ՈԴԻՍԵՎՍ / Ռազմիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Պատմություն երկու գործողությամբ
Գործող անձինք
ԱՐԱՄ — մսավաճառ
ՄԱՐԻԱՄ — Արամի կինը
ՍԵՐՈԲ — Արամի ընկերը
ՎԱՀԵ — անձեռոցիկ վաճառող որբ երեխա
ԹՈՄԱՍ — Արամի հարևանը
ԱՆՆԱ — Թոմասի կինը
ՍՈՒՐԵՆ — ծերունի
Հարևանուհիներ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ
Արամի բնակարանը։ Հին վերանորոգում։ Հյուրասենյակում սեղան՝ աթոռներով։ Պատի տակ՝ հին թախթ, կողքին՝ փոքրիկ սեղան, որի վրայի ծաղկամանի մեջ չորացած ծաղիկներ են։ Մարիամը, սեղանի մոտ նստած, գիրք է կարդում։ Ներս է մտնում Արամը: Մարիամը փակում է գիրքը, հանում է ակնոցը։
ՄԱՐԻԱՄ — (վեր է կենում): Ինչպե՞ս ես։
ԱՐԱՄ — Որ հետաքրքիր լիներ, մի անգամ կզանգեիր։
ՄԱՐԻԱՄ — Զանգել եմ, չպատասխանեցիր։
ԱՐԱՄ — Պետք է երկու անգամ զանգեիր, այդ պահին զբաղված էի։
ՄԱՐԻԱՄ — Երեք անգամ եմ զանգել։
ԱՐԱՄ — Սիրող կինը տասն անգամից պակաս չի զանգում։
ՄԱՐԻԱՄ — Իսկ սիրող տղամարդը գոնե մեկ անգամ վերցնում է հեռախոսը։
ԱՐԱՄ — (նստում է սեղանի մոտ): Սոված եմ։
ՄԱՐԻԱՄ — Գիտեմ։ Միս բերեիր հետդ։
ԱՐԱՄ — Չմնաց, բոլորը վաճառեցի։
ՄԱՐԻԱՄ — Նախապես վերցնեիր։
ԱՐԱՄ — Դա անթույլատրելի է առևտրի մեջ, եթե վաճառվում է, պետք է ծախես մինչև վերջին գրամը։
ՄԱՐԻԱՄ — Բայց․․․
ԱՐԱՄ — Ասեցի՝ սոված եմ։
Մարիամը գնում է, վերադառնում է սկուտեղը ձեռքին, սեղանին դնում է հաց, պանիր, կարտոֆիլ և կանաչի։
ԱՐԱՄ — Էլ ուրիշ բան չկա՞։
ՄԱՐԻԱՄ — Ոչ, ի՞նչ էիր ուզում, որ լիներ։
ԱՐԱՄ — Միս։
ՄԱՐԻԱՄ — (մոտենում է պատուհանին): Չկա, եթե վաճառվում է, պետք է բոլորը ծախես։
ԱՐԱՄ — (ուտելով): Ինչի՞ համար ես միշտ պատուհանի մոտ կանգնում։
ՄԱՐԻԱՄ — Նայում եմ փողոցին, մարդկանց։
ԱՐԱՄ — Մարդկա՞նց, թե՞ կոնկրետ մարդու։
ՄԱՐԻԱՄ — Ի՞նչ նկատի ունես։
ԱՐԱՄ — Էլ չմոտենաս պատուհանին։
ՄԱՐԻԱՄ — Անգամ տան մեջ ես արգելո՞ւմ՝ ուր գնամ, ուր՝ ոչ։
ԱՐԱՄ — Այո։
ՄԱՐԻԱՄ — Պետք է մոտենամ։ Ես արև եմ սիրում։ Ուզում եմ դուրս գալ, հասկանո՞ւմ ես։
ԱՐԱՄ — Ուզում ես դուրս գալ, գնա աշխատիր։
ՄԱՐԻԱՄ — Ի՞նչ։ Ասեցիր՝ աշխատե՞մ։ Լավ, վաղվանից աշխատանք կփնտրեմ։
ԱՐԱՄ — Ոչ մի դեպքում։ Քո ուզածն էլ հենց էդ է, որ դուրս գաս, իբր աշխատում ես։
ՄԱՐԻԱՄ — Կարող եմ քեզ հետ աշխատել, քո խանութում։
ԱՐԱՄ — Դա տղամարդու գործ է, դու չես կարող։
ՄԱՐԻԱՄ — Տղամարդն այլ գործեր ու պարտականություններ էլ ունի, միս վաճառելուց բացի։
ԱՐԱՄ — Օրինակ…
ՄԱՐԻԱՄ — Օրինակ՝ ամուսնական պարտականությունները, կնոջը հասկանալը, սիրելը։
ԱՐԱՄ — Դա հեռավար հնարավոր չէ։
ՄԱՐԻԱՄ — Այսինքն…
ԱՐԱՄ — Դե, մենք վաղուց տարբեր սենյակներում ենք քնում։
ՄԱՐԻԱՄ — Դու ես այդպես ուզել, այսօրվանից կարող ենք նույն սենյակում քնել։
ԱՐԱՄ — Ոչ, չենք կարող։ Քանի դեռ հայացքդ չես կտրել այդ անիծյալ պատուհանից ու չես ասել այդ գաղտնիքը։
ՄԱՐԻԱՄ — Ի՞նչ գաղտնիք։
ԱՐԱՄ — Պատուհանի դիմաց երկար կանգնելուդ և ամեն շաբաթ գրադարան գնալուդ։
ՄԱՐԻԱՄ — Պատուհանի դիմաց կանգնելը արդեն ասեցի, իսկ գրադարան գնում են գիրք վերցնելու համար, ու եթե մարդը հիվանդ չէ, դրանում արտառոց ոչինչ չի տեսնում։
Դռան զանգ։ Մարիամը բացում է դուռը։ Ներս են մտնում Թոմասը և Աննան: Թոմասը նիհար, բարձրահասակ տղամարդ է, ցիլիդրով, կոստյումով, փողկապով, Աննան՝ գեր, կարճլիկ կին է, խոսում է արագ ու խոսելիս թուքը երբեմն թռչում է խոսակցի դեմքին։
ԹՈՄԱՍ — Բարի երեկո։
ՄԱՐԻԱՄ — Բարի երեկո։
ԱՆՆԱ — (առանց բարևելու): Օ՜, ինչ լավ, որ որ տանն ես։ (Արագ մոտենում, նստում է սեղանին՝ Արամի դիմացը, հացի մեջ պանիր է դնում և խոսում է ուտելով:) Գժվում եմ այս պանիրի համար, ասում են՝ հոլանդական է։
ԱՐԱՄ — Ոչ, հայկական է։
ԱՆՆԱ — Ուրեմն համով չէ, այդպես էլ զգացի, ես էլ ասում եմ՝ ինչը դուրս չեկավ։
ԱՐԱՄ — Որտե՞ղ ես հոլանդական պանիր կերել։
ԱՆՆԱ — Ռեստորանում, Թոմասի քրոջ հարսանիքին։
ԹՈՄԱՍ — Բայց մենք դրա համար չենք եկել։
ԱՆՆԱ — Այո, սիրելիս, ճիշտ ես, մենք այլ հարցով ենք եկել։
ԱՐԱՄ — Ի՞նչ հարց։
ԹՈՄԱՍ — Ես պատրաստվում եմ ձեզ դատի տալ, այլևս անհնար է լռել և հանդուրժել այդ անարդարությունը, ոչ միայն հասարակության, այլ նաև պետության, ոչ միայն, պետության, այլ նաև պետականության հանդեպ։
ԱՐԱՄ — Հայերեն խոսիր, ասա՝ ինչի մասին է խոսքը։
ԹՈՄԱՍ — Անցած ամիս կինս ձեզանից իբր տավարի միս էր գնել, հիշո՞ւմ եք։
ԱՐԱՄ — Հիշում եմ, բայց ինչի՞ իբր, տավարի միս էր գնել։
ԹՈՄԱՍ — Տավարի մսի փոխարեն դուք նրան վաճառել եք ձիու միս, դրանից հետո կինս ագրեսիվ է դարձել, մեր հարաբերությունները փլուզման եզրին են։
ԱՐԱՄ — Ամուսնացած կինը այլ բանի պատճառով է ագրեսիվ դառնում կարծում եմ։
ԱՆՆԱ — (Թոմասին): Նա ճիշտ է ասում, սիրելիս։
ԹՈՄԱՍ — Այլ բան ասելով ինչ նկատի ունե՞ք։
ԱՐԱՄ — Ամուսնական պարտականություններ, օրինակ որ․․․
ԹՈՄԱՍ — Խնդրում եմ, դուրս եկեք մեր անկողնուց, հասկանում եմ, որ փորձում եք խոսքը փոխել, բայց չի ստացվի։
ԱՐԱՄ — Ես իմ տանն եմ, ձեր անկողինն այստեղ չէ։
ԹՈՄԱՍ — Դա ձիու մսից է, դուք խաբել եք իմ կնոջը, և վստահ եմ՝ նրա նման հարյուրավոր միամիտ հաճախորդների։
ՄԱՐԻԱՄ — (Թոմասին): Դու կարծեմ բուսակեր ես, ինչպե՞ս իմացար, որ դա ձիու միս է։
ԱՐԱՄ — (Թոմասին): Բուսակե՞ր ես։
ԹՈՄԱՍ — Այո։
ԱՐԱՄ —– Կարող ես ուտել այն ծաղիկները: (Ցույց է տալիս սեղանին դրված չորացած ծաղիկները:)
ԹՈՄԱՍ — Դուք ծաղրո՞ւմ եք ինձ, դատարանում կհանդիպենք։
ՄԱՐԻԱՄ — Իմ հարցին չպատասխանեցիր։
ԹՈՄԱՍ — Ի՞նչ հարց։
ՄԱՐԻԱՄ — Ինչպե՞ս իմացար, որ դա ձիու միս է։
ԹՈՄԱՍ — Հորեղբորս տղան հիմա Ամերիկայում է ապրում, այնտեղ նա մսի խանութ ունի, այդ մասին պատմեցի նրան, սկայպով ցույց տվեցի միսը։
ԱՐԱՄ — Հետո՞…
ԹՈՄԱՍ — Նա ասեց, որ մսի կտորները գցեմ ջրի մեջ, ու եթե ձիու միս է, կտորները կբարձրանան վերև, ես այդպես էլ արեցի, և պատկերացնո՞ւմ եք, մսի գրեթե բոլոր կտորները բարձրացան վերև։ Ես խնդրեցի Աննային, որ չուտի այդ միսը, իսկ նա կերավ ու ոչ մի կտոր չթողեց, որ դատարանում ապացույց ունենամ, բայց ես խոսել եմ իրավաբանի հետ, և այո´, ձեզ դատի եմ տալու։
ԱՐԱՄ — Եթե դու հենց հիմա չհեռանաս, կարող ես ինձ դատի տալ նաև քեզ ծեծելու համար։
ՄԱՐԻԱՄ — (գոռում է): Դո՛ւրս իմ տանից։
ԱՆՆԱ — (ոտքի է կանգնում, ձեռքին հաց է, խոսում է ուտելով): Ինչի՞ եք գոռում, սպասեք մեկ րոպե։
ԹՈՄԱՍ — Գնանք, սիրելիս, այլևս խոսելու ոչինչ չկա, մնացածը՝ դատարանում։
ԱՆՆԱ — Մեկ րոպե։
ԹՈՄԱՍ — Ոչ մի րոպե, գնանք։
ԱՆՆԱ — (Արամին): Վաղը կգամ միս առնելու։
ԱՐԱՄ — Ի՞նչ միս։
ԱՆՆԱ — Այն մսից, որ անցած անգամ տվեցիր։
ԱՐԱՄ — Որի համար ամուսինդ ինձ ուզում է դատի՞ տալ։
ԱՆՆԱ — Ինչի՞ համար։
ՄԱՐԻԱՄ — Դու էստեղ չէի՞ր, չլսեցի՞ր։
ԹՈՄԱՍ — (Մարիամին): Նա խնդիրներ ունի, լավ չի լսում։ Խնդրում եմ հարգանքով խոսեք կնոջս հետ։
