Արմենուհի ՍԻՍՅԱՆ / ԾԻԾԱՂԵ՛Ք

Ծիծաղը բնության տված մեծագույն պարգև է: Ծիծաղով հաղթում են, ծիծաղով հաղթահարում, բայց առավել

իմաստուն է նա, ով կարողանում է ծիծաղել ինքն իր վրա: Թե կարողացար անել դա,

ուրեմն ձեռնոց նետեցիր կյանքին.

Ծիծաղի՛ր ու առաջ գնա…

ԾԻԾԱՂԵ՛Ք

 

Գործող անձինք

Թմբլիկ, ծիծաղելի արտաքինով ԿԻՆ

Հեռախոսով խոսող Եհովայի ՎԿԱ

ԲԺԻՇԿ

 

ԿԻՆ — Ինձ համար քայլում էի, թիկունքիս ծիծաղի ձայն լսեցի: Չզարմացա: Ես գիտեմ, որ տգեղ եմ, ավելի ճիշտ, այդքան էլ սիրուն չեմ, չէ՛, ավելի ճիշտ, հնարավոր է` մի քիչ ծիծաղելի եմ: Հա՛, այդպես է, ի՞նչ անենք: Ես, օրինակ, չէի ծիծաղի: Կաղին չեն ասում` դու կաղ ես կամ կույրին` կույր ես: Ինքնին պարզ է: Իսկ սրանք ամեն անգամ` հի՛, հի՛, հի՛: Զահրումա՛ր: Ես ծիծաղո՞ւմ եմ, երբ էդ ծիծաղողներից մեկը կրունկների վրա չի կարողանում քայլել, բայց համառորեն բարձրակրունկ է հագնում ու ծնկները կորացրած քայլում, կարծես սմբակների վրա լինի: Դա ծիծաղի կատարյալ պատկեր է, սովորական մարդկային քայլքի աղճատում: Կամ վերևի քաղքենի հարևանուհին. նրան թվում է, թե ռուսական արտասանությունը ինտելեկտի բարձրագույն դրսևորում է: Ամեն անգամ երեխային տուն կանչելիս, իր սովորական ձայնից մեկ-երկու տոն բարձր, գեղգեղում է. «Աիի՜դը, Աիի՜դը», հետո էլ ձայնի բնատուր կոշտությամբ` «Հե՛լ վերև, ա՛խչի»: Է՛հ, ո՛ր մեկն ասեմ, ո՛րը թվեմ… Այն, ինչ որ ե՛ս եմ տեսնում, կբավարարեր կոմեդիայի թատրոնի ներկայացումների մի ողջ շարքի: Բայց իմ տեսածը նրանք չեն տեսնում: Պա՛հ, մի քիչ կլորիկ եմ կամ, լա՛վ, հը՛, քիչ գնդլիկ, հետո՞ ինչ: Բայց հո ինչ փափլի՜կ եմ… Իսկ ի՞նչ ասի էն վերջին մուտքի լոլոզ օրիորդատիկինը, որ վերից վար ուղիղ գիծ է, մարմնի ոչ մի հատվածում ո՛չ բարակում է, ո՛չ հաստանում, չո՛ր: Անունը կարծեմ Մառա է, թե Զառա, բայց շատ կսազեր Շվաբռա անունը: Ամեն անգամ նրան տեսնելիս հիշում եմ, որ մարդու հիմքում գոյություն ունի հենաշարժիչ համակարգ` կմախք անունով, և որ ողջ մարմինը հենվում է այդ կմախքի վրա: Պատկերացնո՞ւմ եք, քայլող կմախք` կրծկալ հագած, վզնոցով կամ պայուսակը ուսին գցած: Վա՛յ, հա՛- հա՛-հա՛… Հը՛մմ, բոլորովին էլ չեմ ծիծաղում: Հիմա ի՞նչ, ծիծաղե՞մ նրան տեսնելիս: Չէ՞ որ տեսնում եմ: Է՛հ, շա՜տ բան եմ տեսնում: Իսկ նրանք ծիծաղում են: Պա՛հ, էլ ո՞նց կլիներ, դեմքս քիչ ծիծաղելի արտահայտություն ունի, հոնքերիս ձևից է երևի: Ի՞նչ անենք: Բա չզարմանա՞մ, որ էն լուրջ դեմքով 3-րդ հարկինը` թշվառ լղարը, վերջույթներն ասես կախված լինեն սեփական մարմնից, բայց իր ուսերին զգում է Պոնտոս Պիղատոսի թիկնոցը… Ինչո՞ւ, ասեմ. որպես իր ֆունկցիոնալ պարտականություն բոլոր կանանց ու աղջիկների մասին իր հեղինակավոր դատողություններն է անում` դատում է: (Ձայնը ցածրացրած` կողքերն է նայում:) Իսկ երեկ նրա կնոջն եմ տեսել մի տղամարդու հետ թաքուն հրմշտվելիս, բա՜… Հետո ծիծաղում են դեմքիս զարմացած արտահայտության վրա: Կյա՛նքն է հոնքերս այդպիսին դարձրել, կյա՛նքը… Ես էլ հո նրա պես դատավոր չեմ, որ դատեմ, բա գոնե չզարմանա՞մ: Պիտի անցած օրը էն տղային տեսնեիք: Սպասում էի դեղատան բացվելուն, ընդմիջման ժամ էր, մոտս էլ ժամացույց չկար, չգիտեի` ինչքան էր պետք սպասել: Մի տղա կար, ինձ մեջքով էր կանգնած: Հարցրի. «Տղա՛ ջան, չէի՞ք ասի ժամը»: Տղան շրջվեց դեպի ինձ` պռոշները ներկած, թարթիչները քսած, մազերը ներկած: Մի խունջիկ-մունջիկ եկավ, մինչև ժամն ասաց: Վա՜յ, էնքան շփոթվեցի, որ ժամն էլ չլսեցի, շրջվեցի, շնորհակալության տեղն էլ «համեցեք» ասացի, գնացի… Ա՛յ, նրա՛ վրա ծիծաղեք, թե չէ ինձ եք տեսնում: Կարծում եք` իմ ծիծաղը չեկա՞վ, հա՛, եկա՛վ, բայց ինձ թույլ չտվեցի, ես կուլտուրական աղջիկ եմ: Յա՞, հիմա էլ դրա վրա եք ծիծաղո՞ւմ: Հա՛, հենց աղջիկ եմ, որ աղջիկ եմ, ասեմ` աղջիկ չե՞մ:

Զանգ բջջայինին:

ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱ — Ալլո՞:

ԿԻՆ — Այո:

ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱ — Բարև ձեզ:

ԿԻՆ — Բարև:

ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱ — Գիտե՞ք, ես շատերին եմ այս հարցը տալիս. ի՞նչ եք գտել այս  կյանքում:

ԿԻՆ — Իսկ դուք գիտե՞ք:

ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱ — Իհա՛րկե գիտեմ:

ԿԻՆ — Բա ինչո՞ւ եք ինձ հարցնում:

ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱ — Ես հենց դրա համար եմ զանգել, որ օգնեմ ձեզ:

ԿԻՆ — Օգնե՞ ք:

ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱ — Այո:

Մի պահ դադար է տիրում:

ԿԻՆ — Ամառային անթև վարդագույն բլուզս չեմ գտնում, մեկ էլ գծավոր շորս: Կօգնե՞ք:

Անջատում է զայրացած: Տո՛ւ, տո՛ւ, տո՛ւ: Նորից զանգ:

ԿԻՆ — Գուցե սա մեկ ուրի՞շ անմեղ մեղավոր է: (Մեկուսի:) Նույն հարցական ալլոն է. սա երևի գիտի` ալլոն անունս է:

ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱ — Բայց դուք գիտե՞ք ինչի մասին էի ասում:

ԿԻՆ — Իհա՛րկե գիտեմ: Ուզում եք որսա՞լ հոգիս: Չի՛ ստացվի, եղա՞վ: Չի՛ կարելի որսալ մարդկանց հոգիները: Թողե՛ք ինքներս մեզ փնտրենք, կորցնենք, տառապենք, մեռնենք, հառնենք ու ինքներս գտնենք մեզ: Կլինի՞ չօգնեք…

