Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ/ ԹՌՉՆԱԲՈՒՅՆԸ
Պիես մեկ գործողությամբ
Գործող անձինք
ԽԱՉԻԿ – կոշկակար, 60-65 տարեկան
ԱՍԱՏՈՒՐ – թոշակառու անասնաբույժ
ԴԱՎԻԹ – մանչուկ, 8-10 տարեկան
ԿԱՐՊԻՍ – էքսկուրսավար
ՍՈՆԱ – ծաղկավաճառ
ԱԲԳԱՐՅԱՆ – քաղաքապետարանի ծառայող
ԼՈՒՍԻՆԵ — մանկապարտեզի դաստիարակչուհի
ՆԱՐԻՆԵ — աղջնակ, 10-12 տարեկան
Տուրիստներ
Մեծ քաղաքում իր գոյությունը պահպանած կոշկակարի արհեստանոց: Պատերին` ամսագրերից պոկած թռչունների նկարներ: Այցելուների համար` երկու աթոռակ, նաև՝ սուրճ եփելու պարագաներ, էլեկտրական սալիկ: Առաստաղից թելերով կախ են տրված կարապների, աղավնիների խրձիկներ: Մուտքը, որի դուռը ծածկված չէ, բացվում է դեպի բանուկ փողոցը:
Աթոռակին նստած Ասատուրը, ակնոցն աչքին, թերթ է կարդում: Խաչիկը, մեխերը շուրթերում սեղմած, նորոգում է հնամաշ կոշիկի ներբանը:
ԱՍԱՏՈՒՐ — (թերթից չկտրվելով): Ը՛մ-դա՜:
ԽԱՉԻԿ — (շրթերից մեխերը հանում է): Հը՞, ցունամի է եղե՞լ, թե՞ հեղաշրջում: Էդ թերթերից լավ բան չես իմանա: Կամ աղետ է, կամ` պատերազմ: Ամենաքիչը` բամբասանք:
ԱՍԱՏՈՒՐ — Ը՛մ-դա՜:
ԽԱՉԻԿ — (սուրճ է խմում): Սուրճդ խմիր, սառեց:
ԱՍԱՏՈՒՐ — (թերթից չկտրվելով վերցնում է գավաթը: Ծանրախոս): Միջատները Իտալիայի հերն էլ անիծեցին… (Կում է անում:) Իտալիան էլ բերք չի ունենա:
ԽԱՉԻԿ — Բա քիմիկատները չե՞ն օգնում:
ԱՍԱՏՈՒՐ — Մարդկային ոչ մի գիտություն Աստծու ստեղծածին փոխարինել չի կարող:
ԽԱՉԻԿ — Ժամանակին պիտի մտածեին, թևավորներին պաշտպանեին, որ էսօրը չընկնեինք:
ԱՍԱՏՈՒՐ — (լրագիրը թերթելով): Ը՛մ-դա՜…
Դպրոցական պայուսակը ձեռքին, բարձր տրամադրությամբ մտնում է Դավիթը:
ԴԱՎԻԹ — Բարև ձեզ:
ԽԱՉԻԿ — Աստծու բարին: Հը՞, նորություն չունե՞ս:
ԴԱՎԻԹ -Սպասում եմ:
ԽԱՉԻԿ — Բա ինչո՞ւ եկար: Կողքը եղիր:
ԴԱՎԻԹ — Նկատեցի, որ երկուսն էլ թեքվել են: Ուրեմն շարժվել են… Շարժվել են, չէ՞, քեռի Խաչիկ:
ԽԱՉԻԿ – Հաստա՛տ: (Գործիքներն աննպատակ վերադասավորում է:) Ձվից դուրս գալուց առաջ ճուտիկը շարժվում է… Էդպես չի՞, Ասատուր: (Ասատուրը չի պատասխանում, իբրև` կլանված կարդում է: Խաչիկն անտեսում է նրա վարքը:) Շարժվում է, հետո ներսից կտցահարում, կեղևը կոտրում է ու դուրս է գալիս: Պատահում է, որ ետ են դառնում ու իրենց ձվի կեղևն ուտում են: Չէ՞, Ասատուր, հիշո՞ւմ ես, մի տարի լրիվ կերել էին ու հետք էլ չէր մնացել: (Դավթին:) Դե գնա, գնա դպրոց ու դասերից հետո շտապիր ձվերի մոտ: Ճուտիկները դուրս գալուց դու այնտեղ պիտի լինես: Վերջին օրն է:
ԱՍԱՏՈՒՐ — (թերթից չկտրվելով): Վերջին օրն է՜… Վաղն ի՞նչ հեքիաթ եք հնարելու:
ԴԱՎԻԹ — (Խաչիկից օգնություն հայցելով): Հեքիաթ չի… Խոնավության աստիճանը, ջերմությունը հաստատուն պահպանել եմ:
ԱՍԱՏՈՒՐ — (թերթը ծալում է): Է՛հ, երանի հեքիաթ չլիներ:
ԴԱՎԻԹ — (հարձակողական): Հեքիաթ չի՛:
ԱՍԱՏՈՒՐ — Բա ի՞նչ է:
ԽԱՉԻԿ — (սևեռուն Ասատուրին է նայում): Իրականությո՛ւն է, ճշմարտությո՛ւն:
ԱՍԱՏՈՒՐ — (թերթը պիջակի կողագրպանը դնելով): Կապրենք, կտեսնենք:
ԴԱՎԻԹ — (լացը հազիվ է զսպում): Հեքիաթ չի՜… (Դուրս է փախչում):
Անհարմար լռություն: Խաչիկը, նյարդային, վերադասավորում է գործիքները:
ԽԱՉԻԿ — (ընկճված): Ասատուր, դու չար մարդ չես, բայց էս հարցում դաժանություն ես անում:
ԱՍԱՏՈՒՐ — Ես ճշմարտությունն եմ ասում: Երեխային խաբել չի կարելի:
ԽԱՉԻԿ — Ճշմարտություն կա, որ երբ բարձրաձայնում ես՝ գռեհկացնում է կյանքը… ԱՍԱՏՈՒՐ – Ա՛յ Խաչիկ, նա դեռ երեխա է, բա դո՞ւ ինչ… Տասանվեց օր է դու նրան ես խաբում, նա` քեզ, երկուսով` բոլորիս: Էսօր վերջին օրն է, վաղն ի՞նչ պատասխան ես տալու: Փայտե ձվից թռչո՞ւն է դուրս գալու:
