ԴՈՒՔ ՏԵՍՆՈ՞ՒՄ ԵՔ ԻՆՁ / Հասմիկ Ավետիսյան

Հասմիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ԴՈՒՔ ՏԵՍՆՈ՞ՒՄ ԵՔ ԻՆՁ

Վավերագրական մենախաղ 1 գործողությամբ

Պիեսը գրված է ինքնակենսագրական նյութի հիման վրա

Գործող անձինք

ՀԱՍՄԻԿ — 24 տարեկան, գեղեցկատես, կույր աղջիկ

Գործողություններում հայտնվող բոլոր հերոսները վիրտուալ են, կամ նախապես տեսագրված փոքրիկ վավերագրական ֆիլմ-դրվագներով, որոնք ցուցադրվելու են պրոյեկտորով՝  ետնավարագույրին, կամ նախապես ձայնագրված նրանց զրույցներն են: Պիեսում ներկայացված է երկու ժամանակ՝ աղջկա անցյալը նրա հիշողությունների միջոցով, որոնց ցուցադրման ժամանակ աղջկա ուրվագիծն աղոտ է երևում ու ներկան՝ բեմառաջքում, վառ լուսավորված:

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ 1

Տեսարան 1 

Բեմ, որը դեռևս մթության մեջ է: Ձայնագրությամբ լսվում է ընդհանուր աղմուկ: Հնչում է դպրոցական զանգի ձայնը: Աղմուկն աստիճանաբար դադարում է: Մութ բեմում լսվում է երկու պատանիների զրույց:

1-ին տղա — Հիմա ո՞նց իմանամ, ճիշտ է, թե չէ:

2-րդ տղա — (շշուկով): Տո՛ւր տեսնեմ:

Մի քանի վայրկյան լռություն:

1-ին տղա — (անհամբեր): Հը՞, Արտ:

2-րդ տղա — Ոնց որ ճիշտ է:

1-ին տղա – Տուր, թող մի հատ էլ Հասմիկը նայի:

2-րդ տղա — Հաս, Հա՛ս, մի հատ նայի՝ էն խնդրի պատասխանը ճի՞շտ ենք ստացել:

Պրոյեկտորը միանում է՝ ետնավարագույրին ընկնում է գրատախտակի պատկեր, որի վրա երևում են մաթեմատիկական վարժություններ: Լսվում են դասարանային շշուկներ, գրիչով թխթխկոցներ սեղանին (ինչպես ուսուցիչներն են սովորաբար անում՝ աշակերտներին լռեցնելու համար): Շշուկները շարունակվում են: Բեմի կենտրոնն աստիճանաբար լուսավորվում է: Աշակերտական սեղանի առջև նստած է Հասմիկը: Ձեռքը ետ է տանում, աֆեկտիվ գործողությամբ իբրև վերցնում ետևի տղայի տետրը: Նայում է: Գլուխը բարձրացնում է: Նորից է նայում: Նորից, նորից ու նորից: 

  1. ին տղա — Հը՞, Հաս:

Դանդաղ երաժշտությունը աստիճանաբար արագանում է՝ հանդիսատեսի մոտ տագնապալից տրամադրություն ստեղծելով: Թվում է, թե հիմա ինչ-որ բան է պատահելու: 

Հասմիկը հայացքը գցում է իր առջև դրված տետրին, և ձեռքում դանդաղ խաղացնում գրիչը: 

ՀԱՍՄԻԿ — Ոչինչ չեմ հասկանում:

Հասմիկը կտրուկ բարձրացնում է հայացքը: Կկոցում, բաց ու խուփ է անում աչքերը: Տագնապահար նորից նայում տետրին, բայց անմիջապես էլ հայացքը փախցնում է:

ՀԱՍՄԻԿ – (ինքն իրեն): Ի՞նչ պատահեց: (Նայում է շուրջը:) Գուցե արևի՞ց է:

Հասմիկը նստում է նստարանի մյուս կողմում: Վառ լուսավորությունը այդ կողմ չի հասնում, և նա շատ չի երևում:

ՀԱՍՄԻԿ — Ոչ, էլի նույնն է: Ա՜… (ոգևորվելով) հասկացա, անձրև է, ինչպե՞ս գլխի չէի ընկել, ախր հիմա աշուն է, բայց…

Հասմիկը լարումէ լսողությունը: Մի պահ լռություն է տիրում:

ՀԱՍՄԻԿ — (չցանկանալով հավատալ): Անձրևի ձայն չկա: Իսկ գուցե արդեն երեկո՞ է: Ոչ, ոչ, չէ որ ես դպրոցում եմ, ուրեմն առավոտ է: Այդ դեպքում… ոչինչ չեմ հասկանում:

Հասմիկը մերթ լինելու է իր, մերթ՝ ուսուցչուհու դերում:

ՀԱՍՄԻԿ — (ուսուցչուհու դերում): Արագացրեք, արդեն ավարտեք: Զանգին քիչ է մնացել:

ՀԱՍՄԻԿ — (ինքն իրեն, տագնապած): Անձրև չէ, երեկո չէ:

Նա նորից հայացքը գցում է տետրին:

ՀԱՍՄԻԿ — Ոչ մեկը չէ: Ես… ես…

Զանգը հնչում է: Լսվում են շշուկներ:

ՀԱՍՄԻԿ — (ուսուցչուհու դերում): Վերջ-վերջ, ավարտում ենք:

ՀԱՍՄԻԿ — (մեխանիկորեն կրկնելով): Ավարտում ենք:

ՀԱՍՄԻԿ — (ուսուցչուհու դերում): Ինչո՞ւ չես հանձնում:

ՀԱՍՄԻԿ — Ես… ես պարզապես…

ՀԱՍՄԻԿ — (ուսուցչուհու դերում): Դասն ավարտվել է, հանձնի՛ր տետրդ:

Խոսակցությունն ուղեկցվում է ընդհանուր աղմուկով:

ՀԱՍՄԻԿ — (ուսուցչուհու դերում): Չեմ կարող այդքան սպասել, ժամանակն ավարտվել է, հանձնի՛ր:

Հասմիկը ձեռքն է առնում տետրը, հայացք գցում նրա էջի վրա, փակում, հանձնում է: Ձայները լռում են, տպավորություն է, որ Հասմիկը դասարանում միայնակ է:

ՀԱՍՄԻԿ — Ես պարզապես (դժվարությամբ արտասանելով) չեմ տեսնում: (Շշուկով:) Չեմ տեսնում: (Թվում է՝ գոռում է, բայց ձայնը խլանում է:) Չեմ տեսնում: 

 Լույսը դանդաղորեն մարում է:

Տեսարան 2

Բեմի կենտրոնում նստած է Հասմիկը՝ տարօրինակ, հեքիաթի արքայադստեր հագուստ հիշեցնող զգեստով: Նրա շուրջը լեգոյի մասեր են դրված, որոնցից նա վերջում ամբողջական առարկա պետք է ստանա: Հայացքը քարացած է ու սևեռված անորոշ կետի: Աղջկա շարժուձևից հանդիսատեսը պետք է հասկանա, որ նա չի տեսնում:Խոսելուն զուգահեռ նա դանդաղորեն ընտրում է լեգոյից մի մաս, մատներով շոշափում, ապա մյուս ձեռքի մատներով գտնում առաջին լեգոյի ամրացման հատվածը, որը նախապես արդեն ընտրել էր և ամրացնում: Աղջիկը լուսավորված է:

ՀԱՍՄԻԿ — Ա՛, սա հաստատ այստեղ պետք է լինի: Երբևէ լեգո չեմ հավաքել: Կարծում եմ ինձ կհաջողվի: (Ժպտում է:)

Ամրացված լեգոյի մասը թեքվում է, համարյա շրջվում: Մյուս ձեռքով աղջիկն այն պահում է:

ՀԱՍՄԻԿ — Ո՛չ, սխալվեցի:

Հասմիկը ձեռքի մատները դանդաղորեն սահեցնում է լեգոների մասերի վրայով և լեգոյի մի փոքր կտորի վրա կանգ առնում:

ՀԱՍՄԻԿ — Գուցե սա՞:

Շոշափում է լեգոյի կտորը:

ՀԱՍՄԻԿ — Է, չէ՛, սա չէ:

Նորից մատներով փնտրում է:

ՀԱՍՄԻԿ — (հանկարծակի): Ահա, վերջապես:

Ձախ կողմից վերցնում է լեգոյի մի մաս:

ՀԱՍՄԻԿ — Հենց սա է, որ կա:

Փորձում է ամրացնել հիմքին:

ՀԱՍՄԻԿ — (սրտատրոփ): Ոնց որ ստացվում է, հը՞:

Անհարմար շարժում է կատարում, և լեգոն դուրս է թռչում ձեռքից, ընկնում նրա առջև:

ՀԱՍՄԻԿ — Ոչինչ չեմ հասկանում: Ինչո՞ւ չի ստացվում:

Նա ձեռքերը խփում է ծնկներին, այնուհետև գլուխը հուսահատ առնում ձեռքերի մեջ, բայց դեմքը չի փակվում:

 ՀԱՍՄԻԿ — (հուսահատ): Ինչո՞ւ է ամեն ինչ այսքան բարդ:

Մի պահ լռություն է տիրում:

ՀԱՍՄԻԿ — Լուռ են: (Հանդիսատեսին.) Ինչո՞ւ չեք խոսում: (Դադար:) Նորից փորձեմ:

Հասմիկը ձեռքերով ստուգում է՝ տեղո՞ւմ են լեգոները, թե՞ ոչ:

ՀԱՍՄԻԿ — Բոլորն այստեղ են:

Վերցնում է մեկ ուրիշ մաս և փորձում ամրացնել: Նորից չարչարվում է:

ՀԱՍՄԻԿ — Ես կարող եմ, ես կարող եմ, կարող եմ: (Հանդիսատեսին.) Դուք մտածում եք՝ ո՞վ եմ ես: (Դադար:) Հեքիաթի կամ նկարի աղջի՞կ:

Հասմիկը լեգոյի մեկ այլ մաս է վերցնում, փորձում ամրացնել:

ՀԱՍՄԻԿ — Ոչ, ես նկարում չեմ ապրում: Ես ձեր կողքին եմ ապրում: Դուք տեսնո՞ւմ եք ինձ, ես երազանքներ ունեմ:

Չի կարողանում ամրացնել:

ՀԱՍՄԻԿ — (կտրուկ, հանկարծակի հիշելով): Բժիշկն ասաց, որ կամքի ուժ է պետք ունենալ:

Այս խոսքերին զուգահեռ լուսավորությունը թուլանում է:

Նորից լույս աղջկա վրա, նա շարունակում է լեգո հավաքել և զուգահեռ պատմել:

ՀԱՍՄԻԿ — Ես 24 տարեկան եմ: Ունեմ խնդիր՝ տեսողության խնդիր: Մի քանի տարի առաջ տեսողությունս նվազեց այնքան, որ առանց ուղեկցողի դժվարանում եմ տեղաշարժվել: Դա պատահեց դպրոցում, անսպասելի: Այսօրվա պես հիշում եմ, ստուգողական էինք գրում, երբ հանկարծակի տետրի տողերն ու տառերը կորան աչքիցս: Ես, չընկալելով կատարվածը, փորձում էի գտնել դրանք, բայց հետո հասկացա, որ (հանդիսատեսին) տողերն ու տառերը նեղացել ու անժամկետ հեռացել են ինձանից:

Մի պահ անթարթ հայացքով նայում է հանդիսատեսին:

ՀԱՍՄԻԿ — (իրեն մեղավոր զգալով): Ես այնքան էի տանջվում այն մտքից, որ հիասթափեցրի ընկերներիս: Նրանք ընդամենը ուզում էին, որ ստուգեմ խնդրի պատասխանը, իսկ ես… Հուսով եմ, որ հետո նրանք հասկացան և նեղացած չեն մնացել ինձանից, ինչպես տողերն ու տառերը:

Լեգոն ամրանում է:

ՀԱՍՄԻԿ — (երջանկացած): Այո, ստացվեց:

Աղջիկը լեգոյից մեկ ուրիշ մաս է վերցնում և չի կողմնորոշվում՝ որ կողմից ամրացնի:

ՀԱՍՄԻԿ — (հանդիսատեսին): Չգիտեմ, սա աջ կողմում ամրացնեմ, թե ձախ: (Մտածում է:) Հըմ, ձախ: (Ամրացնում է:) Հրաշալի է: (Ափերն իրար է զարկում: Հանդիսատեսին.) Ահ, ո՞ւր էինք հասել:

Ցույց է տալիս, թե փորձում է հիշել:

ՀԱՍՄԻԿ – Հիշեցի. երբ տողերն ու տառերը նեղացան և անժամկետ հեռացան ինձանից: Ինչու անժամկե՞տ, որովհետև ես այդպես էլ չհաշտվեցի նրանց կորստի հետ:

Աղջկա վրայից լույսն անհետանում է:

ՀԱՍՄԻԿ — (հուսահատ): Ոչինչ չեմ հասկանում: Ի՞նչ պատահեց: Ինչո՞ւ մթնեց:

Լռություն է, պատասխանող չկա:

ՀԱՍՄԻԿ — Ո՞վ կա այստեղ:

Լռություն է:

ՀԱՍՄԻԿ — Մա՜մ, մա՜մ… (Վախեցած, ցածրաձայն:) Որտեղ ես… (Շշուկով:) Որտեղ ես: Լույս եմ ուզում, շատ լույս: Վախենում եմ մթությունից:

Մի քանի վայրկյան դադար:

ՀԱՍՄԻԿ — (կտրուկ): Ցուրտ է: Մրսում եմ:

Կուչ է գալիս, իբրև ծածկվում է:

ՀԱՍՄԻԿ — Մի բան լիներ ծածկվեի: (Հանկարծակի հիշելով:) Ոչինչ, սա էլ կանցնի: Բժիշկն ասաց, որ պետք է ուժեղ լինեմ:

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ 1: Մի քանի վայրկյան անց բեմի կենտրոնը թեթևակի լուսավորվում է: Երևում է Հասմիկը: Նա կլաս է խաղում (մանկության բակային խաղերից մեկը ): Զուգահեռ՝ մերթ հեռվից, մերթ մոտիկից ձայնագրությամբ լսվում են բակային իրարանցման ձայներ:

Ձայն — Հաս, էս ի՞նչ ես անում, ոտքդ գծին կպավ… քարդ գծի վրայա:

2-րդ ձայն — Էսպես կպարտվենք:

Լույսը մարում է: Ձայներն աստիճանաբար խլանում են, մարում:

Տեսարան 3

Բեմը դեռևս մթության մեջ է: Հետզհետե միանում է պրոյեկտորը և թույլ լուսավորում բեմի կենտրոնը, որտեղ աշակերտական սեղանի ձախ կողմում նստած է Հասմիկը: Նրա առջև գիրք է դրված: Պրոեկտորով տեսնում ենք, թե գրքում ինչ է գրված: Ընթերցում են Ա. Բակունցի <<Սպիտակ ձին>> պատմվածքը։

ՀԱՍՄԻԿ — (այլ աշակերտուհու դերում, ընթերցելու պահին): Խավար խրճիթում, դռան երգին արձագանքում էր պղինձների զնգոցը և Շարմաղ բիբու ջինջ ձայնը:

  • Քո փառքը շատ, էսօր էլ զանգերը զարկին,- մրմնջում էր այդ լուսերես կինը, որին իրիկնապահի զանգերը ավետում էին անանձնական անդորր:

Հասմիկը կանգնում է նստարանի առջև, ինչպես ուսուցչուհիները:

ՀԱՍՄԻԿ — (ուսուցչուհու դերում): Բավական է, ապրես: (Կարծես մտածելով:) Ո՞վ կշարունակի: Ապա տեսնենք: Հասմիկ:

Հասմիկը նստում է նստարանի աջ կողմում: Նա հանկարծակիի է գալիս:

ՀԱՍՄԻԿ — (ուսուցչուհու դերում): Շարունակիր:

Հասմիկը վախվխելով մի փոքր առաջ է բերում գիրքը և ձևացնում, թե պատրաստվում է կարդալ:

ՀԱՍՄԻԿ — (զսպելով հուզմունքը, անհամարձակ): Նա կանգնում էր դռան շեմքին, աչքը դեպի ներքևի բլուրները, (ձայնը դողում է) որոնք անսահման հեռվում ձուլվում էին մայրամուտի մուգ կապույտ երկնքին և կազմում եզրը մի անգո աշխարհի, որին յոթանասուն տարի անդավաճան հավատում էր այդ միամիտ կինը: Նա… (Դադարում է կարդալ:)

ՀԱՍՄԻԿ — (ուսուցչուհու դերում): Շարունակիր:

Հասմիկը ետ է քաշվում գրքից, կկոցում աչքերը, հայացքով աջ ու ձախ անում:

ՀԱՍՄԻԿ — Ի՞նչ պատահեց, կարդա:

Հասմիկը նորից իրեն է մոտեցնում գիրքը:

 ՀԱՍՄԻԿ — (փորձելով հիշել): Նա… (չի կարողանում հիշել տեքստը) նա… կանգնում էր.. կանգնում էր…

ՀԱՍՄԻԿ — (ուսուցչուհու դերում): Բավական է, այնքան էլ սահուն չես կարդում,  պետք է աշխատես քո ընթերցանության վրա:

Հասմիկը հուզմունքից հազիվ կուլ է տալիս թուքը: Նա մատներով անհամաչափ շարժումներ է անում:

Այդ ընթացքում պրոյեկտորն աստիճանաբար անջատվում է: Բեմը մթնում է: 

Քիչ անց բեմի կենտրոնը նորից վառ լուսավորվում է: Հասմիկը շարունակում է լեգո հավաքելով պատմել:

ՀԱՍՄԻԿ — Կարծում եմ, ճիշտ ուղղության վրա եմ, այնպես չէ՞: (Հանդիսատեսին.) Դուք տեսնո՞ւմ եք ինձ: Ես այդպես էլ չհաշտվեցի նրանց կորստի հետ:

Խոսելուն զուգահեռ մատներով լեգոյի մասեր է փնտրում, փորձում ամրացնել:

ՀԱՍՄԻԿ — Ես հետզհետե մեկուսանում էի հասարակությունից: Ինձ համար անտանելի դժվար էր մարդկանց հետ շփվելը, բայց դա միայն ինձանից չէր: Նրանք չէին հասկանում ինձ: Նրանք կարող էին այնպիսի բառ կամ արտահայտություն թույլ տալ իրենց, որից ես աննկարագրելի վատ էի զգում, բայց դա որևէ մեկը չէր նկատում կամ գուցե ձևացնում էին, թե չեն նկատում: Չգիտեմ: (Հանկարծակի:) Հրաշալի է:

Ձեռքով շոշափում է հավաքած լեգոները:

ՀԱՍՄԻԿ — Ես աստիճանաբար դադարեցի բակ իջնել: Այնքան էի սիրում մեր բակը, ընկերներիս: Ես մինչև ուշ գիշեր խաղում էի նրանց հետ:

Հասմիկը մտքերի մեջ է ընկնում:

ՀԱՍՄԻԿ — Հիշում եմ այդ պայծառ օրերը: (Ժպտում է:)

Լեգոները մնում են նրա ձեռքում:

Հիշողություն 2: Բեմում լուսավորությունը թուլանում է: Ընդհանուր աղմուկ:

Երևում է Հասմիկը՝ գործագործ խաղալիս: Աղջիկը աֆեկտիվ ցուցադրում է այդ խաղին բնորոշ մի քանի դիրքեր: Հասմիկը ձախ կողմ է գնումև աֆեկտիվ ցույց տալիս գնդակի հարվածից խույս տալը:

Աղմուկն աստիճանաբար խլանում է, մարում; Բեմը նորից վառ լուսավորվում է: Կենտրոնում նստած է Հասմիկը: Նա շարունակում է ընտրել և ամրացնել լեգոները:

ՀԱՍՄԻԿ — Դպրոցում երկար ժամանակ ոչ ոք գլխի չէր ընկնում, որ ես չեմ տեսնում:

Նա մի լեգո է ընտրում:

ՀԱՍՄԻԿ — Տեսնես ի՞նչ տեսք ունի այս կտորը:

Լեգոյից հոտ է քաշում:

ՀԱՍՄԻԿ — Դեղին գույն ունի, այդպե՞ս է:

Մի պահ լռություն է տիրում:

ՀԱՍՄԻԿ —  Ես չէի համարձակվում բարձրաձայնել, բայց և շատ վատ էի զգում ինձ: Սկսեցի երկրորդ, երրորդ ժամից գնալ: Հետո վատ զգալու պատրվակով դասղեկին խնդրել, որ քրոջս կամ մայրիկիս կանչի իմ ետևից: Հաճախ բացակայում էի: Պատմողական դասերը՝ (շեշտված) հատկապես գրականությունը, սովորում, ճիշտ կլինի ասել՝ անգիր էի անում տանը և գնում դպրոց: Իմ սիրելի գրողն է Բակունցը: Պաշտում եմ նրա <<Սպիտակ ձին>> պատմվածքը: Անգիր էի սովորել, բայց մի օր դա էլ արդեն չէի կարողանում:

Բեմը մթնում է: Առկա են միայն լուսային որոշակի բծեր:

Ձայնագրությամբ լսվում է Հասմիկի արձագանքող ձայնը:

Հիշողություն 3: 

ՀԱՍՄԻԿ — Չեմ ուզում: Այլևս սովորել չեմ ուզում: Դպրոց գնալ չեմ ուզում: Չեմ ուզում, ոչինչ չեմ ուզում:

Բեմը կրկին լուսավորվում է: Երևում է Հասմիկը, լեգոն ամրացնելու պահին:

ՀԱՍՄԻԿ — Օրերն էի հաշվում, թե երբ պետք է վերջանա տարին ու ես ավարտեմ դպրոցը: Երբ օրն ավարտվում էր, չէ, ճիշտ կլինի ասել, երբ ավարտվում էր վերջին ժամը, օրացույցի վրա անմիջապես նշում էի՝ ավարտվեց: Այդ ժամանակ դա իմ միակ մխիթարանքն էր:

Բեմը մթնում է: Լսվում է Հասմիկի արձագանքող ձայնը:

ՀԱՍՄԻԿ — Ժամը երկուսն է: Այս օրն էլ ավարտվեց: Մնաց (հաշվում է) մեկ, երկու, երեք: Երեք օր և ապրիլն էլ կավարտվի:

Ձայնին զուգահեռ, թույլ լուսավորության ներքո Հասմիկը բեմի աջ կողմից բերում է թվերից կիսով չափ զուրկ, կպչուն թղթերով ամրացված օրացույցը, պոկում մի թիվ և նետում բեմի վրա, մյուս, արդեն իսկ պոկված թվերի կողքին; Բեմը մթնում է:

Մի քանի վայրկյան հետո բեմը վառ լուսավորվում է: Կենտրոնում նստած է Հասմիկը: Նա շարունակում է լեգո հավաքել: Այս ընթացքում արդեն մի քանի կտոր ամրացրել է:

ՀԱՍՄԻԿ — (շոշափելով հավաքած լեգոն): Հաջողվում է:

Երջանկանում է, ապա կտրուկ լրջանում:

ՀԱՍՄԻԿ — Բժիշկն այսօր ասաց, որ ցանկություն է պետք ունենալ:  

Վերցնում է լեգոյի մի կտոր, ամրացնում: Լեգոն թեքվում է, համարյա շուռ գալիս:

ՀԱՍՄԻԿ — Իմ հորինած օրացույցն ինձ շատ էր օգնում օրերս անցկացնելու համար: Ես չէի կարողանում շփվել մարդկանց հետ: Ի վերջո դադարեցի բակ իջնել, կտրվեցի ընկերներիցս ու մնացի ինքս ինձ հետ միայնակ:

Հիշողություն 4: Բեմն աստիճանաբար մթնում է: Ընդհանուր աղմուկ, բակային ձայներ:

Հասմիկն աֆեկտիվ հեծանիվ է քշում:

Թույլ լուսավորության մեջ լսվում է Հասմիկի արձագանքող ձայնը:

ՀԱՍՄԻԿ — Իմ միակ ընկերը ես էի: Ես ժամերով խոսում, կռվում, լաց էի լինում ինձ հետ, բայց դա ոչ ոք չէր նկատում: Դա երկու Հասմիկների փոքրիկ գաղտնիքն էր: (Հերոսուհին խոսում է երկուսի փոխարեն:)

ՀԱՍՄԻԿ 2 — Դու չպետք է քեզ մեղավոր զգայիր, ընդհակառակը, պետք է կանգնեիր և ուղիղ ասեիր:

ՀԱՍՄԻԿ — Ի՞նչ ասեի, որ չե՞մ տեսնում:

ՀԱՍՄԻԿ 2 — Այո՛:

ՀԱՍՄԻԿ — Մի պահ ուզում էի, բայց վախեցա:

ՀԱՍՄԻԿ 2 — Ասա՛, ճիշտը դա է:

ՀԱՍՄԻԿ — (կասկածանքով): Բա որ նա… չէ-չէ, չեմ ասի:

ՀԱՍՄԻԿ 2 — Ինչ ասեմ, ուրեմն շարունակիր ինքդ քեզ տանջել, իսկ ուսուցիչներն ամեն անգամ անհարմար դրության մեջ կդնեն:

Բեմը աստիճանաբար մթնում է, ապա վառ լուսավորվում: Հասմիկը բեմի կենտրոնում նստած շարունակում է լեգո հավաքել:

ՀԱՍՄԻԿ — Այո, իմ ընկերը ես էի: Ես այնքան թեթևացած էի զգում ինձ այդ զրույցներից հետո, կարծես ինչ-որ մեկին իսկապես պատմած լինեի իմ սրտում եղածի մասին, բայց մի բան ինձ իսկապես անհանգստացնում էր. իսկ ի՞նչ է զգում մյուս Հասմիկը: Արդյո՞ք իմ թեթևանալով նրան չէի ծանրացնում:

Լեգո է վերցնում, փորձում ամրացնել: Լեգոն հեշտությամբ ամրանում է:

ՀԱՍՄԻԿ — (հրճվելով): Այո՛, հեշտությամբ ամրացավ: (Հանդիսատեսին.) Տեսա՞ք… չէ, դուք տեսա՞ք:

Մի պահ լռություն է տիրում:

ՀԱՍՄԻԿ — Լուռ են:  (Դադար:) Միայն ինքս ինձ հետ էի անկեղծ խոսում: Ամեն օր ուղեղումս անտանելի մտքեր էին ծնվում ու որդի պես կրծում ներսից: Հանդիպում էի մարդկանց, որոնք ինձ տեսնելիս այնպես էին արձագանքում, ասես ես ինչ-որ այլմոլորակային լինեի, ով չգիտես թե որտեղից երկիր էր ընկել:

Լեգոյի ևս մեկ կտոր է ամրացնում: Բեմը մթնում է:

Տեսարան 4

Աշակերտական սեղանի առջև նստած է Հասմիկը: Նա լինելու է նաև այլ աշակերտի և ուսուցչուհու դերում: Առկա են թեթևակի շշուկներ:

ՀԱՍՄԻԿ — (այլ աշակերտի դերում): Հաս, կլինի՞ մատիտդ վերցնեմ:

ՀԱՍՄԻԿ — Հա, իհարկե:

Հասմիկը վերցնում է սեղանի աջ կողմում դրված մատիտը և փոխանցում կողքի սեղանի աշակերտին: (Մատիտ վերցնելու և փոխանցելու գործողությունը կարող է լինել և՛ աֆեկտիվ, և իրական:) Գործողությունը կատարվում է այնպես, որ չի հասկացվում տեսնո՞ւմ է աղջիկը, թե ոչ:

Լսվում են թխթխկոցներ սեղանին: Շշուկները դադարում են:

ՀԱՍՄԻԿ — (ուսուցչուհու դերում, մտածելով): Տեսնենք, ո՞վ վաղուց չի պատասխանել:

Հասմիկը իրար է խառնվում, հուզվում:

ՀԱՍՄԻԿ — (ուսուցչուհու դերում): Հասմիկ:

Հասմիկն ուզում է ինչ-որ բան ասել, բայց չի ասում:

ՀԱՍՄԻԿ — (ուսուցչուհու դերում): Հասմիկ, բացիր գիրքը և կարդա:

Հասմիկը համարյա աննկատելիորեն ձեռքը սահեցնում է սեղանի վրայով, գտնում, իրեն է մոտեցնում գիրքը:

ՀԱՍՄԻԿ — Չեմ կարծում, որ փակ վիճակում կկարողանաս կարդալ:

Հասմիկը բացում է գրքի պատահական էջ: Սա երևում է պրոյեկտորի վրա: 

ՀԱՍՄԻԿ — Մենք այսօր Տերյան ենք անցնում, իսկ դու նախորդ հեղինակն ես բացել: Տերյանը երեք էջ այն կողմ է:

Հասմիկը թերթում է երեք էջ:

ՀԱՍՄԻԿ — (ուսուցչուհու դերում): Իսկ հիմա կարդա:

ՀԱՍՄԻԿ — (թուքը հազիվ կուլ տալով): Կարելի՞ է այսօր ես չկարդամ:

ՀԱՍՄԻԿ — (հուսահատված): Ես արդեն չգիտեմ՝ ինչ է կարելի, և ինչ՝ ոչ: Ես խնդրում եմ, ոչ պահանջում եմ, որ ծնողներդ վաղը դպրոց գան:

ՀԱՍՄԻԿ — (անլսելի ձայնով): Ինչո՞ւ:

ՀԱՍՄԻԿ — (շարունակում է խոսել): Վերջերս ցրված ես դարձել, աննորմալ պահվածք ունես, թուլացել ես, թուլացել:

ՀԱՍՄԻԿ — (հազիվ լսելի ձայնով): Հետո: Ծնողներս հետո կգան: 

ՀԱՍՄԻԿ — Ի՞նչ տարբերություն՝ հիմա, թե հետո:

ՀԱՍՄԻԿ — (չկարողանալով զսպել իրեն, ոտքի կանգնելով): Տարբերություն կա:

Լռության մեջ լսվում են շշուկներ:

ՀԱՍՄԻԿ — Հիմա լինի, վաղը, թե մեկ ամիս հետո, միևնույնն է, ես կարդալ չեմ կարող… (Հուզմունքից դողում է:) Որովհետև ես… (Գոռում է:) Ես չեմ տեսնում: (Ձայնն արձագանքում է:) 

Բեմը մթնում է:

Պրոյեկտորը միանում է: Փողոցի պատկեր: Երկու կանանց զրույց: Թույլ լուսավորման ներքո երևում է միայն Հասմիկը: Նա խոսելու է երկուսի փոխարեն:

1-րդ կին — Վայ, Գոհար ջան, ոնց եք, էս որտեղից եք գալիս:

Հասմիկը աֆեկտիվ ցույց է տալիս, թե ինչ-որ մեկի՝ այս դեպքում Գոհարի (մոր) ձեռքն է բռնել: 

2-րդ կին — Դասից ենք գալիս:

1-ին կին — (զարմացած): Գնացել էիր բերելո՞ւ:

2-րդ կին — Հա:

1-ին կին — Ինչի՞, յեքա աղջիկա, ինքը չի՞ կարողանում մենակ գնա-գա:

Հասմիկի դեմքն այլայլվում է: Նա ակամա սկսում է այս ու այն կողմ նայել: Անհամբեր շարժումներ է անում հեռանալու համար:

2-րդ կին — Ուրախ էի հանդիպման համար:

Պրոյեկտորն անջատվում է, կանգնած է Հասմիկը մոր ձեռքը աֆեկտիվ բռնած: Բեմը մթնում է: Նորից թույլ լուսավորվում  է՝ թողնելով շղարշի տպավորություն:

Լսվում է Հասմիկի արձագանքող ձայնը:

ՀԱՍՄԻԿ — (թվելով): Մայիսի 23, 24 և վերջապես 25: Ավարտեցի:

Հասմիկը օրացույցից պոկում է թիվն ու նետում մնացած թվերի վրա:

Բեմը վառ լուսավորվում է: Հասմիկը բեմի կենտրոնում նստած հերթական լեգոյի կտորն է ամրացնում:

ՀԱՍՄԻԿ — Մեծ դժվարությամբ ավարտեցի դպրոցը: Ասես կյանքիս կեսը տված լինեի: Եթե այդ ժամանակ տնից դուրս էի գալիս դպրոց գնալու համար, ապա ավարտելուց հետո սկսեցի ավելի հազվադեպ դրսում լինել: Վախենում էի մարդկանցից, նրանց հայացքներից ու հարցերից: Չէի ցանկանում որևէ մեկի հանդիպել, անգամ ընտանիքիս անդամներին: Ինձ թվում էր՝ բոլորը մեղավոր են իմ այս վիճակի համար: Կարոտում էի ամեն ինչ: Երբեմն մտովի պատկերացնում էի, թե ոչինչ չի եղել, ես նույն աշխույժ, ուրախ Հասմիկն եմ և անհոգ խաղում եմ դրսում: Այսպես անցնում էր իմ ամեն մի օրը:

Լեգոյի կտոր է ամրացնում: Բեմը մթնում է:

Տեսարան 5

Բեմը կիսով չափ լուսավորված է:

Հասմիկը կանգնած է բեմի կենտրոնում (բեմ բեմի վրա) և ասմունքում է: Հնչում է Հ. Սահյանի բանաստեղծությունը:

ՀԱՍՄԻԿ — (ասմունքն ավարտելիս): Ես կուզեի ինչ-որ ունեմ

Իբրև նվեր տայի քեզ:

Ես կուզեի, բայց ի՞նչ անեմ

Եթե հանկարծ դու չուզես:

Ձայնագրությամբ լսվում են բուռն ծափահարություններ: Հասմիկը գլուխ է խոնարհում հանդիսատեսի առջև: Այս ընթացքում բեմը հետզհետե մթնում է:

Մթության մեջ լսվում է Հասմիկի արձագանքող ձայնը:

ՀԱՍՄԻԿ — Բժիշկն այսօր ասաց, որ պետք է համարձակ լինեմ, որ սա դատավճիռ չէ, որ ես պետք է նորմալ կյանքի վերադառնամ:

Խոսքերին զուգահեռ բեմը հետզհետե լուսավորվում է: Հասմիկը բեմի կենտրոնում նստած շարունակում է հավաքել լեգոն:

ՀԱՍՄԻԿ — Կարծում եմ գեղեցիկ է ստացվում… (Հանդիսատեսին.) Համաձա՞յն եք ինձ հետ:

Լռություն է:

ՀԱՍՄԻԿ – Ինչո՞ւ են լռում: Միգուցե չե՞մ երևում: Ոչինչ չեմ հասկանում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի թատերական ստուդիա՝ բեմական խոսքի բաժին, թեպետ երազում էի դրամատուրգ դառնալու մասին: Շաբաթը երկու անգամ հաճախում էի այնտեղ: Պարապում էի անհատական մինչ այն պահը, երբ հետզհետե սկսեցի ադապտացվել շրջապատին: Ինձ համար անհնարին էր թվում, բայց սկսեցի շփվել մարդկանց հետ: Ոչ բոլորն էին խուսափում ինձանից: Ես անգամ ներկայացումներում խաղացի, և դա ինձ իսկապես դուր եկավ, այնքան, որ երկու տարվա դադարից հետո որոշեցի շարունակել ուսումս: Ես ընդունվեցի քոլեջ:

Բեմի լույսը թուլանում է:

Ընդհանուր աղմուկ: Երևում է Հասմիկը ուսանողական սեղանի առջև նստած, ժպիտը երեսին:

ՀԱՍՄԻԿ — (պայմանական): s=a+b:

Հասմիկի պատասխանելուն զուգահեռ, խոսում են մի տղա, և մի աղջիկ: Լսվում են միայն նրանց ձայները:

ՏՂԱ — Հրաշալի ա պատասխանում:

ԱՂՋԻԿ — Հա, Հասմիկը լավ է սովորում:

ՏՂԱ — Ըհը:

ԱՂՋԻԿ — Ափսոս, որ…

ՏՂԱ — Որ ի՞նչ:

ԱՂՋԻԿ — Հասմիկը կույր է:

ՏՂԱ — Հաստա՞տ․․․ (Երեք վայրկյան դադար:) Ափսոս:

Հասմիկն ավարտում է պատասխանելը: Նա ժպտում է:

Բեմը մթնում է, ապա վառ լուսավորվում:

Հասմիկը բեմի կենտրոնում նստած լեգո է հավաքում:

ՀԱՍՄԻԿ — Ափսոս: Այս բառն արտասանողը մի երիտասարդ էր, ով կարճ ժամանակում կարևոր մարդ դարձավ ինձ համար: Ես հետո իմացա այս խոսակցության մասին:

Լեգոն ընկնում է նրա ձեռքից:

ՀԱՍՄԻԿ — Նորից կփորձեմ:

Նորից է փորձում ամրացնել: 

ՀԱՍՄԻԿ — Այն ժամանակ ես էլ ափսոսացի, բայց մի բանի համար շատ էի ուրախացել, որ նա նկատել ու հետաքրքրվել էր ինձանով:

Հասմիկը մի պահ թողնում է լեգոները, վեր է կենում, հավաքում պոկված թվերը, մոտենում մեծ օրացույցին և մեկ առ մեկ ամրացնում իրենց տեղերում:

ՀԱՍՄԻԿ — (թվերն ամրացնելով): Դա մի աննկարագրելի երջանկություն էր: Աշխարհն ինձ էին նվիրել: Ես համարյա ամեն օր տեսնում էի նրան: Ահա, տեսնո՞ւմ եք, չեմ կարողանում հրաժարվել տեսնում եմ բառից, ես հոգով տեսնում եմ բոլորին: Ես տեսա նրա լուսավոր հոգին: Սկզբում չէի հասկանում, թե ինչ է կատարվում, բայց հետո.. Հետո նա ինձ համար ամեն ինչից ու բոլորից կարևոր դարձավ: Ես սիրահարվել եմ, (բացականչում է) սիրահարվել եմ: (Պտտվում է:) Ինքս էլ չհասկացա ինչպես, բայց այդ զգացմունքը ինձ շատ օգնեց: Օգնեց հաղթահարելու վախերս, կոմպլեքսներս, օգնեց շփման հարցում: Կարծես վերածնվեցի, առանց չափազանցության: Գուցե դա նաև նրանից էր, որ ես առաջին անգամ էի սիրահարվել:

Բոլոր թվերը ամրացնելուց հետո, Հասմիկը հանդիսատեսին ցույց է տալիս ամբողջական օրացույցը, ապա խնամքով դնում բեմի աջ կողմում, իսկ ինքը վերադառնում իր նախկին տեղը, լեգոների մոտ:

ՀԱՍՄԻԿ — (կտրուկ): Նա չգիտեր այդ մասին, բայց չիմանալով հանդերձ այնքան ուժ ու համարձակություն տվեց ինձ: Ես գլխիվայր շուռ եկա հարյուր ութսուն աստիճանով: Եվ այսօր այն եմ, ինչ կամ նրա շնորհիվ: Եվ, անկեղծ ասած, այս նոր Հասմիկն ինձ ավելի է դուր գալիս:

Հասմիկը լեգո է ամրացնում: Այն տնակի տեսք է ստանում:

ՀԱՍՄԻԿ — Քոլեջը բարեհաջող ավարտելուց հետո որոշեցի ուժերս փորձել և ընդունվել բուհ: Ի զարմանս ինձ՝ հաջողեցի: Հիմա սովորում եմ իմ սիրելի մասնագիտությամբ: Ապագա գրող եմ:

Լեգո է ամրացնում: Կառուցում է տանիքը:

ՀԱՍՄԻԿ — Օ, արդեն հասել ենք տանիքին: (Հանդիսատեսին.) Դուք էլ ինձ հետ միասին կառուցեցիք այս տնակը: (Մեղմորեն:) Մենք միասին կառուցեցինք իմ սրտի տնակը, որում ես այսքան բան էի թաքցրել: Նրանք ի վերջո դուրս եկան այնտեղից:

Ամրացնում է վերջին երկու կտորները, այնուհետև հանում արքայադստեր զգեստը՝ մնալով սովորական գեղեցիկ հագուստով:

ՀԱՍՄԻԿ — Հիմա ես (ոտքի է ելնում) կանգնած եմ ձեր առջև և համարձակորեն ասում եմ. ես նոր եմ, իմ իրականությունը շատերի համար նոր է: Ոմանք ընդունում են այն, ոմանք էլ պարզապես անտարբեր են: Չեն նկատում կամ չեն ցանկանում նկատել մեր գոյությունը: Այն իրականությունը, որում ապրում ենք, բայց այն գոյություն ունի: (Վերցնում է տնակը:) Դուք տեսաք իմ տնակի պարունակությունը, ուրեմն տեսեք նաև ինձ: Ես կամ, ձեր կողքին եմ: Ես երկնքից չեմ ընկել և դուք իմ մասին գրքերից կամ ֆիլմերից չեք իմացել: Ես ես եմ, և ես միայն մի հարց ունեմ ձեզ.

Հասմիկը շրջվում, բացում է ետևում վարագույրով քողարկված հայելին, որտեղ հանդիսատեսը հանկարծ տեսնում է իրեն։

ՀԱՍՄԻԿ —  (բառերը դանդաղ, հատ առ հատ, շեշտված): Դուք տեսնո՞ւմ եք ինձ:

Բեմի լույսերը հետզհետե թուլանում են, մարում:   

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։