Էդգար ԹԱԹԻԿՅԱՆ/ՁՆԵՄԱՐԴԸ

Գործող անձիք

Եղջերու 1

Եղջերու2

Ձնեմարդ

Շուն

Տղա

Եղջերու 1— Ողջո՜ւյն, ողջո՜ւյն:

Եղջերու 2 – Ողջո՜ւյն:

Եղջերու 1 — Բոլորիդ ողջույն: Ես Ձմեռ պապիի օգնական եղջերուն եմ: 

Եղջերու 2 — Ես էլ:

Եղջերու 1 — Անունս՝ Եղո է: 

Եղջերու 2 — Իմն էլ Կղո է, անձնագրով՝ Կխտար:

Եղջերու 1 — Այն բոլոր նամակները, որ դուք գրում եք Ձմեռ պապիկին…

Եղջերու 2 — Մենք ենք նրա համար կարդում:

Եղջերու 1 — Ե՛ս եմ կարդում: 

Եղջերու 2 — Ե՛ս եմ կարդում:

Եղջերու 1 — Այս տարի այնքան նամակ էինք ստացել, որ տեղ ու դադար չկար:

Եղջերու 2 — Նամա՛կ եկավ:

Եղջերու 1 — Այս տարի էլ նամակ չենք ընդունում, թող գա մյուս տարի: Հա՛, այս տարի այնքան չարչարվեցինք, ինչ ասես, որ չէիք ուզել Ձմեռ պապիկից:

Եղջերու 2 — Նամա՜կ ունենք:

Եղջերու 1— Ասացի՝ այս տարի չի՛ լինելու: Հա՛, կարճ ասած, բոլոր նվերները պատրաստ են, մնում է Նոր տարին գա և Ձմեռ պապը ձեր նվերները ձեզ բերի: 

Եղջերու 2 — Նամա՛կ, նամա՛կ, նամա՜կ:

Եղջերու 1 — Ասացի՝ ո՜չ:

Եղջերու 2 — Ապա տես՝ ի՛նչ նամակ է եկել:

Եղջերու 1 (վերցնում է նամակը, նայում): Ոչ մի կարևոր բան չկա: Հա՛, ի՞նչ էի ասում:

Եղջերու 2 (կարդում է նամակը): «Բարև՛, սիրելի Ձմեռ պապ և Եղջերուներ»: Տե՛ս, մեր մասին էլ է գրել:

Եղջերու 1 — (վերցնում է նամակը): Հապա տեսնե՞մ: «Բարև՛, սիրելի Ձմեռ պապ և  եղջերուներ: Ես ուզում եմ, որ դուք ինձ բերեք աշխարհի ամենամեծ շանը: Ձեր՝ Պստո»: Պստո՛ է, ինչ էլ մե՜ծ ցանկություններ ունի: Հարգելի՛ օգնական, մենք այս երեխայի ցանկությունը չենք կարող կատարել:

Եղջերու 2 — Ինչո՞ւ:

Եղջերու 1 — Որովհետև  բոլոր  նվերները փաթեթավորված են, պահեստում շուն չունենք…

Եղջերու 2 – (նստում է սահնակը): Ես գնացի՜:

Եղջերու 1 — Ո՞ւր:

Եղջերու 2 — Շուն բռնելու:

Եղջերու 1 — Բա որ կծի՞:

Եղջերու 2 — Չի՛ կծի:

Եղջերու 1 — Կարծես թե նոր հեքիաթ է սկսվում: Իմ օգնական Եղջերուն գնաց  աշխարհի ամենամեծ  շանը  գտնելու:

Դուրս  է գալիս: Լսվում է քամու սուլոց: Մտնում է Շունը:

Շուն – Բռռռռռ, այ քեզ եղանակ: Այնքան ցուրտ է, որ շան պես դողացնում եմ: Էս ձյունն էլ էնպես է գալիս, ասես հեչ չի եկել: Բռռռ, գոնե մի տաք տեղ լիներ, մի հատ էլ մեծ ոսկոր: Բայց ո՛չ  ոսկոր  կա, ո՛չ էլ  տաք տեղ։ Բռռռռ, գոնե  վազվզեմ, որ  տաքանամ։ 

Մտնում է Ձնեմարդը:

Ձնեմարդ – Բարև՛:

Շուն – Խոսող ձնեմա՞րդ: (Ուշաթափվում է:)

Ձնեմարդ – Այդպես էլ գիտեի: Ամեն անգամ նույն պատմությունն է: Հենց բերանս բացում եմ, մեկը ուշաթափվում է: Էյ, շնի՜կ: Քուչո՜, ուշքի արի: Տե՛ս, քեզ գազար կտամ:

Շուն – Ես նապաստակ չեմ:

Ձնեմարդ – Այ սա ուրիշ… Թույլ տվեք ներկայանալ: Ես աշխարհի ամենակլոր Ձնեմարդն եմ, անունս Կլոր Փաթիլ է: 

Շուն – Ես էլ աշխարհի ամենաքառակուսի շունն եմ, բայց անուն չունեմ:

Ձնեմարդ – Ամեն շուն անուն պիտի ունենա:

Շուն – Դրանք տնային շներն են, իսկ ես անտուն շուն եմ, դրա համար էլ անուն չունեմ:

Ձնեմարդ – Արի քեզ անուն մտածենք: Օրինակ՝ Ջուլբարս:

Շուն – Ջուլ… ի՞նչ:

Ձնեմարդ – …բա՛րս, բա՛րս:

Շուն – Հիմա՛ր անուն է:

Ձնեմարդ – Տուզի՞կ։

Շուն — Քեռուս անունն է։

Ձնեմարդ — Շարի՞կ…

Շուն — Հորեղբորս  անունն է։ 

Ձնեմարդ — Ջեկո՛:

Շուն – Մորաքույրիս  անունն է։ Մի կարգին անուն էլ չես կարողանում մտածել: Հետո էլ ընկեր ես կոչվում:

Ձնեմարդ – Արի անունդ Ընկեր դնենք:

Շուն — Ընկե՞ր: Դուրս եկավ, համաձայն եմ:

Ձնեմարդ – Դե արի ձնագնդի խաղանք:

Շուն – Չէ՛, չեմ սիրում այդ խաղը: Մի անգամ, ա՜յ էն բակի տղաների հետ խաղում էինք: Մեկ էլ նրանցից մեկը ձնագնդիով այնպես խփեց աչքիս, որ վնգստոցս դրեցի:

Ձնեմարդ – Բա մի լավ չկծեցի՞ր դրան:

Շուն – Հո դիտմամբ չէ՞ր արել: Հետո եկավ, գրկեց ու ներողություն խնդրեց: Սպասի՛, շուն բռնողի հոտ եմ առնում: Եթե հարցնի՝ ասա, որ այստեղ շուն չկա:

Շունը թաքնվում է:

Ձնեմարդ – Բա որ ինձ բռնի՞: 

Շուն — Չի՛ բռնի:

Ձնեմարդ — Բա որ ինձ կծի՞: 

Շուն — Չի՛ կծի:

Ձնեմարդ — Այ թե ընկեր եմ ասել, հա՜…

Շունը թաքնվում է:

Մտնում է կերպարանափոխված Եղջերու 2-ը:

Ձնեմարդ – Այստեղ շուն չկա՜:

Եղջերու 2 – Հը՞:

Ձնեմարդ – Այստեղ շուն չկա՜:

Եղջերու 2 – Ի՞նչ:

Ձնեմարդ — Ճտիկով գրիչ:

Եղջերու 2 — Էդ ո՞վ է: (Տեսնում է Ձնեմարդուն:) Ա՜, այդ դո՞ւ ես: Այստեղ շուն չե՞ս տեսել:

Ձնեմարդ — Տեսել եմ:

Շուն — (թաքստոցից): Դավաճա՛ն:

Եղջերու 2 — Ո՞ր կողմ գնաց:

Ձնեմարդ — Այն կողմ:

Եղջերու 2 — Շնորհակալություն: (Դուրս է գնում:)

Ձնեմարդ – Խնդրեմ, խնդրեմ: Բայց ես  սրան մի տեղ տեսել եմ: Որտե՞ղ եմ տեսել: Հիշի՛ր, սառցե գլուխ: ՀԻշի՛ր…

Թաքստոցից դուրս է գալիս Շունը:

Շուն – Ապրե՛ս, Փաթիլ, քեզ իսկական շան պես պահեցիր:

Ձնեմարդ – Իսկ այն շուն բռնողը քեզանից ի՞նչ է ուզում:

Շուն — Ես ի՞նչ իմանամ: Էդ շուն բռնողը  ինձ նման փողոցում ապրող շներին բռնում է, տանում է ու  չգիտեմ, ինչ է անում: Նրանք ասում են, որ մենք՝ շներս, մարդկանց վրա ենք հարձակվում, կծում ենք նրանց, բայց դա սուտ է: Այ, օրինակ դու՝ Փաթի՛լ, կմտածե՞ս, որ ես՝ քո ընկերը, կարող եմ մարդ կծել:

Ձնեմարդ – Չէ՛:

Շուն – Երանի՜ էդ շուն բռնողն էլ քո նման մտածեր:

Ձնեմարդ – Լավ, արի վերջապես մի ուրախ խաղ խաղանք:

Շուն – Արի։ Բացատրում եմ խաղի կանոները: Փայտը գցում ես, բռնում ես, գցում ես ու էլի բռնում ես: Հասկացա՞ր։

Ձնեմարդ — Ո՛չ։

Շուն — Վերցնում ես փայտը, գցում ես այն կողմ, թռնում ես, բռնում ես։ Հետո նույն փայտը  գցում ես մյուս կողմ, թռնում ես, բռնում ես։ Հասկացա՞ր։

Ձնեմարդ — Ո՛չ։

Շուն(զայրացած): Փայտը գցում ես, բռնում ես, գցում ես, բռնում ես։ Հասկացա՞ր։ Հա՛ֆ։

Ձնեմարդ – Շատ ուրախ խաղ է, հատկապես՝ շների համար: Մոռացե՞լ ես, որ ես ձնեմարդ եմ:

Շուն – Իրոք որ: Բա ի՞նչ խաղանք:

Ձնեմարդ – Գնդակ: 

Շուն – Ի՞նչ գնդակ: 

Ձնեմարդ – Կլոր, կանաչ, դեղին, կապույտ: Եռանկյունի՛:

Շուն – Տեղ չգնաս, հիմա կգամ:

Ձնեմարդ – Շուտ կգաս:

Շունը դուրս է գնում:

Ձնեմարդ – Տեսնես շո՞ւտ կգա: Պարապ-սարապ, պարապ-սարապ…

Մտնում է Պստոն: 

Տղա – Ի՜նչ ուրախ ձնեմարդ ես: Բարև՛, ձնեմարդ: 

Ձնեմարդ – Իսկ դու չե՞ս ուշաթափվելու:

Տղա – Ինչո՞ւ պիտի ուշաթափվեմ:

Ձնեմարդ – Դե, ամեն անգամ, երբ ձայնս լսում են, ուշաթափվում են:

Տղա – Առաջին անգամ եմ նման բան լսում: 

Ձնեմարդ — Երևում է՝ խիզախ տղա ես: Ես էլ խիզախ ձնեմարդ եմ: Անունս Կլոր Փաթիլ է: Իսկ քո՞նը:

Տղա — Ես էլ խիզախ երեխա եմ, անունս Պստո է:

Ձնեմարդ — Պստո՞: Ինչ ծիծաղելի անուն է:

Տղա — Փաթի՜լ…

Ձնեմարդ — Ընդհանրապես ես ոչ մի բանից չեմ վախենում, ոչ ոքից չեմ վախենում, բացի ձյուն մաքրող մեքենայից:

Տղա – Ձյուն մաքրող մեքենայի՞ց:

Ձնեմարդ – Գիտե՞ս, քանի ձնեմարդ է բակերից մաքրել ու չգիտեմ, ուր տարել:

Տղա – Չգիտեմ:

Ձնեմարդ – Ասեմ, միայն չուշաթափվես:

Տղա – Ասա՛:

Ձնեմարդ – Շատ, շա՜տ, շա՛տ, շա՛տ, շաաա՜տ:

Տղա – Ես էլ մտածում եմ, թե անցյալ ձմեռ սարքածս ձնեմարդը ու՞ր կորավ: (Ծիծաղում է:)

Ձնեմարդ — Մի՛ ծիծաղիր:

Տղա — Չեմ ծիծաղում: (Շարունակում է ծիծաղել:)

Ձնեմարդ — Ծիծաղի՛ր, ծիծաղի՛ր: (Նեղանում է:)

Տղա – Լավ, լավ, մի՛ նեղացիր: Հենց այդ մեքենան գա, կասեմ՝ կթաքնվես: Արի՛ սահնակ  քշենք:

Ձնեմարդ – Դու սահնա՞կ ունես:

Տղա – Ըհը՛:

Ձնեմարդ — Դու սահնակ ունես ու ինձ չե՞ս ասել: (Էլի է նեղանում:) Բա ո՞ւր է:

Տղա — Ահա՛:

Ձնեմարդ — Ի՜նչ մեծ սահնակ է:

Սկսում են սահնակով սահել:

Ձնեմարդ – Պստո՛, իմ սառցե գլխում մի տաք միտք  ծագեց: Հիմա էլ դու նստիր, ես սահնակը քաշեմ:

Տղա – Բայց ես ծանր եմ, քեզ համար դժվար կլինի ինձ քաշելը:

Ձնեմարդ – Նստիր, կտեսնես: Ես սահնակ  քաշելու չեմպիոն եմ:

Տղան նստում է: Ձնեմարդը  քաշում է սահնակը: Այն կոտրվում է:

Ձնեմարդ – Իսկապես որ ծանր ես: 

Տղա — Բա որ ասո՞ւմ էի…

Ձնեմարդ – Այ որ Ընկերն այստեղ լիներ, երկուսով ավելի հեշտ կլիներ:

Տղա – Ընկերն ո՞վ է:

Ձնեմարդ – Ընկերն իմ ընկերն է, շուն է՝ հաֆ-հաֆ:

Տղա – Շու՞ն… Երանի՜ քեզ:

Ձնեմարդ – Այդ ինչո՞ւ տխրեցիր: Միանգամից ասեմ. տխուր մարդկանց չեմ սիրում:

Տղա – Ես էլ շատ կուզեի շուն ունենալ: 

Ձնեմարդ – Իսկ եթե  շուն բռնողը նրան տանե՞ր:

Տղա – Ի՞նչ շուն բռնող:

Ձնեմարդ – Ընկերն ասում է, որ մի մարդ կա, ով փողոցում ապրող շներին բռնում է ու չգիտեմ ինչ անում: 

Տղա – Ես նրան կպաշտպանեի: Տխրեցի, Փաթի՛լ: Գնում եմ տուն:

Տղան գնում է:

Ձնեմարդ – Է՜, սառցե գլուխ, տղայի տրամարդությունը գցեցիր: Երևի շատ է ուզում շուն ունենալ: Կարելի է նրան Ընկերոջ հետ ծանոթացնել:

Մտնում է շունը:

Շուն – Փաթի՜լ, հազիվ փախա դրանից:

Ձնեմարդ – Շուն բռնողին էիր հանդիպե՞լ:

Շուն – Հազիվ մի գնդակ էի գտել, մեկ էլ տեսնեմ՝ գալիս է: Ես վազում եմ, սա՝ ետևիցս, ես վազում եմ, սա ետևիցս գոռում է՝ կանգնի՜ր, քեզ չեմ վնասի: Բայց ես էլ հո լավ գիտեմ, բռնելու է, ականջներս կտրի, չոբանի շուն սարքի: 

Ձնեմարդ – Չոբանի  շո՜ւն… հետո՞:

Շուն – Մեկ էլ տեսնեմ՝ փողոցի մյուս կողմից ձյուն մաքրող մեքենան է գալիս: Հենց էդ անպիտանը քիչ էր մնում՝ բռներ, թռա էդ մեքենայի վրա ու փախա: 

Ձնեմարդ – Սարսափելի է, բա չվախեցա՞ր:

Շուն – Շան պես վախենում էի, մտածում էի՝ վե՛րջ, հիմա կբռնի ու վերջս կտա:

Ձնեմարդ – Նկատի ունեմ՝ ձյուն մաքրող մեքենայից չվախեցա՞ր:

Շուն – Ինչո՞ւ պիտի վախենամ: Էդ մեքենան ձյուն է մաքրում, ոչ թե շուն:

Ձնեմարդ – Այդ մեքենան ձյունն էլ է մաքրում, ձնեմարդկանց էլ:

Շուն – Փաթի՛լ, մի բան ասեմ, բայց չուշաթափվես: Հիմա այդ մեքենան այստեղ է գալու:

Ձնեմարդ – Արի հրաժեշտ տամ քեզ:

Շուն – Վազել կարո՞ղ ես:

Ձնեմարդ – Հապա ոտքերիս  նայիր: Այս կարճ  ոտքերով ո՞ւր  պիտի  վազեմ: Ավելի լավ է՝ արի հրաժեշտ տանք իրար: 

Շուն – Այդ ի՞նչ սահնակ է: 

Ձնեմարդ – Տերը այս շենքում է ապրում, լավ երեխա է: Ես էլ ուզում էի ձեզ ծանոթացնել, բայց երևի  չհասցնեմ, արի հրաժեշտ տանք իրար: 

Շուն – Մտի՛ր  սահնակի  մեջ: Իսկ ես կասեմ՝ այստեղ Ձնեմարդ չկա: (Ձնեմարդը  թաքնվում է:) Այստեղ Ձնեմարդ չկա՜…

Մտնում է Եղջերու 2-ը:

Եղջերու 2 — Ես շուն եմ փնտրում:

Շանը գցում է պարկի մեջ և տանում:

Ձնեմարդ – Ընկե՞ր… Վա՜յ, շուն բռնողն էր, նրան տարավ: Պստո՜, Պստո՜…

Տղա – (գալիս է): Ի՞նչ  է, Փաթի՛լ, ի՞նչ ես ձայնդ գլուխդ գցել:

Ձնեմարդ – Նա իմ կյանքը փրկեց ու իմ պատճառով ընկավ այդ շուն բռնողի ճանկը: Երևի  հիմա նրա ականջները կտրում են են, չոբանի շուն սարքեն:  

Տղա – Ասում ես՝ ընկերոջդ բռնե՞լ են:

Ձնեմարդ – Իմ պատճառով: Անգամ չգիտեմ՝ որտեղ է:

Տղա – Ես էլ  չգիտեմ։ Տե՛ս, ձյան վրա նրանց հետքերն են, գնացի՛նք։

Ձնեմարդ – Ուրեմն շուտ գնանք, փրկենք նրան:

Տղա – Քեզ այնտեղ մտնել չի կարելի:

Ձնեմարդ – Կարելի է, կարելի է: Ես նրա կոտոշներն եմ  պոկելու:

Տղա – Այնտեղ ներսում  տաք կլինի։ Հենց  մտնես՝ կհալվես:

Ձնեմարդ – Ուրեմն ես դրսում կսպասեմ, դու նրան պատուհանից դուրս կգցես ու ա՛յ, այնտեղ ես նրա կոտոշները կպոկեմ:

Տղա – Արի գնանք: 

Երկուսն դուրս են գնում: Մտնում է Եղջերու 1-ը: 

Եղջերու 1 — Եվ այսպես, խիզախ Փաթիլն ու Պստոն գնացին Ընկերոջը փրկելու: Նրանք անցան կողքի շենքի մոտով, հետո անցան չորս փողոց, հինգ այգի: Եվ վերջապես յոթ սար այն կողմ, յոթ ձոր այն կողմ, կարճ ասած՝ կողքի շենքում ապրում էր շուն բռնողը:

Դուրս է գալիս: Մտնում է Եղջերու 2-ը՝ իր  հետ  բերելով վանդակի մեջ գցած շանը։

Շուն — Բաց թող ինձ: Բա՛ց թող:

Եղջերու 2 – Վերջապե՛ս… Ա՜յ քեզ հիմար կենդանի: Ես ձեզ լավություն անեմ, դուք էլ ինձ կծեք:

Շուն – Լավությունդ քեզ… ձեզ պահեք: Չես էլ ամաչում, սուտ-սուտ բաներ ես խոսում:

Եղջերու 2 — Ի՞նչ սուտ եմ ասել:

Շուն – Ասում ես՝ քո լավի համար եմ այստեղ բերել, հա՞, եթե էդքան լավն ես, էլ ինչո՞ւ ես ինձ վանդակը գցել:

Եղջերու 2 — Չեք ուզում՝ մի՛ հավատացեք: Եթե չկծեիք, վանդակը չէի գցի: Ոսկոր կուզե՞ք:

Շուն – Ոսկորդ քեզ պահիր: Այ, երբ տերս կգա ինձ ազատելու, այն ժամանակ կխոսենք:

Եղջերու 2 – Մի՛ ստեք, դուք դեռևս տեր չունեք:

Շուն – Քեզ է թվում, դու Կլոր Փաթիլին ճանաչո՞ւմ ես:

Եղջերու 2 — Կլոր Փաթիլի՞ն, էդ սառցե գլխի՞ն… Դե հիմա  լռեք, ես մի քիչ քնեմ, խնդրում եմ:

Շուն — Երգե՞մ, քնեք:

Եղջերու 2 – Ըհը՛:

Շունը բարձր ձայնով երգում է:

Եղջերու 2 – Մի քիչ կամաց, խնդրում եմ: 

Շունն ավելի բարձր է երգում:

Եղջերու 2 — Լավ, երգել սիրում եք, երգե՛ք: Ձեզ չեմ խանգարի: Բարի գիշեր:

Շուն – Սուտդ չանցավ:

Եղջերու 2 — Ի՞նչ…

Շուն – Ճտիկով գրիչ:

Եղջերու 2 – Ձեզ էլ բարի գիշեր:

Եղջերու 2-ը քնում է: Շունը փախչում է: Մտնում է Պստոն, շանն է փնտրում: Արթնանում է Եղջերու 2-ը:

Եղջերու 2 — Բարև:

Տղա — Բարև ձեզ: Ես իմ շանն եմ փնտրում, այստեղ շուն չե՞ք տեսել:

Եղջերու 2 – Շո՞ւն, ի՞նչ շուն:

 Տղա – Մեծ շուն:

Եղջերու 2 — Չէ՛, չեմ տեսել:

Տղա — Ուղղակի իմ շունը կորել է, մտածեցի, որ այստեղ կլինի:

Եղջերու 2 – Ափսո՜ս…

Տղա — Իրականում, այդ շունը իմ շունը  չի: Նա  մեր բակում է ապրում: Ես էլ ուզում էի նրան տանել ու պահել:

Եղջերու 2 – Ինչ բարի տղա ես, ուրեմն հաստա՛տ շուն կունենաս:

Տղա – Հաստա՞տ: Գիտե՞ք, ես նամակ եմ գրել Ձմեռ պապիկին ու եղջերուներին և  նրանցից  մեծ  շուն եմ ուզել:

Եղջերու 2 – Ճստո՞…

Տղա — Չէ՛, Պստո՛: 

Եղջերու 2 – Պստո՛, հիմա  շուն կունենաս: Տե՛ս Վա՜յ, փախել է:

Տղա — Ո՞վ:

Եղջերու 2 Էն մեծ  շունը, որ այսօր բռնել էի:

Տղա — Ուրեմն նա ձեր մո՞տ էր:

Եղջերու 2 – Դե, մի շուն կար այստեղ, բայց հաստատ ձեր ուզածը չէր:

Տղա – Հաստա՛տ իմ ուզածն էր: Դուք ստախոս եք:

Եղջերու 2 — Ես ստախոս չեմ:

Տղա — Ստախոս եք, ստախո՛ս… (Դուրս է գալիս:)

Եղջերու 2 — Ստախոս էլ  դարձա: Ի՜նչ դժվար է օգնական լինելը: Գնամ, նորից բռնեմ: 

Դուրս է գալիս: Մտնում են ղան ու ձնեմարդը:

Տղա – Ասում է՝ չի տեսել, բայց ստում է: Մի բան հաստատ է, Ընկերը նրա մոտից փախել է:

Ձնեմարդ – Տեսնես ո՞ւր է գնացել:

Տղա – Կարծում եմ, այս կողմերը կգա: Սպասի՛ր, լսո՞ւմ ես:

Ձնեմարդ – Ոչինչ չեմ լսում:

Տղա – Սսս՜ս, շենքի մյուս կողմում է, արի՛:

Երկուսով դուրս են գնում: Գալիս է շունը, նրա ետևից՝ Եղջերու 2-ը և տանում է շանը:

Պստո — Փաթի՜լ, շուն բռնողն էր,նորից  տարավ նրան…

Ձնեմարդ – Բա՛ց թող մեր  ընկերոջը… Բա՛ց թող, ասում եմ: Վե՛րջ, հիմա նրան այնպիսի  տեղ կտանի, որ էլ  երբեք չենք տեսնի:

Տղա – Փաթի՛լ, ես մի բան եմ մտածել: Մենք այսօր էլ չենք գնա մեր ընկերոջը  փնտրելու: Եթե այսօր չգնանք  մեր ընկերոջը փնտրելու, նա կմտածի, որ մենք էլ չենք փնտրում ու շանը նորից նույն տեղը կտանի: Իսկ առավոտյան…

Ձնեմարդ  — …կգնանք ու կազատենք մեր ընկերոջը: Այդ ժամանակ ես նրա կոտոշները  կպոկեմ:

Տղա – Դե, բարի գիշեր:

Տղան դուրս է գնում:

Ձնեմարդ – Բարի գիշեր, բարի գիշեր: Իսկ ես մտածեմ, թե ո՞նց եմ նրա կոտոշները պոկելու: Նախ կպոկեմ ա՞ջը, թե՞ ձախը…  

Մտնում են շունն ու Եղջերու 2-ը: 

Ձնեմարդ- Սպասի՛ր, նա է… (Թաքնվում է:)

Եղջերու 2 – Հիմա հասկացա՞ր, Ընկե՛ր:

Շուն — Հասկացա՛, հասկացա՛, Կղո՛: Բա շուտ ասեիր: 

Եղջերու 2 – Դե, մտիր այս տուփի մեջ:

Շունը մտնում է տուփի մեջ: Եղջերուն փակում է տուփը և գցում ծխնելույզի մեջ: Փաթիլը հայտնվում է նրա  դիմաց:

Ձնեմարդ – Բռնվեցի՞ր: Ա՛ռ քեզ, ա՛ռ քեզ, ա՛ռ քեզ… Եղո՞: 

Եղջերու 2 – Չէ՛, նրա օգնականը՝ Կղո: Նոր եմ ընդունվել:

Ձնեմարդ – Բա դու շուն բռնողը չե՞ս:

Եղջերու 2 — Հապա ինձ նայիր, ես շուն բռնողի նմա՞ն եմ: 

Ձնեմարդ — Էն էլ ո՜նց:

Եղջերու 2 – Ուրեմն լավ էի ծպտվել: Գիտես հե՞շտ է նվեր գտնելը, էն էլ այդ չափի շուն:

Ձնեմարդ – Ուրեմն դու Ընկերոջը նվե՞ր ես տվել:

Եղջերու 2 – Ես չէ, Ձմեռ պապը: Համ էլ դա գաղտնիք է:

Ձնեմարդ — Գոնե ասա՝ ո՞ւմ ես նվիրել, մեկ-մեկ կայցելեմ նրան:

Եղջերու 2 – Դա անակնկալ է: (Դուրս է գնում:)

Ձնեմարդ – Իմ խե՜ղճ Ընկեր, էլ չեմ տեսնի  քեզ….

Մտնում տղան:

Տղա – Փաթի՜լ, տե՛ս, Ձմեռ Պապը ինձ ինչ մե՜ծ նվեր է բերել:

Տղան բացում է տուփը: Դուրս է գալիս շունը:

Տղա — Շո՜ւն… Ուռա՜, ես շուն ունեմ:

Ձնեմարդ — Ուռա՜, դու  շուն ունես:

Շուն — Ուռա՜, ես տեր ունեմ:

Ձնեմարդ — Ուռա՜, դու տեր ունես:

Շունն ու Պստոն դուրս են գալիս: Մտնում է Եղջերու 2ը իր սահնակով:

Եղջերու 2 – Հիմա հասկացա՞ր, սառցե՛ գլուխ:  

Ձնեմարդ — Հասկացա՛, հասկացա՛:

Եղջերու 2 — Դե արի գնանք, ինձ օգնական է պետք: Նվերները  ծխնելույզի մեջ պիտի գցես:

Ձնեմարդ — Ինչ պիտի անե՞մ:

Եղջերու 2 — Ծխնելույզի մեջ պիտի գցես:

Ձնեմարդ — Ի՞նչ:

Եղջերու 2 — Ճտիկով գրիչ:

Ձնեմարդ — Բա որ սևանա՞մ:

Եղջերու 2 – Ոչինչ:

Ձնեմարդ — Բա որ այրվե՞մ…

Եղջերու 2 — Դու այրվող պտուղը չես: Գնացի՛նք:

Դուրս են գալիս: Մտնում է Եղջերու 1-ը:

Եղջերու 1 — Ահա այսպես իմ օգնականը հասցրեց աշխարհի ամենամեծ շանը  հասցնել Պստոյին: Իսկ դուք, երեխանե՛ր, անպայման նամակներ գրեք Ձմեռ պապիկին, բայց կարճ: Բայց կարող եք երկար գրել, որովհետև դրանք Կղոն է կարդալու․ նա սիրում է երկար  նամակներ  կարդալ:  Դե, լավ մնացե՛ք, առայժմ… 

                                                      ՎԱՐԱԳՈՒՅՐ

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։