Սարգիս ՀՈՎՍԵՓՅԱՆ/ «ԴԵԺԱՎՅՈՒ»
Սարգիս ՀՈՎՍԵՓՅԱՆԻ «ԴԵԺԱՎՅՈՒ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2009 թ., թիվ 18-19-ում
Ծնվել եմ 1977 թ. Երևանում, «Երրորդ մաս» կոչվող բանվորական թաղամասում, որտեղ, ինչպես հայրս էր պատմում, մինչև 60-ական թվականները թաղի «ինտելիգենցիայի» միակ ներկայացուցիչը հարևան շենքի «ցեխի պետ Վալոդն» էր: Ավարտել եմ դպրոցը, ծառայել հայոց բանակում, ընդունվել եմ բուհ, որը կիսատ եմ թողել, կրկին եմ ընդունվել ու հիմա էլ սովորում եմ թատերականում: Կենսագրությանս մանրամասները, որոնք լի են ճիշտ ու սխալ բազմաթիվ դրվագներով` ոմանց համար երևի ատելի, իսկ ինձ համար գերազանցապես սիրելի, բաց եմ թողնում, քանի որ… Քանի որ այդպես եմ ցանկանում: Իսկ որ նույնիսկ սխալներս եմ սիրում, ոմանց գուցե անհասկանալի թվա, սակայն այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև հենց դրանք են իմ առաջին չհաջողված ստեղծագործությունները` ծնված ինձնից այնպես, ինչպես արատավոր երեխաներ են ծնվում արտաքուստ առողջ ծնողներից: Եվ որպես նորմալ, գիտակից մարդ` փորձում եմ այդ սխալները վերածել կյանքի փորձի կամ, ինչպես ասում են, դասեր քաղել դրանցից: Կարծում եմ` դա է նույն սխալը չկրկնելու միակ պայմանը, և այս գործը ժամանակի մեքենայի մի յուրատեսակ փորձ է, որտեղ (չգիտեմ` որքանով է ինձ հաջողվել), ցանկացել եմ ցույց տալ մեզ անվերջ հետապնդող դեժավյուների պատճառներն ու հետևանքները: Եվ իմ խորին համոզմամբ` նույնիսկ այն բոլոր սխալները, որոնք անվերջ հաջորդում են իրար մեր բազմադարյա պատմության ընթացքում, կարող են և պետք է սիրելի դառնան դրանք ծնող ժողովրդի համար: Բայց միայն մի դեպքում է դա հնարավոր` եթե դրանք դառնան պատմական փորձ: Հակառակ դեպքում մեր ժողովուրդը կնմանվի անվերջ փնթփնթացող անհաջողակ ծերունու, որն ամբողջ հոգով ատում է իր ապրած կյանքը…
Հ. Գ. Վերջերս հաճախ ենք լսում` «մենք եվրոպացի ենք» կամ «մենք ասիացի ենք»… Ես հայ եմ և ծնվել եմ Եվրոպայի ու Ասիայի սահմանագծին գտնվող բարձր լեռներում, որտեղից, ընդամենը ցանկության դեպքում, առանց մեծ դժվարության, երևում են թե՛ արևմուտքը, թե՛ արևելքը, ու ես չեմ պատրաստվում արհեստականորեն սահմանափակել իմ տեսադաշտը:
Սարգիս ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԴԵԺԱՎՅՈՒ
Պիես երկու գործողությամբ
Գործող անձինք
ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ – նախկին ուսուցիչ, ֆերմեր, նույն ինքը` ԴԱՐԲԻՆ ՀԱՅԿ, ԻՇԽԱՆ ԹԱԹՈՒԼ, ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ և ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ
ԺՈՐԺ ԳԵՆՐԻԽՈՎԻՉ ՏՈՒԳՕՂԼՅԱՆ – «Կոսմոպոլիտ» հ/կ—ի նախագահ, նույն ինքը` ՎԵՍՏ ՍԱՐԳԻՍ և ԻՇԽԱՆ ՏՈՒԳ—ՎԱՍԻԼ,
ՆԺԴԵՀ ՎԻԼԵՆԻՉ ՏԵՐ—ՀԱԿՈԲՅԱՆ – մեծամասնական պատգամավոր, «Ցեղակրոն» հիմնադրամի տնօրեն, նույն ինքը` նախարար ՊԱՏԱՀԱԿԱՆ ՏԵՐ—ՀԱԿՈԲՅԱՆ և քննադատ ՈՍԿԵՐՉՅԱՆ
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ
ԾՆՆԴԱՏԱՆ ՔՈՒՅՐ
ՊԵՏՐՈՍ ԳԵՏԱԴԱՐՁ ԿԱԹՈՂԻԿՈՍ
ԼՐՏԵՍ
ՏՈՒՂՐԻԼ ԲԵԿ
ԱԼԵՔՍԱՆ — պաշտոնյա
ԱՀՄԱԴ — պարսիկ լաստավար
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ
ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ
ՄԱՏՈՒՑՈՂ
ՆԻԿՈՂՈՍՅԱՆ — ՆԳԺԿ ավագ լեյտենանտ
Պարուհիներ, սելջուկ—թուրք զինվորներ ու ծառաներ, Գ. Նժդեհի թիկնազորի զինվորներ, գաղթականներ, երկու չեկիստ, մի քանի թիկնապահ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ
Տեսարան առաջին
Ծննդատան բակում Նժդեհ Տեր—Հակոբյանը, Ժորժ Տուգօղլյանն ու Հայկ Նահապետյանը լուռ ետուառաջ են անում: Գալիս է ծննդատան քույրը:
ՔՈՒՅՐ — Պարոն Տեր-Հակոբյան… պարոն Նժդեհ…
ՆԺԴԵՀ — Հա, ես եմ… շուտ ասա, ի՞նչ ա…
ՔՈՒՅՐ — Ձեր աչքը լույս, տղա է:
ՆԺԴԵՀ — (քույրի գրպանը ինչ—որ բան դնելով): Ապրես, ցավդ տանեմ, բա տղես ո՞նց ա, կի՞նս ոնց ա:
ՔՈՒՅՐ — Ամեն ինչ լավ է, մի անհանգստացեք, երեխայի քաշն էլ բավարար է` 4.2 կգ:
ՆԺԴԵՀ — Տղա եմ ասել, է՛… Ես ընդամենը 3.8 եմ ծնվել, իսկ հերս` 3.5… (Շրջվելով բղավում է🙂 Արա՛, հլը շամպանսկի բերեք… (Քույրին.) Ապրես, ցավդ տանեմ, լավ խաբար բերեցիր… (Բղավում է🙂 Ի՞նչ եղավ էդ շամպանսկին…
ՔՈՒՅՐ — (Նժդեհին): Առողջ երեխա թող մեծանա… (Բղավում է🙂 Տուգօղլյան Ժո՞րժն ով է…
ԺՈՐԺ — Ես եմ… (Շտապ մոտենալով🙂 Դե՞, ի՞նչ է…
ՔՈՒՅՐ — Շնորհավորում եմ, ձերը նույնպես տղա է:
ԺՈՐԺ— էս ի՜նչ լավ բան ասացիք, մերսի… Բա քա՞շն ինչքան է, կինս ինչպե՞ս է իրեն զգում:
ՔՈՒՅՐ — Ձեր կինը լավ է, իսկ երեխայի քաշը 4.3 կգ է:
ԺՈՐԺ — Հիանալի է… Ես ընդամենը 3.7 էի…
ՀԱՅԿ — (մոտենալով և հերթով սեղմելով Ժորժի ու Նժդեհի ձեռքերը): Շնորհավորում եմ, թող առողջ մեծանան:
Հայտնվում է Նժդեհ Տեր—Հակոբյանի թիկնապահը` ձեռքին շամպայն, բաժակներ է բաժանում ներկաներին, շամպայն լցնում ու հեռանում է:
ԺՈՐԺ — Մերսի, եղբայր…
ՆԺԴԵՀ — Տարոսը քեզ…
ՀԱՅԿ — (քույրին): Կներեք, իսկ իմ կնոջի՞ց ինչ լուր ունեք…
ՔՈՒՅՐ — Ի՞նչ է ձեր կնոջ անունը:
ՀԱՅԿ — Հայկուհի… Նահապետյան Հայկուհի:
ՔՈՒՅՐ — Ախ, հա՜, Հայկուհին… Գիտեք, ձեր երեխան դեռ չի ուզում ծնվել: Երևի մամայի փորիկում իրեն լավ է զգում: Դուք պետք է սպասեք…
ՀԱՅԿ — Իսկ այդպես որքա՞ն կարող է շարունակվել:
ՔՈՒՅՐ — Չեմ կարող ասել, բայց եթե շատ ձգձգվի, ստիպված կլինենք խթանիչներ ներարկել: (Ժորժին.) Ձեզ նույնպես մաղթում եմ, որ առողջ երեխա մեծանա:
ԺՈՐԺ — Մերսի, մերսի… Ուղղակի չեք պատկերացնի, թե որքան ուրախ եմ…
ՔՈՒՅՐ — Մերսիի համար չարժե… (Ինչ—որ բան սպասելով🙂 Բայց…
ԺՈՐԺ — Բայց` ի՞նչ…
ՔՈՒՅՐ — Չե՞ք ուզում մերսիին ինչ-որ բան կցել:
ԺՈՐԺ — Ի՞նչ կցեմ, մեր երկրում ծննդօգնությունը ձրի է, էլ ի՞նչ կցեմ:
ՔՈՒՅՐ — Ընկեր ջան, մեր երկրում նույնիսկ երեխա սարքելը ձրի չէ:
ԺՈՐԺ — Հիմա ի՞նչ է ձեր ուզածը… Ես ոչ մի բան չունեմ ոչ կցելու, ոչ էլ, առավել ևս, խցկելու: (Ցույց է տալիս քույրի գրպանը🙂 Էս բարքերով էլ ուզում եք Եվրոպա՞ գնալ:
ՔՈՒՅՐ — Հըմ… եվրոպացուս տեսեք… (Դժգոհ հեռանում է🙂
ԺՈՐԺ — Ճիշտ չեմ ասո՞ւմ, ընկեր ջան… եթե ձրի է, ուրեմն` ձրի է:
ՆԺԴԵՀ — Էս հլը խմենք` մեր էրեխեքին առողջություն ու բախտավորություն… (Խմում են🙂 Ինչ վերաբերում ա մաղարիչին` մեծ բան չի, ուղղակի ուրախությունդ կիսելու ձև ա… դարերից եկող: Ուրիշ բան, որ իրենք իրենց բերանով չպետք ա ուզեն:
ԺՈՐԺ — Դարերից եկո՞ղ… Այ, հենց էդ դարերից եկող հետամնացությունն է, որ պետք է արմատախիլ անել էս ազգի միջից: Ի դեպ, ծանոթանանք… Ժորժ Գենրիխովիչ Տուգօղլյան` «Կոսմոպոլիտ» հասարակական կազմակերպության նախագահ:
ՆԺԴԵՀ — Ուրախ եմ, Նժդեհ… Նժդեհ Վիլենիչ Տեր-Հակոբյան` Ազգային ժողովի մեծամասնական պատգամավոր, «Ցեղակրոն» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն:
ՀԱՅԿ — Ես նույնպես ուրախ եմ, Հայկ… Հայկ Նահապետյան, նախկին ուսուցիչ, հիմա, ժամանակակից բառով ասած, ֆերմեր:
ԺՈՐԺ — Շատ հաճելի է… Մի խոսքով, ընկերներ, պետք է դուրս գալ ազգային նեղ, սահմանափակ մտածողության ճահճից ու նետվել համաշխարհային առաջադեմ մտքի օվկիանոսը:
ՆԺԴԵՀ — Էդ ի՞նչ ես ասում, ո՞նց թե` ազգային սահմանափակ ճահճից… Բա մեր ազգային արժեքնե՞րը, մեր ազգային գաղափարախոսությո՞ւնը, Նժդե՞հը, Մեծ Հա՞յքը…
ԺՈՐԺ — Դե լավ, թողեք դրանք… Մի՞թե չեք տեսնում, որ ձեր ասած ազգային գաղափարախոսությունը ծանր, ես կասեի` ավելորդ բեռի նման ձգում է մեզ պատմության օվկիանոսի հատակը և խանգարում է հավասարը հավասարի նման ոտք գցել աշխարհի առաջադեմ ազգերի հետ… Ովքեր շատ շուտով նույնիսկ իրենց ազգային պետություններից կհրաժարվեն հանուն մարդկության միասնական ապագայի:
ՆԺԴԵՀ — Հա, ու էդ միասնական մարդկությանը կղեկավարեն` չգիտես ովքեր, մեր երեխաների կնունքներն ու ծնունդները կնշենք մակդոնալդսում, տերտերի փոխարեն հոգեբան կլինի, աղջկանիցդ էլ մի բաժակ ջուր ուզես` կդատվես երեխայի իրավունքները ոտնահարելու համար, իսկ նրա տուտուզին էլ նոր նակոլկա կհայտնվի, որը սիմվոլիկ կերպով կնշանակի` ծնողների կողմից բռնության ենթարկված:
ԺՈՐԺ — Բա ի՞նչ էիր ուզում, որ հարս բերես տուն` քնելուց առաջ ոտքե՞րդ լվա, ու կնոջդ քիթն էլ ջարդես` երբ քեֆդ տա՞… Չէ, եղբայր, չեղավ, դա արդեն բարբարոսություն է: Հապա մի նայեք Ամերիկային, ինչպիսի՜ երկիր է… (Հայկին.) Եվ ի՞նչ եք կարծում, ինչի՞ հաշվին…
ՀԱՅԿ — Չգիտեմ:
ԺՈՐԺ — Մի՞թե պարզ չէ… Այնտեղ ապրող մարդիկ մի կողմ են դրել իրենց հոտած ազգային սովորություններն ու հավակնությունները և միասին լծվել են թե՛ իրենց, թե՛ ամբողջ աշխարհը բարեկեցիկ ու դեմոկրատական դարձնելու սուրբ գործին:
ՀԱՅԿ — Անկեղծ ասած, ինձ դա չի հետաքրքրում:
ԺՈՐԺ — Իզուր, շատ իզուր… Այդ դեպքում կարելի՞ է իմանալ, թե ինչն է հետաքրքրում, եթե ձեր երեխայի ապագան չի հետաքրքրում:
ՀԱՅԿ — Իմ երեխայի ապագան հայտնի է: Նա մշակելու է այն հողը, որը մշակում եմ ես, մշակել է իմ հայրը, պապը, ապուպապը, ու այդպես շարունակ…
ԺՈՐԺ — Ու դուք այդքան հանգիստ խոսում եք, որ ձեր երեխան իր ապուպապերի նման ստիպված է լինելու անվերջ մշակել էս անիծված հո՞ղը:
ՀԱՅԿ — Այո, հանգիստ եմ:
ԺՈՐԺ — Ուղղակի զարմանալի է… Մեր այս խառը ժամանակներում, երբ ամենահասարակ որոշումը պետք է լուրջ կշռադատել ու հաշվարկել, երբ երեխայիս անունը արդեն վեց ամիս է` չեմ կարողանում որոշել, դուք…
ՆԺԴԵՀ — Էս հարցում քեզ հետ լրիվ համաձայն եմ: Ո՞նց կարելի ա էդքան անտարբեր ու անպատասխանատու լինել սեփական երեխայի ապագայի նկատմամբ: Ութ ամիս էլ ես չեմ կարողանում անուն որոշել:
ՀԱՅԿ — Որոշելու ի՞նչ կա, դրեք ձեր նախնիներից մեկի անունը, վերջացավ-գնաց:
ԺՈՐԺ — Ինչպե՞ս թե` վերջացավ-գնաց, չէ՞ որ դրանք ուրիշ ժամանակներ էին: Աշխարհն այնքան արագ է փոխվում, որ հիմա նույնիսկ ես եմ նեղվում իմ անունից, որը, ի դեպ, եվրոպական անուն է:
ՀԱՅԿ — Ի՞նչ ասեմ… էդ դեպքում ձեզ հեշտ որոշում չի սպասվում:
ՆԺԴԵՀ — Իսկ կարա՞նք իմանանք, թե դու ինչ ես դնելու երեխուդ անունը:
ՀԱՅԿ — Իհարկե, Հայկ կամ Հայկուհի:
ՆԺԴԵՀ — Ո՞նց, էլի՞ Հայկ…
ՀԱՅԿ — Ինչ կա ո՞ր… հորս անունն էլ էր Հայկ, պապինս էլ, ապուպապերինս էլ…
ԺՈՐԺ — Ու նրանցից ոչ ոք պրոբլեմ չի՞ ունեցել անվան պատճառով:
ՀԱՅԿ — Ի՞նչ իմանամ, գուցե ունեցել են… Բայց դրանք անցողիկ են, իսկ ժամանակավոր բաների մասին չարժե մտածել:
ԺՈՐԺ — (մտքերի մեջ, ինքն իրեն): Իսկ ես պապիցս այն կողմ չգիտեմ, թե ովքեր են եղել նախնիներս: Թեև… ինչի՞ս են պետք այդ նախնիները, որքան քիչ հիշես, այնքան գլուխդ հանգիստ կլինի:
ՆԺԴԵՀ — Այ, էստեղ համաձայն չեմ քո հետ: Դու չես էլ պատկերացնում, թե վախտ-վախտ ինչքան շահավետ են նախնիները:
ԺՈՐԺ — Ի՞նչ շահ կարող է լինել հարյուր տարի առաջ էն աշխարհ ուղևորված նախնիներից:
ՆԺԴԵՀ — Շատ կոնկրետ, ես կասեի` շոշափելի շահ: Չե՞ս լսել «Նյու Յորք Լայֆ»-ի մասին:
ԺՈՐԺ — Ասենք` լսել եմ, հետո՞…
ՆԺԴԵՀ — Հետո էն, որ ջարդից առաջ հազարավոր հայեր ապահովագրված են եղել, ու հիմի իրանց սերունդները կարող են լուրջ փոխհատուցում ստանալ: Բայց եթե նախնիներիդ չես հիշում…
ԺՈՐԺ — Այո, չեմ հիշում… Իսկ չկա՞ մի տեղ, որտեղ կարող եմ հետաքրքրվել նախնիներիս մասին:
ՀԱՅԿ — Մի րոպե… կարծում եմ` կարող եմ ձեզ օգնել: Այստեղից մի երկու խաչմերուկ ներքև կազմակերպություն կա, կոչվում է «Տոհմածառ սերվիս»: Դիմեք նրանց, հաստատ կօգնեն:
ԺՈՐԺ — Ասում եք` մի երկու խաչմերո՞ւկ… չգիտեմ… չգիտեմ… գուցե արժե՞ փորձել:
ՀԱՅԿ — Դե, հաջողություն եմ ցանկանում ձեր բացահայտումներում:
ՆԺԴԵՀ — Ես էլ գործ ունեմ, պիտի գնամ:
Իրար ձեռք են սեղմում, հեռանում են տարբեր ուղղություններով:
Տեսարան երկրորդ
Գրասենյակ` բարձր գրադարակներով, գրասեղանով ու աթոռներով: Գովազդային պաստառի վրա մեծ տառերով գրված է. «ՏՈՀՄԱԾԱՌ ՍԵՐՎԻՍ»: Ժորժը նստած է գրասեղանի մոտ:
ԺՈՐԺ — (կարդալով պաստառի վրա գրվածը): Տոհմածառ սերվիս… Բայց ինչի՞ պիտի իմանայի, թե նախնիս ով է եղել, ասենք, 1348 թվին, կամ թե` ինչացու է եղել: Իմ նախնիներից ո՞վ է իր նախնիներին հիշել, որ ես հիշեմ: Ամբողջ օրը քարոզում եմ, որ պետք է մոռանալ անցյալը, իսկ հիմա հիմարի պես նստել, սպասում եմ… Ու ինչի՞ն եմ սպասում… գուցե բախտի՞ն: (Ասես` զայրանալով վերջին մտքի վրա🙂 Բա՞խտ, ի՞նչ բախտ: Բախտ չկա, կան կոնկրետ արարքներ, որոնք ունեն կոնկրետ հետևանքներ` թեկուզ հազար տարի անցնի: Օրինակ, եթե իմ խելոք պապն իր ժամանակի առաջադեմ մտածողությամբ օժտված լիներ ու ապահովագրվեր, հիմա ես կարգին կբարելավեի ֆինանսական վիճակս: Դա կլիներ կոնկրետ արարքի կոնկրետ հետևանք: Իսկ հիմար մարդիկ, միևնույն է, կասեն` բախտը բերեց:
Դուռը բացվում է, մի քանի հաստափոր գիրք ձեռքին ներս է մտնում արխիվի աշխատակիցը:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Ահա… (Գրքերը շրխկոցով դնում է գրասեղանին🙂 Այստեղ կգտնեք ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները:
ԺՈՐԺ — (վախեցած` գրքերից մեկի փոշին փչելով ու բացելով): Խենթանալ կարելի է… դուք վստա՞հ եք, որ այստեղ իմ տոհմի պատմությունն է:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Իհարկե: Եթե կուզեք, ձեզ կօգնեմ գլուխ հանել… Ինչպե՞ս եք ցանկանում` մեր օրերից գնանք հին ժամանակնե՞րը, թե՞ հակառակը:
ԺՈՐԺ — Չգիտեմ, ճիշտն ասած… գուցե հի՞ն ժամանակներից գանք:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Այդ դեպքում պետք է սկսել սրանից: (Վերցնում է ամենաներքևի գիրքը🙂
ԺՈՐԺ —Ուղղակի գժվել կարելի է…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Գիտե՞ք, ոմանք այստեղից հեռացել են զարմացած, ոմանք` հպարտ, ոմանք` հիասթափված, նույնիսկ դեպքեր են եղել, որ զայրացել են, կարծես մենք ենք մեղավոր իրենց նախնիների ապրածի համար, բայց մի բան բոլորի համար նույնն է եղել. այստեղից հետո բոլորի կյանքում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Իսկ դուք փոփոխությունների կողմնակից եք, այնպես չէ՞, նորությունները ձեզ չեն վախեցնում… Այնպես որ, վաղեմի պատմությունը նույն տպավորությունը կթողնի, ինչպես, եթե CNN-ով լսեիք, թե իբր Պակիստանի նախագահի քարտուղարուհին հարբած սեղմել է ատոմային ռումբի կոճակը, և այդ ռումբը, չգիտես ինչու, գալիս է ուղիղ ձեզ վրա:
ԺՈՐԺ — (ծիծաղում է): Դա արդեն չափազանցություն է, Պակիստանը մահմեդական երկիր է, այնտեղ բոլորովին չեն խմում, այն էլ` կանայք…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Կներեք, գուցե օրինակս անհաջող էր… բայց կարող էր, չէ՞, նախագահի քարտուղարուհին մահմեդական չլինել: Եվ, հետո, կարծեմ, միակ երկիրն է, որ չի ճանաչել մեր անկախությունը, ուստի մենք իրավունք ունենք մի քիչ վատ ճանաչելու նրանց: Ինչ որ է, անցնենք մեր բուն գործին… Այսպես, ուրեմն… (Թերթում է գիրքը🙂 Ձեր վերջին կամ առաջին նախնուն մեզ հաջողվել է հայտնաբերել 1045 թվականին` Բագրատունիների հարստության ժամանակ:
ԺՈՐԺ — (հեգնանքով): 1045 թվականի՞ն… շատ հետաքրքիր է: Եվ ո՞վ էր նա, ինչո՞վ էր զբաղված, չլինի՞ Աշոտ Երկաթն էր:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Նախ` Աշոտ Երկրորդ Բագրատունին թագավորել է մինչև 928 թվականը, իսկ ձեր նախնին… Ի դեպ, ինչպե՞ս եք վերաբերվում արևմտյան արժեքներին:
ԺՈՐԺ — Միանշանակ` լավ: Մարդկության իրական զարգացումն սկսվել ու շարունակվում է Արևմուտքից: Իմ խորին համոզմամբ…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Այդ դեպքում` գոհ կլինեք ձեր բախտից, որովհետև ձեր նախնուն ժամանակակիցները կոչում էին Վեստ Սարգիս:
ԺՈՐԺ — Վեստ Սարգի՞ս… Չէ, դուք երևի կատակում եք…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Ես միանգամայն լուրջ եմ, ձեր նախնի Վեստ Սարգիսը Պետրոս Գետադարձ կաթողիկոսի հետ մեծ, ես կասեի, ճակատագրական դեր է ունեցել մեր երկրի պատմության մեջ:
ԺՈՐԺ — Իրո՞ք… զարմանալի է, երբեք չեմ լսել նրա մասին:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Դե, ուրեմն, եթե կուզեք, միանգամից անցնեմ պատմությանը:
ԺՈՐԺ — Այո, իհարկե… Ես ուղղակի ապշած եմ…
Տեսարան երրորդ
Սրահ Անիի միջնաբերդում: Խոժոռ դեմքով նստած է Պետրոս Գետադարձ կաթողիկոսը, Վեստ Սարգիսը նյարդային այս ու այն կողմ է քայլում: Հեռվից լսվում են կռվի ու զենքերի ձայներ:
ԳԵՏԱԴԱՐՁ — Զավակս, քեզ ի՞նչ է պատահել, ի՞նչն է քեզ այդպես տանջում:
ՎԵՍՏ ՍԱՐԳԻՍ — Վեհափառ, ինչպե՞ս թե` ինչն է… Զարմանում եմ, ինչպե՞ս կարող ես այդքան հանգիստ լինել: Քսան տարի է անցել այն օրից, ինչ կայսերը խոստացանք Անին հանձնել նրան, և այդքան ջանք գործադրելուց հետո Հայկ անունով մի դարբին, ով քաղաքի արհեստավորների ջոկատն է գլխավորում, չի համաձայնում զենքը վայր դնել:
ԳԵՏԱԴԱՐՁ — Դու ճիշտ ես, որդյակս, եթե այս անգամ էլ չհաջողենք քաղաքը հանձնելու գործի մեջ, ապա պատասխան կտանք կայսեր առաջ:
ՎԵՍՏ ՍԱՐԳԻՍ — Անշուշտ, չէ՞ որ այս տարիներին կայսրը մեզ այնքան է վճարել, որ…
ԳԵՏԱԴԱՐՁ — Որ դու հսկայական գավառ ես գնել Կեսարիայից քիչ հեռու, որդյակս:
ՎԵՍՏ ՍԱՐԳԻՍ — Իսկ դու` գավառ Սեբաստիայում, մի քանի շենք էլ` Կոստանդնապոլսում, Վեհափառ տեր:
ԳԵՏԱԴԱՐՁ — Դե լավ, իշխան Սարգիս, այդ գավառն ու շենքերը պիտի ծառայեն մեր եկեղեցու կարիքներին:
ՎԵՍՏ ՍԱՐԳԻՍ — Ինչպե՞ս չէ, Վեհափառ տեր… եկեղեցու կարիքներին…
ԳԵՏԱԴԱՐՁ — Իշխան, ավելի լավ է մտածենք գործի մասին: Գուցե ե՞ս խոսեմ այդ դարբնի հետ:
ՎԵՍՏ ՍԱՐԳԻՍ — Ես մարդ եմ ուղարկել նրա ետևից, Վեհափառ տեր, բայց չեմ կարծում, թե կգա: Մանավանդ, այսքան բանից հետո, երբ ռամիկ ժողովուրդը չի ուզում քո անունը լսել: Մի՞թե մտածում ես, թե նրանց առաջնորդը կխոսի քեզ հետ, այն էլ այդ դարբինը, որի մասին պատմում են, թե իր մուրճի պես ծանր միտք ունի և իմ լրտեսներից մեկին արդեն իր ձեռքերով նետել է պարսպից ցած, երբ նա փորձել է համոզել, որ զենքը վայր դնի:
ԳԵՏԱԴԱՐՁ — Այո, զավակս, մեր հայկազուն ազգի մեջ հաճախ են պատահում առանձնահատուկ պնդաճակատներ, որոնց նույնիսկ, մեղա քեզ, Տեր Աստված, խաբել հնարավոր չէ:
Ներս է մտնում լրտեսը:
ԼՐՏԵՍ — (գլուխ տալով): Ռամիկների առաջնորդը:
Գալիս է Հայկը` զինավառ:
ՀԱՅԿ — (գլուխ է տալիս` արհամարհանքը զսպելով): Դրսում սպասում են ինձ, ու կխնդրեի…
ՎԵՍՏ ՍԱՐԳԻՍ — (կոպիտ ընդհատելով): Անունդ Հայկ է, այնպես չէ՞…
ՀԱՅԿ — Այո, Հայկ է:
ՎԵՍՏ ՍԱՐԳԻՍ — Լսիր, Հայկ, ես էլ ժամանակ չունեմ ու մտադիր չեմ երկար-բարակ ճառեր ասել: Դու իմ մարդկանցից մեկին պարսպից նետել ես ցած: Ի՞նչ էր արել խեղճը, որ այդպես դաժան վարվեցիր նրա հետ:
ՀԱՅԿ — Ես վարվեցի այնպես, ինչպես վարվել են իմ նախնիները դավաճանների հետ:
ՎԵՍՏ ՍԱՐԳԻՍ — Բայց նա ընդամենը փորձել է համոզել, որ զենքդ վայր դնես: Մի՞թե խելամիտ խորհուրդը դավաճանություն է համարվում: Եվ մի՞թե կարծում ես, թե հնարավոր է հավերժ ընդդիմանալ կայսեր կամքին:
ՀԱՅԿ — Չի կարող մահկանացու կայսրը հավերժ կամք ունենալ:
ՎԵՍՏ ՍԱՐԳԻՍ — Լավ, եթե այդքան վստահ ես, որ այդ խեղճը դավաճան էր, Աստված նրա հետ… (Կարճ դադարից հետո🙂 Իսկ ի՞նչ կասեին քո ժառանգները, եթե նրանց, որպես ժառանգություն, կայսրության ամենաապահով վայրերից մեկում մի քանի գյուղ թողնեիր: Նրանք ստիպված չէին լինի ծանր մուրճ գործածել, և վստահ եմ, որ կօրհնեին իրենց խելամիտ նախնուն, ով, ժամանակին ճիշտ կողմնորոշվելով, թույլ տվեց լիուլի վայելել այս կարճատև կյանքի բարիքները:
ՀԱՅԿ — (զայրացած): Ինչպե՞ս կարող է խելամիտ համարվել մեկը, ով իր սերունդներին զրկում է հայրենիքից:
ՎԵՍՏ ՍԱՐԳԻՍ — Մի քանի տարի հետո քո սերունդն իր հայրենիքը կհամարի այն նոր երկիրը, որը կթողնես նրանց:
ՀԱՅԿ — (աչքի տակով նայում է Վեհափառին): Ի՞նչ խորհուրդ կտաս, տեր, ինչպե՞ս վարվեմ, եթե հանկարծ նոր հայրենիքում է՛լ ավելի հարստանալու դիմաց սերունդներիս առաջարկեն խաչը փոխարինել կիսալուսնով կամ մի ուրիշ բանով:
ԳԵՏԱԴԱՐՁ — Սպասիր, որդյակս, մի վրդովվիր: (Տեղից ելնելով մոտենում է Հայկին, խաչակնքում է🙂 Դու, ավելի լավ է, ինձ լսիր… Հոռոմի մեծ կայսրը հիմա շատ ուժեղ է, եթե նույնիսկ այս անգամ չկարողանա վերցնել Անին, միևնույն է, չի հանգստանա: Մի՞թե ափսոս չեն բազում հայկազունները, ովքեր ոչ հեռատես առաջնորդների մեղքով Անիի պարիսպների տակ պիտի կեր դառնան ագռավներին ու վայրի շներին: Դու փոքրիկ մուրճով գութանի խոփի համար երկաթ կծեծեի՞ր:
ՀԱՅԿ — Պատահել է, երբ գործը շտապ է եղել, իսկ ձեռքի տակ ծանր մուրճ չի եղել: Քաջ հայկազուններն էլ ուրախությամբ կեր կդառնան գիշակերներին, քան իրենց սերունդներին կդարձնեն ստրուկ ու մուրացկան:
ԳԵՏԱԴԱՐՁ — Զավակս, դու, անշուշտ, ուղիղ խոսքեր ես ասում, բայց մի մոռացիր, որ մեր հանգուցյալ արքա, Աստված նրա հոգին փառավորի, Հովհաննես-Սմբատն իր ձեռքով իր թագավորությունը կտակել է Հոռոմի կայսրին, ու հիմա նա է այս երկրի ու քաղաքի օրինավոր տերը:
ՀԱՅԿ — Այո, Վեհափառ տեր, ոչ ոք չի մոռացել, նույնիսկ ամենավերջին ռամիկն էլ հիշում է, թե ինչպես ոչ թե իր, այլ քո ձեռքով մեր հանգուցյալ արքան, Աստված փրկի նրա հոգին, ստիպված եղավ իր թագավորությունը կտակել հոռոմցիներին: Եվ մեր սերունդներն էլ չեն մոռանա: Ու բոլոր դավադիրների հոգիները հավերժ կայրվեն դժոխքում նրանց անեծքներից:
Հայկը դուրս է գնում:
ԳԵՏԱԴԱՐՁ — Ասում էի, չէ՞… Ուղղամտությունը անհաղթահարելի չարիք ու անբուժելի ախտ է մեր օրերում:
ՎԵՍՏ ՍԱՐԳԻՍ — Մնում է գործադրել վերջին միջոցը… (Նշանով կանչում է լրտեսին, ականջին ինչ—որ բան է փսփսում, լրտեսը գլուխ տալով հեռանում է🙂 Եթե ինքնակամ վայր չի դնում զենքը, ապա մեզ ոչինչ չի մնում, քան…
ԳԵՏԱԴԱՐՁ — Մեղա քեզ, Տեր Աստված, քաղաքի խուժանը դեռ հավատում է, թե մանկամիտ արքան վերադառնալու է: Ուստի, հարկավոր է լուր տարածել, որ Գագիկը հրաժարվել է թագից ու կալվածքներ է վերցրել կայսրության այլ վայրերում:
ՎԵՍՏ ՍԱՐԳԻՍ — Լուրն արդեն տարածում են, բայց դա բավական չէ: Պետք է հոռոմները գոնե այս անգամ համառություն ու կամք ցուցաբերեն: Եվ, հետո, ի՞նչ վստահություն ունենք, որ նույնիսկ հոռոմների` քաղաքը վերցնելուց հետո կարող ենք այստեղ ապահով մնալ: Խուժանի ատելությունը չափ ու սահման չունի:
ԳԵՏԱԴԱՐՁ — Այո, որդյակս, խուժանի ատելությունը չափ ու սահման չունի, սակայն, բարեբախտաբար, նրա հիշողությունը սահման ունի, և այն շատ կարճ է: Հազիվ մի տասը տարի անցնի, ու նա մոռանալու է, թե ով ով էր:
ՎԵՍՏ ՍԱՐԳԻՍ — Գուցե ռամիկի հիշողությունը կարճ է, բայց պատմության հիշողությունն է երկար: Մանավանդ, հիմա, երբ գիրը հասանելի է` ում ասես, իսկ պատմիչներն էլ շնից շատ են, մեղա քեզ, Տեր Աստված:
ԳԵՏԱԴԱՐՁ — Անհոգ եղիր, զավակս, տասը դար հետո էլ մեզ տրված գնահատականը միանշանակ չի լինի, վստահ եմ, որ այն ժամանակ էլ կլինեն մեզ նման Աստծո արարածներ, ովքեր տարբեր կերպ կմեկնաբանեն պատմությունը: Ամեն բան մեկնաբանության մեջ է, որդյակս:
ՎԵՍՏ ՍԱՐԳԻՍ — Ուզում եմ հավատալ խոսքերիդ, Վեհափառ տեր, բայց մի չար կասկած ինձ հուշում է, որ ավելի հաճախ ժողովուրդը հիշելու անբացատրելի ընդունակություն է ցուցաբերում:
Գալիս է լրտեսը:
ԼՐՏԵՍ — (գլուխ տալով): Տեր իմ, դարբնի սուրը… (Սուրը դնում է Վեստ Սարգսի ոտքերի առաջ🙂 Սակայն, տեր իմ, ձեր ձեռնարկը չօգնեց, քանի որ քիչ առաջ քաղաքի պաշտպանները անսպասելի հարձակման անցան, ու հիմա հոռոմները փախչում են:
ՎԵՍՏ ՍԱՐԳԻՍ — Ինչպե՞ս պատահեց դա… ինչպե՞ս է, որ հոռոմները փախչում են…
ԼՐՏԵՍ — Իշխան Պահլավունին, տեր իմ…
ՎԵՍՏ ՍԱՐԳԻՍ — Էլի՞ այդ Պահլավունին… Վեհափառ տեր, մի՞թե այդ Աստծո պատիժ ծերը չի լքելու այս մեղավոր աշխարհը:
ԳԵՏԱԴԱՐՁ — Ոչինչ, որդյակս, նրանք բոլորն էլ կհանձնվեն, երբ իմանան, որ մանկամիտ արքան զիջել է թագը: (Տեղից ելնելով ու դեպի բեմի խորքը գնալով🙂 Իսկ հիմա դուրս գանք քաղաք և ինքներս ձեռնամուխ լինենք մեր սրտին այդքան հաճո լուրը տարածելուն:
Տեսարան չորրորդ
Քոչվոր թուրքերին բնորոշ վրան, մուտքի երկու կողմում կանգնած են սելջուկ պահապաններ` երկար նիզակներով ու կեռ թրերով: Թախտին պառկած Տուղրիլ Բեկը գետնին ծնկած կիսամերկ գեղեցկուհու ձեռքից խաղող է ուտում: Հայտնվում է թուրք ծառան:
ԾԱՌԱ — (ծնկի գալով, խորը գլուխ տալով): Օ՜, անպարտելի Տուղրիլ Բեկ, Ալլահի աչքը թող միշտ քեզ վրա լինի…
ՏՈՒՂՐԻԼ ԲԵԿ — Խոսիր, ի՞նչ է պատահել:
ԾԱՌԱ — Օ՜, մեծ սուլթան, ում բազկից դողում է նույնիսկ Ռումի մեծ կազարը, մի հայ իշխան է եկել քո ոտքը համբուրելու և անթիվ գանձեր է բերել քեզ:
ՏՈՒՂՐԻԼ ԲԵԿ — Բեր այստեղ:
Ծառան գնում ու ներս է բերում իշխան Վասիլին: Նրանց ետևից երկու ծառա մեծ սնդուկ են բերում: Տուղրիլ Բեկին հասնելով` ուղեկցող ծառան ծնկի է իջնում, իսկ իշխան Վասիլը խորը գլուխ է տալիս` կարծելով, թե դա բավարար է, սակայն ծառան ուժգին հարվածում է իշխանի ոտքերին, և նա ակամա ծնկի է գալիս բեկի առջև: Ծառաները սնդուկը դնում են Տուղրիլ Բեկի առջև և բացելով կափարիչը` ծնկի են գալիս:
ՏՈՒՂՐԻԼ ԲԵԿ — (ձեռքի շարժումով հեռացնելով գեղեցկուհուն): Խոսիր, գյավուր, ի՞նչն է քեզ բերել իմ ոտքը:
ԻՇԽԱՆ ՎԱՍԻԼ — (շարունակելով ծնկած մնալ): Օ՜, Ալլահի ընտրյալ մեծ սուլթան, ում` վրանից դուրս գալով` խամրում է արևի լույսը… ում…
ՏՈՒՂՐԻԼ ԲԵԿ — (զայրացած): Հիմար-հիմար դուրս մի տուր, անհավատ շուն, կարճ կապիր, ի՞նչ ես ուզում:
ԻՇԽԱՆ ՎԱՍԻԼ — Մեծ սուլթան, եկել եմ քո ոտքը` իմ հպատակությունն ու հնազանդությունը հայտնելու, իսկ այս գանձերը բերել եմ որպես խոսքերիս գրավական:
ՏՈՒՂՐԻԼ ԲԵԿ — (արհամարհանքով): Բայց ես քեզնից դեռ հպատակություն չեմ պահանջել, շուն, այդ ինչպե՞ս է, որ ինքնակամ եկել ես, հը՞… խոսիր:
ԻՇԽԱՆ ՎԱՍԻԼ — Օ՜, մեծ սուլթան, քո խորաթափանց միտքը նկատում է ամեն գաղտնիք ու ցանկություն, քո արծվի աչքից չի կարող վրիպել նույնիսկ ամենաչնչին…
ՏՈՒՂՐԻԼ ԲԵԿ — Քեզ ասացի` հիմար-հիմար դուրս մի տուր, մտքինդ ասա, քանի գլուխդ չեմ կտրել, իսկ լեշդ` ագռավներին շպրտել:
ԻՇԽԱՆ ՎԱՍԻԼ — Մեծ սուլթան, իմ դրկից իշխան Թաթուլը համարձակվել էր զենք բարձրացնել քո` Ալլահի ընտրյալի դեմ, բայց հենց Ալլահի կամոք էլ գերի է ընկել քո զորականներին: Եվ ես` քո առաջ նվաստս ու ոչնչությունս, խնդրում եմ ինձ հանձնես նրա կալվածքը: Մեծ սուլթանը հանձին ինձ կունենա հավատարիմ ու խոնարհ ծառա, ում կարող է միշտ հրամայել և հավատարմությանը վստահ լինել:
ՏՈՒՂՐԻԼ ԲԵԿ — Առանց դրան էլ կարող եմ քեզ հրամայել: Ինչ վերաբերում է հավատարմությանդ… ինչպե՞ս կարող եմ վստահել մեկին, ով հարմար առիթը բաց չի թողնում հարևանին հայրենազուրկ անելու համար: Ձեր նախնիները կողք կողքի ապրել են դարերով ու գուցե հարյուր անգամ իրենց հողերի սահմանագծին` մի սառնորակ աղբյուրի մոտ, հաց են կիսել: Հիմա ինչպե՞ս վստահեմ, հը՞, շուն, դե, խոսիր…
ԻՇԽԱՆ ՎԱՍԻԼ — Մեծ սուլթանի միտքն ուղղորդում է ինքը` Ալլահը: Ինչպե՞ս կարող է իմ չնչին ու անպետք միտքն արդարանալ նրա առաջ, երբ այն մազի պես կտրվում է մեծ սուլթանի հենց միայն հայացքից:
ՏՈՒՂՐԻԼ ԲԵԿ — Անպետքը ձիու պոչն է, երբ պատահաբար կտրվում է մարտի ժամանակ, իսկ միտքը չպետք է չնչին ու անպետք լինի, որպեսզի նրա տերը նույնպես չնչին ու անպետք չդառնա: Ի՞նչ է քո անունը, գյավուր:
ԻՇԽԱՆ ՎԱՍԻԼ — Վասիլ, մեծ սուլթան:
ՏՈՒՂՐԻԼ ԲԵԿ — Այսուհետև քո անունը կլինի Տուգ, իսկ քո սերունդները կկոչվեն Տուգօղլիներ: Պա՞րզ է, շուն…
Ծառաներն ու զինվորները ծիծաղում են:
ԻՇԽԱՆ ՏՈՒԳ—ՎԱՍԻԼ — Խոնարհվում եմ մեծ սուլթանի առջև և հնազանդվում նրա ամենազոր կամքին:
ՏՈՒՂՐԻԼ ԲԵԿ — (ծառային): Այստեղ բերեք գերուն:
Ծառան գնում է: Տուղրիլ բեկը ծափ է տալիս, երկու կիսամերկ գեղեցկուհի պորտապար պարելով ներս են գալիս: Քիչ անց ծառան հրելով բերում է իշխան Թաթուլին` կապկպված: Պարուհիները հեռանում են: Ծառան փորձում է ստիպել Թաթուլին ծնկի գալ, սակայն ապարդյուն:
ՏՈՒՂՐԻԼ ԲԵԿ — Թող դրան… (Ծառան ինքն է ծնկի գալիս🙂 Դո՞ւ ես իշխան Թաթուլը:
ԻՇԽԱՆ ԹԱԹՈՒԼ — Ես եմ:
ՏՈՒՂՐԻԼ ԲԵԿ — Համարձակվում ես չխոնարհվե՞լ իմ առջև, շո՛ւն:
ԻՇԽԱՆ ԹԱԹՈՒԼ — Իմ տոհմում սովոր չեն խոնարհվելու, իսկ եթե ձեռքերս ազատ լինեին` ցույց կտայի, թե ով է շունը: (Արհամարհական հայացք գցելով ծնկի իջած իշխան Տուգ—Վասիլին🙂 Դո՞ւ ինչու ես ծնկի եկել, իշխան, ոտքի կանգնիր իսկույն և հպարտությամբ ընդունիր այն ճակատագիրը, որ վիճակված է քեզ:
ԻՇԽԱՆ ՏՈՒԳ—ՎԱՍԻԼ — Իշխան, վտանգավոր ու անմիտ խորհուրդներ տալու փոխարեն, լավ կլիներ, ինքդ հնազանդություն ցույց տայիր և մեծ սուլթանի ոտքը համբուրելով` ներում հայցեիր: Մեծ սուլթանն անչափ գթասիրտ է, գուցե քեզ ազատ արձակեր:
ՏՈՒՂՐԻԼ ԲԵԿ — Լռիր, հիմար… Եթե նրան ազատ արձակեմ, ինչպե՞ս ես տեր դառնալու նրա կալվածքին: (Իշխան Թաթուլին.) Դու, ում համառությունը մթագնել է միտքը, գիտե՞ս արդյոք, որ քո դրկիցը այս գանձերը բերել է ինձ, որ իրեն հանձնեմ հայրական տունդ:
ԻՇԽԱՆ ԹԱԹՈՒԼ — Իմ հայրական տանը ապրում է հայրս, ու թեև ութսունամյա ծեր է, նրա բազուկը չի երերա ու կկտրի յուրաքանչյուրի գլուխը, ով կհանդգնի զինված ոտք դնել մեր տան շեմին, լինի այս դավաճանը (հայացքով ցույց է տալիս իշխան Տուգ—Վասիլին), թե ուրիշ մեկը:
ՏՈՒՂՐԻԼ ԲԵԿ — Քո քաջությունն ինձ հիացնում է, սակայն դու վիրավորել ես իմ սիրելի զորականներից մեկին, որը նաև եղբորորդիս է: Եթե նա առողջանա` կտրել կտամ անպատկառ ու հանդուգն լեզուդ: Իսկ եթե մեռնի` քեզ մատաղ կանեմ նրան:
ԻՇԽԱՆ ԹԱԹՈՒԼ — Եթե հարվածն իմն է` չի ապրի:
Ներս է խուժում ծառան:
ԾԱՌԱ — Օ՜, մեծ սուլթան, անսահման վիշտը չոքեց մեր դռանը, երիտասարդ էմիրը հոգին ավանդեց:
ՏՈՒՂՐԻԼ ԲԵԿ — (կատաղած ոտքի կանգնելով): Տարե՛ք սրան, մարմինը կտոր-կտոր արե՛ք ու ուղարկե՛ք հորը: (Իշխան Տուգ—Վասիլին.) Իսկ դու զորքիս հետ կվերադառնաս Շիրակ ու հողին կհավասարեցնես սրա հայրական տունը: Ու միայն դրանից հետո նրա կալվածքը կմիացնես քո իշխանությանը:
Տուղրիլ Բեկը ձեռքով նշան է անում, որ հեռանան, ինքը մտնում է վրան:
Տեսարան հինգերորդ
«Տոհմածառ սերվիս» գրասենյակը: Ժորժն անհանգիստ քայլում է սենյակում:
ԺՈՐԺ — Բավական է, բավական է… վե՛րջ: Այլևս ոչինչ չեմ ուզում լսել… Սա ի՞նչ պատիժ էր, ի՞նչ սատանա էր` մտավ մեջս, որ քրքրեմ անցյալը: Եվ, ընդհանրապես, ես չեմ հավատում ձեր ոչ մի բառին:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Բայց սրանք իմ բառերը չեն, սրանք փաստեր են` գրված մատյաններում:
ԺՈՐԺ — Թեկուզ նկարահանված լինեին BBC-ի կողմից, միևնույն է, չեմ հավատում:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Դա ձեր իրավունքն է… Մենք ասում ենք, ինչ մեզ է հայտնի, իսկ…
ԺՈՐԺ — Իսկ ի՞նչ է հայտնի, ի՞նչ… Որ իմ նախնիներն, առանց բացառության, ստոր դավաճաննե՞ր են եղել: Որ չկա գոնե մեկը, ով իր ազգի համար մի լավ գո՞րծ արած լինի: Դա՞ է միայն հայտնի…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Բայց ես զգուշացնում էի, չէ՞, որ…
ԺՈՐԺ — Ի՞նչ էիք զգուշացնում, որ պիտի նվաստացնե՞ք ինձ, պիտի վիրավորեք իմ արժանապատվությո՞ւնը, նախնիներիս հանդեպ ունեցած իմ նուրբ զգացմունքնե՞րը: Այո՞, դա՞ էիք զգուշացնում…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Կներեք, բայց ստիպված եմ մեկ անգամ ևս կրկնել` մենք ընդամենը ներկայացնում ենք փաստերը և եղածի վրա ոչինչ չենք ավելացնում:
ԺՈՐԺ — Իսկ ո՞վ կարող է ապացուցել այդ փաստերի իսկությունը, հը՞, ո՞վ… Ինչու՞ պիտի հավատամ դրանց: Գուցե պատվե՞ր եք կատարում, մարդկանց նվաստացնելով ու մեղքի զգացում առաջացնելով` ապակողմնորոշելու ինչ-ինչ նպատակնե՞ր եք հետապնդում: Ինչո՞ւ ոչ, չէ՞ որ սա հասարակական կազմակերպություն է` չգիտես որտեղից ֆինանսավորվող…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Այո, հասարակական կազմակերպություն է, բայց…
ԺՈՐԺ — Էլ ի՞նչ բայց, ինձ չեք կարող խաբել, ես ինքս ամբողջ կյանքում հասարակական գործունեությամբ եմ զբաղվել ու լավ գիտեմ` որտեղից և ինչպես են ֆինանսավորում ստանում: Այնպես որ, ինձ չեք կարող խաբել: Եվ, ընդհանրապես, այնպիսի տպավորություն ունեմ, որ սա իմ դեմ կազմակերպված դավադրություն է: Եվ բավականին հաջող…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Ինչե՞ր եք ասում, ի՞նչ դավադրություն…
ԺՈՐԺ — (ինչ—որ բան հիշելով): Այո, դավադրություն է… Այդ Հայկը շատ կասկածելի տիպ էր երևում, կարծես հատուկ ծառայությունների գործակալ լիներ: Ինչպե՞ս գլխի չէի ընկել: (Հեգնանքով🙂 Դարերից եկող սովորությո՜ւն, ապուպապե՜ր, հող մշակե՜լ… Ես քեզ ցույց կտամ, սպասի՛ր…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Ներեցեք, ի՞նչ սովորություն, ի՞նչ հող մշակել… Մեր պատմության մեջ ոչ մի Հայկ այդպիսի խոսքեր չի ասել…
ԺՈՐԺ — Լռեք, դա ձեզ չի վերաբերում… (Նոր բան հիշելով🙂 Ասենք, ինչո՞ւ չի վերաբերում, չէ՞ որ դուք էլ եք նրանցից, այնպես չէ՞, խոստովանեք…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Բայց նրանք ովքե՞ր են, ո՞ւմ նկատի ունեք:
ԺՈՐԺ — Ձեզ հիմարի տեղ մի դրեք, դուք էլ եք հատուկ ծառայությունների գործակալ:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Դա արդեն չափազանց է… (Հունից դուրս գալով և գիրքը փակելով🙂 Դուք եք խնդրել մեզ, ու ես չեմ պատրաստվում հանդուրժել անհիմն ու վիրավորական կասկածներ իմ և իմ գրասենյակի հասցեին: Իսկ հիմա, խնդրում եմ, հեռացե՛ք…
ԺՈՐԺ — Եվ կհեռանա՛մ: Իսկ ձեր այս քոսոտ գրասենյակը, որ չգիտես` ում պատվերով, մարդկանց անցավորներին է արատավորում, խոստանում եմ` լուրջ խնդիրներ կունենա: Ձեր գործողությունները մարդու իրավունքների կոպիտ խախտում են, ու ես կբողոքեմ մարդու իրավունքների եվրոպական դատարան: (Գնում է🙂
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (նրա ետևից): Դու մտածիր, որ սերունդներդ վիրավորված չզգան, հիմա՛ր:
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ
Տեսարան վեցերորդ
«Տոհմածառ սերվիս» գրասենյակը:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Էս ի՞նչ կրակ ու պատիժ էր… Մեծ-մեծ խոսում էր` անցյալն ինձ չի՜ կարող հունից հանել, քանի որ ինձ միայն ապագա՜ն է հետաքրքրում… Տեսանք` ոնց չի կարող հունից հանել, քիչ էր մնում` գրասենյակս տակնուվրա աներ…
Ներս է մտնում Նժդեհը:
ՆԺԴԵՀ — (հեգնանքով): Էդ ինչի՞ էր իրան պատեպատ տալիս… Բարև ձեզ: Նախնիներն էդքան վա՞տն են եղել, որ ըտենց կատաղել էր:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Ես ի՞նչ անեմ, հո մեղավո՞ր չեմ… Բարև ձեզ:
ՆԺԴԵՀ — Լավ, Աստված նրա հետ, դու էն ասա` ինձ համար ինչ-որ բան գտե՞լ ես:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Այո, իհարկե, բայց զգուշացնում եմ` շատ բան, հնարավոր է, ձեզ դուր չգա, ու խնդրում եմ ավելորդ սկանդալ չսարքել…
ՆԺԴԵՀ — Հանգի՜ստ, ես լավ գիտեմ, թե իմոնք ովքեր են եղել, ուղղակի հետաքրքիր էր մի անգամ էլ նրանց պատմությունը կողմնակի մարդուց լսել: Գիտե՞ս, հերս որ ամեն անգամ պատմում էր, հոգիս փառավորվում էր հպարտությունից:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Հասկանալի է, միայն թե ձեր նախնիներից ամենաառաջինը, ում մասին մեզ հաջողվեց տեղեկություն գտնել, այնքան էլ վաղուց չի ապրել: Մեր տեղեկությունները վերաբերում են 1920-21 թվականներին, Զանգեզուրի դեպքերին: Ու մեկին, որը, չգիտես ինչու, ոչ միայն իր անունն է փոխել, այլև ազգանունը:
ՆԺԴԵՀ — Զանգեզուրի դեպքերի՞ն… հետաքրքիր ա, շատ հետաքրքիր ա: Կարո՞ղ ա հենց ինքը` Գարեգին Նժդեհն ա:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Անկեղծ ասած` մասամբ ճիշտ եք կռահում, Գարեգին Նժդեհը նույնպես կարևոր դեր ունի այս պատմության մեջ, սակայն…
ՆԺԴԵՀ — Էլ ի՞նչ` սակայն, հիմա ուրախությունից խելքս կթռցնեմ… Դե, շուտ պատմիր, էլ չեմ համբերում…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Մի րոպե… կարծես ինձ ճիշտ չհասկացաք, ես մի անգամ էլ եմ պահանջում, որ խոստանաք չաղմկել, եթե ինչ-որ բան ձեզ դուր չգա:
ՆԺԴԵՀ — Դե, խոստանում եմ, պատմիր, ես կարող եմ ինձ տիրապետել: Հետո, հո պատահական չե՞մ կրում այս անունը…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Այո… (Մեկուսի🙂 Պատահական…
ՆԺԴԵՀ — Ի՞նչ…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Ոչինչ, ուզում էի ասել, որ Գարեգին Նժդեհը մի լավ ծեծ է տվել Պատահական…
ՆԺԴԵՀ — Գարեգին Նժդեհը պատահական մարդ ծեծի՞… Էդ հնարավոր բան չի: Ուրեմն, մի բան արել ա, որ ծեծել ա:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Այո, դուք ճիշտ եք, մի բան արել էր, պետական միջոցներով սովամահ գաղթականներին ու ժողովրդին կերակրելու, զինվորների պարենավորման հարցը լուծելու փոխարեն, նրանց հաշվին հարստացել էր:
ՆԺԴԵՀ — Որ ասում եմ…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Հասկանո՞ւմ եք, ուղղակի… բանն այն է, որ ոչ թե Գարեգին Նժդեհը պատահական ծեծեց, այլ…
ՆԺԴԵՀ — Էլ ի՞նչ` այլ…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Այլ մարդկանց առաջ ծեծեց Պատահական Տեր-Հակոբյանին:
Նժդեհը սառած, բերանը բաց` նայում է Արխիվարիուսին:
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (վախվորած ընկրկելով): Դուք խոստացել եք, հիշեք` դուք խոս-տա-ցել եք…
ՆԺԴԵՀ — (մի կերպ ուշքի գալով): Ո՞նց… ախր, ո՞նց… Պատահակա՞ն… Տեր-Հակոբյա՞ն… թալանչի ու դավաճա՞ն…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Այո, ցավում եմ, բայց… Պատահականը ձեր նախապապի անունն է` Տեր-Հակոբյան, Լեռնահայաստանի պարենավորման նախարար: Ծննդականում Պատվականի փոխարեն սխալմամբ գրել են Պատահական, այդպես էլ մնացել է պատմության մեջ:
ՆԺԴԵՀ — Բայց ո՞նց… Պատահակա՞ն, հա՞… Պատահական Տեր-Հակոբյա՞ն, ու Նժդեհը ժողովրդի աչքի առաջ ծեծե՞ց…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Հիշեք` դուք խոստացել եք…
ՆԺԴԵՀ — (գլուխը բռնելով): Ես հիմա կգժվեմ… չի կարող պատահել…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Եթե լավ չեք զգում, գուցե թողնե՞նք, հը՞…
ՆԺԴԵՀ — Դա ուղղակի հնարավոր չի…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Ես ջուր կբերեմ, մի փոքր կհանգստանաք, հետո կշարունակենք:
Արխիվարիուսը գնում է:
Տեսարան յոթերորդ
Արաքսի ափին խրճիթ, դիմացը` խմբված գաղթականները աղմկելով ու հրմշտելով փորձում են պարսիկ Ահմադին համոզել, որ իրենց լաստով անցկացնի Արաքսի մյուս ափը:
ԱՀՄԱԴ — Երեսուն թուման ու ոչ մի թուման պակաս:
Ա ԳԱՂԹԱԿԱՆ — Ախր, այ Ահմադ ջան, էլ փող չունենք, էդ տասնհինգ թումանն էլ հազիվ ենք տալիս…
Բ ԳԱՂԹԱԿԱՆ — Մեր երեխեքի բերնից կտրել ենք, որ Արազն անցնենք, դու էլ կրկնակի՞ ես ուզում…
Գ ԳԱՂԹԱԿԱՆ — Ախր, մի ամսից ավել ա` սոված-ծարավ էս չոլերում կոտորվեցինք, մեր հագի շորերն էլ, ունեցած-չունեցածն էլ հացի հետ ենք փոխել, որ սովից չմեռնենք, Ահմադ ջան, հին գնով անցկացրու, հոգուդ մատաղ, մեղք ենք…
ԱՀՄԱԴ — Տասնհինգ թումանն էլ ձեռք չի տալիս, ամեն ինչ թանկացել ա: Ես էլ տուն եմ պահում, հարկ եմ տալիս, ես ի՞նչ մեղավոր եմ… Երեսուն թուման, ու վե՛րջ:
Դ ԳԱՂԹԱԿԱՆ — Ախր, չունենք, Ահմադ ջան, որտեղի՞ց տանք…
ԱՀՄԱԴ — Գնացեք, ձեր կառավարությանն ասեք: Լաստն իմն ա, գինը ես եմ որոշում` երեսուն թուման:
Ահմադը կտրուկ շրջվում, մտնում է խրճիթ:
Ա ԳԱՂԹԱԿԱՆ — Ի՞նչ անենք, գնանք-ընկնենք Արազը, պրծնե՞նք…
Գ ԳԱՂԹԱԿԱՆ — Մենք ընկնենք, բա մեր երեխե՞քն ինչ անեն…
Երևում է Ալեքսանը:
Բ ԳԱՂԹԱԿԱՆ — Ալեքսանը, ժողովուրդ, նրան խնդրենք, կարող ա մի բան անի…
ԱԼԵՔՍԱՆ — Հանգիստ, ժողովուրդ, հանգիստ, ի՞նչ եք ձեններդ գլուխներդ գցել…
Դ ԳԱՂԹԱԿԱՆ — Պարոն Ալեքսան, Ահմադը մի գիշերվա մեջ լաստի գինը կրկնակի բարձրացրել ա…
Ե ԳԱՂԹԱԿԱՆ — Երեսուն թուման ա ուզում…
Զ ԳԱՂԹԱԿԱՆ — Երեսուն թուման որտեղի՞ց տանք, սոված կոտորվեցինք…
ԱԼԵՔՍԱՆ — Հանգստացեք, մի բան կանենք… Ահմադի հետ ես կխոսեմ, դուք գնացեք…
Ա ԳԱՂԹԱԿԱՆ — Մենակ թե շտապիր, պարոն Ալեքսան, էլ ճար չունենք…
ԱԼԵՔՍԱՆ — Լավ, ի՞նչ եք խառնվել իրար, Արաքսը չփախավ, ոնց հազար տարի հոսում էր, էսօր էլ հոսում է, դեռ կհասցնեք խեղդվել: (Բոլորը լռում են, Ալեքսանը ցինիկ ծիծաղում է🙂 Կատակ էր… դեռ կհասցնեք անցնել:
Բ ԳԱՂԹԱԿԱՆ — Ախր, պարոն Ալեքսան, էս երեխեքը, կնանիք մեղք են, էլ չեն դիմանում…
ԱԼԵՔՍԱՆ — (զայրացած): Ասացի` կխոսեմ Ահմադի հետ, հիմա գնացեք, էն ծառերի հովին սպասեք…
Մարդիկ գլխիկոր հեռանում են, Ալեքսանը թակում է խրճիթի դուռը: Դուրս է գալիս Ահմադը:
ԱԼԵՔՍԱՆ — Սալամ, Ահմադ:
ԱՀՄԱԴ — Ալեյքում սալամ, աղա Ալեքսան:
ԱԼԵՔՍԱՆ — Հը՞, ի՞նչ կա, ժողովուրդը ո՞նց ընդունեց թազա գինը:
ԱՀՄԱԴ — Է՜, նեղվեցին, աղա Ալեքսան, Ալլահն էս խեղճերին օգնական…
ԱԼԵՔՍԱՆ — Դե լավ, ինձնից շատ չես իմ ազգին խղճում, սրանք բոլորն էլ հոգեպահուստ ունեն, ես լավ գիտեմ իմոնց, հենց տեսնեն` ճար չկա` կհանեն…
ԱՀՄԱԴ — Ես բան չասի, աղա Ալեքսան, բայց խեղճերը տուն-տեղ կորցրած, հողուջուր թողած պիտի ընկնեն դեսուդեն, որ էլի մի կտոր հացի տեր դառնան: Մարգարեն սովորեցնում է խղճով լինել…
ԱԼԵՔՍԱՆ — Հիմա դու ուզո՞ւմ ես փող աշխատել, թե՞ չէ… Քրիստոսն էլ է սովորեցնում խղճով լինել, բայց մեկը չկա, որ մեզ խղճա:
ԱՀՄԱԴ — (պատրաստակամ): Ես ի՞նչ պիտի անեմ:
ԱԼԵՔՍԱՆ — Դու ոչինչ չպիտի անես, ես կանեմ: ժողովրդին կասեմ, որ մի կերպ պայմանավորվել եմ քսանհինգ թումանի վրա, ու նրանք գոհ ու շնորհակալ փողերը կհավաքեն: (Հեռվից աղմուկ—աղաղակ է լսվում🙂Էս ի՞նչ է, Ահմադ… (Գնում է աղմուկի կողմը🙂 Պարոն նախարա՞րը… Դու գնա, Ահմադ, քեզ հետո կկանչեմ:
Գալիս է Պատահական Տեր—Հակոբյանը:
ՊԱՏԱՀԱԿԱՆ — (դժգոհ ու անհանգստացած): Ալեքսան, էս ժողովուրդն ինչի՞ է կատաղել, քեզ չասացի՞` սրանց հաց բաժանիր, թող հանգիստ մնան:
ԱԼԵՔՍԱՆ — Այո, պարոն նախարար, բայց…
ՊԱՏԱՀԱԿԱՆ — Ի՞նչ` բայց… Քիչ էր մնում` պատառ-պատառ անեին ինձ էլ, ձիուս էլ, ինչ է` ոսկով մի քիչ գարի եմ գնել խեղճ անասունի համար: Բա ի՞նչ անեի, թողնեի` սովից սատկե՞ր:
ԱԼԵՔՍԱՆ — Պարոն նախարար, ասում են` եթե հայկական դրամ է, ուրեմն թող բոլորն էլ դրամ գործածեն:
ՊԱՏԱՀԱԿԱՆ — Ե՛ս եմ որոշում` ով, որտեղ, ինչ գործածի: Մնում էր` ինձ ուղղություն ցույց տան: Իսկ հացը ինչո՞ւ չես բաժանել:
ԱԼԵՔՍԱՆ — Էսօր-էգուց լավ գնորդի եմ սպասում, մտածեցի…
ՊԱՏԱՀԱԿԱՆ — Հիմա՛ր, չասացի՞` ինքնուրույն ոչինչ մի մտածիր ու ոչինչ մի ձեռնարկիր… Հնարավոր է, հենց վաղն անցնենք Թավրիզ, իսկ ինձ ստացականներ են պետք: Կուսակցության առաջ պիտի հաշվետու լինեմ ցորենի համար, իսկ դու էլի գնո՞րդ ես փնտրում: Որքան ծախեցինք, բավական չէ՞: Մի քանի գրոշի համար չեմ ուզում մեծ պատմության մեջ ընկնել, իսկ դրա համար ստացականներ են պետք: Միայն չափ ու սահման իմացող ու խելացի մարդիկ են իրենց կերածը մարսում: Լսո՞ւմ ես, պահեստի ցորենը բաժանիր ու ամեն գրամի համար ստացական ստացիր:
ԱԼԵՔՍԱՆ — Եղավ, պարոն նախարար, կանեմ, ինչպես դուք եք հրամայում:
ՊԱՏԱՀԱԿԱՆ — Ես մոտակա այգիներում կլինեմ, մի բարեկամի մոտ ճաշում եմ, դու ցորենը բաժանիր, երբ գամ` կզեկուցես: Հա, եթե հնարավոր է, ստացականների թվերը մեծացրու…
Գալիս է Գարեգին Նժդեհը մի քանի զինվորներով, նրանց ետևից` գաղթականների խումբը:
ՆԺԴԵՀ — (հեգնանքով): Հարգանքներս, պարոն նախարար, շտապո՞ւմ եք:
ՊԱՏԱՀԱԿԱՆ — Հարգանքներս, պարոն Նժդեհ: Այո, շտապում եմ, անհետաձգելի գործեր ունեմ:
ՆԺԴԵՀ — Ձեր անհետաձգելի գործերը կսպասեն, քանի որ հիմա ավելի կարևոր հարց պիտի պարզաբանենք:
ՊԱՏԱՀԱԿԱՆ — Դե ինչ, եթե այդ հարցն ավելի կարևոր է, քան այս հազարավոր գաղթականներին կերակրելու ու Արաքսն անցկացնելու հարցը, ապա կմնամ մինչև պարզաբանվի:
ՆԺԴԵՀ — Հավատացնում եմ, որ դա նույն հարցն է, ինչը ձեզ այդքան անհանգստացնում է: (Արհամարհանքով` Ալեքսանին🙂 Դո՞ւ ես Ալեքսանը:
ԱԼԵՔՍԱՆ — Այո, սպարապետ:
ՆԺԴԵՀ — Ուրեմն այսպես, Ալեքսան, ժողովուրդը բողոքում է, որ հացը նորմալ չեք բաժանում, ու մարդիկ սովից գլուխները կորցրել են:
ԱԼԵՔՍԱՆ — (վախվորած):Ոչ, սպարապետ, հացը, ինչպես կարգն է, բաժանվում է:
ՆԺԴԵՀ — Իսկ մարդիկ ինչո՞ւ են բողոքում:
Բ ԳԱՂԹԱԿԱՆ — Տված ժամանակ էլ հաց չի, հող ու ավազ են բաժանում:
ԱԼԵՔՍԱՆ — Սուտ է, հողն ու ավազը Ալեքսա՞նն է հացին խառնում: Պարսկաստանից ինչ ուղարկում են, էն էլ բուռ-բուռ բաժանում եմ: Ախր, սպարապետ, այ հոգուդ մեռնեմ, իմ երեխեքն էլ են սոված-ծարավ, բոլորի նման հացի կարոտ…
Ա ԳԱՂԹԱԿԱՆ — Սուտը դու ես, ձեր երեխեքը լավ էլ կուշտ ու տաք են:
Դ ԳԱՂԹԱԿԱՆ — Հացին էլ դուք եք ավազ խառնում, պարսիկը Արաքսի ափի ավազը որտեղի՞ց պիտի խառնի:
Ե ԳԱՂԹԱԿԱՆ — Պարսիկներին էլ դուք եք սովորեցնում, որ լաստի գինը թանկացնեն:
ՊԱՏԱՀԱԿԱՆ — Ձեններդ, երախտամոռ շներ, էդպե՞ս եք մեր չարչարանքը գնահատում…
ՆԺԴԵՀ — Պարոն նախարար, շներ չեն, մեր ժողովուրդն են, իսկ թե ով է երախտամոռ ու ստախոս շուն` հիմա կպարզենք: (Զինվորներին.) Էստեղ բերեք Ահմադին…
Զինվորները բերում են Ահմադին:
ՆԺԴԵՀ — Ահմադ, քեզ ոչինչ չեմ անի, եթե որպես ուղղամիտ հավատացյալ, ժողովրդի առաջ խոստովանես, թե ով է քեզ ստիպել, որ թանկացնես լաստի գինը:
ԱՀՄԱԴ — Ներիր, մեծ աղա, Մարգարեն արգելում է խեղճերին կողոպտել: Էս մարդը համոզեց (ցույց է տալիս Ալեքսանին), որ թանկացնեմ, մի մասը տամ իրեն, ասաց` ինքը լավ է ճանաչում հայերին, բոլորն էլ հոգեպահուստ ունեն:
ՆԺԴԵՀ — (զինվորներին): Բաց թողեք: Գնա, Ահմադ, ազատ ես: (Ցույց տալով Ալեքսանին🙂Ձերբակալեք էս սրիկային ու ոսկորները ջարդեք:
Երկու զինվոր բռնում են Ալեքսանին ու ծեծելով տանում: Ահմադը արագ հեռանում է:
ՊԱՏԱՀԱԿԱՆ — Պարոն Նժդեհ, մի՞թե մեր ամենաարժեքավոր պաշտոնյաներից մեկին ինչ-որ անգրագետ պարսիկի ցուցմունքով կարելի է ձերբակալել, այն էլ այդպիսի ստորացուցիչ ձևով:
ՆԺԴԵՀ — Իսկ ստորություն չէ՞ սեփական ժողովրդին թալանող գողերին ու ավազակներին, այս էլ որերորդ անգամ, հովանավորելը: Ի դեպ, պարոն նախարար, ինչո՞ւ այդպես էլ լաստի հարցը չլուծվեց, որպեսզի մեր խեղճ ժողովուրդն ու մի կերպ պայքարող պետությունը չմնա կախված, ինչպես դուք եք ասում, անգրագետ պարսիկ լաստատերերի քմահաճույքներից: Կարծեմ դա ձեր նախարարության պարտականությունն էր:
ՊԱՏԱՀԱԿԱՆ — Պարոն Նժդեհ, պետք չէ դեմագոգիայով զբաղվել, դուք գիտեք, որ մեր միջոցները չափազանց սուղ են և պարանների ու այլ մատերիալի համար չեն բավականացնում:
ՆԺԴԵՀ — Իսկ ես լսել եմ, որ ձեր ձիերին կերակրելու, այգիներում քեֆ քաշելու համար ոսկին լիուլի հոսում է ձեր գրպաններից: (Զինվորներին.) Ձերբակալեք ու խուզարկեք:
Մի քանի զինվոր բռնում են ապարդյուն ընդդիմանալու փորձեր կատարող նախարարին և բռնի կերպով նրա գրպաններից ոսկով լի քսակներ հանելով` հանձնում են Նժդեհին:
ՊԱՏԱՀԱԿԱՆ — Ինչպե՞ս եք համարձակվում… ես նախարար եմ… ես ձեզ դատի կտամ… ես պատիվ կպահանջեմ…
ՆԺԴԵՀ — (ոսկե դրամները գետնին թափելով):Պարոն նախարար, ձեր սուղ միջոցները 200 ոսկուց ավելի կլինեն, իսկ սրանցով մի քանի լաստի հարց կլուծվեր:
ՊԱՏԱՀԱԿԱՆ — (թպրտալով զինվորների ամուր բազուկների մեջ): Դուք անպատկառ սրիկա եք, ես ձեզ ցույց կտամ… դրանք իմ անձնական միջոցներն են…
ՆԺԴԵՀ — Իսկ սա իմ անձնական վերաբերմունքն է ձեզ նման ստահակներին: (Ապտակում է🙂 Ջարդե՛ք ոսկորները…
Հեռանում է:
Տեսարան ութերորդ
1936 թվական: Ամառային երեկո: Երևանյան ռեստորան, պատին` Ստալինի ու Բերիայի մեծ նկարները, կարմիր պաստառ` «Слава КПСС»: Հաճախորդներ չկան, միայն մի մատուցող կամաց մեղեդի սուլելով սեղաններն է կարգի բերում: Ներս են մտնում Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանն ու Գուրգեն Մահարին` թևի տակ թերթեր ու գրքեր:
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ — (իր հեղինակությունն իմացողի ինքնավստահությամբ):Տղերք, պատուհանի մոտ նստենք… Հիմա, եթե լինել, ապա միայն այնտեղ, որտեղ զովն է տեր-տիրական…
Նստում են հանդիսատեսին ամենամոտ սեղանի շուրջ:
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ — Նկատե՞լ եք, վերջերս նույնիսկ երեկոյան զով քամին է իրեն անվստահ զգում Երևանում:
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ — Այսպիսի անտանելի եղանակին միայն մի փրկություն կա…
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ — Չլինի՞ թե փախչելը, ջանս:
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ — Ո՜չ, սառը ձմերուկը:
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ — Իրոք որ, դա է միակ փրկությունը:
ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ — Ասում են` հիմա ամենուր է եղանակն անտանելի:
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ — Ճիշտ է… ուղղակի մի տեղ շատ ավելի անտանելի է, քան մի ուրիշ տեղ:
Մոտենում է մատուցողը և ընդգծված հարգանքով կանգնում է Փափազյանի կողքին:
ՄԱՏՈՒՑՈՂ — Բարև ձեզ, ի՞նչ եք կամենում:
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ — Սկզբի համար` սառը ձմերուկ:
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ — (ասես` վիրավորվելով, որ իրեն կանխել են): Կարծում եմ, ջանս, կոնյակն ավելի հարմար է սկզբի համար, իսկ սառը ձմերուկին, ամեն դեպքում, երկրորդ հերթն է վայել:
Մատուցողը հեռանում է:
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ — (իր վայրկենական զայրույթը մեղմելու համար): Հետո, մեր ժամանակներում անտանելի տոթն ավելի հեշտ է կոնյակի օգնությամբ մոռանալ, քան թե սառը ձմերուկով ժամանակավորապես զովացնել:
ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ — Ոչ մոռանալ է լինում, ոչ` զովանալ:
Մի պահ բոլորը լուռ են:
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ — (լռությունը խզելու համար): Էսօրվա ներկայացումից գոհ մնացի՞ր, Վահրամ:
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ — Է՜, Գուրգեն, աշխարհի որ ծայրում էլ Համլետ տեսնեք, տուն վերադառնալուց հետո փակվեք ինքներդ ձեր մեջ ու կարդացեք գործը: Այնժամ կտեսնեք իսկական ներկայացումը:
ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ — (քմծիծաղով): Եթե տուն հասնենք…
Մատուցողը բերում է կոնյակ, կտրատած ձմերուկ: Փափազյանն ու Մահարին զգաստանում են` մատուցողը լսե՞ց Հրաչի վերջին բառերը:
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ — (մինչ մատուցողը սեղանին է շարում պատվիրվածը): Հետաքրքիր տղա ես, Հրաչ, ի՞նչ կարևոր է` երբ կհասնես: Երբ էլ հասնես, մի մեծ բաժակ տաք թեյ խմիր, մոշի մուրաբայով, լսո՞ւմ ես, անպայման մոշի մուրաբայով, և քնիր: Առավոտյան մրսածությունից ու հոգնածությունից հետք էլ չի մնա: (Մատուցողին.) Ճիշտ չե՞մ ասում, տղաս…
ՄԱՏՈՒՑՈՂ — (անակնկալի գալով): Այո, իհարկե…
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ — (Հրաչին): Տե՛ս, որ ասում եմ…
ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ — Մոշի մուրաբայով թեյն ամեն դեպքում չի խանգարի… (Մատուցողը հեռանում է: Շարունակելով կիսատ թողած միտքը🙂 Ամեն պահ կարող ես երկար ու ցուրտ ճանապարհին հայտնվել:
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ — (Հրաչին): Երեխա՞ ես, ի՞նչ է… քանի՞ կոպեկի արժեք ունի Խանջյանին դատապարտող ձեր այդ երկարաշունչ նամակը, եթե տարրական զգուշավորություն չես պահում:
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ — (ինքն իրեն): Ախ, այդ նամակը… դրա տակ ստորագրելու համար մինչև կյանքիս վերջն ինձ չեմ ների:
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ — (զայրացած նայելով Մահարուն): Հիմա էլ դո՞ւ… դուք, ի՞նչ է, իսկապե՞ս ընկել եք ինքներդ ձեր ետևից:
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ — (կարծես չդիմանալով): Ախր, այ Վահրամ, Աղասու նման հայրենասեր մարդու գլուխը էդ վրացի դևը կերավ, իսկ մենք այդքանն իմանալով` ստիպված ենք դեռ մի բան էլ նրան դատապարտող նամակով հանդես գալ թերթում, ինչ է, թե դևը մեզ ձեռք չտա:
Բոլորը ատելությամբ, վախով ու զզվանքով լի հայացք են ուղղում Բերիայի նկարին:
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ — Այնքան բան արեց մեր գրականության ու արվեստի համար, ուզում էր մեր դասականներին հրատարակել, բայց չէին թողնում, իսկ վրացիք առանց դժվարության իրենց բոլոր դասականներին վերահրատարակում են:
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ — (վերցնելով բաժակը): Ապա, մի վերցրեք… (Կամաց, քանի որ խորքում երևում է մատուցողը🙂 Մեծ հայի կենացը… (Կամաց խփում են, ապա բարձրաձայն🙂 Մեր մեծ առաջնորդի կենացը:
Խմում են, լուռ ձմերուկ են ուտում: Մատուցողը սեղաններն է կարգի բերում, բայց ակնհայտ է, որ փորձում է լսել, թե ինչ են խոսում: Հանկարծ Փափազյանը ձեռքի ձմերուկը գցում է սեղանին, թաշկինակով սրբում է արցունքոտ աչքերը:
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ — Ի՞նչ պատահեց, Վահրամ…
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ — Վահանիս հիշեցի, Թոթովենցին… կապուտաչյա տղեկին: Հրեշտակի մաքրությամբ տղեկին…
Մահարին կոնյակ է լցնում բաժակները:
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ — Ցուրտ ճանապարհներին թափառող պոետական հոգիների կենացը:
Խփում են բաժակները, խմում են:
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ — (արհեստական լավ տրամադրությամբ): Կեցցե՛ մեր առաջնորդը:
Մատուցողը հայացք է նետում նրանց վրա, քթի տակ նենգորեն ժպտալով հեռանում է: Դռան մոտ հանդիպում է ներս մտնող Ոսկերչյանին: Նա ինչ—որ բան է հարցնում մատուցողին, սա շրջվելով մատնացույց է անում սեղանի շուրջ նստածներին:
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ — (մինչ Ոսկերչյանը կմոտենա սեղանին): Պա՛հ, էս ի՞նչ փորձանք էր…
ՈՍԿԵՐՉՅԱՆ — Բարև ձեզ, ընկերներ:
Նրանք բարևում են` սպասողական նայելով Ոսկերչյանին:
ՈՍԿԵՐՉՅԱՆ — Ընկեր Մահարի, ամբողջ օրը ձեզ եմ փնտրել, մի քանի անգամ եկել եմ խմբագրություն, դուք տեղում չէիք:
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ — Ինձ նման կասկածելի նացիոնալիստն ինչո՞վ է արժանացել բոլշևիզմի հիմքերն անխախտ պահող մեր անփոխարինելի քննադատի ուշադրությանը:
ՈՍԿԵՐՉՅԱՆ — Թողեք այդ ծաղրական տոնը, ընկեր Մահարի, դա ձեզ լավ տեղ չի տանի: Հիշեք այն դաշնակ տականքին, Թոթովենց կոչվող գրական խալտուրիստին ու ինձնից նեղանալու փոխարեն մի կողմ դրեք ձեր նացիոնալիստական մաստերիզմը: Ուղղակի հոգիս փառավորվում է, երբ պատկերացնում եմ, թե հիմա ուր է այդ սրիկան, իսկ առայժմ… (Մեկնում է ձեռագիրը🙂 Վերցրեք հոդվածս, ես ցանկանում եմ, որ լույս տեսնի «Խորհրդային Հայաստանի» առաջիկա համարներից մեկում:
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ — (վերցնելով ձեռագիրը): Եվ ո՞վ է հերթական դժբախտը, որ շարժել է ձեր, անկասկած, արդարացի զայրույթը, ընկեր Ոսկերչյան:(Թերթում է ձեռագիրը🙂
ՈՍԿԵՐՉՅԱՆ — Մտադիր չեմ հիմա քննարկել հոդվածը: Երբ կկարդաք, այնժամ կխոսենք: Իսկ ընկեր Փափազյանին, առիթից օգտվելով, մի հարց ունեմ տալու…
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ — Խնդրեմ, տվեք, մեծ ուրախությամբ կպատասխանեմ: (Թաքուն հեգնանքով🙂Մանավանդ, որ մամուլում հաճախ եմ հանդիպել ձեր` արվեստի նրբաճաշակ գիտակի բանիմաց հոդվածներին: Սակայն, մինչև ձեզ հուզող հարցը կտաք, գուցե մի-մի բաժակ կոնյա՞կ խմենք միասին…
ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ — Ճիշտ որ, ընկեր Ոսկերչյան, աթոռ վերցրեք, նստեք… Ես էլ մեծ հաճույքով ձեզ հետ մի բաժակ կխմեմ: Վաղուց էի ցանկանում ձեզ հետ ծանոթանալ:
ՈՍԿԵՐՉՅԱՆ — Շնորհակալություն, ընկերներ, ես չեմ խմում, անկեղծ ասած` ժամանակ էլ չունեմ, քանի որ պիտի ուշադիր հետևեմ արվեստի և գրականության մեջ նկատվող զարգացումներին` հարկ եղած դեպքում սթափ ու կործանարար հակահարված տալու համար:
ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ — Չեք խմում` մի խմեք, ի սեր Աստծո, գոնե աթոռ վերցրեք, նստեք:
ՈՍԿԵՐՉՅԱՆ — Ոչ, չեմ նստում, և Աստված էլ այստեղ կապ չունի…
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ — Դե լավ, ընկեր Ոսկերչյան, ինչպես կուզեք… Տվեք ձեր հարցը, կփորձեմ բավարարող պատասխան տալ:
ՈՍԿԵՐՉՅԱՆ — Անկեղծ ասած, ընկեր Փափազյան, պիտի խոստովանեմ, որ թատրոնի ասպարեզին այնպես չեմ տիրապետում, ինչպես գրականությանը կամ երաժշտությանը, բայց վստահեցնում եմ, որ դա ընդամենը մի քանի ամսվա հարց է: Վերջերս անընդհատ հանգիստ չի տալիս թատրոնին վերաբերող քննադատական հոդվածներով հանդես գալու միտքը…
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ — (ընդհատելով): Վստահ եմ, որ ձեզ նման նրբանկատ քննադատն անպայման կհաջողի նաև այդ ասպարեզում:
ՈՍԿԵՐՉՅԱՆ — Այո, անկասկած… Այն օրից, ինչ ինձ վերականգնեցին հարազատ կուսակցության շարքերում, որտեղից անարդարացի կերպով հեռացվել էի նացիոնալիստ ու հակահեղափոխական տականքների մեղքով, ես որոշեցի, որ իմ գրիչը պետք է մեր խորհրդային կյանքում անգամ մի չլուսավորված անկյուն չթողնի, որտեղ կարող են բույն դնել ամենատարբեր հակահեղափոխական վիժվածքներ, որոնք փորձում են խանգարել մեր առաջնորդներ Ստալինի ու Բերիայի կողմից նշված ուղեգծին…
Ոսկերչյանը ակնածանքով նայում է Ստալինի ու Բերիայի նկարներին: Երեքը դժգոհ, «ինչպես ազատվենք էս փորձանքից» դեմքի արտահայտությամբ նայում են իրար:
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ — Այո, իհարկե, ընկեր Ոսկերչյան: Անկասկած, յուրաքանչյուր ոք, ով կփորձի խանգարել մեր առաջնորդների մեծ գործին, արժանի է բացահայտվելու և խստորեն պատժվելու: Իսկ ի՞նչ էիք ուզում հարցնել…
ՈՍԿԵՐՉՅԱՆ — (զարմացած): Հարցնե՞լ… այո, իհարկե, հարցնել: Ուզում էի իմանալ, թե դուք, ընկեր Փափազյան, ի՞նչ կարծիք ունեք դասական գործերի մասին, ինչպիսին, օրինակ, այսօրվա «Համլետն» էր` ձեր ներկայացմամբ, մասնավորապես, արդյոք չպե՞տք է ազատվել կերպարը ներկայացնելու դասական, հին բուրժուական հասարակարգին հատուկ ձևերից:
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ — Ի՞նչ խոսք, ձեր հարցի մեջ ճշմարիտ մտահոգություն կա… Ձեր հարցին կպատասխանեմ իմ անունից: Թե՛ այսօրվա Համլետի, և թե՛ ընդհանրապես մյուս դասականների դեպքում իմ արվեստը ռեալիստական է ձևավորումով և արտահայտությամբ, բայց միշտ դասական է իր բնույթով:
ՈՍԿԵՐՉՅԱՆ — Իսկ արդյոք վերանայման կարիք չունի՞ դասական պիեսների հենց դասական բնույթը, որն, իմ կարծիքով, խոչընդոտ է հանդիսանում իրական պրոլետարական բնույթի ներկայացումներ ստեղծելու համար:
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ — Ուզում եք ասել` վերանայվի հենց Շեքսպիրի՞ց եկող բնույթը:
ՈՍԿԵՐՉՅԱՆ — Այո, ինչո՞ւ ոչ, չէ՞ որ ամեն արվեստի գործ, լինի դասական, թե ժամանակակից, պիտի մի նպատակ ունենա. ծառայել կոմունիստական հասարակարգի շուտափույթ կայացման սուրբ գործին, իսկ դրա համար արվեստը պիտի պրոլետարական լինի ոչ միայն իր արտահայտությամբ ու ձևի մեջ, այլև բնույթով:
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ — Գիտեք, ընկեր Ոսկերչյան, նպատակն այնքան սուրբ է, որ դրան հասնելու համար ձեզ նման գիտակ մարդիկ հաստա՛տ ոչնչի առաջ չեն կանգնի: Բայց քանի որ դասական գործերի դասական բնույթը պրոլետարականով փոխելու մասին մտածելու առիթ դեռ չեմ ունեցել` հիմա կոնկրետ ոչինչ ասել չեմ կարող: Նաև հույս ունեմ, որ շուտով հանդես կգաք մի տաղանդավոր հոդվածով, որով կօգնեք մեզ` թատրոնի գործիչներիս, ճիշտ կողմնորոշվել այս կարևորագույն հարցում:
ՈՍԿԵՐՉՅԱՆ — Այո, ընկեր Փափազյան, այդպիսի մտադրություն ունեմ, բայց ոչ հիմա… Թատրոնը մի փոքր ուսումնասիրելուց հետո: Ամեն դեպքում` շնորհակալ եմ հարցիս պատասխանելու համար, իսկ հիմա պետք է գնամ, ցտեսություն, ընկերներ: Վաղը կմտնեմ խմբագրություն, ընկեր Մահարի:
Հրաժեշտ են տալիս, Ոսկերչյանը պատկառանքով նայում է Ստալինի ու Բերիայի նկարներին ու գնում է: Սեղանակիցները հանգիստ շունչ են քաշում, բայց որոշ ժամանակ ծանր լռություն է տիրում:
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ — Կան մարդիկ, որոնց չհանդիպելու համար միայն ուզում ես, որ վաղվա օրը երբեք չգա, որքան էլ կյանքը սիրես: (Ցույց տալով ձեռագիրը🙂Ահա, նայեք սրա անպատկառությանը. ինձ մերկացնող հոդված է բերել, որ ես իմ ձեռքով տպեմ թերթում: Այսինքն` իմ ձեռքով դատավճիռս տպեմ…
ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ — Այդ սրիկան իբր քիչ ավերածություններ է արել գրականության ու երաժշտության մեջ, հիմա էլ ուզում է թատրոնին անցնե՞լ: Ասա` ոտքով-գլխով կորանք, էլի…
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ — Այո՜, որքան հիմար են մարդիկ, այնքան հանդուգն են նրանց գործերը… (Վերցնելով բաժակը🙂 Սա այն դեպքերից է, երբ չի կարելի չխմել` շառից, փորձանքից հեռու… (Խմում են🙂Կեցցե՛ առաջնորդը…
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ — Չգիտեմ, թե էլի ինչ պիտի լինի, որ սրանից ավելի տրամադրությունս փչանա:
ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ — Գուրգեն, չգիտեմ` աչքիս երևաց, թե ինչ… բայց խոսքիդ վրա էն (գլխով ցույց է տալիս Բերիայի նկարը) չորսաչքանի տականքը կարծես քմծիծաղ տվեց:
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ — Դե լավ, ջանս, դա արդեն ծիծաղելի է…
Ներս է ընկնում մատուցողը և վախվորած կանգնում է դռան մոտ` մեկ նայելով իր շփոթված տեսքից ու շնչակտուր հայտնվելուց ապշած սեղանակիցներին, մեկ` դռան խորքը: Ներս է մտնում եռյակը` ՉԿ—ի համազգեստով, արագ ու խրոխտ քայլերով մոտենում սեղանին: Նստածներն ակամա ոտքի են կանգնում:
ՆԻԿՈՂՈՍՅԱՆ — (գրպանից հանելով կարմիր վկայականը և բացելով): ՆԳԺԿ ավագ լեյտենանտ Նիկողոսյան… (Սևեռուն նայելով Մահարու վախվորած աչքերին🙂 Ձեզնից ո՞վ է քաղաքացի Գուրգեն Աճեմյանը, այսպես կոչված` Մահարին…
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ — Ես եմ… Գուրգեն Մահարին…
ՆԻԿՈՂՈՍՅԱՆ — (երկուսին): Խուզարկեք սրան… (Մինչ նրանք խուզարկում են🙂 Քաղաքացի Մահարի, դուք ձերբակալված եք:
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ — Բայց ինչի՞ համար…
ՆԻԿՈՂՈՍՅԱՆ — Բաժնում կիմանաք… (Ցույց տալով սեղանը🙂 Այստեղ ձեզ պատկանող իրե՞ր կան:
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ — Այո, թերթերն ու գրքերն իմն են:
ՆԻԿՈՂՈՍՅԱՆ — (թերթերն ու գրքերը վերցնելով և ցույց տալով Ոսկերչյանի ձեռագիրը): Սա է՞լ ձերն է:
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ — (տարակուսանքով): Այո…
ՆԻԿՈՂՈՍՅԱՆ — (խիստ և արհամարհանքով): Տարե՛ք:
Երկուսն արագ ավարտելով խուզարկությունը` Մահարուն թեթև հրում են առաջ, իսկ նա, վերջին անգամ շփոթված հայացք նետելով լուռ կանգնած ընկերներին, գնում է: Նիկողոսյանը, թունոտ հայացք նետելով երկուսին, գնում է: Նրանց հետևում է մատուցողը:
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ — (դանդաղ բարձրացնում է բաժակը): Պոետական անմեղ հոգիների կենացը…
Տեսարան իններորդ
Ծննդատան բակում անհանգիստ քայլում է Հայկ Նահապետյանը:
ՀԱՅԿ — Մարդ կխելագարվի… բայց, ախր, ի՞նչ կարող եմ անել` սպասելուց բացի: Չի ուզում ծնվել, ու վե՛րջ: Իսկ եթե ճիշտ է անում, որ չի ուզո՞ւմ… Ծնվի` ի՞նչ անի, եթե արդեն քանի դար է` մեր ցեղի ոչ մի տղամարդ իր զավակի ոչ հասունությունն է կարգին տեսել, ոչ էլ մի մուրազի է հասցրել: Ջահել-ջահել կա՛մ պատերազմում են զոհվել, կա՛մ անանուն նամակի են զոհ գնացել: Ու հիմա ծնվի, որ ինքնուրույն ոտի կանգնի, ինքնուրույն մարդ դառնա, ինքնուրույն… Ինչի՞ն է պետք… Էս անգամ էլ մարդը ինքնուրույն որոշել է չծնվել, ու վե՛րջ: Հոգնել է:
Գալիս է ծննդատան քույրը:
ՀԱՅԿ — (ընդառաջ շտապելով): Նորություն չկա՞:
ՔՈՒՅՐ — Չէ, չկա… Չի ուզում ծնվել, էլի, հո զոռով չի՞:
ՀԱՅԿ — Ախր, արդեն երրորդ օրն է, ո՞նց կլինի…
ՔՈՒՅՐ — Ընկեր ջան, ես ի՞նչ անեմ:
ՀԱՅԿ — Բա ասում էիք` հնարավոր է խթանիչ ներարկել ու արագացնել…
ՔՈՒՅՐ — Է՛, հիմա էլ ենք ասում, բայց գլխավորն ասում է` պետք չի շտապել:
ՀԱՅԿ — Շտապելու հարց չի, ուղղակի մյուսներն արդեն իրենց կանանց ու երեխաներին տուն են տարել, իսկ ես…
ՔՈՒՅՐ — Մի անհանգստացեք, ամեն ինչ լավ կլինի: Գլխավորն իր գործը լավ գիտի, եթե խթանիչ ներարկելու անհրաժեշտություն լինի` կանի: (Հեռանում է:)
ՀԱՅԿ — Իսկ կի՞նս ինչպես է…
ՔՈՒՅՐ — (շրջվելով):Լավ է, լավ… մի անհանգստացեք…
ՀԱՅԿ — (կրկին քայլելով, ինքն իրեն):Մի անհանգստացեք, հա, մի անհանգստացեք… Ախր, ի՞նչ խթանիչ… Եթե մի տեղ ավելի վատ է, քան այնտեղ, որտեղ գտնվում ես, ու քեզ ասում են` գնա, դա արդեն խթանել չի: Դա.. դա, չգիտեմ` ինչ է… Դա խանգարել է: Իսկ եթե ծնողներիցդ բացի քեզ ոչ ոք չի սպասում, ի՞նչ իմաստ ունի ընդհանրապես խթանվել: Դե, թող խթանեն` Փոքր Մհերը քարանձավից դուրս գա: Կամ էլ խթանեն` Փրկիչը մի անգամ էլ իջնի…
Գալիս է Ժորժը, հուզված ու լարված մոտենում է Հայկին:
ԺՈՐԺ — (ագրեսիվ):Հայկ էր, չէ՞, ձեր անունը…
ՀԱՅԿ — (զարմացած):Այո…
ԺՈՐԺ — Ձեր հողագործ որդին էլ դեռ չի ծնվել, ինչպես հասկացա:
ՀԱՅԿ — Ոչ, բայց…
ԺՈՐԺ — (կոպիտ ընդհատելով):Գուցե ոչ մի որդի էլ չկա՞, ու դուք էլ ոչ թե ֆերմեր Հայկն եք, այլ ինչ-որ գործակա՞լ… 007…
ՀԱՅԿ — Ինչե՞ր եք խոսում, ի՞նչ գործակալ 007… ես Հայկ Նահապետյանն եմ:
ԺՈՐԺ — Հա, գործակալ 007, անձնագիր էլ պետք չէ, վստահ եմ, որ հատուկ ծառայությունների համար դա խնդիր չէ:
ՀԱՅԿ — Ի՞նչ հատուկ ծառայություններ, ինչե՞ր եք դուրս տալիս…
ԺՈՐԺ — Դե, գիտե՞ք` ինչ… բավական է արդեն, ինձ ո՞ւմ տեղն եք դրել… Կարծում եք` չգիտե՞մ, որ ինձ հետևում եք: Ես նույնիսկ գիտեի, որ ձեզ այստեղ կհանդիպեմ:
ՀԱՅԿ — Լսեք, դուք երևի զառանցում եք… գուցե բժի՞շկ կանչեմ…
Գալիս է Նժդեհը սափրագլուխ թիկնապահների հետ:
ՆԺԴԵՀ — (Հայկի օձիքը բռնելով): Ըստե՞ղ ես, արա՛, հլը էնքան դուխ ունես, որ չես փախե՞լ:
ՀԱՅԿ — (առավել զարմացած):Սպասեք, էս ի՞նչ ա կատարվում… ի՞նչ ա պատահել…
ՆԺԴԵՀ — Հեսա կիմանաս` ինչ ա պատահել… (Գոռում է🙂 Բերեք դրան, արա՛… Հեսա կտեսնենք` էլի քեզ ապուշի տեղ կդնե՞ս, թե՞ չէ…
Երկու սափրագլուխ թիկնապահ քարշ տալով բերում են կիսամեռ արխիվարիուսին:
ՆԺԴԵՀ — Դե, հիմի խոսա, ճանաչո՞ւմ ես սրան…
ՀԱՅԿ — Չէ, չեմ ճանաչում, բաց թողեք ինձ…
ՆԺԴԵՀ — Տո, լսի, է՛… քեզ էշի տեղ մի դիր: Մեզ ուղարկում ես սրա մոտ, բայց դու չես ճանաչո՞ւմ…
ՀԱՅԿ — Չէ, չեմ ճանաչում… ո՞վ ա էս մարդը:
ՆԺԴԵՀ — Տոհմածառ-սերվիս, ապուպապեր, չգիտեմ` ինչ… Չես ճանաչո՞ւմ: Բա ինքը քեզ ճանաչում ա, արա՛… Հենց ասինք` Հայկ, ասեց, որ դու միակ մարդն ես, որ կարա իմ հախից գա…
ՀԱՅԿ — Մի անգամ էլ եմ կրկնում. էս մարդուն չեմ ճանաչում:
ԺՈՐԺ — Ներեցեք, մի՞թե սրանք հատուկ ծառայություններից չեն:
ՆԺԴԵՀ — Ի՞նչ հատուկ ծառայություն, սրանց հաստատ էն Կնդոն ա ուղարկել, որ… որ չգիտեմ` հլը ինչ, բայց հաստատ մի բան բզբզան, մի բան սարքեն, որ եկող ընտրություններին իմ ընտրատարածքից ինքը ընտրվի:
ԺՈՐԺ — Իսկ դա հաստա՞տ է…
ՆԺԴԵՀ — Հաստատն էն ա, որ սրանք չգիտեն, թե ում հետ գործ ունեն: Էդ ընտրատարածքից հլը իմ տղեն էլ պիտի դեպուտատ ընտրվի: Էդ ես եմ ասում` ցեղակրոն Նժդեհը…
ԺՈՐԺ — Իսկ ես պատրաստվում էի պետության դեմ հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, բայց ահա, թե ինչ է պարզվում… Այդ դեպքում ե՞ս ինչ կապ ունեմ. ոչ պատգամավոր եմ ուզում դառնալ, ոչ էլ նախագահ…
ՆԺԴԵՀ — Չգիտեմ` դու ինչ կապ ունես… Մենք էլ հենց ուզում ենք ճշտել, թե ով ինչ կապ ունի:
ԺՈՐԺ — (ցույց տալով արխիվարիուսին): Բայց այսպիսի մեթոդներո՞վ… Թույլ տվեք չմասնակցեմ ձեր ճշտմանը, ես, ավելի լավ է, իմ մեթոդներով աշխատեմ: Ձեզ հաջողություն… (Գնում է🙂
Ա ԹԻԿՆԱՊԱՀ — Շեֆ, բայց իզուր թողինք` գնա, կարող ա էդ էլ ա սրանց հետ…
ՆԺԴԵՀ — (մի պահ մտածելուց հետո): Չէ, թող գնա, բայց երկու հոգի ետևից գնացեք, տեսեք` ուր ա գնում: Եթե սրանց հետ ա, ուրեմն կգնա զակազչիկի մոտ: (Հայկին.)Իսկ դու հիմի մեզ մանրամասն կպատմես, թե ով ա քեզ ուղարկել ու ինչ նպատակով:
Թիկնապահներից երկուսը շտապում են Ժորժի ետևից:
ՀԱՅԿ — Նորից եմ ասում` ինձ ոչ ոք չի ուղարկել, ես ոչ ոքի չեմ ճանաչում, իմ միակ նպատակը առողջ երեխա ունենալն է:
ՆԺԴԵՀ — Չէ, դու երևի լավ չես հասկանում` ում հետ գործ ունես: (Թիկնապահներին.) Տարեք էն ծառերի տակ, մի քիչ բացատրեք, թող խելքը գլուխը գա…
Երկու թիկնապահ ապարդյուն ընդդիմացող Հայկի թևերը մտնելով` տանում են:
ՆԺԴԵՀ — (ընկած արխիվարիուսին ոտքով խփելով): Հը՞, արա՛, պիսար ես, պատմիչ ես, ինչ ես…. Ասում ես` Նժդեհը պապուս պապուն ժողովրդի առաջ գցել ա քացու տա՞կ, հա՞… Ասում ես` պապս աֆերիստ կոմունիստ ա էղել ու ինքն իրա մատը տապոռով կտրել ա, որ կռիվ չգնա՞, հա՞… Բա ե՞ս ով եմ, հը՞, արա՛, իմ մասի՞ն ինչ ստեր եք գրելու: Չլինի՞ գրելու եք` իրա հողն ու ջուրը չէր սիրում: Կամ իրա ժողովրդին թալանում էր: Հը՞, արա՛… բա էդ եկեղեցին, կարո՞ղ ա, իմ համար եմ սարքել… Կամ էդքան բարեգործությունն իմ համար եմ անում, հը՞… Էդ էն շակալ Կնդո՞ն ա ասել, որ ըտենց բաներ գրեք, արա՛… Պրիզնատ արի…
Վախվորած, վազելով գալիս է թիկնապահներից մեկը:
ԹԻԿՆԱՊԱՀ — Շեֆ, էն հարիֆը մեռավ:
ՆԺԴԵՀ — Ո՞նց մեռավ, արա՛…
ԹԻԿՆԱՊԱՀ — Շեֆ, ես ի՞նչ մեղավոր եմ, էնքան նվազ էր` մի երկու հատ զըմփըցրի` մեռավ:
ՆԺԴԵՀ — Արա՛, հո դուք հիմա՞ր չեք, արա՛… էդի մեզ սաղ էր պետք, որ բան իմանայինք…
ԹԻԿՆԱՊԱՀ — Շեֆ, ի՞նչ անեմ, չդիմացավ…
ՆԺԴԵՀ — Լավ, գնացինք, հետո ձեզ հետ կխոսամ…
ԹԻԿՆԱՊԱՀ — (ցույց է տալիս արխիվարիուսին):Շեֆ, բա սրա՞ն ինչ անենք…
ՆԺԴԵՀ — Թողեք, թող մնա… գնացինք…
Արագ հեռանում են: Արխիվարիուսը տնքում է, օգնություն է կանչում: Հայտնվում է ծննդատան քույրը, փորձում է օգնել:
ՔՈՒՅՐ — Ի՞նչ է պատահել ձեզ… ո՞վ է արել… օգնեցե՛ք… հիմա, հիմա կօգնեն: Օգնեցե՜ք…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — (հազիվ լսելի):Սպանեցին… նրան սպանեցին… սպանեցին…
ՔՈՒՅՐ — Ո՞ւմ սպանեցին, ո՞վ սպանեց… ի՞նչ եք խոսում: Օգնեցե՜ք…
ԱՐԽԻՎԱՐԻՈւՍ — Սրիկաները սպանեցին նրան… սպանեցին: Նա այստեղ էր, երեխա էր սպասում…
ՔՈՒՅՐ — Ո՞ւմ սպանեցին, Հայկի՞ն… Նահապետյան Հայկի՞ն… Օգնեցե՜ք…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Հայկին… Հայկին սպանեցին սրիկաները…
ՔՈՒՅՐ — Բայց ինչպե՞ս… ովքե՞ր, իսկ ես գալիս էի ասելու, որ… ինչո՞ւ սպանեցին… նա արդեն երեք օր է` սպասում էր…
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ — Չգիտեմ` ինչու սպանեցին… չգիտեմ…
ՔՈՒՅՐ — (լալով): Նա որդի ունեցավ… ինչո՞ւ սպանեցին… շատ փոքրիկ ու թույլ, ընդամենը 1,7 կգ, չգիտենք` կապրի՞, թե՞… Ինչո՞ւ սպանեցին… (Ձայն է տալիս, այս անգամ չափազանց աղեկտուր ու հուսահատ🙂 Օգնեցե՜ք…