ՉԿՐԱԿԵՔ, ԵՍ ԱՐԴԵՆ ՍՊԱՆՎԱԾ ԵՄ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

(Պատմություն մեկ գործողությամբ)

Գործող անձինք

ԿԻՆ — Միջին տարիքի, խամրած ու գորշ դիմագծերով, չտպավորվող արտաքինով: Հագնված է զուսպ, համարյա գործնական աշխատան­քային խիստ ոճով՝ մինչև ծնկներն հասնող մուգ մոխրագույն փեշ ու բաց մոխրագույն վերնաշապիկ: Միայն հողաթափերն են հուշում, որ դա նրա տնային զգեստն է:

ՏՂԱՄԱՐԴ — Միջին տարիքի, հաճելի արտաքինով, ներկայանալի տեսք ունի:

Բեմը հյուրասենյակ է, երեք դռներից աջը նախասենյակ է տանում, ձախը՝ խոհանոց, դիմացինը՝ ննջարան: Բեմը դեռ մթության մեջ է, երբ երաժշտություն է հնչում՝ հետզհետե ուժգնանալով: Երաժշտությանը զուգահեռ լսելի է դառնում կանացի ձայն՝ բառերի կտորտանքով ու ճիչերով համեմ­ված. «Էլի՞ սկսեցիք… անասուննե՛ր… ես հիմա… կտրե՛ք ձայնը… թեթևսոլիկ…» և այլն: Երբ բեմը լուսավորվում է, սենյակում ոչ ոք չկա, երաժշտությունն է միայն հնչում: Խո­հանոցի դռնից նախ երևում է աթոռը, հետո՝ այն գրկած Կի­նը: Նա կատաղած է, ինչը, սակայն, նրան չի խանգարում, որ աթոռը խնամքով դնի հատակին, սեղանիկի վրայի սփռոցը ծալի, քաշի անկյուն, հետո բազմոցի վրայի ծածկո­ցը փռի սեղանիկին, դարակներից մեկի վրայից լրագիր վերցնի, դա էլ փռի ծածկոցի վրա ու նոր միայն դրանց վրա տեղադրի աթոռն այնպես, որ այն լինի սեղանիկի ճիշտ մեջ­տեղում: Այս ամենը նա կատարում է ճշգրիտ հաշվարկված շարժումներով, ինչ-որ վիրավորանքներ առաստաղի հաս­ցեին նետելով: Հողաթափերը հանում և այն է՝ բարձրանա­լու է սեղանի վրա, ինչ-որ բան է մտաբերում, հագ­նում հողաթափերն ու գնում է խոհանոց: Քիչ անց վերադառ­նում է, ձեռքում՝ գրտնակ: Հանում է հողաթափերը, բարձ­րանում սեղանիկին, այնտեղից՝ աթոռին: Այս ամենն անում է այնպիսի հմտությամբ, որ հասկանում ես՝ առաջին անգամը չէ: Կանգնում է, ճշտում հավասարակշռությունն ու սկսում գրտնակով հարվածներ տեղալ առաստաղին:

ԿԻՆ – Զզվանքնե՛ր… եսասեր միաբջիջնե՛ր… վե՛րջ տ­վեք, քանի ոստիկան չեմ կանչել… ոտքներդ դեսուդեն թափ տալուց բացի ուրիշ ինչի՞ եք ընդունակ… ասացի՝ կտրի՛ էդ ոռնոցը, միաբջիջ թեթևսոլի՜կ… գլխիդ ես հավա­քել քեզ պես այլասերվածներին ու, ո՞վ գիտե, ինչե՜ր ես անում… ու երաժշտությունն էլ զլել ես, որ անասնական հոգոցներդ հարևանները չլսեն… ասացի՝ վե՛րջ տվեք այդ վակխանալիային… (Երաժշտությունը լռում է, բայց Կինն այնքան է տարված իր կռվով, որ չի լսում վրա հասած լռությունը:) …Ո՞վ գիտե, հիմա ինչ եք անում, լույսն էլ հաստատ անջատել եք… (Մենախոսության ընթացքում անընդմեջ հարվածներ է տեղում առաս­տաղին:) …Առավոտից իրիկուն ռադիոն ու հեռուստա­ցույցը գլուխ են տանում մարդու իրավունքների մասին դատարկ բարբաջանքով… թերթերի մասին չեմ ասում… իսկ ո՞վ կպաշտպանի իմ իրավունքները… լսո՞ւմ եք, իմ-ի-րա-վունք-նե-րը՛… (Այդ պահին վերևից հարվածի ձայն է լսվում: Անակնկալի եկած Կինը լռում ու նոր է զգում, որ երաժշտությանը լռել է: Գրտնակը օդում՝ նա­յում է վերև:) Ի՞նչ… (Վերևից ևս մի հարված, և այնքան ուժեղ, որ ջահն օրորվում է:) Ախ, սրիկանե՜ր, մի դրանց տես, խփում են… խփե՛լ ցույց կտամ… հիմա ես ձեզ խփե՜լ ցույց կտամ… (Գրտնակով մի քանի անգամ խփում է առաստաղին ու սպասում: Արձագանք չկա: Մի պահ երկմտում է՝ էլի չխփի՞, բայց միտքը փոխելով իջնում է, ընթացքում շարունակելով կռիվ տալ անտեսանե­լի հակառակորդի հետ:) Այ, էդպե՛ս կսսկվեք… Մի դրա՜նց տես, առաստաղ են թակում: Միաբջիջ թեթևսոլիկը չի ուզում տակը մնալ… Անիծվե՛ք դուք… (Ան­հաջող վայրէջք է կատարել ու ծունկը խփել սեղանին:) Հիմա կկապտի… (Անզոր կատաղությամբ:) Ո՜ւհհ… թե ձեռքս կընկնեք… (Նայելով վերև, գոռում է:) Միաբջիջ­նե՛ր… այլասերվածնե՛ր…

Վերցնում է աթոռը, տանում խոհա­նոց: Վերադառնում է, ծունկը մերթ ընդ մերթ շփելով՝ լրագիրը ծալում-տանում է խոհանոց, վերադառնում, ծածկոցը փռում բազմոցին, սփռոցը՝ սեղանին, և այս ամենը՝ ճակատամարտը շահած զորականի տենդահարությամբ: Բայց երբ սենյակն իր նախկին հավաք տեսքն է ստանում, մի պահ շվարած նայում է շուրջը, կարծես սթափվում է: Միանգամից անօգնական-խեղճացած մոտենում է դարակներից մեկին, վերցնում տիկնի­կը, որն այնքա՛ն անհարիր է թվում այդ չոր կարգուկանոնին, շոյում է նրա մազերը, ուղղում հագուստի փոթերը, հե­տո զգույշ ու խնամքով դնում տեղը: Գնում է խոհանոց, վերադառնում, մի ձեռքում՝ մրգով ափսե, մյուսում՝ նարնջի հյութով բաժակ: Դրանք դնում է սեղա­նիկին, դարակից գիրք բերում ու հարմար տեղավորվելով բազմոցի մեջ, սկսում է կարդալ: Քիչ անց, կարդալը չընդհատելով, ձեռքը մեկնում է բաժակին, և այդ պահին վերևից անո­րոշ աղմուկի ձայն է լսվում: Կինը լար­վում է, նայում վերև, կարծես սպասելով հերթական հարվածի, բայց… լռություն է վերահաստատվում: Կարծես հանգստանում է ու շարունակում կարդալ:

Դռան զանգ: Կինն անակնկալի է եկել. զանգն անսպասելի է: Շուրջն է նայում, ասես խորհուրդ հարցնելու ակնկալի­քով, բայց ո՞ւմ… Վարանումով ելնում է, արագ-արագ, իբր սենյակն է կարգի բերում՝ գիրքը շպրտում է պահարանի տակ, մրգով ափսեն դնում սեղանիկի վրա: Այդ ընթացքում զանգն անընդհատ հնչում է, ավելացնելով Կնոջ խուճապը: Ի վերջո, սանրվածքն ուղղելով, գնում է նախասրահ: Կուլիսնե­րում լսվում է նախ բացվող դռան ձայնը, միանգամից լռում է զանգը, ու դրան հաջորդում է քաշքշուկի աղմուկ և Կնոջ խլացած ճիչը: Կարճ դադարից հետո… դռան մեջ հայտնվում է Կինը` ձեռքերը վեր բարձրացրած, բավական գզգզված տեսքով: Նրան հետևում է Տղամարդը` ատրճանակը ձեռքին, որն ուղղել է Կնոջ վրա:

ՏՂԱՄԱՐԴ — Այ, էդպես… քեզ խելոք պահիր… սուս մնա, թե չէ մեկ էլ որ ճչացիր, վերջին ճիչդ կլինի: Ես ասածս անելու գեշ սովորություն ունեմ: (Նրանք արդեն սենյակի կենտրոնում են:) Տանը ուրիշ մարդ կա՞: (Կինը բացասաբար օրորում է գլուխը:) Ես էլ հավատացի: (Ատրճանակը չիջեցնելով, արագ ստուգում է խոհանոցն ու ննջասենյակը և վերադառնալով, քիպ մոտենում է Կնոջը, համարյա շնչում նրա դեմքին:) Իսկ ինչ-որ մեկին սպասո՞ւմ ենք այս երեկո: (Կինը հաստատական գլխով է անում:) Ըհը, ես էլ հավատացի: (Ատրճանակով ցույց տալով նախասրահ տանող դուռը:) Հապա, շարժվիր… ասացի՝ գնա… Ինչ դժվար ես հաս­կանում… (Բռնելով նրա ուսերը, հարկավոր ուղղությունն է տալիս:) Հա, գնա, էդպես… (Անցնում են կուլիսները:) Փակիր, ասացի՝ փակիր դուռը: Ներսից, ներսից փակիր, ի՜նչ խելոքն է… դրսից ես ուզում փակել, հա՞, ինձ էլ թող­նել ներսում… Կողպեքով փակիր, կողպեքով, դրսում ար­դեն մութ է, դու՝ տանը մենակ… էսպես ավելի ապահով է: Ապահով է, չէ՞… ապրես, սողնակն էլ քաշիր… հիմա գնա… (Հայտնվում են դռների մեջ. Կինը ձեռքերը վեր, Տղամարդը հետևում է նրան՝ ատրճանակը ձեռքում:) Անձնական անվտանգությունդ վատ չես կազմակերպել՝ հինգ կողպեք, երկու սողնակ… համենայնդեպս, մինչև էսօր դրանք քեզ լավ են պաշտպանել… (Այս ընթաց­քում Կինը, լուսնոտի նման կտրելով սենյակը, մոտենում է  խոհանոցի դռանը:) Հապա կանգնիր… ո՞ւր, էդ ո՞ւր, բոլո՞ր անկոչ հյուրերիդ ես միանգամից տանում խոհանոց՝ թեյ խմելու: (Կինը նույն անջատված վիճա­կում վերադառնում է սենյակի կենտրոն՝ ձեռքերը վեր պահած:) Գուցե մինչև թեյախմությունը փորձենք ծանո­թանա՞լ… (Կնոջը կանգնեցնում է սենյակի մեջտեղում, իբր խնամքով ուղղում գզգզված մազերը:) Ըհը, համա­րենք, որ ծանոթությունը կայացավ: (Ատրճանակը դեմ անելով:) Նստի՛ր: (Կինը ցանկանում է աթոռ վերցնել, Տղամարդը բարձրացնում է ձայնը:) Ձեռքե՛րդ… (Կինը կայծակնային արագությամբ նախկին դիրքն է ընդու­նում: Տղամարդն աթոռը պատի տակից բերում է սենյա­կի կենտրոն:)Նստեք, խնդրեմ, ձեզ զգացեք, ինչպես ձեր տանը: Ասենք… էդ անհարմար դիրքով ի՞նչ տան մա­սին կարող է խոսք լինել… Դե լավ, տիկին, իջեցրեք ձեռ­քերը… (Կինը հնազանդ կատարում է հրամանը, հետո շփում ձեռքերը՝ թմրել են:) Ես ընդամենը ասացի՝ նստեք: Իսկ ձեռքերը՝ ծնկներին: (Կինը  ենթարկվում է: Այն­քան խեղճացած է… Տղամարդը զննում է նրան, զգաց­վում է՝ ինչ֊որ բանից դժգոհ է, պտտվում է սենյակում՝ թիրախի տակ պահելով Կնոջը: Պտույտն ավարտում է Կնոջ դիմացը կանգնելով: ) Ինչո՞ւ եք լռում, տիկին… թե՞ օրիորդ…

Կինը դեռ ուշքի չի եկել, բայց և դժվարությամբ է իրեն զսպում:

ՏՂԱՄԱՐԴ — Չե՞ս կարող խոսել, թե չե՛ս ուզում… (Ատրճանակը մոտեցնելով նրան:) Դե՞…

ԿԻՆ — Չեմ… չեմ ուզում խոսել:

ՏՂԱՄԱՐԴ — Գիտե՞ս, էդ պատասխանին ինչն է հաջորդում… (Ատրճանակը մոտեցնում է նրա քունքին:) Հիմա՞ ինչ կասես:

ԿԻՆ — (ավելի հստակ ու հաստատ ձայնով): Ես չեմ ցանկանում խոսել ձեզ հետ:

ՏՂԱՄԱՐԴ — Տես, է՛, ինչ հպարտն է, դաստիարակ­ված, էս պահին անգամ դուք-ով է խոսում: (Ատրճանակը ետ տանելով:) Դե՞…

ԿԻՆ — Ի՞նչ:

ՏՂԱՄԱՐԴ — Ասենք, ինձ հետ խոսելու ցանկություն չունես, բայց կարող ես, չէ՞, ինչ-որ բան անել:

ԿԻՆ — Ի՞նչ:

ՏՂԱՄԱՐԴ — Չհասկացա, ե՞ս պիտի հուշեմ:

ԿԻՆ — Հուշեք:

ՏՂԱՄԱՐԴ — Սա արդեն հետաքրքիր է… սկսում ես ծաղրել, ուրեմն արդեն ուշքի ես գալիս: (Աթոռը տանում- դնում է նրա դիմացն ու նստում:) Դե ինչ, խորհուրդ առա­ջին. նման դեպքերում լավագույնը հարևաններին օգնութ­յան կանչելն է: (Տեսնելով, որ Կինն անտեսում է, ավելի շեշտված ձևով է շարունակում:) Պատկից հարևան ունե՞ս:

ԿԻՆ — (ցուցադրաբար լռում է):

ՏՂԱՄԱՐԴ — (սպառնալով): Հարևան, ասում եմ, կա՞:

ԿԻՆ — (ցույց տալով աջ պատը): Կա:

ՏՂԱՄԱՐԴ — Դու կարող ես մի ցատկով հասնել պա­տին ու թակել: Կլսեն՝ կգան օգնության: (Կինը չի արձա­գանքում:) Կամ հատակը դոփել… հենց քո նստած տե­ղում: Անպայմա՛ն կլսեն: (Կինը շարունակում է լռել: Նրա լռությունն ավելի է ոգևորում Տղամարդուն:) Կամ էլ առաստաղը… (Նայելով վերև, մտազբաղ:) Բայց առաս­տաղը բարձր է, մի ցատկով չես հասնի…

Կինը ցուցադրաբար դեմքը մի կողմ է թեքում:

ՏՂԱՄԱՐԴ — Ահա՜ թե ինչ… (Անթաքույց ծաղրով:) Մեր դեմ հանիրավի վիրավորված իշխանուհի է նստած, և նրա քիմքին տհաճ են մեր խորհուրդները… Դե իհար­կե, նա ինչպե՞ս կարող է իրեն թույլ տալ անհանգստաց­նել հարևաններին, չէ՞ որ տիկինը… թե՞ օրիորդը… հայտնի է իր քաղաքակիրթ, ես կասեի՝ նրբակիրթ վերա­բերմունքով: (Կտրուկ փոխում է տոնը:) Իսկ իրականութ­յունն այն է, որ երես չունես հարևաններիդ օգնութ­յան կանչելու համար: (Կնոջ դեմքն աղճատվում է զայ­րույթից:) Հը՛, ցավոտ տեղի՞դ կպա… Գրագ կգամ, որ բո­լորի հետ շուն ու կատու ես, ու եթե հիմա վերջդ տամ, վա­ղը նրանք սրտանց կուրախանան… (Կինը տեղից ելնելու փորձ է անում:) Նստե՛լ… (Նախկին տոնով:) Չէ, նրանք վաղը չեն կարող ուրախանալ, ստիպված են մի քանի օր սպասել, մինչև… մինչև մեռելահոտը կբռնի տունը… դուռդ բացող չկա, ոչ մեկին պետք չես… Այ, էդ ժամանակ մի քանի մարդ կջարդեն հինգ կողպեքանի դուռդ ու կհայտնաբերեն…

ԿԻՆ — (վերջին բառի վրա անասելի ճարպկությամբ վեր է թռչում, կախվում Տղամարդու մազերից, ատրճանակը վերջինիս ձեռքից ընկնում է հատակին): Սրիկա՛, տա­կա՛նք, հերիք չէ՞, ինչքան հաչեցիր, հիմա… աչքե՛րդ բնից կհանեմ: (Փորձում է ասածն իրականացնել:)

ՏՂԱՄԱՐԴ — (դժվարությամբ իրենից պոկում է Կնոջն ու շպրտում հատակին): Կատաղեցի՞ր, հա՞… Աչքերս է ուզում հանել… (Փորձում է ուշքի գալ հարձակումից:) Ես քո՛… վհո՛ւկ: (Ձեռքը տանում է մազե­րին, դեմքն աղավաղվում է ցավից:) Ես քո տիրո՜ջ… ախր, տեր էլ չունես, է՛… (Ուշացած հիշում է ատրճանակի մասին, նայում շուրջը:) Ո՞ւր է… ո՛ւր է ատրճանակս: (Պտտվում է Կնոջ չորս կողմը, ոտքով այն է՝ մի կողմ պիտի հրի, բայց մտափոխվում է, սպառնական:) Քաշ­վիր էստեղից… Ո՞ւմ հետ եմ:

ԿԻՆ — (կողքի է գլորվում՝ ատրճանակը ձախ ձեռքում): Սա՞ էիր փնտրում… Հա՞… (Տղամարդն այն է՝ հարձակվելու է նրա վրա, սակայն կարճատև շփոթությունից հետո ինշ-որ բան է հիշում ու սպասողական նայում նրան:) Հը՛, դուրդ չեկա՞վ… (Դանդաղ բարձ­րանում է՝ թիրախի տակ պահելով Տղամարդուն:) Այ, հի­մա կխոսե՜ս… գուցե նույնիսկ պարես… (Մոտենալով նրան:) Ձեռքերդ վեր, արա՛գ… այդպես… (Տղամարդը դանդաղ ընկրկում է:) Հաստա՛տ դուրդ չի գա, բայց պի­տի դիմանաս: Այ, հիմա կխոսենք, թե չէ ասում էիր՝ չեմ խոսում… (Տղամարդը հասնում է պատին, էլ նահանջելու տեղ չկա:) Այդպես պատին կպած էլ կլսես ինձ… Ասացի՝ ձեռքերդ վեր, ավելի՛ բարձր… վերջապես պիտի՞ իմանաս, թե ինչ մեթոդներ ես կիրառում ուրիշների վրա: Բա՞ն ես ուզում ասել:

ՏՂԱՄԱՐԴ — (միայն իրեն հայտնի խաղ է սկսում): Դուք… ըմմ… ձախլի՞կ եք:

ԿԻՆ — Ի՞նչ:

ՏՂԱՄԱՐԴ — Հարցնում եմ՝ ձախլի՞կ եք. ատրճանակը ձախ ձեռքում եք պահում:

ԿԻՆ — Ուզում ես համոզել, որ հիմա քեզ միայն այդ ապուշ հա՞րցն է հուզում, հա՞:

ՏՂԱՄԱՐԴ — Դուք… (Հատուկ շեշտելով:) Դո՛ւք կարող եք վրիպել ու սպանելու փոխարեն միայն վիրավորել:

ԿԻՆ — Անհոգ եղիր, այսքան հեռավորությունից գանգդ հաստա՛տ ցրիվ կտամ:

ՏՂԱՄԱՐԴ — Դե, եթե դո՛ւք էդքան համոզված եք, ես էլ ի՛նձ ավելի վստահ կզգամ:

ԿԻՆ — Արդեն դուք-ի՞ անցար:

ՏՂԱՄԱՐԴ — Փոխարենր դու-ի անցաք դո՛ւք:

ԿԻՆ — Հա՞… իրոք որ… Երևի ատրճանակից է… (Անփորձի զգուշությամբ ատրճանակը տեղափոխում է մյուս ձեռքը:) Քիչ առաջ տառապում էիր, որ ոչինչ չեմ անում: Հիմա կանեմ: (Ատրճանակը մոտեցնում է նրա քունքին:) Հաճելի՞ է:

ՏՂԱՄԱՐԴ — Վատ չէ:

ԿԻՆ — Հերոս ես ձևանում, հա՞… Համոզված ես, որ չեմ կրակի, ու իբր թքա՛ծ ունես մահվան վրա: Կարծում ես՝ դժվա՞ր է ձգանը քաշել:

ՏՂԱՄԱՐԴ — (շինծու, չափազանցված հաճկատա­րությամբ): Մի մատով դժվար է… չեք կարողանա, համա­պատասխան ուժ չունեք… թույլ տվեք խորհուրդ տալ… պետք չէ մատները լարել, միջամատն էլ միացրեք, այ, էդպես… հիմա ավելի հեշտ կկարողանաք ձգանը քաշել:

ԿԻՆ — (հատու, ծանր շեշտով): Իսկ հիմա ինձ լսիր, միաբջիջ անասուն… Երբ ոստիկաններն այստեղ հայտ­նվեն, կասեմ, որ ուժով ներս ընկար բնակա­րանս ու փորձեցիր ինձ սպանել՝ թալանելու նպատակով: Բայց բախտդ չբերեց… ու դու սատկեցիր: Նման դեպքե­րի համար կարծեմ համապատասխան հոդված էլ կա, ու ես կպրծնեմ: Այսքանից հետո ինչո՞ւ ես կարծում, որ ձգանը քաշելը դժվար բան է:

ՏՂԱՄԱՐԴ — Իսկ եթե նրանց մտքով ա՞յլ բան անց­նի: Ներեցեք ակամա հաճոյախոսությանս համար, բայց կարող են, չէ՞, մտածել, որ ես ձեր սիրեկանն եմ, ու դուք, խանդից կուրացած, տեղում տվել-չորացրել եք ինձ:

ԿԻՆ — (այդ մտքից սարսափած): Դո՞ւ… (Իրեն զսպե­լով. համարյա հաղթական շեշտով:) Չի՛ ստացվի: Ան­գամ հարևաններս կվկայեն, որ ոչ մի տղամարդ ինձ չի այցելում: Այո, այո, այդ նույն հարևանները, ովքեր, քո ասելով, կուրախանան՝ ինձ մեռած գտնելով: Այնպես որ, վարկածդ բանի պետք չէ: Ես սիրեկան չունե՛մ:

ՏՂԱՄԱՐԴ — Պարծենալու բա՜ն գտաք… Սիրեկան չունե՜մ… (Ճարպկորեն խույս տալով Կնոջ շարժումից՝ նա ատրճանակն ավելի է մոտեցրել Տղամարդուն: Կեղծ սրտացավությամբ:) Լավ, լավ, հասկացանք, էդ թեման էլ չեմ շոշափի: Բայց ես… (Զգույշ, մի մատով շրջում է ատրճանակի փողը, մինչև այն ուղղվում է Կնոջը: Կինը, հիպնոսվածի պես, չի ընդդիմանում, իսկ Տղամարդը նույն շարժումով ատրճանակի փողը վերադարձնում է նախկին դիրքին:) …Ես, համենայնդեպս, ձեզ խորհուրդ կտայի ընտրել սիրեկանի տարբերակը: Գոնե հարևա­նուհիներդ կպայթեն՝ հանկարծ կիմանան, որ էսքան ժամանակ սիրեկան եք ունեցել ու կարողացել եք բոլորին հիմարացնել… Ու հետո, խոստովանեք, սիրեկանի դերի համար բավական ներկայանելի տեսք ունեմ, ձեզ սևերես չեմ անի: Հը՞…

ԿԻՆ — (խայթված): Չէ, քեզ պես սրիկայի պատճառով ձեռքերս չեմ կեղտոտի, ինքդ ոստիկաններին կպատմես, թե ինչ ես կորցրել այստեղ: (Գնում է դեպի հեռա­խոսը: Կես ճանապարհին շրջվում-տեսում է, որ նա մի քայլ առաջ է եկել:) Առաջ չգաս, խելոք տեղդ մնա: (Շարունա­կելով թիրախի տակ պահել նրան, վերցնում է լսափողը: Տղամարդը դանդաղ առաջ է գալիս:) Մնա տեղումդ, ո՞ւմ եմ ասում… կանգնիր… թե չէ կկրակեմ, հետո չասես, որ չզգուշացրի… լսիր, ինքդ ես ստիպում, որ կրակեմ…

ՏՂԱՄԱՐԴ — Ինչի՞ ես սպասում, կրակիր… (Սադրում է՝ նրան դրդելով վճռական քայլի:)

ԿԻՆ — Ես… Մամա՜… (Միաժամանակ ճչում ու քաշում է ձգանը: Լսվում է ճայթյուն: Փլվում է հատակին:)

Տղամարդուն ոչինչ չի եղել, նա անվնաս է: Նայում է ուշագնաց Կնոջը, խո­հանոցից բաժակով ջուր է բերում ու շփում նրա դեմքին՝ բաժակը թողնելով հատակին: Կինը ուշքի է գալիս, չգիտի՝ զարմանքն ու ուրախությունն ինչպես արտահայտի:

ԿԻՆ — Դուք… ո՞ղջ եք:

ՏՂԱՄԱՐԴ — Կարծես թե…

ԿԻՆ — Փա՜ռք Աստծո… (Տեսնելով նրա ժպիտը:) Ափ­սո՛ս… (Փորձում է տեղից բարձրանալ, թուլացել է:) Գուցե օգ­նեինք…

ՏՂԱՄԱՐԴ — (ձեռքը մեկնելով): Ինձ սպանողին օգնում եմ… ապուշն էլ ոնց է լինում:

ԿԻՆ — (նստելով բազմոցին, դեռևս հարվածից ուշքի չե­կած, ուշադիր նայում է Տղամարդուն): Քիչ առաջ ինձ մարդասպան դարձրիք:

ՏՂԱՄԱՐԴ — Ոչի՞նչ, որ ողջ եմ:

ԿԻՆ — Դա ոչինչ չի նշանակում: Ես ուզում էի, որ դուք մեռնեիք:

ՏՂԱՄԱՐԴ — Նորից անցար դուք-ի:

ԿԻՆ — (չի լսում, մտքերով է տարված): Լսեք, ննջարա­նում՝ սպիտակ կամոդի ներքևի դարակում, իմ ունեցած ոսկեղենն է: Վերցրեք ու չքվեք այստեղից:

ՏՂԱՄԱՐԴ — (չէր սպասում նման շրջադարձի, շփոթ­ված է): Ո՞նց… իսկ… լա՞վ եք մտածել: Հետո չե՞ք զղջա… բա որ զղջա՞ք:

ԿԻՆ — Եթե մի քիչ էլ այստեղ մնաք, ես հաստա՛տ կկրակեմ: Ու չեմ զղջա:

ՏՂԱՄԱՐԴ — Ախ, հա՜… (Հատակից ճանկում է ատրճանակը, մոտեցնում իր քուն­քին ու մի քանի անգամ ձգանը քաշում:)

ԿԻՆ — (որ աոաջին կրակոցից հետո գլուխը թաքցրել էր ձեռքերի մեջ, մնացած կրակոցների ժամանակ վեր-վեր է թռչում, իսկ երբ լռություն է տիրում, կարճ դադարից հետո մի ձեռքը կամաց ետ է տանում ու տեսնում իր տեղում կանգնած, ժպտացող Տղամարդուն:) Գրողը տա­նի… Դուք… դո՛ւ… միաբջի՛ջ սրիկա… (Հարձակվում է նրա վրա:) Միայնակ կնոջ վրա ես հարձակվում, հերիք չէ, իսկական ատրճանակ պահելու համարձակություն է՞լ չունես: (Սկսում է հարվածներ տեղալ:) Իսկ ես քեզ միայն ձեռքերով… աչքե՛րդ կհանեմ… (Հարմար պահ է որսում, այն է՝ պիտի կատարի ասածը, անսպասելի քա­րանում է: Ծանր շնչելով:) Չէ՜, դու ինձ մեղքի տակ ես գցելու… (Ընկրկում է:) Գնա՛ այստեղից, չքվի՛ր գրողի ծոցը:

ՏՂԱՄԱՐԴԻսկ ոսկեղե՞նը: Թե՞ դա ասացիր ատրճանակի վախից:

ԿԻՆ – Գնա, վերցրու ոսկեղենս ու չքվիր, խնդրո՜ւմ եմ… դե չքվիր աչքիցս, գրո՛ղը քեզ տանի: Թե չէ չգիտեմ, թե էլ ինչի եմ ընդունակ… (Գնում, նստում է բազմոցին, փա­կում աչքերը:)

ՏՂԱՄԱՐԴ — (կարճ երկմտանքից հետո գնում է ննջարան, քիչ անց դուրս գալիս և ուղղվում է դեպի դուռը:) Իսկ… ոստիկանություն չե՞ս հայտնի: (Կինը չի պատաս­խանում: Մտախոհ.) Այո՜... (Դուրս է գնում: Լսվում է բացվող դռան երկաթե աղմուկը, հետո՝ լռություն:)

Կինը կարճ ժամանակ անշարժ է, հետո բացում է աչքերը, նայում չորս կողմը: Տեսնում է հատակին ընկած բա­ժակը, վերցնում, դնում է սեղանիկին: Նորից նստում է բազմոցին, աչքը՝ բա­ժակին: Կտրուկ ելնում է, բաժակը տա­նում խոհանոց, վերադառնում, նստում է նախկին դիրքով: Նորից պոկվում է տեղից, գնում խոհանոց, ու լսվում է հատա­կին փշրվող բաժակի ձայնը: Վերադառ­նում է, դիմակ հիշեցնող դեմքով նստում, անձայն արտասվում է՝ գրկելով ուսերը: Ներս է մտնում Տղամարդը, նայում արտասվող Կնոջը: Քիչ հետո իր ներկայությունն զգացնելու համար շինծու հազում է:

Կինը քարանում է, հետո վախվորած նայում, հայացքի մեջ տառապանք ու խնդրանք՝ չքվի-ի՜ր:

ՏՂԱՄԱՐԴ — (փորձելով անկաշկանդ տեսք ընդունել): Ատրճանակը… թեկուզ խաղալիք… մնացել է էստեղ: Վրան՝ մատնահետքերս… Ես չեմ կարող իրեղեն ապացույցը թողնել ու գնալ: (Վերցնում է ատրճանակը, դնում գրպանը: Դադար: Լուռ զննում են միմյանց: Տղամարդը նստում է:)

ԿԻՆ — (կարճ դադարից հետո): Ուրիշ բան չունեմ, երդվում եմ, ինչ ունեմ, դարակում էր:

ՏՂԱՄԱՐԴ — Ոսկեղենին ձեռք չեմ տվել:

ԿԻՆ — Այդ դեպքում… ի՞նչ եք անում այստեղ:

ՏՂԱՄԱՐԴ — Ոչինչ էլ չեմ անում… առա՛յժմ չեմ անում: Հիմա ինձ ուրիշ բան է հետաքրքրում:

ԿԻՆ — Չեմ հասկանում…

ՏՂԱՄԱՐԴ — Հետո կհասկանաք… Իմ հասկանալուց հետո: Բայց չշեղվենք: Իմ հարցն էդպես էլ անպա­տասխան թողեցիք: (Բացատրում է՝ ասես անհասկացող աշակերտի:) Վերա­դառնանք մեր խոսակցության սկզբին: Էլի՞ չհասկա­ցաք… նկատի անեմ հարևանների գործոնը:

ԿԻՆ — (փորձում է կռահել դիմացինի միտքը,բայց հասկանալով, որ անկարող է՝ համակերպված տոնով): Եթե պատասխանեմ, կչքվե՞ք, կամ գոնե կասե՞ք՝ ինչու եք այստեղ:

ՏՂԱՄԱՐԴ — Պայմանավորվեցինք: (Հարցերն այնպես պիտի տա, որ զգացվի, թե ինչքան կարևոր է իր համար դրանց պատասխաններն ստանալը:) Եվ ուրեմն՝ ինչո՞ւ ձեր հարևաններին օգնության չեք կանչում, հատկապես հիմա, երբ գիտեք, որ ատրճանակս իս­կական չէ, իսկ ձեր եղունգները լա՜վ էլ սուր են… սեփա­կան կաշվիս վրան զգացի: Ինչո՞ւ նրանց չեք կանչում, աղմուկ չեք բարձրացնում, չէ՞ որ նրանք ամենուր են՝ ներքևում, վերևում, կողքին… բավական է կես բերան ճչաք, ու…

ԿԻՆ- (չոր m կտրուկ պատասխանները մի նպատակ ունեն՝ ոչ մի ձևով «չբացահայտվել»:) Նրանց հետ գործ չունեմ:

ՏՂԱՄԱՐԴ — Այսի՞նքն…

ԿԻՆ — Ոչ մեկին չեմ ճանաչում, ոչ մեկի հետ չեմ առնչվում… Եվ ընդհանրապես, նրանց հետ ընդհանուր ոչինչ չունե՛մ:

ՏՂԱՄԱՐԴ — Իսկ ես կարծում էի…

ԿԻՆ — Ի՞նչ էիք կարծում… Ինչո՞ւ եք այդ հարցերը տա­լիս: (Զգուշավոր:) Լսեք, դուք ո՞վ եք:

ՏՂԱՄԱՐԴ — Պարզ չէ՞… Շարքային կողոպտիչ:

ԿԻՆ — (առաջին անգամ ուշադիր նայում է նրան): Ես… առաջին անգա՞մ եմ ձեզ տեսնում:

ՏՂԱՄԱՐԴ — Եթե հիշողությունս ինձ չի դավաճա­նում, էս բնակարանում առաջին անգամ եմ: Համենայնդեպս, իմ կողմից մաքրազարդված բնակարանների ցուցակի մեջ էս մեկը չկա:

ԿԻՆ — Այո, այստեղ ուրիշ բան կա… Դուք… Շարքային գողն այսպիսի հարցեր չի տալիս…

ՏՂԱՄԱՐԴ — Իմ կոլեգաներից քանիսի՞ հետ եք գործ ունեցել…

Text Box: 16ՃԿԻՆ — (կտրուկ ընդհատելով նրան): Խոսքը կտուրը մի գցի… (Հունից դուրս գալով:) Վերջապես ի՞նչ ես ուզում ինձնից:

ՏՂԱՄԱՐԴ — (անվրդով իր խաղն է առաջ տանում): Հասկանո՞ւմ եք, այս գործը որոշակի նրբություններ ունի. մինչև բնակարանը ըըը… մաքրելը ուսումնասիրում եմ տանտիրոջը, նրա սովորությունները, խառնվածքը: Իհարկե, էդ բոլորը՝ հեռակա:

ԿԻՆ — Ձեր գործը գիտական լուրջ հիմքե­րի վրա եք դրել:

ՏՂԱՄԱՐԴ — Կռահեցիք:

ԿԻՆ — Եվ ի՞նչ եք կարողացել իմանալ իմ մասին:

ՏՂԱՄԱՐԴ — Ինֆորմացիան շատ չէ, բայց տպավո­րիչ է: (Պաշտոնական հաշվետվության տոնով:) Մի տա­րի չկա, որ ապրում եք էս շենքում: Ու թեև ոչ մեկին չեք բարևում, որևէ մեկի հետ ծանոթություն չեք հաստատել… շարունակե՞մ…

ԿԻՆ — (ընդունելով մարտահրավերը): Այսքանից հետո հնարավո՞ր է կանգ առնել:

ՏՂԱՄԱՐԴ — Շարունակե՜մ: Նոր էիք տեղափոխվել, ձեր պատկից հարևանը ինչ-որ խնդրանքով ձեզ էր դի­մել, շրխկացրել էիք դուռը նրա երեսին: Իսկ նա ձեր դուռն էր թակել, որովհետև բարձրացել էր կնոջ շա­քարը… հակառակի պես, իրենց հեռախոսն էլ անջատ­ված էր եղել: Ի դեպ, նրա սիրտն էլ մի բան չէ, հատկա­պես երբ հուզվում է… Մինչև իջել էր ներքևի հարևանի բնակարանը, մինչև զանգել էր… կնոջը հազիվ փրկեցին: Շարունակե՞մ:

ԿԻՆ — Այնպես եք ոգևորվել, որ հիմա տանկն անգամ ձեզ չի կանգնեցնի:

ՏՂԱՄԱՐԴ — Ճիշտ նկատեցիք, երբ ոգևոր­վում եմ, ինձ զսպելն անհնար է: Մի երկու ամիս աոաջ էլ ներքևի՝ յոթերորդ հարկի հարևանի դուռն էիք փորձել ջարդել, իսկ նրա տասներեքամյա տղային սպառնացել էիք, որ մութ շքամուտքում հանդիպելիս աչքերը հանե­լու եք: (Ձեռքը տանելով դեմքին: Կծու:) Արդեն հասցրի նկատել, որ աչքեր հանելը ձեր սիրած զբաղմունքն է:

Լարված լռություն:

ԿԻՆ — Դեռ չե՞ք ավարտել:

ՏՂԱՄԱՐԴ — (ձայնի մեջ նյարդային շեշտեր են լսվում): Իսկ երբ ձեր վերևի բնակարանում երաժշտութ­յուն են միացնում, դուք, չգիտեմ ինչպես, հասնում եք առաստաղին ու սկսում եք խփել էնպիսի կատաղությամբ, որ վերևում հատակն սկսել է քանդվել: (Դեն նետելով շինծու հանգստությունը, իրեն կորցրած պոկվում է տեղից, բարձրանում սեղանիկին ու երևակայական հարվածներ հասցնում առաստաղին:) Խփում եք ու խփում, խփում եք ու խփում… Երաժշտությունը լռում է, իսկ դուք չեք կա­րող դադար առնել, խփում եք, խփում, խփում ու… (Հանկարծ անշարժանում է, վերևից ներքև սևեռուն նայում կնոջը:) Ո՞նց եք հասնում առաստաղին… լավ էլ բարձր է…

ԿԻՆ — (նույնպես կորցնելով ինքնատիրապետումը): Այդ զզվելի երաժշտությունն ինձ կասկադյոր է դարձրել, աթոռը դնում եմ սեղանին ու բարձրանում վրան… Պատ­կերացրի՞ք, ինչ տեսարան է:

ՏՂԱՄԱՐԴ — (երևակայական հարված է հասցնում առաստաղին. կրկին մտահոգ): Բայց բռունցքով հնա­րավոր չէ էդքան երկար ու ծանր խփել… ինչո՞վ եք խփում, հը՞… բռունցքո՞վ:

ԿԻՆ — (դեռ նրա պոռթկումից ուշքի չեկած): Գր… գրտնակով:

ՏՂԱՄԱՐԴ — Գրտնակո՞վ… Ուրեմն՝ գրտնակով… (Սկսում է ծիծաղել: Ծիծաղի մեջ աստիճանաբար հիս­տերիկ նոտաներ են հայտնվում: Նա մի կերպ իջնում է, նստում սեղանիկին ու շարունակում ծիծաղել: Դժվա­րությամբ իրեն զսպելով՝ գրպանից հանում է թաշկինակը, սրբում աչքերը:) Գրտնակով… Խենթանալ կարելի է: Երաժշտությունն էդքան բա՞րձր է:

ԿԻՆ — (ատամների արանքից, համարյա ֆշշացնելով): Ասենք՝ շատ բարձր է, կամ հե՛չ էլ չի խանգարում, բայց ինչո՞ւ շաբաթը մեկ֊երկու անգամ այդ միաբջիջ թեթևսո­լիկը պիտի օրգիա սարքի իմ գլխի վերևում:

ՏՂԱՄԱՐԴ — (զարմացած): Էդ բա՞ռը որտեղից գի­տեք, կամ թե՝ ինչ է նշանակում:

ԿԻՆ — Դժվար չէ պատկերացնել, այդ միաբջիջ այլա­սերվածը միայն դրան է ընդունակ:

ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ այլասերված, էն էլ՝ միաբջիջ:

ԿԻՆ — Վերևում ապրողը… Ամեն անգամ նոր հագու­կապով, քիթը ցցած, գործնական գնում-գալիս է, կարծես ինքը չէ բնակարանը որջի վերածողը:

ՏՂԱՄԱՐԴ — (սևեռուն նայում է, հայացքում՝ խղճա­հարություն ու արհամարհանք): Էդ… ձեր ասած թեթևսոլիկը բժշկուհի է:

ԿԻՆ — Հետո՞ ինչ, բժշկուհին թեթևսոլիկ չի՞ կարող լինել, ինչ է…

ՏՂԱՄԱՐԴ — Նա բժշկուհի է, շաբաթը երեք անգամ այցելում է այդ բնակարանը: Ձեր ապուշ «ինչուն» չլսելու համար միանգամից պատասխանեմ՝ վերևում հիվանդ երեխա կա: Անդամալույծ… Դա շատ հազվադեպ հիվան­դություն է ու շատ դաժան… Երբ նոպան սկսվում է, դե­ղերն անգամ չեն օգնում: Իսկ նա ինը տարեկան է… Ան­կողնուն գամված:

ԿԻՆ — (սահմռկած): Ինչպե՞ս…

ՏՂԱՄԱՐԴ — (կարծես ինքն իր հետ է խոսում): Խարտյաշ, գանգուր մազեր ունի, երազում է դաշնակա­հարուհի դառնալ… Երբ նոպան է սկսվում, էնպես է ճչում, որ լսել անկարելի է: Եվ որ գոնե հարևանները չլսեն, ծնողները երաժշտություն են միացնում… Ինչքան նա բարձր է ճչում, էնքան բարձրացնում են երաժշտության ձայնը, մինչև ուժասպառ աղջնակն ինքնամո­ռացության մեջ է ընկնում… Էդ ժամանակ ռադիոն ան­ջատում են: Ու լռության մեջ միայն ձեր գրտնակի թա­կոցներն են շարունակվում…

ԿԻՆ — (ապշահար լսում է, նայում վերև, կարծես առաջին անգամ է տեսնում առաստաղը: Մեղավոր է զգում իրեն, բայց խոստովանելն էլ դժվար է:) Նրանք… նրանք կարող էին այդ մասին տեղյակ պահել, երբ ես… դե… առաստաղն էի թակում… մեր այդ… առաստաղային կռիվը վաղուց էր սկսվել… կարող էին, չէ՞, ասել…

ՏՂԱՄԱՐԴ — (չթաքցնելով չար հեգնանքը): Ասե՞լ… ինչպե՞ս… Դուք չէի՞ք, որ հարևանի երեսին դուռը շրխկացրիք:

ԿԻՆ — (նրա հարձակումը պաշտպանվելու փորձ է միայն): Դե իհարկե… այս շենքում շատ համերաշխ հա­րևաններ են ապրում, մի ընտանիքի պես են, մեկը մի բան իմացավ՝ վայրկյան չանցած մնացածների սեփա­կանությունն է դարձնում: Դժվար չէ կռահել, որ արարքս կայծակնային արագությամբ էր տարածվել շենքով մեկ:

ՏՂԱՄԱՐԴ — Հատկապես էն բանից հետո, երբ նրա կինը մի քանի օր կոմայի մեջ էր:

ԿԻՆ — Ու բոլորի դեմքերը միանման են դառնում՝ թշնամացած նայում, չարա­ցած փսփսում են թիկունքիդ… (Մի կողմ է նետում շինծու գսպվածությունը: Ճչում է:) Ե՛ս եմ ցանկացել, որ այդպես լինի: Ե՛ս, ոչ թե նրանք են պատերազմ հայտարարել, առաջինը ե՛ս եմ ձեռնոց նետել այդ միաբջիջ մարդուկնե­րին, որ ինձ հետ չխոսեն, ինձ հետ ընդհանուր ոչինչ չունե­նան, որովհետև մինչև կոկորդս կուշտ եմ մարդկային հարաբերություններ կոչված խաբեությունից…

ՏՂԱՄԱՐԴ — Քեq ի՞նչ են արել էդ բոլոր մարդուկները, էն էլ՝ միաբջիջ:

ԿԻՆ — (հասկանալով, որ խոսելն անիմաստ է, նորից մտնում է «պատյանի» մեջ): Դուք, կարծեմ, ընդամենը բնակարանային գող եք, ձեր ի՞նչ գործն է, թե ինչ կրքեր են բորբոքվում ձեր հերթական թալանի համար նախատեսված բնակարանի շուրջ: Դուք պարզել եք իմ օրվա ռեժիմը, ընտանեկան վիճա­կը… որպեսզի թալանեք ինձ: Ուրեմն, վերցրեք ձեր թա­լանն ու չքվեք այստեղից: Էլ ինչի՞ եք սպասում:

ՏՂԱՄԱՐԴ — Ես… հիվանդ աղջկա հայրն եմ:

ԿԻՆ — Ի՞նչ…

ՏՂԱՄԱՐԴ — Նրա վիճակը օրեցօր ծանրանում է… Կինս էնքան է հուսահատվել, որ կորցրել է իրականութ­յան զգացումը… Էսօրվա նոպան շատ ուժեղ էր… Նա, հասկանո՞ւմ եք, չի ուզում բարձր ճչալ, սեղմվում է բարձին ու սեղմում ատամները, մինչև ցավն անտանելի է դառնում, ու նա… Այսօր մի պահ լռեց ու շատ հանգիստ ասաց. «Մեռնել եմ ուզում»… Հետո նորից գալարվում էր ցավի ճիրաններում: Վերջապես ցավը մեղմացավ, ես անջատեցի ռադիոն, իսկ ձեր թակոցները շարունակում էին հիշեցնել, թե ինչ է եղել քիչ առաջ… Ու ես հասկացա, որ եթե ինչ-որ բան չանեմ՝ կխելագարվեմ: Մինչև դարակներից փնտրեցի-գտա էս խաղալիքը, դուք սսկվեցինք, բայց արդեն ես չէի կարող կանգ առնել: Ես պիտի ինչ-որ բան անեի… սպառնայի, վախեցնեի, ու ինձ բավարարված կզգայի, եթե վա­խից ձեր սիրտը պայթեր կամ… կաթվածը խփեր…

ԿԻՆ — (խեղճ անճարակությամբ): Բայց… ես ոչինչ չգիտեի:

ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ կփոխվեր, եթե իմանայիք: Մի՞թե ձեզ նմանը կարող է զգալ ուրիշի ցավը: Ահա, մա­քուր մաքրել եք տունը, ամեն ինչ իր տեղում է, չոր կար­գուկանոն է, դուք շատ լավ եք տեղավորվել ձեր փոքրիկ, չնչին աշխարհում, նրանից դուրս ոչինչ չեք տեսնում, ոչինչ չեք լսում, ձեր մեջ ոչինչ մարդկային չի մնացել, բա­ցի չարությունից… (Մոտենում, սկսում է թափահարել նրա ուսերը:) Տանը մենակ ես, աշխարհում մենակ ես, ոչ եկող ունես, ոչ գնացող, դուռդ բացող չկա, բայց տես, ո՜նց ես հագնվել, կարծես հիմա զանգը կտան, ու տունդ կլցվի ընկեր-բարեկամներով… Բայց դու ոչ մեկին պետք չես, ուրեմն ինչո՞ւ ես էսպես զուգվել, մի խալաթ հագնեիր ու վեր ընկնեիր հեռուստացույցի առաջ: Եսասեր, չնչին արարած, ի՞նչ գիտես քո շուրջն ապրող մարդկանց մա­սին, որ նրանց միաբջիջ ես ասում: Էդ միաբջիջը դու ես, քո խղճուկ, ոչ մեկին պետք չեկող գոյությունը, որն իրեն զգալ է տալիս էն ժամանակ, երբ գրտնակը խփում է առաստաղին… (Բաց է թողնում Կնո­ջը, դեսուդեն նետվում սենյակում:) Սա՞ է քո հարստութ­յունը, էս չորս պատե՞րը, իրե՞րը… (Դեսուդեն է շպրտում իրերն ու կահույքը, մրգով ափսեն խփում է պատին, հետո նետվում դեպի դարակը, վերց­նում տիկնիկն ու նետելով հատակին, ոտքով տրորում է:) Սա՞ քո ինչին է պետք… տանդ երեխայի ձայն հնչե՞լ է, որ…

ԿԻՆ(որ մինչ այդ շշմած նայում էր նրան, սթափվում է, անասնական բառաչ արձակելով նետվում, չորեքթաթ, Տղամարդու ոտքերի տակից դուրս քաշում տիկ­նիկն ու սեղմելով կրծքին, փլվում է հատակին): Ձեռք չտա՛ս, անասո՛ւն, չհամարձակվե՛ս, սրիկա՛…

ՏՂԱՄԱՐԴ — (ուշքի է գալիս, ինքն իրենից սարսա­փած՝ ընկրկում): Ես… երևի խենթացել եմ: Սա ի՞նչ է, տեր Աստված…

ԿԻՆ — (ինքնամոռաց): Ձեռք չտաս… նրանից միայն սա է մնացել… միայն սա… ուրիշ ոչինչ… որ նայեմ ու գժվեմ, գժվեմ, գժվե՜մ… (Մի կարճ ժամանակ ցնցվում է անձայն լացից, հետո հանդարտվում, անշարժ մնում պառկած:)

Տղամարդը վախվորած նայում է նրան, չկարողանալով որոշել՝ մնա՞, թե՞ թողնի-գնա:

ԿԻՆ(դանդաղ ծնկում է, տիկնիկը գրկած, ծնկաչոք, մոտենում է բազմոցին, բայց չի նստում, այդպես էլ մնում է հատակին): Ոչինչ չի օգնում… ոչ երկաթե դուռը, ոչ կողպեքները, ոչ մարդկանցից փախչելը… Ամեն ինչ կրկնվում է, միայն դեմքերն են փոխվում… Փրկություն չկա, չկա-ա՜… (Դադար: Նայում է Տղամարդուն՝ որոշել է խոսել:) Նախկին տանն ամեն ինչ ուրիշ էր: Ես էլ ուրիշ էի: Ապրում էի մորս հետ: Նա անընդհատ հիվանդ էր. ինչքան հիշում էի ինձ, նա միշտ հիվանդ էր, մենակ ու դժբախտ: Նա այնքան մենակ էր, որ ինձ այդպես էլ անհայտ մնաց, թե ինչպես եմ կարողացել ծնվել… Նա անընդհատ հիվանդ էր, ես անընդհատ խնամում էի նրան: Հիվանդանոց, տուն… ու դրանց զուգահեռ դպրոց, հետո համալսարան, աշխատանք… Հետո մնացի մենակ ու շարունակեցի իմ սովորական կյանքը մինչև… Ի՞նչ էի ասում… հա՜, հետո հայտնվեց նա… Իմ կյանքի տղամար­դը: (Տխուր քմծիծաղով:) Իմը շատ հարաբերական հաս­կացություն էր՝ նա ընտանիք ուներ: Ես ի՞նչ մեղք ու­նեի… ես ոչի՜նչ չունեի: Նա գալիս էր ինձ մոտ… շաբաթը մեկ-երկու անգամ: Այնպես որ, իմ կյանքում եղել է նման միջադեպ, ինչքան էլ չկարողանաք պատկերացնել դա: Ես երջանիկ էի, ինչքան կարող էր երջանիկ լի­նել սիրող ու սիրված կինը, որն իր տղամարդուն կիսում էր մեկ ուրիշի հետ… ավելի ճիշտ՝ գողանում է մեկ ուրի­շից: Հասարակական կարծիքը, ի դեմս հարևաննե­րի, ուղղվեց իմ, ավելի ճիշտ՝ իմ անբարոյական վարքագծի դեմ: Ու սկսվե՜ց… Այդպես էլ չհասկացա՝ ինչո՞ւ էին այդպես չարացել: Որ մեղավոր էի, նրանցից լավ գիտեի, թե ինչքան էի տառապում՝ միայն ես գի­տեի: Այո, ես մեղավոր էի, բայց նրա ընտանիքի առաջ, իսկ դատավորի կեցվածք ընդունեցին օտար մարդիկ: Թեև չեմ կարծում, որ նրանք բոլորն էլ սրբեր էին… Թշնամացան, սկսեցին չարախոսել, թիկունքիս վիրավո­րանքներ շպրտել: Ես չտեսնելու էի տալիս, քանի դեռ հնարավոր էր: Մի օր էլ հասկացա, որ երեխայի եմ սպա­սում, մայր եմ դառնալու, կարծես մենակությունս որոշել էր հրաժարվել ինձնից… Տեր Աստված, ի՜նչ ուրա­խություն էր, հիմա չեմ հավատում, որ կարելի էր այդ­քան երջանիկ լինել… Երբ ասացի երեխայի մասին, նա կարծես խենթացավ… Ասաց՝ համոզված է, որ աղջիկ է ծնվելու, որ ինքը միշտ երազել է աղջիկ ունենալ՝ բա­րալիկ հյուսքերով, խաժ աչքերով… Հաջորդ հանդիպ­մանը այս տիկնիկը բերեց: (Բարձրանում է տեղից ու… սկսում կարգի բերել սենյակը, ձեռքից բաց չթողնելով տիկնիկը:)

ՏՂԱՄԱՐԴ – Հետո՞…

ԿԻՆ — (սևեռուն նայելով նրան): Հարևաններս պատերազմ հայտարարեցին՝ նա այլևս չէր կարող այցելել ինձ՝ առանց հայհոյանք ու վիրավորանք լսե­լու, իմ դռանը զզվելի բառեր էին գրում բակի տղանե­րը… Մենք դադարեցինք հանդիպել, կարծում էինք՝ դա ժամանակավոր է… Իսկ մի օր… Մի օր էլ հասկացա, որ էլ ուժ չունեմ, որ նրանք հաղթեցին, որ ես պարտվել եմ… Որովհետև պատկերացրի, թե ինչպես իմ աղջնակը՝ բա­րալիկ հյուսքերով ու խաժ աչքերով աղջիկն անցնում է բակով, ու նրա ճերմակ զգեստին ցեխագնդերի նման կպչում են անբարոյական մոր հասցեին հնչող հիշոցները… Եվ իմ աղջիկը այդպես էլ չծնվեց: Երկու օր հետո նրան կորցրի: Ավտովթար… Նա մա­հացավ, այդպես էլ չիմանալով արածիս մասին…. Ու ես գիտեմ, եթե այդպես չվարվեի, նրան ոչինչ չէր պատա­հի… Ես վախեցա, ես դավաճանեցի նրանց, նրանք էլ ինձ մենակ թողեցին: (Մարտահրավերով:) Ուզո՞ւմ եք իմանալ, թե հետո՛ ինչ եղավ: Ուսանելի՜ պատմություն է… Ուրեմն այսպես, ես մնացի մենակ, ինձ այլևս ոչ ոք չէր այցելում, ես ամեն օր գլխահակ գնում էի աշխատան­քի, երեկոյան վերադառնում ու նստում հեռուստացույցի առաջ: Եվ իմ հարևանները, իմ բարի՜, կարեկի՜ց հարևանները հանկարծ մոռացան նախկին թշնամանքը, սկսեցին բարևել, կարեկցող ժպիտներով որպիսությունս հարցնել…

ՏՂԱՄԱՐԴ — Դրանից հետո՞ տեղափոխվեցիք այս­տեղ:

ԿԻՆ — Ես արդեն շատ էի չարացել ու նրանց բա­րությունը չէի կարող մարսել: Ու երբ այստեղ առաջին անգամ դուռս թակեցին, և պարզվեց, որ հարևան է, վռնդեցի նրան… Հասկանո՞ւմ եք, էլ չէի կարող որևէ մեկին իմ տան շեմից ներս թողնել: Կարծում էի, որ կարող եմ ապրել ինքս ինձ հետ… (Դադարից հետո:) Մի օր բակով անցնելիս կատվի ձագուկ կպավ ինձ ու պոկ չեկավ: Մենք հասցրինք մտերմանալ ու նույնիսկ իրար գաղտ­նիքներ էինք պատմում… Երբեմն զբոսանքի էինք դուրս գալիս… Կիրակի էր: Նա բակ էր դուրս եկել, մլավում էր ու նայում վերև՝ գիտեր, որ պատշգամբից իրեն եմ հետևում: Այդ ժամանակ ներքևում ապրող տղան, մի մեծ քար ձեռքին, մոտեցավ նրան… լկտի ժպիտով նայեց ինձ ու քարը գցեց կատվի վրա… Ես էլ փորձեցի ջարդել նրանց դուռը:

ՏՂԱՄԱՐԴ — Էդ ամենը հասկացա, բայց կատո՞ւն որ մեղքս էր… կամ էլ դուռը:

ԿԻՆ — Կատուն… չգիտեմ, երևի համբերությանս վեր­ջին կաթիլն էր, իսկ դուռը… ընդհանրապես, դռներն ի՞նչ մեղք ունեն, երբ փորձում ես ջարդել կամ հայհոյանք գրել դրանց վրա:

ՏՂԱՄԱՐԴ — Դուք… ծայրահեղությունների մեջ եք ընկել:

ԿԻՆ — Կողքից գուցե այդպես է թվում, բայց… կապն է խաթարվել իմ ու աշխարհի միջև: (Լռությունից հետո:) Ձեր հայտնվելը ճիշտ ժամանակին էր:

ՏՂԱՄԱՐԴ — (նեղ է զգում իրեն): Էսքանից հետո՞:

ԿԻՆ — Դուք այլ կերպ չէիք կարող վարվել: Իսկ ես հաս­կացա, թև ինչքան եմ հոգնել: Ինչքան եմ փոխվել… Ինչ­քան եմ չարացել, որ երաժշտության մեջ երեխայի ցավի ճիչերը չեմ լսել: Սա երևի սահմանագիծն է: Սրանից այն կողմ երևի ոչինչ չկա: Երեխայի լացը չեմ լսում, օգնություն հայցող մարդու հայացքը չեմ տես­նում… Միայն այս տիկնիկն է մնացել… կապը… կապն է խաթարվել: Եվ վերջնականապես: (Կարծես սթափվելով մղձավանջից՝ շուրջն է նայում, վերստանում իր՝ ծաղրով ինքնապաշտպանվող, չարացած Կնոջ դի­մակը:) Ինչո՞ւ եք լռվել սենյակի մեջտեղում: Եվ իզուր եք սպասում, էլ չեմ խոսի:

ՏՂԱՄԱՐԴ — (նույնպես փշոտվելով): Էնքան խոսեցիք, որ հանգիստ խղճով կարող եք երկար ժամանակով լռել:

Լարված-թշնամական վիճակ: Եր­կուսն էլ նեղ են զգում քիչ առաջվա ան­կեղծությունից ու հիմա չգիտեն՝ ինչպես վերադառնան նախնական իրավիճա­կին, ուստի անխնա խայթում են միմ­յանց:

ԿԻՆ — Ես իմ տանն եմ ու կարող եմ անել, ինչ ուզեմ:

ՏՂԱՄԱՐԴ — Հենց նոր ասացիք, որ լռելու եք: Ես էլ նույնն եմ ասում՝ լռեք մինչև Քրիստոսի երկրորդ հայտ­նությունը:

ԿԻՆ — Ձեր գործը չէ, հիմա էլ խոսելու եմ:

ՏՂԱՄԱՐԴ — (իբր համակերպված): Խոսեք:

ԿԻՆ — (դադարից հետո մեկնում է տիկնիկը, գուցե իր իսկ համար՝ անսպասելի): Տվեք ձեր աղջկան:

Տղամարդը վերցնում, մտազբաղ նայում է տիկնիկին՝ մտքերն այլ տեղ են: Ձեռքերում շուռումուռ է տալիս տիկ­նիկը, հետո դնում դարակին:

ԿԻՆ — Չհավանեցի՞ք նվերս:

ՏՂԱՄԱՐԴ — (չոր): Միշտ էլ խուսափել եմ անսպասե­լի նվերներից:

ԿԻՆ — Բայց անսպասելի հյուր լինելուց չեք վախենում:

ՏՂԱՄԱՐԴ — Ես էլ չեմ հասկանում, թե ինչ եմ անում էստեղ:

ԿԻՆ — Հասունանում եք ներողություն խնդրելու համար:

Տղամարդը լուռ է:

ԿԻՆ — (նոր խաղ է սկսում): Ահա, ձեր աչքերը բարիա­նում են, ևս մի քանի րոպե՝ ու ձեր խղճահարությանը դի­մանալն անհնար կլինի:

ՏՂԱՄԱՐԴ — (փշոտված): Էլի թույնդ քեզ կերա՞վ:

ԿԻՆ — (նրան չի լսում): Գուցե այս հանդիպումն ավարտվի փոխադարձ ներողություններով կամ, մեկ էլ տեսար՝ ինձ հրավիրեք ձեր տուն…

ՏՂԱՄԱՐԴ — Ներողությո՞ւն, չէ մի… Հյուր կանչելուց առաջ էլ մի լավ պիտի մտածեմ:

ԿԻՆ — Հիմա կբարձրանաք վերև… և ի՞նչ եք ասե­լու ձեր կնոջը… պիտի պատմեք, թե ինչ կատարվեց այստեղ… պիտի պատմե՞ք… պատմե՜ք… (Դադար: Ինչ-որ բան է մտածում, երբ խոսում է՝ տրամադրությունը այլ է:) Իսկ ձեր մտքով անցե՞լ է, թե ինչքան ժա­մանակ է՝ այստեղ եք:

ՏՂԱՄԱՐԴ — (անակնկալի եկած նայում է շուրջը, հե­տո՝ իր ժամացույցին): Պահո -ո՜…

ԿԻՆ — Ես էլ եմ ասում՝ պա-հո՜… Խաղալիք ատրճանակով զինված ներս եք ընկել՝ միայնակ, ան­պաշտպան կնոջ հետ հաշվեհարդար տեսնելու և… (Խաղացկուն:) Ախր, վերևում ոչինչ չի լսվում… Չէ, սկզբում, իհարկե, աղմուկ բարձրացրիք, նույնիսկ կրա­կոցներ եղան, բայց հետո… (Ձայնին երկիմաստություն է տալիս:) Լը-ռու-թյուն-է՜… Բնականաբար, հարց է ծա­գում՝ ի՞նչ է անում անծանոթ տղամարդը միայնակ կնոջ բնակարանում: (Տղամարդն անակնկալի է եկել, և ոչ այնքան Կնոջ խոսքերից, որքան նրա տրամադրութ­յան կտրուկ փոփոխությունից:) Բա՞, ես էլ ասում եմ՝ պա-հո՜… Իսկ ձեր կինը կարծես թե… ներեցեք արտա­հայտությանս համար, խանդոտ չէ՞… (Տղամարդը շրջվում է՝ գնալու է:) Այդ ո՞ւր: (Կասկածելի քաղցրութ­յամբ:) Առնվազն անքաղաքավարություն է մինչև վերջ չլսել կնոջը… Ի՞նչ անենք, եթե անգամ այդ կինը… (Փնտրում է հարկավոր բառը:) …անզգամի մեկն է: Ի դեպ, ինչո՞ւ հենց այդ թեմայի վրա հիշեցիք գնալու մասին:

ՏՂԱՄԱՐԴ — (վերադառնում է, նստում բազմոցին, նույնօրինակ քաղցրությամբ): Ինչի՞ մասին եք խոսում, թույլ տվեք հարցնել:

ԿԻՆ — Խանդի: Ամենասովորական խանդի, երբ կինը պիտի խանդի ամուսնուն՝ պատճառով կամ առանց պատճառի: Իսկ ձեր կողակցի պետքն էլ չի, համենայնդեպս, ինձ այդպես է թվում… Հակառակ դեպքում ներքև կիջներ՝ գոնե իմանալու համար, թե ի՛նչ պատա­հեց, ինչո՞ւ է այսքան ուշանում ամուսինը: (Ամեն կերպ փորձում է սադրել:) Համատեղ ու ոչ բարեհաջող կյանքի ընթացքում ինչքան էլ կնոջ սեփականատիրական բնազդը բթացած լինի, նա գոնե մի թեթև կխանդի… Իսկ գուցե շտապում եմ հետևությո՞ւն անել… ուզում եմ ասել՝ գուցե չի խանդում, որովհետև լավ գիտի, որ ձեր դեպքում խանդն անիմա՞ստ է… որովհետև ձեզ խանդել չարժե՛:

ՏՂԱՄԱՐԴ — (տեղից վեր է թռչում, ճանկում Կնոջ ձեռքը, ուժեղ ոլորում): Հիմարի տեղ ես քեզ դրե՞լ… Թե՞ ես եմ հիմարը: Տես, է՛, ի՜նչ տեսարան է խաղում… Կար­ծում ես, չե՞մ հասկանում, թե ինչի համար է էս ամենը… Դու վախենում ես, վախենում ես քիչ առաջվա քո անկեղ­ծությունից ու հիմա քեզ թեթևսոլիկ ապուշի տեղ ես դրել…

ԿԻՆ — Թո՜ղ… բա՜ց թող… սրիկա… օյ, ձեռքս ջարդե­ցիր… բաց, բաց, ասում եմ, թե չէ այնպես կգոռամ, որ սիրելի հարևաններդ գլխիդ կհավաքվեն…

ՏՂԱՄԱՐԴ — Ոչինչ, դու նրանց հախից գալու մե՜ծ փորձ ունես, մի բան կմտածես… (Շպրտում է բազմո­ցին:) Սիրտդ՝ հասկացա, բայց ուղեղդ է՞լ էնքան է չո­րացել, որ չես կարող հասկանալ՝ իմ կինը կորցրել է իրա­կանության զգացողությունը, կորցրել է իրեն էս դժոխ­քում… նրա… (Կիսատ է թողնում խոսքը, արհամարհա­կան մի շարժումով հասկացնելով՝ դա չես հասկանա: Մնում է սենյակի մեջտեղում, չգիտե՝ ինչպես վարվի:)

ԿԻՆ — (կարծես անհաղորդ Տղամարդու ասածին՝ վե­րադառնում է սևեռուն մտքին): Դու հիմա կբարձրանաս վերև, ու նա կհարցնի… անպայմա՛ն կհարցնի, ինչքան էլ թքած ունենա դժոխային կյանքի վրա… կհարցնի, թե ի՜նչ էիր անում այստեղ այսքան երկար: Ու դու կպատմես… կպատմես, ինչ եղավ այստեղ: Նրա մասին… իմ աղջկա… կատվին էլ չես մոռանա… (Գլուխն առնում է ձեռքե­րի մեջ:) Գրողը տանի ինձ, ինչո՞ւ եմ այսքան ապուշ, ինչո՞ւ խելքի չեմ գալիս… մի՞թե հնարավոր է այսքան ապուշ լինել… Աստվա՜ծ իմ…

ՏՂԱՄԱՐԴ(այս անցումը նոր զարմանք է պատճառում նրան): Դե լավ, լավ… Ի՞նչ է եղել որ… մեզնից մեկն ինչ-որ բաներ է ասել, մյուսը լսել է… Բայց միայն թվում է, թե մեկս խոսել է, մյուսը՝ լսել… Եվ ընդհանրապես, դիա­լոգ ասվածը հնարովի բան է… Ի՞նչ ես զարմացած նա­յում, նորությո՞ւն է ասածս… մեկը լսում է, մյուսը՝ խո­սում… իրականում երկուսն էլ խոսում են առանց իրար լսելու: Էնպես որ, հանգստացեք, ես ոչինչ չեմ լսել: Ի՞նչ ես նայում, չե՞ս հավատում…

ԿԻՆ — (ինքնամոռացության մեջ, համարյա շուտասե­լուկի ռիթմի անցնելով): Եվ ինչո՞ւ չեմ սատկում-պրծնեմ, ախր շան պես հոգնել եմ… այստեղ էլ կիմանան… էլի կսկսվեն քչփչոցները, չարախինդ հայացքները… Ո՞ր մեղքիս համար եմ այսքան ապուշ, տեր Աստվա՜ծ…

ՏՂԱՄԱՐԴ — (խոհանոցից ջուր է բերում, շփում երեսին:) Վերջ տուր, հիստերի՛կ:

ԿԻՆ — (կարծես մղձավանջից սթափվելով, սպառնալի հանդարտությամբ): Դու այստեղից չես գնա:

ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ..

ԿԻՆ — Այստեղից չե՛ս գնա: Երդվել էի այլևս ոչ մեկին ոչինչ չպատմել, ես ինձ խոստացել էի լռել… (Բարձրանում է տեղից, Տղամարդը ընկրկում է:) Եթե դուրս գնաս՝ պատմելու ես…

ՏՂԱՄԱՐԴ — (տարուբերվում է զավեշտի ու վախի միջև): Միայնակ կին… ինքդ ես հասկանում, անծանոթ տղամարդ… ավելի ճիշտ՝ բնակարանային գող… ու երկուսով նույն բնակտարածքում… (Զգաստ դիրք է ընդունում, արժանապատվորեն:) Դուռը կգտնեմ, չճանապարհեք:

ԿԻՆ – Ասացի՝ այստեղից դուրս չես գա:

ՏՂԱՄԱՐԴ — (համբերությունն սպառված): Ո՜նց կսաակեցնեի քեզ… ու ձեռքս չէր դողա: Բայց գժերին սպանելը մեղք է: (Թափահարում է Կնոջ ուսերը:) Դու մենակությունից լրիվ ես ցնդել… Կարծում ես աշխարհը բան ու գործ չունի՝ քո անհաջող կյանքո՞վ պիտի զբաղ­վի, արած ու չարած մեղքե՞րդ տակնուվրա անի: Կյանքդ փչացրել ես, հերիք չէ, մարդկանցից էլ պահանջում ես… բայց ի՞նչ ես պահանջում, դու էլ չգիտես: Կամ նրանք ի՞նչ մեղավոր են, դու քո ունեցածին տեր կանգնեիր, դու քո դժբախտության համար գլուխդ պատերին տայիր, ոչ թե… մեղավոր դարձնեիր ուրիշներին: (Դադար: Անսպասելի հոգատարությամբ նստեցնում է բազմոցին:) Խոստանում եմ, որ այսօրվանից կարող ես ամբողջ օրը թակել առաստաղը, հալածել հարևանի տղային, չնկա­տել մնացածներին… Մեզնից և ոչ մեկը քեզ չի անհանգստացնի, ոչ մեկը հանգիստդ չի խանգարի: Համարիր, որ չկաս, մենք քեզ չենք տեսնում: …Գլուխս պայթում է, էս օրը դեռ ինչքան եմ հիշելու…

ԿԻՆ — Իսկ ես ամեն ինչ կտամ այս օրը մոռանալու հա­մար: Եվ ո՞վ է ասել, թե խոստովանությունը հանգստաց­նում է հոգին: Գուցե ուրիշների համար դա ճիշտ է, բայց ոչ ինձ… (Տոնը փոխելով:) Ձեր անկոչ այցը շատ երկարեց:

ՏՂԱՄԱՐԴ — (կարծես համակերպվել է Կնոջ կտրուկ անցումներին, նրա իսկ տոնով): Իրոք, էս ամենը շատ երկարեց: Արդեն ասացի, որ ուղեկցել պետք չէ, ճամփան գիտեմ: (Գնում է դեպի դուռը:)

ԿԻՆ – (սևեռուն մտքով տարված): Ուղեկցե­լու միտք չունեմ:

ՏՂԱՄԱՐԴ – Ուրեմն՝ շարունակիր վայելել մենա­կությունդ:

ԿԻՆ — Իսկ դո՞ ւ:

ՏՂԱՄԱՐԴ — (բարձրացնելով ընկած աթոռը): Այս երեկոն մտածելու հարուստ նյութ տվեց: (Անսպասեցի չա­րախնդությամբ:)Ոչ միայն մտածելու, այլև… պատմելու:(Գոհ ասածից, շրջվում է գնալու:)

ԿԻՆ — (վերցնում է դարակից բրոնզե քանդակը, հաս­նում է Տղամարդուն, վախեցնող հանգստությամբ:) Ասացի, չէ՞, այստեղից դուրս չես գա:(Մինչ Տղամարդու շրջվելը արձանիկով հարվածում է: Տղամարդուն փրկում է շրջվելը՝ Կինը վրիպում է:)

ՏՂԱՄԱՐԴ — Դու… չէ, դու լրիվ ես ցնդել: Հասկա­նո՞ւմ ես, ի՜նչ ես անում: (Փորձում է հանդարտեցնել նրան:)

ԿԻՆ — (հիստերիայի մեջ): Հա՜, ես ցնդած եմ, իսկ դու… հիմա կլինես… սատկա՜ծ:

Սկսվում է դաժան ու լուռ պայքար: Տղամարդն սկզբում այնքան էլ լուրջ չի վերաբերվում, ընդամենը փորձում է «վնասազերծել» Կնոջը՝ արձանիկը խլելով: Բայց վերջինս ասես գերբնա­կան ուժ է ստացել՝ այս ընթաց­քում պրկված նյարդերը տեղի են տվել: Տղամարդը վերջապես հասկանալով պահի լրջությունը՝ հակահարվածի է անցնում: Լուռ մենամարտի մեջ նրանց մարմինների շփումն աննկատելի, բայց աստիճանաբար պարզորոշ է դարձնում մի նոր երանգ՝ զգայականը:

Լարումը հասնում է գագաթնակետին: Տղամարդը խլում է արձանիկը, ոլորելով Կնոջ ձեռքերը, հրելով տանում ու իր մարմնով սեղմում է պատին: Կինը լուռ ատելությամբ նայում է նրան:

ՏՂԱՄԱՐԴ — (ձայնը, որ սկզբում շնչահատվամ է կռվի լարումից ու չարությունից, աստիճանաբար կրքոտ երանգ է ստանում): Լրի՜վ ես ցնդել չորս պատերի մեջ… Ասենք, զարմանալու ի՞նչ կա… Ամեն օր, ամեն վայրկյան շուրջդ նույն իրերն են, նույն լռությունը… Իսկ դու… դու մեռած չես, մեջդ դեռ կյանք կա, ինչքան էլ ժխտես քո այս կյանքով ու մեջդ կուտակած չարութ­յամբ: Ինչքան էլ չարացած, բայց ապրում ես, չէ՞… Ինչ­քան էլ հիշես էն երկուսին ու տառապես, բայց քիչ հետո սուրճ ես խմում, լոգանք ընդունում… Ճիշտ է, գիշերներից վախենում ես, շա՜տ ես վախենում, որովհետև մեռածները նախընտրում են գիշերային այցելությունները…

ԿԻՆ — Բայց ամեն գիշեր չէ, որ նրանք գալիս են, եր­բեմն ավելի դաժան են վարվում՝ մենակ են թողնում ինձ…

ՏՂԱՄԱՐԴ — …Քո մտքերի ու կիսատ-պռատ ցան­կությունների հետ, որոնք երբեմն էնքան են անկեղծա­նում, որ նրանցից ավելի ես սարսափում, քան մեռածնե­րի ստվերներից: Էդ գիշերներն ավարտ չունեն՝ ժամե­րով շուռումուռ ես գալիս անկողնուդ մեջ… սավանն այ­րում է մարմինդ… ավելի բորբոքում երևակայությունդ: (Կոպտորեն Կնոջ թևերը ոլորում է թիկունքին, մի ձեռքով պահում, մյուսով բլուզի օձիքը քաշում՝ կոճակները կտրելով, բացում է կուրծքը:) Տես, է՛, կրծկալ չես հագել, խեղդում է, հա՞… Էդպես էլ գիտեի… որ կուրծքդ դեռ տեղն է… (Կոպիտ գգվում է՝ աչքը չկտրելով նրանից:) Հը, չե՞ս թուլանում… (Քաշում-հանում է բլուզը:) Շարունա­կում ես խաղա՞լ, իբր՝ պետքդ չէ… Իբր՝ արհամարհանքդ էնքան մեծ է, որ ցավ չես զգում: Իրակա­նում արհամարհանք ես խաղում ինձ ավելի կատաղեց­նելու համար… Ինքնասիրությունս տրորելով վրա ես քա­շում, հա՞… Կռահեցի՞… Դե գոնե մի բառ ասա, վերջա­պես իմանամ՝ ուզածդ ի՛նչ է:

ԿԻՆ — (շպրտում է ատամների արանքից): Միևնույն է, քեզ կսատկացնեմ:

ՏՂԱՄԱՐԴ — Հա, էդ կարող ես, նույնիսկ թույլ կտամ, որ փորձես, բայց… Հիշիր քո մենակ գիշերները, երբ ցանկությունը, կամքիդ հակառակ, ծվատում է քեզ, ու դու օձի պես գալարվում ես ճմրթված սավանին… Իսկ մարմինդ մեռնում է տղամարդու մարմնի կարոտից: (Կնոջ ձեռքերը դնում է իր կոնքերին:) Շոշափիր, տեսնո՞ւմ ես… զգացի՞ր… Սա ես փնտրում քո դատարկ անկողնում, չէ՞: Իսկ հիմա կհամբուրես ինձ: (Կինն ապարդյուն փորձում է խուսափել: Տղամարդը նրան ավելի է սեղմում պատին, մի կերպ որսում շուրթերը:) Ո՞նց էր… չէ, ձեռքերդ մի փախցրու, բեր էս կողմ, շոշափիր… զգացի՞ր: Հիմա էլ կզգաս, որ ինձ կարելի է խանդել: Խանդը ծնվում է, երբ տղամարդու ուժն զգում ես քո մեջ… ու հետո սկսում ես վախենալ, որ կա­րող ես զրկվել դրանից: Ինչո՞ւ օգնության չես կանչում հարևաններիդ, գոնե էս անգամ… (Կնոջ մարմինը կաս­կածելիորեն կուչ է գալիս, նա ասես կորցրել է գիտակ­ցությունը:) Թող էդ խաղերդ… Մի սենյակում կին ու տղամարդ… երկուսով… էլ ի՞նչ է պետք… քեզ ուրիշ ի՞նչ է պետք… (Նրան քարշ է տալիս, գցում բազմոցին, քան­դում իր վերնաշապիկի կոճակները: Կնոջ դիրքն այնպի­սին է, որ չես հասկանում՝ ուշագնա՞ց է, թե…) Չէ, մի բան պակասում է… (Փութկոտ ու միաժամանակ անճարակ շարժումներով քանդում է Կնոջ մազերը, որոնք թափվում են բազմոցն ի վար:) Այ, հիմա եղավ… մնացածը կլինի, ինչպես քո երազում… կամ մղձավանջի մեջ:

ԽԱՎԱՐ

Տեսարան. Կինն անբնական դիրքով՝ կարծես կոտրված տիկնիկ լինի, նստած է բազմոցին, մի կերպ փաթաթված ծածկոցով: Վախեցնող բան կա նրա դեմքի ու նստած դիրքի մեջ: Տղամարդը, թիկունքով կանգնած, կոճկում է վերնաշապիկի կոճակները: Բայց դրանից հե­տո էլ շարունակում է մնալ այդ դիրքով: Լռություն: Մենամարտը շարունակ­վում է՝ ով կխոսի առաջինը:

Կնոջ հերարձակ մազերը, դեմքի ան­վերծանելի արտահայտությունը, ինչ-որ պահի շուրթերի անկյունում հայտնված ժպիտն անճանաչելի են դարձրել նրան: Տղամարդը փորձում է աննկատ նայել նրան՝ չի ստացվում: Սրտնեղած իր ան­համարձակությունից՝ կտրուկ շրջվում է: Կինն անթարթ նայում է դահլիճ՝ մի կե­տի: Տղամարդը շուրջն է նայում, ասես ինչ-որ բան է փնտրում, ուղղում է հա­գուստը, մազերը: Զգացվում է, ինչ-որ բան է ուզում ասել, բայց… չի՞ համար­ձակվում, թե՞ չգիտի՝ ինչ ասի: Ի վերջո, գնում է դեպի դուռը:

ԿԻՆ — (անգույն ձայնով): Ատրճանակը…

ՏՂԱՄԱՐԴ — (անակնկալի եկած նայում է նրան, հե­տո փնտրում, սենյակի անկյունում գտնում է ատրճա­նակը, մոտենում նրան): Ինչի՞դ է պետք խաղալիքը:

ԿԻՆ- (դիրքն ու դեմքի արտահայտությունը չփոխելով, շարունակում է պարզած պահել ձեռքը):

ՏՂԱՄԱՐԴ — (անճարակ չարությամբ): Բախտդ բերել է, որ խաղա­լիք է… Թե չէ կարող էի հենց հիմա քաշել ձգանը:

ԿԻՆ — (առեղծվածային ժպիտով առաջ է պարզում ձեռքը):

ՏՂԱՄԱՐԴ —  (ատրճանակը զգույշ դնում է նրա ափի մեջ):

Տղամարդը շրջվում է: Կինը ատրճանա­կը մոտեցնում է քունքին ու կրակում: Կրակոցը, ի տարբերություն նախորդ­ների, շատ բարձր է: Դանդաղ փլվում է կողքի: Տղամարդը մոտենում է նրան… կարճ դադարից հետո նախ վազում է դեպի խոհանոցի դուռը, հետո՝ ննջարա­նի, վերջապես հասնում է հարկավոր դռանն ու դուրս նետվում:

Կինը անշարժ ընկած է հատակին: Լռությունը անսպասելի պայթում է վերևից հնչող բարձր երաժշտությամբ:

Քիչ անց բեմը թաղվում է խավարի մեջ: Հետո մի կարճ ակնթարթ լռություն է տիրում… ու նորից բարձր հնչում է երաժշտությունը: Այն նույն երաժշտութ­յունը, որ հնչել էր սկզբում: Բեմը լուսավորվում է: Նույն պատկերն է, ինչ պիեսի սկզբում: Ներս է մտնում Կինը՝ ձեռքին գրտնակը: Նա արագ, ինչպես պիեսի սկզբում, մոտեցնում է սեղանի­կը… ամեն ինչ նույնությամբ կրկնվում է, մինչև այն պահը, երբ վեր է բարձ­րացնում գրտնակը: Անշարժանում է: Բեմը թաղվում է խավարի մեջ: Միայն երաժշտությունն է շարու­նակում անողորմ հնչել:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։