Տո՛ւ, տո՛ւ, տո՛ւ:

ԿԻՆ — Դրանք էին, էն… ո՞ւմ վկաներն էին, ոնց էին կոչվո՞ւմ… Հա՛, Վովայի վկայականները, չէ, Հովոյի վկաները: Անցյալ օրը էդ վկաներից երկուսը մոտեցել էին ինձ` քաղցր-մեղցր հայացքով, շողոմ ժպիտով, ես էլ նրանց սիրալիրությունից ոգևորված` փոխադարձ ժպիտով սպասում եմ, թե ինչ են ուզում ասել ինձ: Դե, մտածում եմ, մարդիկ հարգել, մոտեցել են ինձ, ուզում են ինչ-որ բան հարցնել, մեկ էլ դրանցից մեկն ասում է. «Դուք գիտե՞ք, որ աշխարհը շատ շուտով պիտի կործանվի»: Ժպիտը դեմքիս սառեց: «Շատ շուտո՞վ»: Նայեցի ձեռքիս ժամացույցին: «Շատ շուտովը», իհարկե, հարաբերական հասկացություն է, բայց, այնուամենայնիվ, եթե խոսքը իսկապես աշխարհի կործանման մասին է, էլ ինչի՞ համար է մինչև ականջները ծայրեծայր հասնող ժպիտը, ի՛նչ է, բարի ավետի՞ս է, թե՞ աչքալուսանք: Երևի ես էլ պիտի պատասխանեի. «Վա՜յ, ի՜նչ եք ասում, եկեք մի հատ էլ համբուրենք իրար այդ առթիվ, աչքներս լո՜ւյս»… Փոխարենը թուքը բերանիս մեջ չորացավ. գուցե այդ մասին արդեն լուրերո՞վ են հայտնել: Պատկերացրի` այդ «շուտովը» հանկարծ մինչև խանութ գնալ-գալս լինի… Իսկ սա դեռ ձգած պահում է իր լայնածավալ ժպիտն ու խորհրդավոր շշնջում որպես գաղտնիք. «Ուզո՞ւմ եք իմանալ փրկության ճանապարհը»… Դե, գիտե՞ք ինչ, դա իսկապես վերջն էր, իհարկե, ո՛չ աշխարհի: Բա չասեի՞. «Ա՛յ վկայական, գնա քո Եհովոյին էդ տեսակ աչքալուսանք արա, իմ փրկությունը ձեզ նման վկաներից փախչելն է: Ուրեմն ամբողջ օրը ետուառաջ եք անում փողոցում, թարմ ականջ բռնում ու նույն բառերով, նույն սերտած նախաբանով, նույն լոճած ժպիտով սկսո՞ւմ, հա՞»…

Շրջվեցի դրանցից ու քայլերս արագացրեցի դեպի շուտով խարխլվող ապագա: Ինչ-որ մի բան, այնուամենայնիվ, ինձ ետ պահեց: Իսկ գուցե… հը՞… Իմաստ ունի՞ շտապել հեռախոսիս և ինտերնետի մուծումներն անել, երբ կարող է մինչ այդ ամենն իրականացնելը, ասենք, դեռ շենքի մուտք չմտած` աշխարհն իրոք կործանվի: Դա դեռ ոչինչ: Իսկ եթե ես բաց թողեցի այն փրկության գաղտնի՞քը, որ մեծահոգաբար պատրաստվում էր ինձ փոխանցել պայուսակը թևի տակ դրած կինը կամ նրա հետ գործի դուրս եկած մյուս փրկարարները: Դրանք ասես փրկությունը իրենց գրպաններում են պահում ու պատրաստ են անմիջապես թարմ փրկություն հրամցնել անցորդներին: Մտածեցի` գուցե ե՞տ դառնամ, ապաշխարեմ: Ճիշտն ասած, ոչ էլ անհանգստանում էի, թե չեմ գտնի նրան, որովհետև ոչ բանուկ փողոցներում ու զբոսայգիներում մարդաորսի դուրս եկած մեկ ուրիշը հաստա՛տ կհանդիպեր ինձ փրկելու: Եթե չհանդիպի, գոնե կզանգի փրկելու: Հո ինձ չե՞ն թողնի անտեր-անԵհովա:

