Էդգար ԹԱԹԻԿՅԱՆ / ՄԵՐ ՏՈՒՆԸ
Գործող անձինք
ԱՂԲԱՄԱՆ Փուֆ-Փուֆ
ՇՈՒՆ
ԿԱՏՈՒ
ԱԳՌԱՎ Ա
ԱԳՌԱՎ Բ
ԲՆԱԿԻՉ 1, 2, 3
ՏԻԿԻՆ իր կատվի հետ
Բակում կանգնած է Աղբամանը: Շենքերից անընդհատ աղբ է թափվում:
Աղբաման – Էլի՛, էլի՛: Այդ մեկն էլ տվեք:
Շենք 1 – Ձայնդ կտրի՛, աղբի կույտ:
Շենք 2 – Ստացի՛ր, հոտած բանջարեղեն:
Շենք 3 — Փո՜ւֆ, փո՜ւֆ:
Բոլոր շենքերը – Փուֆ-փո՜ւֆ, փուֆ-փու՜ֆ:
Աղբաման – Այո՛, Աղբաման Փուֆը նորից եթերում է: Հարգելի՛ բնակիչներ,եթե ունեք տարածքը կեղտոտելու ծրագիր, դիմե՛ք մեզ, մենք միշտ պատրաստ ենք ձեզ աջակցել, իսկ մինչ այդ աղբը նետել աղբամանի մեջ, իսկ եթե տեղ չկա, հոգս չէ, գլխի՛ս․ կատա՛կ՝ կողքը:
Մտնում է կատուն:
Կատու – Ի՞նչ ես ձայնդ գլուխդ գցել: Հոտդ քիչ էր, հիմա էլ ձա՞յնդ ես աշխարհով մեկ արել:
Աղբաման – Գիտեմ, որ վատ բան եմ անում, բայց պիտի անեմ։ (Բռնում է կատվի պոչից ու բարձրացնում:) Կատու, Աստված գիտի՝ քանի տարեկան, ապրում է տանիքում, սնվում է աղբամանից, դժգոհ է կյանքից: (Մի կողմ է նետում կատվին:)
Կատու – Ինչի՞ պիտի գոհ լինեմ: Սա իսկական շան կյանք է:
Աղբաման – Սենսացիոն բացահայտում ուղիղ եթերում: Կատուն ապրում է շան կյանքով: Իսկ որքա՞ն ժամանակ է, որ ձեզ շուն եք զգում:
Կատու – Գլուխ չունեմ: Ինձ համար ուտելու բան ունե՞ս:
Աղբաման – Շնորհակալություն հայտնենք ուտելիքի հովանավոր շենքերին և անցնենք ճաշացանկին: Այսօր հատուկ ձեզ համար պատրաստել ենք հոտած կարտոֆիլ։
Շենք 1 – Փո՜ւֆ:
Աղբաման – Թթված թթվասեր:
Շենք 2 – Փո՜ւֆ:
Աղբաման – Եվ, վերջապես. հոտած ձկան կոտլետ:
Շենք 3 — Փո՜ւֆ-փո՜ւֆ:
Կատու – Կոտլետնե՛ր։ Այ սա կատվի դրախտ է: Դէ ասա, ի՞նչ նորություն կա շենքերում:
Աղբաման – Ամեն ինչ հրաշալի է: Մաքրասեր մարդիկ պակասել են, աղբը ավելացել է, և ես գոհ եմ իմ կյանքից։
Կատու – Հարևան բակի աղբամանը մաքրել են և տարածքը մարդաշատ է դարձել:
Աղբաման – Մի ժամանակ այստեղ էլ էր մարդաշատ: Ամեն օր երեխաների ձայներ, ծիծաղ ու խաղեր: Չէին թողնում՝ մարդ հանգիստ ապրի: Մի օր աղբի մեքենան փչացավ, ես լցվեցի, լցվեցի, լցվեցի ու շենքերն սկսեցին աղբը ուղղակի գետնին թափել:
Կատու – Բա չբողոքեցի՞ն:
Աղբաման – Ո՞վ, սրա՞նք: Ինչո՞ւ պիտի բողոքեն: Այսպես նրանց էլ է հարմար: Էլ կարիք չկա աղբ թափելու համար այդքան աստիճան իջնել ու բարձրանալ: Միանգամից՝ ֆը՜շտ գլխիս:
Կատու – Բասկետբոլ խաղալու պե՞ս:
Աղբաման – Ըհը՛: Հետո մաքրասերները հեռացան և ես սկսեցի բուրե՜լ:
Շենք 1 – Փո՜ւֆ:
Շենք 2 – Փո՜ւֆ:
Շենք 3 – Փո՜ւֆ-փո՜ւֆ:
Աղբաման – Որ այդքան զզվում եք, ինչու՞ չեք մաքրում: Ուրեմն՝ ձեր դուրն էլ է գալիս այս աղբը:
Բեմ է շպրտվում մի շուն:
Շուն – Ես ձեզ համար աղբ չեմ: Ես երկու շնադպրոց եմ ավարտել, այն էլ՝ գերազանց: (Աղբամանին ու կատվին.) Բարև ձեզ:
Աղբաման – Աղբանոց թիվիի եթերում նոր հյուր և նոր զարգացում: Հավատարիմ արարածը աղբանոցում: Ո՞վ է նա, ինչպե՞ս է հայտնվել այստեղ: «Դաժան ծեծի ենթարկվածը», դիտեք գովազդից հետո:
Շուն – Ինձ ոչ ոք չի ծեծել:
Կատու – Բարի գալուստ աղբանոց: Միանգամից ասեմ, որ ուտելիքն իմն է:
Աղբաման – Տարածքն էլ՝ իմը: Այնպես որ, եթե ուզում ես այստեղ մնալ, պիտի հարկ վճարես:
Շուն – Ես այստեղ երկար չեմ մնա: Շուտով տեր կգտնեմ ու կգնամ:
Կատու – Կմնա՜ս, կմնա՜ս: Ես էլ էի այդպես մտածում, բայց արդեն 100 տարի է այս աղբանոցում եմ ապրում: Այստեղ միայն անպետք բաներն են հայտնվում:
Շուն – Ես միակ շունը կլինեմ, որ աղբանոցում ապրելով՝ տեր կգտնի:
Աղբաման — Իզուր մի երազիր, մեկ է՝ չի կատարվելու:
Շուն – Կկատարվի՛: Ես հո փողոցային շուն չե՞մ: Ես կրթություն ունեմ:
Կատու – Արդեն լսել ենք, դու երկու շնադպրոց ես ավարտել։
Աղբաման — Բո՛ւհ,
Կատու — Ինստիտո՛ւտ , այն էլ գերազանց :
Շուն – Բացի այդ՝ մայրս ինձ լավ դաստիրակություն է տվել:
Աղբաման – Չլինի՞ թե մաքրասեր ես:
Շուն – Այո։ Իսկ ի՞նչ կա որ:
Աղբաման – Տագնա՜պ, մաքրասեր շուն է հայտնվել: Օգնությո՜ւն:
Կատու – Այս շունը վերջդ տալու է:
Կատուն դուրս է գնում:
Աղբաման – Շո՛ւտ, իմ սրտի դեղը: Արագացրո՛ւ, թե չէ կմեռնեմ:
Շուն – Մի՛ վախեցեք, ես ոչ մի վատ բան չեմ անի: Ուղղակի այստեղ կապրեմ, մինչև ինձ տեր կգտնեմ:
Աղբաման – Հաստա՞տ: Լավ է: Քիչ էր մնում սիրտս կանգներ: Լավ պրծանք: Վերջին անգամ այսպես վախեցել էի, երբ ինչ-որ մարդիկ եկան ու ասացին, որ տարածքը պետք է մաքրեն: Բայց, փառք Աստծո, ասացին ու գնացին:
Շուն – Ձեզ դո՞ւր է գալիս այս աղբանոցը:
Աղբաման – Երևում է՝ միամիտ շուն ես: Յուրաքանչյուր իրեն հարգող Աղբաման սիրում է աղբը և այդ աղբը նետող մարդկանց:
Շուն – Չգիտեի:
Աղբաման – Որտեղի՞ց իմանաս: Ձեր այդ շնադպրոցում միայն պոչ շարժել ու հաչել են սովորեցնում, մեկ էլ ոսկոր կրծել:
Շուն – Ճիշտ չէ: Մեզ նաև հավատարիմ լինել են սովորեցրել․․․ Ի դեպ, ասել են նաև, որ մաքուր լինելը լավ բան է:
Աղբաման – Նորից մաքրություն: Այդ բառից իմ ճնշումը բարձրանում է, սիրտս վատանում է և ես կարող եմ մեռնել և դու մնաս անտեր:
Շուն – Ներեցե՛ք:
Լսվում է ագռավների կռռոց:
Աղբաման – Հիմա էլ սրանք:
Շուն – Այդ ովքե՞ր են:
Աղբաման – Ագռավները: Անընդհատ խանգարում են: Ես աղբը գեղեցիկ դասավորում եմ, իսկ դրանք վերցնում են ու տանում:
Շուն – Ու՞ր են տանում:
Աղբաման – Չգիտեմ: Բայց սա ի՛մ աղբն է ու այն ոչ ոքի չեմ տա:
Մտնում են ագռավները:
Ագռավ ա – Բնության սանիտար կանչե՞լ եք:
Աղբաման – Ո՛չ, շնորհակալ եմ, մենք մեր աղբի մեջ մեզ լավ ենք զգում:
Շուն – Իսկ ի՞նչ է նշանակում բնության սանիտար:
Աղբաման — Ես ի՞նչ իմանամ, դրանցից հարցրու։
Ագռավ ա – Բնությունը մաքրող:
Ագռավ բ – Բնության սանիտար:
Աղբաման – Այստեղ մաքրելու կարիք չկա:
Ագռավ բ – Ճիշտ չէ:
Շենք 1 — Փո՜ւֆ:
Շենք 2 – Փո՜ւֆ:
Շենք 3 – Փո՜ւֆ:
Շենքերը միասին – Փո՜ւֆ, փո՜ւֆ, փո՜ւֆ, փո՜ւֆ:
Ագռավ ա – Շենքերը մեզ հետ համաձայն են:
Ագռավ բ – Մենք էլ շենքերի հետ ենք համաձայն։
Շուն – Ես էլ եմ համաձայն:
Աղբաման – Դավաճա՛ն։ Վերջին անգամ եմ ասում՝ սա իմ աղբն է ու ոչ ոքի չեմ տա: Այնպես որ՝ բա-բա՜խ, բա-բա՜խ։
Քշում է ագռավներին։
Շուն – Բայց նրանք ուզում էին օգնել:
Աղբաման – Չէ մի՝ օգնել: Դրանք միայն կռռալ գիտեն: Դրանց տես` բնության սանիտարներ, կա՜ռ-կա՜ռ-կա՜ռ:
Շուն – Խե՜ղճ ագռավներ։
Աղբաման – Մի՛ լացիր, արցունքներից շաքարս բարձրանում է և ես կարող եմ մեռնել։
Շունն ավելի բարձր է լացում։
Աղբաման – Կուզե՞ս երգեմ քեզ համար։
Շուն — Ո՛չ։
Աղբաման — Կուզե՞ս պարեմ քեզ համար։
Շուն — Ո՛չ։
Աղբաման — Կուզե՞ս՝ դու պարես ինձ համար։
Շուն — Այո՛։ (Դադարում է լացել:)
Աղբաման — Այ քեզ բան, դու պարե՞լ գիտես։
Շուն — Դպրոցում եմ սովորել։
Աղբաման — Աղբաման թիվիի եթերում ելույթ է ունենում անտեր շունը։
Շունը սկսում է պարել:
Աղբաման – Հիանալի էր:
Շուն – Շնորհակալությո՛ւն:
Աղբաման – Դա մեր կատվին սովորեցրու, որ իր փիսիկի համար պարի:
Շուն – Փիսիկն ո՞վ է:
Աղբաման – Այս շենքում է ապրում: Շատ ձևական ու քաղքենի կատվիկ է: Մեր դմբոն էլ դրան է սիրահարվել:
Շուն – Սիրահարվե՞լ։ Ասացիք՝ քաղքենի՞: Քաղքենին ի՞նչ է:
Աղբաման – Դե, ինչպես բացատրեմ: Այ, օրինակ՝ այս շենքերը: Այստեղ աղբ են նետում, հետն էլ փո՜ւֆ-փո՜ւֆ անում, այ սա քաղքենիություն է:
Շուն – Կարճ ասած՝ անկիրթ ու փնթի մարդիկ են:
Աղբաման – Մոտավորապես՝ այդպես: Դե, դու հսկիր, որ աղբը չտանեն, ես մի քիչ քնեմ:
Աղբամանը քնում է: Շունը աղբը մի կողմի վրա է հավաքում ու ինքն էլ քնում: Մտնում է կատուն:
Կատու – Այ հիմա հանգիստ ուտելիք կփնտրեմ: (Քրքրում է աղբանոցը:)
Աղբաման — (փակ աչքերով): Անկի՛րթ փիսո:
Կատու – Ի՞նչ:
Աղբաման – Այդ խելքով էլ ուզում ես, որ փիսիկդ քեզ նկատի՞։
Կատու – Արթնացա՞ր:
Աղբաման – Ո՛չ, դեռ քնած եմ:
Կատու – Դե քնի, քնի, էլ ի՞նչ ես ուզում:
Աղբամանը բռնում է կատվի պոչից ու նորից վերև բարձրացնում։
Աղբաման – Անքաղաքավարություն է առանց թույլտվության ուրիշի աղբը քրքրելը:
Կատու – Ճի՛շտ է, շա՛տ ճիշտ է:
Աղբաման – Սկսի՛ր երգել, փիսիկդ գալիս է: Գրազ կգամ՝ այս անգամ էլ չի նկատի:
Կատու – Տեսքս լա՞վ է:
Աղբաման — Լա՛վ է։
Կատու — Վրայիցս հոտ գալի՞ս է:
Աղբաման — Էն էլ ո՜նց։
Կատու— Տեր Աստված, գնացի՛նք: (Սկսում է երգել:)
Լվացել եմ թաթիկներս,
Դունչս ու ականջներս,
Բեղերս պսպղուն,
Պոչս փարթամ ու նախշուն:
Մտնում է տիկինը, ձեռքին՝ կատու: Տիկնոջ ձեռքին աղբի տոպրակ կա:
Տիկին – Какой ужас!: Киска моя, ականջներդ փակիր:
Շենք 1 – Փակի՛ր:
Կատու – Ես այստեղ եմ:
Տիկին – Киска моя, աչքերդ փակիր:
Շենք 2 – Փակի՛ր:
Կատու – Ես գալիս եմ:
Տիկին – Киска моя, քիթդ փակիր: Ֆի՜:
Շենք 3 – Փակի՛ր:
Տիկինը աղբի տոպրակը նետում է կատվի վրա ու հեռանում: Նրա մլավոցից շունը արթնանում է:
Բոլոր շենքերը – Ֆի՛, ֆի՛, ֆի՛, ֆի՛:
Աղբաման – Տոնական պարտություն: Կատուն պարտվում է աղբամանին 5000-0 հաշվով:
Շուն – Որևէ բա՞ն եմ բաց թողել:
Աղբաման – Ոչ մի կարևոր բան: Մեր Փիսոն նորից չնկատեց այս կեղտոտ կատվին:
Շուն – Լողացե՛ք, գուցե այդպես նա նկատի:
Կատու – Լողանա՞լ, երբե՛ք։
Աղբաման – Բոլոր կատուները ջրից վախենում են, գերազանցի՛կ։
Շուն – Վախենալու բան չկա: Հիմա ցույց կտամ՝ ինչպես է պետք լողանալ: (Աղբանոցից տաշտակ է հանում, ջուր բերում, լցնում ամանի մեջ։) Տես, նախ լավանում ենք թաթիկները, հետո դունչն ու ականջները, բեղերը պսպսղացնում ենք, իսկ պոչը, պոչը․․․
Աղբաման — Խուզո՛ւմ։
Շուն — Փարթամացնում։ Դե՛, համեցե՛ք։
Կատու— Ոչ մի դեպքում։
Շուն — Փիսիկը կսիրահարվի՛ ձեզ։
Կատու — Չի՛ սիրահարվի։
Շուն — Դուք կամուսնանա՛ք։
Կատու – Չե՛նք ամուսնանա։
Շուն — Ձագուկներ կունենաք։
Կատու — Չե՛նք ունենա։
Շուն — Երկու երկու տղա, երկու աղջիկ։
Կատու — Չորս աղջիկ։
Աղբաման – Երկո՛ւ։
Կատու — Չո՛րս։
Աղբաման – Մտի՛ր ու խեղդվի՛ր, սատկած կատվից ես էլ աչքս չեմ կտրի:
Շուն – Մի՛ լսիր նրան:
Կատու – Հանուն ձագուկներիս։ (Լողանում է:) Այ, հիմա կսիրահարվի՜։
Շուն — Ըհը՛։
Կատու — Ձագուկներ կունենանք։
Աղբաման — Չե՛ք ունենա։
Շուն – Կունենա՛ք։
Կատու — Երկու տղա, չորս աղջիկ։
Աղբաման – Զրո աղջիկ։ Զը-րո՛։ Մաքո՛ւր կատու: Հեռո՛ւ ինձանից, չվարակե՛ս: Սենսացիոն բացահայտում ուղիղ եթերում։ Բնության օրենքը խախտված է՝ շունն ու կատուն ընկերացել են, թո՛ւ:
Շուն – Որ մաքրվես, քեզ հետ էլ կընկերանանք:
Կատու – Ուզում եմ քեզ համար մի լավ բան անեմ:
Շուն – Ես տեր եմ ուզում, իսկ դու ինքդ տեր չունես, էլ ուր մնաց ինձ համար գտնես:
Կատու – Ճիշտ է: Բայց դու մի տխրի, այստեղով շատ մարդ է գնում գալիս: Գուցե՞ մեկը քեզ նկատի:
Շուն – Այս աղբանոցում միայն աղբն են նկատում:
Աղբաման – Բա հո քեզ չէին նկատելու: Բայց ինձ մի հարց է հետաքրքրում: Այսքան մաքուր երկու զզվելի արարած որտե՞ղ են ապրելու:
Կատու – Այստե՛ղ, այստե՛ղ և այստե՛ղ։ (Ցույց է տալիս աղբամանի տարածքը)
Աղբաման – Ուրեմն իզուր լողացար, վաղը նորից իմ հոտը քեզ կկպնի, ու մնաս բարով, փիսի՛կ։
Շուն – Եթե մենք այստեղ ենք ապրելու…
Աղբաման – Դա դեռ որոշված չէ:
Շուն – Նաև ուզում ենք մաքուր մնալ…
Աղբաման – Ես համաձայն չեմ:
Կատու – Ուրեմն պետք է տարածքն էլ մաքրենք:
Աղբաման – Տագնա՜պ: Մոտ չգաք, թե չէ ձեզ չինական կառատե փուֆ կանեմ:
Շուն – Իսկ ես քեզ կառատե հաֆ կանեմ:
Աղբաման – Չեմ վախենում:
Կատու – Իսկ կառատե միաուից չե՞ս վախենում:
Աղբաման – Մոտ չգաք, թե չէ այս աղբի կտորը ձեր գլխին կտամ: Ի՜նչ էլ կտոր է։
Կատուն ու շունը փորձում են մաքրել աղբամանը, բայց չեն կարողանում: Քիչ անց աղբից երկու բարիկադ են սարքում և մտնում մեջը:
Աղբաման – Զգուշացնում եմ, որ ցանկացած մաքուր արարք կպատժվի աղբանոցի հրամանատար, գեներալ Փուֆ-փուֆի կողմից: Սթափվե՛ք, գժուկներ։
Շուն – Այս բակը միայն քոնը չէ:
Կատու – Սա մեր տունն է:
Շուն – Եվ մենք այն մաքուր կպահենք:
Կատու – Աղբաման, հեռացի՛ր։
Բոլորը, բացի Աղբամանից — Աղբամա՛ն, հեռացի՛ր, Աղբամա՛ն, հեռացի՛ր։
Շուն – Այսպես չի լինի:
Կատու – Գիտեմ, թե ինչ կանենք:
Շուն – Է՜յ, գեներալ։
Աղբաման — Գեներալն անուն ունի։
Շուն — Գեներալ Փո՜ւֆ-փո՜ւֆ, արի՛ հաշտություն կնքենք:
Կատու – Վերջին անգամ ենք զգուշացնում:
Աղբաման – Թե չէ՝ ի՞նչ:
Կատու- Չիր ու չամի՛չ։
Աղբաման — Փլավքամի՛չ։
Կատու — Պեդալով մասկվի՛չ։
Աղբաման — Վլադմիր Իլի՛չ։
Շուն — Ներողություն, իսկ եթե՝ ճտիկով գրի՞չ։
Աղբաման – Վո՜ւյ, բալես։
Շուն – Վերջին անգամ եմ խնդրում, համաձա՞յն ես մաքրվել:
Աղբաման – Ո՛չ, բալիկս:
Շուն — Ա՜խ, այդպե՞ս։
Աղբաման — Հենց այդպես։
Կատու — Ուրեմն այդպե՞ս։
Աղբաման — Հենց այդպե՛ս։
Շուն — Դե՛, այդպես, որ այդպես։
Կատու — Ագռավնե՛ր, կառ-կառռռռռռռռռռռռռ։
Շուն — Հանուն մաքրության, առաաա՜ջ։
Ագառվները մտնում են ու աղբը տանում։ Շունն ու կատուն նրանց օգնում են։ Քիչ անց միանում է նաև Փիսիկը:
Աղբաման – Բաց՛ թողեք իմ աղբը: Այսքան տարի կուտակել եմ:
Ագռավ ա – Էլ չես կուտակի:
Աղբաման – Անպիտաննե՛ր, ախր դուք այստեղից եք սնվում:
Ագռավ բ – Էլ չենք սնվի:
Վերջացնում են մաքրելը։ Ագռավները դուրս են գնում:
Աղբաման – Եթերում հնչում է երգ՝ «Անամոթները»։ Կատարում է հեղինակը։
Մի ժամանակ ես կեղտոտ էի,
Վօ-օ՜, վօ-օ՜․․․
Ամեն օր աղբի մեքենան չէր տանում աղբը,
Վօ-օ՜, վօ-օ՜․․․
Իսկ երբ կառկառները տարան իմ աղբը,
Վօ-օ՜, վօ-օ՜․․․
Միայն ես բողոքեցի։
Վօ-օ՜, վօ-օ՜․․․ Ամենակլոր օ՛։
Կատու – Մնաց՝ մի բան անենք:
Աղբաման – Ինձ մի՛ դիմեք, ես մեռնում եմ:
Կատու – Չես մեռնի: Դեռ ոչ մի աղբաման չի մեռել: (Շանը.) Մնաց՝ քեզ համար մի տուն գտնենք։
Շուն – Ես արդեն տուն ունեմ` այս բակը: Շուտով այստեղ երեխաներ կխաղան: Մարդիկ կզբոսնեն և ես նրանց հետ ինձ երջանիկ կզգամ:
Մտնում է Տիկինը:
Տիկին – Какой ужас!.. Нет, какая красота! Փիսի՛կ, բացիր աչքերդ, բացի՛ր ականջներդ, բացի՛ր քիթդ: Մենք վերջապես գեղեցիկ բակ ունենք: Какой котик!:
Տիկինը վերցնում է երկու կատուներին և գնում:
Շուն – Սա իմ տունն է։ Ուռաա՜ա։
Աղբաման — Ի՛մ տունն է։
Շուն — Մե՛ր տունն է։ Կեցցե՛ մաքրությունը:
Աղբաման — Վե՛րջ, վարագույրը փակե՛ք, լույսերն անջատե՛ք, այստեղ մեռնում է վերջին աղբամանը։ Վօ-օ՜, Վօ-օ՜․․․ Ամենակլոր օ․․․
ՎԵՐՋ