ԺԵՆՅԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ
16.07.1941 – 20.09.2021
Ժենյա Ավետիսյան դերասանուհու և ասմունքողի անկապտելի հմայքը ես միշտ համարել եմ ընտիր. բեմական ու բանաստեղծական խոսքը, որ նրան բերել է հայ լավագույն ասմունքողներից մեկի համբավը, նույնքան զգալի ու ընդունելի է, որովհետև դա ապացուցել է հենց ինքը՝ արտիստուհին, իր քնքուշ, քնարական արտասանությամբ, յուրօրինակ թատերական բնույթ կրող բազմաթիվ գրական իր երեկոների ժամանակ:
Բնավ անհրաժեշտ չէ հետադարձ ակնարկ նետել Ժենյա Ավետիսյանի գործունեության որևէ շրջանին, քանզի նրա երեկն ու այսօրը, յուրաքանչյուր բեմելը, ամեն մի համերգ, այո, այո, համերգ, ասմունքային լայնածավալ երեկո, որի պսակը եղել ու մնում է Սայաթ-Նովան, անցել են մեր աչքի առջևով, մեր ներկայությամբ, մեր վկայությամբ:
Չգիտեմ՝ ով և երբ, բայց ճիշտ է նկատված, թե Սայաթ-Նովան է, որ իր բոլոր գույներով շողշողում է Ժենյա Ավետիսյանի ասմունքում:
Նա հասկացել է մեծ բանաստեղծի անմահության «գաղտնիքը», նրա զգացմունքների խորությունն ու բովանդակությունը, և դա էլ պատճառն է պատճառներից, որ դերասանուհին նրա հրաշակերտ տաղերը մատուցում է կատարյալ վարպետությամբ:
Բայց արդյո՞ք միայն Սայաթ-Նովա, հապա Իսահակյանը, Թումանյանը, Տերյանը, Համո Սահյանը, Գևորգ Էմինը և վերջապես Սիլվա Կապուտիկյանի շքեղ քնարերգությունը՝ իր սիրային և հայրենաշունչ գոհարներով, որոնց հիմքում համամարդկային բարձր բարոյական, կենսախինդ զգացումն է:
Ինչո՞վ մի ամբողջ ներկայացում չէ նույն գրական երեկոներին Ժենյա Ավետիսյանի ներկայացրած Լեդի Աննայի բեմականացված մենախոսությունն ու տեսարանը, որն իր հետ բեմ է բերում շեքսպիրյան թատրոնի վեհությունն ու շքեղությունը:
Աչքերի այդպիսի իմաստալից խաղ մեր օրերի ո՞ր դերասանուհու մոտ եք տեսել:
Արդյո՞ք հեղինակին նույնանալու համարձակ դրսևորում չէ սեփական բեմադրությամբ, սեփական արտահայտչամիջոցներով, իր անհատականությամբ պայմանավորված Նուարդի («Արա Գեղեցիկ») մենախոսության մատուցումը, որը նոր շերտեր է բացում Ժենյա Ավետիսյան դերասանուհու դրամատիկական ամպլուայի մեջ:
Եկեք սրան հավելենք սունդուկյանական և պարոնյանական կերպարներ ու պատկերներ ներկայացնելու Ժենյա Ավետիսյան-Յուրի Ամիրյան բեմական զույգի համարձակ մոտեցումներն ու մարմնավորումները, ապա անվիճելի կդառնա, որ այս զույգը թատրոնից դուրս իր թատրոնն է ստեղծել, և եթե մի կողմ թողնենք մինչ այդ բեմում ստեղծած և թատերագիտության ուշադրությանն արժանացած տասնյակ ու տասնյակ կերպարների մարմնավորումները, ապա վերն ասվածը լիուլի իրավունք է տալիս Ժենյա Ավետիսյանին հայ բեմի աչքի ընկնող անհատականություններից մեկը համարելու:
ՏԻԳՐԱՆ ԼԵՎՈՆՅԱՆ
«Ժենյա Ավետիսյան» ալբոմ-ժողովածուից