ԱՐԱՄ — (գոռում է Աննայի ականջի տակ): Ամուսինդ ուզում է այդ մսի պատճառով ինձ դատի տալ, ասում է՝ քեզ ձիու միս եմ վաճառել ու դրանից դու ագրեսիվ ես դարձել։
ԱՆՆԱ — Ի՞նչ… Մինչև հիմա այդ մսի համը բերանումս է։ Ես վաղը կգամ ձեզ մոտ այդ մսից գնելու։
ԹՈՄԱՍ — (Աննային): Դու անարգո՞ւմ ես ինձ։ Այդ օրվանից դու ագրեսիվ ես դարձել։
ԱՆՆԱ — Ոչ, ստում ես, հիշո՞ւմ ես, գիշերը քեզ ինչ ասեցի, որ պառկում ենք, պետք է․․․
ԹՈՄԱՍ — (ձեռքով փակում է Աննայի բերանը, նրանք գնում են դեպի դուռը): Այս ամենի համար դուք պատասխան եք տալու։ Այդ օրվանից հետո կարծես նա բոլորովին ուրիշ մարդ դարձավ, ախր ես ասում էի, որ մի կեր այդ միսը, ձիու միսը վտանգավոր է կնոջ համար, հատկապես ամուսնացած կնոջ, մանավանդ՝ գեր կնոջ․․․
Թոմասն ու Աննան գնում են։ Մարիամը նրանց ետևից փակում է դուռը։ Արամը սեղանի մոտից գնում է դեպի դուռը։
ՄԱՐԻԱՄ — Ո՞ւր։
ԱՐԱՄ — Քնելու։
ՄԱՐԻԱՄ — Ոչ մի քնել։ Ետ արի։
ԱՐԱՄ — Ինչի՞։
ՄԱՐԻԱՄ — Դա ճի՞շտ է, որ ձիու միսը ջրի մեջ բարձրանում է։
ԱՐԱՄ — Կա նման բան, բայց ոչ բոլոր դեպքերում։
ՄԱՐԻԱՄ — Փաստորեն մենք նույնպես ձիու միս ենք կերել, հա՞։
ԱՐԱՄ — Ոչ։ Հետո գիտես, որոշ երկրներում ձիու միսը համարվում է դելիկատես ու ավելի թանկ արժե։
ՄԱՐԻԱՄ — Որոշ երկրները թող ու հարցիս կոնկրետ պատասխանիր։
ԱՐԱՄ — Ի՞նչ հարց։
ՄԱՐԻԱՄ — Ճի՞շտ է, որ մենք նույնպես ձիու միս ենք կերել։
ԱՐԱՄ — Ոչ։ Ինչի՞ ես ուզում անպայման իմանալ, արդեն կերել ենք։
ՄԱՐԻԱՄ — Դա ճի՞շտ է։
ԱՐԱՄ — Ոչ։ Չնայած հնարավոր է։
ՄԱՐԻԱՄ — Ի՞նչն է հնարավոր։
ԱՐԱՄ — Որ ինձ նույնպես մոլորեցնեն ու տավարի մսի տեղ տան ձիու միս, իսկ ես այդ միսը բերեմ տուն, դու եփես, մենք ուտենք, ամեն ինչ լավ լինի, երկուս էլ գոհ մնանք, հետո հայտնվի ինչ-որ հոգեկան հիվանդ և ամեն բան փչացնի։
ՄԱՐԻԱՄ — Քեզ մինչև հիմա չեմ ճանաչել։
ԱՐԱՄ — Մինչ դու ինձ կճանաչես, ես գնամ քնեմ։
Դռան զանգ։ Արամն ու Մարիամը նայում են իրար։ Արամը մոտենում, բացում է դուռը։
ՎԱՀԵ — Բարի երեկո, անձեռոցիկ կուզե՞ք։
ԱՐԱՄ — Ժամը նայե՞լ ես, էս ժամին ի՞նչ անձեռոցիկ։ Ոչ։
ՎԱՀԵ — Դեռ տասը չկա, ես մինչև տասը աշխատում եմ։
ՄԱՐԻԱՄ — Քա՞նի տարեկան ես։
ՎԱՀԵ — 12։
ՄԱՐԻԱՄ — Առաջ արի։
Վահեն առաջ է գալիս, Արամը փակում է դուռը։
ՄԱՐԻԱՄ — Ի՞նչ արժե անձեռոցիկը։
ՎԱՀԵ — Փոքրը, մեկ տուփը՝ 100 դրամ, մեծը՝ 400։
Մարիամը սեղանի վրայից վերցնում է դրամապանակը, բացում, հանում է գումար ու տալիս է Վահեին։
ՎԱՀԵ — (վերցնում է գումարը): Որի՞ց եք ուզում։
ՄԱՐԻԱՄ — Անձեռոցիկը պետք չէ։
ՎԱՀԵ — (գումարը դնում է սեղանին): Եթե ձեզ անձեռոցիկ պետք չէ, ինձ էլ ձեր տված գումարը պետք չէ։
ՄԱՐԻԱՄ — Ինչի՞։
ՎԱՀԵ — Ես աշխատում եմ, մուրացկան չեմ։
ՄԱՐԻԱՄ — Ես ուզում էի քեզ օգնել։
ՎԱՀԵ — (շրջվում, գնում է դռան կողմը): Դրա կարիքը չունեմ, շնորհակալություն։
ՄԱՐԻԱՄ — Ո՞ւմ հետ ես ապրում։
ՎԱՀԵ — Մենակ։
ԱՐԱՄ — (բացում է դուռը): Դպրոց գնո՞ւմ ես։
ՎԱՀԵ — Այո, և ավելին ասեմ՝ գերազանց էլ սովորում եմ։ (Արամին.) Ասեմ, որ լավ չեք սափրվել, ձեր դնչի տակ մազ եք թողել, կուզե՞ք ձեզ էլէկտրական սափրիչ նվիրեմ։
ԱՐԱՄ — Ինչի՞ համար։
ՎԱՀԵ — Որ սափրվելիս մազ չթողնեք։
ԱՐԱՄ — Ոչ, շնորհակալ եմ։
ՎԱՀԵ — Բարի գիշեր։
ԱՐԱՄ — Բարի գիշեր։
ՄԱՐԻԱՄ — Բարի գիշեր։
Վահեն դուրս է գնում, Արամը փակում է դուռը, Մարիամը սեղանի վրայից վերցնում է գումարը, դնում է դրամապանակի մեջ, փակում է դրամապանակը և դնում է սեղանին։ Արամը դանդաղ դուրս է գալիս հյուրասենյակից, բեմը դանդաղ մթնում է։