Ճիշտը որ ասեմ, «Հայր մերը» ծայրից-ծայր անգիր չեմ կարողանում ասել, լավ գիտեմ մինչև «Մեր հանապազօրյա հացը տո՛ւր մեզ այսօրը…» ու հենց հասնում եմ «պարտքերի» հատվածին, հիշում եմ սեփական պարտքերս ու մնացածը մտքիցս թռնում է: Գրազ կգամ, էն Եհովոյի վկաները ողորմություն տված չկան: Իսկ ես ողորմություն տված կա՛մ: Անցյալ օրը բարձրանում էի փողոցով, իսկ անկյունում մի մուրացիկ կին էր նստած, գիշեր-ցերեկ այնտեղ է: Մի քանի անգամ գթացել եմ նրան, ունեցածս մանր դրամը տվել եմ ու ինձ զգացել գթության քույր, այդ օրը սեփական անձս առանձնաhատուկ հարգած ու ինքս ինձնից գոհ` վերադարձել տուն: Օրվա մնացած մասը քիչ էր մնում ինձ հետ Դուք-ով խոսեի: Վերջին անգամ քիչ մնաց հուզվեի` գիտակցելով արարքիս հումանիստական վեհությունը, իսկ երբ արժանացա ծեր կնոջ օրհնանքներին, ողջ օրը մի տեսակ սրբացած էի ինձ զգում: Իսկ անցյալ օրը ի՞նչ տեսնեմ: Աչքերս քոռանային, չտեսնեի. մի կոստյումավոր պարոն` փողկապը կապած, պատկառելի տեսքով, մոտեցավ մուրացկան կնոջը, առանց խոսք ու զրույցի վերցրեց փողի ամանը, դատարկեց գրպանի մեջ ու սուսուփուս շարունակեց ճամփան: Սեփական աչքերովս եմ տեսել: Թե ինչ կատարվեց հետս, ավելի լավ է չասեմ: Քար էի կտրել, ավելի ճիշտ` մանեկեն դարձա մի երկու րոպե, ճիշտ կողքիս մանեկենների պես, որոնց խանութից հանել, դրսում էին ցուցադրում (թեև այնքան էլ նման չենք իրար, հասկանում եք): Իմիջիայլոց, հենց շարժվեցի, կողքիս կանգնած, մոր ձեռքից բռնած երեխան լացեց կամ վախեցավ, կամ ուզում էր մանեկեն մնայի` մի քիչ նայեր ինձ, ուրախանար, ձեռք-մեռք տար… Դե, փափուկ եմ, չէ՞… (Խունջիկ-մունջիկ է գալիս:)

Հա՛, մեկ ուզեցի վազեմ էդ պարոնի ետևից, բռունցքներով խփեմ-մփեմ դրա աժդահա ջանին, խայտառակեմ, ճչամ, ասեմ` չես ամաչո՞ւմ, խեղճ մուրացկանի հավաքածը ձեռքից կվերցնե՞ն, հապա քեզ էլ նայիր, նրան էլ… Բայց մի կերպ ինձ զսպեցի, բա որ… Բա որ նրանք պայմանավորվածություն ունենա՞ն, ասենք` էդ կինը աշխատելիս լինի նրա համար, իսկ ես ու իմ նման գթառատ հարիֆները վճարում ենք էդ լպստած պարոնին… Ո՜նց եմ խղճում էդ տարիքի պառավներին… Բայց ասեմ, մի մեծահասակ հեռավոր բարեկամուհի ունեմ, անցյալ օրը հանդիպեցի, խոսեցինք` ոնց ես, ոնց չես, հարցրի` աշխատո՞ւմ ես, ասաց` այո, հարցնում եմ` ի՞նչ ես անում, ասում է` պառավ եմ պահում: Ասում եմ` բայց դու քանի՞ տարեկան ես, թե` յոթանասուն, հարցնում եմ` իսկ պառավը՞, ասում է` վաթսունհինգ…

