ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ / «ՍՊԱՍՈՒՄ»
ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆԻ «ՍՊԱՍՈՒՄ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2008 թ., թիվ 14-15-ում
Պիեսի մտահղացումը ծրագրելիս լռությանն էլ տեղ հատկացրի:
Լևոն ԽԵՉՈՅԱՆ
ՍՊԱՍՈՒՄ
Պիես երկու գործողությամբ
Գործող անձինք
ԱՂԱԲԵԿ ՏԱՑՈՒ — պապը
ՏՂԱ
ՀԱՅՐԸ
ՄԱՅՐԸ
ՓՈՍՏԱՏԱՐ
ԴԱՏԱՎՈՐ
ԴԱՏԱԽԱԶ
ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐ — Վելիխան, Զաքար
ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ
ԼՐԱԳՐՈՂ — շրջանային թերթից
Կոկորդը վիրակապով փաթաթած ՄԻԼԻՑԻՈՆԵՐ
ԽՈՇՈՐ ԳԼԽՈՎ ՄԻԼԻՑԻՈՆԵՐ
ԵՐԿՈՒ ԲՈՒԺԱԿՆԵՐ
ԲԺԻՇԿ ՍԵՔՍՈՊԱԹՈԼՈԳ — ցեդեցիկ կին
ՀԻՎԱՆԴ — որին բրդի գործարանի տնօրեն են ասում
ՍԵՐՄԱՆ — վրացի
ՀԱՄԲՈ ԵՎ ՄԱՅՐՈ — գյուղացի ամուսիններ
ՀԵՌԱԽՈՍԱՎԱՐՈՒՀԻ
Գյուղական հողածածկ տուն։ Խառնափնթոր վիճակ։ Առավոտ։ Աղաբեկը նախաճաշում է։ Նստած է դեռ չհավաքած տեղաշորի վրա։ Միայն շալվարն է հագել։ Նախաճաշի սեղանր ցածրաոտ է։ Ներս է մտնում փոստատարր։
Առաջին գործողություն
ՓՈՍՏԱՏԱՐ — Եկել են Ախալքալաքից։
ԱՂԱԲԵԿ — (ձուն կլպելով)։ Մի բան ճարի, նստի։ (Գոռալով դռան կողմը։) Աղջի, մի հատ բաժակ բեր։ (Պատասխան՝ երկար լռության։ Ճակնդեղի թթվի ցողունը ծամելով՝ նստած տեղը իր շուրջբոլորն ինքն է ման գալիս՝ գտնում։ Օղի է լցնում։ Բաժակները իրար են խփում։) Բարի լուս։
ՓՈՍՏԱՏԱՐ — (բաժակը շուրթերին տանելով)։ Բարի լուսը բարին տա։ (Ձուն կլպելով։) Աբլակատները կանչում են։
ԱՂԱԲԵԿ — (վերնաշապիկը հագնելով)։ Ցորենի օղի էր։
ՓՈՍՏԱՏԱՐ — (ձվի բրդուճը ծամելով)։ Փափուկ է խմվում։ Էսօր ավելի շատ հոգով են եկել։
ԱՂԱԲԵԿ — (բաժակները նորից է լցնում, խմում են։ Դուրս գալով)։ Տղա, տես հայրդ գալի՞ս է:
Փոստատարը գնում է արտի ծայրամասում շինած զուգարանը։ Աղաբեկը դռանը սպասում է։ Տղան դուրս է գալիս տան ետևից։
ՏՂԱ – Տացու, սխտորն է ջրում։
Ա Դ Ա Բ Ե Կ — (մախորկա է փաթաթում՝ սպասելով փոստատարին։ Տղային)։ Վազիր, գազեթ բեր, մախորկայի համար գազեթ չեմ վերցրել։
ՏՂԱ — (բերելով թերթը)։ Տացու, նա սխտորն էր ջրում։
ԱՂԱԲԵԿ — (թերթը ծալելով և քառակուսիների կտրատելով)։ Նա այսօր էլ, վաղն էլ, տարիներով սխտորն է ջրելու։ Ամոթից չգիտի՝ որտեղ թաքնվի։
Փոստատարը գալիս է, գնում են։ Առջևից Աղաբեկն է գնում։ Գյուղացիք աթոռներով, իշոտնուկներով, ով տանը ինչ նստելու հարմարանք ուներ՝ գցած ուսերին՝ շտապում են ակումբ։ Գյուղի վրա տարածված է վառված լաթերի մրմռացնող սուր խանձահոտը։
ԱՂԱԲԵԿ — Վրացոց տղոցկան կանայք էսօր երեխա կունենան… (Տղան ու փոստատարը թիկունքից տեսնամ են նրա երկար հասակի կծկվածությունը՝ զույգ հենակների վրա։) ՓՈՍՏԱՏԱՐ — Աղաբեկ, լավ էլ փափուկ էր խմվում, ձեր քաշա՞ծն էր։ Ինձանից չնեղանաս, ասին՝ գնա, ես եկա։
ԱՂԱ ԲԵԿ — (նստելով քարե ցանկապատին, հենակները սեղմելով ոտների արանքը՝ մախորկա է փաթաթում։ Հետո փոստատարին էլ է տալիս։ Տղային)։ Գլխարկդ դիր տակդ, կմրսես։
ՏՂԱ — Չեմ մրսի։
ԱՂԱԲԵԿ — Ասի՝ գլխարկդ դիր տակդ, քարը պաղ է։ (Փոստատարին.) Չէ, Փաչուլայի օղին է, պարտքով մի քանի չարեք վերցրի։ Քաշենք, կտանք։ (Նրանք զրուցում են ու ծխում։)
ՏՂԱ — Բա դու ինչո՞ւ չես մրսում։ (Գլխարկը դնելով տակը։)
ԱՂԱԲԵԿ — (շտապող գյուղացիներից մեկին)։ Վարո, բա դու ինչո՞ւ ես շտապում։
ՎԱՐՈ — (համարյա վազելով)։ Նստելու տեղ չի լինի։
ՏՂԱ – (Աղաբեկին)։ Կտեսնես, հայրիկը սխտորը կջրի ու կգա։
Գյուղի ակումբում դատը սկսվել է, ուշացածները դեռ գալիս ու գալիս են։
ԴԱՏԱՎՈՐ — Նոր, լրացուցիչ փաստաթղթեր են ստացվել։ (Աղաբեկին ու տղային չէ, դահլիճին է հարցնում։) Վառվածի հոտ եմ առնում, չլինի՞ բան է վառվում։
ԴԱՀԼԻՃ — (հարցումից ուրախացած)։ Չէ, ընկեր աբլակատ։ Վրացի կանայք երբ երեխա են ունենում, չարին նրանցից քշելու համար չուլ են վառում։
Դահլիճը ուրախացած է անտեղյակ դատավորին բացատրելուց։ Աղաբեկն ու տղան նայում են դռանը, նրանք ուզում են, որ տղայի հայրը գա։
ԴԱՏԱՎՈՐ — Ուրեմն, այսպես… Մեղադրյալը գյուղում հայտարարել է, թե ոտքը կորցրել էր Ստալինգրադի պաշտպանության համար, մի ուրիշ անգամ, թե՝ Մոսկվայի պաշտպանության ժամանակ, թե գերմանացին կողքանց ավտոմատի համազարկ է տվել ոտքին, որ ինքը հերոս է… Ուրեմն այսպես… (Սեղանին որոնելով։) Էս առաջին հատորն ո՞ւր է, մեր հարցումին ու մեր գործին նոր լույս սփռող փաստաթղթերն ասում են. «Բեռլինի այսինչ հոսպիտալի բակում թաղված է մեղադրյալի ոտքը, և գիտե՞ք ինչու, սապոգի կրունկը հարել է ոտքը…»։ (Դահլիճը ծիծաղում է։ Դատավորը տղային ու Աղաբեկին չէ, դահլիճին է դիմում։) Էս ինչ սուր է գալիս վառվածի հոտը, ծխողները թող մի քիչ քիչ ծխեն, իրար չվառեք…
Նրանք երկուսով նայում են դռանը։ Նրանք ուզում են, որ տղայի հայրը գա։
ԴԱՏԱՎՈՐ — (կիսականգնած, դահլիճում նստածների մեջ փոստատարին որոնելով)։ Օվաննեսը ո՞ւր է։ Օվաննես, մի գնա գրասենյակ, նախագահին տես՝ ի՞նչ է ասում, էսօր մալ մորթելո՞ւ են։ Ասա՝ Ալոշը միս է ուզում, կնոջ հորքուրը հիվանդ է, թող մի տասը-տասնհինգ կիլո միս ետ առնեն։ (Սեղանին որոնելով։) Էս առաջին հատորն ո՞ւր է… Էդ ո՞վ է դուռը բացում-փակում։ Կամ ներս եկեք, կամ էլ մի խանգարեք, գործը գլուխ բերենք, վերջացնենք։ (Տղային.) Հայրդ ո՞ւր է, հայրդ մի գար, տեսնեինք։ Հորդ մեղադրյալը ո՞նց էր ասել, թե՝ մորդ չկարողացաք պահել՝ իմ փայ պատերազմը վերջացնեի, գայի։ Պիտի ամուսնանամ, ես մի ոտքով կնկանդ հույսին մնացողը չեմ։
ՏՂԱ – Աղաբեկ տացուս մեր գյուղից քայլելով հասել է Բեռլին, ոտքր թողել է այնտեղ, մի ոտքով եկել է գյուղ, նա հերոս է…
Դահլիճը ծիծաղում է։
ՏՂԱ — (դատավորին և դահլիճին)։ Հայրս սխտորն է ջրում, վերջացնի, կգա։ ԴԱՏԱՎՈՐ — Հայրդ ի՞նչ էր ասում։
ՏՂԱ — Ի՞նչ պիտի ասեր, վիճում էին։ Ասում էր. «Այդ տարիքիդ պիտի ամուսնանաս, հարս ունես, թոռ ունես, գյուղում խայտառակ կլինենք»։ Համոզում էր, որ այդպիսի բան չանի, տնտեսությունը երկու մասի բաժանելն էլ սխալ քայլ կլինի։
ԴԱՏԱՎՈՐ — (դատախազին և ատենակալներին)։ Խնդրում եմ նաև այս հանգամանքը հաշվի առնել, որ մեղադրյալը խաղաղ ընտանիքում պարբերաբար վեճերի առիթ է տվել ու քայքայողական դիրքորոշում ունեցել։
ՏՂԱ – Նա քայքայող չէ, նա միշտ աշխատում էր։ Աղաբեկ տացուիս գարնան գլուխ դնում էին կոլտնտեսության Կայծակ անունով իշու վրա, Կայծակ էշը ոտքերի տակից փախչող մանր քարերից հետույքին-հետույքին նստոտելով, լպոկտելով գավակը՝ երկու ժամ հետո նրան հասցնում էր ձորի խորքը՝ գյուղի ջրաղացը։ (Դահլիճին, հետո դատարանին.) Այնքան ծիծաղելի էր։ Թիկունքից նայում ես, իշու կողքից մի ոտք է կախված, այն էլ՝ այնքան երկար, ժամացույցի ճոճանակի նման գնում-գալիս է ու գետնին կպչում։ (Տղան ձեռքով տնազելով՝ ցույց է տալիս, թե ոտքը ոնց էր կպչում քարին։ Դահլիճը ծիծաղում է։ Դատավորը ժպտում է։) Նա բոստանն էր ցանում, ջրաղացն էր աշխատեցնում, գյուղի աղունն էր աղում մինչև աշուն, ու նորից Կայծակ էշը նրան, անթացուպերը սեղմած թևերի տակ, ծնկելով-ծնկելով, լպոկտելով ծնկներն ու կուրծքը, վերև՝ գյուղ էր բերում։ (Դահլիճին, հետո դատավորին.) Էնքան ծիծաղելի էր։ Նայում ես՝ մի ոտքր չկա, բայց երկու ոտքերի արանքում տոպրակով լոբի է դրված, սոխ, կարտոֆիլ։ Էնքան ծիծաղելի է, ինձ է տալիփս ու ասում է՝ առ, ձագ եմ հանել… (Դարձյալ տնազում է ու ցույց է տալիս, թե ինչ է արել Աղաբեկը:) Ծիծաղելի է, չէ՞, բայց տացուս քայքայող չէր…
ԴԱՏԱՎՈՐ – (ընդհատելով դահլիճին ու դատախազին)։ Ես կասեի՝ քայքայողական ասածս նույնիսկ ինչ-որ չափով գյուղին էլ է շոշափում, ինչպես նաև՝ որոշ ընտանիքների։ Շրջակա գյուղերից կորկոտը ծեծելու բերած, (տղային չէ՝ դահլիճին.) ներողություն արտահայտությանս, կանանց հետ ջրաղացի կտուրին աճած խոտերի ու փշերի մեջ էր պառկում։ Այդ առթիվ վկաներ կան։ Ճի՞շտ է, Վելիխան։
ՎԵԼԻԽԱՆ — (դահլիճից)։ Շատ անգամ եմ տեսել, Գևոն է տեսել, Շալոն, Սարդարը, Զարմիկը, մենք բոլորս էլ տեսել ենք, մեր հարսն էլ…
ԴԱՏԱՎՈՐ — Լավ, նստիր, մեր խնդիրը դա ապացուցելը չէ։ Մենք դատավարության այս փուլում ծանոթացանք մեղադրյալի բնութագրին։ Մեր խնդիրն ուրիշ է։
ՓՈՍՏԱՏԱՐ — (դուռը ետևից փակելով)։ Ընկեր աբլակատ, նախագահն ասում է՝ էսօրվա միսը լավը չէ, գյուղացիներին են բաժանելու։ Թող մնա վաղը, վաղն էլ են մորթելու։
ԴԱՏԱՎՈՐ — Էս առաջին հատորն ի՞նչ եղավ, է՛… (Դահլիճին.) Մի ասող լինի՝ էդ մատմ երեխուն ինչի՞ եք բերել։ Ձենը կտրեք՝ գործ անենք։ (Տղային.) Վկա, պիոնե՞ր ես։
ՏՂԱ – Այո։
ԴԱՏԱՎՈՐ – Գիտե՞ս, որ սուտ ցուցմունք տալ չի կարելի։
ՏՂԱ — Դասղեկն ասել է։ Դպրոցի դիրեկտորն ասաց, եթե խաբեմ, ինձ դպրոցից դուրս կանեն։
ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ — (դահլիճի ետևի շարքերից մոտենում է տղային)։ Հանկարծ չխաբես, դու ազնիվ խոսք ես տվել…
ՏՂԱ — Գիտեմ։
Դահլիճը շունչը պահած սպասում է։ Էլ չի լսում լացող մանկան ճիչը։ Տղան ու Աղաբեկը նայում են դռանը, նրանք ուզում են, որ տղայի հայրը գա։
ԴԱՏԱՎՈՐ — (տղային)։ Պատմիր, ինչպես որ պատահել է։
ՏՂԱ – (կամակոր, լացակումած)։ Չեմ պատմի։
Դահլիճն աղմկում է։
ԴԱՏԱՎՈՐ — (մեղմ)։ Դու ասիր, որ կպատմես, եթե հոգնել ես, գնա մի քիչ դուրս, խաղա, կգաս, կպատմես։
ՏՂԱ — (ցույց տալով Աղաբեկին): Նա էլ է հոգնել։
ԴԱՏԱՎՈՐ — Այ, այդտեղ սխալվում ես, մեծերը չեն հոգնում, դրա համար էլ նրանք մեծ են։ Այ, ես էլ չեմ հոգնել, Զաքարը չի հոգնել։ (Ձայն տալով դեպի դահլիճ։) Ճիշտ չէ՞, Զաքար բիձա։
ԶԱՔ Ա Ր — (ձեռքը ականջին)։ Համմե՞։
ԴԱՏԱՎՈՐ — Ասում եմ՝ չե՞ս հոգնել։
ԶԱՔԱՐ — (ձեռքը ականջին)։ Համմե՞։
ԴԱՏԱՎՈՐ — (տղային)։ Տեսա՞ր, որ մեծերը չեն հոգնում, գիտես, չէ՞, երկար, շատ երկար հեքիաթ են պատմում ու չեն հոգնում։
ՏՂԱ – (գլխով ցույց տալով Աղաբեկի թիկունքին երկու հրացանավոր զինվորներին)։ Թող նրանք գնան, պատմեմ։
ԴԱՏԱՎՈՐ — (մեղմ)։ Ախր ինչո՞ւ, օրենքն է այդպես։
ՏՂԱ – Մինչև նրանք չգնան, չեմ պատմի։ Երբ նրանք ձգվում են ոտքից ոտք, նրանց սապոգները ճռճռում են։ Սապոգները թող չճռճռան։
ԴԱՏԱՎՈՐ — (զինվորներին)։ Տղաներ, խնդրում եմ՝ գնացեք դուրս, ծխեք, նա երևի ձեր հրացաններից է վախենում։
Զինվորները գնում են։
ՏՂԱ — Աղաբեկ տացուիս ջրաղացը հաց էի տարել։ Դռանը խաղում էի։ Շոգ էր։ Հետո ջրաղացքարի լծակի վրա կախված նալիկների ձայնը կտրվեց։ Չխկանը լռեց։ Ջրաղացքարը կանգնեց։ Ստվերը եկավ։ Աղաբեկ տացուս ասավ. «Երևի վայրի խոզերը դարձյալ գետի հունը բացին, գնանք, նայենք»։
ԴԱՏԱՎՈՐ — Բա ինչո՞ւ քեզ հետը տարավ։
ՏՂԱ – Ջրաղացում չեմ կարողանում միայնակ մնալ։ Վախենում եմ ջրհորդանի, ջրաղացի տակ ապրող սատանաներից… (Դահլիճը ծիծաղում է։ Տղան ուզում է, որ հայրը գա։ Աղաբեկը, գլուխը կախ, ծխում է, դահլիճն էլ է ծխում, տղան գիտի, որ քթին կպչող դառը ծուխը տացուի ծխախոտի ծուխն է, ու նա էլ է ուզում, որ տղայի հայրը գա։) Մենք շատ էինք բարձրացել վերև։ Աղաբեկ տացուիս ասի՝ ջորին։ Նա ասավ. «Քարերի մեջ մարդ է ընկած»։ Քարերի մեջ ընկած մարդը խռխռացնում էր, ջորին հեռվում, երեք ոտքերի վրա կանգնած՝ պոչն էր թափ տալիս, քարերի մեջ խուրջին էր ընկած, մեջը լիքը՝ փող։ Աղաբեկ տացուս ասավ. «Ջորին խրտնել է, գցել ցած»։ Ջորու աչքերը խոշոր էին, սև։ Ես վախենում էի, ասաց՝ մի վախենա… Հետո նստեց քարին… Մարդը խռխռացնում էր, արյունը լցվում էր աչքերի մեջ, արյունոտ աչքերը բացեց։ Նա երևում էր ջորու աչքերի մեջ, գետի մեջ։ Գետը գնում էր, նրան չէր տանում, ջորին սև աչքերը փակում-բացում էր, նա կար։ Բերանից էլ արյուն էր գալիս, ասավ. «Եսս, օգնեսս…»։ «Տացու,- ասի,- վախենում եմ»։ Ասաց. «Մի վախենա, սարեցի է։ Առավոտյան տեսար՝ ոչխարի հոտը տանում էին Ախցխու կողմերը՝ ծախելու…»։ Մարդը մանր քարերից էր կառչում, քարերը ձեռքի հետ գնում էին, նա չէր կարողանում կանգնել, խճի ու գլաքարերի մեջ ընկած՝ ջղաձգվում էր, ջորու սև աչքերի, գետի հայելու մեջ ծալծլվում, չէր կարողանում կանգնել։ Տացուս ասաց. «Սպասենք»։ Ես ասի. «Գնանք, շոգ է»։ Նա՝ թե. «Դա հեշտ է, մի վախենա, ես էնտեղ շատ մահ եմ տեսել։ Տեսնո՞ւմ ես էն գորտին, չի վախենում։ Մի տես գորտին՝ գետակից դուրս է եկել, քարին նստած՝ մեզ է նայում, այ դու սատկես… Վախենալու բան չկա, պիտի կարողանանք սպասել…»։
ԴԱՏԱՎՈՐ — Բա ինչո՞ւ չէիր լացում։
ՏՂԱ — Լացում էի։
ԴԱՏԱՎՈՐ – Բա նա՞։ (Մատով ցույց տալով Աղաբեկին։)
ՏՂԱ — Գրպանից պնդուկ հանեց, ասաց. «Գնա մի կողմի վրա, կեր»։ Բերանս չկարողացա բացել, ատամներս կպել էին իրար։ Ասի. «Առ պնդուկներդ, գնանք»։ Ասավ. «Մի վախենա, էդ տեսակ վերքով շատ չի քաշի, մինչև գորտը էն քարից թռնի ջուրը… գիտեմ, ես էնտեղ էնքան մահ եմ տեսել։ Ուզո՞ւմ ես՝ պատմեմ, թե ոտքս ոնց են կտրել»։ Ես լացեցի, նա՝ թե. «Ուզո՞ւմ ես, գնա էն քարերի մեջ օձ բռնի, չեմ նեղանա»։ Ասի. «Չեմ ուզում, գնանք…»։ Ասավ. «Հիմար, փող կունենանք, ի՞նչ մեծ բան է, որ չես սպասում՝ գորտը քարից ջուրը թռնի, նոր տուն կշինենք, հորիցդ էլ չեմ բաժանվի, չեմ ամուսնանա, տան գլուխ կլինեմ, հայրդ խորհուրդ կհարցնի…»։
Դահլիճում լռություն է, լսում են տղային։ Մտնում է գյուղացիներից մեկը, դուռը ճռռում է, դռանն է հենվել՝ էլի դռան ճռռոց։ Թաշկինակն է հանում՝ քրտինքը մաքրի, թաշկինակը հանելիս կոպեկ է ընկնում։ Տղան չի խոսում, դահլիճի լռության մեջ կոպեկի ձայնը, կոպեկի թավալգլոր տալու ձայնը, մետաղի պաղ հնչյունը, դահլիճը շրջվում է ձայնի կողմը, բոլորը գլուխները շրջած են, լռություն է… Կոպեկը կորցրած գյուղացին կուզեկուզ որոնում է։ Անորոշ, ընղհանուր հայտարարություն. «Կոպեկս ընկավ, կոպեկս գտնեմ ու նստեմ, գործերս վերջացրի ու եկա…»։
ԴԱՏԱՎՈՐ — (տղային)։ Հետո՞։
ՏՂԱ — Ասաց. «Հիմար, փող կունենանք, ի՞նչ մեծ բան է, որ չես սպասում՝ գորտը քարից ջուրը թռնի, նոր տուն կշինենք, հորիցդ էլ չեմ բաժանվի, չեմ ամուսնանա, տան գլուխ կլինեմ, հայրդ խորհուրդ կհարցնի։ Մայրդ ձեռքերը կոնքերին՝ չի գոռա հորդ երեսին. «Աման, էլ չեմ կարող պահել էդ միոտքանի քավթառ գոռսուզին»: Մենք էլ սպիտակ հաց կթխենք, հարևանները մեզ հետ էլ դրկիցություն կանեն, պարտքով հաց կտանեն-կբերեն, էլ չեն զզվի փնթի, կոկրոտ մորիցդ, գյուղում մենք էլ մարդահաշիվ կլինենք, մեզ էլ հարսանիք կկանչեն, դու էլ մյուս տղաների հետ հարսի սինուց մոմփազ կթռցնես, հայրդ շաբաշ կտա, կպարի, բրիգադիր Պանտեյլը կվախենա, չի կտրի աղոթած էշ հորդ աշխօրերը, նրան չեն վախեցնի, ձմռան ցրտին չեն ուղարկի յայլաներում մնացած խոտը բերելու, նա էլ ցրտից ամիսներով մեզկապ՝ անկողինը չի ընկնի, խոտքաղին ճահիճները չեն քշի, մալարիայով ու դողէրոցքով անկողինն ընկած՝ կուրծքը չի ճղի, թե՝ կրակը հոս է, մարեք։ Սպիտակ վերնաշապիկ որ ունենա, դեպուտատ կընտրեն, ինձ էլ հրամայելով չեն նստեցնի Կայծակ էշի մեջքին, որ ամբողջ երկու ժամ, ոռիս գեմարոն տրորելով, իջնեմ ձորը, ձմռան կողմերը չեն թողնի-մոռանա ամայի ձորումը, որ ես էլ կատաղած՝ սկսեմ խմել ու խմել, խմելը կթողնեմ, ժամանակ շատ կլինի, մեր նորաշեն տան դռանը նստած՝ քո համար շվիկ կշինեմ, հեքիաթ կպատմեմ, թե ոտքս ոնց են կտրել… Անձրև գիշերներին ցրտից դողալով, տաշտը ձեռքիդ, թալկացած աչքերով չես նստի անկողնուդ մեջ, էն Սեթո ախպերդ մի րոպեում հավի ձագի պես ափուխուփ չէր լինի… Հայրդ ծկլթալով չէր վազի տան շուրջը, թե՝ այ ժողովուրդ, հասեք կլոր բերան Սեթոյիս՝ չգնա… Այ ժողովուրդն էլ իբրև չի լսում, որ հանկարծ հայրդ պարտքով փող չուզի… Ո՞վ է մրսածությունից այս տաք աշխարհից գնում։ Հայրդ տան շուրջբոլորը չէր ծկլթա, թիֆլիսներում ու երևաններում ոտքով պրոֆեսորների դռները կջարդեր… Ասում են՝ լենինգրադներում այնպիսի ոտք են դնում, ինչպես սեփականը, ոտքս դնել կտամ, թիզ ու կես, խեղճ ու կրակ հորդ գյուղամիջում անցնող-դարձող էլ գլխին չի բամփի, չի ծեծի, սիրտս չի մղկտա, կհասնեմ, արս ու փարս կանեմ, հորդ թիկունք կլինեմ, ախպեր կլինեմ»։
Դահլիճում լռություն է, միայն տղայի ձայնն է լսվում։ Մտնում է փոստի հեռախոսավարուհին, դուռը ճռռում է, էլի դռան ճռռոց։ Տղան չի խոսում։
ՀԵՌԱԽՈՍԱՎԱՐՈՒՀԻ — Աբլակատներից ներողություն եմ խնդրում, շատ շտապ էր, դրա համար էլ անձամբ ես եկա։ Թիֆլիսից զանգել էին Ախալքալաք, Ախալքալաքից էլ՝ մեր գյուղ, թե՝ Ալոշն ու Մակարը թող ասեն, էն որ ասել էին, ուզո՞ւմ են, թե՞ չեն ուզում։
ԴԱՏԱՎՈՐ — Ասա՝ Ալոշն ասում է՝ իրիկունը ես կզանգեմ իրեն։
ՀԵՌԱԽՈՍԱՎԱՐՈՒՀԻ — Հիմա գնամ ու էն մյուս՝ մաքուր գծով հաղորդեմ։ ԴԱՏԱՎՈՐ — (տղային)։ Հա։
ՏՂԱ — Ասաց. «Լենինգրադներում այնպիսի ոտք են դնում, ինչպես սեփականը։ Ոտքս դնել կտամ, թիզ ու կես, խեղճ ու կրակ հորդ գյուղամիջում անցնող-դարձող էլ գլխին չի բամփի, չի ծեծի, ես էլ հայր եմ, սիրտս չի մղկտա, կհասնեմ ու արս ու փարս կանեմ, հորդ թիկունք կլինեմ, ախպեր կլինեմ։ Քեզ մեքենա կառնենք, Վալոդի փնթի, անծոտ աղջիկներին կգայթակղեցնես, կտանես ման տալու, ուզես՝ մեքենան կկանգնեցնես, նրանց հետ թփերի մեջ կմտնես։ Ես գիտեմ, աշխարհում շատ բան եմ տեսել, հավատա՝ էդ տեսակ վերքով երկար չի քշի… գորտի թռնելն ի՞նչ է, որ չես սպասում՝ գորտը քարից ջուրը թռնի»։ Ասավ. «Թուրքը Սոնա մորս իմ աչքի առաջ սպանեց, մատմ երեխա էի, քո չափ… Քարը որ պաղավ, գորտը երկար չի նստի…»։ Շոգ չէր։ Օրը գնում էր։ Քարը պաղում էր։ Գորտը էլի նստած էր։ Մարդը կծկվում, տնքում էր՝ ջորու սև աչքերի մեջ, արյունոտ քարերի մեջ։ Գետը գնում էր, օրը գնում էր, ջորին սև աչքերը փակում-բացում էր… մարդը չէր գնում… մենք սպասում էինք, որ գորտը քարից ջուրը թռնի, չէր թռնում, նստած՝ թուքն էր կուլ տալիս։ Ասի. «Գնանք, տացու…»։ Ասավ. «Մի վախենա, ուզո՞ւմ ես՝ պատմեմ՝ ոտքս ոնց են կտրել։ Դու լսե՞լ ես՝ հերոսի ոտքը ոնց են կտրում… Կամ ուզո՞ւմ ես, գնա ջորին նստի, չեմ թակի…»։ Ասի. «Ջորին նրանն է, չեմ ուզում…»։
ԼՐԱԳՐՈՂ — (դահլիճի առաջին շարքերից ծոցատետրն ու գրիչը ձեռքին՝ ոտքի է կանգնում։ Դատավորին)։ Ներողություն, Ալոշ ջան, հարց ունեմ տղային, թող ասի՝ բա ջորին ի՞նչ եղավ։
ԴԱՏԱՎՈՐ — (դահլիճի կողմը)։ Էս ո՞վ է։
ԴԱՀԼԻՃ — (ուրախացած, որ իրենք գիտեն։ Մեկը ոտքի է կանգնում)։ Աբլակատ ջան, շրջկենտրոնից է, թերթի գլխավոր ժուռնալիստ է աշխատում։ Առաջին պալասայում համ վրացերեն է տպում, համ՝ հայերեն։
ԴԱՏԱՎՈՐ — (շրջվում է՝ տղային)։ Բա դու ինչո՞ւ չգնացիր, թող՝ դու գնայիր…
ՏՂԱ – Գորտին էի սպասում, տացուս ասավ, որ գորտը թուքը կուլ կտա, կպրծնի ու էլի երկար չի մնա ջրից դուրս… Համ էլ ջրաղացում կվախենայի սատանաներից։
Դահլիճը ծիծաղում է։ Տղան ու Աղաբեկը նայում են դռանը։ Նրանք ուզում են, որ տղայի հայրը սխտորը ջրի, պրծնի ու գա։
ԳՅՈՒՂԱՑԻ — (դահլիճ է մտնում։ Գլխարկը հանելով)։ Ընկեր աբլակատ ջան, նախագահն ասում է՝ Ալոշին ասա՝ սատկածի միսը վաղն ենք բաժանելու, թող էսօր գա, լավ մսից կլինի։
ԴԱՏԱՎՈՐ — (դատախազի ականջին ինչ-որ բան է ասում, դատախազն էլ՝ նրան։ Գյուղացուն)։ Ասա, թող մի տասը-տասնհինգ կիլո էլ Մակարի համար պահի, ասա՝ հիվանդ ունեն։
ԳՅՈՒՂԱՑԻ — (գլխարկը դնել-հանելով)։ Աչքիս վրա, հիմա գնամ, ասեմ։ Էս ի՞նչ է, դատը հլա չի վերջացե՞լ։ Հիմա ուղիդ գնում եմ կանցելար, կասեմ, դատախազ ջան։
ԴԱՏԱՎՈՐ — (սեղանի վրա որոնելով)։ Էս անտեր առաջին հատորն ո՞ւր է… Խանձահոտ է գալիս, իրար չվառեք…
ԴԱՀԼԻՃ — (ուրախացած)։ Տղոցկան կանանցից չար ոգուն քշելու համար վրացիբ չուլ են վառել։
ԼՐԱԳՐՈՂ — (դահլիճի առաջին շարքերից ոտքի է կանգնում՝ ծոցատետրն ու գրիչը ձեռքին։ Դատավորին)։ Ներողություն, Ալոշ ջան, հարց ունեմ տղային, թող ասի՝ բա ջորին ի՞նչ եղավ։
ԴԱՏԱՎՈՐ — (տղային)։ Թող թողնեիր, գյուղ գնայիր…
ՏՂԱ – Գորտը չէր թռնում, իսկ նա վախենում էր։
ԴԱՏԱՎՈՐ — Ո՞վ։
ՏՂԱ – Տացուս անընդհատ ծխում էր։ Հետո, երբ օրր գնաց, շոգն անցավ, գետը գնաց, ջորու աչքերը էլ չէին երևում, մութը եկավ, մարդն անշարժացավ՝ բաց աչքերով կուչ եկած քարերի մեջ. ցուրտը եկավ, տացուս սրթսրթաց, գորտը թռավ ջուրը, քարերի մեջ մուկը ճստճստաց, տացուիս մազերը ճերմակեցին…
Դահլիճը հոհոում է։ Աղաբեկը ծխում է, դատավորը ծիծաղում է։
ԴԱՏԱՎՈՐ — (ժպտալով)։ Հետո՞։
ՏՂԱ – Հետո էլ, տացուս թե՝ տեսա՞ր՝ ինչ հեշտ էր, գորտը թռել է… Մենք խուրջինը վերցրինք, ասավ. «Ոչ մի բանից չվախենաս, չհիշես, կյանքումդ էլ չմտաբերես, որ ապրելը հեշտ լինի, դիմացիր, որ հասնենք ջրաղաց, քեզ կպատմեմ, թե ինչպես են ոտքս կտրել… Մի ոտքի վրա կանգնած միզում էր ծառին, կոշիկներին, շալվարին, հենակներին»…
Աղաբեկը նայում է տղայի աչքերին, դահլիճում ծուխը շատ է, նրա ծխախոտի դառը ծուխը հասնում է տղայի քթին, հետո նրանք միասին նայում են ակումբի դռանը, նրանք ուզում են, որ հայրը գա։ Ակումբի բաց դռնից երևում է մի փակ, սև մեքենա։
ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Երեք տարի անց։ Տղան ավարտել է տասներորդ դասարանը, մայրաքաղաքում է։ Երեկո։ Նոր են վառվել փողոցների էլեկտրական լույսերը։ Տղան վազում է։ Նրան հետապնդում է ինչ-որ բան։ Պարեկ միլիցիոներները նկատում են նրան։ Կանգնեցնում են։
ԽՈՇՈՐ ԳԼԽՈՎ ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Շունչդ տեղը բեր, հետո կասես, թե ինչու ես վազում։
Տղան հևասպառ է, շունչը տեղը չի գալիս, ուզում է փսխել։
ԿՈԿՈՐԴԸ ԲԻՆՏՈՎ ՓԱԹԱԹԱԾ ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Ոչինչ, մի քիչ տեղում քայլիր, կանցնի։ Միանգամից կանգնել չի կարելի, երևում է՝ երկար ես վազել։
Տղան կանգնած է։ Ուզում է ինչ-որ բանից բռնել, ծառերը, շենքերը գնում են, ոտքերը ծալվում են, չի կարողանում ոտքի վրա մնալ։ Երկու միլիցիոներները, տղայի թևերը իրենց ուսերով գցած, շունչը տեղը բերելու համար՝ աջ ու ձախ են քայլեցնում։ Միաժամանակ գրպաններն են ստուգում։ Տղան ուզում է փսխել, դարձյալ չի կարողանում, ստամոքսն այրվում է։ Նրանց շուրջբոլորը անցորդներ են հավաքվել։
ԿՈԿՈՐԴԸ ԲԻՆՏՈՎ ՓԱԹԱԹԱԾ ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — (գոռում է հավաքվածների վրա, պահանջում է, որ ցրվեն)։ Ի՞նչ եք կանգնել, մի հավաքվեք, գնացեք ձեր գործին, անցեք…
ՏՂԱ – Սոված եմ։
ԽՈՇՈՐ ԳԼԽՈՎ ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Դու պատմիր, հետո միասին կգնանք ճաշելու, դե ասա՝ ի՞նչ է պատահել։
Տղան պատմում է։ Նրա ձայնը ընդհանուր աղմուկի մեջ լսելի չէ։
ԽՈՇՈՐ ԳԼԽՈՎ ՄԻԼԻՑԻՈՆԵՐ – Մի վախենա, դու գնա տուն, մենք կգտնենք Քրիստոսին նման՝ կապույտ աչքերով ծերանուն։ Այս փողոցով մինչև վերջ, մինչև սեփական տները պիտի բարձրանանք, չէ՞։
ՏՂԱ – (ուրախացած, որ իր սարսափի պահին հարազատի նման կարեկցողներ կան)։ Գիտե՞ք, ես նռնից եմ ծնվել։
Միլիցիոներներն իրար են նայում, նայում են շուրջբոլորը կանգնած ծիծաղող անցորդներին, հետո նորից իրար են նայում։ Նորից ծիծաղ։
ՄԻԼԻՑԻՈՆԵՐՆԵՐ — Նստիր մեքենան։
ՏՂԱ – (չի ցանկանում նստել)։ Տուն եմ ուզում գնալ, քաղցած եմ։
Միլիցիոներները քաշքշում են տղային։ Կոկորդը բինտով փաթաթած միլիցիոների կոճակն է պոկվում, կուզեկուզ ման է գալիս, գտնում, գրպանն է դնում։
ՀԱՎԱՔՎԱԾՆԵՐ — (ծիծաղում են, նրանցից մեկը)։ Մեղք չի՞, ի՞նչ եք ուզում։
ՄԻԼԻՑԻՈՆԵՐՆԵՐ — Ձեր գործը չէ։ Դուք ցրվեք։ Բերանները բաց կանգնել են, ոնց որ թատրոն լինի։ (Տղային.) Մի ստիպիր, որ մենք նստեցնենք։
ՏՂԱ – (սաստկացող վտանգ զգալով)։ Ուզում եմ տուն գնալ, քաղցած եմ։
Միլիցիոներները երկար համոզում են, որ իրենք տուն տանեն տղային, տղան ինչ-որ բանից զգուշացած է, չի համաձայնում։
ՏՂԱ – Չէ, չեմ ուզում։
ԿՈԿՈՐԴԸ ԲԻՆՏՈՎ ՓԱԹԱԹԱԾ ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Ոչինչ, նստիր, մենք էլ ենք այն կողմ գնում, քեզ տուն կտանենք, հետո մեր գործին կգնանք, մեր կարգն է այդպես, տուժողին միշտ էլ տուն ենք տանում, ախր չեմ հասկանում, թե քեզ համար ինչ տարբերություն, թե ոնց ես տուն գնում…
ՀԱՎԱՔՎԱԾՆԵՐԻՑ ՄԵԿԸ — Թողեք թող գնա, երեխա է, էլի։ ՀԱՎԱՔՎԱԾՆԵՐԻՑ ՄԵԿ ՈՒՐԻՇԸ — Այսպես որ պաշտպանում եք, ի՞նչ գիտեք, թե ով է։
ԽՈՇՈՐ ԳԼԽՈՎ ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — (բռնում է տղայի օձիքից)։ Զզվցրիր։ (Շպրտում է փոքրիկ, անլուսամուտ, դեղին «Երազի» մեջ։ Տղան ստվերի նման ծեփվում է թիթեղյա պատին ու թափվում հատակին։ Խոշոր գլխովը, գլխավերևը նստած, ծխում է։)
Տղան սպիտակ շորերով, չդադարող պտույտներ՝ միջանցքներում, մեծ ու փոքր սենյակներում, դատարկ ճաշարանում։
Երկու տղամարդ բուժակներ ամբողջ գիշեր, խոշոր գլխով միլիցիոների պես, միջանցքներում, զուգարաններում, մահճակալների տակ, սենյակից սենյակ թափառող հիվանդների օձիքներից բռնած, շպրտում են դեպի պատերը հիվանդանոցում պատշաճ, խաղաղ գիշերվա պատրանք ստեղծելու համար։ Տղան միաժամանակ ամեն տեղից լսվող ճիչերի, ձայների պատկերների մեջ է։
Տղան առավոտվա լույսի մեջ տեսնում է իր սենյակի պատուհանի ճաղերը։ Երկար նայում է ճաղերին ու լույսերին։ Կարկամած է։
Երկու տղամարդ բուժակները մտնում են ներս, խոսք չկա, ամեն ինչ կատարվում է լռության մեջ։ Տղայի թևերից բռնած՝ տանում են բժշկի առանձնասենյակը։ Բժշկի հետ՝ սեղանի ետևը, նստած է կին սեքսոպաթոլոգը։
ԲԺԻՇԿ — (երկար զննումներ է կատարում։ Շապիկը հանել է տալիս, ստուգում կուրծքը)։ Ձեր ցեղում հիշո՞ւմ ես որևէ մեկին… ասենք, որ քնից վեր թռչեր, աղաղակեր, հարևաններին վնաս տար կամ նստած տեղից հանկարծ վայր ընկներ, թպրտար ու բերանից փրփուր գար, ձերոնցից մեկն էլ մատ կամ գդալ մտցներ բերանը, որ լեզուն կուլ չգնար։ Պիտի որ հիշես, հիշողության մեջ մնացող բաներ են այդպիսի դեպքերը, գդալի պոչն է ջարդվում, երբեմն արյունոտելու չափ օգնողի մատն են կծում։ (Հետո նկատում է տղայի շփոթված հայացքը։ Տղան ամաչում է գեղեցկուհի սեքսոպւսթոլոգից։) Դու նրանից մի ամաչիր, կարգն է այդպես, մենք երկուսով պիտի եզրակացության գանք։ Նա մեր սեքսոպաթոլոգն է։
ՏՂԱ — Չէ, չի եղել, չեմ հիշում։
ԲԺԻՇԿ — Հա, չես հիշում, չես հիշում, չես հիշում… Լեզուդ ցույց տուր, ահա… (Երկու բութ մատներով տղայի կոպերն է սեղմում, հետո աչքերը փակ, զույգ ձեռքերը առաջ պարզած, սենյակում քայլել է տալիս։ Նորից զննում է։) Ցուցամատդ դիր քթիդ, այսպես, հիմա էլ՝ ձախով, մի անգամ էլ, ահա… ծունկդ բացիր, ահա… (Փոքրիկ բժշկական մուրճով մի քանի անգամ հարվածում է տղայի ծնկին։) Ահա։ (Ձեռքերն է լվանում ծորակի տակ, ետ է գալիս, նստում իր տեղը։) Լավ, բա ինչո՞ւ վախեցար։
ՏՂԱ – Որովհետև հավատում եմ, որ նռից եմ ծնվել։ (Շապիկը դեռ չի հագել, սեղմած՝ թևի տակ։)
ԲԺԻՇԿ — (նայում է սեքսոպաթոլոգին, հետո երկար նայում է տղայի աչքերի մեջ)։ Ի՞նչ գիտես։
ՏՂԱ – (շապիկը ուզում է հագնել, հետո դնում է մյուս թևի տակ)։ Մայրս է պատմել…
ԲԺԻՇԿ — Հայ բանահյուսության մեջ այսպիսի ինչ-որ վարկածի մասին խոսվում է։ Խաչքարերի ու տաճարների նռներն են հիմք ընդունում։ Ո՞ւր է, թե այդպես լիներ։ Մայրդ գյուղում ի՞նչ գործ է անում։
ՏՂԱ – Բոստանն է ցանում։
ԲԺԻՇԿ — Ի՞նչ է ցանում։
ՏՂԱ — Ծաղիկներ, այնպիսի խոշոր, կրակի գույնի կակաչներ է աճեցնում, որ մեր գյուղի միլիցիոներ Շալիկոն նույնիսկ արգելում է հաջորդ տարի նորից ցանել։
ԲԺԻՇԿ — Այ քեզ բան, ինչո՞ւ է արգելում։
ՏՂԱ – Արգելում է, որովհետև ջահելները կարող են սերմը գողանալ, մեկ ուրիշ տեղ ցանել, հետո նրա կաթով սրսկվել։ Կակաչի կաթը հավաքում են բամբակի վրա, բամբակը եռացնում են և հյութը սրսկում երակի մեջ։
ԲԺԻՇԿ — (դադար)։ Դու արե՞լ ես։
ՏՂԱ – Չէ։
ԲԺԻՇԿ — Բա լավ, դու մի բան պիտի անեիր, չէ՞, դու հո չէիր կարող ոչինչ չանել։
ՏՂԱ — Դպրոց էի գնում, արձակուրդներին սարերում ոչխար էի արածեցնում, մերոնց հետ կարտոֆիլն էի ցանում։ Մարգագետնում խաղում էի, քամուց ծածանվող շրջազգեստների տակից աղջիկների սպիտակ շապիկների ծայրերն էի տեսնում՝ կարմիր նախշազարդ ծաղիկներով, ու շունչս կտրվում էր. պապիս դիակը բերեցին բանտարկության տեղից, թաղեցինք, հետո ավարտական երեկոյի վերջին զանգը եղավ, ամբողջ դասարանով, դիրեկտորն էլ մեզ հետ, երգեցինք. «Լենին, դու կյանք ես հարակեզ…», դպրոցն ավարտեցի, տանից փող գողացա ու փախա մայրաքաղաք՝ դեռ էլի հավատալով, որ նռնից եմ ծնվել։
ԲԺԻՇԿ — Նռնից, նռնից, ինչո՞ւ նռնից, կարո՞ղ ես ասել՝ ինչո՞ւ նռնից։
ՏՂԱ — Մեր գյուղում միրգ չի աճում։ Մայրս ինձ պատմել էր, որ մի շոգ օր դաշտում կարտոֆիլն էին քանդել, ու սիրտը թթու բան է ուզել։ Ասում էր. «Չգիտեմ՝ որտեղից էր ճարել պապդ, հենակներին հենվելով՝ եկավ, դիմացս մի ոտքի վրա ճոճվելով կանգնեց, տելագրեյկայի գրպանից մի մեծ կարմիր նուռ հանեց, տվեց ինձ։ Շրջվեց, հորդ ասաց. «Աշխատանքը ծանր է, թող հարսը տուն գնա»։ (Տղան քննախույզ բժշկի ու սեքսոպաթոլոգի աչքերին է նայում փոխնիփոխ, նրանց աչքերից ոչինչ չի գուշակում, նորից է շարունակում։) Մայրս ասում էր. «Եկա տուն, նուռը ջարդեցի, դուռը ներսից փակեցի ու կլեպն էլ հետը կերա»։ Հետո, մի քանի օր անց, ծնվել եմ ես… Համալսարանի քննություններին չմասնակցած՝ թափառում էի մայրաքաղաքի փողոցներում ու էլի հավատում էի, որ ես ծնվել եմ հենց այն նռնից, որ պապս տելագրեյկայի ծոցագրպանից էր հանել ու տվել մորս։
ՍԵՔՍՈՊԱԹՈԼՈԳ — Դու ասացիր, որ գյուղում, մարգագետնում խաղում էիր, քամուց ծածանվող շրջազգեստների տակից աղջիկների սպիտակ շապիկների ծայրերին էիր նայում՝ կարմիր նախշազարդ ծաղիկներով, ու շունչդ կտրվում էր։ Այ, այդ ժամանակ միայնակ մնալու ցանկություն ունենո՞ւմ էիր։
ՏՂԱ — Ժամերով պառկում էի ցորենի դաշտում։
ՍԵՔՍՈՊԱԹՈԼՈԳ — Այդ ժամանակ ի՞նչ էիր անում, ասենք՝ ինքնապղծությամբ չէի՞ր զբաղվում։
Տղան կարկամած է, շշմած նայում է սեքսոպաթոլոգի սև աչքերին ու չի կարողանում խոսել։ Սեքսոպաթոլոգը բժշկին լատիներեն մի քանի բառ է ասում։
ԲԺԻՇԿ — (տղային)։ Լավ, ընդունենք, որ այդպես է եղել քո ծնունդը՝ նռնից։ Եկ, կրկին անդրադառնանք մորդ, էլ ի՞նչ էր ցանում։
ՏՂԱ – Մանուշակ, նարգիզ, արևածաղիկ…
ԲԺԻՇԿ — Ռեհան, պետրուշկա չէ՞ր ցանում։
ՀԻՎԱՆԴ — (որին բրդի գործարանի տնօրեն են ասում։ Դռան արանքից գլուխը ներս է մտցնում, բժշկին)։ Բենիամին Աշոտովիչ, ես հաստատ գիտեմ՝ էդ տղայի ծնողները չեն գա նրա ետևից։
ԴՌՆԵՐԻ ՄՈՏ ԿԱՆԳՆԱԾ ԵՐԿՈՒ ԲՈԻԺԱԿՆԵՐ — (նրան ետ են մղում)։ Էլ չերևաս այս կողմերը։ (Դուռը փակում են։)
ԲԺԻՇԿ — Լավ, շարունակիր, աշխատիր կենտրոնանալ, մեր գործի համար շատ կարևոր են մանրամասները։
ՏՂԱ — Նույնիսկ սարի սմբուլ էր աճեցնում։ (Ոգևորված։) Տեսե՞լ եք՝ բարակ, երկար, փափկամազ, փիսիկ էլ են ասում, նույնիսկ ասում են՝ ով որ տանը պահի, դժբախտություն կպատահի…
ԲԺԻՇԿ — Կոտեմ է՞լ չի ցանում։
ՏՂԱ — Չէ։
ԲԺԻՇԿ — Բա լավ, գյուղից, տանից փախել էիր, որ համալսարան ընղունվեիր, ինչո՞ւ քննություններին չմասնակցեցիր։
ՏՂԱ — Իմ վարձած նկուղներից մեկում գյուղում չճարվող, արգելված Աստվածաշունչն էի ուսումնասիրում և հավատում, որ մեր գյուղի գրականության ուսուցիչը, որ նույնիսկ իր հոր հետ էլ քաղաքավարի էր խոսում, ճիշտ էր ասում մեր դասարանին, որ պոեզիան Աստվածաշնչից է սկսվում։ Երբ կարդալով եկա, եկա ու հասա Մատթեոս ավետարանիչի թղթերին, ու Քրիստոս խաչի վրա դիմանում էր փշե պսակին, նիզակի հարվածներին և մարդկային թուլությամբ աղերսում էր Եհովա հորը, որ լեղու բաժակը իրենից հեռու տանեն, չենթարկեն այդ փորձությանը, համալսարանի ճակատին ամրացված բարձրախոսները դղրդալով արդեն հայտարարում էին առաջին քննությունների մասնակիցների գնահատականները։ Իսկ ես այդ օրր հասկացել էի, որ Քրիստոս աշխարհի ամենամեծ բանաստեղծն է։
ԲԺԻՇԿ — Մենք կրկին շեղվեցինք, մենք մորդ մասին պիտի խոսեինք։ Լսիր, տղա, ենթադրենք՝ մայրդ ճաշ է եփում, սոխի համար քաղաքի շուկա խոմ չի՞ գնա կամ ձեր բոստանը թողած՝ հարևանից չի՞ ուզի, չեմ հասկանում, սոխն ի՞նչ է, որ ձեր բոստանում չեք ցանում։
ՏՂԱ – (դեռ ոգևորված։) Գույնզգույն մեխակներ է ցանում, քաղաքում դրանց նմանները տեսած չեք լինի, թերթերն այնքան բարակ են, այնպես թափանցիկ։
ԲԺԻՇԿ – Ինչո՞ւ վախեցար, ինչի՞ց էիր փախչում այդպես։
ՏՂԱ – Փողոցներից մեկում պատի տակ նստած, ալեխառն մորուքով ծերունուն հանդիպեցի, զարմացել էի՝ Քրիստոսին այնքան նման էր։ Նրա աչքերը կապույտ ու ջինջ էին, անընդհատ ինձ էին նայում։ Գնացինք իրենց տուն՝ շան քոթոթներին տեսնելու։ Հետո խաղատախտակը ծնկներիս դրած՝ նարդի էինք խաղում։ Նրա չոր ծնկները ծնկներիս էին կպնում, նա ծիծաղում էր, ես էլ էի ծիծաղում, հետո նրա ձեռքերը շոշափելով բարձրանում էին ծնկներիցս վեր ու ավելի վեր։ Ես հաստատ տեսա, որ երբ դուրս թռա, նա նստած մնաց։ Գիտեի, որ նա ինձ չի հետապնդում, բայց ես վազում էի, նա գալիս էր։ Ծառերը, շենքերը մնում էին, նա՝ չէ, բայց նրա նման մի բան ինձ կառչելով գալիս էր։ Մանրամասն պատմեցի։ Ես գնամ, այսօր հինգշաբթի է, մեր ավտոբուսը ամեն հինգշաբթի գյուղ է գնում։ Եթե հիմա գնամ, չեմ ուշանա, թողեք գնամ։
Բժիշկը կողքին նստած սեքսոպաթոլոզի հետ լատիներեն բառեր է փոխանակում։
ՍԵՔՍՈՊԱԹՈԼՈԳ — Դու գիտեի՞ր, թե նա ինչ էր ուզում քեզանից, թե՞ այդպես էլ գլխի չընկար։
Տղան, շշմած, բժշկուհու սև աչքերին է նայում։ Լռում է։
ՍԵՔՍՈՊԱԹՈԼՈԳ — (բժշկի հետ լատիներեն բառեր է փոխանակում։ Մոտենում է տղային, շոշափում ուսերը, կողերը)։ Այս ոսկորները հարկավոր է մսով լցնել։ (Վերցնում է շապիկը թևի տակից, իր ձեռքով հագցնում տղային։) Քո տարիքի ու բոյի համեմատ՝ այսպես չի կարելի, հարկավոր է ոսկորները լցնել մսով։ Դե ասա, դու գիտեի՞ր, թե՞ չգիտեիր՝ նա ինչ էր ուզում քեզանից։ Հասկացիր, քո պատասխանը շատ կարևոր է։ (Վերադառնում է իր տեղը։)
Տղան լռում է։
ԲԺԻՇԿ — Դու ասացիր, որ պապդ կալանավայրում մահացել էր, ինչո՞ւ էր կալանավայրում, ի՞նչ էր պատահել։
ՏՂԱ – Մեր ջրաղացի մոտերքը մարդ էր մահանում, մենք սպասեցինք, սպասեցինք, հետո նրա խուրջինով փողը վերցրինք։
ԲԺԻՇԿ — Ոչ մեկին օգնության չէի՞ք կանչում, կանգնել, սպասում էիք, որ նա մեռնի՞…
ՀԻՎԱՆԴ — (որին բրդի գործարանի տնօրեն էին ասում։ Դուռը բացում է, գլուխը ներս մտցնում)։ Բենիամին Աշոտովիչ, ես հաստատ գիտեմ՝ էդ տղայի ծնողները չեն գա նրան տանելու։
ԴՌԱՆ ՄՈՏ ԿԱՆԳՆԱԾ ՍԱՆԻՏԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ — (բռունցքով հարվածում է նրա գլխին ու դուռը փակում։ Փակ դռան ետևից լսվում է մարդկային մարմնի տապալվելու դմփոց և տնքոցներ։ Նույն սանիտարը նորից դուռը կիսաբացում է, արանքից)։ Բրդի գործարանի տնօրեն, մեկ էլ դուռը բացեցիր, կկապեմ մահճակալին, իմացա՞ր։
ԲԺԻՇԿ — (տղային)։ Հա…
ՏՂԱ — Այդ դատի օրերին շրջկենտրոնից եկած լրագրողն էլ թերթում հոդված էր գրել, որ՝ ինչ անենք, թե նա այլազգի էր, մենք առանց օգնություն կանչելու՝ կանգնել, նայել ենք… Հա, այդպես էր, մենք երկուսով կանգնել էինք։
ԲԺԻՇԿ — (սեքսոպաթոլոգին): Էդ մարդու խելքը չեմ հասկանում, էդ բիձեն ի՞նչ էր մտածում, որ կանգնել, սպասում էր, այդ մի մատ երեխեն հետո ո՞նց էր ապրելու՝ ամբողջ կյանքը ուրիշի մահը շալակին… (Տղային՝ աչքերի մեջ նայելով։) Թաղման ժամանակ արդեն մեծ էիր, տասներորդ դասարանում էիր, չէ՞, որ կալանավայրից բերված դիակը տեսար, մեջդ նրա նկատմամբ դժգոհություն, սարսափ, նեղվածություն չկա՞ր…
ՏՂԱ – Սարսափի հետ խառը ահավոր տխրություն էր, մարդուն դնում ես դագաղի մեջ, մի ոտքը չկա։ Մի ոտքը վաղուց՝ տիրոջից առաջ է մեռել ու թաղված է Բեռլինի հիվանդանոցների պատերի տակ, իսկ ոտքի տեղը՝ դագաղի մեջ, հենակներն են դնում… փայտ… այդպես նեղվում էի…
ՍԵՔՍՈՊԱԹՈԼՈԳ — Դու չասացիր, որ ցորենի դաշտում պառկում էիր, ինչո՞վ էիր զբաղվում, ինքնապղծության միտք չկա՞ր մեջդ, դու մի բանով զբաղվում էիր, չէ՞, խոմ չէիր կարող հենց այնպես ժամերով պառկել։
ՏՂԱ — (երկար լռում է, գլուխը կախ է, էլ չի նայում բժշկուհու աչքերին, ցածրաձայն)։ Ցորենի արտի մեջ խառը կուժկոտրուկներ էլ էին լինում, նայում էի…
ՍԵՔՍՈՊԱԹՈԼՈԳ — Փորի՞դ վրա էիր պառկում, թե՞ մեջքիդ։
ՏՂԱ – (կրկին երկար լռություն։ Գլուխը կախ է, էլ չի նայում բժշկուհու սև աչքերին)։ ԲԺԻՇԿ — Որ ճիշտ պատասխանես, հենց մեր մեքենայով էլ կուղարկենք գյուղ։
ՏՂԱ — Ես ավտոբուսով եմ ուզում գնալ։
ԲԺԻՇԿ — Ավտոբուսով, ուրեմն թող ավտոբուսով լինի, ավտոբուսով գնա։
ՏՂԱ — Հորաքույր Ասանեթին մի անգամ լողանալուց մերկ տեսել էի, նրա մասին էի մտածում։ Տեսնում էի, թե ինչպես է գորտը քարից նրա վրա թռչում։
ՍԵՔՍՈՊԱԹՈԼՈԳ – Պարզ է, հենց այդպես էլ գիտեի։ Ախր, նիհարությունը հուշում էր ինձ, ոսկորների այսպիսի մերկություն… (Բժշկին լատիներեն բառեր է ասում, հետո՝ հայերեն։) Հիշենք, օրինակ՝ նման պատկերային զգացողության ժամանակ, թե ինչ բանալի է առաջարկում Ֆրեյդը իր «Դասախոսություններ պսիխոանալիտիկ վերլուծությունների համար» գրքի 1923 թ. հրատարակած առաջին հատորի 165-րդ էջում։ Մերկությունը արդեն մեզ հայտնի է՝ որպես կնոջ էրոտիկության մասին որոշակի սիմվոլ։ Այս կերպարը կարող է դարձյալ մանրամասնվել, այն իմաստով, որ գորտի՝ քարից նրա վրա թռչելը ենթադրում է մարմնի անցքեր ունենալը։ Իսկ գորտը, նրա թռիչքը, քարը և նրա պնդությունը, այս բոլոր խորհրդանիշների բացման բանալին, անկասկած, ենթադրում է բարձիթողի տղամարդկային սիմվոլը։
ԲԺԻՇԿ — Քեզ բուժում է պետք։ Կպառկես, կբուժվես, ոսկորներդ մսով կլցնենք, այդ ընթացքում կհեռագրենք գյուղ, որ ծնողներդ գան։
ՏՂԱ — Ես ամեն ինչ պատմեցի, ուզում եմ գնալ տուն, ավտոբուսը ամեն հինգշաբթի գնում է, թողեք՝ ավտոբուսով գնամ գյուղ։
ԲԺԻՇԿ — (դռան երկու կողմը կանգնած սանիտարներին)։ Որ ծնողները եկան, ասեք, որ անպայման ինձ տեսնեն։ (Սանիտարները լուռ տանում են տղային։)
Հոգեբուժարան։ Տղային բուժում են։ Բժիշկը հետևում է նշանակումների արդյունքին։ Որպեսզի չխուսափի ցավոտ ներարկումներից, երկու սանիտարները հաճախ նրա ձեռքերը մահճակալին են կապում, այդ պահին տղան ուզում է, որ ծնողները գան։ Դիմացի թիվ 7 հիվանդասենյակի ճաղատ գլխով, միջին տարիքի հիվանդը, որին բրդի գործարանի տնօրեն էին ասում, գիշերները քիչ-քիչ, օր օրի տղայի ներքնակի ու բարձի բամբակն է գողանում («Տանեմ, Էլիզայի համար ներքնակ եմ սարքելու, բայց դու իմացիր, ես հաստատ գիտեմ՝ ձերոնք չեն գա քեզ տանելու։ Ես բրդի գործարանի տնօրեն եմ, ես ամեն ինչ գիտեմ»)։ Երկու ամիս անց տղայի հայրն ու մայրը գալիս են գյուղից։ Հիվանդանոցի միջանցքում տղայի հայրն ու մայրը երկու սանիտարներից իմանում են բժշկի տան հասցեն։ Հայրը բժշկի համար կճուճով բերած մեղրը տանում է նրանց տուն։ Մինչև նրա վերադարձը, տղան ու մայրը միջանցքի նստարանին նստած՝ զրուցում են։ Հայրը վերադառնում է, նրանք երեքով մտնում են բժշկի առանձնասենյակը։
ԲԺԻՇԿ — (ձեռքով ծանոթանում է տղայի հոր հետ)։ Անվանակիցներ ենք։ Մի ժամանակ մտածում էի, թե Բենիամինը աշխարհի ամենալավ անունն է։ (Ծիծաղում է։)
ՀԱՅՐԸ — (ժպտում է, վերնաշապիկի օձիքի կոճակն է արձակում)։ Ձեր առողջությունը ո՞նց է, բժիշկ ջան, երեխեքը լա՞վ են։
ԲԺԻՇԿ — Լավ են, շնորհակալություն։ (Տղայի մորը տարբեր հարցեր է տալիս։) Իզուր եք տղայի գլուխը լցրել նռան պատմություններով։
ՀԻՎԱՆԴ — (որին բրդի գործարանի տնօրեն են ասում։ Գլուխը ներս է մտցնում դռան արանքից)։ Բենիամին Աշոտովիչ, ես հաստատ համոզված եմ՝ էդ տղայի հայրն ու մայրը չեն գա գյուղից։
ՍԱՆԻՏԱՐՆԵՐ — Տնօրեն, քեզ մահճակալից կկապենք, իմացա՞ր։
ՄԱՅՐԸ — (շփոթված)։ Այդ օրը շոգ էր, կեսրարս ճոճվում էր մի ոտքի ու հենակի վրա, գրպանից նուռ հանեց…
ԲԺԻՇԿ – (զայրացկոտ ընդհատում է նրան)։ Այ կնիկ, այդ օրերին փորդ բերանիդ էր հասնում, խոսում ես մատղաշ աղջնակի նման։ Նուռ, նուռ… բա մա՞րդդ… (Բազմանշանակ նայում է տղայի հորը։)
ՀԱՅՐԸ — (քարերին առած գունաթափ կոշիկների քթերին է նայում, հետո կռանում է, քրտնած ձեռքի ափով կոշիկների քթերն է մաքրում, նորից ուղղվում)։ Օ՛ֆ, օ՛ֆ…
ՏՂԱ — (տագնապած է, ուզում է, որ գնան տուն)։ Գնանք, այսօր հինգշաբթի է, ավտոբուսը կգնա։ (Նրան չեն պատասխանում։)
ԲԺԻՇԿ — (հայացքը կանգնած է տղայի հոր գունաթափ կոշիկների քթերին։ Հետո գրպանից ծխախոտ է հանում, ծխում է)։
ՄԱՅՐԸ — …Ինչո՞ւ Ծովինարը… ես անգրագետ կին եմ, բայց ինչո՞ւ Մարիամը… Այդպիսիներն էլ կային…
Բժիշկը թղթի վրա բան է գրում։
ՏՂԱ – (ուզում է, որ գնան տուն)։ Գնանք, այսօր հինգշաբթի է, ավտոբուսից ուշանում ենք։ (Նրան չեն պատասխանում։)
ԲԺԻՇԿ — Տղան հիմա լրիվ բուժված է, իմ խորհուրդն է, նրան այլևս մայրաքաղաքում չթողնել, մեծ քաղաքներում հաճախ են ստրեսներ պատահում, կարող է նորից կրկնվել։ (Երկար լռություն է, հայացքը երկար՝ տղայի հոր գունաթափ կոշիկների քթերին է։)
ՏՂԱ – (ուզում է, որ գնան տան)։ Գնանք, ավտոբուսից ուշանում ենք։ (Նրան չեն պատասխանում։) Այսօր հինգշաբթի է։
ԲԺԻՇԿ — (գրած թուղթը տալով տղայի հորը)։ Այստեղ գրված է, կտաք ձեր գյուղի բուժքրոջը, թող նշանակումը նույնությամբ կատարի, ձեր կնոջն էլ է բուժում պետք, ես դեռ այն ժամանակ էլ կասկածեցի, երբ տղայի հետ էի զրուցում։
ՀԱՅՐԸ — (զարմացած, հանկարծ նայում է կնոջ դեմքին, ձեռքի ափով սրբում է ճակատի քրտինքը։ Հանկարծ ոտքերը, թելն արձակած խամաճիկի ոտքերի նման, ծուռումուռ թափվում են միաժամանակ ամեն կողմ։ Հավաքում, ուղղում է, կրկին ծռմռվում, անջատվում են, գալիս քիթ քթի՝ իրար են հպվում)։ Էս անտեր մեջքս ինչի՞ բռնվեց։ Մեջքս է բռնվել։
ԲԺԻՇԿ — Վտանգավոր բան չկա, այդ նշանակումները ապահովության համար են։
ՀԱՅՐԸ — (թուղթը վերցնելով)։ Օ՛ֆ, օ՛ֆ։ (Հապշտապ երեքով դուրս են գալիս։)
ՀԻՎԱՆԴ — (որին բրդի գործարանի տնօրեն են ասում, նրանց ետևից գնալով՝ տղային)։ Այդ էր պակաս, որ չիմանայի, ես գիտեմ՝ ձերոնք քեզ գյուղ չեն տանի, վաղուց ավտոբուսը գնացել է, այսօր էլ ուրբաթ է, հինգշաբթի չէ։
Գյուղի ճամփաբաժանը։ Վերին գյուղերը գնացող ավտոբուսը նրանց իջեցրել է, ոտքով են գնում գյուղ։
ՀԱՅՐԸ — (ամբողջ ճանապարհին ավտոբուսի մեջ չի խոսել։ Նրանցից մի քիչ առաջ է, ետ է դառնում, գալիս դեպի նրանց։ Միանգամից, վրա-վրա ասելով)։ Չեմ հասկանում, ինչ է, բանաստեղծ դառնալու համար անպայման տնից պիտի փախնեիր, ու մայրաքաղաքում քյաֆթառ ծերունիները, ծնկներդ ճանկռոտելով, պիտի շալվարդ արձակեին, ու դու էլ վախից խեըլռնոցների մահճակալների՞ն ընկնեիր։ (Նորից առաջ է անցնում՝ պատասխանի չսպասելով։)
Մայրը թևանցուկ է անում աղային:
ՍԵՐՄԱՆ — (հեռվից գոռում է)։ Բարև։
Հայրը, կուզը դուրս գցած, ավելի արագ է քայլում։
ՍԵՐՄԱՆ — (հիմա էլ վրացերեն է գոռում)։ Գամարջոբա։
ՄԱՅՐԸ — (պինդ սեղմում է տղայի թևանցուկ թևը)։ Հետ չնայես, չնայես Սերմանին։
ՀԱՅՐԸ — (վրացերեն։ Սերմանի կողմը ձեռքը թափ տալով)։ Նետայի շեն սաքմես… /Երանի քեզ։/ (Արագ քայլում է՝ կուչ ու ձիգ անելով։)
ՍԵՐՄԱՆ — (շրջանցում է թմբերը, որ անպայման տղայի հորը դեմ ընդառաջ դուրս գա ու կանգնում է ճանապարհի մեջտեղը)։ Բարև, Աղաբեկի տղա, էս որտեղի՞ց եք գալիս էսպես գերդաստանով։ Փոստի Տասոն ասում է՝ մանչուն խելռնոցն էին պառկեցրել, ի՞նչ է պատահել։ (Հացի տոպրակից մի կապոց սինձ է հանում, տալիս տղային:) Խոզանի անարատ սինձ է, հենց նոր եմ հավաքել, կեր։ (Նայում է տղայի աչքերի մեջ։) Երկուսին գումարսւծ երկու ի՞նչ կանի։ Իաա՜, տղա, սինձն էլ անլվա ուտե՞ն, այ քեզ բան…
Տղան բերանի մեջ զգում է անլվա սնձի հողի համը, ուզում է լաց լինել։ Նաև զարմացած է, ինքը միշտ սինձը անլվա է կերել։ Թքում է ոտքերի տակ։
ՍԵՐՄԱՆ — Տղա, մարդկանց ներկայությամբ էլ թքե՞ն, իաա՜, թող գնայիր հեռու, թքնիր… (Նորից քննախույզ աչքերի մեջ է նայում։)
ՀԱՅՐԸ — (Սերմանին): Հեչ, բան չկա, էդ հիվանդանոց-միվանդանոցի պատմությունը սխալմունք էր։ (Նրանք թմբին պառկում, ծխում են։ Նորից հայրը գալիս, խռոված, նրանցից տասը քայլ առաջ է անցնում)։
Տղան հոր հետ կապ է որոնում։ Մանր քարերին է հարվածում կոշիկի քթով։ Քարերը գլոր-գլոր հասնում են հոր կրունկներին, նորից է հարվածում, հետո նորից, հայրը ետ չի նայում։
Մայրոն ու Համբոն գալիս են գյուղից։ Նույն գյուղի բնակիչներ են։ Հայդուկի փամփշտակալի նման վանդակավոր շալը խաչուփաչ կապած, Մայրոն՝ առաջ ընկած, պարանով պոզերը կապած կարմիր կովին է քշում։
ՀԱՄԲՈ — Բարև, Աղաբեկի տղա։ Ֆերշել Գուրգենն ասում է, էս անտերը պրովոդ է կուլ տվել կամ էլ մինինգիտ է, տանում ենք մթերման։ Փոստի Տասոյից լսեցի, ասում են՝ հեռագիրը ինքն էր ստացել, մանչը խելռնոցն էր պառկած, ի՞նչ է պատահել… (Քննախույզ տղայի աչքերի մեջ նայելով։) Իաա՜, մանչ, կոշիկիդ թելը արձակ է, էս ինչի՞ է կոշիկիդ թելը արձակ… (Տղայի հորը.) Ի՞նչ է, բա՞ն էր պատահել…
ՀԱՅՐԸ — Ստրես ուներ… Համբո, կարող է իմանաս, ի՞նչ բան է ստրեսը, բժիշկը ասում է՝ մեծ քաղաքներում է պատահում։
ՀԱՄԲՈ — (ուսերը թոթվելով)։ Ի՞նչ իմանամ, էնենց դժվար բան ես հարցնում։
ՄԱՅՐԸ — (տղային)։ Չվախենաս։ (Բայց ինքը, ինչ-որ անորոշ բանից վախեցած՝ դողում է, տղայի հետ թևանցուկ են։)
ՏՂԱ – (մորը)։ Բերանումս հողի համ եմ զգում։
ՄԱՅՐԸ — Էդքան միամիտ պետք չէ լինել, սնձից է, նոր սինձ չկերա՞ր։
Հայրը կրկին առաջ է անցել։ Տղան կոշիկի քթով հարվածում է մանր քարերին, քարերը գլոր-գլոր կպնում են նրա կրունկներին։ Մայրը գոհ է այդ կապող միջոցից, ժպտում է, ժպտում։
ՀԱՅՐԸ — (հանկարծ կանգնում է, մինչև նրանք հասնում են իրեն)։ Այսքան տարի խելառների հետ եմ ապրել… (Կմկմալով։) Խելառի եմ սիրել… (Խոսքը կիսատ թողնելով՝ դարձյալ առաջ է անցնում։)
ՏՂԱ — (էլ չի ցանկանում գնալ, շրջվել՝ նայում է իրենցից հեռացող Մայրոյի ու Համբոյի կովին։ Տղան այլևս չի ուզում գնալ, նայում է հոր բարակ ու երկար վզին ու այլևս չի ցանկանում գնալ։ Մորը)։ Ինչո՞ւ ավելի շուտ չեկաք հիվանդանոց՝ ինձ տանելու։ Երկու ամիս ինձ մոռացել էիք այնտեղ։
ՄԱՅՐԸ — Գնանք, գիտե՞ս, ինչ սիրուն ձագեր են հանել էն քո սպիտակ դոխերը։
ՏՂԱ — Հեռագիրը, բժշկի հեռագիրը, էն ե՞րբ էիք ստացել: (Կանգնում է, չի ուզում գնալ:)
ՄԱՅՐԸ – Գիտե՞ս, որ էն չորս համարի քո գերանդին հայրդ կոթել է, որ իր հետ քեզ էլ խոտքաղի տանի:
Տղան նստում է ճանապարհամերձ թմբին ու չի ուզում գնալ, քարով կրունկը հարող կոշիկի մեխն է ծեծում:
ՄԱՅՐԸ — (տղայի գլխավերևն է կանգնած)։ Իզուր ես հորդ կասկածում, հայրն էլ որդու առաջ մեղք ունենա՞, տես, ոնց է վիզը երկարել, այս երկու ամսվա մեջ շատ է նիհարել, քանի դու հիվանդանոցում էիր, նիհարել է, մեղք է, գնանք։ Կատակելով, խաղալով, մանր քարերին կխփես, քարերը գլոր-գլոր կվազեն հորդ կրունկներին կկպնեն, ետ կնայի, կժպտա, ու չես էլ հասկանա, թե ոնց գյուղ հասանք, կասկածել պետք չէ, մարդ էլ իր սեփական հորը կասկածի՞, խելքդ մի բան կտրո՞ւմ է, ի՞նչ է, հայրդ քեզ կթողնե՞ր հիվանդանոցում, անխելք…
ՏՂԱ — (կոշիկն է հագնում, բարձրանում է։ Նորից է խփում, մանր քարերը կրկին հասնում, թույլ կպնում են հոր կրունկներին, նա ետ չի նայում։ Մորը)։ Հիշո՞ւմ ես, երբ կալանավայրում բանտարկության ժամանակ պապս՝ նրա հայրը, մահացավ, գյուղի տղամարդիկ յայլա՝ խոտհնձի էին, ես ու ինքը գնացինք Ախալքալաք՝ դագաղը բերելու։ Վերին գյուղերը գնացող մեքենան իջեցրեց մեզ, այս նույն ճանապարհով ոտքով էինք գյուղ գալիս։ Դագաղը պարանով ուսած՝ հայրս աոջևից էր գնում, վիզը բարակ ու երկար էր, ինչ-որ բանից վախեցած էր ու այս աշխարհում միայնակ։ Այն ժամանակ էլ մանր քարերին էի խփում, քարերը հասնում, կպնում էին կրունկներին, նա այդպես քայլում էր՝ դագաղը ուսից կախ, ես այդպես խաղում էի, երբ արդեն հեռվում գյուղը երևաց, նա զայրացած շուռ եկավ, ասաց. «Գլուխս տարար, վերջ տուր, կոշիկներիդ քթերը կպոկես»։ Նա ժպտալով ասաց։ Հետո ճանապարհամերձ թմբին նստած՝ քաղաքի՝ բամբակի նման թեթև, սպիտակ հաց ու սխտորի բուրմունքով երշիկ էինք ուտում։ Մեջքիս պառկած, գլուխս նրա ծնկներին՝ հանգստանում էի, նա մազերիս հետ էր խաղում… Ես նրան ասացի. «Մի վախենա աշխարհից»։
Հայրն արդեն գյուղին է մոտենում, նա ետ չի նայում, ոչ էլ տղային ու մորն է սպասում, քանի գնում՝ տարածությունը մեծանում է նրանց միջև։ Տղայի գլորած քարերն այլևս չեն հասնում նրան։ Տղան կռանում է ու արևից շիկացած մի գլաքար է վերցնում, մատները դաղող, ափի մեջ չտեղավորվող, ողորկ մի գլաքար ու աչքերի մեջ՝ հոր ծոծրակը… անընդհատ տեսնում է հոր ծոծրակը…
ՄԱՅՐԸ — (կախվելու պես թևանցուկ է անում տղային, որ գլաքարը բռնած թևը թափ չառնի, կախվում է)։ Մի նայիր հորդ վզին, խոտերի մեջ աքիս տեսած աքլորի նման ոնց է երկարել։ (Բարձր, թախանձագին ծիծաղում է, ամուսինը կրկին ետ չի նայում։)
ՏՂԱ – Նա իր հոր դատին ե՞րբ եկավ որ, չեկավ հոր դատին։
ՄԱՅՐԸ — Դու ինչո՞ւ չես ծիծաղում, մարդու ուշք կանցնի, դու էլ ծիծաղիր։ Տեղյա՞կ ես, որ հորդ գյուղում խորոզ են ասում։ Ինչ էլ ճիշտ անուն են գտել գետինը մտածները, ինչքան էլ նման է, Աստված իմ… ծիծաղիր, որ թեթևանաս… Իզուր ես կասկածում, որ ծնողներն են հրաժարվել…
ՏՂԱ – Հորաքույրը, նրա Ասանեթ քույրը, հիվանդանոց ինձ նամակ էր ուղարկել, որ ես եմ պատճառը, ու տունը կռիվ է ընկել։ Այս երկու ամիսը դու նրան զօր ու գիշեր հանգիստ չես տվել, ինչ է, թե զոռով հիվանդանոց քարշ տաս, ես իրենց համար օտար եմ։ Դու ինձ բերել ես հետդ, երբ նրանց տուն հարս ես եկել՝ մուրը ճակատիդ, բարուրով փաթաթած քո հետ բերել ես… Այդ օրը շոգ չի եղել, պապը հենակների վրա ճոճվելով՝ քո գլխավերևը չի կանգնել ու տելագրեյկայի գրպանից… Բժիշկն էլ ասաց, նուռն էլ չի՝ ով է իմ հայրը։
Մայրը մի ձեռքով բռնելու պես թևանցուկ է արել տղային, որ գլաքարը սեղմած թևը թափ չառնի, մյուս ձեռքով քիթ ու աչքերից թափվող արտասուքն է մաքրում։ Տղան մոր հևասպառ լացը, սրթսրթոցը տեսնելով… ձեռքը թուլանում է, գլաքարը գցում է։ Հայրը կնոջ սարսափած լացի ձայնից չի շրջվում, նրանց թողած՝ գնում է, քանի հեռանում, ավելի արագ է գնում, հետո այլևս չի երևում։ Լքում Է։ Մայր ու տղա կանգնած են, հանկարծ կանգնում են։ Կանգնել՝ գյուղին են նայում։ Նրանց չորս կողմը՝ տարածության մեջ, ժամանակն անցնում է։ Նախիրն արդեն սարից իջնում է։ Նրանք՝ մայր ու տղա, ճանապարհամերձ թմբին նստել, մնացել են, գնալու տեղ չունեն։