Տեսարան երկրորդ
Բեմը հիշեցնում է փողոց. կողք-կողքի երեք մսի խանութներ, որոնց պատուհաններից կախված են մսի կտորներ։ Արամը և Սերոբը խանութի դիմացը նստած նարդի են խաղում։ Երկուսն էլ սպիտակ խալաթներով են, որոնց վրա արյան հետքեր կան։
ՍԵՐՈԲ — Էդպես էլ խաղալ չսովորեցիր։
ԱՐԱՄ — Չեմ կարողանում կենտրոնանալ։
ՍԵՐՈԲ — Վերջին անգամ ինձ երբ ես հաղթել, կհիշե՞ս։
ԱՐԱՄ — Չգիտեմ, ոչինչ չեմ հիշում։
ՍԵՐՈԲ — Ի՞նչ է եղել, ի՞նչ արեցիր։
ԱՐԱՄ — Ոչինչ։
ՍԵՐՈԲ — Պարզեցի՞ր ինչ-որ բան։
ԱՐԱՄ — Ոչ։ Ոչինչ չի ասում։
ՍԵՐՈԲ — Ստիպիր, թող ասի։
ԱՐԱՄ — Գիտես, ես հաջողությամբ թաղել եմ երեք կին, ու բոլորը գոհ են եղել, հատկապես նրանց հոգու հացը ուտողները։ Երեքի հոգու հացն էլ ռեստորանում եմ տվել, ուտելիքը լիքը, խմիչքը լիքը, ու բոլոր ներկաները հասկացել են, թե որքան եմ սիրել նրանց։ Բայց այս մեկը ինձ կկործանի․․․
ՍԵՐՈԲ — Այդ հարցում բախտդ բերել է։
ԱՐԱՄ — Ի՞նչ հարց։
ՍԵՐՈԲ — Դե էն, որ արդեն չորորդ անգամ ես ամուսնացել, բայց անառակ տղամարդու համբավ չունես, բախտդ բերել է՝ երեք կանայք էլ մահացել են, ու առոք փառոք թաղել ես բոլորին։ Դեռ մի բան էլ քեզ են կարեկցում մարդիկ, ասում են՝ խեղճը բախտ չունի․․․
ԱՐԱՄ — Անհասկանալի բան կա իմ կյանքում։
ՍԵՐՈԲ — Օրինակ։
ԱՐԱՄ — Ես առողջ եմ, հազար անգամ բժշկի եմ գնացել, բայց երեխա չեմ կարողանում ունենալ։
ՍԵՐՈԲ — Կարող է քեզանից չի։
ԱՐԱՄ — Ինձանից է, իմ բոլոր կանայք նույնպես առողջ են եղել։ Ոչ ոք սա չի հասկանում ու չի կարողանում բացատրել։ Դրա համար ինձ պետք չէ նախանձել․․․
ՍԵՐՈԲ — Ես էս երկու տարի է, ուզում եմ բաժանվել, չեմ կարողանում, ոչ կարողանում եմ հետը ապրել, ոչ էլ բաժանվել։
ԱՐԱՄ — Ինչի՞ չես կարողանում բաժանվել, եթե ուզում ես։
ՍԵՐՈԲ — Մտածում եմ՝ ինչ կասեն մարդիկ, երեխաներ ունեմ, թոռներ։
ԱՐԱՄ — Ինչ ուզում են թող ասեն։
ՍԵՐՈԲ — Դա էլ կա, բայց եթե բաժանվեմ, պետք է ունեցվածքս կիսեմ հետը, դրան չեմ կարողանում հարմարվել։
ԱՐԱՄ — Հասկանալի է, բարդ բան է մարդու համար։ Իսկ ի՞նչ են խոսում կնոջս մասին։
ՍԵՐՈԲ — Դե, ասում են՝ սրա-նրա հետ քարշ է գալիս, ամբողջ օրը պատուհանի դիմաց կանգնած տղամարդկանց է նայում, կամ քո բացակայության ժամանակ հաճախ է տանից դուրս գալիս ու ինչ-որ տեղ է գնում մենակ։
ԱՐԱՄ — Մի քանի անգամ հետևել եմ, գրադարան է գնում։
ՍԵՐՈԲ — Մեր ժամանակներում վտանգավոր է գրադարան գնացող կինը, ի՞նչ գիտես՝ ներսում ինչ է անում, ո՞ւմ հետ․․․
ԱՐԱՄ — Որոշել եմ հեռանալ։
ՍԵՐՈԲ — Ինչպե՞ս։
ԱՐԱՄ — Իմ մյուս բնակարանի մասին ոչինչ չգիտի։
ՍԵՐՈԲ — Էն, որ վարձո՞վ էր տված։
ԱՐԱՄ — Հա, երեկ վարձակալը հանձնել է բնակարանը, այսօր էլ խանութն եմ տալու վարձով ու գնամ։
ՍԵՐՈԲ — Նա գիտի՞։
ԱՐԱՄ — Ոչ։ Չեմ կարող ապրել մեկի հետ, ով պոռնիկի համբավ ունի։
ՍԵՐՈԲ — Չգիտեմ ինչ ասեմ, դու իմ ընկերն ես, ցավում եմ, բայց ախր քսան տարեկանի նման է հագնվում, բոլոր տղամարդկանց ժպտում է․․․
Մոտենում է Վահեն՝ անձեռոցիկները ձեռքին։
ՎԱՀԵ — Անձեռոցիկ կուզե՞ք։
ՍԵՐՈԲ — Մեծը քանի՞ս է։
ՎԱՀԵ — 400 դրամ։
ՍԵՐՈԲ — 350-ով տուր՝ 4 տուփ վերցնեմ։
ՎԱՀԵ — Ոչ։
ՍԵՐՈԲ — Ինչի։
ՎԱՀԵ — 350-ով ես եմ գնել։
ՍԵՐՈԲ — Լավ, դու գիտես, էդ գնով խանութից կառնեմ էլի։
Վահեն հեռանում է մի քանի քայլ, Սերոբը նրա ետևից ձայն է տալիս։
