Աշոտ ՀՈՎՍԵՓՅԱՆ / «ԳԻՇԵՐՎԱ ԵՐԱԶՆԵՐՆ ՈՒ ՄԱՐԶԱՀԱԳՈՒՍՏՈՎ ՓՈՂԿԱՊԱՎՈՐ ՄԱՐԴԸ»
Աշոտ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ «ԳԻՇԵՐՎԱ ԵՐԱԶՆԵՐՆ ՈՒ ՄԱՐԶԱՀԱԳՈՒՍՏՈՎ ՓՈՂԿԱՊԱՎՈՐ ՄԱՐԴԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2009 թ., թիվ 16-17-ում
Շատ հաճախ «փոքր» մարդն ավելի Մեծ է, քան շատուշատ «մեծամեծք»: Հանճարեղ Չարլի Սպենսերի առինքնող կերպարները վկա… Մարդս՝ իր առօրյա կյանքով ու երազներով: Ու երազներո՞ւմ, թե՞ արթմնի՝ Մարդը շատ հաճախ գնում ու դեմ է առնում անանցանելի պատի: Ու թե հնար չիք էդ պատը շրջանցելու, ստիպված ետ է դառնում: Հո պատը չի՞ ծակելու: Չի կարող, չէ՞: Աշխարհում, թերևս, դա հենց այդպես է, որ կա: Իսկ մերկ մարդը մյուս անգամ էլի կգնա ու դեմ կառնի էդ պատին: Ու այդպես՝ շարունակ: Ու կարծես թե վերջ չունի էդ ընթացքը… Ու թե Սևակին հարցնենք՝ կասի. «Պատին՝ ի՞նչ»: Համամիտ եմ. «Թող որ չպակասի ոչ մի լավ ճակատ»:
…Չէր ծնվի այս թատերախաղը, եթե վերին մի նախախնամությամբ չկայանար (թերևս՝ նշանակված) հանդիպումը բազմաշնորհ ու հմայիչ պարմանուհի Նարինե Գրիգորյանի հետ: Դե՜հ, որ ծնվել է՝ ծնվել է: Բարի՜… Ես էլ, ուրեմն, կվերցնեմ ու էդ արգասիքն անվարան, հետն էլ՝ ջերմ բարեմաղթանքների մի փունջ, կնվիրեմ հենց իրեն՝ Նարինեին:
— Քե՜զ, Նարինկա ջան:
Աշոտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԳՒՇԵՐՎԱ ԵՐԱԶՆԵՐՆ ՈՒ
ՄԱՐԶԱՀԱԳՈՒՍՏՈՎ ՓՈՂԿԱՊԱՎՈՐ ՄԱՐԴԸ
Թատերախաղ մեկ նախապատկերով և չորս պատկերով
Գործող անձինք
ԱՄՈՒՍԻՆ
ԿԻՆ
ՀԵՂԻՆԱԿ
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ (շարքային)
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ (սերժանտ)
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ (կապիտան)
Մի լղար ծերուկ
Մի ոչ լղար ու ոչ էլ չաղ մարդ
Մի չաղ կին
ԿՈԼՈՏ և ԼՈՂԼՈՂ (դեռահասներ)
Խռմփոցի ձայներ
Անցորդների ձայներ
Մուրացիկների ձայներ
Ցուցարարների ձայներ
Ավտոմեքենաների ձայներ
Բեմը կիսված է երկու մասի: Ձախում փողոց է: Աջը անհամեմատ փոքր է, նեղլիկ ննջարան է՝ նեղլիկ մահճակալով, որի վրա խցկված կծկված պառկած են Ամուսինը, Կինը և էլի մի տղամարդ… Գիշեր է: Լսվում են խռմփոցի ձայներ՝ որոշակի երաժշտական ելևէջներով: Ամուսինը վեր է կենում անկողնուց և աչքերը փակ, հագին՝ գիշերազգեստ, գնում դեպի կուլիսներ: Քիչ անց ձախ մաս՝ փողոց է ներս ընկնում Ամուսինը՝ մարմնագույն տրիկոյով, իբրե թե՝ մերկ: Ննջարանի խոմփոցի ձայները լռում են:
ՆԱԽԱՊԱՏԿԵՐ
ԱՄՈՒՍԻՆ — (շուրջը նայելով): Էս ո՛ւր եմ ընկել, որտե՛ղ եմ: (Իրեն տնտղելով:) Շորերս ո՞ւր են: (Դահլիճին.) Դուք շորերս չե՞ք տեսել… ձեզ հետ եմ, լսո՞ւմ եք: (Մոտենում է բեմեզրին:) Ձեզ եմ դիմում… հա, հենց ձեզ… շորերս չե՞ք տեսել… Չէ՞: Շո՜-րե՜-րը՜ս չե՜ք տե՜-սե՜լ… Հիմա ո՞նց անեմ: Էսպես ո՞ւր գնամ… Հա, իհարկե… դե, իհարկե, տուն պիտի զնամ: Բայց էս տեսքո՞վ: Լավ է, փողոցում մարդ-մուրդ չկա: (Շուրջը նայելով:) Ուշ է երևի… Ուշ է, բա՜: Ի՞նչ… (Դահլիճին.) Որտեղ եմ կորցրել շորե՞րս… (Հռհռալով:) Որ իմանայի, էլ ինչո՞ւ էի ձեզ հարցնում: Ի՞նչ… որտեղից եմ գալի՞ս: Թե գիտենայի՜… (Հիշելով:) Աստված իմ, չէ՞ որ նրա տանն էի… Հիմա հիշեցի. էն սիրունիկ, թմբլիկ, հմայիչ կնոջ… Հա, էլի… Ի՞նչ, չեք ճանաչո՞ւմ: Ես էլ… նոր ծանոթացել էինք: (Հրճվանքով:) Ի՜նչ երանություն, ի՜նչ հաճույք, ի՜նչ երեկո էր, Աստված իմ… Հետո՞… Հնչեց դռան զանգը: Ես իսկույն պոկվեցի նրա տաքուկ գրկից: Չէ՜, խուճապի չմատնվեցի…
ճղեցի ուղիղ պատշգամբ: Եկավ ամուսինը… իբր՝ ամուսինը: Ես ի՞նչ գիտեմ՝ ամուսի՞նն էր, թե՞… Ժամանակ գտավ գալու: Ի՜նչ վայելք փչացրեց սրիկան… ի՜նչ կայֆ կոտրեց: Ես՝ ի՞նչ… ես դուրս թռա պատշգամբից՝ տկլիկ-տկլոր, մորեմերկ: Դեռ լավ է, որ առաջին հարկ էր: Տեր Աստված, առանց շորերի ո՞նց եմ տուն գնալու: Շորերս ո՞նց եմ վերցնելու… (Դադար:) Գնամ, պատշգամբի տակ փնտրեմ: Գուցե տիկինը շորերս դուրս նետի: Թե չէ որ ամուսնու աչքովը ընկնեն… չգիտեմ, երևի կկատաղի: Խե՜ղճ կին… Իսկ գուցե կի՞նը կատաղի, որ ամուսինը նախատեսվածից շուտ է տուն եկել ու… շորերս կերցնի նրան: Դա ավելի հավանական է… Խե՜ղճ ամուսին: Գնամ, շորերս գտնեմ:
Դուրս է գնում: Ձախ մասը մթնում է: Քիչ անց ննջարանում հայտնվում է Ամուսինը՝ հագնված: Նորից խռմփոցի ձայներ են՝ նույն երաժշտական ելևէջներով: Ամուսինը սուլելով, քրթմնջալով հանվում է, շորերը նետում դեսուդեն, մտնում անկողին ու իսկույն միանում ընդհանուր խռմփոցին:
ԱՄՈՒՍԻՆ — (քիչ անց արթնանալով՝ քրթմնջյունով): Էս ո՞վ եր, ի՞նչ եք… մի քիչ հարմար պառկեք, չե՞ք տեսնում, որ տեղը նեղ է: (Դադար:) Ամոթ ձեզ:
Ննջարանը մթնում է:
ՊԱՏԿԵՐ Ա
Բնակարանի աջ մասում փոքրիկ աղջնակը դաշնամուր է նվագում: Ձախ մասը նեղլիկ խոհանոց է, սեղանիկի շուրջը նստած են Ամուսինը և Կինը: Սուրճ են խմում:
ԱՄՈՒՍԻՆ — Սիրելիս, ի՞նչ կնշանակի, երբ մարդ իր երազի մեջ գիշերով ման է գալիս մորեմերկ… տկլիկ-տկլոր…
ԿԻՆ — Ո՞վ:
ԱՄՈՒՍԻՆ — Ես… այս գիշեր… երազիս…
ԿԻՆ — (քամահրանքով): Դու իմ երազը լսիր, այ ապաշնորհ…
ՀԵՂԻՆԱԿ — (մտնում է, ձեռքերը շփելով մոտենում բեմեզրին, դիմում դահլիճին): Ահավասիկ, մի ընտանիք: Սովորական ընտանիք: Շատ սովորական ընտանիք: Փոքրիկ աղջնակը… լսում եք, սենյակում գամմաներ է սերտում՝ ուշադրություն չդարձնելով, որ խոհանոցում ծնողները թունդ վիճում են: Լսում եք, չէ՞: Մանչուկները… որտե՞ղ են մանչուկները: (Շուրջը նայելով:) Ո՞ւր կորան… Հա, երևի առիթից օգտվելով դուրս թռան բակ: Իսկ սա սովորական մի բան է: Այսինքն՝ վեճը: Սովորական վեճ: Սովորական ընտանեկան վեճ: Եվ ամեն մեկն իր գործին է կարծես: Բայց… վեճը մնում է վեճ: Ու վեճը, հասկանալի է, իսկի էլ գործ չի: Այսինքն՝ հասարակ գործ չի: Կարելի է ասել՝ շատ լուրջ գործ է: Չափազանց լուրջ գործ: Ու վեճի ժամանակ, ինչպես ասում են, հալվա չեն բաժանում… Իսկ ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ ետմիջօրեի սուրճի ժամանակ ամուսինը կնոջը խնդրեց մեկնաբանել գիշերվա իր երազը (քիչ առաջ նրա երազը տեսել եք, կարծեմ): Իբր ինքը փողոցով ման էր գալիս… մերկ: Մորեմերկ: Տկլիկ-տկլոր… Կինն էլ, իր հերթին, ամուսնու երազը մեկնաբանելու փոխարեն (դա էլ տեսաք, չէ՞), վերցրեց ու… իր երազը պատմեց (այդ երազն էլ եք տեսել): Իբր՝ ամուսինը խմած-հարբած տուն է եկել, հանվել, շորերն անփույթ դեսուդեն նետել ու անկողին մտել: Ու չի էլ նկատել, որ ինքը, այսինքն՝’ կինը, ուրիշի գրկում է: Նրա՝ էդ ամուսնու ընկերոջ գրկում: Լավագույն ընկերոջ: (Գնալով դեպի կուլիսները:) Բայց եկեք հետևենք…
Հեղինակը կանգնում է անկյունում ու դառնում գործողության պասսիվ մասնակից:
ԿԻՆ — Հերիք չէ՝ ուշ գիշերով հարբած տուն եկար, հագուստդ էլ շաղ տվեցիր, պառկեցիր ու տեղնուտեղն սկսեցիր խռմփացնել: Ու գիշերվա կեսին արթնանալով՝ նոր նկատեցիր, որ մեր նեղլիկ անկողնում երեքով ենք պառկած՝ ես, դու և էլի մեկը…
ԱՄՈՒՍԻՆ — Ո՞վ…
ԿԻՆ — Ընկերդ:
ԱՄՈՒՍԻՆ — Ո՞ր մեկը:
ԿԻՆ- Ի՞նչ կարևոր է…
ԱՄՈՒՍԻՆ — Իսկ ի՞նչն է կարևոր:
ԿԻՆ — Այն, որ ձայնդ գլուխդ գցեցիր, թե՝ «Մի քիչ հարմար պառկեք, չե՞ք տեսնում, որ տեղը նեղ է»: Եվ չհետաքրքրվեցիր, թե ո՛վ է այդ երրորդը:
ԱՄՈՒՍԻՆ – Է՛, հիմա եմ հետաքրքրվում:
ԿԻՆ — Այն ժամանակ հետաքրքրվեիր… չէ՜, ձայն-ծպտուն չհանեցիր: Քրթմնջացիր՝ «Ամոթ ձեզ»: Ու փորձեցիր նորից քնել:
ԱՄՈՒՍԻՆ — Հիմա ի՞նչ հանցանք ես ինձ վերագրում… այն էլէ ամենայն լրջությամբ:
ԿԻՆ — Այն, որ դու… դու տղամարդ չե՛ս: (Հեգնանքով:) Դու ի՞նչ տղամարդ… գոնե մի շան ծեծ տայիր: Մի լա՛վ քոթակեիր երկուսիս: Բայց դու՝ հե՜չ, կարծես իսկի էն ահավոր ուժի տերը չես, որ ծանր պահարանը մենակ շալակում, բարձրացնում ես հինգերորդ հարկ, հրում պատից-պատ ու մի հատ «օֆ» չես քաշում: Սպասիր, իսկ գուցե դու է՞լ էիր «լևի» գնացել… հետո եկել է սիրուհուդ ամուսինը… ու դու, նրա գրկից դուրս նետվելով, մորեմերկ հայտնվել ես փողոցում:
ԱՄՈՒՍԻՆ — (ծիծաղելով): Ի՜նչ հարուստ երևակայություն անես, տիկին ջան:
ԿԻՆ- Դե, իհարկե, ունեմ երևակայություն…
ՀԵՂԻՆԱԿ — (իր անկյունից՝ միջամտելով): Ո՛չ այս, ո՛չ այն: Հենց այսպես լուրջ: Ամենայն լրջությամբ: Առանց կատակի նշույլի: Ու հետևությունն էլ մեկն է, իհարկե:
ԿԻՆ — (արտասվելով): Դու ինձ չես սիրում այլևս… իսկի չես էլ սիրել…
ԱՄՈՒՍԻՆ — (ներողամիտ ժպիտով): Այ կնիկ, չէ՞ որ դա երազ է եղել: Ընդամենը…
ԿԻՆ — Միևնույն է՝ երազ, թե իրականություն…
ՀԵՂԻՆԱԿ — (իր անկյունից): Ամեն ինչ հենց այս պահից սկսվեց: Դե, վեճ ու կռվի ժամանակ էլ հալվա չեն բաժանում: Ինչքան հին ու նոր բան կար՝ ջրի երես հանվեց: Ինչքան հին ու նոր մեռել կար՝ հանվեց փոսից ու նորեն թաղվեց: Կինն էր՝ մի գլուխ ղժղժում էր… (Խոհանոցում պատումին հարիր վեճի տեսարան է ծավալվում:) Մի գլուխ գրոհում էր ու գրոհում էր շատ չարախինդ…
ԿԻՆ — Դու ի՞նչ տղամարդ ես… իսկի ընտանիքդ չես կարող պահել:
ԱՄՈՒՍԻՆ — Ո՞նց թե… բա ո՞վ է ձեզ պահում:
ԿԻՆ- Ի՜հ, սա պահե՞լ է…
ԱՄՈՒՍԻՆ — (հանգիստ): Խաբեության ու խաբեբաների մեր էս դարում ի՞նչ էիր ուզում: Այսքան էլ՝ հազիվ, թե ընդունակ չես խաբելու…
ԿԻՆ- (բորբոքված): Հա, բա՞… Դու չես խաբում, ուրեմն քեզ են խաբում: Բոլորն էլ քեզ խաբում են: Ասեմ՝ եղբայրներդ խաբում են: Քույրերդ՝ նույնպես: Ընկերներիդ մասին՝ չեմ խոսում: Երեխաները, նույնիսկ երեխաները՝ քոնը թե ուրիշինը, էլի քեզ խաբում են: Էն մի մատ երեխան էլ քեզ կխաբի…
ԱՄՈՒՍԻՆ – Ի՞նչ ես ուզում ասել… դու է՞լ ես ինձ խաբում:
ԿԻՆ — Չէ: Միայն ես եմ, որ քեզ չեմ խաբում:
ԱՄՈՒՍԻՆ — (փորձելով կնոջը հանգստացնել): Ի՞նչ իմաստ ունի գիշերային անմիտ, անիմաստ երազների պատճառով աղմուկ բարձրացնել, իրարանցում սարքել ու տունը խառնել իրար:
ԿԻՆ — Հարցը գիշերվա երազը չէ: Նույնիսկ երազում՝ քո, թե իմ… ապաշնորհությունդ է նշմարվում:
ԱՄՍՒՍԻՆ — Էդ ո՞նց… էդ ինչո՞ւ եմ ապաշնորհ…
ԿԻՆ — Դու չէի՞ր ասում, թե երազներն օգնում են մարդկանց հասկանալ իրենց ներաշխարհում թաքվնած շատ բաներ: Էս էլ քեզ երազիդ մեկնաբանությունը:
ԱՄՈՒՍԻՆ — (մեկուսի): Բան չեմ հասկանում… (Կնոջը.) Ընդհանուր առմամբ, այդպես է, որ կա: Բայց դա ես չեմ ասել: Ես ընդամենը կարդացել եմ ինչ-որ տեղ…
ԿԻՆ-Կարդալուց բացի ուրիշ էլ ի՞նչ գիտես:
ԱՄՈՒՍԻՆ — Վերջացրու, լսո՞ւմ ես… էլի շաբա՞թ եկավ: Կիրակի՞դ է մոտենում, հերթական կռվիդ օրն է, հա՞: (Փորձելով կնոջը խաղաղեցնել:) Ընդունենք, որ սա դատարկ միջադեպ է: Անհամ ու անհեթեթ վեճ: Ու մեջն էլ իսկի նյութ չկա:
ԿԻՆ — Նյութ կա, ինչո՞ւ չկա: Ու էդ նյութն էլ այն է, որ ընտանիք պահել չես կարող: Ընկերներդ, տես, ուր են հասել, ինչ օբյեկտներ են իրենցով արել, մեկը՝ խանութ, մյուսը՝ ռեստորան… է՛լ պատգամավոր, է՛լ նախարար: Ճոխ տունուտեղ են դրել, շքեղ ավտոմեքենա, կնանիքն էլ՝ խանում-խաթուն: Ոնց էլ հետդ ընկերություն են անում…
ԱՄՈՒՍԻՆ — (մեկուսի): Էս ո՞ւր հասանք… (Կնոջը.) Իհարկե, ապրում են առոք-փառոք ու մի քանի հատ էլ սիրուհի ունեն ընկերներս: Ինչո՞ւ դա էլ չհիշեցիր:
ԿԻՆ — Իբր դու չունես, հա՞…
ԱՄՈՒՍԻՆ — Ինձ սիրուհի որտեղի՞ց…
ԿԻՆ — Ասենք՝ քեզ որտեղի՞ց սիրուհի, իսկի մի կին չես կարող պահել, կարգին տունուտեղ չունես… ոչ էլ՝ ավտոմեքենա:
ԱՄՈՒՍԻՆ — (հանգիստ): Մենք էլ տունուտեղ ունենք… ավտոմեքենա չունենք, դա էլ, Աստծո կամեցողությամբ, մի օր կունենանք:
ԿԻՆ — Տունուտեղ ունենք, բա չէ՞… Ավտոմեքենան էլ, բա՞, Աստծո կամեցողությամբ… Սա չի՞ տունուտեղդ՝ երկու նեղլիկ սենյակ, մեջն էլ՝ քուրջուփալաս:
ԱՄՈՒՍԻՆ — Երջանկություն ասվածը դրանց մեջ չի:
ԿԻՆ- Բա ինչի՞ մեջ է… Հիմա որ քո բառերով ասեմ՝ ընկերներդ ապերջանիկ են, հա՞:
ԱՄՈՒՍԻՆ — Ես չգիտեմ՝ նրանք երջանի՞կ են, թե՞ ապերջանիկ, բայց նրանք ապրում են ասեղների վրա:
ԿԻՆ – Ինչո՞ւ…
ԱՄՈՒՍԻՆ — Որովհետև վախենում են:
ԿԻՆ – Ինչի՞ց:
ԱՄՈՒՍԻՆ — (կմկմալով): Վախենում են, շատ են վախենում, որովհետև… ազնիվ չէ իրենց վաստակը: Նրանք մեծ գործերի մեջ են խրված…
ԿԻՆ — Դու էլ խրվիր: Պաշտոնդ չի՞ ներում…
ԱՄՈՒՍԻՆ — Հա, չի ներում… մեծ գործերը այլ որակներ են պահանջում, որ ես չունեմ:
ԿԻՆ — Դրա համար էլ ասում եմ, որ ապաշնորհ ես:
ԱՄՈՒՍԻՆ — Ախր, հասկացիր, նրանք կաշառք են վերցնում, կաշառք են տալիս…
ԿԻՆ – Պա՛հ, գյուտ արեցիր… Հիմա բոլորն էլ էդպես են վարվում: Ումից պետք է՝ վերցնում են, ում պետք է՝ տալիս են: Դու էլ արա: Մարդիկ ապրելու ճիշտ ձևը գիտեն: Չէ՝ դու…
ԱՄՈՒՍԻՆ – Ինչո՞ւ միայն ես: Ոչ բոլորն են քո ասած «ճիշտ ձևով» վաստակում:
ԿԻՆ – Հա՜, մի քանի ապաշնորհ կգտնվեն: Դու էլ՝ հետները… ու կձգեք ձեր կյանքը՝ ռոճիկից ռոճիկ: Վայ արևիդ՝ սա՞ է տունուտեղդ: Երեխեքդ դաս սովորելու տեղ չունեն, իրար ծոց են քնում: Ժամանակին մի քիչ փող խաղացնեիր ու մի սենյակ ավելի ստանայիր… փորդ կծակե՞ր, թե՞ աչքդ դուրս կգար: Ավտոմեքենայի հերթն էլ առաջ գցեիր՝ էսօր հույսդ չէիր դնի Աստծո վրա: Չէ՜… «Ես կաշառք տվողը չեմ, ես ազնի՜վ եմ»: Ազնի՜վ…
ԱՄՈՒՍԻՆ – Էհե՜յ, որտեղից եկանք, ուր հասանք…
ԿԻՆ — (բորբոքված դուրսուներս անելով): Ազնի՜վ… ո՛չ ավել, ո՛չ պակաս…
ԱՄՈՒՍԻՆ — Մեղավո՞ր եմ, որ չեմ կարողանում թալանել: Պատասխանատվության զգացումն ինձ թույլ չի տալիս…
ԿԻՆ — Թե չէ՝ ընկերներդ էդ զգացումից չունեն, էլի՜…
ԱՄՈՒՍԻՆ — (մեկուսի): Աստված գազազած կնոջ շառից ազատի… (Կուլ տալով սուրճի վերջին կումը:) Իհարկե, չունեն… Թեև հետո, միևնույն է, պատասխան են տալու արածների համար:
ԿԻՆ – Միամի՜տ… հայտնի չի՝ նրանք հետո պատասխան կտա՞ն, բայց դու պատասխան ես տալու հենց հիմա: (Ճչալով:) Ի՛նձ ես պատասխան տալու…
ՀԵՂԻՆԱԿ — (իր անկյունից): Կինը շարունակում է լուտանքների հեղեղ տեղալ ամուսնու հասցեին: Ամուսինն արդեն վարժվել է ու չի պատասխանում, սենյակից խոհանոց հասնող երաժշտությունն է լսում:
ԱՄՈՒՍԻՆ — (մեկուսի): Չէ՜, դստրիկս լավ է նվագում: Հաստատ մի բան դուրս կգա…
ԿԻՆ — (դուրսուներս անելով): Մի բան ասա, է՜… մի լռիր: (Կանգնում է Ամուսնու դիմաց:) Ախր, սիրտս ճաքում է… լռությունդ անտանելի է… Լռո՞ւմ ես… Կլռես, բա ի՞նչ կանես:
ԱՄՈՒՍԻՆ — (փորձելով հաշտվել): Սիրելիս, եթե մի պահ դու էլ լռեիր, որովհետև… դե, որովհետև քո լռությունը, հոգյակս, քեզ ավելի հմայիչ է դարձնում:
ԿԻՆ – Հը՜մ… ազնի՜վ…
ԱՄՈՒՍԻՆ — (դահլիճին): Դուրս գամ տնից, գուցե մենակ մնա՝ զայրույթր մեղմվի: Հո ինքն իր հետ չի՞ կռվելու: (Անցնում է սենյակ, զգեստապահարանում ինչ-որ բան է փնտրում: Քիչ անց վերադառնում է խոհանոց:) Շոր էլ չունեմ, որ հագնեմ՝ դուրս ելնեմ… Ոչ մաքուր վերնաշապիկ կա, ոչ արդուկած անդրավարտիք:
ԿԻՆ — Դու ի՞նչ ունես, որ շոր ունենաս… Տանր լվացքի փոշի չկա, որ լվացք անեմ: Ասում եմ՝ փող տուր, լվացքի փոշի առնեմ, ժավել առնեմ, ասում ես՝ փող չկա: Արդուկն էլ չի աշխատում: Երկու շաբաթ է՝ ասում-խնդրում եմ՝ չես նորոգում: Դե, ասա, ո՞նց արդուկեմ:
ԱՄՈՒՍԻՆ — (մեկուսի): Փաստարկներն իբրև արդարացում, իհարկե, հիմնավոր են, բայց… (Կնոջը.) Մի գլուխ փող ես ուզում… չես ասում, թե ճգնաժամ է: Համաշխարհային ճգնաժամ…
ԿԻՆ — Էդ ճգնաժամը միայն քեզ համար է: Ասենք՝ դու միշտ էլ ճգնաժամի մեջ ես: Միշտ ու մշտապես… անվերջանալի: Քո բոլոր օրերն էլ ճգնաժամային են:
ԱՄՈՒՍԻՆ — (մեկուսի): Ձայն-ծպտուն չհանես… Թե ինչո՞ւ նորեն խոսք բացեցիր: Ասա՝ կրետի բույնն ինչո՞ւ ես փորփրում…
ԿԻՆ — (մեկուսի): Դու պարզամիտ խեղկատակ ես: Միայն թե դա չգիտես: Ու քեզ դրել ես ազնիվ ու արդար, անկաշառ մարդու տեղ… ո՞ւմ են պետք ազնվությունդ ու անշահախնդրությունդ: Ով դիմի՝ կօգնես անշահախնդիր: Ինչո՞ւ մեկնումեկն էլ քեզ չի օգնում… անշահախնդիր: Ո՞ւմ են պետք մաքուր խիղճդ ու մաքուր ձեռքերղ, երբ շուրջբոլորդ ալան-թալան է: Խելքի դար չի, այլ՝ ուժի ու ճարպկության: Թե չէ կորած ես:
ԱՄՈՒՍԻՆ — (մեկուսի): Էհե՜յ, որտեղից եկանք՝ ուր հասանք: Սկսվե՜ց… Ասա՝ ախմախ, կրետի բույնը կփորփրե՞ն…
ԿԻՆ — Ձայն հանիր, ի՞նչ ես պապանձվել: Պատասխան տուր, շո՛ւտ…
ԱՄՈՒՍԻՆ — (մեկուսի): Էսպես էլ բայղուշ կնի՞կ, իսկը՝ Նաջարյան Աղասու Վարդը1… Չէ, Վարդը փառք էր իմ տիկնոջ համեմատ…
ԿԻՆ — (ճչալով): Խոսի՛ր, պատասխան տուր, ա՛յ պատասխանատու…
ԱՄՈՒՍԻՆ — Ինչ ասեմ, չէ՞ որ հույժ անքննելի է մտքիդ ընթացքը: Դու առարկություն չես ընդունում: Իսկ ես վիճել չեմ ուզում: Ես կռվել չեմ ուզում: Ես հոգնել եմ վեճուկռվից: Այնպես եմ հոգնել…
ԿԻՆ — Կհոգնես, բա ի՞նչ կանես: Ուրիշներից չես հոգնի, ինձանից կհոգնես…
ԱՄՈՒՍԻՆ — Որովհետև քեզ բան հասկացնել չի լինում, անօգուտ է:
ԿԻՆ — Ամեն ինչ ունա՜յն է… «Ունայնություն ունայնությանց»: Ինչո՞ւ դա էլ չասացիր:
Ա Մ Ո Ի Ս Ի Ն — Դե, բավական է, զզվեցրիր… ես չեմ հորինել, Սողոմոն իմաստուն արքան է ասել:
ԿԻՆ — Արքա, ինքն էլ՝ իմաստուն… դա էլ ես գրքում կարդացել, չէ՞… Ա՜խ, էդ գրքերը, քո գրքե՜րը… (Հեկեկալով փլվում է աթոռին:) Կարդացածդ է մեր տունը քանդել:
ԱՄՈՒՍԻՆ — (փլվելով աթոռին, մեկուսի): Էլի՞ գրքերը… ո՞վ գրքի անուն տվեց: (Կնոջը.) Էլի՞ կպար գրքերին, քեզ ի՞նչ վատություն են արել գրքերր, հը՞…
ԿԻՆ — Էնքան ես կարդացել, ներթափանցել դրանց ազնիվ ու բարի աշխարհը, որ կյանքից կտրվել ես: Կորցրել ես իրականության զգացողությունը… դառն ու դաժան իրականության: (Հանդարտվում է:)
ԱՄՈՒՍԻՆ — (հոգոց հանելով): Է՜հ…
ՀԵՂԻՆԱԿ — (իր անկյունից): Այսպես ծանր հոգոց հանեց Ամուսինը: Սակայն չփորձեց տարհամոզել կնոջր, մտածեց՝ ավելի լավ, հազիվ հանդարտվել է: Այնպես որ, այժմ արդեն զգուշացավ «կրետի բույնը փորփրելուց»:
ԿԻՆ — (չարությամբ): Ի՞նչ ես կպել աթոռից՝ պոկ չես գալիս:
ԱՄՈՒՍԻՆ — Ի՞նչ անեմ:
ԿԻՆ — Վեր կաց:
ԱՄՈՒՍԻՆ – Ինչո՞ւ:
ԿԻՆ — Արդուկր նորոգիր:
ԱՄՈՒՍԻՆ — (տեղից ցատկելով): Թյո՜ւ… (Մեկուսի:) Մի խելահեղ միտք հղացա… (Գնում է սենյակ, պահարանից զգեստների մի կույտ բերում, նետում է բազմոցի վրա, ջոկջկում ու զգեստափոխվում է: Մուգ կապտավուն մարզական կիսավարտիք է հագնում: Հետո՝ դեղնավուն մարզաշապիկ: Նորաձև փողկապ է կապում ու ծիծաղելով ցուցադրում:) Տիկինս է նվիրել ծննդյանս վերջին տարեդարձի առթիվ: Ոչ մի անգամ դեռ չեմ կրել: (Գուլպա չգտնելով՝ ոտաբոբիկ գնում է կուլիսներ, վերադառնում սանդալատիպ հնամաշ կոշիկներով, հագնում է, վրան է քաշում միակ քիչ թե շատ հագնելու ենթակա պիջակը՝ դարձյալ հնամաշ: Անցնում է խոհանոց, արտասվող կնոջ զարմացական հայացքի ուղեկցությամբ պատրաստվում է տնից դուրս թռչել:) Միշտ ասում եմ, բայց դու չես հավատում: Էլի եմ ասում՝ կթողնեմ ու կհեռանամ: Մի օր կթողնեմ ու կհեռանամ… երբ դու կմնաս մեն-մենակ, կվերածվես սարդի: Սև ու թունավոր: Կարակուրտ կամ տարանտուլ: Հասկացա՞ր… Չէ՛, կարիճ կդառնաս, որն իր խայթոցից, իր թույնից է… (Ասելիքը կիսատ թողնելով:) Է՛հ…
ԿԻՆ — (հեկեկոցի միջից): Շատ բա՞ն եմ ուզում… Հո ճոխ վայելքներ՝ կաֆե-ոեստորաններ, աստղային հանդիսանքսեր չեմ ուզում: Նորմալ ապրել եմ ուզում: Ընդամենը… Ուզում եմ, որ երեխեքս առանձին քնելու տեղ ունենան, դասերը պատրաստելու անկյուն ունենան, որ էդ գրողի տարած լվացքի փոշին ու օճառը, աղն ու շաքարավազը, հացն ու պանիրը չպակասեն, որ արդուկը սարքին լինի ու դու էլ տնից դուրս գալու համար մաքուր ու կոկիկ հագուստ ունենաս: Մեկ էլ ուզում եմ, որ հիմար երազներ չտեսնես ու չստիպես, որ դրանք մեկնաբանեմ: ԱՄՈՒՍԻՆ — (ձեռքը թափ տալով գնում է): Է՜հ…
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ — (քիչ անց նույն դռնից ներս ընկնելով, հայացքը՝ դեպի դուռը): Վա՜խ, մամա ջա՜ն… վախեցա, հորս արև… էս ի՞նչ էր: (Կնոջը.) Ախչի, էդ ո՞վ դուրս թռավ ձեր տնից:
ԿԻՆ — (հեկեկոցի միջից): Մարդս էր, էլ ո՞վ…
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Ախչի՛, էդ խի՞ ես լացում:
ԿԻՆ- (աչքերը սրբելու}): Էլ չեմ լալիս:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ — Հա, բայց նոր լաց էիր լինում, չէ՞…
ԿԻՆ — (ոտքի կանգնելով): Հա, բայց արդեն չեմ լալիս, չէ՞… Ի՞նչ կա:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ — Հո չի՞ ծեծել:
ԿԻՆ — Չէ հա՜, նա ինձ ե՞րբ է ծեծում, որ… նա ինծիլիգենտ է:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ — Բա խի՞ էիր լացում:
ԿԻՆ — Հեչ, սիրտս լցվել էր… Դու ասա՝ ի՞նչ կա:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ — Հեչ, քեզ շատունց չէի տեսել, ասի՝ մի հատ էթամ, հարևանուհուս տենամ, մի հատ կոֆե խմենք, մի քիչ զրուց-մրուց անենք… Տենանք՝ ով ում բարեկամն ա, ոտուգլուխ մի չըռթ ազգ ենք, բա չքցե՞նք-բռնենք, թե էսօր ում միսն ենք ծամում, ում բուրդն ենք տալի քամու բերան: (Քրքջում է, դադար:) Նորություն-մորություն չունե՞ս:
ԿԻՆ — Չէ, որտեղի՞ց…
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Ասենք՝ հա, էլի՜… Թե որ ես քեզ խաբար-մաբար չբերեմ, դու ըտենց էլ աշխարհից կտրված խուլուհամր կմնաս:
ԿԻՆ — (դադարից հետո): Գնա սենյակ, ես սուրճր եփեմ, գամ՝ զրուցենք:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ — (սենյակ գնալով): Հա, դու կոֆեն դիր, արի տես, թե քեզ ի՜նչ թույն նորություններ եմ բերել:
ԿԻՆ — (սկուտեղը ձեռքին սենյակ մտնելով, դստերը): Անուշիկս, հոգնեցիր երևի, մի քիչ խաղա, թարմացիր, հետո կգաս, էլի կպարապես:
Աղջնակը դուրս է գնում:
ՊԱՏԿԵՐ Բ
Փողոց: Ետնաբեմում՝ քաղաքային պատկերի ետնապաստառ, ուր աչքի է զարնում ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՐԱՀ «Գ. Ե. Շ.» ցուցանակը: Մի քանի նախշազարդ աղբարկղեր: Անկյունում ինքնատիպ խորշ է՝ վրան գրված «ԳԵՏՆԱՆՑՈՒՄ», դեպի ուր փորձում է անցորդներին ուղղորդել պատանի ոստիկանը: (Անցորդների շարժը «սիլուետային իմիտացիա» է ետնապաստառի վրա:)
ԱՄՈՒՍԻՆ — (հայտնվելով կուլիսներից, դահլիճին): Չնայած ուշ աշնանային օրերին՝ եղանակն ուղղակի հրաշալի է: Արևոտ ու պայծառ օր է, ուստի և փողոցը մարդաշատ է: Ծառերից թափվել են գույնզգույն չորացած տերևներն ու խշխշում են անցորդների ոտքերի տակ: (Դադար:) Ծանոթ պատկեր է, չէ՞: Քանի՜-քանի՜ պոետ իրենց անմահ երկերում նկարագրել են այս պատկերը: Քանի՜-քանի՜ նկարիչներ գույներն այս հանձնել են կտավին: Աշխարհի ստեղծման պահից ի վեր ոչինչ չի փոխվել կարծես: Նորեն աշուն է, նորեն՝ տերևաթափ… (Ինչ-որ բան հիշելով:)
Աշուն է, անձրև,
Ստվերներն անձև
Դողում են դանդաղ
Պաղ, միապաղաղ…
Սիրտըս տանջում է ինչ որ անուրախ
Անհանգստություն…
(Դառն քմծիծաղով): Անուրա՜խ անհանգստություն, դե, իհարկե… Միայն ես եմ, որ այս պատկերից դուրս եմ: Քայլում եմ փողոցով՝ ինքս էլ իմ ուր գնալը չգիտենալով: Անցել եմ մի քանի թաղամաս: Եվ տարօրինակն այն է, որ ոչ ոք ուշադրություն չի դարձնում արտաքինիս: Բոլորը շտապում են իրենց բանուգործին: Գլխիկոր: Անտարբեր: Քնի մե՞ջ եմ, թե՞ արթմնի: Ինչ-որ անորոշության զգացողություն կա ներսս… ( Դադար:)
Մի նոր խեղկատակ,
Որին չեն տեսնում,
Իսկ թե տեսնում են՝
Ինչու չեն հապա քրքջում վրաս…
Է՜հ, երևի տիկինն իրավացի է: Խեղկատակ եմ: Խեղճուկրակ խեղկատակ: Նույնիսկ այս տեսքով վերաբերմունքի արժանի չեմ: Թեկուզ, ասենք… ծաղրուծանակի: Հա, հենց ծաղրուծանակի… (Քայլում է՝ հայացքը շենքերին:)
ՀԵՂԻՆԱԿ — (կուլիսներից հայտնվելով և իր անկյունը գրավելով): Ահա այսպես խորհում է ինքն իրեն մարդր: Մարզահագուստով փողկապավոր մարդը: Խայտաբղետ հագուկապով… Որքա՛ն իրավացի է տիկինը, թե Ամուսինը խեղկատակ է, ինչի հետ համաձայն է նույնիսկ ինքը՝ Ամուսինը: Իրոք, երեխաներն անգամ նրան չնկատեցին: Էլ ուր մնաց՝ փոխանակման կետերի դիմաց ու մայթերին շարված կրպակների արանքում խումբ-խումբ խռնված անբան ջահել տղերքը՝ պարապ-սարապ զվռնելուց ձանձրացած, կամ գործունյա տղերքը՝ իրենց գործերից հոգնած-խոնջացած… որ նույն բանն է, ի վերջո: Բայց այստեղ էլ աշխույժ եռուզեռ է՝ անեկդոտներ են պատմում ու քրքջում՝ վաղ գարնան կանաչ արոտ ընկած մատղաշ հորթերի հրճվանքով: Ոչ այնքան լայն ու բարեկարգ, ավելի ճիշտ՝ նեղլիկ և անհուսորեն անբարեկարգ, սակայն բանուկ փողոցով արագընթաց վերուվար են սլանում (ավտոմեքենաների և դրանց շչակների ձայներ) շքեղ ու ոչ այնբան շքեղ, նաև՝ խարխուլ ու հնոտի ավտոմեքենաները: Որոշ վարորդներ բջջային հեռախոսներ ունեն… իրենց ականջներին փակցրած: Ինչպես մայթերին վխտող պարապ-սարապ գործունյա տղերքը:
ԱՄՈՒՍԻՆ — (դահլիճին): Ի՜նչ ճոխ են ապրում մարդիկ: Նրանցից շատերն իրենց փայտե արտաքնոցում պպզած, անգամ ամենագունավոր երազներում, չէին պատկերացնի, որ մի օր այս ճոխ բախտին կարժանանան: Թերևս, միայն կինոնկարներում տեսած լինեն այսպիսի տեսարաններ: Կամ գուցե գրքերում կարդացած լինեն… Չէ՜, ասենք, սրանք մեծավ մասամբ գիրք կարդացող չեն եղել:
ՀԵՂԻՆԱԿ — (իր անկյունից): Ահա խորհում-մտորում է մարզահագուստով փողկապավոր մարդը՝ հիշելով նաև անցյալ գիշերվա իր չարաբաստիկ երազը: Այն երազը, որի մեկնաբանության խնդրանքն էլ, ի վերջո, հանգեցրեց այս անհասկանալի վիճակին:
ԱՄՈՒՍԻՆ — («գետնանցումին» մոտենալով): Աստված ի՜մ…
ՀԵՂԻՆԱԿ — Երբ հասավ ստորգետնյա անցումին, մտածեց, մտածեց… ու հանկարծ որոշեց…
ԱՄՈՒՍԻՆ — («Գետնանցումի» մուտքի մոտ, դահլիճին): Իջնեմ, այնտեղ թաքնվեմ՝ մինչև մութն ընկնի: Համոզված եմ, որ անցուղին ամայի կլինի, ո՞վ է նախնադարյան այս շինությունից օգտվում: (Սկսում է իջնել:)
ՀԵՂԻՆԱԿ — (հետևում է նրան, դահլիճին): Ահա մի կառույց, որ դեռ չի սեփականանվիրվել որևէ մեկին, ուստի դեռ չի նորոգվել ու պատվել «օբեկտների» ցանցով: Մարզահագուստով փողկապավոր մարդը, քարուքանդ աստիճանները մեկիկ-մեկիկ համրելով, զգուշորեն իջավ ցած: (Ամուսինն անհետանում է «գետնանցումում»: Մուրացիկների ձայներ: Հայացք նետելով «գետնանցումի» ներսը:) Հակառակ իր սպասածի՝ «գետնանցում» հորջորջյալ ստորգետնյա հնոտիքն այս շատ մարդաշատ գտնվեց: Թեե անտանելի գարշահոտություն էր բուրում: Շնչահեղձ անելու աստիճանի կծու գարշահոտություն: (Փորձելով հաղթահարել գզվանքը՝ շարունակում է հետևել ներսում կատարվողին:) Կիսախավարում խարխափելով՝ մի անկյուն քաշվեց: Բայց, ի տարբերություն վերին աշխարհի, այստեղ՝ այս ողորմելի որջում նրան մեկեն հայտնաբերեցին:
ԱՄՈՒՍԻՆ — (ձայնը՝ «Գետնանցումից»): Աստված իմ, մի՞թե այստեղ մարդ էլ է մտնում…
ՀԵՂԻՆԱԿ — Ոչ միայն մտնում է, կարելի է ասել, որ այստեղ մարդիկ են ապրում: Ապրում և աշխատում: Սա ոմանց համար աշխատատեղ է: Մուրացիկների մի ամբողջ զորաբանակի… Ու նրանք՝ այս «աշխատավորները», հայտնաբերեցին մարզազգեստով փողկապավոր մարդուն: Մեկեն հայտնաբերեցին…
ԱՄՈՒՍԻՆ — («Գետնանցումից»): Սրանք հույս ունեն, թե ողորմության կարժանանան:
ՀԵՂԻՆԱԿ — Հայտնաբերեցին ավելի վաղ, քան նրա տեսողությունը կհարմարվեր կիսախավարին: Ավելին՝ այստեղ մարզազգեստով փողկապավոր մարդը կոնկրետ վերաբերմունքի արժանացավ: Մուրացիկներն սկզբում խուլ քչփչացին, հետո բացեիբաց դժգոհեցին: Զայրույթի բուն պատճառը նոր մրցակցի հայտնվելն է: Առավել ևս, երբ նորեկը, ձեռքերը լայն պարզած՝ նրանց ինչ-որ բան էր փորձում բացատրել, հատուկենտ անցորդներից երկուսը նրան մուրացկանի տեղ դնելով՝ դրամ տվեցին, ավելի ստույգ՝ խոթեցին բուռը: Ու մուրացիկներն իրար անցան: Լսո՞ւմ եք…
1-ին մուրացիկի ձայն — Հո կատակ չի՞, ախպեր ջան, մենք վճարում ենք էս դժոխքում տեղ նվաճելու համար…
2-րդ մուրացիկի ձայն — Տեղ արևի տակ:
3-րդ մուրացիկի ձայն — Իսկ էս ծաղրածուն զավթում է մեր տարածքի մի մասը…
4-րդ մուրացիկի ձայն — Փորձելով խլել մեր հաց-հանապազօրից մի կտոր:
5-րդ մուրացիկի ձայն — Ախպեր, մենք էն ոստիկաններին մուֆթա՞ ենք փող տալիս…
6-րդ մուրացիկի ձայն — Չէ, ինչի՞… տալիս ենք, որ մեզ հաճախորդներ մատակարարեն՝ անցորդներին էստեղ ուղղորդելով…
7-րդ մուրացիկի ձայն — Բա կանչեք էդ ոստիկաններին, թող գան՝ տենանք, թե էս ի՞նչ թթու հաշիվ ա… էս ո՞վ ա, որ մեր հացին վայիս ա ըլնում…
ԱՄՈՒՍԻՆ — (դուրս թռչելով գետնանցումից): Ես մուրացկան չե՜մ: Ես մուրացկան լինել չե՜մ ուզում… (Հեղինակին.) Եղբայր, ո՞նց բացատրեմ էս մարդկանց, որ թունդ վիճել եմ կնոջս հետ… որ հագնելու բան չեմ ունեցել… Կամ էլ, ասենք, սա քմահաճույք է: Պարզ քը՜-մա՜-հա՜-ճո՜ւյք: Տիկնոջս ջգրու: Ախր, տիկինս չափազանց մաքրասեր է և ծանր է տանում, երբ տնից դուրս եմ ելնում անխնամ վիճակում…
ՀԵՂԻՆԱԿ — Չէ, ոչինչ մի ասա: Ոչ ոքի ոչինչ էլ մի բացատրիր: Ինչո՞ւ պիտի սրանց ինչ-որ պարզաբանումներ տաս…
ԱՄՈՒՍԻՆ — (փորձելով հեռանալ): Տեր Աստված…
ՀԵՂԻՆԱԿ — Էդ ո՞ւր, մարդ Աստծո, ոստիկանը…
ԱՄՈՒՍԻՆ — (չլսելով): Հեռո՜ւ այս գարշելի թունելախորշից…
Մոտենում է Պատանի Ոստիկանը՝ թափահարելով ռետինե մահակը: Հեղինակն անցնում է կուլիսներ:
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ – Քաղաքացի՛, էս ի՞նչ ա կատարվըմ ըստեղ:
ԱՄՈՒՍԻՆ — Իսկ ի՞նչ է կատարվում…
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Ընձի է՞ս հարցընըմ:
ԱՄՈՒՍԻՆ — Բա էլ ո՞ւմ…
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — (սերտած դասի պես): Ընչի՞ էս ըստեղ հասարակական կարգի խախտում թույլ տալըմ: Էս ի՞նչ տեսք ա, քեզ եմ հարցրնըմ: Հո ծովափ չե՞ս էկե:
ԱՄՈՒՍԻՆ — (մեկուսի): Փառքդ շատ, Տեր Աստված, վերջապե՜ս… (Դահլիճին.) Վերջապես նկատեց էս կաթնակեր համազզեստավորը, որ անբնական տեսք ունեմ: Մխիթարվեցի՜: Թեև տխուր, բայց մխիթարություն է, չէ՞…
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Էտ ի՞նչ էս ասըմ: Շատ մի խոսա… (Թևքից քաշելով:) Հըլը մի հատ շուդ մեզի հետևի…
ԱՄՈՒՍԻՆ — (փորձելով թևքն ազատել): Ո՞ւմ, ձե՞զ…
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — (թևքը բաց չթողնելով): Ընձի, էլ ո՞ւմը… Ընձի՛ հետևի:
ԱՄՈՒՍԻՆ — (թևքն ազատելով): Ինչո՞ւ, ի՞նչ եմ արել…
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — (ծոծորակը քորելով): Ինչ ես արե՞…
Մուրացիկի ձայն — Էդ ծաղրածուն խցկվել էր մեր տարածքը, ուզում էր խլել մեր հաց-հանապազօրի մի կտորը:
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — (հեգնոտ): Ինչ եմ արե՜… Ըհը՛, լսա՞ր… Մուրացկանութուն էիր անըմ ընդե՝ գեդնի տագը…
ԱՄՈՒՍԻՆ — Բայց…
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Էլ ոչ մի բայց… (Թևքից քաշելով:) Դավայ, հառեչ ընգի… նորելուկ մուրացկան:
ԱՄՈՒՍԻՆ — (փորձելով թևքն ազատել): Ո՞վ է մուրացկան:
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Դու: Ասի՝ հառեչ ընգի…
ԱՄՈՒՍԻՆ — (թևքն ազատելով): Ո՞ւր…
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Բաժին…
ԱՄՈՒՍԻՆ — Սպասիր բացատրվենք: (Ափը բացելով:) Տե՜ս…
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Էտ ի՞նչ ա…
ԱՄՈՒՍԻՆ — (անվստահ): Փող, չե՞ս տեսնում…
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ – Տենալը՝ տենում եմ, բայց ի՞նչ անեմ…
ԱՄՈՒՍԻՆ — Վերցրու, քեզ եմ տալիս… նոր տվեցին ինձ ներքևում: Ես չեմ ուզում, վերցրու քեզ…
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Էս կաշա՞ռք ես առաջարկըմ…
ԱՄՈՒՍԻՆ — Չէ՜, ի՞նչ կաշառք, պարզապես քո հալալ վաստակն է՝ որպես կարգուկանոնի անխոնջ ու զգոն պահապան…
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — (գոհ ժպիտով դրամը գրպանը խոթելով): Դե, սըֆթուց ըտենց էլ կասեիր, էլի՜… (Դադար:) Լավ, թույլատըրըմ եմ, կարաս ըստեղ մի օրվա կայնես, կամ նստես ու վաստըկես էս օրվան քու հացդ… (Ռետինե մահակը թափահարելով դանդաղ հեռանում է:) Նստի, հոպար, թե փորից թուլ չես… Մուրացիկի ձայն — (անթաքույց վրդովմունքով): Աչքներս լուս, էլի՜…
ԱՄՈՒՍԻՆ — (մեկուսի): Չէ՜, սա բանի նման չի: Հարկավոր է շտապ վերադառնալ տուն: Ի՞նչ գժություն է՝ սեփական կողակցի ջգրու խեղկատակ խաղալ:
Բեմ է խուժում Կոլոտը և դեմ առնում Ամուսնուն: Քիչ անց աղմուկով բեմ է խուժում Լողլողը:
ԼՈՂԼՈՂ — (հևալով): Պարոն ոստիկան, օգնեցեք…
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Ի՞նչ ա պատահե…
ԼՈՂԼՈՂ — (մատնացույց անելով Կոլոտին): Ժամացույցս թռցրեց… այսինքն՝ հայրիկիս ժամացույցը, հայրիկիս սուպերժամացույցը,..
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ – Չըհասկըցա՜, հըմի քո՞ւ ժամացուցը, թե՞ հորինդ…
ԼՈՂԼՈՂ — Հայրիկիս ժամացույցը, հայրիկիս սուպերժամացույցը: «TISSOT» ժամացույց, որը գիտի սարերի բարձրությունը, տեղեկացված է եղանակային փոփոխությունների մասին, ցույց է տալիս հյուսիսը և հարավը…
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ – Պա՜հ-պա՜հ-պա՜հ, էդ ի՜նչ էլ ժամացուց ա…
ԼՈՂԼՈՂ — Այո, հրաշալի ժամացույց է, ամեն ինչ գիտի, ցույց է տալիս սարերի բարձրությունը, հյուսիսն ու հարավը…
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — (անվրդով): Բա հերդ ո՞ւր ա…
ԼՈՂԼՈՂ — Հայրի՞կս… երևի աշխատավայրում…
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Երևի՞, թե՞ հաստատ…
ԼՈՂԼՈՂ — Չգիտեմ, գուցե և՝ տանը:
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ- (փորձելով հեռանալ): Որ կիմանաս, նոր կգաս:
ԼՈՂԼՈՂ — Բայց նա (մատնացույց անելով Կոլոտին) խլել է ժամացույցս, ասեք՝ թող վերադարձնի…
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Բայց էտի քու ժամացուցը չի, չէ՞…
ԼՈՂԼՈՂ — Ո՞նց թե՝ իմը չի: Հապա ո՞ւմն է…
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Հորինդ…
ԼՈՂԼՈՂ — Հա, բայց հայրիկս այդ ժամացույցն ինձ է նվիրել:
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Բայց էտի պարզել ա պետք:
ԼՈՂԼՈՂ – Ի՞նչն է պետք պարզել:
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Էնի, որ էտ ժամացուցը հերդ քեզ ա տվե… Կարող ա ինքը չի տվե, կարող ա դու իրա վրից ցրել էս…
ԼՈՂԼՈՂ — (լացակումած): Ո՞նց թե…
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Հենց ըտենց…
ԼՈՂԼՈՂ — (հեկեկալով): Ազնիվ խոսք, ճիշտ եմ ասում, տվել է… նվիրել է… հայրիկս է նվիրել… ժամացույցը… սուպերժամացույցը… «SWATCH»… չէ, «TISSOT»… ցույց է տալիս… սարերի բարձրությունը… հյուսիսն ու հարավը… Չէ՞ որ դուք ոստիկան եք… Օգնեցեք, թող վերադարձնի ժամացույցս:
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Թե որ ուզըմ էս հետ ստանաս, կեթաս հորդ կկանչես, ու եփ պարզենք, որ քու ասածդ ճիշտ ա, էն վախտը գործին րնթացք կտանք…
ԼՈՂԼՈՂ — (մատնացույց անելով Կոլոտին): Բայց նա կփախչի…
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — (ինքնավստահ): Ո՞ւր պըտի փախնի… պետք էղավ՝ կբռնենք: (Փորձում է լքել «դեպքի վայրն» ու հեռանալ՝ ստեպ-ստեպ ետ-ետ նայելով:)
Քաջալերված իրավիճակի նման զարգացումից, Կոլոտը մոտենում է Լողլողին, նա ընկրկում է:
ԿՈԼՈՏ — (կախվելով Լողլողի օձիքից): Արա, տուֆտա, էդ ո՞ւմն էիր ուզըմ ծախեիր, ա՛յ ստուկաչ… (Ուժեղ հարվածում է Լողլողին:) Արա, խի դու չես իմանը՞մ, որ ըստի սաղ մլիցեքն էլ դըփով մերոնքական են: (Հռհռում է, Լողլողը վիրավորանքից նոր թափով է սկսում լացը:) Ես տանող տղա եմ ու իմ առնելիքը պըտի խլեմ-առնեմ: Դու էլ հարիֆ ես ու իմ փայ հարիֆն էս ու պըտի փսկես-սսկվես: Թե չէ վատ կըլնի ու շատ վատ կըլնի: (Ծխախոտի գլանակ է հաշիշով լիցքավորում: Ոստիկանը դանդաղ հեռանում է: Կոլոտը ձեռքն է թափահարում՝ ի նշան հրաժեշտի:)
ԱՄՈՒՍԻՆ — Ինչ ապիկարություն, ինչ լկտիություն…
Ամուսինը մոտենում, Կոլոտի ձեռքից խլում է ծխախոտը, փշրում ու խցկում նրա բերանը, հետո թույլ ձգում է ականջը, «ծեծվողը» մի կերպ դուրս է պրծնում նրա ձեռքից ու փախչում է:
ԱՄՈՒՍԻՆ — (զարմացած): Աստված իմ, ոչ ոք ոչ մի բան չի նկատում: Ամեն մեկն իր բանուգործին է շտապում՝ անտարբեր ու գլխիկոր: Իսկ ինձ մի պահ թվաց, որ միջամտողներ կլինեն: Անգամ ոստիկանը չմիջամտեց:
ԼՈՂԼՈՂ — Շնորհակալ եմ, քեռի:
ԱՄՈՒՍԻՆ — Ինչի՞ համար… այդ լակոտը տարավ ժամացույցդ:
ԼՈՂԼՈՂ – Կարևորը, որ ինձ նեղացնողը գոնե մի քիչ ծեծ կերավ: Իսկ ժամացույցը՝ ոչինչ, հայրիկս նորը կգնի… Ես ժամացույցի համար չէի լալիս, այլ վիրավորանքից: Չէ՛, ժամացույցի համար չէի լալիս, այլ վիրավորանքից…
ԱՄՈՒՍԻՆ – Է՜հ… Գնա տուն, տղաս… Ես էլ գնամ մեր տուն… Գնամ տուն:
Լողլողը գնում է: Ամուսինը տարտամ քայլում է դեպի կուլիսները: Բեմ է մտնում մի լղար ծերուկ, մոտենում է առաջին աղբարկղին, զննում պարունակությունը՝ ինչ-որ բան գտնելու հույսով: Ամուսինը կանգնում է, ձեռքերն ինքնաբերաբար տանում հնամաշ պյիջակի գրպանները՝ կարծես ինչ-որ բան փնտրելով:
ԱՄՈՒՍԻՆ — Մեծ է ցանկությունս՝ օգնել այս թշվառականին: Ավա՜ղ, գրպաններս դատարկ են… մի թշվառական էլ երևի թե ես եմ: (Մոտենում է ծերուկին:)
Ծերուկը դատարկ շշեր է հանում աղբարկղից և հացի կտոր: Գրպանները շրջելով՝ հանում է կիսամաշ լաթի կտոր, «ավարը» փաթաթում մեջը:
ԱՄՈՒՍԻՆ — (կարեկցանքով): Ողջույն, հայրիկ:
ԾԵՐՈՒԿ — (գլուխը բարձրացնելով, դատարկ հայացքը հառելով բարևողի վրա): Ասենք թե՝ բարև, հետո՞…
ԱՄՈՒՍԻՆ — Բարևը՝ բարև է, հայրիկ… Աստծո բարին է… դրանից ավելի՝ էլ ի՞նչ…
ԾԵՐՈՒԿ – Ի՞նչն է բարի… ո՞րն է Աստծու բարին…
ԱՄՈՒՍԻՆ — Աշխարհը… արևը… կյանքը…
ԾԵՐՈՒԿ — (հարձակվելով): Քարոզ մի կարդա գլխիս, պարապ-սարապ հավեսդ չունեմ:
ԱՄՈՒՍԻՆ — (ձեռքը թափահարելով քթի մոտ, դահլիճին): Ծանր շնչառություն ունի՝ սոխ-սխտորի և ալկոհոլի խառը բույրի արտանետումով…
ԾԵՐՈՒԿ – Ի՞նչ ես փնթփնթում, չեմ հասկանում: Բան ունես ասելու՝ ասա ու ճամփեդ գնա:
ԱՄՈՒՍԻՆ — Չէ, ի՞նչ պիտի ասեմ… քո որպիսությունն էի ուզում հարցնել:
ԾԵՐՈՒԿ — Իմ որպիսությունն իմանալն ինչի՞դ է պետք: Սպասում ես, հա՞, մեռնելո՞ւս ես սպասում… Չե՛ս տեսնի: (Ձեռնափայտը թափահարելով:) Թե՞ աչքդ էս տարածքիս վրա է… չհամարձակվես, լսո՞ւմ ես: Սա իմ տարածքն է: Ես վճարում եմ սրա համար, կանոնավոր վճարում եմ: Երբ կմեռնեմ՝ նոր կգաս…
ԱՄՈՒՍԻՆ — (մեկուսի): Աստված իմ, հիմա էլ սա… (Ծերուկին.) Չէ, հայրիկ ջան, ազնիվ խոսք, էս տարածքի վրա աչք չունեմ: Ես ոչ մի տարածքի վրա էլ աչք չունեմ:
ԾԵՐՈՒԿ — Բոլորդ էլ նույնն եք… իրարից խլելու հարցում բոլորդ էլ նույնն եք:
ԱՄՈՒՍԻՆ – Ես ոչ ոքից ոչինչ չեմ խլել, հայրիկ, ու չեմ էլ պատրաստվում խլել:
ԾԵՐՈՒԿ — Դե, որ այդպես է, մի ցցվիր դեմս, ասելիքդ ասա, ճամփեդ գնա…
ԱՄՈՒՍԻՆ — Հա, կարիքն իր անջնջելի կնիքն է դրոշմել կապտամանուշակագույն խորշոմապատ դեմքիդ, հայրիկ: Ասես անդրշիրիմյան ուրվական լինես: Ինչո՞ւ ես այդչափ հերսոտած:
ԾԵՐՈՒԿ — Ասելիքդ ասիր-պրծա՞ր:
ԱՄՈՒՍԻՆ — (կմկմալով): Թերևս հա…
ԾԵՐՈՒԿ — Դե, ուրեմն, ճամփեդ գնա… (Անշտապ մոտենում է հաջորդ աղբարկղին:)
ԱՄՈՒՍԻՆ – Ասա՝ ի՞նչ գործ ունեիր, ինչո՞ւ խցկվեցիր… կերա՞ր… Դե հիմա գնա ու…
Ներս է գալիս ոչ լղար ու ոչ էլ չաղ մի մարդ՝ կոկիկ հագուկապով: Մոտենում է արդեն քչփորված աղբարկղին ու թքում մեջը:
ԱՄՈՒՍԻՆ — (վրա պրծնելով): Ինչո՞ւ ես թքում աղբարկղի մեջ: Չե՞ս տեսնում, մարդիկ այնտեղ իրենց օրվա հացն են փնտրում:
ՄԱՐԴ — (ցուցամատը հպում է քունքին): Գի՞ժ ես, ինչ ես…
Ծանրումեծ պայուսակներով ծանրաբեռնված չաղ կին է ներս գալիս:
ԱՄՈՒՍԻՆ — (կախվում է կոկիկ մարդու օձիքից): Հագուկապիդ եմ նայում՝ կարգին մարդ ես երևում, խելքը գլխին մարդ, ու հիմա… Բա սա շնորհք է՞, չե՞ս ամաչում…
ՄԱՐԴ — (ընկրկելով): Գետնին ես թքում, մեկն ասում է. «Արածդ անշնորհքություն է, հրեն՝ աղբարկղ կա»: Աղբարկղի մեջ ես թքում, մյուսը, թե՝ չի կարելի: Բա ի՞նչ է կարելի: Ախր, ես խրոնիկական ֆարինգիտ ունեմ, որ չթքեմ՝ կխեղդվեմ:
ՉԱՂ ԿԻՆ — (ճղճղան, ցույց տալով Ամուսնուն): Էս մարդը խելառ ա… Հապա մի ուշադիր նայեք սրա տեսքին:
Անցորդների «սիլուետային իմիտացիան» ետնապաստառի վրա «շրջվում» է սրանց կողմը: Իբր «անցորդները» «կանգ են առնում»՝ մոտալուտ թամաշայի ակնկալիքով:
ՉԱՂ ԿԻՆ — Միլիցյա կանչեցե՛ք, թեզ արեք…
Պատանի ոստիկանը, ռետինե մահակը ճոճելով, հայտնվում է հերթական «դեպքի վայր»:
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ – Ի՞նչ ա պատահե….
ՉԱՂ ԿԻՆ — (ոստիկանին): Քիչ առաջ, ուրեմն, էն մի մատ էրեխուն ծեծեց: Ես իմ աչքերով տեսա… այ, այն կանգառից (ցույց տալով կուլիսները) տեսա… Հիմա էլ էս խեղճ մարդու վզիցն ա կախ ընկել:
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Քաղաքացի, էս ի՞նչ ա կատարվըմ ըստեղ… ընչի՞ ես ըստեղ հասարակական կարգի խախտում թույլ տալըմ: Մի վախտ առաջ մուրացկանութուն ես անըմ ստորերկրյա անցումի տակին, հըմի էլ փողոցում խուլիգանութուն էս անըմ: Էս ի՞նչ տեսք ա, քեզ եմ հարցնըմ: Հո ծովափ չե՞ս էկե: Հըլը մի հատ մեզի հետևի՛…
ԱՄՈՒՍԻՆ — Բայց… ես… Ես ոչ մի վատ բան չեմ արել: Պարզապես ուզում էի թույլ ու անօգնական մեկին օգնել: Ես… ես…
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — (ափի մեջ թփթփացնելով մահակը): Ո՞վ ա թուլը…
Ներկաները փնտրում են «թուլին»:
ԱՄՈՒՍԻՆ — (ցույց տալով ծերուկին): Նա…
Ծերուկն ավարտելով քուջուջը հերթական աղբարկղի մեջ՝ անցնում է հաջորդին: Հետաքրքիր ոչինչ չգտնելով՝ բազմությունն արագ ցրվում է («սիլուետային իմիտացիան»՝ ետնապաստառի վրա:) Կոկիկ հագնված մարդը գնում է մի կողմ: Չաղ կինը գնում է մյուս կողմ: Ծերուկը շարունակում է իր գործը: Իսկ Պատանի ոստիկանը, ափի մեջ թփթփացնելով ռետինե մահակը, փորձում է «ընթացք տալ» հերթական «դեպքին» և այս «գործն» էլ «հարթել»:
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Էտի թուլ չի, էտի ըստի զիբլի տերն ա: Թուլը դու ես: ԱՄՈՒՍԻՆ — Ո՞նց թե…
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Ըտենց… (Թևքից քաշելով:) Շուդ մեզի հետևի՛…
ԱՄՈՒՍԻՆ — Թևս թողեք…
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ – Շատ մի խոսա:
ԱՄՈՒՍԻՆ — Թողեք, ասացի
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Հըմի հետևելո՞ւ ես մեզի, թե՞…
ԱՄՈՒՍԻՆ – Ուրեմն, դու մենակ էդքան շա՞տ ես, որ քեզ հոգնակի ես համարում, իսկ ինձ՝ եզակի…
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — (հեգնանքը չըմբռնելով): Դե, ի՞նչ, հըմի հետևելո՞ւ ես ընձի, թե՞… նարյադ կանչեմ…
ԱՄՈՒՍԻՆ — Բայց ինչո՞ւ ես հետս «դու»-ով խոսում:
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — (թևքից քաշելով): Քել էթանք բաժին, ընդէ կպարզենք, թե ինչու, ձյաձ ջան:
ԱՄՈՒՍԻՆ — (հետևում է, մեկուսի): Մեկ էլ տեսար՝ փուչ տեղը գործ սարքեցին գլխիս: Թեկուզ օրենքի այս փուչ պահապանին դիմադրություն ցույց տալու պատրվակով:
Դուրս են գնում:
ՊԱՏԿԵՐ Դ
Ոստիկանական բաժանմունք: Անկյունում՜ սեղանի մոտ, նստած է հերթապահ ոստիկանը և պարապությունից ծույլ հորանջում է: Մտնում են Պատանի ոստիկանը և Ամուսինը:
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Արի, արի, անբախտ մորքուր…
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — Ով ա՞ անբախտ մորքուրն, արա:
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Քու հետդ չեմ, հոպար, իրա հետն եմ… (Ամուսնուն.) Դու կայնի ըստե…
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ – Արա՛, շարքային, ոնց է՞ր ազգանունդ… լավ, կարևոր չի: Արա՛, բա նա մորքուր ա՞: Համ էլ՝ ես քեզ ի՞նչ հոպար, այ ջահել…
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Կապ չունի, սեոժանտ հոպար ջան, բերման ենթարկված ունեմ, պըտի ձևակերպես:
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — Բայց ի՞նչ ա արել…
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — (սերտած դասի պես): Ուրեմն, էս քաղաքացին փողոցում հասարակական կարգի խախտում ա թույլ տվե: Մի վախտի չափ մուրացկանութուն էր անըմ ստորերկրյա անցումի մեջ, հետո էլ խուլիգանութուն էր անըմ փողոցում:
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — Մուրացկանությո՞ւն…
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Հա, հենց էդ ա, որ կա:
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — Հետո էլ՝ խուլիգանությո՞ւն…
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Հենց ըտենց:
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ – Ի՞նչ խուլիգանություն:
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Կախ էր ընգե մի հատ մարդու վզով, ուզըմ էր տփեր: ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ – Այսինքն՝ կռիվ ա արել:
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Դե հա, էլի՛…
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — Ո՞ւմ հետ:
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Էդ մարդու…
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — Ո՞ր մարդու:
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Էնի, ումի վզովը որ կախ էր ընգե…
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — Իսկ նա ո՞վ ա:
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Մի հատ մարդ:
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — Հասկացանք, բայց ի՞նչ մարդ ա:
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Իրա հըմար մարդ:
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — Իր համար մա՜րդ: Իբր՝ մարդն ուրիշի համար էլ ա՞ լինում… (Դադար:) Ասում ես՝ էդ ճակատամարտը որտե՞ղ ա տեղի ունեցել:
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Ինչ… ի՜նչ ճատակամա՜րտ…
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — (հռհռալով): Արա, ճատակամարտ չի, է՜: Ճակատամարտ… դե, կռիվ, էլի՜… Կռիվը որտե՞ղ ա եղել:
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ – Հա՜… փողոցում:
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — (հռհռոցը մեղմելով): Բա ո՞ւր ա մյուսը:
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Ո՞վ…
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — Մյուս մարդը, էն, որի հետ կռվեց սա:
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ – Եսի՜մ… գնա՜ց…
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ- Ոնց թե՝ գնաց: Խի՞ թողեցիր, որ գնա: Բա ըտենց ո՞նց կլինի:
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Բա ի՞նչ անեի:
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — Ինչ անեի՜, ինչ անեի՜… Գոնե չպարզեցի՞ր՝ ով ա, ինչացու ա:
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ – Չէ՜:
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — Ո՞նց թե՝ չէ, ինչո՞ւ չի պարզվել մյուս խուլիգանի ինքնությունը:
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Բայց էնի խուլիգան չէր:
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — Ո՞նց թե՝ խուլիգան չէր: Բա ի՞նչ էր:
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Կարգին հագած-կապած մարդ էր:
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — Կարգին մա՜րդ էր… (Ամուսնուն ցույց տալով:) Էս մեկը մենակ ա՞ խուլիգանություն կատարել, ինքն իր հե՞տ ա կռվել, հա՞:
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Եսի՞մ… չգիտեմ:
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — Ո՞վ պետք ա պարզի:
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Ես…
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ- Դե, ուրեմն, կպարզես:
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Էղավ, հոպար ջան:
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — (զայրանալով): Էլի՞ հոպար, արա՛: Ես քեզ ի՞նչ հոպար…
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Լավ, էղավ, շեֆ ջան…
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — (Ամուսնուն ցույց տալով): Բա էս ի՞նչ տեսք ա:
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Ես էլ եմ իրանը էդ հարցը տվե:
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — Կարծես ծովափում լինի:
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Ես էլ եմ իրանը էդ նույնը բանը ասե:
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — Ի՞նչ ես թութակի պես կրկնում՝ ես էլ եմ հարցրե՜լ, ես էլ եմ ասե՜լ… Հիմա հարցնելու իմ հերթն ա, իսկ դու գնա քո գործին: Գնա, էն մյուսի ինքնությունը պարզիր: Վերադարձիր քո պոստին:
Պատանի ոստիկանը դուրս է գնում: Հերթապահ ոստիկանը ինչ-որ բան է գրում:
ԱՄՈՒՍԻՆ — (իբր՝ մեկուսի): Օրն իրիկնանում է:
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — (գործից կտրվելով): Ի՞նչ…
ԱՄՈՒՍԻՆ — Հեչ, ասում եմ՝ արդեն իրիկուն է:
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — Ի՞նչ անենք:
ԱՄՈՒՍԻՆ – (իբր՝ միամիտ): Ես ուզում եմ տուն գնալ:
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — (հեգնանքով): Շատ բան ես ուզում: Ես էլ շատ բան կուզեի, կարծում ես՝ չէի՞ ուզի: (Դադար:) Իսկ առայժմ նստիր: Նստիր և սպասիր:
ԱՄՈՒՍԻՆ — Չէ, շնորհակալություն: Ես գնամ երևի…
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — Ո՞ւր…
ԱՄՈՒՍԻՆ — Տուն:
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — Ո՞նց թե…
ԱՄՈՒՍԻՆ — Բա մնամ՝ ի՞նչ անեմ այստեղ:
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ – Ի՞նչ պետք ա անես:
ԱՄՈՒՍԻՆ — Մութն ընկնում է, տուն գնալու ժամանակն է, ախր…
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ – Դո՞ւ ես որոշում՝ տուն գնալու ժամանա՞կն է, թե՞…
ԱՄՈՒՍԻՆ — Ընդհանրապես, ես եմ որոշում:
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — Ընդհանրապես՝ կարող ա, բայց հիմա… (Զայրացած, հատու շեշտադրումով:) Հիմա ըստեղ դու ոչ մի բան էլ չես որոշում:
ԱՄՈՒՍԻՆ — Դե, իհարկե, չեմ որոշում, բայց…
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ- Էլ ի՞նչ՝ բայց:
ԱՄՈՒՍԻՆ – Այսինքն՝ բայց, իբր՝ ո՞վ է որոշում:
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — Մենք ենք որոշում:
ԱՄՈՒՍԻՆ — Ովքե՞ր՝ դուք:
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — Ես:
ԱՄՈՒՍԻՆ — Դե, շուտ որոշեք:
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ – Իյա՜, էս դու թելադրո՞ւմ ես, թե ո՛վ, ե՛րբ և ի՛նչ որոշի, հա՞…
ԱՄՈՒՍԻՆ — (կարկամած): Իհարկե ոչ, ես չեմ թելադրում, ես ոչ մի բան էլ չեմ թելադրում: Ես ընդամենը խնդրում եմ:
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — (ինքնագոհ): Հա, դա ուրիշ բան: Թե չէ՝ եսի՞մ… ԱՄՈՒՍԻՆ — (մեկուսի): Ախմախ, քիչ է մնում քո ձեռքով գործ սարքես գլխիդ:
Համր տեսարան: Հերթապահ ոստիկանը շարունակում է գրոտել ու հորանջել: Երբեմն էլ դուրսուներս է անում: Մարզահագուստով փողկապավոր մարդը լուռ հետևում է նրան:
ԱՄՈՒՍԻՆ — (մեկուսի): Ասես մի ամբողջ հավերժություն այստեղ եմ… Տեսնես ինչքա՞ն են պահելու այստեղ: (Ծույլ հորանջելով:) Հետաքրքիր է, ընդհանրապես ի՞նչ է սպասվում… Ի՞նչ է նախատեսված ինձ համար: (Հիշելով երազն ու ակամա պոռթկումով:) Ահա և երազիդ մեկնությունր: Քո երազին՝ քո ուզած մեկնությունը: Սա՞ էր ուզածդ: Այ քեզ փորձանքի մեջ ընկնել: Չէ՞ որ հիմա ոստիկանական տեղամասում եմ գտնվում: Իսկ այստեղից դուրս պրծնե՞լը… ո՜ւ… (Դադար:) Օհ-հո-հո՜…
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — (պաթոսով): Նոր ես, հա՞, գլխի ընկել, թե ուր ես ընկել:
ԱՄՈՒՍԻՆ — (խեղճացած): Բայց ես ոչ մի վատ բան չեմ արել…
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — (հորանջելով): Այ, հիմա կպարզենք:
ԱՄՈՒՍԻՆ — (աշխուժանալով: Հա, պարզենք…
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — Դե, ուրեմն, մանրամասն պատմիր եղած-չեղածը: ԱՄՈՒՍԻՆ — Գլխովս անցածը, հա՞…
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — Հա, գլխովդ անցածը՝ մանրամասն, ինչը ո՛նց, որտե՛ղ, ե՛րբ, ինչո՛ւ… Ինչ կա-չկա՝ պատմիր:
ԱՄՈՒՍԻՆ — Ու դրանից հետո ինձ կթողնեք՝ գնամ տուն, չէ՞…
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — Դու պայման մի դիր, է՜: Պայման դնողը ես եմ: Պատմիր, հետո կորոշենք:
Երաժշտական ընդմիջարկում և համր տեսարան՝ նա պատմում է եղելությունը: Հերթապահ ոստիկանը լսում է, գրառում ու հորանջում է:
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — (ավարտից հետո): Հա, շատ հետաքրքիր պատմություն ա, եթե չհաշվենք, որ լիք չպարզված հանգամանքներ կան: Անհրաժեշտ ա գտնել վկաներին, բերման ենթարկել դեռահասներին, էն լղար ծերուկին, էն ոչ լղար և ոչ էլ չաղ մարդուն, էն չաղ կնկան… հա, մեկ էլ՝ քո կնկան:
ԱՄՈՒՍԻՆ — Ինչի՞ համար…
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — Որ պարզենք, թե էս պատմածիդ ո՞ր մասն ա ճիշտ, որ մասը՝ հնարած:
ԱՄՈՒՍԻՆ — Բայց ես ճիշտ եմ ասում: Ես երբեք չեմ ստում:
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — Այ, հենց դա էլ պետք ա պարզենք:
ԱՄՈՒՍԻՆ — Բա հիմա ես ի՞նչ անեմ:
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — Առայժմ պետք ա սպասես:
Գալիս է Պատանի ոստիկանը՝ բերելով մի խումբ բերման ենթարկվածների, որոնք ներս չեն մտնում:
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — (դեպի կուլիսները): Ըստեղ կայնեք:
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — (կուլիսներին մոտենալով): Ովքե՞ր են, ի՞նչ են…
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Ցուցարարներ ու միտինգավորներ…
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ – Ցուցարարնե՞ր, թե՞ միտինգավորներ:
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Համ ցուցարարներ, համ էլ միտինգավորներ… մեկ էլ՝ դրանց թասիբին կայնողներ:
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — (իբր զարմացած): Ճղճղված հագուստներո՞վ:
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — (անմեղսունակ ժպիտով): Իրար քաշքեցին…
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — (հեգնոտ): Երեսներն էլ կապտուկներով նախշված, հա՞… Երևի իրար հետ կռվել են, չէ՞:
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Եսի՞մ… երևի…
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ – Եսի՜մ… երևի՜… Բա ո՞վ գիտի: Ո՞վ պետք ա իմանա: Դե, հիմա ասա, թե էս մահակաքոթակի հեղինակն ո՞վ ա: Ի՞նչ ես բերանդ ջուր առել, արա՛, խոսա:
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ – Ի՞նչ ասեմ…
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — Ինչ ուզում ես՝ ասա, բայց դրանց ես չեմ ընդունի: (Ցույց տալով Ամուսնուն:) Սրա համար բան ասացի՞: Չէ, չասացի, ընդունեցի: Բայց դրանց չեմ ընդունի:
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — (պաղատագին): Բա ո՞նց անենք, հոպար ջան:
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — Ես քեզ ի՞նչ հոպար, արա՛…
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Հա, էղավ, շեֆ ջան… բայց հըմի սրանց հետ ի՞նչ անենք:
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — (իբր անտարբեր): Ի՞նչ իմանամ… Հեսա շեֆին կզանգենք, կկանչենք, թող գա:
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Բայց…
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — (զանգելով: Ոչ մի՝ բայց: Թող շեֆը գա: Թող գա ու ինքն էլ որոշի, թե ինչ անենք:
Երաժշտական ընդմիջարկում և համր տեսարան՝ Ոստիկանը հեռախոսով խոսում է շեֆի հետ: Շատ չանցած գալիս է Ոստիկանապետը քաղաքացիական հագուստով, ում ոստիկանները կապիտան են հորջորջում: Ոստիկանը զեկուցում է:
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ — (ծոր տալով): Պա՜րզ է, պա՜րզ է, վերջում բերման ենթարկվածները՝ պատառոտված հագուստներով ու կապտուկանախշ դեմքերով, ցույցարարներ են… պա՜րզ է, պա՜րզ է, մի քանիսն էլ՝ էդ ցույցարարներին պաշտպանող անցորդներ են: Ընենց որ, բոլորին էլ բաժին ա հասել նման դեպքերում խիստ անհրաժեշտ, հը՜մ…
ԱՄՈՒՍԻՆ — (մեկուսի): Թեև իսկի էլ պարզ չի, թե հատկապես ի՛նչն է պարզ…
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ — (Ամուսնուն): Հեռթով էկանք՝ հասանք քեզի… (Ենթականերին.) Արա, էս մառթուն ընչի՞ եք բերման ենթարկել:
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — (Պատանի ոստիկանին): Արա՛, զեկուցի՛ շեֆին:
ՊԱՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ — Էս քաղաքացին փողոցում հասարակական կարգի խախտում ա թույլ տվե: Ուրեմն սըֆթուց ըտենց մի վախտի չափով մուրացկանութուն էր անըմ ստորերկրյա անցումի մեջ, հետո էլ խուլիգանութուն էր անըմ փողոցում…
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ – Պա՜րզ է, պա՜րզ է… (Ջանք է թափում՝ հասկանալու, չկարողանալով՝ դիմում է Ամուսնուն:) Այնուամենայնիվ, դու ո՞վ եք՝ մուրացկա՞ն, խուլիգա՞ն, թե՞…
ԱՄՈՒՍԻՆ — Չէ, քաղաքացի կապիտան, ես մուրացկան չեմ, ո՞նց բացատրեմ… Դե, տնից դուրս գալուց առաջ թունդ վիճել եմ կնոջս հետ: Դե, ընտանիք է, ամեն ինչ կպատահի: Հնարավոր է, չէ՞…
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ — (հանդարտ): Հնարավո՜ր է:
ԱՄՈՒՍԻՆ — Հա, ուրեմն այսպես, տնից դուրս գալուց առաջ թունդ վիճեցինք կնոջս հետ և հագնելու բան չունենալով… պարզ պատճառ… կամ կուզեք՝ քմահաճույք ասեք դրան… էս տեսքով դուրս եմ եկել տնից: Պա՜րզ պատճառ… Պա՜րզ քմահաճույք: Իմ քմահաճույքը՝ տիկնոջս ջգրու: Նրա քմահաճույքը հաղթահարելու համար… Ախր, տիկինս չափազանց մաքրասեր կին է: Եվ անասելի ծանր է տանում, երբ տնից դուրս եմ ելնում անխնամ վիճակում:
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ – Լա՜վ հեքիաթ էր… Իսկ դու ի՞նչ կասեք խուլիգանության մասին…
ԱՄՈՒՍԻՆ – Ի՞նչ խուլիգանություն:
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ — (ենթականերին): Բանից բեխաբար ա ձևանում: (Ամուսնուն.) Էն, որ դու մի հատ էրեխու եք ծեծել, մի հատ էլ՝ ուրիշ մարդու:
ԱՄՈՒՍԻՆ — Քաղաքացի կապիտան, այդ երեխան խուլիգանի մեկն էր: Իսկ ինչ վերաբերում է այն մարդուն, ապա նրան չեմ ծեծել… թեև արժեր մի լավ քոթակել:
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ — Ոնց թե՞…
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — (հեգնոտ): Բա, տավարիշ կապիտան, էս մարդն ինքն ա որոշում՝ երբ տուն գնա՜-չգնա՜, երբ, ում ու որտեղ ծեծի՜-չծեծի՜…
ԱՄՈՒՍԻՆ — Բայց այդ մարդը ո՛չ խիղճ ուներ, ո՛չ հոգի… անկարեկից մեկն էր:
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ — Ինչ է՜՞ր…
ԱՄՈՒՍԻՆ — Անկարեկից…
Ոստիկանապետը զարմացած նայում է ենթականերին:
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — Դե, անխիղճ, էլի՜:
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ – Հա՜… (Նորից փորձելով հասկանալ:) Դու շարունակեք, շարունակեք:
ԱՄՈՒՍԻՆ — Ի՞նչը…
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ — Պատմությունը:
ԱՄՈՒՍԻՆ – Ի՞նչ պատմություն:
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ — Խուլիգանության պատմությունը:
ԱՄՈՒՍԻՆ — Ես ավարտեցի իմ պատմությունը:
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ — Էդքան կա՞րճ… պա՜րզ է, պա՜րզ է… (Ենթականերին.) Բա ո՞ւր է սրա հանցակիցը, հո մենակ չի՞ խուլիգանություն արե:
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — Որոնվում է, կգտնվի՝ կներկայացվի:
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ — (Ամուսնուն): Գուցե դու կասեք, բռատ, թե ո՞վ է ձեր հանցակիցը:
ԱՄՈՒՍԻՆ – Ի՞նչ հանցակից:
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ — Ում հետ որ դու կռիվ եք արե: (Քմծիծաղով՝ ենթականերին:) Գուցե ոչ մի կռիվ էլ չի՞ եղել: Գուցե փողոցում կինո-մինո՞ էին նկարում: (Ամուսնուն՝ ասես վերլուծելով «բարդ իրավիճակը»:) Դու գուցե՞… դերասա՞ն եք, իմացա՜ր… և կինո եք նկարվում:
ԱՄՈՒՍԻՆ — (հուսահատ): Ոչ, դե ո՛չ…
Երաժշտական կարճ ընդմիջարկում: Ոստիկանները գլուխներն են թափահարում՝ ոչ այո, ոչ էլ՝ ոչ արտահայտելով: Ամուսինը թևաթափ ընկնում է աթոռին:
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ — (կիրթ պահվածքից հոգնած): Հերիք է, կեսգիշեր է… (Ենթականերին.) Մի հատ կարգին առձանագրություն-բան կազմեք ու էդ ցույցարար-մույցարարին քաղմաս տարեք, հանձնեք մեկուսարան: Էն անցորդ-մանցորդին քիչումիչ տփեք ու բաց թողեք՝ թող էթան… Սրա՜ն… սրա՞ն… Սրան էլ պահեք: Լուսը բացվի, բարին՝ հետը: Առավոտով շուտոտ կգանք՝ կպառզենք…
ԱՄՈՒՍԻՆ — Բայց, քաղաքացի կապիտան, ո՞նց կլինի… ախր, ես տուն ունեմ, ընտանիք, կին, երեխաներ…
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — Իսկ սիրուհի չունե՞ս:
ԱՄՈՒՍԻՆ — (անկեղծ միամիտ): Չէ՜…
Ոստիկանները քրքջում են:
ԱՄՈՒՍԻՆ — Բայց ես վատ բան չեմ արել:
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ — (շինծու բարկությամբ՝ Ամուսնուն): Ո՞նց թե՝ բան չես արե, կնգանդ հետը կռվշտել ու տկլոր դուս ես էկե քուչա: Ու ըստեղ էլ սրա-նրա վրա ես հարձակվե: Բա էտի կոչվում ա՝ բան չեմ արե՞…
ԱՄՈՒՍԻՆ — Դե, իհարկե, այդ ամենը ճիշտ է, բայց…
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ — Ոչ մի բայց… Դե լավ, զանգի, կնգանդ ասա, որ էսօր տուն չես գա:
ԱՄՈՒՍԻՆ — Բա որ հարցնի՝ որտե՞ղ եմ:
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ — Ասա, որ մեր մոտն ես:
ԱՄՈՒՍԻՆ — Բայց ինչպե՞ս բացատրեմ, թե ինչ եմ անում այստեղ:
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ — Էտի քու պռոբլեմն ա…
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — Շեֆ, դուզը էն կըլնի, որ չզանգի, թե կնկանը պետք ըլնի, կնիկը իրան ման կգա-կգտնի…
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ – Դո՜ւզ ա…
Ոստիկանները քրքջում են: Կապիտանը գնում է:
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ — Էսօր ծանր օր էր: (Պատանի ոստիկանին.) Ապե, դու գնա քու պոստին, ես էլ մի քիչ հանգստանամ:
Պատանի ոստիկանը գնում է: Հերթապահ ոստիկանը կոլոլվում է բաճկոնի մեջ ու փորձում ննջել:
ԱՄՈՒՍԻՆ — (մեկուսի, բայց բարձրաձայն): Աստված իմ, ի՜նչ է կատարվում, ի՜նչ բարքեր են:
ՀԵՂԻՆԱԿ — (գալիս է բեմեզր): Մարզահագուստով փողկապավոր մարդը գիշերն անցկացրեց ոստիկանական տեղամասում: Ու ողջ գիշերն, իհարկե, անհանգիստ անցավ: (Բեմում այն է, ինչ մասին պատմում է:) Մարդկանց էին բերման ենթարկում: Նրանց մեջ նույնիսկ կանայք կային: Էլի ոստիկանապետը եկավ ու գնաց: Բայց ամեն անգամ շատ արագ պարզվում էր՝ ինչն ինչոց է, ու էլի մնում էին հերթապահ ոստիկանն ու մարզահագուստով փողկապավոր մարդը: (Դադար:) Եվ խեղճ մարդու «գոռծն» այդպես էլ մնում էր չպարզաբանված: (Ետ է քաշվում ու քարանում:)
ՊԱՏԿԵՐ Դ
Առաջին պատկերի բնակարանն է: Հեղինակը նույն դիրքով է, ինչպես նախորդ պատկերի ավարտին:
ՀԵՂԻՆԱԿ — Մարզահագուստով փողկապավոր մարդուն բաց թողեցին միայն հաջորդ երեկոյան, երբ նոր հերթափոխն ստանձնեց ծառայությունը: Փողոցները բավական մարդաշատ տպավորություն էին թողնում: Սակայն անապատային ամայության յուրօրինակ մի զգացողություն էր շուրջբոլորը… ու նաև՝ նրա ներսում: Մի կերպ տուն հասավ:
Դռան թակոց: Կինը բացում է դուռը: Ներս է մտնում Ամուսինը՝ գզգզված ու չսափրված: Անցնում է սենյակ, փլվում բազմոցին: Կինն անձայն գնում է խոհանոց: Հեղինակը կանգնում է անկյունում:
ԱՄՈՒՍԻՆ – Ի՜նչ բարքեր են… Անգամ ոստիկանությունում… անգամ ոստիկաններն իրենց կոչմանը հավատարիմ չեն…
ՀԵՂԻՆԱԿ — (իր անկյունից): Ասես մեծ գյուտ է արել:
ԱՄՈՒՍԻՆ — Ճիշտ էր ասում տիկինս. «Խե՜ղճ խեղկատակ, անուղղելի միամիտ»: ՀԵՂԻՆԱԿ — (ասես արձագանքելով): Ահավասիկ…
Հեղինակը դուրս է գնում: Կինը խոհանոցից քարշ է տալիս ճամպրուկներ:Անտեսելով Ամուսնու ներկայությունը, հագուստը դասավորում է դրանց մեջ և գործն ավարտելով՝ դուրս գնում:
ԱՄՈՒՍԻՆ — Դե, երևի լքում է ինձ: Գուցե ճիշտն էլ դա է: Ես քաջություն չունեցա, իսկ նա հեռանում է…
Այդ մտքերով էլ քնում է բազմոցին: Բեմը մթնում է՝ գիշեր է: Երաժշտական ընդմիջարկում: Առավոտ է: Բեմը լուսավորվում է: Ամուսինը նույն դիրքով քնած է բազմոցին: Կինը խոհանոցում է: Դռան թակոց:
ԿԻՆ — (գնամ է դեպի դուռը): Ո՞վ է:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ — (դրսից): Ի՞նչ ախմախ հարց ես տալի, ախչի, էս ժամին էլ ո՞վ կարա ըլնի… Ես եմ, դուռը բաց: (Ներս ընկնելով և տեսնելով քնած Ամուսնուն:) Իյա՜, ախչի, էս մարդուդ արդեն տուն ես բերե՞լ…
ԿԻՆ- Ես չեմ բերել, ինքը եկավ:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ — Ո՞նց, ինքն իրա ոտո՞վ…
ԿԻՆ- Հա՜… արի գնանք խոհանոց, չարթնացնենք, թող քնի:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ — Դե, լավ ա: Աչքդ լուս… Հա՜, չմոռանաս մաղարիչ անես: Ինձ… Թե որ քեզ խաբար-մաբար չհասցնեի, դու մինչև հիմի բանից բեխաբար էիր ըլնելու, մարդդ էլ մլիցեքի մոտ էր մնալու, ախչի՜…
ԿԻՆ- Մաղարիչը՝ մաղարիչ, բայց հո ես չե՞մ ազատել նրան:
ԱՄՈՒՍԻՆ — (քնի մեջ): Ես ոչինչ էլ չեմ արել, քաղաքացի կապիտան… Ախր, ես տուն ունեմ, ընտանիք, կին, երեխաներ… սիրուհի՞… Չէ՛, սիրուհի չունեմ…
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Վա՜խ, հորս արև, էս ի՞նչ ա: Էս քնի մեջ խոսում ա՞ մարդդ… Կարո՞ղ ա՝ խեղճին ծեծել են մլիցեքը… Ախչի, ասում են՝ էդ մլիցեքն ում որ ծեծում են՝ խախտում ա ձեռ բերում:
ԿԻՆ — Չէ հա՜…
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Հրես՝ քնի մեջ խոսում ա, չէ՞…
ԿԻՆ- (գորովանքով): Ինքը միշտ էլ քնի մեջ խոսում է:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Իյա՜… բայց մեկ ա՝ ծեծած կլինեն:
ԿԻՆ- (նույն գորովանքով): Չէ՜, չեն ծեծել…
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Ի՞նչ գիտես, է՛, ընենց հաստատ ես ասում, որ…
ԿԻՆ- Նրան չեն կարող ծեծել:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Խի՞, մարդդ ըտենց թափով ա՞, որ չծեծեն…
ԿԻՆ — Չէ հա, հարցր թափը չի: Քո ասած էդ մլիցեքին իրենց դպրոց- ակադեմիաներում սովորեցնում են, թե ով ձեզնից բարձր է գոռում կամ թարս է նայում, լավ է հագնված, դե՝ փողկապ-մողկապ, էլի՜… ու անհասկանալի է խոսում, այսինքն՝ ինծիլիգենտ, ուրեմն նրանցից զզուշանալ է պետք:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ — Բայց խի՞…
ԿԻՆ- Դե, հնարավոր է, որ պաշտոնյա-մաշտոնյա լինի մի անկապ…
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ — Բայց քո մարդն ի՞նչ պաշտոնյա…
ԿԻՆ — Դե, բանը դա չի…
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Հա՜, ուրեմն՝ հագուկապը: Իսկ հագին ի՞նչ ա էղել…
ԿԻՆ — Ինչ որ տեսար…
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ — (ուսերը թոթվելով): Գալստուկը, հա՞…
ԿԻՆ-Չէ՛:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ — Բա էլ ի՞նչ մնաց…
ԿԻՆ — (քմծիծաղով): Ին-ծի-լի-գե…
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Հա՜, ինծիլիգենտը… Հիմի հասկացա…
ԱՄՈՒՍԻՆ — (արթնանալով, դեռ քնատ): Գլուխս պայթում է: Ո՜ւհ, ոնց է ցավում, ասես երեկ հարբել եմ… (Փորձելով հիշել:) Չէ, նախորդ օրը չեմ խմել… Բայց գլուխս կապարից ծանր է: (Գլուխն ափերի մեջ առնելով:) Ինչ անտանելի ցավ է… (Մտաբերելով:) Հա, կինս է լքել ինձ… ճամպրուկնե՜րը… (Ափսոսանքով:) Այ, որ հեռացած չլիներ, գլխացավս բուժելու միջոց կգտներ: Հաստատ խելքը գլխին մի դեղուճար կաներ… (Խոհանոցից աղմուկ է լսում: Նայում է շուրջը: Անկյունում ընկած են դատարկ ճամպրուկներ:) Գուցե փոշմանե՞լ է… (Մոտենում, տնտղում է:) Դատարկ են… բայց երեկ հագուստ էր դասավորում դրանց մեջ: (Ստուգում է պահարանները:) Հա, էլի՛… Նորից տեղն է դրել է՝ խնամքով, կանոնավոր… Ուրեմն՝ չի լքել ինձ: Փառք Աստծո…
Կինը ճանապարհում է հարևանուհուն, գալիս է սենյակ, ճամպրուկները դուրս տանում: Լիակատար լռություն է: Լիակատար անդորր:
ԱՄՈՒՍԻՆ — (դահլիճին): Էս ո՞նց եղավ, ախր, կինս ինքնասածի է, շա՜տ ինքնասածի: Տեսնես ի՞նչ է եղել, որ փոշմանել է: (Խոհանոցից Կինը սուրճ է բերում: Ասես ոչինչ չի եղէլ:) Սիրելիս, ի՞նչ օր է այսօր:
ԿԻՆ — (զուսպ հեգնանքով): Երկուշաբթի: Զարմանալի է, որ ոստիկանատանը քեզ չեն տեղեկացրել:
ԱՄՈՒՍԻՆ — (հեգնանքն անտեսելով): Երեխաներն ո՞ւր են:
ԿԻՆ — (ասես կատակելով): Երևի դպրոց են գնացել:
ԱՄՈՒՍԻՆ – Հա՜…
ԿԻՆ- Լոգարանը պատրաստ է:
ԱՄՈՒՍԻՆ — (զգուշավոր): Գիտե՞ս, սիրելիս, գլուխս պայթում է:
ԿԻՆ- Պարզ է…
ԱՄՈՒՍԻՆ – Ի՞նչն է պարզ…
ԿԻՆ — (ընդհարում թույլ չտալու համար): Մի բան կանենք… Նախ քեզ կարգի բեր: (Գնում Է խոհանոց.)
ԱՄՈՒՍԻՆ — Որտեղից էլ իմացել է… հատկապես ոստիկանատան մասին: Երևի մեկը պատմել է «արկածներս» բոլոր մանրամասնություններով: «Բիբիսի» հարևանուհիներից մեկը կլինի:
Ամուսինը դուրս է գնում: Գալիս է Կինը, աթոռի վրա դնում մաքուր լվացած ու արդուկած հագուստն ու դուրս է գնում: Գալիս է Ամուսինը լվացված, սափրված:
ԱՄՈՒՍԻՆ — Օրը երկուշաբթի, տրամադրությունս՝ գջլոտ… (Տեսնում է հագուստը:) Լվացքի փոշին ու արդուկը հարևաններից է վերցրել երևի… փոխարինաբար: (Հագնվում է:) Սո՜ւս, ձայն չհանես…
Խմում է սառած սուրճը: Հայելու առաջ ուղղում է փողկապը, որը նախորդ օրը կապել էր մարզաշապիկի վրայից: Կինը սկուտեղի վրա բերում է ինչ-որ հեղուկով լի բաժակ:
ԿԻՆ — (քնքշությամբ, բայց հրամայաբար): Խմիր, դեղ է, գլխացավդ կթողնի:
Ամուսինը դանդաղ խմում է, հետո բաժակը դնում է սկուտեղի վրա: Այդ ընթացքում նրանք նայում են իրար: Կինը դուրս է գնում:
ԱՄՈՒՍԻՆ — Մի խելոք մարդ դիպուկ բան է ասել… մի տեղ կարդացել եմ. «Կանայք ընդունակ են ամեն ինչի, տղամարդիկ՝ մնացածին»: Հիրավի: Կինն ընդունակ է և՛ մեծ սիրո ու անմնացորդ նվիրման, և՛ խոր ատելության ու անզիջում բացառման: (Ինքն իրեն սաստելով:) Սո՛ւս, ձայն չհանես: Այս թեման ընդհանրապես բարձրաձայն չարծարծես, եթե չես ուզում հաջորդ ընդհարումն այսքան վաղ հրահրել: Թե չէ նորեն մեջտեղ կգան «գրքերը», նորեն՝ «կարդալը»… Հետո էլ՝ «ապրելու ձևերի» նորանոր դասերը, դու էլ՝ թե՝ «անկաշառ եմ»: Ամեն բան կփչացնես… Ա՜հ, հիշեցի, մանավանդ որ այս գիշեր էլի երազանման տարօրինակ բաներ եմ տեսել: Թեև մանրամասներ չեմ մտաբերում, բայց ինչ-որ խառը բաներ էին: Հաստա՛տ: Այդքան խառնիխուռն տպավորություններից հետո է՞լ չլիներ: Բազմոցին քնելն էլ՝ հետը…
ՀԵՂԻՆԱԿ — (գալիս է բեմեզր): Սի պահ, մի կարճ միջոց գայթակղություն ունեցավ պատմել երազը: Բայց որքան էլ փորփրեց ուղեղի ենթագիտակցական շերտերը, միտքը չեկավ քիչ թե շատ կապակցված որևէ տեսարան: (Լավ է, որ չեկավ): Ու ոչինչ չասաց: Մի նոր ընդհարում չհրահրելու համար: Փոխարենը տրվեց ինչ-որ մտքերի՝ գրքային ու կյանքային:
ԱՄՈՒՍԻՆ — (դեպի դահլիճ): Բյորնսը պնդում էր, թե՝
Նախ ստեղծել տղամարդուն,
Այդ գործի մեջ լավ հմտացել,
Հետո է լոկ Տերն իմաստուն
Կանանց քնքուշ սեռին անցել»…
Արդյո՞ք… (Ձեռքերը վեր կարկառելով:) Գուցե պիտի գոռալ՝ «Տեր, ի՞նչ արեցիր, էս ի՞նչ պտուղ կապեցիր… մեր վզին»: Էհ, անքննելի են Տիրոջ գործերը… (Ձեռքը թափ տալով:) Չէ՜, թերևս իրավացի է հենց իրենց՝ կանանց պնդումը, ըստ այդմ՝ ստույգ է, որ անքննելի են կանանց գործերը: Էհ, չգիտեմ, չգիտեմ… (Դադար:) Կանա՜յք, կանա՜յք… Սիրելի կանա՜յք… Հրաշք եք դուք, հրա՜շք: Բայց… Ախր, կենցաղային հարթությունում ձեզնից գլուխ հանելն էլի հնարավոր է մի կերպ… Մի կերպ հնարավոր է: Իսկ, այ, ձեզ խորապես հասկանալն, ասենք, լայն տիրույթներում… գրեթե անհնարին… (Դուրս է գնում:)
ՀԵՂԻՆԱԿ — (իր անկյունից): Ու էդ խառնիխուռն մտքերի հետ էլ տնից դուրս եկավ: Նոր օրվան ընդառաջ: Կոկիկ ու մաքուր հագնված: Նախորդ արկածի հետքն անգամ չէր մնացել: Ասես որևէ բան չի եղել: Բնա՜վ, երբեք չի եղել: (Դուրս է գնում:)
ԿԻՆ — (գալիս, սենյակն է հավաքում): Էս տղամարդիկ երեխաներ են… Երևի թե՝ բոլոր տղամարդիկ: Մե՜ծ երեխաներ… Մե՜ծ և անօգնակա՜ն երեխաներ… Եվ նրանք բոլորն էլ խնամքի կարիք ունեն: Առանձնահատուկ խնամքի՛ կարի՛ք…