Արմեն ՍԱՆԹՐՈՍՅԱՆ / «ՍԱՐԴՈՍՏԱՅՆ»
Արմեն ՍԱՆԹՐՈՍՅԱՆԻ «ՍԱՐԴՈՍՏԱՅՆ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիաե հանդեսի 2011 թ., թիվ 24-25-ում
Արմեն ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
ՍԱՐԴՈՍՏԱՅՆ
Գործող անձինք
ԱՐՔԱ
ՍՊԻՏԱԿ
ՍԵՎ
ԶՈՐԱՎԱՐ
ԵՐԵԽԱ
Ուրվականներ`
ԴԱՐԲՆԻ
ՏՂԱՅԻ
ԱՂՋԿԱ
Արատներ`
Քծնանք
Վախ
Կաշառակերություն
Անբարոյականություն
ԱՐՔԱ — Նենգավոր ձեռքից սպանվեց հայրս…
Թունավոր նետը սուրաց դարանից
Եվ հորս խոցեց:
Մայրս էլ վշտից ավանդեց հոգին:
Ժառանգեցի ես թափուր մնացած գահը սրբազան,
Ծանր բեռ դրվեց անփորձ ուսերիս:
Ինչպե՞ս պիտի թագավորեմ,
Որ հինավուրց իմ երկիրը կանգուն մնա,
Չանհետանա ժամանակի մսաղացում,
Որ թշնամու նիզակ ու թուր, զորք ու բաբան
Սնամեջ ու դյուրաբեկ եղեգ դարձած
Փշուր-փշուր լինեն
Բերդ, ամրոցի պարիսպներին հարվածելով,
Որ ժողովուրդս ապրի ազատ ու ապահով:
Ահա ինձ տանջող հարցերի հարցը:
Որտեղի՞ց գտնեմ իմաստության հրաշք բանալին
Եվ իմ առջև հառնած հարցերը լուծեմ: (Դուրս է գալիս:)
ՍՊԻՏԱԿ — Երկմտանքի մեջ է նորընծա թագավորը,
Դեռ չգիտի` ինչպես թագավորի:
Ես կլինեմ նրա կողքին, որ խորհուրդ տամ,
Ասեմ նրան. «Հայրդ` քեզ համար պայծառ օրինակ,
Պիտի հորդ թողած պատգամներին ապավինես,
Լոկ նրանցով երկիրը քո ղեկավարես:
ՍԵՎ — (հայտնվում է): Չհամարձակվես ու չհանդգնես:
ՍՊԻՏԱԿ — Այդ դո՞ւ ես` սև կեսը մարդ արարածի,
Հայտվել ես, որ ամեն ինչ սևո՞վ ներկես:
ՍԵՎ — Ի՜նչ լկտիություն… Չեմ հասկանում,
Ի՞նչ գործ ունի մարդ կոչվածի ճերմակ կեսը իմ պալատում:
ՍՊԻՏԱԿ — Եկել եմ, որ արքային դառնամ նեցուկ,
Դառնամ պատվար ու ապավեն:
Փարոս դարձած` իր անցնելիք ճանապարհը լուսավորեմ:
ՍԵՎ — Օ, մեծամիտ ողորմելի,
Ե՞րբ ես տեսել, որ պալատում
Ճերմակ կեսը թագավորի:
Քանի Սևը կա` Ճերմակը այնտեղ անելիք չունի:
Ես եմ տիրակալը վեհ պալատների:
ՍՊԻՏԱԿ — Մարդկային հոգու դու անպատկառ կես,
Ստում ես վերջին ստահակի պես,
Հիշիր` ինչ էիր, երբ իշխում էր մեր նախկին արքան,
Հազար շղթայով նա քեզ շղթայեց,
Թաղեց մոռացության մթին զնդանում,
Եվ վրադ ծանր շիրմաքար դրեց:
ՍԵՎ — Եվ հենց դրանով իր ճակատագրի սև էջը գրեց:
Հիմար էր, հիմար, հիմար էր քեզ պես,
Դու շուրջդ նայիր, մի՞թե չես տեսնում,
Մարդիկ ծաղրում են քեզ ու ծանակում:
Թույլ ես, անկար, անօգնական,
Բույնդ քաշվիր, թող ու գնա:
Միևնույն է, ինչ էլ անես, թե վաղ, թե ուշ հաղթելու եմ ես:
Չգիտես ինչու, տխմարները ինձ պիտակել են «Սև»:
«Սև»` թող լինի սև,
Իմ բռան մեջ է աշխարհը համայն,
Քանզի հզոր եմ, տեր եմ, տիրակալ:
ՍՊԻՏԱԿ — Այդ դո՞ւ ես հզոր, դո՞ւ ես տիրակալ
Դու տարտարոս ես մարդկության համար,
Դու մի վիշապ ես և քո երախից կրակ է ժայթքում:
Ես արարող եմ, իսկ դու` ավիրող:
ՍԵՎ — Անհաճո են ինձ խոսքերդ տձև ու քստմնելի,
Հեռացիր իսկույն, չհամարձակվես գլուխ բարձրացնել,
Շոշափուկներս կհասնես և քեզ
Ու քեզ կխեղեն իրենց գրկի մեջ:
Կռիվ է սկսվում նրանց միջև:
Քեզ չեմ սպանի,
Նման պատվի արժանի չես դու,
Մնա ու ապրիր, քարշ եկ պալատում,
Քո աչքերով տես քո պարտությունը,
Քո անփառունակ ոչնչացումը:
Գալիս է Արքան:
ԱՐՔԱ — Անհանգիստ եմ շատ,
Ուզում էի ծառի ստվերում քիչ հանգիստ առնել,
Բայց… Չեմ հասկանում, ի՞նչ է կատարվում,
Հոգումս կարծես երկու բանակներ կռիվ են տալիս,
Հսկայամարմին ահռելի փշեր`
Ինձ առած իրենց կնճիթների մեջ,
Մեկ վեր են տանում, մեկ քաշում են վար:
Մի՞թե վերջն է սա…
ՍԵՎ — Վախենալու ոչինչ չկա:
ԱՐՔԱ — Ո՞վ ես դու և որտեղի՞ց հայտնվեցիր,
Չեմ տեսնում քեզ:
Եթե մարդ ես` ինչպե՞ս պալատս սողոսկեցիր:
Թե տեսելք ես` տարտարոսի ծոցից ելած,
Չքվիր իսկույն:
ՍԵՎ — Օ՜, իմ արքա, օ՜, դու իմ տեր,
Մի բորբոքվիր, զուր մի դարձիր ծիծաղելի,
Ինձ չի տեսնի և ոչ մի մարդ, քեզնից բացի:
ԱՐՔԱ — Ուրեմն ո՞վ ես: Երևա աչքիս:
ՍԵՎ — Ահա իր ողջ հմայքով ու գեղեցկությամբ:
Կանգնած է քո դեմ քո սև կեսը:
ԱՐՔԱ — Իմ սև կե՞սը… ինչո՞ւ, որտեղի՞ց…
ՍԵՎ — Ապրել եմ ես հոգուդ խորքում,
Մի անկյունում լուռ ծվարած,
Մի աչքս բաց, մեկը` կիսախուփ
Կրնկակոխ հետևել եմ ամեն քայլիդ,
Գրանցել եմ ամեն քայլդ հիշողության իմ մատյանում
Գիտենալով, որ վաղ, թե ուշ այդ ամենը պետք է գալու:
ԱՐՔԱ — Հոգուս խորքում… հետևել եմ… գրանցել եմ…
Չեմ հասկանում, խոսքիդ ընթացքն ո՞ւր է տանում:
ՍԵՎ — Ոչինչ չկա իմ խոսքերում զարմանալի,
Համբերությամբ սպասել եմ, թե իմ ժամը երբ կհասնի:
ԱՐՔԱ — Հիշողությանս կերոնը վառած
Անցնում եմ ապրած օրերիս ոլորաններով,
Փորձում եմ հիշել` հանդիպե՞լ ենք մենք,
Որտե՞ղ կամ թե ե՞րբ…
ՍԵՎ — Հեքիաթ չեմ պատմում, ոչ էլ առասպել,
Քո կամքով եմ ես ծնունդ առել,
Այսուհետ պիտի ես կողքիդ լինեմ,
Որպես պատվար, որպես պատնեշ
Սխալներից քեզ ետ պահեմ:
ԱՐՔԱ — Սխալներից ետ պահես ի՞նձ…
ՍՊԻՏԱԿ — Չհավատաս ու տուրք չտաս
Սին ու դատարկ այդ խոսքերին:
ԱՐՔԱ — Այդ ի՞նչ ձայն էր.
