ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ Արմենուհի ՍԻՍՅԱՆ

ԲԺԻ՛ՇԿ ՋԱՆ, Ո՞ՆՑ ԵՍ

Պատերազմ, օր քսաներորդ: Վիրավորներով լեփ-լեցուն հիվանդանոցներ: Քովիդով հիվանդներին ստիպված չեն ընդունում: Արդյունքում՝ մահացության բարձր ցուցանիշներ: Աշխարհը քովիդի դեմ է պայքարում, Հայաստան աշխարհը՝ ֆաշիզմի ու տեռորիստական հարձակման դեմ: Բախտ չվիճակվեց քաղաքակիրթ թշնամի ունենալ, չվիճակվե՛ց: «Թե ամենուր ավեր ու հրդեհ է` այդտեղով թուրքերն են անցել» (Հյուգո): 

Մեկ շաբաթ է՝ բժիշկ Դավթյանը տուն չէր գնացել: Ինչպե՞ս գնար. ծանր վիրավորներն ավելանում են՝ մեկը մեկից երիտասարդ, որոնք կարիք ունեն շտապ վիրահատական  միջամտության, իսկ բժիշկներն արդեն չեն հերիքում… Երեկվա նրա վիրահատած տղան՝ Արամը, ասում են, վիրավոր ընկերոջը կրակի բերանից դուրս հանելիս է վիրավորվել: Մեծ դժվարությամբ, միայնակ քարշ է տվել նրան դեպի իրենց դիրքերը: Այդ ընթացքում նկատել է, որ իրենց մյուս տղաներից մեկն էլ է նույն տեղում անգիտակից ընկած: Առաջինին  մի կերպ հասցրել է քիչ թե շատ ապահով տեղ, ապա ինքնամոռաց ետ է դարձել մյուսի հետևից՝ չիմանալով անգամ՝ ողջ է նա, թե զոհված… Իր հասած տեղում պայթել է արկը: Վստահ են եղել, որ նա նույնպես զոհվեց, բայց Արամը, հաստատ, երջանիկ շապիկով էր ծնվել: Մյուս ծանր վիրավորների հետ նրան էլ հասցրել են տեղափոխել Երևանի Էրեբունի հիվանդանոց: Հիմա դեռ վերակենդանացման բաժանմունքում է, նոր է անզգայացումից արթնացել, կյանքին, փառք Աստծո, այլևս վտանգ չի սպառնում:

Մինչ բժիշկը լուռ զննում էր վերքերը, լսում զարկերակը, հիվանդը աչքերը բացեց, նայեց բժշկին ու անհանգիստ բղավեց.

—  Էս ի՞նչ ես անում էստեղ, շու՛տ, խրամատը մտի…

Բժիշկը ձեռքը բռնեց.

— Հանգի՛ստ, Արա՛մ ջան, էստեղ չեն կրակում:

— Ա, ես ինձ համար չեմ ասում, է՜, շուտ արա, ես մեր դիրքերը պահե՞մ, թե քե՜զ…

 Բժիշկն ակամա սկսեց շոյել զինվորի ձեռքը.

— Դու հիմա հիվանդանոցում ես, Երևանում:

— Ինչ ա ասում, ի՞նչ Երևան, բա Սաքոն, Արմենը ո՞ւր են:

— Ապահով են, հիվանդանոցում:

— Բա ես ինչի՞ եմ էստեղ, բա Հակոբը՞ՙ, ո՞ւր ա Հակոբը:

— Ամեն ինչ նորմալ ա, դու հիմա պիտի հանգիստ մնաս: 

— Կներես էլի, բա դո՞ւ ով ես:

— Ես էլ բժիշկ եմ:

— Բժիշկ ե՞ս…  Ո՞նց ես, բժի՛շկ ջան, ցա՛վդ տանեմ, հո քեզ բան չի՞ եղել…

Բժիշկը ակամա ժպտաց. չէր հիշում՝ այս սոսկալի օրերին վերջին անգամ երբ էր ժպտացել…   

— Ես լավ եմ, լավ եմ, Արա՛մ ջան…

Հետո բուժքրոջը պատվիրեց հանգստացնող դեղեր սրսկել հիվանդին, որ հնարավորինս քիչ շարժվի ու վեր կացավ տեղից. ժամանակ չկա, ծանր վիրահատություններ տարած տղաներ կան կողքի պալատում… 

— Բժի՛շկ ջան, հիմա հասկացա՝ որտեղ եմ: Ես լավ եմ, ախպոր պես, ինձ շուտ դուրս գրի, էնտեղ ընկերներիս թողել, եկել-պառկել եմ էստեղ… Ախպերներիս պիտի գնամ-հասնեմ, անհանգիստ եմ: Մի բան արա, խնդրում եմ…

Բժիշկը գլխով արեց ու շրջվեց դեպի դուռը. դժվար է զսպել ներքին մեծ հուզմունքը նույնիսկ ուժեղ կամք ունենալու դեպքում: Որտեղի՞ց այսքան հերոսներ այս մի փոքրիկ  հողում… Վիրահատությունը վաղն էր նշանակված. կտրելու էին երիտասարդի երկու ոտքերը… 

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։