Ամբողջ ուժով երկար ծիծաղում է, հետո կտրուկ «հավաքում» իրեն:

ԿԻՆ — Ի՞նչ կա ծիծաղելու: Ինձ վրա՞ եք ծիծաղում: Օրինակ` դու, հա՛, հենց դո՛ւ, ինչի՞ վրա ես ծիծաղում: Ավելի ճիշտ` ո՞ւմ վրա ես ծիծաղում: Ես էլ քո վրա ծիծաղե՞մ, հա՞:

Դահլիճից մեկը — Ծիծաղի՛ր:

ԿԻՆ — Յա՜…

Դահլիճից մեկը — Բա՜… Ծիծաղիր, ինչքան սիրտդ ուզում է:

ԿԻՆ — Փորձանք ա… (Ոտքից գլուխ չափելով նրան): Չեմ ծիծաղի, ի՜…

Դահլիճից մեկը — Մի՛ ծիծաղիր…

ԿԻՆ — Ի՞նչ ես ուզում ինձանից` ծիծաղիր-մի ծիծաղիր… Կուզեմ` կծիծաղեմ, կուզեմ` չեմ ծիծաղի…

Դահլիճից մեկը — Ես էլ հենց դա եմ ասում. կուզես` ծիծաղի՛ր, կուզես` մի՛ ծիծաղիր…

ԿԻՆ — Շառ ա… Էսս ով ա… Լսիր, դու ո՞վ ես:

Դահլիճից մեկը — Բժիշկ:

ԿԻՆ — Բժի՞շկ: Բայց ո՞վ է քեզ… ըըը… ձե՛զ կանչել այստեղ:

ԲԺԻՇԿ — Դուք:

ԿԻՆ — Ե՞ս:

ԲԺԻՇԿ — Ավելի ճիշտ` ձեր ծիծաղը:

ԿԻՆ — ( շփոթվել` տեղը չի գտնում): Կատակ եք անո՞ւմ:

ԲԺԻՇԿ — Չէ: Չնայած վատ չէր լինի կատակեի, որ ծիծաղեիք:

ԿԻՆ — (մեկուսի): Շա՜ռ ա…

ԲԺԻՇԿ — Գիտե՞ք, ինչքան եք գեղեցկանում, երբ ծիծաղում եք:

ԿԻՆ — Հա՞… (Խունջիկ-մունջիկ է գալիս տեղում:) Լավ, իսկ կասեի՞ք, ինչու եք ուզում, որ ծիծաղեմ:

ԲԺԻՇԿ — Նախ, որովհետև, շատ գեղեցկանում եք. ժպտացողը արդեն գեղեցիկ է: Տեսե՛ք, դուք հիմա ժպտում եք, ես էլ ուզում եմ պատասխանել ձեզ նույն կերպ: Ու ձեզ արդեն դուր եմ գալիս, ճի՞շտ է:

ԿԻՆ — (շարունակելով սեթևեթել): Դե, ոնց ասեմ…

ԲԺԻՇԿ — Երկրորդ. մարդը կենդանուց տարբերվում է ծիծաղով: Երրորդ. ծիծաղը շատ օգտակար է:

ԿԻՆ — Իսկ ես հիշում եմ, թե ինչպես փոքր ժամանակ մի լավ թաթալոշ կերա հորիցս` բարձր ծիծաղելու համար. «Աղջիկ երեխան էդպես բարձր կծիծաղի՞, ամո՛թ ա»: Էդ օրվանից վախեցել եմ ծիծաղել:

ԲԺԻՇԿ — Դա բարդույթ է, որ մնացել է ձեր մանկությունից ու դրանից էլ վախ` ծիծաղելի լինելուց… Իրականում ծիծաղը ամենաանկեղծ բաներից է. ծնվում է հոգու խորքում ու տեղ չի թողնում կեղծավորությանը:

ԿԻՆ — Բայց լավ չի, չէ՞, երբ ծիծաղում են վրադ:

ԲԺԻՇԿ — Մարդ պիտի կարողանա ինքն իր վրա ծիծաղել. երբ կարողացավ անել դա, ուրեմն հաղթել է իրեն, ուրեմն կկարողանա շատ բան հաղթահարել:

ԿԻՆ — Գուցե ավելի մոտիկի՞ց շփվենք, դուք այնքան բան գիտեք… (Հրավիրում է իր մոտ:)

ԲԺԻՇԿ — (Բժիշկը արագ բարձրանում է բեմ): Ի դեպ, ծիծաղը օգնում է նիհարել: Որոշ գիտնականներ պնդում են, որ ծիծաղն այրում է նույնքան կալորիաներ, որքան ֆիզիկական վարժությունները: 10 րոպե տևողությամբ ծիծաղն ազատում է 20-40 կիլոկալորիայից, իսկ ուժեղ ծիծաղն աշխատեցնում է 80 տարբեր մկաններ ու 30 րոպեների ընթացքում այրում է 550 կիլոկալորիա: (Սկսում է ակտիվ մարմնամարզություն անել:)

ԿԻՆ — Հա՞… (Ինքն էլ է նույն շարժումներն անում:)

ԲԺԻՇԿ — Ծիծաղն օգտակար է շաքարախտի դեպքում: Օգնում է ասթմայի և բրոնխիտի դեպքում: Օգտակար է սրտի համար: Անկեղծ ծիծաղի շնորհիվ կարելի է քաղցկեղը հաղթահարել: Ավստրիայում հրապարակվել է մի գիրք` «Ծիծաղը բուժում է քաղցկեղը»: Հեղինակը` Զիգմունդ Ֆոյերաբենդը, կարծում է, որ ծիծաղը և հիվանդությունն արտացոլում են մարդու աշխարհայացքը: Ծիծաղի ժամանակ պաշտպանական ֆունկցիաների ամրապնդումն արգելակում է չարորակ նորագոյացությունների զարգացումը:

ԿԻՆ — Ինչագոյացուցումների՞…

ԲԺԻՇԿ — (ծիծաղում է): Ծիծաղը շատ բարենպաստ ազդեցություն է ունենում մեր հոգեբանության վրա: (Կինը սկսում է անկապ ծիծաղել:) Բայց ծիծաղել պետք է ոչ միայն նրա համար, որ ամեն ինչ լավ է և զվարճալի, այլ որ ամեն ինչ լինի՛ լավ ու զվարճալի: Այլ կերպ ասած, որքան շատ ծիծաղում է մարդը, այնքան նա առողջ է ու երջանիկ: Նվազեցնում է սթրեսային հորմոնների արտադրությունը և արյան մեջ ավելացնում է էնդորֆինի քանակը:

ԿԻՆ — Բայց էդ մորֆինը վատ բան է…

ԲԺԻՇԿ — Մորֆին չէ, էնդորֆին` երջանկության հորմոնը:

ԿԻՆ — Լավ կլիներ ավելի տեսանելի տեղ լիներ այդ երջանկության հորմոնիան, թե չէ` արյան մե՜ջ…

ԲԺԻՇԿ — Դուք հումոր ունե՞ք:

ԿԻՆ — Հումո՞ր: Դե կունենամ, էլի, ձեզ պետք է՞…

ԲԺԻՇԿ — Հումորը բոլորիս է պետք: Հումորը իրականում դժվար աշխատանք է: Խնդիրը ծագում է ինքն իրեն, իսկ ուրախանալու կարողությունը պետք է զարգացնել: Պիտի օգտագործել ծիծաղելու ցանկացած հնարավորություն: Պահպանել հումորի զգացումը և սիրել կյանքն իր բոլոր դրսևորումներով, որովհետև ծիծաղն աշխարհի մասին մեր պատկերացումները փոխում է դեպի լավը:

ԿԻՆ — Դեպի լա՜վը… Դեպի լա՜վը… (Պարային շարժումներ է անում, հետո «հավաքում» իրեն:) Ձեզ լսեմ, պիտի անընդհատ ծիծաղեմ: Ի՞նչ կասեն մարդիկ:

ԲԺԻՇԿ — Կասեն` ի՜նչ հաճելի կին է…

ԿԻՆ — Վա՜խ…

ԲԺԻՇԿ — Շրջապատի կարծիքը մեզ թույլ չի տալիս սթափ ուղեղով չարաճճիություններ անել կամ, ինչպես ասում են, մանկության գիրկն ընկնել: Երբ մարդը տարիներով չի ծիծաղում, խնդիրները նրան սկսում են ավելի բարդ թվալ, հետո դրանք դառնում են անհաղթահարելի, սկսվում են նևրոզներն ու հիվանդությունները: Ի դեպ, աշխարհում հիմա շատ ծիծաղաթերապևտներ կան:

ԿԻՆ — Ինչե՞ր… Ծի-ծա… ծիծակաթևապետե՞ր…

ԲԺԻՇԿ — Ծիծաղաթերապևտներ. դրանք բժիշկներ են, որոնք բուժում են ծիծաղով: Հիվանդանոցներում կան ծիծաղի սենյակներ, որտեղ անհույս հիվանդները դիտում են կատակերգություններ, հումորիստների և կոմիկների ելույթներ: Ծիծաղն ազդում է տեսողական ընկալման վրա այնպես,

որ ավելի լիարժեք ենք տեսնում ամեն բան` միանգամից երկու կիսագնդերում ենք ընկալում դրանք: Բայց միայնակ ծիծաղելը դժվար է: Խմբով ծիծաղելը մի քանի անգամ ավելի հեշտ է: Այնպես որ… (Դիմում է դահլիճին:) Նայե՛ք իրար ու ծիծաղե՛ք: Եթե փորձեք տեսնել, կտեսնեք այն ծիծաղելին, որ ունի դիմացինը իր մեջ, ուղղակի դուք չէիք տեսել, բայց որ տեսնե՜ք… (Հիստերիկ ծիծաղում է դահլիճի վրա` ինչ-որ բաներ մատնացույց անելով:) Հիմա գիտե՞ք, դուք ինչ եք անում. ձեր աղիներն եք մարզում:

ԿԻՆ — Աա՜… (Նորից սկսում է ծիծաղել:)

ԲԺԻՇԿ — Երբ լիաթոք ծիծաղում ենք, որովայնի մկանները լարվում են, և դա պրկում է աղիների հարթ մկանները, օգնում է հեռացնել շլակներն ու տոքսինները: Այնպես որ, ծիծաղը աղիների յուրատեսակ մարմնամարզություն է:

ԿԻՆ — Սպասեք` աղիքներս մարզեմ… (Փորը բռնում, անզուսպ ծիծաղում է:) Վայ, էսպես որ գնա, աղիքներս չեմպիոն են դառնալու… Վայ, էլ չեմ դիմանո՜ւմ…

ԲԺԻՇԿ — Ծիծաղի դեպքում մարզվում են բոլոր մկանները, և արյունը արագ հարստանում է թթվածնով: Երեք րոպեանոց ծիծաղը փոխարինում է տասնհինգ րոպեանոց մարմնամարզությանը:

ԿԻՆ — Ասում է` ծիծաղով բուժում են… Եկեք բուժեմ ձեզ, հենց հիմա, հենց այստեղ… Հե՜եեեյյյ…. Ծիծաղե՛ք, բայց տակը չիշիկ անել չկա՜…

ԲԺԻՇԿ — Բայց սպասե՛ք, շատ ծիծաղելուց մեռնողներ էլ են եղել, ամեն դեպքում չափավոր ծիծաղեք… Բան եմ ասում… Չեն հավատում… Չեք լսե՞լ` «ծիծաղից մեռնել» արտահայտությունը: Ժողովուրդը սուտ բան չի հնարում… Բժշկության մեջ լիքը այդպիսի դեպքեր են եղել…

ԿԻՆ — Կլինի՞ թարգեք ծիծաղելը, վե՛րջ, հավաքվե՛ք, գնացե՛ք տուն, վե՛րջ, վե՛րջ… Փորձանք են էս մարդիկ, գնացե՛ք, ասում եմ, չմեռնե՛ք էստեղ հանկարծ… Վե՛րջ, գնացե՛ք, գնացե՛ք…

 

Հունիս, 2020

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։