ԲԱՑ ԾՈՎ/Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Առանց ժամանակակից դրամատրգիայի չի կարող զարգանալ հայ թատերական ﬕտքը:
Գործող անձինք
ԱՆՆԱ – 30 տարեկան գեղեցիկ կին
ՀԱՅԿ – Աննայի ամուսինը
ԱՐԱՄ — Աննայի սիրեկանը
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ – իսկական ծովագայլ
ԱԼԵՔՍԱՆԴՐ – նավաստի
ՄԱՐԻԱՄ – կին, որ կորցրել է ամեն ինչ
ՄԱՏՈՒՑՈՂ – անորոշ տարիքի տղամարդ
ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ – անհաջողակ, իր գործից չհասկացող մարդ
Տարբեր ձայներ, որոնց տերերը չեն երևում
ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Առաջին պատկեր
Բեմը հիշեցնում է նավ—սրճարան: Պատուհանները կլոր են, առաստաղից իջնում են պարաններ և մի առագաստ: Բեմի ետնամասում՝ բար, պատուհանի մոտ՝ սեղաններ, աթոռներ, դաշնամուր: Պատից կախված է հին ատրճանակ:
Սեղանի մոտ նստած են Արամը և Աննան:
ԱՆՆԱ – (հորանջում, նայում է չորս կողմը): Ձանձրալի է: (Դադար🙂 Ինչքա՞ն պիտի սպասենք: (Ներս է մտնում սրճարանատերը🙂 Ո՞ւր էիք, գրողը ձեզ տանի:
ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Կներեք, սխալ է, հաշվարկ էի անում: Այդպես էլ գլուխ չհանեցի: Ի՞նչ կկամենաք:
ԱՐԱՄ — Մեզ գինի բեր:
ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Կներեք, գինին վերջացել է:
ԱՐԱՄ — Այդժամ՝ սառը օշարակ:
ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Կներեք, սառնարանը փչացել է:
ԱՐԱՄ — Դուք որևէ բան կարո՞ղ եք մեզ առաջարկել:
ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Սուրճ դառը. շաքարավազ չունեմ:
ԱՐԱՄ — Լավ: (Սրճարանատերը դուրս է գնում🙂 Այս մարդը գործից գլուխ չի հանում, լավ կանի՝ զբաղվի կոշկակարությամբ:
ԱՆՆԱ — Ինչո՞ւ կոշկակարությամբ:
ԱՐԱՄ – Չգիտեմ, ինձ թվում է՝ նրան այդ արհեստը կսազի:
Դադար:
ԱՆՆԱ — Ես այնպես եմ հոգնել ձանձրույթից:
ԱՐԱՄ — Ինչո՞վ կարող եմ քեզ օգտակար լինել:
ԱՆՆԱ — Իմ կարծիքով, դու էլ պիտի փոխվես, այսպե՞ս են զբաղեցնում սիրած դամային:
ԱՐԱՄ — Ես ի՞նչ պիտի անեմ:
ԱՆՆԱ — Ուղեղդ աշխատացրու: (Դադար🙂 Մի՞թե երևակայություն չունես: Գորշ իրականությունը քեզ սպանել է: Նայիր, այս սրճարանը նավի է նման: Ուրեմն՝ մենք կարող ենք դուրս գալ օվկիանոս՝ կետաձկան որսի: (Դադար🙂 Ես ծովը զգում եմ նույնիսկ աչքերս փակ: Ծովի փրփուրը ցայտում է թարթիչներիս վրա: Ծովը աղի համ ունի:
ԱՐԱՄ — Քո երևակայությունը քեզ հեռու կտանի:
ԱՆՆԱ — Ես տեսնում եմ նավապետին, իսկ աֆրիկացին արդեն այստեղ է, ես գնում եմ կանանց սենյակ: (Դուրս է գնում🙂
Հեռվում լսվում են մարդկային ձայներ, երեխաների լաց և ծովի ալեբախություն: Խավար է: Սրճարան է մտնում մատուցողը:
ՄԱՏՈՒՑՈՂ — Բարև ձեզ: Ինչպես որ պայմանավորվել էինք, ես եկա: Ուղիղ ժամը 12-ն է: Ես աշխատանքի փորձ ունեմ, կարող եմ ցույց տալ վկայականս: (Նայում է չորս կողմը, հասկանում է, որ սրճարանում մարդ չկա: Հիացած ուսումնասիրում է, ձեռք է տալիս ափսեներին, բաժակներին, սրբում է սեղանը🙂 Իսկ այս ամենը անտերության է մատնված: Չի կարելի ներել սրճարանի տիրոջը. սա ուղղակի հանցագործութուն է: (Սկսում է բաժակները շարել դարակին, ափսեները սրբել: Տեսնում է Արամին, մոտենում է նրան🙂 Երեկ հեռախոսով խոստացաք աշխատանքի ընդունել, կներեք, որ առանց ձեր թույլտվության եմ բաժակները դրել դարակը, ափսեները…
ԱՐԱՄ — Սուրճն առանց շաքարի, բերեցի՞ր:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ուզում եմ հայտնել ձեզ, որ ավարտել եմ աֆրիկյան համալսարանը, առաջին կարգի մատուցող եմ, նաև խոհարար. կարող եմ կապիկի գանգը մաշկահան անել երեք րոպեում:
ԱՐԱՄ — Ո՞ւմ մաշկը:
ՄԱՏՈՒՑՈՂ — Կապիկի գլուխը մաշկահան եմ անում, հետո կախում եմ թոնրի մեջ, իսկ տակը թասով ձավար եմ դնում, որ արյունը կաթի մեջը: (Դադար🙂 Գլուխը կարմրում է, շատ ախորժելի տեսք է ստանում:
ԱՐԱՄ — Ես սրճարանատերը չեմ: Կարմրած գլուխը պահեք ձեզ: Ինձ համար սուրճ դրեք, առանց շաքարի:
ՄԱՏՈՒՑՈՂ — Այդ դեպքում ես իրավունք չունեմ ձեզ սուրճ տալու:
ԱՐԱՄ — Իրավունք ձեռք են բերում առանց երկար-բարակ մտածելու: Գործի՛ր, պարո՛ն, դու արժանի ես դրան:
ՄԱՏՈՒՑՈՂ — Բայց սրճարանատերը կարող է ինձ դատի տալ:
ԱՐԱՄ — Ո՞ւր է սրճարանատերը: Նա ինչո՞ւ այսքան ժամանակ այստեղ չէ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Գաղափար չունեմ:
ԱՐԱՄ — Ես ինչո՞վ եմ մեղավոր, որ սրճարանատերը անտեր է թողել սրճարանը: Գուցե նա ինֆարկտ է ստացել ու մահացել, իսկ ես սուրճ եմ ուզում խմել:
ՄԱՏՈՒՑՈՂ — Հինգ րոպե առաջ եմ խոսել նրա հետ:
ԱՐԱՄ — Աշխարհում ամեն վայրկյան հարյուրավոր մարդիկ են մեռնում, հասկացա՞ր: Սուրճն առանց շաքարի:
ՄԱՏՈՒՑՈՂ — Չեմ կարող:
ԱՐԱՄ — Դու պարտավոր ես ինձ սուրճ տալ, կատարել քո մասնագիտական պարտքը: Չէ՞ որ համալսարանում երդում ես տվել: Հաճախորդի ցանկությունը օրենք է: Սուրճ:
ՄԱՏՈՒՑՈՂ – Չեմ կարող…
ԱՐԱՄ — Քեզ դո՞ւր է գալիս սրճարանը:
ՄԱՏՈՒՑՈՂ — Այո, ինչպես երազում:
ԱՐԱՄ — Էլ ո՞ւմ ես սպասում:
ՄԱՏՈՒՑՈՂ — Այսպիսի սրճարան ունենալու համար շատ փող է հարկավոր:
ԱՐԱՄ — Լսի՛ր, շանսը ձեռքիցդ բաց մի թող: Այս սրճարանը քեզ համար է ստեղծված. տիրիր նրան ու ինձ համար սուրճ եփիր:
ՄԱՏՈՒՑՈՂ — Բայց…
ԱՐԱՄ — Էլ ի՞նչ կա:
ՄԱՏՈՒՑՈՂ — Պատից կախված ատրճանակն ինձ անհանգստացնում է:
ԱՐԱՄ — Ատրճանակը նրա համար է, որ կրակի: Ով առաջինը կվերցնի, նա էլ կհաղթի:
ՄԱՏՈՒՑՈՂ — Դուք այդպե՞ս եք գնահատում իրավիճակը… Ես պիտի վերցնեմ ու կրակե՞մ:
ԱՐԱՄ — Ես ընդամենը սուրճ եմ ուզում առանց շաքարի:
ՄԱՏՈՒՑՈՂ — (վերցնում է ատրճանակը): Ցարական ժամանակի ատրճանակ է, կրակում է մեկ անգամ: Լիցքավորված է: Նախախնամությունից չես կարող փախչել, ինչ որ կատարվելու է, թող բարին կատարվի: Չի կարելի ունեցվածքդ անտեր թողնել: Ճիշտը դա է: Պարո՛ն, սուրճն առանց շաքարի. պատվերն ընդունված է:
Մատուցողն սկսում է սուրճ պատրաստել, ներս է մտնում սրճարանատերը:
ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Տղա, այս սրճարանը իմն է:
ՄԱՏՈՒՑՈՂ — Չեմ կարծում, սրճարանը նրանն է, ով նրա գինը գիտի:
ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Այն ինձ է պատկանում օրենքով:
ՄԱՏՈՒՑՈՂ — Միայն Աստծուն է հայտնի օրենքի սահմանները: Կարող եմ քեզ առաջարկել աշխատանք, աման կլվանաս:
ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Ծաղրո՞ւմ ես, հիմա ոստիկանություն կկանչեմ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Երբ ջունգլիում որս էի անում, դեմ առ դեմ հանդիպեցի առյուծին. կրակեցի առաջինը: (Կրակում է, սրճարանատերը ընկնում է հատակին:) Ինչ հեշտ մեռավ, առանց տանջվելու, միանգամից: Մենք կարող էինք լավ գործընկերներ լինել, բայց արդեն ուշ է: (Քարշ տալով տանում է դիակը, վերադառնում🙂 Չկա մարդ՝ չկա խնդիր: Կյանքում ամեն ինչ չէ, որ օրինական է, բայց մենք չենք ընկճվում, ընդհակառակը, ուրախանում ենք: Պարո՛ն, ձեր սուրճը: (Բաժակը դնում է սեղանին🙂
ԱՐԱՄ — Շնորհակալություն:
Արամը սուրճ է խմում, մատուցողն անցնում է իր գործին: Աղմուկով ներս է մտնում նավապետ Տիկը: Նա իսկական ծովագայլ է: Մեկ աչքը կապած է սև ժապավենով, կաղում է ու ծխամորճ ծխում: Սուր հայացքով նայում է ներկաներին, հետո բարձրանում է աթոռի վրա, հեռադիտակով նայում իր նավին:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Նավիս անունն է «Ետ մի նայիր»: Ձեզանից ո՞վ է դեմ: Ես եմ անունը դրել, որովհետև երբեք ետ չեմ նայում: Միայն առաջ, առաջ ընդդեմ քեզ կուլ տվող ալիքների: Ճեղքում է ու դուրս գալիս բաց ծով: (Գոռում է🙂 Նայի՛ր, ինչ է անում… Այ դու թշվառական, ցռուկն ուղղիր ալիքներին ընդառաջ… Ապրե՛ս: Պինդ պահիր ղեկը, պարանները մի՛ թուլացրու, մի՛ թույլ տուր, որ նավս դառնա ծովին խաղալիք: (Մատուցողին.) Եթե ծովին չդիմադրես, նա քեզ երկու կես կանի, հոգիդ կկրծի, մարմինդ շնաձկներին բաժին կդարձնի: Ասելիքս այն է՝ պիտի կռվես, ատամներով կառչես կյանքին, թույլ չտաս, որ քեզնից փախչի: (Նստում է Արամի մոտ🙂 Մատուցո՛ղ, ռոմ երկու բաժակ, պարոնն ինձ հետ պիտի խմի:
ԱՐԱՄ — Ես առավոտյան չեմ խմում:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ – Տղամարդու խմիչք է, դրա համար եմ քեզ առաջարկում… դու ուզում ես ասել՝ ինձ հետ չես ուզում խմե՞լ: Ես նավապետ Տիկն եմ, անցել եմ բոլոր օվկիանոսներով ու ծովերով: Իսկ դու ինչով ես կյանքում երևում, կարողանո՞ւմ ես քեզ կերակրել: Միայն չասես՝ ժառանգություն ես ստացել. զզվանքս գալիս է:
ԱՐԱՄ — Ես երաժիշտ եմ, անունս՝ Արամ:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ – Իսկ ազգանունդ Խաչատրյան է: Տեսել եմ «Սուսերով պարը», շատ եմ հավանել. աջ ու ձախ թրատում է:
ԱՐԱՄ — Չէ, Արամ Մանդակունի:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Դա է՞լ է ազգանուն. պատահում է… Նավաստուս անունը Ալեքսանդր է, քանի անգամ ասել եմ՝ փոխիր անունդ կամ էլ քեզ տղամարդու պես պահիր: Փեշի տակ մեծացած տղա է, տվեցին ինձ, ասացին՝ մտցրու կյանք: Էդ կյանք ասածն էլ… շնաձուկ պիտի լինես, որ կուլ չգնաս: (Դադար🙂 Մի բան նվագիր, որ լսեմ. եթե դեմ չես:
ԱՐԱՄ — Ես դասական երաժշտություն եմ նվագում:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Ինձ տգետ մարդու տեղ մի դիր, նվագիր: (Արամը մոտենում է դաշնամուրին🙂 Գրողը քեզ տանի, մատուցո՛ղ, կոկորդս չորացավ: Ռոմ, ռոմ, ռոմ… իսկ դու նվագիր: (Արամը նվագում է, մատուցողը ռոմ է լցնում բաժակները🙂 Էհ, թող Աստված շատ չհամարի: (Խմում է🙂
ՄԱՏՈՒՑՈՂ — Անուշ լինի:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Սրճարանատիրոջը թրխկացրի՞ր:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ես չէի կրակողը, ատրճանակն էր:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Առանց քո օգնությա՞ն… չէր կրակի:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ինչ իմանաս… Ատրճանակը իմը չէր, պատից էր կախված:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Քեզ չեմ մեղադրում, նրան ասում էի՝ եթե շարունակես նվնվալ, սրճարանդ ձեռքիցդ կխլեն: Աստված սիրում է ուժեղներին: Եվ դա ճիշտ է:
Դրսում լսվում է երեխայի լացի ձայն, մարդկանց քրթմնջոց:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ – Այնտեղ՝ պատի ետևում ի՞նչ է կատարվում:
ՄԱՏՈՒՑՈՂ — Փախչում են, տուն-տեղ թողած հեռանում են:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Թշնամին ներխուժել է քաղա՞ք, ռմբակոծո՞ւմ են:
ՄԱՏՈՒՑՈՂ — Չէ, խաղաղ է:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Համաճարա՞կ է… Արյունը ջո՞ւր է դառնում:
ՄԱՏՈՒՑՈՂ — Աստված հեռու պահի… Կյանքի դժվարություններին չեն դիմանում, հուսահատված տեսք ունեն:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Թող հազար շնաձուկ աղիողորմ ոռնան, ատամները կրճտացնեն… Ես ամեն անգամ դուրս եմ գալիս ծով, վստահ չեմ՝ կվերադառնա՞մ, թե՞ ոչ: Ես կռիվ եմ տալիս. աղի ջուրը ոսկորներս է թրծել, ոտքիս մատները շնաձուկն է կերել, աչքս թրաձուկն է վնասել, բայց նավապետ Տիկը ոտքի վրա է, երբեք չի թողնի իր նավը: Նրանց կասես՝ թող չտրտնջան ճակատագրից, մեղավորը իրենք են: Նրանց կասես՝ գրո՛ղը տանի, ոնց եմ կատաղում այդ լալկանների վրա:
ՄԱՏՈՒՑՈՂ — Նավապետ, երկա՞ր ես կայանելու:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Նոր մարդկանց գլխաքանակի եմ սպասում: Գիտնականներ են, ինժեներներ, երաժիշտներ: Տղա, կարող եմ քեզ հետս տանել:
ԱՐԱՄ — Ուզում ես ամբողջ երկի՞րը տանել:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Ինձ վճարում են, ես էլ տանում եմ, դա իմ աշխատանքն է: Սատանան տանի, թող ուղեղով մտածեն: (Կանգնում է աթոռի վրա, հեռադիտակով նայում նավին🙂 Այդ տղան գլուխը կորցրել է, խուճապի մեջ է: Առանց նավապետի նավը դատարկ տաշտ է: (Դրամը գցում է սեղանին🙂 Ստացիր: Զգույշ կլինես, մի օր էլ քեզ չթրխկացնեն:
ՄԱՏՈՒՑՈՂ — Չեմ կարծում, որ այդ մարդը կծնվի:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Նա էլ չէր հավատում… (Ծիծաղելով դուրս է գնում🙂
ԱՐԱՄ — Երջանիկ մարդ. նրան ամեն ինչ պարզ է ու հասկանալի: (Ինչ—որ ժամանակ մտքի մեջ է: Մատուցողը դժգոհ նրան է նայում, զայրացած մոտենում է🙂
ՄԱՏՈՒՑՈՂ — Ի՞նչ կկամենաք:
ԱՐԱՄ — Առայժմ ոչինչ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Իմ սրճարանը ուտել-խմելու վայր է. դրսում երազեք:
ԱՐԱՄ — Ես կնոջ եմ սպասում:
ՄԱՏՈՒՑՈՂ — Թոնիրը վառ պահե՞մ:
ԱՐԱՄ — Չեմ կարծում:
ՄԱՏՈՒՑՈՂ — Իմ սրճարանում սոված ինչքա՞ն եք մնալու:
ԱՐԱՄ — Ես քաղցած չեմ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Համեղ խորովածը ախորժակդ կբացի:
ԱՐԱՄ — Լավ, ինձ ռոմ բեր:
ՄԱՏՈՒՑՈՂ — Աֆրիկայում երբ մտնում են սրճարան, սկսում են ուտել, այնքան են ուտում, որ տեղից չեն կարողանում շարժվել:
ԱՐԱՄ — Մենք Աֆրիկայում չենք:
Մատուցողը ռոմի շիշը բերում է, լցնում բաժակը:
ՄԱՏՈՒՑՈՂ — Սա ձեր ռոմը: Եթե վճարեք, իմ բաժակն էլ կլցնեմ ու կասեմ՝ ինչու սպանեցի սրճարանատիրոջը:
ԱՐԱՄ — Լավ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ձեր կենացը: (Խմում են: Երկրորդն է լցնում🙂 Նրա աչքերի մեջ վախ տեսա: Նա սխալ թույլ տվեց, որ թշնամուն ցույց տվեց իր թուլությունը: Աֆրիկայում ուժեղն ուտում է թույլին:
ԱՐԱՄ — Ինչպես այստեղ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ձեր կենացը: (Խմում են🙂 Ես սովորել եմ Աֆրիկայում, այնտեղ ամեն ինչ պարզ էր, այնքան էր պարզ, որ զարմանում էի, որ ապրում եմ:
Ներս է մտնում Աննան: Մատուցողը մոտենում է նրան:
ՄԱՏՈՒՑՈՂ — Բարև ձեզ, տիկի՛ն:
ԱՆՆԱ — Ես ձեզ տեսե՞լ եմ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ո՛չ, տիկի՛ն:
ԱՆՆԱ — Բայց ինձ թվում է՝ տեսել եմ: Քաղաքի փողոցներում, սրճարաններում, ամեն տեղ դուք էիք:
ՄԱՏՈՒՑՈՂ — Դուք չէիք կարող տեսնել: Ես նոր եմ վերադարձել Աֆրիկայից: Ուսումնասիրում էի աֆրիկյան խոհանոցը:
ԱՆՆԱ — Գիշատիչի հայացք ունեք:
ՄԱՏՈՒՑՈՂ — Բնական է, տիկի՛ն, կներեք:
ԱՆՆԱ — Երբեք ներողություն մի խնդրեք: Ես չեմ ուզում՝ մեջս խղճահարություն առաջանա:
ՄԱՏՈՒՑՈՂ — Իմ պարագայում խղճահարությունը տեղին չէ:
ԱՆՆԱ — Սպանեցի՞ք սրճարանատիրոջը:
ՄԱՏՈՒՑՈՂ — Այո՛, տիկի՛ն:
ԱՆՆԱ — Նաև մի պարծեցեք մարդասպանությամբ: (Դադար🙂 Այնտեղ, սպասասրահում մարդիկ կծկվել են մեկ բազկաթոռի վրա: Նրանց համար տանելի կլիներ, եթե ամեն մեկը նստեր մեկ աթոռին: Ինչո՞ւ նրանց աթոռներ չեք տալիս:
ՄԱՏՈՒՑՈՂ — Կներեք, տիկին, բայց նրանք ինձնից աթոռներ չեն խնդրել:
ԱՆՆԱ — Պարտադիր չէ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Նրանք գողացել են իմ ափսեները, բաժակները, գդալները:
ԱՆՆԱ — Դրանք անհրաժեշտ են գոյատևելու համար:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ես չեմ կարող սրճարանիս աթոռները նրանց տալ:
ԱՆՆԱ — Նրանք հյուծված տեսք ունեն: Դուք նրանց չե՞ք կերակրում:
ՄԱՏՈՒՑՈՂ — Թույլ լույսի տակ նրանց տեսքը խաբուսիկ է:
ԱՆՆԱ — Ես նրանց աչքերի մեջ վախ տեսա: Նրանց արտաքսո՞ւմ են:
ՄԱՏՈՒՑՈՂ — Տեղյակ չեմ, տիկի՛ն:
ԱՆՆԱ — Ի՞նչ անուն տամ նրանց:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ցանկացած անուն կսազի:
ԱՆՆԱ — «Կուզիկը փոթորկի երախում»:
ՄԱՏՈՒՑՈՂ — Կուզիկը պարտադիր չէ:
ԱՆՆԱ — Ես նրանց տեսնում եմ այդպիսին: Ասացեք նրանց, որ ես մեղավոր չեմ: Ես նրանց չեմ ատում, ոչ էլ մեղադրում եմ: (Երեխայի լացի ձայն🙂 Մատուցո՛ղ, այնտեղ երեխա է լաց լինում:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ձեզ թվում է, տիկի՛ն:
ԱՆՆԱ — Իմ լսողությունը տեղն է: Չի կարելի թույլ տալ, որ երեխան լաց լինի:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ուզո՞ւմ եք երաժշտություն միացնեմ:
ԱՆՆԱ — Նրան քաղցրավենիք տուր, ես կվճարեմ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Տիկի՛ն, նրանք քաղցրավենիք չեն ուտում:
ԱՆՆԱ — Իսկ ծերունին ինչո՞ւ է լաց լինում:
ՄԱՏՈՒՑՈՂ — Չի ուզում դուրս գալ բաց ծով, վախենում է:
ԱՆՆԱ — Նա վախենում է՝ երազանքները չիրականանա՞ն:
ՄԱՏՈՒՑՈՂ — Վախենում է մահից, տիկին:
ԱՆՆԱ — Բայց վախենալու բան չկա. մարդը շնչում է, օրերը թռչում են, մարդը ծերանում է: Իսկ երբ ժամանակը գալիս է, ծովը խաղաղվում է, ու վերջ: Մատուցո՛ղ, բացատրի՛ր նրան, որ մարդը մահկանացու է, մահից հետո է հավերժությունը: (Լացի ձայն🙂 Նյարդերս էլ չեն դիմանում. կերակրիր նրանց՝ բոլորին, թող ձայները կտրեն, ես կվճարեմ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Բարի: Նստեք այնտեղ, պատուհանից ծովն է երևում: Պարոնը ձեզ է սպասում:
Աննան նստում է Արամի դիմաց:
ԱՐԱՄ — Մատուցո՛ղ, մեզ համար սուրճ և գինի բեր:
ՄԱՏՈՒՑՈՂ — Իսկ արնահամ լանգե՞տ՝ համեմված սխտորով ու պղպեղով:
ԱՐԱՄ — Սկզբի համար՝ սուրճ ու գինի, հետո կտեսնենք:
ՄԱՏՈՒՑՈՂ – Լավ: (Գնում է🙂
ԱՐԱՄ — Այս մատուցողը գիտի իր գործը:
ԱՆՆԱ — Ուզում եմ պատկերացնել նրանց դեմքերը օտար քաղաքում: Զարմացած սև աչքերը նայում են չորս կողմը: Լսում են օտար բառեր ու չեն հասկանում: Ի՞նչ գիտես նրանց մասին, ովքե՞ր են, ի՞նչ են փնտրում օտար քաղաքներում:
ԱՐԱՄ — Երբ հասնեն քաղաք, կտեսնեն տեղաբնակների անբարյացակամ հայացքները, լուռ ատելությունն ու թշնամանքը: Սխալվեցին՝ կխփեն, իսկ նրանք չեն կարող իրենց պաշտպանել: Դառնում են երկրորդ կարգի մարդ:
ԱՆՆԱ — Նրանք այդ մասին գիտե՞ն:
ԱՐԱՄ — Իհարկե:
ԱՆՆԱ — Համակերպվել այդպիսի կյանքին վիրավորական է: Չի կարելի գոյատևելու համար կորցնել արժանապատվությունը:
ԱՐԱՄ — Նրանք դառնում են գրպանահատներ, խաբեբաներ… Թերթում գրել էին, թե ինչպես են մարդ սպանել:
ԱՆՆԱ — Փորձիր նրանց ճանապարհը փակել:
ԱՐԱՄ — Դա այդքան էլ հեշտ չէ: Այնքան պահանջներ կներկայացնեն, որ կուզես նրանց գրողի ծոցն ուղարկել, թող գնան, իրար կոկորդ կտրեն: Ես իմ տեղն ունեմ այս կյանքում, մի կերպ շնչում եմ, նաև արտաշնչում:
ԱՆՆԱ — Իսկ ամուսինս աքլորի կոկորդը կտրեց ու բաց թողեց տան մեջ. աքլորն սկսեց թպրտալ իր արյան մեջ: Մենք ծիծաղում էինք:
ԱՐԱՄ — Այդ պատկերը քեզ հանգիստ չի տալիս:
ԱՆՆԱ — Ես պատկերների մի ամբողջ հավաքածու ունեմ:
ԱՐԱՄ — Ինչո՞ւ ես այդ պատկերները հավաքում:
ԱՆՆԱ — Ես ինքս այդ պատկերների մեջ եմ: Լսո՞ւմ ես՝ ծովը փոթորկվել է, գուցե ցունամի լինի, ու մենք խեղդվենք:
ԱՐԱՄ — Դա էլ է քո երևակայության արդյունքը:
ԱՆՆԱ — Ես ուզում եմ նավահանգստում աղի օդ շնչել:
ԱՐԱՄ — Ինձ դուր չեն գալիս քո պատկերները: Ես անհանգստանում եմ մեզ համար:
ԱՆՆԱ — Վախենո՞ւմ ես:
ԱՐԱՄ — Ցամաքում ավելի իրական է, ոտքերիս տակ հողը չի տատանվում, ես քայլում եմ վստահ, որ աղի ջուրը չի խեղդի ինձ:
ԱՆՆԱ — Ցամաքում էլ երկրաշարժ է լինում:
Ներս է մտնում մատուցողը:
ՄԱՏՈՒՑՈՂ — Տավարի մսից լանգետը պատրաստ է, կարող եմ մատուցել:
ԱՐԱՄ — Մենք ուզում ենք պարել:
ՄԱՏՈՒՑՈՂ — Պարել միշտ էլ կարող եք, բայց լանգետը կսառչի: Կկորցնի համն ու հոտը:
ԱՐԱՄ — Մենք քաղցած չենք:
ԱՆՆԱ — Միսը տուր նրանց, ես կվճարեմ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ես ձեզ համար եմ պատրաստել: Կուզեի իմանալ ձեր կարծիքը իմ խոհարարական հմտության մասին:
ԱՆՆԱ — Մենք չենք կարող ուտել, երբ նրանք քաղցած են:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ես չեմ ուզում՝ իմ ստեղծագործությունը նրանք խժռեն: Պարո՛ն, գուցե դո՞ւք միջամտեք:
ԱՐԱՄ — Տվեք նրանց, թող ուտեն-կշտանան, ես կվճարեմ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Լավ, ինչպես կամենաք, կվճարեք կրկնակին: (Լսվում է՝ դրսից ինչպես են ջուր ուզում: Նրանց🙂 Հանգստացեք, հիմա ձեզ համար ջուր ու ուտելիք կբերեմ:
ԱՆՆԱ — Իսկ մենք ուզո՞ւմ էինք ուտել: Ես ինձ չէի ների:
ԱՐԱՄ – Խմենք: (Լցնում է բաժակները:) Մենք ավելի կարևոր խոսակցություն ունենք… Քո կենացը:
ԱՆՆԱ — Նրանցից մեկը եկավ: Սարսափելի տեսք ունի:
Ներս է մտնում Մարիամը՝ վախեցած ու կաշկանդված: Կանգնում է նրանց առջև, միմոսություններ է անում, անձայն ծիծաղում է ու լալիս:
ԱՆՆԱ — Նա ծիծաղո՞ւմ է, թե՞ լաց է լինում:
ԱՐԱՄ — Մեկից անցնում է մյուսին. երկու դեպքում էլ դժբախտ մարդու նման է:
ԱՆՆԱ — Ծանր եմ տանում, երբ կինը հոգու տվայտանքները ցուցադրում է: Տիկին, անբարոյականությունն էլ սահման ունի: Վերջ տուր, էլ չեմ դիմանում:
ԱՐԱՄ — Փո՞ղ ես ուզում: (Թղթադրամ է նետում🙂 Գնա, քեզ համար քաղցրավենիք գնիր:
ԱՆՆԱ — Նա դեռ շարունակում է…
ԱՐԱՄ — Աչքերի մեջ մի նայիր, վտանգավոր է:
Մարիամը թղթադրամը չի վերցնում, շարունակում է ծիծաղել, լացել ու պարել: Հետո անհաջող գլուխկոնծի է տալիս, մեջքի ցավից ոռնում է: Բարձրանում է, սպառնալից երկու քայլ է անում ու քարանում՝ մահվան տեսքով:
ԱՆՆԱ — Նա ուզում է մեռնել… Ձեռքին ճար լինի, կպայթեցնի ամբողջ աշխարհը…
ԱՐԱՄ — Այո, ցավալի է:
ԱՆՆԱ — Նայիր, միանգամից ծերացավ:
ՄԱՐԻԱՄ — Իմ անունը Մարիամ է: Ես երեսուն տարեկան եմ, մազերս սպիտակել են… Դուք չեք տեսել իմ երեխաներին, նրանք ամեն օր ինձնից հաց էին ուզում: Ես պիտի կերակրեի, իսկ կրծքերիցս կաթ չէր գալիս: Ես կանգնեցի պատի տակ՝ ողորմություն մուրալու. ինձ չէին նկատում:
Ներս է մտնում մատուցողը:
ՄԱՏՈՒՑՈՂ — Քեզ չի կարելի սրահ մտնել:
ԱՆՆԱ — Որտե՞ղ ես ապրում, ո՞ւր է ամուսինդ:
ՄԱՐԻԱՄ — Խաղատանը կոշիկն էլ տարվեց, փախավ ծովից այն կողմ: Ասում են՝ քարշ է գալիս փողոցներում, ողորմություն է մուրում: Եթե դեմքը չի փոխել, մազերը չի ներկել, կճանաչեմ նրան: Ես նրան կհարցնեմ՝ ո՞ւր են մեր երեխաները… Նա պիտի պատասխան տա:
ԱՆՆԱ — Սովորական պատմություն է ու ձանձրալի: Հեռացրո՛ւ նրան:
ՄԱՏՈՒՑՈՂ — Գնանք, Մարիա՛մ:
ՄԱՐԻԱՄ — (գոռում է): Ո՛չ, ինձ չմոտենաս… ես պիտի ասեմ, նրանք պարտավոր են ինձ լսել… Ես շատ երկար եմ մտածել… Ելք էի փնտրում, արևի շող, հույս ու հավատ: Ոչինչ չգտա, փողոցը դատարկ էր, մարդիկ՝ խուլ… Երեխաներս, երեխաներս… (Կարծես լաց է լինում:) Ոչ, արցունքներ չկան, դատարկ խոռոչներ են… Ես եկա ասելու, որ նրանք կուշտ են, էլ չեն ճչում:
ԱՆՆԱ — Նրանք քե՞զ հետ են:
ՄԱՐԻԱՄ — Ես պարանը կապեցի վզիկներից ու բաց թողեցի: Նրանք ճոճվում էին առաստաղից կախված: Հիմա նրանք երկնքում են, մեր Հոր մոտ:
ԱՆՆԱ — Դու պիտի պարանը կապեիր քո վզից: Մատուցո՛ղ, այս չբավարարված քածին կերակրիր:
ՄԱՏՈՒՑՈՂ — Նա ուտել չի ուզում:
ԱՆՆԱ — Իսկ ես կկերակրեմ, տուր լանգետն ինձ… (Կերակրում է:) Կեր, լափիր: Նույնիսկ գազանը իր լակոտներին չի սպանում:
ԱՐԱՄ — Աննա՛, հանգստացի՛ր:
ԱՆՆԱ — Ո՛չ, նա պիտի կշտանա: Բերանդ բացիր, քա՛ծ, կե՛ր, որ կուշտ սատկես:
ՄԱՐԻԱՄ — Թող ինձ, խնդրում եմ, ես կուշտ եմ, էլ չեմ ուզում ուտել, բավական է… Մարիամը լալիս է մենակ… Մարիամը ծիծաղում է մենակ, Մարիամը քնում է աչքերը բաց… Մարիամը ցնորքների մեջ է… Ես կտեսնեմ իմ որդիներին: Վերևում Աստված կա… Նա ամեն ինչ տեսնում է:
ԱՆՆԱ — Ի՞նչ ես պատասխանելու նրան:
ՄԱՐԻԱՄ — Իսկ դուք ի՞նչ եք ասելու նրան:
ԱՆՆԱ — Կասենք, որ քեզ նմանները իրավունք չունեն մայր դառնալու:
ՄԱՐԻԱՄ — Աստված ձեզ չի ներելու:
ՄԱՏՈՒՑՈՂ — Գնանք, Մարիա՛մ…
ՄԱՐԻԱՄ – Ոչ ոքի չի ներելու: Ես հավատում եմ… (Դուրս է գնում:)
Երկրորդ պատկեր
Աննան դեղահաբեր է կուլ տալիս:
ԱՐԱՄ — Խորհուրդ չէի տա, քեզ կվնասես:
ԱՆՆԱ — Հինգ տարի է՝ ամուսնացած եմ, երեխա չեմ կարող ունենալ: Քիչ մնաց ինքնասպան լինեի: Այդ կնոջ տեղը կառափնարանն է:
ԱՐԱՄ — Արի մոռանանք նրան. ինքն իրեն արդեն պատժել է:
ԱՆՆԱ — Նրա ծղրտոցները մտել են ուղեղս, դուրս չեն գալիս: (Դեղ է խմում:) Այնքան կխմեմ, մինչև ձայն չլսեմ:
ԱՐԱՄ — Նա արժանի չէ, որ նրա մասին մտածենք: Անձամբ ես ինձ մեղավոր չեմ համարում:
ԱՆՆԱ — Որովհետև տղամարդ ես…
ԱՐԱՄ — Ես այդ մասին գիտեմ: Ինձ պատահեց…
ԱՆՆԱ – Մկրատը… նա եկել է իմ ետևից: Նա ուզում է կոկորդս կտրել:
ԱՐԱՄ — Մատուցո՛ղ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Լսում եմ:
ԱՐԱՄ — Այն անկյունում մկրատ կա:
ԱՆՆԱ — Ամուսինս աքլորի գլուխը մկրատով կտրեց, իսկ ես ծիծաղում էի: Մենք զվարճանում էինք: Եթե ատրճանակը պատից կախված չլիներ, սրճարանատերը կենդանի կմնար:
ՄԱՏՈՒՑՈՂ — Այն անկյունում մկրատ չկար, սղոց էր:
ԱՆՆԱ — Երկուսն էլ նույն գործն են անում՝ կտրում են: Մենք այդ առարկաների գերին ենք: Նրանք մեզ համար թակարդ են լարում… Դուք ոչինչ չեք հասկանում:
ԱՐԱՄ — Անշունչ առարկան չի կտրի, եթե մարդը չցանկանա:
ԱՆՆԱ — Մարդը չգիտի, որ թակարդի մեջ է:
ԱՐԱՄ — Մատուցո՛ղ, այստեղ բեր այդ անիծյալ սղոցը: (Մատուցողը սղոցը տալիս է:) Հիմա սա կնետեմ ծովը: (Նետում է:) Սուզվեց առանց վնաս պատճառելու:
ԱՆՆԱ — Դա մեր կյանքը կդարձներ դժոխք:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ես չէի ուզում նրան սպանել: Բայց այդպես ստացվեց:
ԱՐԱՄ — Բավական է: Քո վախերի մասին պիտի պատմես բժշկին: Անձամբ ես առարկաների նկատմամբ անտարբեր եմ: Տանը մի ուրագ ունեմ, այն էլ հազվադեպ եմ օգտագործում:
ԱՆՆԱ — Դու կարող էիր ուրագով կտրել հավի գլուխը:
ԱՐԱՄ — Գերադասում եմ հավը գնել խանութից:
Մատուցողը դուրս է գնում:
ԱՆՆԱ — Ուրեմն ինձ չե՞ս հավատում: Մտածում ես, որ հիվանդ եմ, էլ ինչո՞ւ ենք նստել դեմ-դիմաց:
ԱՐԱՄ — Որպեսզի խոսենք մեր մասին:
ԱՆՆԱ — Ի՞նչ լեզվով կարող էինք իրար հասկանալ: Դու նայում ես իմ աչքերին ու ինձ չես տեսնում:
Ներս է մտնում մատուցողը:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ես եմ ձեզ տեսնում: Դուք իրավունք չունեք ինձ մեղադրելու սպանության մեջ: Ես սպանեցի սրճարանատիրոջը, որովհետև ինքն էր խնդրում: Նրան մնացել էր ապրելու մի քանի օր: Աֆրիկայում ուժեղներն ուտում են թույլերին. առյուծն ուտում է հիվանդ ցլին: Այնտեղ ամեն ինչ պարզ էր ու հասկանալի: Հաճելի էր այնտեղ ապրել: Առաջարկում եմ տավարի գլուխ՝ սոխով համեմված:
ԱՆՆԱ — Մենք տավարի գլուխ չենք սիրում:
ՄԱՏՈՒՑՈՂ — Դա պատասխան չէ: Պարո՛ն, տավարի գլուխը փռի մեջ կարմրում է. աչքերը արդեն դուրս են պրծել, ուրեմն՝ եփված է:
ԱՐԱՄ — Մեզ համար լանգետ պատրաստիր:
ՄԱՏՈՒՑՈՂ — Հաճախորդի ցանկությունը օրենք է. կարմրացրած լանգետ և կարմիր գինի:
ԱՆՆԱ — Ես ձեզ դուր չե՞մ գալիս:
ՄԱՏՈՒՑՈՂ — Միայն կարմրացրած վիճակում:
ԱՆՆԱ — Անպատկառ, դուք համարձակվում եք ինձ վիրավորե՞լ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ոչ, ես Աֆրիկայում եմ ապրել, այնտեղ մարդիկ իրար են նայում որպես ուտելիքի: Մարդուն ուտելը մեծ ողբերգություն չէ: (Դուրս է գնում:)
ԱՆՆԱ — Նա ինձ նման է մտածում:
ԱՐԱՄ — Չի կարող պատահել: Նա վայրի կենդանու նման է մտածում:
ԱՆՆԱ — Իսկ ինչո՞ւ չհետևենք բնությանը: Լավ, արի խոսենք մեր մասին:
ԱՐԱՄ — Ամուսնուդ խոստովանեցի՞ր:
ԱՆՆԱ — Իհարկե ոչ:
ԱՐԱՄ — Նա չգիտի՞ իմ մասին:
ԱՆՆԱ — Իսկ ինչո՞ւ պիտի իմանա:
ԱՐԱՄ — Լսիր, ես քեզ սիրում եմ, ուզում եմ՝ միշտ միասին լինենք: Ի վերջո, մենք անցել ենք սահմանը:
ԱՆՆԱ — Այնքան չնչին բան, որ մոռացել եմ՝ այդ երբ է եղել:
ԱՐԱՄ — Ուրբաթ օր մենք հյուրանոցում էինք, գիշերը միասին անցկացրինք: Դու մարմնիս տակ հանգստացար ու երջանիկ ժպտացիր:
ԱՆՆԱ — Բոլոր տղամարդիկ իրար նման են. բավական է մեկ անգամ հետը քնես, մտածում են՝ իրենց ես պատկանում: Ես երբեք որևէ մեկին չեմ պատկանել: Ես հո իր չեմ:
ԱՐԱՄ — Կարծում էի, մեր հարաբերություններն այնքան խորն են, որ վերջապես կյանքս կփոխվի: (Դադար:) Ամեն օր գնում եմ տուն, նայում եմ հեռուստացույց ու գարեջուր խմում: Երազում եմ, որ կինս կնստի կողքս ու մենք կխոսենք օրվա անախորժություններից: Իսկ ժամը 12-ին կմտնենք անկողին:
ԱՆՆԱ — Ես հազվադեպ եմ այդքան շուտ քնում:
ԱՐԱՄ — Ես պիտի 8 ժամ քնեմ, որ ուղեղս թարմ լինի:
ԱՆՆԱ — Քնիր ինչքան ուզում ես, սիրելի՛ս, իսկ ես ֆիլմ կնայեմ:
ԱՐԱՄ — Ես ուզում եմ հասկանալ քեզ:
ԱՆՆԱ — Երեկ ամուսինս վերցրեց ճամպրուկն ու հեռացավ: Հինգ տարի մրցում էինք, թե ով կդիմանա… Ես ամեն բան չէի անում… Չէ՞ որ նա տան տղամարդն է: Նա դրանից օգտվեց:
ԱՐԱՄ — Վերջապես ուրախ լուր ստացա: Եթե այս պահին ներս մտնի, մենք նրան կարող ենք գրողի ծոցն ուղարկել:
ԱՆՆԱ — Այո, փոքրիկս, բայց մի՛ շտապիր:
ԱՐԱՄ — Ես այնքան ուրախ եմ: Մենք կարող ենք խելքներիս ուզածն անել: (Ծիծաղում է:) Մենք կամուսնանանք:
ԱՆՆԱ — Ես ծիծաղելի բա՞ն ասացի:
ԱՐԱՄ — Չեմ կարծում:
ԱՆՆԱ — Ծիծաղելի կամ ուրախ լինելը նույն բանն է: Խորհուրդ կտայի ավելի զուսպ լինել: Հիշիր, ես ամուսին ունեմ, մենք դեռ չենք ամուսնալուծվել ու նա կարող է իր իրավունքները ցուցադրել: Նա ժամանակին բոքս է պարապել… Ուզո՞ւմ ես իմանալ՝ ինչ կատարվեց գիշերը:
ԱՐԱՄ — Եթե դա քեզ ցավ չի պատճառի:
ԱՆՆԱ — Ես ուզում եմ վերապրել բոլոր մանրուքները: Դա ինձ ուժ կտա ապրելու ցավը. իսկ ես ուզում եմ ցավ զգալ, դաժան ցավ, ահռելի ցավ… ես նրան ասացի՝ իմ ցավը կպատմեմ աշխարհին, նրանք քեզ կդատապարտեն: Մեր մեջ ասած՝ նա թքած ունի աշխարհի վրա:
ԱՐԱՄ — Վերջ տուր, դա քեզ կսպանի:
Ներս է մտնում մատուցողը:
ՄԱՏՈՒՑՈՂ — Տավարի գլուխը կախել եմ թոնրի մեջ, կես ժամից պատրաստ կլինի:
ԱՆՆԱ — Դու չե՞ս ուզում լսել, թե ինչ եղավ երեկ գիշեր:
ՄԱՏՈՒՑՈՂ — Կներեք, ես շատ գործեր ունեմ:
ԱՆՆԱ — Գործերը կսպասեն: Ես պահանջում եմ:
ԱՐԱՄ — Պարտադիր չէ, որ նա լսի: Նա օտար է:
ԱՆՆԱ — Արդյո՞ք նա օտար է: Մոտեցիր, քեզ համար բաժակ բեր: Լցրու… Ի՞նչ կարծիքի ես իմ մասին: Ես թաքցնելու բան չունեմ, խմիր:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ես ոտքի տակ եմ տվել ամբողջ Աֆրիկան, ապրել եմ մարդակերների մեջ, նաև մարդկանց, որոնք թրթուրներ էին ուտում: Ամեն ինչ պարզ էր ու հասկանալի: Բայց հասկանալ ձեզ, տիկի՛ն, իմ ուժերից վեր է:
ԱՆՆԱ — Ոչինչ, մասնակցիր իմ տառապանքներին, կհասկանաս: (Ծանր լռություն:) Երեկ անձրև եկավ, ցուրտ էր: Քամին կղմինդրներն էր շարժում: Տունը ցնցվում էր: Հանկարծ կայծակը խփեց էլեկտրասյանը, լույսը հանգավ: Խավար էր, մութ, ժամացույցն սկսեց տկտկացնել, այն ժամացույցը, որին ուրագով մասերի էի բաժանել: (Դադար:) Մոմերը վառվեցին, տան առարկաները վերածվեցին ստվերների, նրանք պտտվում էին իմ գլխավերևում: Մկրատը գոռաց՝ ես քո մազերը կտրելու եմ, անպետք աղջիկ: Ես վախենում էի, ես վախենում էի… Աչքերս փակեցի, տրվեցի նրանց ողորմածությանը: Կացինը կահույքս ջարդուփշուր արեց, մկրատը վարագույրներս վերածեց մանր լաթերի, ջարդեցին ափսեներն ու լուսամփոփները: (Դադար:) Ծանր էր վիճակս:
ԱՐԱՄ — Օգնություն կանչեցի՞ր:
ՄԱՏՈՒՑՈՂ — Այդպիսի բաներն ինձ անհասկանալի են:
ԱՆՆԱ — Փախա տնից, բայց դրսում ավելի սարսափելի էր. ամեն տեղ մարդիկ էին: Հինգ տղաներ հանդիպեցին, փորձեցին ինձ բռնաբարել, ես լաց էի լինում, խնդրում…
ՄԱՏՈՒՑՈՂ — Այդ պահին ես պիտի լինեի քո կողքին. մարդ սպանելն ինձ համար հաճելի զբաղմունք է, ինչպես տավարի գլուխը մտցնել փռի մեջ: Աֆրիկան ինձ շատ բան է սովորեցրել: Կներեք, տավարի գլուխն ինձ է սպասում, ոչ մի ուժ ինձ չի խոչընդոտի: (Հեռանում է:)
ԱՆՆԱ — Հանկարծ ինչ-որ մեկը բանալին մտցրեց փականը: Լույսը վառեցի, հիմար ժպիտը դեմքին երևաց ամուսինս…
Սրճարան է մտնում Հայկը, բաժակը գինի է լցնում ու խմում:
ՀԱՅԿ — Մադամ, կարծում էի՝ քնած ես: (Նայում է չորս կողմը🙂 Ջարդել ես կահույքը, ոչնչացրել մորս նվիրած ափսեները: Ժամացույցը քեզ ի՞նչ էր արել:
ԱՆՆԱ — Ժամը քանի՞սն է:
ՀԱՅԿ — Երեքը: Հետո ի՞նչ… Տաք եղանակ է, չե՞ս ուզում տուն գնալ:
ԱՆՆԱ — Ես հաշվեցի մինչև տաս միլիոն:
ՀԱՅԿ — Ուրեմն՝ հաշվելը չես մոռացել:
ԱՆՆԱ — Ինչ-որ ստվերներ էին թափառում տան մոտ, կարող էին ինձ բռնաբարել:
ՀԱՅԿ — Վերջապես երազանքդ կիրականանար:
ԱՆՆԱ — Նրանք կարող էին հինգը լինել:
ՀԱՅԿ — Վստահ եմ, որ հինգին էլ կդիմանայիր: Ուրի՞շ ինչ է եղել:
ԱՆՆԱ — Մկրատը կտրեց մատս ու փախավ:
ՀԱՅԿ — Դիմիր ոստիկանություն, գրիր՝ մեր տան մկրատը, կտրելով մատս, փախել է տնից, գտեք և ձերբակալեք: Ոստիկանները կսկսեն գործ սարքել:
ԱՆՆԱ — Այս տան առարկաներն ինձ ատում են:
ՀԱՅԿ — Այրիր տունը, կազատվես դրանցից:
ԱՆՆԱ — Ո՞ւր էիր, անհանգստանում էի, չգիտեի՝ քեզ որտեղ փնտրեմ, ես չեմ դիմանում անորոշությանը: Գլուխս սկսեց ցավել: (Սկսում է հաբեր կուլ տալ:)
ՀԱՅԿ — Մի՛ խմիր, դա քեզ խելագարության կհասցնի: (Վերցնում է ձեռքից:) Դու չափն անցնում ես:
ԱՆՆԱ — Ինձ մենակ մի թող, ես չեմ կարողանում դիմանալ մենակությանը, ախր ես քեզ սիրում եմ:
ՀԱՅԿ — Լո՞ւրջ ես ասում:
ԱՆՆԱ — Այո՛, սիրելի՛ս: (Փարվում է Հայկին:)
ՀԱՅԿ — (ազատվում է Աննայից:) Ուզում ես իմանալ` ես ի՞նչ եմ զգում… Ոչինչ: Նույնիսկ խղճահարություն չկա… Այդ մկրատներն ու սղոցները, այդ հիվանդագին երևակայությունը… Ես չկարողացա նորմալ մարդու պես ապրել: Ես չհամարձակվեցի մի ընկեր բերել տուն` ահա իմ կինը, ես ամուսնացել եմ:
ԱՆՆԱ — Դու ինձ չե՞ս հավատում, կարծում ես՝ ես ֆանտազիաներո՞վ եմ ապրում:
ՀԱՅԿ — Հավատում էի, որ փոքր ժամանակ մկրատով ընկերուհուդ մատներն ես կտրել: Բայց որ նա եկել է քո ետևից, ուզում է քեզ սպանել… կներես:
ԱՆՆԱ — Այսօր կիսալուսին է:
ՀԱՅԿ — Հետո ի՞նչ:
ԱՆՆԱ — Ասում էիր, որ կիսալուսինը քեզ վրա ազդում է:
ՀԱՅԿ — Հա, պապերիցս է ժառանգություն մնացել: Հենց տեսնում եմ, ձեռքերս քոր են գալիս:
ԱՆՆԱ — Ուզում ես ինձ սպանե՞լ, սպանի՛ր…
ՀԱՅԿ — Բավական է կեղծ սպանություն խաղաս: Եթե ցանկանայի քեզ սպանել, ինձ կիսալուսին հարկավոր չէր լինի: Գտիր մորդ ու միասին գնացեք բուժման. նա էլ քեզանից պակասը չի:
ԱՆՆԱ — Ուրեմն ինձ չե՞ս ուզում սպանել, ինչո՞ւ:
ՀԱՅԿ — Ցանկություն չունեմ, ոչ էլ ժամանակ: Եկա քեզ ասելու, որ գործուղման եմ գնում, ապրանք պիտի տանեմ արտասահման: Երկար եմ բացակայելու: Ո՞ւր ես դրել արդուկը, որին անվանում ես վառարան:
ԱՆՆԱ — Երկուսն էլ տաքացնում են:
ՀԱՅԿ — Բայց վառարանով վերնաշապիկ չես արդուկի:
ԱՆՆԱ — Երբ գործուղման ես գնում, վերմակը տաքացնում եմ արդուկով:
ՀԱՅԿ — Այս անգամ վառարանը դիր վերմակիդ տակ:
ԱՆՆԱ — Կարող եմ սիրեկան պահել վերմակի տակ:
ՀԱՅԿ — Այ դա չպիտի ասեիր:
ԱՆՆԱ — Ինչո՞ւ: Ամեն օր սպասում եմ՝ երբ է գալու իմ սիրելի ամուսինը, զանգահարում եմ ամեն տեղ: (Ձևացնում է, թե խոսում է հեռախոսով:) Ալո, սիրելի՛ս, որտե՞ղ ես թաքնվել, գրողը քեզ տանի… Եվ ոչ մի պատասխան:
ՀԱՅԿ — Վաղը կլինեմ հեռու, ծովից այն կողմ: Կպառկեմ ավազին, արևի տակ ու կմրափեմ: Եվ ոչ մի հիշողություն ինձ չի խանգարի երջանիկ լինել: Տիկին, մենք էլ ոչինչ չունենք ասելու, ամեն ինչ ասված է, մնաս բարով:
ԱՆՆԱ — Դու հաղթեցիր, փախիր, ես կմտածեմ, որ ամուսին չունեմ: Սպունգով կմաքրեմ մարմնիս վրայի մատնահետքերդ ու հանգիստ կքնեմ: Իսկ առավոտը հարևաններին կասեմ, որ ծովում խեղդվել ես, շնաձկներին կեր դարձել, և մի փոքրիկ ծաղկեփունջ կգցեմ կոյուղի: Չէ՞ որ կոյուղու ջուրը թափվում է ծով:
ՀԱՅԿ — Օգուտ չունի, ես քեզանից չեմ վիրավորվում:
ԱՆՆԱ — Քո մութ գործերի մասին կպատմեմ՝ ուր որ հարկն է:
ՀԱՅԿ — Դու ինձ զվարճացրիր… մտածում ես՝ այդ գործը մենակ եմ անում… Դու գիտե՞ս՝ ովքեր են կանգնած թիկունքիս… Այնպես մի արա, որ քեզ թաքցնեմ հոգեբուժարանում:
ԱՆՆԱ — Ես քեզ խղճում եմ, դու արժանի չես ինձ:
ՀԱՅԿ — Չեմ դիմանա, գիշերները չեմ քնի, ախորժակս էլ կփակվի:
ԱՆՆԱ — Դու այն մարդը չես, ում վրա կարող եմ հենվել:
ՀԱՅԿ — Ի՞նչ ես դրել իմ անունը:
ԱՆՆԱ — Ցախավել:
ՀԱՅԿ — Սա քեզ որպես ամուսնական փաղաքշանք: (Ապտակում է, վերցնում է ճամպրուկը, որ հեռանա:)
ԱՆՆԱ — (հարձակվում է): Անիծյա՛լ լինես, ես քեզ կսպանեմ: (Վերցնում է մկրատը, որը պայուսակի մեջ էր, որ հարվածի:)
Հայկը հրում է Աննային ու դուրս է գալիս:
ԱՐԱՄ — (բռնում է Աննային): Հանգստացիր: (Դադար🙂 Լավ ես պրծել նրանից:
Ներս է մտնում մատուցողը:
ՄԱՏՈՒՑՈՂ — Լանգետը պատրաստ է, տավարի գլուխն էլ դեռ խորովվում է:
ԱՐԱՄ — Այս պատմությունից ախորժակս փակվեց: Ի՞նչ աղմուկ է:
Նավի շչակի ձայնը:
ՄԱՏՈՒՑՈՂ — Նրանք հեռանում են. ամեն մեկը մի պարկ հող է տանում: Պարկի արժեքն է 10000 դրամ: 40 պարկ արդեն վաճառել եմ:
ԱՆՆԱ — Արի մենք էլ մի պարկ հող վերցնենք ու հեռանանք: Ծովի օդը նյարդերիս վրա դրական կազդի:
ԱՐԱՄ — Ես չեմ կարող քո երևակայության մեջ տեղավորվել: Ես ծանծաղ մարդ եմ: Իմ պատկերացրած կինը կյանքին պիտի նայի իրատեսորեն:
ԱՆՆԱ — Ինձ չես կարող մերժել, մենք միասին կլինենք: (Մատուցողին.) Իսկ դու ի՞նչ կասես…
ՄԱՏՈՒՑՈՂ — Ես չեմ թողնի իմ սրճարանը:
ԱՆՆԱ — Վախեցիր մեռյալից, նրա սուր հոտը կհասնի ոստիկանություն:
ՄԱՏՈՒՑՈՂ — Դուք շանտաժի՞ եք ենթարկում: (Դուրս է գնում:)
ԱՆՆԱ — Առավոտյան կարթնանանք անծանոթ երկրում. բնիկները մեզ կնայեն ակնածանքով:
ԱՐԱՄ — Օտար մարդկանց դժվար է հասկանալ: Լեզուն չգիտենք:
ԱՆՆԱ — Դա պատճառ չէ:
ԱՐԱՄ — Ես արկածախնդիր մարդ չեմ: Ծովը սարսափ է ներշնչում:
ԱՆՆԱ — Ինձ ասացիր, որ սիրում ես: Ուրեմն՝ սխալվել եմ:
ԱՐԱՄ — Սիրում եմ, բայց երևակայական խաղերն ինձ դուր չեն գալիս:
ԱՆՆԱ — Մարդն առանց երևակայության ոչինչ է: Գոնե մեկ անգամ վճռական եղիր, փորձիր կյանքին նայել այլ կերպ: Մի՞թե ամենօրյա աշխատանքը քեզ չի ձանձրացրել: Ես քեզ ծով եմ տանում, բաց ծով… (Նավի շչակի ձայնը:) Գնացինք, սիրելի՛ս, նավը մեզ է սպասում: Դու ինձ չես թողնի՝ մենակ նավարկեմ:
ԱՐԱՄ — Լավ: Գնանք… թող լինի, ինչ բարին է:
Դուրս են գնում, ներս է մտնում մատուցողը:
ՄԱՏՈՒՑՈՂ — Տավարի գլուխը պատրաստ է: (Տեսնում է, որ նրանք չկան🙂 Նրանց պիտի զգուշացնեի, որ վճարելը պարտադիր է: Սխալ ճանապարհ ընտրեցին. ինձ չվճարել անհնար է: Կյանքում անվճար ոչինչ չի տրվում: (Կտրոն է խփում: Վերցնում է դրամարկղի ապարատն ու դուրս է գալիս🙂
ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Առաջին պատկեր
Նավը բաժանված է երկու մասի, մի մասում նավապետն է, մյուսում՝ Արամն ու Աննան: Արամը նվագում է:
ԱՆՆԱ — Հենց նավահանգստից դուրս եկանք, փոթորիկը մեզ քշեց բաց ծով: Ծովի կենտրոնում պտտվում ենք, ոչ առաջ ենք լողում, ոչ էլ՝ ետ: Հեռվից լսվում էր ջրահարսերի երգը: Լսո՞ւմ եք: Ի՜նչ անուշ են երգում: Արամը դաշնամուրով ուզում է նրանց ձայնը խլացնել, ասում է՝ վտանգավոր է:
ԱՐԱՄ — Աննա՛, տախտակամած դուրս մի արի, նրանք քեզ ծով կքաշեն:
ԱՆՆԱ — Թող փորձեն: Մորիցս SMS եմ ստացել, գրել է, որ Հայկից հեռագիր է ստացել, մոտ օրերս տուն է գալու: Խելագարվել կարելի է… բավակա՛ն է նվագես, ես հենց այս պահին տանը պիտի լինեմ: Ամուսինս տուն գա՝ ի՞նչ կմտածի իմ մասին:
ԱՐԱՄ — Կմտածի, որ ծովի վրա ես:
ԱՆՆԱ — Ծաղրո՞ւմ ես… Դու նավապետին ասացի՞ր, որ անմիջապես ինձ հասցնի նավահանգիստ… Ամբողջ ծախսը վերցնում եմ իմ վրա. կրկնակին կվճարեմ:
ԱՐԱՄ — Նա ասաց, որ միայն Աստված կարող է իրեն հրամայել:
ԱՆՆԱ — Չեկը դրեցի՞ր սեղանին:
ԱՐԱՄ — Նույնիսկ վրան չնայեց:
ԱՆՆԱ — Ինչպես հայրս կասեր՝ փողը մութ տեղը լույս է տալիս: Իրեն ո՞ւմ տեղն է դրել, ինչո՞ւ է հրաժարվում մարդկային բնազդներից… Որովհետև հոգին վաճառել է սատանային: Դրա համար նավը տեղից չի շարժվում: Սպանի՛ր նրան, Աստված քեզ կների:
ԱՐԱՄ — Հանգստացիր, Աննա, դու չես հասկանում՝ ինչ ես խոսում:
ԱՆՆԱ — Մի վախեցիր, ես կգնեմ դատավորին, և նա կձևակերպի ինքնասպանություն. դու բանտ չես ընկնի:
ԱՐԱՄ — Առանց նավապետի նավը կխորտակվի:
ԱՆՆԱ — Ոչինչ, կարևորը, որ մենք կլինենք իրադրության տերը, մենք հաղթանակի ենք արժանի:
ԱՐԱՄ — Դու լողալ գիտե՞ս:
ԱՆՆԱ — Ո՛չ:
ԱՐԱՄ — Հենց լողալ սովորես՝ նավապետին կսպանեմ:
ԱՆՆԱ — Նա մեզ բռնի տանում է օտար երկիր, ստրկության:
ԱՐԱՄ — Մենք կամովին նավ նստեցինք:
ԱՆՆԱ — Հետո ի՞նչ… Լսո՞ւմ ես՝ ամբարում փակված մարդիկ երգում են. դա ստրուկի երգ է: Նա ուզում է, որ մենք երգենք:
ԱՐԱՄ — Նրանք ստրուկ չեն, նրանց տանում են աշխատելու:
ԱՆՆԱ — Գիտե՞ս՝ ինչ են անելու. 14 ժամ աշխատելու են, 8 ժամ՝ քնեն, և այդպես շարունակ:
ԱՐԱՄ — Ասա, որ կատակում ես. դու որտեղի՞ց գիտես:
ԱՆՆԱ — Սա Հայկի բիզնեսն է:
ԱՐԱՄ — Ասում էիր, որ նա պաշտոնյա է:
ԱՆՆԱ — Ասում էի, որ կարողանում է փող աշխատել:
ԱՐԱՄ — Եվ մարդիկ համաձայնվե՞լ են այդպիսի պայմաններին:
ԱՆՆԱ — Պատկերացրու մարդու, ով ամբողջ օրը նայում է մի կետի: Խելագարությունից փախչելու միակ հնարավորությունն է:
ԱՐԱՄ — Նրանց ի՞նչ անուն ես կպցրել:
ԱՆՆԱ — «Երազանքների կանխամտածված ամորձատում»:
ԱՐԱՄ — Ես ուրիշ բան չէի սպասում:
Դադար:
ԱՆՆԱ — Մենք իրար չենք ճանաչում… Պատահական հանդիպումներ ունեցանք ցամաքում, հետո հայտնվեցինք խորտակվող նավի վրա, միասին կարող ենք ծովի հատակում հայտնվել, բայց քո մասին ոչինչ չգիտեմ:
ԱՐԱՄ — Ի՞նչ ես ուզում իմանալ:
ԱՆՆԱ — Ամեն ինչ:
ԱՐԱՄ — Սկսե՞մ մանկապարտեզից:
ԱՆՆԱ — Սկսիր դպրոցից:
ԱՐԱՄ — Ես վատ էի սովորում: Չէի հասկանում ուսուցիչներին: Նրանք էլ՝ ինձ: Ես լուռումունջ, անկյուն քաշված տղա էի: Փորձեցի տարբեր գործեր, առևտուր, տակ տվեցի ու երդվեցի երբեք դախլի ետևում չհայտնվել: Սկսեցի նվագել, երգեր գրել, ուզեցի կոնսերվատորիա ընդունվել, կտրվեցի, երեկոները նվագում եմ ռեստորանում: Ահա և վերջ:
ԱՆՆԱ — Ոչինչ չասացիր անձնական կյանքիդ մասին:
ԱՐԱՄ – Դե, ռեստորանում պոռնիկներ շատ կային:
ԱՆՆԱ — Այնքան անտարբեր ես խոսում. մի սեքսուալ բան պատմիր:
ԱՐԱՄ — Ամենասեքսուալը դու էիր, միանգամից հանձնվեցիր, ես չհասցրեցի նույնիսկ մտածել: Հետո եղավ… ուզում ես՝ շարունակե՞մ:
ԱՆՆԱ — Ոչ, մնացածը գիտեմ: (Նավը ճոճվում է, նրանք ընկնում են իրար վրա, Աննան ուզում է դուրս պրծնել Արամի ձեռքերի միջից:) Բա՛ց թող, մի օգտվիր իրավիճակից: Չորս կողմը ծով է, ջուր, փախչել չես կարող: Մի բան մտածիր՝ այս վիճակից դուրս գանք:
ԱՐԱՄ — Ես ամենակարող չեմ:
ԱՆՆԱ — Դա հենց առաջին օրը երևաց:
ԱՐԱՄ — Դեռ դժգո՞հ ես, այ քեզ սեքսուալ մոլագար:
ԱՆՆԱ — Դու խոստացար ինձ պաշտպանել:
ԱՐԱՄ – Համբերիր, մինչև Աստված կամենա հանդարտեցնել ալեկոծ ծովը:
ԱՆՆԱ — Հույսս դնեմ Աստծո վրա, մինչև ե՞րբ: Ես ինչքա՞ն եմ փակված մնալու այս գարշահոտ սենյակում: Իսկ եթե Աստված չկամենա… մենք հանգիստ նստած ենք սենյակում: Ոչ մի բան չենք ձեռնարկում: Հետո գլուխներս պատին ենք խփելու, որ այս բանը չարեցինք… Ես չեմ ուզում խաղալիք լինել: Ես չեմ ուզում խեղդվել:
ԱՐԱՄ — Հանգստացիր, ոչինչ էլ չի սպառնում մեզ: Նավապետն ասաց՝ երկու օրից կհանդարտվի: Մոտեցիր ինձ, ասում են՝ սեքսը նյարդերը հանգստացնում է:
ԱՆՆԱ — Դու միշտ հիշիր, ես ամուսնացած կին եմ ես սիրում եմ ամուսնուս, նա էլ ինձ է սիրում: Մենք երջանիկ ենք:
ԱՐԱՄ — Իսկ ես ո՞վ եմ քեզ համար:
ԱՆՆԱ — Այն գիշեր դու ինձ հարբեցրիր ու գայթակղեցիր, ես պատահականության զոհ եմ:
ԱՐԱՄ — Այ թե բան հնարեցիր. անունը ի՞նչ ես դրել:
ԱՆՆԱ — «Սանձարձակ օրգազմի հիմարություն», ես պարտավոր եմ վաղը լինել տանը, որ հանդիպեմ ամուսնուս:
ԱՐԱՄ — Այսքանից հետո կարո՞ղ ես նրա հետ մտնել անկողին:
ԱՆՆԱ — Կատարելու եմ ամուսնական պարտականությունները:
ԱՐԱՄ — Առավոտյան ինքդ քեզնից չե՞ս զզվելու:
ԱՆՆԱ — Երբ արթնանամ նրա գրկում, քեզ մոռացած կլինեմ: Մեր հարաբերությունները թյուրիմացություն էին:
ԱՐԱՄ — Ձանձրույթից փախչելու համար եկա քեզ հետ, հիմա կրում եմ պատիժը: Ի՞նչ նվագեմ քեզ համար:
ԱՆՆԱ — Մի բան, որն ինձ դուր չգա:
ԱՐԱՄ — Պատվերն ընդունված է:
Սկսում է նվագել:
Երկրորդ պատկեր
Նավապետ Տիկի նավախցիկը: Նա ռոմ է խմում ու երգում:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Օվկիանոսն է ցցել իր բաշը,
Պոսեյդոնն է մռնչում վրաս,
Մի բաժակ ռոմ, որ չլսեմ նրա քրքիջը
Հաղթանակը իմն է լինելու:
Ռոմ, ռոմ, ռոմ, մի բաժակ ռոմ
Հաղթանակը իմն է լինելու:
