Վիգեն ՍՏԵՓԱՆՅԱՆ / «ԱՇՆԱՆ ՕՐԵՐԻՑ ՄԻ ՕՐ ԱՆՁՐԵՎՈՏ»

Վիգեն ՍՏԵՓԱՆՅԱՆԻ «ԱՇՆԱՆ ՕՐԵՐԻՑ ՄԻ ՕՐ ԱՆՁՐԵՎՈՏ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2006 թ., թիվ 11-12-ում

 

Այս պիեսի գաղափարը ծնվեց 1990 թվականի սկզբներին։ Այն ժա­մանակ «ՄԵՏՐՈ» թատրոնի գեղարվեստական ղեկա­վարն էի, իսկ դրամատուրգ և թատերագետ Անահիտ Աղասարյանը աշխատում էր թատրոնում որպես գրական մասի վարիչ։ Իմ կողմից առաջարկված գաղափարը, նրա գրչի շնորհիվ, դարձավ պիես, սկսվեցին բեմադրական աշ­խատանքները, սակայն… Մի խոսքով, եղավ, ինչ եղավ, բեմադրությունը չկայացավ և պիեսը դատապարտվեց մո­ռացության մոտ 7 տարով։

90-ական թվականների վերջերին տեղի ունեցավ շատ պատահական մի հանդիպում, իմ կարծիքով, իսկապես տաղանդավոր դերասան Տիգրան Ոսկանյանի հետ և այդ հանդիպման արդյունքում ծնվեց այս պիեսի բոլորովին նոր տարբերակը՝ մեր երկուսի հեղինակությամբ։ Ես ար­դեն չէի աշխատում «ՄԵՏՐՈ»-ում, սակայն պիեսով հետաքրքրվեց Հակոբ Ղազանչյանը, նա այն ժամանակ Գյումրիի Վ. Աճեմյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր։ Եթե չեմ սխալվում, նույնիսկ սկսվեցին բե­մադրական աշխատանքները, սակայն… եղավ, ինչ եղավ, և գործը նորից դատապարտվեց մոռացության։

Բեյրութից վերադառնալուց հետո նորից ստանձնեցի «ՄԵՏՐՈ» թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշ­տոնը, անմիջապես սկսեցի աշխատել պիեսի վրա, բայց… թե Երևանը, թե այսօրվա մարդն այնքան էին փոխվել, որ պիեսը ժամանակավրեպ էր դարձել: Արդեն մենակ գրեցի բոլորովին նոր մի տարբերակ, փոխվեցին շեշտերը, ավելացան հերոսների կենսագրական կարևորագույն կե­տերը, պիեսն ունեցավ նոր վերնագիր, սակայն… եղավ, ինչ եղավ, և փաստորեն «Դրամատուրգիա» հանդեսի առաջարկությունը յուրովի պրեմիերա է խոստանում այս գործին։

Ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր ժամանակին աշխատել են այս գործի վրա և հույս ունեմ, որ օրերից մի օր այն ոչ միայն կկարդան, այլ նաև կտեսնեն։

Վիգեն ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

ԱՇՆԱՆ ՕՐԵՐԻՑ ՄԻ ՕՐ ԱՆՁՐԵՎՈՏ

Ժամանակակից պատմություն երկու մասից

Գործող անձինք

ԲԵԳ

ՆԱՆԱ

ԳՐԵՏԱ

ՍԱՄՈ

ՍԱՇ

ՆՈՐԻԿ

ԼԻԼԻԹ

ՃԻՃԻԿ

ԱՐԵՎԻԿ

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴ

ԱՐԱՐ ԱՌԱՋԻՆ

Աշնան երեկո: Կիսամութ սենյակ շենքի տանիքում։ Մեծ պատուհանը կիսաբաց է, երևում է տանիքի մի մասը: Անկյունում՝ հին դաշնամուր։ Մեծ մահճակալին, վերմակի տակ պառկած է Բեգը։ Հեռախոսազանգ։ Վերմակի տակից հանում է ձեռքը, վերցնում է լսափողը և խոսում վերմակի տակից։

ԲԵԳ — Ո՞վ ա։ Հա, տատ… հա։ Լավ եմ, հա։ Էդ ոնց էլ հիշում ես։ Հը՞… Հա։ Չէ, ես հիշում եմ։ Բա ոնց… չէ, էսօր դժվար թե… Արի ես վաղը գամ։ Չգիտեմ… 6-ին, 7-ին, երբ ստացվի։ Հա… Չէ, կերել եմ… Կերել եմ։ Հա… Եղավ, տատ։

Բեգը կախում է լսափողը, նստում է մահճակալին, վերմակը քաշում վրան։ Սեղանի վրայից գտնում է սիգարետի մնացորդ, դնում բերա­նը։ Լուցկի չկա։ Դողում է։ Դռան ետևից լսվում են կանացի ձայներ։

ՆԱՆԱՅԻ ձայնը– Արի, արի, դուռը բաց ա։

ԳՐԵՏԱՅԻ ձայնը — Սրանց դուռը ե՞րբ ա փակ լինում որ… (Կանայք մտնում են սենյակ։) Էս մարդ չկա՞… Նան, լույսը վառի։

Նանան վառում է լույսը, տեսնում Բեգին։

ՆԱՆԱ – Վայ, մամա ջան…

ԳՐԵՏԱ – Բե՞գ… էս տո՞ւնն ես։

ԲԵԳ — (կամաց): Լույսը…

ՆԱՆԱ – Ի՞նչ…

ԲԵԳ – (ավելի կամաց)։ Լույսը…

ԳՐԵՏԱ — (Նանային)։ Լույսն անջատիր։

Նանան անջատում է լույսը։

ԲԵԳ – Վառեք…

ՆԱՆԱ – Հիմա էլ վառե՞մ…

ԳՐԵՏԱ — Չէ, է՜… (Պայուսակից հանում է լուցկին, վառում Բեգի սիգարետը։)

ԲԵԳ — (կամաց)։ Բերի՞ր։

ԳՐԵՏԱ — Չստացվեց։ Եթե գոնե մի հատ դուրս գրած լինեին, կբերեի։ Բայց էսօր չստացվեց։

ՆԱՆԱ – Գրետ, մի քիչ բարձր խոսացեք, վա­խենում եմ։

ԳՐԵՏԱ — Նան, գնա չայ դիր։ (Բեգին.) Հա­վատա, դու գիտես, ես…

ՆԱՆԱ — Էդ ինձ ցրո՞ւմ եք։

ԳՐԵՏԱ — Քիչ խոսա, գնա։

Նանան գնում է, խոհանոցի դռան մոտ կանգ է առնում։

ՆԱՆԱ — Գոնե կուխնյայի լույսը կարո՞ղ եմ վառել։

ԳՐԵՏԱ — Վառի։ (Նանան մտնում է խոհա­նոց, վառում լույսը։) Բեգ, իսկապես հնարավոր չէր։ Էրեխուս արև…

ՆԱՆԱ — (խոհանոցից)։ Աստված իմ, էս ինչ կեղտ ա… յախկ, էս ի՞նչ ա…

ԳՐԵՏԱ — Երկու օր ա օպերացիա չկա։ Յո­թերորդ պալատի բիձեն էլ երեկ մեռավ։

ՆԱՆԱՅԻ ձայնը – Չայը ո՞ւր ա։

ԳՐԵՏԱ — Գայանին խնդրեցի, պարտքով…

ԲԵԳ — Դարակում ա։

ԳՐԵՏԱ – Ի՞նչ…

ԲԵԳ — Չայը դարակում ա։

ԳՐԵՏԱ – Հը՞, ի՞նչ չայ… հա՜։ (Դեպի խոհա­նոց։) Չայը դարակում ա։ Էդ Գայանն էլ լրիվ ցնդել ա։ Մի թիվ կրակեց…

ԲԵԳ — Ժամը քանի՞սն ա։

ԳՐԵՏԱ – Ժա՞մը… (Նայում է ձեռքի ժամա­ցույցին։) Յոթ անց քսան։ Քու արև, եթե գոնե մի հատ դուրս գրած լինեին, անպայման կբերեի: Գիտես, առանց կոպեկի նստած եմ։ (Լսվում է Նանայի ճիչը։) Ի՞նչ եղավ, ախչի…

ՆԱՆԱ — (բացելով դուռը)։ Տառական էր… շաքարն ո՞ւր ա…

ԳՐԵՏԱ — Շաքար պետք չի, բեր։ Բեգ…

ԲԵԳ – (քմծիծաղով)։ Տառական…

ՆԱՆԱ – (սրճեփը բերում է սենյակ)։ Չայնիկը կեղտոտ էր, սրա մեջ եփեցի։ Ոչինչ, չէ՞…

ԲԵԳ — (քմծիծաղն ուժեղանում է)։ Տառական… յոթ անց քսան…

ՆԱՆԱ — Բաժակդ ո՞ւր ա:

ԳՐԵՏԱ — Հեսա… (Սեղանից բաժակ է վերցնում, գնում խոհանոց։) Սպասիր լվամ:

ԲԵԳ — Էն ո՞ւր գնաց։

ՆԱՆԱ — Ո՞վ… հա, բաժակը լվա։

ԲԵԳ – Ինչի՞ համար… Ասա, թող գա:

ՆԱՆԱ — Գրետա, Գրետ… ասում ա՝ մի լվա, պետք չի:

ԳՐԵՏԱ – (ներս գալով)։ Արդեն լվացի։ Բեգ ջան, լավ էլի… խոհանոցը էլի կեղտի մեջ կորած ա։ (Նանային.) Ո՞ւր ա չայը… լցրու։ (Նանան լցնում է թեյը։) Գոնե ամանները լվանայիք։ (Բեգը դանդաղ, երկու ձեռքով բռնում է բա­ժակը։) Տաք ա, մատներդ կվառես։ (Բեգը դանդաղ բաժակից մի կում է անում։) Թող մի քիչ սառի…

ԲԵԳ – Տապոչկեքս ո՞ւր են։

ԳՐԵՏԱ – Տապոչկե՞քդ… հեսա, մի րոպե։

ՆԱՆԱ – Վայ, սպասիր, կուխնյայում մի հատ տապոչկա կար։ (Գնում է խոհանոց։)

ԳՐԵՏԱ — Ըհը, մեկը գտա… (Բերում, դնում է մաշիկը Բեգի առջև։)

ԲԵԳ – Բա ինչի՞ չես շնորհավորում, չես պա­չում։

ԳՐԵՏԱ — Ո՞ւմ։

ԲԵԳ — Ինձ, էլ ո՞ւմ։ Կարո՞ղ ա ստեղ ուրիշ մարդ կա։

ԳՐԵՏԱ — Բայց էսօր… (Բեգը գրկում է նրան։) Պաչելը՝ պաչեմ, բայց… (Համբուրում է։ Մաշիկը ձեռքին սենյակ է մտնում Նանան։)

ՆԱՆԱ – Է՞ս ա… Յա՜, էդ դրա համա՞ր էիք ինձ ցրում։ Լավ, հա՜… արեք, ինչ ուզում էք, չեմ նայում։

ԳՐԵՏԱ — Ուշքդ, միտքդ էդ ա, տուր էստեղ։ (Դնում է մաշիկը Բեգի առջև։)

ԲԵԳ – (Նանային)։ Իսկ դու ինչո՞ւ չես պաչում։

ՆԱՆԱ – Ե՞ս։ Ո՞նց։ Բա ասա… (Երգում է։) O, my darling. (Ուզում է համբուրել Բեգին։)

ԲԵԳ – Հո՛պ, հո՛պ… (Վեր է կենում մահճակալից։) Ես ինչ եմ ասում, էս ինչ ա երգում…

ՆԱՆԱ – Դու չասի՞ր…

ԳՐԵՏԱ — (Բեգին)։ Օգնե՞մ…

ԲԵԳ – (Գրետային)։ Էն գիրքը տուր։ (Նանա­յին.) Իսկ դու հավի միս կեր, հիշողության հա­մար լավ ա։

ԳՐԵՏԱ — (պահարանից մի գիրք վերցնելով)։ Էս Սարոյա՞նը…

ԲԵԳ – Հա, տուր։

ՆԱՆԱ – Վա՜յ, դու Սարոյան ես կարդո՞ւմ։ (Բեգը գիրքը ձեռքին մտնում է զուգարան։) Վիլյամ Սարոյանի մասին ռեֆերատ էի գրել։ Երկրորդ կուրսում… թե երրորդ… Իսկ հի­շողությունս շատ էլ լավն ա։ Դե գնա…

ԳՐԵՏԱ — Սպասիր, էսօր ամսի քանի՞սն ա։

ՆԱՆԱ — Վեցը, կամ յոթը…թե՞ ութն ա։ Ո՜ւֆ, շա՞տ եմ հիշում…

ԳՐԵՏԱ — Բա ասում ես՝ հիշողությունս լավն ա… Էսօր մեր կամանդի օրն ա։

ՆԱՆԱ — Ոնց թե… հաստա՞տ։ Բեգ… Բեգ… (Վազում է դեպի զուգարանը։)

ԳՐԵՏԱ — Ո՞ւր, ախչի, թող էդ մարդը հան­գիստ իրա համար նստի։

ՆԱՆԱ – Ոնց էի մոռացել, է՜… Իսկ մենք քանի՞ տարեկան եղանք։ Գրետ…

ԳՐԵՏԱ – Հը՞։

ՆԱՆԱ– Ասում եմ՝ нам сколько?

ԳՐԵՏԱ —     Много. Լույսը վառի, գոնե սենյակը մի քիչ կարգի բերենք։ Էսօր տղերքը հաս­տատ կհավաքվեն։

ՆԱՆԱ — (լույսը վառելով)։ Լավ, էլի, Գրետ, հիմա էլ ուբորկա անենք…

ԳՐԵՏԱ — Էն պատուհանը փակի, դատարկ շշերն էլ տար կուխնյա։

ՆԱՆԱ — Էրնեկ քեզ։ (Մոտենում է պատու­հանին։) Վա՜յ, Գրետ, նայի… ի՜նչ սիրուն անձրև ա։

ԳՐԵՏԱ – Ի՞նչ… առ, էս մոխրամանները դատարկիր։

ՆԱՆԱ — Էսօր տուն չեմ գնալու, կմնամ էս պատուհանի մոտ։

ԳՐԵՏԱ – Ո՞ւմ եմ ասում… կուխնյայից էլ թաց շոր բեր։

ՆԱՆԱ — Բայց ընտեղ տառական կա:

ԳՐԵՏԱ — Տառականը քեզ չի ուտի։ Շուտ արա…

Նանան մտնում է խոհանոց։ Գրետան մոտենում է զուգարանի դռա­նը, ականջ է դնում։ Խոհանոցից գալիս է Նանան՝ թաց լաթը ձեռ­քին։

ՆԱՆԱ — Էս լա՞վ ա։

ԳՐԵՏԱ — Էս ի՞նչ ես բերել։

ՆԱՆԱ– Շոր։ Թաց…

ԳՐԵՏԱ — Սեղանը մաքրի։ (Թակում է զուգարանի դուռը։) Բեգ… Արմեն…

ԲԵԳ – Ի՞նչ ա եղել։

ԳՐԵՏԱ — Չէ, չէ, ոչ մի բան:

ՆԱՆԱ – Ո՜ւֆ, չեմ կարող… (Լաթը մի կողմ է դնում։) Հիմա ալերգիաս կսկսվի։

ԳՐԵՏԱ — Տուր տեսնեմ։ (Մաքրում է սեղանը։)

ՆԱՆԱ – Ոնց էլ չես զզվում:

ԳՐԵՏԱ — Ամբողջ օրը որ հիվանդների տակը մաքրես, դու էլ չես զզվի։

ՆԱՆԱ – Յա՛խկ… (Ծիծաղում է։) Սաշը ասում ա, որ դու մաքրելու շիզ ունես։

ԳՐԵՏԱ — Սաշիդ ասա՝ քիչ խոսա, թե չէ… Ոնց չեմ սիրում դրան։

ՆԱՆԱ – Թե չէ ինքը քեզ համար գժվում ա։ (Սեղանից վերցնում է զարթուցիչը։)

ԳՐԵՏԱ — (խիստ)։ Տեղը դիր։

ՆԱՆԱ — (արագ տեղն է դնում)։ Մոռացա, կներես։

ԳՐԵՏԱ — Դրան տեսեք… տրուբա փչելով մարդ ա դառել ու մենք էլ շիզ, հա՞…

ՆԱՆԱ — Դե, հիմա տրուբա փչում, թե ինչ ա անում, չգիտեմ, բայց իրենց սիմֆոնիկով տա­րին տասներկու ամիս արտասահմաններում ֆռֆռում ա։ Հիմա էլ Հունաստան են գնում։ (Նստում է թաց շորի վրա։) Էս ի՞նչ ա… յա՛խկ…

ԳՐԵՏԱ — Էդ քու Սաշի հերը որ ակադեմի­կոս չլիներ, տեսնեմ ո՞նց էր արտասահմաննե­րում ֆռֆռում վեց տարի նստելուց հետո։

ՆԱՆԱ — Տո, հիմա հենց էդ նստածներն են արտասահման գնում։ Լավ, է՜… (Բջջայինի զանգ։) Գրետ, էս քու հեռախոսն ա։

ԳՐԵՏԱ — Դրանից ոչ ունեմ, ոչ էլ ուզում եմ ունենամ։

ՆԱՆԱ – Կարո՞ղ ա իմն ա… (Պայուսակից հե­ռախոսն է հանում։) Հա էլի… Ալո…

ԳՐԵՏԱ — (քթի տակ)։  Անջո…

ՆԱՆԱ — Պրիվ, ջան… ո՞վ ա։ Հա, Լուս… Չէ։ Չէ, վա՜յ… էսօր ծնունդի եմ։ Տո, քեզ ի՞նչ, է՜… Հա։ Լավ: (Անջատում է հեռախոսը։)

ԳՐԵՏԱ – Ո՞վ էր որ…

ՆԱՆԱ — Հեչ, մերոնցից… Բեյրութից ծանոթ մարդ ա եկել։

ԳՐԵՏԱ — Բա դե գնա:

ՆԱՆԱ – Ո՞նց… բա չե՞նք հավաքվելու։

ԳՐԵՏԱ — Գնա, հետո արի, փող ա վերջապես:

ՆԱՆԱ — Տո, չէ հա, ախպարիկներից ի՞նչ փող… Համ էլ հավես չկա։

ԳՐԵՏԱ — Դե, ուրեմն սեղանը բռնի, մի կողմ տանենք։ (Տանում են սեղանը։) Էն բանդ ի՞նչ եղավ… ո՞նց էր դրա անունը։

ՆԱՆԱ – Ո՞ր մեկը…

ԳՐԵՏԱ — Էն, թազեն… կարմիր գալոյով…

ՆԱՆԱ — Էն թլոշ բիզնեսմե՞նը… (Ծաղրով։) Ես հիմա կմեռնեմ… Լոնդոնում օֆիս եմ բա­ցում, Օսլոյում խանութներ եմ առնում, միայն դու արի, Նանուլ։

ԳՐԵՏԱ — Ըհը, միայն Օսլոյում էին պակաս…

ՆԱՆԱ — Ասա, է՜… Տարավ մի տեղ։ Էնքան լակեց, որ շիշը իր սոտովոյից չէր տարբերում։ Լավ ա, գոնե փողը սկզբից վերցրի։

ԳՐԵՏԱ — Ապրես։ Կարևորը փողն ա։

ՆԱՆԱ – Պատկերացնո՞ւմ ես, հանվեց, ընկավ վրաս… ու քնեց։

ԳՐԵՏԱ — Ո՞նց։ Բա դո՞ւ…

ՆԱՆԱ — Ես ի՞նչ… ինձ տակից ցրի։ Հետո պառկած լյուստրային էի նայում։ Լավ էլ մեծ լյուստրա էր, կարծեմ իտալական… Մեջտեղն էլ երկու հատ շարիկ էր կախած։ (Ծիծաղելով։) Էն դրանց անտերների պես, բայց խրուստալից։

ԲԵԳ – (զուգարանից)։ Գրետա…

ԳՐԵՏԱ – Հա՞…

ՆԱՆԱ — Վայ, էդ մինչև հիմա էնտեղ նստա՞ծ ա։

ԲԵԳ – Մի հատ օճառ բեր։

ԳՐԵՏԱ — Հիմա… (Դարակում օճառ է փնտրում։)

ՆԱՆԱ — Գրետ, գիտես, մեկ-մեկ Բեգից վա­խենում եմ։ Բայց մեկ-մեկ էլ մեղքս գալիս ա։ Ինչի՞…

ԳՐԵՏԱ — Օճառն ո՞ւր ա, է՜…

ՆԱՆԱ – Հը՞, Գրետ…

ԳՐԵՏԱ – Ի՞նչ ես ուզում, է՜, ախչի… Էդ շան կյանքով ով էլ ապրեր, ըտենց կլիներ։ (Փնտրում է պահարանում։) Առաջին օրվանից գնաց գրվեց կամավոր։ Հետո հրամանատար դար­ձավ։ Քանի հատ վերք, երկրորդ կարգի հաշ­մանդամ ու ի՞նչ…

ՆԱՆԱ – Ի՞նչ…

ԳՐԵՏԱ — Ոչինչ։ Ոչ մեկին պետք չի։ Գնա ու ոնց ուզում ես ապրի։ Իսկ որ չապրես, ավելի լավ, մի գլխացավանք կպակասի։

ՆԱՆԱ – Ի-ի՜… վախենալու բաներ մի ասա։

ԳՐԵՏԱ — Հեսա… Բեգ, օճառը…

Բեգը վերցնում է օճառն ու փակում դուռը։

ՆԱՆԱ — Առանց էդ էլ էսօր թարս օր ա։ Ու­զում էի արդուկով շորս չորացնեի՝ վառեցի, ջինսս լվացի՝ մանիկյուրս իջավ։

ԳՐԵՏԱ — Մի հատ սիգարետ տուր։

ՆԱՆԱ – Հը՞… հա՜։ (Պայուսակում սիգարետ է փնտրում։) Տես, է՜, չկա, երևի տանը մոռացա։ Հաստատ թարս օր ա… հետս մի վատ բան չպատահի…

Հեռախոսազանգ։ Կանայք նայում են իրար։

ՆԱՆԱ – Վերցնե՞մ…

ԳՐԵՏԱ — Գործ չունես։

ԲԵԳ – Հեռախոսը վերցրեք։

Գրետան վերցնում է լսափողը։

ԳՐԵՏԱ — Ալո… Այո։ Մի րոպե… Բեգ, քեզ են ուզում։

Մազերը սանրելով զուգարանից դուրս է գալիս Բեգը, վերցնում լսափողը։

ԲԵԳ – Հա… հա, ես եմ։ Ե՞րբ… դե, շուտ արա։ Հա, կա… արի։

Բեգը դնում է լսափողը, ուշադիր զննում է սենյակը։

ԳՐԵՏԱ — Մի քիչ հավաքեցինք։

ԲԵԳ — Լավ արեցիք։ (Նայելով զարթուցի­չին։) Բա էս ինչի՞ եք ձեռք տվել…

ՆԱՆԱ — Էդ ես էի… միամիտ կպա։

Բեգը լուռ ուղղում է զարթուցիչը։

ԳՐԵՏԱ — Բեգ, մերոնք… ո՞նց ես կարծում, կերևա՞ն։

ԲԵԳ – Չգիտեմ, պիտի որ…

ՆԱՆԱ — (Բեգին)։ Իսկ հիմա կարելի՞ է ձեզ պաչիկ անել։ Հը՞, կամանդիր:

ԲԵԳ – Հիմա կարելի է։

ՆԱՆԱ – Yes! (Համբուրում է։)

ԳՐԵՏԱ — Ախչի, հոպ… շնորհքով… (Բեգին.) Մայկեդ հանի, տանեմ լվամ։

ԲԵԳ – Պետք չի, մաքուր ա։

Ներս է մտնում Սամոն։ Ձեռքին մեծ փաթեթ կա։

ՍԱՄՈ — Նան ջան, պրիվետ։ (Գրետային.) Նիսսյա, ստե՞ղ ես:

ՆԱՆԱ – Պրիվետ, Սամուլիկ։

ԲԵԳ – Ո՞ւր ես, այ տղա։

ՍԱՄՈ — Ցավդ տանեմ, Բեգ ջան, բա ես քու համար հո քուչի խորոված չէի բերի։ Մինչև սարքեցին ուզածիս պես…

ՆԱՆԱ – Վայ, էս խորովա՞ծ ա։

ՍԱՄՈ — Բա ո՞նց… էսօր մեր օրն ա, չէ՞։ Թե՞ մոռացել եք։

ՆԱՆԱ – Ի՜… ո՞վ ա մոռացել։

ԳՐԵՏԱ — Դու։ Ես էլ էի մոռացել, լավ ա Բե­գը հիշեցրեց։

ՍԱՄՈ — Այ, ըտենց եք, է՜… Լավ, դավայ, մի հատ տեսեք, սեղանը ինչ եք անում…

Կանայք անցնում են գործի, Բեգը Սամոյին մի կողմ է տանում։

ԲԵԳ – Մոտդ փող մնա՞ց։

ՍԱՄՈ — Մի քիչ կա, բայց եսիմ… Անտերնե­րը գժվել են, երկու կտոր միս են տալիս, մի ոչ­խարի փող են ուզում։

ԲԵԳ – Արի ասեմ… (Գնում են խոհանոց։)

ԳՐԵՏԱ — (փաթեթը բացելով)։ Հազար տա­րի խորոված չեմ կերել։

ՆԱՆԱ – Վայ, իմ սիրած տրճիկն ա:

ԳՐԵՏԱ — Էդ տրճիկը՝ խրճի՞կն ա։

ՆԱՆԱ — Հա, էլի… (Ուտում է։) Ի՜նչ համով ա:

Խոհանոցից գալիս է Սամոն, ձեռ­քին՝ փոքր պայուսակ։

ՍԱՄՈ — Սաղ չուտեք, հեսա գալիս ենք։ (Գրետային.) Քեզ հետ եմ, հե՜յ, գամփռ։

ԳՐԵՏԱ — Ձենդ կտրի, դուռակ։

Սամոն ծիծաղելով գնում է։

ՆԱՆԱ — Բայց Սամոն բարի տղա յա, չէ՞… Բեգին էլ ոնց ա սիրում։

ԳՐԵՏԱ — (ոսկորը կրծելով)։ Չի սիրում… հարգում ա։

Խոհանոցից գալիս է Բեգը, մոտե­նում է պատուհանին։

ԲԵԳ – Սամո, Սամ… մեքենան բաց չթողնես։ Մեքենան… հա…

ԳՐԵՏԱ — Արի կեր, սառում ա։

ԲԵԳ — Գրետ…

ԳՐԵՏԱ – Ի՞նչ ա… (Մսի կտոր է տալիս Բե­գին։) Առ, փափուկ միս ա։

ԲԵԳ – Վաղը 6-ից հետո ի՞նչ ունես… մի հատ տատի մոտ երևա։

ԳՐԵՏԱ — Կերևամ։ Երեխուն մանկապար­տեզից կվերցնեմ ու կմտնեմ։

ՆԱՆԱ – Բեգ, իսկ խմելու ի՞նչ կա։

ԲԵԳ — «Ջերմուկ»։ Սառնարանում ա, բաց, վեկալ։

ՆԱՆԱ – Իսկ «Ջերմուկից» բացի ուրիշ բան չկա՞։ Ձանձրացա, գոնե մագը միացնենք… Հը՞, Բեգ…

ԲԵԳ – Միացրու։

ՆԱՆԱ — Էս ի՞նչ կասետ ա մեջը։ (Միացնում է մագնիտոֆոնը, հնչում է «Բիթլզ»։) Այո՜… Baby I Love You…

ԲԵԳ – Baby չէ, mayby։ Mayby I Love You…

ՆԱՆԱ – Ո՞նց թե… բա ես միշտ բեյբի եմ եր­գել։ Ուրեմն՝ Mayby I Love You… Может быть я люблю тебя… Վայ, Բեգ, դու անգլերեն գիտե՞ս։

ԲԵԳ – Չհասկացա… Ուրեմն եթե մենք անգլֆակի ֆաքը չենք, ուրեմն բան, հա՞…

Բեգը ժպտում է։ Ժպտում է նաև Գրետան։ Հետո՝ Նանան։ Ծիծաղում են: Հեռախոսազանգ։

ՆԱՆԱ — Իզուր էլ չանջատեցի, հա՜… Ալո…

Բեգը մոտենում է պատուհանին։

ԳՐԵՏԱ — Էս կերար, վերջացրի՞ր։

ՆԱՆԱ – Լուս, ասացի, չէ՞, չեմ կարող…

ԲԵԳ – Երկու կտոր Սամոյի համար պահի։

ԳՐԵՏԱ – Արդեն պահել եմ։

ՆԱՆԱ — Ախչի, չե՞ս հասկանում՝ ծնունդ ա։

ԳՐԵՏԱ — Նան, արի կեր, ափսոս ա։

ՆԱՆԱ – Չեմ ուզում։ Լուս, վերջ, ցրի դրանց։

ԳՐԵՏԱ — Դուք գիտեք… (Սամոյի բաժինը մի կողմ է դնում, մնացածը՝ պայուսակի մեջ։ Քթի տակ։) Մարդիկ սոված սատկում են, իսկ սրանք…

ՆԱՆԱ — Ո՜ւֆ, դե նեղանում ես՝ նեղացիր։ (Անջատում է հեռախոսը, մոտենում Բեգին։) Բեգ, դանսինգ անե՞նք… Էսօր մնալու եմ մոտդ, հա՜։ Անձրև ա գալիս, իսկ ես զոնտիկ չեմ վերցրել։ (Ծիծաղելով։) Մի վախեցի, մի անգամից ավել չեմ ուզի…

ԲԵԳ — Ապուշ-ապուշ դուրս մի տուր։

ՆԱՆԱ – Չհասկացա՜… (Երգելով։) Դու ինձ էլ չես սիրում… Դու սիրում ես ուրիշին…

Ներս է մտնում Սաշը։ Ձեռքին շե­փորի պատյան է։ Լայնեզր գլխարկից ջուր է կաթում։

ՆԱՆԱ – Վա՜յ, Սաշ…

ՍԱՇ — Ողջույն, կույսեր։

ԳՐԵՏԱ — Էս ո՜ւմ ենք տեսնում…

ՆԱՆԱ — Привет.

ՍԱՇ — Մռութ…

Սաշը հանվում է, հայելու առջև շտկում է մազերը։ Նրան է մոտե­նում Նանան։

ԲԵԳ — Էդ ինչի՞ ուշացար։

ՍԱՇ — Ոտքով էի գալիս, իմ սիրած եղանակն է: Գորշ անձրև, գորշ քաղաք, գորշ մարդիկ…

ՆԱՆԱ — Լրիվ թրջվել ես, գիտե՞ս:

ԲԵԳ – Բերի՞ր։

ՍԱՇ — Անշուշտ։

ՆԱՆԱ – Երբ զանգում եմ՝ մոտդ հա՜ փակ ա ցույց տալիս։ Համարդ փոխե՞լ ես։

Սաշը պատյանից կապոց է հա­նում։

ԲԵԳ – Լրիվ ա՞։

ՍԱՇ — Համարյա, վաղը Սոնյան էլ կբերի, ու վերջ:

ՆԱՆԱ — Սոնյան ո՞վ ա։

ՍԱՇ — Դուք ինձ հե՞տ եք…

ԳՐԵՏԱ — Նան, արի հլա, բան եմ ասում։

ՍԱՇ — Մենք դեռ կհանդիպենք: (Բեգը բա­ցում է կապոցը։) Հաշվելո՞ւ ես:

ԲԵԳ – Մագը անջատեք։

ՆԱՆԱ — (անջատելով մագնիտոֆոնը, Սաշին)։ Սոնյա…

ՍԱՇ — Ֆիֆտի-ֆիֆտի, ոնց որ խոսացել էինք։

ԳՐԵՏԱ — Սուրճ ո՞վ ա ուզում։

ՍԱՇ — Ես։

ԳՐԵՏԱ — Բեգ, դու խմո՞ւմ ես։

ԲԵԳ – (փողը հաշվելով)։ Չէ:

ՆԱՆԱ — Ես կխմեի, բայց շաքար չկա։

ԳՐԵՏԱ — Շաքար կա, ջեզվեն վերցրու, արի։

Գրետան մտնում է խոհանոց, Նա­նան վերցնում է սրճեփը, կոնքերը շարժելով անցնում է Սաշի կող­քով։

ՆԱՆԱ – Սոնյա-Սոնեչկա…

ԲԵԳ – Իսկ Նորոյի բաժի՞նը…

ՍԱՇ – Ինչո՞ւ, Նորոն բաժին ունի՞։

ԲԵԳ – Չգիտեմ, դուք եք խոսացել։

ՍԱՇ – Նորոն թող իրա բուդկեքին տիրություն անի։ Դրան դա էլ է հերիք։

Խոհանոցից լսվում է կոտրվող ապակու ձայն։

ԲԵԳ — Էդ ի՞նչ եք ըտեղ…

ՆԱՆԱ — (բացելով խոհանոցի դուռը)։ Հեչ, բանկա էր… դատարկ։ (Փակում է դուռը։)

ԳՐԵՏԱՅԻ ձայնը — Ոտքերիդ տակ նայի։

ԲԵԳ – Դուք ե՞րբ եք գնում։

ՍԱՇ – Մյուս ամիս։

ԲԵԳ – Բա Մոսկվա՞ն։

ՍԱՇ – Մոսկվան թող սպասի։ Կգամ, հետո…

ԲԵԳ – Տես, չուշանա։

ՍԱՇ — (ժպտալով)։ Ուշ լինի, նուշ լինի։

ԲԵԳ – Չգիտեմ… մի տեսակ սիրտս կախ ա։

ՍԱՇ – Ինչի՞, բա՞ն ես իմացել։

Բեգը գլխով անորոշ նշան է անում, փողը պահում է մահճակալի տակ։ Գրետան երեք գավաթ սուրճ է բե­րում։ Ոտքը շփելով գալիս է Նա­նան։

ՆԱՆԱ – Հիմա էլ ոտքս քերծեցի։

ԲԵԳ — (Սաշին)։ Սաղ իրար հետ ինչքա՞ն եղավ։

ԳՐԵՏԱ — (սուրճը հրամցնելով Սաշին)։ Կար­ծեմ մի քիչ քաղցր ա։

ՍԱՇ — Շնորհակալություն։ (Բեգին.) Մոտա­վորապես մեկին հինգ, հինգ ու կես։ Էս դոլարի խաղերը… Վաղը կուրսը ինչ կլինի՝ չգիտես։ Մինչև գնամ-գամ…

ՆԱՆԱ – Ի՜, չվերջացրի՞ք։

Բ Ե Գ — Իսկ մեր ընկերն էլ, ուրեմն…

ՍԱՇ — Ընկերոջը ընկերական կբացատրենք։

ՆԱՆԱ – Բեգ, ես մագը միացնում եմ։

ՍԱՇ — Կամ էլ չենք բացատրի… Նայած ոնց իրան կպահի։

ԲԵԳ — Նայի, դուք եք խոսացել, ես կապ չունեմ։

ՍԱՇ – No problem.

Նանան նայում է ձայներիզները։

ԳՐԵՏԱ — Բեգ, խոհանոցը հավաքե՞մ, ահա­վոր վիճակ ա։

ԲԵԳ — Հավաքի, բայց էն թասերին ձեոք չտաս։

Գ Ր Ե Տ Ա — Գիտեմ… (Գնում է խոհանոց։)

ՍԱՇ — Էս արդեն յոթ անց կես ա… Բա ես պի­տի զանգեի։ (Մոտենում է հեռախոսին։)

ՆԱՆԱ — (CD-ի վրա կարդալով Պենդերեցկի… ինչ խոխմա ազգանուն ա։

ՍԱՇ – Ալո…

ՆԱՆԱ — «St. Luke Passion»… Страсти по святому Луке.

ՍԱՇ — Ալո… Բարի երեկո։ Ներեցեք, Սվետլանա Գուրգենովնային կարելի՞ է… այո։ Ես կսպասեմ։

ՆԱՆԱ — Հիմա էլ Սվետլանա Գուրգենովնա… (Միացնում է մագնիտոֆոնը։)

ՍԱՇ — (Նանային)։ Կամացացրու… (Նանան բարձրացնում է ձայնը։) Այո… Ի՞նչ… ներեցեք։ (Սառը ձայնով։) Կամացացրու, Նանա։ (Նա­նան անջատում է մագնիտոֆոնը։) Այո… սա տուրիստական ֆիրմայից են անհանգստացնում։ Հունաստանի հարցով… Բարի։ Ե՞րբ… Ես նորից կզանգեմ։ (Անջատում է, Նանային։) Սկսել ես քեզ վատ պահել, մռութ։

ՆԱՆԱ — Քո գործը չի… Գնա Սվետլանա Գուրգենովնայիդ ասա։

ՍԱՇ — Սվետլանա Գուրգենովնան տատիկիդ տարիքին է։

ՆԱՆԱ – Պա՜հ… քեզ համար ի՞նչ տարբերություն:

Ներս է մտնում Սամոն, ձեռքին ծանոթ պայուսակն է։

ՍԱՄՈ — Արա, հո անձրև չի գալի… Սա՞շ…

ՍԱՇ — Ողջույն։

ՍԱՄՈ — (Բեգին)։ Ինչ կար՝ բերի, չգիտեմ, հերիք կանի՞…

ԲԵԳ – Տար կուխնյա։

Սամոն գնում է խոհանոց։

ԳՐԵՏԱ – Ո՞վ ա։

ՍԱՄՈ — Հլա ստե՞ղ ես, նիսսյա։

ԳՐԵՏԱ — Հա, ի՞նչ կա։

ՍԱՄՈ — Ոչ մի բան, քամակդ քաշի, անցնենք։

ՆԱՆԱ – (Սաշին)։ Երեկ, գիտե՞ս, ինչքան եմ քեզ զանգել։

ՍԱՇ – Որտեղի՞ց իմանամ։

ՆԱՆԱ — Չէ, եթե չես ուզում, կարող եմ ընդհանրապես չզանգել։

ՍԱՇ — Ես նման բան ասացի՞:

Սամոն գալիս է խոհանոցից։

ՍԱՄՈ — Սաշ ջան, շնորհավոր, էսօր մեր կամանդի օրն ա։

ՍԱՇ – Հը՞… հա, իսկապես… քեզ էլ եմ շնոր­հավորում։

ՍԱՄՈ — Տեղ չեթաս, հեսա նշում ենք։ Բեգ ջան, մի քիչ տուր, հա՞, մոտս կոպեկ չմնաց։

ԲԵԳ – Դարակից վերցրու։

ՍԱՇ – Ինչքա՞ն ա պետք, մոտս կա։

ՍԱՄՈ — Տո չէ, հեսա… (Վերցնում է դարակից փողը, ուզում է գնալ:)

ՍԱՇ — Սամ, սպասիր… սա վերցրու։ (Փող է մեկնում։)

ՍԱՄՈ — Հերիք կանի, Սաշ ջան։

ԲԵԳ — Որ տալիս են, վերցրու։

ՍԱՄՈ – Է՞հ, լավ։ (Վերցնում է փողը։)

ԳՐԵՏԱ — Սամ, գնո՞ւմ ես, ինձ սիգարետ բեր։

ՍԱՄՈ — Եթե փողս հերիքի… (Արագ դուրս է գնում։)

ԲԵԳ – (ջղային)։ Քանի՞սն ա, է՜…

ՍԱՇ — Ութը… (Հեռախոսով։) Ալո… Սվետլանա Գուրգենովնա՞… լավ։ (Բեգին.) Մա՞րդ ես սպասում։

ԲԵԳ – Տո, չէ հա, ջհուդը պիտի գա։ Երեկվա­նից սատկում եմ։

ԳՐԵՏԱ — Բեգ, սեղանը դնե՞նք։

ԲԵԳ – Դրեք։

ՍԱՇ — Դա լավագույն տարբերակ է, հավա­տացեք։ Չէ, եթե դա ձեզ ձեռք չի տալիս… ի՞նչ։ Կարող եք ուրիշ տեղ հարցնել։

ԳՐԵՏԱ — Նան, բաժակները բեր։

ՍԱՇ — Եղավ… Սվետլանա Գուրգենովնա, դուք գիտեք, ես երբեք…

Նանան կանգ է առնում, լսում խո­սակցությունը։

ԳՐԵՏԱ – Ի՞նչ եղար, այ ախչի, բաժակները բեր։

ՍԱՇ – Շատ լավ… թող մնա վաղը։

ԲԵԳ – Գրետ, մենք սոդա ունե՞նք։

ԳՐԵՏԱ — Հա, էն օրը չբերեցի՞:

ՍԱՇ – Մնաք բարով։

ՆԱՆԱ — Էս բաժակներն էլ են կեղտոտ։

ԳՐԵՏԱ — Բան չկա, փոշի ա։

Օղու շշերը ձեռքին ներս է մտնում Սամոն:

ՍԱՄՔ – Էս էլ մենք, կամանդ… (Երգելով։) Ծնունդդ շնորհավոր…

ԲԵԳ – Սամո՞…

ՍԱՄՈ — Հա, Բեգ ջան… (Բեգը մռնչում է։) Հասկացա, էս սհաթիս, էս նմուտիս…

ԳՐԵՏԱ — Սիգարետ բերի՞ր։

ՍԱՄՔ — Տոպրակի մեջ ա, վերցրու։

Սամոն գրպանից փաթեթ է հանում, գլանակից դատարկում է թութունը և «գործի» անցնում։

ԳՐԵՏԱ — (տոպրակից «Մալբորո»-ի տուփ է հանում)։ Էս ի՞նչ ա… ֆիրմա՞։ Չգիտե՞ս, որ ֆիր­մա չեմ ծխում։ Կնկա սիգարետը բերել ա…

ՍԱՄՈ – Դե, հիմա մի օր էլ կնիկ եղիր, ի՞նչ կլինի:

ՆԱՆԱ — Ինձ տուր, Սամ, իմը տանը մոռա­ցա։

Դռան թակոց։ Սամոն արագ պա­հում է փաթեթն ու գլանակը։

ՍԱՄՈ — Էս ո՞վ ա, արա…

ԲԵԳ – Հանգիստ… (Բարձրաձայն։) Ո՞վ ա։

Դռան արանքից երևում է Ճիճիկի գլուխը։

ՃԻՃԻԿ — Ես եմ, կամանդիր… գա՞մ։

ՍԱՄՈ – Ճիճի՞կ… ըտենց դո՞ւռ են ծեծում, տնաշեն, հո դու թաղայինը չե՞ս:

ԲԵԳ — Արի։

ՃԻՃԻԿ — Բարև, Սամո, Սաշա, բարև ձեզ, Գրետ ջան:

ԳՐԵՏԱ – Բարև։

ՃԻՃԻԿ – Նանա՜…

ՆԱՆԱ — Հետո, Ճիճ, հետո:

ՃԻՃԻԿ — Հետո պաչե՞մ:

ԲԵԳ — Ճիճ, մտիր, ինչ վերցնում ես՝ վերցրու, բայց… ընտեղ բան…

ՃԻՃԻԿ — Հա, ես գիտեմ։ (Մտնում է խոհա­նոց։)

ՍԱՄՈ — (կպցնում է Բեգի գլանակը)։ Առ, ապե, կպի… (Բեգը խորը մուխ է քաշում։) Հը՞, ո՞նց ա։ Լավն ա, չէ՞…

ԳՐԵՏԱ — (Սամոյին)։ Պրծա՞ր, արի մի կտոր բան կեր։

ՍԱՄՈ — Հա, էլի, սոված կոտորվանք։ (Սկսում է ուտել։)

Խոհանոցից գալիս է Ճիճիկը, կրծքին սեղմած մի քանի դա­տարկ շիշ:

ԳՐԵՏԱ — Էդ սաղ հավաքեցի՞ր։

ՃԻՃԻԿ — Չէ, «Ջերմուկի» շիշը չվերցրի… պլաստիկովիյա, չեն ընդունի։ (Նայելով սեղանին դրված օղու շշին։) Էս ի՞նչ եք խմում։ Հա՜, ֆիր­մա չի, եթե ֆիրմա խմեք, Սմիրնով, Աբսոլյուտնով… հետո էն նորերը… Խլեբնով, Ռժանով… շիշը կպահեք, չթափեք։

ՆԱՆԱ — (ծիծաղելով)։ Ռժանով…

ՍԱՇ — (փաթեթը դնելով սեղանին, Սամոյին)։ Էս քանիսո՞վ ես վերցրել։

ՍԱՄՈ — Իրա գնով, ապե։

ՃԻՃԻԿ — Իսկ Մայքլ Ջեկսոն չե՞մ երգելու։

ՆԱՆԱ — Շատ ես ուզում՝ երգի։

ՃԻՃԻԿ — Բայց մի հատ պաչեմ՝ նոր։ (Ու­զում է համբուրել:)

ՆԱՆԱ — Չէ, երգի՝ հետո…

ՃԻՃԻԿ — Լավ, մի հատ կերգեմ, հետո պա­չեմ։ (Պարում է և երգում։) Հեյ, հեյ, քամոն բեբի… Էվիբադի… օ… յես… Պաչե՞մ:

ՆԱՆԱ — (ծիծաղելով)։ Պաչի։

Ճիճիկը համբուրում է Նանային։

ՍԱՇ — (ծափահարելով): Горько!

ՆԱՆԱ — Ինչ ա, նախանձո՞ւմ ես։

ՍԱՇ – Ե՞ս… Մի բարձի ծերանաք։

ԲԵԳ – Եղավ, Ճիճո, գնա։

ՃԻՃԻԿ – Հը՞… հա… Լավ ա հիշեցի… Էս կողքի շենքը մի հատ տոտայա եկել, մի հատ տոտա…

ՍԱՄՈ – Ի՞նչ տոտա։

ՃԻՃԻԿ — Թուրքիայից քառասուն սումկա ապրանք ա բերել։ Շաբաթ օրը յարմարկայա տանելու, բայց էսօր ու վաղը տնից ա ծախում։ Էժան, առանց նալոգի…

ԳՐԵՏԱ — Հինգ տարեկան աղջկա համար բան կա՞։

ՃԻՃԻԿ – Ի՜… երեխու շորը ըտեղ թանկ ա, ստեղից են տանում։

ԳՐԵՏԱ – Ա՜հ… մեկ ա, փող չկա։

ՆԱՆԱ – Իսկ «Անժելիկա» ունի՞:

ՃԻՃԻԿ – Վիդեո՞…

ՆԱՆԱ — Бюстгальтер.

ՃԻՃԻԿ – Հա՜… բյու… բըս… (Սաշին.) Էդ ի՞նչ ա… (Սաշը ցույց է տալիս։) Լիֆչի՞կ…

ՍԱՇ — Ըհը։

ՃԻՃԻԿ – Հա՜, իմացա… Էն, որ ստեղից ա կոճկվում։ Չգիտեմ, պիտի նայեմ։

ՆԱՆԱ – Բայց սև գույնի։

ՃԻՃԻԿ — Եղավ, ես գնացի… Էս շշերը տա­նեմ տուն, մտնեմ տոտայի մոտ ու գամ։

ՍԱՄՈ – Դավայ, Ճիճո։

ՃԻՃԻԿ — Հաջող։ (Գնում է։)

ՍԱՇ — Հաջող… (Կամաց։) …անհաջող։ (Թաշկինակով սրբում է ձեռքերը։) Իդիոտներ։ Ոսկին տանում են, շմոտկա են բերում։ Հետո էլ՝ ազգ, հայրենիք…

ԳՐԵՏԱ — Ազգի դարդերը քե՞զ են տվել։

ՆԱՆԱ — Մի անգամ ես էլ պիտի գնայի Դուբայ։ Հետո ինչ-որ չստացվեց:

ՍԱՇ — Կարոդ ենք օգնել, եթե ուզում եք:

ՆԱՆԱ – Ոչ, չենք ուզում։

ՍԱՄՈ — Ճիշտ էլ անում ես։ Մերոնք ստեղ ավելի շատ են մուծվում, չէ՞:

ՆԱՆԱ – Չէ՛, էնտեղ մի հատ ֆիրմա կար, նրանց թարգմանչուհի էր պետք։

ՍԱՆ — Թարգմանելու համա՞ր։

ՆԱՆԱ — Բա էլ ինչի՞ համար։ (Սաշը երկի­մաստ ժպտում է։) Բայց դու ինչն ես, հա՜… Սամ, կարո՞ղ ա շամպանսկի էլ ես բերել։ (Նայում է տոպրակի մեջ։) Սամ, գնա, հա՜… (Բարձր։) Սամ։

ՍԱՄՈ– Հը՞…

ՆԱՆԱ – Գնա, շամպանսկի բեր, հա՞:

ՍԱՄՈ – Ի՞նչ շամպանսկի, ախչի, գժվա՞ր։

ԳՐԵՏԱ — (Բեգին)։ Լավ չե՞ս, թեյ բերե՞մ։

ՆԱՆԱ — Ես փողը տալիս եմ։

ՍԱՇ — Ալկոհոլը մարդու թշնամին է։

ՆԱՆԱ — Ես գնում եմ։ (Սաշին.) Դու սուս մնա, հա՞… Հետս ո՞վ ա գալիս։

ՍԱՄՈ — Մարդ էլ արաղը թողած, շամպանս­կի խմի՞:

ԳՐԵՏԱ — (Նանային՝ կամաց)։ Նստիր տեղդ։

ՆԱՆԱ – Ի՞, Գրե՞տ…

ԳՐԵՏԱ – Ի՞նչ ի՞… Կարո՞ղ ա հիմա շամպանսկի դառնանք քեզ համար։

ՍԱՄՈ — Բայց վատ միտք չի, Գրետ։ Դառ­նում ես շամպանսկի, մենք էլ քեզ ընկերական տրաքացնում ենք։

ԳՐԵՏԱ — Ես քեզ հիմա ընենց կտրաքացնեմ…

ՍԱՄՈ — Հոպ, հոպ… լավ…

ԲԵԳ – Սամո, մի ջրիկացի։

ԳՐԵՏԱ – Էշի գլուխ…

Երգելով ներս է մտնում Նորիկը՝ մի քանի շիշ շամպայն ձեռքին։

ՆՈՐԻԿ — Բարի լույս։ Էս առանց մեզ քեֆ եք անում, հա՞:

ՆԱՆԱ — Ես էլ, как раз, շամպանսկի էի ու­զում։ (Նետվում է դեպի Նորիկը։)

ՆՈՐԻԿ — Կամաց, Նանար ջան։ Բեգ ջան, իմ մեծ ախպեր… Սաշիկ, բարի լույս…

ՍԱՇ — Ողջույն, ողջույն։

ՆՈՐԻԿ — Ես ձեր ցավը տանեմ։ Շնորհավոր լինի… մեր կամանդը…

ԳՐԵՏԱ — Բա Լիլոն ո՞ւր ա։

ՆՈՐԻԿ – Լիլո՞ն… Լիլոն ո՞ւր պիտի լինի, Գրետ ջան, հետս ա։ Դու ասա, բալեդ ո՞նց ա, մեռնեմ նրա կյանքին։

ՆԱՆԱ – Սամ, ի՞նչ ես կանգնել, բաց արա։

ՍԱՄՈ – (կամաց, Բեգին)։ Բացե՞մ… (Բեգը չի պատասխանում։)

ՆՈՐԻԿ – Ի՞… Սամ ջան, բա խի՞ ենք բերել, որ դնենք՝ նայե՞նք։

ՆԱՆԱ – Բաց, Սամուլ, բաց։

ՆՈՐԻԿ — Բեգ ջան, ես գիտեի, որ սաղդ ստեղ եք լինելու… От души, էլի, ախպեր…

Սամոն բացում է շամպայնի շիշը։

ՆԱՆԱ — Էս բաժակները հերիք կանե՞ն։

ԳՐԵՏԱ — Անեն, չանեն՝ էդ ա։ (Աննկատ դուրս է գնում։)

ՆՈՐԻԿ — Բեգ ջան, դու գիտես, որ ես ու դու… մենք ախպեր ենք։ (Բեգը խուլ մռնչում է։) Ու вообще, ով էս օջախը մտնում ա, ախպեր, մեր ախպերն ա։ (Սամոյին.) Արա, էդ շիշը բռնաբարիր-թողիր, ստեղ տուր տենամ։ (Ինքն է լցնում բաժակները։) Էսքան տարի անցավ, չէ՞, ախպեր, բայց մենք ոնց որ իրար հետ մեծա­ցանք, ըտենց իրար հետ էլ մնացինք։ Մենք մի հայաթի բալեք ենք, ախպեր։ Էն բանը կա, է՜… ո՞նց էր… «Մեր բակը», հա, կինոն։ Այ, մենք էլ մի բակի տղերք ենք։

ՆԱՆԱ — Միայն մի բակի՞… Մի շենքի, մի դպրոցի…

ՍԱՇ – Մանկապարտեզը մոռացաք։

ՆՈՐԻԿ – Է՜, հա, ախպեր… ես ու Գրետս նույն խմբից ենք եղել։

ԲԵԳ – Իսկ ո՞ւր ա… Գրետը ո՞ւր ա։

Լռություն է տիրում։

ՆԱՆԱ – Հիմա նայեմ, ոնց որ թե դուրս եկավ։ (Բացում է դուռը։) Գրետ, արի, Բեգը քեզ ա ուզում։ Լիլ, էդ ինչի՞ ես էնտեղ կանգնել, արի։

ԳՐԵՏԱ — (մտնելով սենյակ)։ Հա, Բեգ, ի՞նչ ա եղել։

ԲԵԳ — Ոչ մի բան, նստի։

ԳՐԵՏԱ — Հեսա… Նորիկ, քեզ մի րոպեով կարելի՞ ա։

ՆՈՐԻԿ — (չլսելու տալով)։ Սաշ, հլա խաբար չկա՞:

ՍԱՇ — Կա։

ՆՈՐԻԿ — Բա խի՞ չես ասում, ախպեր։

ՍԱՇ – Կասեմ։

ԳՐԵՏԱ – Չե՞ս լսում, Նորո, մի րոպեով արի:

ՆՈՐԻԿ — Եկա, ախպեր։

Գրետան ու Նորիկը դուրս են գնում։

ՆԱՆԱ – Էս ո՞ւր եք, է՜… երեխեք, Նորոյին ո՞ւր տարան… (Դուրս է գնում։)

ՍԱՇ – (քմծիծաղով): Բանակ։

ՍԱՄՈ — Արա, լավ ա ասեց, հիշեցի… Բեգ, էսօր էլի վայենկոմատից եկել էին:

Դրսից աղմուկ է լսվում։

ԲԵԳ – Էն ի՞նչ ա…

ՍԱՄՈ — Բրոնյան ցույց եմ տալիս, հեսա, ասում եմ, նայի, մերս հիվանդ ա, քույրս անչափահաս, բայց էլի կպել ա ու պոկ չի գալիս։ Բեգ, դու դրանց պետի հետ… Սևոյանի հետ, Ղարաբաղում կռվել ես: Մի բան ասա, եքյա էշ ենք դառել, էլի ուզում են տանեն։

ԲԵԳ — Ուզում են, դու էլ գնա։

ՍԱՄՈ – Ո՞նց, բա մերոնց ո՞ւմ հույսին թողնեմ։

ԲԵԳ – Մենք որ գնացինք, ի՞նչ եղավ։ Հետո՞ ինչ, որ քուր չունենք, մեր չունենք։ (Դրսում աղ­մուկն ուժեղանում է։ Բեգը նյարդային շարժում է անում։) Էս ի՞նչ բազար ա, արա։

ՍԱՇ — Կարդեբալետը սկսվեց…

ԲԵԳ — Հլա ձեններդ կտրեք… (Արագ մոտե­նում է դռանը, կտրուկ շարժումով բացում։ Լռու­թյուն է տիրում։)

ԳՐԵՏԱ — (սենյակ մտնելով, Բեգին)։ Արի, արի, բան չկա:

Գալիս են Նորիկն ու Լիլիթը, նրանց գրկել է Նանան։

ՆԱՆԱ — Էս էլ մենք։

ԼԻԼԻԹ – Բարև։

ԲԵԳ – Բարև։

ՆՈՐԻԿ — Բեգ ջան, ցավդ տանեմ, ամեն ինչ ցենտր ա։ Սամո՞, էս բաժակները ինչի՞ լցրած չեն… լից։

ԼԻԼԻԹ — Բարև, Սաշ։

ՍԱՇ — Բարև, Լիլիթ։

ՆՈՐԻԿ — Հեսա, ախպեր, հիմա սաղդ նստեք։ Բեգ ջան… (Բոլորը տեղավորվում են սեղանի շուրջ, Բեգը մնում է կանգնած։) Ես երկու խոսք եմ ուզում ասել, ախպեր… Բաժակները վեկալեք։ Բեգ ջան, ախպեր, մի հատ նստենք, էլի…

ՆԱՆԱ — (մեկուսի)։ Էս աթոռը կարո՞ղ ա ջարդվի…

ՆՈՐԻԿ — (Բեգին տալով բաժակը)։ Առ, ցավդ տանեմ, էս բռնի։ Դու գիտես, ես քեզ…

ԲԵԳ — Շամպանսկի չեմ ուզում։

ՍԱՄՈ — Արաղ լցնե՞մ։

ԲԵԳ – Չէ։

ՆՈՐԻԿ — Կոնյակ կխմե՞ս, ապե… ֆրանսիա­կան… (Բեգը չի պատասխանում։) Սամ ջան, կներես, ախպերական, էլի… (Գրպանից հանելով մեքենայի բանալիները։) Բագաժնիկը բա­ցում ես, ընտեղ բարի մեջ կոնյակ կա։ Վերց­նում ես ու բերում ես…

Սամոն վերցնում է բանալիներն ու նայում Բեգին։

ԲԵԳ — Բեր։

ՆՈՐԻԿ — Աղջիկների համար էլ, տես… ընտեղ «Սնիկերս» ա, բան ա… Բեգ ջան, պրոստո էսօր ուզվում ա։ Էսօր մեր տոնն ա։ Տղերք, ինձ ճիշտ հասկացեք, էլի…

ՆԱՆԱ – Լավ, հիմա ինչի՞ կենացն ենք խմում։

ՆՈՐԻԿ — Ինչի չէ, է՛, Նանար ջան, մեր կե­նացն ենք խմում, որ, այ սենց, միասին մեծացանք ու իրար չմոռացանք։ Հիշում եք, չէ՞, ինչ օրեր էին… Ոչ լույս կար, ոչ բան կար… Սաղս լեվի ապրում էինք…

ՆԱՆԱ — Էդ օրերը մի հիշիր, Նորիկ… Ради бога!

ՆՈՐԻԿ — Ради бога? (Երգում է։) Ах, скажите, ради бога… где железная дорога…

ԳՐԵՏԱ — Կենաց ասա, լավ…

ՆՈՐԻԿ — Հեսա, Գրետ, մեր ախպորը թող մի հատ բերեն… (Դռան ճռռոց։) Ըհը, էկավ… Սա­մո՞…

Սենյակ է մտնում Տարեց տղա­մարդը՝ մեծ ակնոցով, ճերմակ մորուքով։ Ձեռքին՝ փակ հովանոց։ Լայնեզր գլխարկից ջուր է կա­թում։

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴ — Բարի երեկո։

Բեգը տղամարդուն տանում է խո­հանոց։

ՆԱՆԱ — Էս ո՞վ ա։

ՍԱՇ — Ինքն ա։

ՆՈՐԻԿ – Հա, էլի… Եթե էս օջախն ա եկել, ուրեմն մեր ախպերն ա։ (Հանկարծ բարկանալով։) Էդ ի՞նչ հարց ու վարձ ա, արա… Все! Հարցը փակվեց։

ՆԱՆԱ — Հա, բայց ի՞նչ ասացի որ…

Խոհանոցի դուռը բացվում է, Բեգը գրգռված վիճակի մեջ է, աչքերը փայլում են։

ԲԵԳ — (Գրետային)։ Բա ասում ես սոդա ու­նենք…

ԳՐԵՏԱ — Է, հա, դեղին տուփի մեջ ա։

ԲԵԳ – Չկա։

ԳՐԵՏԱ — Չի կարող պատահել… (Մտնում է խոհանոց։)

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴ — (ներսից)։ Ոչինչ, մոտս ամիակ կա, հերիք կանի:

Շարունակությունը չի լսվում, Բեգը փակում է դուռը։ Գալիս է Սամոն։

ՍԱՄՈ — Հեսա, բերինք։ (Կոնյակը սեղանին դնելով։) Ավտոյիդ դուռը բաց էիր թողել։

ՆՈՐԻԿ – Արխային, ախպեր, մեզ ստեղ բան ասող չկա։ (Կոնյակ է լցնում բաժակները։) Սաշ, դու չես խմում, չէ՞…

ՆԱՆԱ — Օ՜, Նապոլեոն…

ՆՈՐԻԿ — Ոչ էլ ծխում ես:

ՍԱՄՈ — Էս իսկակա՞ն ա, թե польский разлив ա…

ՆՈՐԻԿ — (Սաշին)։ Կարո՞ղ ա ուզում ես առողջ մեռնես։

ՆԱՆԱ — Ինքը չի ծխում, չի խմում, ինքը ուրիշ բան ա անում։

ԳՐԵՏԱ — (խոհանոցից գալով): Աչքի առաջ դրած ա, չեն տեսնում:

ՆՈՐԻԿ — Ուրիշ բան սաղս էլ անում ենք։ (Լիլիթին.) Չէ՞, կյանք, բաժակդ ո՞ւր ա…

ԼԻԼԻԹ — Ես չեմ ուզում։

Խոհանոցից գալիս է Բեգը։

ՆՈՐԻԿ — Բեգ ջան, քեզ ենք սպասում, ախ­պեր։

ԲԵԳ – Գրետ, էն թասերը…

ԳՐԵՏԱ — Հա, հիմա… (Արագ գնում է խոհանոց։)

ՆՈՐԻԿ – (մեկնելով բաժակը)։ Բեգ ջան, իմ մեծ ախպեր…

ԲԵԳ – (վերցնում է բաժակը, երկար նայում է Նորիկին): Լից։

ՆՈՐԻԿ – Լցրած ա, ախպերս։

ԲԵԳ – Կարգին լից։

ՆՈՐԻԿ – Կարգի՞ն… լցնեմ, ցավդ տանեմ։ (Ավելացնում է։)

ԲԵԳ – Բարի լույս։ (Դանդաղ խմում է կոնյակը մինչև վերջ:)

ՆԱՆԱ – Давайте, երեխեք, մեր  կամանդի կենացը։ (Լիլիթը չի խմում։) Լի՞լ, ի՞նչ ա եղել, տրամադրության չունե՞ս։

ՆՈՐԻԿ — Տո, ի՞նչ չունի, այ Նան ջան, ամեն ինչ էլ ունի։

ԲԵԳ – Սամո, մոտդ մնա՞ց…

ՍԱՄՈ — Չէ, ապե, սաղ քաշինք։

ՆՈՐԻԿ – Ի՞նչ ա, ախպեր, բա՞ն ա պետք։

ԲԵԳ – Կարա՞ս ինձ մի քիչ պադագրև անես։ Ես հետո…

ՆՈՐԻԿ — Բա եղա՞վ, ախպեր։ (Գրպանից փաթեթ է հանում։) Սրա եղածն ի՞նչ ա… Էսի շատ լավն ա, ախպեր։ Քեզի լավ բան կասի:

Սամոն արագ լցնում է գլանակը։

ՆԱՆԱ — Սամուլիկ, ինձ շամպանսկի լից։

ԱՄՈ — Չե՞ս տենում, ես ուրիշ բան եմ լցնում։

ՍԱՇ — (Լիլիթին): Գունատ ես, բայց քեզ սազում է։

ՆՈՐԻԿ — Երեկ Թելմանենք բերին, Մոսկվայից նոր էին եկել։

ՆԱՆԱ – Լիլ, քեզ ի՞նչ բերեմ։

ԼԻԼԻԹ — Ոչինչ չեմ ուզում։

ՆԱՆԱ – Չե՞ս խմում… ինչի՞, բա՞ն ա պատա­հել։

ՍԱՇ – Մարդը չի ուզում, ինչո՞ւ եք ստիպում։

ԲԵԳ – (ձայնը դողում է)։ Մի հատ վառեք… Նորո…

ՆՈՐԻԿ – Հաջա՛ն… հա, հեսա… (Կպցնում է Բեգի սիգարետը։)

ԳՐԵՏԱ — (խոհանոցից դուրս գալով)։ Բա­ժակս ո՞ւր ա։

ՆԱՆԱ – Էստեղ ա, արի։

ԳՐԵՏԱ — Էդ որ չասեմ, չեք էլ լցնի, չէ՞: (Լցնում է իր բաժակը։ Բեգը երկար հազում է։) Ի՞նչ եղավ, լավ չե՞ս…

ՆՈՐԻԿ — Չէ, Գրետ ջան… Էտի Ազիան ա խոսում, ախպեր… Հիմա կանցնի։

Հազը կտրուկ դադարում է։ Բեգը մտնում է խոհանոց։

ԳՐԵՏԱ – Է՜… (Խմում է կոնյակը։)

ԼԻԼԻԹ — (Սաշին)։ Երեկ ձեր աֆիշը տեսա։ Մեքենայով անցնում էինք… ե՞րբ է։

ՍԱՇ — 24-ին և 25-ին։

ՆՈՐԻԿ — Հա, ախպեր… էտի ֆինար… ֆիլար… մոնիայում ա, չէ՞, ըլնելու…

ՆԱՆԱ – Երեխեք, եկեք գոնե մի քիչ մուզիկա լսենք։ Սամ, մի բան դիր։

ՍԱՇ – (Լիլիթին)։ Գալո՞ւ ես։

ԼԻԼԻԹ — Ուզում եմ։ Ի՞նչ եք նվազելու, Շնիտկե՞։

ՍԱՇ – Ըհը…

ՆՈՐԻԿ — Շնիտկե… պա՛հ, Շնիտկեն ո՞վ ա, արա։

Սամոն միացնում է մագնիտոֆոնը։

ՆԱՆԱ – Այո՜… Ջեյմս Բրաուն… (Պարում է։)

ՍԱՇ — Ազգին հոգևոր սնունդ է պետք, Նորայր։

ՆՈՐԻԿ — Տո լավ, արա, ախպոր պես… Շնիտկե՞ն ա իմ հոգևոր սնունդը։

ՍԱՄՈ – Նիսսյա՛… (Մոտենում է Գրետային։) Մի հատ չպարե՞նք։

ԳՐԵՏԱ — Ցրի քեզ, հավեսդ չունեմ։

ԼԻԼԻԹ — Վայ, էս ի՞նչ հոտ է։

ԳՐԵՏԱ — Սիրտդ խառնո՞ւմ ա։

ՆԱՆԱ – (մենակ պարելով)։ Լիլոն տրամ չու­նի… Լա-լա-լա…

ՆՈՐԻԿ — Սամ ջան, էդ պատուհանը փակի, ապե, մրսանք։

ՍԱՄՈ– (Գրետային)։ Մարդ չես դառնա։

ԼԻԼԻԹ — Հունաստան գնո՞ւմ եք։

ՍԱՇ — Ըհը, միջազգային փառատոն է։

ՍԱՄՈ — Էս անձրևը ոնց որ մեր երգից լինի:

ՆՈՐԻԿ — Ապե, հլա նայի մաշինեն ո՞նց ա։

ՍԱՄՈ – (դուրս նայելով պատուհանից)։ Լավ ա:

ՆԱՆԱ — (պարելով): Ի՜նչ կինո եմ երեկ տե­սել… գժական, սիրո մասին։

ՆՈՐԻԿ – Պոռնո՞…

ՆԱՆԱ – Ի՞նչ պոռնո, այ տղա… Ընտեղ ամեն ինչ էնքան գեղեցիկ ա։

ՆՈՐԻԿ — Չհասկցանք, արա, դրա գեղեցիկը ո՞րն ա։

Խոհանոցի դուռը կտրուկ բացվում է։ Շեմին Բեգն է։

ՆՈՐԻԿ — Բեգ ջան, ախպեր, ամեն ինչ ցե՞նտր ա։

ՍԱՄՈ – Բե՞գ…

ԲԵԳ — (ուշադիր նայելով պարող Նանային)։ Բա… էդ ինչի՞ չեք խմում։

ՆՈՐԻԿ — Ո՞նց չենք խմում, խմում ենք, ախ­պեր։ Սամո… (Սամոն լցնում է բաժակները։) Բաժակները վեկալեք։ Բեգ ջան, էս բաժակով էլ, ախպեր, խմենք մեր անուշ, մեր գեղեցիկ կա­նանց կենացը։

ՍԱՇ – Բրավո՛, Նորայր:

ՆՈՐԻԿ — Ես ձեր ցավը տանեմ, մեր, էն… էն, քաղցր, ազիզ, ազնիվ…

ՍԱՇ — Կույսեր…

ՆԱՆԱ – Կույսը դու ես։

ՆՈՐԻԿ — Սաշ, ախպեր, էսօր ինչ-որ բան, հա՞…

ՍԱՇ – Ի՞նչ…

ՆԱՆԱ — Նոր, ասա… ուշադրություն մի դարձրա…

ՆՈՐԻԿ — Նանար ջան, ցավդ տանեմ։ Էսօր­վա պես հիշում եմ, արա, մեջներիս ամենաքյորփեն էր։ Հիշո՞ւմ եք, ոնց էր տղու պես կռիվ անում։ (Ծիծաղում է։) Կանաչ գետրիներով վազվզում էր…

ՆԱՆԱ — Ես կանաչ գետրի չեմ ունեցել։

ՍԱՇ – Չես ունեցել՝ կունենաս։

ՆՈՐԻԿ — Հա, ապե, ինքը քեզի Հունաստա­նից մի զույգ գետրի կբերի։

Խոհանոցից գալիս է Տարեց տղա­մարդը։

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴ — Ներողություն, մի հատ մաքուր շոր…

ԲԵԴ — Ընտեղ չկա՞…

ՏՂԱՄԱՐԴ — Ճղված է։

ԲԵԳ — Մի րոպե…

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴ — Ըհը…

ՆՈՐԻԿ — Դե լավ, մեր աղջիկների կենացը, որովհետև նրանք…

ԲԵԳ — (քթի տակ)։ Մաքուր շոր…

ԳՐԵՏԱ – Կարո՞ղ ա շկաֆի մեջ լինի…

ԲԵԳ — Չէ։ (Հայացքով մաքուր շոր է փնտրում:)

ՆՈՐԻԿ — Սամո, ախպեր, ջոկում ես, չէ՞, ինչ եմ ասում։

ՍԱՄՈ – Բա ոնց… (Բեգին.) Էթամ տնից բե­րեմ։

ՆՈՐԻԿ — Որովհետև նրանք… նրանք մեր ու­րախությունն են, ախպեր։ Ո՞ւմ համար ենք անում…

ՆԱՆԱ – (Բեգին)։ Թաշկինակս տա՞մ, մաքուր ա։

ԲԵԳ — Չէ։

Արագ մոտենում է մահճակալի մոտ կանգնած Նորիկին։

ԲԵԳ – (Նորիկին)։ Հլա էս կողմ…

ՆՈՐԻԿ — Հաջան… (Ուշադիր հետևում է, ինչպես է Բեգը վերմակն ու բարձը մի կողմ նե­տում։) Ձեզ համար… բա ոնց… փող ա, բան ա… էդ սաղ… ոնց ասեմ… (Բեգը պատռում է սավա­նը։) Արա, արա… այ, ախպեր ջան… (Բոլորին.) Մի հատ մաքուր շոր չկա՞ր, տայիք էս մարդուն։

Բեգը, սավանը ձեռքին, մտնում է խոհանոց։

ՍԱՇ – Այո՜…

ՆՈՐԻԿ — Դավայ, խմանք։ (Խմում են, բացի Լիլիթից։) Ուրեմն չե՞ս խմելու, հա՞…

ԼԻԼԻԹ — Ոչ։

ՆՈՐԻԿ — Լավ ես անում… Ես եմ էշը… Սպա­սիր, հլա…

ԼԻԼԻԹ — Ինձ հանգիստ թող։

ՆԱՆԱ – Լավ, Նոր, չի ուզում՝ չի խմում։

ՆՈՐԻԿ — Դե, կներես, թույլ տուր մենք իմա­նանք՝ ինչ ա ուզում, ինչ չի ուզում։

ԼԻԼԻԹ — (կամաց)։ Էս ի՞նչ հոտ է…

ԳՐԵՏԱ – Հղի՞ ես, Լիլիթ։

Բոլորը նայում են Լիլիթին։

ԼԻԼԻԹ — (հանգիստ)։ Այո։

ՆՈՐԻԿ — (կեղծ ծիծաղով)։ Վայ, հորս արև…

ՆԱՆԱ — Էս ի՞նչ ա… մնացե՞լ ես։

ԼԻԼԻԹ — Հա, մնացել եմ։

ԳՐԵՏԱ – Ինչքա՞ն ա։

ՆՈՐԻԿ — Ինչքան որ ա… վաղը տանում ենք, ու все!

ԼԻԼԻԹ — (կատաղի)։ Այդպես չխոսես երե­խայիս մասին։

ՆՈՐԻԿ – Ի՞նչ երեխա, արա, ի՞նչ երեխա։ Ձե՞ռ ես առել քեզ, այ քնձռոտ։

Խոհանոցից, մի ուրիշ թաս ձեռ­քին, դուրս է գալիս Բեգը։ Բոլորը լռում են։

ԲԵԳ – (Գրետային)։ Էս տար մի հատ օղողի…

Գրետան թասը տանում է զուգա­րան։

ՆԱՆԱ — Ես էլ ասում եմ, ի՜նչ ա եղել… Պրոբ­լեմ սարքեցիք։ Ես գինեկոլոգ ունեմ… այ սե՛նց… Հինգ րոպե էլ չի տևի։ Չես էլ զգա։

ՆՈՐԻԿ — Այ ցավդ տանեմ, Նանար ջան… Խի՞, կարո՞ղ ա մենք էդ գինեկոլոգից չունենք։ Վաղը առավոտ տանելու եմ…

ՆԱՆԱ – Ըհը, էլ ի՞նչ եք ուզում…

ՆՈՐԻԿ — Բա ո՞նց… Լցրեք, Սամո՞… ո՞ւր ես, ախպեր։

ՍԱՄՈ — Ստեղ եմ, ստեղ…

Սամոն լցնում է բաժակները։ Զու­գարանից դուրս է գալիս Գրետան։

ՆԱՆԱ — Ես մի կենաց ունեմ։ Կամանդիր, կե­նացդ։

ՆՈՐԻԿ — Ապրես, Նանար ջան։ Բեգ, ախ­պեր, կենացդ։

ՆԱՆԱ — (Բեգին)։ Ջանա… ես քեզ շատ եմ սիրում։

ԳՐԵՏԱ — (թասը ձեռքին)։ Էս տանե՞մ ներս:

ԲԵԳ — Տար։

Գրետան մտնում է խոհանոց։

ՆԱՆԱ — Ես ուզում եմ որ դու… էս բաժակդ բռնի։ (Բեգը վերցնում է կոնյակով բաժակը։) Դու միշտ երջանիկ լինես։

ՍԱՄՈ — (բաժակը բարձրացնելով)։ Ողջ-առողջ, բրատ ջան։

ՍԱՇ — Ես միանում եմ։

ՆԱՆԱ – Եվ որ ամեն ինչ քեզ մոտ լինի այն­պես, ինչպես դու ես ցանկանում։ Գնացինք… (Խմում է։) Իսկ հիմա արի քեզ իսկապես պաչեմ։ (Երկար համբուրում է Բեգին։ Խոհանոցից գալիս է Գրետան։)

ՍԱՄՈ- Այո՜…

ՆՈՐԻԿ – Ցավերով, Նանար ջան…

ԳՐԵՏԱ — Վերջը իրան գտավ…

Վերջապես համբույրն ավարտ­վում է, բոլորը ծափահարում են։

ՍԱՇ – Բրա՛վո:

ԲԵԳ – (Նանային է մեկնում իր բաժակը)։ Առ։

ՆԱՆԱ – Հաջա՞ն…

ԲԵԳ – Խմի։

ՆԱՆԱ – Բայց արդեն խմեցի։

ԲԵԳ — Էս էլ խմի, իմ կենացը:

ՆԱՆԱ – Է՜… ինձ ինչ է եղե՞լ որ… (Դանդաղ խմում է։)

ՆՈՐԻԿ — (Լիլիթին)։ Նայի սովորի, չմո։

ՆԱՆԱ — (դատարկ բաժակը մի կողմ նետելով)։ Yes!

ՍԱՄՈ — Ախչի, բաժակ չմնաց, ո՞ւր ես ջար­դում։

ՆՈՐԻԿ — Քյորփա երեխա էր, հորս արև…

ՆԱՆԱ — Սամո, Ջեյմս Բրաունը դիր։ Սեղանը հավաքեք… на фиг!

ՆՈՐԻԿ — Հավքենք, Նանար ջան… (Սամոյին.) Ջոկի՞ր, ապե, на фиг!

ՍԱՇ – (քթի տակ)։ Լավ է, լավ է…

Երաժշտություն։ Սամոն և Նորիկը դատարկում են սեղանը։

ՆԱՆԱ — Շոու-ֆաք-շոու… (Բարձրանում է սեղանի վրա։)

ՆՈՐԻԿ — Կարդեբալետը գնաց… на фиг, ապե…

ՍԱՇ — Մուլեն-Ռուժ…

Նանան սկսում է պարելով հան­վել։

ՆՈՐԻԿ — Արա, բայց էս Նանարը դեմք ա…

Խոհանոցից դուրս է գալիս Տարեց տղամարդը։

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴ — Ներեցեք… (Նկա­տում է պարող Նանային։) Հըմ… այո… ներեցեք, կալցին և…

ԲԵԳ — (իջեցնելով մագնիտոֆոնի ձայնը)։ Ի՞նչ…

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴ — Կալցին և անգիդրիդը… ու վերջ… համարյա…

Բեգը բարձրացնում է մագնիտոֆոնի ձայնը, Տարեց տղամարդու հետ մտնում է խոհանոց, փակում դուռը։

ՆԱՆԱ– Բեգ… էս գնա՞ց…

ՆՈՐԻԿ — Ինքը գնաց, Նանար ջան, ախպե­րությունը մնաց, դավայ, շարունակի։

Նանան իջնում է սեղանից։

ՆԱՆԱ – Все, պըրծ։ (Անջատում է մագնիտոֆոնը։) Ախչի, քրտնեցի։

ՆՈՐԻԿ — Նանար… կայֆալոմ ես անում, ախպեր։

ԳՐԵՏԱ — Իջիր, լավ…

ՍԱՄՈ — Ոնց որ պիոներ լինես, Նան, հորս արև…

ՆԱՆԱ — Սամո, քիչ խոսա, շամպանսկի լից: Բաժակս ո՞ւր ա։

Սամոն լցնում է բաժակները։

ՍԱՇ – Да… մակարդակ…

ՆԱՆԱ – Չհասկացա՜։

ՆՈՐԻԿ — Դե, լավ, լից, Սամ ջան, լից։ Էս էլ խմենք, հանձինս մեր Նանայի, էքստրա պա­րողների կենացը։ Նան ջան…

ՆԱՆԱ — Բոլորիս կենացը։ Մեր կամանդի կենացը։ (Խմում է։)

ՆՈՐԻԿ — Ցավերով… (Խմում է։)

ՆԱՆԱ — Էս սաղ շոկոլադը կերա՞ք։

ԼԻԼԻԹ — Մոտս մյատնի կա, ուզո՞ւմ ես։ (Պայուսակից կոնֆետ է հանում։)

ՆՈՐԻԿ – Սա՞շ…

ՍԱՇ – Այո՞…

ՆՈՐԻԿ — Հիմա չհասկացա, էն բանը ի՞նչ եղավ։

ՍԱՇ — Չեղավ։

ՆՈՐԻԿ — Ո՞նց…

ՍԱՇ — Ավելի ճիշտ, մեր ուզածի պես չեղավ։ Բայց դու քու տվածի տերն ես։

Բացվում Է խոհանոցի դուռը, շե­մին Բեգն է։

ՍԱՇ — Տոկոսի հարցն է… հետո կբացատրեմ։

ԲԵԳ – Մագը ո՞վ անջատեց։

ՆԱՆԱ – Ես:

ԲԵԳ – Դո՞ւ… իզուր։ Սամո, միացրու։ (Սամոն միացնում է մագնիտոֆոնը։) Դե, դավայ…

ՆԱՆԱ – Ի՞նչը՝ դավայ…

ԲԵԳ – Սկսի…

ՆԱՆԱ – Ի՜… հլա մայկիս նայի, լրիվ ջուր ա։

ՍԱՄՈ — Թռի սեղանին, Նան, էլ բան մի արա…

ՆԱՆԱ – Սամո՞, հետո՞…

ԲԵԳ – Չհասկացա, ի՞նչ ա եղել։

ՆԱՆԱ – Ոչ մի բան։

ԲԵԳ – Դե, ուրեմն սկսիր։

ՍԱՇ — Մուլեն Ռուժ, երկրորդ սերիա…

ՆԱՆԱ — Ֆիլմի վերջը։

Նանան ուզում է անցնել Բեգի կողքից, Բեգը բռնում է նրա ձեռքը:

ԲԵԳ – Մի րոպե, Նանա, էս ո՞ւր։ Արի… (Քարշ տալով տանում է դեպի սեղանը։)

ՆԱՆԱ — Քեզ ի՞նչ եղավ, Բեգ… Բեգ, լավ էլի…

ԲԵԳ – Ի՞նչ՝ լավ էլի… Լավ էլի՝ ի՞նչ…

ՆԱՆԱ — Ոչինչ… (Բարձրանում է սեղանին։)

ԼԻԼԻԹ — (կամաց)։ Վայ, մամա ջան…

ԲԵԳ – Ի՞նչ… բա՞ն ասիք։

ՆՈՐԻԿ — Չէ, ախպեր, Լիլոն էր… հազաց։

ԲԵԳ – (Նանային)։ Իսկ դու բան ունե՞ս ասե­լու։ (Նանան լուռ է։) Դե, ուրեմն սկսիր։ (Սամոյին.) Դրա ձենը բարձրացրու։

ՆԱՆԱ — Խնդրեմ… (Մի քանի շարժում է անում։) Հը՞… պրծա՞նք…

ԲԵԳ —  (Սամոյին)։ Հլա անջատի… (Նանա­յին.) Ի՞նչ ա հետդ կատարվում։

ՆԱՆԱ — Իմ հե՞տ… Ոչ մի բան։ (Ուզում է իջ­նել սեղանից:)

ԲԵԳ — Սպասի… (Նանան մնում է տեղում։) Չհասկացա, հիմա չե՞ս հանվելու։

ՆԱՆԱ – Բայց ինչո՞ւ ես պիտի հանվեմ։

ՍԱՇ – Իսկ ինչո՞ւ դու պիտի չհանվես։

ՆԱՆԱ – Սա՞շ…

ՍԱՇ – Այո՞…

ԳՐԵՏԱ — Լավ, էլի, Նան, ի՞նչ ես ձևեր թա­փում։

ՆԱՆԱ – Ո՞վ ա ձևեր թափում, է՜…

ԳՐԵՏԱ — Դու։ Հանվի պրծի՝ գնանք։ Էսօր գիշերը հերթապահ եմ։

ՆՈՐԻԿ — Հա, ախպեր, մենք էլ առավոտ գործի ենք։

ՆԱՆԱ — Էդ ի՞նչ եք ասում, երեխեք։

ԲԵԳ – Սամո՞…

Սամոն միացնում է մագնիտոֆոնը:

ՆԱՆԱ – Ես… ես չեմ կարող։

ԲԵԳ – Ինչի՞:

ՆԱՆԱ — Չգիտեմ, էսօր մի տեսակ… չի ստացվի…

ՍԱՄՈ – Կասետը պրծավ։ Ուրիշ բան դնե՞մ։

ԲԵԳ — Չէ, էդ լավ ա։

ՍԱՄՈ — Դե, ուրեմն ետ տամ։ Մի րոպե…

ՆԱՆԱ — Բայց կարող ա ես չեմ ուզում:

ԲԵԳ – Ոնց-ո՞նց… Մի հատ նորից ասա։

ՆԱՆԱ – Չեմ ուզում, Բեգ, հասկանո՞ւմ ես, չեմ ուզում։ Երբ պարում էի, դու թողիր գնացիր, իսկ հիմա ես չեմ ուզում։ Ինչի, զոռո՞վ ա…

ԲԵԳ — Չէ, կամավոր ա։ Ի՞նչ եղավ, Սամո…

ՍԱՄՈ — Հեսա, միացնում եմ։ (Միացնում է մագնիտոֆոնը։)

ՆԱՆԱ – Պարզ է։ (Կտրուկ շարժումով թռչում է ներքև։) Կներեք, իհարկե, բայց ես պետք է գնամ։

ԲԵԳ – Ո՞ւր։

ՆԱՆԱ — Գործի։

ԲԵԳ – Ափսոս։ (Կախիչից հանում է կանացի պայուսակ, մեկնում Նանային։) Էս քոնն ա, չէ՞։

ՆԱՆԱ — (կամաց)։ Փառք Աստծո…

Նանան ուզում է վերցնել պայու­սակը, բայց Բեգը պայուսակի բռնակները փաթաթում է նրա վզին։

ԲԵԳ — (կատաղած)։ Դու Աստծո անունը չտաս, լսո՞ւմ ես…

ՆԱՆԱ — Բեգ…

ԲԵԳ – Դու Աստծո անունը չտաս։ (Նանային պտտեցնում է իր շուրջը։)

ՆԱՆԱ — Մի արա, գժվե՞լ ես…

ԳՐԵՏԱ — Բեգ, կխեղդես…

ՆՈՐԻԿ — Լավ, ապե…

ԼԻԼԻԹ — Վայ, մամա ջան…

ՍԱՄՈ– Բեգ ջան, ցավդ տանեմ…

Բեգը անմարդկային ճիչ է արձա­կում ու նետվում խոհանոց։ Նանան ընկնում է հատակին։ Երկար դա­դար։

ԳՐԵՏԱ — (թաց թաշկինակ է մեկնում Նանային)։ Առ, էրեսդ սրբի:

ՆԱՆԱ — (լաց է լինում)։ Աննորմալի մեկը…

ՆՈՐԻԿ – Լավ, Նանար ջան, ոչինչ, մեր  ախպերն ա: Եղավ-անցավ…

ՆԱՆԱ – Ի՛նչ՝ անցավ, է՜… հիմա, գիտե՞ս, ինչ հետք ա մնալու։

ԼԻԼԻԹ — Նան, ջուր բերե՞մ։

Խոհանոցի դուռը աղմուկով բացվում է, շեմին այլայլված Բեգն է:

ԲԵԳ — (Նանային)։ Ուրեմն դու չես ուզում։

ԳՐԵՏԱ — (նրա ճամփան փակելով Բեգ ջան, խնդրում եմ…

ԲԵԳ — Էն կողմ… (Նանայի առջև ծունկի է իջ­նում։) Չե՞ս ուզում… Իսկ դու գիտե՞ս, որ նա էլ չէր ուզում։ Ես էլ չէի ուզում։ Մեզնից ոչ ոք չէր ուզում։ Բայց բոլորս էլ գնացինք։

ՍԱՄՈ – Բեգ…

ԲԵԳ – Առավոտվա ժամը հինգն էր…

ՆՈՐԻԿ — Չէ, այ ախպեր, ի՞նչ հինգը… տասնմեկից տաս ա պակաս։

ԳՐԵՏԱ — (կամաց)։ Նորո…

ԲԵԳ — Մենք չէինք ուզում, բայց գնում էինք։ Արևը արդեն դուրս էր եկել… դեղին, չոր արև։ Ավազը մտնում էր ականջների մեջ, ատամների մեջ, ուղեղի մեջ, իսկ մենք գնում էինք։ Գյուղը նոր էր արթնանում։ Փոքրիկ մի գյուղ։ Հենց որ մեզ տեսան՝ փախան։ Բոլորը փախան, միայն երեխեքը մնացին։ (Վերցնում է զարթուցիչը։) Ես հետո իմացա, որ ժամը հինգն էր… հետո։

ԳՐԵՏԱ — (կամաց)։ Բեգ…

ԲԵԳ – Անցանք գյուղը, արդեն անտառն էինք մտնում, ու հանկարծ սկսեցին կրակել։ Մեջ­քից։ Նրանք միշտ մեջքից էին կրակում։ Չեմ հիշում, ով առաջինը ընկավ։ Բոլորը գոռում էին, գոռում ու հայհոյում։ Իսկ նրանք շարունա­կում էին մեզ սպանել։ Ուղղակի սպանել… Մեկ-մեկ…

ԳՐԵՏԱ — Բեգ ջան…

ԲԵԳ – (չլսելով): Փոշի բարձրացավ։ Սև, դառը փոշի… Ու հանկարծ հասկացա, որ եթե ու­զում եմ ապրել, ես էլ պիտի սպանեմ։ Այո… ես պիտի մարդ սպանեմ։ Մենք նորից մտանք նույն գյուղն ու տեսանք, որ մեզ այնտեղ սպա­սում են… էդ երեխեքը։ Երեխեքը, որոնք չէին հասկանում՝ ինչ ա կատարվում, բայց մենք էլ արդեն ոչինչ չէինք հասկանում։ Մենք միայն կրակում էինք, իսկ երեխեքը սպասում էին… հատկապես էն աղջիկը… մեծ, երկնագույն աչ­քերով…

ԳՐԵՏԱ – Արմեն…

ԲԵԳ – Եթե նա ինձ չսպասեր, առջևս դուրս չէր գա… ճիշտ առջևս։ Նա տեսնում էր, որ ես վազում եմ, որ կրակում եմ, որ ինձնից առաջ վազում է այդ գարշելի սև փոշին… ու տեղից չէր շարժվում: Ես պիտի սպանեի… Ու ես սպանեցի։ Որ ինքս չսպանվեմ։ Պատերազմի օրենք է: Բայց ես չէի  ուզում… մեզնից ոչ ոք չէր ուզում… (Զարթուցիչը խփում է հատակին:)

ԼԻԼԻԹ — (կամաց)։ Մամա…

ԲԵԳ — Եթե սա հետս չլիներ, ես կմնայի էնտեղ, ավազների մեջ, տղերքի կողքին: Ես չէի մտնի նորից գյուղ, չէի կրակի, այդ աղջկան չէի հանդիպի։ Սա ընդունեց իմ… իմ… (Գունատվում է, բերանից փրփուր է գալիս։)

ԳՐԵՏԱ – Բեգ, Բեգ… Սամո, ոտքերը բռնի..

ՍԱՇ — (բռնում է Բեգի գլուխը Գդալ բերեք, շո՛ւտ…

Հայտնվում է  Տարեց տղամարդը։ Հասկանալով իրավիճակը, նորից մտնում է խոհանոց, վերադառնում ներարկիչը ձեռքին: Վախեցած դեմքեր, ձայներ։ Ներարկիչի ասեղը դանդաղ մտնում է Բեգի երակը:

 

ԵՐԿՐՈՐԴ ԱՐԱՐ

Նույն սենյակն է, նույն մարդիկ։ Սամոն ծնգծնգացնում է կիթառի վրա; Նանան հավաքում է ապա­կու փշրանքները։

ՆԱՆԱ — Գրետ, էս բոլորը հավաքե՞մ:

ԳՐԵՏԱ — Հա, հավաքի։

ԼԻԼԻԹ — Բաժակներր գոնե ողողեինք:

ԳՐԵՏԱ — Թող մնա, առավոտը մեկ ա գալու եմ, կլվամ։

ՆԱՆԱ – (զարթուցիչը զննելով)։ Ուրեմն, երբ որ սկսեցին կրակել, սա Բեգի մոտ էր  ու… վայ, մամ ջան…

ՍԱՄՈ– Նան…

ՆԱՆԱ – Հը՞…

ՍԱՄՈ — Անցիր-գնա, գործ չունես։

ՆԱՆԱ – Ո՞ւր անցնեմ… (Սամոն ծիծաղում է։) Ո՜ւֆ, Սամո…

ԲԵԳ– (խոհանոցից): Գրետ…

ԳՐԵՏԱ — Եկա։ (Մտնում է խոհանոց։)

Զուգարանից դուրս է գալիս Նորիկը։

ՆՈՐԻԿ — Սամո, վերևից ջուր ա կաթում։

ՍԱՄՈ – Էլի՞…

Սամոն կիթառը դնում, գնում է զուգարան։ Ներս է մտնում Սաշը:

ՆՈՐԻԿ – Գնա՞ց։

ՍԱՇ – Գնաց։

ՆՈՐԻԿ – Գո՞հ էր։

ՍԱՇ — Իսկ ինչո՞ւ պիտի գոհ չլիներ։

ՆԱՆԱ – Լիլ, էս մոխրամանր կլվա՞ս։

ԼԻԼԻԹ — Տուր։

Լիլիթը մոխրամանր տանում է զուգարան։ Խոհանոցից դուրս է գալիս Գրետան, գնում դեպի պահարանը։

ՆՈՐԻԿ — Մեկ ասի՝ տանեմ, ախպեր, հետո էլ գցի բռնի՝ տո, խի՞ տանեմ, է՜…

ՆԱՆԱ — (Գրետային)։ Ո՞նց ա…

ԳՐԵՏԱ — Թրաշվում ա… (Նոր շապիկ է հա­նում դարակից, մտնում խոհանոց։)

ՆՈՐԻԿ — Բայց էդ ջհուդը լավ էլ փող ունի, չէ՞:

ՍԱՇ – Չգիտեմ, չեմ հաշվել։

ՆԱՆԱ — Սաշ, անձրևը դեռ գալի՞ս ա։

ՍԱՇ – Հա, կաթկթում է։

ՆՈՐԻԿ — Ո՞նց կարող ա չունենա։ Դեղ սար­քելով, ախպեր, տունն էլ սարքեց, դաչեն էլ գցեց։ Ասա՝ մի ավտո էլ տակդ դիր…

Խոհանոցից գալիս է Գրետան։

ԳՐԵՏԱ — Սեղանը ինչո՞ւ տեղը չդրիք… Նան, բռնի:

ՆԱՆԱ — (սեղանը տանելով)։ Նոր, ինձ տուն կտանե՞ս, հավես չկա էս անձրևի տակ…

ՆՈՐԻԿ — Բա եղա՞վ, Նան ջան… հեսա պրծեք, սաղս միասին էթանք։

ԼԻԼԻԹ — (զուգարանից դուրս գալով): Հա­տակը լրիվ ջուր է…

ԳՐԵՏԱ — Դե, ուրեմն ինձ էլ հիվանդանոց հասցրեք, հետո էլ Քոչարով կիջնեք։

ՆՈՐԻԿ — Հարց չկա։ (Ինքն իրեն զննելով։) Արա, էս ի՞նչ փոր եմ գցել, ախպեր…

ՍԱՄՈ — (զուգարանից դուրս գալով)։ Մի հատ թեշտ ա պետք։ (Ցույց տալով խոհանոցի կողմը։) Կարա՞մ…

ԳՐԵՏԱ — Պոլի շորը դիր։

ՍԱՄՈ — Ճիշտ որ… (Դռան տակից շոր է վերցնում, մտնում զուգարան։)

ՆՈՐԻԿ — (Սաշին)։ Ուզո՞ւմ ես, քեզ էլ տա­նեմ։ Աղջկեքին կիջացնենք, հետո մենք կեթանք, համ էլ ճամփին կխոսանք։

ՍԱՇ — Խոսալու բան չկա։

ՆՈՐԻԿ — Ո՞նց չկա…

Լիլիթն ուղղում է զարթուցիչը, նկատում ապակու կտորները։

ԼԻԼԻԹ — (Գրետային)։ Էս ապակիները չթափե՞մ։

ԳՐԵՏԱ — Չէ, թող ըտեղ էլ մնան։

ՆՈՐԻԿ — Ուրիշ հարցե՞ր են առաջացել։

ՍԱՇ – Ի՞նչ իմանամ։ Ոնց որ դու, այդպես էլ ես…

ՆԱՆԱ — Գրետ, չվերջացրի՞ր։

ԳՐԵՏԱ — Լավ, մնացածը վաղը։ Գնանք։

ՆԱՆԱ – Նոր, մենք պատրաստ ենք։

ՆՈՐԻԿ — Դե, դավայ…

ԼԻԼԻԹ — (Սաշին)։ Դու մնո՞ւմ ես։

ՍԱՇ — Ըհը…

ՍԱՄՈ — (զուգարանից դարս գալով)։ Հլա թող սենց մնա։

ՆԱՆԱ — Մենք գնացինք, Սամուլիկ։

ՍԱՄՈ – Արդե՞ն…

ՆՈՐԻԿ — Հա, ախպեր, հաջող։

ԳՐԵՏԱ – Է՜, բառադի, տես, եթե բան ըլի՝ ձեն տուր։

ՍԱՄՈ – Գրետ ջան, ցավդ տանեմ…

ԳՐԵՏԱ — Մամայի դեղերն էլ վաղը կբերեմ։ Էսօր խոսք են տվել:

ՍԱՄՈ – Եղավ, Գրետ ջան։

ՆՈՐԻԿ — (Սաշին)։ Ես քեզ էգուց ո՞ւր կարամ տենամ։

ՍԱՇ – Ուր որ ուզես։

ՆՈՐԻԿ — Եղավ։ Էդ… ֆիլ… ֆիլարմոնիան գամ։

ՍԱՇ – Արի… երկուսին։

Հեռախոսազանգ։ Գրետան վերցնում է լսափողը։

ԳՐԵՏԱ — Ալո… ո՞վ ա։ Վա՜յ, բարև ձեզ, ո՞նց եք։ Հա, Գրետան ա… հա… լավ եմ, մեր­սի։ Ի՞նչ… հա… մի րոպե… (Մոտենում է խոհանոցի դռանը։) Բեգ, տատին ա…

ԲԵԳ — Գալիս եմ։

ՆՈՐԻԿ — Լավ, ես իջնեմ, ավտոն խոդի գցեմ։ (Լիլիթին.) Ընկի առաջ։ (Գնում է Լիլիթի հետ։)

ԳՐԵՏԱ — (հեռախոսով)։ Հիմա կմոտենա։ Ասում եմ՝ հիմա կգա… հա, ոչինչ, դիմանում ենք, էլի։ Ի՞նչ… (Ծիծաղում է։) Չէ, տատի… տանն եմ մնացել, տանող չկա։

ՆԱՆԱ – Գրետ, ես էլ իջա։

ԳՐԵՏԱ — Սպասի։ Ի՞նչ… հա, իհարկե։ (Նա­նային.) Մի հատ գրիչ տուր։ (Նանան գրիչ է փնտրում պայուսակի մեջ։) Մի րոպե…

ՆԱՆԱ – (աչքի մատիտը մեկնելով)։ Առ, սրա­նով գրի։

ԳՐԵՏԱ — Հա, գրում եմ։ Ո՞նց… ինտեկարդին… (Նանային.) Ուրիշ բան չգտա՞ր։ Չէ, չէ, տատի, գրեցի, ինտերկարդին։ Հա… ինչի՞ հա­մար ա… (Խոհանոցից գալիս է Բեգը ածիլված, նոր շապիկով, դեմքին խաղում է հանգիստ, նույնիսկ բարի ժպիտ։) Հեսա, եկավ… կնայեմ, անպայման։ Հա… տալիս եմ… (Լսափողը փո­խանցում է Բեգին։)

ԲԵԳ – Հա, տատ…

ՆԱՆԱ – (Գրետային)։ Գնացինք։

Բ Ե Գ — Մի րոպե… (Հեռախոսով։) Չէ, տատ, ոչինչ… ասա։

ԳՐԵՏԱ — Մենք գնում ենք, Բեգ։

ԲԵԳ – Սպասեք, մի րոպե։ Հա, տատ, բալկո­նը չարի՞ն։ Ինչի՞… չեկա՞ն։ Հա։ Ինչքա՞ն են ուզում։ Ես կտամ։ Հա, տատ… ի՞նչ… (Ծիծաղում է:) Չէ, սոված չեմ:

ՆԱՆԱ — (մեկուսի)։ Իսկ ես սոված եմ։

ԲԵԳ — Չէ, տատ, կերել եմ։ Հա… վաղը: Երևի ցերեկով։ Չէ, չէ, անպայման կգամ։ Դրա մասին մի մտածի։ Դե, լավ… Նշեցինք, բա ո՞նց։ Լավ, եղավ։ (Դնում է լսափողը, նայում կանանց։) Էս ո՞ւր…

ՆԱՆԱ — Տուն։

ԲԵԳ – Արդե՞ն:

ԳՐԵՏԱ — Ուշ ա, ախր…

ԲԵԳ — Դու էլ ես տուն գնո՞ւմ։

ԳՐԵՏԱ – Չէ, հա, հիվանդանոց, հերթապա­հության եմ։

ՍԱՄՈ — Բեգ ջան, մի հատ մտնեմ, թեշտը վեկալեմ, զուգարանում էլի կաթում ա։

ԲԵԳ – Մտի վեկալ, Սամ ջան։

ՍԱՄՈ — (խոհանոցից): Սրանք էլ սպանին-թողին, էլի, մի հատ տրուբա չեն կարող փոխել։

ԲԵԳ – Բա Նորոյենք ո՞ւր են։

Լսվում է մեքենայի շչակի ձայնը։

ԳՐԵՏԱ — Ներքևում սպասում են։ (Մոտե­նում է պատուհանին։)

ԲԵԳ — Էդ իջե՞լ են արդեն…

ԳՐԵՏԱ — (պատուհանից)։ Գալիս ենք, գալիս…

Խոհանոցից, թասը ձեոքին, դուրս է գալիս Սամոն։

ՍԱՄՈ — Ախչի, կամաց գոռա, մարդիկ քնած են: (Մտնում է զուգարան։)

ԲԵԳ — Բայց ինչի՞ են իջել։

ՆԱՆԱ — Որ տուն գնան։

ԲԵԳ — Չհասկացա, էս տուն չի՞: Կգնաք, էլի, տուն եք գնում, որ ի՞նչ անեք։

ՆԱՆԱ — Պառկենք քնենք։

ԲԵԳ — Էն էլ դու, չէ՞… վայ, Նանա, Նանա… (Գրկում է Նանային։)

ՆԱՆԱ – Ի՞նչ ա… Նանա՜…

ԲԵԳ — (Սաշին)։ Բայց լավն ա, չէ՞…

ՍԱՇ – Crazy woman!

ՍԱՄՈ– (դուրս գալով)։ Ջրերը մաքրի, թեշտն էլ տակը դրի։

ՆԱՆԱ — (Սաշին)։ Աննորմալը դու ես։

ԳՐԵՏԱ — Էսօր հերթապահ եմ, Բեգ ջան։

ԲԵԳ – Հետո՞ ինչ, էսօր էլ մի գնա, ի՞նչ կլինի։

ԳՐԵՏԱ — Ո՞նց…

ՍԱՄՈ — Հա, էլի, նիսսյա, մնա, մի քիչ թվիստըգեյն…

Նանան փոթկում է։

ԲԵԳ – Ըհը, Նանան մնում ա։

ՆԱՆԱ – Ո՞վ ասաց… թող, հետդ չեմ խոսում։

ԲԵԳ – (ծիծաղելով)։ Զատո ես եմ հետդ խոսում։

ՆԱՆԱ — Ես կմնայի, բայց տանը…

ԲԵԳ – Սամ, հիմա ո՞ւր բաց կլինի:

ՍԱՄՈ – Նայած ինչ ենք ուզում։

ԲԵԳ – Նան, դու սոված ես, չէ՞ պիցցա կուտե՞ս։

ՆԱՆԱ – Վայ, հա, կուտեմ։

ԲԵԳ — Ես էլ հավեսով կուտեմ։

ՍԱՄՈ — Էդ հեչ, մեր ներքևը սաղ գիշեր բաց ա։ Մի քանի տեսակ էլ ունի։

ԲԵԳ – Դե, ուրեմն մի քանի տեսակ էլ առնում ես ու… քանի՞ հոգի ենք։

ՍԱՄՈ — Էս ենք… Նորոյենք էլ ներքևն են։

ԲԵԳ — Նորոյենց կասես, որ բարձրանան։ Հլա արի…

Բեգը դարակից դրամ է հանում, սկսում հաշվել։ Լսվում է մեքենայի շչակի ձայնը։

ՍԱՄՈ – Բայց էս շատ ա, Բեգ։

ԲԵԳ — Շատ չի, էսօր մեր կամանդի օրն ա, չէ՞…

ՍԱՄՈ – Էդ՝ հա, ո՞վ ա բան ասում։

ԲԵԳ – Ուրեմն վերջ, քեֆ ենք անում։ Ինչ կա-չկա, հավքի՝ բեր։

Սամոն վերցնում է անկյունում դրած մեծ պայուսակը։

ԲԵԳ – Սիգարետը չմոռանաս։

Նորից լսվում է շչակի ձայնը։

ՍԱՄՈ– (պատուհանից)։ Հասկացանք, յա…

ՍԱՇ – Մանթրաժ է։

ԲԵԳ — Ինչի՞։

ՍԱՄՈ — Ես թռա։ (Դուրս է գնում։)

ՍԱՇ — Դե, ասացի, որ բան… ինքն էլ…

ԲԵԳ – Ի՞նչ…

ՍԱՇ — (քմծիծաղով)։ Ոչ մի բան։ Սիգնալ է տալիս:

ԲԵԳ – Լավ, էդ հեչ…

ՆԱՆԱ — (կամաց)։ Գրետ, դու հեչ չե՞ս կարա…

ԳՐԵՏԱ — Ո՞նց… չէ։ Լավ, Բեգ, դուք մնա­ցեք, իսկ ես…

ԲԵԳ – Լսիր…

ԳՐԵՏԱ — Չէ, իսկապես…

ԲԵԳ – Հա, բայց լսիր ինչ եմ ասում։

ԳՐԵՏԱ – Ասա։

ԲԵԳ – Զանգում ես հիմա էն բաքվեցի աղջկան… անունը ո՞նց էր…

ԳՐԵՏԱ – Նոնա՞ն։

ԲԵԳ – Հա, զանգում ես դրան, ասում ես՝ տունը մարդ ա եկել։

ԳՐԵՏԱ – Է՜, չի լինի։ Անցյալ անգամ էլի տուն մարդ էր եկել։

ԲԵԳ – Դե, ասա երեխեն, բան… մրսել ա, հա­զում ա։ Ինքն էլ ա մեր, կհասկանա։ Մյուս ան­գամ էլ դու իրա տեղը կմնաս։ Հազիվ իրար գլխի հավաքվել ենք…

ԳՐԵՏԱ — Բա որ տանը չեղա՞վ։

ԲԵԳ – Տանն ա, տանը…

ՍԱՇ — Բաքվեցին այս ժամին ո՞ւր պիտի լինի։

ԲԵԳ — Մի քիչ նստենք, խոսենք, ուրախա­նանք։ Էսօր մեր օրն ա վերջապես, բա էսօրն էլ մենք մեզ լավ չզգա՞նք։ Քանի դեռ կանք…

ՍԱՇ– Քանի դեռ կա՞նք… այսի՞նքն…

ԲԵԳ – Մարդ ես, էլի, ի՞նչ իմանաս։

ԳՐԵՏԱ — Նան, հլա նայի, դրա համարը ո՞նց ա, ակնոցս չհանեմ։

Նանան Գրետայի գրքույ­կից թելադրում է համարը։ Սաշը Նորիկի թո­ղած փաթեթը նետում է սեղանին։

ԲԵԳ — Էդ ի՞նչ ա։

ՍԱՇ — Նորոն թողեց։

Բեգը վերցնում է փաթեթը, երկար նայում վրան։

ԳՐԵՏԱ — Ալո, Նոնա՞…   Գրետան ա։ Здравствуй, Գրետան ա: Слушай, Нона, я сегодня не могу придти… հը՞… ի՞նչ…

ԲԵԳ — (սեղանին նետելով փաթեթը)։ Չէ, չեմ ուզում։

ԳՐԵՏԱ — Հա… չգիտեմ, երեխեն մի քիչ լավ չի։ Ասում եմ՝ ребенок заболел. Да, а потом я вместо тебя… հը՞… փողդ կտամ… հա, говорю, деньги отдам, не бойся.

Ներս են մտնում Նորիկը և Լիլիթը։

ՆՈՐԻԿ — Էս ի՞նչ հաշիվ ա, ախպեր…

ՆԱՆԱ — Կամաց…

ԳՐԵՏԱ — Հա… спасибо. (Կախում է լսա­փողը։) Բայց ինչ լիրբն ա, հա՜։

ՆՈՐԻԿ — Ո՞վ, արա…

ԲԵԳ – Համաձայնվե՞ց։

ԳՐԵՏԱ — Հա, բայց չորս հազար էլ փող ու­զեց։

ԲԵԳ — Էդ պրոբլեմ չի… (Գրպանից հինգ հա­զարանոց է հանում։) Էս վեկալ…

ԳՐԵՏԱ — Բայց մոտս սդաչի չկա։

ԲԵԳ – Նորո…

ՆՈՐԻԿ — Ասա, ախպեր ջան։

ԲԵԳ – Ախպեր, չհասկացանք։ Էս ո՞ւր ըտենց փախաք, ափալ-թափալ, սիգնալ տալով…

ՆՈՐԻԿ – Խի՞ փախանք, ախպեր… Սաղ ասին՝ էթում ենք։ Դե, ես էլ ասի…

ԲԵԳ — Ոչ ոք ոչ մի տեղ էլ չի էթում։ Տնաշեն, կարդեբալետ էիր սարքում, կամանդի օրն էիր նշում…

ՆՈՐԻԿ — Էլի նշենք, ապե, մեզ ի՞նչ ա եղել որ… Պետք ըլի, մինչև լույս էլ կմնանք։

ԲԵԳ – Բա մինչև լույս էլ պիտի մնանք։ (Բա­ցում է պատուհանը։) Արևածագը կդիմավո­րենք։ Գիտե՞ք, էս կտուրից Երևանն ինչ գեղեցիկ է երևում։

ԳՐԵՏԱ — (քթի տակ)։ Զաթի մենակ վերևից ա գեղեցիկ։

ՆՈՐԻԿ — Դե ասեք, հիմա ի՞նչ ենք անում։

ԲԵԳ – Ամեն ինչ։

ԼԻԼԻԹ — Նոր, ուզում ես ինձ տուն տար, հե­տո դու արի։ Ես մի քիչ լավ չեմ։

ԲԵԳ – Ի՞նչ ա եղել։

ՆՈՐԻԿ — Տո, հեչ, ոչ մի բան, ախպեր։ Կնիկ ա, էլի, խոսում ա…

ԲԵԳ – Սիրտդ ինչ-որ բա՞ն ա ուզում… Կարո՞ղ ա սոված ես։

Լիլիթը չի պատասխանում։

ՆԱՆԱ — Բոլորս էլ սոված ենք։

ԲԵԳ – Հեսա կբերեն։ Մի րոպե, հեսա ամեն ինչ կբերեն։ Նորո, հլա էս սեղանը մեջտեղ դնենք։

ՆՈՐԻԿ — Դնենք, ախպեր… (Երկուսով սե­ղանը դնում են սենյակի կենտրոնը։)

ԲԵԳ – Ըհը… էս սենց։ Էս կեղտոտ սփռոցն էլ հանենք։ (Շպրտում է սփռոցը։) Գրետ, մի հատ շկաֆում նայի, ընտեղ պիտի լինի։

ՆՈՐԻԿ — (Լիիթին)։ Դո՞ւ ինչ ես կանգնել, ախչի, գնա բաժակները բեր։

ԼԻԼԻԹ — Բաժակները կեղտոտ են։

ՆՈՐԻԿ — Դե, ուրեմն գնա լվա։

Լիլիթը դանդաղ գնում է խոհա­նոց։

ԳՐԵՏԱ — (պահարանից սփռոց հանելով)։ Է՞ս ա, Բեգ, բայց սա լրիվ նոր ա։

ԲԵԳ – Ավելի լավ, բեր։

ՆՈՐԻԿ — (Բեգին)։ Դզվար, չէ՞… վախցրիր, ախպեր…

Բեգի դեմքը մի պահ այլայլվում է։

ԳՐԵՏԱ — Նորիկ…

ՆՈՐԻԿ — Հաջան…

ԳՐԵՏԱ – Ծերը բռնի…

ՆՈՐԻԿ – Ի՞նչ…

ԳՐԵՏԱ — Ասում եմ, ծերը բռնի… (Մեկնում է նրան սփռոցը։) Փռի, տենամ…

Նորիկն ու Գրետան փռում են սփռոցը։ Բեգը վերմակի տակից հանում է դրամը։

ՆԱՆԱ – (սփռոցը շտկելով)։ Վայ, էս ինչ սի­րուն ա։ Բա առաջ ինչի՞ չէիր գցում։

ԲԵԳ – (դրամը մեկնելով)։ Նորո, էս վեկալ:

ՆՈՐԻԿ – Ի՞նչ ա:

ԲԵԳ – Քու բաժինը:

Սաշը զարմացած հայացք է նե­տում Բեգի վրա։

ՆՈՐԻԿ – Ո՞նց… ինչի, եղել ա՞…

ԲԵԳ – Հա, առավոտը բերին։

ՍԱՇ — Իսկ ինչո՞ւ ինձ չէիր ասում։

ԲԵԳ – Պիտի ասեի, մոռացա։

ՆՈՐԻԿ – Ինչքա՞ն ա։

ԲԵԳ — Մեկին հինգ, ոնց որ խոսացել էինք։

ՆՈԻԿ – Даже ըտե՞նց…

ՍԱՇ — Իմս է՞լ են բերել։

Լվացած բաժակները ձեռքին խո­հանոցից գալիս է Լիլիթը։

ԲԵԳ — Չէ, քոնը երևի տան էս երկու օրը։ Լիլ, ափսեներն էլ բեր… էսօր մարդավարի, շնորհ­քով նստենք։

ԼԻԼԻԹ – Որտե՞ղ են։

ԳՐԵՏԱ — Դու նստի, ես կբերեմ։ (Գնում է խոհանոց։)

Ներս է մտնում Սամոն։

ՍԱՄՈ — Էս էլ մենք։ Տղերք, օգնեք…

ԲԵԳ – Բերի՞ր։

ՍԱՄՈ — Հա, բա ոնց, պիցցա երկու տեսակի, պանիր, երշիկ… (Դատարկելով պայուսակը։) Նիսսյաս ո՞ւր ա, գնա՞ց։

ԳՐԵՏԱ — (ափսեները ձեռքին գալիս է խո­հանոցից)։ Ստեղ եմ, ստեղ…

ԲԵԳ – Սիգարետ բերի՞ր:

ՍԱՄՈ – Ամեն ինչ էլ բերի, հեսա։ (Մի քանի տուփ է գցում սեղանին:)

ՆԱՆԱ – Ի՜նչ համով հոտեր են… (Ուզում է մի պատառ վերցնել:)

ԳՐԵՏԱ — (ձեռքին խփելով): Համբերի… Իսկ էս ի՞նչ ա։

ՍԱՄՈ – Բան ա… ի՞նչ էին ասում սրան… ճա­պոնական զակուսկի, մի տեսակ էլ չոր անուն ունի…

ԼԻԼԻԹ — Սուշի։

ՍԱՄՈ — Հա, էդ ա…

ՍԱՇ — Հետո էլ ասում են՝ ուտելու բան չկա, սով է։

ԳՐԵՏԱ — Ուտելու բան կա, փո՛ղ չկա։

ՍԱՄՈ — Բաստուրմա, շուրջուխ էլ վերցրի, արաղ, եսիմ… ֆանտա, պեպսի չկար։ Սոկ բե­րի, ջերմուկ, եսիմ… Էս էլ մնաց։ (Բեգին մեկնում է դրամը։)

ԲԵԳ – Ամոթ ա, Սամ ջան, պահի։

ՆՈՐԻԿ — Ցենտր սեղան եղավ, ախպեր, դավայտե, նստանք։

ՆԱՆԱ — Բա մի ժամ ի՞նչ եմ ասում։ (Ուզում է մի պատառ վերցնել:)

ԳՐԵՏԱ – Յա՜, չասի՞ համբերի։ Մատներով ո՞ւր ես մտնում, գնա կուխնյայից պատառա­քաղները բեր։

ԲԵԳ – Սամո…

ՆՈՐԻԿ — (օղի է լցնում բաժակները)։ Էկեք, ժողովուրդ…

ԲԵԳ — (դարակից հանում է կարմիր տուփ, տալիս է Սամոյին)։ Էս վեկալ:

ՍԱՄՈ – Ի՞նչ ա որ…

ԲԵԳ — Վաղը կհագնես ու կգնաս Սևոյանի մոտ։

ՍԱՄՈ– (տուփը բացելով)։ Էս քու…

ԲԵԳ – Հա: Սրա դեմ խաղ չկա։ (Հանում է տուփից մեդալը, ամրացնում Սամոյի կրծքին։)

ՍԱՄՈ – Բայց ես ո՞նց, ախր…

ՆՈՐԻԿ — Բեգ ջան, բաժակները լցրած ա։

ԲԵԳ – Կարծում ես, որ աթոռներին նստել են, բա՞ն են հասկանում։ Ոնց անգրագետ կային, ըտենց էլ մնացին։

ՍԱՄՈ — Մերսի, Բեգ ջան։

ԲԵԳ – Իսկ եթե հարցնեն, կասես՝ Բեգլարյան Արմենինն ա։ Իրանք ինձ լավ գիտեն։

ՆԱՆԱ — (խոհանոցից դուրս գալով)։ Էդ կուխնյայի լույսը միշտ վառ պահեք, տառականները լույսից վախենում են։

ԳՐԵՏԱ — (քթի տակ)։ Տառականի մասնա­գետը խոսաց։

ՍԱՄՈ — Նան, հլա նայի…

ՆԱՆԱ — Էս ի՞նչ ա… (Կարդում է:)  Спецназ, герою… Յա՞, Սամո՞…

ՍԱՄՈ– Բա՛… Служу Советскому Союзу!

ԳՐԵՏԱ — Советский Союз էլ չկա, պրծա՛վ։

ՍԱՇ — Советский Союз-ը դեռ նոր է սկսվում, հլա ո՞ւր եք։ Փառք ՍՄԿԿ…

ՆՈՐԻԿ — ՍՄԿԿ-են վաղուց ՏԿ, ապե… (Բոլորը ծիծաղում են։)

ԲԵԳ – Դե լավ, նստանք։ Բաժակները լցրած ա, չէ՞։

ՆՈՐԻԿ — Բա ո՞նց, ախպեր։ Վեկալեք, դավայ…

ԼԻԼԻԹ — Նոր, ես չեմ խմում։

ԲԵԳ — Ես էլ չեմ խմում, Լիլ ջան, խփելու հա­մար…

ՆՈՐԻԿ — (Լիլիթին)։ Վեկալ, վեկալ…

ԲԵԳ — Ես էսօր մի բան հիշեցի։ Մի շատ կարևոր բան։ (Բոլորը նայում են նրան։) Ի՞նչ եք ըտենց նայում, հո կենաց չեմ ասում… Կերեք, բան արեք…

ՆՈՐԻԿ — Կուտենք, ախպեր, դու ասա։

ԲԵԳ – Ի՞նչ ասեմ… Երբ մենք փոքր էինք, երբ կամանդ էինք, մեր մեջ… բոլորիս մեջ մի տե­սակ լույս կար։ Իրար հանդեպ, ոնց ասեմ, հա­վատ կար… սեր…

ՆՈՐԻԿ – Է՞, հմի էլ կա։ Հրեն, էլի իրար գլխի հավաքվել ու…

ԳՐԵՏԱ — Նորո…

ՆՈՐԻԿ — Հաջան… (Գրետան լռելու նշան է անում։) Հա, լավ…

ԲԵԳ — Չէ, էդ կա, էդ գիտեմ։ Հավաքվել ենք ու էլի կհավաքվենք, բայց ես իմ մասին եմ ասում։ Էն լույսը, որ իմ մեջ կար, բոլորիս մեջ կար… Ի՞նչ եղավ։ Ո՞ւր կորավ։ Չէ՞ որ մենք դրա­նով էինք ապրում, դրանով էինք մարդ կոչվում։ Իսկ հիմա… չգիտեմ։ Մեկ-մեկ մտածում եմ, կա­րո՞ղ ա ինքը… վերջացել ա, հը՞։

ՆՈՐԻԿ — Ո՞վ ա վերջացել, ապե…

ԲԵԳ — Էդ լույսը, Նորո ջան, էդ լույսը։ Արևը ո՞նց ա վերջանում, մթնում, այ, էդպես էլ մեր մեջի էդ լույսը վերջացել ա։ Բայց եթե էդպես ա, ուրեմն մենք էլ ենք վերջացել։

ՍԱՄՈ – (կամաց)։ Բայց առավոտ… էլի լույս ա բացվում, չէ՞։

ԲԵԳ – Հա, Սամ ջան, ճիշտ ես, առավոտ էլի լույս ա բացվում։ Բայց էդ առավոտը ե՞րբ ա գալու։ Ախր էդ լույսը մեր մեջ եղել ա, բոլորիս մեջ։ Ես դա հաստատ եմ հիշում, եղել ա։ Հետո ի՞նչ եղանք, մեծացա՞նք, թե՞ ուղղակի տեղը կորցրինք։

ՍԱՇ – (լուրջ)։ Ու չենք էլ ուզում գտնել։

ՆՈՐԻԿ — Ապե, ես ասե՞մ…

ԲԵԳ — Չէ, Սաշ ջան… Կներես, Նորո… Ուզում ենք… ուզում ենք գտնել։ Մենք էդ լույսով մեծա­ցանք, հլա հիշեք, սաղ օրը իրար հետ, մի կա­մանդ։ Ձեզ ծեծելով էին ստեղից տուն տանում…

ՆԱՆԱ – Վայ, ճիշտ ա…

ԲԵԳ — Հիմա ամեն մեկս մի տեղ առանձին, իրա համար…

ԼԻԼԻԹ — Բայց ինչ-որ բան դեռ մնացել է, չէ՞…

ԲԵԳ – Ո՞նց թե, իհարկե, մնացել է։ Ինչ էլ լի­նի, մենք էդ լույսը հիշում ենք, նույնիսկ կարո­տում։ Ես, օրինակ, իսկապես կարոտում եմ։

ՆՈՐԻԿ — Է, հա… էն մութ տարիներին միայն մոտդ լույս կար։

ԳՐԵՏԱ – Նորո…

ՆՈՐԻԿ – Ի՞նչ ա, էլի սխալ բան ասի՞։ Էն տարիներին Բեգից բացի լեվի լույս ո՞վ ուներ։

ՆԱՆԱ – Նոր ջան…

ՆՈՐԻԿ — Հասկացանք, լավ։ (Բեգին.) Կնե­րես, ապե, ասա, լսում ենք։

ԲԵԳ – Ի՞նչ եք լսում, է՜, բան էր՝ ասինք, դուք էլ… (Բարձրացնում է բաժակը։) Լավ եղեք։ Պապս էր միշտ ասում՝ եթե ուզում ես մարդու մեջ լավը տեսնել, ուրեմն ուրիշ բան ման մի արի, ինքը, մեկ է, լավն ա։ Խմեք, ես չեմ խմում, ինձ կներեք։

ՆՈՐԻԿ — Լավ ըլենք, ախպեր, ոնց որ ասիր, իրարով… (Խմում է։)

ՆԱՆԱ — (խմում է, նկատում, որ Լիլիթը լաց է լինում): Լիլ, ի՞նչ եղավ, Լիլ ջան, ցավդ տա­նեմ։

ՆՈՐԻԿ — Յա, կյա՞նք…

ԼԻԼԻԹ — Չեմ կարող, ազնիվ խոսք, էլ չեմ կարող։ Նան, գիտե՞ս ինչ եմ ուզում…

ՆԱՆԱ – Ի՞նչ, ջանա…

ԼԻԼԻԹ — Նորից ծնվեմ։

ՆՈՐԻԿ — Լրիվ ցնդա՞ր, այ…

ԳՐԵՏԱ — Նորո, սպասիր։

ԼԻԼԻԹ — Կամ էլ չգիտեմ… գնամ, հեռա­նամ…

ՆԱՆԱ – Ո՞ւր գնաս։

ԼԻԼԻԹ – Չգիտեմ, միայն թե ինձ մարդ զգամ։

ԳՐԵՏԱ — Ստեղ զգա, ո՞վ ա քեզ խանգա­րում։

ՍԱՄՈ – Ինչն ա շատ՝ խանգարողը…

ՆՈՐԻԿ — Էթաս ընտեղ, ի՞նչ պիտի անես, ո՞ւմ ես ընտեղ դու պետք։

ԼԻԼԻԹ — Իսկ այստեղ ո՞ւմ եմ ես պետք։

ԲԵԳ – Քեզ։ Նախ և առաջ քեզ ես պետք, Լիլիթ։ Մորդ ես պետք, ախպորդ, արդեն մեծ տղա է։ Մեզ էլ ես պետք…

ՆՈՐԻԿ — Բա ո՞նց, կյանք։ (Լցնում է բաժակ­ները։) Դավայ, մի հատ Լիլոյիս կենացը…

ԲԵԳ — Աշակերտներիդ ես պետք։ իլիթը զարմացած նայում է Բեգին։) Հա, հա, մեր Շուշանիկ Արամովնային հիշում եք, չէ՞…

ՍԱՄՈ – Դասղեկի՞ն։

ԲԵԳ – Չխնդաք, բայց մինչև երկրորդ, թե եր­րորդ դասարանը ուզում էի, որ մայրս ինքը լի­ներ, էնքան էի սիրում։ Մանավանդ, որ մայր չէի էլ տեսել։

ԼԻԼԻԹ — (կամաց)։ Եթե իմանամ, որ պետք եմ…

ՆՈՐԻԿ — Պետք ես, կյանք, պետք ես, մի մտածի… Էս արաղը պրծա՞վ, արա։

ՍԱՄՈ – Սումկի մեջ կա։ Գրետ…

ՆՈՐԻԿ — (շիշը Գրետայից վերցնելով)։ Բա էդ խեղճ երեխեքին ո՞վ ա սովորացնելու… ո՞նց էր էն, արա… Թե մորդ անգամ… մտքիցդ հա­նես, քո մայր լեզուն չմոռանաս։

ՍԱՇ – Միևնույն է, մոռանալու են։

ՆՈՐԻԿ – Խի՞…

ՍԱՇ – Խիի համար…

ՆԱՆԱ – Բայց ես էլ կգնայի, գիտե՞ս…

ԳՐԵՏԱ — Ըհը, միայն դու էիր ըտեղ պակաս։

ՆԱՆԱ — Էդ ինչի՞, գնացողները ինձնից լա՞վն են։ Լեզուն գիտեմ, մի հատ հարուստ բիձուլիկ կգտնեմ ու հետը կամուսնանամ։ (Սաշը բարձր ծիծաղում է։) Ի՞նչ ես ծիծաղում, ինձ հետ չի՞ կա­րելի ամուսնանալ։

ՍԱՄՈ — Ո՜նց չի կարելի, իհարկե կարելի ա։

ՍԱՇ — Մի բան էլ ավել… (Ծիծաղում է։)

ՆԱՆԱ — Ո՜ւֆ, ջրիկներ… Ոչ մի տեղ էլ չեմ գնա, դե, գնա։ (Ծիծաղում են բոլորը։) Ստեղ լավ ա։

Դռան թակոց։

ՆՈՐԻԿ — Սպասեք հլա… (Նորից թակում են դուռը։) Էս ո՞վ ա, արա…

ՍԱՄՈ – (նկատելով սեղանին շպրտված փա­թեթը)։ Էս սեղանից ցրեք, արա…

Գրետան փաթեթը թաքցնում է գրպանում։

ԲԵԳ – (բարձր)։ Բաց ա, մտեք։

Դուռը դանդաղ բացվում է, երևում է Ճիճիկի գլուխը։

ՃԻՃԻԿ — Ես եմ, կամանդիր ջան, գա՞մ։

ԲԵԳ — Արի, Ճիճիկ։

ՍԱՄՈ — Այ Ճիճիկ… դուռը ծեծել սովորի, տնաշե՛ն։

Բոլորը հանգիստ շունչ են քաշում։ Գրետան փաթեթը դնում է սեղա­նին։

ՃԻՃԻԿ — Բարև, ում չեմ տեսել։ Լիլո ջան, ո՞նց ես:

ԼԻԼԻԹ — Լավ եմ, Ճիճո, բարև։

ՃԻՃԻԿ — Ընկեր Նորիկ, բարև։ Նան, պաչե՞մ:

ՆԱՆԱ – Ի՞նչ պաչես, Ճիճո, չե՞ս տեսնում, յու­ղոտ եմ։

ՆՈՐԻԿ — (ծիծաղելով)։ Ընկեր Նորիկ… Այ տղա, ես քո տրինե՞րն եմ, ի՞նչն եմ։ Ընկեր Նորիկս ո՞րն ա…

ՆԱՆԱ – Ճիճ, բերի՞ր «Անժելիկան»:

ՃԻՃԻԿ – Լիֆչի՞կը… չէ, տոտան սև գույնի չունի:

ՆԱՆԱ — Իսկ ի՞նչ գույնի ունի։

ՃԻՃԻԿ — Ռոզովի, բայց «Անժելիկա» չի, купальник ա:

ԲԵԳ — (դարակից վերցնելով կոնյակի շիշը)։ Ճիճիկ, «Նապոլեոն» ուզո՞ւմ ես։

ՃԻՃԻԿ — Ի՜նչ սիրուն շիշ ա։

ՆԱՆԱ — Չէ, Ճիճո, купальник չեմ ուզում։

ՃԻՃԻԿ — Նայի, եթե ուզում ես, էթամ բերեմ։ Տոտան ինձի դավերյա է…

ԲԵԳ – (մեկնելով բաժակը)։ Առ, Ճիճո, խմի։

ՃԻՃԻԿ – Խմե՞մ… չէ՞։ Որ խմում եմ, գժվում եմ, կռիվ եմ անում։

ՆՈՐԻԿ — Արա, բայց դու դեմք ես, Ճիճիկ…

ՍԱՇ – Խմի, խմի, բան էլ չես լինի։

ՃԻՃԻԿ – Հա՞, լավ… (Վերցնում է բաժակը։) Բայց որ էս շիշը պրծնի, ինձ կտաս, չէ՞։

ԲԵԳ – Կտամ, բա ո՞նց, ուզո՞ւմ ես, հիմա տամ։

ՃԻՃԻԿ — Չէ, հիմա ո՞ւր տանեմ հանձնեմ։ Ամեն տեղ փակ ա։ Վաղը կտանեմ։

ՆՈՐԻԿ — Դավայ, Ճիճո, սաղ ըլես:

ՃԻՃԻԿ — Մերսի։ (Նայում է բոլորին։) Էս… մենա՞կ եմ խմելու։

ՍԱՄՈ – Ինչի՞ մենակ, բա մենք ի՞նչ ենք։ Բա­ժակս ո՞ւր ա, արա…

ՆԱՆԱ – Կենաց ասա, Ճիճո։

ՃԻՃԻԿ – Կենա՞ց… ասեմ։ За дружбу народов.

Բոլորը ծիծաղում են և խմում։

ՆՈՐԻԿ — Բայց դու ինչ լավ արիր, որ էկար, Ճիճիկ։

ՍԱՇ — Ընկեր Ճիճիկ…

ՆՈՐԻԿ — Հա, էլի… (Ծիծաղում են։)

ՃԻՃԻԿ — (Բեգին, կամաց)։ Էս ի՞նչ են խնդում:

ԲԵԳ – Չեն խնդում, Ճիճիկ, ուրախանում են։

ՃԻՃԻԿ – Հա՜…

Ճիճիկը բաժակը դնում է սեղա­նին, ծիծաղը կամաց-կամաց մա­րում է։

ԳՐԵՏԱ — Սամվել…

ՍԱՄՈ — Հաջան…

ԳՐԵՏԱ — Մի բան երգի, հա՞։

ՍԱՄՈ – Վայ, ցավդ տանեմ, քու համար…

ԲԵԳ – Բոլորիս համար։

Սամոն նայում է Բեգին, վերցնում է կիթառը։

ՍԱՄՈ — (երգում է)։

Աշնան օրերից մի օր անձրևոտ,

Կաթիլ առ կաթիլ գալիս է ինձ մոտ,

Եվ երգ է բերում՝ տխուր եղանակ,

Որ կտուրներին երգի շարունակ։

Աշնան օրերից մի օր անձրևոտ,

Ամպերը կիտած նայում է թախծոտ,

Եվ երգ է տեղում իմ փողոցներին,

Հետքեր թողնելով պատուհաններին։

Երգիր, անձրև, երգիր, բառերը քո երգի,

Որքան էլ չես ասում, բոլորն են հասկանում…

Երգիր, անձրև, երգիր, քաղաքն իմ մաքրիր

Եվ տար հեռու մի տեղ բոլոր ցավերը մեր:

Աշնան օրերից մի օր անձրևոտ,

Կիսում է ինձ հետ անհուն մի կարոտ,

Կարծես թե գիտի, որ այս քաղաքում,

Աշնան անձրևին վաղուց են սպասում։

Աշնան օրերից մի օր անձրևոտ,

Կանցնի կգնա, ինչպես մի ճամփորդ,

Իսկ երգը դեռ շատ երկար կհնչի,

Մինչև որ մի օր արևը ծագի։

Երգն ավարտվում է։ Երկար լռություն։ Ամեն մեկն իր մտքերով է։

ՆԱՆԱ – Վա՜յ, ինչ լավ ա, երեխեք։

ՃԻՃԻԿ – Բեգ, ես գնամ։

ԲԵԳ – Ո՞ւր։

ՃԻՃԻԿ — Տոտան սպասում ա։

ՆԱՆԱ – Սամ ջան, կենացդ, ես քեզ շատ եմ սիրում։ (Խմում է։)

ՍԱՄՈ — Մերսի, Նան ջան։

ՆՈՐԻԿ — Ախպեր, ցավերով… (Խմում է:)

ԳՐԵՏԱ — Սաղ ըլես, Սամվել։

ՆԱՆԱ – Սամո, արի պարենք։ Ես քեզ հրա­վիրում եմ: Белый танец.

ՃԻՃԻԿ — Կամանդիր ջան…

ԲԵԳ — Նստի, Ճիճիկ ջան, հաց կեր ու գնա, տոտան կսպասի։

Նանան ու Սամոն պարում են։

ՆՈՐԻԿ — (Լիլիթին)։ Արի, կյանք, արի մի հատ իրար հետ խմենք։

ԼԻԼԻԹ — Նոր, սիրտս խառնում ա, ո՞նց չես հասկանում։

ԳՐԵՏԱ — Անպայման ուզում ես պահե՞ս։

ԼԻԼԻԹ — Հա։

ՆՈՐԻԿ — Հո դու խայտառա՞կ չես, արա…

ԳՐԵՏԱ — Քեզ պե՞տք ա, Լիլ…

ՆՈՐԻԿ — Բա ես էլ հենց էդ եմ ասում, Գրետ ջան։ Որ բերի, հետո ինչո՞վ ա պահելու։

ԼԻԼԻԹ — Էդ արդեն իմ գործն է։

ՆՈՐԻԿ – Ո՞նց թե՝ քու գործն է։ Հլա սրա խո­սելու ձևին նայի…

ԲԵԳ – Նորո, ի՞նչ ա եղել:

ՆՈՐԻԿ — Տո հեչ, ախպեր, ոչ մի բան։

ԳՐԵՏԱ — (Լիլիթին)։ Գիտես բերելո՞վ ա մենակ… Հենա, անհեր մեծացնում եմ, ո՞ւմ ա պետք…

ՆՈՐԻԿ — Ասա, է՜, ասա… Կարո՞ղ ա, հույսդ ինձ վրա ես դրել։

ԼԻԼԻԹ –Ոչ։

ՆՈՐԻԿ — Բա ո՞ւմ վրա…

ԼԻԼԻԹ – Քե՞զ ինչ։

ՆՈՐԻԿ — Արա, էսի ինձի ինֆարկտ կգցի, հորս արև… Տո, այ համբալ, ես քեզի մարդ դարձնեմ, որ դու էսօրվա օրով կայնես, ինձ սա­ղի մոտ խայտառա՞կ անես։

ԼԻԼԻԹ – Դո՞ւ ես ինձ մարդ դարձրել, դո՞ւ…

ՆՈՐԻԿ — Բա ո՞վ… Թե՞ ամեն ինչ մոռցար արդեն։ Ոնց էիր հորդ գրադարանի գրքերը մեկ մեկ վառում, որ ցրտից չսատկես։ Տո, ես չլինեի…

ԼԻԼԻԹ — Յախկ…

Սամոն և Նանան կիսատ են թող­նում պարը։

ՆՈՐԻԿ — Ինչ ասացի՞ր, հլա մի հատ էլ կրկնի…

ՆԱՆԱ — Նորո, սպասիր… Լիլ, չեմ հասկա­նում, էդ լուրջ ուզում ես բերե՞լ:

ԼԻԼԻԹ — (գոռում է)։ Հա, Նանա, ուզում եմ բերեմ, ուզում եմ բերեմ…

ՆԱՆԱ – Բերում ես, բեր։ Իմ վրա ինչի՞ ես գո­ռում, ի՛…

ԼԻԼԻԹ — Բա ի՞նչ եք սաղդ կպել, ի՞նչ եք ու­զում ինձնից… Գլխիս միայն խրատ կարդացող­ներն էին պակաս։

ՍԱՄՈ– Լավ, Լիլո…

ԳՐԵՏԱ — Ո՞վ ա գլխիդ խրատ կարդում։ Շատ պետք ա…

ԼԻԼԻԹ — Դե որ պետք չի, ձեններղ կտրեք։

ԳՐԵՏԱ – Կատաղեցի՞ր, ախչի… տվիր, քեզի անցար…

ԼԻԼԻԹ — Հա, կատաղել եմ, զգույշ մնացեք՝ չկծեմ։

ՆՈՐԻԿ — Դե ասա, էն շուն հավքողներին զանգենք՝ գան տանեն։

ԼԻԼԻԹ — Դու ընդհանրապես չխոսես, Նո­րիկ, լսո՞ւմ ես, դու չխոսես։

ՆՈՐԻԿ – Ի՛, չափդ ճանաչի, այ անասուն…

ԼԻԼԻԹ — Անասունը դու ես, կրետի՛ն։

ՆՈՐԻԿ – Ի՞նչ…

ԼԻԼԻԹ — Ցեխ… կեղտ։

ՆՈՐԻԿ — Տո, քու…

Նորիկը տապալում է Լիլիթին հատակին։ Սամոն բռնում է Նորիկի ձեռքը։ Իրարանցում։ Միայն Բեգն է անշարժ։

ՍԱՄՈ – Նորո, սպասի…

ՆՈՐԻԿ — Թող, ես դրա… կմորթեմ, արա…

ԳՐԵՏԱ — Լավ, այ տղա… դու էլ ի՞նչ ես, իս­կականից…

Սամոն հազիվ մի կողմ է քաշում Նորիկին։

ՆՈՐԻԿ – Дешевка!

Բեգն ուզում է մոտենալ Նորիկին, բայց շրջվում ու շրխկոցով բացում է պատուհանը։

ԼԻԼԻԹ – Զզվո՛ւմ եմ քեզնից։

ՆՈՐԻԿ – Ի՞նչ…

ՍԱՄՈ — Լավ, ապե…

ՆԱՆԱ – Լիլյա, խնդրում եմ։

ԼԻԼԻԹ – Զզվո՛ւմ եմ քեզնից։

ՆՈՐԻԿ – Զզվո՞ւմ ես ինձնից։ (Սամոյին.) Թող հլա…

ՍԱՄՈ — Նորո ջան…

ՆՈՐԻԿ – Թո՛ղ, ասի… (Մոտենում է Լիլիթին։) Բա որ զզվում ես, ինչի՞ ես ուզում ինձնից երեխա բերել, հը՞: Չէ, Լիլիթ, դու ինձնից չես զզվում։ Ո՞նց կարելի ա կթան կովից զզվել։ Հակառակը, կթան կովին պետք է խնամել, պահել, գուրգուրել, որ շատ կաթիկ տա։ Որ լավ կթվի: Ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան ուզածիդ պես կթվի։ Տակդ ավտո դնի, ոտքից-գլուխ հագցնի, օրական էլ մի քանի հատ էն կանաչ թղթերից ջեբդ դնի։

ԼԻԼԻԹ — Տեր Աստված, իսկ ինձ թվում էր, որ նրան սիրում եմ։

ՆՈՐԻԿ — Ո՞ւմ։ Ի՞նձ։ (Սկսում է ծիծաղել:) Արա, կարո՞ղ ա ինձ ձեռ ես առնում։ Իմ ի՞նչս կարելի ա սիրել, հը՞, Լիլիթ։ Քեզ եմ հարցնում, ի՞նչս…

ԼԻԼԻԹ — Ես… ես ինչի՞ եմ ապրում։

ՆՈՐԻԿ — Վաղը առավոտ, այ հենց ստեղից, սուս-փուս կնստես մեքենան ու կգնաս բժշկի մոտ, եղա՞վ։

ԼԻԼԻԹ — (կամաց)։ Եղավ։ (Գնում է դեպի զուգարանը:)

ԳՐԵՏԱ — Հլա տենամ, ի՞նչ ա եղել…

ԼԻԼԻԹ — Ոչ մի բան, թող…

ԳՐԵՏԱ — Արյուն ա գալիս… սպասիր, մաքրեմ:

ՆԱՆԱ – Ո՜ւֆ, Նորիկ, դու էլ իսկականից…

ԼԻԼԻԹ — Պետք չէ, ոչ մի բան էլ պետք չէ… (Օրորվելով մտնում է զուգարան, փակում դուռը:)

ՆՈՐԻԿ — Գրետ, ո՞ւր ա էդ… տուր տենամ, ներվ չմնաց։ (Գրետան փաթեթը տալիս է Նո­րիկին. նա սկսում է  լցնել գլանակը։) Սենց ա, էլի, ախպեր… Հենց ուզում ես մի քիչ մարդա­վարի, շնորհքով, հելնում-նստում են գլխիդ։

ԳՐԵՏԱ — (զուգարանի դուռը թակելով)։ Լիլ.. Լիլ, բաց արա…

ՆՈՐԻԿ — Էդ ի՞նչ ա… արյուն էկավ, որ խփի…

ՆԱՆԱ — Չէ, շատ քիչ…

ՃԻՃԻԿ — Բեգ, ես կերա, էթա՞մ։ (Բեգը չի պատասխանում։) Բեգ ջան, տոտան սպասում ա։

ՍԱՄՈ — Տոտան վաղուց արդեն քնած ա, Ճիճիկ։

ՃԻՃԻԿ – Խի՞, ժամը քանի՞սն ա…

ՍԱՄՈ – Երեք անց կես։

ՃԻՃԻԿ — Էսօր սեսյան չնայեցի:

ՆՈՐԻԿ — Էդ ի՞նչ ա անում ընտեղ, է՜…

ԳՐԵՏԱ — (նայում է դռան ճեղքից): Պատին հենվել, կանգնել ու նայում ա:

ՆՈՐԻԿ — Ո՞ւր ա նայում:

ԳՐԵՏԱ — Դիմացի պատին:

ՆՈՐԻԿ — Արա, էդ ինչքան գիժ կա, մե՞զ ա ռաստ գալիս։ (Վառում է գլանակը։)

ՆԱՆԱ – Գրետ, մեկ ա, չի բացի, արի…

Գրետան գալիս-նստում է, ուշա­դիր նայում է Նորիկին։ Նորիկը փախցնում է հայացքը։

ԱԱՇ — Այսպիսի բաներ…

ԲԵԳ – (դանդաղ, մռնչալով)։ Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի…

ՍԱՄՈ – Բան ասի՞ր, ապե…

ԲԵԳ — Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան…

ՍԱՇ — Եղիշե Չարենց։

ՆՈՐԻԿ – Չարե՞նց… հա, էտի մորֆինիստ էր, չէ՞, ախպեր…

Բեգը չի պատասխանում։ Զուգա­րանից դուրս է գալիս Լիլիթը. գու­նատ է, բայց ժպտում է։

ԼԻԼԻԹ — Էս ինչի՞ եք սենց լուռ նստել, բա քեֆ չե՞նք անում։ Կամանդիր, ձայն չես հանում… (Վերցնում է կոնյակի շիշը։) Էս «Նապոլեոնը» լավն ա… (Հոտոտում է։) Հոտը լավն ա։ (Շշից մի կում է անում։) Ինչ թունդ ա…

ԲԵԳ – Լիլիթ, ո՞նց ես։

ԼԻԼԻԹ — Լավ եմ։ Ես շատ լավ եմ։ (Մի կտոր պիցցա է վերցնում, երկար ծամում։) Համով ա, իսկ ճապոնական զակուսկին ո՞ւր ա… Հեսա։ (Ուտում է։ Հետո դանդաղ մոտենում է Նորիկին, չոքում նրա առաջ։) Մի հատ տուր, էլի…

ՆՈՐԻԿ – Ի՞նչ ես ուզում։

ԼԻԼԻԹ — Ֆռա… (Վերցնում է ձեռքից գլա­նակը։)

ՆՈՐԻԿ – Ի՛…

ԼԻԼԻԹ — Ի ու բի… (Խորը մուխ է քաշում։) Ա՜խ, ինչ լավ ա… դզեց։

ՆՈՐԻԿ — Հլա տուր ստեղ…

ԼԻԼԻԹ — Նորուշա, ի՞նչ ա եղել։ Խմե՞նք։ На брудершафт.

ՆՈՐԻԿ — (խլելով գլանակը)։ Ստեղ տուր, ասի…

ԼԻԼԻԹ – Ինչի՞, կարո՞ղ ա միտքդ փոխել ես, ուզում ես պապա դառնաս։

ՍԱՇ – Да…

ՆՈՐԻԿ — Վայ, հորս արև…

Լիլիթը, Նանայի պես կոնքերը շարժելով, մոտենում է մագնիտո­ֆոնին, միացնում։ Մոտենում, նստում է Սաշի ծնկներին։

ԼԻԼԻԹ – Ի՞նչ եք ասում, հայեր, չպարե՞նք։ Սա-շա՛…

ՍԱՇ – Պարենք…

Սաշը զգուշորեն բարձրացնում է Լիլիթին և գրկում։ Պարում են։

ՍԱՄՈ — (կամաց՝ Գրետային Ախչի, վերջը հետս պարելո՞ւ ես:

ԳՐԵՏԱ — Սպասի, է՜…

ԼԻԼԻԹ — Սաշ, ձեռքերդ ինչի՞ են դողում։ Կարո՞ղ ա վախում ես…

ՍԱՇ – Ումի՞ց…

ԼԻԼԻԹ – Դե, ուրեմն գրկիր ինձ։ (Սաշը ամուր գրկում է Լիլիթին, Լիլիթը ծիծաղում է։) Իսկ հիմա բարձրացրու։ (Սաշը կատարում է խնդրանքը։)

ՍԱՄՈ — Առը, հա…

ԼԻԼԻԹ — Ինչ լավ ա, վերևից բոլորդ ինչ փոքր եք երևում։ Պտտացրու ինձ։ (Սաշը պտտացնում է:) Էլի… Էլի… արագ…

ԳՐԵՏԱ — Կամաց, այ տղա, կընկնի։

ՍԱՇ — Չի ընկնի։ (Կանգ է առնում։)

ԼԻԼԻԹ — Ինչ կա՜յֆ ա…

Սաշը զգույշ իջեցնում է Լիլիթին հատակին:

ՆՈՐԻԿ — Հո ծանր չի՞, ապե…

ԼԻԼԻԹ — (Նորիկին)։ Ճամփա տվեք, երի­տասարդ։ Խմելու բան չկա՞։

ՆԱՆԱ — Լիլ, չվատանաս։

ԼԻԼԻԹ — Ո՞վ, ե՞ս… (Վերցնում է ինչ-որ մե­կի բաժակը, խմում։) Օ՜հ… իսկ ինչո՞ւ ես պիտի վատանամ։ Սամ, էն կասետը դիր…

ՍԱՄՈ – Ո՞րը…

ԼԻԼԻԹ – Սամո՞… (Սամոն փոխում է ձայնե­րիզը։ Հնչում է Ջ. Բրաուն, որի տակ Նանան փորձում էր հանվել:) Ապրես, ինքն ա։ Բեգ, ի՞նչ ես ասում, մի հատ շոու-ֆաք-շոու չանե՞նք։ Մի րոպե… (Սեղանի վրայից շպրտում է սփռոցն ա վրայի ուտելիքը։)

ԳՐԵՏԱ — Ախչի, գժվա՞ր…

ՃԻՃԻԿ – Ի՛, շիշս…

ԼԻԼԻԹ — Ո՞նց էր, Նան… առաջին և վերջին անգամ… (Պարելով սկսում է հանվել:)

ՍԱՇ – Մուլեն Ռուժ, վերջին սերիա։

Բեգը արագ դուրս է գալիս սենյա­կից։ Նորիկը անջատում է մագնի­տոֆոնը։

ՆՈՐԻԿ — Արա, դե իսկականից… հլա իջիր։ Չե՞ս լսում, քու հետ եմ։

ԼԻԼԻԹ — Իսկ դու ո՞վ ես, որ քեզ լսեմ, հը՞… Սամո, մագը միացրու։

Լիլիթը շարունակում է հանվել։

ՆՈՐԻԿ — Դե, հերիք ա… (Այն է՝ ապտակելու է:)

ՍԱՇ – (բռնելով Նորիկի ձեռքը)։ Հոպ… հոպ…

ՆՈՐԻԿ – Ի՛, հլա ձեռդ քաշի։

ՍԱՇ – Գնա, խելոք նստի տեղդ, թե չէ…

ՆՈՐԻԿ — Թե չէ ի՞նչ կանես…

ՍԱՇ – Կանեմ…

ՍԱՄՈ– Լավ, տղերք…

ՆՈՐԻԿ — Արա, է՜… Սաշ ես, կաշ ես, չգիտեմ ինչ ես, ստեղ քու զոնդ չի, է՜։ Ստեղ մենք ենք первый круг էթում, արա՛։

ՍԱՇ — Արան դու ես, իդիո՛տ… Չհաբրգես, թե չէ աչքերդ կհանեմ։

ՆՈՐԻԿ — Իմ աչք հանողը դեռ չի ծնվել, հասկացա՞ր:

ԳՐԵՏԱ — Վերջ տվեք, լավ։

ՍԱՄՈ – Ընկերներ ենք, ապե, բա արժի՞…

ՍԱՇ — Ո՞վ, մե՞նք…

ՆՈՐԻԿ – Ախ, դաժե տենց… Եղավ, ախպեր։

ՆԱՆԱ — Սաշ ջան, աղաչում եմ…

ԳՐԵՏԱ — (Նորիկին տանում է մի կողմ։) Արի, դե հերիք ա, ո՜ւֆ…

Կարծես հանդարտվում են։

ԼԻԼԻԹ — Բա ես հիմա ո՞նց ապրեմ։ Հոգնել եմ… Գոնե էնքան ուժ ունենայի, էդ մի քայլն էլ անեի ու…

ՆՈՐԻԿ – Ի՞նչ ես ընտեղ դուրս տալիս, վեկաց, գնում ենք…

ՆԱՆԱ – Սպասի, Նորիկ, չե՞ս տեսնում՝ վատ ա։

ԼԻԼԻԹ — Ուրիշ բան չեմ ուզում, Տեր Աստ­ված, միայն մի քայլի ուժ տուր։

Խոհանոցից գալիս է Բեգը։ Այլայլված է, վերնաշապիկի թևքը՝ բարձրացրած։

ՃԻՃԻԿ — Կամանդիր ջան, ես գնացի։

ԲԵԳ – Գնա։

ՃԻՃԻԿ — Բարի գիշեր:

ՍԱՄՈ – Բարի գիշեր, ապե:

«Նապոլեոնի» դատարկ շիշը գրկած՝ Ճիճիկը դուրս է գնում։

ԳՐԵՏԱ — Բարի գիշե՞ր… բարի լույս ենք ար­դեն։

ԲԵԳ – Ո՞վ ասաց…

ԳՐԵՏԱ – Հը՞…

ԲԵԳ – Ո՞վ ասաց, որ բարի լույս ենք արդեն։ Չէ՛, գիշեր է դեռ, մութ, սև գիշեր։ Ու քանի դեռ լույսը չի բացվել, պետք է հասցնել։ Սամո…

ՍԱՄՈ – Ասա, Բեգ ջան։

ԲԵԳ – Ի՞նչ ասեմ, միացրու։ Իմ կասետը, Սամո:

ՍԱՄՈ — Հա, Բեգ ջան։

ԲԵԳ — (երկար նայում է բոլորին։ Հնչում է երաժշտությունը)։ Էս քանի ժամ ա նստած եք։ Կարող ա մի բա՞ն ա եղել։

ՆԱՆԱ — Չէ, ոչ մի բան էլ չի եղել։

ԲԵԳ — Էդ լավ ա, ախպեր, էդ շատ լավ ա։ Տուր տենամ։ (Նորիկից վերցնում է գլանակը, մի քանի խորը մուխ քաշում։) Իսկապես որ լավն ա… ճիշտ, հանգիստ։ Դե, ուրեմն, սկսենք։ Ի՞նչ եք նստել։ Եթե ոչինչ չի եղել, սկսենք։

ԳՐԵՏԱ – Ի՞նչը սկսենք, Բեգ:

ԲԵԳ — Ո՞նց… էդ ի՞նչ ես ասում, Գրետա… (Գոռում է։) Սամո՛…

ՍԱՄՈ — (վախեցած անջատում է մագնիտոֆոնը)։ Հա՞…

ԲԵԳ — Մագը ինչո՞ւ անջատեցիր… (Սամոն միացնում է։) Բարձր, ավելի բարձր… այ, ըտենց, ապրես։ (Տալիս է գլանակը Սամոյին։) Առ, ծակի… Դե, ո՞ւմ հերթն ա… (Բոլորը լուռ են։) Ես հարցնում եմ, ո՞ւմ հերթն ա…

ՆԱՆԱ – Ի՞նչ հերթ, Բեգ…

ԲԵԳ – Ո՞նց թե՝ ինչ հերթ… Կարո՞ղ ա ինձ լավ չեք լսում։ Հը՞, ո՞վ ա առաջինը… դու, դու, թե՞ դու։ Ես ժամանակ չունեմ, բարձրացեք։

ՆԱՆԱ – Ո՞ւր բարձրանանք։

ԲԵԳ – Ո՞նց թե՝ ուր… Սեղանի վրա։ Այ, էս սե­ղանի վրա։ Շոու եք ուզում, չէ՞, հիմա կլինի։ Հելեք…

ՆԱՆԱ – Բեգ ջան…

ԲԵԳ — Վախենալու բան չկա, չէ՛… Սկզբից հանում եք շորերը… սաղ շորերը։ Սրանք ձեր ինչի՞ն են պետք, հը՞։ Հետո՝ կաշին։ Կաշին էլ ձեզ արդեն պետք չի։ Հետո հանում եք ուղեղը, հետո՝ միսը…

ՆԱՆԱ — Մամ…

ԲԵԳ – Ի՞նչ, զզվելի՞ ա… մարդը զզվելի ա։ Մարդուց ավելի զզվելի բան չկա։ Իսկ վերջում հանում եք հոգին։ Ամենադժվարը հոգին ա, զգույշ կհանեք, հա՜։ Կարող ա ցավա։ Որով­հետև հոգին հասկանում ա՝ ինչ ա կատարվում, զգում ա…

ԳՐԵՏԱ — Բեգ, խնդրում եմ քեզ…

ԲԵԳ — Իսկ երբ արդեն ոչինչ չի մնա, ոչ սիրտ, ոչ հոգի… ոչինչ… Այ, այն ժամանակ արդեն…

ԳՐԵՏԱ – Բեգ…

ԲԵԳ – Վե՛րջ… վերջ ամեն ինչի՛ն։ Դե՛… ո՞վ ա առաջինը։

ՆԱՆԱ – Լավ էլի, սիրտս խառնեց։

ԲԵԳ – (Նանային)։ Դո՞ւ… արի։

ՆԱՆԱ – (գրեթե լալով): Բեգ, խնդրում եմ… (Մի կերպ ազատում է ձեռքը:)

ԲԵԳ – Չե՞ս ուզում, դու գիտես։ Իսկ ո՞վ… (Նորիկին.) Կարո՞ղ ա՝ դու…

ՆՈՐԻԿ – Ի՛ ախպե՞ր…

ԲԵԳ — Չէ, ախպերները թող մնան հետո: Գրետ, երևի դու:

ԳՐԵՏԱ – Ինչի՞, ուրիշ մարդ չկա՞:

ԲԵԳ – Ո՞վ:

ԼԻԼԻԹ – (կամաց)։ Ես, բայց ես չեմ կա­րող… Էդքան ուժ չունեմ։

ԲԵԳ — Ըհը, Լիլիթը չի կարող։ Մնացիր դու, Սամո։ (Սաշին.) Եվ դու։

ՍԱՇ — (Բեգին)։ Իսկ դո՞ւ…

ԲԵԳ – Ե՞ս… Ճիշտ որ, ես էլ կամ դեռ։ (Ծիծա­ղում է:) Իմ մասին մոռացել էի։ Կամանդիր… Ուրեմն՝ առաջինը ես եմ, հա՞… (Պատասխան չկա։) Այսինքն, ես միշտ էլ առաջինն եմ եղել ամեն տեղ։ Բայց կարող ա էլ չեմ ուզում, հը՞։ Ես էլ ձեզ պես դեռ պատրաստ չեմ։ Ուրեմն, ի՞նչ անենք…

Դուռը բացվում է։ Շեմին կանգնած է Սամոյի քույրիկը։

ԱՂՋՆԱԿ — Սամո… Բարև ձեզ։ Սամո, մաման կանչում ա, լավ չի…

ՍԱՄՈ – Ի՞նչ ա եղել։

ԱՂՋՆԱԿ — Չգիտեմ, ասաց՝ շուտ գաս։

ՍԱՄՈ — Լավ, հեսա գալիս եմ, դու գնա։

ԲԵԳ — Սպասի… (Մոտենում է Աղջնակին։) Բարև: Վերջապես եկար, հա՞…

ԱՂՋՆԱԿ – Ի՞նչ…

ԲԵԳ — Սսս… ոչինչ մի ասա։ Ես գիտեի, որ կգաս, ես սպասում էի քեզ։

ԱՂՋՆԱԿ — Սամո…

ԲԵԳ — Ափսոս, ուշացար, բայց ոչինչ, դեռ ժա­մանակ կա, մենք կհասցնենք, արի։ (Աղջնակին բարձրացնում է սեղանին։) Արի, արի… բարձրա­ցիր սեղանի վրա…

ՍԱՄՈ — Բեգ, քուրս ա…

ԲԵԳ — Սպասիր, ես բարձրացնեմ… (Բարձ­րացնում է Աղջնակին սեղանի վրա։ Ոչ ոք չի համարձակվում մոտենալ:) Գիտե՞ս, սրանցից ոչ ոք չի ուզում…

ԱՂՋՆԱԿ – Ի՞նչ…

ԲԵԳ – Վախենում են։ Հիմար են, չեն հասկա­նում։ Չեն ուզում առաջինը լինել։ Ուզում են երկրորդը, երրորդը, կարծում են տենց ավելի հեշտ ա։ Բայց առաջինը ամենակարևորն ա: Առաջինը միշտ հաղթում ա, չէ՞…

ԱՂՋՆԱԿ – Հա:

ԲԵԳ – Այ, տեսնո՞ւմ ես, դու հասկանում ես, իսկ նրանք՝ չէ։ Ես էլ եմ հասկանում, բայց ինձ համար դժվար ա, շատ դժվար ա։ Կօգնե՞ս ինձ:

ԱՂՋՆԱԿ — Ո՞նց…

ԲԵԳ – Հանվի:

ՍԱՄՈ – Բեգ…

ԲԵԳ — Խնդրում եմ քեզ…

ԱՂՋՆԱԿ — Բայց…

ԲԵԳ — Բան մի ասա, հանվի։ Սկզբից շո­րերդ… (Զգույշ հանում է խալաթը։) Ըհը… հե­սա մնացածը…

ԳՐԵՏԱ – Արմեն, էրեխայա…

ԲԵԳ — Թէ չէ ես չեմ կարողանա։

ՍԱՄՈ – Բեգ…

ԲԵԳ — Չմոտենաք։ Ոչ ոք թող չմոտենա, ոչ ոք… Ու չպահանջվի… ինձնից բացի… Առաջինը ես եմ… (Աղջնակին.) Դու շարունակի, շարու­նակի… (Մոտենում է դարակին, վերցնում ապակու կտորները։) Արևը հիմա դուրս կգա… ոնց որ էն անգամ։ Չոր, դեղին արևը։ Հիշում ես, չէ՞…

ՍԱՄՈ — Բեգ, քուրս ա…

ԲԵԳ – Դու ձեռքով, այ, սենց էիր արել, որով­հետև արևը խփում էր ուղիղ աչքերիդ… ու սպա­սում էիր ինձ։ (Բացում է բռունցքը, կաթում է արյունը։) Հիմա քանի՞սն ա… (Նայում է զար­թուցիչին։) Այդպես էլ գիտեի… հինգը։ Ուրեմն, ամեն ինչ ճիշտ ա։ (Բարձրանում է լուսամու­տագոգին։) Դու հանվի, հանվի, ես հիմա կգամ։ Արևը կդիմավորեմ ու կգամ։ (Դուրս է գնում։)

Լռություն։ Բոլորը նայում են բաց պատուհանին, որտեղից երևում է կարմիր տանիքը։

ԱՂՋՆԱԿ – Սամո…

ՍԱՄՈ – Հը՞…

ԱՂՋՆԱԿ — Խալաթս տուր, հա՞….

Սամոն ասես արթնանում է քնից, նետվում է դեպի քույրը, հագցնում խալաթը։

ՍԱՄՈ – Գնա տուն, հիմա կգամ։

ԱՂՋՆԱԿ — Արի միասին գնանք, համ էլ պադյեզդում մութ ա…

ՆՈՐԻԿ — Խեղճ երեխեն վախեցավ, արա…

ՆԱՆԱ — (մոտենալով պատուհանին)։ Էս ո՞ւր գնաց։

ԳՐԵՏԱ — Հենա, տանիքում ա, քայլում ա։

ՆՈՐԻԿ — Մի հատ էս երեխուն ջուր խմցրեք… Լիլո…

ԼԻԼԻԹ — Հիմա… (Գնում է խոհանոց։)

ՍԱՄՈ — Տո, չէ հա, բան չի եղել։ Վախեցա՞ր, ախչի…

ԱՂՋՆԱԿ — Ըհը…

ՍԱՇ – Քանի՞ տարեկան է։

ՍԱՄՈ — Ութ։ Ութ ես, չէ՞…

ԱՂՋՆԱԿ — Ութ ու կես։

Լիլիթը ջուր է բերում։ Նանան և Գրետան մոտենում են Աղջնակին։

ԼԻԼԻԹ — Ջուր ուզո՞ւմ ես։

ՆԱՆԱ – Ինչ լավիկն ա։

ԱՂՋՆԱԿ — Չէ, չեմ ուզում։

ԳՐԵՏԱ — Խմի, խմի, ջուր ա։

Աղջնակը խմում է ջուրը։

ՆՈՐԻԿ — Արա, մի հատ կոնֆետ էլ չկա, էս երեխուն տայինք։

ԼԻԼԻԹ — Սպասի, մոտս պիտի լինի։

ՍԱՄՈ – Պետք չի, ատամը փչացած ա։

ՍԱՇ — Վերցրու։ (Ծամոն է մեկնում։) Ծամոն սիրո՞ւմ ես։

ԱՂՋՆԱԿ — Հա։

Աղջնակը վերցնում է ծամոնը։ Ներս է մտնում գունատված Ճիճիկը։

ՃԻՃԻԿ — Ընտ… ընտեղ… կա… կամանդիրը… պառկած ա… ներք… ներքևում… պառկած ա…

Գրետան, Նանան, Նորիկը, Լիլիթը, Ճիճիկը դուրս են վազում։

ՍԱՄՈ – (Աղջնակին)։ Մնա ստեղ, հեսա գա­լիս եմ։

ԱՂՋՆԱԿ — Սամո, մաման…

ՍԱՄՈ – Գալիս եմ, ասի… մի րոպեից գալիս եմ։ (Դուրս է վազում։)

Սաշը պատուհանից դուրս է նա­յում։ Հետո մոտենում է մահճակա­լին, հանում է փողը, աոանց շտա­պելու դնում է պատյանի մեջ, հագ­նում անձրևանոցը, գլխարկը և մոտենում դռանը։ Երկար նայում է աղջնակին։

ՍԱՇ – Անունդ ի՞նչ է։

ԱՂՋՆԱԿ — Արևիկ։

ՍԱՇ – Ա՜… (Դուրս է գնում։)

Աղջնակը նայում է դռանը, հան­կարծ արևի շողքը կուրացնում է։ Նա փակում է աչքերը, հետո զգույշ բացում է, իջնում սեղանից, մոտենում պատուհանին։ Լայն բացում է փեղկը, ժպտում, հետո ծի­ծաղում։ Ո՞ւմ է ժպտում Աղջնակը և ինչո՞ւ է ծիծաղում, գիտեն միայն ինքը և Արևը, որի շողքերն ավելի ու ավելի են լուսավորում սենյակը։

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։