ԽԱՉԻԿ — (հարձակողական): Հա՛, դուրս է գալու:
ԱՍԱՏՈՒՐ — (հեգնոտ): Պարապ մնացած կոշկակարի խելք…
ԽԱՉԻԿ — Թոշակառու անասնաբույժի դաժանություն…
ԱՍԱՏՈՒՐ — (ազդված): Լսիր… Լսիր` ինչ եմ ասում: Ես չեմ ուզո՞ւմ, որ առաջվա պես թռչունները թևածեն երկնքում, հը՞, չե՞մ ուզում… բայց անիծյալ թռչնագրիպը կոտորեց խեղճ թևավորներին` երկրագունդը էկոլոգիական աղետի բերեց… Քանի՞ միլիոն մարդ մահացավ էդ վարակից… Ֆանտազյորնե՜ր… Առնվազն հարյուր տարի է պետք, որ բնությունը վերագտնի իրեն, այս ու այնտեղ ծվարած, հրաշքով գոյատևած թևավորները տարածվեն, լցնեն աշխարհի անկյունները… Ու դեռ` մեծ հարցական է, բոլոր տեսակներից պահպանված կլինե՜ն-չեն լինի՜…
ԽԱՉԻԿ — (բորբոքված): Վե՛րջ տուր… Մի՛ ասա… Ինքդ էլ չգիտես, թե ինչեր ես խոսում:
ԱՍԱՏՈՒՐ — Ո՞նց չգիտեմ: Թերթերում է գրված, գիտնականներն են ասում: Եթե չասեն ու չգրեն էլ, ես` որպես մասնագետ, որպես անասնաբույժ…
ԽԱՉԻԿ – Լռի՛ր… Որպես մասնագետ… Որպես մասնագետ՝ ասացիր, հուշեցիր, որ ծիծեռնակը 14-16 օրում է ձվից դուրս գալիս, շնորհակալ ենք, էլ բայղուշություն մի՛ անի, մի՛ կռկռա… (Հուզմունքը մի կերպ զսպելով սկսում է վերադասավորել գործիքները:) Հարյուր տարի՜… Հարյուր… Չէ՜, կգա, կգա՛ այդ օրն ու ես կտեսնեմ, որ երկինքը կենդանացել է… Ծիծառները ետ կգան… Արագիլները ետ կգան… Ճնճղուկները ճյուղից-ճյուղ կթռչեն… Արհեստանոցս աղավնիների բույն կդարձնեմ… Կղունղունա՜ն, կփայփայեն իրար… Կճախրեն երկնքում…
ԱՍԱՏՈՒՐ — (գլխահակ): Երանի քեզ, որ երազել գիտես:
ԽԱՉԻԿ — Իսկ դու մի սպանիր երազանքը… Թե երազել չես կարող, մյուսների երազանքը մի ավերի… Բայց սա երազանք չի… Միայն երազանք չի… Հուշ է, քաղցր հուշ, որ ապագայի հույս է պահում… Հասկացի՛ր` հո՜ւյս… Եթե շատ ցանկանաս, ամբողջ հոգով ցանկանաս… Եթե աշխարհի մարդիկ, շա՜տ, շատ ցանկանան` հույսն ու երազանքը կիրականանան… (Երազկոտ:) Ծառերի ճյուղերին, հաղորդալարերի վրա, տանիքներին ծիտիկներ կնստեն… Կենդանի՜, թռչկոտո՜ղ, ծլվլացող ծիտիկներ… Գարնանը արագիլն ու ծիծեռնակը կվերադառնան, ձագ կունենան… Օդը կշնկշնկա նրանց ճախրանքից… (Հայացքը հառում է խրձիկներին:) Նայում էիր երկնքին ու` կենդանի՜, շարժվո՜ղ, իրակա՜ն… Բա երա՜մը… Ի՜նչ հրաշք էր… Երկինքը բարի էր ու մոտ… Վերացան թևավորները` երկինքն ամայացավ, հեռացավ, օտարացավ… Հարյուր տարի… Էդ ի՞նչեր ես ասում… Դու հո թշնամի չե՞ս, մերն ես չէ՞, մե՛րը…
Ասատուրը նեղսրտած ոտքի է կանգնում, թերթը գրպանից հանելով ուզում է ինչ-որ բան ապացուցել, բայց միայն թափահարում է, շուրթերը սեղմած նստում:
Դադար:
Խաչիկը ձեռքը մեկնում, հրում է կախ տված թռչնի խրձիկին: Խրձիկներն սկսում են պտտվել ու արհեստանոցը լցվում է թռչունների ճռվողյունով: Լուռ ունկնդրում են:
Շեմին հայտնվում է Սոնան:
ՍՈՆԱ — (առույգ): Բարև ձեզ:
ԽԱՉԻԿ — Բարև, տիկին Սոնա: Համեցեք: Սուրճ կխմե՞ք, ես արագ կպատրաստեմ:
ՍՈՆԱ — Շնորհակալություն, վարպետ: Շտապում եմ, մի ուրիշ անգամ: (Փոքրիկ փաթեթ է մեկնում:) Ահա, խնդրեմ, ձեր սիրած անմոռուկները:
ԽԱՉԻԿ — (փաթեթից մի քանի արհեստական անմոռուկ հանելով՝ հիացած զննում է, հոտոտում): Շնորհակալություն, աղջիկս: Շա՞տ չարչարվեցիր:
ՍՈՆԱ — Չէ, ի՞նչ չարչարանք, երկու ժամում քսան հատ պատրաստեցի… (Զգուշավոր հայացք է գցում Ասատուրի վրա:) Մի խնդրանք, ունեմ, քեռի Խաչիկ…
ԽԱՉԻԿ — (շարժումով հասկացնում է, որ աղջիկը չնեղվի Ասատուրի ներկայությունից): Ինչո՞վ օգտակար լինեմ:
ՍՈՆԱ — Ամուսնուս կոշիկներն եմ բերել: Եթե հնարավոր է` շտապ վերանորոգեք (Տոպրակից հանում է կոշիկները:)
ԽԱՉԻԿ — (զննում է կոշիկները` չզարմանալով, որ դրանցից մի զույգը մանկական է, մյուսը` կանացի բարձրակրունկ): Շատ բարի, տիկին Սոնա: Բոլորը միասին չեմ կարող շտապ վերանորոգել… Պատվեր շատ ունեմ: Դուք ասեք` ո՞ր զույգն է շտապ, ես դա կհասցնեմ ձեր ուզած ժամին:
ՍՈՆԱ — Ահա սա… (Աչքը Ասատուրից չկտրելով, մատնացույց է անում պատահած մեկը՝ մանկականը:) Սրանով նա աշխատանքի է գնում: Շնորհակալ կլինեմ, եթե վաղն առավոտյան պատրաստ լինի:
ԽԱՉԻԿ — Անպայման պատրաստ կլինի:
ՍՈՆԱ — Իսկ ժամը քանիսի՞ն եք բացում արհեստանոցը:
ԽԱՉԻԿ — Ինչպես միշտ` 9-ը զրո-զրոյին:
ՍՈՆԱ — Հարմար ժամ է, կգամ, կվերցնեմ:
ԽԱՉԻԿ — Համեցեք: Ծաղիկների առևտուրն ինչպես է, կարմիր վարդեր ստացա՞ք:
ՍՈՆԱ- Այն էլ ինչպիսի՜ վարդեր… Հրաշք են, վաղն առավոտյան ձեզ համար մի փունջ կբերեմ:
ԽԱՉԻԿ — Շնորհակալություն, աղջիկս:
ՍՈՆԱ — Հա, քիչ մնաց մոռանայի: Ինչքա՞ն պետք է վճարեմ, վարպետ:
ԽԱՉԻԿ — Դա թողնենք վաղվան: Նայած` ինչքան նյութ կօգտագործվի:
ՍՈՆԱ — Շատ լավ: Թող լինի վաղը: Ցտեսություն:
ԽԱՉԻԿ — (երախտագիտության շեշտով): Հաջողություն, աղջիկս:
Սոնան գնում է:
ԱՍԱՏՈՒՐ — (լրագիրը թերթելով): Ըմ-դա՜…
ԽԱՉԻԿ — Հը՞, ինչ են գրում:
ԱՍԱՏՈՒՐ — Գրում են՝ նմանն զնմանն գտանե: Դու քիչ էիր, ծաղկավաճառ աղջկան էլ դարձրիր հեքիաթասաց:
ԽԱՉԻԿ — Ի՞նչ հեքիաթ, մարդը կոշիկ բերեց վերանորոգելու, նայի՛ր, սա հեքիաթ է՞:
ԱՍԱՏՈՒՐ — Կոշիկը հեքիաթ չի, բայց որ նրա ամուսինը մանկական կոշիկով է աշխատանքի գնալու, ինքն էլ վաղը քեզ վարդերի փունջ է բերելու՝ հրաշապատում հեքիաթ է:
ԽԱՉԻԿ — (խուսափողաբար): Ի՞նչ ես խոսում, չեմ հասկանում:
ԱՍԱՏՈՒՐ — Խոսում եմ, էլի, զառանցում եմ… Ամբողջ աշխարհը սուգի մեջ է, որ վնասակար միջատների բազմացման պատճառով ծաղիկներն աշխարհից վերանում են, իսկ դուք իրար թղթից սարքած վարդ ու անմոռուկ եք նվիրում՝ ձեզ ներշնչելով, թե դրանք բուրում են:
ԽԱՉԻԿ — Լավ ենք անում: Մենք շարունակելու ենք ծաղիկներ նվիրել, շարունակելու ենք հիանալ թևավորների ճախրանքով… Հեքիաթը մարդկության բարի երազանքն է, որ ուշ թե շուտ իրականություն է դառնում:
ԱՍԱՏՈՒՐ – Ախր, ա՛յ Խաչի՜կ… (Թերթը մեկնում է որպես ապացույց, բայց իզուր համարելով, ձեռքը թափ է տալիս ու էջերը նյարդային շուռումուռ տալով՝ խորասուզվում ընթերցանության մեջ: )
ԽԱՉԻԿ — (դարձյալ վերադասավորում է գործիքներն ու բաց դռնից նկատում Լուսինեին): Լուսինե՜, Լուսինե, աղջիկս մոտ արի, բան ունեմ ասելու:
ԼՈՒՍԻՆԵ — (ներս մտնելով): Բարև ձեզ, քեռի Խաչիկ: (Ասատուրին նկատելով:) Բարև ձեզ:
ԱՍԱՏՈՒՐ — (թերթից չկտրվելով): Բարով եկար:
ԽԱՉԻԿ — Հիշո՞ւմ ես, թե ես ինչ էի խոստացել քեզ:
ԼՈՒՍԻՆԵ — Անմոռո՞ւկ:
ԽԱՉԻԿ — Շատ ապրես: (Փաթեթից մի ծաղիկ է հանում:) Ահա, վերցրու և մազերիդ ամրացրու:
ԼՈՒՍԻՆԵ — (վերցնում, հիացած զննում է): Ինչ սիրո՜ւն է… Քեռի Խաչիկ, ինձ վրա չե՞ն ծիծաղի:
ԽԱՉԻԿ — Ամենևին: Կհիանան ու կհարցնեն, թե քեզ որտեղի՞ց այդ հրաշքը:
ԼՈՒՍԻՆԵ — Իսկ ես չեմ ասի:
ԽԱՉԻԿ — Ընդհակառակը, ասա, որ ես եմ նվիրել և պատրաստ եմ իրենց էլ տալ, եթե խոստանան, որ անմոռուկը կկրեն ծամերի վրա, կամ կամրացնեն կրծքին:
ԼՈՒՍԻՆԵ — (ծաղիկը վարսերին ամրացնելով): Բա որ բոլորն ուզեն, այդքան ծաղիկ կա՞…
ԽԱՉԻԿ — Կլինի, միայն թե ծաղկի պահանջ զգան:
ԱՍԱՏՈՒՐ — (թերթից չկտրվելով): Ըմ-դա՜…
ԽԱՉԻԿ — (հիանալով աղջկա անմոռուկով): Գուշակիր, թե ինչ եմ խնդրելու քեզնից:
ԼՈՒՍԻՆԵ — Ձեր սիրած խաղիկն արտասանե՞մ:
ԽԱՉԻԿ — Եթե չես շտապում, եթե կարելի է…
ԼՈՒՍԻՆԵ — (զգացմունքայնորեն ասմունքում է):
Արորն ասաց տատրակ հավքուն.
«Ինչո՞ւ կուլաս կուց-կուց արուն,
Երթա լցվի բարակ առուն»,
Տատրակն ասաց արոր հավքուն.
«Գընաց գարուն, եկավ աշուն,
Կըտրավ ջըրիկ աղբյուրներուն,
Կըտրավ խոտիկ ծաղիկներուն,
Կըտրավ ձենիկ կաքավներուն:
Էնքան պիտի լամ երերուն,
Արուն կաթե իմ աչքերուն,
Ես ի՞նչ անեմ իմ ձագերուն»:
Ասաց. «Դու մի լա էս աշուն,
Չէ՞, վաղ կուգա բարի գարուն,
Լույս կըբացվի վեր աշխարհուն,
Դուռ կըբացվի խեղճիկներուն,
Ես քեզ կառնեմ իմ թևքերուն,
Թըռնեմ բանձրիկ վեր սարերուն,
Բուն կըդնեմ մեջ քարերուն,
Տուն կը շինեմ մեջ գազերուն,
Երթիկ բանամ դեմ հով քամուն,
Թոնիր թաղեմ մեջ այրերուն,
Ծուխ կը հանեմ հետ ամպերուն,
Մեր ցավ կըտանք հարավ քամուն»:
Գընաց աշուն, եկավ գարուն,
Կաթեր ջըրիկ աղբյուրներուն,
Կերթար լըցվեր բարակ առուն:
Աղբըրանցարուն մեջ քարերուն,
Դեղին սուսուն վեր սարերուն,
Փունջ մանուշակ մեջ ձորերուն,
Կանաչ-կարմիր, գույն-գույն ծաղկունք,
Դաշտերն ամեն էրունք թըռչունք,
Ձենիկ կուգա գառնիկ մաքուն,
Մեր ապրելիք վեր երկընքուն:
ԽԱՉԻԿ — (հուզված, ձեռքը մեկնում է գործիքները վերադասավորելու, բայց ետ է քաշում, շնորհապարտ): Կեցցես, աղջիկս: Կարող ես գնալ: Գնա և բոլորին ցույց տուր անմեռուկը:
ԼՈՒՍԻՆԵ – Ցտեսություն: (Գնում է:)
ԱՍԱՏՈՒՐ — Ը՛մ-դա՜… Չերնոբիլի վթարված տեղամասի վրա էլի բետոն են լցրել… Աստված չանի` ճաք տա ու բացվի…
ԽԱՉԻԿ — (դավադիր): Վտանգավո՞ր է…
ԱՍԱՏՈՒՐ — Շա՜տ… Համաշխարհային մեծ, շա՜տ մեծ աղետ կլինի:
ԽԱՉԻԿ — Հավատալս չի գալիս, որ ուրանի մի փոքր կտոր այդքան մեծ ավերվածություն անի: Ճիշտ չի, մարդկանց վախեցնում, ապակողմնորոշում են:
ԱՍԱՏՈՒՐ — Բայց դա ճշմարտություն է, ապացուցված իրականություն:
ԽԱՉԻԿ — Երանի սուտ լիներ…
ԱՍԱՏՈՒՐ — (թերթից չկտրվելով` գլուխը տմբտմբացնում է): Հա՛, երանի չէ՞ր` սուտ լիներ…
ԽԱՉԻԿ — (հաղթական): Ահա՜, բռնվեցի՞ր… Էդ իրականությունդ, որ բետոնի մեջ չպահես` կկործանի աշխարհը… Տեսա՞ր, որ ինքդ էլ դեմ դուրս եկար քո ասածներին…
ԱՍԱՏՈՒՐ — Էէ՜-էհ… Քո փիլիսոփայությունից զահլաս գնաց… Մարդկությունը միշտ ճշմարտության է ձգտել, իսկ դու…
ԽԱՉԻԿ — Մարդկությունը բարի ճշմարտության է ձգտել… Երազելով, ողջ հոգով հավատալով… Երազել է երկնքում ճախրել, հավատացել է իր երազին ու ինքնաթիռ է ստեղծել… Երազել է քայլել Լուսնի, Մարսի վրա, հավատացել է իր երազանքին ու հասել է… Հավատալ է պետք, Ասատուր, հենց հավատաս` նպատակ կունենաս, միջոց ու հնար կգտնես և իրականություն կդառնա երազանքդ:
ԱՍԱՏՈՒՐ — (հեգնոտ): Ու փայտե ձվերից ծիծեռնակներ դուրս կգան, թղթի կտորներից ծաղիկներ կբուսնեն:
ԽԱՉԻԿ — Եթե շատ ցանկանաս, եթե բոլորով ցանկանա՜նք…
ԱՍԱՏՈՒՐ — Քո խոսքերից թերուս կոշկակարի հոտ է գալիս:
ԽԱՉԻԿ — Իսկ քո խոսքերից` ղասաբ դարձած անասնաբույժի հոտ:
Դադար:
Ասատուրը շարունակում է թերթ կարդալ, Խաչիկը շուռումուռ տալով զննում է Սոնայի բերած կոշիկը:
Փողոցից լսվում է արգելակող ավտոբուսի ճռինչ, ապաև՝ մեքենայից դուրս եկած մարդկանց խոսակցություններ:
ԱՍԱՏՈՒՐ — (թերթից չկտրվելով): Իստիլյագդ եկավ:
Կարպիսը գլուխը ներս է խցկում:
ԿԱՐՊԻՍ — Վարպե՛տ, պատրաստվիր, եկանք: (Շրջվում է փողոցում խմբվող տուրիստների կողմը:) Տիկնայք և պարոնայք, խնդրում եմ ուշադրությո՛ւն:
ԱՍԱՏՈՒՐ — Սկսվե՜ց… (Դեմքը թաղում է լրագրի մեջ:)
ԿԱՐՊԻՍ — Այժմ մենք գտնվում ենք աշխարհի ամենաէկզոտիկ վայրում: Այս տնակը ստեղծվել է դեռևս անցած դարի կեսերին և մինչև հիմա պահպանում է իր խղճուկ գոյությունը:
ԽԱՉԻԿ – Թյու՛, քեզ մարդ ասողին: Խղճուկը ինքդ ես: (Վերցնում է մուրճը, մեխերը տեղավորում է շրթերի արանքում:)
ԿԱՐՊԻՍ — Այս տնակը մեր քաղաքին հայտնի է «Թռչնաբույն» անունով: Նրա տերը երդվել է ապրել այնքան, մինչև որ երկրագնդում դարձյալ բազմացած լինեն թռչունները, և նա իր տնակը կվերածի աղավնաբույնի: Իսկ մինչ այդ, պարոնայք, սա իր դարն ապրած կոշիկի վերանորոգման արհեստանոց է, որտեղ հնչում է… Այո՛, այո՛, թեկուզև` ձայնագրված, բայց ամեն օր հնչում է թռչունների դայլայլը… Պարոնայք, մենք բոլորս միասին չենք կարող տեղավորվել տնակում, ուստի խնդրում եմ հերթով մտնել ներս… Համեցեք, տիկին… (Մի կողմ քաշվելով ներս է թողնում մարմնեղ տիկնոջը` ամուսնու հետ:) Համեցեք և զմայլվեք: (Ձեռքով հրում է խրձիկը:)
ԽԱՉԻԿ — (անհանգստացած): Զգույշ, կավերե՛ս…
ԿԱՐՊԻՍ — (կիսաձայն): Վարպետ, ձա՜յնը, ձայնը միացրու և ժպտա… (Դրսում խռնվածներին:) Լռություն, պարոնայք, վայելեք աշխարհի կորցրած հրաշքը…
Խաչիկը ձգվում է ձայնարկիչի կոճակին: Թռչունների դայլայլն ավելի բարձր է հնչում:
ԿԻՆ — Oh, la, la!… Quelle vue! Le cordonnier parmi la volee des oiseaux… (Կարպիսին.) Est-ce qu’on peut photographier? («Օ՜, լյա-լյա, ինչպիսի՜ տեսարան, կոշկակարը` թռչունների երամի մեջ… Կարելի՞ է լուսանկարել»:)
ԿԱՐՊԻՍ — (չհասկանալով): Մադա՞մ…
ԱՍԱՏՈՒՐ — (թերթից չկտրվելով): Հարցնում է` կարելի՞ է լուսանկարել…
ԿԱՐՊԻՍ — Oh, oui oui, oui, s’il vous plait («Օ՜, այո…Այո, այո, խնդրեմ»: Աղերսանքով` Խաչիկին:) Վարպետ, ժպտա՜…
ԿԻՆ – Merci. (Լուսանկարում է:)
ԿԱՐՊԻՍ — Մադամ, չէի՞ք բարեհաճի, արդյոք, ձեր տպավորությունը գրի առնել «Թռչնաբույնի» մատյանում:
ԿԻՆ — «Թռչնաբույնը» մատյան ա՞լ ունի:
ԿԱՐՊԻՍ – Իհարկե, հարյուրավոր տուրիստներ գրառումներ են արել: (Ձեռքը պարզում է դարակին, որտեղ մատյանը պիտի լիներ:) Գիրքն ո՞ւր է…
ԽԱՉԻԿ — (գործից չկտրվելով): Իր տեղում չի՞:
ԿԱՐՊԻՍ — Չէ… Երեկ այստեղ էր:
ԱՍԱՏՈՒՐ — Կարո՞ղ է` գողացել են:
ԽԱՉԻԿ — Ի՞նչ գողանալ… Այստեղ պետք է լիներ:
ԿԱՐՊԻՍ — (արագ կողմնորոշվելով): Դե լավ, սարսափելի ոչինչ չկա… (Դուրս եկողներին փոխարինող տուրիստներին:) Entrez, entrez.
Ներս ու դուրս անող տուրիստները տարբեր դիրքերից լուսանկարում են Խաչիկին, պտտվող խրձիկները, զննում են վերանորոգված կոշիկները, պատերի լուսանկարները, կարծիք են փոխանակում: Նրանցից մեկը, լուսանկարելուց հետո, հանդիսավորապես թղթադրամ է դնում դազգահին:
ԽԱՉԻԿ — (անհանգստացած): Էս ի՞նչ է անում…
ԱՍԱՏՈՒՐ — Քեզ փող է տալիս:
ԿԱՐՊԻՍ — (կիսաձայն հորդորդում է): Վերցրու՜: Վերցրու ու ժպտա… (Տուրիստին:) Merci, monsieur.
ՏՈՒՐԻՍՏ — Իսկակա՜ն սյուրպրիզ էր… Հաճելի՜ սյուրպրիզ…
ԽԱՉԻԿ — (Կարպիսին` կիսաձայն, խիստ): Էս փողը վերցրու ու ռադդ քաշիր…
ՏՈՒՐԻՍՏ — Il propose quelque chose? («Նա ինչ որ բա՞ն է առաջարկում»):
ԿԱՐՊԻՍ — Oh, oui! Il dit, qu’il gardera cet argent comme… («Օ, այո… Նա ասում է, որ այդ փողը կպահի որպես…») Ը՛ը՜… (Բառը չի կարողանում հիշել: Ասատուրին:) Ֆրանսերեն թալիսմանին ի՞նչ են ասում:
ԱՍԱՏՈՒՐ – Amulette:
ԿԱՐՊԻՍ — (տուրիստին): Il gardera cet argent comme amulette («Նա այդ փողը կպահի որպես թալիսման»):
ՏՈՒՐԻՍՏ — Օh! Amulette?… (Բարեկամաբար թոթվում է Խաչիկի ուսը և էլի մի թղթադրամ դնելով դազգահին` դուրս է գնում:)
ԽԱՉԻԿ — (շվարած): Էդ ի՞նչ ասիր…
ԿԱՐՊԻՍ — Ախր… Վարպետ Խաչիկ, գործիս մի խփի…
ԽԱՉԻԿ – Չէ՛, էդ ի՞նչ ասիր:
ԿԱՐՊԻՍ — Ասացի, որ այդ փողը դու կպահես որպես «Թռչնաբույնի» թալիսման (Շրջվում է փողոցի կողմը` տուրիստներին:) Je vous prie d’etre ici, pres de l’autobus, dans une heure. Un bon loisir. Au revoir («Ուղիղ մեկ ժամից խնդրում եմ լինեք այստեղ` ավտոբուսի մոտ: Բարի ժամանց: Ցտեսություն»): (Շրջվում, հոգնած նստում է աթոռին, թաշկինակով սրբում է ճակատը:) Ուո՜ւֆ… Ֆրանսերեն չիմանալս դժվարացնում է գործս:
ԽԱՉԻԿ — Մարդկություն չիմանալդ` հեշտացնո՞ւմ է:
ԿԱՐՊԻՍ — (հաշտություն փնտրելով): Խաչիկ քեռի, քեզ ի՞նչ է պատահել:
ԽԱՉԻԿ — Զահրումար է պատահել: Ինձ մուրացիկի տեղ դրեցիր:
ԿԱՐՊԻՍ — Իզուր ես վատ զգում: Տուրիստի բնավորություն է… Վատ եղա՞վ: Ամբողջ ամսում այդքան չես վաստակի:
ԱՍԱՏՈՒՐ — (լրագիրը թերթելով): Ամբողջ տարում:
ԽԱՉԻԿ — (Ասատուրին): Ձե՛նդ:
ԿԱՐՊԻՍ – Չէ, ամբողջ տարում` շատ ասացիր:
ԱՍԱՏՈՒՐ — Ամբողջ կյանքում:
ԽԱՉԻԿ – Ձե՛նդ:
ԿԱՐՊԻՍ — Կատակը մի կողմ, եթե ինձ լսեիր ու պատերին Հիտլերի, Ստալինի նկարները փակցնեիր, գիտե՞ս ինչ էֆեկտ կլիներ:
ԽԱՉԻԿ — (կոշիկը ձեռքն առնելով): Ես մարդակեր գազանների նկարներ չեմ փակցնում:
ԿԱՐՊԻՍ — Ախր, նկարն ի՞նչ կապ ունի քո համոզմունքների հետ: Թղթի կտոր է, էլի՜… Կնայեն, հետաքրքիր կլինի:
ԽԱՉԻԿ — (կոշիկը դազգահին հարմարեցնելով): Այդպիսիներին ես ներս չեմ թողնի:
ԿԱՐՊԻՍ — Բայց փող կտային, չէ՞… Տուրիստի բնավորությունն է: Մի անսովոր կամ ծանոթ, հարազատ բան տեսնելիս փող, հուշանվեր է տալիս:
ԽԱՉԻԿ — (բարկությամբ ոտքի է կանգնում): Վե՛րջ տո՜ւր… Եթե դրա համար ես տուրիստներ բերում՝ է՛լ չերևաս… Ես համաձայնվեցի տուրիստներ բերես ինձ մոտ, որ թռչունների մասին խոսես…մարդիկ չմոռանան, հիշեն, որ երկրագունդը միայն իրենցը չի, միայն իրենք չեն էս աշխարհի տերը… Ինչքան որ դու ես երկրի բնակիչ, էդքան էլ` շունը, կատուն, արջը, ձուկը, թռչունը…
ԿԱՐՊԻՍ — (շվարած): Հա… ո՞վ բան ասաց…
ԽԱՉԻԿ — Հա ու` ջան… (Նստում է:) Բա ինչո՞ւ չպաշտպանեցինք թևավորներին… Նեղն էին ընկել, չէ՞… Դժբախտության մեջ էին, ինչու միայն մեր մասին մտածեցինք, գլխապատառ սկսեցինք ինքներս մեզ պատվաստումներ անել, որ պաշտպանվե՜նք, չվարակվե՜նք, բայց չմտածեցինք, որ թևավորներին էլ է օգնել պետք, համաճարակի դեմն առնել է պետք… Դրա փոխարեն սկսեցինք բոլորին անխղճաբար կոտորել…
ԱՍԱՏՈՒՐ — (հաշտարար): Լա՜վ, լա՜վ… Բարկությունդ Կարպիսի վրա մի թափիր… Նա ի՞նչ մեղք ունի:
ԽԱՉԻԿ — Բոլորս ենք մեղավոր: (Գլխահակ:) Բոլորիս եմ ասում… Ինձ եմ ասում… (Փորձ է անում գործիքները վերադասավորել, բաց հանկարծ հիշելով` Ասատուրին:) Դպրոցի վերջին դասը ե՞րբ է ավարտվում:
ԱՍԱՏՈՒՐ- Երկուսն անց կեսին:
ԽԱՉԻԿ — (Կարպիսին): Ժամը քանի՞սն է:
ԿԱՐՊԻՍ — (ձեռքի ժամացույցին նայելով): Երկուսն անց տասնհինգ:
ԽԱՉԻԿ — Արդե՞ն… (Արագ վերցնում է պլաստմասսայե դատարկ շիշը:) Գնամ ցայտաղբյուրից ջուր բերեմ: (Դուրս է գնում:)
ԱՍԱՏՈՒՐ — (թերթը ծալելով, հերսոտած): Ա՛յ ջահել, ի՞նչ ես կպել` փո՜ղ, փո՜ղ… Չգիտե՞ս, որ նա փող չի վաստակում:
ԿԱՐՊԻՍ — Բան չունեմ ասելու… Ինձնից էլ, հիշում եմ, երեխա ժամանակս փող չէր վերցնում… Նստում էի հենց այս աթոռին ու սպասում, մինչև կոշիկս վերանորոգեր ու կասեր` «Պա՜հ, պա՜հ, էս կոշիկով միայն խաղալ ու վազվզել է պետք»…
ԱՍԱՏՈՒՐ – Կարպիս, Խաչիկը ընդհանրապես փող չի վաստակում… Նախկինում աղքատներից ու երեխաներից փող չէր վերցնում, դա բոլորս գիտենք: Իսկ հիմա` ընդհանրապե՛ս, ոչ մեկից:
ԿԱՐՊԻՍ — Ինչո՞ւ:
ԱՍԱՏՈՒՐ — (գաղտնիք ասելու պես): Որովհետև հաճախորդ չունի: Ոչ ոք այլևս հնամաշ կոշիկ չի բերում:
ԿԱՐՊԻՍ — (դարակները ցույց տալով): Բա սրա՞նք…
ԱՍԱՏՈՒՐ — Դրանք ինքն ու նախկին ծաղկավաճառ Սոնան են աղբանոցներից հավաքում… Բոլորից թաքուն հավաքում, բերում են, վերանորոգում է: Հիմա ո՞վ է կոշիկը վերանորոգման տալիս: Մաշվեց` շպրտում, նորն են առնում:
ԿԱՐՊԻՍ — (իր կոշիկները զննելով): Ճիշտ որ… Մտքովս չէր անցել: Բայց կարելի է, չէ՞, հետաքրքրվել, գտնել մարդկանց… Ասենք` դաշտում աշխատողներին տանել, էժան գնով ծախել…