(Գոռում է🙂 Այ դու թրջվա՛ծ մուկ, ինձ ռոմ հասցրո՛ւ, կոկորդս չորացել է: (Ոտքի է կանգնում, նայում է ծովին🙂 Ծովը մոլեգնել է, կոկորդ է պատռում: Ալիքները ծեծում են նավիս կողոսկրերը, նավապետ Տիկը երբեք չի հանձնվում: (Դադար, քայլում է🙂 Ոչ մի նավապետ այսպիսի եղանակին ծով դուրս չէր գա, իսկ ես պարզեցի առագաստներս, մխրճվեցի ալիքների մեջ: (Գոռում է🙂 Ետ մի՛ նայիր, իմ սավառնո՛ղ նավ, ոչ մի երկնային ուժ մեզ չի վախեցնի: Գուցե սխալվեցի, բայց արդեն ուշ է: Արդեն քանի օր է՝ պտույտ եմ տալիս ծովի կենտրոնում: Ես ի՞նչ մեղք եմ գործել, որ ծովի աստվածն ինձ չի ներում: Նեղն է գցել, ուզում է, որ վճարեմ: Ի՞նչ է ուզածդ, արյո՞ւնսս ես ուզում խմել, ահա քեզ իմ արյունը (կտրում է բազուկը), միայն թե նավս չխորտակես: Թե՞ ուզում ես՝ նվաստանամ ու ծնկի գամ քո առջև: Երբե՛ք: Նավապետ Տիկը կանգնած է քո առջև, մահից չի վախենում: Հարգանքի տուրք տուր մահկանացուներից մեծագույնին. եթե ամբողջ ծովը շուռ տաս նավիս վրա, մենք կդիմանանք: Մահ կամ ռոմ, ռոմ, մի բաժակ ռոմ, կոկորդս թրջեմ, երկինք համբառնամ:
Ներս է մտնում նավաստին, ռոմի շիշը դնում է սեղանին:
ՆԱՎԱՍՏԻ — Նավապետ, դու խմում ես…
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Դու ճիշտ ժամանակին եկար, հակառակ դեպքում ծովն էի նետելու: (Բացում է շիշը:) Կյանքը կռիվ է…
ՆԱՎԱՍՏԻ — Նավապետ, փոթորիկը չի հանդարտվում, կարող ենք խորտակվել:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Ի՞նչ ասացիր, չհամարձակվես այդ հիմար բառն օգտագործել: Ես քեզ ասել եմ՝ անունդ փոխիր, մի խայտառակիր մեծ զորավարին:
ՆԱՎԱՍՏԻ — Ջուրն ամբարն է լցվում, նավը ծանրանում է:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Իմ նավն ինձ չի դավաճանի: (Խմում է:)
ՆԱՎԱՍՏԻ — Նավապետ, սթափվիր, պահը օրհասական է, ջրահարսերն են արդեն երգում:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Կանգնիր ղեկի առջև, ականջներդ փակիր ու ձայնդ կտրիր:
ՆԱՎԱՍՏԻ — Ես քսան տարեկան եմ, չեմ ուզում մեռնել:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Ես չեմ քո կյանքի տերը… ի՞նչ աղմուկ է:
ՆԱՎԱՍՏԻ — Ամբարում փակված մարդիկ ապստամբում են:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Ի՞նչ, իմ նավում խռովությո՞ւն է հասունանում: Եթե շարունակեն աղմկել, գցիր ծովը՝ շնաձկներին կեր:
ՆԱՎԱՍՏԻ — Ախր նրանք բանվորներ են, ինժեներներ, գիտնականներ՝ խելացի, ուսում առած մարդիկ:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Բարի ախորժակ… Էլ ի՞նչ կա:
ՆԱՎԱՍՏԻ — Այն կինը ուզում է ձեզ տեսնել:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Դու նրան ասացի՞ր՝ ոչ ոքի չեմ ընդունում:
ՆԱՎԱՍՏԻ — Իմ փաստարկներին ուշադրություն չդարձրեց:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Նա ինձ լավ չի ճանաչում. նրա քմահաճույքների համար նավս չեմ խորտակի:
Կամաց ներս է մտնում Աննան:
ԱՆՆԱ — Իսկ ինչո՞ւ ոչ:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Դուք կարծում եք՝ ես խելագա՞ր եմ:
ԱՆՆԱ — Ո՛չ, նավապե՛տ, բայց պատրաստ եք կատարելու իմ փոքրիկ ցանկությունը:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Ինչո՞ւ:
ԱՆՆԱ — Ինձ համար բոլորն են խենթանում, իսկ դա նույն բանն է:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Մեզ մենակ թող: (Նավաստին դուրս է գնում:) Ռոմ չե՞ք խմի:
ԱՆՆԱ — Հաճույքով, նավապե՛տ:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Որ գեղեցիկ եք, հմայիչ, չէի կասկածում: Ձեր փայլը իմ մռայլ խուցը լուսավորեց: Ձեր կենացը, տիկի՛ն:
ԱՆՆԱ — Մեր կենացը, նավապե՛տ: (Խմում են:) Մենք այնքան իրար նման ենք:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Դուք կաղո՞ւմ եք, ձեր մի աչքը չի՞ տեսնում:
ԱՆՆԱ — Նկատի ունեմ, որ նույն նյութից ենք արարված: Լսո՞ւմ եք, ծովն ինչպես է ոռնում:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Վախենո՞ւմ եք:
ԱՆՆԱ — Ձեզ հետ, նավապետ, աշխարհի ծայրն էլ կգնամ:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Էլ ո՞ւմ ենք սպասում: Կյանքը հավերժ չէ: Ես բաց կթողնեմ վագրաձիուս կապանքները: (Գրկում է Աննային:)
ԱՆՆԱ — Նավապետ, դուք իսկական ծովագայլ եք:
Երաժշտություն, նրանք պարում են:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Դուք ինձ գերեցիք առաջին հայացքից: Առագաստներս փքվել են, գլխապտույտ առաջ եմ մղվում: Օ՜, կախարդական ժամ… Տիկին, մենք պիտի ցանկանանք բարեհաջող նավարկություն: Մենք կլինենք մեկ մարմին՝ չորս ձեռքերով, չորս ոտքերով, անդունդը կգլորվենք ու կզգանք ճայթյուն:
ԱՆՆԱ — Հենց առաջին ճայթյունից կնմանվես լխկած լոլիկի:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Տիկի՛ն, դա պահանջում է ողջախոհությունը:
ԱՆՆԱ — Իսկ սերունդները մեզ չե՞ն մեղադրի անբարոյականության մեջ:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Այդ տհաս երեխաները մեզ չեն հասկանա: Չորս կողմը ծով է, փոթորիկ, բայց անսանձ կիրքը մեզ քաշում է անկողին: Այն, ինչ կկատարվի այստեղ, կմնա հոգուս մեջ, խոստանում եմ:
ԱՆՆԱ — Իսկ ինքս ինձ ինչպե՞ս արդարացնեմ:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Հանկարծակի բռնկված կիրքը մեզ դարձրեց անզոր, մենք չկարողացանք դիմադրել գայթակղությանը: Մահը կնոջ գրկում անմահություն է… (Ուզում է բռնանալ:)
ԱՆՆԱ — Հանգստացե՛ք, նավապե՛տ… Դե բավակա՛ն է ձեզ հիմարի պես պահեք: (Ջուր է լցնում վրան:) Սա ձեր օգտի համար է:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Դաժան կին եք, ոտից գլուխ թրջվեցի:
ԱՆՆԱ — Ծովագայլը ջրից չի վախենա:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Ես ծիծաղելի վիճակում հայտնվեցի:
ԱՆՆԱ — Դուք կարող եք հարբուխ ստանալ ու մեռնել: Սրբվեք:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ – Ես գիտեմ՝ ճակատագիրը երբ ինձ կսպանի: Եվ այսպես, տիկին, ինչո՞վ կարող եմ ձեզ օգտակար լինել:
ԱՆՆԱ — Ես պահանջում եմ հենց հիմա ինձ նավահանգիստ հասցնել:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Դա անհնար է:
ԱՆՆԱ – Ալեկոծությանը էլ չեմ դիմանում: Ցամաքը մո՞տ է:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Նավս կխփվի ժայռերին ու կխորտակվի: Ստիպված ենք համբերել: Նայեք, ինչ ահռելի ալիքներ են:
ԱՆՆԱ — Դուք չե՞ք կարող ալիքները սանձել:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Դժբախտաբար տարիքն իրենն անում է, այն ժամանակ, երբ ջահել էի, անմիջապես կխրվեի ալիքների մեջ, կռիվ կտայի, բայց այսօր ընդունում եմ նրա իշխանությունը: Աստված մեզ պատժում է:
ԱՆՆԱ — Ինչո՞ւ, մենք ի՞նչ վատ բան ենք արել:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ – Ի՞նչ իմանամ, ձեզանից և ոչ մեկին չեմ ճանաչում: Լսո՞ւմ եք, ինչպես են ոռնում ծովահարսերը, նրանք անհամբեր սպասում են՝ երբ ենք ջրասույզ լինելու:
ԱՆՆԱ – Աստվա՛ծ իմ…
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Հույսդ մի կորցրու: Իմ նավը շատ փորձությունների է դիմացել:
ԱՆՆԱ — Ինչքա՞ն համբերեմ. մեկ օր, մեկ ամիս. այս տաշտակը նրանց ձեռքին խաղալիք է դարձել:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Ի՞նչ, իմ նավը տաշտա՞կ է: Մենք ծովից ծով ենք անցել, օվկիանոսներ կտրել, բայց մենք կանք, կլինենք, մեզ անհնար է խորտակել:
Ներս է մտնում նավաստին:
ՆԱՎԱՍՏԻ — Նավապե՛տ, փոթորիկն ուժգնանում է, ամբարում մեծ անցք է բացվել, մարդիկ խեղդվում են:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Ցռուկն ուղղիր ալիքներին ընդառաջ: Գալիս եմ: (Նավաստին դուրս է վազում:) Տիկի՛ն, աղոթե՛ք ձեր հոգու փրկության համար:
ԱՆՆԱ — Նավապետ, իմացեք, մենք անմեղ ենք: Մենք զոհ ենք նախանձի:
Նավապետը դուրս է գնում, Աննան գնում է իր նավախցիկը: Արամը ինքնամոռաց նվագում է:
ԱՆՆԱ — Բավական է, մի՞թե չես տեսնում՝ ինչ է կատարվում աշխարհում:
ԱՐԱՄ — Իսկ ի՞նչ է կատարվում. երաժշտությունից բարձր ոչինչ չկա:
ԱՆՆԱ — Դու կույր ես, դու ոչինչ չես տեսնում:
ԱՐԱՄ — Միայն թե կարողանայիր ինձ նման տեսնել:
Դուռը թակում են:
ԱՆՆԱ — Մտեք: (Ներս է մտնում մատուցողը, կանգնում է դռան առջև ու լռում🙂 Դուք մեզ ասելի՞ք ունեք… Մտել եք ներս, բարի եղեք բառեր ասել: Մարդ Աստծո, խոսեք:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ես ներքևում էի, նրանց հետ: Վերջապես դուռը բացեցին, կարողացա դուրս պրծնել, բարաքից վատ հոտ է գալիս… Ջուրը լցվում է: Ես եկա ասելու ձեզ…
ԱՆՆԱ — Հիմա էլ սա է գլուխկոնծի տալու:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ոչ, ես եկա ասելու, որ դուք մոռացաք ինձ վճարել: Դուք ինձ չզգուշացրիք, որ, մեղմ ասած, հեռանալու եք առանց վճարելու:
ԱՆՆԱ — Ինչի՞ մասին է խոսքը:
ՄԱՏՈՒՑՈՂ — Դուք պարոնի հետ սրճարանում էիք. այն սրճարանում, որտեղ ես սպանեցի սրճարանատիրոջը: Դուք պատվիրեցիք տավարի գլուխ՝ համեմված սխտորով: Ես կատարեցի ձեր ցանկությունը և երբ վերադարձա, տեսա, որ դուք չկաք:
ԱՆՆԱ — Մենք ուշանում էինք, նավի շչակը լսվեց, մենք գնացինք: Այդ պահին դուք սրճարանում չէիք:
ՄԱՏՈՒՑՈՂ — Դուք պարտավոր եք վճարել:
ԱՆՆԱ — Հենց այս օրհասական պահի՞ն հիշեցիք:
ԱՐԱՄ — Կվճարենք, չենք փախչի, վաղն արի:
ՄԱՏՈՒՑՈՂ — Վաղն ուշ կլինի:
ԱՐԱՄ — Ինչքա՞ն ենք վճարելու:
ՄԱՏՈՒՑՈՂ — Մեկ վայրկյան: (Հանում է դրամահաշվիչն ու հաշվում🙂 300 000 դրամ, գումարած՝ թեյավճարը:
ԱՐԱՄ — Սա թալան է, մենք ոչինչ չենք կերել:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ես բերել եմ ինձ հետ: (Հանում է տոպրակից տավարի գլուխը:) Կարմրացրել եմ թոնրի մեջ, համեմել սխտորով, կարող եք ուտել:
Աննան ու Արամը հոտ են քաշում, զզվանքով ետ քաշվում:
ԱՆՆԱ — Ֆո՛ւ, հոտ է գալիս:
ԱՐԱՄ – Ուտենք՝ կթունավորվենք:
ՄԱՏՈՒՑՈՂ — Տավարի գլուխը համեղ է, երբ տաք-տաք են ուտում, իսկ դուք փախաք:
ԱՐԱՄ — Մենք հրաժարվում ենք ուտել:
ՄԱՏՈՒՑՈՂ — Պատվիրել եք, պարտավոր եք ուտել, ես մեղավոր չեմ, որ փախաք, ոչ էլ տավարի գլուխն է մեղավոր:
ԱՆՆԱ — Նրա վրա որդեր են երևում:
ԱՐԱՄ — Մենք չենք վճարի, տավարի գլուխը հոտած է, ծովը թափիր:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ուտելիքը ծով չեն թափում, ուտելիքը ուտում են:
Դադար:
ԱՆՆԱ — Սրճարանը ո՞ւմ ես թողել:
ՄԱՏՈՒՑՈՂ — Դուք փախաք իմ սրճարանից ու չվճարեցիք: Ես ստիպված եղա հետապնդել ձեզ… Աֆրիկայում մենք որսի էինք դուրս գալիս օրերով, հետապնդում էինք, մինչև որսը հյուծված ծնկի գար:
ԱՆՆԱ – Լսեցի՞ր, մենք նրա որսն ենք:
ԱՐԱՄ — Մենք տավարի գլուխ չենք պատվիրել և պարտավոր չենք վճարել:
ՄԱՏՈՒՑՈՂ — Չի կարելի հեռանալ առանց վճարելու, մարդը կերածի համար պիտի վճարի, ես պետությանը հարկատու եմ: (Աֆրիկական պար է պարում🙂
ԱՆՆԱ — Նայիր, դեմքը գազանի նմանվեց, շարժումներն առյուծի են, պատրաստվում է մեզ ուտել:
ԱՐԱՄ — Ահա ինչ է կատարվում մարդու հետ, երբ փողը պակասում է:
ԱՆՆԱ — Նա կատաղում է, լսեցի՞ր, ոնց մռնչաց:
ԱՐԱՄ — Փողի համար այսքան ցած ընկնե՞լ, վիրավորական է:
ԱՆՆԱ — Սիրելի՛ մատուցող, մենք կվճարենք, հենց հիմա, միայն հանգստացիր:
ԱՐԱՄ — Դու քո գործը լավ գիտես: Կարծես մարդու է նմանվում:
ԱՆՆԱ — Խոստացիր ցանկացած պահի իմ կողքին լինել:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ես պատրաստ եմ ձեզ ծառայել:
ԱՆՆԱ — Մեզ շամպայն բեր:
ՄԱՏՈՒՑՈՂ — Նավում շամպայն չկա, միայն ռոմ է:
ԱՆՆԱ — Լավ, թող ռոմ լինի, հիմա կվճարեմ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Երբ ռոմը բերեմ, այնժամ կվճարեք բոլորի համար: (Դուրս է գնում:)
ԱՆՆԱ — Դա ի՞նչ էր, ի՞նչ կատարվեց նրա հետ, մարդ էր, վերածվեց գազանի, հետո՝ մարդու, վերջում ժպտաց, քաղաքավարի գլուխ տվեց: Մենք նրան չէինք ճանաչում:
ԱՐԱՄ — Զգույշ եղիր, նրա աչքերին չնայես, վտանգավոր է: Կեր, քանի դեռ մատուցողը չի եկել:
ԱՆՆԱ – Երբե՛ք:
Մթություն:
Երրորդ պատկեր
Նավաստին գրկել է ղեկանիվը, վախեցած չորս կողմն է նայում: Կաղալով ներս է մտնում նավապետ Տիկը, նայում է երկնքին, մռայլվում է, մոտենում է նավաստուն:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Տղա՛, քնա՞ծ ես:
ՆԱՎԱՍՏԻ — Ո՛չ, նավապետ Տիկ:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Ասում են՝ ուրվականներ ես տեսնում:
ՆԱՎԱՍՏԻ — Այո՛, նավապետ: Երեք օր է՝ գիշերվա կեսին հայտնվում են: Սարսափից քարանում եմ:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Ի՞նչ տեսք ունեն:
ՆԱՎԱՍՏԻ — Հնարավոր չէ նրանց դեմքերը տեսնել: Դիմագծերը երկարում են, լողում են տարածության մեջ ու անհետանում: Ամենից սարսափելին նրանց աչքերն են՝ կարմիր գույնի…
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Փորձեցի՞ր նրանց հետ խոսել:
ՆԱՎԱՍՏԻ — Ես չգիտեմ՝ նրանց հետ ինչպես են խոսում: Կարծում ես, նրանց հետ կարելի՞ է խոսել, իսկ եթե…
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Իսկ եթե ի՞նչ… Դու նրանց հետ պետք է խոսեիր մարդու նման. պահանջեիր՝ ներկայանային: Հետո ի՞նչ եղավ:
ՆԱՎԱՍՏԻ — Նրանք վրաս ջուր լցրեցին, մազերս ու ականջներս քաշեցին ու ծիծաղեցին. ես ոչինչ չէի կարողանում անել, կաշկանդվել ու հուսահատ նայում էի նրանց: Ես ինձ կապեցի ղեկանիվին, որ ծով չնետեն:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Իսկ ինչո՞ւ են քեզ երևում, ոչ թե ինձ:
ՆԱՎԱՍՏԻ — Ժամը 24-ին դուք էլ կարող եք նրանց տեսնել…
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Տարօրինակ է: Օձն իր պորտով, հավքն իր թևով չէր համարձակվում նավս մուտք գործել, իսկ նրանք եկել են… Ուղիղ կեսգիշերին բոլոր ուղևորները տախտակամածում լինեն: Իմ նավը մեղքերը քավելու վայր չէ, ես էլ Աստված չեմ: Կասես նրանց՝ թող պատրաստվեն ինձ հետ հանդիպման, հասկացա՞ր:
ՆԱՎԱՍՏԻ — Լսում եմ, նավապե՛տ:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Եթե ուրվականները նրանց պատճառով են հայտնվել ու թույլ չեն տալիս նավս առաջ գնա, բոլորին ծովը կնետեմ, չեմ խնայի նաև քեզ:
Գնում է իր նավախցիկը: Գալիս են Աննան ու Արամը:
ԱՆՆԱ — Արդեն երեսուն օր է՝ ոչ առաջ ենք լողում, ոչ ետ, պտույտ ենք տալիս տեղում: Մի՞թե այստեղ ենք ծերանալու:
ԱՐԱՄ — Մի՞թե երեսուն օր անցավ:
ԱՆՆԱ — Ինձ համար ամեն վայրկյանը երեսուն օր է: Մենք այնքան էինք երազում նոր կյանք սկսել, ապրել ազատ ու երջանիկ: Խաաբուսիկ հույսեր, մոռացված մարդիկ… Ի՞նչ կարծիքի ես, մեզ չե՞ն որոնում:
ԱՐԱՄ — Ովքե՞ր:
ԱՆՆԱ — Մեծ տերությունները, միջազգային ուժերը, Հնդկաստանն ու Չինաստանը, Ամերիկան, վերջապես Ռուսաստանը:
ԱՐԱՄ — Նրանք կմտածեն, բայց տեղից չեն շարժվի. փրկությունը փող արժե:
ԱՆՆԱ — Ես պատրաստ եմ իմ զարդերը նվիրել նրանց:
ԱՐԱՄ — Ռոմ խմիր ու մոռացիր:
ԱՆՆԱ — Նրանք պարտավոր են մեզ փրկել:
ԱՐԱՄ — Ինչո՞ւ:
ԱՆՆԱ — Ինչպե՞ս թե՝ ինչու, մենք մարդ ենք, Նոյից ենք սերվել:
ԱՐԱՄ — Ինչքան շատ մարդ մեռնի, այնքան երկրագունդը կթեթևանա:
ԱՆՆԱ — Ես ընդամենը 60 կիլոգրամ եմ… Հենց իմ հաշվի՞ն երկիրը պիտի թեթևացնեն: Դու ինձ խոստացար երջանիկ կյանք, լավ օրեր:
ԱՐԱՄ — Ես քեզ ոչինչ չեմ խոստացել:
ԱՆՆԱ — Անհաջողակ երաժիշտ, կյանքս կործանեցիր: Լավ կլիներ, որ չհանդիպեինք:
ԱՐԱՄ — Արի ռոմ խմենք, ռոմ, ռոմ, ռոմ, հաղթանակը մերն է լինելու:
ԱՆՆԱ — Փորձեցի նոր կյանք սկսել, ընկա թակարդը:
ԱՐԱՄ — Ի՞նչ անուն ես կպցրել:
ԱՆՆԱ — «Փորսուղը մթության մեջ»:
ԱՐԱՄ — Կարողանում ես դիպուկ անուններ կպցնել: Շատ մի մտածիր, միջազգային ուժերը գալիս են, արդեն կոշիկներն են հագնում, փրկությունը մոտ է:
ԱՆՆԱ — Այնքան ծրագրեր ունեի, այնքան երազանքներ: Հիմա եմ հասկանում, երջանիկ օրերը սովետի ժամանակ էր. մեկ կուսակցություն, մեկ ընտրություն, նույնիսկ բերկրանք էինք ստանում:
ԱՐԱՄ — Քնիր, մինչև ծովը հանդարտվի:
ԱՆՆԱ — Այս ծովը երբեք չի հանդարտվի:
ԱՐԱՄ — Առավոտյան արևը կծագի:
ԱՆՆԱ — Չի ծագի, խավար է, մութ, ուրվականներն են պտտվում նավի վրա:
ԱՐԱՄ — Քնիր ու հանգստացիր:
ԱՆՆԱ — Ես ուզում եմ քնել, աչքերս փակվում են, բայց ուղեղս է աշխատում, վատ բաներ է մտածում: Ես չեմ կարողանում զսպել հոգուս ճիչը:
ԱՐԱՄ – Ճչա՝ կհանգստանաս:
ԱՆՆԱ — Ո՞վ եմ ես, ինչո՞ւ եմ փախչում: Դու ճանաչո՞ւմ ես մի կնոջ, ում անունը Աննա է:
ԱՐԱՄ — Առաջին անգամ եմ տեսնում:
ԱՆՆԱ — Խեղճ Աննա, նույնիսկ սիրեկանդ քեզ չճանաչեց: Երանի նրան, ով ինքն իրեն ճանաչում է:
Գալիս է նավաստին:
ՆԱՎԱՍՏԻ — Նավապետը հրամայեց ժամը 24-ին բոլորը լինեն տախտակամածի վրա:
ԱՐԱՄ — Դո՞ւ ես ուրվականներին տեսնում:
Մթություն:
Պատկեր չորրորդ
Տախտակամած են գալիս Աննան, Արամը, Մարիամը, մատուցողն ու նավաստին: Ցուրտ է, մրսում են, բարաքից լսվում է մարդկանց երգը:
ԱՆՆԱ — Ծիծաղելի վիճակի մեջ ենք հայտնվել, դողում ենք երեխայի նման:
ՆԱՎԱՍՏԻ – Մի վախեցեք, նավապետն այնքան էլ սարսափելի չէ:
ԱՆՆԱ — Ցուրտ է, հիմար, ցրտից ենք դողում: Ինչո՞ւ է ուշանում:
ՆԱՎԱՍՏԻ — Նա իրավունք ունի ուշանալու:
ԱՐԱՄ — Ցույց է տալիս իր իշխանությունը:
ԱՆՆԱ — Մինչև ոսկորներս սառել եմ, արի նավախցիկ գնանք:
ՆԱՎԱՍՏԻ — Չի կարելի, հրամայված է՝ բոլորը լինեն տախտակամածում:
ԱՆՆԱ — Ես նրա նավաստին չեմ, ես ազատ մարդ եմ:
ՆԱՎԱՍՏԻ — Դուք նրա նավի վրա եք:
ՄԱՏՈՒՑՈՂ — Կարող եմ առաջարկել ռոմ. մի կում խմենք կտաքանանք:
Բոլորը խմում են:
ԱՆՆԱ — Այս նվաստացման համար նրան չեմ ների:
ԱՐԱՄ — Նա շատ կտխրի:
ՆԱՎԱՍՏԻ – Ուշադրությո՛ւն, նավապետ Տիկը գալիս է:
Կաղալով ներս է մտնում նավապետը, մռայլ հայացք է գցում նրանց վրա: Խոսելիս կարծես մռնչա:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Բոլո՞րն են այստեղ:
ՆԱՎԱՍՏԻ — Այո՛, նավապետ:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Փոթորիկ է, իսկ մենք կարծես չենք տեսնում, ոչ էլ լսում ենք նրա մռնչոցը: Նայեք ձեր չորս կողմը, աղի ջուր է, շնաձկներով լի, իսկ ծովահարսերի երգը ինչքան էլ քաղցր հնչի՝ որոգայթ է: Վախեցեք քաղցր երգերից, վախեցեք, երբ դեմքիդ ժպտում են: (Դադար:) Ուշքի եկեք, տիկնայք ու պարոնայք… (Աննան զկրտում է:) Նորից եմ կրկնում… Ուշքի եկեք, վաղը ուշ կլինի: (Աննան զկրտում է, բոլորը նրան են նայում:) Ահռելի ալիքները թափվում են նավիս վրա, ուզում են խորտակել, ուզում են ծվեն-ծվեն անել, ուզում են խեղդել: Այդժամ մենք կհայտնվենք ծովի հատակում:
ԱՆՆԱ — (զկրտում է): Մենք կխեղդվե՞նք:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Իմ հպարտ նավ, իմ զինակից ընկեր, մենք միասին ծովից ծով ենք անցել, լողացել ենք մարդակերների միջով: Անմահություն չկա: Դուք՝ տիկի՛ն, ճիշտ ընկալեցիք, բայց… նավապետ Տիկը ողջ է… երբեք չի հանձնվի:
ԱՆՆԱ — (զկրտում է): Չգիտեմ՝ ի՞նչ է կատարվում ինձ հետ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ջուր խմեք: (Նրան է մեկնում շիշը, Աննան խմում է:)
ԱՆՆԱ — (զկրտում է): Չօգնեց:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Այս դժնդակ պահին կարող եք խոստովանել… ի՞նչ եք գողացել, տիկին:
ԱՆՆԱ — Դուք չեք կարող մեղադրել ինձ գողության մեջ:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Նավաստի, պարան կապիր առագաստակայմից:
ՆԱՎԱՍՏԻ — Լսում եմ:
ԱՆՆԱ — Նավապե՛տ, ես չգիտեմ՝ ինչ եմ գողացել:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Հետո կիմանանք: (Դադար:) Կարծես էլ չեք զկրտում, կատակում էի… Եվ այսպես, տիկնա՛յք ու պարոնայք, նավս ոչ առաջ է լողում, ոչ էլ ետ: Դա մահ է: Ամբողջ աշխարհի նավերը լողում են առաջ, իսկ մենք տեղում պտույտ ենք տալիս: Եվս մի քանի օր, ու մենք կխորտակվենք: Պատճառը մեկն է. դաժան ու վրեժխնդիր հոգիներ ներխուժել են իմ նավը. դատը տեղի կունենա հենց այստեղ: Մեղավորին կնետենք ծովը: Գիշերվա կեսին նրանք կհայտնվեն, ու մենք կլսենք նրանց քրքիջը: Նրանք մեզ վրա են ծիծաղում: Ալեքսա՛նդր, ցույց տուր՝ ինչպես են ծիծաղում:
ՆԱՎԱՍՏԻ — Հ հ հ, հի, հի, հի, գռմռգռ, դռդռդռ, հետո երեխաներ են ծիծաղում, սղոցի ձայն, մկրատի ճայթոց:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Ում նյարդերը թույլ են, թող ռոմ խմի: Ձեզանից ո՞վ է ցամաքի վրա մեղք գործել, այնպիսի մեղք, որ չեք կարողանում մարսել:
ԱՆՆԱ — Դե բնական է, նրանք Մարիամին են փնտրում, նետեք նրան ծովը, ու հարցը կլուծվի:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Կարծում ես՝ նա ամենամեծ մեղսագո՞րծն է… Խոսեք, պարոննե՛ր… Մենք իրավունք չունենք լռելու…
ԱՐԱՄ — Սեփական երեխաներին սպանելը ամենամեծ մեղքն է:
ՄԱՐԻԱՄ — Նրանք ամեն օր ինձնից հաց էին ուզում, ես չէի կարողանում նրանց կերակրել:
ՄԱՏՈՒՑՈՂ — Բոլորս էլ ի ծնե դատապարտված ենք մեղքեր գործելու: Մարդուն այդպիսին են ստեղծել, դա է կյանքի առաջ մղող ուժը: Իսկ թե ամենամեծ հանցանքը Մարիամինն է, թող Աստված որոշի: Դա նրա գործն է: Մենք սովորական մահկանացու ենք:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Թողնենք Աստծո արդար դատաստանի՞ն, տեղին չէ, մենք հենց հիմա պիտի որոշում կայացնենք: Ո՞վ է ուզում խոստովանել… Լավ, առաջինը ես կփորձեմ: (Դադար:) Ես ցամաքում չկարողացա դիմանալ մարդկային անմտությանը: Նավ գնեցի, դուրս եկա բաց ծով: Ծովը դիմավորեց ինձ փոթորիկներով, բայց ես դիմացա. առա՛ջ, իմ անվեհեր նավ, երբեք ետ մի նայիր: Նա հանդուրժեց իմ գոյությունը. արդեն քանի տարի է՝ նավարկում եմ: Ճիշտ է, կորցրել եմ աչքս, ոտքիս մի մասը, բայց ես կամ, կանգնած եմ իմ նավի վրա: Եթե հոգիները մեղքս համարեն ամենածանրն ու մատով ինձ ցույց տան, ես ծովը կնետվեմ, որպեսզի իմ մահը ձեզ փրկություն բերի: Եթե, իհարկե, դուք արժանի եք… Ես վերջացրեցի, հաջորդը ո՞վ է:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ես մեղավոր չեմ: Աֆրիկայում ընդունված է՝ ուժեղը ուտում է թույլին. ինչպես առյուծն ուտում է եղնիկին, վագրը՝ գոմեշին: Բոլորս էլ ստեղծված ենք Աստծո կամոք: Սրճարանատերը թույլ անձնավորություն էր, երբ ատրճանակը դեմ տվի ճակատին, նա տակը միզեց:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Թեև դեմ եմ այդ տրամաբանությանը, բայց ճշմարտություն կա, հիշիր, եթե ուրվականները մատով քեզ ցույց տան, փրկություն չունես:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ես դեմ չեմ զոհաբերությանը:
ԱՆՆԱ — Ես անմեղ եմ: Հավատացնում եմ ձեզ, ես ոչ մեկին վատություն չեմ արել, ինձ արել են, իսկ ես ներել եմ, նույնիսկ քեն չեմ պահել: Դուք իրավունք չունեք ինձ կասկածանքով նայել: Իհարկե, կան պատմություններ, բայց այնքան չնչին են, ոչինչ չասող, նույնիսկ ծիծաղելի է հիշել:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Տիկին, դուք անմեղության խորհրդանիշ եք, նույնիսկ շնաձկները չեն փորձի ձեզ կուլ տալ: Իսկ դո՞ւք ինչ կասեք:
ԱՐԱՄ — Ինչի՞ մասին:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Փոթորկվում է ծովը, նավս տեղից չի շարժվում, մենք կարող ենք խեղդվել… Դուք, ի՞նչ է, կույր ե՞ք:
ԱՐԱՄ — Տեսնում եմ, բայց ոչնչով չեմ կարող ձեզ օգտակար լինել:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ – Անմե՞ղ եք:
ԱՐԱՄ — Համեմատած մյուսների՝ այո, ընդամենը սիրում էի գարեջուր խմել:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Եթե ուրվականները հենց քեզ ցույց տան, փրկություն չունես:
ԱՐԱՄ — Ես համեստ մարդ եմ, դժվար թե նրանց ուշադրությունը գրավեմ, բայց պահանջի դեպքում կնետվեմ ծովը:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Լսեք, դուք այնքան հեշտ եք համաձայնվում… Բայց չէ՞ որ ծովը մահ է:
ՆԱՎԱՍՏԻ — Նավապետ, արդեն կեսգիշեր է: (Սկզբից թույլ, հետո ամբողջ ուժով լսվում է ոգիների ծիծաղը:) Նրանք գալիս են:
ԱՆՆԱ — Մենք բոլորս կմեռնենք:
ԱՐԱՄ — Փախչել է պետք այս անիծված նավից:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ո՞ւր, վտառներով շնաձկներ են լողում, բավական է ոտքդ ջրին դիպչի, կդառնաս կերակուր:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Քամի էլ չկա… այս ինչ անիծյալ լռություն է:
Ճչալով ներս են խուժում ոգիները: Նրանք ավերում են տախտակամածը, մկրատը չխկչխկում է, երեխաները՝ հռհռում և այլն… Նավի բնակիչները սարսափահար փախչում են: Ամեն մեկը տեսնում է իր թշնամուն:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Բոլորդ միասին պայքարեք, դուք մի հանձնվեք: Թո՛ւրս… (Նավաստին նրան է տալիս թուրը, նա թրատում է աջ ու ձախ🙂 Ես քեզ մեկ անգամ սպանել եմ, կսպանեմ երկրորդ անգամ… (Հուսահատ🙂 Կարծում էի՝ մեր պատմությունը վերջացել է, ներիր, եթե կարող ես… (Ձեռքերով փակում է դեմքը🙂
ԱՆՆԱ — Թույլ չեմ տա՝ մազերս կտրես: Ես հասուն կին եմ, կարող եմ ինձ պաշտպանել: (Վազում է բեմով🙂 Ես պատահաբար նրա աչքը հանեցի, ձեռքս դողաց, չհասկացա՝ ինչ կատարվեց… Ինձ կողով տվեք, գլուխս թաքցնեմ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ձեր կողովը, տիկի՛ն: (Աննան հագցնում է գլխին🙂 Չէի ասի, որ ծիծաղելի չեք: Հա, ինչ մնում է քեզ, սրճարանատե՛ր, մեղավորը դու էիր, պիտի ուժեղ լինեիր, որ պաշտպանեիր ինքդ քեզ:
ԱՐԱՄ — Մայրի՛կ, քեզ մենակ թողեցի մահվան ժամին, տղերքի հետ գարեջուր էի խմում, չէի հասկանում, որ մահը հավերժ է: Էլ երբեք իրար չենք տեսնի: Ներիր… ներիր:
ՄԱՐԻԱՄ — Նրանք են իմ փոքրիկ տղաները, նրանք քաղցած են, ինձ ուտելիք տվեք, խնդրում եմ: (Մատուցողը ուտելիք է տալիս🙂 Կերեք, իմ տղաներ, կերեք, կշտացեք, կերեք, սիրելիներս, կերեք-կշտացեք, կերեք-կշտացեք, կերեք-կշտացեք. այդ անիծյալ ուտելիքը մեզ իրարից հեռացրեց: Հա, մեղավոր եմ, տարեք ինձ ձեզ հետ…
ՆԱՎԱՍՏԻ — Նավապետ, նավը դանդաղ սուզվում է… Նավապետ, քո նավը սուզվում է:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Նա իմ աչքը հանեց, իսկ ես կոկորդը կտրեցի:
ՄԱՏՈՒՑՈՂ — Նավապետը հավանաբար մոռացել է, որ աչքը թրաձուկն է հանել:
ԱՐԱՄ — Իմ կարծիքով, բոլորս էլ ստում էինք:
ՆԱՎԱՍՏԻ — Նավապե՛տ, սուզվում ենք:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Նավապետ Տիկը երբեք չի հանձնվում: Բաց ամբարը, մարդկանց ծովը լցրու:
ԱՐԱՄ — Նավապետ, նրանք մարդ են:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Նրանք մարդ չեն, ապրանք են, իսկ ապրանքը իրավունք չունի, ինչպես այս բաժակը, որ նետում եմ ծովը: Նա չի կարող բողոքել:
ՆԱՎԱՍՏԻ — Ախր նրանք գիտնականներ են, ինժեներներ, նրանց պիտի ձեռքերի վրա պահել, որ երկրի համար զենքեր ստեղծեն:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Եթե կարող էին զենքեր ստեղծել, իմ ամբարում չէին հայտնվի: Նավաստի՛, կատարի՛ր հրամանը:
ՆԱՎԱՍՏԻ — Լսում եմ:
Նավաստին կատարում է հրամանը, լսվում է մարդկանց վայնասունը:
ԱՆՆԱ – Նայեք՝ շնաձկները ինչպես են լափում մարդկանց:
ՄԱՏՈՒՑՈՂ — Հիմա շնաձկները կճարպակալեն:
ԱՐԱՄ — Խեղճ մարդիկ, Աստված ինչո՞ւ էր ձեզ կյանք պարգևել:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Վասն ոչնչի: Պարոնա՛յք, դեռ վաղ է ուրախանալ, որ ազատվել ենք ոգիներից: Ինչպես տեսնում եք, նավս տեղից չի շարժվում: Դա նշանակում է, որ մեզանից մեկը նավը պիտի լքի: (Իրար են նայում:) Ո՞վ է ցանկանում իր կյանքը զոհել հանուն բոլորի:
ՄԱՐԻԱՄ — Ես, ես պատրաստ եմ կյանքս զոհել հանուն ձեզ:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Ուրիշ ցանկացողներ չկա՞ն:
ՄԱՐԻԱՄ — Ես մահը կընդունեմ ինչպես իմ երեխաները՝ առանց ճչոցի:
ԱՆՆԱ — Նավապե՛տ, կարծում եմ, նրա խնդրանքը պիտի բավարարեք: Անձամբ ես կողմ եմ:
ԱՐԱՄ — Բայց նա հոգեկան խնդիրներ ունի, անմեղսունակ է:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Դե ինչ, նավից դուրս կնետենք անպետք իրերը: Մատուցո՛ղ, կատարիր տիկին Մարիամի խնդրանքը:
ԱՆՆԱ — Մնաս բարով, իմ փոքրիկ Մարիամ: Ես քեզ կհիշեմ իմ աղոթքներում:
ՄԱՐԻԱՄ — Շնորհակալություն, տիկի՛ն:
ՄԱՏՈՒՑՈՂ — Գնանք, ինքդ էլ չես հասկանում՝ ինչ ես անում:
ՄԱՐԻԱՄ — Ես շուտով կտեսնեմ իմ երեխաներին:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Տիկին, պարոններ, պատվի կանգնեք: Մեզանից լավագույնը գնում է ինքնազոհության:
Բոլորը զգաստ կանգնում են: Մարիամն ու մատուցողը հեռանում են:
ԱՆՆԱ — Եկեք աղոթենք նրա հոգու համար:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Մեկ րոպե լռությամբ հարգենք նրա նահատակությունը:
Գալիս է մատուցողը:
ԱՆՆԱ — Նա ի՞նչ ասաց:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ասաց՝ Տեր, ես քոնն եմ, ու նետվեց ծովը:
ԱՆՆԱ — Նա գնաց դրախտ՝ երեխաների մոտ:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Բոլորդ անցեք ձեր նավախցիկները: Դա հրաման է:
ԱՆՆԱ — Իսկ ի՞նչ ենք ուտելու:
ՄԱՏՈՒՑՈՂ — Տավարի գլուխը թաքցրել էիք խորդանոցում, ես կբերեմ ձեր նավախցիկը, տիկի՛ն:
Մթություն:
Հինգերորդ պատկեր
Աննայի ու Արամի նավախցիկը: Սեղանին տավարի գլուխն է: Ներս է մտնում մատուցողը՝ թմբուկը վզից կախված:
ՄԱՏՈՒՑՈՂ — Նավապետն ասաց՝ սա մեր վերջին ընթրիքն է, վերջին կռիվը մեր կյանքի…
ԱՆՆԱ — Ուզում է ասել, որ խեղդվելո՞ւ ենք:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ուզում է ասել՝ այս գլուխը ծանրամարս է, գիշերը չեք կարող մարսել:
ԱՐԱՄ — Մինչև խորտակվելը պետք է կարգավորենք մեր գործերը: Կին չունեցա, երեխաներ՝ նույնպես, հայրենի տունը հավանաբար եղբորս տղան կգրավի: Էլ ի՞նչ մնաց. ոչինչ…
ԱՆՆԱ — Իսկ առնետները ինչո՞ւ չեն փախչում:
ՄԱՏՈՒՑՈՂ — Պահարանում դեռ ուտելիք կա, մինչև չվերջացնեն՝ չեն փախչի:
ԱՐԱՄ — Դուք թմբուկ նվագել գիտե՞ք:
ՄԱՏՈՒՑՈՂ — Վաղուց չեմ փորձել:
Ներս է մտնում Նավապետ Տիկը:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Տեսա՞ք, նավս ինչպես դուրս պրծավ ալիքների միջից. եկա ասելու՝ փրկագոտի հագեք, հաջորդ ալիքին դժվար դիմանանք: Վերցրեք…
Տալիս փրկագոտիները, Արամն ու Աննան հագնում են:
ԱՆՆԱ — Իսկ դո՞ւք, նավապե՛տ:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Նավապետ Տիկը չի լքի իր նավը: Մենք նույն ճակատագիրն ունենք:
Ներս է խուժում նավաստին:
ՆԱՎԱՍՏԻ — Նավապետ, կատաղի ալիքները մոտենում են, նավը խորտակվում է:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Պապանձվի՛ր, շո՛ւն, ոչ մի ալիք չի կարող նավս խորտակել: Անունդ փոխիր. Ալեքսանդրը մեծ էր, իսկ դու՝ փոքր: Մի խառնվիր մեծերի գործերին: Գնա, կպիր ղեկին, ցռուկը ուղղիր ալիքների դեմ: (Նավաստին գնում է:) Տիկին, պարոններ, ձեզ հրաժեշտ եմ տալիս: Թող երկնային հրեշտակները ձեզ ապավեն լինեն: Այս օրհասական պահին ձեզ պահեք արժանապատվորեն: Մնաք բարով: (Գնում է:)
ԱՐԱՄ — Այս ամենին ի՞նչ անուն կտաս:
ԱՆՆԱ — «Քառատված ավանակի ջղաձգություն»:
ՄԱՏՈՒՑՈՂ — Եթե մեռնելու ենք, ապա թմբուկների հարվածների տակ:
ԱՐԱՄ — Ես կմասնակցեմ քո շքերթին: (Մոտենում է դաշնամուրին:) Ուժեղ խփիր, մատուցող, կյանքը դեռ չի վերջացել:
Արամն ու մատուցողը նվագում են:
ԱՆՆԱ — Ես չեմ ուզում ջրահեղձ լինել, շատ տգեղ տեսք կունենամ: Տեր Աստված, ես այս ի՞նչ արեցի:
Վեցերորդ պատկեր
Խաղաղ ծովը և արև: Ծովում լողում են Աննան, Արամը, Մարիամը: Նրանց է միանում մատուցողը: Երևում են շնաձկներ ու դիակներ:
ԱՆՆԱ — Ֆու, ջուր լցվեց բերանս: Աղի է: (Կանգնում է, նայում չորս կողմը, սկսում է պատմել🙂 Հետո եղավ այն, ինչը կանխատեսել էի. մի մեծ ալիք մեզ քշեց ծով, իսկ նավն անհետացավ: Խեղճ իմ նավապետ, ինչքան էր հպարտանում իր նավով: Հավանաբար խութերին դիպավ, ջարդուփշուր եղավ: Եթե ինձ լսեր, նավահանգիստ կվերադառնայինք ու չէինք խորտակվի: Այնուամենայնիվ, նրան խղճում եմ, նա չկարողացավ մեզ տեղ հասցնել… Լռությունը այնքան շատ է, կարծես անապատում լինեմ: Արևն էլ այնպես է այրում, որ աչքերիս առջև սևանում է: Որ իմանայի՝ արևից տանջվելու եմ, հովանոց կվերցնեի: Ծով ասածը աղի ջուր է՝ լցված մի մեծ փոսում: Ոչ մի ռոմանտիկ բան չկա, միայն կարող ես ատել: Ես չեմ կարողանում ինձ ներել. կարծես այս վիճակից դուրս պրծնելն ուժերիցս վեր է: Մայրս իմանա՝ կգժվի:
Լողալով անհետանում է, լողալով երևում է Արամը. նա հուսահատ տեսք ունի:
ԱՐԱՄ — Ես ուզեցի ջարդել իմ մեջ ապրող ամենօրյա ձանձրույթը՝ սուրճ, սիգարեթ… գարեջուր էի խմում ընկերներիս հետ, իսկ երբ գալիս էի տուն, վառում էի լամպն ու նայում առաստաղին՝ իսկ ինչո՞ւ այսօր ինքնասպան չլինեմ: Մի պահ պատկերացնում էի առաստաղից կախված մարմինս… Ամեն օր նույնը և ոչ մի շարժում: Մինչև հանդիպեցի Աննային: Նա ինձ առաջարկեց ապրել անսահման պատրանքների մեջ: Ես ազատություն զգացի, բայց սարսափեցի, որովհետև ազատության մեջ ապրելն արյան համ ուներ: Ահա ուր հասա՝ չորս կողմս ջուր է, ոտքս գետնին չի հասնում… Ես մթության մեջ եմ, ոչինչ չեմ տեսնում: Խարխափելով եմ առաջ գնում, նույնիսկ շնաձկների հարևանությամբ ապրելը գերադասելի է: Այն Արամը երբեք չի վերադառնա հին բորբոսը կերած տունը: (Լողում է:) Ո՞ւր եմ լողում, ո՞ւր է տանում իմ մթագնած հոգին, որտե՞ղ եմ հանգրվանելու… ես ոչ մեկին չեմ մեղադրում:
Լողալով անհետանում է, երևում է Մարիամը:
ՄԱՐԻԱՄ — Երբ ինձ գցեցի ծով, ընկա ուղիղ շնաձկան երախը: Նա զզվանքով թքեց ու փախավ: Ոչ մի շնաձուկ չի մոտենում, հենց ինձ տեսնում են, փախչում են: Նրանք զգում են, որ մեղքերի մեջ թաղված եմ, ինձնից գարշելի հոտ է գալիս. մանկասպանի հոտ: Մի՞թե հրեշ եմ դարձել… Տե՛ր Աստված, ինձ լսո՞ւմ ես, եթե մի փոքր օգնեիր, Մարիամը չէր կորցնի բանականությունը: Մարիամը երեխաներին չէր սպանի: Ինչո՞ւ եմ անիծված, ինչո՞ւ… (Հանդիպում է փքված դիակի🙂 Նայիր, ոնց է փքվել էս հաստափոր միլիոնատերը: Ամբողջ ճանապարհին խոսում էր իր կորցրած միլիոններից… Շնաձկները քեզ կուտեն, և դու կդառնաս կեղտ, ինչպես կենդանի ժամանակ էիր: (Հրում է դիակը:) Հեռո՛ւ, քեզնից էլ է հոտ գալիս, կարող էիր, չէ՞, մի փոքր ինձ օգնել: (Լողում է, հանդիպում է մեկ այլ դիակի🙂 Իսկ սա գիտնական էր, ուզում էր իր հայտնագործությունը վաճառել արտասահմանում, որ հարստանա: Շնաձուկը քեզ էլ կուտի, ոչ մեկդ շնաձկներից չեք փախչի: Դուք բոլորդ դատապարտված եք: Եթե Աստված ձեզ ների, շնաձկները ներել չգիտեն:
Լողալով հեռանում են, երևում է Աննան:
ԱՆՆԱ — Եվ այսպես, ես երազում չեմ, այլ աղի ջրի մեջ: Սոված եմ ու ծարավ, ջրի մասին մտածելիս ուշքս գնում է: Տեր Աստված, շնաձուկը… մի՞թե կարելի է այսպիսի կենդանի ստեղծել, նա կարող է ինձ ուտել առանց իմ կամքը հարցնելու: Հեռու, անասուն, ես համով կանանցից չեմ, նիհար եմ, ոսկորներս են երևում: Հենց հասնեմ տուն, ամեն ուրբաթ օր շնաձկան խորոված եմ պատվիրելու: (Շնաձուկը հեռանում է, երևում է դիակներից մեկը🙂 Այս դիակը կին ուներ, երեխաներ, տուն, հայրենիք, ինչ մեծ հույսով էր ծովը մտել… հիմա փքված լող է տալիս: Շնաձուկը… ես քեզ կմտցնեմ նրա երախը, որ կենդանի մնամ: Խոստանում եմ մոմ վառել: (Դիակը մտցնում է շնաձկան երախը, իսկ ինքը լողալով փախչում: Ճանապարհին աթոռ է հանդիպում, բարձրանում է վրան🙂 Երբեք չէի մտածի, որ ծովն այսքան տգեղ է:
ԱՐԱՄ — Արևը այրում է, լեզուս ուռել է, շուրթերս չորացել, չորս կողմը շնաձկներ են, իսկ ես դեռ հույս ունեմ, որ կապրեմ: Հիմար, ինչո՞ւ համաձայնեցի ծով դուրս գալ: Ես, որ օրվա արկածներ որոնողն էի: Մարդ չպիտի իր սահմաններից դուրս գա: Ինչ Աստված տվել է, այն է քոնը: Այդ կինը կախարդեց ինձ. բռնեց քթիցս ու դրեց պայուսակի մեջ: Նա ինձ ստիպեց հավատալ իր տարօրինակություններին: Եվ ես հավատացի: Կարծում էի՝ ինձ կփրկի, իսկ նա ինձ նետեց ծովը, որտեղ պատրաստ եմ մի բաժակ ջրի համար ամեն ինչ զոհել:
Մարիամն ու Արամը իրար են դիպչում: Արամը բռնում է նրա ձեռքը:
ՄԱՐԻԱՄ — Բաց թող, ես վախենում եմ մարդկանցից:
ԱՐԱՄ — Մարիամ, շնաձկները քեզ չե՞ն կերել:
ՄԱՐԻԱՄ — Շնաձկները գիտեն՝ ում են ուտում, քեզ էլ կուտեն:
ԱՐԱՄ — Հանգստացիր, տիկին, քո ողբերգության մեղավորը ես չեմ:
ՄԱՐԻԱՄ — Կարծում ես՝ երեխաներ չե՞մ ունեցել, չե՞մ ճչացել երկունքի ցավերից, նրանց կուրծք չե՞մ տվել… Ասա, դու կարո՞ղ ես ինձ ներել:
ԱՐԱՄ — Թող աստված քեզ ների:
ՄԱՐԻԱՄ — Իսկ ես ինչպե՞ս ինձ ներեմ, փշտ, փշտ, շան որդիներ…
ԱՐԱՄ — Խեղճ կին, ցավը նրան իր գիրկն է տարել: Հետաքրքիր է, այսօր ի՞նչ օր է, ընկերներս ի՞նչ են անում, հասկանո՞ւմ եմ, որ ցամաքի վրա են, չորս կողմը ծառեր են աճում…
Լողալով հեռանում է:
ԱՆՆԱ — Ինչպե՞ս անեմ, որ ծովը չտեսնեմ, ինչպե՞ս անեմ, որ աղի ջուր կուլ չտամ, այս ամայի ծովում պիտի ձուկ դառնաս, որ գոյատևես… Տեր Աստված, ես շրջապատված եմ շնաձկներով, որոնք միայն ուտել գիտեն, իսկ ծովի ջուրը աղի է, խմել չի լինում: Ես պատրաստ եմ մի բաժակ ջրի համար ամեն զոհողության: Ծայրահեղ դեպքում պատրաստ եմ տրվել բոլոր ցանկացողներին: Բարոյական անկում: Ահա թե ծովը մարդուն ուր է հասցնում, ինչպե՞ս անվանեմ այս իրավիճակը. «Անբարոյական կինը կանգնած է հոտած ջրամբարի կենտրոնում, ջուր է աղերսում»: Ջուր, ջուր… Ստամոքսս այրում է, սիրտս՝ խառնում, օգնեցեք, մեռնում եմ… Մի՞թե աշխարհն իմ աղերսանքները չի ուզում լսել…
Դույլը ձեռքին հայտնվում է մատուցողը:
ՄԱՏՈՒՑՈՂ — Բարի օր, տիկին, կներեք, որ թրջված տեսք ունեմ, հանգամանքները ստիպում են փրկագոտիով ներկայանալ:
ԱՆՆԱ – Ի՜նչ հաճելի է լսել մարդու ձայն:
ՄԱՏՈՒՑՈՂ — Դուք օգնություն էիք կանչում… պախարակելի բան չկա, թեև թուլության նշաններ երևում են: Դուք օգնություն էիք սպասում աշխարհից, բայց ես եկա: Ի՞նչ եք կամենում, տիկի՛ն:
ԱՆՆԱ — Դուք իրակա՞ն մարդ եք… (Շոշափում է մատուցողին:)
ՄԱՏՈՒՑՈՂ — Մատուցողին շոշափելը պարտադիր չէ, տիկի՛ն:
ԱՆՆԱ — …նա գլուխ ունի, ականջներ, այտեր, ուրեմն՝ մարդ է: (Ճմկտում է այտերը:)
ՄԱՏՈՒՑՈՂ — Մատուցողները մարդ են, ցավ են զգում: Տիկի՛ն, ցավ պատճառելը արդարացված չէ:
ԱՆՆԱ — Ծովի կենտրոնում մարդու հանդիպելը անհավանական է: Դուք մեր մատուցողն եք, չէ՞:
ՄԱՏՈՒՑՈՂ — Այդ հասկանալու համար պարտադիր չէր այտս մաշկահան անել:
ԱՆՆԱ — Ների՛ր, իմ սիրելի՛ մատուցող, ուրախ եմ, որ շնաձկների շրջապատում հանդիպեցի ձեզ: Այնքան անհավանական է: Ձեր ոտքերին լողակներ են աճել:
ՄԱՏՈՒՑՈՂ — Գերադասում եմ փրկագոտի հագնել:
ԱՆՆԱ — Չե՞ք վախենում շնաձկներից: Նայեք, մեկը գալիս է մեր կողմ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Շնաձկները հեռվից էլ են խոհարարի հոտն առնում: (Դույլից երկու դանակ է հանում:) Թող համարձակվի մոտենալ, ես նրանից քուֆթա կսարքեմ: (Շնաձուկը փախչում է:) Փախավ, նա զգաց՝ ինչ է սպասվում իրեն:
ԱՆՆԱ — Դուք ծովակա՞լ եք: Ասեք, որ փոքր ժամանակ երազել եք ծովակալ դառնալ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Մտքովս էլ չի անցնում, ես սիրում եմ խոհարարի մասնագիտությունը:
ԱՆՆԱ — Այդ մասնագիտությանը կարող է ցանկացած մարդ տիրապետել, իսկ դուք հայտնվեցիք ծովակալի պես, փրկեցիք ինձ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ցտեսություն, տիկի՛ն, թող ծովակալները ձեզ ջուր հասցնեն:
ԱՆՆԱ — Սպասեք, խնդրում եմ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ես ճանաչում եմ հարբեցող ծովակալներին: Հույս չունենաք, որ նրանք ձեզ կօգնեն:
ԱՆՆԱ — Ներիր, ես վատ մտքով չասացի:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ծովի կենտրոնում միմիայն խոհարարը կարող է ջուր ունենալ: (Դույլի միջից շշով ջուր է հանում:) Սա եդեմական խմիչք է, բոլոր կենդանիներին կյանք է պարգևում: Ձեր դեմքից երևում է, որ ծարավ եք:
ԱՆՆԱ — Դուք խորաթափանց միտք ունեք, սիրելի՛ս:
ՄԱՏՈՒՑՈՂ — Վերցրեք ու Աստծուն գոհունակություն հայտնեք, որ անձնազոհ մատուցող-խոհարարներ կան: (Աննան խմում է: Մատուցողը հանում է հաշվիչ մեքենան:) Սա էլ կտրոնը: Ընդամենը ութ հազար դրամ: Կարծում եք՝ թա՞նկ է, կարծում եք՝ օգտվում եմ ձեր նեղ վիճակի՞ց: Ծովի կենտրոնում ամեն մի կաթիլ ջուրը ոսկու գին ունի: Վճարեք անմիջապես. ապառիկ գործարքներ չեմ անում:
ԱՆՆԱ — Ներեցեք, բայց պայուսակս թողել եմ նավի վրա:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ես պետության հարկատուն եմ. ես հպարտանում եմ, որ հարկ եմ վճարում:
ԱՆՆԱ — Դե, դուք էլ հասկանում եք, փոթորիկ էր, միայն մտածում էի կյանքիս մասին, չհասցրի դրամապանակս վերցնել:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ձեր փաստարկները համոզիչ չեն. փողը ամեն տեղ արժեք ունի:
ԱՆՆԱ — Ես էլ էի այդպես մտածում… Հենց ափ հասնենք, կվճարեմ կրկնակին:
ՄԱՏՈՒՑՈՂ — Վճարելը պարտադիր է, տիկի՛ն:
ԱՆՆԱ — Ես կվճարեմ, երբ փող կունենամ:
Դադար:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ելնելով հանգամանքներից՝ կսպասեմ: (Երևում է Արամը🙂 Ահա ձեր ուղեկիցը:
ԱՆՆԱ — Իմ խեղճ բարեկամ, ուրախ եմ, որ ողջ եք մնացել:
ԱՐԱՄ — Տիկի՛ն, ձեր արածը հանցագործություն էր: Դուք չպիտի ինձ ծով քարշ տայիք:
ԱՆՆԱ — Ես ուզում էի միասին ծովից ծով անցնել:
ԱՐԱՄ — Մի երազիր մի բան, որը քեզ իր զոհն է դարձնելու:
ՄԱՏՈՒՑՈՂ — Տիկի՛ն, պարո՛ն, մենք միասին ուժ ենք:
ԱՐԱՄ — Գարո՞ւն է, թե՞ ձմեռ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ամառ է:
ԱՐԱՄ — Իսկ ինձ մոտ ձմեռ է: Ես ոչինչ չեմ տեսնում, կույր եմ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Մի անհանգստացեք, կյանքում ոչ բոլորն են տեսնում:
Լսվում է Մարիամի ձայնը, լողալով մոտենում է:
ՄԱՐԻԱՄ — Պարոններ, թույլ տվեք ձեզ միանամ:
ԱՆՆԱ — Ճանաչեցի, Մարիամն է. քեզ շնաձկները չեն կերել: Նա անիծված է, նա արժանի չէ գթասրտության:
ՄԱՏՈՒՑՈՂ — Տիկի՛ն, մարդկանց վերևից մի նայեք, աթոռից իջեք ցած: (Աննան իջնում է:) Մենք երկար ճանապարհ ունենք գնալու: Մեկմեկու ձեռք բռնեք ու հետևեք ինձ:
ԱՆՆԱ — Ո՞ւր եք մեզ տանում, պարո՛ն:
ՄԱՏՈՒՑՈՂ — Հեռվում կղզի եմ տեսնում, եթե դա հալյուցինացիա չէ՝ կփրկվենք:
ԱՆՆԱ — Ես այն կանվանեմ «Չիրականացված երազների հանգրվան»:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ինչպես ուզում եք անվանեք, միայն թե ցամաքը իրական լինի:
Ձեռք ձեռքի տված՝ դուրս են գնում:
ԵՐՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Առաջին պատկեր
Կղզի, կենտրոնում՝ տնակ: Հայկը նստած է ստվերում: Ներս են մտնում Աննան, Մարիամը, Արամը և մատուցողը: Նրանք չեն նկատում Հայկին:
ԱՆՆԱ — Ես հավատում էի, որ փրկություն կա: Ինչ հաճելի է, երբ ոտքերիդ տակ հող է:
ԱՐԱՄ — Փրկության մասին եք խոսում, իմ ոտքերը հողի վրա են, բայց դրանից վիճակս չի թեթևանում: Ծովում կույր էի, ցամաքում էլ եմ կույր, և չգիտեմ՝ ինչ է սպասվում:
ԱՆՆԱ – Համենայնդեպս, շնաձկներին կեր չդարձար:
ԱՐԱՄ — Ցամաքի գիշատիչները ավելի են կատաղի. նրանք կույր մարդու էլ կուտեն:
ԱՆՆԱ — Մատուցողը մեզ հետ է, նա Աֆրիկայում է սովորել:
ԱՐԱՄ — Հետո ի՞նչ, Աֆրիկայում սովորական առյուծներ են, իսկ այստեղ չգիտենք՝ ինչի կհանդիպենք:
ՄԱՏՈՒՑՈՂ — Հանգիստ եղեք, ինչ գիշատիչ էլ հանդիպի, ձեռքիցս չի պրծնի: Դու վախենում ես, որովհետև կույր ես:
ԱՐԱՄ — Այո, ես կույր եմ, որովհետև համաձայնեցի քեզ հետ ճանապարհ ընկնել: Նոր հորիզոն ենք բացահայտելու, ազատ թռիչք…
ԱՆՆԱ — Տեր Աստված, նա նորից սկսեց, իսկ ես ուզում էի ամուսնանալ:
ԱՐԱՄ — Մեր ճանապարհը զրկանքներով լի էր ու անիմաստ: Ի՞նչ էիք ուզում ապացուցել. որ կարող եք ծով դուրս գալ, առագաստները բացել ու ընկնել շնաձկների երա՞խը: Ազատություն ես ուզում՝ սկզբից քո մեջ կառուցիր ազատությունը, հետո դուրս ել բաց ծով: Իսկ եթե կղզում նավթ լինի… Նրանք մեզ կստրկացնեն: (Դադար:) Հիմա կուզեի տանը լինել, կնստեի բազմոցին, կմիացնեի հեռուստացույցն ու գարեջուր կխմեի, ես չեմ հասկացել, որ երջանիկ եմ եղել:
ԱՆՆԱ — Դու անցյալով ես ապրում, վերադառնալ հնարավոր չէ: Մենք այս կղզում կարող ենք նոր կյանք սկսել:
ԱՐԱՄ — Քաղցած ու ծարավ…
ԱՆՆԱ — Ծովում ձուկ կբռնենք:
ԱՐԱՄ — Դուք կույր եք ավելի, քան ես. չե՞ք զգում՝ անապատ է:
ՄԱՏՈՒՑՈՂ — Հեռվում անձրևաբեր ամպեր էին երևում, բայց հիմա չկան, նայեք չորս կողմը, ոչինչ չի աճում:
ԱՐԱՄ — Ծովի մեջ չէի զգում կուրությունս, իսկ այստեղ ամեն քայլիս համար պիտի վախենամ: Ասացեք՝ ինչո՞ւ ես կուրացա:
ԱՆՆԱ — Որովհետև քո բազմոցի վրա նստած չես:
ԱՐԱՄ — Ծաղրո՞ւմ ես: Բախտդ բերեց, որ քեզ չեմ տեսնում, չեմ էլ ուզում տեսնել, դու դիմակավորված հրեշ ես: Ծարավ եմ, մատուցող, ջուր տուր:
ՄԱՏՈՒՑՈՂ — Վերջին շիշն է, ամեն մեկիդ կարող եմ մի կում ջուր տալ: (Բաժանում է նրանց:)
ԱՐԱՄ — Բան չհասկացա: Խմենք մինչև վերջ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Մինչև ջուր գտնելը պիտի դիմանանք, պարո՛ն:
ՄԱՐԻԱՄ — Ես կարող եմ ջուր դառնալ:
ԱՆՆԱ — Մարիա՛մ, ջուր դառնալն անհնար է:
ՄԱՐԻԱՄ — Ծովում շնաձկներն ինձ չկերան, որովհետև ես ջուր էի՝ թափանցիկ ու զուլալ:
Բոլորը նրան են նայում
ԱՆՆԱ — Միևնույն է, ես համաձայն եմ կյանքիս մնացորդն այս կղզում ապրել: Այստեղ մենք ենք մեր գլխի տերը: Կապրենք միասին, մի ընտանիքի պես: Ճիշտ է, դժվարություններ շատ կունենանք, բայց այնտեղ ավելի երջանիկ չէինք:
ՄԱՐԻԱՄ — Ես կարո՞ղ եմ ձեզ հետ միասին ապրել:
ԱՆՆԱ — Մոռացիր անցյալդ, նոր կյանք սկսիր:
ՄԱՐԻԱՄ — Մարիամը մոռանա իր երեխաներին. իսկ դա հնարավո՞ր է:
ԱՆՆԱ — Անձամբ ես մոռացել եմ, ուղեղումս ոչինչ չկա: Ես կարողանում եմ ազատ շնչել: Դուք էլ շնչեք: Մարիամ, շնաձկները քեզ չկերան, ուրեմն՝ Աստված քեզ ներել է, երեխաներդ էլ են քեզ ներել:
ԱՐԱՄ — Համատարած մութ է, լույսի ոչ մի շող չի երևում:
ԱՆՆԱ — Իսկ ես տնակ եմ տեսնում, կպատսպարվենք այնտեղ: Մարդուն էլ ի՞նչ է հարկավոր:
Առաջ է գալիս Հայկը:
ՀԱՅԿ — Մարդուն ջուր է հարկավոր: Պարոնայք, երկու օր է՝ ջուր չեմ խմել:
ՄԱՏՈՒՑՈՂ — Վերցրու, բայց ամբողջը չխմես. դա բոլորիս համար է:
ՀԱՅԿ — Դուք կդիմանաք: (Խմում է:) Դուք քաղաքակրթությունից փախել եք, որ ընկնեք դժոխք: (Ծիծաղում է:) Բարի գալուստ մոլորյալներին: Տիկնա՛յք ու պարոնա՛յք, ծանոթանանք: Ես այս կղզու նահանգապետն եմ: Կղզին փոքր է, բնակչություն չկա, միակ մարդը ես եմ: Ամեն առավոտ գոռում եմ, որ ես մարդ եմ: Այնքան գոռացի, որ ինքս էլ հավատացի: Այս կղզում մարդ մնալը դժվար է՝ ոչ ջուր կա, ոչ բուսականություն:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ես տեսա անձրևաբեր ամպեր:
ՀԱՅԿ — Հենց ուզում է անձրև գալ, քամին քշում-տանում է: Այսքան ժամանակ մի կաթիլ անձրև չի եկել: Այնպես որ, տիկնա՛յք ու պարոնա՛յք, միասին տառապելու ենք: Քո դեմքը ինձ տխուր հիշողություններ է առաջացնում, ինչպե՞ս հայտնվեցիր կղզում:
ԱՆՆԱ — Պատահաբար:
ՀԱՅԿ — Պատահականությունները քո կյանքում սովորական բան են: Ես քեզ թողել էի տանը, մորդ հսկողության տակ:
ԱՆՆԱ — Նավը խորտակվեց:
ՀԱՅԿ — Ինչո՞ւ էիր նավի վրա:
ԱՆՆԱ — Մարդիկ նստեցին, ես էլ ասացի՝ ինչո՞ւ ես էլ չփորձեմ:
ՀԱՅԿ — Մայրդ ասաց՝ հղի ես, քեզ տարել են ծննդատուն: Մենք երեխա ենք ունեցել: Հինգ տարի սպասում էինք նրա ծննդին: Ո՞ւր է երեխան:
ԱՆՆԱ — Երբ սրտխառնոց ունեցա… ինձ տարան հիվանդանոց:
ՀԱՅԿ – Հետո՞:
ԱՆՆԱ — Նրանք ինձ պառկեցրին… Դու տեսե՞լ ես, ինչպես են հղի կնոջը պառկեցնում:
ՀԱՅԿ — Ոչ, երեխան ծնվե՞ց:
ԱՆՆԱ — Նա… 2 կիլոգրամ 60 գրամ էր:
ՀԱՅԿ — Նա ճանաչե՞ց քեզ որպես մայր:
ԱՆՆԱ — Ես նրան կուրծք տվեցի, երեխան կրծքիս հետ էր խաղում:
ՀԱՅԿ — Դու նրան անուն դրեցի՞ր:
ԱՆՆԱ — Չհասցրեցի:
ՀԱՅԿ — Ո՞ւր է երեխան, ի՞նչ ես արել նրա հետ:
ԱՆՆԱ — Նրանք ասացին՝ երեխան մահացել է, նրանք ասացին՝ դուք երբեք երեխա չեք ունենա:
Դադար:
ՀԱՅԿ — Դաժան կին, ինչո՞ւ ես երևակայում, որ ծննդաբերել ես: Այս կրծքին երեխայի բերան չի կպել: Ստում ես, չէ՞… Ու սուտը ներկայացնում որպես իրողություն: Ուզում ես ինֆարկտի ինձ հասցնե՞ս: Չի ստացվի, ես քեզ լավ եմ ճանաչում: (Դադար:) Ես քեզ կստիպեմ ինձ հարգել… եթե մենք չսատկենք ու հասնենք տուն: Սարսափելի է մտածել, որ քեզանից երեխա կծնվի:
ԱՆՆԱ — Ես ուզում եմ ասել քեզ, սիրելիս, որ դու ամուլ ես…
ՀԱՅԿ — Ես կմտածեմ՝ քեզ հետ ինչպես վարվել, առայժմ գոյատևիր:
ՄԱՐԻԱՄ — Ես ուզում եմ երկու բառ ասել… Խնդրում եմ:
ՀԱՅԿ — Խոսիր… բայց ոչ ավելին:
ՄԱՐԻԱՄ — Ես կարո՞ղ եմ նմանվել ափ ընկած ձկանը:
ՀԱՅԿ — Ինչո՞ւ ես ուզում նմանվել:
ՄԱՐԻԱՄ — Այստեղ օդը ծանր է, շնչել չի լինում: (Ընկնում է, ձկան նման թպրտում:)
ՀԱՅԿ — Բավականին հաջող է ստացվում: Ինչքա՞ն պիտի սպասենք, որ սատկի:
ԱՆՆԱ — Մարիամ, ուշքի արի: Մենք չենք ուզում տեսնել քո նվաստանալը: Մեր վիճակը ծանր է, իսկ քո խեղկատակությունը՝ սարսափեցնող:
ՄԱՐԻԱՄ — Ես ուզում եմ, որ դուք ծիծաղեք:
ԱՆՆԱ — Մենք ծիծաղում ենք… Այնպես չէ՞: (Արհեստական ծիծաղում է:)
ԱՐԱՄ — Բավական է: Մենք բավականին ժամանակ կորցրինք լսելու ձեր ընտանեկան զառանցանքները:
ՀԱՅԿ — Այս կույր այլանդակը մեր դարի սեփականությունն է: Դու ճանաչո՞ւմ ես նրան:
ԱՆՆԱ — Մենք նույն նավում էինք:
ՀԱՅԿ — Նրա հետ կենակցո՞ւմ էիր:
ԱՆՆԱ — Մենք բարևում էինք օրը երեք անգամ՝ նախաճաշին, ճաշին ու ընթրիքին:
ՀԱՅԿ — (բռնում է Արամի օձիքից:) Ասա, որ նա ստում է:
ԱՐԱՄ — Բա՛ց թող օձիքս:
ԱՆՆԱ — Մենք տարբեր նավախցիկներում էինք քնում:
ԱՐԱՄ — Այո, նույնիսկ տարբեր մահճակալներին:
ՀԱՅԿ — Քեզ ասպե՞տ ես երևակայում: Ասպետական դարն անցել է: Գիտե՞ս, քեզ ինչ է սպասվում…
Դադար:
ԱՐԱՄ — Ես ուզում եմ ասել՝ մեզ համար ամեն վայրկյանը թանկ է:
ՀԱՅԿ — Իմ անապատում ժամանակը մեռել է:
ԱՐԱՄ — Այս օրհասական պահին ոչինչ չձեռնարկելը համազոր է մահվան:
ՀԱՅԿ — Ճիշտ ես, կմորթենք քեզ, որ տաք կերակուր ունենանք:
ԱՆՆԱ — Բաց թող նրան, ինչո՞ւ ես միշտ ուզում վատը լինել:
ԱՐԱՄ — Եվ դու այսքան տարի հանդուրժել ես:
ԱՆՆԱ — Խեղճ իմ բարեկամ, նա ոչ մի բանի առջև չի կանգնի:
ՀԱՅԿ — Ասա, որ այս կինը ստում է:
ԱՐԱՄ — Մենք բոլորս ենք ստում…
ՀԱՅԿ — Ես սովորել էի մաքրության մեջ ապրել: Եկաք ու իմ անաղարտ անապատը պղծեցիք: Նորից մղձավանջ եմ ունենալու: Դու ինչպե՞ս հայտնվեցիր նավի վրա:
ՄԱՏՈՒՑՈՂ — Նրանք ինձ փող էին պարտք:
ՀԱՅԿ — Հանուն փողի վտանգե՞լ ես կյանքդ: Ասա, որ ճիշտ եմ հասկացել:
ՄԱՏՈՒՑՈՂ — Այո, ես պետությանը հարկ եմ վճարում:
ՀԱՅԿ — Պետությունը նրա համար է, որ խաբես. հարկայինները քեզ կներեն կամ էլ մի քանի դրամ կմտցնես գրպանները, ու չեն տեսնի:
ՄԱՏՈՒՑՈՂ — Երևի տեղյակ չես, որ հեղափոխություն է եղել :
ՀԱՅԿ – Հետո՞ ինչ, մարդը մնում է մարդ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Նրանք կաշառք չեն վերցնում: Առաջարկության դեպքում կարող են քեզ ձերբակալել:
ՀԱՅԿ — Ես չինովնիկների գիտեմ, որ փող տեսնեն, պար կգան ձեր առջև… Այ թե խելապակասներ են հայտնվել իմ կղզում:
ՄԱՐԻԱՄ — Դուք իմ որդիներին չե՞ք տեսել:
ԱՆՆԱ — Նրանք դրախտում են, ոչ թե անապատում:
ՄԱՐԻԱՄ — Ես կախեցի նրանց, ուզում եմ նրանց հետ լինել:
ՀԱՅԿ — Խոստանում եմ քեզ համար պարան գտնել: Իսկ հիմա բոլորդ թաքնվեք, արևը բոցավառվում է, բոլորիս մոխիր կդարձնի:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ծարավից ու սովից կարող ենք խելագարվել:
ՀԱՅԿ — Իմ անապատում ոչինչ չկա:
ԱՆՆԱ — Նա ծովի խորքերում ինձ ջուր հասցրեց: Դա հրաշք էր: Այս պահին մեզ հրաշքներ են պետք: Սիրելի՛ մատուցող, քեզ հաջողություն եմ մաղթում:
ՄԱՏՈՒՑՈՂ — Կփորձեմ կենդանի մնալ:
ԱՆՆԱ — Մենք անհամբեր քեզ ենք սպասում
Մատուցողը հեռանում է:
ԱՐԱՄ — Հիմա աշո՞ւն է, թե՞ ձմեռ: Վերադարձրեք իմ տեսողությունը, ես չեմ ուզում կույր լինել, ես չեմ ուզում աշխարհին նայել կույր աչքերով: Ես ապրել եմ ուզում:
ՀԱՅԿ — Բավական է ոռնաս, լավ է, որ կույր ես աչքերով: Պառկիր ու քնիր, եթե ուզում ես կենդանի մնալ:
Մթություն:
Երկրորդ պատկեր
ԱՐԱՄ — (անսպասելի զարթնում է): Ես որտե՞ղ եմ… ինչո՞ւ չեմ տեսնում, ո՞վ է ինձ կուրացրել… Երազում տեսա մեր կանաչ սարերը, սառը, քչքչան առվակները… ես ջուր էի խմում… Անապատ է, ավազը լցվել է բերանս… Ես ուզում եմ քնել, խորը քնել, որ չզգամ անապատը:
ՄԱՐԻԱՄ — Բարի լույս, մարդիկ: Անապատում մեկ օր ապրեցինք, դժվարն առաջին օրն է: Հետո կսովորենք առանց ջրի ու հացի ապրել: Անապատը կդառնա մեր մի մասնիկը:
ՀԱՅԿ — Կդառնանք ուղտ ու կորոճանք աշխարհի բանը:
ՄԱՐԻԱՄ — Ճիշտ է, եթե ուղտը կարող է մեկ ամիս դիմանալ, մարդն էլ կդիմանա: Մարդն ամեն ինչի ընդունակ է:
ԱՐԱՄ — Անիծյա՛լ պառավ, մեզ էլ ուզում է իր օրը գցել: Անապատ ես, անապատ էլ կմնաս, իսկ ես չեմ ուզում այստեղ գոյատևել:
ՄԱՐԻԱՄ — Կյանքն ամեն տեղ նույնն է:
ԱՐԱՄ — Ձայնդ կտրի, դժոխքի զավակ: Դու պիտի պատասխան տաս քո արածի համար: Դու ապրելու իրավունք չունես:
Ծանր լռություն:
ՀԱՅԿ — Մատուցողը չի երևում:
ԱՆՆԱ — Կգա, խոստացել է:
ՀԱՅԿ — Ի՞նչ գիտես նրա մասին:
ԱՆՆԱ — Ապրել է Աֆրիկայում. խոհարարության գծով մագիստրոս է:
ՀԱՅԿ — Աֆրիկայում մարդ ուտելը նույնքան հարգի է, ինչքան մեզ մոտ՝ հավ: Անաղարտ յուղի մեջ տապակած:
ՄԱՐԻԱՄ — Ես կարող եմ հավ դառնալ. կո-կո-կո-կուկրիկու:
ԱՆՆԱ — Խնդրում եմ ձայնդ կտրես: Սկսեց ստամոքսս ցավել:
ՀԱՅԿ — Նա ուզում է հավ դառնալ. այդպիսի բան երբևէ եղե՞լ է: Շարունակիր կչկչալ, բարձր կչկչա, եթե ստացվի, մենք քեզ կուտենք:
ԱՐԱՄ — Ես ուզում եմ տանը լինել, ծարավ եմ:
ԱՆՆԱ — Օրը չբացված՝ լաց է լինում:
ՀԱՅԿ — Թող լացի, հաջորդ անգամ չի փորձի առանց կոշիկները հանելու ծովը մտնել:
ԱՐԱՄ — Ես ջուր եմ ուզում:
ՄԱՐԻԱՄ — Ես ծովում ջուր դարձա, շնաձկներն ինձ չկերան:
ԱՆՆԱ — Որ շնաձկները քեզ չկերան, համարիր՝ բախտավոր աստղի տակ ես ծնվել:
ՀԱՅԿ — Երկու օրից ավելի չենք դիմանա:
ԱՆՆԱ — Բավական է բողոքենք, կղզում մեզանից բացի ոչ ոք չկա:
ԱՐԱՄ — Քանի անգամ խնդրեցի, որ ետ կանգնենք հիմար ցնորքներից… Տեղն է ինձ:
ԱՆՆԱ — Լսեք, սա մեր փորձությունն է, մենք պիտի կրենք անմռունչ ու արժանապատվորեն: Մեզանից գոնե մեկը պիտի կենդանի մնա, որ պատմի նավապետ Տիկին:
ՀԱՅԿ — Դու ասացիր, որ նավը խորտակվել է:
ԱՆՆԱ — Մենք տեսանք՝ ինչպես հորիզոնում անհետացավ:
ՀԱՅԿ — Նավապետ Տիկը մեծ նավապետ է, նավը չի խորտակվի:
ԱՆՆԱ — Մենք մարդկանց տեսանք, նրանց որտեղի՞ց էիր հավաքագրում:
ՀԱՅԿ — Ի՞նչ կարևոր է, ամեն տեղ սոված մարդիկ կան, նրանք գիտեն՝ ուր են գնում:
ԱՆՆԱ — Նրանց տեսքը սարսափելի էր: Դու նրանց ի՞նչ էիր խոտացել:
ՀԱՅԿ — Հաց, կացարան ու ազատություն: Նրանք կարող էին ընտրություն անել: Ես նրանց աշխատանք էի խոստացել. նրանք հիմնականում ազատությունը տեսնում էին սանձարձակության մեջ՝ կանայք զբաղվում էին պոռնկությամբ, իսկ տղամարդիկ՝ գողությամբ:
ՄԱՐԻԱՄ — Բարաքում գիտնականները աղի ջրից մաքուր ջուր էին ստանում:
ՀԱՅԿ — Հասարակական զուգարանում մաքրող կդառնան:
ՄԱՐԻԱՄ — Խեղճ մարդիկ այդպես էլ տեղ չհասան:
ԱՐԱՄ — Դու մարդասպան ես, մի օր էլ քեզ կտեսնեմ նավամբարում:
ՀԱՅԿ — Եթե այս գիշեր ողջ մնաս, վաղը քեզ կնետեմ ծով՝ շնաձկներին կեր: Լսեք, ես ոչ մեկին չեմ ստիպել, նրանք ուրախությամբ էին գալիս:
ԱՐԱՄ — Վերջ, էլ չեմ դիմանում, հրաժարվում եմ մարդասպանի հետ նույն օդը շնչել: Ծովը ո՞ր կողմն է:
ՀԱՅԿ – Չե՞ս լսում ծովի խշշոցը: Դու ոչ տեսնում ես, ոչ էլ լսում: Դու ծնկաչոք օգնություն կխնդրես, իսկ ես կմոռանամ ձեռք մեկնել:
ԱՐԱՄ — Ծովն ինձ կանչում է, ես գնում եմ դեպի ծով: (Գոռում է:) Մեկ վայրկյան սպասիր, ես գալիս եմ:
Խարխափելով գնում է, Մարիամը հետևում է նրան:
ԱՆՆԱ — Նա փախչում է, իսկ ես սիրեցի կղզին այնպես, ինչպես որ կա: Ես կարող եմ ազատ քայլել, նույնիսկ մերկ, ոչ ոք չի բռնանա, թե ինչու եմ այսպես քայլում… Երեկ այնտեղ ավազաթմբեր էին, իսկ այսօր հարթ է, քամին քշել է ավազը: Մեր լեռները մաշվում են դարերով: Իսկ նրանց ժամանակ հարկավոր չէ. նրանք ծորում են ժամանակի հետ:
ՀԱՅԿ — Այո, անապատը գեղեցիկ է: Երբ նավապետը մեզ գտնի, կտեսնի երջանիկ ժպիտներով կմախքների: Ու չի կասկածի, որ այդ հիմարները մենք ենք:
ԱՆՆԱ — Այստեղ մենք կղզու տերն ենք: Բոլոր թշնամիներս այնտեղ են:
ՀԱՅԿ — Մկրատն ու սղոցը ուզում են մազերդ կտրել… այլ մթագնած երևակայությունից ազատվե՞լ ես:
ԱՆՆԱ — Այսքան փորձություններից հետո փոխվել եմ. մկրատ ու սղոց չկա, երբ դու իմ կողքին ես: Ես քեզ սիրում եմ, Արամ: Ես առանց քեզ չեմ կարող ապրել:
ՀԱՅԿ — Մայրդ ու դու երեխա մոգոնելու համար պիտի պատասխան տաք:
ԱՆՆԱ — Կարող ես ծեծել, միայն ինձ մի լքիր:
ՀԱՅԿ — Չեմ կարողանում համակերպվել, որ իմ կղզին անապատ է: Ես ավելիին արժեի: Թեկուզ արևադարձային բնությանը: Մարիամ, ի՞նչ է անում Արամը:
ՄԱՐԻԱՄ — Նա փոսից դուրս եկավ, հասավ ծովի եզերքը: Ոտքը դրել է ջրի մեջ, մտորում է:
ՀԱՅԿ — Կտեսնեք, չորեքթաթ ետ կդառնա:
ՄԱՐԻԱՄ — Նա մտավ ծովը:
ԱՆՆԱ — Ախր լողալ չգիտի:
ՀԱՅԿ — Օգնություն չի կանչո՞ւմ:
ՄԱՐԻԱՄ — Ոչ, փորձում է լողալ: Ի՞նչ կլինի, եթե խեղդվի:
ՀԱՅԿ — Եթե կյանքից ոչինչ չի ուզում, ապա նրա համար ի՞նչ տարբերություն՝ որտեղ է խեղդվելու՝ ծովո՞ւմ, թե՞ մարդկանց ամբոխի մեջ:
ՄԱՐԻԱՄ — Նա թևերն է թափահարում:
ՀԱՅԿ — Եվ մենք կկորցնենք մի կույր հիմարի: Ասա նրան, որ ծովի ջուրը աղի է, խմել չի կարելի:
ՄԱՐԻԱՄ — (գոռում է): Ծովի ջուրը աղի է… Սուզվեց, գլուխը չի երևում:
ՀԱՅԿ — Մարդը պայքարում է, որ կենդանի մնա:
ԱՐԱՄ — (գոռում է): Օգնեցե՜ք…
ՀԱՅԿ — Ուրեմն նա մեր օգնության կարիքն ունի: Ո՞վ է ուզում օգնել:
ԱՆՆԱ — Ես շատ հոգնած եմ:
ՄԱՐԻԱՄ — Ես նրան կօգնեմ: (Գնում է Արամին փրկելու:)
ՀԱՅԿ — Թույլ մարդիկ մտածում են, որ աշխարհը պարտավոր է իրենց օգնել… Ինչո՞ւ: Ո՞վ է մեղավոր, որ կորցրել ես տեսողությունդ: Աստված մարդուն ամեն ինչ տվել է: Ուղեղ ունենայիր, ոտքերդ չէիր թրջի: (Գալիս են Արամն ու Մարիամը:) Ահա մեր թրջված բախտակիցները: Սթափվեցի՞ր, պարո՛ն:
ԱՐԱՄ — Ջուրը տաք էր:
ՀԱՅԿ — Այդ ջուրը ծով է: Դուք չեք հասկանում, որ ծովը անտանելի բնավորություն ունի. ուզում ես խաղաղ լինի՝ փոթորկվում է:
ԱՐԱՄ — Ես պիտի ընդունեմ, որ կույր եմ, մինչև հիմա չէի հավատում: Ինչ էլ որ լինի, ես պիտի ապրեմ:
ՀԱՅԿ — Եթե այդ կյանքը քեզ բավարարում է, ապրիր: Իսկ ես, չգիտես ինչու, իմ կյանքից գոհ չեմ:
Երրորդ պատկեր
ՄԱՐԻԱՄ — Երկնքում ամպեր են կուտակվում: Հավատացողը կզգա՝ ինչպես են անձրևի կաթիլներն ընկնում վրան: Նա անձրևի համը կզգա: (Դադար:) Մեկ օր էլ անցավ, մենք ապրում ենք: Դեռ չի եկել մեր ժամանակը, մենք չենք մեռնի, որովհետև հավատում ենք:
ԱՐԱՄ — Այս կղզին բանտ է, չորս կողմից քամիներ են փչում, ավազը լցվում է մեզ վրա: Նա աստիճանաբար մեզ կկլանի, ու կդառնանք նրա կերակուրը: Մենք չենք կարող դիմադրել…
ՀԱՅԿ — Ջուր, մի բաժակ ջուր, խնդրում եմ: (Սողում է:)
ՄԱՐԻԱՄ — Դու մեր սարսափն էիր, որոշումներ էիր կայացնում առանց օրենքի, իսկ հիմա սողում ես: Քանի՞ մարդու կյանք խլեցիր, քանի՞սը անհետացար ծովի մեջ: Ես քեզ խղճում եմ, եթե ջուր ունենայի, ամբողջը կտայի քեզ: Հիմա մի շարժվիր ու քնիր: Աննա, ինչպե՞ս ես:
ԱՆՆԱ — Քնած եմ, չեմ ուզում արթնանալ, չեմ ուզում տեսնել՝ ինչպես ենք մեռնում:
ԱՐԱՄ — Ես կույր եմ, կույր լինելը դժվար է: Շուտով ավազ կդառնանք:
ՄԱՐԻԱՄ — Երբ իմ երեխաները սոված էին, ստիպում էի նրանց ծիծաղել: Եկեք մենք էլ ծիծաղենք, դժվարություններն անցողիկ են:
ՀԱՅԿ — Քո երեխաները ծիծաղեցին, նրանց հետ ի՞նչ կատարվեց:
ԱՆՆԱ — Իմ ուղեղը մթագնել էր սովից: Ես չէի գիտակցում՝ ինչ էի անում: Ես ատում էի նույնիսկ իմ երեխաներին: Նրանք ինձնից հաց էին ուզում: Ոչ ոք չեկավ ինձ օգնության, կարծես անապատում լինեի:
ՀԱՅԿ — Երազանքդ իրականացավ, ընկար անապատ:
ՄԱՐԻԱՄ — Եկեք ծիծաղենք, ամեն չնչին բանից կարելի է ծիծաղել: (Արամին.) Դու տեսե՞լ ես՝ քիթդ ինչ օրի է ընկել:
ԱՐԱՄ — Կույր եմ, չեմ տեսնում:
ՄԱՐԻԱՄ — Նա չի տեսնում, քիթը կարծես կարտոֆիլ լինի:
Ծիծաղում են:
ԱՐԱՄ — Ես ատում եմ ձեզ, ես ատում եմ ձեր ծիծաղը, ես ատում եմ ձեզ, որ իմ կողքին եք, կույր մարդուն ծաղրում եք: Դա վայել չէ գիտակից մարդուն:
ԱՆՆԱ — Մենք բոլորս էլ չենք տեսնում մեր քիթը. ծիծաղելի ոչինչ չկա:
ՄԱՐԻԱՄ — Ուզո՞ւմ եք՝ թեյնիկ դառնամ: (Ուռցնում է թշերն ու ֆռնչացնում:) Թեյնիկը եռում է, պատրաստվեք թեյելու մուրաբայով, խմորեղենը սեղանի վրա է, ո՞վ է ուզում կարմրած նրբերշիկ, իսկ խորոված հա՞վ…
ՀԱՅԿ — Դու լռելո՞ւ ես, թե՞ ոչ:
ՄԱՐԻԱՄ — Ծիծաղելի է:
ՀԱՅԿ — Մենք կարող ենք խելագարվել խորովածի հոտից: Այնպես մի արա, որ քեզ հավի տեղ դնենք:
ԱՐԱՄ — Հավ, ես հավ եմ ուզում ուտել, հավի գրիլ:
Աննա — Պարոննե՛ր, ուշքի եկեք: Մարիամը մարդ է, քարը քար է, ծովը՝ ծով… Մարիամը խորոված հավ չէ, նրան չեք կարող ուտել:
ԱՐԱՄ — Լավ կլիներ՝ հավ դառնայիր: Խորոված հավ՝ իմ ամենից սիրված ուտելիքը: Մարիամը հավ չի: Ծովը աղի ջուր է, խմել չի լինում:
ՀԱՅԿ — Եթե շարունակես հավի նման կչկչալ, ես քեզ կուտեմ, Մարիամը հավ չի, ծովը ծով է, քարը՝ ավազ:
ՄԱՐԻԱՄ — Պարոնա՛յք, մենք պարտավոր ենք ծիծաղել, որ անասուն չդառնանք:
ՀԱՅԿ — Նայիր չորս կողմդ, անապատ է, մենք դանդաղ սուզվում ենք ավազի մեջ: Ոչ մի հույս չկա, որ կգոյատևենք, ու ես կարող եմ ծիծաղել:
ՄԱՐԻԱՄ — Հույսը միշտ կա, վարագույրը քաշիր, դուռը կբացվի: Կյանքը գեղեցիկ է, մենք ենք տգեղ: Ահա և մեր մատուցողը:
Հոգնած ներս է մտնում մատուցողը:
ՄԱՏՈՒՑՈՂ — Երկու օր թափառեցի, ո՛չ ջուր գտա, ո՛չ ուտելիք:
ՀԱՅԿ — Հիմա կարող ենք հռհռալ:
Բոլորը բարձր ծիծաղում են, բացի մատուցողից:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ես հոգնած եմ, ոտքերի վրա չեմ կարողանում կանգնել:
ՀԱՅԿ — Իսկ դու նստիր:
Շարունակում են ծիծաղել:
ՄԱՏՈՒՑՈՂ — Եթե շարունակեք ծիծաղել, ոչինչ չեմ պատմի, կհեռանամ:
ԱՆՆԱ — Սիրելի՛ս, մենք այնքան ենք քաղցած, որ հաճույքով քեզ կլսենք:
ՄԱՏՈՒՑՈՂ — Քայլեցի կղզու երկայնքով ու լայնքով, ոչ մի շնչավոր չգտա: Արև էր ու շիկացած ավազ, ասեղի նման խրվում էր ոտնաթաթերս: Հանկարծ ճանապարհին շիշ գտա, ուրախացա, հետո տխրեցի. կողքին գտա մարդու կմախք: Հույսս այն է, որ կարող ենք նամակ գրել ու ծովը նետել:
ՀԱՅԿ — Ուրեմն՝ այս կղզում մարդիկ են եղել:
ԱՐԱՄ — Իմ մոտ թուղթ ու գրիչ կա: Մարիամ, գրիր: Հարգելի քաղաքակիրթ մարդկություն…
ԱՆՆԱ — Ուզում եք մարդկությա՞նը դիմել, դա վտանգավոր չէ՞:
ԱՐԱՄ — Ճիշտ ես, նրանց մեջ այնքան վայրի ցեղեր կան, որ մեզ տեղնուտեղը կուտեն:
ՀԱՅԿ — Ուրիշ ելք չկա, մենք պարտավոր ենք գրել:
ԱՐԱՄ — …մենք, վերոհիշյալ ստորագրողներս, բախտի կամոք հանգրվանել ենք այս կղզում: Չորս կողմը աղի ջուր է ու շնաձկներ: Մեր հույսը դուք եք:
ՀԱՅԿ — Գրիր, որ եթե մենք քաղցից ու ծարավից զոհվենք, մեղավորը դուք կլինեք:
ԱՆՆԱ – Գրի՛ր, որ մեզ հետ երեխաներ կան, անհամբեր ձեզ են սպասում: Հա՛յկ, շիշը նետիր ծով… Աստված ձեզ հետ է:
Հայկը նետում է, լսվում է՝ ինչպես շիշը ջարդվեց:
ՄԱՐԻԱՄ — Ծովը շիշը չընդունեց:
ԱՆՆԱ — Այս հույսն էլ անցավ մեր կողքով: Դե, տղամարդիկ, մի բան հնարեք:
ԱՐԱՄ — Տե՛ր Աստված, ինչո՞ւ ես լռում, ինչո՞ւ հնարավորություն չես տալիս:
ՀԱՅԿ — Լավ, հույսներս դնենք մեզ վրա. մենք պիտի ծամենք, որ ուտելուց բացի ուրիշ բանի մասին մտածենք:
ԱՐԱՄ — Ես հոգնել եմ միայն ուտելիքի մասին մտածելուց. դա անբարոյականություն է: Ես ուզում եմ նվագել: Ուղեղիս մեջ նոր երգեր են ծնվում: Եթե կուշտ լինեմ, կարող եմ վերարտադրել:
ՀԱՅԿ — Դու ի՞նչ գործ ունեիր Աֆրիկայում:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ուսումնասիրում էի նրանց խոհանոցը:
ՀԱՅԿ — Եվ չե՞ս կարողանում մի բան հնարել:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ցույց տուր մի շարժվող կենդանի, ու նրանից այնպիսի ապուր եփեմ…
ՀԱՅԿ — Ինչո՞ւ լռեցիր:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ջունգլիում բռնում էինք կապիկին, աքցանի մեջ առնում գլուխը, սափրում գագաթը, անցք էինք բացում ու գդալով ուտում էինք ուղեղը, իսկ կապիկը շարունակում էր ճչալ:
ՀԱՅԿ — Ինչո՞ւ չէիք սպանում:
ՄԱՏՈՒՑՈՂ — Որ ուղեղը թարմ լինի:
ՀԱՅԿ — Չեմ հասկանում՝ խոսքդ ուր ես տանում:
ՄԱՏՈՒՑՈՂ — Կապիկի ուղեղն ու մարդու ուղեղը նույն բաղադրությունն ունեն: Պիտի հավատանք մեծ գիտնականին:
ՀԱՅԿ — Առաջարկում ես մարդու ուղե՞ղ ուտել:
ԱՐԱՄ — Վերջապես հասանք դրան: Դուք սադիստ եք:
ՄԱՏՈՒՑՈՂ — Մենք սովից կմեռնենք կամ էլ մեկին պիտի զոհաբերենք հանուն մյուսների:
ԱՐԱՄ — Ո՞ւմ եք որոշել զոհաբերել:
ՀԱՅԿ — Քեզ, դու աշխարհի համար բեռ ես, ավելորդ ուտող, անիմաստ գոյատևող: Առանց օգնության երկու քայլ չես կարողանում անել:
ԱՐԱՄ — Մարդկությունը քանի՛ կույր երգիչ է տվել:
ՀԱՅԿ — Ի՞նչ է, ուզում ես երգե՞լ:
ԱՐԱՄ — Կյանքդ փրկելու համար ինչե՞ր չես անի: (Աշուղական երգ է երգում:)
ՀԱՅԿ — Այնպես երգեցիր, որ ուղեղդ ուտելուց կհիվանդանամ:
ԱՐԱՄ — Ես Աննային կուտեի, նա այնքան փափլիկ է:
ՀԱՅԿ — Վատ միտք չէ, միանում եմ քեզ:
ԱՆՆԱ — Ինձ ուտելն այդքան հեշտ չի լինի: Նայեք, ինչ եղունգներ ունեմ: Ինչքան էլ կեղտոտվել է: Մոռացեք ինձ, ձեզ ուտելիք ճարեք: Ինձ ուտելն անհնար է:
ՄԱՐԻԱՄ — Ես գիտեմ, որ ինձ եք ուզում ուտել. մի խեղճ կին գտեք ու զոհեք հանուն ձեր որովայնի: Կերեք, ես պատրաստ եմ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Բոլո՞րն են կողմ:
ԱՆՆԱ — Կարծում եք՝ կտրված լինելով քաղաքակրթությունից, պիտի դառնանք մարդակե՞ր:
ՀԱՅԿ — Քաղաքակրթությունը ավելորդ զարդարանք է, մարդկանց խանգարում է ինքնադրսևորումը:
ԱՐԱՄ — Պետք է ենթարկվես ինքնապաշտպանական բնազդներին: Եթե անապատում չլինեինք, այլ կերպ կդրսևորվեինք, կուտեինք խորոված հավ:
Բոլորը նայում են Մարիամին:
ՄԱՏՈՒՑՈՂ — Հրաժեշտ տվեք Մարիամին:
ԱՆՆԱ — Ես դեմ եմ մարդակերությանը: Բայց քանի որ մարդիկ գտնվում են ծայրահեղ իրավիճակում… Մենք քո զոհաբերությունը չենք մոռանա:
ՀԱՅԿ — Խոստանում եմ քո անունով խաչքար պատվիրել: (Մատուցողին.) Տար նրան շենքի ետև, աչքերից հեռու:
ԱՐԱՄ — Դու գնում ես, բարով գնաս: Մարիա՛մ, մի՛ լացիր, մի՛ ցույց տուր թուլությունդ… Այս անապատում մեր խիղճը մեռել է, որովհետև քաղցը սպանում է ամեն ինչ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Գնանք, Մարիամ, դա քո ճակատագիրն է:
ԱՆՆԱ — Սպասի՛ր, Մարիա՛մ, ասա՛, որ չես ուզում՝ քեզ ուտեն: Ասա, որ քեզ ստիպում են այս մարդիկ:
ՄԱՐԻԱՄ — Ինձ համար միևնույն է:
ՄԱՏՈՒՑՈՂ — Հորիզոնում նավ է երևում:
ՀԱՅԿ — Դա իմ նավն է, նավապետ Տիկը մեզ չի մոռացել:
ԱՐԱՄ — Գազան չդարձանք, փրկվեցինք: Մարիամ, քո բախտը միշտ բերում է:
ԱՆՆԱ — Վերջապես դուրս կպրծնենք այս անիծյալ կղզուց, որտեղ ո՛չ ջուր կա, ո՛չ էլ ուտելիք:
Չորրորդ պատկեր
Ներս է մտնում նավապետ Տիկը:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Պարոնա՛յք, երկրագնդով մեկ ձեզ էի փնտրում: Լողացի ծովից ծով, օվկիանոսից օվկիանոս, պատերազմեցի մարդակերների դեմ, ծովահենները շրջապատեցին ինձ, կռիվ տվեցի, կորցրի ականջիս մեկը, բայց չընկճվեցի: Հաղթանակը իմն էր, բարեկամնե՛րս, վերջապես գտել եմ ձեզ:
ՀԱՅԿ — Ուրախ եմ, որ նավս չի խորտակվել:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Նավապետ Տիկը հզոր մարդ է, երբեք չի պարտվում:
ՀԱՅԿ — Ի՞նչ եղավ իմ բեռը:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Օ՜, նրանք ամենինչ արեցին, որ խույս տան բախտից, բայց չկարողացան փախչել ճակատագրից: Թող նրանց թեթևամիտ հոգիները շնաձկների որովայնում հանգստություն գտնեն: Ամե՛ն: Պարոնա՛յք, ժամանակն է, որ վերադառնանք Ավետյաց երկիր, մեր հարազատները մեզ են սպասում: (Լռություն: Իրար են նայում:) Ի՞նչ է պատահել:
ՀԱՅԿ — Ես չեմ կարող վերադառնալ, ինձ կձերբակալեն:
ԱՆՆԱ — Որտեղ ամուսինս, այնտեղ էլ ես: Մենք որոշել ենք միասին ապրել:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Պարո՛ն, դուք ի՞նչ կասեք:
ԱՐԱՄ — Ինչպես տեսնում եք, ես կույր եմ, դատապարտված մարդ: Նրանք կուզե՞ն ինձ տեսնել այսպես, ես նրանց լավ գիտեմ, ես նրանց ճանաչում եմ: Նրանք ինձ կծաղրեն:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Իսկ դո՞ւ, մատուցող, գուցե քեզ Աֆրիկա՞ տանեմ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ոչ, ես կուզեի միասին լինեինք, չէ՞ որ նրանք ինձ փող են պարտք: Պարտքը պիտի վճարվի:
ԱՆՆԱ – Ի՜նչ հիշողություն ունի:
ՄԱՐԻԱՄ — Ես կուզեի տուն գնալ, այնտեղ են թաղված իմ որդիները: Բայց… ինձ ուզում էին պահել հոգեբուժարանում, գիշերը փախա, ես փրկվեցի տառապանքներից:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Դե ինչ, աշխարհը մեծ է, կարող ենք գնալ՝ ուր ցանկանանք, ես ձեր տրամադրության տակ եմ:
ԱՆՆԱ — Նավապետ, իսկ որտե՞ղ ենք հանգրվանելու, ես չեմ ուզում միշտ ալիքների վրա ճոճվել:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Մենք լողալով կկտրենք մեր ծովը, կանցնենք օվկիանոս, իսկ այնտեղ կղզիներ շատ կան, բարերար հողեր, էկզոտիկ բնություն, տարին երկու անգամ բերք են հավաքում:
ԱՆՆԱ — Մեզ թույլ կտան ծովից օվկիանո՞ս անցնել, մենք կորցրել ենք անձնագրերը:
ԱՐԱՄ — Չկա անձնագիր՝ չկա մարդ:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Տիկնա՛յք, պարոննե՛ր, նավապետ Տիկը ամեն ինչ նախատեսել էր, ահա ձեր անձնագրերը, նոր անունով ու ազգանունով, բարով վայելեք:
ՀԱՅԿ — Ջոն… Դա անո՞ւն է, թե՞ ազգանուն, ես անգլերեն չգիտեմ:
ՄԱՐԻԱՄ — Հայրենիքում ինձ կմոռանան:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Ժամանակն ամեն ինչ հարթեցնում է: Նրանք քեզ կմոռանան որպես մի հին պատմություն:
ՄԱՐԻԱՄ — Իսկ որդինե՞րս…
ԱՐԱՄ — Նրանք վաղուց են մոռացվել:
ՀԱՅԿ — Արևադարձային բնություն, բարեբեր հողեր, իսկ օվկիանոսն առատ է ձկներով, լա՞վ է…
ԱՐԱՄ — Ոչ այն քարքարոտ երկիրը, որին այնքան ես կարոտում, որ ուզում ես փախչել:
ԱՆՆԱ — Մենք այնտեղ նոր կյանք կսկսենք:
ԱՐԱՄ — Նոր կյանք… Ինչպե՞ս ես պատկերացնում:
ԱՆՆԱ — Մռայլ գույներով մի նայիր կյանքին, թեև կույր ես:
ՄԱՐԻԱՄ — Ես կարող եմ ձեզ հետ ապրել… Նրանք իմ մասին գիտե՞ն:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Հանգստացիր, այնտեղ քո մասին չգիտեն: Սովորիր ժպտալ բնիկների պես:
ՄԱՐԻԱՄ — Բնիկները ինչպե՞ս են ժպտում:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Նրանք ցույց են տալիս բոլոր ատամները:
ՀԱՅԿ — Նրանք սիրո՞ւմ են աշխատել:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Միայն իրենց համար:
ԱՆՆԱ — Նրանք կցանկանա՞ն, որ մենք ապրենք նրանց կողքին:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Մի անհանգստացիր, նրանք բարի մարդիկ են:
ՄԱՐԻԱՄ — Ես կարող եմ ապրել բնիկների հետ, նրանց հետ ժպտամ, բնիկները բարի մարդիկ են, չեն հարցնի՝ որտեղ են երեխաները… իսկ եթե հարցնե՞ն:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Մոռացիր անցյալդ ու նոր կյանք սկսիր:
ՄԱՐԻԱՄ — Ես նոր կյանք եմ սկսելու, ինչպե՞ս կարմրացնեմ շուրթերս:
ԱՆՆԱ — Արյունով: Մատդ ծակիր, արյունով ներկիր շուրթերդ:
ԱՆՆԱ — Պարոնա՛յք, վերջապես երազանքներս իրականացան: Ժպտացող բնիկներ, բարեբեր հող, սառն աղբյուրներ. կապրենք միասին մեկ ընտանիքի պես: Հա՛յկ, մենք պարտավո՞ր ենք ներկայանալ նահանգապետին որպես ամուսիններ:
ՀԱՅԿ — Իհարկե, սիրելի՛ս:
ԱՆՆԱ — Նավապետ, մեզ հյուրասիրիր ջուր ու ուտելիք:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Դժբախտաբար քաղցրահամ ջուր չգտա: Այնպես որ ժամանակն է, ճանապարհ ընկնենք:
ՀԱՅԿ — Գոնե մի բաժակ ջուր կգտնվի՞:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Նեղ օրվա համար պահել եմ, գնացինք:
ՄԱՐԻԱՄ — Ես ձեզ հետ չեմ գա, ինձ հարկավոր չէ, որ ժպտամ բնիկների պես: Ես ուզում եմ տուն գնալ որդիներիս մոտ, ես չեմ կարող մոռանալ նրանց:
ՀԱՅԿ — Մենք նրանց կհիշենք ամեն աղոթքին:
ՄԱՐԻԱՄ — Դուք նույնիսկ նրանց անունները չգիտեք:
ԱՐԱՄ — Ուրեմն՝ մնա այստեղ, իսկ մենք կգնանք մեր նոր կղզին:
ՄԱՐԻԱՄ — Ես տուն եմ ուզում գնալ:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Այնպես մի արա, որ քեզ նետեմ ծովը, այս անգամ դու չես փախչի շնաձկներից:
Լսվում է ոռնոց. մի մեծ մկրատ կտրում է պատը, երևում է մի սև անցք: Հերոսները քարացած նայում են: Ներս է մտնում նավաստին՝ ձեռքին առագաստ: Լսվում է՝ «Ես քո մազերը կկտրեմ»:
ԱՆՆԱ — Նա է, իսկ դու ինձ չէիր հավատում:
ՆԱՎԱՍՏԻ — Նավապետ, ալիքները հեռացան:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Ի՞նչ եղավ նավս:
ՆԱՎԱՍՏԻ — Նավն ալիքները տարան, կղզու չորս կողմը մեծ վիհ է առաջացել:
ԱՐԱՄ — Մենք կտրվեցինք քաղաքակիրթ մարդկությունից, ես քեզ ասում էի, որ դուք կույր եք, քան ես: Աննա, դու մեզ ո՞ւր հասցրեցիր:
ԱՆՆԱ — Բերանդ փակիր, կույր բու: (Հարվածում է:) Այդպես էլ տղամարդ չդարձար:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Պարոնայք, ճիշտ է, քաղաքակրթությունից շատ ենք հեռացել, բայց նախնյաց հզոր կանչը մեր հոգում է, մենք չենք ընկճվի, կպայքարենք մինչև վերջ: Գրկեք մեկմեկու, բռունցք դառնանք ու կատարենք մեր քայլը: Ետ մի նայեք, առաջ քայլեք առանց վախենալու, մենք այլ ճանապարհ չունենք, մենք կարող ենք քայլել: Մենք պարտավոր ենք քայլել: (Բոլորը քայլում են, Արամից բացի🙂
ԱՐԱՄ — Ո՞ւր եք գնում, կույրեր, դիմացը վիհ է:
Բոլորը հուսահատ կանգնում են:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Կղզում չենք կարող ապրել, ծովում շնաձկներ են: Այն էկզոտիկ կղզիները մերը չեն, մենք միշտ օտար ենք լինելու, մեր հանգրվանը հայրենիքն է:
ԱՆՆԱ — Բայց ինչպե՞ս ենք հայրենիք հասնելու:
Դադար, բոլորը իրար են նայում:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Նավապետ Տիկը գիտի՝ ինչպես թռչել: Նավաստի, բացի՛ր առագաստը:
ԱՆՆԱ — Նավապե՛տ Տիկ, դուք հանճար եք:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Դուք այնքան ասացիք, որ ես էլ հավատացի, իսկ հիմա ամեն մեկդ բռնեք առագաստից, ու կսպասենք առաջին փոթորկին:
Բոլորը բռնում են առագաստից:
ՆԱՎԱՍՏԻ — Նավապետ, փոթորիկը մոտենում է:
ՆԱՎԱՊԵՏ ՏԻԿ — Ամուր բռնվեք, թռչում ենք: Բոլորդ աղոթեք, որ քամին մեզ հայրենիք հասցնի: Թռչում ենք…
Բոլորը թռչում են:
Պայծառ լուսավորություն:
11. 06. 2022 թ.