Դիանա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ / «ԽԱ՛ԲՍ ՏՈՒՐ ԴՐԱՆ»

Դիանա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ «ԽԱ՛ԲՍ ՏՈՒՐ ԴՐԱՆե պիեսը տպագրվել է «Դրամատուրգիաե հանդեսի 2010 թ., թիվ 22-23-ում

Պիես` առայժմ չորս գործողությամբ

Կլլման ակտ` առաջին

Սկզբում, ամենասկզբում, չէ’, սկզբից էլ առաջ, երբ հիշողություն էի, Նորին Մեծություն Գրականությունը գիշերում էր իմ տոհմիկ պապի թաքստոցում:

Արթնացումի ակտ` երկրորդ

Լուսաբացին, երբ կույս էի, ես հայտնաբերեցի նրա առնականությունը և… սիրահարվեցի: Նա տրվեց ինձ ու դարձավ իմ Գիրը, ես գայթակղվեցի ու կորցրի կուսությունս: Մենք երկար սիրաբանում էինք ու երազում սիրո մասին: Մենք ամեն քայլափոխի դավաճանում էինք իրար:

Կորստի ակտ` երրորդ

Ինքնասպանությունը դարձավ մտասևեռում: Ամռան թեժ արևը զենիթում էր, ու հոգիս կափկափում էր սառնամանիքից, ու ես փաթաթվեցի մենության քուրքով: Մթան մեջ զանգ… ահազանգ հնչեց: Գիրս ծիկրակեց դռան արանքից, մատնահարեց պատուհանս, տնքաց բարձիս տակից: Ես մորեմերկ ելա ու գնացի պապիս թաքստոցը, որ ցավից ոռնալով` վերջին անգամ դավաճանեմ Գրիս ու կախվեմ: Երբ պարանն օղակեց հոգիս, ես սոսկումով նայեցի Գրիս աչքերին ու տեսա գիշերվա իմ դահճին:

Ցնծության ակտ` չորրորդ

Տատասկների միջով սողեսող` արյունլվա ու բզկտված, մենք քայլել էինք այնքան հեռու, որ հասնենք հակառակ բևեռներին: Օտարված իրարից` մենք կլլել էինք բաժանման լեղին: Վերջին շնչում Գիրս բռնել էր դարձի ճամփան, որ պապիս թաքստոցում փչի հոգին: Ես լափլփել էի ամեն աղտեղություն, որ մոռանամ Գրիս, որ դիմանամ առանց նրա: Պապիս թաքստոցում մենք թուլացրինք օղապարանները ու սիրեցինք իրար: Այդ օրվանից ես կամ Գրիս մեջ, Գիրս` իմ մեջ:

ԽԱ՛ԲՍ ՏՈՒՐ ԴՐԱՆ

(ԶՐՈՒՅՑՆԵՐ ՊԱՏԿԻՑ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ)

Զրույցների մի մասը վերծանվել է բանտային գաղտնալսումից:

Գործող անձինք

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ # 7 — անորոշ տարիքի կին

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ # 8 — անորոշ տարիքի տղամարդ

ԲԱՆՏԱՊԵՏմիջին տարիքի տղամարդ 

Աղոտ լուսավորված բեմի մեջտեղում թափանցիկ (դատապարտյալների համար՝ հաստ ու անթափանց), բարձր միջնորմ, որի աջ և ձախ կողմերում` երկար ձողեր, որոնցից կախված են դիմակներ, ավարտին՝ դատապարտյալների համարները՝ 7 և 8: Միջնորմի երկու կողմում` երկաթաճաղ մահճակալ, պատին ամրացված ծալովի սեղանիկ: Բեմի աջ անկյունում` բանտապետի աշխատասենյակը: Բաց դռնից երևում է գրասեղանը, վերևում կախված հեռուսատացույցի մեծ էկրանին երկու մենախուցն է, հստակ լսվում են դատապարտյալների զրույցները: Սկզբում հնչում են իբրև ձայնագրություն, ապա սկսվում է իրական զրույցը: Զրույցի ընթացքում բանտապետը սեղմում է վահանակի կոճակը, էկրանին հերթով երևում են մենախցերը: Նա Ժամանակ առ ժամանակ խառնվում է զրույցին՝ միացնելով ձայնագրությունը և հանդես գալով #7 կամ #8 դատապարտյալի անունից՝ այդպիսով ուղղորդելով նրանց հետագա քայլերը: Այդ պահերին մենախցերում քամի է բարձրանում, դիմակները թափվում են ձողերից: Քամու դադարելուն պես զրույցները շարունակվում են իրենց հունով, քանի որ ամեն մեկը մտածում է, թե պատահածը իր լսողական խաբկանքն էր: Ի վերջո, կյանքը մենախցերում ավարտվում է ըստ բանտապետի ուղղորդումների, թեև դատապարտյալները հակառակ  կարծիքն ունեն:  

Դատապարտյալ # 7 — Ո՞վ ես: (Ամբողջ մարմնով սեղմվում է երևակայական պատին, լսում):

Դատապարտյալ # 8 — Քեզ ի՞նչ՝ ով եմ: (Խորխոտ թքում է):

Դատապարտյալ # 7 — Բա չիմանա՞մ՝ ում եմ ձեն տալու, երբ կաշիս քերթեն:

Դատապարտյալ # 8 — Իսկ քեզ ո՞վ խաբեց, թե ե՛ս չեմ քո կաշին քերթողը:

Դատապարտյալ # 7 — (ծալապատիկ նստում է մահճակալին, գլուխը մտցնում ոտքերի արանքը): Ես էդպես էլ գիտեի… բախտի տերը թաղեմ, էս անտեր խցում հոգիս կփչեմ` տեղս իմացող չի լինի:

Դատապարտյալ # 8 — (մոտենում է միջնորմին, «եղջյուրներ տնկում» # 7-ի գլխին, ծամածռվելով՝ հրճվում): Դու իմ զոհն ես, դու իմ հերթական զոհն ես, վերջերս հենց քեզ էի որոնում, զոհի~կ ջան, զոհի~կ…

Դատապարտյալ # 7 — (լացակումած): Զահրումա~ր:

Դատապարտյալ # 8 — Արի քեզ դոմփեմ: Բայց որ շուտ վերջացնեմ` ինձ մեր չքրֆես: Չինացի Դաոն հաստատ հերս չի, ես էլ շատ ծույլ եմ, որ գիրք կարդամ ու գրքերից սովորեմ, չնայած համոզված եմ, որ իմ պրակտիկան ինձ հերիք ա, բայց դե… մեկ-մեկ ես էլ եմ թուլանում, երևում ա` գարեջուրը ազդում ա… (Ինքնագոհ քրքջում է):

Դատապարտյալ # 7 — (երեք մատի կոմբինացիա է ցույց տալիս): Ա՛ռ հա քեզ: (Հուսահատ): Որ պետք լինի՝ մեր էլ կհայհոյեմ՝ առավել ճոխ ու տպավորիչ:

Դատապարտյալ # 8 — Չէ՛, լուրջ, կարգին բան եմ ասում, հա՛մ քեզ լավ կլինի, հա՛մ՝ ինձ: (Բարձի տակից հանում է ապահովիչն ու դեմ տալիս միջնորմին):  Տե՛ս, էս ռեզինի ծծակներից ունեմ, չես վարակվի: 

Բանտապետը խլացնում # 7-ի ձայնը, միացնում իր ձայնագրությունը: Քամուց դիմակները թափվում են հատակին, #7-ն ու #8-ը վախեցած` ծնկաչոք հավաքում են դիմակները, հագնում մեկը մյուսի վրայից:

Ձայնագրություն # 7-ի ձայնովԱռանց ծծակ արի, չես վարակվի:

#7-ն ու #8-ը լսում են` հոլի պես պտտվելով: Էկրանին նրանց սեքսի տեսարանն է` առանց սիրո: Նրանք պոկում են դիմակները, միաժամանակ նետում ձողերի վրա: Էկրանին # 7-ի խուցն է` նախկին տեսքով:

Դատապարտյալ # 7 — Գործի՛դ կաց, ինձնից խեր չկա, ձեռնաշարժությունից ապահով ու էժան սեքս չգիտեմ: (Ձեռքերը ցուցադրաբար սահեցնում է զիստերի վրայով):

Դատապարտյալ # 8 — Աղջի՛, մենակ չտնքտնքաս, էդ ինձ նման որձի համար առնվազն վիրավորանք ա, էս մի բարակ պատն ի՞նչ ա, որ չծակեմ, ես սենց պատեր ե՞մ ծակել: Լսի՛, ոնց որ գրգռվում ես, հա՞, բայց տենց լավ չի, արի…

Դատապարտյալ # 7 — (չարաճճի խնդմնդալով): Հա՛, արի թեման փոխենք, ինձ էլ է թվում, որ անընդհատ սայթաքում ենք՝ մեզնից արտազատված լորձը տրորելով:

Դատապարտյալ # 8 — Բայց էդ լորձը տենց փչացնելը առնվազն շքեղություն ա, էն էլ՝ ի՛մ լորձը… հիմա ինչքա~ն սիրուն բալիկներ մնացին անծնվել…

Դատապարտյալ # 7 — Էդ սիրուն բալիկները ծնվել են ու ծնվելու են՝ իբրև մեր քաշած քեֆերի ապացույց (Ոտքերը կախում է մահճակալից, երեխայի պես թափահարում, խնդմնդում, լեզու ցույց տալիս պատին):

Դատապարտյալ # 8 — Ու մի րոպե պատկերացրու, թե էդ սիրուն բալիկները մոր փորում ինչ թույն սեքս են վայելում:

Դատապարտյալ # 7 — Հա՛, ես էդ զգացել եմ, երբ առաջին անգամ հղիացա: (Խոժոռված` շրջան է գծում փորի վրա): Մտածում էի՝ էս ի՞նչ վայրենություն է, հիմա էդ երեխան ի՞նչ է տեսնում, որ ինչ սովորի: (Ծածկում է դեմքը, խուլ ձայնով): Բա ի՞նչ են, իսկական վկաներ են:

Դատապարտյալ # 8 — Բայց ծնվելը շատ անշնորհակալ գործ ա, չէ՞:

Դատապարտյալ # 7 — (աշխուժանալով): Անշնորհակալ ես ասում՝ թողնո՞ւմ: Գիտե՞ս` ինչ է հիշեցնում. ոնց որ քեզ, քո կամքից անկախ, տանում, դեմ են տալիս ցլամարտի վայրագությանը, հետո հեռացնում ու հորդորում են՝ հիշի՛ր ու կրկնի՛ր աղոթքը, որ լսեցիր…  ա~-ղո~թք~ը…(Դահլիճում արձագանքվում է վերջին բառը):

Դատապարտյալ # 8 — Բայց դու ահագին փիլիսոփա ես, վրաս խաբար չկա: (Թփթփացնում է պատին՝՝ ասես ստուգելու խոսակցի փիլիսոփայելու ունակությունը):

Դատապարտյալ # 7 — Ծակ փիլիսոփայության համար ո՛չ խելք է պետք, ո՛չ՝ փող: Բայց ծակ գրպանը հաճախ է նպաստում հանճարեղ կրքերի փոթորկմանը: (Դիրիժորի պես չափ տալով):Երեք-չորս, ժպտում ենք:(Ժպտում է):

Բանտապետը վահանակով խլացնում է # 8-ի ձայնը, միացնում է ձայնագրությունը: Ուժգին քամի, դիմակները թափվում են հատակին, #7-ն ու #8-ը պարում են խելագար ռիթմով, կոխկրտում դիմակները: Էկրանին` # 8-ն ու # 7-ը՝ ամառային հագուստով, անհոգ ու աշխույժ զրուցելով քայլում են մարդաշատ փողոցներով: Կենսուրախ ու կրքոտ երաժշտություն: Մարդիկ ժպտում են նրանց, նրանք երբեմն գրկում են իրար, ծիծաղում, ամբոխի մեջ իրար չկորցնելու պատրվակով ձեռքերը երկարում ու ափերով գտնում են իրար: Սրճարանում ծխախոտ ու գարեջուր են պատվիրում: Հաշիվը վճարում է # 7-ը:

Ձայնագրություն # 8-ի ձայնովԵս գիտեմ՝ ինչի փող չունեմ… որովհետև արհամարհում եմ փողը:

Էկրանին` իրար փարված ափեր: Բանտապետը սեղմում է վահանակի կոճակը: Խցերում երկուսը հավաքում են պատառոտված դիմակներն ու միաժամանակ նետում ձողերին: Էկրանին # 8-ի խուցն է` ամեն ինչ առաջվա նման է:

Դատապարտյալ # 8 — Լսի՛, չլինի՞ դու պրոֆեսոր ես… Հիմա սկի պրոֆեսորն ա գրպանին «ջեբ» ասում, բա դու էդ ինչացո՞ւ ես:

Դատապարտյալ # 7 — Կռահեցիր: Մինչև էստեղ ընկնելս գիտության գրանիտն էնքան կրծեցի, որ հայտնվեցի «Նորքի» հոգեբուժարանում: Մի իրիկուն նստած՝ Հումբոլդտի հետ «Կիլիկիա» էինք խմում…

Հուշիկ քայլերով վերևից հայտնվում է Հումբոլդտի մարդաչափ տիկնիկը, ինքը մահճակալի տակից դուրս է բերում մի արկղ «Կիլիկիա» գարեջուր, շշերը շարում է սեղանին, որոնք նույն պահին անետանում են սեղանից, իսկ այդ ընթացքում ինքն ու Հումբոլդտը խմելու իմիտացիա են անում ՝ ստեղծելով երկու հարբածների օրորվող ու սայթաքող, իրար փարվածի ուրվագիծ:

Նստել էինք մեր պատշգամբում, որտեղից ցից երևում է «Հանրայինի» հեռուստաաշտարակը…

էկրանին` «Լրաբերի» հաղորդավարը լուրեր է կարդում:

Դատապարտյալ # 8 — Ինձ թվում ա՝ դու էնքան ես կոնծել, որ չես էլ հիշում, թե ում հետ էիր, ու էդ աշտարակն էլ նույն հաջողությամբ կարող էր… Փարիզում մեկը կա, չէ՞, անունն ի՞նչ էր… հա՛, կարող ա Էյֆելն էր: (Ծնկում է, ձեռքերը վեր պարզած ՝ գլուխը տնկում վեր, կարծես աղոթում է այնքան երկար, որ ընկնում է էյֆորիայի մեջ):

Դատապարտյալ # 7 — Չէ՛, լավ եմ հիշում, հաստատ Հումբոլդտի հետ էի, նույնիսկ հիշում եմ, որ «թարգմանությունը» համեմատեց երկու խութերի արանքով սուրացող նավի հետ… (Ձեռքերի ափերը միացրած՝՝ խութերի արանքով խուսանավելու շարժումներ է անում ու երեխայի պես հրճվում, երբ նավը բախվում է խութին և «բո~ւմ»՝ պայթում): Հիմա մեկ-մեկ հիշողությունս դավաճանում է, բայց էդ օրը շատ լավ եմ հիշում. գորշագույն փողկապներով ու շորորուն քամակներով երեք տղամարդ էին: Թափով մտան տուն, թափով քշեցին-հասան պատշգամբ, Հումբոլդտին թեթև հրեցին, խեղճը վախից կպավ աթոռին ու աթոռը գրկած՝ դուրս թռավ պատուհանից: Հետո վրա պրծան ինձ, հերթով ձեռքերս ոլորեցին ու երեք ձեռնաշղթայով կալանած՝ տարան: Խեղճ Հումբոլդտն էր մեղք, մինչև հիմա հետքը չեն գտնում: Հայաստանում անհետ կորածների ցուցակում է: (Մտացիր ժպտում է, հայացքը՝՝ դատարկ):

Դատապարտյալ # 8-ը դեմքի զգայացունց արտահայտությամբ տակնիվեր նայում է, անհասկանալի բառեր արտաբերում, երբեմն հիացական հոգոց է հանում:

(Երկար ականջ է դնում): էդ ի՞նչ բանի ես: Մի տեսակ ծանր ես շնչում, չլինի՞… (Անկեղծ հառաչում է): Հը~ը, դու էլ քո՛ հուշերի գիրկն ես ընկել, բախտակից ընկե՛րս, ես քեզ հասկանում եմ. մեգապոլիսի ճոխության մեջ միշտ էլ մի քնձռոտ իջևանատուն կճարվեր, որ փոխարիներ աշխարհի առաջնակարգ հյուրանոց «Արքադիային», որտեղ ես մենակ էի շնչում… ծանր: (Մոտենում, մարմինը էրոտիկ քսմսում է պատին, հևքոտ տնքում):

Դատապարտյալ # 8 — (թմբիրից դուրս գալով): Լսի՛, բայց էդ Էյֆելն ինչ էներգիայա դրել սրա մեջ, էնքան, որ ուզում եմ էս պատը ծակեմ, գամ, մտնեմ մեջդ, մանավանդ, որ դու էլ ես պատրաստ հյուր ընդունել, չէ՞…   

Դատապարտյալ # 7 — Ասածներս սրտիդ մոտ մի՛ ընդունիր, երես առած կնիկ եմ, էսօր կամ, վաղը չկամ, էս անտեր խուցն էլ էնքա՛ն է սրտովս, որ դո՛ւ ես էդտեղ ծանր շնչում, թե չէ ինձ ինչքան հիշում եմ էս խոզաբնում` եկող-գնացողները կոկիկ, համաչափ, քաղաքավարի խռմփոցով քնում, վեր էին կենում ու մի օր էլ առանց «ցը» ասելու՝ անհետանում:

Դատապարտյալ # 8 — Դե ասա՝ կյանքդ փչացրել են, էլի, երևում ա՝ դու էն տեսակն ես, ում փեշերը վառելով տղամարդիկ տաքանում են` առանց կռահելու, որ էդ տաքությունից սիրտդ թուլանում ա ու համարյա չի խփում: (Մտախոհ, հատու շեշտով):ճի՞շտ եմ… հաստատ գիտեմ՝ քեզ կանայք էլ հանգիստ չեն տալիս, բայց քո ուզածը… Մի խոսքով, հենց էդ ամենի պատճառով էլ ընկել ես էստեղ, չէ՞…

Դատապարտյալ # 7 — (դժկամ):Եթե ձանձրույթից քնով չես անցնի` կպատմեմ:

Դատապարտյալ # 8 — Դե~, արդեն հորանջում եմ… (Ցուցադրաբար ճմլկոտում է, բառերն աղավաղում): Բայց մի կերպ կդիմանամ, եթե խոստանաս, որ պատմես-վերջացնես` սաունա ենք գնալու՝ անցյալի բեռից ազատվելու:

Բանտապետը խլացնում # 7-ի ձայնը, միացնում ձայնագրությունը: Կատաղի քամի, պատառոտված դիմակները գալարվում են խցերում: #7-ն ու #8-ը հեկեկում են, փորձում ճանկել դիմակները: Էկրանին # 7-ն է՝ մուգ ակնոցով, գեղեցիկ արդուզարդով, նրբագեղ զգեստը հագին՝ կանգնած բլրի ստորոտին: Բլրի գագաթին մեկի ուրվագիծն է: # 7-ը ձեռքը ճակատին` երկար նայում է:

Ձայնագրություն # 7-ի ձայնով(վհատ): Քեզ մոտ գալու ճանապարհին ես կորցրի փողը, ինձ մոտ գալու ճանապարհին դու կգտնես փողը: Փող ունենաս, կգնանք:

Բլրի գագաթից` # 8-ի արձագանքվող ձայնըԽո~սք ես տվե~լ, խո~սք… տվե~լ… ե~ս… խո~սք…

Բանտապետը սեղմում է կոճակը: Խցերում երկուսը հավաքում են հատուկենտ դիմակներն ու միաժամանակ նետում ձողերին: Էկրանին` # 7-ի խուցը, ամեն ինչ առաջվա նման է:

Դատապարտյալ # 7 — (լղարիկ բարձը հենում է պատին ՝ հարմար տեղավորվում: Կծու ինքնահեգնանքով): Սկզբում ցմահ էին տվել, երևի լսած կլինես, մարդ եմ սպանել, բայց որ խփեցի, մտքովս չէր անցնում, թե կմեռնի: «Նորքի» գլխավոր բժշկուհին վրա էր քշել բուժքույր Մերիլին Մոնրոյին ու ծիծիկները հոշոտում էր: Իմ էշ խելքը, թե ասա՝ քո ի՞նչ դարդն են ուրիշի ծիծիկները: Որ աչքս ընկավ խեղճ Մերիլինի թպրտացող ոտուձեռին, արյունը տվեց գլխիս, կոշիկս հանեցի ու կրունկս խրեցի էդ որձխեզանի գանգի մեջ: Հետո բան չեմ հիշում. ահագին երկար լռություն էր: Վերջը մի օր իմացա, որ էս բանտախուցը իմ հիմնական կացարանն է: Որ ճիշտն ասեմ՝ չտխրեցի: Ժամանակավոր կացարանների առատությունից ու դրանց հոգսերից գլուխս պտտվում էր, վերջապես մի հանգրվան գտա, որ գլուխս դնեմ ու չմտածեմ պատուհանի կոտրված ապակու, դռան ժանգոտած կողպեքի ու ճռռացող ծխնիների մասին: Ոտքերս մեկնում եմ ու սպասում. կտան՝ կուտեմ, չեն տա՝ չեմ ուտի, ինչքան սիրտս ուզի՝ քնում եմ, մենակ խաչաձև հարցաքնության ժամերին եմ զզվանքով շփվում արդարադատ հասարակության հետ, մնացածը՝ ճիշտ իմ ուզածով է: Բայց հետո մի օր, ինչպես ասում են՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ, ու մինչ ես մտածում էի, թե ոնց անեմ, որ ներսումս պայթած երակը քարհանգույց կապեմ, քանի իսպառ չեմ մարել, վերից հրաման եկավ, որ մեր երկար արև նորընտիր Նախագահը ողորմացել է նվաստիս ու ներում շնորհել: Հիմա ինձ բան չի մնացել, ժամանակավոր կացարանների շքերթը շարունակվելու է, բայց որ անկեղծ ասեմ, կուզեմ էնքան մնամ, ինչքան դու էդտեղ ծանր կշնչես:

Դատապարտյալ # 8 — (լսելու ընթացքում ծամածռվելով հորանջում է ու շահում հանդիսատեսի համակրանքը): Բայց դու մի շատ կարևոր բան հաշվի չես առել՝ Նախագահի կամքը: Հմի տենց ա. ուզում ես մեկի հետ ձեն-ձենի տված ծանր շնչե՞ս՝ հարցրու Նախագահին: Մինչև «դաբրոն» չստանաս, ո՛չ մի շնչել: Գլուխդ էն տեսակ կուտեն՝ ականջդ էլ չի մնա: Նախագահին հարկավոր ա միշտ հաշվի առնել, վերջիվերջո տեր ա, չէ՞: (Մեկուսի):Թե ընչի՞ Նախագահ չդարձա, բա չէ՝ արտի~ստ…

Դատապարտյալ # 7 — Դե լավ, լա՛վ, խոսքերս ետ եմ վերցնում: (Խեղճացած): Մի բան խնդրեմ` կանե՞ս:

Դատապարտյալ # 8 — Որ անեմ, էդ ո՞ւմ ձեռ կտա՝ քե՞զ, ի՞նձ, էս բանտի՞ն, թե՞…

Դատապարտյալ # 7 — Կարծում եմ՝ ինձ էլ, քեզ էլ, կնոջդ էլ, հասարակությանն էլ, երկրին էլ, պետությանն էլ ձեռնտու կլինի: Երբ խցերը ազատվեն մեր բեռից, թող մեր հորինածը մնա էս պատերի արանքում, այլապես հաջորդ Նախագահի ականջին որ հասավ, թե ինչ այլասերուն գաղափարներ ու ծրագրեր ենք հղացել էս լպրծուն մգլահոտի մեջ, մեզ տեղնուտեղը կդատեն ու, ցմահն ի~նչ է, կախաղան կհանեն:

Դատապարտյալ # 8 — Լսի՛, դու էդքան միամի՞տ ես, թե՞ դերասանությունդ բռնել ա ու քեզ անհասկացողի տեղ ես դրել: Դու չգիտե՞ս, որ էս անտերանոցում ոչ մեկի խոսածը, եթե կուզես՝ անգամ մտածածը «փուստ» չի անցնում, ամեն ինչ գաղտնալսվում ա… Ես էլ կարծեցի՝ էն մի բանն ես խնդրելու, որ դեռ չեմ արել ու գցում-բռնում էի՝ որ պահը հասնի՝ անե՞մ, թե՞ չանեմ… Գիտես՝ անելը կանեմ, բայց չեմ ուզում քեզ խաբեմ, հենց էս խցից դուրս գաս` ձեն եմ տալու, տեսնեմ՝ ով ա քո տեղը նստել, որ խայծս գցեմ: Բռնեց` կբռնեմ, չէ՝ Աստված իրա հետ, բանտը լիքը բռնավոր կա, մեկին մի տեղ կբռնացնեմ, ու սենց հերթով բոլոր տվողներից կառնեմ: Հը՞, ոնց ա՞, ծրագիրս դուրդ գալիս ա՞, որ ուզեմ Նախագահ դառնամ, ինձ ձեն կտա՞ս:

Բանտապետը վահանակով խլացնում # 7-ի ձայնը, միացնում ձայնագրությունը: Մրրիկ, հատուկենտ դիմակները պոկվում են ձողերից ու անհետանում: #7-ն ու #8-ը սգում են դիմակների կորուստը: Մեջքմեջքի՝ անշարժ հենված են միջնորմին, համաչափ  բարձրացնում են ձեռքերը, կողք տարածում ու թույլ կախում ներքև: Էկրանին # 7-ն է՝ աչքերը սև լաթով կապած: Զգույշ շարժվելով` խարխափում է:

Ձայնագրություն # 7-ի ձայնով —  Նախագահն ո՞վ է, դու որ ուզես` Բանտապետ կդառնաս և կուղղորդես` ում որ ուզես:

Բանտապետը սեղմում է կոճակը: Խցերում երկուսը անհաղորդ մեկնվել են մահճակալներին, սովորույթի ուժով պառկած տեղից երբեմն ձգվում են դեպի ձողերը, բայց դիմակները չգտնելով`՝ հաշտվում են իրավիճակին, աշխուժանալու նշաններ ցույց տալիս:

Դատապարտյալ # 7 — (ինքնաբավ ժպտալով և լուռ խոստովանելով` աջ ձեռքը սրտին դրած: Ձայնը արձագանքվվում է դահլիճում): Ցը՛, էլ սարուձոր մի՛ ընկի, ես գիտեի, որ մտքիդ ուրիշ բան կար, երբ հարցնում էիր, բայց դու անհոգ եղիր, էդ մի բանը, որ իմանամ՝ հիմա մեռնում եմ ու դրանով կփրկվեմ, չե՛մ խնդրի: Մի բան ասեմ՝ ականջիդ օղ արա. էդ էն է, ինչը ես հաստատ չեմ մուրում, էդ էն նվերն է, որը ես չեմ ընդունում, մինչև ատրուշանին վառվող կրակը չտեսնեմ ու որովայնիս տենդը չզգամ: Չվախենաս, ակամա չես դրժի խոստումդ, քանի դեռ երկուսս էլ կրակի ճարակ չենք դարձել:  

Դատապարտյալ # 8 — Վտանգավոր խաղեր ես հորինում: (Գլուխը մի քանի անգամ խփում է պատին`՝ կարծես փորձելով մտքերն ուժով հրել պատից այն կողմ): էդ կրակը երբեք երկուսով չի կշտանում: Կյանք տեսած կնիկ ես երևում, բայց քեզ տասնյոթ տարեկանի նման ես պահում: Է՛ն, որ ծառերի շվաքում քայլում են, տերևները պռճոկում՝ ձեռքերի մեջ էնքան են տրորում, որ տուն են գնում, մատները կարծես կանաչ հինա դրած լինեն: Կանաչ մատներով աղջիկը վատ խորհրդատու ա հասուն կնոջ համար, իմացած եղիր:

Դատապարտյալ # 7 — Գիտեմ, ի սկզբանե սխալ բան կար մեր պատկից մեկուսարանների գոյության մեջ, բայց մենք ժամանակին կանխեցինք հրդեհը: (Գլխիկոր ժպտում է):

Դատապարտյալ # 8 — Հրդեհի մասին դեռ ոչինչ հայտնի չի, բայց մեկուսարանը միշտ էլ նեղ է գալիս ամեն ինչ լափող էդ հրեշին սանձելու համար: (Բռունցքներով հուսահատ խփում է պատին): Դու հիմա զոռով փորձում ես քեզ կապկպել, չնայած էն գլխից պիտի իմանայիր, որ Ինքը մեզ էնքա~ն ա կապկպել, որ էլ զուր տքնելու կարիք չկա: Ըհը, ես հիմա էնպես եմ զգում, կարծես ոտուձեռ չունեմ, ու որ պետք լինի էս պատը փլել` ատամներով եմ կրծելու… Բայց ոնց հասկանում եմ՝ դու ինձնից էծերով ես:  

Դատապարտյալ # 7 — Հա՛, եզան պես համառ եմ ու գիտեմ, որ իմ տունը իմ ձեռքով քանդում եմ, բայց ես հին մազոխիստ եմ. ուրիշի հավին քշա չեմ ասում, երբ հնարավոր է սեփական աքլորի ոտուձեռը կապկպել:

Դատապարտյալ # 8 — Էդ թռչնաբուծականիդ դռները փակի, քանի օր ա` մեզ չեն կերակրում, ես լրիվ… (Փորը բռնած ծնկում է, ուշագնաց ընկնում հատակին):  

Դատապարտյալ # 7 — Մի քանի րոպե աչքդ կպցրու: Էդ խաչաձև հարցաքննությունը մարդուն հունից հանում է, իսկ էն նյարդերի կծիկը, որ մենք ենք, մեր զարկերակը դեմ է տալիս ածելու սայրին ու տապ արած աղվեսի պես սպասում: Քեզ չեմ տեսնում, բայց ձայնիցդ գլխի եմ ընկնում, որ սպառվել ես, հոգիդ բերանդ է ելել ու սպառնում է խցանել կոկորդդ, դիմացի՛ր, հանձնվելուց հեշտ գործ չկա, դժվարը էս մի քանի փորձությանը դիմանալն է, հետո իմունիտետ ես ձեռք բերում ու անգամ սեփական ստվերդ տրորելիս՝ չես երկնչում մահից:

Դատապարտյալ # 8 — (ուշքի գալով): Աղջի՛, էդ ի~նչ գունավոր բառեր ես օգտագործում՝ «խցանե~լ», «սպառնա~լ», «երկնչե~լ». ոնց որ անուշադրի սպիրտ լինեն, հենց դեմ տվիր քթիս ՝ վեր թռա:

Դատապարտյալ # 7 — Ավելի լավ, որ մեր բառերը տարբեր հոտ ու գույն ունեն, որ մեր մտքերը քմայքոտ վանում են իրար, ավելի լավ, որ մեր խոսքի մեջ ընդհանուր եզրերը սակավ են, որ մենք շատ օտար ենք, որ գրեթե թշնամի ենք՝ ոխերիմ, նենգ, կատաղի… Լավ, լա՛վ, ուշադրություն մի դարձրու, հոգնածի զառանցանք է, մոռացի՛ր: (Երկար, սուր ծղրտում է):աա~աա~աաա…

Դատապարտյալ # 8 — (ականջները փակում է): Հորս արև, իսկական գժանոցի ապրանք ես: Թե գժի թուղթդ քեզ ոնց չօգնեց, որ մնայիր «Նորքում»… Զարմանում եմ, էս քո ի՞նչ տեղն ա, դու էս խցերի համար վտանգավոր կենդանի ես:

Դատապարտյալ # 7 — (միանգամից հանդարտվելով): Մի բան էլ խնդրեմ, հա՞, էս վերջին անգամն է, ազնիվ խոսք: Կպատմե՞ս առաջին գիշերվա երազդ, երբ հայտնվեցիր էդ խցում:

Դատապարտյալ # 8 — Բայց դու իսկականից աննորմալ ես, ձև ես անո՞ւմ, թե՞ իսկապես չես հասկանում, որ իմ երազը էս խցի հետ կապ չունի, չո~ւնի, գրողը քեզ տանի, վհո~ւկ… (Գլուխը կորցրած՝ թռչկոտում է  մահճակալին):

Ծանր ռոք երաժշտություն: ԲԱՆՏԸ կարծես ցնցվում է  երկրաշարժից: Բանտապետը դուրս է նետվում  սենյակից: Էկրանը սևանում է, ու նա ցուցադրաբար շպրտում է վահանակը: # 8-ը գլուխկոնծի տալով  հայտնվում է խցից դուրս, վերցնում է վահանակը, թիկունքից հարվածում է Բանտապետին, քարշ տալիս իր խուցը, հագնում նրա հագուստը, իրենը հագցնում Բանտապետին: Վահանակը ձեռքին գնում է խցից՝ հրաժեշտի համբույր դրոշմելով Բանտապետի ճակատին: Ծանր ռոքը տեղի է տալիս երգեհոնային երաժշտությնա: Ապա` լռություն

Դատապարտյալ # 7 — Իրիկնամուտ էր, լամպը պայթեց, և դու գրկեցիր խավարը: Ապակու տաք փշուրը խրվեց պարանոցիդ մեջ: Հետո մթան գրկում խարխափելով՝ գտար մարմինդ, որ ծեփվել էր թաց պատին, հետո մարմնիդ վրայից գլորվող ջրի կաթիլները հոսեցին ու ջրահեղձ արեցին մի օտար մարմնի, որ թաքնվել էր քո ու պատի արանքում, հետո մորթվող անասունի պես խռխռացիր ու լափլիզող կրքից փրկեցիր շուրթերդ, որ խոստումդ պահես: Հետո ատեցիր կիրքդ, որ կամքդ չէր հարցնում: Հետո, երբ գնացիր խաչաձև հարցաքննության, սիրեցիր խուցդ, վանեցիր աչքիցդ հեռու, որ չխանգարեր արագ կողմնորոշվել՝ նոր հարցումներին դեմ հանդիման: Վերադարձիդ խուցը փոխվել էր: Կիրքդ կամաց-կամաց մարեց: Մնաց երազդ, որ չպատմեցիր: Ես հորինեցի երազդ, որ ինձ հավատացնեմ, թե պատի ետևում կա մեկը, որին չեմ տեսնում, բայց զգում եմ, ում ձայնը չեմ լսում, բայց ասածը հասկանում եմ, ում շունչն ինձ չի հասնում, բայց իմ միջից է ելնում:

Դատապարտյալ # 8-ը Բանտապետի սենյակում սեղմում է կոճակը:

Ձայնագրություն # 8-ի ձայնովԷդ քո նատուրալիզմը սիրտս խառնում ա: (Հակակրանքով, հատհատ արտաբերելով՝ իբրև ծաղրանք): «Ապակու տաք փշուրը խրվեց պարանոցիդ մեջ»… որ ի՞նչ: Լսի՛, մի քիչ որ երևակայությանդ զոռ տաս, կարող ա ուզես ինձ ռենտգենով նկարես ու տանես կախես Նախագահիդ նկարի տեղը: 

# 8-ը ցնցված ականջ է դնում ու ակամա սեղմելով կոճակը՝ անջատում ձայնագրությունը:

Դատապարտյալ # 7 — (դիմակների անհետացումից հետո առաջին անգամ  ձայնագրությունն ընկալվում է որպես # 8-ի իրական ձայն: Այլևս քշելու բան չկա, քամի չի բարձրանում, և բնական պայմաններում թելադրվածն ընդունվում է իբրև սովորական զրույց): Շա~տ եմ ուզում: Ինչ դու խլվլում ես էդ խցում, ես արթնանում ու քնում եմ նույն տեսիլքով. երանի էս պատը մի օր թափանցիկ դառնա, ու դու կանգնես իմ աչքի առաջ, ձեռքերդ` հատակին, ոտքերդ` մկրատաձև բաց, մարմնիդ բոլոր սպիները՝ երևացող, արյունատար անոթներդ ու ողերդ՝ լերկ, ներսիդ թափառիկ շունչը՝ ականջիս շշնջացող: (Դահլիճում տարածվում է  գայլերի ոռնոց): Մի՛ ոռնա: Գիտեմ, ուզածս շանտղություն է: Ների՛ր, վա~յ, դե… ներողություն եմ խնդրում, ձենդ գլուխդ մի՛ գցիր, մի բան էր՝ ուզեցի, էլի, ամեն ուզած որ կատարվե~ր… վա~յ, սպանեցիր, հասկացա, չեմ ասել, չեմ ուզում, պը՛րծ:

Դատապարտյալ # 8-ը այնքան անօգնական է թավալվում Բանատապետի սենյակում, որ, ի վերջո, ուժասպառ սսկվում է:

Ո՞նց ես, է~յ, ասում եմ՝ ո՞նց ես… Էլի քնել ես, մեռելի պես… (Ձեռքերը` գոտկատեղին, տիրաբար հարցնում է`՝ ականջը դեմ տված պատին): Ուզո՞ւմ ես՝ էնպես գոռամ,  որ Եվրոպա մայրցամաքը ոտքի ելնի՝ կարծելով, թե հասել է Դատաստանի օրը: Գիտեմ, հաստատ գիտեմ՝ էն խաչաձև հարցումների ընթացքում եվրոպացիք համոզվեցին, որ էդ օրվա ազդարարը հայ է լինելու…

Դատապարտյալ # 8-ը մեկնված է հատակին:

Իրավունք ունես, լռությունդ հուշում է, որ Հայի եզակիության ախտանիշի վկայության տակ դու էլ կստորագրես, թե՞ սխալվում եմ, և դու համաձայն ես լենինգրադցի ռուսի սարկաստիկ եզրափակմանը. «Աշխարհում ապրում են հայերը և մնացած բոլորը»: Ա~յ քեզ զավեշտ, հիմա էլ պարտավոր եմ լռությունդ վերծանե՞լ: Հա՛, լավ, չլոպպազանաս, էդ Մունետիկի առաքելությունը գոմեշի բեռ է, որի տակ կքած ոչ մի լղար թազի չի դիմանա, քանի դեռ երկինքը կամովին չի ստանձնել ուղեկցորդի դերը, ու հողը մեջքը դեմ չի տվել, թե՝ ոտքդ ամուր դիր ասպանդակին, հեծնիր ինձ ու գնա: Է~յ, լսո՞ւմ ես, թե՞ շունչդ փչել ես, ու ես  անտեղի դուրս եմ տալիս… աո~ւ… աո~ւ, ո~ւո~ւ…

Դատապարտյալ # 8-ը լուռ է:

Հեչ էլ արձագանքես: Գիտեմ, որ ինձ լսում ես, բայց քո խոսքը, անապատի քամու բերանն ընկած, հեռանում է ու չի հասնում խցիս պատերից ներս: Դու էիր, չէ՞, ասում. էս զրույցները բանտում չեմ պատկերացնում: Անապատում ենք, քայլում ենք իրարից հեռու, իրար ենք փնտրում, երբեմն լսում ենք իրար, բայց շատ հաճախ մեր ձայներն էլ չեն գտնում մեզ, մենք դեռ քայլում ենք… Հետո, երբ գնացիր խաչաձև հարցաքննության, ես շարունակեցի քայլել անապատում ու սորվող ավազների հետ կռիվ տալիս հասկացա, թե ինչու են մեր զրույցները տարածվում բանտի պատերից դուրս, թե ինչու մեզ չեն ողջունում բանտում՝ դեղին տառերով սև պաստառները թափահարելով. «ԲԱՐԻ ԳԱԼՈ՛ՒՍՏ ԲԱՆՏ»: Հա՛, հիմա գլխի եմ ընկնում, թե ինչու մենք սպասված եկվոր չենք էս անիծված մեկուսարաններում, դու, իրոք, հանճարեղ ես… Հիշո՞ւմ ես՝ քահ-քահ ծիծաղեցինք քո միամիտ հանճարեղության վրա, հիմա գիտեմ, թե ինչու ես շեշտի տեղը փոխում. «ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ, ԲԱ՛ՆՏ»:

Դատապարտյալ # 8 — (արթնանում է, աչքերը փակ` սեղմում կոճակը: Դարձյալ ձայնագրությունն է՝ իր ձայնի նմանությամբ):Վա~խ, հորս արև, էս ու~ր եմ ընկել… Աղջի՛, դու մի՞շտ ես էդ գռեհիկ նատուրալիզմի աղացին ջուր լցնում, թե՞ սա տարիներով սեքս չտեսած կնկա համար օրգազմի հասնելու մի նոր ձև ա, ճի՛շտն ասա… Էդ շեշտերն ինչի՞ հիշեցիր, իբր ի՞նչ, խելքդ հացի հե՞տ ես կերել, դու հո տնաքանդ չե՞ս: Էս ի՞նչ անիծված խուց եմ ընկել, ա՛րա… ավելի լավ ա` երակներս փրթեմ, քան զառանցանքդ բանի տեղ դնեմ: (Հապշտապ անջատում է ձայնագրությունը): 

Դատապարտյալ # 7 — (աչքերը շողացնելով): Վերջապե՛ս: Գլուխդ պատին կտաս, մեկ էլ չլսեմ՝ թնկթնկում ես, կարծում ես` իմ խուցը դրախտից վարձված անկյուն է, հա՞, թե՞ քեզ թվում է՝ իմ բոլոր հանցանքների արժանի պատիժը էս մեկուսարանն է: Խե՛լք հավաքի, մի՛ նվնվա, համենայնդեպս, «Նորքի» հոգեբուժարանի գիշերապահ ակադեմիկոս Սախարովն ու բուժքույր Մերիլին Մոնրոն ամեն Աստծո օր երանի են տալիս էս բանտի բնակիչներին, իսկ սրանք նկատել են, որ մենք ավելի շատ անապատի ավազներն ենք կոխկրտում, քան բանտի բարեկեցության ճենճը: Էնպես որ, սրանք էլ են հոտն առել ու չարացած փսփսում են, թե մեր բախտն ամենաշատն է բերել, քանի որ հայտնվել ենք պատկից մեկուսարաններում:

Դատապարտյալ # 8 — (սկսում է զվարճանալ՝ սեղմելով կոճակը): Բա՞խտ, ի՞նչ բախտից ես խոսում, աղջի՛, մարդ էլ մի անմեղ սայթաքումի համար էսքան դաժան պատժվի՞: Էս սաղ աշխարհին կարելի ա, ինձ չի՞ կարելի, հերն անիծե~մ… էս իսկական պատիժ ա… Արդեն շատ հմտորեն գտնում է դադարի պահը, բայց մատը պատահաբար դիպչում է մեկ այլ կոճակի: Էկրանը լուսավորվում է, երևում է # 8-ի նախկին խուցը, թափանցիկ միջնորմն անցնելով՝ հայտնվում է # 7-ը, ձողից հանում է # 8-ի ցուցանակը և կախում # 7-ը, # 8-ի ցուցանակը փակցնում է մեռած Բանտապետի կրծքին և նրան քարշ տալով՝ հեռացնում խցից: Վերադառնում է ու պառկում # 8-ի մահճակալին:

Ձայնագրություն # 7-ի ձայնովԿարելի է, քեզ ամեն ինչ կարելի է, դու հիմա Բանտապետ ես, քեզ… ամեն ինչ… կարելի է:

# 8-ը շփոթված, մի կերպ գտնում է կոճակը և անջատում ձայնագրությունը: Երկար, ճնշող լռություն: # 8-ը ճարահատ սեղմում է կոճակը: Լսվում է ձայնագրությունը՝ # 7-ի ձայնի նմանությամբ, # 7-ը ձայնագրությանը զուգահեռ բացուխուփ է անում բերանը՝ իբր ինքն է խոսում: Այդպես այնքան ժամանակ, քանի դեռ ամեն ինչ # 7-ի հսկողության տակ է, մինչդեռ # 8-ը կարծում է, թե ինքն է իրադրության տերը:

Դատապարտյալ # 7 — (միանում է ձայնագրությունը): Ես գիտեմ, որ պատիժ է, շատ լավ հասկանում եմ, որ մեղքից խուսափելն անհնար է, որ փորձելու ենք փուչ պատրվակներ հորինել, որպեսզի արդարանանք, բայց Նրան մոլորեցնել չի լինի:

Դատապարտյալ # 8 — (այսուհետ ակամա անհրաժեշտ պահին սեղմում է կոճակը, իրենք զրուցում են ըստ Բանտապետի ձայնագրությունների): Ոնց ասի՞ր, ինձ թվա՞ց, թե՞… դո՛ւ ասացիր:

Դատապարտյալ # 7 — (միանում է ձայնագրությունը): Ասացի՝ փուչ պատրվակներ, դու ճիշտ լսեցիր: Սերն էլ մեր մոգոնածն է, որ թողություն աղերսենք՝ մոլագար կրքին տրվելուց հետո, որովայնում տրոփող կոնյակի տաքության պես եռքոտ տենդի մասին առասպելն էլ իմ հորինածն է, որ իբրև հաղթաթուղթ կտամ դատապաշտպանիս ձեռքը: Շնանալուց հետո սա լավագույն անմեղության ալիբին է: Բայց էն գլխից եմ տանուլ տվել էս գործը, քանի որ խաչաձև հարցաքննությունների ընթացքում դու բացել ես բոլոր խաղաքարերս. ծննդյան ու մահվան տարեթվերը, ամուսնու, սիրեկանների տվյալները, զավակների ու ընկերների էլեկտրոնային նամակները, դիպլոմները, պատվոգրերը, մրցանակները, պարսավագրերը, գրքերը, հեթանոս դիցուհու նկրտումները, բանկային հաշիվներն ու պարտքերը, պարտությունները, ձախողումները:

Դատապարտյալ # 8 — (սեղմում է կոճակը): Հետաքրքիր է՝ էսքան թատրոնից հետո… հիմա ի՞նչ ես զգում քո հանդեպ: Հոպլյա» ասելով՝ վահանակը ձեռքին ծալապատիկ նստում է հատակին):

Դատապարտյալ # 7 — (միանում է ձայնագրությունը): Ես խղճում եմ ինձ, բայց դրա իրավունքը միայն ես ունեմ: Դու կարող ես ատել, արհամարհել, գուցեև հարգել, ուզել ինձ, կարող ես հիանալ ինձնով կամ ձանձրանալ, զզվել ինձնից, կարող ես անտարբեր լինել կամ գժվել ինձ համար, կարող ես օրհնել ինձ կամ անիծել, աղոթել ինձ համար կամ հայհոյել յոթը պորտս, դու կարող ես հոշոտել ինձ, սպանել, բայց չխղճա՛ս: Հենց խղճաս` ձեռքիցս կառնես է՛ն, ինչի համար ոտքս կախ եմ գցում էս անտերանոցում: Ահա՛ քեզ վերջին խաղաթուղթս: Տեսնեմ՝ ո՞ր պատեհ պահին ես օգտագործելու՝ երկուսիս ինքնասպանությունից առաջ: (Մոտենում է միջնորմին, ձեռքն անվստահորեն անցկացնելով պատի միջով` գիտակցում է նրա թափանցելիությունը, մեկնում է խաղաթուղթը):

Դատապարտյալ # 8 — (մանկան հրճվանքով, վահանակը ձեռքին անարգել մտնում է # 7-ի դատարկ խուցը, վերցնում մեկնված խաղաթուղթը: Դա նման է ինքն իրենից խաղաթուղթ ստանալուն: Էկրանին` # 8-ի խուցն է՝ # 7 ցուցանակով: # 8-ը # 7-ի խցից շարունակում է կառավարել վահանակը):Ո~ւխ, ջա~ն… ես սիրում եմ հաղթել, մերսի, ցա~վդ տանեմ: Էդ ի~նչ լավ բան ես մտածել, տո՛ւր տեսնեմ… ես սա անպայման կօգտագործեմ, հենց մոմենտը գտնեմ: Գիտե՞ս` որ մոմենտը, երբ տվածներդ հատ-հատ ետ ուզես, ա~յ, հենց էդ ժամանակ էլ էս քարտը կշխկացնեմ ու քեզ լրիվ լեշ արած կփռեմ գետնին, հա~, հա~, հա~…  

Երաժշտություն, որ տրանսցենդենտալ զգացողություններ է առաջացնում:

Դատապարտյալ # 7 — Անապատում քայլելիս դու շատ հեքիաթներ պատմեցիր ինձ. արգելված պտղի համտեսից մինչև օձի կաշվի տակ մտնելդ, բաքոսյան զեխությունից մինչև սերմիդ շատրվանով բազմաթիվ տոչոր այգիների ջրտուքը, անձրևի տաքության մեջ թողած խենթ զուգապարիցդ, որ ավարտվեց երկրպագված արարումով, մինչև Մագթաղինեցու հայացքով ոտքդ համբուրողի հիացմունքը: 

Դատապարտյալ # 8 — (երաժշտությունը շարունակվում է):Անապատում քայլելիս դու շատ հեքիաթներ պատմեցիր ինձ. քո ոտքով խաչին մոտենալուց մինչև քեզ խաչողին խաչելդ, առանց վարանելու՝ ձվի նուրբ կեղևդ ցույց տալուց մինչև խուլ ձվի մեջ փակվելդ, Դաոի դասերով քեզ սիրողների վարժանքից մինչև Թաիս Աթենուհու հեթանոս սիրախաղին հմուտ հետևելդ, նշաձև աչքերիդ խորքում երազդ հորելուց մինչև անկողինդ սարկոֆագ դարձնելդ:  

Դատապարտյալ # 7 — (երաժշտությունը շարունակվում է):Ինձ կպատմե՞ս պապիդ հեքիաթը, որով մայրդ հունցեց ուսապարկիդ գաթաները, երբ հեռացար Տնից: Ների՛ր, նորից խոստումս չպահեցի: Գնալով նմանվում եմ էն աղջնակին, որին տիկնիկ են նվիրում ու զգուշացնում. «Սա լարովի տիկնիկ է, հենց լարես, ինքը կպարի քեզ համար, բայց ինչքան շատ լարես, էնքան շուտ կփչանա»: Վերջը գլխի ես ընկնում: Ների՛ր:

Դատապարտյալ # 8 — (երաժշտությունը շարունակվում է):Ինձ կպատմե՞ս որդուդ հեքիաթը, որով հունցեցիր ուսապարկի գաթաները, երբ հեռացավ Տնից: Որդիդ գիտի հոսող ջրերի ոլորանները, որ հաճախ են ընդհատվում ու գետնի տակն անցնում: Ների՛ր, որ չեմ սերտել մեծն Դաոի բարձրագույն դասերը և քննություն հանձնելիս հույսս դրել էի պատահական հուշումի և, մեղքս ի՞նչ թաքցնեմ, ուսուցչիս հոգատար ներողամտության վրա: Գիտեմ՝ ինչա լինում, երբ ակնկալիքը չի արդարացվում: Ների՛ր:

# 8-ը թափանցիկ միջնորմի միջով ձեռքը մեկնում է ու թափահարում խաղաթուղթը, ակամա սեղմում է վահանակի կոճակը, բայց այն այլևս չի աշխատում: Մի քանի անհույս փորձից հետո վահանակը դուրս է նետում խցից:

Դատապարտյալ # 7 — (վերցնում է խաղաթուղթը: Կարծես երազից արթնանալով ու խաղաթուղթը ձեռքում շուռումուռ տալով՝ հիացած): Սա իմ պարգևն է: Չգիտեմ ինչու և ինչպես որոշեցիր ինձ նվիրել մի բան, որ գրեթե առանց բացառության, ամեն մարդ իր հետ անդին է տանում: Սա նման է երջանկության այն ակնթարթին, երբ գիշերվա ծովը շառաչում էր երկուսիս բիբերում:

Մեկ րոպե դահլիճում լսվում է ծովի ալիքների մտերմիկ ճողփյուն:

Դատապարտյալ # 8 — (իր ձայնով, այսուհետ միայն իր ձայնով):Ես նորից լսողական հալյուցինացիա ունե՞մ, էս ի՞նչ բան ա… ծովն ի՞նչ գործ ունի էս բանտախցում: (Մատները խցկում է ականջները, տագնապած թափահարում ՝ կարծես համոզվելու, որ չի խլանում):

Դատապարտյալ # 7 — (իր ձայնով, այսուհետ միայն իր ձայնով):Դու չե՞ս հիշում՝ էստեղ ընկնելուց առաջ մենք հանդիպել ենք ծովեզերքին: (Մռայլված):Հա~, դու ջնջեցիր հիշողությանդ էդ պատառը, երբ ծովին չհասած` ճայը քեզ ձայն տվեց. «Դու արժանի ես, որ քեզ սիրելով սիրեն», և դու փնտրեցիր ու չգտար բիբս: Պատահում է. դատարկության ավելի սահմռկեցնող զգացումներ կան, որոնք տիրոջն ուղիղ քշում են «Նորքի» հոգեբուժարան: Հիշում եմ. մթան մեջ սուրացող շարժասանդուղքին կանգնած մարդը ձեռքերը տարածել ու նայում էր փախչող ծառերի կատարներին, իսկ երթի միջից պոկված մեկը, ում հայացքը խրվել էր մարդու մատների արանքը, վիզը ջարդեց՝ գահավեժ բախվելով ծառաբնին: Շարժասանդուղքին կանգնած մարդը հայտնվեց «Նորքի» հոգեբուժարանում՝ որպես բեռնատարի վարորդ Յուրի Գագարին:

Դատապարտյալ # 8 — Էդ քո ասածը բոլոր մենակներին հայտնի՝ շատ լավ խաբս տալու ձև ա, բայց, մեկ ա, վերջ-առաջ՝ ընկնում ես վակուումի մեջ: (Ձեռքը թափ տալով): է~հ, էս սաղ էշություն ա:

Դատապարտյալ # 7 — Երբ քո ներման ծանուցումը ստանաս, պատը թակիր, ես չեմ քնի, մինչև չիմանամ: Իսկ թե քունդ չի տանում, պատմի՛ր, թե ինչպես սողոսկեցիր էդ մեկուսարան, քանի որ դրա նախորդ տերերը վերից իջած կարգադրությամբ են տեղավորվել էդտեղ: Գիտե՞ս ինչու… քանի որ էդ խցում ապաշխարել է ինքը՝ Մոլորյալ Որդին, ու երբ լքել է խուցը, աշխարհն ընդառաջ է եկել ու ծնկել նրա հայացքի տակ: Որդին ձեռքը պարզել է ու սիրտը բերանը ելած՝ ձայն տվել. «Բարի գալուստ, Բա՛նտ»:

Դատապարտյալ # 8 — Հիշում եմ, շեշտը հիշում եմ… Հարցնում ես՝ ոնց մտա էս խո՞ւցը… ուրիշ էլ ո՞նց. մերս մի քիչ դմբո էր, բայց լավ դմբո էր, մեկ էլ մորս նման դմբոն ինձ կհրեր ու կգցեր էս «լյուքս» համարը: Ես երախտամոռ զավակ դուրս եկա, բայց մերս, մորս նման դմբոն ինձ ներեց: Ես ինձ սիրված զգացի ու ձայն տվեցի. «Բարի գալուստ, Բա՛նտ»:  

Դատապարտյալ # 7 — Ծանո՞թ պատկեր է, բա իմ ասածն ի՞նչ է` դու պատահաբար չես հայտնվել էդ խցում, մինչև էդտեղ ընկնելդ դու լսեցիր պապիդ հեքիաթը, որով մայրդ հունցեց ուսապարկիդ գաթաները, երբ հեռացար Տնից: Ես դա գիտեմ: Իսկ հիմա պատմիր շարունակությունը, քանի դեռ չի հասել ժամդ՝ մշտապես լքելու էս խուցն ու խրվելու անապատի սորվող ավազների մեջ:

Դատապարտյալ # 8 — Իմ ոտքերն արդեն եղել են սորվող ավազների մեջ: (Անապատի քամու վայնասունը):Ամեն քայլափոխի ավազը լցվում էր մաշկիս տակ, ու արյունս լերդացած՝ սպառնում էր խցանել զարկերակս: Բայց ես բանի տեղ չէի դնում ավազների խուտուտը: Քամին ուժով գրկում էր ու ստիպում կենակցել իր հետ: Ես այդ պահին շատ էի ուզում ամորձատված լինել: Հետո, երբ քամին ավազի հոգին էր հանում, ես ձեռքս մեկնում էի ու ավազը բռած՝ ատամներս կրճտացնում: Հետո ավազը թափվում էր մատներիս արանքից, իսկ ափիս մեջ մնացած հատուկենտ փշուրները… տրվում էին քամուն: Ես հեկեկում էի, ես կաղկանձում էի…   

Դատապարտյալ # 7 — Լռի՛ր, ի սեր սորվող ավազների, լռի՛ր, էլ չեմ դիմանում, ես կռահում էի, որ այս անավարտ դատավարությունը հոգիների մերկացման ցուցասրահ է, բայց մտքովս չէր անցնի, որ մինչև ազատմանս հրամանի արձակումը կընկնեմ մի մեծ թակարդ, որտեղ թպրտում է իմ նմանակը:

Դատապարտյալները միաժամանակ դուրս են նետվում մենախցերից, նետվում են իրար վրա ու հրմշտելով` խելապատառ գոռում:

Դատապարտյալ # 7 — Քեզ ինչի՞ ա թվում, թե խոսելը ելք ա, թե զանգելը ելք ա, թե գրելը ելք ա: Դու ինչի՞ ես կարծում, թե Բանտապետը միսուարյունից հունցված հրեշ էր ու սխալ տեղ էր տանում մեզ: Խեղճի մեղքն առար վիզդ: Անապատում թե Բանտում՝ ամեն մեկն իր առաքելությունն ունի, ու մենք շա՞տ գիտենք, թե վաղն ով կլինի Բանտապետը: Քեզ ինչի՞ ա թվում, թե էս աշխարհում ոչ մի Բանտապետ երբեք չի հայտնվում անապատում…

Դատապարտյալ # 8 — Քեզ ինչի՞ ա թվում, թե լռելը ելք ա, դու ինչի՞ ես կարծում, թե նմանակիդ գոյությունը քեզ ավելի ա դժբախտացնում, կամ անապատը պարտավոր ա ավելի բարեհաճ լինել, քան բանտը: Քեզ ինչի՞ ա թվում, թե ես մոլորվող պտուղը չեմ և ուզում եմ կորցնել հիշողությունս, թե ես վերացրի Բանտապետին, որ խաղաթղթերս չխառնի: Քեզ ինչի՞ ա թվում, թե էն գլխից էս խաղի հաղթողն եմ ու չեմ ուզում, որ Բանտապետը դու լինես… (Հեռանում է):

Դատապարտյալ # 7-ը մենակ մնալով` ոտքերը գետնովն է տալիս, չի հաշտվում իր գոյության հետ:

Դատապարտյալ # 8 — (հանդիսատես մի տղամարդ` դահլիճից):ՎԵ՞ՐՋ:

Դատապարտյալ # 7 — (հանդիսատես մի կին` դահլիճից):ՎԵ՞ՐՋ:

Դատապարտյալ # 8 — (ծիկրակում է կուլիսներից, քրքջում): Մեռանք խնդալուց:

Դատապարտյալ # 7 — (ականջներին չհավատալով): Հա~ա էլի~ի:

Դատապարտյալները անձայն, ոտուձեռով հրմշտում են իրար: Անապատի քամու շառաչ, հատուկենտ, անիմաստ կրկնվող բառեր. արևավազանգիրքմանուկծովարցունքխեցիստվերգիշերկոնյակորովայնատենդփոթորիկկրակ

Հնչում է սկիզբ ազդարարող մեղեդի, անապատում հայտնվում է օազիսը: Երկուսը, դանդաղ կադրի մեջ տեղավորվելով, տարբեր անկյուններից մոտենում են օազիսին, ձուլվում են իրար ու հեռանալով` դառնում աննշմար կետ:                      

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։