ԱՍԱՏՈՒՐ — Հասկացիր, այ տղա, Խաչիկը փողով կոշիկ չի ծախի… Նրա գործը լավ բան անելն է… Նա ուզում է մարդկանց լավություն անել, իսկ դա ոչ մեկին պետք չի… Դու հասկանո՞ւմ ես, թե ինչ ողբերգություն է, երբ քո լավ արարքը ոչ մեկին պետք չի…
ԿԱՐՊԻՍ — (մտախոհ): Ահավոր է…
ԱՍԱՏՈՒՐ — Ահավոր է, բա՞:
Շիշը ձեռքին, տագնապած, խուճապահար մտնում է Խաչիկը:
ԽԱՉԻԿ — (իր տեղը չգտնելով): Ասատուր, Կարպիս, վեր կացեք… Վեր կացեք, դուրս եկեք, փակում եմ… Չէ, չէ, մի գնացեք… Սպասեք… (Նստում է իր տեղում, վերցնում մուրճը, կոշիկը հարմարեցնում դազգահին:) Ասատուր, թերթ կարդա… իբր` կարդում ես… Կարպիս, դու էլ` խոսիր… ի՞նչ էիր ասում… տուրիստից էիր խոսում… խոսիր… (Ձեռքը մեկնում, հրում է խրձիկը: Հնչում է թռչունների դայլայլը:) Ի՞նչ եք պլշած ինձ նայում… Ամբողջ օրը կարդում ես… Կարդա, էլի՜…
ԱՍԱՏՈՒՐ — Խաչիկ, ի՞նչ է պատահել:
ԽԱՉԻԿ — Կարդա, Ասատուր ջան, կարդա… (Ձգվելով հառվում է դռնից դուրս, ապա, ուղղվելով, կոշիկը մեխելով, իբրև թե շարունակում է կիսատ զրույցը:) …եկավ, ասում է` վարպետ, երեխան դպրոց պիտի գնա, բայց կոշիկի ներբանը պոկվել է, կարող ե՞ս շտապ վերանորոգել… (Ասատուրն ու Կարպիսը զարմացած միմյանց են նայում:) Ասացի` իհարկե կարող եմ: (Թղթապանակը ձեռքին, մտնում է Աբգարյանը:) Ասացի` իհարկե կվերանորոգեմ: Կոշիկի պատճառով երեխան ինչո՞ւ բացակայի դասից…
ԱԲԳԱՐՅԱՆ — Բարի օր ձեզ:
ԽԱՉԻԿ — (շինծու զվարթությամբ): Ա՜, պարոն Աբգարյան, դո՞ւք եք… Բարև ձեզ… բարև ձեզ… Համեցեք… ներս եկեք… Նստեք, խնդրեմ: Կարպիս ջան, նեղություն քաշիր` աթոռը զիջիր պարոն Աբգարյանին: Նա քաղաքապետարանում է աշխատում… Մեկ-մեկ ինձ հյուր է գալիս… Ինչպե՞ս եք, պարոն Աբգարյան, ի՞նչ նորություն կա…
ԱԲԳԱՐՅԱՆ — (Կարպիսին): Շնորհակալություն, երիտասարդ: (Նստում է:) Փառք Աստծո: Ամեն ինչ կարգին է: Ձեր գործերն ինչպե՞ս են, վարպետ Խաչիկ:
ԽԱՉԻԿ — (քողարկված տագնապով): Փառք Աստծո, լավ են: Առավոտյան ծաղկավաճառը բերեց… Ամուսնու կոշիկն է… Խնդրեց` շտապ վերանորոգել…
ԱԲԳԱՐՅԱՆ — (նայելով կոշիկին): Ամուսնո՞ւ…
ԽԱՉԻԿ — Հա: Նա ամուսնացած է…
ԱԲԳԱՐՅԱՆ — Բայց դա երեխայի կոշիկ է:
ԽԱՉԻԿ — Երեխայի՞… հա, իսկապես… Պետք է ասեի` երեխայի: Շատ չարաճճի տղա է… Ամբողջ օրը վազվզում է ու կոշիկը շուտ է մաշում…
ԱԲԳԱՐՅԱՆ — Բայց, կարծես, աղջիկ երեխայի կոշիկ է…
ԽԱՉԻԿ — Իսկապե՞ս… Ուրեմն աղջկանն է… Ես կարծեցի, թե…
ԱԲԳԱՐՅԱՆ — (բարեհոգաբար` Խաչիկին նեղ վիճակից հանելով): Կարող է և տղայինն է: Հիմա ո՞վ է տարբերություն դնում… (Զննում է չորս կողմը:) Հա… Անցնում էի այստեղով և հիշեցի, որ այսօր…
ԱՍԱՏՈՒՐ — (անհանգստացած): Այսօր` ի՞նչ:
ԱԲԳԱՐՅԱՆ — Հիշեցի, որ այսօր վերջին օրն է:
ԱՍԱՏՈՒՐ — (մռայլված): Ը՛մ-դա՜… (Դեմքը թաղում է լրագրի մեջ:)
ԽԱՉԻԿ — (թևաթափ): Հա… իսկապես… վերջին օրն է… բայց որ ծաղկավաճառը խնդրեց… շատ խնդրեց… ստիպված էի այս մի զույգն էլ վերանորոգել… Ես այստեղից տանելու ոչինչ չունեմ… միայն սրանք` կարապները, աղավնիները… Մնացածն ինձ պետք չեն… (Հոգոցով:) Ոչ մեկի պետք չեն… Ժամանակ տվեք, խնդրում եմ… մեկ ժամ: Ավարտեմ վերանորոգումն ու…
ԿԱՐՊԻՍ — Ի՞նչ եք խոսում, չեմ հասկանում:
ԽԱՉԻԿ — (նրա չհասկանալու վրա նյարդայնացած): Ի՞նչ կա չհասկանալու… Քաղաքը մեծացել է… գեղեցկացել… (Գործիքները վերադասավորելով:) Կյանքը զարգանում է… Հո չի՞ կարելի էս խղճուկ արհեստանոցով փչացնել քաղաքի տեսքը… Տուրիստներ են գալիս… Պաշտոնավոր հյուրեր… Մեր մասին ի՞նչ կմտածեն… Ճիշտ չի՞, Ասատուր…
ԿԱՐՊԻՍ — Բան չեմ հասկանում: Տուրիստները գալիս են… Հետո՞ ինչ…
ԽԱՉԻԿ — Դե… Դե, եթե տուրիստներն էլ չլինեին… Ժամկետ է տրված… Էսօր վերջին օրն է… Արհեստանոցը քանդել է պետք… Քաղաքապետարանը ճիշտ որոշում է կայացրել… Ճիշտ չի՞, Ասատուր… (Հայացքը հառում է փողոցին:) Էդ Դավիթն ի՞նչ եղավ, է՞… Մի ժամից… Գուցե` երկու… Պարոն Աբգարյան, խնդրում եմ… Դավիթը գա ու մենք դուրս կգանք…
ԿԱՐՊԻՍ — Բայց… Բայց ո՞ւմ է վնաս տալիս: Դրսից կարելի է ներկել, ժամանակակից տեսք տալ… «Թռչնաբույնը» քանդել չի կարելի… Մեզ պետք է… Բոլորին է պետք… Մեր մանկության հուշն է, մեր քաղաքի անցյալի հուշը…
ԽԱՉԻԿ — (բարկացած): Ի՞նչ հուշ, այ տղա՜… Հիմարություն ես ասում…
ԱԲԳԱՐՅԱՆ — Չէ, հիմարություն չի: Ճիշտ է ասում: «Թռչնաբույնը» ոչ մեկի վնաս չի տալիս:
ԽԱՉԻԿ — (հուզվում է, երախտապարտ): Շնորհակալ եմ… Ես գիտեմ, որ դուք բարի մարդ եք: Բայց ի՞նչ կարող եք անել… Ձեզ էլ վերևից են կարգադրել:
ԱՍԱՏՈՒՐ — (թերթի տակից): Ը՛մ-դա՜…
ԽԱՉԻԿ — Ժամկետ են տվել… օրենք է… Վերջին օրն է… Պիտի կատարենք…
ԱԲԳԱՐՅԱՆ — Սպասիր, վարպետ, ի՞նչ օրենք: Ես ծիծեռնակների ձվերի մասին էի ասում… Ասատուրն է ինձ պատմել: (Ասատուրին:) Էսօր վերջին օրը չի՞… Հիշեցի, եկա իմանամ` ի՞նչ լավ լուր կասեք…
ԽԱՉԻԿ — (շփոթվում է): Բա… Բա քանդելու որոշո՞ւմը…
ԱԲԳԱՐՅԱՆ — Վարպետ Խաչիկ, քաղաքապետարանում որոշեցին «Թռչնաբույնը» չքանդել:
ԱՍԱՏՈՒՐ — (անակնկալի եկած): Իսկապե՞ս:
ԱԲԳԱՐՅԱՆ — Հա: Որոշեցին ձևակերպել որպես քաղաքի պատմության թանգարանի մասնաճյուղ… Մանավանդ, տուրիստների ուղերթն այս փողոցով է անցնում և բոլորն էլ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում «Թռչնաբույնի» նկատմամբ: (Պայուսակից թղթեր է հանում:) Ահա, որոշումը, Խաչիկին էլ որոշակի ռոճիկ կնշանակեն:
ԱՍԱՏՈՒՐ — (հուզված ոտքի է կանգնում, սեղմում է Աբգարյանի ձեռքը): Շնորհակալություն, պարոն Աբգարյան, անչափ` շնորհակալություն…
ԱԲԳԱՐՅԱՆ — Ես ի՞նչ եմ արել, որ… Այդ ձեզ պետք է շնորհակալություն հայտնել… Կարողացաք փաստարկել, համոզել… Հա, քիչ մնաց` մոռանայի: Սա էլ ձեր բերած «Տպավորությունների մատյանը»: Ետ բերեցի: (Գիրքը վերադարձնում է Ասատուրին:) Դուք ճիշտ ժամանակին բերեցիք, քաղաքապետարանի նիստում գիրքը մեծ ազդեցություն թողեց:
Շեմին հայտնվում է մանկապարտեզի Լուսինեն:
ԼՈՒՍԻՆԵ — Բարև ձեզ: Վարպետ Խաչիկ, երեխաներն արդեն այստեղ են: (Գլուխն ափերի մեջ առած Խաչիկը չի արձագանքում:) Վարպետ, երեխաները սպասում են…
ԱԲԳԱՐՅԱՆ — Ի՞նչ երեխաներ:
ԱՍԱՏՈՒՐ — Մանկապարտեզի երեխաները: Ամեն օր զբոսանքի դուրս գալիս այստեղ կանգ են առնում, լսում թռչունների դայլայլը: (Ձեռքը մեկնում, հրում է խրձիկը: Պտույտի հետ հնչում է թռչունների ճռվողյունը:)
Հեռվից լսվում է Դավթի ձայնը, ապա հևասպառ հայտնվում է ինքը:
ԴԱՎԻԹ — Թռա՜ն, թռա՜ն… Քեռի Խաչիկ, թռա՜ն… Մեկը վարուժան էր, մյուսը` մարի… Ձվերից դուրս եկան ու չվեցի՜ն, թռա՜ն…
ԱՍԱՏՈՒՐ — (զարմանքով): Դու քո աչքով տեսա՞ր…
ԴԱՎԻԹ — Իհարկե… Պտույտ գործեցին ու թռան դեպի հարավ:
ԱՍԱՏՈՒՐ — (ապշած): Դու տեսար, թե ինչպես ձվից դուրս եկա՞ն…
ԴԱՎԻԹ — Չէ… Երբ դպրոցից գնացի` ձվերը տեղում չէին… Քիչ մնաց լաց լինեմ… Հետո հիշեցի, որ ճուտիկներն իրենց կեղևն ուտում են… Վեր նայեցի… Ու մեկ էլ տեսնեմ` երկնքում, հեռու՜-հեռվում, բա՜րձր հեռվում` թռչում են… Նրանք ետ կգան, չէ՞, քեռի Խաչիկ, գարնանը, բազմացած, երամ կազմած ետ կգան…
ԽԱՉԻԿ — (իրեն վերագտնելով): Իհարկե կգան, Դավիթ: Անպայման կգան… Էդպես չի՞ Ասատուր…
ԱՍԱՏՈՒՐ — (շփոթմունքը թաքցնելով): Իհարկե… Եթե… եթե չվել են, անպայման ետ կգան…
Բոլորի հայացքը հառվում է պտտվող խրձիկներին: Շրջապատը լցվում է թռչունների դայլայլով ու թևածող լուսեղեն թռչուններով: