Մհեր ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ / ԿՈՆՇԵՆՑԻԱ

 

ՙԿոնշենցիան՚ իմ առաջին պիեսն է՝ առաջին քայլս

դրամատուրգիայի աշխարհում: Կյանքը բոլոր բեմերի հայրն է և բոլորս խաղում ենք՝ ապրելով:

Կերպարները բեմի վրա հենց այնպես չեն ընտրվում.

նրանք յուրաքանչյուրիս ներսում են:

Երբեմն հայտնվում ենք իրավիճակներում, երբ բոլոր ելքերը փակուղի են թվում: Ի՞նչ անել, ո՞ւր գնալ, ո՞ւմ կանչել… Իսկ եթե իրե՞նք են գալիս անսպասելի…

Վերջակետի նշանը երբեք չեմ սիրել, որովհետև կյանքը շարունակվում է, քանի դեռ ապրում ենք:

 

 

ԿՈՆՇԵՆՑԻԱ

Դրամատիկ աբսուրդ մեկ գործողությամբ

 

 

Գործող անձինք

ԱՐԹՈՒՐ — վարձով միայնակ ապրող երիտասարդ,

հաշվապահ

ՌՈԲԵՐՏ — Արթուրի ընկերը, տաքսիստ

ՆՈՆ ՍՈՒԲԴԻՏՈՍ — առաջին հյուրը՝ անհայտ հյուրերի մեծավորը

ԻՆՖԻՐՄԻ — անհայտ հյուր

ԻՆԵՐՍ — անհայտ հյուր

ԿԱԼԴԻՉԵՐԵԲՐԻՈՒՍ — անհայտ հյուր

ԿՈՆՇԵՆՑԻԱ — վերջին անհայտ հյուրը՝ մի խեղճ աղջիկ

 

ՏԵՍԱՐԱՆ ԱՌԱՋԻՆ

Բեմում՝ մեկ սենյականոց կիսամութ, թափթփված բնակարան:  Ձախ կողմում խոհանոցն է: Բանալին չխկում է դռան մեջ: Ներս է մտնում Արթուրը, միացնում է էլեկտրական լույսը: Հագին շապիկ է, ջինսե տաբատ, թեթև կոշիկներ:

Սենյակի ձախ պատի մոտ՝ լուսամուտի տակ, սեղանն է, մի քանի աթոռ: Սեղանի վրա՝ կիսադեղնած տերևներով ծաղիկ, որի մի քանի չորացած տերև ընկած է հատակին, նոթբուք, մեծ ականջակալ, լցված մոխրաման, օղու բաժակներ, վարունգի թթու՝ ափսեի մեջ, կոկա-կոլայի կիսատ շիշ, անձեռոցիկների տուփ, կրակայրիչ, ձեռքի ժամացույց, թղթի կտոր: Երկու թիկնաթոռ՝ սենյակի կենտրոնում,

որոնց վրա ցանուցիր շորեր են թափված: Զգեստապահարան,

աջ կողմում՝ չհարդարված մահճակալ:

ԱՐԹՈՒՐ — (մոտենում է սեղանին, վերցնում թղթի կտորը: Ինքնահեգնանքով): Խզբզեցիր, պլանավորեցիր… Հը՞, կատարեցի՞ր…

Թուղթը ճմրթում, շպրտում է սեղանին: Հանում է բաճկոնը, գցում կախիչին, վերցնում է մոխրամանը, նստում մահճակալին, ծխում է: Բջջային հեռախոսը զանգում է:

ԱՐԹՈՒՐ — (հանում է հեռախոսը գրպանից, նայում էկրանին, գցում է մահճակալի վրա): Տնեցի՞ք ինչ են ուզում… Մի լավ բան չկա պատմելու… (Պառկում է մահճակալին:)

Դռան թակոց:

ԱՐԹՈՒՐ — (ծուլորեն վեր է կենում, բացում է դուռը): Ռոբե՞րտ… Չգիտեի, որ գալու ես:

ՌՈԲԵՐՏ — (հագնված է Արթուրի պես, բայց գլխին հովհարավոր գլխարկ է: Ներս մտնելով՝ ժպտում է): Չէի՞ր սպասում: Ուղևորս հարևան շենքում է ապրում: Սուրճ ունե՞ս, գլուխս պայթում է:

ԱՐԹՈՒՐ — Հա: Արի: (Դուռը փակում է, գնում խոհանոց, սուրճ է եփում:)

ՌՈԲԵՐՏ — (դժգոհ նայելով շուրջը՝ նստում է, հանում գլխարկը): Գոնե մոխրամանը դատարկիր:

ԱՐԹՈՒՐ — (սուրճով բաժակները ձեռքին մտնում է սենյակ): Էլի սկսեցի՞ր: Ապրում եմ, ինչպես ինձ հաճելի է: Չե՞ք հոգնում նույն բանն ասելուց… Ափսոս, որ Հին Հունաստանում չես ծնվել:

ՌՈԲԵՐՏ — Ինչի՞:

ԱՐԹՈՒՐ — (նստում է մահճակալին՝ Ռոբերտի դիմաց): Մաքրության աստվածը կլինեիր՝ Զևսի, Պոսեյդոնի ու մնացածի կողքին: Կլինեիր Ռոբերտոսը: (Ծիծաղում է, վառում սիգարետը, աղմուկով կում անում սուրճի բաժակից:)

ՌՈԲԵՐՏ — Քեզ հաճելի՞ է, երբ տունդ խոզանոց է:

ԱՐԹՈՒՐ — Հաճելի է: Խոսելու բան ունեմ:

ՌՈԲԵՐՏ — Ասա:

ԱՐԹՈՒՐ — Պարտքով փող է պետք: Աշխատավարձս ստանամ…

ՌՈԲԵՐՏ — Աշխատավարձդ կստանաս, կտաս հին պարտքերդ, որ տեղ բացես նորերի համար… Մինչև ե՞րբ:

ԱՐԹՈՒՐ — Հիմա կտա՞ս, թե՞ չէ:

ՌՈԲԵՐՏ — Ընկերս ես, ո՞նց չտամ: Վաղը կփոխանցեմ բանկային քարտիդ:

ԱՐԹՈՒՐ — (ոգևորված վեր է կենում, փորձում Ռոբերտի ճակատը համբուրել): Կարգի՜ն տղա, անգի՜ն ընկեր:

ՌՈԲԵՐՏ — (ընդդիմանալով): Գիտես, որ պաթոս չեմ սիրում:

ԱՐԹՈՒՐ — (դեռ ոգևորված՝ նստում է մահճակալին): Բայց պաթոսը լավ բան է:

ՌՈԲԵՐՏ — Պաթոսը որոշներին փրկում է, որոշներին էլ կործանում, մանավանդ տաքգլուխներին:

ԱՐԹՈՒՐ — (քիչ հուզվելով): Ես տաքգլո՞ւխ եմ:

ՌՈԲԵՐՏ — Քո լեզվով ասեմ, հաշվապա՛հ ջան: Հիմա ավտոմեքենադ քեզ համար միայն պասիվ է, որ գլխիդ պարտքեր է կուտակում, բայց դու հանկարծ որոշեցիր և ունեցար այն: Էլ չասեմ մնացած անհասկանալի արարքներիդ մասին, որոնք մեծ պաթոսով անում ես և օրեր անց հասկանում, որ պետք չէին: Հը՞, տաքգլխություն չէ՞:

ԱՐԹՈՒՐ — (նեղացած է, բայց փորձում է կրկին ոգևորվել): Լա՜վ դե… Էլի նոթերդ կիտեցի՞ր: Լսե՞լ ես Էնիգմայի վերջին գործը: Հրա՜շք է: Ո՞ւր է նոթբուքը… (Վեր է կենում  նոթբուքը վերցնելու:)

ՌՈԲԵՐՏ — Թող մնա հետո: Էնիգման վերացրել է քեզ կյանքից… Ի՞նչ կա Սոնայից:

ԱՐԹՈՒՐ — (լրջանում, նստում է մահճակալին): Ինչի՞ հանկարծ հիշեցիր: Մի քանի օր է՝ չենք շփվում:

ՌՈԲԵՐՏ — Ինչի՞ չեք շփվում… (Նշանակալից:) Չնայած գիտեմ…

ԱՐԹՈՒՐ — Ու ի՞նչ գիտես:

ՌՈԲԵՐՏ — Աղջիկը կյանքի ամուր և հուսալի հենարան չի տեսել՝ հանձին քեզ:

ԱՐԹՈՒՐ — Վե՛րջ տուր: Նա ասաց, որ սկզբում սիրել է ինձ…

ՌՈԲԵՐՏ — Իսկ հետո՞…

ԱՐԹՈՒՐ — Հետո հասկացել է, որ այլևս ոչինչ չի զգում:

ՌՈԲԵՐՏ — Առանց պատճառի նման բան չի կարող լինել: Պարզապես քեզ չի ասել ճշմարտությունը:

ԱՐԹՈՒՐ — Առանց պատճառի կարող է լինել, հաշվի առնելով, որ նա ընդամենը աղջիկ է: Աղջիկներին հասկանալը շատ դժվար է, իսկ կնոջ առեղծվածի մասին խոսել են մեծ փիլիսոփաները, բանաստեղծները: (Վառում է սիգարետը՝ սեփական խոսքերից ոգևորված:)

ՌՈԲԵՐՏ — (ժպտում է): Նա չի ասել ճշմարտությունը, քանի որ բարեկիրթ է:

ԱՐԹՈՒՐ — (այլ տոնով): Օղի բերեմ, խմենք մի քանի բաժակ ու թուլանանք:

ՌՈԲԵՐՏ — Չեմ ուզում, տաքսին ինձ է սպասում:

ԱՐԹՈՒՐ — Էս ժամի՞ն:

ՌՈԲԵՐՏ — Ժամն ի՞նչ էական է: Ամեն ժամս պլանավորված է, գիտես, որ ցերեկները երեք-չորս ժամ պարապում եմ, որ ծրագրավորող դառնամ, ու կդառնա՛մ, չկասկածե՛ս: Երե՞կ չես խմել:

ԱՐԹՈՒՐ — Հա, երկու դասընկերներս էստեղ էին: (Ծիծաղում է:) Դպրոցական օրերն էինք հիշել:

ՌՈԲԵՐՏ — Ամեն օր հարբո՞ւմ ես:

ԱՐԹՈՒՐ — Չեմ հասկանում, դու իմ ընկե՞րն ես, թե՞ թշնամին: Փոխանակ պլաններ կազմենք կյանքում բարձունքների հասնելու համար, եկել ու ինչեր ես խոսում:

ՌՈԲԵՐՏ — Որովհետև միայն բարձունքների մասին կարող եմ խոսել քեզ հետ, ու էդպես գուցե հարյուր տարի: Ուզում եմ, որ նպատակ դնես քո առաջ ու սկսես ապրել հանուն նպատակիդ:

ԱՐԹՈՒՐ — Էլի սկսվե՜ց: Ես ինչ-որ մեկիդ կյանքը քննադատո՞ւմ եմ: Ոնց որ մեղավոր աշակերտ լինեմ՝ դպրոցի ուսուցչանոցում նստած: Միայն խրատեք ու քննադատեք: Կարո՞ղ է հոգեկան անբավարարվածություն ունեք ու էսպես եք լրացնում ձեր բացը: Մոռանո՞ւմ ես, էս բնակարանը վարձել եմ, որ մենակ ապրեմ ու ինքնուրույն: Ինչ է, չէի՞ կարող քույրերիս հետ ապրել ու նրանց ծախսերը պակասեցնել: Դա զոհողություն չէ՞, նպատակ չէ՞: Չնայած դա չես հասկանա…

ՌՈԲԵՐՏ — Ոչ թե զոհողություն, այլ էգոիզմ: Քո արարքն իրոք նպատակային կլիներ, եթե քայլեիր դեպի նպատակը, բայց միայն նստել ես ու ալարում ես: Ամեն ինչ շատ պարզ է. դա արել ես, որ հարազատներիդ քննադատությունից հեռու լինես: Անբուժելի էգոիստ ես:

ԱՐԹՈՒՐ — (վիրավորված ծիծաղով): Էգոի՞ստ: Դաժանն ու անմարդկայինը մոռացար… Ուզում ես ասել, որ մարդ չե՞մ: Հացիս վերջին պատառը կկիսեմ մուրացկանների ու շների հետ: Է՞լ ինչ է պետք մարդ մնալու համար…

ՌՈԲԵՐՏ — Դա շատ քիչ է, որ մարդ կոչվես: Հավատա, աննպատակ բարիները շատ են: Մարդուն նրա մղած պայքարով են հարգում՝ ազնիվ պայքարով, բայց պայքարո՛վ: Երբ չկա պայքար, ազնվությունդ ու բարությունդ սկսում են միայն ապտակել քեզ, մինչև որ մեկ օր հոգիդ վերջնականապես խռովում է բոլորից: Իսկ գիտե՞ս, որն է մարդու ամենավեհ առաքելությունը:

ԱՐԹՈՒՐ — Ո՞րն է:

ՌՈԲԵՐՏ — Պայքարի հետ մեկտեղ երբեք չսպանես խիղճդ: (Արթուրը քմծիծաղում է:) Իսկ դու բարությունդ ամեն տեղ կշռայլես, միայն թե հոգևոր անդորրդ չխանգարվի: Դա նույնպես էգոիզմ է: Երեսուն տարեկան ես, ի՞նչ ես ստեղծել կյանքում… չես էլ փորձում: Միայն խմես, ծխես ու փուչ երազես: Ծնողներդ մեքենա գնեցին քեզ համար. գոնե տաքսի քշիր:

ԱՐԹՈՒՐ —  Տաքսի քշելը չի կարող ծառայել իմ նպատակին:

ՌՈԲԵՐՏ — Իսկ ո՞րն է քո նպատակը: (Վեր է կենում, գլխարկը դնում, գնում դեպի դուռը:) Ասածներիս մասին լավ մտածիր: Էնպես չանես, որ հազիվ ճարած աշխատանքդ էլ կորցնես: Մենակության ես տենչում, բայց Աստված չանի, որ իսկապես մենակ մնաս:

ԱՐԹՈՒՐ — (Ռոբերտին ուղեկցելով): Մենակ չեմ մնա: Գերեզմանիս կգաս ու  շիրիմիս քարոզ կարդաս: (Բացում է դուռը):

ՌՈԲԵՐՏ — Վաղը փողը կփոխանցեմ: (Գնում է:)

ԱՐԹՈՒՐ — (նստում է մահճակալին՝ այլևս չթաքցնելով զայրույթը): Գնա՛ ու տաքսիդ քշիր, չստացվա՛ծ հոգեբան… Մի անգամ էլ էսպես ելույթ ունեցավ՝ գլուխը ջարդելու եմ: Հերի՛ք եղավ արդեն… (Ձեռքերով ծածկում է աչքերն ու հեկեկում:)

 

ՏԵՍԱՐԱՆ ԵՐԿՐՈՐԴ

Նույն բնակարանն է: Արթուրը հագուստով քնել է: SMS է գալիս բջջային հեռախոսին:

ԱՐԹՈՒՐ — (արթնանում է, ծանրորեն նստում, վերցնում հեռախոսը,  էկրանին կարդում է): ՙՈր հայրիկը զանգում է, ինչի՞ չես պատասխանում: Եթե քեզ օրեր շարունակ չի հետաքրքրում, թե ինչպես են ծնողներդ, գոնե նրանց զանգերին պատասխանիր, որ չանհանգստանան՚: (Վառում է սիգարետն ու պատասխան գրում:) ՙԿարող եմ չզանգել կամ զանգերին չպատասխանել, բայց ավելի շատ սիրել հայրիկին ու մայրիկին, քան դուք, որ ամեն օր զանգում եք՚: (Բարկացած գցում է հեռախոսը կողքը, շարունակում ծխել: Դադար: Տեղից ելնում, զգեստապահարանից հանում է  փոքրիկ թղթե կապոց, ծխելու հարմարանք, հոտոտում է կապոցի զանգվածը:) Պետք է որ լավը լինի: Ցրվել է պետք… (Միացնում է նոթբուքը, հնչում է Էնիգմա խմբի ՙPharaգh’s dream՚-ը: Նստում է սեղանի մոտ, մոլուցքով ծխում զանգվածից:)

Դադար:

ԱՐԹՈՒՐ — (վերջացնում է ծխելը, հարմարանքն ու կապոցը դնում տեղը: Նստում է մահճակալին:) Անպետք բան էր, ոչինչ չփոխեց: (Կիսապառկում է, փորձում քնել:)

Դռան թակոց:

ԱՐԹՈՒՐ — (նստում է տեղում): Ի՞նչ է մոռացել: Հեռախո՞սը… վերցրել է: Սիգարե՞տը… չի ծխում: Մեքենայի բանալի՞ն… էստեղ չէ: Հա՛, քարո՜զն է կիսատ մնացել… (Դանդաղ գնում, բացում է դուռը, զարմացած ետ քաշվում:)

Նոն Սուբդիտոսը կտրուկ առաջ է գալիս, կանգնում Արթուրի առաջ: Ցինիկ  տղամարդ՝  հագին ջինսե ճղճղած տաբատ, սրածայր կոշիկներ, ճմրթված վերնաշապիկ: Տեսքը՝ երկար քիթ, մեծ, սուր ականջներ, ներս ընկած ու սեղմված շրթունքներ, մինչև հոնքերն իջնող սանրվածք: Նման է խլուրդի, ձեռքին տոպրակ կա:

ՆՈՆ ՍՈՒԲԴԻՏՈՍ — (ծիծաղելով): Ողջո՜ւյն: Ուրախ եմ քեզ տեսնել:

ԱՐԹՈՒՐ — (շփոթված): Դու՞ ով ես:

ՆՈՆ ՍՈՒԲԴԻՏՈՍ —  Նոն Սուբդիտոսը:

ԱՐԹՈՒՐ — Նոն ի՞նչ…

ՆՈՆ ՍՈՒԲԴԻՏՈՍ — Նոն Սուբդիտոս:

ԱՐԹՈՒՐ — Էդպիսի անուն կա՞:

ՆՈՆ ՍՈՒԲԴԻՏՈՍ —  Իհարկե: Դու էլ Նոն Արթուրիկը չե՞ս: (Գալիս է սենյակ, տոպրակը կողքը դնելով՝ տիրաբար թիկնում է աթոռին, ոտքը ոտքի վրա գցած՝ ծխում:)

ԱՐԹՈՒՐ — (ապշած նայում է հյուրի ետևից, դուռը փակելով՝ հետևում նրան): Որտեղի՞ց ինձ գիտես: (Նստում է մահճակալի վրա՝ հյուրի դիմաց:)

ՆՈՆ ՍՈՒԲԴԻՏՈՍ — Ուրեմն գիտեմ, որ եկել եմ:

ԱՐԹՈՒՐ —  Ես քեզ չգիտեմ:

ՆՈՆ ՍՈՒԲԴԻՏՈՍ — Դու ինձ շատ լավ ես ճանաչում: (Ծիծաղում է:)

ԱՐԹՈՒՐ — (բարկացած): Արդեն ազդում ես նյարդերիս վրա: Մի անգամ էլ սեպերդ ցույց տվեցիր, հատ-հատ կջարդեմ:

ՆՈՆ ՍՈՒԲԴԻՏՈՍ — (լրջանում է): Թուլացի՛ր, հոգյակս:

ԱՐԹՈՒՐ — Ինչո՞ւ ես եկել:

ՆՈՆ ՍՈՒԲԴԻՏՈՍ — (երկիմաստ): Որ ամբողջ գիշեր արթուն մնանք:

ԱՐԹՈՒՐ — Պետք է քնեմ: Վաղն աշխատանքի եմ:

ՆՈՆ ՍՈՒԲԴԻՏՈՍ — Գիշերը քնելը պարտադիր չէ:

ԱՐԹՈՒՐ —  Երեք օր է՝ ուշանում եմ աշխատանքից:

ՆՈՆ ՍՈՒԲԴԻՏՈՍ — (փաղաքուշ): Հոգյա՜կս, ինչի՞ ես կորցնում գիշերը հանուն մի աշխատանքի, որ չես սիրում: Գիշերն էնքա՜ն գեղեցիկ մտքեր ու անելիքներ կան…

ԱՐԹՈՒՐ — (տխուր նայում է հատակին): Գիտեմ:

ՆՈՆ ՍՈՒԲԴԻՏՈՍ — Ողջունում եմ: Մենք ունենք երևակայություն, որը գիշերվա ամենագեղեցիկ սպասավորն է:

ԱՐԹՈՒՐ — Օ՜հ, ուրեմն… ուրեմն առավոտյան նորից չեմ գնա աշխատանքի և կգնամ, երբ ինքս կուզեմ: Թքա՛ծ ունեմ:

ՆՈՆ ՍՈՒԲԴԻՏՈՍ — (գոհ ծիծաղում է): Հիանալի խոսքե՜ր:

ԱՐԹՈՒՐ — (մատը բարեկամաբար թափահարում է): Բայց դու տի՜պն ես, Նոն…

ՆՈՆ ՍՈՒԲԴԻՏՈՍ — Սուբդիտոս: (Աթոռից վեր է կենում՝ վերցնելով տոպրակը:) Գնամ միսը տապակելու: Ամբողջ գիշեր կուտենք ու կխմենք:

ԱՐԹՈՒՐ — (վեր է կենում մահճակալից): Խմիչքը քիչ է, երկուսիս չի հերիքի… Գնամ, խանութից բերեմ:

ՆՈՆ ՍՈՒԲԴԻՏՈՍ — Որքան ուզես՝ խմիչք կա: Հինգիս էլ կհերիքի: Վեցերորդն էլ չի խմում:

ԱՐԹՈՒՐ — Հինգի՞ս…

Նոն Սուբդիտոսը գլուխը դրական շարժում է: Դուռը թակում են:

ՆՈՆ ՍՈՒԲԴԻՏՈՍ — (տիրաբար): Գնա՛, դուռը բա՛ց: Ես անցնեմ գործի: (Գնում է խոհանոց:)

Արթուրը բացում է դուռը, զարմացած ետ քաշվում: Երեք տղամարդ ցինիկ ժպիտով նայում են: Հագել են ջինսե ճղճղած տաբատ, ճմրթված վերնաշապիկ՝ երեքն էլ տարբեր գույնի, սուր ծայրով թեթև կոշիկներ: Մեկի ձեռքին տոպրակ կա:

ԵՐԵՔ ՀՅՈՒՐ — (միաձայն): Ողջու՜յն: Ուրախ ենք քեզ տեսնել:

ԱՐԹՈՒՐ — Դո՞ւք ով եք:

ԻՆՖԻՐՄԻ — (մեկ քայլ առաջանալով): Ես Ինֆիրմին եմ:

ԱՐԹՈՒՐ — Ո՞վ…

ԻՆՖԻՐՄԻ — Ինֆիրմին: (Տոպրակը մեկնելով:) Վերցրո՛ւ, մեջը հինգ շիշ օղի և հինգ տուփ թունդ ծխախոտ կա, ամբողջ գիշեր կհերիքի:

ԱՐԹՈՒՐ — (վերցնում է տոպրակը): Բայց… (Շփոթվում է:)

ԻՆԵՐՍ — Ի՞նչ բայց… (Մեկ քայլ առաջանալով, կանգնում է ԻնՖիրմիի կողքին): Ես էլ Իներսն եմ:

ԱՐԹՈՒՐ — Ի-նե՞րս…

ԻՆԵՐՍ — Հա:

ԿԱԼԴԻՉԵՐԵԲՐԻՈՒՍ — Անունս քեզ երևի շոկի մեջ կգցի: (Մեկ քայլ առաջանում է, կանգնում ԻնՖիրմիի և Իներսի կողքին:) Իսկ ես Կալդիչերեբրիուսն եմ: (Ծիծաղում է:)

Արթուրը ապուշ կտրած նայում է:

ՆՈՆ ՍՈՒԲԴԻՏՈՍ — (ձայն է տալիս խոհանոցից): Թող ներս գան:

Հյուրերը սենյակ են գալիս: Նկատելով խոհանոցում զբաղված Նոն Սուբդիտոսին՝ կանգ են առնում:

ԵՐԵՔ ՀՅՈՒՐ — (ուրախ ձեռքով են անում, միաձայն): Բարև, մեծավո՛ր:

ՆՈՆ ՍՈՒԲԴԻՏՈՍ — (ձեռքը բարձրացնելով): Բարի լո՜ւյս, հոգյակնե՛ր:

Հյուրերը նստում են:

ԱՐԹՈՒՐ — (շտապում է խոհանոց, Նոն Սուբդիտոսին): Ովքե՞ր են սրանք: Ի՞նչ է, բնակարանս ձեզ համար հանգստյան տու՞ն է:

ՆՈՆ ՍՈՒԲԴԻՏՈՍ — (աղ է լցնում թավայի մեջ, ժպտում է՝ չնայելով Արթուրին): Իմ Նոն Արթուրի՛կ, հոգյա՛կս: Ընկերներս են՝ շատ թա՜նկ ընկերներ: Մեկն Ինֆիրմին է, մյուսը՝ Իներսը, իսկ այն մյուսը՝ Կալդիչերեբրիուսը… Սիրում եմ այդ խելառին: (Ծիծաղում է:)

ԱՐԹՈՒՐ — Ինձ Նոն Արթուրիկ չասես, հասկացա՞ր: Ի՞նչ հիմար անուններ են, որ նույնիսկ գրքերում չեմ հանդիպել: Իսկ էդ Կալդիչիբուսը ոնց որ երջանիկ ապուշ լինի… մի գլուխ անհասկանալի ժպտում է…

ՆՈՆ ՍՈՒԲԴԻՏՈՍ — (խիստ): Կալդիչերեբրիո՛ւս:

ԱՐԹՈՒՐ — Լա՛վ, լա՛վ, չկերա ընկերոջդ: (Հեգնական:) Թող լինի Կալ-դի-չե-րե-բրիուս, դա ի՞նչ է փոխում… Ինչի՞ ասացիր բարի լույս, գիշերվա երեքն է:

ՆՈՆ ՍՈՒԲԴԻՏՈՍ — (ծիծաղում է): Մոռացա՞ր, որ մեր օրը նոր է սկսվում: (Լրջանում է:) Սեղան դիր, տապական պատրաստ է:

Արթուրը չկամորեն սպասքը տանում է սենյակ, սպասքադրում: Հայտնվում է Նոն Սուբդիտոսը:

ՆՈՆ ՍՈՒԲԴԻՏՈՍ — (թավան դնելով սեղանի կենտրոնում): Հոգյակնե՜րս, էսօր էլ սոված չենք մնա: Դե, տեղավորվե՛ք:

Երեք հյուրերը տոպրակից գոհունակորեն հանում են օղու շշերը, ծխախոտի տուփերը, դնում սեղանին: Տեղավորվում են սեղանի շուրջ՝ ձեռքներն իրար շփելով: Մեղմ հնչում է Էնիգմայի գործերից մեկը: Կալդիչերեբրիուսը օղին լցնում է բաժակները:

ՆՈՆ ՍՈՒԲԴԻՏՈՍ — (հանդիսավոր): Սիլվերսթոնի կենա՛ցը:

Հյուրերը բաժակները փութով զարկում ու խմում են:

ԱՐԹՈՒՐ — (զարմացած նայում է հյուրերին): Սիլվերսթո՞նն ով է:

ՆՈՆ ՍՈՒԲԴԻՏՈՍ — (երկիմաստ): Ինքն իրեն գիտակցաբար մահվան է հասցրել…

ԻՆՖԻՐՄԻ — Էդ հանճարեղ նիհիլիստն այլևս իմաստ չի գտել կյանքի մեջ ու ինքն իրեն սպանելով՝ բոլորից հեռացել է…

ԻՆԵՐՍ — Քարանձավի մեջ է պառկել ու օրերով ոչինչ չի արել… Դե, գիտակցված մահվան է հասել: (Բերանից լորձը թափվում է վերնաշապկի վրա:)

Արթուրը զզվանքով նայում է Իներսին:

ԿԱԼԴԻՉԵՐԵԲՐԻՈՒՍ — (բռունցքը ոգևորված վեր է պարզում): Կեցցե՛ Սիլվերսթոնը:

ԱՐԹՈՒՐ — Բայց դա ճի՞շտ է: Կփորձեր ապրել. դժվարը հենց պայքարելն է… Թույլ կամք է, էլի…

ԿԱԼԴԻՉԵՐԵԲՐԻՈՒՍ — (խայթվածի պես վեր է թռչում տեղից): Ի՞նչ թույլ կամք: Ի՞նչ ես խոսում: Գիտակցված ինքնասպանները մի բան են անում, որից մարդկության իննսունինը տոկոսը սարսափում է, էդքանը հասկանո՞ւմ ես… Նրանք կյանքի իմաստի հետ են կռիվ տալիս, հետո կամ հոգեբուժարանում են հայտնվում, կամ  սեփական կյանքին են վերջ տալիս: Էնիգմայի ձայնը բարձրացրե՛ք, ի՜նչ լավ է հնչում խոսքերիս հետ: ՙRespect՚ գործի երրորդ րոպեի հիսունհինգերորդ վայրկյանը հիշեցի, որից հետո մեր մոլորակը կործանվում է ուղիղ վաթսուն վայրկյանների ընթացքում, և բոլորս փոշիանում ենք… Հոգիս տակնուվրա է լինում… (Հանդիսավոր:) Ոչինչ այնպես չի ազդում հոգու վրա, որքան երաժշտությունը: (Ինֆիրմիին:) Սիրելի՛ս, էս անգամ դո՛ւ լցրու բաժակները, ես նորից էքստազի մեջ եմ:

ԱՐԹՈՒՐ — Հա, Էնիգման ինձ էլ… Հոգիս տեղից հանում է: Էդ երգն էլ գիտեմ, բայց… Սիլվերսթոնը… (Շփոթվում է:)

ԻՆՖԻՐՄԻ — (լցնում է բաժակները): Նրա արարքը հերոսություն է:

ՆՈՆ ՍՈՒԲԴԻՏՈՍ — (բաժակը հանդիսավոր բարձրացնում է): Երբ կյանքի իմաստից կառչում ես, հասկանում ես, որ հավերժական դատարկություն է այնտեղ, ու ոչ մի իմաստ էլ չկա: Ի՜նչ լիություն, ի՜նչ երջանկություն… (Ծիծաղում է:) Փառաբանո՜ւմ են… Չէ՜, դրանք հավերժական չեն, նույնիսկ վայրկյանը չես կարող ձեռքերիդ մեջ պահել: Միայն խավարն է հավերժական ու վաղ թե ուշ ամեն բան նորից խավարի մեջ է ընկղմվելու: Բոլոր պատմությունները, բոլորիս անուններն ու ամեն ինչը, որ գրված են աշխարհի մագաղաթե մատյանում, ոչնչանալու և մոռացվելու են: Հավերժության բոցը լափելու է դրանք: Մի հզոր ձայն նորից հռհռալու է խավարի միջից՝ ասես երբևէ ոչինչ չի եղել ու ոչ մեկս չենք եղել… Սիլվերսթոնն այդքանը հասկացավ ու այլևս չուզեցավ մարդկությանը ծառայել, չուզեցավ ստրուկ լինել, ինչ է թե՝ ուտելու է և ապրելու: Նա սեփական հոգին նվիրեց…

ԻՆԵՐՍ — (բաժակը բարձրացնում է, դեմքը բավականություն է արտահայտում): Նա կողքից է նայել ամեն մեկին ու ամեն ինչին: Թքա՛ծ է ունեցել:

Բաժակները զարկվում են իրար և դատարկվում: Հյուրերն իրենց իրադրության տեր զգալով՝ անկաշկանդ ուտում-խմում-ծխում են: Արթուրը անմասնակից է այդ ամենին:

ԱՐԹՈՒՐ — (գնում, խոհանոցից բերում է թթու վարունգի նոր բանկան): Սիլվերսթոնի արարքը կարելի է հերոսություն կոչել, եթե նա գոնե ինչ-որ բարձունք նվաճեր և միայն դրանից հետո ինքնասպանություն գործեր:

ՆՈՆ ՍՈՒԲԴԻՏՈՍ — (տենդոտ ծիծաղով): ՙՄարտին Իդե՞նն՚ ես կարդացել:

ԱՐԹՈՒՐ — Հա:

ՆՈՆ ՍՈՒԲԴԻՏՈՍ — (լրջանալով): Ամեն ինչ էլ ոչնչանալու է խավարի մեջ, նույնիսկ բարձունքները, որոնց վրա հիմա (հեգնական) ՙաշխարհի տերերն՚  են կանգնած:

ԱՐԹՈՒՐ — (զայրացած): Այսինքն՝ պետք է ոչինչ չանե՞լ: Պետք է չապրե՞լ: Էլ ինչի՞ են մարդիկ ծնվում, եթե չպետք է շարունակեն ապրել: Սա ի՞նչ սատանայական քարոզ է:

ԿԱԼԴԻՉԵՐԵԲՐԻՈՒՍ — (բռունցքը խփում է սեղանին): Ձայնդ չբարձրացնե՛ս մեր մեծավորի վրա. մենք՝ չորսս էլ, եղբայրներ ենք, իրար զգայակից ու գաղափարակից: (Նոն Սուբդիտոսին.) Ինչպե՞ս էիր կոչել սրան, մեծավո՛ր… հա՛, հասկացա՞ր, Նոն Արթուրի՛կ:

Հյուրերը քամահրական ծիծաղում են:

ԱՐԹՈՒՐ — (վիրավորված նետվում է Կալդիչերեբրիուսի վրա, բռնում նրա օձիքից): Հե՛յ, զզվելի՛, դեմքդ կջարդեմ:

Իներսն ու Ինֆիրմին փորձում են բաժանել նրանց:

ՆՈՆ ՍՈՒԲԴԻՏՈՍ — (ձեռքը տիրաբար խփում է սեղանին): Հանգստացե՛ք: Դեռ երկու շիշ օղի ունենք, երկու տուփ ծխախոտ, իսկ լուսաբացին երկու ժամ է մնացել:

Արթուրը թողնում է Կալդիչերեբրիուսի օձիքը, նստում: Զայրույթից փնչացնում է՝ նայելով հյուրերին:

ԿԱԼԴԻՉԵՐԵԲՐԻՈՒՍ — (ոգևորված ուղղում է օձիքը): Հա՛ էլի, թքա՛ծ… Հիմա մի ուրախ երգ միացնեմ, ու պարենք: (Նոթբուքով միացնում է ռետրո ոճի պարային երգ:)

Հյուրերն ինքնամոռաց պարում են, գոռգոռում, գրկախառնվում: Արթուրը նստած, զզվանքով նրանց է նայում:

Դռան թակոց: Արթուրը զարմացած նայում է դռանը, հյուրերը շարունակում են մոլեգին պարը:

ՏԵՍԱՐԱՆ ԵՐՐՈՐԴ

Հյուրերը սեղանի շուրջ նստած են: Արթուրը գնում, բացում է դուռը:

Շեմին Կոնշենցիան է. երիտասարդ գեղեցիկ աղջիկ՝ գլխահակ ու ոտաբոբիկ, անխնամ մազերը իջնում են մինչև գոտկատեղ, սպիտակ գիշերազգեստով է, բոբիկ ոտքերը բաց են մինչև ծնկները: Դեմքին, ձեռքերին և ոտքերին թարմ վերքեր են, հագուստին՝ արյան հետքեր:

ԱՐԹՈՒՐ — (խղճահարված): Քույրի՛կ, քեզ ի՞նչ է պատահել… (Դռնից ետ է քաշվում:) Նե՛րս արի, կօգնեմ քեզ:

ԿՈՆՇԵՆՑԻԱ — (ներս է գալիս, կանգնում, տխուր նայում է Արթուրին: Լացակումած): Ինձ ոչինչ չի կարող օգնել:

ԱՐԹՈՒՐ — (սրտացավորեն բռնում է աղջկա ձեռքը): Գոնե թրջոց կդնեմ վերքերին:

ԿՈՆՇԵՆՑԻԱ — Դա ինձ չի օգնի, մոռացի՛ր: Եկել եմ, որովհետև պետք է գայի…

ԱՐԹՈՒՐ — Դու ո՞վ ես:

ԿՈՆՇԵՆՑԻԱ  — Ես Կոնշենցիան եմ: Նրանք այստեղ են, չէ՞:

ԱՐԹՈՒՐ — (թողնելով աղջկա ձեռքը): Նրա՞նք… (Նայում է հյուրերին:) Դու նրանց ճանաչո՞ւմ ես:

ԿՈՆՇԵՆՑԻԱ  — Լավ եմ ճանաչում:

ԱՐԹՈՒՐ — (շփոթված): Բայց… բայց… եկել ես…

ԿՈՆՇԵՆՑԻԱ  — (վճռական): Պետք է գնամ նրանց մոտ:

ԱՐԹՈՒՐ — Նրանց մո՞տ: Էսպե՞ս… (Նայում է աղջկան ոտքից գլուխ:)

ԿՈՆՇԵՆՑԻԱ  — Այո: Նրանք միշտ գիտեն, որ գալու եմ:

Արթուրը աղջկա ձեռքը բռնած սենյակ է տանում: Հյուրերը անտեսում են Կոնշենցիային:

ԱՐԹՈՒՐ — (շշուկով՝ աղջկան): Իմ կողքին նստիր:

ԿՈՆՇԵՆՑԻԱ  — Չեմ կարող նրանց հետ նույն սեղանի շուրջ նստել: Պատի մոտ կնստեմ, իսկ դու քո տեղում նստիր, խնդրո՜ւմ եմ: (Նստում է պատի մոտ՝ աթոռին:)

ՆՈՆ ՍՈՒԲԴԻՏՈՍ — (Ինֆիրմիին): Լցրո՛ւ բաժակները: Նորից հինգի՛ս համար. սա չի խմում, սա միայն մեր համբերությունն է խմում: Ըհը՛, լուսաբացին երկար չի մնացել, բայց արդեն նստել է շնչներիս: (Աչքերի տակից կծու նայում է Կոնշենցիային:)

Հյուրերը թունավոր հայացքներով խեթում են աղջկան:

ԱՐԹՈՒՐ — Ինչի՞ եք էդպես չարացած նրա վրա: Ձեզ վատ բա՞ն է արել:

ԻՆՖԻՐՄԻ — (բաժակները լցնելով): Հոգիներս է կերել:

ՆՈՆ ՍՈՒԲԴԻՏՈՍ — (Արթուրին): Ամեն տեղ, ուր մենք ենք, հայտնվում է անկոչ հյուրի պես, մինչև որ չենք… (Նշանակալից նայում է Ինֆիրմիին:)

ԻՆՖԻՐՄԻ — (երկիմաստ ժպտում է Արթուրին): Ինչ որ անում ենք նրա հետ, 18+ է, բայց դա արդեն էական չէ: (Ձայնը բարձրացնում է:) Խոսքս հռետորական կթվա, բայց հիմա մեր մեծավորի թույլտվությամբ ե՛ս կպատասխանեմ քո հարցին, թեև քիչ էր մնում խեղճ եղբորս դեմքը ջարդեիր: Ի՞նչ էիր ասում՝  պետք է ոչինչ չանե՞լ, չապրե՞լ, կամ էլ ինչի՞ են մարդիկ ծնվում… Հենց մեծ իմաստուններն են քո հարցին պատասխանել՝ ապրիր օրդ այնպես, կարծես այն վերջինն է, և կհասնես մեծագույն երջանկությանը: Հավատա, եթե դա իմաստունները չասեին, առաջինը ես էի ասելու: Կյանքն այնքան սրիկա է, որ վաղվա օրդ կարող է չլինել: Անորոշության սուրն անդադար ճոճվում է մեր գլխի վրա: Ամեն վայրկյան վայելենք այն, ինչ մեր ձեռքերում է: Դա անհատի երջանկության պարզագույն մեթոդն է, իսկ մենք… բոլորս անհատներ ենք:

Բաժակները զրնգում են՝ իրար զարկվելով, ապա դատարկվում:

ԿՈՆՇԵՆՑԻԱ  — (հուզված): Ապրիր օրդ այնպես, կարծես այն վերջինն է, և կհասնես մեծագույն երջանկությանը… Բայց ինչպե՞ս… ինչպե՞ս կարելի է ապրել այդ վերջին օրվա, վերջին րոպեի գիտակցումով, որն, ասում են, թե մարդու առավելագույն ներուժն է խորհրդանշում: Թող ինձ ներեն այդ խոսքերն ի գիտություն դարձրած իմաստունները, բայց մի՞թե մարդը կարող է կամքի ուժ դրսևորել, եթե իր մեջ սպանել է վաղվա օրն ապրելու հույսը: (Գլուխն առնելով ձեռքերի մեջ՝ հեկեկում է:)

Արթուրը խոր կարեկցանքով նայում է Կոնշենցիային, մի պահ փորձում է վեր կենալ տեղից, բայց… մնում է նստած: Հյուրերը հայացքներով խեթում են Կոնշենցիային և դժգոհ փնչացնում: Կոնշենցիան սսկվում է:

ԱՐԹՈՒՐ — (զայրացած սեղմում է բռունցքը): Նա ճի՛շտ է ասում:

Հյուրերը գլուխները բացասաբար շարժում են: Կոնշենցիան խեղճ հայացքով նայում է Արթուրին:

ԿԱԼԴԻՉԵՐԵԲՐԻՈՒՍ — (լցնում է բաժակները, իր բաժակը բարձրացնում է): Խմե՛նք բոլոր հաճույքների ու վայելքների համար, որ մարդկային մտքի ամենավերին նվաճումներում են ապրում: Էլ ինչի՞ տքնել ու տառապել, եթե մարդը կարող է մտքո՛վ կառավարել աշխարհն ու բոլորին, ունենալ փառք և հարստություն, սիրել և տիրել ամենագեղեցիկ կանանց… Ամենազորը պա՛հն է, որ կոտրում է ժամանակի կապանքները: Ամեն ինչ հե՜շտ է, երբ կախարդական պահը ձեռքերումդ է…

ԻՆՖԻՐՄԻ — (բաժակը ձեռքին է, սիրալիր): Համբուրո՜ւմ եմ լուսապսակ ճակատդ: (Բարձրանում, համբուրում է Կալդիչերեբրիուսի ճակատը, նստում:)

ԻՆԵՐՍ — (փռված է աթոռին բութ դեմքով: Բաժակը ձեռքին է: Ծուլորեն բարձրացնում է մյուս ձեռքը): Ես է՜լ եմ համբուրում: (Օդային համբույր է ուղարկում Կալդիչերեբրիուսին:)

ՆՈՆ ՍՈՒԲԴԻՏՈՍ — (բաժակը հանդիսավոր վեր է բարձրացնում, մյուս ձեռքով քորում է մեծ քիթը): Ապրել էնպես, ոնց ուզում ես, երբեք չենթարկվե՛լ աշխարհի տխմար կարգերին ու ռեժիմներին, որ տրորում են անհատականությունը: Պետք է թքա՛ծ ունենալ և պետք է անհա՛տ լինել, անհատ՝ սա՛ռը, անտարբե՛ր: Պետք է ուղեղի՛ն լսել, ոչ թե սրտին. ախր տիեզերքի հետ մեզ հենց մեր ուղեղն է կապում, և մարդն ապագայում հենց ուղեղո՛վ է նվաճելու տիեզերքը: Փա՜ռք Սիլվերսթոնին…

Բաժակները զարկվում են իրար, Արթուրը չի միանում նրանց: Հյուրերը դժգոհ նրան են նայում և կուլ տալիս օղին:

ԿՈՆՇԵՆՑԻԱ — (արտասվալից): Սառն ու անտարբեր է այն, ինչն անշունչ է: Մարդն ապրում է, բաբախում է նրա սիրտը, հետևաբար նա չի կարող անսիրտ լինել: Նա չի կարող միայն ուղեղով և բանականությամբ ապրել, եթե նրա սիրտը չի ապրում: Ամենամարդկային արժանիքը խիղճն է, ոչ թե բանականությունը: Ձեր ասածը վերացական ու շինծու է, ինչպես ձեր այդ Սիլվերսթոնը, որին հորինել եք և կույր մոլագարությամբ ծառայում եք նրան…

ՉՈՐՍ ՀՅՈՒՐ — (կատաղի նայում են Կոնշենցիային, բռունցքները սեղմում): Լռի՛ր: Էդքան ծեծվելուց չե՞ս հոգնում, անամո՛թ, լի՛րբ… Քեզ նորից բռնաբարել է պետք… (Հարձակվում են Կոնշենցիայի վրա, անողոքաբար հարվածներ հասցնում:)

Կոնշենցիան ճչում է, կծկվում, ձեռքերով բռնում գլուխը:

ԱՐԹՈՒՐ — (վեր է թռչում տեղից): Նրան հանգի՛ստ թողեք: (Սեղանից վերցնում է մեծ դանակը, նետվում հյուրերի վրա:)

Սենյակը տակնուվրա է լինում: Տուրուդմբոց է, գոռգոռոցներ, աղիողորմ լացի ձայն: Բեմը մի պահ մթնում է, խառնաշփոթ ձայները շարունակվում են, ապա լռություն: Բեմը լուսավորվում է:

Արթուրը կանգնած է՝ շվարած ու քարացած: Արյունոտ դանակը ձեռքից սահում է, ընկնում հատակին: Հյուրերը հերթով (նույն հերթականությամբ, ինչպես հյուր էին եկել) նվաղում են, անշնչացած ընկնում հատակին: Կոնշենցիան սարսափած նայում է շուրջը, հեծկլտում:

ԱՐԹՈՒՐ — Սպանեցի նրանց: Հասկանո՞ւմ ես, սպանեցի՜ նրանց… Տե՛ս, նայի՛ր… (Ցույց տալով անշնչացած մարմինները:) Երբեք մարդ չե՛մ սպանել… Կյանքս վերջնականապես կործանեցի՜… (Գրկում է աղջկան, հեկեկում:)

ԿՈՆՇԵՆՑԻԱ — Դու փրկեցիր ինձ…

Արթուրը թողնում է աղջկան, մի պահ նայելով դիակներին՝ խելագարի պես վազում է դեպի դուռը:

ԿՈՆՇԵՆՑԻԱ — Սպասի՛ր, ո՞ւր ես գնում… (Վազում է տղայի ետևից:)

ՏԵՍԱՐԱՆ ՉՈՐՐՈՐԴ

Աջից բնակարանի գլխավոր դուռն է, դեպի ձախ՝ միջանցքի վերելակը: Արթուրը դռնից դուրս է թռչում, կանչում վերելակը, սպասում է:

ԿՈՆՇԵՆՑԻԱ — (լացող ձայնը՝ ներսից): Սպասի՛ր, սպասի՛ր…

Աղջիկը դռնից դուրս է գալիս, վազում դեպի վերելակը: Վերելակի դռները բացվում են:

ԱՐԹՈՒՐ — (աղերսանքով): Մի՛ գա ինձ հետ, Կոնշենցիա՛, սիրելի՜ս… (Արագ մտնում է վերելակի մեջ: Դռները փակվում են:)

Բեմը մթնում է:

ԿՈՆՇԵՆՑԻԱ — (մթության միջից՝ խուլ լացող ձայնը): Ես միշտ քեզ հետ եմ, միշտ քեզ հետ եմ…

ՏԵՍԱՐԱՆ ՉՈՐՐՈՐԴ

Շենքի կիսամութ բակ: Վաղ լուսաբաց: Լսվում է ծղրիդների ձայնը: Արթուրն արագ և ինքնամոռաց քայլում է:

ԿՈՆՇԵՆՑԻԱ — (խուլ լսվում է լացող ձայնը, որ արձագանքում է բեմում): Միշտ քեզ հե՜տ եմ, միշտ քեզ հե՜տ եմ…

ԱՐԹՈՒՐ — (լսելով ձայնը կտրուկ շրջվում է՝ ոչ ոք չկա): Պետք չէ, որ ոստիկանները նրան տեսնեն, նա մեղավոր չէ: Կգնամ ու կասեմ նրան, որ անմիջապես հեռանա իմ բնակարանից, դրանից հետո կհանձնվեմ ոստիկանությանը… (Վազելով վերադառնում է:)

 

ՏԵՍԱՐԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Արթուրի բնակարանն է: Ամեն ինչ այնպես է, ինչպես տարօրինակ հյուրերի այցելությունից առաջ. չկա խառնաշփոթը, չկան դիակները, չկա Կոնշենցիան: Միայն սեղանն է սենյակի մեջտեղում, կողքին աթոռը, որին նստած էր Արթուրը: Սեղանի վրա նույն առարկաներն են, որ կային առաջին տեսարանում:

ԱՐԹՈՒՐ — (սենյակ խուժելով): Կոնշենցիա՛, Կոնշենցիա՛… (Ապշահար նայում է շուրջը:) Էս ի՞նչ է… (Դանդաղ սթափվում է:) Ամեն ինչ պարզ է: (Մոտենում է պատուհանին, սևեռվում դեպի դուրս: Կտրուկ շրջվում է, նայում շուրջը, մահճակալի վրայից վերցնում է հեռախոսը, ինչ-որ բան է գրում-փնտրում:) Ի՞նչ են նշանակում էդ անունները… լատինական անվանումներ են… Էսպես ուրեմն՝ Նոն Սուբ-դի-տոս… անկարգ, Ին-ֆիր-մի… թույլ, թուլակամ, Ի-ներս… ծույլ, Կալ-դի-չե-րե-բրիուս… տաքգլուխ, Կոնշենցիա՜… խիղճ… խի՜ղճ…

Հայացքը մի պահ հառում է վեր, հուզված է, բայց ժպտում է և հանգիստ, լիաթոք շնչում: Զգեստապահարանից դուրս է բերում թղթե կապոցը, նայում է, քթի տակ ծիծաղում: Կապոցն այրում է կրակայրիչով, դնում մոխրամանի մեջ: Միառժամանակ հաղթական հայացքը սևեռում է պատուհանից դուրս, որտեղ երևում է բացվող օրվա լույսը:

ԱՐԹՈՒՐ — Բայց ի՜նչ ապուշն եմ…

 

Հունիս-հուլիս, 2020

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։