ՍԵՐՈԲ — Լավ, բեր վերցնեմ։
Վահեն ետ է գալիս, ձեռքի տոպրակից հանում է անձեռոցիկները, տալիս է Սերոբին, վերցնում է գումարը։ Մոտենում է Աննան, հովհարը ձեռքին, քայլում է շնչակտուր լինելով։
ԱՆՆԱ — Բարև ձեզ։
ԱՐԱՄ — Բարև ձեզ։
ՍԵՐՈԲ — Բարև ձեզ։
ԱՆՆԱ — (Արամին): Կներեք, շուտ պետք է գայի, ուշացա, ունե՞ք այն մսից։
ԱՐԱՄ — Ես միշտ նույն մարդուց եմ վերցնում միսը։ Ունեմ, քա՞նի կիլոգրամ եք ուզում։
ԱՆՆԱ — 10։
ՍԵՐՈԲ — Էստե՞ղ եք ուտելու, թե՞ տանելու եք։
ԱՆՆԱ — Չհամարձակվես ծաղրել ինձ, թե չէ․․․
ՍԵՐՈԲ — Թե չէ ի՞նչ… կատակ եմ անում, այ կնիկ, հո դու պայթուցիկ նյութ չես, վառոդի պես բռնկվում ես։
ԱՆՆԱ — Այլևս չփորձես ինձ հետ կատակել, քո իմացածներից չեմ։
Արամը մտնում է խանութ, Աննան մոտենում է նրան։ Արամը միսը կշռում է, վերցնում գումարը և տոպրակը տալիս է Աննային։ Աննա մոտենում է Սերոբին:
ԱՆՆԱ — Կօգնե՞ս ինձ։
ՍԵՐՈԲ — Եթե սիրալիր լինես։
ԱՆՆԱ — Կլինեմ։
ՍԵՐՈԲ — Եվ չհրաժարվես հետս սրճելուց։
ԱՆՆԱ — Լավ։
ՍԵՐՈԲ — (Արամին): Խանութիս նայիր, քիչ հետո կգամ։
ԱՐԱՄ — Լավ։
Սերոբը վեր է կենում, վերցնում է Աննայի ձեռքից տոպրակը, միասին դուրս են գալիս։ Բեմը մթնում է։
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ
Արամի բնակարանը։ Մարամը տունն է մաքրում, պատուհանը բաց է։ Դռան զանգ։ Մարիամը բացում է դուռը։
ՍՈՒՐԵՆ — Բարև ձեզ։
ՄԱՐԻԱՄ — Բարև ձեզ, երկար ժամանակ է ձեզ չեմ տեսել, մտածեցի․․․
ՍՈՒՐԵՆ — Մեռե՞լ եմ։
ՄԱՐԻԱՄ — Ինչո՞վ կարող եմ օգնել։
ՍՈՒՐԵՆ — Կարո՞ղ եմ ներս գալ։
ՄԱՐԻԱՄ — Եկեք։
ՍՈՒՐԵՆ — (ներս է մտնում, շփոթված է): Սա ձեր փոշեկո՞ւլն է։
ՄԱՐԻԱՄ — Այո։
ՍՈՒՐԵՆ — Գեղեցիկ է։
ՄԱՐԻԱՄ — Շնորհակալություն։
ՍՈՒՐԵՆ — Հաճա՞խ եք օգտագործում։
ՄԱՐԻԱՄ — Այո։
ՍՈՒՐԵՆ — Եվ չե՞ք հոգնում։
ՄԱՐԻԱՄ — Ոչ։ Դրա համա՞ր եք եկել։
ՍՈՒՐԵՆ — Ոչ։
ՄԱՐԻԱՄ — Բա…
ՍՈՒՐԵՆ — Եկել եմ ասեմ, որ․․․
ՄԱՐԻԱՄ — Որ ի՞նչ…
ՍՈՒՐԵՆ — (կտրուկ): Ես այս օրվան սպասել եմ 7 տարի, 14 օր․․․
ՄԱՐԻԱՄ — Ո՞ր օրվան։
ՍՈՒՐԵՆ — Որ գամ, գամ ու ասեմ, որ սիրում եմ քեզ․․․ Ուզում եմ ամուսնանալ հետդ․․․
ՄԱՐԻԱՄ — (բացում է դուռը): Դուրս կորիր, ծեր սատանա, այդ նույն եռանդով պետք է վաղուց սպասես մահվան․․․
ՍՈՒՐԵՆ — Բայց․․․
ՄԱՐԻԱՄ — Դո՛ւրս։
ՍՈՒՐԵՆ — Դու կարող էիր լինել իմ ընկերության տնօրենների խորհրդի նախագահը։
ՄԱՐԻԱՄ — Հեռացիր. ասում եմ․․․
Սուրենը գնում է։ Մարիամը փակում է դուռը, շարունակում է տան մաքրությունը։ Պատուհանից լսվում են հարևանուհիների ձայները։
Հարևանուհի 1 — Ամուսինը հեռացավ վերջը…
Հարևանուհի 2 — Գլուխն առավ-գնաց, կորավ խեղճը…
Հարևանուհի 3 – Բա ի՞նչ աներ, իրեն էլ հերթ չէր հասնում…
Հարևանուհի 1 – Հիմա էլ ճամփան բացվել է, օրը մեկին բերում տանում է…
Հարևանուհի 2 – Պատուհանի դիմաց կանգնում է, որ տղամարդկանց տեսնի, ու տուն հրավիրի…
Մարիամը մոտենում է պատուհանին։
ՄԱՐԻԱՄ — Լավ եմ անում, ձեր ամուսիններին էլ եմ տանելու, լսեցի՞ք։ Լեզուներդ ձեզ քաշեք, թե չէ անմարդ կմնաք, խոստանում եմ։ Ձեզ հետ հետո կխոսեմ, իսկ հիմա գնացեք գրողի ծոցը։
Մարիամը փակում է պատուհանը, գալիս-նստում է սեղանի մոտ։ Դռան զանգ։ Մարիամը բացում է դուռը։
ՎԱՀԵ — (ձեռքին ծաղկեփունջ): Բարև ձեզ։
ՄԱՐԻԱՄ — Բարև, հիմա էլ ծաղի՞կ ես վաճառում։
ՎԱՀԵ — Ոչ։ Ես միշտ անձեռոցիկ եմ վաճառում, ծաղիկները ձեզ համար եմ բերել։
ՄԱՐԻԱՄ — Շնորհակալ եմ, բայց քո աշխատածն ի՞նչ է, որ ծաղիկ ես գնել ինձ համար։
ՎԱՀԵ — (ծաղկեփունջը տալիս է Մարիամին և ներս է մտնում): Ես ծաղկավաճառ ընկեր ունեմ, իրենից շատ ցածր գնով եմ գնում ծաղիկները։
ՄԱՐԻԱՄ — (մոտենում է, սեղանին դրված ծաղկամանից հանում է չորացած ծաղկեփունջը, տեղը դնում է թարմ ծաղիկները): Հաճա՞խ ես գնում ծաղիկներ։
ՎԱՀԵ — Այո, շաբաթը երկու փունջ պարտադիր։
ՄԱՐԻԱՄ — Ո՞ւմ համար։
ՎԱՀԵ — Ծնողներիս։
ՄԱՐԻԱՄ — Նրանք․․․
ՎԱՀԵ — Այո։
ՄԱՐԻԱՄ — (նստում է սեղանի մոտ): Ինչի՞ համար ես ինձ ծաղիկներ բերել։
ՎԱՀԵ — (նստում է Մարիամի կողքին): Ամեն առավոտ, երբ դուրս եմ գալիս աշխատանքի ու անցնում եմ ձեր փողոցով, նայում եմ ձեր պատուհանին, տեսնում եմ ձեզ պատուհանի դիմաց կանգնած ու մտածում եմ․․․
ՄԱՐԻԱՄ — Ի՞նչ ես մտածում։
ՎԱՀԵ — Ինչ լավ կլինի, որ դու իմ մայրը դառնաս։
ՄԱՐԻԱՄ — Այսինքն…
ՎԱՀԵ — Այսինքն՝ որդեգրես ինձ։
ՄԱՐԻԱՄ — Հո խմած չե՞ս։
ՎԱՀԵ — Չէ։
ՄԱՐԻԱՄ — Հլը փչիր։
ՎԱՀԵ — (փչում է): Ինչի՞ ես մտածում, որ խմած եմ։
ՄԱՐԻԱՄ — Իսկ ինչի՞ ես ուզում, որ որդեգրեմ քեզ։
ՎԱՀԵ — Դու լավ մայր կլինես։
ՄԱՐԻԱՄ — Ինչի՞։
ՎԱՀԵ — Բոլորը քո մասին վատ բաներ են ասում, դու ոչ մեկին չես նեղացնում․․․ Եսիմ, մտածում եմ՝ լավ մայր կլինես։ Ես էլ կտեղափոխվեմ էստեղ, իմ տունն էլ վարձով կտանք, կապրենք։
ՄԱՐԻԱՄ — Իսկ քո մայրը…
ՎԱՀԵ — Մահացել է ծննդաբերության ժամանակ, իմ ծնվելուց 20 րոպե հետո։ (Մի պահ լռելուց հետո:) Ինչի՞ ես միշտ այդքան երկար կանգնում պատուհանի դիմաց։
ՄԱՐԻԱՄ — Ես արև եմ սիրում։
ՎԱՀԵ — Ինչո՞ւ դուրս չես գալիս։
ՄԱՐԻԱՄ — Ամուսինս խանդում էր, երբ դուրս էի գալիս տանից, փորձում էի հասկանալ նրան, մտածում էի՝ մի օր կանցնի։
ՎԱՀԵ — Ի՞նչը…
ՄԱՐԻԱՄ — Խանդը։
ՎԱՀԵ — Հիմա նա որտե՞ղ է։
ՄԱՐԻԱՄ — Չգիտեմ։
ՎԱՀԵ — Հիմա կարող ես դուրս գալ, որքան ուզում ես։
ՄԱՐԻԱՄ — Հիմա արդեն ես չեմ ուզում։
ՎԱՀԵ — Իսկ ինչի՞ երեխաներ չունես։
ՄԱՐԻԱՄ — Թողնենք այդ թեման։ Հայրդ․․․
ՎԱՀԵ — Բժիշկ էր, պատերազմի ժամանակ կամավոր գնած առաջնագիծ, էնտեղ էլ զոհվեց։
ՄԱՐԻԱՄ — Ոզում ես քո մայրը լինեմ, որ քեզ պահե՞մ։
ՎԱՀԵ — Ոչ։ Երբ ընկերներից հետ բակում եմ լինում, նրանց մայրերը պատուհանից գոռում են ու նրանց տուն են կանչում, կամ երբ մի քիչ ուշ է լինում, ասում են, որ ծնողներն իրենց սպասում են, պետք է տուն գնան։ Ուզում եմ ինձ էլ սպասեն․․․
ՄԱՐԻԱՄ — Ի՞նչ երազանք ունես։
ՎԱՀԵ — Դա է իմ երազանքը։
ՄԱՐԻԱՄ — Որ քեզ սպասե՞ն։
ՎԱՀԵ — Այո։
Մարիամը գրկում է Վահեին։ Վահեն գլուխը դնում է Մարամի ուսին։ Մարիամը դանդաղ շոյում է Վահեի գլուխը։ Բեմը դանդաղ մթնում է, լույսը երկար մնում է սեղանին դրված ծաղիկների վրա։
Տեսարան երկրորդ
Արամի բնակարանը դրսից։ Մի ծերունի, ձեռքին՝ հին պարկ, մազերը խռնված, դեմքը կիսով չափ թանզիֆով փաթաթած, գալիս-նստում է պատուհանի տակ։ Ծերունին ուտում է ձեռքի հացի կտորը, հետո կոստյոմի թևով սրբում է բերանը, գրպանից հանում է շվին, սկսում է նվագել։ Մարիամը բացում է պատուհանը։
ՄԱՐԻԱՄ — Ո՞վ եք, ի՞նչ եք անում էստեղ։
ԱՐԱՄ — (ծերունու կերպարով, դադարեցնում է նվագելը): Ոչինչ, պարզապես նստած եմ, եթե խանգարում եմ, կարող եմ գնալ։
ՄԱՐԻԱՄ — Չեք խանգարում: Ի՞նչ է եղել ձեզ։
ԱՐԱՄ — Ինձ ծեծել են։
ՄԱՐԻԱՄ — Ովքե՞ր, ինչի՞ համար։
ԱՐԱՄ — Խանութի դիմաց գիշերը քնել էի, առավոտյան տնօրենը մի քանի հոգու հետ եկավ ու ծեծեց։
ՄԱՐԻԱՄ — Ոստիկանություն դիմեցի՞ր։
ԱՐԱՄ — Ոչ։
ՄԱՐԻԱՄ — Ինչի՞։
ԱՐԱՄ — Որ մի հատ էլ ոստիկանները չծեծեին։
ՄԱՐԻԱՄ — Ինչի՞ պետք է ծեծեին։
ԱՐԱՄ — Ուրիշի սեփականության իրավունքը խախտելու։
ՄԱՐԻԱՄ — Թեյ կամ սուրճ կուզե՞ք։
ԱՐԱՄ — Թեյ կուզեմ։
Մարիամը գնում է։ Արամը շարունակում է նվագել։ Քիչ անց Մարիամը վերադառնում է և բաժակով թեյը պատուհանից մեկնում է Արամին։
ԱՐԱՄ — (վերցնում է բաժակը և հոտոտում): Շնորհակալություն։ Վարդի թե՞յ է։
ՄԱՐԻԱՄ — Այո։ Ամուսնուս սիրած թեյն էր։
ԱՐԱՄ — Որտե՞ղ է հիմա։
ՄԱՐԻԱՄ — Չգիտեմ, հեռացել է։
ԱՐԱՄ — Բայց դեռ սիրում եք նրան…
ՄԱՐԻԱՄ — Այո։ Իսկ դուք ամուսնացած եղե՞լ եք։
ԱՐԱՄ — Մի քանի անգամ։
ՄԱՐԻԱՄ — Որտե՞ղ են ձեր կանայք հիմա։
ԱՐԱՄ — Երեքը գերեզմանոցում, չորորդն էլ դավաճանում էր ինձ։
ՄԱՐԻԱՄ — Հետո՞։
ԱՐԱՄ — Հեռացա նրանից։
ՄԱՐԻԱՄ — Սիրո՞ւմ եք մինչև հիմա։
ԱՐԱՄ — Այո։ Ես չգիտեմ՝ սերն է ավելի ուժեղ հիվանդություն, թե խանդը, բայց նույն մարդու մեջ երկուսի չափից շատ լինելը կործանարար է։
ՄԱՐԻԱՄ — Բայց այդ երկուսը լինո՞ւմ են միաժամանակ։
ԱՐԱՄ — Այո։
Արամը վերջին կումը խմելուց հետո թեյի բաժակը տալիս է Մարիամին։ Մարիամը վերցնում է բաժակը և գնում է։ Սերոբը մոտենում է Մարիամի տան դռանը, ձեռքին տոպրակ, թակում է դուռը։ Մարիամը բացում է դուռը, Սերոբը մտնում է ներս: Նրանց խոսակցությունը բաց պատուհանից լսում է Արամը։
ՍԵՐՈԲ — Ինչպե՞ս ես։
ՄԱՐԻԱՄ — Սպասողական, լուր ունե՞ս։
ՍԵՐՈԲ — Ոչ, ոչ մի տեղ չկա, ինձ թվում է՝ երկրից գնացել է։
ՄԱՐԻԱՄ — Աշխատանք եմ ման գալիս, ուզում եմ աշխատել։
ՍԵՐՈԲ — Հարմար գործ լինի՝ կասեմ։
ՄԱՐԻԱՄ — Շնորհակալություն։
ՍԵՐՈԲ — Ինձ թվում է՝ ամուսնացել է։
ՄԱՐԻԱՄ — Ի՞նչ, դա հաստա՞տ է, ո՞վ է ասել…
ՍԵՐՈԲ — Լսել եմ, հաստատ չէ, որ հաստատ իմանամ՝ կասեմ քեզ։
ՄԱՐԻԱՄ — Նա չէր կարող ինձ հետ էդպես վարվել։
ՍԵՐՈԲ — Մարիամ, ուզում եմ ամուսնանաս ինձ հետ։
ՄԱՐԻԱՄ — Ես ամուսնացած եմ ու սիրում եմ ամուսնուս։
ՍԵՐՈԲ — Բայց նա լքել է քեզ, հիմա դու մենակ ես։
ՄԱՐԻԱՄ — Բայց ես ապրում եմ ամուսնացած կնոջ պես։ Դուրս գնա ու այլևս այս տուն ոտք չդնես։
ՍԵՐՈԲ — Մտածիր, նոր պատասխանիր։
ՄԱՐԻԱՄ — Մտածելու ոչինչ չկա, ասեցի՝ ես ամուսնացած կին եմ ու վերջ։ Դուրս գնա։
ՍԵՐՈԲ — Ես էլ քեզ միս էի բերել, որ․․․
ՄԱՐԻԱՄ — Վերցրու բերածդ և հաջողություն։
Հարևանուհիները Աննայի հետ անցնում են խոսելով։
Հարևանուհի 1 — (նկատելով պատուհանի տակ նստած Արամին): Անգամ մուրացկաններն են հերթ պահում։
Հարևանուհի 2 – Մի քաղաք, մի Մարիամ, որին հասցնի։
ԱՆՆԱ — Նա բոլորին էլ հասցնում է, դու քեզ տես։
Հարևանուհի 3 – Խոստացել է, որ մեր ամուսիններին էլ է տանելու։
Հարևանուհի 1 – Կտանի, դրանից ամեն ինչ հավատում եմ։
Հարևանուհի 2 – Արդեն մուրացկաններին է անցել։
ԱՆՆԱ — Պետք է նրան հեռացնել մեր բակից, անառակությունը մեղք է։
Սերոբը դուրս է գալիս տանից, Աննա նկատում է նրան և կանգ է առնում։
ԱՆՆԱ — (մոտենում, համբուրում է Սերոբին): Ողջույն, ինչպե՞ս ես։
ՍԵՐՈԲ — Լավ եմ, դո՞ւ…
ԱՆՆԱ — Լավ եմ, ո՞ւր ես գնում։
ՍԵՐՈԲ — Գործի։
ԱՆՆԱ — Արի իմ տուն գնանք, հետո կգնաս։
ՍԵՐՈԲ — Բա ամո՞ւսինդ։
ԱՆՆԱ — Աշխատանքի է, երեկոյան է գալիս։
Սերոբը համբուրում է Աննային, միասին գնում են։ Արամը շվի է նվագում։ Մարիամը մոտենում է պատուհանին, լսում է։ Դպրոցական պայուսակը ուսին, մի մեծ կտորից տոպրակ ձեռքին մոտենում է Վահեն։ Արամը ընդհատում է նվագը։
ՄԱՐԻԱՄ — (Վահեին): Էդ ո՞ւր։
ՎԱՀԵ — Քո տուն։
ՄԱՐԻԱՄ — Բայց քեզ ոչինչ խոսք չեմ տվել։
ՎԱՀԵ — Բայց ես գիտեմ, որ դու մեծ սիրտ ունես, կդառնաս իմ մայրը։ Ես էլ քեզ կպաշտպանեմ, վերջ ի վերջո տղամարդ եմ։ Տանը տղամարդ է պետք։
ՄԱՐԻԱՄ — Էդ որտեղի՞ց ես լսել։
ՎԱՀԵ — Տատիկիցս։
ՄԱՐԻԱՄ — Ձեռքիդ տոպրակի մեջ ի՞նչ է։
ՎԱՀԵ — Իրերս՝ հագուստներս ու ծնողներիս նկարները։
ՄԱՐԻԱՄ — Ես չեմ կարող քեզ ինձ մոտ պահել։
ՎԱՀԵ — Հիմա ինչ ես ասում, ետ դառնա՞մ։
ՄԱՐԻԱՄ — Հա, երբ կուզես՝ արի, բայց մնալ չի լինի։
ՎԱՀԵ — Լավ։
Վահեն գնում է։ Արամն ու Մարիամը նայում են նրա ետևից։
ՄԱՐԻԱՄ — (գոռում է): Վահե՛…
ՎԱՀԵ — (շրջվում է): Ի՞նչ։
ՄԱՐԻԱՄ — Արի, լավ։
ՎԱՀԵ — (մոտենալով): Գիտեի է, որ մեծ սիրտ ունես։
ՄԱՐԻԱՄ — (բացում է դուռը): Գնա, սենյակում իրերդ դիր, կգամ կդասավորեմ։
Վահեն ներս է մտնում, Մարիամը փակում է դուռը և մոտենում պատուհանին։
ԱՐԱՄ — Ես գնամ. քեզ չխանգարեմ։
ՄԱՐԻԱՄ — Չես խանգարում ինձ։ Ո՞ւր ես ուզում գնալ։
ԱՐԱՄ — Հետաքրքիր զգացողություն է, երբ ուզում ես գնալ, բայց գնալու տեղ չունես։
ՄԱՐԻԱՄ — Կնոջդ չես փնտրո՞ւմ։
ԱՐԱՄ — Փնտրում եմ, մտածում եմ՝ այլևս ինձ չի ընդունի։
ՄԱՐԻԱՄ — Ինչի՞ ես այդպես կարծում։
ԱՐԱՄ — Ես եմ հեռացել։ Գուցե չների։ Իսկ դու սպասո՞ւմ ես ամուսնուդ։
ՄԱՐԻԱՄ — Իհարկե։
ԱՐԱՄ — Որ գա՝ կընդունե՞ս։
ՄԱՐԻԱՄ — Այո։
ԱՐԱՄ — Իսկ ինչի համար է հեռացե՞լ։
ՄԱՐԻԱՄ — Մտածում էր՝ դավաճանում եմ իրեն։
ԱՐԱՄ — Ինչի՞ էր էդպես մտածում։
ՄԱՐԻԱՄ — Չգիտեմ։
Վահեն մոտենում է պատուհանին։
ՎԱՀԵ — (Արամին): Ձեր ձայնը ծանոթ է…
ԱՐԱՄ — Փողոցում մի տեղ լսած կլինես, էլի։
ՎԱՀԵ — Միշտ փողոցում ես լինո՞ւմ։
ԱՐԱՄ — Այո։
ՎԱՀԵ — Հա, ես էլ միշտ փողոցներում անձեռոցիկ եմ վաճառում։ Բա ի՞նչ գործ ունես մորս հետ, գնա էստեղից։
ԱՐԱՄ — Հարգանքով խոսիր քեզանից մեծերի հետ։
ՎԱՀԵ — Ասում եմ՝ գնա մեր պատուհանի տակից, ու մորս հետ էլ չխոսես։
ԱՐԱՄ — Լեզուդ քեզ քաշիր։
ՎԱՀԵ — Վեր կաց, գնա՝ ասեցի։
ՄԱՐԻԱՄ — Մեկ րոպե լռեք երկուսդ էլ։ (Վահեին.) Դու գնա դասերդ սովորիր։ Քո գործը չէ՝ ում հետ կխոսեմ, ում հետ՝ չէ։ (Արամին.) Դու էլ եթե ուզում ես մնալ այստեղ՝ լուռ նստիր, կարող ես մեկ-մեկ նվագել, բայց տես, հա՛, չխանգարես։
ԱՐԱՄ — Ես երևի գնամ, տղադ խանդում է։
ՄԱՐԻԱՄ — Դե, ամեն մի տղա էլ այդպես կարձագանքեր, երբ տեսներ՝ իրենց պատուհանի տակ անծանոթ մարդ է նստած ու խոսում է մոր հետ։
ԱՐԱՄ — Խանդը մանկուց է մտնում տղամարդու մեջ։
ՄԱՐԻԱՄ — Բայց եթե տղամարդը մանուկ չի մնում, խանդից կարողանում է ազատվել հետագայում։
ԱՐԱՄ — Կարծո՞ւմ ես։
ՄԱՐԻԱՄ — Վստահ եմ։
ԱՐԱՄ — (վեր է կենում): Դե, ես գնամ, շնորհակալ եմ զրույցի ու թեյի համար։
ՄԱՐԻԱՄ — Խնդրեմ։ Հուսամ, կգտնեք ձեր կնոջը ու նա կների ձեզ։
ԱՐԱՄ — Շնորհակալ եմ։ Վստահ եմ, որ ձեր ամուսինը կվերադառնա։
ՄԱՐԻԱՄ — Հիմա ամենից շատ դա եմ ուզում։
Արամը կանգնում է դեմքով դեպի հանդիսատեսը, դանդաղ արձակում է դեմքի թանզիֆը, հանում է կեղծամն ու շրջվում դեպի Մարիամը։
ՄԱՐԻԱՄ — Սրիկա՛, վախկո՛տ… Ներս չմտնես, հեռացիր, գնա, որտեղից եկել ես։
ԱՐԱՄ — Իսկ դու շարունակիր կանգնել պատուհանի մոտ ու նայել տղամարդկանց։ Կգնամ ու էլ ինձ չես տեսնի։
Մարիամը դուրս է գալիս տանից, վազքով մոտենում է Արամին,
գրկում ու սկսում է բռունցներով հարվածել։
Վահեն՝ կանգնած դռան մոտ, նայում է նրանց։ Բեմը դանդաղ մթնում է։