Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ / ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿՆԵՐԻ ՊԱՐԸ

Գուրգեն ԽԱՆՋՅԱՆԻ «ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿՆԵՐԻ ՊԱՐԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2011 թ., թիվ 24-25-ում

Սև խոռոչը դղրդաց. սողուններ, զեռուններ, շնագայլեր, բորենիներ, ագռավներ, անգղներ՝ դուրս են հորդում խավարից, երկաթգծի երկայնքով շարվում՝ պատիվ բռնած, դարձյալ դղրդոց, շլացնող լուսարձակ, խլացնող շչակ… Տիրոջ շոգեքարշն է հերթական շրջայցի, Ինքն է՝ շոգեքարշին հեծնած, ծխնելույզը ոտքերի արանքից խոյացրել՝ ծուխ ու մուր է ուղարկում երկինք, պոզերը ետ գցած, մորուքը տնկած, կճղակներով խթանում է փորը շոգեքարշի՝ առա՛ջ, առա՛ջ, նայեմ-տեսնեմ՝ հո չե՞ն դադարել հոշոտել իրար, հո չե՞ն դադարել թալանել իրար, բանսարկություն սարքել, սուտ վկայություն տալ, ջարդել-ավերել, Կշեռքի իմ նժարը հո չի՞ թեթևացել-բարձրացել… Չէ, փառք… ամեն բան կարգին է, նժարն էլ իջած է՝ համարյա գետնամած: «Է՛խ, ինչ լավն ես, ի՛մ աշխարհե՝ երգում է, կճղակները թափահարում զվարթ, շրջում, պտտում մոլորակն ամբողջ, խաղաղված վերադառնում Խոռոչն իր հանգրվան: «Ամեն բան լավ է, շատ լավ, հոյակապ, շրջայցը կարգ է ավելորդ, իմն են սրանք ու իմն են մնալու, անհանգստանալու պատճառ՝ չիք…ե,- ասում է Ինքն Իրեն, արնակոխ աչքերը ոլորում-խեթում դեպի երկինք, ժպտում խորամանկ…

Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ

ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿՆԵՐԻ ՊԱՐԸ

Դրամա երկու գործողությամբ

Գործող անձինք

ԿԱՐԻՆԵերեսունմեկ տարեկան

ԿԱՐԵՆնրա եղբայրը, քսանյոթ տարեկան

ՍՄԲԱՏնրանց հայրը, յոթանասունի մատույցներում

ԱՐՍԵՆՍմբատի ապօրինի որդին, քսանհինգ տարեկան

ԿԼԱՐԱՍմբատի քույրը, տարեց

ԱՏՈՄԿլարայի ամուսինը

ՈՍՏԻԿԱՆ

ՎԱՂԱՐՇԱԿթափառական

ԶՈՄԲԻՍմբատի շունը

Գործողություն առաջին

Սմբատ Գալստյանի առանձնատան հյուրասենյակը, խորքում` բուխարի, մի կողմում` մեծ հայելի, հյուրասենյակին է միացած խոհանոցը, որի հատակին նկուղ տանող դուռ կա: Պատին` բակին նայող մեծադիր պատուհան, միջանցք դուրս բերող դուռ։ Ամբողջ գործողությունն այս սենյակում է զարգանալու։

Կարինեն հայելու առջև է։ Բազմոցին երեք տիկնիկ կա:

ԿԱՐԻՆԵ (հայելուն): Դե ասա, ասա, հայելի… Չէ, լռիր, ոչինչ մի ասա, ինքս էլ տեսնում եմ, մաշկս այսօր ավելի է թառամել, իսկ քիթս… Բա սա աղջկա քի՞թ է։ (Տիկնիկներին.) Ինչո՞ւ եք փոխվել այսօր, ի՛մ հրեշտակներ, ի՞նչ է պատահել: Գունատվել են հրեշտակներս, տագնապած են մի տեսակ, նույնիսկ տգեղացել են։ (Հայելուն.) Բայց ուշադիր նայողը ահագին հմայքներ կարող է գտնել: Օրինակ, կոնքիս կորը` սահուն, գեղեցիկ… պարանոցս էլ կարճ չէ, մաշկը հարթ… Ոտքերս… ծուռ չեն, չէ՞… դե` գուցե մի քիչ… Իսկ ո՞վ է ասել, թե կնոջ ոտքերը պիտի շշի պես ուղիղ լինեն: Բայց քիթս… Հայրիկը չի թողնում վիրահատեմ քիթս, ասում է` քիթը նախնիների ժառանգությունն է, մի վիրավորիր նախնյաց հիշատակը, ասում է` շատ էլ սիրուն քիթ է, բնավորություն ունի, կտրեցիր` դեմքդ կփլվի, կզրկվի բնավորությունից, կդառնաս քնքուշիկ, անդեմ տիկնիկ: Թող դառնամ, դառնամ` որ գոնե մեկը սիրի: Բրդոտ, տաք, չոբանի շան պես մեկը, աչքերը պսպղուն, կրքոտ… Ասում են` եթե կրքոտ է` կդավաճանի, է՛, թող դավաճանի, տղամարդու բնույթն է, չդավաճանի` կտրաքի, բո՛ւհ` ու չկա իմ բրդոտ սերը… Իսկ որ դավաճանեց` ավելի կսիրի, մեղքի զգացումը կխեղդի, կգա վիշապ օձի պես կփաթաթվի, կգրկի, կողերս կճտճտան, վիզս կկծի… Բռռ…

Գալիս է Կարենը:

ԿԱՐԵՆ Ողջույն։

ԿԱՐԻՆԵ Վախեցա…

ԿԱՐԵՆՀո միջանցքից չե՞մ գոռալու` քույր, գիրկդ բաց արա, գալիս եմ։ Ո՞նց ես։

ԿԱՐԻՆԵ Սովորական։ Մի բան լավ է` միգրենս թողեց, առավոտից կյանքս ուտում էր։

ԿԱՐԵՆ Սուրճ չե՞ս խմել։

ԿԱՐԻՆԵ Կարեն… չե՞ս նկատում, տանը ինչ-որ օտար շունչ է հայտնվել վերջերս, շնչում են անկյուններում, հևում, փսփսում…

ԿԱՐԵՆ (տիկնիկներին ցույց տալով): էդ փսփսոց-հևոցը սրանցից ա, հաստատ բան եմ ասում, սրանք ամբողջ օրը բամբասում են։

ԿԱՐԻՆԵ Վայ, իմ խեղճ տիկնիկները… Վերջերս տգեղացել են մի տեսակ իմ հրեշտակները, ինչի՞ց է` չեմ հասկանում…

ԿԱՐԵՆ Պառավել են հրեշտակներդ, վհուկ են դարձել․ ինչ ինձ հիշում եմ` էս տանը վեր ընկած են։ Դեն գցի` պրծի։

ԿԱՐԻՆԵ Լավ, էլի, մանկության ընկեր են, չէ՞, սիրում են ինձ, չէ՞։ (Նստում է դաշնամուրի առջև, նվագում է)։

ԿԱՐԵՆ Սիրում են, չէ-չէ մի… Է՜, քեզ հետ եմ, բաժանվիր Մոցարտից, կոֆե դիր` խմենք։

ԿԱՐԻՆԵ Մոցարտ չի, Չայկովսկի է։

ԿԱՐԵՆ Կներեք, չճանաչեցի։ Չայկովսկի, Մոցարտ, Բախ, Էլինգտոն, Տոլստոյ, Հիսուս, Նիցշե, հայր, քույր, հորաքույր… բոլորին ճանաչել ա պետք, ամեն մեկին վերաբերմունք ցույց տալ: Էս ի՞նչ բռնություն ա, ինչի՞ ազատ չեմ երկնքի թռչունների կամ, գոնե, օպերայի այգու ագռավների նման։

ԿԱՐԻՆԵ Իսկապես, ինչո՞ւ ազատ չես, ո՛չ ծառայում ես, ո՛չ աշխատում, ոչ կին ունես, ոչ երեխա…

ԿԱՐԵՆ Փո՛ղ, քույրիկս, փո՛ղ, մարդուն ազատություն տվողը փողն ա։

ԿԱՐԻՆԵ Ունես, էլի, հայրիկը տալիս է, ինձ այդքան տար` գոհ կլինեի։

ԿԱՐԵՆ Դա ի՞նչ փող ա… Կարգին ազատ լինելու համար մի տասը միլիոն պետք ա հեչի պես։ Իսկ քո ինչի՞ն ա փողը, քեզ ինչքան էլ տան, մեկ ա` ազատ չես լինի, դու կոմպլեքսավորված մարդ ես: Ազատ լինելու համար քեզ նախ ուրիշ բան ա պետք, քույրիկ։

ԿԱՐԻՆԵ (վախեցած): Ի՞նչ…

ԿԱՐԵՆ Ինքդ էլ գիտես։ Կոֆե դիր` խմենք։

ԿԱՐԻՆԵ Ինքդ դիր։ (Տեսնում է սեղանին դրված նամակը)։ Սա ի՞նչ է։ (Կարդում է)։

ԿԱՐԵՆ Սիրային նամա՞կ են գրել տիկնիկներդ։

ԿԱՐԻՆԵ Սուս մնա…

ԿԱՐԵՆ Դու հանուն մերձավորի անձնազոհության պատրաստ չես, գնամ, ինքս իմ գլխի ճարը տեսնեմ։ (Գնում է)։

ԿԱՐԻՆԵ (կլանված կարդալով): Հայրիկ… Հայրի՜կ… Կարե՛ն…

ԿԱՐԵՆ (ներս է մտնում): Ի՞նչ եղավ։

ԿԱՐԻՆԵ Կարդա։

ԿԱՐԵՆ Ինձ վերաբերվո՞ւմ է։

ԿԱՐԻՆԵ Հայրիկն է գրել, ինձ ու քեզ։

ԿԱՐԵՆ Ի՛… Էդ երբվանի՞ց ա նամակներով խոսում հետներս Սմբատ Գրիգորիչը: Գույնդ ինչի՞ ես գցել… ինչի՞ ես էդպես դողում…

ԿԱՐԻՆԵ Կարդա՛։

ԿԱՐԵՆ Աչքերս չեն բացվում։ Կարդա` լսեմ, էլի։

ԿԱՐԻՆԵ (կարդում է): «Կարեն, Կարինե, զավակներս, համոզված եմ` իմ այս քայլով ձեզ չեմ վնասի, մեծ եք արդեն, ոտքերի վրա ամուր կանգնած, համ էլ ահագին բան եմ թողնում, կարծում եմ` խելամիտ կտնօրինեք…»։

ԿԱՐԵՆ Այ քեզ բան… Հայրիկը վայ թե ուզում ա սիրուհու մոտ գնա, գլուխը մեզնից պրծացնի։

ԿԱՐԻՆԵ Մինչև վերջ լսիր։

ԿԱՐԵՆ Ամբողջովին ականջ եմ։

ԿԱՐԻՆԵ (կարդում է): «…Իսկ ես հոգնել եմ, մահվան գենը, որ քնած սպասում էր, արթնացել է, ուտում է ներսից, ասում է` հերիք է, գնա, էստեղ անելիք չունես: Անդադար ստիպում է անցյալին նայել, մեղքեր գտնել, խղճին կատաղացրել է` քսի տվել վրաս։ Բայց ո՞վ մեղք չունի, բոլորս էլ մեղսավոր ենք, պարզապես կա ժամանակ, երբ չենք մտածում այս մասին, բայց կա ժամանակ, երբ հանկարծակի վրա են տալիս` խեղդում են։ Երկար մաքառում էի, տեսավ, որ դիմանում եմ` հիվանդություններ ուղարկեց, որ մշտապես լարվածության ու տագնապի մեջ պահի: Համոզված եմ` տեսնի, որ էլի եմ դիմանում, պարզապես կհրի, կգցի մեքենայի անիվների տակ: Նրա հետ կռիվ տալն անիմաստ է, հանձնվում եմ: Դա հեշտ բան չէ, ահագին քաջություն է պետք: Ես հավաքեցի այդ քաջությունը, որտեղ բարակել-կտրվում է` պետք է ինքնուրույն կտրել, չսպասել։ Վճռել եմ, հենց այսօր, հենց հիմա այս նամակը գրեմ ու գնամ։ Տունը թողնում եմ Կարենին, ամառանոցը` Կարինեին, եղած-չեղածը արդար բաժանեք իրար մեջ, վստահում եմ։ Աղջիկս, բանկում երեք հարյուր հազար եվրո ունեմ` գիտես, երեքիս անունով եմ դրել, կվերցնեք, հավասար կբաժանեք երեքիդ մեջ…»։

ԿԱՐԵՆ Երեքի՞ս… Չհասկացա…

ԿԱՐԻՆԵՀիմա կհասկանաս։ (Կարդում է)։ «Երրորդ մասը կտաք Արսենին»։

ԿԱՐԵՆ Արսե՞նն ով ա…

ԿԱՐԻՆԵ «Արսենը ձեր եղբայրն է, իմ ապօրինի որդին է, Թիֆլիսում է ապրում, ձեզնից թաքուն էի պահում, չգիտեմ էլ` ինչու: Խեղճ է ապրում տղան, վիզը ծուռ չթողնեք, իր բաժինը կտաք իրեն, հասցեն ու հեռախոսը թողնում եմ։ Այսքանը։ Մնաք բարով։ Ձեր հայր` Սմբատ»։ 

ԿԱՐԵՆ Անսպասելի էր… (Մոտենում է լուսամուտին)։ Մեքենան տեղում է: Երևի տաքսիով է գնացել։

ԿԱՐԻՆԵ Մարշրուտայինով։

ԿԱՐԵՆ Չէ հա…

ԿԱՐԻՆԵ Վերջերս ասաց` գիտե՞ս, աղջիկս, այս քանի օրը մարշրուտային՛ եմ նստում, սարսափելի բան է, ինչ մեղք են մարդիկ։

ԿԱՐԵՆ Մարդասիրությունն արթնացե՞լ էր… Արթնացել էր` հաներ, տղուն մի քիչ փող տար։

ԿԱՐԻՆԵ Միշտ էլ մարդասեր է եղել մեր հայրիկը, ինքը մեղք չունի, որ աշխարհն աշխարհ չի։

ԿԱՐԵՆ Վատը չի հայրիկի ԲՄՎ-ն, թեև յոթ տարվա մեքենա է… Ասում էր` մի գործարք ունեմ, եթե հաջողվեց, էս մեքենան փոխելու եմ, լրիվ նորն եմ առնելու։ Չհասցրեց… խեղճը։

ԿԱՐԻՆԵ Ի՞նչ ես հանգիստ կանգնել, մի բան արա, Կարեն ։

ԿԱՐԵՆ Բայց Կարենն ի՞նչ անի, որ մարդը ինքնասպան ա եղել։

ԿԱՐԻՆԵ Ոստիկանություն զանգիր, շտապօգնություն, չգիտեմ…

ԿԱՐԵՆ Նամակը ե՞րբ ա թողել։

ԿԱՐԻՆԵ Երևի առավոտյան։ Տնից դուրս գալը լսել եմ, դուռը թխկաց, հետո շունը հաչաց բակում, նոր-նոր լուսացել էր…

ԿԱՐԵՆ Իսկ հիմա արդեն իրիկուն ա։

ԿԱՐԻՆԵ Ամբողջ օրը սեղանին է եղել նամակը, ո՞նց չենք նկատել։

ԿԱՐԵՆ Ես սենյակ չեմ մտել, դու պիտի նկատեիր։

ԿԱՐԻՆԵ Ե՞ս… դաշնամուր էի նվագում, համակարգչի մոտ էի, խոհանոցում… լոգարանում…

ԿԱՐԵՆ Լավ դե… Ինչ եղել` արդեն եղել ա, օգնել չենք կարող։ Հա, էդպես մի նայիր, փոշմանած լիներ` տուն կգար։

ԿԱՐԻՆԵ Կարծում ես` արդե՞ն… Խեղճ հայրիկ: Հիվանդանոց զանգիր։

ԿԱՐԵՆ Զանգեմ։ (Նամակը վերցնելով)։ Բայց մի սենյականոց էլ ուներ, կենտրոնում:

ԿԱՐԻՆԵ Նրա անունով էր։

ԿԱՐԵՆ Հասմիկի՞… կարծո՞ւմ ես: Ինչքան հիշում եմ` իրա անունով էր։ Պետք ա ստուգել։

ԿԱՐԻՆԵ Կես տարի առաջ դարձրեց նրա անունով, մի քանի ամսից էլ գժտվեցին։

ԿԱՐԵՆ Վայ, Սմբատ պապա, վայ… Հեչի պես հիսուն հազարանոց տուն էր, սիրուհին ձեռներիցս առավ։

ԿԱՐԻՆԵ Բայց հիմա դա՞ է կարևոր, Կարեն։

ԿԱՐԵՆ Ախր, Կարենն ի՞նչ անի, նախապես իմանայի` ձեռքը կբռնեի, ոտերը կընկնեի…

ԿԱՐԻՆԵ Ես էլ, ես էլ… Կասեի` հայրիկ, մի վհատվիր, քեզ շատ սիրող աղջիկ ունես, մի արա այդ բանը, աղջիկդ քեզ կխնամի…

ԿԱՐԵՆ Հակադեպրեսանտներ էր ընդունում վերջերս։

ԿԱՐԻՆԵ Ընդունում էր, օրը մի քանի անգամ։

ԿԱՐԵՆ Խմիչքն էլ էր չարաշահում… Հոգեկանը խախտվել էր… 

ԿԱՐԻՆԵ Գտիր իմ հայրիկին, Կարեն, գտիր, գտիր…

ԿԱՐԵՆ Զանգեմ ոստիկանություն, ի՞նչ ասեմ, ասեմ` առավոտյան դուրս է եկել, նամակ է թողե՞լ… Անլուրջ ա, չէ՞: Մինչև մի երկու օրվա կորած չլինի` փնտրողը չեն, շատ-շատ կասեն` հիվանդանոցներում հարցրեք։

ԿԱՐԻՆԵ Զանգիր հիվանդանոց։

ԿԱՐԵՆ Ձեռքս չի գնում մի տեսակ… Դու զանգիր, էլի՛։

ԿԱՐԻՆԵ Ալո՞, շտապօգնությունն այսօր տղամարդու դիակ չի՞ հայտնաբերել… Իմ հայրը, վաթսունվեց… վաթսունյոթ… Առավոտից գնացել է, նամակ է թողել… Սմբատ Գալստյան… Եղավ։ (Անջատելով հեռախոսը)։ Չկա։ Ասացին` եթե հայտնաբերվի` իմաց կանենք։

ԿԱՐԵՆ Չեն հայտնաբերել… երևի մի նկուղում կամ էլ…

ԿԱՐԻՆԵ Ո՛չ…

ԿԱՐԵՆ …կամրջի տակ, քարերի վրա…

ԿԱՐԻՆԵ Գուցե դեռ… գուցե ողջ է, չշտապենք, Կարեն, սպասենք։

ԿԱՐԵՆ Սպասենք։ (Հանկարծ հիշում է)։ Սուրճս թափվեց… (Վազում է խոհանոց)։

ԿԱՐԻՆԵ Ի՞նչ սուրճ, հայրիկն ինքնասպան է եղել…

ԿԱՐԵՆ (բերելով սուրճը): Թափվել էր, էս ա մնացել։

ԿԱՐԻՆԵ Խմիր, ես չեմ ուզում։

ԿԱՐԵՆ (սուրճ խմելով): Բայց էդ ի՞նչ փող էր դրել մեր անունով, որ չեմ իմացել։

ԿԱՐԻՆԵ Քոբուլեթիում էիր, ասաց` երեքիս անունով փող եմ դրել բանկում, եթե հանկարծ ինձ բան պատահի, կարող եք ստանալ։

ԿԱՐԵՆ Ինչո՞ւ չէիր ասում ինձ։

ԿԱՐԻՆԵ Ի՞նչ ասեի, իր փողն էր: Ո՞ւմ մտքով կանցներ…

ԿԱՐԵՆ Բայց էդ Արսեն ա, ինչ ա, դրա անունն իզուր ա գրել նամակում, ո՞վ ա, մեզ հետ ի՞նչ կապ ունի…

ԿԱՐԻՆԵ Դե, հայրիկի կամքն է։

ԿԱՐԵՆ Մեղքի զգացումն ա խոսել մեջը։ Գոնե հավասարության նշա՞ն չդներ… Դա ինձ վիրավորում ա, անկեղծ եմ ասում։ Քեզ չի՞ վիրավորում։

ԿԱՐԻՆԵ Չգիտեմ։ Երեք տարի առաջ էր…

ԿԱՐԵՆ Ի՞նչը։

ԿԱՐԻՆԵ Փողը, որ բանկ է դրել, երեք տարի է։

ԿԱՐԵՆ Ահագին էլ տոկոս եկած կլինի։

ԿԱՐԻՆԵ Եթե տոկոսները չի վերցրել։

ԿԱՐԵՆ Բայց թղթերն ո՞ւր են, ո՞ր բանկն ա։

ԿԱՐԻՆԵ Ես ամեն բանի տեղը գիտեմ։ Այս ինչե՞ր ենք խոսում, հայրիկը կորել է, իսկ մենք… Գրկիր ինձ, ես վախենում եմ։

ԿԱՐԵՆ (գրկելով): Մի դողա, քույրիկս, հետդ եմ։

ԿԱՐԻՆԵ Ինձ մենակ չես թողնի, չէ՞։

ԿԱՐԵՆ Չեմ թողնի։ Էնպես պիտի ապրենք, որ հայրիկն էնտեղ չամաչի մեզ համար։

ԿԱՐԻՆԵ Ի՞նչ ես կարծում, մայրիկին կգտնի՞ այնտեղ։

ԿԱՐԵՆ Կգտնի։ Ինչ էլ ասեն, մեկ ա` նրանք իրար սիրում էին։ Արի մի-մի բաժակ խմենք, լարվածությունը կհանի: (Պահարանին մոտենալով)։

ԿԱՐԻՆԵ Խմենք։

ԿԱՐԵՆ (լցնելով բաժակները): Վերցրու։ (Խմում են։ Կարենը նայում է պատուհանից)։ Շաբաթ օրն ասեցի` մեքենան տուր, տեղ ունեմ գնալու, չտվեց… Հիմա հարցնելու կարիք չկա, իմն ա… Ինչ տարօրինակ ա կյանքը… Բանալիները չե՞ս տեսել։

ԿԱՐԻՆԵ Ի՞նչ բանալի։

ԿԱՐԵՆ Մեքենայի։

ԿԱՐԻՆԵ Ոչ։

ԿԱՐԵՆ Իր սենյակում թողած կլինի։ (Դուրս է գալիս)։

Կարինեն նայում է հայելուն, նյարդային խփում դաշնամուրի ստեղներին:   

ԿԱՐԻՆԵ (լսելով շան ոռնոցը): Խեղճ շուն, զգում է երևի։

ԿԱՐԵՆ (գալով): Գտա, սեղանին էր։ (Սիգարետ է հանում)։

ԿԱՐԻՆԵ Մի ծխիր, ինչ ծխելը թողել եմ` հոտից վատանում եմ։

ԿԱՐԵՆ Բա սուրճի վրա չծխե՞մ մի հատ։ Ծուխը պատուհանի կողմը կփչեմ, որ քեզ չհասնի։ (Ծխում է)։

ԿԱՐԻՆԵ Շունն առավոտից ոռնում է։ Կերակրել է պետք, էլ հայրիկը չի կերակրի նրան… Ա՛խ, հայրիկ, հայրիկ…

ԿԱՐԵՆ Հայրիկը չկա` Զոմբին ոչ ոքի չի ենթարկվի: Մի բան պետք ա մտածել, պիտբուլը պիտբուլ ա մնում, վտանգավոր գազան ա։

ԿԱՐԻՆԵՀեչ էլ վտանգավոր չի։

ԿԱՐԵՆ Էն բանվորի ոտքը բռնել էր, հայրիկը չհասներ` քրքրելու էր։

ԿԱՐԻՆԵ Երևի սոված է եղել, սոված ժամանակ կատաղում է: Կարեն, չոր կերի տոպրակը մառանում է։

ԿԱՐԵՆ Միայն` քո խաթր։ Հիշո՞ւմ ես, մի անգամ էլ ինձ վրա տվեց…

ԿԱՐԻՆԵ Խմած էիր, խմիչքի ու սիգարետի հոտը տանել չի կարողանում։

ԿԱՐԵՆ Պահ, դրա պատճառով խմելն ու ծխելը թողնենք, էլի։ (Դուրս է գալիս)։

ԿԱՐԻՆԵ (մոտենում է հայելուն, տնտղում է դեմքի մաշկը, քթին է ձեռք տալիս): Փողին մուննաթ, կտաշեն, պստիկ, սիրուն քիթ կսարքեն։ (Տիկնիկներին.) Ձեզ խելոք պահեք, հա՞, հայրիկն է մահացել, մեր խեղճ հայրիկը, դուք սիրում էիք, չէ՞, մեր հայրիկին։

ԿԱՐԵՆ (գալով): Վայրկյանապես խժռեց։

ԿԱՐԻՆԵ Քանի՞ բաժակ տվիր։

ԿԱՐԵՆ Երկու։

ԿԱՐԻՆԵ Երեք պիտի տայիր։

ԿԱՐԵՆ Չի սատկի։ Դու դրա աչքերին նայե՞լ ես։

ԿԱՐԻՆԵ Նայել եմ, հեզիկ-մեզիկ աչքեր ունի։

ԿԱՐԵՆ Հեզիկ, բա չէ… Դրա աչքերի խորքում մի ուրիշ շուն կա թաքնված` անտառի գիշատիչը։

ԿԱՐԻՆԵ Մարդու մեջ էլ կա, այդքան խորը մի նայիր։

ԿԱՐԵՆ Լավ դե, թքած, համը հանի` կգյուլլեմ։

ԿԱՐԻՆԵ Երբեք, հորս հիշատակն է, հայրս շատ էր սիրում իր շանը։

ԿԱՐԵՆ Մի անհամեստ հարց տամ, էդքան փողն ի՞նչ ես անելու։

ԿԱՐԻՆԵ Փո՞ղը… Ի՞նչ փող։

ԿԱՐԵՆ Էդպես էլ գիտեի, քեզ փող պետք չի, ինձ կտաս։

ԿԱՐԻՆԵ Ո՞նց թե… ի՞նչ է նշանակում` պետք չի… Այս անիծյալ կյանքն այնպես չէ, որ փողն անտեսելու շռայլությունը թույլ տաս քեզ, ամեն քայլը հիմա փող արժի…

ԿԱՐԵՆ Այ թե ոնց խոսեցիք, օրիորդ Կարինե, ես էլ միամտորեն կարծում էի` անկախ մարդ եք, ուժեղ ու ձեր փողն ինձ եք զիջելու։

ԿԱՐԻՆԵ Չեմ տա։

ԿԱՐԵՆ Օ՜, ոնց վառվեցին աչուկները քույրիկիս։ Բայց ես տղա եմ, ինձ փողն առավել է պետք, հայրիկը սա հաշվի չի առել։ Կարո՞ղ ա` քեզ ավելի էր սիրում։

ԿԱՐԻՆԵ Ոչ, քեզ էր սիրում։

ԿԱՐԵՆ Ուզո՞ւմ ես ճիշտն իմանալ, ոչ մեկին էլ չէր սիրում, մեր հայրիկը սիրո մի տեսակ գիտեր` անկողնային սերը։

ԿԱՐԻՆԵ Չչարախոսես։

ԿԱՐԵՆ Չեմ չարախոսում, ճշմարտությունն եմ ասում, անկողնուց դուրս միայն պարտքի զգացում ուներ, հնարավոր է` անկողնում էլ ուներ էդ զգացումը։

ԿԱՐԻՆԵ Վա՞տ է։

ԿԱՐԵՆ Չէ, լավ ա, պարտքի զգացումն ավելի վստահելի ա։ Բայց իր ապօրինի զավակին իզուր ա բաժին հանել, ի՞նչ որդի, ընդամենը` բիոլոգիա: Բիոլոգիայի համար իրա տվածը շատ-շատ ա, էստեղ պարտքի զգացումին խղճի զգացում էլ ա խառնվել հաստատ։

ԿԱՐԻՆԵ Համաձայն եմ, Արսեն կոչվածը մեզ հավասար չպետք է լինի։ Բայց Աստված իմ, այս ինչեր ենք խոսում, Կարեն… Սատանան խառնեց… Մեր խեղճ հայրը հիմա մենակ, խավարի մեջ… Մի պահ աչքերս փակեցի, տեսա նրան, ինչպես երազում` ինչ-որ մութ նկուղում էր, առնետները ծվծվում էին ոտքերի տակ… Դեմքը կապտել-ուռել էր, աչքերը` չռվել…

ԿԱՐԵՆ Ես էլ տեսա, կամրջի տակ, գետնին ծեփված, արնաշաղախ… Ասում են` գետին չհասած` սրտներն օդում պայթում ա, գոնե էդպես եղած լիներ, ցավ չզգար։ Վերջերս մեքենայով անցնում էինք, կանգնեց, իջավ, նայեց ներքև, հարցրի, ասեց` «Բերանս թուք էր լցվել», կարծես մեքենայի պատուհանից չէր կարող թքել, հետո ասեց` «Բարձրության վախ ունեմ, Կարեն, մանկուց, բայց մի օր պիտի հաղթահարեմ»։

ԿԱՐԻՆԵ (հեկեկալով): Հայրիկ, հայրիկ…

ԿԱՐԵՆ Չեմ կարող նստած մնալ… Մեքենան վերցնեմ` գնամ…

ԿԱՐԻՆԵ Ինձ մենակ մի թողնի, վախենում եմ։

ԿԱՐԵՆ Շուտ կգամ… Ոստիկանություն մտնեմ, շտապօգնություն…

ԿԱՐԻՆԵ Ես էլ գամ։

ԿԱՐԵՆ Չէ, տանը մնա, հանկարծ կզանգեն:

ԿԱՐԻՆԵԴե, շուտ կգաս, էլի, աղաչում եմ… Կարեն, գրկիր քրոջդ։

Կարենը գրկում է, դուրս է գալիս:

ԿԱՐԻՆԵ Մենակ թողեց, այս օրհասական ժամին մենակ թողեց… Բա ես մեղք չե՞մ։ Հայրի՛կ, մեղք եմ, չէ՞, այս ի՞նչ արիր… Տուտուզս կմճտում էր, էնքան էլ ցավոտ էր կմճտում, ասում էր` աղջիկ ջան, ի՞նչ անճոռնի ճուտիկ ես, հենց հորքուրիդ պիտի քաշեի՞ր, բայց չմտածես, մեծանաս` կսիրունանաս։ Մեծացա, հայրիկ, բայց չսիրունացա… (Հայելու դեմ)։ Չէ, ինչ-որ բան փոխվել է… Առհասարակ, ես ուրիշ գեղեցկություններ ունեմ, ներսումս են, եթե գտնեն, դիպչեն` դուրս կհորդեն, կժայթքեն… Ու արտաքինս էլ կփոխվի, ու ոչ մի գեղեցկուհի չի համեմատվի ինձ հետ, մենակ թե դիպչող լինի, դիպչող չկա… (Տիկնիկներին.) Դո՞ւք ինչ եք փսփսում, այ պառավիկներ, անդադար բամբասում եք, չէ՞… Բան գիտեք` ասեք` ես էլ իմանամ… Ուֆ, հոգնել եմ ձեզնից, գցելու եմ բուխարին` վառեմ։ Միամիտ եղբայրիկ. «Փողն ի՞նչ ես անում»… Իբր դո՞ւ ինչ ես անում, խաղատներում ցրելու ես, տալու ես կայֆերին, պրծացնես` գաս ինձնից ուզես։ Բայց ես չեմ տալու… այսինքն, գուցե տամ մի քիչ, բայց կասեմ` անպիտան եղբայրիկ, քեզ խելոք պահելո՞ւ ես… Բայց նա իրեն խելոք պահողը չի, չեմ տա, ի՞նչ իմաստ, մեկ է` ցրելու է։ Ես երեխա կունենամ, մի բրդոտ, հզոր գազանից` մի պստիկ, բրդոտ գազանիկ, մայրիկը վերից տեսնի` նախանձից կպայթի… Բայց ինչո՞ւ պայթի խեղճը, ինչե՞ր եմ ասում, ուֆ, այս վիճակը լրիվ խախտել է ներսս: Ես խղճով աղջիկ եմ, եկեղեցի եմ գնում, մոմ եմ վառում, աղոթում, հազար բան եմ խնդրում Տիրոջից, մենակ ինձ համար չէ, բոլորի համար, ամենեցուն… (Երգում է)։ «Սուրբ, սուրբ…»։ Վախ, հայրիկ, ի՞նչ արիր, քի՞չ էի սիրում քեզ, ախր, իմ սերն էլ քոնի պես էր, արտաքինից չէր երևում։ Այ, Կարենը էմոցիոնալ է, ինչ ներսում է` այն էլ դրսում, մայրիկի պես, ու նրա պես էլ եսակենտրոն է, իրեն է սիրում, իրեն է խղճում, իրեն խղճալուց նույնիսկ կարող է լաց լինել, իսկ ինձ կողքին կոտորեն` հանգիստ կտանի, ըհը` թողեց-գնաց այս վիճակիս: Մայրիկի պես էլ սիրուն է… Բայց ես սիրում եմ իմ պուճուրիկ եղբայրիկին, ինքն էլ ինձ է սիրում, իր սերն էլ այդպիսին է, ինչ անենք… Ախ, թռչել եմ ուզում աղավնու պես, լուսամուտներ թակեմ, ծիլ բերեմ դաշտից, ծաղիկ բերեմ, դնեմ ծնկին սիրածիս… (Երգում է)։ «Ախչի, անաստված, ախչի, սրտակեր…»։ (Հայելու մեջ տեսնում է հոր ուրվապատկերը, ճչում է)։ Ա՜… Ո՞վ ես… Հայրիկի ուրվականն է… Հայրի՞կ, ինչո՞ւ ես եկել, ինչո՞ւ ես սարսափեցնում ինձ…

Շեմին կանգնել է Սմբատը, ճղճղված, կեղտոտված հագուստով է:

ՍՄԲԱՏ Չստացվեց։

ԿԱՐԻՆԵ (նրան շոշափելով): Դո՞ւ ես։

ՍՄԲԱՏ Ես եմ, նվաստս, վախկոտս, տականքս… Մի դողա, ուրվական չի, ես եմ։

ԿԱՐԻՆԵ Ինչ լավ է…

ՍՄԲԱՏ Ի՞նչն է լավ, վատ է, շատ վատ։ Չկարողացա։ Պարզվեց` հեշտ բան չի։ (Գնում է կաղալով)։

ԿԱՐԻՆԵ Ո՞ւր։

ՍՄԲԱՏ Սենյակս։

ԿԱՐԻՆԵ Ես էլ եմ գալիս։

ՍՄԲԱՏ Չէ, ուզում եմ մենակ մնալ։

ԿԱՐԻՆԵ Գոնե օգնեմ` հագուստդ հանես։

ՍՄԲԱՏ Հագո՞ւստ… Հագուստ… (Դուրս է գալիս: Կարինեն հետևում է նրան)։

Գալիս է Կարենը, խումհարի մեջ է:

ԿԱՐԵՆ (տիկնիկներին): Ոնց եմ զզվում ձեր սֆաթներից, մի օր գցելու եմ բուխարին` վառեմ։ Ո՞ւր է Կարինեն… Չլինի՞ դու էլ ինքնասպան եղար… Նայի-տես` իմ փողը կշատանա… Կարոչկա՜…

ԿԱՐԻՆԵ (գալով): Կամաց, հայրիկը քնած է։

ԿԱՐԵՆ Քնա՞ծ… ուզում էիր ասել…

ԿԱՐԻՆԵ Քնած է, իր սենյակում։ Խեղճ հայրիկ, մենակ տեսնես վիճակը` ճղճղված, ցեխոտ, ոտքը կաղում է, դեմքին` վերքեր… Ի՞նչ ես ապուշացած նայում։

ԿԱՐԵՆ Ոնց… Սմբատը տա՞նն ա։

ԿԱՐԻՆԵ Այո, տանն է։ Չի կարողացել, փորձել է` չի կարողացել, փառք Աստծո։ Ուզում է քնել, նյարդերը շատ են լարված, չի ստացվում։ Կարգին չխոսեց էլ հետս։

ԿԱՐԵՆ Չե՞ս զառանցում։

ԿԱՐԻՆԵ Ոչ, եկել է մեր հայրիկը, ողջ է։

ԿԱՐԵՆ (տիկնիկների մասին): Ե՞րբ ես ռադ անելու էս հրեշներին։ Ասում ես` տա՞նն ա։

ԿԱՐԻՆԵ Իր սենյակում։ Կոնյակ խմեց, տնքում էր, հառաչում, գուցե քնեց։ Դու ո՞ւր էիր։

ԿԱՐԵՆ Հաշվետվություն չեմ տալու։ Կյանքս անցնում ա, իսկ ես, փոխանակ ապրեմ, հաշվետվություն եմ տալիս մանկապարտեզին, դպրոցին, ինստիտուտին, մամային, պապային, քույրիկին, հորքուրիկին…

ԿԱՐԻՆԵ Ի՞նչ թույն ես էլի լցրել մեջդ։

ԿԱՐԵՆ Ինչ պետք ա։

ԿԱՐԻՆԵ Երևի խաղատուն էլ ես մտել։

ԿԱՐԵՆ Լավ եմ արել։ Իբր դո՞ւ ինչ ես անում, ինչի՞ համար ես ապրում։

ԿԱՐԻՆԵ Ե՞ս…

ԿԱՐԵՆՊարկեշտ, առաքինի, զուսպ… Հա՞… Դաշնամուր ես նվագում, տիկնիկ խաղում… Իսկ (գլուխը ցույց տալով) էստեղ ի՞նչ ա կատարվում… Կատարվում ա, չէ՞, էն էլ ոնց ա կատարվում… Իսկ ի՞նչ սայթեր ենք այցելում գիշերներով թաքուն…

ԿԱՐԻՆԵ Կարեն…

ԿԱՐԵՆ Հաճույքով կխրվեիր արկածների մեջ, չէ՞, բայց դուխդ չի հերիքում, ընկղմող էլ չկա…

ԿԱՐԻՆԵ Ինչ դաժան ես… Անպետք, անպետք տղա։ (Լաց է լինում)։ Փոքր ժամանակ այնքան բարի էիր, գրկում էիր, պաչիկներ անում…

ԿԱՐԵՆ (գրկելով): Լավ, քույրիկս, կներես, ջղայնացած եմ… Դե, հանգստացիր… Հիմա մեզ համերաշխություն ա պետք։

ԿԱՐԻՆԵ Ինչո՞ւ հիմա, միշտ։

ԿԱՐԵՆ Չգիտեմ, բայց զգում եմ, հիմա ավելի ա պետք… Իսկ ես արդեն մտածում էի` ոտքի կկանգնեմ, պարտքերս կմարեմ, կմաքրվեմ, նոր կյանք կսկսեմ։ Իսկ նա եկել ա, կոնյակ ա խմել, քնել ա ուզում մարդը… Ոնց որ ձեռ առնի։

ԿԱՐԻՆԵ Կարեն…

ԿԱՐԵՆ Ի՞նչ Կարեն, ջահելությունն անցնում ա` կյանք չեմ տեսնում, ընկերներս եվրոպաներում ֆռֆռում են, ես էստեղ` մի խաղատնից մյուսը, մի պոռնիկից` մյուսը, պարտքատերերը չոքել են բկիս… Իսկ նա առավոտ նամակ ա գրում, երեկոյան փոշմանած գալիս տուն` քնում։ Ի՞նչ ես էդպես նայում, կարելի ա կարծել` դու մտքումդ էդ փողերը չես ծախսել: Քեզ էլ ա պետք, շատ ա պետք, կարծում ես չգիտե՞մ, քույրիկս։

ԿԱՐԻՆԵ Ոչ մի բան էլ չգիտես։

ԿԱՐԵՆ Ես ամեն բան գիտեմ, գիշերային հառաչանքներդ…

ԿԱՐԻՆԵ Ականջ ես դնո՞ւմ։

ԿԱՐԵՆՉէ, պատահաբար… Բայց մի մտածիր, եղբայրդ եմ, օտար չեմ։ Ինձ նույնիսկ թվում ա, որ քեզ ավելի ա պետք, քան ինձ, ես տղամարդ եմ, էլի էստեղից-էնտեղից քչփորում` մի բան պեղում եմ, իսկ դու… Խեղճ քույրիկս։

ԿԱՐԻՆԵ Հայրիկը եկել է, Կարեն, դա փաստ է։

ԿԱՐԵՆ Էս վիճակով ապրելն իրան ի՞նչ ա տալու։

ԿԱՐԻՆԵ Չգիտեմ։ Հնարավոր է` նորից փորձի… Չէ, այդպես մի նայիր, իմ ցանկությունը չի, նրա վիճակը տեսնելով եմ ասում, շատ է ընկճված։ Բայց ես կաշխատեմ հույս տալ…

ԿԱՐԵՆ Իմ առաջ դերասանություն մի անի: Թե՞ ուրիշի առաջ ես անում… ՆԱ որ հաստատ տեսնում ա, և ասեմ` ԻՆՔՆ անկեղծությունն ա պաշտպանում, վճռականությունը, երեսպաշտություն ու թուլամորթություն չի սիրում, պատժում ա, հա-հա, վախենամ` հայրիկին պատժի։

ԿԱՐԻՆԵ Լռիր, գալիս է։

Գալիս է Սմբատը:

ՍՄԲԱՏ Մեռնել չի հաջողվում, քնել չի հաջողվում… Բարև, որդի։

ԿԱՐԵՆ Բարև, հայրիկ, ո՞նց ես։

ՍՄԲԱՏ Հրաշալի, չե՞ս տեսնում։

ԿԱՐԵՆ Ոնց վախացրիր, բա էդպես բան են անո՞ւմ։

ՍՄԲԱՏ Ոմանք անում են, բայց` ո՛չ իմ պես անճարակները։

ԿԱՐԻՆԵ Հայրիկ, դու ուժեղ տղամարդ ես…

ՍՄԲԱՏ Դու ի՞նչ ես հասկանում կյանքից, թույլից, ուժեղից… Փորձիր գլուխդ կախել կամրջի ճաղերից, նայել ցած` մահվան աչքերին, ու հետո ոտքդ բարձրացրու, անցկացրու այն կողմ ու քեզ տուր նրան, գիտակցելով, որ էլ ոչինչ չես տեսնելու, չես զգալու, նույնիսկ փոշմանել չես կարողանալու։ Թույլ մարդու բան չի։ Նախանձում եմ ուժեղներին։ Հեմինգուեյը ո՞նց սպանեց իրեն, գիտակցեց, որ կյանքն իրականում ավարտվել է, որ հետո ինչքան էլ տևի` իներցիա է, տանջանք ու տառապանք, հրացանի փողը մտցրեց բերանը, ձգանը քաշեց ու վերջ։ Վերջ։

ԿԱՐԻՆԵ Բայց քոնը չի վերջացել, հայրիկ…

ՍՄԲԱՏ Ինքդ էլ լավ գիտես, որ ստում ես, վերջանալն էլ ո՞նց է լինում: Մնացել է` հին ու նոր վերքերս լիզեմ ու օրեցօր ավելի խեղճանամ, ստորանամ, ասեմ` թեյ տվեք` ծարավ եմ, վերմակս վերև հանեք` մրսում եմ, գարշոկը տվեք… Թո՛ւ…  Ծերացած շների հայացքը տեսե՞լ եք… Չեք տեսել, ուշադրություն չեք դարձրել։ Ես այդ կետին չեմ հասնի… Էս անգամ չհաջողվեց, հաջորդ անգամ կհաջողվի։

ԿԱՐԵՆ Դու չես անի, հայրիկ, իզուր մի փորձի, չես կարողանալու։

ՍՄԲԱՏ Դե օգնիր, որդիս ես։

ԿԱՐԵՆ Ի՞նչ ես խոսում, հայրիկ, հասկանո՞ւմ ես։

ՍՄԲԱՏ Ինչո՞ւ, ես ձեզ օգնել եմ ապրել, դուք էլ ինձ օգնեք մեռնել, քվիթ կլինենք, մի բան էլ դեռ ես պարտք կմնամ։ Լավ, մի սարսափեք, համարեք` կատակ արեցի։ Կեցցե էֆտանազիան, մարդը չի ուզում ապրել, ստորագրություն է տալիս, սրսկում են` հանգիստ, խաղաղ հեռացնում կյանքից։

ԿԱՐԻՆԵ Էֆտանազիան անբուժելի հիվանդների համար է։

ՍՄԲԱՏ Ես էլ եմ անբուժելի, հոգիս անբուժելի հիվանդ է: Մարմինս էլ է հիվանդ, բայց հոգիս` առավել։

ԿԱՐԻՆԵ Քո հոգուն ի՞նչ եղավ, ախր, ո՞վ նեղացրեց իմ հայրիկին։

ՍՄԲԱՏ Ժամանակը, ժամանակը, աղջիկս։ Թվում է` ահա, ծղոտ գտար, հարմար ծղոտ է, պինդ բռնել ես, էսպես երկար կմնաս, բայց ժամանակը չի թողնում, ժամանակը մեկ էլ սլանում, խփում է, ու` ծղոտը ձեռքիդ չի, բռնվելու ոչինչ չունես, օդում կախված ես, վերև-ներքև-աջ-ձախ` միայն ոչինչն է…

ԿԱՐԵՆ Կներես, իսկ ի՞նչ եղավ քո մեծ սերը, հայրիկ։

ՍՄԲԱՏ Իմ մեծ սե՞րը… Ձեռ ես առնո՞ւմ…

ԿԱՐԵՆ Անկեղծ հարցնում եմ։

ՍՄԲԱՏ Լավ հարց չես տալիս… Սեր… Ունեի այդպիսի բան… մինչև վերջերս դեռ ունեի։ Բայց էլի ժամանակը խփեց-տարավ։ Սերը ապրեցնելով գալիս է, սպանելով հեռանում է։ Սիրո անունն այլևս չտաս, կփսխեմ։

ԿԱՐԻՆԵ Իսկ մե՞նք, հայրիկ…

ՍՄԲԱՏ Սուտ է, աղջիկս, կներես, բայց դա էլ է սուտ, մարդը եսակենտրոն արարած է, աշխարհի կենտրոնն ինքն է, ինքը փլվում է` աշխարհն էլ է փլվում։ Դուք ձեր ճամփան ունեք, ես` իմը, իմը հասել է ավարտին։ Իսկ ավարտի պռնկին մարդը լրիվ է մենակ մնում: Եթե մինչ այդ ինքն իրեն կարողանում էր խաբել` աշխատանքով, ընկերներով, հարազատներով, սերերով… վերջին քայլից առաջ պատրանքներն իսպառ լքում են նրան, վերջը նրա հետ ոչ ոք չի կիսելու։ Փառք Աստծո, ձեզ մեծացրել եմ, ոտքի եմ կանգնեցրել, գուցե ուրիշ ծնողների պես փաղաքշական բառեր շատ չեմ ասել, օրը հազար անգամ չեմ պաչպչել, բայց տեղը-տեղին մեծացրել եմ, ոչնչի կարիք չեք ունեցել, ես իմն արել եմ, մեղքի կամ պարտքի զգացում չունեմ, գոնե ձեր նկատմամբ` չունեմ։ Այ, Արսենին չկարողացա, չստացվեց… Հանկարծ անմասն չթողնեք նրան։

ԿԱՐԵՆ Բայց ինչի՞ մինչև հիմա չէիր ասում, ինչի՞ էիր թաքցնում որ…

ՍՄԲԱՏ Ի՞նչ ասեի, տղաս, ասեի` ի՞նչ էր փոխվելու։ Թիֆլիսում է ապրում, մոր հետ, համարյա քո տարիքին է, քեզ պես` պարապ-սարապ, խմելու սեր ունի… Ի դեպ,  տանը խմելու բան կա՞։

ԿԱՐԻՆԵ Օղի՞, կոնյա՞կ։

ՍՄԲԱՏ Ինչո՞ւ մատուցողի ոճով խոսեցիր։ Աղջիկս, ինչքան էլ կյանքը նեղի, խնդրում եմ, մատուցող չդառնաս, թող չասեն` Սմբատի աղջիկը ռեստորանում մատուցող է։ Օղի տուր․ երբ ուզում ես մեռնել` կոնյակը ծիծաղելի է։

Կարինեն պահարանից բերում է օղի, բաժակներ:

ՍՄԲԱՏ Մեծ բաժակ բեր, բալես, ավելի մեծ… Ահա, դա լավ է։ Հորեղբորս կոկորդին, այ էստեղ, պստիկ գնդիկ կար, երբ օղի էր խմում` վազվզում էր վերև-ներքև… Տարօրինակ էր, ուրիշ բան խմելիս համարյա չէր շարժվում, օղի խմելիս աշխուժանում էր։ Հետո էդ գնդիկը մեծացավ, մեծացավ ու կերավ հորեղբորս։ (Իր վիզը ցույց տալով)։ Ճիշտ էսպես գնդիկ էր…

ԿԱՐԵՆ Չունեիր…

ՍՄԲԱՏ Գենետիկան հզոր բան է, չես փրկվի։

ԿԱՐԻՆԵ Ճարպագնդիկ է երևի։ Բժշկի ցույց տվե՞լ ես։

ՍՄԲԱՏ Բժիշկներն իսկի հարբուխը չեն բուժում, գենետիկ կանխորոշվածությունը ո՞նց կփոխեն։

ԿԱՐԻՆԵ Հայրիկ…

ՍՄԲԱՏ Զոմբիին կերակրե՞լ եք։

ԿԱՐԵՆ Ես եմ կերակրել։

ՍՄԲԱՏ Ապրես։ Բա ինչո՞ւ է ոռնում… Անտեր չթողնեք, կնայեք շանը։

ԿԱՐԻՆԵԻնքդ կնայես, հայրիկ։

ՍՄԲԱՏ (բաժակը բարձրացնելով): Լավ մնացեք։ (Խմում է)։

ԿԱՐԻՆԵ (տեսնելով հոր ուռուցքի շարժումը խմելիս): Ոնց որ մաշկիդ տակ պստիկ բզեզ վազվզի։

ՍՄԲԱՏ Երևաց, չէ՞… Բայց չկարծեք` սա է պատճառը, պատճառ լինելու համար սա քիչ է, պարզապես եկավ-ավելացավ։

ԿԱՐԻՆԵ Սիրողական դատողություններ ես անում, բժիշկներին ցույց տուր:

ՍՄԲԱՏ Կարելի է Եվրոպա գնալ։ Իհարկե, փրկել չեն կարողանա, բայց մի քանի տարի գուցե ձգեն։

ԿԱՐԻՆԵ Ուրեմն գնա։

ՍՄԲԱՏ Ի՞նչ իմաստ, մի քանի տարի այս կողմ, մի քանի տարի` այն, ի՞նչ է փոխվելու։ Լցրու, Կարեն, մեկ էլ խմենք։

ԿԱՐԻՆԵ Ինձ էլ լցրեք։

ԿԱՐԵՆ (լցնում է բաժակները, վերցնելով իր բաժակը): Ողջ լինես, հայրիկ։

ԿԱՐԻՆԵ Եվ առողջ։

ՍՄԲԱՏ (խմում է, ծխում): Գուցե իսկապե՞ս գնամ… բանկի փողերը վերցնեմ` գնամ Եվրոպա, այսպես ասած` վերջին հյուրախաղերի։ Այդպես մի նայիր, տղաս, ասացի` չգնացի, օղին խոսեց մեջս։ Օֆ, նյարդերս թուլացան մի քիչ, գնամ, գուցե կարողանամ քնել։ Ի՞նչ ես էդպես նայում, Կարեն, կարծես առաջին անգամ ես տեսնում հորդ։

ԿԱՐԵՆ Ինչ-որ տեղ` հա…

ՍՄԲԱՏ Էդպես է, տղաս, ոչ ոք ոչ ոքի չի ճանաչում, մարդն ինքն իրեն էլ չի ճանաչում: Հիմա եթե հայելուն նայեմ` ես ինձ չեմ ճանաչի, դրա համար էլ չեմ նայում: Չե՞ք նկատել, վերջերս սանրվելիս լոգարանի լույսն էլ չեմ վառում։

ԿԱՐԵՆ Անկեղծ ասած` չեմ նկատել։

ՍՄԲԱՏ Քո կայֆերից այն կողմ ինչ ես նկատո՞ւմ որ… Զգույշ եղիր, Կարեն։ Թեև ինչ եմ ասում, ոնց կուզես` էնպես էլ եղիր, ո՞վ է ում կարողացել փոխել, որ ես փոխեմ։ Ինձնից դժգո՞հ ես։

ԿԱՐԵՆ Չէ, ի՞նչ դժգոհ…

ՍՄԲԱՏ Սուտ մի ասա, ես էլ էի իմ հորից դժգոհ, պապից էլ, բոլորից, այդպես է, միշտ սրա-նրա վրա պիտի գցենք մեր ձախողումների մեղքերը։ Հանգիստ գցիր, ինձ համար մեկ է, իմ հաշվետվությունն արդեն ներկայացված է։ Դե, գազանիկներս, գնամ իմ դամբարանը։ Սիրեցեք զմիմյանս։

Սմբատը գնում է։ Կարենը նյարդային ծխում է:

ԿԱՐԵՆ Մայրիկի անունը իսկի չհիշեց, վախենում ա, մայրիկը նրա դավաճանությունների պատճառով հիվանդացավ: Ի՞նչ գիտես, թե չի իմացել Հասմիկի մասին, կամ չի իմացել, որ Թիֆլիսում տղա ունի…

ԿԱՐԻՆԵ Մայրիկը սովոր էր, բանի տեղ չէր դնում, նա վաղուց չէր սիրում հայրիկին։

ԿԱՐԵՆ Արտաքուստ էր էդպես… Երբ մենակ էր մնում` թաքուն լաց էր լինում, տեսել եմ։

ՍՄԲԱՏ (հայտնվելով դռների մեջ, լեզու է ցույց տալիս): Բե-բե-բե… Բամբասկաններ։ Վախեցա՞ք… Չվախեք։ Պինդ կացեք։ (Գնում է)։

ԿԱՐԵՆ Խեղկատակ դարձավ։

ԿԱՐԻՆԵ Ինքնապաշտպանական է… Խեղճ հայրիկ…

ԿԱՐԵՆ Ուշքի արի, խեղճը ես ու դու ենք: Առավոտյան ինքնասպան էր լինում, իսկ երեկոյան արդեն փողերը հավաքում` թռնում ա Եվրոպա, վերջին կայֆերի։ Կգնա, փողերը քամուն կտա, կգա, տուն-տեղն էլ կծախի… Ես ու դու կմնանք զրոյի վրա։

ԿԱՐԻՆԵ Կարծո՞ւմ ես…

ԿԱՐԵՆ Մեռնող մարդը փրփուրներից կախվելու հատկություն ունի, հատկապես, եթե ինքնասպանությունը ձախողվել ա։ Բայց կյանքն ապրողինն ա, մեռնողինը չի, ես ու դու պիտի ապրենք, նա արդեն կյանքի հաշվի մեջ չի։ Քանի՞ տարեկան ես…

ԿԱՐԻՆԵ Կարևո՞ր է…

ԿԱՐԵՆ Երեսունն անց ես։ Իսկ ես շուտով քսանյոթ կդառնամ։ Կներես, բայց դու արդեն պառավող օրիորդ ես։ Մի՛ էդպես թշնամությամբ լցվի, ուզում եմ` ճշմարտության աչքերին ուղիղ նայես, մի երկու տարի էլ` ու պրծ, վերջին շանսդ էլ հօդս կցնդի։

ԿԱՐԻՆԵ Բայց նա փոշմանել է, Կարեն:

ԿԱՐԵՆ Էնքան էլ չէ… Տեսա՞ր, ոնց էր խնդրում, որ օգնենք, խնդրում էր, չէ՞։

ԿԱՐԻՆԵ Խնդրում էր։ Խեղճ…

ԿԱՐԵՆ Այո, խեղճ։ Մեռնել ա ուզում մարդը, ընդամենը` մեռնել։ Ասում են` մարդասիրություն… Սերը մարդուն զոռով կյանքի մեջ պահե՞լն ա, տանջելով, տառապացնելով, հա՞… Սերը մարդու ցանկությանն ընդառաջելը չի՞… Չի ուզում ապրել մարդը, կյանքը կողը խրած դանակի պես ցավ ա պատճառում, ինչի՞ չհանենք դանակը, ինչի՞ խաղաղություն չտանք մարդուն… Էս ա իսկական մարդասիրությունը, իսկական սերը: Թե չէ ավելի հեշտ բան չկա, քան մի կողմ քաշվել, կողքից նայել մարդու տանջանքին ու ընդամենը ասել` չի կարելի, իրավունք չունեմ, իմ գործը չի։

ԿԱՐԻՆԵ Ես սարսափում եմ այդ տեսակ մտքերից։ (Գրկում է եղբորը)։

ԿԱՐԵՆ Մի դողա, քույրիկս…

Գալիս է Սմբատը:

ՍՄԲԱՏ Չի ստացվում, ոչ մեռնել է ստացվում, ոչ քնել-մոռանալ… Աղջիկ ջան, մորդ քնաբեր էիր սրսկում, դրանից չի՞ մնացել։

ԿԱՐԻՆԵ Մնացել է երևի։ Բայց ժամկետն անցած կլինի։

ՍՄԲԱՏ Նայիր, խնդրում եմ։

Կարինեն դուրս է գալիս:

ԿԱՐԵՆ Կխմե՞ս, հայր։

ՍՄԲԱՏ Չէ, անիմաստ է։

ԿԱՐԻՆԵ (բերելով դեղն ու ներարկիչը): Դեռ ժամկետի մեջ է ոնց որ…

ՍՄԲԱՏ Սրսկիր։

ԿԱՐԻՆԵ Ե՞ս…

ՍՄԲԱՏ Ինչո՞ւ վախեցար, մորդ հանգիստ սրսկում էիր։

ԿԱՐԵՆ Սրսկիր, Կարինե, հայրիկը խնդրում ա։

ԿԱՐԻՆԵ Բարձրացրու թևքդ։ (Սրսկում է)։

ՍՄԲԱՏ Ուֆֆ… ոսկորիս հասցրիր: (Թևքն իջեցնելով)։ Ապրես։ Այ մարդ, ապրեք, էլի, ի՞նչ եք ուզում ինձնից… Ոչինչ չե՞ք ուզում… Դե, լավ է ուրեմն։ Գնացի։ (Ճոճվում է, քիչ է մնում` ընկնի)։ Գլուխս պտտվեց, էս ի՞նչ շուտ ազդեց…

ԿԱՐԻՆԵ Խմիչքի հետ ռեակցիա տվեց երևի, նստիր։

ՍՄԲԱՏ Չէ, գնամ, գուցե քնեմ։

ԿԱՐԻՆԵ Կարեն, օգնիր հայրիկին, ի՞նչ ես շշմել-մնացել։

ԿԱՐԵՆ Օգնեմ, իհարկե…

Կարենը գրկում է Սմբատի մեջքը, դուրս են գալիս սենյակից:

ԿԱՐԻՆԵ (հայելուն մոտենալով): Ինչ գունատ եմ, աստված իմ։ Բայց սազում է ինձ, հույզերը նույնիսկ մաշկս են ձգել… Ինչ տարօրինակ է, հանգիստն ինձ թառամացնում է, հույզերը` թարմացնում… Իսկ կրքերը երևի լիովին փոխեին…

ԿԱՐԵՆ (գալով): Կարինե…

ԿԱՐԻՆԵ Քեզ ի՞նչ եղավ… տգեղացել ես, ոնց որ եղբայրս չլինես… Ի՞նչ է պատահել։

ԿԱՐԵՆ Հայրիկը…

ԿԱՐԻՆԵ Ի՞նչ։

ԿԱՐԵՆ Մահացավ։

ԿԱՐԻՆԵ Մահացա՞վ…

ԿԱՐԵՆ Մահացավ։ Աստիճաններից գլորվեց, հասա, գրկեցի-բարձրացրի, նայեմ` քունքն արնոտ ա, ինքը չի շնչում…

ԿԱՐԻՆԵ Բայց դու պահել էիր, ո՞նց ընկավ։

ԿԱՐԵՆ Ձեռքս հոգնեց, թողեցի, որ փոխեմ․ մի պահ, ընդամենը մի պահ…

Կարինեն վազում է հոր մոտ։ Այնտեղից նրա ճչոցն է լսվում:

ԿԱՐԵՆ Ես ի՞նչ անեմ… Մի վայրկյան, ընդամենը մի վայրկյան թողի… Երևի մարմարի կողին խփեց գլուխը…

ԿԱՐԻՆԵ (գալով): Սարսափ, սարսափ…

ԿԱՐԵՆ Մի գոռա…  

ԿԱՐԻՆԵ Նա ինձ էր նայում, ուղիղ աչքերիս…

ԿԱՐԵՆ Նա չէր կարող քեզ նայել, աչքերը փակ էին։

ԿԱՐԻՆԵ Նայում էր։ Շտապօգնություն կանչենք։

ԿԱՐԵՆ Շտապօգնությո՞ւն… մի շտապիր։

ԿԱՐԻՆԵ Չեմ հասկանում։

ԿԱՐԵՆ Մեկ ա, շտապօգնությունը նրան չի փրկի, չի շնչում։

ԿԱՐԻՆԵ Բայց հո այդպես չի՞ մնալու… Ո՞նց թողիր, ախր, այնքան ծանր չի…

ԿԱՐԵՆ Էս ձեռքս փոքրուց խախուտ ա, ջարդած ձեռքս ա, աստիճանների վրա հանկարծ ուժեղ ցավ բռնեց, թողեցի, որ մյուս ձեռքով գրկեմ, մի պահ, ընդամենը` մի պահ։

ԿԱՐԻՆԵ Բայց ինչ-որ բան պետք է անել…

ԿԱՐԵՆ Մի գոռա, լսիր, ինչ եմ ասում. եթե նրան էս վիճակով էստեղ գտնեն, մեզ են կասկածելու: Հաստատ, ահավոր քաշքշուկի մեջ կընկնենք։

ԿԱՐԻՆԵ Գուցե… Բայց ի՞նչ անենք, ի՞նչ ես առաջարկում։

ԿԱՐԵՆ Պիտի հանենք տնից։

ԿԱՐԻՆԵ Ո՞ւր։

ԿԱՐԵՆ Նրա գրած նամակն ունենք, իր ձեռքով գրել ա, որ ինքնասպան ա լինում: Մեզ ոչ ոք չի կասկածի։

ԿԱՐԻՆԵ Ուզում ես ասել…

ԿԱՐԵՆ Հա, հենց դա։ Հասկացիր` նրա համար արդեն տարբերություն չկա։

ԿԱՐԻՆԵ Ես չեմ կարող, Կարեն, չեմ կարող… հանկարծ նորից կբացի աչքերը…

ԿԱՐԵՆ Նա արդեն մեռել է, նրան կենդանացնել հնարավոր չէ, իսկ մենք դեռ ապրելու ենք։ Խեղճի ցանկությունը կատարվեց։

ԿԱՐԻՆԵ Այո, նախախնամությունը կարծես լսեց նրա աղաչանքը։

ԿԱՐԵՆ Դու միայն օգնիր` մեքենայի մեջ նստացնենք…

ԿԱՐԻՆԵ Ինքդ կտանե՞ս։

ԿԱՐԵՆ Չէ, վախենամ` մենակ չստացվի, մեկը պիտի պահի, որ նստած մնա, չընկնի նստատեղին…

ԿԱՐԻՆԵ Ես չեմ կարողանա…

ԿԱՐԵՆ Կկարողանաս, վերջ տուր հիստերիկային։ Օղի լցրու։

ԿԱՐԻՆԵ Ձեռքերս դողում են։

ԿԱՐԵՆ (լցնելով): Մի քանի ժամ սպասենք, փողոցները դատարկվեն…

ԿԱՐԻՆԵ Սպասենք…

Կարենը բաժակը խփում է քրոջ բաժակին։ Խմում են:

Գործողություն երկրորդ

Նույն սենյակը։ Կարենը, Կարինեն, Կլարան, Արսենը, Ատոմը մտնում են սենյակ: Թաղումից են գալիս: Կարենը սեղանին է դնում Սմբատի սգո մեծադիր նկարը, Կլարան անմիջապես ողբում է` նստելով նկարի առջև, մյուսները մնում են կանգնած։

ԿԼԱՐԱ (նկարը շոյելով): Վայ, իմ իգիթ եղբայրը, վայ… Բարձր կամուրջից ընկած եղբայր ջան, կյանքից զզված, հոգնած եղբայր ջան… Ո՞վ քեզ նեղացրեց, ո՞վ, Սմբատ ջան, բա դու սրա՞ն էիր արժանի… Անարդար աշխարհ, անարդար… Դու բոլորին սեր ու բարիք ընծայեցիր, բայց քեզ միայն անտարբերություն ու էգոիզմ բաժին հասավ: Ասում էր` քույր ջան, ասում էր` քույրիկս… (Հեկեկոցը չի թողնում` շարունակի։ Լրջանալով)։ Տակավին անչափահաս` հայրիկը մեզ Նոյեմբերյանից բերեց, ասաց` թող իմ ձագուկները մայրաքաղաքում ապրեն: Մեզ ձագուկ էր ասում…  Հեյ վախ, իմ խաս հայրիկը… Ասում էր` ձագս, իմ ձագս… Ի՞նչ ասեմ, չարքաշ ապրեցինք, կիսաքաղց մեծացանք, բայց չընկճվեցինք։ Ես մանկավարժականն ավարտեցի, Սմբատը` պոլիտեխնիկը: Վախ, ինժիներ եղբայրս, վախ… Հաստոցաշինականի գլխավոր ինժեներն էր, ազնիվ, արդար, բանիմաց, բա չէ, հիմիկվանները… Ամուսնացրինք, երեխաներ ունեցավ, բայց ո՛չ կինը նրան հասկացավ, ո՛չ երեխաները… Չհասկացան, չէ, խեղճ եղբայրս վերաբերմունքի կարոտ գնաց: Ընտանիքի խաթր մտավ բիզնեսի մեջ, խելք ուներ, է՜, խելք չունենար` զոռբաների հետ ո՞նց կմրցեր, մենաշնորհային տնտեսության պայմաններում ո՞նց բիզնես կաներ, հալալ է իրեն, մեռնեմ ուշիմ աչքերին: Հաց էր արտադրում, որ ժողովուրդը քաղցած չմնա, կոշիկ էր արտադրում, որ ժողովուրդը բոբիկ չմնա, մայկա-տրուսիկ էր արտադրում… Ո՞ր մեկն ասեմ… Ընկերների համար ամեն ինչ արեց, օգնեց, ոտի կանգնացրեց, բայց ընկերներն էլ երախտամոռ դուրս եկան: Ասում էր` քույրս, քույրիկ ջան, ասում էր… (Հեկեկում է)։ Էհ… (Կտրուկ լրջանալով)։ Էն Հակոբե՞նք ինչի չէին շնորհ արել…

ԱՏՈՄ Եկել էին, Կլարոչկա:

ԿԼԱՐԱ Դու սուս, դու գլաուկոմա ունես, Հակոբենց ո՞նց տեսար։

ԱՏՈՄ Այնտեղ էին ոնց որ… Չէ՞…

ԿԱՐԻՆԵ Գերեզմանոցում էին, հորաքույր, բայց հոգեհացին չեկան։

ԿԼԱՐԱ Ինչո՞ւ, վախեցան` թունավորե՞նք։

ԿԱՐԵՆ Ինձնից ներողություն խնդրեց, ասեց` անհետաձգելի գործ ունեմ։

ԿԼԱՐԱ Քեզնի՞ց… Այդ ինձնի՛ց պիտի ներողություն խնդրեր, սուբորդինացիան խառնել է, թշվառակա՛ն։

ԱՐՍԵՆ (զգացվում է, որ խմած է): Էդ Հակոբը խիստ կարևոր անձնավորություն ա երևի, հա՞…

ԿԼԱՐԱ Լռի՛ր, գինեմոլ։ Սա՞ որտեղից ծլեց… Ամբողջ ժամանակ խմում էր, սեղանի ամբողջ օղին  խմեց, հիմա էլ սանձարձակ է պահում իրեն: Սա իմ եղբորը նման չի, չէ՛, իմ եղբայրը սիրուն… Սրան նայեք… Վախենամ` խեղճ եղբորս խաբել են, ի՞նչ իմանաս` ումից է: (Հեկեկալով)։ Իմ միամիտ եղբայրս, արժող-չարժողին մանուկի պես հավատացող եղբայրս… (Կտրուկ լրջանալով)։ Սիրտս նվաղեց… Սուրճ չե՞ք տալիս ձեր հորաքրոջը… Կարինե, աղջիկս, էլ ո՞վ մնաց ձեզ հարազատ, որբերս…

ԿԱՐԻՆԵ Հիմա բերեմ, հորքուրիկ ջան։ (Գնում է խոհանոց)։

ԿԼԱՐԱ Բեր, բեր, մեռնեմ քեզ, թե չէ սիրտս բարակեց ձեր հոր դարդից։ Ասում էր` քույրիկ ջան, հարազատս… (Հեկեկում է)։ Էն Ռոզա՞ն ինչու էր իրեն այդպես լկտի պահում, թաղման էր եկե՞լ, թե՞ խնջույքի: Անպատկառ… Դուք նրա հագուստ-կապուստը տեսա՞ք, թառամած կրծքի բրիլյանտները տեսա՞ք… Տղամարդ որսալու էր եկե՞լ լիրբը։ Նստեք, ինչո՞ւ եք կանգնել, ես էլ կանգնե՞մ…

Տղամարդիկ նստում են:

ԿԼԱՐԱ (բակից շան ոռնոցը լսելով): Ոռնում է խեղճը, տիրոջ կորուստն է ողբում։

ԱՏՈՄ Շնից հավատարիմը չկա, հայրս գերմանական ավչարկա ուներ, Ռեքս էր անունը…

ԿԼԱՐԱ Վերջացրու, քո տաղտկալի պատմությունների ժամանակը չէ։ Շնից հավատարիմ… ամբողջ կյանքս շան պես հավատարիմ եղա, ի՞նչ ստացա դիմացը։

Կարինեն բերում է սուրճը:

ԱՏՈՄ Ի՞նչ էիր ուզում ստանալ, Կլարա ջան։

ԿԼԱՐԱ Հարցնում է… Կարգին տղամարդը կնոջը նման հարց կտա՞… (Սուրճ է խմում)։

ԱՐՍԵՆ Օղին որտե՞ղ է, քույրիկ ջան։

ԿԱՐԻՆԵ Պահարանում… հիմա…

ԱՐՍԵՆ Ինքս կվերցնեմ, դու էնպես էլ շատ չարչարվեցիր էսօր, ցավդ տանեմ։ (Պահարանից բերում է օղին)։

ԱՏՈՄ Հա, ամեն բան տեղը-տեղին էիք արել, ապրեք, արժանի զավակներ եք։

ԿԼԱՐԱ (շան ոռնոցի մասին): Դրա ձայնը կտրել հնարավոր չի՞, ներվերիս վրա ազդում է։

ԿԱՐԻՆԵ Խեղճին երկրորդ օրն է` չենք կերակրել, ժամանակ չի եղել։

ԿԼԱՐԱ Կերակրեք ուրեմն։

ԿԱՐԵՆ Չի սատկի, սուրճս խմեմ, հանգստանամ` կկերակրեմ։

ԿԱՐԻՆԵ (աչքը նկարին է ընկնում): Վայ, հայրիկ ջան, վայ, ցավդ տանեմ…

ԿԼԱՐԱ Հանգստացրեք երեխային, ի՞նչ եք քարացել։ (Գրկելով Կարինեին)։ Աղջի՛կս… Ոչինչ, հորաքույրդ դեռ ողջ է։

ԱՐՍԵՆ Ողորմի Սմբատ պապային։ (Խմում է)։

ԿԼԱՐԱ Ողջ ժամանակ նրան գոնե տեսե՞լ ես, տղա։

ԱՐՍԵՆ Հա, երկու անգամ Թիֆլիս ա եկել, Քռի ափին «Խվանչքարա» ենք խմել իրար հետ, հորքուր ջան: (Համբուրում է հորաքրոջը)։

ԿԼԱՐԱ Վայ, որբս… Ո՞նց հուզվեց տղան, ինչ նման է Սմբատին, նրա պես սիրուն… Ախ, կյանք, կյանք… Կարինե, աղջիկս, Սմբատի նամակը ցույց տուր, երեկ ուզեցի` չտվեցիր։

ԿԱՐԻՆԵ Երեկ դեռ ոստիկանությունում էր։ (Տալով)։ Ահա, հորաքույր։

ԿԼԱՐԱ Եղբորս ձեռագիրն է… Վախ եղբայրս, վախ… (Կարդում է)։

ԱՐՍԵՆ Սա էն նամա՞կն է։

ԿԼԱՐԱ (ավարտելով ընթերցումը): Հըմմ… քրոջ մասին ոչ մի խոսք, տարօրինակ է… (Ատոմին.) Ինչո՞ւ ես լռում։

ԱՏՈՄ Իհարկե, շատ տարօրինակ է։

ԱՐՍԵՆ Կարելի՞ է… (Կարդում է նամակը)։

ԿԼԱՐԱ Այո, եղբայրիկ, քույրդ, ուրեմն, երկրորդական մի բան է… Ինչքան ամագ ունեմ վրան…  

ԿԱՐԵՆ Մի մոռացիր` ինքնասպանությունից առաջ ա գրել:

ԿԼԱՐԱ(Արսենի մասին): Նույնիսկ այս սուբյեկտին չի մոռացել, իսկ քրոջը… Տուր նամակը, տղա… քեզ հետ եմ։

ԱՐՍԵՆ Խնդրեմ։

ԿԼԱՐԱ (վերընթերցելով): Սիրուհուն էլ է մոռացել, հա՞…

ԱՏՈՄ Նրան բնակարան նվիրեց, հերիք չի՞։

ԿԼԱՐԱ Էլի՞ անտեղի խոսեցիր։

ԱՏՈՄ Հո ձայնազուրկ չե՞մ, Կլարա, շատ ես ճնշում։

ԿԱՐԻՆԵ Հասմիկի հետ գժտվել էին, հորաքույր։

ԿԼԱՐԱ Դե, բնական է, նա ջահել, իսկ եղբայրս արդեն ծերանում էր… Կներեք, բայց եթե տղամարդը կնոջը սեռապես չի բավարարում, նրանց համատեղ գոյությունը դժոխքի է վերածվում։

ԱՏՈՄ Սմբատը պինդ տղամարդ էր… Չէ՞…

ԿԼԱՐԱ Դու սուս, դու անտեղյակ ես այս հարցերին։ (Նամակին դառնալով)։ Սա նրա ձեռքը չէ։

ԿԱՐԻՆԵ Առավոտյան թողել է սեղանին` գնացել, ուրիշ ո՞վ կարող էր մտնել տուն, նամակ թողնել… Նրա ձեռագիրն է, ես ճանաչում եմ հայրիկի ձեռագիրը։

ԿԼԱՐԱ Նման է, բայց տարբերություն կա… Ահա, այս տ-ը տառը… մյուս տեղում էլ…

ԿԱՐԵՆ Հուզված ա եղել։

ԿԼԱՐԱ Դու լռիր։ Ահա թե ինչ կասեմ ձեզ, այս նամակը ճնշման տակ է գրված։ Այո, ես կասկած չունեմ։ Ախր ասացի` բիզնեսը քո տեղը չի, Սմբատ, դու ազնիվ ինժեների հոգի ունես, ձեռք քաշիր։ Չլսեց, քրոջն ինչո՞ւ լսի, ասում էր` քիթդ… մազդ երկար-խելքդ կարճ։ Թշվառ, թշվառ…

ԱՏՈՄ Բայց փող աշխատում էր… Չէ՞…

ԿԼԱՐԱ Նորի՞ց դու խառնվեցիր… Ես իմ եղբորը չե՞մ ճանաչում։ Կրկնում եմ` սա ճնշման տակ գրված նամակ է, նրան սպառնացել են, նրան ստիպե՛լ են ինքնասպան լինել։

ԿԱՐԵՆ Նա թշնամիներ չուներ, հորաքույր։

ԿԼԱՐԱ Ո՞նց կարող էր թշնամի չունենալ։ Այս գայլային աշխարհում նա գառ էր, մատաղացու գառ։ Վերջերս վախեցած էր մի տեսակ, չե՞ք նկատել, ասենք` ո՞նց նկատեք, ջահելները միայն իրենց հոգսերն են նկատում։ Եվ հետո, ասում եք, նամակն առավոտյան է թողել, ո՞նց եղավ, որ երեկոյան զանգեց ինձ: Հիշո՞ւմ ես, Ատոմ։

ԱՏՈՄ Հիշում եմ, իհարկե, հեռախոսը ես վերցրի, յոթի կողմերն էր, ասեց` զդրավյա ժելայու, տավարիշչ Ատոմ։

ԿԼԱՐԱ Այո, յոթին տաս էր պակաս։ Ասաց` էնքան եմ ուզում տեսնել քեզ, քույրիկս, էնքան եմ կարոտել, բայց շատ եմ հոգնած, գնամ տուն, հանգստանամ, վաղը կտեսնվենք։ Եթե պիտի ինքնասպան լիներ, ինչո՞ւ ասաց` վաղը կտեսնվենք, և ինչո՞ւ ինքնասպան չի եղել նամակը գրելուց հետո: Ձեզ եմ հարցնում` ինչո՞ւ ինքնասպան չի եղել…

ԿԱՐԵՆ Գուցե առաջին փորձով չի կարողացել, հետո մեկ էլ ա փորձել։

ԿԼԱՐԱ Չէ, մի համոզեք… Ի դեպ, ինչո՞ւ եք անընդհատ ինձ համոզում…

ԿԱՐԻՆԵ Ո՞վ է համոզում, ասում ենք, ինչ եղել է։

ԿԼԱՐԱ Ոչ, սիրելիս, շտապել եք թաղել եղբորս: Դա, կներեք, բայց հիմնավոր կասկածի տեղիք է տալիս։

ԿԱՐԵՆ Անթաղել թողնեի՞նք…

ԿԼԱՐԱ Նախ պետք էր կարգին հետաքննություն անել:

ԿԱՐԵՆ Արել են։

ԿԼԱՐԱ Գլխառադ եք արել։ Մի երկու օր էլ կարող էր մնալ դիահերձարանում, բան չէր պատահի։ Չէ, այս գործում ինչ-որ բան հաստատ այնպես չէ։

ԿԱՐԻՆԵ (Արսենին): Ծուխը մի փչիր իմ կողմը, տանել չեմ կարող, նույնիսկ հայրիկն իմ ներկայությամբ չէր ծխում։

ԱՐՍԵՆ Կներես, քույրիկս, դրսում կծխեմ։ (Գնում է բակ)։

ԿԼԱՐԱ Չէ, չէ, մի համոզեք, ես այս գործն այսպես չեմ թողնի, հո անտեր չի՞ իմ եղբայրը, պետք լինի` էկսգումացիա կանենք, հիմա դա հեշտ է, հատուկ ճապոնական էքսկավատորը բերում են ու րոպեական հանում, պրոբլեմ չի։ Ճիշտ չեմ ասո՞ւմ, Ատոմ։

ԱՏՈՄ Կհանենք, իհարկե, Կլարոչկա, ի՞նչ է եղել։

ԿԼԱՐԱ Հենց հիմա դատախազություն կգնամ։ Գնացինք, Ատոմ։

ԱՏՈՄ Գնացինք… Բայց այսօր արդեն ուշ է, նայիր` մթնել է։

ԿԼԱՐԱ Հա՞… ուրեմն վաղը կգնամ, առավոտ կանուխ: Մի գիշեր էլ տանք հանցագործներին։ Դեհ, մենք գնացինք, ձեր հորաքույրը ձեզ հետ է, չվախեք։

ԿԱՐԻՆԵ Մենակ դու մնացիր մեզ հարազատ։ (Համբուրում է)։

ԿԼԱՐԱ Շուրթերդ սառն են, ինչո՞ւ…

ԿԱՐԻՆԵ Ցուրտ է…

ԿԼԱՐԱ Մի՞թե… Այսօր տաք եղանակ է։

ԿԱՐԻՆԵ Կարեն, մեքենայով տար հորաքրոջը, տուն հասցրու։

ԿԼԱՐԱ Արդեն քշո՞ւմ է հոր մեքենան։

ԿԱՐԵՆ Բա ձեզ չտանե՞մ, հո տրանսպորտով չե՞ք գնալու։

ԿԼԱՐԱ Մենք տրանսպորտին սովոր ենք, տղաս։

Գնում են դեպի դուռը:

ԿԱՐԻՆԵ Կարե՛ն… (Երբ Կարենը մոտենում է)։ Եթե հորաքույրը ոստիկանություն գնաց… իսկ նա կգնա…

ԿԱՐԵՆ Կգնա, հաստատ։

ԿԱՐԻՆԵ Մի բան պետք է անել…

ԿԱՐԵՆ Պետք է…

ԿԱՐԻՆԵ Բայց ի՞նչ…

ԿԱՐԵՆ Չգիտեմ…    

ԿԼԱՐԱ (դրսից): Ի՞նչ եղար, տղա, գալիս ես` արի, չէ` մենք գնացինք։

ԿԱՐԵՆ Եկա, հորաքույր։ (Կարինեին.) Գնամ, տեղում կկողմնորոշվեմ։

ԿԱՐԻՆԵ Զգույշ եղիր… Թող համբուրեմ քեզ։

Կարենը դուրս է գալիս:

ԿԱՐԻՆԵ (հայելուն մոտենալով): Իզուր մի տանջիր քեզ, սիրունս, պահիր քեզ, պահպանիր, առջևում երկար կյանք կա, պիտի ապրես, ու լավ պիտի ապրես, մինչև հիմա դեռ կարգին չես ապրել, խեղճս… Ինչ եղավ` եղավ, ինչ լինելու է` կլինի, դո՛ւ չես գրում հաջորդականությունների օրենսգիրքը, ամեն բան ի վերուստ ճշգրիտ հաշվարկված է: Հեռացողները ոտքները չպիտի կախ գցեն, արագ պիտի հեռանան, տեղ չկա, շատ ենք, կյանքը բոլորին չի հերիքում։ Ես էգ գայլի պես կապրեմ, հենց շարքից դուրս գամ` թող խեղդեն ինձ, բայց քանի հաշվի մեջ եմ` իմը պիտի վերցնեմ, ու` ոչ մի մեղքի զգացում, վերջ… (Կրծքին խփելով)։ Դուրս արի մեջիցս, դո՛ւրս, դո՛ւրս, իմ ներսում քեզ տեղ չկա, իմ ներսի ամբողջ տեղը կյանքինն է, անմնացորդ։ (Հայելուն😉 Ոչ էլ քիթս կվիրահատեմ, ով սիրելու է` այսպես կսիրի, կստիպեմ, որ սիրի, այո…

ԱՐՍԵՆ (գալով): Քույրի՞կ…

ԿԱՐԻՆԵ Ինչ անձայն ես քայլում, Արսեն։

ԱՐՍԵՆ Մերոնք ո՞ւր կորան:

ԿԱՐԻՆԵ Գնացին, Կարենը տարավ։ Նստիր։

ԱՐՍԵՆ Էս ձեր շունը մեղք ա, անդադար հաչում ա, ինչքան ես ծխեցի, նա էդքան հաչեց։ Չխմե՞նք մի հատ։

ԿԱՐԻՆԵ Խմիչքի նկատմամբ սեր ունես։ (Խմիչքը ցուցանելով)։ Լցրու։

ԱՐՍԵՆ (լցնելով): Ի՞նչ անեմ, կյանքը կորցրել ա իր հմայքը, ես էլ խմում եմ: Հմայքը գտնեմ` կթողնեմ։

ԿԱՐԻՆԵ Շատ ես ջահել, ե՞րբ հասցրիր կյանքից հիասթափվել։

ԱՐՍԵՆ Ջահելը կապ չունի, ապրածդ ա կարևոր, թեև ոմանց համար ապրածն էլ կապ չունի, հաստակաշի մարդկանց տեսակ կա, որոնց համար ոչինչ էլ կապ չունի, ճակատները դեմ տված` քշում են։ Ողջ լինենք, հայրիկին ողորմի, մեզ` ողջություն։ (Խմում է)։ Շան անունն ի՞նչ ա։

ԿԱՐԻՆԵ Զոմբի։

ԱՐՍԵՆ Զոմբի՞։ Բա ես ինչի՞ էի կարծում` Ջեկո, ասում եմ` Ջեկո, ավելի ա կատաղում։

ԿԱՐԻՆԵ Մարտական շուն է, հայրիկը Մոսկվայից բերեց։ Ընկերն էր նվիրել։ Հայաստանի չեմպիոն է մեր Զոմբին։

ԱՐՍԵՆ Էքստերյերո՞վ։

ԿԱՐԻՆԵ Շնամարտով։

ԱՐՍԵՆ Շնամարտի էր տանո՞ւմ… հայրիկը սադիստական մղումնե՞ր ուներ։

ԿԱՐԻՆԵ Սպորտաձև է, էլի, արտառոց բան չկա։ Ես էլ եմ գնացել մի երկու անգամ։

ԱՐՍԵՆ Եվ ի՞նչ, ծեծեցի՞ք հակառակորդին։

ԿԱՐԻՆԵ Բա ո՞նց, ես գոռում էի, հայրիկը գոռում էր` Զոմբի՛, խեղդի՛ր դրան…

ԱՐՍԵՆ Խեղդե՞ց…

ԿԱՐԻՆԵ Չէ, դատավորը չթողեց, բաժանեց։

ԱՐՍԵՆ Շնամարտի կտանե՞ս ինձ, գուցե էնտեղ գտնեմ կյանքի հմայքը։

ԿԱՐԻՆԵ Բայց քեզ ի՞նչ է եղել, ամեն ինչդ տեղը, ապրիր, սիրիր, սիրվիր…

ԱՐՍԵՆ Ախ, քույրիկ, եթե էդպես հեշտ լիներ…

ԿԱՐԻՆԵ Պատճառ կա՞։

ԱՐՍԵՆ (հիստերիկ): Մայրս պոռնիկ ա, պոռնիկ ա… Կներես, բայց չեմ դիմանում։ Ծնված օրից տղամարդիկ եմ տեսնում, մեկը չքվում ա` կարճ ժամանակ հետո մյուսն ա հայտնվում, մեկը չքվում ա` մյուսը հայտնվում… Երբ մենակ ա լինում` լրիվ ուրիշ մարդ ա` քնքուշ, հոգատար, բայց հենց տղամարդ ա հայտնվում հորիզոնում` կտրուկ փոխվում ա, ես արդեն չկամ, ավելորդություն եմ, ես խանգարում եմ նրան…

ԿԱՐԻՆԵ Խեղճ կին։

ԱՐՍԵՆ Ո՞վ ա խեղճ, էս ի՞նչ ես խոսում, խեղճը ես եմ։

ԿԱՐԻՆԵ Քեզ ի՞նչ է եղել, դուրս արի մամայի թևի տակից, երեխա չես, ի՞նչ ես նվնվում։

ԱՐՍԵՆ Հեշտ ես խոսում, ձայնդ տաք տեղից ա գալիս։ (Լցնելով բաժակը)։ Էհ, դու էլ ինձ չհասկացար, ինձ ոչ ոք չի հասկանում։

ԿԱՐԻՆԵ Ըհը, խմելու լավ առիթ է, չէ՞։

ԱՐՍԵՆ Հիմա էլ մի վրացու հետ ա ապրում, ամեն գիշեր ոտքերը լվանում ա. «Գոդերձիս հոգնած ա, ամբողջ օրը աշխատում ա մեզ համար…»։ Կարծես պատ ա շարում իրա Գոդերձին, բանդիտ ա, էլի, բազարում նալոգ հավաքող, հաշիշ ծախող, մարդ ծեծող… Ես վախենում եմ նրանից, խանդում ա ինձ, մտքին ինձ սպանելն ա, հա՛, կսպանի` աչքը չի թարթի, հարմար պահ ա սպասում։ Լավ ա, հայրիկը փող ա թողել, տուն կառնեմ… Գուցե Երևան տեղափոխվեմ։ Ի դեպ, չե՞ք ուզում ինձ մի քիչ շատ տալ, վնասի կոմպենսացիա, այսպես ասած։

ԿԱՐԻՆԵ Ի՞նչ վնաս…

ԱՐՍԵՆ Դե, որ անհայր եմ մեծացել… Իմ ու ձեր ապրածի մեջ մեծ տարբերություն կա։

ԿԱՐԻՆԵ Հայրիկը գրել է` հավասար։

ԱՐՍԵՆ Բա ձեր խի՞ղճը։ Ինձ չե՞ք խղճում, ձեր եղբայրն եմ, չէ՞, անհայր եմ մեծացել, չէ՞… (Բռնում է քրոջ ձեռքը)։

ԿԱՐԻՆԵ Կարենը ուշացավ… (Ազատում է ձեռքը)։

ԱՐՍԵՆ Իսկ ունեցվածքը ո՞նց ենք բաժանելու… մեքենան ինձ չե՞ք տա։

ԿԱՐԻՆԵ Քեզ միայն փող է թողել։

ԱՐՍԵՆ Չէ, ուշադիր չեք կարդացել, էնտեղ պարզ գրված ա. «Եղած-չեղածը արդար բաժանեք իրար մեջ, վստահում եմ»: Էդպես չի՞։

ԿԱՐԻՆԵ Ինձ ու Կարենին նկատի ուներ, քո անունը չկա։

ԱՐՍԵՆ Ձեր անունն էլ չկա, իրար մեջ ասելով` ինձ էլ ա նկատի ունեցել: Հաստատ ունեցել ա, վերջերս զանգում էր, հարցուփորձ անում։ Վերջին օրն էլ զանգեց: (Հեռախոսը ցույց տալով)։ Հրես, ամսաթիվը, ժամը… Երեկոյան վեցն անց երեսունմեկին… Հո սուտ չե՞մ ասում։ Հետաքրքիր ա, որ ձայնը շատ զվարթ էր, ասեց` լավ կլինի, չմտածես, շուտով կտեսնվենք։ Մարդը զվարթ ձայնով ասում ա` շուտով կտեսնվենք, ու գնում, իրան կամրջից գցում ա։ Տարօրինակ ա, չէ՞։

ԿԱՐԻՆԵ Բայց` փաստ։

ԱՐՍԵՆ Չէ, քույրիկս, ինչ-որ բան էն չի, հորաքույրը ճիշտ ասեց, հայրիկին ստիպել են ինքնասպանություն գործել, կամ էլ… կամ էլ սպանել են: Պետք ա բանկերում ստուգել, հնարավոր ա` գումարներ ա ունեցել, ստուգել ա պետք, ուրիշների փայ չդառնա։ Զարմանում եմ, դուք էնքան հանգիստ եք, կարծես հարցը հայրիկին չի վերաբերվում:

ԿԱՐԻՆԵ Վերջին ամիսներին շատ էր ընկճված… Սիրած կինը դավաճանել էր նրան:

ԱՐՍԵՆ Հայրիկն ուժեղ տղամարդ էր, կնոջ դավաճանության պատճառով ինքնասպան չէր լինի։

ԿԱՐԻՆԵԴո՞ւ ինչ գիտես, է՜…

ԱՐՍԵՆ Ինչի՞ չգիտեմ, ասում եմ` հանդիպել ենք, նստել… Չէ, «շերշե լյա ֆամ»-ը էս դեպքի համար չի, էստեղ փողի պրոբլեմ կա, ու մեծ փողի, պուճուրի համար չէին սպանի։ Հորաքույրը իզուր չէր կասկածում, փորձված կին ա։ Դուք ոնց կուզեք` ես վաղը ոստիկանություն եմ գնալու հորաքրոջս հետ։ (Խմելով)։ Ո՜ւ, թունդ ա, գլուխս պտտվեց… Էս ի՞նչ օղի ա։

ԿԱՐԻՆԵ Հոնի, հայրիկի համար գյուղից բերում էին։

ԱՐՍԵՆ Քույրիկ, ի՞նչ ծրագրեր ունեք։

ԿԱՐԻՆԵ Ի՞նչ ծրագիր…

ԱՐՍԵՆ Ինչո՞ւ վախեցար, քույրիկ ջան։ Գիտե՞ս, երբ վախենում ես, քիթդ մի տեսակ սրվում ա…

ԿԱՐԻՆԵ (մեքենաբար ձեռքը քթին տանելով): Քթիս հետ ի՞նչ գործ ունես… Իմ քիթն է, ում դուրը չի գալիս` թող իր քթին նայի:

ԱՐՍԵՆ Մի բարկացիր, քեզ չի սազում։ Ընդամենը երեկոյի մասին էի հարցնում, երեկոյան ի՞նչ ունենք անելու։

ԿԱՐԻՆԵ Երեկոյա՞ն… ի՞նչ պիտի… Կարենը կգա, կնստենք, հայրիկի ողորմաթասը կխմենք, կընթրենք…

ԱՐՍԵՆ Հա՞… դե, եթե դեմ չես, գնամ, մի քիչ հանգստանամ, դեմ չե՞ս։

ԿԱՐԻՆԵ Դեմ չեմ։

ԱՐՍԵՆ Մի հատ ծխեմ` գնամ։ Մոռացա, տանը ծխել չի կարելի։ Հայրիկի սենյակում էլ չի կարելի՞… Լավ, չեմ ծխի, բակ դուրս գալու հավես չկա։ (Գնալով)։ Ո՞վ կմտածեր` հայրիկի սենյակում եմ տեղավորվել, իսկ ինքը չկա արդեն: Գոնե հետը մի քիչ խոսեի… Էհ… (Գնում է)։

ԿԱՐԻՆԵ Այս տղան միամիտ չէ, ինչպես սկզբում էր թվում: Եկավ, վիզը ծուռ կանգնեց, խոսելիս էլ կարմրում էր, մտածեցի` իսկական գառնուկ է, մեղքս եկավ:  Հիմա արդեն ունեցվածք է կիսում, փողեր է փնտրում, ոստիկանություն է գնում: Չէ, Կարինե, միամիտը դու ես, ուրիշ միամիտ չի մնացել այս աշխարհում… Մայրիկին եմ քաշել։ Երբեմն ոնց որ երեխա լինեմ, ըհը` երեխա չլինեմ` այս տիկնիկները կպահե՞մ այսքան տարի… (Գալով հայելու առջև)։ Բայց արտաքինով մայրիկին նման չեմ, հորաքրոջն եմ նման: Ատում եմ նրան… Քիթս նույնիսկ նրա քթից մեծ է։ Բայց մաշկս լավն է, հարթ, ձիգ… ո՞վ ինձ երեսուն կտա… (Մեքենայի ձայնը լսելով)։ Եղբայրիկս եկավ: Խեղճ եղբայրիկ… Ասա` այ հորաքույր, հայ-հայդ գնացել` վայ-վայդ է մնացել, ի՞նչ ես խառնվել իրար, ոստիկանություն ես գնում, հետաքննություն ես պահանջում, ինչ է թե` եղբայրդ կտակի մեջ քեզ մոռացել է: Մոռացած չլիներ` հո չէի՞ր խառնվի իրար… Բայց քեզ էլ ի՞նչ է պետք այս աշխարհից, անկուշտ կին…

Գալիս է Կարենը։ Լուռ կանգնում է սենյակում:

ԿԱՐԻՆԵ Դե՞… խոսիր…

ԿԱՐԵՆ Լսած կա՞ս, թե ինչ չարագուշակ են ֆշշում գազի ծորակները, երբ կրակ չես տալիս… Չորսն իրար հետ` ֆշշշ… Կոբրայի պես: Ֆշշում են, ասում են` կրակ տուր, իսկ դու մոռանում ես կրակը դեմ անել, մարդ ես, հազար ու մի հոգս ունես, կարող ես մոռանալ, չէ՞… Մարդն առհասարակ մոռացկոտ արարած է։

ԿԱՐԻՆԵ Մոռացկոտ է։ Չե՞ն նկատի։

ԿԱՐԵՆ Շատ էին հոգնած, պառկեցին քնելու։

ԿԱՐԻՆԵ Ատոմը գիշերները ծխելու սովորություն չունի՞։

ԿԱՐԵՆ Ատոմը ծխող չի, Ատոմն իր առողջության մասին հոգում է… Ծիծաղելի ա, չէ՞… Առողջությանդ մասին տարիներով հոգում ես, բայց դուրս ես գալիս փողոց, ու հանկարծ սառույց ա ընկնում գլխիդ, ու առողջությունդ միանգամից դագաղն ա լցվում։ Նստեցինք, ես սուրճ խմեցի, իրանք` հանգստացնող կաթիլներ, հետո Ատոմը սկսեց հորանջել, հորաքույրը գնաց ննջարան` անկողինները բացեց, ես էլ սուրճիս բաժակը տարա խոհանոց, լույսերն անջատեցի, բարի գիշեր մաղթեցի ու դուրս եկա։ Ատոմը հետևիցս գոռաց` դուռն ուժեղ քաշի։ Երևի արդեն խռմփացնում են։

ԿԱՐԻՆԵ Շատ անխիղճ է խռմփացնում հորաքույրը, նրա կողքին քնել չի լինում, Ատոմը ո՞նց է դիմանում: Ասենք` Ատոմին հասնում է, մի բարի պտուղ չի, ղզիկ տղամարդ է, այդպիսի տղամարդկանց տանել չեմ կարողանում…

ԿԱՐԵՆ Զարմանալի ա, ինքը` գնդապետ, ամբողջ կյանքը բանակում հրամայել ա, բայց կնգա կոշիկի տակ ա ապրել: Փաստորեն, հորաքույրը զինվորների մուռը հանել ա։ (Սիգարետի տուփը հանելով)։ Վախենամ` հոգեկանս չդիմանա։

ԿԱՐԻՆԵ Ձիգ պահիր քեզ, դու թուլանացար` ես կորած եմ։ Մենք մեղք չունենք, մեզ այլընտրանք չթողնվեց։

ԿԱՐԵՆ Չթողնվեց… Ասա` այ պառավ, հանգիստ ապրի, էլի, ի՞նչ ես ամեն ինչի մեջ խցկվում: (Ծխում է)։

ԿԱՐԻՆԵ Հարևաններից տեսնող չեղա՞վ։

ԿԱՐԵՆ Չէ` ոնց որ։

ԿԱՐԻՆԵ Ոնց ո՞ր…

ԿԱՐԵՆ Ի՞նչ իմանամ… Էլ հարցեր մի տուր, ինչ եղավ` եղավ։ Էն հարբեցողը խմելու բան թողել ա՞ էս տանը։

ԿԱՐԻՆԵ Սենյակում մի ծխիր, Կարեն, չեմ տանում, գիտես։

ԿԱՐԵՆ Լավ, էլի, դրա ժամանակն ա՞։ (Խմում է)։ Ի դեպ, ո՞ւր ա մեր եղբայրիկը։

ԿԱՐԻՆԵ Լակեց, հիմա հանգստանում է հայրիկի սենյակում։

ԿԱՐԵՆ Նկատե՞լ ես, հայրիկի կոշիկներն էր հագել։

ԿԱՐԻՆԵ Հայրիկի սենյակի բոլոր գզրոցները քրքրել է, գանձ է որոնում թշվառականը, ճար ունենա` այս սենյակն էլ կխուզարկի։

ԿԱՐԵՆ Եվ էդ հարբեցողին մեզ հավասար փող ենք տալո՞ւ։

ԿԱՐԻՆԵ Եթե միայն փողը լիներ…

ԿԱՐԵՆ Էլ ի՞նչ։

ԿԱՐԻՆԵՈւնեցվածքը, մեքենան։

ԿԱՐԵՆ Մեքենա՞ն, ունեցվա՞ծքը… կատակո՞ւմ ես:

ԿԱՐԻՆԵ Աչքը վրան է։ Ասում է` հայրիկը գրել է` արդար բաժանեք իրար մեջ։

ԿԱՐԵՆ Հետո՞…

ԿԱՐԻՆԵ Հետո այն, որ ինքն էլ է կասկածում, ասում է` հորաքույրը ճիշտ է, սպանել են հայրիկին, փողի համար են սպանել։ Ինձ էլ կասկածով էր նայում: Մենակ տեսնեիր` ոնց էր խոսում հետս…

ԿԱՐԵՆ Սկզբում ոչխար էր ձևանում, մտածեցի` մեր հորի՞ց էլ էսքան հարիֆ տղա դուրս գա, պարզվեց` ոչխարի մորթու տակ շնագայլ է թաքնված։

ԿԱՐԻՆԵ Ասում է` հայրիկն ինձ զանգել է, նույն օրը, երեկոյան յոթին, ասել է` լավ եմ, շուտով կհանդիպենք, ո՞նց եղավ, որ անմիջապես գնաց, իրեն կամրջից գցեց։

ԿԱՐԵՆ Հնարում ա։

ԿԱՐԻՆԵՀեռախոսը ցույց տվեց, իսկապես զանգել է։

ԿԱՐԵՆ Չէի կարծում` էդքան սենտիմենտալ ա մեր պապան։

ԿԱՐԻՆԵ Ասում է` զարմանում եմ, որ այդքան անտարբեր եք, ես վաղը ոստիկանություն եմ գնալու հորաքրոջ հետ։

ԿԱՐԵՆ Մենակ էս էր պակաս։ (Խփելով տիկնիկներին)։ Դե, ռադ արա սրանց էստեղից, էլի։

ԿԱՐԻՆԵ Հիստերիայի ժամանակը չի։

ԿԱՐԵՆ Ես է՛լ չեմ կարողանա, հասկանո՞ւմ ես… Քո հերթն ա, մի բան մտածիր։

ԿԱՐԻՆԵ Մտածում եմ։

ԿԱՐԵՆ Մտածիր։ (Լսելով շան ոռնոցը)։ Շանն էլի մոռացանք կերակրել, լրիվ կատաղել ա, գնամ, ուտելու բան տամ։

ԿԱՐԻՆԵ Գնա… Բայց սպասիր, մի րոպե… Չկերակրես, հա՞, կապն արձակիր, արի։

ԿԱՐԵՆ Կա՞պը… Վախենամ` ուտի ինձ, մոտով անցա` ատամ ցույց տվեց։

ԿԱՐԻՆԵ Տանել չեմ կարող, երբ տղամարդը նվնվում է։ Ինքս կարձակեմ։

ԿԱՐԵՆ Բայց ինչի՞դ ա…

ԿԱՐԻՆԵ Խնդրում եմ, Կարեն, տանն այլևս չծխես։

ԿԱՐԵՆ Լավ, լավ, հանգցնում եմ… Հոգիս կերար: (Կարինեն դուրս է գալիս։ Շարունակելով ծխել)։ Գյուլլելու եմ Զոմբիին, չի մնալու։ (Տիկնիկներին.) Ձեզ էլ եմ վերացնելու էս տնից, սա իմ տունն ա, հասկացա՞ք, էդ բազմոցն էլ ա իմը։ (Խուսափում է հայելուց, բայց մի պահ նայում է, զարմացած)։ Նույն մարդն եմ ոնց որ… Կարե՛ն, է՛… Հա էլի, նույն Կարենն ա…

ԿԱՐԻՆԵ (գալով): Քիչ էր մնում` ձեռքերս ուտի: Սկզբում լիզում էր, հետո ատամներով բռնեց, նայեց աչքերիս, տեսնի` կթողնե՞մ` ուտի։

ԿԱՐԵՆ Ասում եմ, չէ՞, գիշատիչ գազան ա։ Էս ի՞նչ արնոտ բմբուլ ա շորիդ։

ԿԱՐԻՆԵ Աղավնու փետուր է։ Հայրիկի աղավնիներից մեկին մորթեցի։

ԿԱՐԵՆ Մորթեցի՞ր…

ԿԱՐԻՆԵ Մեկը պիտի՞ մորթեր։

ԿԱՐԵՆ Ինչի՞…

ԿԱՐԻՆԵ Զոմբին աղավնու մսի համար գժվում է, մի անգամ օդում բռնեց ու րոպեական խժռեց, փետուրներն էլ` հետը։

ԿԱՐԵՆ Իրան տվի՞ր։

ԿԱՐԻՆԵ Չէ, խոհանոցում է։

ԿԱՐԵՆ Վախեցնում ես…

ԿԱՐԻՆԵ Եղբորդ արթնացրու, քաղցած կլինի։ Բայց մինչև արթնացնելը աղավնու արյուն քսիր շորերին, չերևացող տեղերում։

ԿԱՐԵՆ Արո՞ւն…

ԿԱՐԻՆԵԱրյուն։

ԿԱՐԵՆ Նպատա՞կը…

ԿԱՐԻՆԵ Ասացի արդեն` Զոմբին կատաղում է արյան հոտից։ Գնա։ Բայց զգույշ, չնկատի։ Իսկ ես ընթրիք պատրաստեմ։ (Կարենի գնալուց հետո, անցնելով հայելու մոտով, նայելով իրեն)։ Ի՜նչ գեղեցիկ աղջիկ է… Այ քեզ զարմանք բան, րոպե առ րոպե գեղեցկանում եք, օրիորդ Կարինե։ (Սեղանին է դնում կերակուր, օղի, սպասք։)

Գալիս են Կարենն ու Արսենը:

ԿԱՐԻՆԵ Լավ հանգստացա՞ր։

ԱՐՍԵՆ Գլուխս պայթում ա։ Ցուրտ ա, հա՞։

ԿԱՐԻՆԵ Խմիր, կլավանաս։

ԱՐՍԵՆ Գիտի, է՜։

ԿԱՐԻՆԵ Նստեք։ Կարեն, լցրու բաժակները, հայրիկի ողորմաթասը խմենք նորից։

Կարենը լցնում է, խմում են:

ԱՐՍԵՆ Ես մի հատ էլ խմեմ, էլի։ (Խմում է)։

ԿԱՐԻՆԵ Խմի, ինչքան ուզում ես, մենակ թե չվնասի։

ԿԱՐԵՆ Կյանքն ա վնասում, օղին դարմանում ա։

ԱՐՍԵՆ Էհ, ինչ հայրիկին պակասեց, թող մեզ ավելանա, երեքիս վրա, հավասար-հավասար, իր ուզածի պես։ (Խմում է)։ Կարծես թե խելքի եմ գալիս։

ԿԱՐԻՆԵ (Կարենին): Պատկերացնո՞ւմ ես, Արսենն ասում է` հայրիկը այդ երեկո զանգել է իրեն։

ԿԱՐԵՆ Իսկապե՞ս։

ԱՐՍԵՆ Բա հո սուտ չե՞մ խոսում։ Վաղը գնալու եմ ոստիկանություն։

ԿԱՐԵՆ Հա, գնա, անպայման գնա: Հորաքրոջ հետ գնա, նա էլ ա կասկածում։

ԱՐՍԵՆ Զարմանալի է, որ դուք չեք կասկածում։

ԿԱՐԻՆԵ Արդեն կասկածում ենք։

ԱՐՍԵՆ Կգա՞ք հետս։

ԿԱՐԵՆ Ոչ միայն կգանք, այլև կտանենք։

ԱՐՍԵՆ Հայրիկի մեքենայո՞վ։

ԿԱՐԵՆ Ըհը։

ԱՐՍԵՆ Կարեն, հայրիկի մեքենան ինձ տվեք, էլի, նստեմ, քշեմ Թիֆլիս: Պատկերացնում եմ մերոնց սֆաթները, երբ ինձ տեսնեն ԲՄՎ-ի ղեկին… Չեք տա՞։

ԿԱՐԵՆ Ինչի՞ չէ, կարող ա տանք։

ԱՐՍԵՆ Հա՞… Ես էլ մտածում էի` չսիրեցին ինձ քույրս ու եղբայրս, պարզվում ա` ես եմ վատը: Հաճախ եմ մտածում, որ ես վատն եմ, բայց ներսում մի ուրիշ Արսեն ասում ա` չէ, էդպես չի, ուրիշներից ոչ լավն ես, ոչ վատը, դու չես կարող լավը լինել, երբ աշխարհը լավը չի, էնպես որ` մեղքի զգացումը թող իզուր չտանջի քեզ։ Բայց մեղքի զգացումը էլի տանջում ա, միշտ չէ, բայց… պատահում ա։ Ի՞նչ բան ա էդ մեղքի զգացում ասվածը… Շատ եմ մտածում դրա մասին, բայց գլուխ չեմ հանում։ Գուցե դո՞ւք ինձ ասեք…

ԿԱՐԵՆ Դու կեր, Արսեն, խմում ես` չես ուտում, մարմնիդ դեմ մեղք ես գործում, կտանջի մեղքի զգացումը, բա ի՞նչ կանի։

ԱՐՍԵՆ Կատակում եք, էլի, ես լուրջ բան եմ ասում… Ինձ լուրջ չեք ընդունում, չէ՞։

ԿԱՐԻՆԵ Շատ էլ լուրջ ենք ընդունում, չես էլ պատկերացնում` ինչքան լուրջ։ Կեր, հայրիկի սիրած երշիկն է, չոր ապխտած, վերցրու… Կեր, հետո կխոսենք։

ԱՐՍԵՆ Կվերցնեմ, քույր, դու մի անհանգստանա։ (Ուտում է)։

ԿԱՐԻՆԵ Վաղը ճաշին ի՞նչ պատրաստեմ քեզ համար, ի՞նչ ես սիրում։

ԱՐՍԵՆ Խինկալի։

ԿԱՐԻՆԵ Խինկալին ձեր տանը կուտես, կարգին բան ուզի։

ԱՐՍԵՆ Գիտե՞ք, վերևում պառկած` երկար մտածում էի…

ԿԱՐԵՆ Դու էլ քիչ մտածի, էլի, ո՞վ ա հետևիցդ ընկել։

ԱՐՍԵՆՉէ, Կարեն, սա լուրջ հարց ա։ Ես երևի էլ տուն չգնամ։ Ի՞նչ եմ կորցրել օտար երկրում, շատ էլ` ծննդավայրս ա: Դուք չեք պատկերացնում, թե վրացիք ինչ շովինիստ են… էստեղ կմնամ, ձեր կողքին, հա, լուրջ եմ ասում, իմ արև, վաղը-մյուս օր էլ թե կռիվ եղավ` կգնամ, կկռվեմ հանուն հայրենիքի: Հայրենիքի հերոս լինելը լավ բան ա, վեհ բան ա, չէ՞։

ԿԱՐԵՆ Բա ո՞նց, շքանշան կտան, կարող ա` դպրոց կոչեն քո անունով… կանմահանաս հետմահու, եղբայր։

ԿԱՐԻՆԵ Մնա, իհարկե, գնում ես` ի՞նչ անես, մենք չենք էլ թողնի` դու գնաս։ (Լցնում է բաժակները)։

ԱՐՍԵՆ Մեռնեմ սրտիդ, քույրիկս։ Թե չէ էդ անասունն ինձ կսպանի, հաստատ, ամեն օր երազում տեսնում եմ` ոնց ա դանակը խրում կոկորդս։ Բա, էսպես բաներ, հարազատներս։ Ողջ լինենք։ (Խմում է)։ Մի հատ էլ ծխեմ… (Հանում է տուփը)։

ԿԱՐԻՆԵ Բայց` բակում, Արսեն ջան, խնդրում եմ։

ԱՐՍԵՆ Գիտեմ, գիտեմ, մի խնդրի։ Կարեն, չե՞ս գալիս` ծխենք։

ԿԱՐԵՆ Քիչ առաջ ծխեցի:

ԱՐՍԵՆ Գոնե արի, կողքիս կանգնի` խոսենք։

ԿԱՐԵՆ Դու գնա… կգամ։

ԱՐՍԵՆ (գնալով): Առանց ինձ չխմեք։ (Գնում է)։

ԿԱՐԻՆԵ (Կարենին): Դուռը ետևից կողպիր։

Կարենը դուրս է գալիս:

ԿԱՐԵՆ (վերադառնալով): Կողպեցի։

Սպասում են։ Լսվում է Զոմբիի մռնչյունը, Արսենի աղեկտուր գոռոցները:

ԿԱՐԻՆԵ Մի դողա։

ԿԱՐԵՆ Չեմ դողում։

Մոտենում են պատուհանին։ Նույն պահին Արսենը կառչում է ճաղերից, գոռում, բայց շունը նրան ետ է քաշում:

ԿԱՐԵՆ (Արսենին): Վայ քու… Բայց մենք ոչինչ չենք կարող անել, Արսեն եղբայր, շունը կատաղել ա…

ԿԱՐԻՆԵ Քրքրում է խեղճին… Վայ, վայ, վայ…

ԿԱՐԵՆ (Արսենին): Ես ի՞նչ անեմ, ես վախենում եմ էդ գազանից։

ԿԱՐԻՆԵ Ես էլ… Լրիվ կատաղել է… Գցեց գետին…

ԿԱՐԵՆ Բուկը բռնեց…

ԿԱՐԻՆԵ Ախր, Զոմբին միայն հայրիկին է լսում: Մի անգամ զբոսայգում ահռելի կովկասյան գամփռի կոկորդից բռնեց, գամփռն արդեն խռխռացնում էր, հայրիկը չհասներ` խեղդելու էր…

ԿԱՐԵՆ Էլ չի շարժվում ոնց որ…

ԿԱՐԻՆԵ Ախ, եղբայրիկ, ախ, խեղճիկ… Ոստիկանությունն ի՞նչ եղավ, է՜։

ԿԱՐԵՆ Կանչե՞լ ես։

ԿԱՐԻՆԵ Ես էլ կարծեցի` դու ես կանչել։ Ի՞նչ ենք կարկամել, զանգել է պետք։

ԿԱՐԵՆ Համոզվա՞ծ ես։

ԿԱՐԻՆԵ Չի շարժվում խեղճը, արյունը լիճ դարձավ, երակները քրքրել է գազանը։ (Հեռախոսով)։ Ոստիկանությո՞ւնն է։ Շուտ հասեք, աղաչում եմ, շունը կատաղել է,  եղբորս գզում է… Մե՞նք… Փորձեցինք, բայց մոտենալ չի լինում… Բակում, մեր բակում… Ասում եմ` կատաղել է… Այո… Խնդրում եմ, արագ… Այո, այո… (Կարենին.) Գալիս են։

ԿԱՐԵՆ (պատուհանից նայելով): Ինչ տարօրինակ ա… Նստել ա կողքին` ոռնում ա, դեմքն ա լիզում…

ԿԱՐԻՆԵ Ոնց որ ներողություն խնդրի… Զոմբի, Զոմբի, սիրելիս…

ԿԱՐԵՆ Կամաց, անունը մի տուր… Եկավ մեր կողմը։ (Շանը.) Գնա էստեղից, գնա…

Շունը թռնում է պատուհանի վրա, Կարենը և Կարինեն ճչոցով ետ են քաշվում:

ԿԱՐԻՆԵ Ինչ լավ է, որ պատուհանները ճաղապատ են։ (Կարենին, որ ծխում է)։ Ինձ էլ տուր։

Ծխում են:

ԿԱՐԵՆ Հարևանները տեսած չլինեն։

ԿԱՐԻՆԵ Տեսնում են` տեսնեն։ Շունը կատաղել է, շների հետ պատահում է, մենք մեղք չունենք։ (Դռան զանգ)։ Ես կբացեմ։ (Իրեն կարգի բերելով գնում է, ոստիկանի հետ վերադառնում)։

ՈՍՏԻԿԱՆ Ո՞ւր է պատահարը։

ԿԱՐԻՆԵ (սեթևեթանքով, պատուհանից ցույց տալով): Հրեն, պարոն ոստիկան։ Այնքան սարսափելի է, այնքան սարսափելի… Աստված իմ, ես նման բան չէի տեսել…

ՈՍՏԻԿԱՆ Է՜, սա ի՞նչ է, էնպես բաներ եմ տեսել… (Նայելով պատուհանից)։ Էս արնախում գազանին ինչի՞ եք պահում, սա մարդ կուտի` օֆ չի անի: Հրեն, արդեն կերել է։

ԿԱՐԻՆԵ Հայրիկի շունն է, հայրիկը շատ էր սիրում, Մոսկվայից էր բերել… Տիրոջ կորուստը չտարավ, կատաղեց խեղճը։

ՈՍՏԻԿԱՆ Շատ խեղճ է։ Շտապօգնություն զանգե՞լ եք։

ԿԱՐԻՆԵ Ոչ… Ի՞նչ իմաստ, քանի շունը բակում է, այնտեղ մտնել չի լինի։

ՈՍՏԻԿԱՆ Շանը բակից կհանենք` մեղմ ասած։ Մի խոսքով` խփել է պետք շանը։ Դուք զանգեք շտապօգնություն, սրա հարցը ես կլուծեմ։

ԿԱՐԻՆԵ Մեղք է…

ՈՍՏԻԿԱՆ Ուրիշ ճար չկա։ Մարդ է սպանել, հասկանո՞ւմ եք, աղջիկ ջան։

ԿԱՐԻՆԵ Հասկանում եմ։

ՈՍՏԻԿԱՆ Մի րոպե, բայց ո՞նց եմ խփում, կարաբին չեմ բերել: Զանգեմ` ուղարկեն։ Կարո՞ղ ա` տանը հրացան ունենաք։

ԿԱՐԻՆԵ Կա ոնց որ… Հա՞, Կարեն… Չկա՞…

ԿԱՐԵՆ Կա, հայրիկի որսորդական հրացանը։

ՈՍՏԻԿԱՆ Բերեք` տեսնեմ։ Շտապօգնություն զանգեցի՞ք։

ԿԱՐԵՆ (դուրս գալով): Հիմա կզանգեմ։

ԿԱՐԻՆԵ Խեղճ Արսեն… Չեք պատկերացնում մեր վիճակը, պարոն ոստիկան, ահավոր էր, սարսափ… Գոռում ենք` օգնությո՜ւն, բայց ո՞վ մոտիկ կգա… Միայն հորս էր ենթարկվում: Հորս այսօր ենք թաղել…

ՈՍՏԻԿԱՆ (համբուրելով Կարինեի ձեռքը): Խորապես ցավակցում եմ:

ԿԱՐԻՆԵ Զգացված եմ։ Փորձանք փորձանքի վրա եկավ:

ՈՍՏԻԿԱՆ Փաստորեն, տիրոջ դարդից կապը պոկել է անասունը… Մի րոպե, բա ձեր եղբորը չէ՞ր ճանաչում։

ԿԱՐԻՆԵ Նա մեզ հետ չի ապրում, Թիֆլիսից է, համ էլ, շունը լրիվ կատաղել էր, փորձեցինք մոտենալ` հարձակվեց մեզ վրա, հազիվ փախանք: Ի՞նչ անեինք… Անմիջապես զանգեցինք ձեզ։

ՈՍՏԻԿԱՆ Ճիշտ եք արել։

ԿԱՐԻՆԵ Կկարողանա՞ք…

ՈՍՏԻԿԱՆ Դա իմ պարտքն է։

ԿԱՐԻՆԵ Իսկ կարո՞ղ եք այնպես, որ չտանջվի խեղճը… Խնդրում եմ ձեզ, պարոն ոստիկան, կենդանին մեղք չունի…

ՈՍՏԻԿԱՆ Հանգիստ եղեք, քույրիկ ջան, ձեր ուզածի պես կանեմ։ Ի՜նչ ծանր եք շնչում։

ԿԱՐԻՆԵ Ախ, բա ի՞նչ անի իմ սրտիկը… Աղջկա սիրտ է, նուրբ է, գիտեք…

Կարենը բերում է հրացանը:

ՈՍՏԻԿԱՆ (վերցնելով հրացանը): Լավ զենք է։

ԿԱՐԵՆ Հոլանդական ա, հինգ կրականի, մի փողը` կարաբին։

ՈՍՏԻԿԱՆ Տեսնում եմ։ Փամփուշտները։

ԿԱՐԵՆ Խնդրեմ։ Հայրիկը վարազի որսի էր գնում սրանով։

ԿԱՐԻՆԵԻնձ էլ է տարել մի քանի անգամ, կրակել էր սովորեցնում… Ախ, հայրիկ, հայրիկ…

ՈՍՏԻԿԱՆ (փամփուշտ դնելով): Պատուհանը բացեք։ (Նշան բռնելով)։ Վարազը` վարազ, բայց շունն էլ` շուն։ (Կրակում է)։ Չկպավ… Խամ զենքն էս է, էլի… մի քիչ աջ է քաշում, պիտի մի քիչ ձախ պահեմ… (Նորից է կրակում)։ Ըհը, կպավ։

Շան կաղկանձ:

ԿԱՐԵՆ Վիրավոր ա։

ԿԱՐԻՆԵ (ականջները փակած, հիստերիկ): Լռեցրեք, մեղք է շունը…

ՈՍՏԻԿԱՆ (կրակում է): Չկպավ կարծես… Շարժվեց վերջին պահին… Ասա` ուր ես շարժվում, հանգիստ կանգնի, էլի, վերջ-առաջ` խփելու եմ։

ԿԱՐԻՆԵ (շան կաղկանձից այլայլված): Ինձ տվեք։ (Խլում է հրացանը, նշան բռնում, կրակում է)։ Վերջ։

ՈՍՏԻԿԱՆ Ճիշտ որ…

Ոստիկանն ու Կարենը դուրս են գալիս։ Կարինեն նայում է հայելու մեջ: Շտապօգնության ձայնը:

ԿԱՐԻՆԵ (ներս մտնող Կարենին): Զոմբին…

ԿԱՐԵՆ Գանգի կեսը ցրել ես։

ԿԱՐԻՆԵ Կների՞ ինձ, ի՞նչ ես կարծում։

ԿԱՐԵՆ Մոռացիր Զոմբիին, Զոմբին չկա, արնաշաղախ լեշ ա։

ԿԱՐԻՆԵ Գիտե՞ս, այն գամփռին իմ պատճառով էր խեղդում, ինձ էր պաշտպանում:

ՈՍՏԻԿԱՆ (գալով): Տարան։

ԿԱՐԻՆԵ Կփրկե՞ն մեր եղբորը, պարոն ոստիկան։

ՈՍՏԻԿԱՆ Ցավոք, ոչ։

ԿԱՐԻՆԵ (ճչում է): Վախ, եղբայրս… (Հեկեկում է)։

ՈՍՏԻԿԱՆ Ընդունեք խորին ցավակցությունս: (Համբուրում է Կարինեի ձեռքը)։

ԿԱՐԻՆԵ Շնորհակալ եմ։ Դուք չլինեիք… մեզ լրիվ կորցրել էինք…          

ՈՍՏԻԿԱՆ Մեր պարտքն է։ (Կարենի ձեռքը սեղմելով)։ Ցավակցում եմ։ Դե, ես գնամ։ Արձանագրությունը կազմենք` կկանչեմ, անձամբ։ Ցտեսություն։

ԿԱՐԻՆԵ Ցտեսություն։ (Ձեռքը քնքշորեն մեկնում է: Ոստիկանը համբուրում է Կարինեի ձեռքը, գնում է)։ Շանը տարա՞ն։

ԿԱՐԵՆ Ո՞վ պիտի տաներ:

ԿԱՐԻՆԵ Շանը թաղել է պետք։

ԿԱՐԵՆ Հիմա դու շան մասի՞ն ես մտածում։

ԿԱՐԻՆԵ Մեր շունն էր, Կարեն։

ԿԱՐԵՆ Սենտիմենտալ դարձար, քույրիկ։

ԿԱՐԻՆԵ (զանգում է, երկար պահում): Չեն պատասխանում։

ԿԱՐԵՆՈ՞վ։

ԿԱՐԻՆԵ Հորաքույրը։ (Նորից է զանգում)։ Չէ, չեն պատասխանում։

ԿԱՐԵՆ Շունչս կտրվում ա էս տանը… Չեմ դիմանում։ Ես դուրս գամ…

ԿԱՐԻՆԵ Ինձ մենակ ես թողնո՞ւմ…

ԿԱՐԵՆ Դու էլ արի… Չէ, դու մի արի։ (Դռան զանգ)։ Է՞ս ով ա էս ժամին…

ԿԱՐԻՆԵ Մի սարսափիր, դուռ է` զանգում են: Գնա` տես։

ԿԱՐԵՆ Դո՛ւ գնա։

Կարինեն գնում, վերադառնում է Վաղարշակի հետ:

ԿԱՐԵՆ Ո՞վ ա…

ՎԱՂԱՐՇԱԿ Ես եմ, Վաղարշակն եմ։

ԿԱՐԵՆ Ի՞նչ ես ուզում… Ո՞վ ես…

ՎԱՂԱՐՇԱԿ Ասեցի, Վաղարշակն եմ։ Շատ բան չի ուզածս:

ԿԱՐԻՆԵ (Կարենին): Մանր ունե՞ս։

ԿԱՐԵՆ Կա ոնց որ… հիմա… Բայց սրա ժամանակն ա՞…

ՎԱՂԱՐՇԱԿ Ինձ մանր պետք չի։ Թեև անտուն եմ ու անփող, բայց ձեր իմացածներից չեմ, ես նախկին ինժեներ եմ, հարգված ընտանիքի զավակ։

ԿԱՐԵՆ Բա քեզ ի՞նչ ա պետք։

ՎԱՂԱՐՇԱԿ Ինձ հետ դուք-ով խոսեք, հա՞։

ԿԱՐԻՆԵ (զսպելով եղբոր պոռթկումը): Ձեզ ի՞նչ է պետք, Վաղարշակ։

ՎԱՂԱՐՇԱԿ Թույլ կտա՞ք նստեմ։

ԿԱՐԻՆԵ Նստեք։ Խմեք մի բաժակ, մեր հայրիկի ողորմաթասը։ Այսօր թաղեցինք։

ՎԱՂԱՐՇԱԿ Ողորմի։ (Խմում է)։

ԿԱՐԵՆ Մի բան կեր վրից, Վաղարշակ։

ՎԱՂԱՐՇԱԿ (ուղղելով): Մի բան կերեք։

ԿԱՐԵՆ Լսի, է՛…

ԿԱՐԻՆԵ Սպասիր, Կարեն։ (Վաղարշակին.) Մի բան կերեք։

ՎԱՂԱՐՇԱԿ Շնորհակալ եմ, քաղցած չեմ։ (Ուտում է)։

ԿԱՐԵՆ Ուզածդ… Ձեր ուզածն ի՞նչ ա։

ՎԱՂԱՐՇԱԿ Շատ չի, ես աչքածակ մարդ չեմ, մի տասը հազարը լիուլի է։

ԿԱՐԵՆ Մեր հաշվին ռեստորան եք ուզում գնա՞լ, հարգելիս։

ԿԱՐԻՆԵ Բեր տանք, Կարեն, հանուն մեր հոր հիշատակի։

ԿԱՐԵՆ Ի՛…

ԿԱՐԻՆԵ Ե՛ս կտամ։ (Պայուսակն է փնտրում)։

ՎԱՂԱՐՇԱԿ Ինձ ճիշտ չհասկացաք, խոսքը տասը հազար դոլարի մասին է։

ԿԱՐԵՆ Ի՞նչ։

ԿԱՐԻՆԵ Հոգեբուժարանի՞ց եք փախել։

ՎԱՂԱՐՇԱԿ Հոգեբուժարանում եղել եմ, այո, բայց դա վաղուց էր, չորս տարի առաջ, ու չեմ փախել, դուրս են գրել, որովհետև առողջ էի, ինձ այնտեղ խցկել էին,  ուզում էին լիկվիդացնել, բայց չհաջողվեց, իրենք վերացան, այդպես է` ինձ հակառակվելը լավ բանի չի հասցնում, ես պահապան հրեշտակ ունեմ, ասեմ` իմացեք։

ԿԱՐԵՆ Լավ չի աշխատում հրեշտակդ, Վաղարշակ, գցել ա փողոցները…

ՎԱՂԱՐՇԱԿ Լռեք, դուք ոչինչ չեք հասկանում, դուք կոպիտ մատերիայի միջով եք տեսնում ամենայն բան: Եթե գցել է փողոց, ուրեմն` այդպես է պետք, հակառակ դեպքում ավելի վատ կլիներ, գուցե այն տանը, որտեղ մնալու էի` գազի արտահոսք էր լինելու կամ տանիքը փլվելու էր գլխիս… Լավ, չերկարացնեմ, հոգնեցի, մեկ է` դուք սա չեք հասկանա, կարճ ասած` տասը հազար դոլար, սա իմ լռության գինն է։

ԿԱՐԻՆԵ Լռությա՞ն…

ՎԱՂԱՐՇԱԿ Այո։ Երկու օր առաջ, գիշերով, կամրջի վրա նստած ծխում էի, աստղերին էի նայում, եթե նկատել եք` աստղային երկինք էր։ Ասենք` նկատած չեք լինի, դուք հույժ կարևոր գործով էիք այնտեղ, և, առհասարակ, դուք աստղերին նայող տեսակ չեք։ Հա, միանգամից ասեմ, չփորձեք ինձ վերացնել, ես միամիտ չեմ, կինս սպասում է, եթե մեկ ժամից չգնացի, նա կգնա ոստիկանություն։

ԿԱՐԵՆ Պարզ խոսի, այ բոմժ, ի՞նչ ես կողքերը ֆռֆռում։

ՎԱՂԱՐՇԱԿ Դուք ձեզ կոռեկտ պահեք, թե չէ փողից կհրաժարվեմ, ու ձեզ համար վատ կլինի, շատ վատ։

ԿԱՐԻՆԵ Սպասիր, Կարեն։ (Վաղարշակին.) Շարունակեք, լսում ենք։

ՎԱՂԱՐՇԱԿ Մի խոսքով, ամեն բան տեսա, մեքենայի համարն էլ տեսա ու գտա ձեզ: Իմ լռությունը շատ չեմ գնահատում, ագահ մարդ չեմ, ընդամենը` տասը հազար։ Եվ մի ձգձգեք, ասեմ, որ ձեզ հետ շփվելն ինձ առանձնապես հաճույք չի պատճառում ու պատիվ էլ չի բերում։

ԿԱՐԵՆ Այ թե ինչ… Լավ, լավ… Ի՞նչ արած, հիմա կբերեմ ձեր փողը, հարգարժան պարոն, հիմա… Ձեր բախտից` տանը էդքան կա։

ՎԱՂԱՐՇԱԿ Ձե՛ր բախտից։

ԿԱՐԵՆ Թող էդպես լինի, չվիճենք։ (Անցնում է Վաղարշակի ետևը, բուխարու մոտից վերցնում է երկաթյա խառնիչը, թիկունքից հարվածում է նրա գլխին)։ Ա՛ռ քեզ, ա՛ռ, կե՛ր, կե՛ր, սոված շուն… Ում ալարը չի գալի` փող ա ուզում, կարծես փողը բոլորի համար ա։ Փողը ամեն մարդու բան չի, փողը հատուկ մարդկանց համար ա, էղա՞վ, էղա՞վ…

ԿԱՐԻՆԵ Հերիք է, Կարեն…

ԿԱՐԵՆ (դադարելով խփել): Վախացնում ա բոմժը` «կինս կգնա ոստիկանություն»: Թե քեզ որտեղի՞ց կնիկ, այ հոգնած…

ԿԱՐԻՆԵ Հերիք է, չորս կողմն արյուն արեցիր։

ԿԱՐԵՆ Բռնի` սենյակից հանենք։ Կփաթաթենք սավանի մեջ, կտանենք, կգցենք կամուրջից, մեր հորից լավը չի։

Քաշելով հանում են սենյակից դիակը, վերադառնում են:

ԿԱՐԵՆ Մի քանի ժամ սպասենք, փողոցները դատարկվեն` տանենք, ռադ անենք։ Արյան հետքերը մաքրի։

ԿԱՐԻՆԵ Իսկ եթե իսկապես կին ունի՞… Վախենում եմ` սրան վերջ չլինի, Կարեն։

ԿԱՐԵՆ Կլինի, չվախես, քույրիկս։ Բեր` խմենք… (Լցնում է բաժակները)։

ԿԱՐԻՆԵ (Կարինեն հպանցիկ, վախվորած նայում է հայելուն): Խմենք։ (Խմում են)։

ԿԱՐԵՆ (սիգարետ է հանում): Ծխի։

ԿԱՐԻՆԵ Մի բան խնդրեմ` բոլոր դռները պինդ կողպի, հա՞։

ԿԱՐԵՆ Կողպել եմ։

ԿԱՐԻՆԵՍտուգիր, խնդրում եմ։ (Գնացող եղբորը)։ Կարեն, գրկիր ինձ։

Կարենը գրկում է քրոջը, գնում է դռների փակերն ստուգելու:

ԿԱՐԻՆԵ Ցուրտ է… (Ծխում, մոտենում է հայելուն)։

ԿԱՐԵՆ (գալով): Փակ են դռները։

ԿԱՐԻՆԵ (հայելուն): Ասա, ո՞վ կա ինձնից սիրուն։ Ասա, ո՞վ կա ինձնից սիրուն։ Ասա, ո՞վ կա ինձնից սիրուն… Ասա, ասա… (Բուխարու խառնիչով հարվածում է հայելուն, փշրում)։

ԿԱՐԵՆ Քույրիկ…

ԿԱՐԻՆԵ Հիմա կանցնի, հիմա… Մեզ թուլանալ չի կարելի։ Հիմա կանցնի… (Ծխում է)։ Խնդրում եմ, գնա, տես` մեռա՞ծ է։

ԿԱՐԵՆ Մեռած ա։

ԿԱՐԻՆԵ Խնդրում եմ…

ԿԱՐԵՆ Լավ։ (Գնում է, քիչ անց գալիս է)։ Մեռած ա։

ԿԱՐԻՆԵ Ես անդադար մտածում եմ` հնարավո՞ր է, որ հայրիկը մեռած չէր, երբ նրան… գցեցինք։

ԿԱՐԵՆ Մեռած էր, զարկերակը մի քանի անգամ շոշափեցի` չէր խփում, շնչառությունն էլ լսեցի` չէր շնչում…

ԿԱՐԻՆԵ Երբ մեքենայից հանում էինք, ինձ թվաց` շարժվում է…

ԿԱՐԵՆ Մի սևեռվի, աշխատի չմտածել էդ մասին։

ԿԱՐԻՆԵ Բուխարին չե՞ս վառի, մրսում եմ։

ԿԱՐԵՆ Վառեմ։ (Վառում է բուխարին)։

ԿԱՐԻՆԵ (ճչում է): Սենյակում ինչ-որ մեկը կա… Հրեն… Շունը։

ԿԱՐԵՆ Ի՞նչ շուն…

ԿԱՐԻՆԵ Զոմբին է… խոհանոցի դեմով անցավ…

ԿԱՐԵՆ (լցնելով բաժակը): Մի հատ էլ խմի։

ԿԱՐԻՆԵ Էն կողմ տար… (Հրում, գցում է բաժակը)։ Բազմոցի տակ չես նայի՞, ոնց որ այնտեղ մտավ։

ԿԱՐԵՆ (նայելով): Ոչ ոք չկա, արի, ինքդ տես։

ԿԱՐԻՆԵ Չէ… Ուրիշ տեղ մտավ երևի… Վախենում եմ, Կարեն, ցերեկով չէի վախենում, հիմա վախը մտել է մեջս, վախենում եմ։ (Անորոշ մեկին)։ Բայց մենք մեղք չունենք: Մենք մեղք չունենք, նախախնամությունն է, մեր ձեռքով արեց, Նա չուզեր` չէր լինի։

ԿԱՐԵՆ Ուշքի արի, եթե անդադար արդարանալու ուղիներ փնտրենք` չենք պրծնի։ Ի՞նչ արդարանալ, ո՞ւմ առաջ… Պետք է ասել` արե՞լ ենք, լա՛վ ենք արել, վե՛րջ, էսպես ստացվեց, ձեր սարքած աշխարհն ա, ձեր սարքած մարդը, ի՞նչ եք տվել, որ ինչ պահանջեք։ Վե՛րջ, վե՛րջ։ (Տիկնիկներին, նյարդային.) Ու հերիք էդպես նայեք… սրանց վառելու եմ:

ԿԱՐԻՆԵՎառիր, հենց հիմա։

Կարենը երկուսը գցում է կրակը, մեկը տալիս է Կարինեին:

ԿԱՐԻՆԵ (տիկնիկը գցելով բուխարին): Ի՞նչ են տվել, որ ինչ պահանջեն։

ԿԱՐԵՆ Բաժակները լցրու։

ԿԱՐԻՆԵ Ձեռքերս դողում են։

ԿԱՐԵՆ (լցնելով օղին): Ե՛ս կլցնեմ, դու երաժշտություն միացրու։ Ու էլ ոչ մի դողալ, լսո՞ւմ ես։

ԿԱՐԻՆԵ (միացնելով ձայնարկիչը): Այո, ոչ մի դողալ։

ԿԱՐԵՆ Վերցրու բաժակը… Էլ չես դողում, չէ՞…

ԿԱՐԻՆԵ Չեմ դողում։ Վե՛րջ։

ԿԱՐԵՆ Հրաշալի է։ Ապրելո՛ւ ենք, լա՛վ էլ ապրելու ենք, բոլորի հետ, բոլորի կողքին… Ոչ ոք մեզնից լավը չի, պարզապես ոմանց բախտը չի բերում։ Է՛, եթե չի բերում` մե՞նք ինչ անենք… մենք մեղք ունե՞նք…

ԿԱՐԻՆԵ Չունե՛նք։

ԿԱՐԵՆ Ուրեմն, ողջ լինենք, քույրիկս, կենա՛ցդ։

ԿԱՐԻՆԵ Կենա՛ցդ, եղբայրս։

Խմում են: Կարենը բարձրացնում է երաժշտության ձայնը։ Պարում են:                             

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։