈՎԻՎ — Հեչ, տարել էի էն ափ արածեն. էս նավը շատ հարմար լռվեց:
ԱՓՈ — Ապրես, ապրես, բայց զգույշ էղի, դրանց հոգի չկա, էդ գյուղը վառել ա պետք, սալյարկեն լցես ու վառես:
ՀՈՎԻՎ — Դու սալյարկեն տուր, վառելն ինձնից:
ԱՓՈ — Ապրես, էգուց կգաս, մի էրկու կիլո լոբի կտամ, տանես էրեխեքն ուտեն:
ՀՈՎԻՎ — Էկա: Դե գնացի: Հո-հո-հո, հռռա հե:
ԱՓՈ — Իմ գյուղի չոբանն ա, է՛, գլոխը ոնց ա աշխատում, սրա հերն էլ չոբան էր, հորս մոտ էր աշխատում: Նադյոժնի տղայա, սայլարկեն տամ, թո վառի էս մուրտառ գյուղը, բալքի տարածքներս լենցնեմ:
ՇՈՒՇԱՆ — (դուրս է գալիս): Եկե՞լ ես, հոգեառ:
ԱՓՈ — Հա, մատաղդ ըլնեմ:
ՇՈՒՇԱՆ — Ախր ի՞նչ ես ուզում իմ խեղճ հալից:
ԱՓՈ — Քանի Ափոն սաղ ա, դու խեղճ չես ըլնի, յարս, արի, արի… (Մեկուսի): Թե ինչի բազմակնության օրենք չի ընդունում էս մեր Ազգային ժողովը. Ափոն չորս կնիկ կպահի ու օֆ չի ասի, ի՞նչ վատ ա, անտեր թափառեն, ճամփեքին ղաղփություն անեն՝ ավելի լավ ա՞, հը՞, ձեզ եմ հարցնում, հարգելի Ազգային ժողով:
ՇՈՒՇԱՆ — Ո՞ւմ հետ ես խոսում, այ գյուղապետ:
ԱՓՈ — Հեչ, ասում եմ՝ էստեղ ասֆալտ պտի քցվի, մաշնեն բուքսավատ ա անում: Դե արի, մատաղ:
ՇՈՒՇԱՆ — Էդպես միանգամի՞ց:
ԱՓՈ — Կուզես կամաց արի, բայց խաշլամեն սառեց, կխտարս:
ՇՈՒՇԱՆ — Ես խորոված եմ սիրում, սրտի՛:
ԱՓՈ — Վախ, սրտակեր ջան. կսարքենք, ինչ ուզես՝ կանենք, արի:
ՇՈՒՇԱՆ — Բա իմ նավապե՞տը… Տկար, լքված, խեղճացած:
ԱՓՈ — Այ աղջի ջան, հազար ասինք՝ էդ նավապետը քեզ ապագա չի, դու քո ճարը տես:
ՇՈՒՇԱՆ — Ճարն էլ դու ես երևի, հա՞:
ԱՓՈ — Հենց ես եմ, որ կամ:
ՇՈՒՇԱՆ — Էէ՜, ծանոթ են ինձ այդ խաղերը. ուզածդ անելու ես ու՝ թռռ, թռնես:
ԱՓՈ — Չէ, ես իմ հոգին, սուրբ խաչ, սուրբ Սարգիս, սուրբ Մայրամ ասպածածին, սեր ա, հորս արև՝ սեր ա, լավ էլ պինդ կպած ա:
ՇՈՒՇԱՆ — Ահ, ինչ լինելու է, թող լինի:
ԱՓՈ — Հա, հա, քու էն ցավը տանեմ ես:
ՇՈՒՇԱՆ — Բայց կին ունես, չէ՞…
ԱՓՈ — Դե… Ո՞ր կարգին տղամարդը կնիկ չունի, հիմա որ կնիկ չունենայի, դու ինձ կհարգեի՞ր… Բայց կբրախեմ, իմ արև:
ՇՈՒՇԱՆ — Դու կնիկ բրախողը չես: Սիրուն ա՞ գոնե:
ԱՓՈ — Չէ հա: Այսինքս՝ սիրուն էր, բայց հետո նստեց ուտելու վրա ու հիմա՝ ըհը: Բրախելու եմ: Դե արի, կխտարս:
ՇՈՒՇԱՆ — (իջնելով նավից): Ախ, նավապետս… Հիմա քնած է, խեղճ նավապետ: Բայց ես ի՞նչ անեմ, որ քո նավը լռվեց: Ներիր Շուշանին, նավապետ, ներիր քո խոհարար-ֆելշերուհուն:
ԱՓՈ — Համ Ֆելշեր ես, համ խոհարա՞ր, մատաղ:
ՇՈՒՇԱՆ — Իհարկե: Կարծում ես՝ հենց էնպես աղջիկ ե՞մ. դու դեռ կփոշմանես, որ ինձ հանդիպեցիր:
ԱՓՈ — Թող փոշմանեմ, մեռնեմ քեզ, դու իմ վառվող սրտի դեղ ու դարման, դու իմ լուս ու արև:
Մեքենան հեռանում է: Լռություն: Հայտնվում են մութ կերպարանքները:
ՁԱՅՆ 1 — Դու էն կողմից գնա, ես՝ էս:
ՁԱՅՆ 2 — Էղավ:
ՁԱՅՆ 1 — Շուտ-շուտ աշխատի, բայց առանց շուխուռի:
Պոկում են նավի տախտակները:
ՁԱՅՆ 2 — Էս կողմ մի անցի, իմ տարածքն ա:
ՁԱՅՆ 1 — Սուս, գալիս ա, նավապետն ա ոնց որ:
ՁԱՅՆ 2 — Գալիս ա, թող գա:
ՁԱՅՆ 1 — Ձեռին թվանք կա: Փախանք:
Լռություն: Աբգարը քայլում է տախտակամածով, ձեռքին՝ շիշ, խմում է:
ԱԲԳԱՐ — Լավն է գյուղապետի ուղարկած գինին. հայրենիքիս խաղողից վատ գինի սարքելու համար շատ ապաշնորհ պիտի լինել: Բայց ինչո՞ւ է քունս անդադար տանում: Այսօր չընթրեցինք… Ո՞ւր է Շուշանս… Տղաներս ո՞ւր են… (Նկատում է նավի պոկոտած կողերը, ղեկի բացակայությունը): Աստված իմ… Նավս ջարդուփշուր են արել, նավս թալանել են… Գոքո՜ր, Ցակա՜ն… Շուշա՜ն…
ԲԱՆՎՈՐ — Մի գոռա, նավապետ, սիրտս կտոր-կտոր ես անում, անխիղճ. գնացել են, չկան, մեկը էն գյուղում հարբում ա, մյուսը էս գյուղում փողերն ա տանուլ տալի…
ԱԲԳԱՐ — Իսկ Շուշա՞նս:
ԲԱՆՎՈՐ — Նա էլ Ափոյի սաունայում ա…
ԱԲԳԱՐ — Սուս, չասես, չեմ ուզում: Իսկ դո՞ւ ուր ես գնում, ազնիվ բանվոր:
ԲԱՆՎՈՐ — Տուն: Էն թփերի մեջ մի քիչ քնել էի, բայց ցուրտը խփեց, գնամ տուն:
ԱԲԳԱՐ — Սպասիր: Մի բաժակ գինի չե՞ս խմի հետս:
ԲԱՆՎՈՐ — Ե՞րբ չխմեմ: Լի՛ց:
ԱԲԳԱՐ — Բայց բաժակ չկա, առ, շշից խմիր: Բաժակ չկա, դույլ չկա, պարան չկա, խարիսխ չկա, նույնիսկ ղեկը չկա… Ոչինչ չկա, տարել են:
ԲԱՆՎՈՐ — Կտանեն, աշխարս էդպես ա, չպտի լռվես, լռվեցիր՝ վերջ, բանիդ տերը չես: Ողջ-ուրախ: (Խմում է): Դե ես գնացի, ախպերս, լավ մնա:
ԱԲԳԱՐ — Մինչ երկուշաբթի, ազնիվ բանվոր:
ԲԱՆՎՈՐ — Էդ մեկը՝ չէ. ազնիվ գյուղապետը մեզ ուրիշ օբյեկտ ա գցում, էլ էստեղ չենք աշխատելու:
ԱԲԳԱՐ — Ոնց թե… Բա նա՞վը:
ԲԱՆՎՈՐ — Նավը ի՞նչ. նավը քո պրոբլեմն ա, նավապետ ջան: Բարի գիշեր:
ԱԲԳԱՐ — Գնա, դու էլ գնա: Բոլորդ փախեք: Մենակ կմնամ: Ես սովոր եմ: Մանկուց: Մանկուց եմ չհասկացված ու լքված:
ԲԱՆՎՈՐ — (հեռանալով): Ցուրտ գիշեր ա լինելու, նավապետ, դու էլ գնա, մեղք ես, մնաս՝ որ ի՞նչ:
ԱԲԳԱՐ — Ես չեմ լքի իմ թալանված նավը: Օ՜ դժնի բախտ, օ՜ չար ուժեր, պտտվում եք շուրջս, դավեր նյութում, բայց ինձ չեք հաղթի, ինձ հետ են սուրբ ոգիները. լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք…
ՁԱՅՆ — Աբգար, Աբգար, էս կողմ արի, արի տաք ճաշ տանք քեզ, Աբգար, Աբգար…
ԱԲԳԱՐ — Կինս է: Սիրելիս, ներիր ինձ, ներիր, որ կարգին ամուսին չեղա, բայց դե գիտես, ես հատուկ առաքելությամբ եմ այս հողի վրա:
ՁԱՅՆ — Գիտեմ, վաղուց գիտեմ, Աբգար:
ԱԲԳԱՐ — Անուշիկս:
ՁԱՅՆ — Բայց արի ճաշ տամ քեզ, դու քաղցած ես:
ԱԲԳԱՐ — Իսկապես քաղցած եմ, գիտե՞ս: Ո՞ւր ես, ո՞ր կողմում:
ՁԱՅՆ — (մերթ մեկ, մերթ մյուս կողմերից): Այստեղ եմ, Աբգար, ոչ, այստեղ, արի…
ԱԲԳԱՐ — Ախր ո՞ւր ես, թռչնակս:
ՁԱՅՆ — Ինչո՞ւ Շուշանդ չի կերակրում քեզ, Աբգար-Աբգար-Աբգար…
ԱԲԳԱՐ — Շուշա՞նը… Շուշանը…
ՁԱՅՆ — Ինչո՞ւ շփոթվեցիր, չարաճճի տղա:
ԱԲԳԱՐ — Ես… Ես նրան մատով չեմ դիպել, նա իմ դստեր տարիքին է, մեղք մի վերցրու վրադ:
ՁԱՅՆ — Աբգար, արի ճաշ տամ քեզ:
ՁԱՅՆ ՏՂԱՄԱՐԴՈՒ — Աբգար, մանչս, ի՞նչ անախորժության մեջ ես ընկել:
ԱԲԳԱՐ — Ոչինչ, հայր, դեպք էր, պատահեց, կանցնի:
ՁԱՅՆ ՏՂԱՄԱՐԴՈՒ — Չթուլանաս, թե չէ գիտես, չէ՞:
ԱԲԳԱՐ — Գիտեմ, գիտեմ, անկյուն կկանգնեցնես, ականջս կձգես, գլխիս կխփես, քամակս կդաղես, քիթս կծռես… գիտեմ սադիստական հակումներդ: Չքվիր, ձայնդ լսել չեմ ցանկանում, գնա իմ նավից, գնա, գնա…
ՁԱՅՆ ՏՂԱՄԱՐԴՈՒ — Չհասկացա:
ԱԲԳԱՐ — Կներես, կներես, հայրիկ, բորբոքված եմ, հիվանդ եմ, մենակ եմ… Կներես:
ՁԱՅՆ ՏՂԱՄԱՐԴՈՒ — Տես հա, երես չառնես, թե չէ գիտես…
ԱԲԳԱՐ — Գիտեմ, գիտեմ:
ՁԱՅՆ ԱՂՋԿԱ — Հայրիկ, հայրիկ…
ԱԲԳԱՐ — Դստրի՞կս… Ես եմ, ի՞նչ է եղել, քեզ հո չե՞ն նեղացրել…
ՁԱՅՆ ԱՂՋԿԱ — Հայրիկ, հայրիկ…
ԱԲԳԱՐ — Աղջկաս բան է պատահել, պիտի հասնեմ, գալիս եմ, եկա… (Նավակողից անցնում` ջուրն է ընկնում: Թրջված վերադառնում է տախտակամած): Ո՞ւր ես ախր, աղջիկս:
Հովիվը հարայ—հրոցով, շների հաչոցով, սլանում է դեպի մյուս ափը:
ՀՈՎԻՎ — Էն ափին էրկու ոչխար մնաց, մեկը սպիտակ, մեկը սև, չես տեսե՞լ:
ԱԲԳԱՐ — Չէ:
Հովիվը հեռանում է: Տախտակամածին ստվեր է հայտնվում:
ԱԲԳԱՐ — Ո՞վ ես… Նահապե՞տ… Դո՞ւ ես… Ախ, Նահապետ, վերջապես… Ինչո՞ւ ես ինձ լքել, սիրելի Նահապետ: Սպասիր, ո՞ւր… Ի՞նչ է, գա՞մ ետևիցդ… Եկա, գալիս եմ, իմ ազնիվ Նահապետ… Ախր ինչո՞ւ ուշացար, գիտե՞ս որքան եմ սպասել…
Այդպես խոսելով՝ Աբգարը իջնում է ափ և գնում զառանցական Նահապետի ետևից: Այդ պահին ձախակողմյան գյուղից եկող Ցականն ու Զավենը ընդառաջ են գալիս Աբգարին, նրանք խմած են:
ՑԱԿԱՆ — Վայ, նավապե՞տ, էս վիճակդ ի՞նչ ա… էս ո՞ւր էսպես…
Աբգարը չի նկատում նրանց, անցնում է մոտներով ու չքվում:
ԶԱՎԵՆ — Ի: Գնաց:
ՑԱԿԱՆ — Նավապետ ա, կուզի կգնա, կուզի կգա: Ոչինչ, մենք գործը անենք, թող իրան սյուրպրիզ լինի:
ԶԱՎԵՆ — Հա, բայց իմ փողն ո՞վ ա տալու:
ՑԱԿԱՆ — Ասինք՝ կգա, էլի: Զավեն, աչքերիս նայի, էդքան ջղային չէ, մի քիչ բարի նայի, ըհը: Հիմի ասա՝ ինձ հավատում ե՞ս:
ԶԱՎԵՆ — Դե, ոնց ասեմ…
ՑԱԿԱՆ — Զավեն, նավապետը ուր էլ թռնի՝ վայրէջքը ստեղ ա, իրա նավի մոտ: Դու շուտ պայթացրու, ինքը ուր որ ա կգա:
Գալիս է Գոքորը, նա էլ է խմած:
ԳՈՔՈՐ — Խեր ըլնի, էս ի՞նչ գործի եք:
ՑԱԿԱՆ — Գոքոր ջան, մեր Զավենն ամեն բան հաշվեց, չափեց-ձևեց, նախագծեց: Հիմա պայթուցիչը բերել ենք, դրել ափերի քարերի մեջ, մնում ա գմփացնենք:
ԶԱՎԵՆ — Հա, պայթացնում ենք ու վերջ, ուրիշ ձև չկա:
ՑԱԿԱՆ — Պայթացնում ենք ու մեր նավն ազատենք գերությունից, հերիք էղավ դուշման ուրախացնենք:
ԳՈՔՈՐ — Ա քեզ պետք ա՞, մանրից ծախում-ուտում ենք, էլի:
ՑԱԿԱՆ — Ոչ մի ծախել. ապազգային է վարքդ, եղբայր:
ԳՈՔՈՐ — Պահ, պահ, պահ®
ՑԱԿԱՆ — Այո, պայթացնում ենք: Մեկ է, էլ ծախելու բան չմնաց: Հանիր հեռակառավարման վահանակդ, ազնիվ ագրոնոմ:
ԳՈՔՈՐ — Ագրոնոմի պայթացրածը ի՞նչ պիտի ըլնի:
ԶԱՎԵՆ — Նա ինձ վիրավորեց, չեմ պայթացնում:
ՑԱԿԱՆ — Էէ, Զավեն, երեխա չես…
ԶԱՎԵՆ — Ոչ, ես մինչև հոգուս խորքը վիրավորված եմ:
ԳՈՔՈՐ — Դե լավ, դու էլ… Բան էր՝ ասինք…
ԶԱՎԵՆ — (հանելով վահանակը): Որ այդպես է՝ պայթացնում եմ:
ՑԱԿԱՆ — Երեք, ույու՝ չորս:
Զավենը սեղմում է կոճակը, բայց պայթյուն չկա:
ԶԱՎԵՆ — Չէ, էս մեկը հաշիվ չի, չստացվեց, մի հատ էլ:
ԳՈՔՈՐ — Դավայ: Երեք, ույու՝ չորս:
Պայթյուն: Ափերը կանգուն են, նավը սկսում է խարխլվել:
ԶԱՎԵՆ — Իի… էս չեղավ ոնց որ… չհասկացա…
ԳՈՔՈՐ — Էս ի՞նչ արիք, տղերք:
ՑԱԿԱՆ — Շուխուր մի դիր, փախանք:
ԶԱՎԵՆ — Հա: Ոչ տեսել ենք, ոչ լսել:
Երեքով փախչում են:
Լուսավորություն: Ռոք խումբը, որ հայտնվել է բեմին, հնչեցնում է իր երգը: Հարայ—հրոցով, սուլոցներով՝ բեմ են լցվում մարդիկ, սկսում են մաս—մաս կրել—տանել փլված նավը: Շուտով նավից ոչինչ չի մնում: Բեմը դատարկվում է, միայն ռոք խումբն է շարունակում երգել: