Ի՞ՆՉ ԵՂԱՎ ԱՆՏԱՌԸ/ Անդրանիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Տիկնիկային պիես՝ 5 պատկերով

(ըստ Հակոբ Մուշի համանուն հեքիաթի)

ԱՐՋ

ՄԵՂՈՒՆԵՐ

ԹՌՉՈՒՆՆԵՐ

ԱՂՎԵՍ

ՁԱՅՆ (հեքիաթասաց)

ԳԱՅԼ   

ՊԱՏԿԵՐ 1

Անտառ: Ծառի տակ պառկած Արջը փչակից մեղր է վերցնում, տանում բերանն ու երգում:

ԱՐՋ — Այս անտառը շատ է խիտ,

Շա՜տ է, շա՜տ է, շա՜տ է խիտ,

Մեղրոտել եմ բերան, քիթ,

Բերա՜ն, բերա՜ն, բերա՜ն քիթ…

Թող օրհնվի այս ծառը,

Ծա՜ռը, ծա՜ռը, այս ծա՜ռը,

Օրհնվի այս անտառը,

Տա՜ռը, տա՜ռը, անտա՜ռը…

Հայտնվում են մեղուները և ձայնակցում արջին:

ՄԵՂՈՒՆԵՐ — Տը՜զ, տը՜զ, այս ծառը…

Էլ մեզ սովը չի հաղթի,

Տը՜զ, տը՜զ, անտառը,

Մի մասնիկն է դրախտի…

Երգելով հայտնվում են թռչունները:

ԹՌՉՈՒՆՆԵՐ — Պահմտոցի, տոցի, տոցի,

Սաղարթներում թաքնվեցի,

Աչքերդ փակ

Մինչև տասը հաշվիր, փնտրիր,

Խաղի համար

Այս անտառը շատ է ընտիր…

Հայտնվում է Ագռավը, կանգնում է դեմքով դեպի ծառը և սկսում հաշվել:

ԱԳՌԱՎ — Մե՜կ, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, հի՜նգ, վե՜ց, յո՜թ, ո՜ւթ, ի՜նը, տա՜ս… բա-ցե-ցի…

Վարագույրը փակվում է:

ՊԱՏԿԵՐ 2

Անտառի բացատ: Հայտնվում է Արջը՝ երգելով:

ԱՐՋ — Մի բացատ կա անտառում

Կամ անտառ կա բացատում,

Մի սրճարան կա այնտեղ

Ու մի փոքրիկ հացատուն…

  • Է՜, դարձյալ շփոթեցի…

Արջը մոտենում է սրճարանին և վաճառասեղանի վրա տեսնում տորթ: Գայթակղված նայում է տորթին:

ԱՐՋ — Պա՜-պա՜-պա՜-պ՜ա, պա՜-պա՜-պա՜,

Ինչ լավ արի, որ եկա,

Էս ի՜նչ չքնաղ տորթիկ ես,

Արի մի քիչ ուտեմ քեզ:

Ձեռքը երկարացնում է տորթին, որ վերցնի, նրա ձեռքին խփում է չափազանց գեր վաճառաողուհի աղվեսը:

ԱՂՎԵՍ — Ձեռքդ քաշի՛, ա՛յ բրդոտ,

Դրամ ունե՞ս դու քեզ մոտ,

Որ ճիշտ լինի ու արդար՝

Դրամը տուր, տորթը տար:

Արջը ձեռքերը խոթում է գրպանները, բայց ոչինչ չգտնելով՝ տխուր հեռանում է սրճարանից:

ԱՐՋ — Էս ի՜նչ անարդար ժամանակներ ենք ապրում: Օրնիբուն հսկում եմ անտառի կարգ ու կանոնը, բայց անգամ մի քնձռոտ տորթ չեմ կարողանում ուտել:

Ա՜խ, հիմա ես ի՞նչ անեմ,

Տորթը ինչպե՞ս տուն տանեմ,

Ոչ փող ունեմ, ոչ էլ՝ բախտ…

Բայց թե… Արջն եմ ես անհաղթ:

Խելքի ծով եմ, մտքի ծով,

Հպարտ՝ տեսած-ապրածով,

Հիմա անտառ կմտնեմ,

Հաստատ մի ելք կգտնեմ…

Արջը չքանում է ծառերի հետևում:

ՁԱՅՆ — Արջը մտավ համացանց,

Թերթեց օրերն իր անցած,

Հենվեց հուշի մահակին,

Հիշեց տարեց պահակին,

Որ գոռում էր ու ճառում,

Սակայն… փա՜յտ էր վաճառում:

ՊԱՏԿԵՐ 3

Արջը, կացինը շալակին, մոտենում է մի հաստաբուն ծառի, որպեսզի կտրի այն: Թռչունները թռչելով երգում են ու ծաղրում արջին:

ԹՌՉՈՒՆՆԵՐ — Ո՞վ է տեսել կամ լսել,

Հավատացել՝ քիչ թե շատ,

Որ այս անտառ-աշխարհում

Արջը լինի փայտահատ…

Հի՜-հի՜-հի՜-հի՜, հի՜-հի՜-հի՜,

Հա՜-հա՜-հա՜-հա՜, հա՜-հա՜-հա՜,

Այս մեծ անտառ աշխարհում

Արջը լինի փայտահատ…

Արջը հեռանում է ծառից, բայց մտաբերելով շքեղ տորթը՝ վերադառնում է: Էլի է փորձում հարվածել, նորից թռչունները երգում են:

ԹՌՉՈՒՆՆԵՐ — Հի՜-հի՜-հի՜-հի՜, հի՜-հի՜-հի՜,

Հա՜-հա՜-հա՜-հա՜, հա՜-հա՜-հա՜,

Այս մեծ անտառ աշխարհում

Արջը լինի փայտահատ…

Արջը էլի մի երկու քայլ հեռանում է, դարձյալ գալիս է ու կացնում ծառը:

ՁԱՅՆ — Թը՛խկ, թը՛խկ, թը՛խկ, թը՛խկ,

Տա՜-պա՜լ-վո՜ւմ է…

Տորթի բույրից

Արջն հալվում է…

Թը՛խկ, թը՛խկ, թը՛խկ, թը՛խկ,

Փախի՛ր տակից,

Արջը եկավ

Ծառի հախից:

Արջը ծառը քարշ տալով տանում է:

ՊԱՏԿԵՐ 4

Արջը տորթը ձեռքին դուրս է գալիս սրճարանից: Նրան է մոտենում գայլը:

ԳԱՅԼ — Բարի ողջույն, եղբա՛յր Արջ,

Գործդ թող միշտ լինի աջ,

Քեզ որտեղի՞ց տորթիկն այս,

Ասես տորթ չէ, այլ՝ երազ:

Շնորհ ունես բնատուր,

Քո երազից մի քիչ տուր,

Որ չխամրի իմ ձայնը:

ՁԱՅՆ — Այսպես ասաց ծեր գայլը:

ԱՐՋ — Հազա՛ր բարև, հի՛ն ընկեր,

Ձայնդ թույլ է ու կերկեր,

Քաղցն է տանջում հաստատ քեզ,

Որ քեզ հետ է մշտապես:

Ա՛յ դու ծույլ ու անպիտան,

Քեզ մի խորհուրդ պիտի տամ,

Որ այսպիսի տորթ ճարես,

Պետք է դու քեզ չարչարես:

ԳԱՅԼ — Եվ ի՞նչ պիտի ես անեմ,

Գուցե տորթդ կե՞ս անեմ…

ՁԱՅՆ — Արջը մոտենում է գայլին և ականջին շշնջում, թե ինչպես է ձեռք բերել տորթը:

Գայլը վերցնում է հեռախոսը և հաղորդագրություն անում իր ֆեյսբուքյան ընկերներին: Լսվում է SMS-ի ազդանշաններ: Էկրանին հայտնվում է հաղորդարգրությունը:

Ես անտառից ծառ կտրեցի,

Տարա շուկա՝ վաճառեցի,

Եվ աղվեսից այն շողոքորթ

Ես գնեցի չքնաղ մի տորթ:

Ձայնը կարդում է հաղորդագրությունը: Այդ ընթացքում անտառի գազանները քաշքշելով մեկական ծառ են տանում բացատից:

ՊԱՏԿԵՐ 5

Բացատի շրջակայքում միայն ծառերի կոճղեր են: Լսվում է Արջի երգի ձայնը:

ԱՐՋ – Ի՜նչ համեղ էր տորթն այն մեծ,

Բայց ափսոս՝ շուտ սպառվեց:

Գնամ խորքը անտառի

Ու հախից գամ մի ծառի:

Աղվեսից նենգ, շողոքորթ

Գնամ, գնեմ ուրիշ տորթ…

Հայտնվում է Արջը՝ կացինը շալակին: Զարմացած նայում է աջ, նայում է ձախ, նորից՝ աջ, նորից՝ ձախ…

ԱՐՋ — Օ՜, Աստվա՛ծ իմ, քեզ մեղա՜,

Էս անտառին ի՞նչ եղավ:

Ծա՛ռ իմ, զարթնի՛ր, վեր կա՛ց, ե՛լ,

Անտա՛ռ, ո՞ւր ես չքացել…

Ախր մի ծառ,

Միայն մի՛ ծառ կտրի ես,

Ա՜խ, անտա՛ռ իմ,

Քեզ ի՞նչ եղավ, որտե՞ղ ես… (Սկսում է հաշվել ծառերից մնացած կոճղերը:) Այս ի՜նչ կոճղերի անտառ է: Տեսնես քանի՞սն են՝ մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տաս…

Լսվում են թռչունների և մեղուների ձայները. «Անպիտա՛ն արջը… անպիտա՛ն արջը…»:

Վարագույրը փակվում է, բայց դեռ հնչում է Արջի ձայնը:

ԱՐՋ – Ախր, ես միայն մի ծառ կտրեցի: Ի՞նչ եղավ անտառը…

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։