Արտաշես ՇԱՀԲԱԶՅԱՆ / ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԸ

Ներկայացվող պիեսի հերոսն ասում է. «Կարծես դրսի կյանքը,  երկրաշարժի պես, մեր տունն էլ էր տակնուվրա արել:

Հայրս, մայրս, եղբայրս, քույրս, փոքր երեխաներս, կինս…

Բոլորը փոխվել էին, երևի ես էլ էի փոխվել»:

Այսօրվա իսկ օրով կարող ենք փաստել, որ ժամանակն ու

մթնոլորտը ունակ են տակնուվրա անել հասարակությունը, վերափոխել մարդուն` արթնացնելով ներսում, իր իսկ համար,

 անճանաչելի կրքեր: Այնուամենայնիվ կան մեծ, հավերժական և անմեռ արժեքներ, որոնք զսպում են մարդու

գազանացումն ու կանխում են դրանով

աշխարհի դուրս շպրտվելն իր շավիղից: Կարծում եմ,

մշակութային յուրաքանչյուր դրսևորման գերխնդիրը աշխարհի առանցքը կազմող մարդուն ինչ-որ չափով փրկելն է,

այլապես ամեն ինչ ինքնանպատակ է և անիմաստ:

ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԸ

Դրամա մեկ գործողությամբ

Գործող անձինք

ԱՐՄԵՆ — մեղադրյալ, 36 տարեկան

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — դատապաշտպան, 55 տարեկան

Բեմը քննչական մեկուսարանի կալանասենյակ է: Խորքում` վանդակապատ պատուհան: Կենտրոնում` հին սեղան, երկու կողմերում` երկու աթոռ: Ձախ աթոռին նստած է Արմենը, նայում է վեր` անորոշ կետի, երբեմն գլուխն առնում է ափերի մեջ: Ծանր կողպեքի մեջ պտտվում է բանալին` երկաթե դռան ճռնչոց, ներս է մտնում Լալազարյանը: Արմենը տեղից բարձրանում, ապա նստում է, դարձյալ բարձրանում է, ձեռքով բարևում են, նստում են իրար դիմաց: Խոսակցության ընթացքում նրանք ելնում են տեղից, քայլում են սենյակում, կրկին նստում են:

ԴԱՏԱՊԱՇՏՊԱՆ — (սեղանին դնելով թևատակի թղթապանակը): Ծանոթանանք:

ՄԵՂԱԴՐՅԱԼ — Անունս Արմեն է:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Ես Լալազարյանն եմ:

ԱՐՄԵՆ — Շատ ուրախ եմ:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Ուրախանալու բան չկա, սպանության փորձի վերաբերյալ մեղադրանքն ապացուցված է փաստական ու իրեղեն ապացույցներով և մանավանդ ենթակայիդ խոստովանական ցուցմունքի հիման վրա: Ինչևէ… Քանի որ այստեղ անելիք չունենք` անցնենք առաջ, հիմա մանրամասնորեն պատմիր տեղի ունեցածը:

ԱՐՄԵՆ — Հարցաքննության ժամանակ ամեն ինչ գրի են առել…

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Այդ գրի առածը ցույց կտաս… դատարանին, իսկ ինձ անհրաժեշտ է իմանալ ողջ ճշմարտությունը. ինչո՞ւ, ի՞նչ հանգամանքներում, ի՞նչ նպատակով և այլն:

ԱՐՄԵՆ — Իսկ ինչո՞ւ է այդ ամենը ձեզ հետաքրքրում:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Հետաքրքրո՞ւմ… (Բարձր ծիծաղում է:) Գիտե՞ս, հարգելի՛ս, ես այնքան քստմնելի ու սահմռկեցուցիչ պատմությունների եմ առնչվել, որ միջին քաղաքացու ուղեղը ճաք կտար: Մարդ արարածի հետ կապված պատրանքներս վաղուց հօդս են ցնդել, և չկա մի բան, որը դեռ կարող է զարմացնել, բայց ես փաստաբան եմ ու պետք է տեղյակ լինեմ ամբողջական գործին` պաշտպանական մարտավարությունը կառուցելու համար: Որևէ մոռացված մանրամասն, թաքցված հանգամանք եթե հանկարծ բացահայտվի դատարանում` մշակածս մարտավարությունը կարող է փլուզվել: Պա՞րզ է:

ԱՐՄԵՆ — Պարզ է:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Այսինքն` պատկերացրու, թե միասին ենք հանցագործությունը կատարել ու ինձանից գաղտնիք չունես. հասկացա՞նք իրար:

ԱՐՄԵՆ — Ոնց որ թե հասկացանք:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Ի դեպ, թեև համապատասխան գումարի դիմաց հարազատներդ վարձել են իմ ծառայությունը, բայց, ի վերջո, իրար հետ ենք աշխատելու. համաձայն օրենքի` ցանկացած պահի կարող ես ինձանից հրաժարվել և ուրիշ դատապաշտպան ընտրել:

ԱՐՄԵՆ — Ինչի՞ համար, միևնույն է:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Դե, քանի որ մեր վերաբերմունքը փոխադարձ է, կարելի է սկսել: Բնականաբար, մինչ այստեղ գալս, ուշադիր կարդացել եմ քննիչին տված ցուցմունքդ: (Խոսելուն հընթացս բացում է սեղանին դրված թղթապանակը, նայում է դուրս բերված թղթերին:) Ափսոս, որ «երգելուց» առաջ դատապաշտպան չես պահանջել, բայց եղածը եղած է: Ավելորդ մանրամասների վրա, իհարկե, կարելի է կանգ չառնել, ծնվել ես Երևանում, հայ ես, 36 տարեկան, փայտագործ ես, կահույքի մասնավոր պատվերներ ես կատարում, երկու երեխաների հայր ես` ներկայումս` ամուրի, ամուսնալուծվել ես չորս տարի առաջ… ահա` տեղ հասանք, ինչո՞ւ ես ամուսնալուծվել…

ԱՐՄԵՆ — Իսկ կինս… նախկին կինս դեռ ո՞ղջ է, երեխաներիցս ի՞նչ նորություն կա…

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Դեռ ողջ է, այո՛, բայց, գիտես, էլի… Ինչևէ, նախ ասա, թե ինչու ես կնոջիցդ բաժանվել, հետո էլ կանդրադառնանք նրան, թե ինչու ես որոշել զրկել կյանքից…

ԱՐՄԵՆ — Որովհետև անհասկացող էր, եսասեր, հաստակող, լաչառ…

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Անբարոյական:

ԱՐՄԵՆ — Ի՞նչ… Չէ՛, անբարոյական չէր:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Գիտե՞ս ինչ, բարեկա՛մ, բարո-անբարոյի առեղծվածը փիլիսոփայության ոլորտից է և, մանավանդ, ցեխի պես կպչում է ցանկացածին: Իսկ մեզ տվյալ հանգամանքը շատ պետք կգա: Իրավագիտության տեսանկյունից խանդը ծանրակշիռ հիմք է սպանության հիմնավորման համար, այնպես որ, մենք կասենք` անբարոյական է եղել, ցանկացողը թող փորձի հակառակն ապացուցել:

ԱՐՄԵՆ — Չէ՛, պետք չէ այդպիսի բան ասել:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Եղբա՛յր, բա ինչպե՞ս հիմնավորենք սպանության փորձը, նրանով, որ նախկին կինդ հաստակող ու լաչա՞ռ է եղել: Է՜, բոլորիս կանայք էլ այդպիսին են, բայց ոչ միայն չենք սպանում, այլև վիզներս ծռած, կյանքներս քարշ ենք տալիս կողքներից:

ԱՐՄԵՆ — Այնուամենայնիվ, կինս անբարոյական չէր: Մի բան կարո՞ղ եմ խնդրել ձեզ:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Խնդրեք:

ԱՐՄԵՆ — Այնպես արեք, որ ինձ ազատ արձակեն, գնամ երեխաներիս տիրություն անեմ:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Վատ ցանկություն չէ… Լավ, ուրիշ հարց տամ, ամուսնալուծված ժամանակ տեղեկություններ ունեցե՞լ ես կնոջդ մասին:

ԱՐՄԵՆ — Հանդիպում էի հետը:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Հաճախակի՞ էիր հանդիպում:

ԱՐՄԵՆ — Շաբաթը մեկ անգամ:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Նախկին կինդ դեմ չէ՞ր:

ԱՐՄԵՆ — Որ դեմ լիներ, հո զոռով չէի՞ հանդիպելու:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Տրամաբանական է: Ինչպե՞ս էին անցնում հանդիպումները, ինչի՞ մասին էիք խոսում:

ԱՐՄԵՆ — Շաբաթ օրերին էի այցելում: Այդ օրերին տոնավաճառը շուտ էր փակվում, օգնում էի, հավաքում էինք ապրանքը, կողպում էինք խանութը, հաց էինք ուտում, երեխաների ապագայի մասին էինք խոսում…

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Այս գիշեր լավ չեմ քնել, հետն էլ խումհարն է տանջում… Լսիր, որ պիտի հանդիպեիք, ինչո՞ւ էիք բաժանվում:

ԱՐՄԵՆ — Ինձ չէր հասկանում, կարծես պատրվակ էր ման գալիս, որ վիճեր, համատեղ կյանքը դարձել էր անտանելի:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Ի սկզբանե՞ այդպես էր:

ԱՐՄԵՆ — Չէ՛, ամենասկզբում վիճելու պատճառ չունեինք: Ծանոթացանք իրենց տանը, երբ եղբոր պատվերով, ընկերոջս հետ, ննջարանի պատի մեջ պահարան էինք հավաքում: Ամեն ինչ շատ արագ կատարվեց, չէի ասի, թե սիրահարվեցինք, բայց… Բայց հո բոլորը սիրահարվելով չե՞ն ամուսնանում: Ամուսնանում են, որովհետև վաղ թե ուշ ամուսնանալու են… (Լռում է:)

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Անցիր առաջ, հասիր ամուսնական կյանքին:

ԱՐՄԵՆ — Սկզբում ամեն ինչ այնպես էր, ինչպես պիտի լիներ, ընտանեկան առօրյա, երեխաներ… Կինս սովորական մարդ էր թվում` ուրիշների նման: Ես հետո միայն պիտի հասկանայի, որ սխալվել եմ: Դուք ի՞նչ կարծիքի եք, կարելի՞ է մարդու հետ ապրել ու չճանաչել նրան:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — (հոգոց հանելով): Դժբախտաբար, կարելի է:

ԱՐՄԵՆ — Հետո մութ ու ցուրտ տարիները հաջորդեցին, հատուկենտ պատվերներ էի ունենում, մարդիկ հազիվ հացի խնդիր էին լուծում, կնոջս կարի ֆաբրիկան փակվեց, ինքն սկսեց տոնավաճառում առևտուր անել: Դարձել էր հոգնած ու նյարդային, հաճախ հիվանդանում էր: Մի թալանվող հիմնարկում գիշերային պահակ էի ձևակերպվել, անգամ շաբաթ, կիրակին չէինք կարող իրար հետ անցկացնել, միասին եղած ժամանակ էլ հաճախ վիճում էինք:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Վիճելու լուրջ պատճառնե՞ր կային:

ԱՐՄԵՆ — Չգիտեմ… Կարծես դրսի կյանքը, երկրաշարժի պես, մեր տունն էլ էր տակնուվրա արել: Հայրս, մայրս, եղբայրս, քույրս, փոքր երեխաներս, կինս… Բոլորը փոխվել էին, երևի ես էլ էի փոխվել:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Հետո բաժանվեցի՞ք:

ԱՐՄԵՆ — Հեշտ բաժանվեցինք, այն ժամանակ ամեն ինչ հեշտ էր քանդվում, բոլորի պես մտածում էինք` ինչ լինելու է, թող լինի, միայն թե փոխվի եղած վիճակը:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Բաժանվեցիք, բայց շարունակեցիք հանդիպել…

ԱՐՄԵՆ — Մոտ երկու տարի կնոջս տեսել եմ միայն երեխաներիս այցելելու օրերին: Առանց երեխաների չեմ դիմանում:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Հետո սկսեցիք հանդիպել…

ԱՐՄԵՆ — Շաբաթ օրերին` շուկայում: Զրուցում էինք երկար, պարզվեց, մինչ այդ չէինք ճանաչել իրար: Չգիտեմ, ժամանա՞կը չէր հերիքել, հոգսե՞րը թույլ չէին տվել, թե՞ մարդիկ սովորություն չունեն լսելու միմյանց, մարդիկ սիրում են լսել միայն սեփական ձայնը: Սկսեցինք հանդիպել, երեխաների ապագայի ծրագրեր էինք կազմում` ընդհանուր երազանքները մերձեցնում էին մեզ:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Նաև վիճո՞ւմ էիք:

ԱՐՄԵՆ — Հազվադեպ:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Իսկ ի՞նչ պատահեց դեպքի օրը:

ԱՐՄԵՆ — Խոսեցինք երեխաներից, ասաց` ցանկանում է կյանքը նորից սկսել. լեզվի տակ ուրիշ բան կար:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Հետո՞:

ԱՐՄԵՆ — Հետո վիճեցինք, կարծես ցանկանում էր հունից հանել ինձ…

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Դանակը որտեղի՞ց ճարեցիր:

ԱՐՄԵՆ — Ձեռքիս էր, երշիկ էի կտրում, պատրաստվում էինք հաց ուտել:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Շա՞տ բարկացրեց:

ԱՐՄԵՆ — Շա՜տ, ոտքերս ծալվեցին, հազիվ էի շնչում:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Ուզեցիր վերջ տալ այդ վիճակին:

ԱՐՄԵՆ — Ուզեցի ձերբազատվել, չգիտեի, թե այլևս ինչպես եմ ապրելու, ինձ էլ պետք է սպանեի, բայց… Երեխաներիս հիշեցի… Չէ՛, վախեցա, ստոր մարդ եմ ես…

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Հասկանալի է, իսկ հիմա ճիշտն ասա, թե ինչու ես դանակահարել նախկին կնոջդ, ինչ արեց կամ ասաց այդ պահին, որ այլևս չէիր կարող հանդուրժել:

ԱՐՄԵՆ — (գլուխն առնում է ափերի մեջ, երկար լռում է): Ասաց` շուկայից ինչ-որ տղամարդ ամուսնության առաջարկ է արել, և ինքը մտորում է:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Վիճեցի՞ք:

ԱՐՄԵՆ — Չէ՛, չենք վիճել, երբ մտածեցի, թե վերջնականապես կկորցնեմ նրան, հասկացա, որ դիմանալու ուժ չունեմ, երբեք այդպես անզոր չէի զգացել ինձ, ուզեցի փախչել իրականությունից… Եթե վիճակված չէր ապրել իր հետ, գերադասելի էր միասին մեռնելը… Ինքս էլ չհասկացա, թե ինչ եմ անում, ախր, ես նույնիսկ հավ մորթած չկամ…

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Լավ է, շատ լավ է…

ԱՐՄԵՆ — (զարմացած): Ի՞նչն է լավ:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Ճիշտ ես կառուցում պաշտպանությունը` հանցանքը, ըստ ամենայնի, գործել ես աֆեկտի վիճակում, խանդի զգացումն է բորբոքվել, երեխաներիդ ապագայի հարցը մթագնել է ուղեղդ, չես հասկացել` ինչ ես անում:

ԱՐՄԵՆ — Չէ՛, հասկացել եմ, ուրիշ ելք չունեի:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Դու ինձ լսիր, եթե կարողանանք դատարանին համոզել… Հոգեկան անհավասարակշռության վիճակ, խանդ, մղձավանջային ցնորքներ երեխաների ապագայի վերաբերյալ` օտար տղամարդու իշխանության ներքո…

ԱՐՄԵՆ — Ճիշտ եք, շատ եմ խնդրում, համոզեք դատարանին, ախր, խոստացել եմ, որ երեխաներիս համար ամեն ինչ անելու եմ, Ռուզանին խաբել չեմ կարող:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Ռուզանն ո՞վ է:

ԱՐՄԵՆ — Դե, կինս, այսինքն` նախկին կինս:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Լսիր… Դո՛ւ ինչո՞ւ ես ցանկացել սպանել կնոջդ:

ԱՐՄԵՆ — Որովհետև շատ էի սիրում: Մենք նույնիսկ սկսել էինք միասին փող

հավաքել, որ բնակարան գնեինք:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Ինչի՞ համար:

ԱՐՄԵՆ — Որպեսզի մեր սեփական տունն ունենայինք, ծնողներիս, եղբորս, քրոջս կողքին նեղվածք էր: Որոշել էինք, որ երեխաներն իրենց առանձին սենյակները պետք է ունենան: Աղջկաս համար պետք է դաշնամուր գնեինք: Ռուզանն ասում էր, որ կարող է ասեղնագործությամբ զբաղվել, իսկ ես խոստացա կիսատ թողած ուսումը շարունակել: Փող էինք հավաքում, Ռուզանն ուզեց, որ հավաքվող գումարն ինձ մոտ պահվի: Ցանկանում էինք հաջորդ ամառ երեխաներին Հունաստան տանել, թանգարաններ այցելել: Ռուզանն ասում էր` լավ մարդ դառնալու համար գեղեցիկի հետ պիտի շփվես, մեր երեխաները շատ խելացի են… Ինչ որ բա՞ն եք ուզում հարցնել:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Ուզում եմ հարցնել, բայց վախենում եմ` այդպես էլ ոչինչ չհասկանամ: (Հեռախոսազանգ, գրպանից հանում է հեռախոսը:) Բարև ձեզ, այո՛, իր մոտ եմ: Հետո կասեք կարևոր բանը, չե՞ք հասկանում, որ զբաղված եմ… Ի՞նչ, ինչպե՞ս, ինչպե՞ս, ինչպե՞ս թե… Ինչպե՞ս թե, ինչպե՞ս թե… Ինչպե՞ս թե` հասկացա… Ոչինչ չհասկացա, այո՛, ո՛չ, ամեն ինչ հասկացա, ամեն ինչ հրաշալի հասկացա… (Այս ընթացքում քայլում է սենյակում` կրքոտ շարժումներ անելով, հետո հեռախոսը դանդաղ դնում է գրպանը:) Ոչինչ չհասկացա… Քույրդ էր զանգում:

ԱՐՄԵՆ — Երեխաներս ինչպե՞ս են:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Կինդ դուրս է եկել մահաքնի վիճակից, նույնիսկ գիտակցությունն է վերականգնվել, սարսափելի է…

ԱՐՄԵՆ — Ինչպե՞ս թե… չի՛ կարող պատահել, ուրեմն չի՞ մահանա… իսկ ի՞նչն է սարսափելի…

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Քրոջդ պատմել է այդ օրվա ձեր խոսակցությունը, ասել է, որ ամուսնության առաջարկ արած տղամարդու պատմությունը հորինել է. քանի որ ձգձգել ես վերամիանալու պահը, ուզել է ստուգել` չե՞ս փոշմանել արդյոք…

ԱՐՄԵՆ — Ինչպե՞ս թե` փոշմանել, հազիվ էի գտել երջանկությունս, ախր, այդ ընթացքում վարձու բնակարան էի ման գալիս, նեղ պայմանները մեկ անգամ արդեն խաթարել էին համատեղ կյանքը: Ուզում էի անակնկալ մատուցել, ա՛յ, միշտ այսպես անհամբեր է եղել, միշտ վատ է մտածել իմ մասին, բայց… Ի՛նչ հիմարություններ եմ դուրս տալիս, ուրեմն Ռուզանը անհանգստացել է, թե գուցե անկե՞ղծ չեմ, խաբո՞ւմ եմ իրեն… Տե՛ր Աստված, սարսափելի է:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Դրանից սարսափելի բան էլ կա…

ԱՐՄԵՆ — Է՞լ ինչ… (Տեղից վեր է թռչում:) Ի՞նչ կա, որի մասին դեռ տեղյակ չեմ, ասեք շուտ, մի՛ տանջեք:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Սարսափելին այն է, որ կինդ` նախկին կինդ, ում սպանելու դիտավորությամբ դանակահարել ես, ներողություն է խնդրում քեզանից, որ չի հավատացել, անտեղի հունից հանել է:

ԱՐՄԵՆ — Ռուզա՞նը… ի՞նքն է ներողություն խնդրում ինձանից: Ուժերիցս վեր է այս ամենին դիմանալը, այս ի՛նչ դաժան փորձություն է բաժին ընկել… Ներողություն, կարո՞ղ եք ինձ օգնել:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Կարծես թե դրա համար էլ այստեղ եմ:

ԱՐՄԵՆ — Խնդրում եմ, այնպես կառուցեք պաշտպանական մարտավարությունը, որ ինձ դատապարտեն մահապատժի:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Չե՛մ կարող:

ԱՐՄԵՆ — Ինչո՞ւ:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Որովհետև Հայաստանի Հանրապետությունում առավելագույն պատժաչափը ցմահ բանտարկությունն է:

ԱՐՄԵՆ — Ափսոս, ես ավելիին եմ արժանի: Լավ, ի՛նչ արած, այնպես արեք, որ գոնե ցմահ բանտարկեն:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Չե՛մ կարող:

ԱՐՄԵՆ — Է՞լի ինչն է խանգարում:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Մասնագիտական առաքելությունս: Դատապաշտպանը կոչված է առավելագույնս նվազեցնելու մեղադրանքի ծավալը և նվազագույնի հասցնելու պատժաչափը, և ոչ հակառակը: Վերջապես մի՛ մոռացիր, որ ես քո պաշտպանն եմ, ոչ թե մեղադրողը…

ԱՐՄԵՆ — Դատապաշտպանը կոչված է առավելագույն չափով բավարարելու մեղադրյալի ակնկալիքը. ես ձեզանից պահանջում եմ ապահովել իմ ցմահ բանտարկության իրավունքը:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Դարձյալ չեմ կարող: Հեղինակություն ունեցող դատապաշտպանի համար դա կլինի կատարյալ ձախողում, այլևս ո՞վ կցանկանա նման մարդուն գործ վստահել, հո քար չե՞մ գցելու կարիերայիս վրա:

ԱՐՄԵՆ — Ուրեմն, հանուն ձեր կարիերայի պատրաստ եք դժբախտացնե՞լ մարդուն: Մի՞թե դուք սիրտ չունեք, այն ամենից հետո, ինչ իմացաք, մի՞թե ձեր խիղճը չի թելադրում, որ ես պետք է ամբողջ կյանքում պատասխան տամ արածիս համար: Նույնիսկ ողջ կյանքը բավարար չէ, որպեսզի տանջվեմ ու գործածս մեղքի համար ապաշխարեմ:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Ախր, դու ի՞նչ մեղադրյալ, գոնե ինձ մոտ քեզ մի դիր մեծ ոճրագործի տեղ: Հազար ու մի մեղմացուցիչ հանգամանքներ գոյություն ունեն` օրինակելի կենսագրություն, հանցագործությունը կատարել ես առաջին անգամ, տուժածին հասցրել ես հիվանդանոց ու ինքդ էլ հանձնվել ես ոստիկանությանը… Ախր, նույնիսկ քրեական հոդվածը թույլ չի տալիս ցմահ պարտակել քեզ ճաղերի ետևում: Եթե կուզես իմանալ, այստեղ նույնիսկ կաշառքը չի օգնի: Իսկ ամենակարևորն այն է, որ կինդ ոչ միայն ողջ է մնացել, այլև իրեն համարում է հանցանքը սադրող, հետևաբար չի բողոքի: Որքան էլ ցանկանամ լավություն անել քեզ, հո չե՞մ կարող անհնարինը հնարավոր դարձնել:

ԱՐՄԵՆ — Ինչպե՞ս եմ ապրելու սրանից հետո:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Հանգիստ կապրես, պարտք ունես երեխաներիդ նկատմամբ: Այս ամենից հետո պարտավոր ես կնոջդ երջանկացնել: Ես մի բան եմ մտածել, լսիր, ինչ եմ ասում, միայն ուշադիր լսիր և միանգամից չարձագանքես: Ես կնստեմ քո փոխարեն:

ԱՐՄԵՆ — Ի՞նչ: Կատակո՞ւմ եք:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Ուշադիր լսիր ինձ, այս ընթացքում շատ լրջորեն կշռադատել եմ որոշումս…

ԱՐՄԵՆ — Բայց ինչպե՞ս կարող է նման բան լինել:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Եթե քննիչի պես հարցախեղդ չանես` ամեն ինչ կբացատրեմ: Ասացի, որ տարիների փորձառության տեր փաստաբան եմ, բազմաթիվ քրեական գործերի եմ առնչվել: Ինձ հանդիպած ցանկացած ոճրագործի, համապատասխան իրավիճակներում, կգերազանցեի խելքով ու խորամանկությամբ, երբեմն նույնիսկ ափսոսացել եմ, որ նրանց փոխարեն ես չեմ մեղադրյալի աթոռին: Ես ամեն ինչ կսարքեմ այնպես, որ բոլորը կհավատան…

ԱՐՄԵՆ — Դուք իսկապե՞ս ծաղրում եք ինձ:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Լսի՛ր, ինչ եմ ասում, հանկարծ բացահայտվելու է, որ կնոջդ հետ ֆինանսական կամ այլ բնույթի հարցեր եմ ունեցել: Օգտվել եմ հանգամանքից, որ կասկածը քեզ վրա է ընկնելու, իմ նախաձեռնությամբ էլ ստանձնել եմ դատապաշտպանի գործը, որպեսզի կարողանամ ամրապնդել մեղավորությանդ վարկածը: Իսկ ինքդ քո դեմ ցուցմունք ես տվել քննիչների ճնշմամբ: Դատարանում բոլորն այդպես են ասում:

ԱՐՄԵՆ — Ես ոչինչ չեմ հասկանում… Իսկ ձեր ինչի՞ն է պետք այդ ամենը:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Եթե կուզես իմանալ, բանտը հենց իմ տեղն է: Ի դեպ, ոչ միայն իմ: Բայց չկարծես, թե արթնացած խիղճն է մղում ապաշխարանքի, այդպիսի բան կարծեմ ինձ չի սպառնում: Ճշմարտությունն այն է, որ ապրում եմ ապրելու համար, առանց նպատակի ու երազանքի: Դու ամուսնացել ես առանց զգացմունքի, բայց հետո նույն կնոջ հետ գտել եք ձեր սերը, իսկ ինձ կնոջս հետ միացրեց սերը, բայց հետո հոգեկան կապը վերածվեց ծանր պարտականության: Կինս ասում է` պատճառը եղավ իմ հարբեցողությունը, իսկ ես համոզված եմ, որ դարդից սկսեցի խմել: Քանի սկսել եմ, խոստովանեմ, որ ինձ նույնիսկ երեխաներս չեն սիրում: Դու դժբախտ ես եղել կյանքի նեղ պայմաններից, իսկ իմ խնդիրների պատճառը եղել են լայն պայմանները: Մեր մեծ տան մեջ կինս ու ես այսօր ապրում ենք հանրակացարանի հարևանների պես, տղաներիցս մեկը Մեղրիում է, մյուսը` հեռացավ Ռուսաստան, իսկ դուստրս այցելում է մորը, երբ ես տանը չեմ: Սրանով հանդերձ, նրանց միավորում է մեկ ընդհանուր բան` ինձանից ակնկալվող փողը: Գոյությունս այդքանով է արժևորված հարազատներիս համար: Եվ այդ ամենի դեմ ըմբոստությունս արտահայտվում է բացարձակ անտարբերությամբ ամեն ինչի նկատմամբ, բացի, իհարկե, նույն զազրելի փողից ու նրա ընձեռած հնարավորություններից: Հասկանո՞ւմ ես, ինձ մտածելու ժամանակ է պետք` շատ ժամանակ, որ պարզեմ, թե որ պահին է սխալը տեղի ունեցել, այդ ո՞ր քարն էր, որ առաջինը ծուռ դրվեց պատի վրա: Հոգնել եմ կյանքից: Հարազատ-մտերիմներից առանձնանալ` հանգստանալ եմ ուզում:

ԱՐՄԵՆ — Մտնում եմ ձեր դրության մեջ, բայց ոչնչով չեմ կարող օգնել` այդ ամենը ինձ հետ կապ չունի:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Ես դեռ ամենակարևորը չեմ ասել: Կյանքն ինձ համոզել էր, թե մեծ զգացումները թատրոնի համար են, իսկ մարդկանց միավորում են կենդանական բնազդները: Մարդկային վարքը ուղղորդվում է քրեական օրենսգրքի նկատմամբ ունեցած վերաբերմունքով: Հավատացած էի, որ երազանք ասվածը խաբեություն ու մանավանդ ինքնախաբեություն է, իսկ մարդկային հասարակության հավերժական շարժիչը եսասիրությունն է, ուրիշների հաշվին սեփական հավակնությունները բավարարելու տենչը: Դու և կինդ այսօր ինձ ուրիշ դաս տվեցիք: Սերը, նվիրվածությունը, զոհաբերվելու պատրաստակամությունը, երազանքը այսչափ կեղծվելուց, արժեզրկվելուց, չարչրկվելուց հետո, պարզվում է` դեռ կարող են ծիլ տալ անարատ ու մաքուր ձնծաղիկի պես` ստվերոտ ու պաղ միջավայրում: Պարզվում է` այն մեծ բաները, որ մերան են դարձել աշխարհի գոյության համար, դեռ ունեն իրենց հավատացյալները: Դու այդ հետևորդներից ես, գնա ու քեզ պես հավատացյալի հետ բորբոքիր այդ կրակը, ջերմությունը փոխանցիր քո զավակներին, քո շրջապատին: Քարոզիր բոլորին, որ աշխարհում սիրուց հզոր ու վեհ բան չկա, որ հանուն սիրո ոչ միայն ապրել արժե, այլև կարելի է մեռնել: Իսկ ինձ համար անհոգ եղիր: Երեսուն տարուց ավելի իմ օրերի մեծ մասն անցել են այս պատերի մեջ: Պատկերացրու, այստեղ ինձ ավելի լավ եմ զգում, քան դրսում: Գուցե անհավատալի թվա, բայց հաճախ եմ նախանձել իմ պաշտպանյալներին` իրենց խոհերի, կրքերի, կարոտների, ըմբոստացումների ու տագնապների համար: Ցանկացել եմ իմ ներսի անհույզ դատարկությունը փոխել նրանց հոգեկան ալեկոծումների հետ…

ԱՐՄԵՆ — Ո՛չ, իմ տեղը չեմ զիջի ձեզ:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Ախր, ի՞նչ կտա դա քեզ, ի՞նչ ես ցանկանում ապացուցել դրանով: Փոխարենը քո դեպքը կլինի իմ շահած ամենափայլուն գործը: Մինչ այսօր, ստանձնած բոլոր գործերի պարագայում, ինձ հուզել է միայն մասնագիտական նախանձախնդրությունը, արհեստավարժի կիրքը, էլ չասեմ` ակնկալվող հոնորարը: Մարդկային ճակատագրերը ոչինչ չեն արժեցել, ես տեսել եմ ոչ թե մարդուն, այլ մեղադրյալին, հաճախորդին: Սա կլինի այն դեպքը, երբ ուրիշի դրաման կվերապրեմ ինչպես սեփականը, հանուն այլոց երջանկության կգնամ ինքնազոհողության: Տո՛ւր ինձ այդ հնարավորությունը…

ԱՐՄԵՆ — Հնարավոր չէ: Անհնար է սեփականել ուրիշի ճակատագիրը. ես` ձեր ազատությունը, իսկ դուք` իմ մեղքը: Ամեն մարդ ի՛ր խաչը պետք է կրի:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Ամեն մարդ պետք է կրի իր խաչը…

Մեղադրյալն ու դատապաշտպանը լուռ նստած են դեմ դիմաց:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Մեղադրյալ, դատապաշտպան, դատավոր, դատարան: Պայմանականություն է այս ամենը, լավ բեմականացված ներկայացում, որի դերակատարներն ենք, բայց բացասական հերոսի ճակատագրից փորձում ենք խուսափել: Խուսափում ենք ոչ թե մեղքից, այլ հատուցումից: Այնինչ, իրական հավատաքննությունն ու դատարանը պատերից դուրս են` այնտեղ են, ուր անտեսանելի իրավարարը, վաղ թե ուշ, կայացնում է բոլորի դատավճիռը: (Այս ընթացքում դատապաշտպանը հավաքում է սեղանին փռված թղթերը, տեղավորում է թղթապանակում, ոտքի է կանգնում: Ոտքի է կանգնում նաև մեղադրյալը, նրանք մոտենում են իրար:) Ես ամեն ինչ կանեմ ձեզ համար: Ինքս ինձ հետ առերեսվելու հարց ունեմ, ուրիշներին ևս բան պիտի ապացուցեմ:

ԱՐՄԵՆ — Ես ձեզ հավատում եմ:

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ — Ցտեսություն:

ԱՐՄԵՆ — Ցտեսություն:

Դատապաշտպանը հեռանում է, լսվում է ծանր բանալիներով բացվող ու փակվող դռան ճռնչոցը, Արմենը անշարժ գամված է տեղում:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։