ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
2022 թվականի հոկտեմբերի 31-ին դադարեց բաբախել հայ թատրոնի նվիրյալ, թատրոնի գեղագետ ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ սիրտը… Մեզնից հեռացավ տաղանդավոր բեմադրիչը, զգայուն արվեստագետը, պարկեշտ մարդը, Վահե Սուրենիչը, ում կյանքն ու թատրոնը այնքան միաձույլ ու ներդաշնակ էին, որքան ամուր ու կատարյալ էին նրա բեմադրությունները:
Նա այլևս Հավերժի ճամփորդ է, իսկ այստեղ՝ իր Հայաստան երկրում, նրա ապրող բեմադրություններն են, հարազատ Աբելյանի թատրոնը՝ սրբազան երկյուղով նրա անվան ու գործունեության հետ կապված ամեն ինչ պահող-պահպանող, նրանք, ովքեր բախտ են ունեցել ոչ միայն ճանաչել, այլև համագործակցել նրա հետ, և, իհարկե, նրա երախտապարտ հանդիսատեսը…
Այսօր Ձեր երկնային տարեդարձն է, սիրելի ՎԱՐՊԵՏ, իմ լավ բարեկամ ՎԱՀԵ ՍՈՒՐԵՆԻՉ, և իմ՝ կորստի ցավին միաշաղախ մեր անկրկնելի մարդկային ու ստեղծագործական ջերմությունը ինձ այս հեղհեղուկ կյանքում պահող հենասյուներից մեկն է…
Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ
ՎԱՀԵՆ
Թատերականում, Գրետա Մեջլումյանի կողքին, «բեմական խոսք» առարկան էի դասավանդում, Վահե Շահվերդյանի լավագույն կուրսերից մեկում: Իսկապես լավագույն. Արաքս Մելիքյան, Անդրանիկ Զաքարյան, Անդրանիկ Խաչատրյան, Մարջան Ավետիսյան, Լուսինե Կոստանյան, Հերմինե Ստեփանյան, Ծովինար Մարտիրոսյան, Նարեկ Հայկազյան, Անի Պետրոսյան, Հովհաննես Դավթյան, Ռուզան Հախնազարյան, Լեռնիկ Հարությունյան, Վահագն Սարգսյան, Արթուր Սուքիասյան, Հայկը, Արտաշեսը, Լիլին և թող ներեն մնացած ուսանողները, որոնց այս պահին չեմ հիշում:
Այսօր նրանք ճանաչված անուններ են, և որքան էլ զարմանալի է, նույն կուրսից են: Բայց այդ օրը, որի մասին պիտի պատմեմ, նրանք ընդամենը դերասանական 2-րդ կուրսի ուսանողներ էին և պատրաստվում էին տարեվերջյան կիսամյակի քննությանը:
Այդ օրը իմ դասի ժամն էր, որին պիտի հետևեր Վահե Սուրենիչի ժամը: Լսարան մտավ Շահվերդյանը և անաղմուկ կողքիս նստելով, խնդրեց, որ շարունակեմ, մեր լեզվով ասած, «прогон»-ը: Բեմում ուսանողները պատմում էին արվեստի, գրականության մեծագույն անունների (Վախթանգով, Բուլգակով, Տոլստոյ և այլն) կյանքից եզակի մանրամասներ: Զարմանում եմ, թե Մեջլումյանը որտեղի՞ց էր ճարել այդ նյութերը, այն էլ հայերեն:
Երեխաներն այնքա՜ն հուզիչ էին, այնքա՜ն համոզիչ էին, այնքա՜ն գեղեցիկ էին իրենց ոգևորված աչուկներով, որ ակամայից մի պահ նախանձեցի նրանց, ուզեցի նրանց կողքին լինել բեմում: Արցունքներս հոսեցին: Ուսանողներից մի երկուսը նույնիսկ զգացին հուզումս և զարմացած հայացքներով շարունակեցին տեքստ ասել: Իսկ իմ մտքում միայն մի միտք էր պտտվում. «Ափսո՜ս, որ ես այլևս ուսանող չեմ լինելու»:
Մեկ էլ հանկարծ Վահե Սուրենիչը գրկեց ինձ և մեղմորեն ու ճիշտ նույն բառերով դիմեց ինձ. «Է՜հ, ափսո՜ս, Սոֆա ջան, մենք էլ երբեք ուսանող չենք լինի»:
Քա՛ր կտրեցի, ապշեցի՛, ցնցվեցի՜… Փաստորեն նույն բանը ինքը ապրեց, ինչպե՞ս զգաց, ինչպե՞ս կռահեց. ինչ են ասում այս երևույթին. հիպնո՞ս, հեռազգացողությո՞ւն: Այսպիսի բան միայն ընկեր Մալյանից կարող էի ակնկալել, որովհետև նա ամենաիսկական էքստրասենս էր:
Այս դեպքը չեմ կարողանում մոռանալ և մինչև հիմա պատմում եմ, երբ առիթ է լինում ներկայացնելու Վահե Շահվերդյանին:
Թ.Տ.
Ավելացնեմ, որ հաջորդ՝ Արմեն Քուշկյանենց, Ռոզի Ավետիսովայենց կուրսն էլ պակաս ներկայանալի չէ:
Ա՜խ, Վահե Սուրենիչ…
Շա՜տ զգայուն, նրբանկատ մարդ էր. չէր մոռանում զանգահարել և շնորհավորել Նոր տարին, Մարտի 8-ը:
Ափսո՜ս, շա՜տ ափսո՜ս…
Սոֆիկ ՍԱՐԳՍՅԱՆ