Ինչ-որ մեկը խոսեց ինձ հետ, ասաց.
«Սին ու դատարկ այդ խոսքերին չհավատաս»:
ՍԵՎ — Հանգստացիր, դա քեզ թվաց,
Ես եմ միայն կողքիդ կանգնած:
ԱՐՔԱ — Դու չէիր, ոչ…
ՍԵՎ — Քամին էր անշուշտ:
Աղբակույտերից ցիրուցան խոսքեր հավաքել, բերել,
Փորձում է դրանք ականջիդ կախել:
Քամին է բերել, ինքն էլ կտանի:
ՍՊԻՏԱԿ — Լռեցրու նրան, մի թողնի` խոսի:
ԱՐՔԱ — Հեյ, այստեղ էլի մեկը կա՞:
ՍՊԻՏԱԿ — Կա:
ԱՐՔԱ — Ո՞վ ես, երևա: Մի մնա պահված:
ՍՊԻՏԱԿ — Չեմ կարող, արքա:
ԱՐՔԱ — Ուրվականներն են շուրջս պտտվում…
Դե, չքվե՛ք իսկույն:
ՍՊԻՏԱԿ — Չենք կարող, արքա:
ՍԵՎ — Պողպատից ամուր մետաղալարով կապված եմ հոգուդ:
ԱՐՔԱ — Դու ո՞վ ես, ասա՛:
ՍՊԻՏԱԿ — Քո ճերմակ կեսը:
Ինձանով հյուսած խաղաղ ծով տանող պերճ առագաստդ:
ՍԵՎ — Ստում է, արքա, մարդու հոգու մեջ
Սև գույնից բացի ուրիշ գույն չկա:
Գուցե ծպտված մի ելուզակ է սողոսկել պալատ` կյանքդ խլելու:
ԱՐՔԱ — Ոչ, ելուզակ չէ,
Մտերմիկ ձայն է ականջս շոյում:
ՍԵՎ — Միամի՞տ ես, թե՞ ձևացնում ես
Դա սատանան է ճերմակ շղարշով իրեն պարուրել,
Դժոխքի դռներն է բացել քո առաջ:
Ուզում է արքայական քո բարձրությունից
Քեզ ցած իջեցնել ու տանել իր հետ:
ԱՐՔԱ — Ասիր` սատանա՞ն… կստուգենք հիմա:
ՍԵՎ — Մի տանջվիր իզուր և մի որոնիր այն, ինչ որ չկա:
Ականջիդ հասած այդ ձայնը, արքա,
Պատրանք է միայն:
Կրկնում եմ նորից. ես եմ քո կողքին
Եվ ուրիշ ոչ ոք:
ԱՐՔԱ — Վստահ ես այդքան… որտեղի՞ց գիտես:
ՍԵՎ — Իմաստուն եմ ես և ամենագետ:
ԱՐՔԱ — Եթե այդքան իմաստուն ես և ամենագետ, ասա՛…
ՍԵՎ — Գիտեմ, ինչ մտքեր են հոգիդ ծամում,
Մոլորվել ես սարդի հյուսած մութ ոստայնում,
Անհայտության նավակն է քեզ
Խենթ ալիքների վրա անառագաստ տարուբերում:
Դու փնտրում ես մի ապահով հող ու ցամաք
Որ ափ իջնես:
ԱՐՔԱ — Ճիշտ ես կարդում իմ մտքերը:
ՍԵՎ — Ասացի, չէ՞, իմաստուն եմ ամենագետ:
Ջահել ես դու, միամիտ ես, անփորձ ու խակ;
Ես կդառնամ քեզ ուղեկից, խորհրդական:
ԱՐՔԱ — Շարունակիր: Տեսնենք` խորհուրդներիդ
Ժապավենը մեզ ո՞ւր կտանի:
ՍԵՎ — Վստահության համար երախտապարտ եմ:
ՍՊԻՏԱԿ — (Սևին): Պապանձվի՛ր, տականք:
(Արքային.) Արքա, չեմ կարող էլ թաքնված մնալ,
Լավ նայիր դու ինձ,
Այդ ես եմ, արքա, քո ճերմակ կեսը:
Արքա, իմ արքա, աղերսում եմ քեզ,
Նրա խորհուրդներին ականջ չդնես:
Նետահարիր նրան քո իմաստության
Սուր-սուր նետերով
Եվ գարշահոտ դին նետիր ցիներին ու
Անգղներին, որպես կերակուր:
Արքա, ես վախենում եմ քո կյանքի համար
ՍԵՎ – Լռիր, պապանձիր, մտիր ծակուռդ,
«Սպիտակ» կոչվող դու ոչնչություն,
«Սպիտակ» կոչվող դու ողբերգություն:
Սևի ստրուկն ես ու հպատակը.
Կախիր այդ օղը հիմար ականջիդ
Ու հիշիր ընդմիշտ:
ԱՐՔԱ — Գլխումս սաստիկ խառնաշփոթ է, անորոշություն…
ՍԵՎ — Ես ցած կբերեմ անորոշության ծանր վարագույրը,
Եվ սկուտեղով քեզ կմատուցեմ քո անելիքը:
ԱՐՔԱ — Ինչպես՞ կոչեմ քեզ:
ՍԵՎ — Ինչպես որ կուզես,
Անունը լոկ պիտակ է էությունը քողարկելու:
Մտածում ես հորդ ճանապարհո՞վ գնալ…
ԱՐՔԱ — Այո:
ՍՊԻՏԱԿ — Արքա էր նա բարեպաշտ և առաքինի:
Սևը ծիծաղում է:
ԱՐՔԱ — Ծաղրո՞ւմ ես ինձ, լկտի, լպիրշ,
Հիմա սրովս սիրտդ կկիսեմ:
ՍԵՎ — Արքա, սիրտ չունեմ ու չեմ ունեցել,
Այնպես որ սուրդ նորից պատյան դիր:
Հիացնում ես ինձ, բարեկամ,
Ուրախ եմ, որ դու հորդ զավակը չես:
ԱՐՔԱ — Պոռոտախոս դու անպատկառ,
Լեզուդ, լեզուդ շատ է երկար,
Չափ դիր լեզվիդ, թե չես ուզում
Որ պոկեմ լեզուդ իր պիղծ արմատից:
ՍԵՎ — Դու լավ իմացիր, ինչ ասում ես ինձ`
Ասում ես դու քեզ:
ԱՐՔԱ — Ինչպե՞ս, ժանտախտ, հանդգնեցիր
Ինձ պոկել ու իմ հայրական արմատներից:
Ես միշտ հետևել եմ հորս տված խորհուրդներին,
Նա ինձ համար եղել է արքայության խորհրդանիշ:
Սևը ծիծաղում է:
ԱՐՔԱ — Նորից ծիծաղ, նորից քրքիջ…
ՍԵՎ — Դու շատ բաներ մոռացել ես,
Կամ էլ նորից ձևացնում ես:
Հիմա ես քեզ կապացուցեմ ասածներիդ հակառակը:
ԱՐՔԱ — Թե կարող ես` ապացուցիր, սպասում եմ…
ՍՊԻՏԱԿ — Արքա, թույլ չտաս, որ քեզ խարանի
Հայրադավ կոչվելու ստոր խարանով:
ԱՐՔԱ — Սպասիր… Տեսա՞ր:
ՍԵՎ — Ի՞նչ…
ԱՐՔԱ — Այն մութ անկյունում մի բան խլրտաց:
ՍԵՎ — Աչքիդ երևաց:
ԱՐՔԱ — Հեռո՛ւ ճամփիցս, պիտի ստուգեմ:
ՍԵՎ — Ասում եմ, արքա, խաբկանք է աչքի և ուրիշ ոչինչ:
ԱՐՔԱ — Ցանկալի խաբկանքն ուզում եմ դարձնել իրականություն:
ՍԵՎ — Խաբկանքը, տեր իմ, երբեք չի դառնա իրականություն:
Դա նույնն է, արքա, ծարավից պապակ
Շուրթերդ հպես մամռոտ գերանին,
Մտածես` ջուր է:
ԱՐՔԱ — Սպասիր մի պահ,
Թող որ հավաքեմ մտքերս ցրված:
(Տեսնելով ճերմակին🙂 Դու ո՞վ ես, ասա՛…
ՍԵՎ — Հարկ չէ` իմանաս:
Նրանից, արքա, քեզ օգուտ չկա:
ԱՐՔԱ — Ոչ, թող խոսի նա…
ՍՊԻՏԱԿ — Քո ճերմակ կեսը:
ԱՐՔԱ — Իմ ճերմակ կե՞սը… Հեքիաթո՞ւմ եմ ես:
ՍՊԻՏԱԿ — Կյանքում իրական…
ՍԵՎ — Ժամանակին զուր քացի չտանք, չշպրտենք հեռու,
Շարունակենք մեր ընդհատված ասուլիսը:
Որտե՞ղ կանգ առանք…
ԱՐՔԱ — Ասացի` հայրս արքայության խորհրդանիշ էր միշտ:
ՍՊԻՏԱԿ — Այո, բարեպաշտ, առաքինի արքա էր նա,
Ճիշտ ասացիր:
ՍԵՎ — Օ՜, սանձարձակ միամտություն`
Գնալ հոր անցած ճանապարհով…
ԱՐՔԱ — Հիվանդների համար նա կառուցեց հիվանդանոց,
Հանգստյան տուն ու ծերանոց:
ՍՊԻՏԱԿ — Այցելում էր հիվանդներին նա ամեն օր:
ԱՐՔԱ — Բորոտ հիվանդներ ցավից գալարվում`
Մահ էին տենչում:
Հայրս ասես սովորական մահկանացու,
Հարազատի պես այցի էր գնում,
Խոսում էր նրանց հետ` հույսի լույս վառում:
ՍԵՎ — Ծիծաղելի, անմիտ արարք:
Ասա, տեսնեմ, այդ ամենը ինչի՞ տարավ…
«Հիվանդացավ»: Սխալ չե՞մ ես:
ԱՐՔԱ — Սխալ չես, ոչ,
Հիվանդացավ հայրս հզոր:
ՍԵՎ — Հիվանդության դժնի ախտը նրա մարմինն էլ վարակեց:
ԱՐՔԱ — Մի հիշեցրու օրերը այդ աղետալի:
Սուգն էր պատել համայն երկրին,
Մեծ ու փոքրի աղոթքն էին երկինք հառնել,
Որ տեր Աստված հորս փրկի մահվան անգութ ճիրաններից:
ՍԵՎ — Եվ նա փրկվեց:
Բայց թողնենք այդ… Շարունակենք:
Խոստացա քեզ ապացուցել,
Որ դու հորդ զավակը չես:
ԱՐՔԱ — Ապացուցիր:
ՍՊԻՏԱԿ — (Սևին): Օ՜, նողկալի դու արարած…
(Արքային.) Արքա, մի՞թե չես տեսնում,
Որ նա իր սև կծիկն է կծկում
Ու տանում անդունդ:
Արքան ցնցվում է ձայնից:
ՍԵՎ — Ինչ՞ եղավ, արքա:
ԱՐՔԱ — Ոչինչ, շարունակիր:
ՍԵՎ — Հորդ այդ անմիտ արարքը
Սնդուկում փակիր ու նետիր ծովը:
Դու լեշակեր գազանների օրենքներով պիտի շարժվես:
Հիվանդության, ինչպես նաև ըմբոստության բացիլները
Իրենց իսկ բնում ոչնչացնես:
Չբազմանան, սերունդ չտան ու չդառնան
Վտանգավոր համաճարակ:
ԱՐՔԱ — Ճիշտ ես, այո,
Ամեն մի ախտ հարկավոր է բնում խեղդել:
ՍՊԻՏԱԿ — Տեր իմ, ուշքի արի:
ՍԵՎ — (Սպիտակին): Այստե՞ղ ես դեռ, ինձ կներես, չնկատեցի:
Չես հանձնվում, պայքարում ես…
Դե ինչ, քիչ էլ դու համբերիր,
Ու կտեսնես գլխիդ բացված մութ առավոտը…
ԱՐՔԱ — Ո՞ւմ հետ ես խոսում:
ՍԵՎ — Ինքս ինձ հետ:
ԱՐՔԱ — Ամեն մի ախտ հարկավոր է բնում խեղդե՞լ…
ՍԵՎ — Ասացիր` խեղդե՞լ…
Պաշտում եմ ես «խեղդել» բառը:
Խոսք չեմ գտնում գովելու քեզ:
Շարունակեմ:
Ես ցույց կտամ հորդ գործած
Սխալների լրջությունը,
Ու կմաքրեմ հոգուդ արտը նրա ցանած մոլախոտից:
ԱՐՔԱ — Սխալնե՞րը….
ՍՊԻՏԱԿ — Խոսիր, արքա, մի պապանձվիր:
ԱՐՔԱ — (Սևին): Չափ դիր լեզվիդ:
Հայրս բացեց բյուր դպրոցներ,
Որ սերունդներ ուսում առնեն,
Դառնան գիտուն ու խելացի:
ՍԵՎ — Վայ, կպայթեմ ես ծիծաղից…
Հիշո՞ւմ ես դու այն գիտունին,
Հորդ առջև լկտիաբար ո՜նց հոխորտաց:
Բեմի ետնամասում երևում են հայր արքան և Գիտունը:
ՀԱՅՐ ԱՐՔԱ — (Գիտունին): Ինձ մեղադրում ես,
Որ չեմ հավատում,
Մեր նենգ թշնամու կեղծ երդումներին,
Եվ ձեռք չեմ մեկնում բարեկամության:
Ես գնահատում ու սիրում եմ քեզ,
Բայց մի մոռացիր, որ արքա եմ ես:
ԳԻՏՈՒՆ — Ներիր, արքա, եթե հետդ շիտակ խոսեմ,
Առանց վախի ու երկյուղի,
Իրավունքն այդ վաստակել եմ:
ՀԱՅՐ ԱՐՔԱ — Խոսիր, գիտուն, երկրիս պարծանք:
ԳԻՏՈՒՆ — Դու արքա ես բախտի կամոք,
Իսկ ես, արքա, իմ ունեցած գիտելիքով:
Տքնել եմ ես գիշեր ու զօր,
Որ հասկանամ գաղտնիքները տիեզերքի:
Մարդկային հոգու ծալքերը թերթեմ,
Եվ ճանաչեմ մարդ արարած հանելուկին:
Կտակել եմ գիտեցածս սերունդներին,
Որ ջահը այդ, արևի պես բարձր պահած,
Գնան առաջ, չերկնչեն, չսայթաքեն,
Կյանքի դաժան հարվածներից չտապալվեն,
Ազատ ապրեն:
Գիտելիքս ոսկե թագ է` դրված գլխիս,
Իմաստությունս տիեզերք է,
Ուսիս գցված պերճ ծիրանի:
Ու ես հավերժ պիտի մնամ,
Իսկ դու, ներիր, կանցնես կերթաս:
ՍԵՎ — Հիշեցի՞ր:
ԱՐՔԱ — Հա, մտքիցս դուրս չի գալիս:
Ուզում էի տեղնուտեղը սրախողել
Ամբարտավան սրիկային:
Հայրս արգելեց:
ՍԵՎ — Ահա ևս մի ապացույց,
Որ դու հորդ զավակը չես:
ԱՐՔԱ — Մեծախոսին հայրս լսեց, ժպտաց, լռեց,
Ապա կանչես ինձ գահին մոտ,
Այսպես խոսեց…
ՀԱՅՐ ԱՐՔԱ — Թե այդ գանձին տեր չլիներ,
Չէր հանդգնի այդպես խոսել:
Գիտցիր, տղաս, գիտելիքը հզոր ուժ է, անպարտելի:
Երկիրը քո կզարգանա,
Փառքը նրա կթևածի ողջ աշխարհով:
Եթե դարձնես գիտելիքը անմար փարոս:
ՍԵՎ — Օ՜, լռեցրու նրան իսկույն:
Գարշում եմ ես այդ իմաստակ բարբաջանքից,
Հիմա կասեմ սուրբ օրենքը արքաների,
Փորագրիր մտքիդ, հոգուդ ապառաժին:
Գլուխ կոչված կաթսան պիտի դատարկ պահես,
Երբ ցանկանաս` ինչ-որ ուզես, մեջը լցնես:
Խելոք մարդը պատուհաս է, քեզ թշնամի,
Ամեն քայլդ պիտի դատի,
Պիտի դառնա ճամփիդ ընկած ծանր մի քար:
Ծանր բեռն այդ տանե՞լ կուզես,
Ինչի՞դ է պետք, ինչի՞ համար:
ԱՐՔԱ — Համոզում են խոսքերդ ինձ,
Աչքիս մշուշը ցրվում է դանդաղ,
Այո, դու ճիշտ ես, պետք չէ հապաղել,
Քանի դեռ ուշ չէ, գլխացավանքից պիտի ազատվել:
ՍԵՎ — (Սպիտակին): Լսեցի՞ր, Ճերմակ, արքայի ասած խոսքերն իմաստուն:
ՍՊԻՏԱԿ — Մի պղծիր, հրեշ, սրբազան գահը,
Եվ մատաղ հոգին մի այլանդակիր:
Բավ է, հեռացի՛ր:
ՍԵՎ — Հեռանա՞մ… Երբե՛ք:
Չեմ սիրում գործս կեսից ընդհատել,
Պիտի ավարտեմ, գնամ մինչև վերջ:
Կարծես թե ձայնդ մի քիչ նվաղեց:
(Արքային): Շարունակենք, բարեկամս, մեր բանավեճը:
ԱՐՔԱ — Հայրս վստահում էր մարդկանց անչափ,
Առանց պահակախմբի ու թիկնազորի
Մտնում էր մարդկանց մեջ,
Ըր նրանց հոգս ու ցավին տեղյակ լինի:
Տուրք ու հարկերի ծանր բեռը նա թեթևացրեց…
ՍԵՎ — Դեհ, ինչ արած, ստիպված եմ քեզ հիշեցնել.
Այդ արարքից պատկառելի հողատերեր,
Կալվածատեր, դրամատեր նախարարներ սնանկացան
Ու հորդ դեմ թշնամացան:
Եկան մոտդ, խիստ բորբոքված բողոքեցին:
Հիշո՞ւմ ես, թե ինչ ասացիր:
ԱՐՔԱ — Ես ասացի. «Օրը երբ գա, արքա օծվեմ,
Ձեզնից խլվածը կվերադարձնեմ»:
ՍԵՎ — Դե, ուրեմն, խոսքիդ տերը պիտի լինես,
Այլապես…
Թունոտ նետից հայրդ խոցված` տապալվեց ցած:
Դու ուզում ես նրա բախտի՞ն արժանանաս:
ԱՐՔԱ — Սարսափում եմ ես այդ մտքից:
ՍԵՎ — Լավ իմացիր,
Չարն է կյանքի շարժիչ ուժը:
ԱՐՔԱ — Սակայն հայրս…
ՍԵՎ — Բավ է հիշես հորդ մասին:
Ասա, խնդրեմ, ո՞վ է հիշում,
Գնահատում ազնվությունն ու բարությունը:
Ի՞նչ ես զարմացած երեսիս նայում,
Կարող եմ գոռալ ի լուր աշխարհի
Նահատակվել է բարին շատ վաղուց:
Այս է օրենքը` միայն չարությամբ
Արքան կարող է ու կանմահանա:
ԱՐՔԱ — Տեսնում եմ, տեսնում,
Բացվում է դեմս լուսառատ ուղին,
Էլ մի հապաղիր, ասա, ես ինչպե՞ս
Հասնեմ հավերժության բարձունքին:
ՍՊԻՏԱԿ — Խեղդվում եմ, խեղդվում,
Օդ տվեք ինձ, օդ,
Մի թողեք` խեղդվեմ: Հասկացեք, մարդիկ,
Առանց ճերմակի
Ողջ հողագնդի լույսը կմարի
ՍԵՎ — Տուրք ու հարկեր տասնապատկիր
Ջրից, հացից մարդկանց զրկիր:
Թող որ մուրան օրվա հացը.
Թող աչքերից չպակասի նրանց լացը,
Հրամայիր, որ ամենուր արձաններդ վեր խոյանան,
Որ քեզ երբեք չմոռանան,
Ու պաշտեն քեզ, երկրպագեն,
Աստվածներին հավասարեն:
ԱՐՔԱ — Այդպես էլ կանեմ:
ՍՊԻՏԱԿ — Կործանվում ես, տեր,
Երկրից վանում ես հույս, հավատ ու սեր.
Կապանք ես դնում մարդկային ազնիվ երազանքներին,
Վեհի ձգտումին, վեր խոյացումին:
ԱՐՔԱ — Վտանգավոր են մարդկային ազնիվ երազանքները,
Վեհի ձգտումը, վեր խոյացումը:
ՍՊԻՏԱԿ — Արքա, իրավ ես հազարապատիկ:
Որ խուսափես դու դրանցից`
Հայտարարիր երկրովդ մեկ,
Թե կորել է արքայական մեծ մատանին:
Ով որ գտնի`
Արքայական շնորհների կարժանանա:
ԱՐՔԱ — Չեմ հասկանում,
Իսկ դա ինչո՞ւ, ինչի՞ համար…
ՍԵՎ — Մեծ ու փոքր, կին, տղամարդ,
Հույսի ծովում խորասուզված, լուռ, գլխահակ
Պիտի փնտրեն արքայական մեծ մատանին:
Չեն բարձրացնի գլուխները, չեն նայի վեր,
Չեն հասկանա` որն է լավը, որը` վատը:
ՍՊԻՏԱԿ — Այդ ինչե՞ր են խորհուրդ տալիս…
Արքա, նա ուզում է սուտը դարձնել քեզ զինակից:
ԱՐՔԱ — Երդվում եմ նախնիներիս սուրբ մասունքներով.
Այդ բանը չեմ անի ես, չպահանջե՛ս:
ՍԵՎ — Կանես, իզուր մի երդվիր:
Խոստումներիդ մեջ սուտը դարձրու գերակշիռ,
Սուտը, սակայն, այնպես պիտի դու մատուցես,
Որ այն հնչի որպես ազնիվ ճշմարտություն:
ՍՊԻՏԱԿ — Գետնատարած աղերսում եմ, արքա,
Թույլ մի տա` նրա թույնը ավերի հոգիդ:
Ավերված հոգով ո՞նց թագավորես:
ԱՐՔԱ — Կանգ առեք իսկույն դուք, փոթորիկներ,
Քարացեք, շանթեր, կայծակ ու որոտ:
Իրար դեմ ելած հզոր ալիքներ, ետ քաշվեք շտապ:
Ի՞նչ է կատարվում…
Հոգումս հնչող քնքուշ մեղեդին արբեցնում է ինձ
Ու տանում իր հետ մի հրաշք այգի:
Լույս է ամենուր, հավատ է ու սեր:
ՍՊԻՏԱԿ — Տեսնում եմ, ահա,
Ծառի տակ նստած գանգրահեր տղան
Գլուխը հակած հին մագաղաթին` գրում է, կարդում,
Իսկ մի քիչ այն կողմ, աղբյուրի կողքին,
Հրաշք գեղուհին մեղմիկ զարկում է
Քնարի լարին ու երգ է հյուսում:
ԱՐՔԱ — Ահա ծերունին` ուժեղ, առնական,
Հողը փխրեցնում ու կյանք է տալիս ծառ ու ծաղիկին:
Սիրահար զույգեր ծառուղիներում
Ճեմում են, ժպտում:
Երջանկության կապույտ թռչունն է այնտեղ թևածում:
ՍԵՎ — Լռի՛ր, շուտ լռի՛ր…
(Մեկուսի): Դա նա է, նա՛ է:
Ճերմակ հրեշն է նորից գալարվում արքայի հոգում…
(Արքային): Խեղդիր անհապաղ ցնորամիտ այդ տեսիլքները,
Նրանից չկա և ոչ մի օգուտ,
Կդեգերես մոլորության բավիղների մեջ,
Ու վե՛րջ արքային,
Կդառնաս նվաստ մի մահկանացու:
Գալիս է Զորապետը:
ԶՈՐԱՊԵՏ — Արքա…
ԱՐՔԱ — Բարի զորապետ ճիշտ ժամանակին դու հայտնվեցիր,
Հոգիս փոքր-ինչ թեթևացավ:
ԶՈՐԱՊԵՏ — Տեր իմ, արքա,
Ռազմի դաշտից վերադարձա հաղթանակած
Եվ փութացի հայտնելու քեզ,
Որ թշնամին ջախջախված է, ետ շպրտված:
ԱՐՔԱ — Գիտեմ, գիտեմ, քաջ զորապետ:
ԶՈՐԱՊԵՏ — Ռազմի դաշտում ես լսեցի բոթը,
Գույժն աղետաբեր:
Մեր հզոր արքան նետից խոցահարված…
Լեզուս էլ չի պտտվում բառն այդ ասել,
Սպանված է:
Ո՞վ է նենգ դարանից նետը արձակել:
ԱՐՔԱ — Դեռ չի պարզված:
ԶՈՐԱՊԵՏ — Պետք է գտնել
Ու շիկացած օղակ դնել նրա գլխին.
Այդպես պատժել այդ դավաճան սրիկային:
ԱՐՔԱ — Երբ ներս մտար, ի՞նչ էի անում:
ԶՈՐԱՊԵՏ — Արքա…
ԱՐՔԱ — Խոսիր ազատ ու համարձակ,
Իրավունքն այդ տալիս եմ քեզ:
ԶՈՐԱՊԵՏ — Խոսում էիր ինքդ քեզ հետ:
ԱՐՔԱ — Խոսո՞ւմ էի… Այո, իրոք խոսում էի,
Մտքերիս մեջ խորասուզված` գնացել էի հեռու – հեռու…
ԶՈՐԱՊԵՏ — (ծունկի գալով): Արքա, թույլ տուր խոսեմ:
ԱՐՔԱ — Օ, քաջարի իմ զորապետ, ոտքի կանգնիր:
Վայել չէ քեզ,
Որ նորաթուխ արքայի դեմ ծունկի իջնես:
ԶՈՐԱՊԵՏ — Շնորհակալ եմ, տեր:
Արտոնիր, խոսքս ասեմ…
ԱՐՔԱ — «Արտոնիր խոսքս ասեմ»…
Մի ծաղրիր ինձ:
Էհ, հետո՞ ինչ, որ արքա եմ,
Արքա եմ ես ո՛չ քեզ համար:
Եվ հիշիր միշտ.
Արտոնում եմ քեզ ամեն ինչ:
ՍԵՎ — (առանձին): Ի՞նչ է բարբաջում այս հիմարը…
ԶՈՐԱՊԵՏ — Հորդ նման բարի ես դու ու վեհանձն:
Եկել եմ, որ ոտքերիդ տակ դնեմ
Կյանքով ու գործերով վաստակածս`
Փառքս, ուժս ու անունս:
ԱՐՔԱ — Եղել ես հորս անդավաճան զինակիցը,
Միասին եք զորքը տարել հաղթանակի,
Հորս կյանքն ես բազում անգամ փրկել,
Անհուսալի վիճակներից դուրս ես բերել:
Այդ ամենի համար, ասա, ինչպե՞ս երախտապարտ լինեմ:
ԶՈՐԱՊԵՏ — Իմ սրբազան պարտքն եմ ես կատարել:
Պատրաստ եմ կրկին
Նույն հավատով, նվիրումով քեզ ծառայել:
ԱՐՔԱ — Մեծ պատիվ է դա ինձ համար:
ՍԵՎ — (առանձին): Ոչ, սա արդեն չափազանց է…
ՍՊԻՏԱԿ — Երջանիկ եմ: Ամեն բան դեռ կորած չէ:
ԱՐՔԱ — Զորք, այրուձի հանձնում եմ քեզ:
Ամուր պահիր մեր սուրբ երկրի սահմանները:
ՍԵՎ — Պետք է իսկույն միջամտել…
(Արքային). Իմ տեր, ուշադիր նայիր,
Նրա աչքերի մեջ նենգությունն է փայլատակում…
ԱՐՔԱ — (Զորապետին): Կաց, սպասիր…
ԶՈՐԱՊԵՏ — Ի՞նչ եղավ, արքա,
Ինչո՞ւ հանկարծ այլայլվեցիր:
ԱՐՔԱ — Թող` նայեմ աչքերիդ մեջ…
Իրոք, խարդախության ու նենգության
Ծովն է այնտեղ ալեկոծվում:
Իրավացի ես, խորհրդական:
ԶՈՐԱՊԵՏ — Ո՞ւմ հետ ես խոսում, արքա,
Նորից ինքդ քեզ հե՞տ:
ԱՐՔԱ — Ինչ ասացի՞ր…
Նորից խոսում էի ինքս ինձ հե՞տ:
ԶՈՐԱՊԵՏ — Այո, արքա, խոսում էիր ինքդ քեզ հետ:
ՍԵՎ — Ախ, դու համբակ, խելագա՞ր է, ուրեմն, նա,
Ցնորվա՞ծ է, տկարամի՞տ:
ԱՐՔԱ — Ծունկի իջիր, երբ կանգնած ես արքայիդ դեմ,
Ամբողջ կյանքդ հորս կողքին դավ ես նյութել,
Տենչացել ես նրա մահը, որ դու դառնաս գահակալը:
ԶՈՐԱՊԵՏ — Ուշքի եկ, արքա, ինչե՞ր ես խոսում…
Որքան էլ արքա լինես,
Ես թույլ չեմ տա, որ պատիվս ոտնահարես:
ՍԵՎ — (արքային): Տեսա՞ր, ինչպես ձեռքը սրին տարավ,
Ուզում էր քեզ սրախողել, կասկած չկա:
ԱՐՔԱ — Երախտամոռ, սո՞ւր ես ճոճում արքայիդ դեմ:
ԶՈՐԱՊԵՏ — Ես իմ կյանքում այդ աստիճան չեմ ցածրացել,
Որ սուր ճոճեմ արքայիս դեմ:
ՍԵՎ — Ստահոդ խոսքերի մի ամբողջ հեղեղ,
Կեղծիք է ծորում նրա բերանից:
ԱՐՔԱ — Լռիր, դավաճան,
Ես տեսա` ինչպես ձեռքդ սրիդ տարար:
Իմ շուրջը շատ կան քեզ պես դավաճաններ,
Որ օրնիբուն երազում են, թե երբ պիտի կործանվեմ.
Որ գան ու գահիս բազմեն:
ԶՈՐԱՊԵՏ — Արքա, չար ոգին է քեզ հոշոտում,
Հեռու մնա նրա հոգեկործան որոգայթից:
ԱՐՔԱ — Փակեք զնդանում ու թող սպասի իր վերջակետին:
ՍՊԻՏԱԿ — Այդ ի՞նչ արեցիր…
ԱՐՔԱ — Այս ի՞նչ արեցի… պետք է անհապաղ նրան հետ կանչել:
ՍԵՎ — Հանգիստ կաց, արքա, քեզ զուր մի տանջիր:
ԱՐՔԱ — Ախ, դու սրիկա, այդ դո՞ւ ես, դո՞ւ ես… (Բռնում է սևի կոկորդից🙂
ՍԵՎ — Ասացի` հանգիստ, բաց թող կոկորդս,
Ամեն ինչ ճիշտ է, երդվում եմ ինձնով:
Ետ մի կանգնիր խոսքիցդ, արքա:
Հրամայիր գլխատեն ամբարտավան մոլագարին,
Թող դաս լինի դա բոլորին:
Դժվարը, անշուշտ, առաջին քայլն է,
Հետո… կվազես ու միայն այդպես
Ոտքդ կդնես փառքի պատվանդանին:
ԱՐՔԱ — (Սևին): Հետևում եմ քեզ,
Տար ինձ բաղձալի անմահությանը:
Դահիճ, տար ու գլխատիր այս մոլագարին:
ՍՊԻՏԱԿ — Առաջին քայլը կատարվեց արդեն`
Արքան կործանվեց:
ՍԵՎ — (Սպիտակին): Դե, հիմա տեսա՞ր…
Ճաշակիր «ճերմակ» քո պարտությունը:
ՍՊԻՏԱԿ — Այո, հաղթեցիր…
ՍԵՎ — Արքա, նայիր աչքերիս մեջ,
Իմ մտքերին դու տեր դարձար,
Հոգուդ մատյանից ջնջեցիր իսպառ
Սին երազներդ:
ԱՐՔԱ — Թույլ տուր գրկեմ քեզ, իմ լավ բարեկամ,
Հիմա մենք մեկ մարմին ենք ու մեկ էություն:
ՍԵՎ — (առանձին): Իմ ձեռքում է հիմա արքայի հոգու սանձը,
Վզին կապ դրած` կտանեմ ինձ հետ:
Ես եմ տերդ, տիրակալդ,
Էլ ինձանից պրծում չկա,
Իմ ձեռքերում խելոք արքան
Դարձավ խղճուկ մի խեղկատակ:
Հայտնվեք իսկույն, մերժված ոգիներ,
Հալածված, լքված նախորդ արքայից,
Ձեր ողջ հմայքով հառնեցեք մեր դեմ
Ու պարը պարեք դուք հաղթանակի:
Վայրենի պարով բեմ ես գալիս Վախը, Քծնանքը, Կաշառակերությունն ու Անառակությունը:
ԱՐՔԱ — (պարի ավարտից հետո): Ովքե՞ր են սրանք:
ՍԵՎ — Իմ զավակները:
Դե, մոտիկ արի ու մի երկնչիր,
Սրանք քեզ ծառա են ու կամակատար:
Տեսնո՞ւմ ես սրան:
Ծեփել եմ նրան լպրծուն նյութից
Հին է նա, որքան աշխարհն է այս հին,
Ծանոթ չէ նրան սեր ու հալածանք,
Նրան ես, արքա, կոչել եմ Քծնանք:
ԱՐՔԱ — Քծնա՞նք: Քիչ եմ ճաշակել հրճվանքը նրա…
ՍԵՎ — Քեզ պիտի քծնի ամեն մի էակ`
Թե մեծ, թե փոքր:
Պիտի քծնանքը հեղեղի նման թափվի քեզ վրա:
ԱՐՔԱ — Ինձ հենց այդ է պետք:
Պատիվ ու հարգանք մեծն Քծնանքին:
ՍԵՎ — Ապա, զավակս, իմ աչքի լույսը,
Ցույց տուր տաղանդդ:
ՔԾՆԱՆՔ — Օ, դու իմ տեր, իմ տիրակալ,
Հպարտ ճակատ, շանթող հայացք,
Քաղցր լեզու ոսկեբերան:
Կերտված ես դու աստվածային շնորհներից,
Աստվածները ի՞նչ են քո դեմ,
Նրանք պիտի ծնկաչոք ու գետնատարած
Երկրպագեն, իրենց աստված քեզ հռչակեն:
ԱՐՔԱ — Հանճարեղ խոսքեր…
(Սևին). Սա, իրոք, պետք է քո բարեկամին:
ՍԵՎ — Դեռ ո՜ւր ես, արքա,
Դեռ ի՜նչ գանձեր եմ քեզ նվիրելու:
Դու նայիր սրան, այս ժայռաբեկորին,
Ոչ ոք չի կարող կոտրատել նրան:
Սա ամենուր է:
Նրա ճանկերից փրկություն չկա,
Անառիկ բերդի դուռ ու դարպասներ
Սա բաց է անում…
Սա անպարտելի հզոր զորություն`
Նրան կոչել եմ Կաշառակերություն:
ԱՐՔԱ — Ինչպե՜ս են փայլում աչքերը նրա…
Դե, խոսիր, խոսիր, շուտ մի բան ասա:
ՍԵՎ — Իզուր չխնդրես, մեկ է, չի խոսի,
Մինչև ափի մեջ նա չշոշափի
Ու չվայելի ջերմը մետաղի:
Մինչև աչքերում չբոցավառվի ցոլանքը ոսկու`
Նա չի խոսելու:
Արքան քսակ է նետում նրան:
ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆ — Ասա, տեր իմ, քեզ ի՞նչ է պետք,
Ո՞ր երկիրը կուզես` փռեմ ոտքերիդ տակ,
Անհնազանդներին դարձնեմ քո գերին,
Ո՞ւմ կուզես` զրկեմ «մարդկային» կոչվող զզվելի ախտից:
Զորավոր եմ ես ու անխոցելի,
Իմ այս երկաթյա, հզոր բռունցքով
Ինչին որ զարկեմ`
Քարուքանդ եղած կթռչեն չորս կողմ:
Ստվերս անգամ երևալուն պես
Բացվում է իմ դեմ ամեն մի փակ դուռ:
ԱՐՔԱ — Իմ բարեկամ, իմ հարազատ,
Կանգնիր կողքիս, տեղ չգնաս:
Արձանդ ես կկանգնեցնեմ:
ՍԵՎ — Ուրախ եմ անչափ,
Խոսում եք իրար հետ միևնույն լեզվով:
Արքա, տեսնո՞ւմ ես այս գեղեցկուհուն:
ԱՐՔԱ — Ասա, ո՞վ է սա,
Որ գեղեցկությամբ իր գերեվարող կանգնած է մեր դեմ:
ՍԵՎ — Անառակություն եմ ես նրան կոչել:
Նայիր մարմնի այս խայտանքներին,
Տես, որքան կիրք կա և իշխանություն,
Նայիր կրծքերին, ազդրերին այս պիրկ,
Պաշտամունքն է նա մարդ արարածի:
Նրա հմայքի առաջ բաց է ամեն սիրտ,
Դե, վերցրու նրան, նա քոնն է ընդմիշտ:
ԱՆԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ — Եկ, իմ տիրակալ, իմ գիրկը արի,
Իմ տռփանքներից կհալվես, արքա,
Մարմնիս բույրը, ջերմը թևերիս
Քեզ, իմ առյուծիկ, կանի խելքահան:
Ես թեզ կտանեմ մի հրաշք աշխարհ,
Քաղցր գգվանքով քեզ կպարուրեմ,
Դու կմոռանաս անգամ ինքդ քեզ,
Ու չես էլ հիշի` ով ես, որտեղ ես:
ԱՐՔԱ — Թեկուզ երկինքը փուլ գա իմ գլխին`
Ես կգամ քեզ հետ:
ՍԵՎ — Մի պահ համբերիր: Դու սրան նայիր:
ԱՐՔԱ — Ի՜նչ սարսափելի դաժան դեմք ունի…
ՍԵՎ — Սա վախն է, արքա, սանձը ամբոխի:
ԱՐՔԱ — Այո, սանձ է պետք լկտի ամբոխին:
Երբ սանձը լինի, նրան կքշեմ` ուր սիրտս ուզի,
Ինչպես ցանկանամ` կվարվեմ հետը
Ու կդառնամ ես անդեմ ամբոխի միանձնյա տերը:
ՎԱԽ — Իրավ ես, արքա,
Վախն է, որ պիտի երկիրդ պահի:
Պիտի քարանա իմ մի հայացքից
Ամեն արարած,
Չհամարձակվի քո դեմ դավ նյութել,
Անգամ` մտածել:
ՍԵՎ — Այս ամենը` քեզ:
Հզոր ես հիմա ու անպարտելի,
Բազմիր քո գահին և իշխիր հավերժ:
ԱՐՔԱ — Դուք զորավոր իմ բարեկամներ,
Իմ երկիրը` ձեզ:
Էլ մի հապաղեք, շտապ գնացեք,
Մարդկային հոգու մութ ամբարները լցրեք ձեզանով:
Ցած բերեք նրան իր պատվանդանից,
Դարձրեք իմ գերին ու դարձրեք ստրուկ:
Սփռեք ամենուր դուք ձեր սերմերը,
Այդ է կամենում այս երկրի տերը:
Հե՜յ, սեղան գցեք,
Բարեկամներիս պատվին խնջույք սարքեցեք,
Այսօր ձեր արքան տիրակալ օծվեց:
Խելահեղ պար:
Տեսարան. Արքան միայնակ, սևեռուն նայում է մի կետի:
Արքա — Ո՞ւր եք, ձայն հանեք…
Իմ պալատի ոսկեզօծված պատերը պերճ
Թունոտ սարդի ոստայով են փառակալած
Սև, անթափանց…
Իմ կանչերին չկա և ոչ մի արձագանք:
Հեյ, որտե՞ղ եք, զորք ու բանակ,
Զորապետեր, ո՞ւր եք կորել,
Ելեք իսկույն, ձի հեծնեցեք, զենք կապեցեք,
Թշնամիներ չար ու վայրագ
Հարձակվել են մեր սրբազան երկրի վրա,
Կողոպտում են քաղաք ու գյուղ
Կոտորում են առանց երկյուղ…
Մեռելային լռությունն է շուրջս տիրում,
Ասես լինեմ գերեզմանում:
Ո՞ւր եք կորել, իմ ծառաներ,
Պալատական մանկլավիկներ…
Օ՜, պայթում է գլուխս,
Փրկիր ինձ, Տեր…
Լսվում է անորոշ երաժշտություն:
Այս ի՞նչ ձայներ են հասնում ականջիս,
Մի՞թե իսկապես ցնորվում եմ ես…
Հայտվում են ուրվականները:
Ի՞նչ տեսիլքներ են անմիս, անարյուն,
Երա՞զ է արդյոք, թե՞ իրականություն…
Արքային թվում է` ուրվականները խեղդում են նրան:
Այդ ի՞նչ եք անում… Թողեք, թողեք ինձ,
Խեղդե՞լ եք ուզում… խենթանում եմ ես…
ԴԱՐԲՆԻ ուրվականը — Ոտքի ել, արքա,
Վայել չէ` արքան թավալգլոր տա:
Ինչ էլ որ լինես, դու դեռ արքա ես:
ԱՐՔԱ — Խոսո՞ւմ եք ինձ հետ, թե՞ միայն թվաց,
Ո՞վ եք, դե խոսեք, կգժվեմ հիմա…
ԴԱՐԲԻՆ — Հպատակներդ էինք մենք մի ժամանակ:
ԱՐՔԱ — Հպատակնե՞րս…
ԴԱՐԲԻՆ — Ես այն դարբինն եմ,
Որ թուր էր ձուլում զինվորիդ համար:
ԱՐՔԱ — Զինվորիս համա՞ր…
Իսկ ինչո՞ւ հիմա ուրվական դարձար:
ԴԱՐԲԻՆ — Ես…
ԱՐՔԱ — Հիմար հարց եմ տալիս անկասկած,
Ծեր էիր, անուժ, տկար ու հիվանդ,
Ճակատիդ գրված տարիքդ հասավ`
Հրաժեշտ տվիր արևի լույսին, իջար գերեզման:
ԴԱՐԲԻՆ — Ոչ, ամուր էի մեր ժայռերի պես,
Քո հրամանով ճյուղից կախեցին:
Գերդաստանիս էլ արի քաշեցին:
Գոնե հիմա ասա, ո՞ր մեղքիս համար…
ԱՐՔԱ — Կպատասխանեի, թե պատասխանը ես իմանայի,
Միայն այս կասեմ.
Կռած թրերդ սիրտս խոցեին:
ՏՂԱՅԻ ուրվական— Ես փախա քեզնից
Ու դեգերեցի օտար ափերում,
Սակայն կարոտը իմ հող ու ջրի,
Սուրբ շիրիմները իմ նախնիների,
Իմ բակը, տունը, այգին, մատուռը
Սիրտս մաշեցին, հանգիստս տարան,
Վիշտս ու կսկիծը կոկորդս բռնեց
Ու ինձ քարշ տվեց մահվան մահիճը:
ԱՐՔԱ — Դուք, չքնաղ կույսեր, պիտի ծաղկեիք,
Քնքուշ, սիրառատ մայրեր դառնայիք,
Միշտ վառ պահեիք օջախի ծուխը,
Բայց ինչո՞ւ մարեց ձեր կյանքի լույսը:
Ո՞վ ես դու, աղջիկ,
Ինչո՞ւ սրանց հետ…
ԱՂՋԻԿ — Դժբախտ մայրիկիս աչքերի առաջ
Դու ինձ կապեցիր քո ձիու պոչից
Ու քարշ տվեցիր:
Վճիտ մարմինս զարկվեց քարերին
Եվ վերջին շունչս ելավ, բարձրացավ
Ձուլվեց աստղերին:
ԱՐՔԱ — Բայց ինչի՞ համար…
ԱՂՋԻԿ — Լոկ նրա համար, որ համարձակվեցի
Գլուխս բարձրացնել ու երկինք նայել:
ԱՐՔԱ — Դու է՞լ ես այստեղ, իմ քաջ զորապետ,
Ահա, քո առաջ ծնկի եմ եկել,
Հանիր քո սուրը ու սիրտս խրիր,
Արյունս թող իմ մեղքերը մաքրի:
ԶՈՐԱՊԵՏ — Արքայասպան երբեք չեմ լինի,
Մի չափիր, արքա, բոլորին քեզնով:
Դու քո մեղքերի խոր անդունդում ես,
Իսկ ես կմնամ իմ բարձրունքներում:
Երևում են հայր արքայի և մայր թագուհու ուրվականները:
ՀԱՅՐ ԱՐՔԱ — Տղաս, դու իմ ճյուղն ես, իմ արյունը,
Այդ ի՞նչ արեցիր:
Ես քեզ տեր դարձրի մի չքնաղ երկրի,
Ազնիվ, շինարար մի ժողովրդի:
Տառապանքով ստեղծածս հիմնահատակ կործանեցիր:
Համոզված էի, որ ինձ պես կապավինես քո ճերմակ կեսին,
Բայց… սխալվեցի:
ԱՐՔԱ — Ասա, հայր, ասա,
Ինչո՞ւ չհասար որդուդ օգնության:
ՀԱՅՐ ԱՐՔԱ — Ինձ չէիր լսում, խլացել էիր:
ՄԱՅՐ ԹԱԳՈՒՀԻ — Թող չորանար իմ արգանդը,
Քեզ լույս աշխարհ չբերեի,
Քեզ պես իժին չծնեի,
Քեզ իմ կաթով չսնեի,
Թող…
ԱՐՔԱ — Բավական է, մայր… Գոնե դու գթա,
Առանց այն էլ անիծված եմ ես…
Լույս, լույս տվեք ինձ,
Վառեք պալատիս ջահերը բոլոր,
Այս խավարը խժռում է ինձ,
Հեյ, լուսարար ո՞ւր ես կորել:
ՍՊԻՏԱԿ — Կորել են ու փոշիացել…
Գլխատեցիր, փտեցրեցիր զնդաններում,
Իսկ ով փրկվեց քո ժանտ սրից`
Անմարդկային տառապանքից խելագարված
Գլուխն առավ, փախավ գնաց…
Հասել ես դու անփառունակ անմահության,
Չէ՞ որ ուզածդ սա էր, արքա:
ԱՐՔԱ — Ոչ, դու իմ լուսարարը չես,
Հեռու ինձնից, դու չար ոգի,
Ո՞վ ես, ո՞վ ես…
ՍՊԻՏԱԿ — Ես քո կողմից լքված,
Մոռացության գիրկը նետված
Ճերմակ կեսն եմ:
ԱՐՔԱ — Նորից խաբկանք, նորից կեղծիք…
Ոչ, բավ է ինձ,
Նենգ ու զազիր սուտ խոսքերով
Կուզես նորի՞ց մոլորեցնես:
ՍՊԻՏԱԿ — Սուտն օտար է ինձ,
Թշնամի է էությանս:
ԱՐՔԱ — Հավատա՞մ քեզ…
Ապացուցիր, որ չես ստում:
ՍՊԻՏԱԿ — Իմ վիճակը քեզ ապացույց.
Անզոր, թշվառ, ընկել եմ վար
Ու չեմ կարող ոտքի կանգնել:
Ես խոցված եմ, հոշոտված եմ,
Բայց ոչ` մեռած:
ԱՐՔԱ — Սպասիր, օգնեմ` ոտքի կանգնես…
ՍՊԻՏԱԿ — Դեռ լիովին կործանված չես,
Չէ՞ որ դու քո հոր զավակն ես:
ԱՐՔԱ — Ի՞նչ ասացիր, կրկնիր նորից:
ՍՊԻՏԱԿ — Չէ՞ որ դու քո հոր զավակն ես:
ԱՐՔԱ — Իմ բարեկամ, ճերմակ իմ կես,
Շատ երկար եմ փնտրել ես քեզ:
Որոնել եմ հոգուս, մտքիս ամենախուլ անկյուններում:
Ամեն փակ դուռ բաց եմ արել,
Որ գեթ տեսնեմ քո ստվերը
Կողքիդ նստեմ ու զրուցեմ,
Իմաստությանդ ապավինեմ:
Զուր է անցել իմ տքնանքը,
Քեզ գտնելու երազանքը,
Դու չկայիր, երազի պես ցնդել էիր:
ՍՊԻՏԱԿ — Եվ նորից սուտ…
Սուտը, արքա, դարձրել ես քեզ ուղեկից:
Քո սև կեսի հրամանով
Խեղդել ես ինձ ու լռեցրել,
Երբ փորձել եմ մի խոսք ասել,
Քեզ կործանման խորը վիհից հեռու քաշել,
Ծաղրել ես ինձ ու ծանակել
Ու քեզանից հեռու վանել:
ԱՐՔԱ — Ներիր դու ինձ,
Քո ներումն ու օգնությունն եմ ես աղերսում,
Կա՞ ետդարձի գոնե ճամփա,
Գուցե բոլոր կամուրջնե՞րը դեռ այրված չեն:
ՍՊԻՏԱԿ — (հանում է արքայի դաշույնը, մեկնում նրան):
Վերցրու,
Կամ ինձ խոցիր, որ վերանամ,
Կամ` ինքդ քեզ:
Ընտրությունը թողնում եմ քեզ:
ԱՐՔԱ — (վերցնելով դաշույնը, մեկուսի):
Կամ ինքդ քեզ …
Դուք, արդարության կատարածուներ,
Փորեցեք մինչև կենտրոնը երկրի
Եվ իմ մգլոտած մարմինը թաղեք ճահճատիղմի մեջ:
Ահռելի ժայռեր պոկեք արմատից
Ու իմ բորբոսնած լեշը ծածկեցեք,
Որ հոտս անգամ երկիր չհասնի
Ու իր մահացու թույնը շաղ չտա մարդկության գլխին
Ուզում է հարվածել իրեն:
Ուրվականներ — Սպասիր, արքա, դա փրկություն չէ:
ԱՐՔԱ — Ի՞նչ, ինձ չի փրկի իմ մա՞հը անգամ…
ԴԱՐԲՆԻ ուրվականը — Քեզանից հետո քեզ նման մի ուրիշը կգա…
ՍՊԻՏԱԿ — Կլինի, անշուշտ, նաև երկրորդը,
Ապա երրորդը, հետո չորրորդը,
Եվ այսպես անվերջ:
Մեղքերի օվկիան…
Եվ այդ մեղքերի առատությունից ու ծանրությունից
Կպայթի մի օր այս երկրագունդը:
ԱՐՔԱ — Ո՛չ:
ՍՊԻՏԱԿ — Այդպես կլինի, քանի դեռ մարդը
Միջից չի հանել ու դեն շպրտել:
Իր սև միջուկը:
ԱՐՔԱ — Ասա, ի՞նչ անել…
ԵՐԵԽԱ — (գալիս է): Մաքրվել, արքա, մաքրվել հոգով:
ԶՈՐԱՊԵՏ — Աշխարհը համայն ապականվել է,
Ճղճիմ, այլանդակ, պիղծ հոգիները
Գործում են անահ, իշխում ամեն տեղ:
ԵՐԵԽԱ — Չե՞ք լսում, մարդիկ, ահազանգն ահեղ:
ԱՐՔԱ — Ո՞վ ես դու, փոքրիկ:
ԵՐԵԽԱ — Մանկությունն եմ ես:
ԱՐՔԱ — Խոսիր համարձակ, ինչո՞ւ ես այստեղ:
ԵՐԵԽԱ — Եկա, որ ասեմ…
ԶՈՐԱՊԵՏ — Խոսիր դու, մանչուկ, խոսիր համարձակ,
Քո մաքուր հոգու խոսքը կաթնաբույր
Թող որ բույն հյուսի ամենքի սրտում:
ԵՐԵԽԱ — Մաքրվեք հոգով ռամիկ ու արքա,
Այլապես աշխարհին փրկություն չկա: