Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ/ ԱՅՆ, ՈՐ ՉԿԱՐ

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

ԱՅՆ, ՈՐ ՉԿԱՐ

Եռագրություն

ԿԱՅԱՐԱՆ

Երրորդ պիես

Գործող անձինք

ԳՈՒՇԱԿ

ՀԱՎԱՔԱՐԱՐ

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ

ԾԱՌԱ — ՕՏԱՐԱԿԱՆ

ԽԵՆԹՈՒԿ

ԳՐԱԳԻՐ

ՔԱՐՏՈՒՂԱՐ

Դատարկ դահլիճ: Մի անկյունում համարակալած ճամպրուկներ են շարված` 

հատակից առաստաղ: Ներս է մտնում Հավաքարարը, սկսում է ավլել այնպես, ասես դահլիճը լեփ-լեցուն է: Անտեսանելի իրեր է տեղաշարժում, երևակայական ուղևորներին իբր տեղից  հանում է, մյուսներից պահանջում է ոտքերը բարձրացնել` խանգարում են ավլելուն: Ճամպրուկների վրայից պոկում է համարները, գրպանից հանած նոր համարները փակցնում է ճամպրուկներին: 

Հները դնում է գրպանը:

Տեսարան. Հավաքարար, Գուշակ:

ԳՈՒՇԱԿ — (ներս գալով): Արագացրո՛ւ: Լույսը բացվեց, հիմա դահլիճը կլցվի:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Ավելն իմն է, գործ անողը ես եմ: Դահլիճն առանց այն էլ լիքն է, ոտքի տակ մի ընկնիր:

ԳՈՒՇԱԿ — Դե, դե… Վիճելու սիրտ չունեմ: Իմ անկյունը մաքրիր, որ ձայնս չլսես:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Քո անկյունը մաքրե՞լ կլինի: Ի՞նչ ես լցնում հատակին, չեմ հասկանում:

ԳՈՒՇԱԿ — Այսքան ժամանակ տեսե՞լ ես ինձ ուտելիս կամ խմելիս:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Դրա համար էլ հարցնում եմ: 

ԳՈՒՇԱԿ — Իզուր:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Հարցնելը երբեք իզուր չի լինում: Եթե հարցիդ պատասխան չես ստանում, մի օր ինքդ ես գտնում պատասխանը: 

ԳՈՒՇԱԿ — Գտածդ պատասխանը չէ՞, որ մարդկանց խրտնեցնում է, քաղաքում ինձ խեթ են նայում, չեն բարևում… Ինչե՞ր ես դուրս տալիս իմ մասին:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Իմ գործն է:

ԳՈՒՇԱԿ — Գիտես` գլխի չե՞մ` ինչու ես զազրախոսում: Մի գուշակությամբ կարող էի քեզ վարժեցրած կապիկ դարձնել: Հենց հիմա գուշակեմ բախտդ, մոլի թշնամուց կվերածվես ամենահնազանդ ծառայի: Բայց… չեմ անի:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Ինչո՞ւ:

ԳՈՒՇԱԿ — Ինձ քո չարությունն է պետք: Այն ինձ պաշտպանում է:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Նա քեզ կոչնչացնի:

ԳՈՒՇԱԿ — Մի օր` հաստատ: Բայց մինչ այդ` կպաշտպանի:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Ումի՞ց:

ԳՈՒՇԱԿ — Ինձնից… Այնպես որ, շարունակիր բամբասել: 

ՀԱՎԱՔԱՐԱՐ — (պարտված): Այ, կբողոքեմ Կայարանապետին, որ վարակ ես տարածում քո կեղտոտ հատակով, ու նա քեզ դուրս կշպրտի էստեղից:

ԳՈՒՇԱԿ — Քաղցրիկս, մենք իրար լրացնում ենք: Ու հետո, մի մոռացիր, որ ամիսը մեկ անգամ գուշակում եմ նրա բախտը… Գիշերով: (Ծիծաղելով:) Նա ատամներով ինձ կպաշտպանի:  

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Ինձնի՞ց:

ԳՈՒՇԱԿ — Դու ո՞վ ես, որ… Նա ինձ պաշտպանում է քաղաքից:

Հավաքարարը, եփ գալով, հեռանում է:  Գուշակը երկու աթոռ է դնում իրար դիմաց, նստում մեկի վրա:

Տեսարան. Գուշակ, Ճամփորդ:

ՃԱՄՓՈՐԴ — (ներս վազելով): Գնացքի մեկնելուն կես ժամ կա: Կհասցնե՞ս գուշակել:

ԳՈՒՇԱԿ — Կես ժամում կարելի է ծնվել ու մեռնել… Նստիր: Փակիր աչքերդ: Հիմա դու կքնես: Կլսես ասածս, բայց արթնանալուց հետո կմոռանաս:

ՃԱՄՓՈՐԴ — Այդ դեպքում ինչո՞ւ ես գուշակում: 

ԳՈՒՇԱԿ — Հետո կհասկանաս:

ՃԱՄՓՈՐԴ — Եղավ: (Նստում, փակում է աչքերը:)

ԳՈՒՇԱԿ — (անթարթ նայում է քնածի դեմքին): Փախչում ես…  Առանց ետ նայելու: Թողել ես ամեն ինչ-ոչինչն ու գնում ես: Սա դրսից եկած վարակ չէ, քաղաքի ներսում է ծնվել` արհեստական մանրէ: Քաղաքում որ ոք չգիտեր, թե ինչ է լինելու վաղը: Իսկ Վերին Ատյանը  գիտեր, քանի որ ճանաչում էր իրենը դարձրած քաղաքը: Ու հաղթեց, որովհետև մենք լռեցինք: Սկզբում լռեցինք, հետո գնացինեք: Մեկը դու` գնում ես: Հրեշից ես փախչում, չէ՞: Իսկ ո՞ւր գնա քաղաքը, ո՞ւր փախչի, չէ՞ որ հենց սկզբից նրան դարպասներով կապեցին: Ինչպե՞ս չես հասկանում, որ Վերին Ատյանից չեն փախչում, Վերին Ատյանին հաղթում են մնալով… (Դադար: Այլ տոնով:) Արթնացիր: Քեզ երկար ու դժվար ճամփա է սպասվում, հետո` գեղեցիկ կին, գուցե և փառք… 

ՃԱՄՓՈՐԴ — Գնա՞մ:

ԳՈՒՇԱԿ — Գնացողը դու ես:

ՃԱՄՓՈՐԴ – Ի՞նչ վճարեմ:

ԳՈՒՇԱԿ — Ինչ մտքովդ անցնի: Հիմա ինձ լսիր: Դու երբեք չես զղջա այսօրվա համար, բայց երբեմն երազ կտեսնես` միշտ նույն երազը: Քաղաք, որ չի կարող փախչել: Դու երբեք չես զղջա, բայց այդ երազից հետո մահ կփնտրես: Գնա:

Ճամփորդը մոտենում, առանց ընտրելու վերցնում է ճանպրուկներից մեկն ու դուրս վազում:

Տեսարան. Գուշակ, Կայարանապետ:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — (վերցրած ճամպրուկի տեղը նորն է դնում, շրջվում է դեպի Գուշակը): Նոր մեկը գլխապատառ թռավ շարժվող վագոնը: Քո մոտից էր դուրս պրծել, հաստատ: Ինչպե՞ս ես համոզում դրանց:

ԳՈՒՇԱԿ — Ես ընդամենը ամրապնդում եմ նրանց համոզմունքը: Այս աթոռին դեռ չի նստել մեկը, ով նախապես չի իմացել անելիքը:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Չգիտեմ, չգիտեմ… Դու քո գործի վարպետն ես, ամեն ինչին արդարացում կգտնես: Իսկ ես դեռ չտեսնելու եմ տալիս արածդ, որովհետև կա Վերին Ատյանի հրամանը:

ԳՈՒՇԱԿ — Հրամանը որ չլիներ, ի՞նչ էիր անելու:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Քեզ արժանի մի բան կմտածեի:

ԳՈՒՇԱԿ — Եթե արդեն չես մտածել: (Հաշտ:) Արի բախտդ գուշակեմ:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Ավելի լավ է` Հավաքարարի բախտը գուշակիր, գոնե մեկ անգամ:

ԳՈՒՇԱԿ — Դա քո իմանալիքը չէ: 

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Գլխիդ փորձանք ես բերելու: 

ԳՈՒՇԱԿ — Լինելիքը կլինի: (Դադար:) Նստիր, շունչ քաշիր: Մի վախենա, չեմ գուշակի: Երեկ Որոնողը եկավ:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Չեկավ: Բերեցին:

ԳՈՒՇԱԿ — Բերել կա` հարյուր գալ արժե: Լսիր, շատ բան եմ տեսել, բայց որ փայտե դագաղը ժանգոտեր… 

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Քոնը` գուշակելն է ու քաղաքի մարդկանց ճամփաներին մատնելը: Քիթդ ուրիշ տեղ չխոթես, Վերին Ատյանի հրահանգը չունես:  

ԳՈՒՇԱԿ — Ինչ ասացի՞ որ… Իմ այստեղ լինել-չլինելը ի՞նչ կփոխեր:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Գնացողները գոնե այդքան համոզված չէին գնա:

ԳՈՒՇԱԿ — Դա Վերին Ատյանի կամքն է:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — (կիսաձայն): Ոչ ոք այդքան մոտիկ չէ Վերին Ատյանին, որքան դու: Մարդ եղիր, գոնե ինձ ասա, ո՞րն է նրա նպատակը:

ԳՈՒՇԱԿ — (զգուշավոր): Ի՞նչ նպատակ… Չհասկացա:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — (մենախոսում է` առանց երանգի ու հարցականի: Միալար, անկիրք մենախոսություն): Հասկացար: Գոնե ինձ ասա ինչու ներս թողեց ճամփաների վարակը ինչու չարգելեց առաջին հեռացողին ինչու այդքան հեռացողներից գոնե մեկին չափսոսաց մեկի համար չտխրեց մեկին չճանապարհեց որ հետո վերադարձին սպասեր ինչու դարպասները գիշերով փակել տվեց միթե չգիտեր որ վերադարձողները գիշերով են վերադառնում…

ԳՈՒՇԱԿ — Ինչո՞ւ են գիշերով վերադառնում:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Որովհետև լուսաբացին են հեռացել:

ԳՈՒՇԱԿ — (ֆշշում է): Ի՞նչ է մտքինդ: Ի՞նչ ես կպել քո հիմար հարցերով: Սրա՜ն տեսեք, Վերին Ատյանին է ուզում հասկանալ: Ինչ է, վա՞տ ես ապրում, քաղաքում մնացածնե՞րն են վատ ապրում: Ընդհակառակը, գիշերները հանգիստ քնում են, որովհետև տեր կա, փակ դարպասներ կան, ամեն շուն ու շնվոր չի խանգարի նրանց քունը: Վերին Ատյանը ինչ անում է` քաղաքի ուզածով է անում: 

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ – Ինչքա՜ն եք լկտիացել… պարտադրանքն արդեն որպես անհրաժեշտություն եք ներկայացնում: Չե՞ք տեսնում, որ մարդիկ առաջվանը չեն: Երկար գիշերին հաջորդած կեսօրը նրանց խենթության է հասցրել: Ինչքա՞ն կարելի է սպասել ու հուսալ: 

ԳՈՒՇԱԿ — Իհարկե, չի կարելի, որովհետև մահն էլ պիտի գործ ունենա:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — (սարսափած): Դուք արդեն մա՞հն եք տնօրինում:

ԳՈՒՇԱԿ — (սառը): Մենք ամեն ինչ ենք տնօրինում: Այսօր խավարում է լինելու: Եվ ի՞նչն է վերացնելու խավարումը: Արև՞ը: Իհարկե ո՛չ: Հատուկ հրամանը, սիրելի՛ս, Հատուկ հրամանը, որն արդեն Քարտուղարը թելադրում է Գրագրին:  

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — (նույն անկիրք ձայնով): Ինչ քաղաք էր աղջնակները ժանյակ էին հյուսում պարուհիները կիրակի օրերին հրապարակում պարում էին տղաները դասերից անտառ էին փախչում գրպանները վայրի միրգ լցրած վերադառնում կողքի դռնակով… ճերմակ թռչունները… (Խեղդված լռում է:)

ԳՈՒՇԱԿ — Ամեն հերթական Վերին Ատյանը քաղաքը վերաձևում է իր ուզածով: 

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Այո… Այս անգամ էլ մեր բախտը չբերեց:

ԳՈՒՇԱԿ — Լսիր, այդ պատմությունը… նախկին քաղաքի մասին:  Եղե՞լ է իսկապես, թե՞ առասպել է, ինչպես ճերմակ թռչունները:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Ես տեսել եմ այդ ամենը:

ԳՈՒՇԱԿ — Գուցե երազո՞ւմ:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Այդ դեպքում ինչո՞ւ այսօր Աղջիկը, Հարբեցողը, Զանգահարը ինքնասպան եղան: 

ԳՈՒՇԱԿ — (դադարից հետո): Դե ինչ, նրանք վերջապես կհանգստանան: Ես մի բան գիտեմ` քաղաքը նրանց փոխարինող կգտնի: Դարդ չանես:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Մխիթարո՞ւմ ես:

ԳՈՒՇԱԿ — Հիշեցնում եմ:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — (տեղից բարձրանալով): Վստա՞հ ես, որ կեսօրին խավարում կլինի:

ԳՈՒՇԱԿ — Ուզում ես իմանալ՝ Վերադարձողը վերադարձե՞լ է քաղաք:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Այո:

ԳՈՒՇԱԿ — Բոլոր դեպքերում խավարում կլինի:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — (հանգիստ): Վհուկ: (Գնում է:)

ԳՈՒՇԱԿ — (նրա ետևից): Կայարանապետ…

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — (շրջվելով): Կրկնե՞մ:

ԳՈՒՇԱԿ — Չարժե: Այս գիշեր մենակ եմ, կարող ես գալ:

Տեսարան. Գուշակ, ևս մեկ Ճամփորդ:

ՃԱՄՓՈՐԴ — (դատարկ դահլիճով այնպես է անցնում, կարծես այն լեփ-լեցուն է: Մեկին իբր հրում է, շրջանցում է երկրորդին, ինչ-որ բան է հարցնում երրորդին, վերջինս իբր ցույց է տալիս Գուշակին: Մի կերպ ճեղքելով մարդկանց խիտ պատը` մոտենում է Գուշակին:) Ինչ իրարանցում է… Վաղուց այսքան մարդաշատ կայարան չէի տեսել: (Թրմփոցով ընկնում է աթոռին:) Կառամատույցում մի ավելավոր վհուկ քո մասին ասաց…

ԳՈՒՇԱԿ — Եթե վհուկ է, ինչո՞ւ լսեցիր նրան:

ՃԱՄՓՈՐԴ — Հենց վհուկին պիտի լսես: Հրեշտակները երկնքում են: 

ԳՈՒՇԱԿ — Կամ գետնի տակ: Ի՞նչ ասաց ավելավորը:

ՃԱՄՓՈՐԴ — (գնահատող զննելով նրան): Մութ ուժերի հետ գործ ունես… Հավանածդ տղամարդուն անկողինդ ես քարշ տալիս ու նույն պահին նրան մոռանում:

ԳՈՒՇԱԿ — Այդքանից հետո եկար, որ գուշակե՞մ:

ՃԱՄՓՈՐԴ — Հենց դու կարող ես ասել` ինչ պիտի ասվի: Չե՞մ սխալվում:

ԳՈՒՇԱԿ — Դո՞ւ սխալվես: Ճամպրուկդ մնաց կառամատույցին:

ՃԱՄՓՈՐԴ — Հնամաշ տոպրակիս աչք տնկող չի լինի: Փակե՞մ աչքերս:

ԳՈՒՇԱԿ — Փակիր: Հիմա կքնես…

ՃԱՄՓՈՐԴ — Գիտեմ, դու սկսիր: (Տեղում անհանգիստ շարժվում է, հետո միանգամից քնում:) 

ԳՈՒՇԱԿ — (անթարթ նրան նայելով): Ինչո՞ւ ես ուզում քաղաք մտնել, այնտեղ տեսարժան ոչինչ չկա: Դու պատահական մեկն ես, պիտի խաթարես համակերպված հանդարտությունը: Ճիշտ է, կարող է փողոցներից մեկում հանդիպես ինչ-որ մեկի հայացքին: Բայց դա շատ անորոշ բան է, արժե՞ փորձության ենթարկվել: Առավել ևս, որ Վերին Ատյանը վախենում է նոր մարդ տեսնել քաղաքում: Նորի մեջ վախեցնող բան կա… (Մի պահ ինքնատիրապետումը կորցրած:) Գուցե գնա՞ս քաղաք, հա՞, գուցե քո գնալով ինչ-որ բան փոխվի, կարևոր չի՝ լավ, վատ, պարզապես շարժվի քարացած ճահիճը, կամ պարզապես հանդիպես այն միակին… (Դադար: Իրեն վերագտած:) Արթնացի՛ր: Քաղաք էիր ուզում մտնել, բայց ժամանակ չունես, գնացքդ շարժվում է: Շտապիր, քեզ շահավետ պայմանագիր է սպասում, դու կգտնես քո գործը: Երբեք չես զղջա, որ չտեսար այս քաղաքը, բայց երբեմն կցկտուր երազ կտեսնես` մեկը պատուհանի մոտ նստած ժանյակ է հյուսում… Դրանից հետո մի քանի օր ծարավից կչորանաս, ու ջուրն անգամ քեզ չի հագեցնի: Գնա: Հա, տոպրակդ ինչ-որ մեկը գցեց աղբարկղը:

ՃԱՄՓՈՐԴ — (արագ մոտենում, մի ճամպրուկ է վերցնում դարակից, ուղղվում է դեպի ելքը, ցույց տալով նոր ճամպրուկը): Չսխալվեցի, չէ՞:

ԳՈՒՇԱԿ — Դո՞ւ սխալվես…

Տեսարան. Գուշակ, Հավաքարար:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Դահլիճը ե՞րբ դատարկվեց: (Նոր ճամպրուկ է դնում հնի տեղը, դժգոհ զննում է): Այս մեկն էլ քոնը եղավ, նրան էլ տարար: Չե՞ս զզվում ինքդ քեզնից: 

ԳՈՒՇԱԿ — Չէ, քո զզվանքը երկուսիս լիուլի բավական է:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Գիտե՞ս` ինչ անցավ մտքովս: Միայն իմ ու Վերին Ատյանի բախտը չես գուշակել:

ԳՈՒՇԱԿ — Ինքնասիրությունդ շոյվե՞ց… Իզուր: Դու մեռնում ես գուշակվելու ցանկությունից, իսկ նրա պետքը չէ: Զգացի՞ր տարբերությունը: 

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Նրա ինչի՞ն է պետք քո գուշակությունը, նա լավ գիտե, որ աշխարհի բոլոր Վերին Ատյանների ճակատագիրը նույնն է:

ԳՈՒՇԱԿ — (ակամա հարգանքով): Իսկ դու` ոչի՜նչ, երբեմն մտածել կարողանում ես…

ՀԱՎԱՔԱՐԱՐ — (չլսելու տալով): Այ, եթե հասկանայի, թե ե՛ս ինչու եմ ուզում իմանալ…

Տեսարան. Նրանք և Ծառան:

Ծառան ներս է գալիս, դահլիճը նրա համար դատարկ է: Շուրջն է նայում, նստում է:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Օտարական, չե՞ս տեսնում, որ մարդկանց ոտքերն ես տրորում:

ԾԱՌԱ — Ոտքե՞րը… ո՞ւմ ոտքերը… Եվ, հետո, ես անուն ունեմ:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Իսկ ես ի՞նչ ասացի:

ԾԱՌԱ — Ասածդ չգիտեմ, բայց ես անուն ունեմ:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — (հաշտ, բայց չարախինդ): Դե, ասա անունդ:

ԳՈՒՇԱԿ — Ինչո՞ւ ես տանջում խեղճին:

ԾԱՌԱ — Ես խեղճ չեմ:

ԳՈՒՇԱԿ — Ուրեմն` անխելք ես:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Անունդ ի՞նչ էր` չլսեցի:

ԾԱՌԱ — Երեք օր է` այստեղ եմ, մեկից մարդավարի մի խոսք չլսեցի:

ԳՈՒՇԱԿ — Որովհետև ոչ մեկը չասաց այն խոսքերը, որ դու էիր ուզում լսել:

ԾԱՌԱ — (նմանակելով): Ե՜ս էի ուզում… Վաղուց մոռացել եմ` դա ինչ է:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — (չար): Չնվնվա՛ս: Միայն դու էիր պակաս ու քո մոռացված ցանկությունները: Վեր ընկիր նստարանին, մինչև գնացքդ ժամանի: Տեղից չշարժվե՛ս, կողքիններին չանհանգստացնե՛ս…

ԾԱՌԱ — Դու այստեղի վերակացո՞ւն ես: 

ԳՈՒՇԱԿ — (գոհ): Այ թե լավ գտար` փեշավոր վերակացու:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — (Ծառային): Չփորձես հավատացնել, որ սրամիտ ես: Ցանկության մասին մոռացողը սրամտել չի կարող: Դու ընդամենը ուրիշի համար արև ապահովող ես եղել: (Կռվարար:) Դագա՞ղն ինչու բերիր: 

ԳՈՒՇԱԿ — Քե՞զ պիտի հարցներ:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Բա չէ` Պարուհուն…

ԾԱՌԱ — Այսքան տարվա մեջ առաջին անգամ ե՛ս չապահովեցի այդ գրողի տարած արևը, այլ ձեր ցնդած քաղաքը:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Բերիր, մեր գլխին փաթաթեցիր սառցակալած արկղը…

ԳՈՒՇԱԿ — (արձագանքի պես): Ժանգոտած արկղը…

ԾԱՌԱ — Ոչ սառցակալած, ոչ էլ ժանգոտած… Գարշահոտ մի բան էր:

ԳՈՒՇԱԿ — (սպառնալի): Մյուս անգամ այդ բառը չկրկնես:

ԾԱՌԱ — (լպիրշ): Դո՞ւ պիտի արգելես, թե՞ այս վհուկի ասած ինչ-որ պարուհի… Գարշահոտ, նեխած արկղ էր` ամիսներով ճամփա կտրած: Իսկ ինչպե՜ս էիք ուրախացել, երբ դարպասները բացվեցին: Տոնական հագնված, ծաղկեփնջերով դիմավորեցիք ու… Դիմավորեցի՞ք: (Թեթև ծիծաղով:) Բա դեմքերը, դեմքերը, որ հիշում եմ… Ականջեականջ ձգված ժպիտները ծակված փուչիկների պես կնճռոտվեցին, ծաղիկներն սկսեցին նեխահոտ արձակել: Դագաղը տեսան ու մի ակնթարթում տոնախմբությունը վեհաշուք թաղում դարձրին: (Անձայն ծիծաղից կուչուձիգ է լինում:) 

ՀԱՎԱՔԱՐԱՐ — (նստում է նրա կողքը: Մեղմ:) Դե, դե, հանգստացիր, տղաս: Չարությունդ անզոր է, միայն քեզ կթունավորի:

ԳՈՒՇԱԿ — Դու լսիր նրան, նա չարության մե՜ծ գիտակ է:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — (անտեսելով Գուշակին): Վերջ տուր ծիծաղիդ: Ասացի` սսկվիր:

Ծառան քարանում է անբնական դիրքով: Նրանց երկխոսությունը տարօրինակ է` մեկը մյուսին չի լսում: 

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Ե՞րբ քեզ կորցրիր:

ԾԱՌԱ — Գիտե՞ս, որն է մանկության գաղտնիքը…

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Ուր որ է` քո գնացքը կգա:

ԾԱՌԱ — Երբ չես մոռանում հայրական տունդ…

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Ճամպրուկդ պատի տակ շարվածներից մեկն է:

ԾԱՌԱ — Ինը տարի է` հայրս չկա: Ժամանակ կար` քնելուց առաջ մտածում էի` հայրս իմ մասին մտածում է: Եվ հանգիստ քնում էի: Ինը տարի է` գիշերները կամ չեմ քնում, կամ չեմ մտածում… Ու վերջնականապես կորցրի ինձ…

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Կնստես կուպեում, ուղեկցորդը տաք թեյ կբերի: 

ԾԱՌԱ — Իսկ գիտե՞ս, երբ է վերջանում մանկությունը: Երբ չափահաս մարդը երեխայի անզորությամբ կարոտում է այդպես էլ չծերացած հորը…

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Հետո կքնես մինչև քո կայարանը:

ԾԱՌԱ — Ինը տարի է` սիրում եմ աշխարհի բոլոր ծեր մարդկանց: Բոլորին: Բայց այդպես էլ չծերացած հորս կարոտը մնում է…

Դադար:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — (Գուշակին): Այս մեկն է՞լ քո բաժինն է: 

ԳՈՒՇԱԿ — Խենթուկն արդեն որոշել է իմ փոխարեն:

ԾԱՌԱ — (սթափվելով): Այն գի՞ժը… Մեկ էլ տեսնեմ` մռութը կջարդեմ:

ԳՈՒՇԱԿ — Նա քո բարեկամը կդառնա:

ԾԱՌԱ — Այդպիսի բարեկամը ժանտախտից վատ է: Չգիտեմ, մեկ էլ այստեղ կգամ, բայց նրա մռութը ջարդել ուզում եմ:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Քիչ առաջ ո՞վ էր ասում, որ մոռացել է ցանկանալը:

ԳՈՒՇԱԿ — Դու մեջ մի ընկնի: Երբ ազատվում ես ուրիշի կամքի թակարդից, հիշում ես քո մասին: Այդպես չէ՞, Օտարական:

ԾԱՌԱ — Ահա, դու էլ… Այն գժի նման օտարական ասացիր: 

ԳՈՒՇԱԿ — Ես քեզ անվանեցի: Դու Օտարականը արտասանիր մեծատառով:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — (անհամբեր): Էլ ի՞նչ ես ձգում, նրան էլ գուշակիր, օրդ լրացրած կլինես:

ԾԱՌԱ — Ես սկսում եմ հասկանալ ձեր անիմաստ լեզվակռիվը: (Գուշակին.) Քո գուշակությունը ինձ համար ոչինչ է: Կարող ես ասել` ինչ մտքովդ անցնի, կամ ինչ հրամայված է ասել:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — (արագ): Որտեղի՞ց գիտես, որ հրամայված է:

ԾԱՌԱ — Մտքով անցածը հրամայականով է ասվում: (Գուշակին.) Գուշակեցի՞:

ԳՈՒՇԱԿ — (անվրդով): Գուցե շարունակե՞ս գուշակությունդ:

ԾԱՌԱ — (մարտահրավերն ընդունելով): Դու այս գիշեր տուն չես գնացել: Գողի նման թաքնվել ես ճամպրուկների ետևում ու սպասել ես: Հիմա էլ ես սպասում: Իսկ ինչպես կուզենայիր հեռու լինել այս կեղտից, դարանը մտած չսպասեիր Վերադարձողին, որ քաղաք չթողնես, գնացքով ետ ուղարկես: Վերին Ատյանի հրամանն է, չէ՞… Կուզենայիր տանը մնալ, թեկուզ լվացք անեիր: Դու դա չես սիրում, բայց հիմա ի՜նչ հաճույքով օճառափրփուրի մեջ կխեղդեիր սավաններիդ պաղ հետքերը: Ասացի՞… 

ԳՈՒՇԱԿ — Ասացիր:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — (վրեժխնդիր): Երկար գիշերից հետո նա դարան մտած բու է դառնում: Իսկ նրա լվացած սպիտակեղենից թթու սապնահոտ է փչում:

ԳՈՒՇԱԿ — Պայթես` չեմ գուշակելու անիմաստ օրերդ: Այ, եթե Օտարականը գուշակի… 

ԾԱՌԱ — (հարևանցի նայելով Հավաքարարին): Նրա՞ն գուշակեմ… Եր-բե՛ք: Իսկ դու ի՞նչ գուշակ ես, որ չգիտես` Վերադարձողը կայարան չի՛ գա: 

ԳՈՒՇԱԿ — Բայց քաղաք էլ չի՛ մտնի:

ԾԱՌԱ — Նրա գնացքը չկա՛:

ԳՈՒՇԱԿ — Զմռսված դռնակի բանալին էլ չկա՛:

ԾԱՌԱ — Նա կայարան չի՛ գալու:

ԳՈՒՇԱԿ — Բայց քաղաքում խավարում կլինի՛:

ԾԱՌԱ — (միանգամից կոտրվելով): Այո, քաղաքում խավարում կլինի:

ԳՈՒՇԱԿ — (չոր): Այսօր գործս վերջացրի:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Գնում ես լվացք անելո՞ւ:

ԳՈՒՇԱԿ — Չէ: Հացթուխը լավ օղի ունի:

ԾԱՌԱ — (համակերպված): Նոր պարանները որտեղի՞ց վերցնեմ:

ԳՈՒՇԱԿ – Համոզվեցի՞ր, որ Խենթուկը բարեկամդ է: Պարանները քաղաքապետարանից կվերցնես: Քարտուղարն արդեն դուրս է գրել քո անունով: (Հավաքարարին.) Կայարանապետին կասես` այս գիշերը չգա: 

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Նորի՞ն գտար:

ԳՈՒՇԱԿ — Հիմար: Հացթուխի օղին մի գիշերվա լիուլի կբավարարի:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Իսկ Վերին Ատյանին հաշվետվություն ո՞վ պիտի գրի:

ԳՈՒՇԱԿ — Օր կա, երբ անգամ նա է հասկանում, որ հաշվետվությունն ավելորդ է: Երբեմն կարող է մեծահոգի լինել… երբ այլ ելք չի ունենում:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Ախր, ինչո՞ւ չես գուշակում:

ԳՈՒՇԱԿ — Արդեն ասել եմ:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — (Ծառային): Իսկ դո՞ւ… (Նմանակելով:) «Եր-բեք»:

ԾԱՌԱ — Արդեն ասացի:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Լավ իրար գտաք: Երկուսդ էլ կորեք այստեղից: Վերջապես այս դահլիճը պիտի՞ մաքրվի… (Եռ գալով): Օտարական, բեռդ միայն դագա՞ղն էր: Ասում եմ` ճամպրուկ… բան… պայուսակ… Չունե՞ս:

ԾԱՌԱ — Դագաղը քեզ քի՞չ է:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Քաղաքին է քիչ, ուր մնաց` ինձ համար: Հիմա ձեռքերդ թափ տալո՞վ պիտի մտնես քաղաք: (Դավադիր:) Ճամպրուկ տա՞մ:

ԳՈՒՇԱԿ — (խղճահարված): Ի՞նչ ես քեզ պատեպատ տալիս:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Տղաս, գիտե՞ս, թե ինչ ես անում:

ԾԱՌԱ — (համառ): Կիմանամ:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Գտան քեզ` խեղճուկրակիդ, ու փորձում են նոր դուրս գրած պարաններով քեզ կապել այս քաղաքին: Քեզ, որ վաղուց կորցրել ես քեզ: Քեզ, որ ուժ չունեցար հրաժեշտ տալ այդպես էլ չծերացած հորդ…

ԾԱՌԱ — Լռիր, թե չէ…

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Ի՞նչ… Ի՞նչ կարող ես անել, դու միայն ուրիշի արևն ես ապահովել: Իսկ քո՞նն ուր է… Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ քեզ ընտրեցին ու քաղաք են ուղարկում: Քիչ առաջ մեկն ուզում էր կես ժամով քաղաք մտնել, այ, նրան չթողեցին: (Մատնացույց անելով Գուշակին:) Մեկն էլ` սա, հեռացրեց նրան:  

ԾԱՌԱ — Ինչո՞ւ հեռացրեց:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Նա մեզնից տարբեր էր, ուրիշի ստվերը չէր: Նա սխալվել չգիտեր: Նրան չթողեցին, իսկ քեզ սպասում են: Դու կդառնաս մեզնից մեկն ու կխփես քաղաքապետարանի զանգերը, մինչև մաշվեն պարաններն ու քո համբերությունը: Գնա: 

ԾԱՌԱ — (Գուշակին): Գնա՞մ:

ԳՈՒՇԱԿ — Ինչ էլ ասեմ, դու քոնն ես անելու:

ԾԱՌԱ — Իհարկե:

ԳՈՒՇԱԿ — Ուրեմն` գնացինք քաղաք:

ԾԱՌԱ — Դու գնա, ես քեզ կհասնեմ:

ԳՈՒՇԱԿ — (հասկացող շեշտով): Դրսում կսպասեմ: (Հավաքարարին.) Մենք նույնն ենք, իրար լրացնում ենք: Երկուսս էլ վախենում ենք տղամարդկանցից: Ես վախս սպանում եմ նրանց անկողինս քարշ տալով, դու` նրանցից հրաժարվելով: Այդ դեպքում ի՞նչն է մեզ բաժանում: 

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Գիշերը: Իմը` միայնակ, քոնը` դատարկ:

Գուշակը գնում է:

Տեսարան. Ծառա, Հավաքարար:

ԾԱՌԱ — Տեսե՞լ ես Վերադարձողին:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Չեմ հիշում: 

ԾԱՌԱ — Ես նմա՞ն եմ նրան, գոնե մի քիչ:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Չեմ հիշում: 

ԾԱՌԱ — Վերադարձողը կայարան եկե՞լ է:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Չեմ հիշում:

ԾԱՌԱ — Իսկ ի՞նչ ես հիշում:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Կեսօրին քիչ մնաց: Մինչև խավարումը քաղաքում պիտի լինես:

ԾԱՌԱ — Իսկ եթե խավարում չեղա՞վ:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Հույս չունենա՛ս: Քանի դեռ հեռացողները ընդամենը վերադարձող են, խավարումը քաղաքինն է:

Տեսարան. Հավաքարար, Կայարանապետ:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Ի՞նչ ասաց Գուշակը:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Գիշերը մոտը չգնաս: Հացթուխը լավ օղի ունի, կլուսացնի նրա հետ:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Իսկ հաշվետվությունը ո՞վ է գրելու:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Հոգսդ դա՞ է:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Ուրախ եմ, որ խավարումի օրերին քաղաքում չեմ լինում:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Վերջին անգամ ե՞րբ ես եղել:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Ոչ մի անգամ: Կարևոր օբյեկտը չեմ կարող անտեր թողնել: Իսկ դո՞ւ:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Շատ անգամներ:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Եվ ի՞նչ…

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Ոչինչ:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Ո՞նց թե… Բա ասում են… պատմում են, որ խանութները` փակ, երկնքից գույնզգույն թելեր ու հուլունքներ են թափվում, կենդանիների աչքերը սև փալասով կապած, բնակիչները վախից խենթացած… 

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Այդպես եղավ մեկ անգամ, առաջին հեռացողից հետո: Միայն մեկ անգամ: Հիմա կեսօրին որ գնաս քաղաք, խանութները բաց են, կենդանիները` բաց աչքերով, մարդիկ` միադեմ ու միանման հայացքներով:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Իսկ Վերին Ատյանի Հատուկ հրամա՞նը:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Ծիսակարգի պես մի բան է, ոչ ոք ուշադրություն չի դարձնում:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Ոչինչ չեմ հասկանում: 

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Ավելի ճիշտ` չես հիշում: Ամեն խավարումից առաջ պատմում եմ, խավարումից հետո մոռանում ես:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Բայց Հացթո՞ւխը, Աղջի՞կը, Հարբեցո՞ղը… Մյուսնե՞րը…

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Նրանք վերջիններն էին, որ հիշում էին: 

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Ասածներդ քիչ հետո կմոռանամ, բայց մի բան կհիշեմ հաստատ…

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Միայն չսկսես հայհոյել Վերին Ատյանին:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Իմը հայհոյելն է:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Դարպասները հայհոյանքով չեն բացվի: 

Տեսարան. Նրանք, ևս մի Ճամփորդ:

ՃԱՄՓՈՐԴ — Ասացին` այստեղ գուշակ կա:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Քո ինչի՞ն է պետք: Ճամպրուկդ առ ու գնա: Միևնույն է, գնալու ես:

Ճամփորդը վերցնում է մի ճամպրուկ ու դուրս գնում:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — (սովոր շարժումով հնի տեղը նոր ճամպրուկ խցկելով): Գուշակին ես ասում… նրանից պակասը չես: Լա՜վ էլ ճանապարհում ես:

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Քաղաքին պատահական մարդ պետք չէ: Քաղաքը սպասում է Վերադարձածին:

Տեսարան. Ամայի տարածություն: 

Խենթուկը այնպես է նստել է գետնին, ասես հենվել է երևակայական ծառին: 

Հայտնվում է Գրագիրը:

ԽԵՆԹՈՒԿ — (աչքերը փակ): Պանդոկապանին կասես` գիշերը դուռը փակի: 

ԳՐԱԳԻՐ — Էլ դարդ չունես, մնացել էր պանդոկի դուռը: (Մտերմաբար:) Կյանքում այսքան խմած չկայի: Շան պես հարբած եմ: Մեկը լիներ, ասեր` ո՞ւր եմ գնում:

ԽԵՆԹՈՒԿ — Պանդոկ: Այնտեղ քեզ սպասող թախտ ունես, լիքը բաժակ: Ու անվերջ խոսքակռիվ Պանդոկապանի հետ: 

ԳՐԱԳԻՐ — Հոգնել եմ…

ԽԵՆԹՈՒԿ — …շան պես:

ԳՐԱԳԻՐ — Ինչ էլ գիտես:

ԽԵՆԹՈՒԿ — Միայն դա՞… Իսկ չե՞ս ուզում իմանալ, ինչ եղավ Վերադարձողը:

ԳՐԱԳԻՐ – Շա՛տ: Այնքա՛ն շատ, որ կարող եմ հրաժարվել իմանալուց: Քաղաքում դեռ փնտրում են նրան, բայց ի՞նձ ինչ… Հիմա ես անվերջ կռիվ ունեմ ու անհաշիվ բաժակներ, որոնց հատակում կխեղդեմ թերահավատությանս վերջին փշուրները: Մեզնից ամեն մեկն իր անելիքն ունի: 

ԽԵՆԹՈՒԿ — (անթաքույց ծաղրով): Եվ ի՜նչ եռանդով է կատարում այն:

ԳՐԱԳԻՐ — Գոնե դու լռիր… Մոռացե՞լ ես, Ծաղրածու էիր Վերին Ատյանի մոտ: Համոզված էիր, որ ծաղրածուի իրավունքով կկարողանաս նրան ասել այն, ինչ մտածում էինք բոլորս: Եվ ի՞նչ… Մի օր քեզ դուրս քշեցին` գույնզգույն հանդերձանքդ պատառոտած, թասակիդ զանգուլակները` համրացրած: Իսկ ի՞նչ արեցիր դու, բողոքեցի՞ր, ընդվզեցի՞ր… Չէ մի չէ՜… Ընդամենը ծաղրածուի թասակդ փոխեցիր Խենթուկի դիմակով: Ու քաղաքը հավատաց, որ իր գիժն ունի: 

ԽԵՆԹՈՒԿ — (ծուլորեն): Վատ չէ, ուրեմն ոմանց դեռ գժի ասելիքը պետք է:

ԳՐԱԳԻՐ — Մխիթարվիր դրանով: Իսկ Վերադարձողի հե՛րն էլ անիծած… Այսօ՛ր: Այսօր ճամփաները խաղաղ են լինելու, գիշերը` սովորական: Կարճ դադար, իսկ վաղը… Նորից նույնը կլինի` անվերջ ու հոգնած մի պատմություն: Գնամ, Պանդոկապանը սպասում է… Մեկ-մեկ արի պանդոկ: (Հեռանում է:)

ԽԵՆԹՈՒԿ — (իբր գրկում է ծառի բունը): Դու լսում ես ինձ, գիտեմ, միայն չգիտեմ, թե ինչպես կարողացար այդ վերջին քայլն անել… Ես էլ եմ հոգնել, բայց ի՞նչ անեմ: Ես կարող եմ միայն ամեն օր կախվել չեղած գոտիով: Ամեն ինչ սուտ է, անգամ քիչ հեռվում դարանած քաղաքը, որն այնքան սիրում եմ ու ատում եմ կրկնակի: Դե, լավ, էլ չեմ խոսի, կհենվեմ քեզ ու կլսեմ սրտիդ խուլ զարկերը…

Տեսարան. Խենթուկ,  Քարտուղար:

ԽԵՆԹՈՒԿ — Էլի՞ անքնությունդ բռնել է:

ՔԱՐՏՈՒՂԱՐ – Չսկսե՛ս… Զբոսնում էի, մոռացա ժամանակի մասին: 

ԽԵՆԹՈՒԿ — Դարպասները փակել են:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Ի՞նձ էին սպասելու, որ դարպասները փակեին:

ԽԵՆԹՈՒԿ – Հա՛… Թևքիդ կպած արծաթավուն փոշին մաքրիր:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Աչքիդ է երևում: Էլ նստելու տեղ չկա, այս ծա՞ռն էր մնացել:

ԽԵՆԹՈՒԿ — Տես, է՛, իսկ Գրագիրը ծառը չտեսավ:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — (արհամարհանքով): Լավ է, գոնե քեզ է տեսել: Ես էլ այդքան խմեի` ծառ չէ, քեզ էլ չէի տեսնի: Մի կողմ քաշվիր, նստեմ:

ԽԵՆԹՈՒԿ – Հեռո՛ւ: Աղջկան հանգիստ թող, գոնե հիմա: (Տեղից բարձրանալով:) Գնանք քաղաք: 

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Ասա` պանդոկ: Դարպասները փակ են: Իսկ պանդոկում մի գիշերվա խմիչք կգտնվի: 

ԽԵՆԹՈՒԿ — Արի, արի, ամեն ինչ չէ, որ հրամանի է ենթարկվում: Հրամանը ավելի շատ է սպասում անհնազանդության, քան դու ես մտածում:

Մոտենում են երևակայական դարպասներին: Խենթուկը հրում է` փակ են: Սկսում է հարվածներ տեղալ` ապարդյուն: 

ՔԱՐՏՈՒՂԱՐ — (ծուռ ժպիտով հետևում է): Հիմա քաղաքը կարթնանա:

ԽԵՆԹՈՒԿ — Քնած պիտի լինի, որ արթնանա: Ի՞նչ ես գույնդ գցել, օգնիր:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Գերադասում եմ լինել դիտողի դերում:

ԽԵՆԹՈՒԿ — Մինչև ե՞րբ ես սարսափելու հրամանից: (Մոտենում է երևակայական զմռսված դռնակին: Կամաց հրում է: Լսվում է խուլ ճռինչ, ապա` բացվող դռնակի ձայն:) Ինչո՞ւ Վերադարձողը չմոտեցավ դռնակին:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Իսկ ուզո՞ւմ էր մոտենալ:

ԽԵՆԹՈՒԿ — Իսկապես… Երևի գիտեր, որ իր փնտրածը չկա:

Խենթուկը կռանալով ներս է մտնում: Քարտուղարը մաքրում է թևքի փոշին, ինքն էլ 

կռացած փորձում է ներս մտնել: Լսվում է թխկոց` ճակատը խփել է քիվին: Նույն ծուռ ժպիտով շփում է ցաված ճակատը, առանց կռանալու մտնում է ներս: Լսվում է փակվող դռնակի ձայնը:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։