ՓՆԹԻՆ / Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ
(Տիկնիկային թատրոնի համար)
Լոգարան:
Դրսից լսվում է. «Բաց թո՜ղ… բաց թող ինձ, չեմ ուզո՜ւմ…»:
Դուռը բացվում ու շպրտվելու պես ներս է նետվում մազերը գզգզված, երեսը, ձեռքերը մրոտ Փնթին, տապալվում է հատակին: Դուռը շրխկոցով փակվում է:
ՓՆԹԻ — (վեր թռչելով՝ վրա է հասնում կողպված դռանը, փորձում է բացել): Չեմ ուզո՜ւմ… Բաց թողեք ի՜նձ, բաց թողե՜ք… (Ընկճված նստում է լոգարանի եզրին: Քիթը թևքերով սրբելով:) Մեկ է՝ չեմ լվացվելու, լվացքի մեքենայի մեջ էլ գցեք՝ չե՛մ մաքրվելու… Սրա՜նց տեսեք, ուզում են ինձ տանջել: Չի հաջողվի: Աչքեր մրմռացնող ձեր օճառն ու ծակծկող խոզանակը ձեզ պահեք, առանց դրանց էլ ես ինձ լավ եմ զգում… (Ինչ-որ մեկին կրկնօրինակելով:) Հովհաննե՜ս, սիրելի՜ս, ախր հազար ու մի բացիլներ, մանրէներ կան, կհիվանդանաս… Ուրիշ ժամանակ չեն հիշի, որ անունս Հովհաննես է, Փնթի են ասում… Դե, մեկ-մեկ էլ՝ Փնթի Հովո են կանչում: Դե որ փնթի եմ՝ էլ ի՞նչ լվացվել: Տեսած կա՞ք, որ մեկի անունը Փնթի լինի ու նա փայլի մաքրությունից, կոկիկ հագնվա՜ծ, թաշկինակը գրպանո՜ւմ… (Զզվանքով սարսռում է:) Բը՜ռռռ… ո՞նց են դիմանում… Այ, էդ մաքրվելուց էլ հիվանդանում են: Հա՛, հա՜, հաստա՛տ: Զզվելի օճառը քսում են, մաքրում մաշկի ծակոտիներն ու՝ խնդրեմ, ինչքան վարակիչ բացիլներ կան՝ անարգել մտնում են ներս ու վարակում: Էդ ի՜նչ բացիլ պիտի լինի, որ իմ երեսի յոթը շերտ փոշին ծակի ու ներս գնա… Անգրագետներ:
(Երաժշտություն: Երգում է:)
Ես փնթին եմ մեր թաղի,
Ցեխ տեսնեմ՝ չեմ հապաղի,
Ջրափոսում մեր ցեխոտ,
Լվանում եմ ձեռք ու ոտք:
Ցըմբլը-տըմբլը, լյա-լյա-լյա,
Թող աշխարհը հիանա:
Որքան էլ որ հորդորեն,
Չեմ կտրի եղունգներս,
Բա որ քոր գա, ո՞նց քորեմ,
Քիթս, թուշս, ոտքերս:
Ցըմբլը-տըմբլը, լյա-լյա-լյա,
Թող աշխարհը հիանա:
(Հանդիսատեսին,) Երեխաներ, լավ երգ էր, չէ՞: (Հպարտորեն:) Ես եմ հորինել, թող նախանձից ճաքեն: Լսած կա՞ք, որ մաքրասերի մասին երգ լինի, կամ՝ ցնցուղի… Ֆի՛, ցնցուղն ի՞նչ է, որ նրա մասին երգ լինի: (Ցնցուղը պոկվում է ու ընկնում գլխին:) Վա՜խ… վա՛խ, գլուխս… էս ի՞նչ էր… ցնցուղն է, ուշքը գնաց ու տապալվեց… (Դեպի դուռը:) Հե՜յ, ձեր ցնցուղի ուշքը գնաց, բժիշկ կանչե՜ք: (Դավադիր:) Սպասի՜ր, սպասի՜ր, ես հիմա այնպիսի փորձանքներ բերեմ ձեր գլխին, որ բոլորիդ ուշքը գնա: Ինձ փակել եք լոգարանում, հա՞, տեսնենք, թե ո՞վ կփոշմանի: Ինձ կխնդրեք, որ դուրս գամ, բայց այստեղ կմնամ այնքան, մինչև որ բոլորիդ հախից գամ: Օճա՛ռ, առաջ արի: Արի, արի ու կանգնիր դեմս: (Օճառը մոտենում է:) Դու չէի՞ր, որ փրփրում էիր ու քո պղպջակներով աչքերս ցավեցնում, սոթլիկի մեկը: Ես քեզ դատապարտում եմ ցմահ կախաղանի: (Օճառը տարուբերվում է, ետ քաշվում, կախված մնում:) Այդպես, հրաշալի է: Կախված մնա, որ ոչ մեկին ցավ չպատճառես: Հաջորդն ո՞վ է: Խոզանակ, առաջ արի: Քո հետ եմ, խոզանակ, մի թաքնվիր, առաջ արի… (Խոզանակը, մոտենում է:) Մի սրա տեսքին նայեք, ոնց-որ ոզնի լինի: Բա մածո՞ւկն ուր է, միշտ քեզ հետ էր լինում…Մածո՜ւկ, մածուկ, որտե՞ղ ե՜ս… (Փնտրում է, գտնում:) Ահա՜ թե որտեղ ես թաքնվել: Պառկել է, որ չնկատեմ: (Վերցնում, բերում, խոզանակի մոտ՝ «կանգնեցնում»:) Այ, այստեղ կանգնիր: Երկուսիդ միասին եմ դատելու: Բա դուք ամոթ չունե՞ք, ինձ նման տղային, ինձ նման ճարպիկին ինչքա՞ն եք նեղություն տվել: Այ, հիմա կստանաք ձեր պատիժը: Խոզանակին պատժում եմ, որ այսուհետ գլուխկոնծի վիճակում մնա: (Խոզանակը 180 աստիճանով շրջվում է՝ բռնակը վեր, մազիկները՝ ներքև:) Իսկ քեզ, մածուկ-ծածուկ, պատժում եմ, որ կողքի պառկես այնքան, որ չորանաս ու չկարողանաս տուփիկից դուրս գալ: (Մածուկը ընկնում է կողքի:) Հրաշալի է: Դե գնացեք ձեր պատիժը կրելու: (Խոզանակն ու մածուկը ետ քաշվելով, տեղ են զբաղեցնում օճառի կողքին:) Ո՞վ մնաց: Դե, իհարկե, սրբի՜չը, այդ անիրավ անխի՜ղճը, սրբվելու դրդի՜չը, կաթիլ կլանի՜չը… Հը՞, լավ եմ հորինում, չէ՞, երեխաներ: Որ թողնեն, ամբողջ օրը ոտանավորներ կհորինեմ այս անպետք առարկաների մասին, բայց չեն թողնում, մեկն ասում է՝ ատամներդ լվա, մյուսն ասում է՝ լվացվիր, երրորդն ասում է՝ սրբվիր… Արի, սրբիչ, առաջ արի… Հա, քեզ հետ էն շամպուն է, ինչ է, էն, էլի՞… հեղուկ օճառը, նրան էլ բեր: Ես ձեր գլուխը չունեմ, միասին պիտի դատեմ ու ձեզնից պրծնեմ: (Սրբիչն առաջանում է, նրա ետևից՝ հեղուկ օճառը:) Ուրեմն՝ այսպես, որոշում եմ, որ սրբիչը տասը տարի մնա ծալված և չհամարձակվի բացվել… բայց տասը տարին կարծես քիչ է… տասը տարի հետո ես քանի՞ տարեկան կլինեմ… Հիմա յոթ տարեկան եմ… 7-ին գումարած 10… անում է… ի՞նչ է անում… Երեխաներ, 7-ին գումարած 10-ը… (Պատասխանից հետո:) Համոզվա՞ծ եք… տեսեք, հա՜, որ խաբել եք, ձեռքիցս չեք պրծնի: Ուրեմն, 10 տարի հետո ես կլինեմ 17 տարեկա՞ն… Լավ չի, հեչ լավ չի: Ճիշտն այն է, որ սրբիչին պատժեմ 20 տարով ու երբ դառնամ… ու երբ դառնամ… ինչքա՞ն… (Հանդիսատեսին.) Օգնեք, է՞, 7-ին գումարած 20… ապրեք: Ու երբ դառնամ 27 տարեկան, այն ժամանակ էլ կորոշեմ՝ սրբվե՞մ, թե՞ ոչ… Ուրեմն, սրբիչ, քե՛զ և հեղուկ օճառին դատում եմ քսան տարի ժամանակով: Աչքիս չերևաք: Հասկացա՞ք: Դե կորեք աչքիցս, արագացրեք, էլ ձեզ չտեսնեմ: (Սրբիչն ու հեղուկ օճառը շարվում են մյուսների կողքին: Հանդիսատեսին:) Տեսա՞ք, դրանց հախից ոնց եկա, որ ասում եմ տաղանդավոր ե՞մ, չեն հավատում: Արժեր իմ փայլուն հաղթանակի մասին մի ոտանավոր գրվեր: Բայց ո՞ւր է գրող, էլի ես եմ գրելու: Բայց ես, ախր, շատ համեստ տղա եմ: Ահա դրա համար էլ, սիրելի երեխաներ, ուզում եմ ձեր կամքով լինի՝ իմ քաջագործության մասին երգե՞մ, թե՞ արտասանեմ… Լավ չլսեցի… Հասկացա, հասկացա՝ ուզում եք, որ երգեմ: Ափսոս, որ այստեղ ջրափոս չկա, թե չէ ի՜նչ հավես կլիներ մտնեի էդ ջրափոսն ու չըլըմփ-չըլըմփ երգեի:
Երաժշտություն: Երգում է:
Ամենալավ բանը որ կա,
Ջրափոսն է աշխարհում,
Այնտեղ կապույտ երկինքը կա,
Եվ արևն է շողշողում:
Չըլըմփ-չըլըմփ չըմփոցի,
Ով կուզի, թող գա փորձի:
Նստում եմ ես ջրափոսում,
Խառնում արև ու երկինք
Այնտեղ ջրերը չեն հոսում,
Ցեխոտվում եմ երջանիկ:
Չըլըմփ-չըլըմփ չըմփոցի,
Ով կուզի, թող գա փորձի…
(Հանկարծ կծկվում է:) Վա՛խ… էս փորս ինչո՞ւ ցավեց… վա՛յ, վա՛յ, վա՞յ… ո՞նց է ցավո՜ւմ… (Կուչուհուպ գալով:) Ո՜ւֆ, ատամներս էլ սկսեցին ցավել… Վա՜խ, ականջս… (Ցավից գալարվելով՝ անկյունից-անկյուն է վազվզում:) Վա՜խ, աչքս… վա՜խ, քիթս… օգնեցե՜ք… կոկորդս… վա՜խ, սիրտս… վա՜խ, գլուխս… վա՜խ ձեռքս… վա՜խ ոտքս… օգնեցե՜ք… (Ընկնում է մեջքի վրա, անշարժանում:)
Դադար:
Զանգերի մեղմ ղողանջի ներքո պիտույքները կենդանանում են, հանդարտ տարուբերվում:
Անսպասելի՝ բարձր, ռիթմիկ երաժշտություն: Փրփուր է բարձրանում և ծածկում Փնթիին: Պիտույքները մեկ վեր բարձրանալով, մեկ փրփուրների մեջ սուզվելով, ջանասիրաբար լվանում են նրան՝ երգելով:
ՕՃԱՌ — Թե կուզես առողջ լինել,
Ոչ մի տեղդ չցավի,
Եղիր կյանքում մաքրասեր,
Քեզ ոչ ոք չի պարսավի:
ՓՆԹԻ — Վա՜խ, գլուխս, երեսս,
Քերեցիք, մնաց կեսը…
ԽՈԶԱՆԱԿ — Խոզանակով, մածուկով,
Մաքրիր ատամ և լեզու,
Ժպիտդ պայծառ լինի,
Ոչ ցավ լինի, ոչ՝ սըզու:
ՓՆԹԻ — Վա՜խ, ատամս, ատամս,
Իմ անգին մինուճարս…
ՑՆՑՈՒՂ — (տեղից ելնում է, ջուր ցողելով:)
Ցողում եմ ես մաքուր ջուր,
Որ լվանա կեղտ ու մուր,
Մանրէներին չարորակ
Չմնա ոչ մի վարակ:
ՓՆԹԻ — Վա՜յ, խեղդվեցի, օգնեցե՜ք,
Չեմ դիմանում, փրկեցե՜ք…
ԲՈԼՈՐԸ — Թե կուզես առողջ լինել,
Ոչ մի տեղդ չցավի,
Եղիր կյանքում մաքրասեր,
Քեզ ոչ ոք չի պարսավի:
Մթնեցում: Դադար:
ՓՆԹԻ — (ասես քնից արթնանալով): Էս ի՜նչ վատ երազ էր… (Բարձրանում է տեղից մաքրված, սանրված, կոկիկ տեսքով:) Բայց… բայց կարծես թեթևացած լինեմ, փուչիկի պես… շնչառությունս էլ է լավացել… (Թևքից հոտ է քաշում:) Էս ի՜նչ անուշ հոտ է… Մինչև հիմա չգիտեի, որ ցեխից ու մրից հաճելի բուրմունք է տարածվում: Հիմա հայելուն կնայեմ, ու եթե էլի տեղ կա, որ կեղտոտ չի՝ ցեխաջուր կավելացնեմ ու կդառնամ քայլո՜ղ, բուրումնավե՜տ Հովո: Բոլորը վազ կտան, որ ինձնից հոտ քաշեն: Ահա, սա էլ հայելին… (Նայում է ու ընկրկում:) Սա ո՞վ է… սրա տեսքի՜ն, սանրվածքի՜ն, մաքրությա՜նը… տեղովը՝ զզվանք: Հե՛յ, դուրս կորիր հայելու մեջից, սա իմ հայելին է, մի փչացրու քո մաքրությամբ… ո՞ւմ եմ ասում, չլսեցի՞ր, դուրս կորիր հայելուց… Սրան տես, իմ ձևերն է անում, դուրս կորի՛ր… վայ-վա՞յ… ինչքան էլ ինձ նմա՞ն է… Այս տեսքը ես երկու տարեկանում եմ ունեցել… այսինքն՝ քանի՞ տարի առաջ… Հիմա ես 7 տարեկան եմ… 7-ից հանած 2… երեխաներ, 7-ից հանած երկուս քանի՞ս է անում… Համոզվա՞ծ եք… Լավ, հավատում եմ… ուրեմն, այսպիսի տեսք ունեցել եմ 5 տարի առաջ… զզվելի տեսք է… Կարո՞ղ է՝ ես եմ… Բա հիմա ի՞նչ անեմ, որ համոզվեմ՝ ե՞ս եմ, թե՞… Այ քեզ բա՜ն… կարո՞ղ է, տեսածս երազ չէր, այս անպիտան սանրը, խոզանակը, օճառը իսկապես հարձակվել են ու մաքրազարդել տարիներով հավաքածս մուրն ու ցեխը… Երեխաներ, օգնեք ինձ, հայելու մեջ երևացողն ո՞վ է… հաստա՞տ ես եմ… (Պիտույքներին.) Խոստովանե՛ք, սա դո՞ւք եք արել…
Երաժշտություն: Պիտույքները, պարելով, շրջան են կազմում:
ՕՃԱՌ — Ես օճառն եմ մանկական,
Հրաշագործ՝ իսկական,
Չեմ ցավեցնում աչքերը,
Փայլեցնում եմ ձեռքերը:
ՄԱԾՈՒԿ — Ես մածուկն եմ հոտավետ,
Ընկերացիր դու ինձ հետ,
Չի ցավի քո ատամը՝
Դրսում լինես, թե տանը:
ԽՈԶԱՆԱԿ — Խոզանակն եմ ժրաջան,
Եղիր ինձնից անբաժան,
Չեմ ցավեցնում, չեմ ծակում,
Շոյելով եմ ես մաքրում:
ՀԵՂՈՒԿ ՕՃԱՌ — Ես էլ հեղուկ օճառն եմ,
Բաղնիքի դեղն ու ճարն եմ,
Անուշ հոտ ու բույր ունեմ,
Կանչիր, քեզ հյուր կլինեմ:
ՑՆՑՈՒՂ — Շիթերով նուրբ ու բարակ,
Ջուր եմ ցողում միալար,
Մաքրում եմ ախտ ու վարակ,
Զուլալ ջրով կենարար:
ՍՐԲԻՉ — Հերթը արդեն ինձ հասավ,
Ես սրբիչն եմ նուրբ, խավոտ,
Սրբում եմ մաշկը խոնավ,
Երեկո, թե առավոտ:
ՓՆԹԻ — Այ քեզ բա՜ն… մինչև հիմա չեմ իմացել, որ օճառը չի մրմռացնում աչքերը, կոպերդ սեղմիր ու լվացվիր, դրանից հեշտ բա՞ն… Չեմ իմացել, որ խոզանակը ոչ թե ծակում է, այլ շոյում, որ… Երեխաներ, դուք այդ մասին գիտեի՞ք… Բա ինչո՞ւ չէիք ինձ էլ ասում… Դե, որ այդքան գիտունիկ եք, կարո՞ղ եք պատասխանել, թե ինչո՞ւ համար է… Սրբի՛չը… Ապրեք: Իսկ ինչո՞ւ համար է… ըըը… ինչո՞ւ համար է սանրը… Վա՞յ, դա էլ գիտե՞ք…. Սպասեք, սպասեք, հիմա մի դժվար հարց տամ, այնպիսի մի դժվար հարց, որ չկարողանաք պատասխանել… Ինչու համար է՜… մկրա՛տը: Նախանձներ, այս բոլորն իմացել եք ու ինձ չեք ասել: Մի գլուխ՝ փնթի, փնթի՜… ես, որ ձեզ փնթի ասեմ, լավ կլինի՞… Չէ, չեմ ասի, կատակ արեցի, բայց եկեք պայմանավորվենք, որ եթե հանկարծ փողոցում ինձ հանդիպեք, դուք էլ ինձ չասեք փնթի, մանավանդ, որ հասկացա իմ սխալը: Հարկավոր է մաքրասեր լինել: Իսկ եթե մի փնթիի կհանդիպեք, խրատեք նրան, ասեք, որ կեղտոտ, թափթփված լինելը լավ բան չէ: Պայմանավորվեցի՞նք: Վա՞յ, մոռացա ասել, որ իմ անունը Հովհաննես է: Հապա, կարո՞ղ եք միասին ասել՝ Հով-հան-նես… Ապրեք, շատ ապրեք: Հիմա ես ձեզ համար մի երգ կերգեմ, բայց պայմանով, որ կրկներգը միասին երգենք, լա՞վ… Սկսեցի՜նք…
Երաժշտություն: Երգում է, բոլորը պետք է ձայնակցեն:
ՓՆԹԻ — Թե կուզես առողջ լինել,
Ոչ մի տեղդ չցավի,
Լվացվիր դու ամեն օր,
Երբեք դու մի ալարի:
Կրկներգ
Օճառ, մածուկ, խոզանակ
Միշտ ունեցիր ձեռքի տակ:
Քիթդ մատով մի սրբիր,
Լվա ձեռք ու մատներդ,
Եղունգներդ միշտ կտրիր,
Խնամիր ատամներդ:
Կրկներգ
Օճառ, մածուկ, խոզանակ,
Միշտ ունեցիր ձեռքի տակ:
Եղիր առողջ և հզոր,
Մաքրասեր ու խելացի,
Ամեն գործից կարևոր
Մաքրությունն է, իմացիր:
Կրկներգ
Օճառ, մածուկ, խոզանակ,
Միշտ ունեցիր ձեռքի տակ:
ՎԱՐԱԳՈՒՅՐ