ԱՆԱՀԻՏ ԱՂԱՍԱՐՅԱՆ / ՍԻՄՈՆԱ
Գործող անձինք
ՍԻՄՈՆԱ – Պիաֆի քույրը
ՊԻԱՖ – Սիմոնայի քույրը
ԼՈՒԻ – նրանց հայրը
ԷԴԻՏ – փոքրիկ Պիաֆը
ՇՎԱՐՑԿՈՖ — Գեստապոյի սպա
ՀԵՖԿԵ – բժիշկ
ՔՐԻՍՏԻ
ԺԱՆԵՏ
ՍԻՍԻ
ԻՎՈՆՆԱ
ԼՈՒԻԶ – հասարակաց տան տիրուհին
ՖՐԵԴԻ – բարմեն
ՄԻՇԵԼ – դաշնակահար
ԼԵՊԼԵ, ՌԵՅՄՈՆ, ՇԵԲԱՐՅԵ, ՏԻԿԻՆ
ԼՐԱԳՐԱՎԱՃԱՌ
ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ
Հասարակաց տուն: Երաժշտություն: Երկու, երեք սեղան, մի անկյունում` գրամաֆոն, որոնց մոտ նստած աղջիկները ծխում են ու սուրճ խմում: Առավոտ է: Աղջիկներից ոմանք կիսահագնված են: Մեկը ներս է մտնում սրբիչով մազերը ցամաքեցնելով, խալաթը վրան գցած: Բարի հետևում բարմենն է, որի արտաքինը և ներկած աչքերը մատնում են միասեռական հակումը: Բեմի խորքում լայն ու երկար աստիճաններ են, որոնք տանում են դեպի պայմանական բեմը: Դրսից լսվում է մադամ Լուիզի ձայնը:
ԼՈՒԻԶ — Ֆրեդի, ո՞ւր ես դրել այդ անիծյալ թակարդը: Ֆրեդի՛…
ՖՐԵԴԻ — Երեկ դուք տարաք խոհանոց:
ԼՈՒԻԶ — (ներս մտնելով): Քո ասելով` սկլերոզ ունեմ, հա՞, պառավ եմ…
ՍԻՍԻ — Սկսվե՜ց…
ԼՈՒԻԶ — (աղջիկներին): Դուք սուս մնացեք: Հիմա հերթը ձեզ էլ կհասնի: (Ֆրեդիին.) Ո՞ւր է թակարդը, մկները վխտում են խոհանոցում:
ՖՐԵԴԻ — Չգիտեմ:
ԼՈՒԻԶ — 0՜, սուրբ Թերեզա… Ես կցնդեմ ձեր ձեռքին մի օր: Ֆրեդի, չիմացողները գնում են դժոխք,- ասել է Երանելի Ավգուստինը:
ՖՐԵԴԻ — Ի՞նչ Ավգուստին:
ԼՈՒԻԶ — Դա՛ էլ չգիտես: Ֆրեդի, քեզ պետք է երբեմն-երբեմն կանանց ոտքերի արանքը խցվել, այդ դեպքում ինչ-որ բան գուցե իմանաս: Շամպայնի բաժակներն օճառով լվա, գանգրահեր ավանակ:
ՖՐԵԴԻ — Լսում եմ, մադամ:
ԼՈՒԻԶ — Մարի՜… Ո՞ւր է այդ փնթի հավը: Հարյուր անգամ ասել եմ, որ ամեն հաճախորդից հետո սենյակը պետք է կարգի բերել: (Քրիստինին.) Քո սենյակում երեք օր է` Սոդոմ-Գոմոր է: Ինչո՞ւ չես հետևում սենյակիդ մաքրությանը…
ՔՐԻՍՏԻՆ — Բայց, տիկին, երեք օր է…
ԼՈՒԻԶ — Ի՞նչ` բայց: Ի՞նչ` բայց: Սա առաջին կարգի հասարակաց տուն է: Տղամարդիկ այստեղ չպիտի զգան, ինչպես իրենց տանը: Նրանց կանայք կարող են ամիսներով սավանը չփոխել: Եթե այստեղ էլ նույնը լինի, նրանք կմնան իրենց տներում: Պա՞րզ է: Իսկ դուք կզրկվեք աշխատանքից: Ո՞ւր է Ռոզին:
ՍԻՍԻ — Վերևում: Նրա մոտ հաճախորդ է եկել: Այսօր երրորդն է:
ԼՈՒԻԶ — Խեղճ Ռոզի: Ձեր փոխարեն էլ է աշխատում: Երեք օր է` ոչ մի ֆրանկի օգուտ չեք բերել, իսկ ես շարունակում եմ կերակրել ձեզ: Կվռնդեմ, բոլորիդ փողոց կշպրտեմ, լսո՞ւմ եք…
ԻՎՈՆՆԱ — Մադամ…
ԼՈՒԻԶ — Ի՞նչ` մադամ: Երկու օր է` խրտնեցնում եք հաճախորդներին: Խոսքներդ մեկ եք արե՞լ, ուզում եք ինձ սնանկացնե՞լ… Գործադուլ եք հայտարարո՞ւմ:
ԻՎՈՆՆԱ — Մադամ, ես հեռանում եմ, այլևս մեղքի մեջ ապրել չեմ կարող:
ԼՈՒԻԶ — Հիմարություն չանես, սովից կսատկես մայթի վրա: Կամ էլ ստիպված նույն բանը կանես, ինչ այստեղ ես անում: Ավելի լավ չի՞ այստեղ, քան փողոցում մաքուր, ապահով, բժշկի հսկողության տակ, տեղը տեղին:
ԻՎՈՆՆԱ — Երեկ եկեղեցում Սուրբ Թերեզան նախատեց ինձ երկնքից և պատվիրեց, որ դարձի գամ: Ես հստակ լսեցի նրա ձայնը. «Իվոննա, դարձի արի»: Էլ չեմ կարող, մադամ, ես գնում եմ: Մնաք բարով, քույրեր: (Հրաժեշտ է տալիս աղջիկներին:)
ՍԻՍԻ — (հեծկլտում է): Իսկ ես ի՞նչ անեմ, Սուրբ Թերեզա… ի՞նչ անեմ… ներիր, ես չեմ կարող այսպես միանգամից թողնել ու գնալ… ներիր, Սուրբ Թերեզա… ներիր…
ԼՈՒԻԶ — Ոտքս կոտրվեր` ձեզ եկեղեցի չտանեի:
ԻՎՈՆՆԱ — Մնաք բարով:
ԼՈՒԻԶ — Չհամարձակվե՛ս… Իվոննա, ետ դարձիր, լսո՞ւմ ես…
Իվոննան դուրս է գալիս: Աղջիկները լաց են լինում խմբով:
ԼՈՒԻԶ — Ձայներդ կտրե՛ք… կտրե՛ք ձայներդ: Ձեզ ինչի՞ համար եկեղեցի տարա: Քեզ եմ հարցնում, Սիսի, պատասխանի՛ր:
ՍԻՍԻ — Որ բոլորս միասին աղոթենք Սուրբ Թերեզային, որ հրաշք գործի, ու փոքրիկ Էդիտի աչքերը բացվեն նրա սուրբ զորությամբ:
ԼՈՒԻԶ — Իսկ ի՞նչ ստացվեց: Էդիտը դեռ կույր է, ինչպես մի տարի առաջ, երբ հայրը նրան այստեղ բերեց: Էդիտի հետ հրաշք տեղի չունեցավ: Բայց փոխարենը մի ուրիշ հրաշք եղավ: Դո՛ւք փոխվեցիք: Երեք օր է` հրաժարվում եք աշխատել: Սա կուսանո՞ց է, ձեզ եմ հարցնում, թե՞ բարդակ: Ա՜խ, այս ի՞նչ բերեցիր իմ գլխին, Սուրբ Թերեզա: (Նայում է վերև:) Դու ինչ-որ բան խառնել ես երևի: (Ուզում է գնալ:)
Ներս է մտնում Ժանետը:
ԺԱՆԵՏ — (հորանջելով): Բարի լույս… Ֆրեդի, մի բաժակ նարնջի հյութ տուր ինձ:
ԼՈՒԻԶ — Այդ ի՞նչ է ձեռքիդ:
ԺԱՆԵՏ — Տիկնիկ: Երեկ եմ գնել Էդիտի համար, բայց նա դեռ քնած է, չհասցրի տալ: Սիսի, դեմքի մածուկը թթվել էր, թափեցի:
ԼՈՒԻԶ — Տուր այստեղ այդ տիկնիկը:
ԺԱՆԵՏ — Ինչո՞ւ, Էդիտի համար եմ գնել:
ԼՈՒԻԶ — Նա ոչինչ չի տեսնում, Էդիտը կույր է ծնվել, նրա ինչի՞ն է պետք տիկնիկը: Տուր այստեղ…
ԺԱՆԵՏ — Խնդրում եմ, մադամ Լուիզ:
ԼՈՒԻԶ — Տո՛ւր, ասում եմ, անպիտան աղջիկ:
ԺԱՆԵՏ — Թողեք, թող մոտս մնա, խնդրում եմ: (Տիկնիկը նետում է Ֆրեդիին:)
ԼՈՒԻԶ — Լսեք, հո դուք չե՞ք խելագարվել: Մնում էր, որ հիմա էլ մայրական զգացմունքներ ծնվեն ձեր մեջ: Սա մանկապարտեզ չի, գրողը տանի, սա բորդել է: Տո՛ւր… (Պոկում է ձեռքից տիկնիկը:) Տիկնի՜կն էր պակաս…
ԺԱՆԵՏ — Ետ տվեք, խնդրում եմ…
ԼՈՒԻԶ — Հաճախորդների հետ տուն-տուն ես խաղալո՞ւ: Նրանք էդ տուն-տունից են փախչում, գալիս այստեղ, որ մի քիչ հանգստանան: (Ձեռքերը երկինք հառած:) 0՜հ, Սուրբ Թերեզա, էս ի՞նչ կատակներ ես անում, ա՜խ, Սուրբ Թերեզա, թե ձեռքս կընկնեիր… (Հանկարծ հասկանում է իր ասածը:) Մեղա քեզ, Տեր Աստված: (Խաչակնքում է:)
Հնչում է դռան զանգը:
ԼՈՒԻԶ — Հաճախորդ է: Տեղերո՛ւմ: Շրթներկդ, շրթներկդ քսիր, շո՛ւտ արա… Այս ի՞նչ տեսք ունեք: Կարգի՛ բերեք ձեզ, արա՛գ: Ֆրեդի, պատրա՛ստ: Ժանետ, դիմավորիր: Եվ ինչպես հարկն է, հասկացա՞ր: Ժպտացե՛ք…
Ժանետը բացում է դուռը, ներս է մտնում Էդիտի հայրը` Լուին: Նա դեղին հնամաշ կեպիով է, կարմիր վերնաշապիկով և կանաչ տաբատով: Կոշիկները տարբեր են և՛ գույնով, և՛ ձևով: Ձեռքին գույնզգույն փաթեթներ են: Աղջիկները հիացած բացականչում են:
ԱՂՋԻԿՆԵՐ — Լուի, Լուին է եկե՜լ… Լուի՜…
Լուին ակրոբատիկ տրյուկ է անում, փաթեթներն ընկնում են հատակին:
ԼՈՒԻ — Ալլե՜… Ձեզ ողջունում է բոլոր ժամանակների ամենամեծ արտիստը, ակրոբատը և ժանգլյորը, որն արհամարհում է աշխարհի բոլոր բեմերը: Ձեզ ողջունում է նա՛, որի բեմը փողոցն է, այսինքն` Երկրագնդի մակերեսը: Ալլե՜… (Փաթեթներով ժանգլյորություն է անում:)
ԼՈՒԻԶ — Ըհը, կուսանոցն ինձ քիչ էր, հիմա էլ կրկես-կրկես ենք խաղալու:
Աղջիկները ծիծաղելով ու ծափերով նետվում են հատակին թափված փաթեթները հավաքելու:
ՔՐԻՍՏԻՆ — Ի՞նչ ես բերել մեզ համար, Լուի:
ԼՈՒԻ — Կոնֆետներ, ժապավեններ, մազակալներ և այլ մանր-մունր բաներ: Վայելե՛ք, անմեղ մեղավորներ:
ԼՈՒԻԶ — Ժանետ, գնա, Էդիտին բեր: Ասա` անառակ հայրդ եկել է քեզ տեսնելու: Ա՜խ, իմ խեղճ քույր, ել գերեզմանից, տես` զավակդ ինչ է դարձել: (Լուիին:) Ո՞ւմ ես մեծացրել, ո՞ւմ…
ԼՈՒԻ — Մորաքույր, ես արտի՛ստ եմ: (Համբուրում է:) Դա ավելի ամոթալի չէ, քան պոռնկանոց պահելը: (Ամուր համբուրում է:)
ԼՈՒԻԶ — (հրում է): Կորի՛ր, անպետք… Թող, հերիք է ճպճպացնես թշերս, ատամներս հանեցիր: (Հրում է:) Ո՞ւր էիր, ա՛յ տղա: Երեխան շուտով կմոռանա քեզ: Մի քիչ շուտ-շուտ արի:
ԼՈՒԻ — Ստեղծագործում էի, մադամ: Մի աման տաք ապուր բեր քրոջդ ստեղծագործող որդուն, ստամոքսս ահազանգում է: Ո՞նց ես, Ֆրեդի:
ԼՈՒԻԶ — «Ստեղծագործո՜ւմ էի»: Գրողը քեզ տանի:
ՍԻՍԻ — Իսկ սա ի՞նչ է, Լուի:
ԼՈՒԻ — Փուչիկներ Էդիտի համար: Փչեք, մինչև գա: Քնա՞ծ է դեռ: Արդեն կեսօր է:
ՍԻՍԻ — Արջի քուն է մտել: Երեկ ցերեկը քնեց, մինչև հիմա չի արթնացել: (Փչում է փուչիկը:)
ՔՐԻԱՏԻՆ — Սովորաբար մեզ հետ է քնում, շատ ուշ: Վաղ էլ արթնանում է: Բայց այսօր… մի հատ էլ ինձ տուր: (Վերցնում է Սիսիից փուչիկը:)
ԼՈՒԻԶ — (ապուրը դնելով Լուիի առաջ): Ա՛ռ, զխտկվի՛ր, փուչ լակոտ դուրս եկար:
ԼՈՒԻ — Մորաքույր, աշխարհի բոլոր արքաներն ինձ հերթով առաջարկեցին խաղալ իրենց թագավորական թատրոններում: Խոստացան ոսկու սարեր, ադամանդներ ու գոհարներ, բայց ես նայեցի նրանց արհամարհանքով ու նետեցի հպարտ. «Ազնիվ արտիստին փողով առնել հնարավոր չէ, ես գերադասում եմ ազատությունը»: Իսկ ազատությունը փողոցում է: Ալլե՜…
ՍԻՍԻ — Բռավո, Լուի, բռավո:
ԼՈՒԻԶ — Ճաշդ սառում է, ա՛յ տղա:
ԼՈՒԻ — Եվ աշխարհի արքաներն ստիպված եղան դուրս գալ փողոց` մեծ արտիստին տեսնելու: Այո՛, թողեցին իրենց ապարանքներն ու եկան փողոց` հասարակ մահկանացուների պես: Արվեստի առաջ բոլորը հավասար են: Ալլե՜… (Գլուխկոնծի է տալիս:)
ԼՈՒԻԶ — Ճաշը, այ տղա, գրո՛ղը քեզ տանի: (Ֆրեդիին.) Ի՞նչ ես անգործ նստել, արի գնանք թակարդը գտնենք:
ԼՈՒԻ — Մորաքույր, ուտելուց առաջ պետք է վաստակեմ իմ ապուրը: Լուին աղքատ է, բայց հպարտ: Ալլե՜…
Աղջիկները ծափահարում են:
ՍԻՍԻ — Բռավո, բռավո… Ի՜նչ լավ արիր, որ եկար, Լուի:
ԼՈՒԻ — Ազնվագույն ու չքնաղագեղ օրիորդներ, աշխարհիս բոլոր վայելքները ոչինչ են ձեր ծափերի դիմաց: (Գրկում է Սիսիին:) Բայց նույնիսկ այդ ծափերը ոչինչ են քո զույգ, ցցուն բլիթների դիմաց:
ՍԻՍԻ — Թող, Լուի, թող…
ԼՈՒԻ — Օ՜, ձեր երկու բլիթները, որոնք բարձր են, ինչպես Հիմալայները, և նրանց վրա կարծես չի ազդում երկրի ձգողականությունը: Գրավիտացիա՜…
ՍԻՍԻ — Թող, Լուի… Բաց թող, կատակ չեմ անում: Մի՛ արա:
ԼՈՒԻ — (հետ քաշվելով): Ներեցեք, օրիորդ, ես չգիտեի, որ դուք օրիորդ եք: Արի գիրկս, Քրիստին…
ՔՐԻԱՏԻՆ — Թո՛ղ, չդիպչես ինձ… (Հեռու է փախչում:)
ԼՈՒԻ — Ի՞նչ է պատահել: Հիմնարկի պրոֆիլը փոխե՞լ եք:
ՍԻՍԻ — Սուրբ Թերեզան տակնուվրա արեց մեր հոգիները: Ա՜խ, Լուի, ի՜նչ մեղավոր ենք, մեզ դժոխք է սպասվում: Սարսափելի է…
ԼՈՒԻ — Ի՞նչ Թերեզա… Սրբի դուռ եք գնացե՞լ: Դո՞ւք… (Պայթում է ծիծաղից:)
ՍԻՍԻ — Հա, աղջկադ համար: Աղոթք արեցինք, աղաչեցինք, որ Էդիտին տեսողություն տա: Բայց հրաշքը տեղի չունեցավ:
ԼՈՒԻ — Իսկ դուք լրջորեն հավատո՞ւմ էիք դրան: (Հռհռում է:)
ՍԻՍԻ — Ես հիմա էլ եմ հավատում: Սուրբ Թերեզա՜…
Ներս է մտնում փոքրիկ Էդիտը` ճչալով, ձեռքերով աչքերը փակած:
ՊԻԱՖ — Մամա՜… մամա՜: Վառում է, վառո՜ւմ է… մամա…
Աղջիկները նետվում են դեպի նա:
ՍԻՍԻ — Բաց թող… բաց…
ՔՐԻԱՏԻՆ — Ձեռքերդ հեռու տար աչքերիցդ:
ՊԻԱՖ — Չէ՜, չէ՜… վառո՜ւմ է…
ԼՈՒԻ — Էդիտ, ես եմ` հայրդ, պապա Լուին… Էդիտ, նայիր ինձ…
Էդիտը բացում է աչքերը, նայում է հորը, ձեռքը տանում է նրա դեմքին: Բոլորն ապշահար իրար են նայում:
ՍԻՍԻ — Ժանե՜տ, մադամ Լուի՜զ…
ՊԻԱՖ — Պապա՜… (Գրկում է հորը:)
ՍԻՍԻ — Մադամ Լուիզ, Ֆրեդի… (Դուրս է վազում:)
Ներս են ընկնում մադամ Լուիզը, Ֆրեդին ու Ժանետը:
ԺԱՆԵՏ — Ի՞նչ, ի՞նչ է եղել…
ԼՈՒԻԶ — Ի՞նչ ես ձայնդ գլուխդ գցել…
ՔՐԻՍՏԻՆ — Հրաշքը կատարվեց, մադամ Լուիզ, Էդիտը տեսնում է, Էդիտը տեսնում է… (Լաց է լինում:)
ԼՈՒԻԶ — Հիսուս Քրիստո՜ս… (Ծունկի է գալիս:)
Աղջիկները հետևում են նրան: Ծունկի եկած` աղոթք են մրմնջում: Էդիտը ապշած նայում է շուրջը:
ՊԻԱՖ — Սա ի՞նչ է:
ԼՈՒԻ — Աշխարհ, Էդիտ, աշխարհ:
ՊԻԱՖ — Աշխարհը ի՞նչ է:
ԼՈՒԻ — Ծառեր, երկինք, մարդիկ… Աշխա՜րհ:
ՊԻԱՖ — Աշխարհը այսքա՞նն է:
ԼՈՒԻ — Չէ՜… (Բացելով պատուհանը:) Այնտեղ էլ կա աշխարհ:
ՊԻԱՖ — (աչքերը ծածկելով): Փակի՛ր, փակի՛ր…
ԼՈՒԻ — Դա արևն է, Էդիտ, արև՜ը:
ՊԻԱՖ — Վառո՜ւմ է, վառո՜ւմ է…
ԼՈՒԻ — (փակում է պատուհանը): Բաց աչքերդ: Արևը գնաց: Սրանից հետո դու ամեն օր տեսնելու ես նրան: Քո ապրած բոլոր օրերում տեսնելու ես նրան:
ՊԻԱՖ — Չեմ ուզում:
ԼՈՒԻ — Դու պիտի սովորես նրան: Եթե չլինի արևը, չեն լինի գույները:
ՊԻԱՖ — Գույնե՞րը… Ի՞նչ է` գույները:
ԼՈՒԻ — Ա՛յ, նայիր: Գույները սրանք են: Չէ, չէ, սրանք փուչիկներ են, բայց նրանք տարբեր գույն ունեն: Այ, սա կարմիրն է, սա` դեղինը…
ԼՈՒԻԶ — Ջուր տվեք, սիրտս թուլացել է:
ՍԻՍԻ — Մամա՜… (Վախեցած է:)
ԼՈՒԻ — Սա կանաչն է, սա` կապույտը… Կրկնիր:
ՊԻԱՖ — Սա կանաչն է, սա` կապույտը:
ԼՈՒԻ — Չէ, չէ: Դա կարմիրն է, սա է կանաչը: Սա կարմիր է, սիրո գույնը: Վերցրու: Հիշիր` սեր-կարմիր: (Տալիս է փուչիկը:)
ՔՐԻՍՏԻՆ — Սա կանաչն է: Կյանքի գույնը, ջահելության: Կանաչ-կյանք: Հիշիր: (Տալիս է փուչիկը:)
ԺԱՆԵՏ — Սա կապույտն է: Երազանքի գույնը: Հիշիր` կապույտ-երազանք: Վերցրու: (Տալիս է փուչիկը:)
ՖՐԵԴԻ — Սա սպիտակն է: Անմեղությունը: Ճերմակ-անմեղություն: Հիշիր: Վերցրու: (Տալիս է փուչիկը:)
ԼՈՒԻԶ — Սա սևն է: Ցավի գույնը: Վերցրու: Հիշիր` սև-ցավ: (Տալիս է փուչիկը:)
ՍԻՍԻ — Սա դեղինն է, հույսի գույնը: Դեղին-հույս: Հիշիր: Վերցրու: (Տալիս է փուչիկը:)
ՊԻԱՖ — (փուչիկները ցույց տալով): Սեր, ցավ, հույս…
ԼՈՒԻ — Չէ, դրանք գույներ չեն, դրանք… Գույնը կարմիրն է, սևը, դեղինը:
ՊԻԱՖ — Իսկ սեր, ցավ` ի՞նչ է:
ԼՈՒԻԶ — (հոգոց հանելով): Կմեծանաս` կիմանաս:
ՊԻԱՖ — Կիմանա՞մ:
ԼՈՒԻ — Կիմանաս:
ՊԻԱՖ — Մյուս գույներն էլ կիմանա՞մ:
ԼՈՒԻԶ — Կիմանաս, Էդիտ, կիմանաս:
Մթություն:
Երգ:
ԱՐԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ
Լույսը հետզհետե բացվում է: Բեմի խորքում, աստիճանների վերևում, մեջքով դեպի դահլիճը կանգնած է Պիաֆը: Շռնդալից ծափահարություններ: Ենթադրվող հանդիսատեսը բեմի հետևում է: Պիաֆը շրջվում է, իջնում բեմից: Սիմոնան նրա ուսերին է գցում թիկնոցը:
ԼԵՊԼԵ — Բռավո, ճնճղուկս, բռավո… (Գրկում է Պիաֆին:)
ՌԵՅՄՈՆ — Շնորհավորում եմ… Բռավո…
ՊԻԱՖ — Մրսում եմ… Կոկորդս այնպես է չորացել, կարող եմ ավազ թքել:
ՍԻՄՈՆԱ — Նա դողացնում է:
ԼԵՊԼԵ — Տարեք հյուրասենյակ: (Շեբարյեին.) Ի՞նչ կասեք իմ այս հայտնագործության մասին, մսյո Շեբարյե:
ՇԵԲԱՐՅԵ — Պիաֆ… Այսինքն` ճնճղո՞ւկ: Լավ է: Լավ ես գտել անունը: Միայնակ, գունատ, վերքի պես կարմիր բերանով, անշուք սև շորով, մակարոնի պես թևերով` փողոցի աղջիկը երգում է… Փողոցն, իհարկե, տրամպլին չէ Լուսին թռչելու համար, բայց…
ԼԵՊԼԵ — Նա կթռչի, կթռչի, Մորիս: Չլսեցի՞ր, ինչ ծափեր էին: Կարկո՛ւտ, հեղե՛ղ…
ՏԻԿԻՆ — Պիաֆ, Էդիտ Պիաֆ: Պատկերացնո՞ւմ եք, այդ Պիաֆը ինձ լացացրեց: Վերջին անգամ մորաքրոջս թաղմանն եմ լաց եղել, երկու ամիս առաջ: Ի՜նչ կին էր… Օրվա մեջ չորս անգամ զգեստ էր փոխում: Պատկերացնո՞ւմ եք` արդուզարդն էլ հետը:
ՌԵՅՄՈՆ — Ի՜նչ եք ասում:
ՏԻԿԻՆ — Գնանք շնորհավորենք այդ աղջկան: Նա հարդասենյակո՞ւմ է:
ՌԵՅՄՈՆ — Նա մենակ չէ, քույրն էլ հետն է: Կարծեմ, Սիմոնա է անունը: Նրանք նույն հորից են, տարբեր մայրերից:
Դուրս են գալիս: Բեմը դատարկվում է: Ներս են մտնում քույրերը:
ՍԻՄՈՆԱ — Ինչի՞ց ես վատ զգում: Այսպիսի հաջողություն դեռ ոչ ոք չի ունեցել էս կաբարեում: Ի՞նչ է պատահել:
ՊԻԱՖ — Հանգիստ թողեք ինձ… Ի՞նչ եք ուզում ինձանից: Ես վատ եմ, հասկանո՞ւմ եք, վա՛տ եմ:
ՍԻՄՈՆԱ — Էդիտ, մի քիչ որ կոնծես, տրամադրությունդ տեղը կգա: Գնանք բիստրո, տղերքը հիմա հավաքվել են:
Ներս է մտնում Լեպլեն:
ԼԵՊԼԵ — Լսիր, ճնճղուկ, երեք շաբաթ հետո…
ՊԻԱՖ — Ես երկար ժամանակ կույր եմ եղել ու միայն լսել եմ: Կուշտ եմ լսելուց: Հիմա ուզում եմ տեսնել: Տեսնել ու ապրել: Հասկացա՞ք:
ԼԵՊԼԵ — Համբերիր, մի քիչ համբերիր: Դու հանրաճանաչ ես դառնալու, քո անունը մեծ տառերով գրվելու է Փարիզի ազդագրերում, քեզ ծափահարելու է աշխարհը, հավատա՛ ինձ: Ամբողջ աշխարհը: Երեք շաբաթից մեկնում ես Կանն: Ես ամեն ինչ դասավորել եմ: Գործերը լավ են գնում:
ՍԻՄՈՆԱ — Կա՞նն… Էդիտ, լսեցի՞ր: Մենք համերգ պիտի տանք Կաննում:
ԼԵՊԼԵ — Ինչո՞ւ «մենք»: Ի՞նչ է նշանակում` «մենք»:
ՍԻՄՈՆԱ — Մենք, այսինքն`ես ու Էդիտը: Ես պետք է ուղեկցեմ Էդիտին: Նա առանց ինձ չի կարող:
ԼԵՊԼԵ — Սիմոնա, Էդիտին երկար ու դժվարին ճանապարհ է սպասվում, ժամանակն է, որ հանգիստ թողնեք նրան: Այսուհետև նա իր կյանքը պիտի ունենա, դուք` ձերը:
ՍԻՄՈՆԱ — Նա առանց ինձ չի կարող:
ՊԻԱՖ — Պապաշա, ո՞ւր ես ճխտել վիսկիի շիշը:
ՍԻՄՈՆԱ — Նրան հեշտ է խաբել, նա դյուրահավատ է: Ես թույլ չեմ տա, որ որևէ մեկն օգտագործի քրոջս: Ես նրա պահապան հրեշտակն եմ:
ԼԵՊԼԵ — Սև հրեշտակը: Դուք շատ վատ եք ազդում նրա վրա, անընդհատ քաշում եք ներքև, կյանքի հատակը: Իսկ նա վերջապես դուրս է եկել այդ ճահճից: Նա ձեր կարիքը չունի հիմա, հիմա նա ի՛մ կարիքն ունի:
ՊԻԱՖ — Ինձ խմել է պետք… խմել եմ ուզում…
ԼԵՊԼԵ — Ոչ մի բաժակ, Էդիտ, ոչ մի բաժակ, լսո՞ւմ ես: Վաղը ելույթ ունես:
ՊԻԱՖ — (խաչակնքում է): Երդվում եմ: (Դադար:) Երդվում եմ` միայն մի բաժակ:
ԼԵՊԼԵ — (դուրս գալով): Տես, երդվել ես: Միայն մի բաժակ:
ՊԻԱՖ — Թո՛ւ, ինչու երդվեցի: Խաչ էլ արեցի…
ՍԻՄՈՆԱ — Միայն մի բաժակ` ամեն բիստրոյում: Իսկ քանի՞ բիստրո կա Փարիզում…
ՊԻԱՖ — Դու հանճարեղ ես, Մոմոնա: (Դուրս են գալիս ծիծաղելով:)
ԱՐԱՐՎԱԾ ԵՐՐՈՐԴ
Բեմառաջքում զանգում է հեռախոսը: Ներս է մտնում Սիմոնան, վերցնում է լսափողը:
ՍԻՄՈՆԱ — Ալո… Մարդասպանը դու ես, կեղտոտ խոզ: Այլասերվածն էլ կինդ է, փոս ընկած բազմոց: (Կախում է լսափողը:)
Ներս է մտնում Պիաֆը:
ՊԻԱՖ — Ո՞վ էր:
ՍԻՄՈՆԱ — Ի՞նչ իմանամ: Էլի Լեպլեի սպանության գործով: Վերջ ունենալո՞ւ է էս պատմությունը, թե՞ չէ:
ՊԻԱՖ — Լսիր, Սիմոնա: Հիմա մի բան պիտի ասեմ, մի այնպիսի բան, որ… շունչդ տեղը բեր, թե չէ կուշաթափվես:
ՍԻՄՈՆԱ — Կարող ես չասել, գիտեմ: Դու սիրահարվել ես Ռեյմոնին: Ինչպես միշտ, քեզ ներշնչել ես, որ նրա աչքերը կապույտ են: Հենց սկսեցիր սվիտր գործել նրա համար, արդեն պարզ էր, որ սիրահարվել ես:
ՊԻԱՖ — Մոմոնա, ես երջանիկ եմ: Իմ տանը հիմա տղամարդ կա: Այն տանը, որտեղ տղամարդու վերնաշապիկ չկա աթոռի թիկնակին, որտեղ տղամարդու գուլպաներ չկան մահճակալի տակ ընկած` դա պառավ այրու տուն է: Այդ տունը մեռած է: Այդ տանը թագավորում են ձանձրույթն ու խավարը: Իսկ Ռեյմոնի աչքերն իսկապես կապույտ են: (Սիմոնան հեգնական ծիծաղում է:) Չվիճե՛ս: Կապույտ են:
ՍԻՄՈՆԱ — Չեմ վիճի: Հո հիմա՞ր չեմ: Մանավանդ, որ դրանից օգուտ չկա: Եթե ուզում ես, որ ասեմ` կաթը սև է` կասեմ:
ՊԻԱՖ — Մի սկսիր առավոտ շուտ: Սուրճ սարքիր:
ՍԻՄՈՆԱ — Խուլ-համրի պես ժամերով լսում եմ քեզ, ամեն ինչում համաձայնվում, աղախնու նման սպասարկում, կիսում բոլոր ցավերդ ու հոգսերդ… (Սուրճ է եփում:)
ՊԻԱՖ — (ընդհատելով): Ի՞նչ ես ուզում ինձնից, Մոմոնա: Ես արթնացել եմ հրաշալի տրամադրությամբ, սրտիս մեջ թրթիռ կա, ես այսօր երջանիկ եմ: Ինչի՞ ես փչացնում ամեն ինչ: Եթե դժգոհ ես` կարող ես գնալ:
ՍԻՄՈՆԱ — Նորից փողո՞ց… Գնալու տեղ ունենայի` կգնայի:
ՊԻԱՖ — Չեմ հասկանում, ինչի՞ց ես դժգոհ:
ՍԻՄՈՆԱ — (թունոտ): Ոչ մի բանից: (Խոնարհվում է:) Շա՜տ շնորհակալ եմ, շատ գոհ եմ: Տաքուկ անկյուն է, կտուր կա գլխիս վերևում, դու ինձ կերակրում ես, պահում, հագցնում: Շնորհակալ եմ: Ես` ոչնչությունս, մինչև գերեզման պարտական եմ մեծն Էդիտ Պիաֆին: Համեցեք… (Տալիս է սուրճը:)
ՊԻԱՖ — Մոմոնա, ի՞նչ ես ուզում ինձանից: Ամեն անգամ, երբ մի փոքր երջանիկ եմ զգում, պղտորում ես հոգիս, դու փսխում ես իմ ուրախության մեջ: Ինչի՞ ես կյանքս ուտում, ի՞նչը քեզ դուր չի գալիս:
ՍԻՄՈՆԱ — Լավ եմ անում: Բո՜ւն է դրել էստեղ: Կնիկ-երեխա ունի` թող գնա իր բունը, իր թխսի կողքին նստի, որ ձվերը լակ դուրս չգան: Ուսուցի՜չ է դարձել գլխիս, մէ՜տր… Ձեռք է մեկնում ընկածին:
ՊԻԱՖ — Ես ընկած չեմ, Մոմոնա: Կարգի՛ն խոսիր: Ռեյմոնն իսկապես անկրկնելի հովանավոր է: Նա ինձ սովորեցնում է քայլել, խոսել, ուտել, երգել, գրել, կարդալ…
ՍԻՄՈՆԱ — Պա՜հ, պա՜հ, պա՜հ… Նա քեզ տգետ ու անգրագետ է համարում, գոռում է քեզ վրա. «Էս մի արա, էն մի արա… Այսպես նստիր… Ուտելուց մի ճպճպացրու… Պատառաքաղը ձախով բռնիր»: Ձախլի՞կ ես, ի՛նչ է: Իսկ էդ սոլեֆիջոն… Գլուխս ուռել է ձեր դասերից: Ո՞ւմ է պետք էդ սոլեֆիջոն…
ՊԻԱՖ — Սոլֆեջիո:
ՍԻՄՈՆԱ — Նույն զիբիլն է: Նա վիրավորում է քեզ դրանով, ստորացնում է, ո՞նց չես հասկանում: Ոնց որ տիկնիկ լինես նրա ձեռքին, խաղալի՛ք: Ես քեզ չեմ ճանաչում, Էդիտ: Քեզ որ խորհուրդ տալիս էին, դու անպատճառ հակառակն էիր անում, որ տեսնես, թե դրանից ինչ կստացվի: Հիմա ի՞նչ է եղել… Ինչի՞ ես խեղճացել, ինչի՞ ես ենթարկվում նրան: Մէ՜տր… Դու նրանից հազար գլուխ բարձր ես:
ՊԻԱՖ — Մոմոնա, առանց նրան ես ոչնչի չեմ հասնի: Նա ինձ պետք է, Մոմոնա:
ՍԻՄՈՆԱ — Լա՜վ հաշվել է ատամներդ: Էդ ի՞նքն է քեզ ներշնչել:
ՊԻԱՖ — Ես սիրում եմ նրան, Մոմոնա:
ՍԻՄՈՆԱ — Սերս ո՞րն է. լսի՛ր: Սերերը փողոցներում թափած են, իսկ ինձ նման հավատարիմ մարդ դու չես գտնի: Ո՛չ մի տեղ: Նա ո՞վ է, որ իմ տեղը գրավի քո կյանքում: Երկու-երեք ամսից նրա սերը հ՛օդս կցնդի, կթողնի-կգնա: Էլի ե՛ս եմ մնալու քո կողքին: Հիշի՛ր, ո՞վ էր կողքիդ, երբ բաժանվեցիր: Ո՞ւմ հետ էիր փողոց-ներում թափառում, կոկորդ պատռում, որ մի կտոր սև հաց վաստակես երեխայիդ համար: Ո՞վ էր կողքիդ, երբ երեխադ մեռավ: Ո՞վ քեզ հետ դուրս եկավ իր մարմինը վաճառելու, որ կարողանաս դագաղ առնել երեխայիդ համար…
ՊԻԱՖ — (ճչում է): Լռի՛ր, Մոմոնա, լռի՛ր, լռի՛ր…
Ներս է մտնում Ռեյմոնը:
ՌԵՅՄՈՆ — (ոգևորված թափահարում է մի թուղթ): Կոնտրակտը բերել եմ, Էդիտ: Ստորագրեց, վերջապես ստորագրեց այդ ժլատ սրիկան: Նայի՛ր, դու ելույթ ես ունենալու ԱԲՍ-ում: Էդի՜տ… Էդի՞տ, ի՞նչ է պատահել: (Նայում է Սիմոնային, հետո նորից` Պիաֆին:) Լաց ես եղե՞լ…
ՍԻՄՈՆԱ — Ձեր տված գիրքը գցել է նրա տրամադրությունը: Շա՜տ սրտաճմլիկ պատմություն էր: Արցունքաբե՜ր… Մամոն-Լեսկո: Էլ ո՞նց կլիներ…
ՌԵՅՄՈՆ — Մանո՛ն Լեսկո:
ՍԻՄՈՆԱ — Նույն զիբիլն է: Ո՞նց չեք հասկանում, որ Էդիտին կարդալ չի կարելի, հակացուցված է: Նա կույր է եղել, նրա տեսողությունը վատ է, իսկ դուք` մէ՜տր, ստիպում եք նրան գիշերները աչք քոռացնել գրքերի վրա: Գիրք կարդալը պիտի օգնի նրան, որ ավելի լավ երգի՞: Կարդալն ի՞նչ կապ ունի երգելու հետ:
ՌԵՅՄՈՆ — Դա հասկանալու համար ուղեղի ծալքերի որոշակի քանակություն է պահանջվում: Ես չեմ զարմանում, որ դուք այդ կապը չեք տեսնում:
ՍԻՄՈՆԱ — Ուզում եք ասել, որ ես անգրագետ ու բռի եմ, հա՞: Հա՛, մենք անգրագետ ու բռի ենք, մենք փողոցում ենք մեծացել, մենք կեղտոտ ենք եղել, մարդիկ մեր հոտից հեռու են փախել: Հա՛… Բայց ես թքե՛լ եմ ձեր արիստոկրատիայի վրա: Մեր կեղտը արտաքին է, իսկ ձերը` ներքին: Դուք ներսից եք կեղտ:
ՊԻԱՖ — Մոմոնա…
ՍԻՄՈՆԱ — Հա՛, թող իմանա…
ՌԵՅՄՈՆ — Ես թույլ չեմ տա ինձ հետ այդ տոնով խոսել:
ՍԻՄՈՆԱ — Իսկ դու ո՞վ դառար, որ ինձ թույլ տաս կամ թույլ չտաս:
ՌԵՅՄՈՆ — Դուք վատ օրինակ եք ծառայում, քարշ եք տալիս սուտենյորների ու թմրամոլների շրջապատը, գիշերային արշավների եք դուրս գալիս, հարբեցող եք դարձնում նրան, իսկ այդ ամենը խանգարում է նրա կարիերային: Դուք փչացնում եք Էդիտին:
ՊԻԱՖ — Ռեյմոն…
ՍԻՄՈՆԱ — Ես եմ փչացնո՞ւմ: Եվ ո՞վ է սա ասում, փչացած մի մարդ, որ կնոջն ու երեխաներին թողած` ծվարել է ջահել երգչուհու փեշի տակ: Դեռ համարձակվում ես գլխիս բարոյականությո՞ւն կար-դալ… Կե՛ղտ:
Ռեյմոնը հեռանում է:
ՊԻԱՖ — Ռեյմո՛ն… (Նետվում է նրա հետևից:)
ՍԻՄՈՆԱ — Էդիտ, հետ արի: (Հետևում է նրան:)
ԱՐԱՐՎԱԾ ՉՈՐՐՈՐԴ
Բեմը խավարում է: Լսվում է ռմբակոծության ձայն, տագնապի ազդանշան, գերմաներեն հաղորդագրություն ռադիոյով: Բեմի վրայով ռմբակոծիչների լույսերն են սահում, թրթռում, մարում: Բեմը հետզհետե լուսավորվում է: Նույն հասարակաց տունն է, ոչինչ չի փոխվել: Նույն բարմենը, նույն աղջիկները: Բայց տանտիրուհին Իվոննան է, այն աղջիկը, որ հեռացել էր տարիներ առաջ Սուրբ Թերեզայի պատվիրանով: Ամեն ինչ նույնն է: Կարելի է աղջիկներին այլ անուններով կոչել, բայց նախընտրելի է առաջարկվող տարբերակը:
ԻՎՈՆՆԱ — Մարի՜… Ո՞ւր է այդ աղջիկը, ո՞ւր է կորչում ասեղի պես, երբ ինձ պետք է գալիս: Մարի՜… (Բարմենին.) Շամպայնի բաժակները օճառով չլվաս, օճառ չկա, չի ճարվում: Պատերազմ է: Խնայողաբար ծախսիր:
ՖՐԵԴԻ — Այդպես էլ անում եմ, մադամ Իվոննա:
ԻՎՈՆՆԱ — Պիաֆի սենյակի շշերն իջեցրու ներքև: Խոզանոց է այնտեղ: Գարեջրի շշերի սար է գոյացել:
ՖՐԵԴԻ — Ես ամեն առավոտ հավաքում եմ, տիրուհի, բայց երեկոյան… երեկոյան նորից այդ սարը գոյանում է:
ԻՎՈՆՆԱ — Չգիտեմ, նրա գալու ժամանակն է: Այսօր քրոջը բերում է մեզ մոտ, չորրորդ սենյակը պետք է կարգի բերել: Քրիստին, զբաղեցրու գերմանացի սպային, կարևոր մարդ է: Թռիր տեղիցդ, մոտեցիր նրան:
ՔՐԻԱՏԻՆ — Զզվում եմ դրանցից, ստո՛ր օկուպանտներ:
ԻՎՈՆՆԱ — Ձա՛յնդ, կամա՛ց, կլսի: Մեր գործում բոլոր տղամարդիկ էլ օկուպանտ են: Վեր կաց, հրավիրիր պարի:
Ներսի սենյակից դուրս են գալիս Պիաֆն ու Սիմոնան, պատրաստվում են գնալ:
ՊԻԱՖ — Սիսի, քարտուղարուհուս զգուշացրու, որ կվերադառնամ առավոտյան: (Վերցնում է թիկնոցը:)
ՍԻՄՈՆԱ — Քարտուղարուհի ես պահո՞ւմ:
ՊԻԱՖ — Սո՛ւս մնա, ես հիմա գործարար կին եմ: Մադամ Պիաֆ:
ՍԻՄՈՆԱ — Ճիշտ ես անում: Բարդակը ամենահարմար տեղն է քարտուղարուհի պահելու համար: Ի՞նչ ես անում, խալաթով ես գալի՞՛ս:
ՊԻԱՖ — Ա՛հ, հերն էլ անիծած: Գնացինք:
Ներս են մտնում գերմանացի երկու սպա: Ներկա մի զինվորն անմիջապես ոտքի է կանգնում. «Հա՛յլ»:
ՇՎԱՐՑԿՈՖ — Մադամ Պիա՞ֆ: Էդիտ Ջովանա Գասիոն:
ՊԻԱՖ — Այո, դա իմ ազգանունն է:
ՀԵՖԿԵ — (աղջիկներին): Ազատեք սրահը… Արա՛գ, արա՛գ: Գնացեք ձեր սենյակները: Դուք էլ, մադմուազել:
ՊԻԱՖ — Նա իմ քույրն է:
ՀԵՖԿԵ — Սիմոնա Բերտո: Դա մեզ հայտնի է: Դուրս եկեք:
Սիմոնան դուրս է գալիս:
ՊԻԱՖ — Որտեղի՞ց գիտեք Սիմոնային:
ՀԵՖԿԵ — Նստեք, մադամ Պիաֆ:
ՊԻԱՖ — Ի՞նչ է պատահել…
ՇՎԱՐՑԿՈՖ — Դուք երեկ ելույթ եք ունեցել ԱԲՍ-ում, ճի՞շտ է:
ՊԻԱՖ — Ասենք թե, հետո՞:
ՇՎԱՐՑԿՈՖ — Այո կամ ոչ:
ՊԻԱՖ — Սա ի՞նչ է, հարցաքննությո՞ւն:
ՇՎԱՐՑԿՈՖ — Դուք ելույթ եք ունեցել ֆրանսիական դրոշի ֆոնի վրա, որ ծածանվում էր բեմով մեկ: Ի՞նչ էիք ուզում ասել: Դա ի՞նչ էր նշանակում:
ՊԻԱՖ — Ֆրանսիան իմ հայրենիքն է:
ՇՎԱՐՑԿՈՖ — Ախ, այդպե՜ս… Լավ: Երեկ դուք երգել եք «Որտեղ են իմ ընկերները» վերնագրով մի երգ, որը…
ՊԻԱՖ — Երգել եմ ու պիտի երգեմ:
ՇՎԱՐՑԿՈՖ — (քմծիծաղով): Ոչ, մադամ Պիաֆ: Դուք այլևս այդ երգը չեք երգի: Ձեր երկիրը ծունկ է չոքել հզոր Գերմանիայի առաջ: Մենք ենք այստեղ տերը, մենք ենք այստեղ թելադրում տիրոջ իրավունքով: Դուք կհանեք ձեր ռեպերտուարից այդ հայրենասիրական երգը:
ՊԻԱՖ — Ես սիրում եմ այդ երգը:
ՇՎԱՐՑԿՈՖ — Ձեր ասպարեզը սերն է, սիրո մասին էլ երգեք: Հեռու մնացեք քաղաքականությունից:
ՊԻԱՖ — Ես ֆրանսուհի եմ, իմ երկիրը ծանր օրեր է ապրում: Ես երգում եմ, ինչ զգում եմ, ինչ հուզում է ինձ: Իսկ այս պահին ինձ հուզում է իմ երկրի վիճակը:
ՇՎԱՐՑԿՈՖ — Դուք ստիպված կլինեք հրաժարվել այդ երգից:
ՊԻԱՖ — Ոչ:
ՇՎԱՐՑԿՈՖ — Այդ դեպքում մենք երգը հայտարարում ենք արգելված:
ՀԵՖԿԵ — Խելամիտ եղեք, մադամ Պիաֆ: Ես հիացած եմ ձեր արվեստով ու չէի ուզենա, որ անախորժություններ ունենաք:
ՊԻԱՖ — Խելամի՞տ… (Ծիծաղում է:) Իմ ծննդյան պահից սկսած` ինձ անծանոթ է այդ բառը: Ես անխոհեմություն եմ ունեցել ծնվել մայթի վրա, իսկ առաջին խանձարուրս եղել է ոստիկանի պիջակը:
ՇՎԱՐՑԿՈՖ — Այդ բոլորը մեզ հայտնի է: Գեստապոյում ձեր դոսյեն կա, ինչպես բոլոր անվանի ֆրանսիացիներինը: Ձեր հայրը փողոցային ակրոբատ էր, ձեր մայրը հարբեցող է, փողոցային կին: Դուք ամուսնացել եք անչափահաս տարիքում, ունեցել եք մի աղջիկ, որը մահացել է մեկուկես տարեկան հասակում: Դուք ձեր կյանքը անց էիք կացնում գիշերային խրախճանքներում, իսկ երեխան օրերով տանը մնում էր մենակ, անխնամ ու սոված, որի պատճառով էլ մահացավ: Դուք եք սպանել նրան, մադամ:
ՊԻԱՖ — Ձեզ ո՞վ է թույլ տվել… Դա ճիշտ չէ, ես…
ՇՎԱՐՑԿՈՖ — Մեզ մոտ, մադամ, միայն ստույգ տեղեկություններ են գրանցվում: Դա ճիշտ է: Դուք ոչ կարգին զավակ եք եղել ձեր ծնողների համար, ոչ կարգին մայր` ձեր զավակի համար:
ՊԻԱՖ — Դուք իրավունք չունեք… Ես… ես… Իմ անձնական կյանքը ձեզ չի վերաբերում: Ո՞վ եք դուք: Ես ստիպված էի փող վաստակել Սեսիլի համար… Ես ստիպված էի նրան մենակ թողնել… (Հուզվում է:)
ՇՎԱՐՑԿՈՖ — Հիմա է՞լ եք ստիպված: Դուք լողում եք ոսկու մեջ, իսկ ձեր մայրը փող է մուրում փողոցներում: Թերթերի ու խմբագրությունների դռներն է ծեծում, որ գոնե թերթերի միջոցով արթնացնի ձեր խիղճը:
ՊԻԱՖ — Նա իմ մայրն է միայն փաստաթղթերով: Իմ մեջ նրան թաղել եմ վաղուց, այն օրը, երբ ինձ լքեց: Այդ օրը ես մի ամսեկան էի, պարո՜ն:
ՇՎԱՐՑԿՈՖ — Դուք մեզ ֆաշիստ եք հորջորջում: Մինչդեռ իսկական ֆաշիստները սփռված են աշխարհով մեկ, մադա՜մ, որոնցից մեկն էլ դուք եք: Ֆաշիստ լինելու համար պարտադիր չէ կուսակցության պատկանել կամ համազգեստ կրել: Այո… Աստված թափթփված է, նա անփութորեն է ցանում տաղանդի սերմերը: Խալերի նման: Ում կկպնի` կկպնի: Ոչ մի ընտրություն, ոչ մի համակարգում: Տարերայնորեն ներքև է նետում, առանց հաշվի առնելու, թե ո՞վ է այն մարդը, որին շնորհում է իր աստվածային կայծը: Եվ հաճախ դրանք ընկնում են ոչնչությունների վրա: Շատերը կքում, կռանում ու ոչնչանում են տաղանդի բեռից: Նրանց ուժերից վեր է այդ ծանրությունը: Դա չէ՞ պատճառը, որ հանճարները պատեպատ են զարկում իրենց, խմում, դառնում թմրամոլ, ինքնասպան լինում կամ մսխում կյանքը, որը նույն ինքնասպանությունն է: Գուցե դա՞ էլ Աստծո կողմից մարդուն պատժելու ձև է: Մինչդեռ կան մարդիկ, որոնք արժանի են դրան, որոնք ի զորու են կրելու այդ բեռը` տաղանդը, թեթևորեն կրելու և արժանապատվությամբ տանելու: Ինչպես, օրինակ, Գյոթեն: Դուք մեծ երգչուհի եք, ես չեմ ուրանում, բացառիկ երևույթ: Այն, ինչին ականատես եղա երեկ, ձեր համերգի ժամանակ, դուրս էր բանականության սահմաններից: Անհնարին մի բան, բայց ակնհայտ: Դուք տեղ-տեղ ֆալշ էիք երգում, մոռանում բառերը, դուք ոչ մի տվյալ չունեք բեմի համար, բայց դահլիճը հիպնոսացել էր ձեր երգից: Այդ թվում` նաև ես:
ՊԻԱՖ — Ես ֆալշ չեմ երգում, դուք ի՞նչ եք հասկանում երաժշտությունից:
ՀԵՖԿԵ — Նա դիրիժոր է, մադամ Պիաֆ: Մինչև պատերազմը ղեկավարել է Բեռլինի հայտնի նվագախմբերից մեկը:
ՊԻԱՖ — Դո՞ւք… դիրիժո՞ր: Ի՞նչ է ձեր անունը:
ՇՎԱՐՑԿՈՖ — Իմ անունը ձեզ ոչինչ չի ասի: Ես հրաժարվեցի երաժշտությունից: Ցավոք սրտի, ես հասկացա, որ ոչ Բեթհովեն կդառնամ, ոչ էլ Ֆերենց Լիստ: «Կամ ամեն ինչ, կամ ոչինչ». սա է իմ սկզբունքը:
ՀԵՖԿԵ — Համեցեք… (Սիգարեթ է հյուրասիրում Պիաֆին:)
ՊԻԱՖ — Շնորհակալ եմ… Հա՛, Բեթհովենը լավ կոմպոզիտոր է:
ՇՎԱՐՑԿՈՖ — (սարկազմով): Իհարկե, իսկ Գյոթեն` լավ բանաստեղծ:
ՀԵՖԿԵ — Ցտեսություն, մադամ Պիաֆ: Այլևս չերգեք այդ երգը: Խորհուրդ եմ տալիս որպես երկրպագու և բարի կամեցող:
ՊԻԱՖ — Լավ: Հաջորդ համերգին ես կհայտարարեմ, որ ռեյխը արգելել է այդ երգը, և ամբողջ Փարիզը կծիծաղի ձեզ վրա:
ՇՎԱՐՑԿՈՖ — Այստեղ գալուց առաջ համոզված էի, որ ձեր հարցում էլ ճիշտ եմ դուրս գալու: Պիտի ասեմ, որ հուսախաբ չարիք: Ձեր հանճարեղությունը Աստծո անփութության հետևանքն է: Մնաք բարով, մադամ: Տեսեք` ինքնասպան չլինեք հանկարծ:
ՊԻԱՖ — Դուք աշխարհի ամենադաժան մարդն եք, պարոն: Անսիրտ ու անհոգի:
ՇՎԱՐՑԿՈՖ — Դուք աշխարհի ամենամեծ երգչուհին եք, մադամ: Բայց դա չի խանգարում անսիրտ լինել ձեր մոր նկատմամբ: Իսկ Շոպենն ու Շումանը ինձ չեն խանգարում սպա լինել գեստապոյում: Մեր միջև առանձնապես տարբերություն չեմ տեսնում: Ցտեսություն:
Գնում են: Դադար: Հեռախոսազանգ: Ներս է մտնում Սիմոնան:
ՍԻՄՈՆԱ — Չես լսո՞ւմ: (Վերցնում է հեռախոսը:) Ալո… Ո՞վ: Այո: (Կախում է:) Էդիտ… Մեր հայրդ մեռել է:
ՊԻԱՖ — (ցրված): Ա՜, Սիմոնա: Դո՞ւ ես…
ՍԻՄՈՆԱ — Պապա Լուին մեռել է, Էդիտ:
Լռություն:
ՊԻԱՖ — Իմ խեղճ ծաղրածու:
Սիմոնան տագնապահար հայացքով հետևում է Պիաֆին, որը մոտենում է գրամաֆոնին, դնում ձայնասկավառակը: Հնչում է «Կլոուն» երգը: Մթություն:
ԱՐԱՐՎԱԾ ՀԻՆԳԵՐՈՐԴ
Պիաֆի հյուրասենյակը: Պիաֆը հրահանգներ է տալիս աղջիկներին, որոնք արագ-արագ ներս ու դուրս են անում` զարդարելով սենյակը: Զգացվում է, որ Պիաֆի տանը պատրաստվում են ինչ-որ կարևոր իրադարձության: Միշելը հետևում է Պիաֆին` նոտաները ձեռքին:
ՊԻԱՖ — Երկար է, ձգված է ոետինի նման:
ՄԻՇԵԼ — Ի՞նչը:
ՊԻԱՖ — Քրիստին, մոմակալներն այստեղ բեր: (Միշելին.) Ինձ ճիչ է պետք: Ես չեմ ուզում հալած մոմի պես արցունքներ լղոզվեն երեսիս… (Ցույց է տալիս նոտաների վրա:) Այ, այստեղ հանկարծ, շատ հանկարծ երգը պիտի կտրվի: Սիսի՛, սեղանը գցեք: Ափսեները շարեք, թող ամեն ինչ պատրաստ լինի:
ՄԻՇԵԼ — Ինչո՞ւ… (Թոթվում է ուսերը:)
ՊԻԱՖ — Սիսի՛, միրգը մեծ սկուտեղի մեջ բեր: Դա հետ տար: Ամենամեծ սկուտեղով, հասկացա՞ր: Նա բռնցքամարտիկ է, պետք չէ նրա առաջ ծտի կեր դնել: Հետ տար մրգամանը: (Միշելին.) Ի՞նչը` ինչու:
ՄԻՇԵԼ — Ինչո՞ւ պիտի այստեղ ընդ-հատվի:
ՊԻԱՖ — Որովհետև, եթե աղջիկը շարունակի երգել, կսկսի հեկեկալ: Հասկացա՞ր:
ՄԻՇԵԼ — Թող հեկեկա:
ՊԻԱՖ — (անսպասելի բղավում է): Չպիտի՛ հեկեկա: Նրա հեկեկոցը այստե՛ղ է, այստե՛ղ… (Բռունցքով խփում է սրտին:)
ՄԻՇԵԼ — Լավ, լավ, հասկացա:
ՊԻԱՖ — (Ժանետին): Ո՛չ, ծաղիկները` դաշնամուրի վրա: Սեղանի վրա ինչո՞ւ ես ծաղիկներ դնում, արածելո՞ւ ենք:
ՄԻՇԵԼ — Իսկ ժեստե՞րը: Ժեստերի մասին մտածե՞լ եք:
ՊԻԱՖ — Ժեստը ինքն իրեն կգա:
ՄԻՇԵԼ — Ես կարծում էի, թե դուք հայելու առջև փորձում եք ձեր ժեստերը: Դրանք այնքան ազդեցիկ են, որ…
ՊԻԱՖ — (ծիծաղելով): Սիրելիս, ես խեղկատակ չեմ, որ կանգնեմ հայելու առջև ու ծամածռություններ անեմ: Չէ, ես երկար եմ կանգնում հայելու առջև, բայց ուրիշ բանի համար: Արտաքին թերություններս կոծկելու նպատակով: Նայիր, ի՞նչ է տվել ինձ Աստված. սմքած կուրծք, կախված հետույք, Էյֆելյան աշտարակի չափ բարձր ճակատ, թքով կպցրած մազեր: Սա ինչի՞ է նման… Նայի՛ր: Ծուռտիկ ոտքեր… բավականին օգտագործված մարմին:
ՄԻՇԵԼ — Ի՞նչ եք ասում, մադամ Պիաֆ: Դուք գեղեցիկ եք:
ՊԻԱՖ — Ես, իհարկե, հասկանում եմ, որ տղամարդ կոչվածի համար սա էլ շատ-շատ է: Բայց դա չի նշանակում, թե Միլոսյան Վեներան եմ:
Ներս է մտնում Սիմոնան` ճամպրուկը ձեռքին:
ՊԻԱՖ — Սիմոնա՞…
ՍԻՄՈՆԱ — Հերթական անգամ դուրս արեցիր տնից, հերթական անգամ վերադարձա: Կարծում ես` ինքնասիրություն չունե՞մ:
ՊԻԱՖ — Սիմոնա… Ո՜նց եմ կարոտել քեզ: Միշել, ազատ ես: Սիմոնա՜… (Ուզում է գրկել:)
Միշելը դուրս է գալիս:
ՍԻՄՈՆԱ — Սպասի՛ր… (Հետ է քաշվում:) Կարծում ես` ինքնասիրություն չունե՞մ: Բայց ես վերադառնում եմ, որովհետև դու իմ կարիքն ունես: Ինձ համար չեմ վերադարձել, քե՛զ համար եմ վերադարձել: Դու առանց ինձ չես կարող: Հանկարծ չմտածես, թե…
ՊԻԱՖ — Չեմ մտածի, չեմ մտածի: Թող գրկեմ քեզ: (Գրկախառնվում են:) Տեր Աստված… Սիմոնա… Ինչ լավ արիր, որ եկար: Ես այնքան բան ունեմ քեզ պատմելու:
ՍԻՄՈՆԱ — (ընդհատելով): Բայց սա վերջին անգամն է, լավ իմացիր: Եթե մի անգամ էլ ինձ վտարես, էլ երեսս չես տեսնի: Հիշի՛ր: Մինչև մահ: Լսեցի՞ր:
ՊԻԱՖ — Լսեցի, լսեցի: Հարյուր անգամ լսել եմ: Դե, պատմիր, ո՞նց ես, ո՞ւր էիր, որտե՞ղ էիր, Սիմոնա, ես սիրահարվել եմ:
ՍԻՄՈՆԱ — Ես էլ, դա նախանցյալ տարի էր:
ՊԻԱՖ — Ախ, Աիմոնա, եթե իմանաս` ով է, եթե իմանաս…
ՍԻՄՈՆԱ — Իմն էլ արտասովոր տղամարդ էր: Էդիտ, չես պատկերացնի` ինչ տղամարդ էր:
ՊԻԱՖ — Ես երջանիկ եմ: Ես նրան հանդիպեցի…
ՍԻՄՈՆԱ — Ես նրան հանդիպեցի երեք տարի առաջ, Կասաբլանկայում: Պառկած էի ծովի ափին, ավազի վրա ու նայում էի երկնքին:
ՊԻԱՖ — Նա երկնագույն կոստյում էր հագել: Սկզբում տեսա թիկունքից: Նրա թիկունքը խենթացրեց ինձ: Կարծես քանդակ լիներ: Ես զգացի, որ…
ՍԻՄՈՆԱ — Թեթև քամի փչեց: Ես մենակ էի:
ՊԻԱՖ — Նրա աչքերը փայլում էին:
ՍԻՄՈՆԱ — Մենք համբուրվեցինք, ու նա ասաց իր անունը` Մարսել:
ՊԻԱՖ — Պարզվեց, որ նա բռնցքամարտիկ է:
ՍԻՄՈՆԱ — Նա բռնցքամարտիկ էր… Ինչ ասացի՞ր…
ՊԻԱՖ — Ի՞նչը…
ՍԻՄՈՆԱ — Բռնցքամարտի՞կ… Անունը ի՞նչ է: Ի՞նչ ասացիր, չլսեցի:
ՊԻԱՖ — (զայրացած): «Չլսեցի»… Ես քեզ պատմում եմ իմ սիրո մասին, իսկ դու լսելու փոխարեն ինչ-որ անհասկանալի բաներ ես զառանցում: Մարսե՛լ: Մարսե՛լ Սերդան է նրա անունը: Ի՞նչ եղավ քեզ: Չէի՞ր սպասում, որ այդպիսի տղամարդ ինձ բաժին կընկնի: Այո՛: Իմն է: Մարսել Սերդանը… Չե՞ս ճանաչում նրան:
ՍԻՄՈՆԱ — Չէ… այսինքն… Չէ:
ՊԻԱՖ — Մոմոնա, նրան բոլորն են ճանաչում: Նա աշխարհահռչակ է: Ախ, Մոմոնա… Թերթ չես կարդում: Գիտե՞ս, ինչ սիրտ ունի Մարսելը: Մի անգամ, խանդի նոպայի մեջ ընկա, դուրս եկա տնից ու որոշեցի ծածուկ հետևել նրան: Նա մի քանի օր նույն ժամին ինչ-որ տեղ էր գնում: Կասկածը սիրտս ընկավ: Եվ ի՞նչ պարզվեց… Ամոթից գետինը մտա: Պարզվեց, որ ամեն օր նույն ժամին ակնաբույժի մոտ է տանում իր հին ծանոթին, որը համարյա կուրացել էր: Դա մի աղքատ ու ծեր բռնցքամարտիկ էր Կասաբլանկայից: Ինչո՞ւ ես գունատվել: Ինչո՞ւ ես ինձ այդպես նայում: (Դադարից հետո:) Տեր Աստված, այս ի՞նչ տեսք ունես: Հանվի՛ր, արա՛գ: Հանվի՛ր…
ՍԻՄՈՆԱ — Ի՞նչ ես անում, թո՛ղ:
ՊԻԱՖ — Հանվիր, մտիր լողացիր: Նրա ինքնաթիռն արդեն օդում է: Մարսելը չպետք է քեզ այս տեսքով տեսնի: Դու իմ քույրն ես: Ես քեզ նոր շորեր կտամ: Հանվի՛ր, ասացի:
ՍԻՄՈՆԱ — Նա ե՞րբ է գալիս: Այսօ՞ր… հիմա՞:
ՊԻԱՖ — Սիմոնա, դու կորցրել ես լսելու կարողությունդ: Մարսելը Նյու Յորքում էր, ես հեռագրեցի, որ անմիջապես վերադառնա: Մրցումները վերջացել են, ավելորդ տեղն ինչո՞ւ մնա Նյու Յորքում: Մեր սպորտսմենները գալիս են վաղը, բայց ես պահանջեցի, որ Մարսելը գա այսօր: Դու հո ծանոթ ես իմ անհամբեր բնավորությանը: Հանիր շորերդ… Լոգարանում տաք ջուրը պատրաստ է:
ՍԻՄՈՆԱ — (հանելով թիկնոցը): Հա, տաք ջուրը չէր խանգարի, մանավանդ, որ սառն արդեն լցրիր գլխիս:
ՊԻԱՖ — Այսի՞նքն… Ի՞նչ ես ուզում ասել:
ՍԻՄՈՆԱ — Հեչ: Նրա համար սվիտր գործո՞ւմ ես:
ՊԻԱՖ — Վերջացնելու վրա եմ: Վիզն է մնացել: Թելը պրծավ, չհերիքեց:
ՍԻՄՈՆԱ — Լավ նշան չի: (Գնում է դեպի դուռը:)
ՊԻԱՖ — Չկռռաս: Ես վախենում եմ քեզնից:
ՍԻՄՈՆԱ — Աշխատիր ուշ ավարտել գործվածքդ: Քո սիրավեպերը վերջանում են վիզը վերջացնելու հետ միասին:
ՊԻԱՖ — Չսկսես, Մոմոնա: Մտիր լոգարան… Օձի լեզու ունի:
ՍԻՄՈՆԱ — (դուրս է գալիս, ապա` կրկին հայտնվելով ու անհետանալով): Դա իմ միակ զենքն է այս աշխարհում: Քեզ նման փողի ու փառքի մեջ չեմ լվլվում: Ստիպված եմ լեզու բանեցնել:
Հեռախոսազանգ:
ՊԻԱՖ — Ալո՞… Ալո: Այո, Պիաֆն է: Ի՞նչ լուր… Հայտնե՛ք: Դե ասեք, մի՛ ծամծմեք: Հարգելիս, ամբողջ կյանքս վատ լուրերի հեռագրասյուն է եղել: Ես պինդ եմ, կդիմանամ: Ասե՛ք… Ի՞նչ է, մա՞յրս է մահացել: Ո՞չ… (Ճչում է:) Չի՛ կարող պատահել, ստո՛ւմ եք… Ի՞նչ ավիավթար, ի՞նչ ինքնաթիռ… Մարսել… Տեր Աստված… Մարսել… (Լսափողը սահում է նրա ձեռքից:) Չէ, դա անհնար է… Չի կարող պատահել… (Թուլացած նստում է:) Մարսել…
Ներս է մտնում Սիմոնան կիսամերկ, ցամքոցով փաթաթված:
ՍԻՄՈՆԱ — Հը՞… Ի՞նչ է եղել: Ճչացի՞ր, թե՞ ինձ թվաց:
ՊԻԱՖ — Չէ… Թյուրիմացություն է: Չի կարող պատահել… Չի կարող պատահել…
ՍԻՄՈՆԱ — Պարզ է: Ստիպված ես սվիտրը քանդել: Այդ թելից երկու ժիլետ դուրս կգա: (Դադար: Պիաֆը քարացած նայում է նրան:) Ի՞նչ… ի՞նչ ասացի, որ…
ՊԻԱՖ — (անսպասելի հարձակվում է Սիմոնայի վրա): Հրե՛շ… Ինչո՞ւ վե-րադարձար, դու միշտ դժբախտություն ես բերում, ինչո՞ւ վերադարձար… (Ծեծում է:) Ինչո՞ւ… ի՞նչ ես ուզում ինձանից, հրե՛շ… հրե՛շ, հրե՛շ, հրե՛շ… (Ծեծում է:)
ՍԻՄՈՆԱ — Խելքդ թռցրի՞ր… Ուշքի արի, աննորմա՛լ: (Հրում է Պիաֆին:) Խելա՛ռ… Աշխարհը չվերջացավ Մարսելով: Թող հեռանա, ի՞նչ ես քեզ կոտորում: Առաջին անգամը չի, որ քեզ լքում են: Կարևորն այն է, որ ես եմ կողքիդ:
ՊԻԱՖ — Նա մահացել է:
ՍԻՄՈՆԱ — Մահացե՞լ…
ՊԻԱՖ — Հա… (Հեկեկում է:) Մարսելը չկա… (Աղոթքի պես:) Տեր Աստված, ես էլ ուժ չունեմ դիմանալու… Ինչքա՞ն, ախր… Մինչև ե՞րբ` այսպես: Չէ՞ որ երկաթից չեմ, Տեր Աստված: Համաձայն եմ, տուր ինձ այնքան ցավ, որն ի վիճակի եմ տանել: Բայց դրանից ավելի ինչո՞ւ ես տալիս: (Ոռնում է:) Ի՞նչ է ուզածդ… Մինչև ե՞րբ` այսպես: Մինչև ե՞րբ պիտի խոշտանգես ինձ: Սիրտս քրքրել ես արդեն: Բզկտված է, էլ սիրտ չկա… Մինչև ե՞րբ, հանուն ինչի՞, ո՞ր մեղքիս համար, ինչի՞ համար…
ՍԻՄՈՆԱ — Որ նոր երգ ծնվի քո մեջ, մի նոր մեղեդի:
ՊԻԱՖ — (սարսափած նայում է նրան): Ես հասկացա… Դու… Դու իմ ճակատագիրն ես: Դու ինձ երբեք բաց չես թողնելու: Դու բռնել ես իմ կոկորդից:
ՍԻՄՈՆԱ — Ինչե՞ր ես դուրս տալիս: Արի, պառկիր, դողացնում ես…
ՊԻԱՖ — (վախեցած հետ է քաշվում նրանից:) Դու չես հանգստանա, մինչև կաթիլ առ կաթիլ չքամես իմ արյունը: (Մատը երկինք պարզելով:) Նա՛ է դրել քեզ իմ կողքին: Դու Նրա՛ ուղարկածն ես: Դրա համար էլ պոկ չես գալիս ինձնից, դրա համար էլ շարունակ քո կարիքն եմ զգում, չեմ կարողանում բաժանվել քեզնից, ատում եմ, ատում եմ ու սիրում: Բավական է, որ բերանս բացեմ, դու արդեն գիտես, թե ինչ եմ ասելու: Գիսաստղի պես անհետանում ես, աղետի պես հայտնվում… Եվ միշտ` ճիշտ ժամանակին:
ՍԻՄՈՆԱ — Արի, պառկիր, քնաբեր կտամ…
ՊԻԱՖ — (անկենդան աչքերով, խռպոտ ձայնով): Քույր… Ի՞նչ է նշանակում «Քույր»: Այնքան նման ինձ, որ հաճախ մեզ շփոթում են: Գուցե դու` ե՜ս եմ… Քույր… (Շեշտակի նայում է Սիմոնային:) Ո՞վ ես դու…
ՍԻՄՈՆԱ — Խնդրում եմ, մի խելագարվիր: Արի…
ՊԻԱՖ — Հեռո՛ւ… Դու դատապարտված ես ինձ հետ անցնելու իմ ճանապարհը: Մինչև վերջ: Դու դատապարտված ես քայլել իմ հետևից, որ Նրա հանձնարարությամբ հրես ինձ, վայր գցես, երբ հանկարծ ժպիտ հայտնվի դեմքիս: Ու ես շարունակ պիտի ընկնեմ, ծնկներս ջարդեմ ու ճամփաս քայլեմ` քթիցս արյուն չռռալով: Մինչև որ ժպիտս դառնա ծուռ, խեղված, արնոտ ու ցեխոտ… Մինչև որ շունչս փչեմ ու փռվեմ գետնին` մաշված, քրքրված տիկնիկի պես: (Դադար:) Որովհետև Նա այդպես է որոշել: Դու մեղավոր չես…
ՍԻՄՈՆԱ — Էդիտ…
ՊԻԱՖ — (ժեստով): Հեռո՛ւ… Չմոտենա՛ս:
Պիաֆը դանդաղ քայլում է դեպի բեմի խորքը:
ՍԻՄՈՆԱ — Էդիտ…
Պիաֆն ուշաթափվում է: Մթություն:
ԱՐԱՐՎԱԾ ՎԵՑԵՐՈՐԴ
Բեմն անփոփոխ է: Աղջիկները հավաքում են այն ամենը, ինչ բերել էին նախորդ տեսարանում և նախապատրաստում են բեմը հաջորդ տեսարանի համար, որի ընթացքում բեմը հետզհետե դառնում է համատարած սպիտակ` վերածվելով հիվանդասենյակի:
ԺԱՆԵՏ — Փոստը բերեցին: Նամակների մի ամբողջ կույտ է գոյացել: Ի՞նչ անեմ… (Հավաքում է սենյակը:)
ՍԻՍԻ — Անօգուտ բան է, միևնույն է, նա կարդալ չի կարող: (Դուրս է տանում փուչիկները:)
ԺԱՆԵՏ — Ես կկարդամ նրա համար:
ՔՐԻՍՏԻՆ — Ի՞նչ ես խոսում: Այդ ցավերի մեջ որ քեզ նամակ կարդային` բան կհասկանայի՞ր: Գլուխը վիրակապերի մեջ է: Նա կամ քնած է, կամ ոռնում է ցավից: Երրորդ վիճակ չկա:
ԺԱՆԵՏ — Նրան անընդհատ մորֆի են սրսկում, հա՞:
ՔՐԻՍՏԻՆ — Գիտե՞ս, ինչ կատարվեց ինձ հետ համերգի ժամանակ: Էդիտը դուրս եկավ բեմ, նրան ողջունեցին օվացիաներով: Նվագախումբն սկսեց նվագել, բայց նա կարծես ոչինչ չէր լսում: Քրտինքը հոսում էր դեմքի վրայով` մաքրելով գրիմը: Լուսարձակի լույսը նրա վրա էր, ու նա տանջվում էր այդ լույսից: Քար լռություն տիրեց: Նվագախումբը կրկին սկսեց նվագել, սկզբից… Էդիտն օրորվեց ու կառչեց միկրոֆոնից, որ չընկնի: Դահլիճը ծիծաղեց:
ԺԱՆԵՏ — Հետո՞… Նա ընկա՞վ բեմի վրա:
ՔՐԻՍՏԻՆ — Չէ: Ավելի լավ կլիներ, եթե ընկներ: Օրորվում էր միկրոֆոնի հետ միասին… Տեսե՞լ ես, ինչպես է տատանվում նավի կայմը ալեկոծության ժամանակ: Դահլիճը ծիծաղում էր: Դե արի ու էդ սրիկաներին բացատրի, որ այդ կինը երկու ավտովթար է տարել ու ստամոքսի խոցի չորս ժամանոց վիրահատություն… Էդիտը որոշել էր բեմ դուրս գալ առանց մորֆիի: Խայտառակ տապալում էր: Էդիտը հեկեկում էր: Ինչ-որ կցկտուր բառեր էր ասում… Մենք մոտ էինք նստած, կարողացա տարբերել միայն երկու բառ… «Մարսել… Մարսել…»:
ՍԻՍԻ — Հետաքրքիր է, ո՞ւմ նկատի ուներ: Սերդանի՞ն, թե՞ իր երեխային: Նրա երեխայի անունն էլ էր Մարսել: Մարսել էր, չէ՞:
ԺԱՆԵՏ — Ինչի՞ց է մահացել: (Երկուսով սավան են փռում:)
ՍԻՍԻ — Չգիտեմ:
ՔՐԻՍՏԻՆ — Ես էլ չգիտեմ: Երևի սովից: Մի անգամ փորձեցի խոսք բացել, բայց Սիմոնան հայացքով այնպես սաստեց, որ մեխվեցի տեղում ու սսկվեցի: Հետո զգուշացրեց ինձ, որ Էդիտի մոտ երբեք այդ թեմայով չխոսեմ: «Դա տաբու է»,- ասաց:
ԺԱՆԵՏ — Մի անգամ, երբ նրան ասացի. «Ուզում եմ քեզ ամուսնացած ու երջանիկ տեսնել», նա պատասխանեց. «Ես ամուսնացած եմ, Ժանետ, իմ ամուսինը հանդիսատեսն է»:
ՔՐԻՍՏԻՆ — Հանդիսատեսը նրան ավելի լավ է հասկանում, քան որևէ տղամարդ: Երբեք չեմ մոռանա, վիրահատությունից հետո էր… Բոլորը նրան աղաչում էին հրաժարվել համերգից: Նույնիսկ Սիմոնան: Բայց նա անդրդվելի էր: «Եթե չերգեմ` կսատկեմ»,- ասաց ու գնաց բեմ: Անտիբիոտիկներից դեմքը ուռել էր, նման էր դիմակահանդեսի տիկնիկի, որ մի փոքր հիշեցնում էր Էդիտ Պիաֆին: Երգեց առաջին երգը, երկրորդը, երրորդը… Հետո թուլացավ: Որպեսզի չընկնի, հենվեց դաշնամուրին: Երկու մարդ էին կռվում նրա մեջ այդ համերգի ժամանակ` մեռնող կինը և համառ երգչուհին: Դա իսկական մենամարտ էր: Ամեն երգը նոր ռաունդ էր: Վեցերորդ երգի ժամանակ հանկարծ դահլիճը գոռաց. «Չհանձնվե՛ս, Էդիտ, չհանձնվե՛ս»: Էդիտը ժպտաց ու բղավեց. «Ես սիրում եմ ձեզ, դուք իմ կյանքն եք…»: Ու սկսեց երգել: Դա այնքան անկեղծ էր: Բեմի բանվորներից սկսած` բոլորն արտասվում էին կուլիսներում: Էդիտը երգեց ութերորդ երգը: «Չհանձնվե՛ս, Էդիտ, չհանձնվե՛ս…», դարձյալ բղավեց դահլիճը: Ինչպես բռնցքամարտիկին են բղավում, ոգևորում: Բայց մենամարտի ելքը կանխորոշված էր: Հիվանդությունը հաղթեց… Իններորդ երգի ժամանակ նա ընկավ` նոկաուտ: Ընկավ ու մնաց ընկած: Շշուկ չլսվեց դահլիճից: Դահլիճը դատարկվեց քար լռության մեջ: Լուռ ու անխոս` հանդիսատեսը ցրվեց: Բոլորը գլխահակ էին: Նրանք իրենց հետ տանում էին այդ կնոջ կսկիծն ու ցավը: Մի կնոջ, որ փորձում էր մինչև վերջին կաթիլը քամել իրեն ու տալ հանդիսատեսին ունեցած ամենաթանկ բանը` կյանքն ու իր երգերը:
Լռության մեջ պայթում է Պիաֆի ճիչը: Սրընթաց ներս են բերում ակներով մահճակալը, որի վրա ցավերից գալարվում է Պիաֆի մարմինը: Նա ոռնում է վիրավոր գազանի նման: Ներս է մտնում Հեֆկեն, հետևից` Սիմոնան: Երկուսն էլ սպիտակ խալաթով են: Պիաֆը վեր է թռչում տեղից, փորձում է փախչել: Երկու բժիշկ բռնում են նրան, ուժով պառկեցնում մահճակալին:
ՀԵՖԿԵ — Կապեք: Կապեք նրան:
ՊԻԱՖ — Ֆաշի՛ստ… ֆաշիստնե՛ր… բաց թողեք ինձ, թողե՛ք… (Քրիստինը կապում է նրա ձեռքերն ու ոտքերը: Տղամարդիկ ուժով պահում են Պիաֆին, որն անմարդկային աղաղակներ է արձակում:) Թողեք… վայրենիներ: Թողեք… Քրիստին, օգնիր ինձ… Խնդրում եմ… Սիմոնա… Բաց թողեք ինձ… Սիմոնա…
Պիաֆը շարունակում է գալարվել:
ՀԵՖԿԵ — Քնաբեր սրսկեք: (Սիմոնային.) Մի նայեք, այս կողմ եկեք: Նրան կրկնակի դոզա կսրսկեն, ու նա կքնի: Եկեք այս կողմ:
ՊԻԱՖ — Թողեք… Թողեք ինձ… Սիմոնա…
Պիաֆին սրսկում են:
ՊԻԱՖ — Տուն տար ինձ, Սիմոնա, աղաչում եմ… Սիմոնա… անխիղճներ… էլ չեմ դիմանում… Տեր Աստված… (Պիաֆի ձայնը մարում է:)
ՀԵՖԿԵ — (ներկաներին): Դուրս եկեք… (Բռնում է Պիաֆի զակերակը, լսում է:) Ամեն ինչ կարգին է: Ձեր քույրը միայն մի առողջ օրգան ունի` սիրտը: Ուզում եք մնալ նրա կողքի՞ն:
ՍԻՄՈՆԱ — (կռացած Պիաֆի վրա): Սա Էդիտը չէ: Չէ… Սա Էդիտը չէ:
ՀԵՖԿԵ — Ես ձեզ նախազգուշացրել էի: Դուք պետք է պատրաստ լինեիք: Թմրադեղերի ծարավը հատկապես սրվում է երրորդ, վեցերորդ, տասներկուերորդ և տասնութերորդ ամիսներին: Ձեր բախտը չի բերել: Դուք եկաք «առանց ասեղի» օրը:
ՍԻՄՈՆԱ — Սարսափելի է:
ՀԵՖԿԵ — Բոլորն էլ անցնում են այս ճանապարհը: Պետք է դիմանալ, եթե ուզում ես բուժվել:
ՍԻՄՈՆԱ — Նա կարծես անշունչ մսի կտոր լինի: Սա Էդիտը չէ…
ՀԵՖԿԵ — Նարկոմանիան, մադամ, դժոխային տոն է: Դա սատանայական կարուսել է, որի արագությունն ավելանում է օրըստօրե: Պտտվում է ավելի ու ավելի արագ… այնքան, մինչև շուրջդ ամեն ինչ սկսում է պտտվել, իրերը խառնվում են իրար, սվաղվում իրար մեջ: Ծխախոտ ուզո՞ւմ եք:
ՍԻՄՈՆԱ — Ոչ, շնորհակալ եմ:
ՀԵՖԿԵ — Նստեք: Համեցեք…
ՍԻՄՈՆԱ — Ձեր դեմքն ինձ ծանոթ է: Նախկինում չե՞նք հանդիպել: Ե-րեկվանից տանջվում եմ, չեմ կարողանում հիշել:
ՀԵՖԿԵ — Մի տանջվեք: Տարիներ առաջ երկու գեստապոյական եկան մադամ Պիաֆի մոտ: Հիշեցի՞ք:
ՍԻՄՈՆԱ — Այդ դո՞ւք եք:
ՀԵՖԿԵ — Այո: Մայրս ֆրանսուհի է: Պատերազմից հետո մնացի Ֆրանսիայում: Դեո այն ժամանակ օգնում էի Դիմադրության շարժմանը: Մասնագիտությամբ բժիշկ էի:
ՍԻՄՈՆԱ — Ձեզ հետ քննախույզ, ծակող աչքերով մի տղամարդ էլ կար, որին հետագայում հաճախ էր հիշում Էդիտը: Նա մեծ տպավորություն էր թողել Էդիտի վրա:
ՀԵՖԿԵ — Հա, Շվարցկոֆը: Ստույգ տեղեկություն չունեմ, մի անգամ, շատ պատահական լսեցի, որ տարվել է բուդդիզմով ու մեկնել արևելք… Հայտնի չէ, թե` ուր: Վերջերս էլ իմացա, որ մի քանի տարի առաջ ինքնասպան է եղել Հնդկաստանում, իրեն նետելով Արջունայի Սուրբ անիվի տակ: Կրոնական ինչ-որ տոնի ժամանակ: Չգիտեմ…
ՍԻՄՈՆԱ — (նայելով քնած Պիաֆին): Ե՞րբ կարթնանա:
ՀԵՖԿԵ — Սովորական մահկանացուներն այդ դոզայի տակ քնում են մի քանի ժամ: Բայց մադամ Պիաֆին դա չի վերաբերում: Կես ժամից:
ՍԻՄՈՆԱ — Իսկ կարուսելը մի օր կանգնելո՞ւ է: Հույս կա՞:
ՀԵՖԿԵ — Իհարկե: Նա պտտացնում է, բարձրացնում վեր, իջնում, նորից բարձրացնում ու թափով իջեցնում, նետում է անդունդը: Այդ օրն էլ հենց կանգ է առնում: Ցավալին այն է, որ այդ օրը սովորաբար համընկնում է մահվան օրվա հետ:
ՍԻՄՈՆԱ — Սարսափելի է: Սարսափելի է:
ՀԵՖԿԵ — Դրա համար էլ մեր հիվանդներին խիստ հսկողության տակ ենք պահում: Բոլոր այցելություններն արգելված են: Ձեզ բացառության կարգով թույլ տվեցի:
ՍԻՄՈՆԱ — Շնորհակալ եմ:
ՀԵՖԿԵ — Հիմա Պիաֆի համար ամենածանր շաբաթն է սկսվում: Միայն թե դիմանա: Եթե նույնիսկ մի ասեղ ընդունեց` տասնութ ամիսների մեր աշխատանքը ապարդյուն կանցնի: Մեր աշխատանքը` գրողի ծոցը, ափսոս են նրա տառապանքները: Աշխատեք սատար լինել նրան, կողքին եղեք, հսկողության տակ պահեք:
ՍԻՄՈՆԱ — (գլխով է անում): Հասկանում եմ:
ՀԵՖԿԵ — (դուրս գալով): Ափսոս է:
Սիմոնան մոտենում է Էդիտին, երկար նայում է, հետո սկսում է զգուշորեն արձակել նրա կապերը: Շոյում է Էդիտի գլուխը: Կռանում է, համբուրում ճակատը: Պիաֆը դանդաղորեն արթնանում է:
ՊԻԱՖ — (քնատ): Մոմոնա…
ՍԻՄՈՆԱ — Ես եմ, Էդիտ:
Դադար: Նայում են իրար:
ՊԻԱՖ — Մոմոնա, ինձ մենակ չթողնես:
ՍԻՄՈՆԱ — Չեմ թողնի, Էդիտ, չեմ թողնի:
ՊԻԱՖ — (նվաղած ձայնով): Մոմոնա, ես վախենում եմ… Հիմա նորից կսկսվի: Տեր Աստված, էս ինչ արի ես իմ կյանքի հետ… (Տնքում է:) Մոմոնա, սկսվում է… Կանչիր դրանց, կանչիր, աղաչում եմ… Թող գոնե մի ասեղ… (Տնքոցներն ուժեղանում են: Գլուխը թաղում է բարձի մեջ: Դիմադրում է ցավին:) Էլ ուժ չունեմ, ես չեմ դիմանա… (Ճչում է:) Օգնիր ինձ, Մոմոնա…
ՍԻՄՈՆԱ — Կամա՛ց: Չբղավես… Շը՜շ… (Նայում է շուրջը, գրպանից հանում է լիքը սրսկիչը:) Վերցրու… Էդիտ: (Պիաֆը ապշահար, աչքերին չհավատալով նայում է նրան:) Դե, արագացրու… հիմա ներս կգան, կտեսնեն…
Պիաֆը հափշտակում է, շրջվում է մեջքով դեպի դահլիճը և ներարկում: Սրսկիչը սահում է նրա ձեռքից, ընկնում ցած: Սիմոնան կռանում է, վերցնում, արագ թաքցնում է: Նայում է շուրջը: Մոտենում է Պիաֆին, գրկում թիկունքից: Պիաֆը թեթևացած շունչ է քաշում:
ՊԻԱՖ — Շնորհակալ եմ, Մոմոնա:
Քույրերը գրկախառնվում են: Պիաֆի ուսերն սկսում են ցնցվել:
ՊԻԱՖ — Ախ, Մոմոնա, չես պատկերացնի, թե ինչ ցավեր են: Ոնց որ գլխիդ մեջ լիքը սառույցի մանր, սուր կտորներ լինեն: Դրանք բոլոր կողմերից խրվում են ուղեղիդ մեջ, ծակում, ծակծկում… Ծակում, ծակում, ծակում… Բայց ամենամեծ ցավը գիտե՞ս որն է, Մոմոնա: Ամո՛թը: Դա ամենից ուժեղն է ծակում:
ՍԻՄՈՆԱ — Ոչ մի ամոթ բան չկա:
ՊԻԱՖ — Ի՞նչ անեմ, Մոմոնա: Ինձ ոչ մի բուժում արդեն չի օգնի:
ՍԻՄՈՆԱ — Միայն չփորձես նորից ինքնասպան լինել:
ՊԻԱՖ — Ինքնասպանությո՞ւն… Չէ՜: Այլևս երբեք: Ես Նրան… (Մատը երկինք պարզելով:) Ես Նրան այդպիսի նվեր չեմ անի: (Նայում է վեր:) Լսո՞ւմ ես, ապրելու եմ: Ի հեճուկս քեզ` ապրելու եմ: Ինչ էլ բերես գլխիս, ինչ էլ անես` ապրելու եմ: Արյուն թքելով, ցավերից կծկված, գալարվելով, աղերի կուտակումով, սպիերով, ծռված, կորացած, դեֆորմացված ոսկորներով… Ապրելու եմ: (Բղավում է:) Լսո՞ւմ ես, ապրելու եմ, չեմ մեռնելու: Քեզ այդպիսի նվեր չեմ անելու: Ուզածդ չի՛ լինելու, ապրելու եմ: Մինչև վերջ դիմանալու եմ: Ինչքան ուզում ես, բզկտիր ինձ` դիմանալու եմ, չե՛մ կոտրվելու, ապրելո՛ւ եմ: Երգելու եմ: Որ ձայնս էլ կտրվի` երգելու եմ: Որ կոկորդս էլ կտրես` երգելու եմ: Որ վերջին շունչս էլ առնես` երգելու եմ: (Ավելի ուժգին:) Ապրելու եմ… Մեռնելուց հետո էլ եմ ապրելու: (Ավելի ուժգին:) Ապրելու եմ… Երգելու եմ…
Բեմը հետզհետե մթնում է: Հնչում է Պիաֆի երգը:
ԱՐԱՐՎԱԾ ՅՈԹԵՐՈՐԴ
Անցումային տեսարան: Ներս է ընկնում լրագրավաճառ տղան` թերթերը ձեռքում թափահարելով:
ԼՐԱԳՐԱՎԱՃԱՌ — Գնեք թերթեր, պարոնայք… Սենսացիա՜, սենսացիա՜… Ռուսները մարդ են թռցրել տիեզերք… սենսացիա՜… Ռուսները մարդ են թռցրել տիեզերք… Գնեցեք թերթե՜ր…
Բեմի մի կողմից ներս են մտնում Նավաստին, Ծխամորճով մարդը, թերթ են գնում, դուրս գալիս մյուս կողմից:
ԼՐԱԳՐԱՎԱՃԱՌ — Սենսացիա՜, սենսացիա՜… Էդիտ Պիաֆը հիվանդանոցում է: Գնեցեք թերթեր… Պիաֆի մոտ հայտնաբերել են քաղցկեղ… Պիաֆի մոտ հայտնաբերել են քաղցկեղ… Գնեցեք թերթեր…
Իրար հետևից մտնում, թերթ գնում ու դուրս են գալիս խմբակային տեսարանների մասնակիցները:
Մթություն: Հիվանդանոց: Սիսին Պիաֆի ձեռքից բռնած` սովորեցնում է քայլել:
ՍԻՍԻ — Աջ ոտքը առաջ: Կեցցես, Էդիտ… Հիմա ձախը: Լավ է: Երեք քայլ էլ… Մեկ, երկու, երեք: Կեցցես… Լավ, այսօր հերիք է:
ՊԻԱՖ — Չէ: Եվս երկու քայլ: Մեկ… (Դժվարությամբ առաջ է տանում ոտքերը:) Երկու… Սիսի, ճիշտն ասա, ես ավերակ եմ, չէ՞… Շա՞տ եմ սարսափելի:
ՍԻՍԻ — Մի քիչ դեմքդ է ուռած: Անտիբիոտիկներից է:
ՊԻԱՖ — Հեքիաթներ մի պատմիր, ես շատ լավ գիտեմ, թե ինչի եմ նման: Ճոճաթոռը բեր ինձ մոտ… (Սիսին մոտ է բերում ճոճաթոռր:) Էդ մետաստազները ծաղիկի նման եմ պատկերացնում: Սկզբում սերմն է ընկնում մեջդ, ու դու չես տեսնում: Հետո ծիլ է տալիս, ծաղկում, ու թերթիկները տարածվում են տարբեր կողմերով, ավելի աճում, գնալով մեծանում… Հետաքրքիր է, ինչքա՞ն կդիմանամ:
ՍԻՍԻ — (ծածկոց է գցում նրա ոտքերին): Փառք տվեք Աստծուն, որ դեռ ողջ եք: Վերջին տասը տարվա ընթացքում քանի՞ վիրահատություն եք տարել:
ՊԻԱՖ — Յոթ:
ՍԻՍԻ — Ու յոթն էլ` ծանր:
ՊԻԱՖ — Դե, ինձ մոտ թեթև բան չի լինում: Բացի քաշիցս, ոչ մի թեթև բան չունեցա: (Ծիծաղում է:)
ՍԻՍԻ — Չորս վթար, յոթ վիրահատություն, թմրադեղերի բուժման չորս կուրս` երկար ամիսներով, ինքնասպանության երկու փորձ…
ՊԻԱՖ — Հոգեբուժարանը մոռացար: Մի անգամ էլ` գժանոց:
ՍԻՍԻ — Ձեր սխրագործությունների ցուցակն անվերջանալի է:
ՊԻԱՖ — Թքա՛ծ: Կարևորն այն է, որ դեռ երգում եմ: (Նայելով վերև, դիմելով երկնքին:) Ո՛չ միանգամից տանում ես, ո՛չ թողնում ես` հան-գիստ շունչ քաշեմ: Ուզում ես տեսնել` ինչքան կդիմանա՞մ: Շատ հետաքրքրասերն ես, Տեր Աստված (Քրքջում է: Սիսին կաթ է խմեցնում գդալով:) Ֆո՛ւ… Կյանքում կաթ չեմ խմել: Մորս կաթի համն էլ չեմ տեսել: Ծնել է ու գցել փողոց: Հայրս էլ տարավ բորդել: Բորդելում կաթի փոխարեն գինի են տվել ինձ: Դրան էլ սովորել եմ: Լավ, բավական է, էլ չեմ ուզում…
ՍԻՍԻ — Բժիշկն ասաց, որ մի բաժակը պարտադիր է: Խմի՛ր:
ՊԻԱՖ — Ֆո՛ւ… Ոնց որ նորից գժանոցում լինեմ: Զոռով ուտեցնում եք, զոռով քնեցնում, զոռով խմեցնում…
ՍԻՍԻ — Քիչ մնաց… Վերջին գդալն է:
ՊԻԱՖ — Սիսի, միակ բանը, որից իսկապես վախեցել եմ ամբողջ կյանքում` խելագարվելն է: Որպեսզի չխելագարվեմ, պիտի նորից սիրեմ: Պատկերացնո՞ւմ ես, Սիսի… Ես այնքան ապուշ եմ, որ դեռ հավատում եմ: Հավատում եմ, որ Սերը, իսկական սերը մի օր կայցելի ինձ: Միայն, ափսոս, որ նա կգա այն ժամանակ, երբ արդեն սիրո համար պիտանի չեմ լինի:
ՍԻՍԻ — Ես էլ եմ հավատում:
ՊԻԱՖ — (երեխայի պես): Ճի՞շտ… Սիսի, ես շատ սերեր եմ ունեցել, բայց… (Դադար:) Բա՛յց: (Մտածում է:) Թեև ոչնչի համար չեմ ափսոսում: Չէ, Սիսի, ոչ մի բանի համար չեմ ափսոսում: Ես կեղտոտվել եմ հաճախ, ընկել, նորից բարձրացել: Ես սիրել եմ, լքել եմ, հարբել եմ, փխսել եմ, խրվել եմ ճահճի մեջ… Երգել եմ… Չէ, ոչինչ, ոչինչ չեմ ափսոսում: Ինչ որ արել եմ` տե՛ր եմ: Ի՛մն է: Ոչինչ չեմ ափսոսում… Լսիր, ինչ լավ վերնագիր կարող է լինել երգի համար: Չէ՞, Սիսի… «Ոչ, ոչինչ չեմ ափսոսում»: Հը՞, Սիսի…
ՍԻՍԻ — Իհարկե, մադամ Պիաֆ:
ՊԻԱՖ — Ինչ «մադամ», Սիսի: Ասա` Էդիտ: Ես ձեզնից մեկն եմ: Դուք չերգող պիաֆներն եք, ես երգողն եմ: Մենք նույնն ենք:
ՔՐԻՍՏԻՆ — Քո երգը մեզ նման աղջիկների հեկեկոցն էր Փարիզի վրա: Դու ստիպեցիր, որ մեզ համար արտասվեն աշխարհի հարուստները: Երկու հազար յոթ հարյուր հանդիսատես կար: Ու նրանց մեջ` Չերչիլը, Էյզենհաուերը, Իրանի շահն ու շահուհին, Մարոկկոյի թագավորը, Իսպանիայի թագավորը, արքայադստրեր ու լորդեր, կոմսեր ու իշխաններ… Ադամանդների մեջ շողշողացող կանայք` Ավա Գարդները, Սոֆի Լորենը, Օդրի Հեբյորնը… Դու դեռ չէիր սկսել երգել, դեռ ձայն չէիր հանել, դեռ չէիր մոտեցել միկրոֆոնին, իսկ նրանք արդեն ծափահարում էին ու բղավում` «բռավո, բռավո, բռավո»: Նրանք ծափահարում էին ոչ թե քո երգելուն, այլ քեզ: Այդ պահին նրանցից յուրաքանչյուրը երանի էր տալիս քեզ, որովհետև նրանցից ոչ ոք երբևէ չի արժանացել այդպիսի ծափերի: Իսկ ինձ թվում էր, թե նրանք երանի են տալիս ինձ: Այդ օրը ես երջանիկ էի:
ԺԱՆԵՏ — Իսկ ես… իսկ ես երջանիկ էի այն օրը… այնքան երջանիկ էի: Այն օրը, երբ դու վիրահատությունից հետո աչքերդ բացեցիր: Ոչ ոք հույս չուներ, ոչ ոք, Էդիտ: Ես մտքիս բան էի պահել, չգիտեմ, թե ինչ, բայց մտքիս մեջ ասացի. «Եթե նա կենդանի մնա, ուրեմն կլինի»: Ի՞նչը… Չգիտեմ: Ու երբ աչքերդ բացեցիր, ես ասացի. «Շնորհակալ եմ, Էդիտ»: Ինձ թվաց, որ ես ու դու միասին հաղթեցինք: Ո՞ւմ… չգիտեմ: Բայց հաղթեցինք:
Պիաֆը գրկում է Ժանետին:
ՊԻԱՖ — Իմ փոքրիկ Ժանետ… Իմ քշված, մոլորված ճնճղուկ: Իսկ դու, Քրիստին, մեր սթափ, խելոք ընկերուհի:
ՔՐԻՍՏԻՆ — Ես երջանիկ չեմ եղել: Ոչ մի օր: Ես երջանիկ կլինեմ այն օրը, երբ դու կհանդիպես մի տղամարդու, որը կսիրի քեզ այն սիրով, որին դու արժանի ես: Դա ինձ հույս կտա, որ այդպիսի սեր հնարավոր է: Հնարավոր է նաև իմ կյանքում:
ՊԻԱՖ — (ասես զառանցում է): Մի գեղեցիկ օր ինձ մոտ կգա մի գեղեցիկ երիտասարդ` Արևի որդին: Նա կսիրի ինձ արտասովոր, մեծ սիրով: Այնպիսի սիրով, ինչպիսին լինում է միայն կինոյում: Ու բոլորը կզարմանան: Կասեն. «Ինչպե՞ս կարելի է սիրել այդ պառավին, այդ ավերակին»: Իսկ նա կպատասխանի. «Միևնույն է, սիրում եմ»: Կասեն. «Բայց նրա գլխին մազ չկա, նրա մատները պիտի ուժով բացես, որ պատառաքաղը ձեռքի մեջ դնես: Նրա մարմինը կտրտված է, սպիներով, մետաստազներով ծածկված… Նա խրտվիլակ է»: Իսկ Արևի որդին կպատասխանի. «Միևնույն է, սիրում եմ»: Նրան կասեն. «Բայց նա հաշմանդամ է, թշվառ, ողորմելի: Նա արատավոր է, մեղքի մեջ է ապրել, փող չունի: Նա հիվանդ է, շուտով կմեռնի…»: Իսկ Արևի որդին կպատասխանի. «Միևնույն է, սիրում եմ: Եվ ամուսնանում եմ»: Ու երբ նա խնդրի իմ ձեռքը… Փքված երակներով, աղերի կուտակումից փայտացած իմ ձեռքը, ես կմտածեմ, որ իրավունք չունեմ: Որ պետք է մերժեմ, որ ես չեմ վաստակել այդ երջանկությունը, որ արժանի չեմ… դա էգոիզմ է… Բայց մերժելու ուժ չեմ գտնի իմ մեջ: Ես կասեմ. «Այո, այո, այո»: Ու մենք կերգենք: Միասին կերգենք սիրո հիմնը: Ու այդ երգը կլինի եկեղեցու ղողանջների պես… (Դադար: Ժանետը փղձկում է, երեսը փակում ձեռքերով, դուրս է գալիս:) Թող լինի, Տեր Աստված, թող լինի: Տուր ինձ մի շաբաթվա… շատ չեմ ուզում… մի շաբաթվա երջանկություն: Հետո, մի շաբաթից հետո ա՛ռ հոգիս: Ես համաձայն եմ: (Խաչակնքում է:) Ես համաձայն եմ:
Լռություն: Ներս է մտնում Միշելը:
ՄԻՇԵԼ — Էդիտ… Էդիտ, ձեր քույրն է եկել: Ինչ-որ տղա էլ կա հետը:
Բոլորը սթափվում են: Սպասում են Պիաֆի պատասխանին:
ՊԻԱՖ — Սիմոնա՞ն…
ՄԻՇԵԼ — Սպասում են ներքևում, կանչե՞մ:
ՊԻԱՖ — Սիմոնա՞ն…
ՄԻՇԵԼ — Հա՛: Ուզում է տեսնել ձեզ: Ճամպրուկով է:
ՊԻԱՖ — Եկել է… Բախում է դուռս… Ի՞նչն է բախում դուռս… Հիմա ի՞նչն է բախում դուռս:
ՄԻՇԵԼ — Ի՞նչ պատասխանեմ: Կան-չե՞մ:
ՔՐԻՍՏԻՆ — Ասա` բժիշկն արգելել է տեսակցությունները:
ՄԻՇԵԼ — Բայց նա երկար ճանապարհ է կտրել: Դրսում ուժեղ քամի է:
ՊԻԱՖ — Տար իմ տուն, փող տուր: Ասա, թող մի քիչ էլ սպասի: (Դադար:) Ես դեռ չեմ ուզում մեռնել: (Միշելը դուրս է գալիս: Հետևից, հանկարծ, բղավում է:) Միշել… (Միշելը կանգ է առնում: Անհանգիստ): Պինդ փակիր պատուհանները: Ինչ-որ տեղից փչում է… Երգս… Երգս տվեք… (Քրիստինը տալիս է երգի տեքստը:) Ես խարույկ կվառեմ իմ հիշողություններից… Իմ վշտերս, ուրախություններս այլևս պետք չեն ինձ… (Սեղմում է կրծքին երգի տեքստը:) Գնացեք, ուզում եմ մենակ մնալ իմ երգի հետ…
Լսվում է քամու սուլոցը:
ՍԻՍԻ — Իսկապես որ… քամի է: Ե՞րբ սկսվեց:
ՊԻԱՖ — Ծածկեք բոլոր փեղկերը… Դուռը պինդ փակեք: Ամո՛ւր, ամուր ծածկեք…
Չարագույժ քամին ուժգնանում է: Սպիտակ վարագույրները ծածանվում են բեմում:
ՔՐԻՍՏԻՆ — Միայն թե նորից կոմայի մեջ չընկնի: (Ծածկոցը գցում է Պիաֆի վրա:) Երկրորդ ծածկոցը բեր… (Սիսին հավաքում է սավանները:) Դա՛ էլ բեր, դա՛ էլ…
Ներս է մտնում Միշելը:
ՄԻՇԵԼ — Էդիտ, պարզվեց, այդ երիտասարդը Սիմոնայի հետ չէ: Ես կարծեցի, նրանք միասին են, բայց տղան քեզ մոտ է եկել: Ասում է` Կլոդի ընկերն է, ազգությամբ` հույն: Իր ասելով, դու պիտի որ հիշես նրան:
ՊԻԱՖ — Ի՞նչ հույն… Չեմ հիշում: Սիսի, մի ծածկոց էլ գցիր վրաս:
ՄԻՇԵԼ — Դու նրան գիտես, Կլոդի ընկերն է: Թեոֆանո… կարծեմ` Լամբուկաս: Հա՛, Թեոֆանո Լամբուկաս:
ՊԻԱՖ — Ի՞նչ Թեոֆանո, ի՞նչ Լամ-բուկաս: Ոչ մեկի հավեսը չունեմ, ես մրսում եմ:
Քամին մեղմանում է:
ՄԻՇԵԼ — Լավ, այդպես էլ կհաղորդեմ: (Դուրս է գալիս:)
ՔՐԻՍՏԻՆ — Էդիտ, գիտե՞ս` ինչ է նշանակում Թեոֆանո:
ՊԻԱՖ — Ի՞նչ:
ՔՐԻՍՏԻՆ — Հունարեն Թեոֆանո նշանակում է Արևի որդի:
ՊԻԱՖ — Թեո — Աստված, ֆանո — որդի… Թեո… Տեր Աստված, ի՞նչ է լինելու: Նորի՞ց…
ՔՐԻՍՏԻՆ — Վախեցա՞ր:
ՊԻԱՖ — Հա, վախենում եմ: Չեմ ուզում: Իսկ եթե չստացվի՞, եթե…
ՄԻՇԵԼ — Իսկ եթե ստացվի՞:
ՊԻԱՖ — Ուրեմն, մի շաբաթից կմեռնեմ: (Դադար:) Ինձ մենակ թողեք: (Բոլորը դուրս են գալիս:) Թեոֆանո… Թեո… Չէ, չէ, մոռացիր, Էդիտ: Սա դու ես, սա` քո նոր երգը: Սկսեցինք… «Ես խարույկ եմ վառել իմ հիշողություններից… Իմ վշտերս, ուրախություններս այլևս պետք չեն ինձ, որովհետև իմ կյանքը, իմ ապրելը… այսօր… սկսվում է քեզնից, Թեո»… Ի՞նչ Թեո: Ոչ մի Թեո չկա: Սա դու ես, սա` քո երգը: Երգից բացի ուրիշ ոչինչ չկա: Դե, սկսիր, Էդիտ: Դե՛, Էդիտ… «Ոչ, ոչինչ, ոչինչ չեմ ափսոսո՛ւմ»: Դե, քեզ տեսնեմ, Էդիտ…
Հնչում է Պիաֆի «Ոչինչ չեմ ափսոսում» երգը: Բեմը հետզհետե մթնում է:
ԱՐԱՐՎԱԾ ՈՒԹԵՐՈՐԴ
Բեմն աստիճանաբար լուսավորվում է: Պիաֆի երգից հետո դահլիճում տարածվում է ձայնապնակի միալար խզզոցը: Լռություն է: Ճոճաթոռի մեջ Պիաֆի փոխարեն Սիմոնան է` ծերացած, սպիտակած: Նա քնած է: Խզզոցը շարունակվում է: Զգուշորեն, աշխատելով չարթնացնել նրան, ներս է մտնում Սիսին, անջատում է ձայնարկիչը, ձայնասկավառակը վերցնում: Խզզոցը կտրվում է:
ՍԻՄՈՆԱ — (արթնանալով): Սիսի՞:
ՍԻՍԻ — Հա, Սիմոնա, ես եմ: Երգը վաղուց վերջացել է:
ՍԻՄՈՆԱ — Երազ տեսա… Ո՞ւր է Միշելը:
ՍԻՍԻ — Գնաց քնելու: Ոտքի վրա կանգնել չէր կարողանում: Ինչքա՛ն ես ծխել… (Դատարկում է մոխրամանը:)
ՍԻՄՈՆԱ — Կանչիր, թող գա:
ՍԻՍԻ — Ներիր, բայց չեմ կարող: (Պատրաստվում է դուրս գալ:)
ՍԻՄՈՆԱ — Սպասիր… Ի՞նչ է նշանակում` «չեմ կարող»: Արթնացրո՛ւ, ասում եմ:
ՍԻՍԻ — «Չեմ կարող» նշանակում է` չեմ ուզում: Քո այդ գիրքը (ցույց տալով կոկորդը), ա՛յ, այստեղ է նստած: Դու դիտավորյալ ես գողանում նրան ինձնից:
ՍԻՄՈՆԱ — Չեմ հասկանում: Երդվում եմ` չեմ հասկանում:
ՍԻՍԻ — Ի՞նչը չես հասկանում: Գերազանց հասկանում ես ամեն ինչ: Ձևեր մի՛ թափիր…
ՍԻՄՈՆԱ — Ո՞ւմ մասին է խոսքը: Մի-շելի՞… Քո և նրա միջև ինչ-որ բա՞ն կա:
ՍԻՍԻ — Ես երեխա եմ ունենալու նրանից, մադա՛մ: Ես սիրում եմ նրան, իսկ դու օրվա մեջ մի ժամ էլ չես թողնում, որ ինձ հետ լինի: Դու դիտավորյալ ես անում, դու…
ՍԻՄՈՆԱ — Երեխա՞… Միշելի՞ց… Երեխա՞… Գրողը տանի:
ՍԻՍԻ — Գրողը քե՛զ տանի… (Հուզվում է:) Ե՛րբ եմ վերջապես ազատվելու քեզնից: Այստեղ միայն Միշելի համար եմ մնում: Անընդհատ ծխում եք… ծուխը տանել չեմ կարողանում: Ձեր դեղերի հոտից րոպեն մեկ զուգարան եմ վազում, սիրտս ետ տալիս, գիշերներն անքուն լուսացնում ձեզ հետ, կես ժամը մեկ սուրճ սարքում…
ՍԻՄՈՆԱ — Սիսի՜… Արի համբուրեմ քեզ: Ինչո՞ւ եք թաքցրել ինձնից այսքան ժամանակ:
ՍԻՍԻ — Միշելը չգիտի: Հանկարծ չասես նրան:
ՍԻՄՈՆԱ — Չգիտի՞… ինչո՞ւ: Դա երջանկություն է, դու հայր ես դարձնում նրան: Նա պիտի մոմ վառի, որ քեզ նման աղջիկ է գտել:
ՍԻՍԻ — Ինձ նման աղջի՞կ… Իսկ ո՞վ եմ ես, իմ անցյալը դաջված է վրաս, մաքրել չի լինի: Նա երբեք չի ների ինձ, երբեք չի մոռանա, երբեք չի ամուսնանա:
ՍԻՄՈՆԱ — Միշե՜լ…
ՍԻՍԻ — Չհամարձակվե՛ս: Եթե նա իմանա երեխայի մասին, կթողնի ինձ: Չհամարձակվես… Չի էլ հավատա, որ իրենն է:
ՍԻՄՈՆԱ — Կանչիր, ես կխոսեմ հետը: Թող փորձի չհավատալ: Ես նրան…
ՍԻՍԻ — Եթե հավատաց, անմիջապես փող կտա, կուղարկի բժշկի: Իսկ ես ուզում եմ մայր դառնալ, հասկացա՞ր: Չխառնվե՛ս:
ՍԻՄՈՆԱ — Եթե նա սիրում է քեզ…
ՍԻՍԻ — Նա կենակցո՛ւմ է ինձ հետ: Այդքանի համար էլ շնորհակալ եմ բախտից: Ես չեմ կարող առանց Միշելի, չեմ կարող… (Նորից հուզվում է:)
ՍԻՄՈՆԱ — Մոտ արի: Ուզում եմ գրկել քեզ: Արի՛: (Գրկում է Սիսիին:) Ինչքա՜ն կուրախանար Էդիտը: Եթե տղա ծնվեց, անունը կդնես Մարսել: Խնդրում եմ: Եթե աղջիկ ծնվեց` Էդիտ:
ՍԻՍԻ — (կրկնում է): Էդիտ:
ՍԻՄՈՆԱ — (շոյում է Սիսիի գլուխը): Ես մի քիչ փող եմ կուտակել: Գիրքը լույս կտեսնի` էլի փող կգա: Քիչ փող չի: Կթողնեմ քեզ ու երեխայիդ: Կապրեք… Իսկ Սիմոնան կմեռնի շուտով:
ՍԻՍԻ — Մի ասա, խնդրում եմ, ես հոգնել եմ կորցնելուց: Բոլորը գնում են… Էդիտը, հետո Ժանետը, հետո Քրիստինը…
ՍԻՄՈՆԱ — Մարդիկ մեռնում են, Սիսի: Էդիտը կանչում էր ինձ: Երևի այնտեղ էլ պետք եմ նրան: Միայն թե մի քիչ պիտի դիմանա, որ գործս կիսատ չթողնեմ: Ես պիտի ավարտեմ Պիաֆի մասին գիրքը: Գնա, Սիսի, կանչիր Միշելին: Ես քիչ ժամանակ ունեմ: (Սիսին դուրս է գալիս: Մենակ մնալով): Երեխա… Էդիտ: Եվս մի թշվառ:
Ներս է մտնում Միշելր` քնատ:
ՄԻՇԵԼ — Ի՞նչ է… Ժամը քանի՞սն է:
ՍԻՄՈՆԱ — Նստիր: Բեր թղթերը…
ՄԻՇԵԼ — Սիմոնա, ի վիճակի չեմ: Կոպերս փակվում են:
ՍԻՄՈՆԱ — Ժամանակ չկա: Վերցրու գրիչը:
ՄԻՇԵԼ — Սիմոնա, խնդրում եմ…
ՍԻՄՈՆԱ — Հանուն Էդիտի` նստիր: (Միշելը դժկամ վերցնում է թղթերն ու գրիչը, նստում է Սիմոնայի դիմաց:) Կարդա… Որտե՞ղ էինք կանգ առել: Վերջին էջը…
ՄԻՇԵԼ — (կարդում է): Հռոմն արգելեց հուղարկավորման ժամերգությունը, հայտարարելով, որ «Պիաֆը ապրել է մեղքի մեջ»:
ՍԻՄՈՆԱ — (քմծիծաղով): Նա՛, որ ամենահավատացյալն էր բոլոր հավատացյալներից:
ՄԻՇԵԼ — Գրե՞մ դա:
ՍԻՄՈՆԱ — Չէ, պետք չէ: Շարունակիր…
ՄԻՇԵԼ — Հոկտեմբերի 14, 1963 թիվ: Արևոտ փարիզյան մի օր:
ՍԻՄՈՆԱ — Արևոտ, փարիզյան մի օր: (Թելադրում է:) Նրա թաղումը… Նրա թաղումը ճիշտ այնպիսին եղավ, ինչպիսին ինքն էր` սովորականի սահմաններից դուրս: Երբ նրա փոքրիկ մարմինը դագաղի հետ բարձրացրին վեր, ահռելի մարդկային զանգվածն ալեկոծվեց, կորցրեց բանականությունը: Մարդկային հսկայական ալիքը խելացնոր պոկվեց տեղից, ծավալվեց առաջ` շուռ տալով արգելափակոցները: Կարծես մի նոր ֆրանսիական հեղափոխություն էր սկսվում: Ամբոխի գվվոցը տարածվել էր Փարիզով մեկ: Երբեք Փարիզն այդպիսի կսկիծ չի ապրել: Քաղաքը խուլ կաղկանձում էր ցավից: Դա Էդիտ Պիաֆի վերջին համերգն էր: Ինչպես միշտ` տրիումֆ: (Ծանր շնչում է:)
Ներս է մտնում Սիսին` սուրճ է բերել:
ՍԻՍԻ — Շաքարը…
ՄԻՇԵԼ — (ժեստով լռեցնում է Սիսիին): Շը՜շ… Դիր այստեղ:
ՍԻՄՈՆԱ — Հաջորդ օրը Փարիզը թաղում էր Ժան Կոկտոյին: Նա մեռավ նույն օրը, Էդիտի հետ: Հենց այն պահին, երբ պատրաստվում էր ռադիոյով մահախոսական կարդալ Էդիտի հիշատակին: Կոկտոն չհասցրեց ասել այն բառերը, որ գրել էր նրա մասին: Միջակետ: Բաց չակերտները: «Միայնակ աստղի նման նա վառվեց իր ներսի այրող բոցերից… գիշերային Փարիզի երկնակամարում»: Միշե՞լ…
ՄԻՇԵԼ — Հա, գրում եմ:
ՍԻՄՈՆԱ — Սիսի՞…
ՍԻՍԻ — Այստեղ եմ:
ՍԻՄՈՆԱ — Չհեռանաք կողքիցս… Լավ չեմ զգում: Կողքիս եղեք: Շարունակիր, Միշել: (Թելադրում է:) Մահից առաջ Աստված խղճաց Էդիտին: Նրա կյանքում հայտնվեց Արևի որդին` գեղեցիկներից ամենագեղեցիկը: Դա անբացատրելի սեր էր: Հանդիպման առաջին օրից մինչև Էդիտի մահվան օրը Թեոն չհեռացավ նրա կողքից: Նա խնամում էր Էդիտին մոր պես… ջնջիր… երեխայի պես: Էդիտին, որի մեջ արդեն ոչինչ չէր մնացել մեծն Պիաֆից: Միայն աչքերը… Մանուշակների պես աչքերը, որոնք հաճախ լցվում էին աղի արտասուքով և այրում նրա դեմքը, երբ նայում էր իր սիրեցյալին. «Թեո, մի՞թե դու սրան էիր արժանի… Ինչո՞ւ այսքան ուշ…»: Նրանք ամուսնացան: Հնչեցին եկեղեցու զանգերը: Դա սիրո հիմնն էր… և Էդիտի մահվան օրորոցայինը: (Դադար:) Լավ չեմ…
Միշելն ու Սիսին օգնում են նրան:
ՍԻՍԻ — Գուցե քնե՞ս մի քիչ, հետո կշարունակեք:
ՍԻՄՈՆԱ — Նրա մահվանից հետո արդեն քանի տարի է` ես քնած եմ, ես չեմ ապրում: Քիչ է մնացել, պիտի հասցնեմ: Միշե՞լ…
ՄԻՇԵԼ — Հա, Սիմոնա, գրում եմ:
ՍԻՄՈՆԱ — Որպես էպիգրաֆ դիր Սաշա Գիտրիի բառերը: «Նրա կյանքը այնքան վշտալից էր, որ պատմությունն այդ մասին ճշմարտանման չէ: Այնքան էր գեղեցիկ»: Վե՛րջ: Հիմա կարող եմ քնել:
ՄԻՇԵԼ — Իսկ վերնագի՞րը… ի՞նչ ես դնելու, Սիմոնա:
ՍԻՄՈՆԱ — Երկու քույր: Կամ` հանճար և անառակություն:
ՄԻՇԵԼ — Երկու քույրերից ո՞րն է հանճարը և որը` անառակությունը:
ՍԻՄՈՆԱ — Երկուսն էլ: Սա երկու հայելիների պատմություն է, որոնք դրված են իրար դիմաց` իրար անդրադարձնելու համար: Ես ու նա… Նրա կյանքը իմ կյանքն էր: Ես իմը չունեցա: Չէ, ջնջի՛ր… Վերնագիրը կլինի «Սիմոնա Բերտո»: (Անսպասելի ծիծաղում է:) Հա, այս գիրքն ի՛մ մասին է: Երբ նա սիրում էր, սիրում էի նաև ես, երբ նա տառապում էր` տաոապում էի ես, երբ նա երգում էր` երգում էի ես: Երբ նա մեռավ` մեռա նաև ես: Մեր ընդհանուր ծանոթը… է՛ն, որ երկնքում նստած է, անունը` Աստված, թույլ տվեց, որ մի քանի տարի նրանից ավելի շնչեմ… (Վախեցնող ծիծաղով:) Որպեսզի գի՜րք գրեմ նրա մասին: Նույնիսկ քո մահից հետո չթողեցիր, որ մի քիչ ինձ համար ապրեմ: Ողջ մնացի, որ գիրք գրեմ քո մասին:
Հիստերիկ ծիծաղում է, դիվային ու վախեցնող:
ՍԻՍԻ — Ի՞նչ պատահեց նրան:
Սիմոնայի ծիծաղը վերածվում է հազի: Թվում է` սկսում է խեղդվել ծիծաղի ու հազի անբնական խառնուրդից:
ՍԻՍԻ — (ջուր մեկնելով նրան): Խմիր, Սիմոնա, խմի՛ր…
ՍԻՄՈՆԱ — Միշել… ջնջի՜ր: «Սիմոնա Բերտոյի» տեղը գրիր «Էդիտ Պիաֆ»: Տարբերություն չկա:
ՍԻՍԻ — Սիմոնա՛… Սիմոնա՛… Միշել, նա մեռնում է… Մամա, ես վախենում եմ:
ՍԻՄՈՆԱ — (խզված ձայնով): Ամուսնացիր նրա հետ… Ամուսնացի՛ր… Կանիծե՛մ… Անունը կդնեք Էդիտ…
ՄԻՇԵԼ — Ի՞նչ է ասում:
ՍԻՄՈՆԱ — Էդիտ… ո՞ւր ես… Գալիս եմ: Մի քիչ էլ… մի քիչ էլ…
ՍԻՍԻ — Զառանցում է:
ՍԻՄՈՆԱ — Ո՞ւր ես… Չեմ տեսնում, ո՞ւր ես: Միայն քեզ եմ սիրել, Մարսել… Մարսել… Շատ սերեր են եղել, բայց միշտ սպասել եմ քեզ, Թեո… Ո՞ւր ես, Թեո… Ուզում եմ երգել… Գրկիր ինձ… ժամանակն է, վառեք լույսերը, ես գնում եմ բեմ… Է՜յ, ակորդեոնիստ, արի, սկսում ենք… Բացեք վարագույրը, ես գնում եմ բեմ…
ՄԻՇԵԼ — Սա հոգեվարք է:
ՍԻՍԻ — Ես չեմ դիմանում, Միշել, ես վախենում եմ… Ես մահ չեմ տեսել: (Կծկվում է, բռնում փորը:)
ՄԻՇԵԼ — Ի՞նչ եղավ…
ՍԻՍԻ — Ոչինչ… ոչինչ, կանցնի: Ինձ չէր կարելի… (Կծկվում է:)
Միշելը Սիսիին դուրս է տանում:
ՍԻՄՈՆԱ — (մենակ): Ամբոխը… ամբոխը քշում է մեզ… (Բեմը հետզհետե մթնում է:) Պտտվում է, պտտվում է… Մենք միասին ենք… քամին տանում է քեզ… Սպասիր, գալիս եմ… Ձեռքդ, ձեռքդ տուր ինձ… Աչքերս մթնում են, ոչինչ չեմ տեսնում… Վառվում են, վառվում են…
Մթություն: Երաժշտություն: Խավարի մեջ հայտնվում է փոքրիկ Էդիտը:
ՓՈՔՐԻԿ ԷԴԻՏ — Արի… մի վախեցիր: Բռնիր ձեռքս:
ՍԻՄՈՆԱ — (տեղից վեր կենալով): Գալիս եմ… Ո՞ւր ես տանում ինձ…
ԷԴԻՏ — Գնանք, այնտեղ լույս է… Դեպի լույսը:
ՍԻՄՈՆԱ — Այրում է… Աչքերս այրվում են…
ԷԴԻՏ — Մի վախեցիր, ես քեզ հետ եմ: Բաց արա աչքերդ…
ՍԻՄՈՆԱ — Էդի՞տ… դո՞ւ ես, Էդիտ…
ԷԴԻՏ — Ես եմ, Մոմոնա… Եկա քեզ դիմավորելու: Արի…
Գնում են դեպի խորքը բեմի, որի հետևում թեթև լույսն սկսում է պայծառանալ:
ՍԻՄՈՆԱ — Սա ի՞նչ է… որտե՞ղ եմ ես:
ԷԴԻՏ — Աշխարհ: Աշխարհ է, Մոմոնա: Արի…
ՍԻՄՈՆԱ — Ի՞նչ է` աշխարհ:
ԷԴԻՏ — Աշխարհը գույներ են: Կարմիր, կանաչ, դեղին… Արի…
ՍԻՄՈՆԱ — Ի՞նչ է կարմիրը:
Խավարի մեջ լուսավորվում են փուչիկները, որ բռնել են Ժանետն ու Քրիստինը` ճերմակ շորերով:
ՔՐԻՍՏԻՆ — Կարմիրը սերն է:
ԺԱՆԵՏ — Կապույտը երազանքն է:
ՍԻՄՈՆԱ — Իսկ դեղի՞նը:
ՔՐԻՍՏԻՆ — Դեղինը հույսն է:
ԺԱՆԵՏ — Իսկ սևը ցավն է:
ՍԻՄՈՆԱ — Այստե՞ղ էլ ցավ կա:
ԷԴԻՏ — Իհարկե, Մոմոնա: Սա կյանք է:
ՍԻՄՈՆԱ — Ի՞նչ կյանք… ի՞նչ կյանք…
ԷԴԻՏ — Կմեծանաս` կիմանաս:
ՍԻՄՈՆԱ — Կիմանա՞մ:
ԷԴԻՏ — Կիմանաս, Մոմոնա, կիմանաս: Արի… Արի ինձ հետ…
Նրանք բարձրանում են աստիճաններով դեպի վեր:
ՍԻՄՈՆԱ — Գալիս եմ, Էդիտ… Միայն թե ձեռքս բաց չթողնես, ձեռքս բաց չթողնես…
ՓՈՔՐԻԿ ԷԴԻՏ — Բաց չեմ թողնի, Մոմոնա, չեմ թողնի…
Հնչում է ֆինալային երաժշտությունը: Կուրացուցիչ լույս: Սիմոնան ու փոքրիկ Էդիտն անհետանում են: Նրանց կլանում է Անհայտը: