ԺԻՐԱՅՐ ԱՆԱՆՅԱՆ / ՏԱՔՍԻ, ՏԱՔՍԻ
Կատակերգություն երկու մասից
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ
ՓԻԼՈՅԱՆ – տաքսիների պարկի տնօրեն
ԶՎԱՐԹ — կինը
ԱԴԵԼԱԻԴԱ — աղջիկը
ԿՆՅԱԶ — վարորդ
ՌՈԶ — կինը
ՀՈՎԻԿ — տղան
ՊԱՅԾԱՌ — զոքանչը
ՆՈՒՆՈՒՖԱՐ – քարտուղարուհի
Գործողության վայրը՝ Երևան:
ԱՌԱՋԻՆ ՄԱՍ
ԿՆՅԱԶՆ իրեն կորցրած ընկնում է նախաբեմ՝ ձեռքին ինչ-որ բան:
ԿՆՅԱԶ — Դուք չտեսա՞ք որ կողմը գնացին, հը՞: Մեկը՝ երկարահասակ, մեկը՝ կարճահասակ, մեկն էլ ոչ կարճահասակ, ոչ երկարահասակ, մեկն էլ՝ ոչ երկարահասակ, ոչ կարճահասակ։ (Դեսուդեն է նայում) Կանչեցին՝ տաքսի, տաքսի, կանգնեցի։ Ասացին՝ վարպետ, կտանե՞ս կայարան։ Ասացի՝ նստեք։ Նստեցին: Բերեցի հասցրեցի տեղ։ Չէր անցել տասը-տասնհինգ րոպե, շուռ եմ գալիս, մեկ էլ տեսնեմ՝ սա թողել են մեքենայիս մեջ։ Դուք չտեսա՞ք որ կողմը գնացին։ Վայ, ես ձեր հերն եմ անիծել, որ իմանայի՝ իսկի կկանգնեի՞։ Ձեր երկու ոուբլուն էի կարո՞տ։ Ինչքան էլ ծանր է։ Հիմա ես ի՞նչ անեմ, հը՞։ (Գնում է):
Պատկեր առաջին
Տնօրենի աշխատասենյակն է ավտոպարկում: Միջնորմով բաժանված մասում նստած է ՆՈՒՆՈՒՖԱՐԸ: Լսվում է գրամեքենայի տըկտըկոցը: Գալիս է ՓԻԼՈՅԱՆԸ՝ ձեռքին մի փունջ մեխակ:
ՓԻԼՈՅԱՆ — Շնորհավորում եմ ծննդյանդ օրվա առթիվ: (Համբուրում է՝ սեղմելով ձեռքը):
ԿՆՅԱԶ — (Որ մոտեցել է մուտքին) Պահո՜… (Ետ է քաշվում):
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (Վերցնելով մեխակները) Շնորհակալություն, ընկեր Փիլոյան, ինչպես չեք մոռացել:
ՓԻԼՈՅԱՆ — Երբ ինձ զգուշացնում են, ես չեմ մոռանում։ (Անցնում է ներս՝ զբաղեցնելով իր տեղը):
Ժամանակ առ ժամանակ լսվում են պարկից ելումուտ անող տաքսիների ազդանշաններ: Փիլոյանը սեղմում է զանգի կոճակր: Նունուֆարը ներս է գալիս:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Լսում եմ:
ՓԻԼՈՅԱՆ — Ինձ չե՞ն հարցրել:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ոչ, ընկեր Փիլոյան, միայն ներսից:
ՓԻԼՈՅԱՆ — Ես տեղում չեմ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Շատ լավ: (Ետ է գալիս):
Մտնում է Կնյազը:
ԿՆՅԱԶ – Բարև ձեզ:
Նունուֆարը շպարվում է:
ԿՆՅԱԶ — Նունուֆար ջան, բարև:
Ոչ մի ուշադրություն:
ԿՆՅԱԶ – (Նրա ականջի տակ) Հարգանքներս, ընկեր Նունուֆար։
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (Ոտքից գլուխ չափելով Կնյազին) Տեղում չէ։ (Անմիջապես դեմքը շրջում է՝ շարունակելով շպարվել):
ԿՆՅԱԶ — (Կողմ) Որտեղի՞ց են սրանց ճարում, այ մարդ, խոսելիս չեն նայում, նայելիս չեն խոսում)։ (Շրջվելով) Ո՞նց ես, Նունիկ ջան:
Հեռախոսի զանգ:
ՆՈՒՆՈՒՖՐ — (Լսափողում) Տեղում չէ: (Ցած է դնում):
ԿՆՅԱԶ — Դե լավ է, որ լավ ես:
Հեռախոսի զանգ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ – (Լսափողում) Չգիտեմ: (Ցած է դնում):
ԿՆՅԱԶ — Ինչ մարդիկ են, տո, չեն թողնում խեղճ աղջիկը մի րոպե շունչ քաշի:
Հեռախոսի զանգ:
ԿՆՅԱԶ – Ի՜…
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Չեմ կարող ասել։
ԿՆՅԱԶ — Ընկեր Փիլոյանը ո՞նց է:
Զանգ:
ԿՆՅԱԶ – Ի՜…
ՆՈՒՆՈՒՖԱՐ – Ասացի՝ չէ։
ԿՆՅԱԶ — Դե որ պետը լավ է, մենք լավ ենք ու լավ։
Զանգ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (Լսափողում) Ուֆ…
ԿՆՅԱԶ — Նունիկ ջան. եկել էի, որ ասեմ…
Զանգ:
(Արագ վերցնում է լսափողը) Այ ընկերուհի, ձեզ հայերեն ասացին՝ ուֆ… Այո, ուֆ… (Լսափողը ցած է դնում) Չէ, Նունիկ ջան, քո գործն էլ դժվար է։ Դե արի ու մեկ-մեկ պատասխանիր: Ո՞վ լինի, որ դիմանա: Կեցցես, լավ ես գլուխ հանում մասսայից: Ես մի րոպե մտնեմ պետի մոտ, դուրս գամ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (Ջղային) Ասացի՝ տեղում չէ:
ԿՆՅԱԶ – Հա՞, չլսեցի, կներես: Շուտ կգա՞
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Լսիր, ընկեր, գործդ վերջացրիր՝ գնա։
ԿՆՅԱԶ — Տնաշենի աղջիկ, ե՞րբ սկսեցի, որ վերջացնեմ։ Դնեմ սեղանին ու դուրս գամ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ – Ի՞նչը, այ ընկեր:
ԿՆՅԱԶ – Դիմումս:
ՆՈՒՆՈՒՖԱՐ – Ասացի՝ տեղում չէ: Քանի՞ անգամ կարելի է կրկնել:
ԿՆՅԱԶ – Ինքը տեղում չէ, սեղանը հո տեղում է, դնեմ, դուրս գամ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Չփորձես։
ԿՆՅԱԶ – Լսիր, ճամպրուկ են թողել մեքենայիս մեջ, եկել եմ, որ պետին հայտնեմ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Դա ինձ չի վերաբերում։
ԿՆՅԱԶ — (Մոտենում է Փիլոյանի առանձնասենյակի դռանը, նայում է բանալու անցքից) Լսիր, բա նա ո՞վ է, որ նստել է ընկեր Փիլոյանի աթոռին, ընկեր Փիլոյանը չի՞:
ՆՈՒՆՈՒՖԱՐ – Ոչ:
ԿՆՅԱԶ — Վայ, ինչքան նման է ընկեր Փիլոյանին, ոնց որ ինքը: Մարդ է՞լ մարդու էդքան նման լինի։ Հա, էլի, մաքուր ինքն է. նույն քիթը, նույն աչքերը, նույն ակնոցները, նույն կոստյումը, նույն մազերը… Նունուֆար։ Գեղեցկուհի…
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (Արագ բարձրացնում է գլուխը՝ նայելով հայելու մեջ) Ասա:
ԿՆՅԱԶ — Հիմա սա ընկեր Փիլոյանը չի՞: (Բղավելով դռան ետևից): Ընկեր Փիլոյան, դուք ընկեր Փիլոյանը չե՞ք:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Չմտնես։
ԿՆՅԱԶ — (Չարաճճի նենգությամբ) Լսիր, իսկ քիչ առաջ ո՞վ էր, որ եկավ մեխակները ձեռքին, քեզ համբուրեց: Գիտես, թե չտեսա՞:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (Սպառնալից) Ի՞նչ:
ԿՆՅԱԶ — Ոչ տեսել եմ, ոչ լսել:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Չհամարձակվես։
ԿՆՅԱԶ — Այ աղջիկ, որ ասացի չեմ տեսել, ուրեմն չեմ տեսել:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Պիտի ապացուցես, հենց հիմա:
ԿՆՅԱԶ – Ախր որ չեմ տեսել, ո՞նց ապացուցեմ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Դե երդվիր։
ԿՆՅԱԶ — Քո արև, չեմ տեսել:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ստում ես:
ԿՆՅԱԶ — Ընկեր Փիլոյանի արև, չեմ տեսել:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (Փղձկում է) Ստում ես, տեսել ես:
ԿՆՅԱԶ — Չեմ տեսել:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Տեսել ես:
ԿՆՅԱԶ — Չեմ տեսել:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Տեսել եմ։
ԿՆՅԱԶ — (Հոգուն հասած, պոռթկալով) Այ աղջիկ, տեսնողը ես չե՞մ, ասում եմ՝ չեմ տեսել: Դե լավ, լավ, հանգստացիր, լաց մի լինի։ Ես մի րոպեով մտնեմ ու դուրս գամ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (Ետևից, հիստերիկ ճչալով) Ապասեցեք, ընկեր…
Կնյազն զգուշությամբ դիմումը դնում է Փիլոյանի սեղանին և ետ է գալիս:
ՓԻԼՈՅԱՆ — Ետ դարձեք։
ԿՆՅԱԶ — (Մեկից շրջվում է՝ կարծես նոր միայն տեսնելով) Վայ, ընկեր Փիլոյանը… Բարև ձեզ, ընկեր Փիլոյան: (Նունուֆարին) Բա ասում ես տեղում չի՞։
ՓԻԼՈՅԱՆ — Ձեզ ո՞վ ներս հրավիրեց։
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Քանի անգամ զգուշացրի, չլսեց, ընկեր Փիլոյան:
ԿՆՅԱԶ — Դիմումս դրեցի սեղանին, որ դուրս գնամ։
ՓԻԼՈՅԱՆ — Հարգեցեք կարգուկանոնը, ընկեր։ Ասում են՝ տեղում չէ, ուրեմն տեղում չեմ։ Այ քեզ զարմանալի մարդիկ: Ազատ եք, հիմա կարող եք գնալ:
ԿՆՅԱԶ — Իսկ ե՞րբ գամ, ընկեր Փիլոյան:
ՓԻԼՈՅԱՆ – Երբ որ տեղում կլինեմ:
ԿՆՅԱԶ — Շնորհակալ եմ: (Հասնելով դռանը, ետ է դառնում) Հա, ընկեր Փիլոյան, նոր մեքենաներ եք ստացել, դրանցից մեկը Կնյազին չի հասնո՞ւմ:
ՓԻԼՈՅԱՆ — Շնորհակալ եղիր, որ քո մեքենան էլ ձեռքիցդ չենք վերցնում:
ԿՆՅԱԶ — (Զարմացած) Ինչի՞ համար:
ՓԻԼՈՅԱՆ — Քաղաքացիներին կես ճանապարհին իջեցրել ես մեքենայից, ո՞վ է թույլ տվել:
ԿՆՅԱԶ (Կարճատև դադարից հետո) Լավ եմ արել:
ՓԻԼՈՅԱՆ — Ո՞նց թե:
ԿՆՅԱԶ — Տո, նրանք մա՞րդ են, նստել են՝ տակ են փորում:
ՓԻԼՈՅԱՆ – Քեզ ի՞նչ, տակ են փորում, տակ չեն փորում, դու վարորդ ես, քո պարտականությունները կատարիր:
ԿՆՅԱԶ – Ասում եմ՝ ինչո՛ւ եք բացակա մարդուն բամբասում: Ասում է՝ վայ, դու էլ ես էստե՞ղ, քեզ չէինք նկատել: Ասում եմ՝ ուրեմն մեքենան ինքն իրեն է գնո՞ւմ, խելքի աշեցեք: Անցավ երկու-երեք րոպե, էլի… Ասում եմ՝ ինչո՞ւ եք մարդու տակը փորում, վաղը որ աշխատանքից հեռացնեն, ո՞վ է նրա ընտանիքը պահելու։ Ասում են՝ քո գործը չի, դու քշիր: Ո՞նց թե քշիր, մարդու պաշտոնի վրա աչք են դրել, հետո էլ քշի՞ր: Բենզինս վերջացավ, իջեցրի։
ԿՆՅԱԶ — Սպասեք, սպասեք, ի՞նչ նկատողություն, ինչի՞ համար:
ՓԻԼՈՅԱՆ — Գրավոր նկատողություն վերջին նախազգուշացումով:
ՓԻԼՈՅԱՆ — Որպեսզի մյուս անգամ չհամարձակվես խառնվել ուղևորների խոսակցություններին։
ԿՆՅԱԶ — Տո էլ իսկի կխառնվե՞մ: Ասողի հերն էլ անիծած, լսողինն էլ հետը։ Բայց ախր ո՞նց կլինի, է, ընկեր Փիլոյան, ներողություն արտահայտությանս, մենք էլ մարդ ենք, չէ՞:
ՓԻԼՈՅԱՆ — Եվ դա դեռ բավական չէ, դրամի մանրն էլ չես վերադարձրել։
ԿՆՅԱԶ – Էհ, թող վերցնեին, դրանց քսան կոպեկին եմ կարո՞տ: Փոխանակ ես բողոքելու, իրե՞նք են բողոքել: Խնդրեմ, մեկն էլ ճամպրուկ է թողել մեքենայիս մեջ, ես մեղք ունե՞մ: Հիմա սա ի՞նչ անեմ, ո՞ւմ հանձնեմ։
ՓԻԼՈՅԱՆ — Հանձնեք այնտեղ, որտեղ ընդունում են գտնված իրերը:
ԿՆՅԱԶ – Գնացի, փակ էր:
ՓԻԼՈՅԱՆ — Տվեք դիսպետչերին:
ԿՆՅԱԶ — Չի ընդունում, ասում է բացված է, միջից կարող է բան են հանել: Ասում եմ՝ ո՞վ, ասում է՝ չգիտեմ: Ուրեմն ես ինձ թույլ կտա՞մ, ընկեր Փիլոյան, ներողության արտահայտությանս, մարդ ենք, չէ՞:
ՓԻԼՈՅԱՆ – Ընկեր, ինչո՞ւ եք ժամանակ խլում: (Նունուֆարին) Մեքենագրիր…
ԿՆՅԱԶ — (Բռնում է Նունուֆարի ձեռքից): Սպասիր, սպասիր… (Փիլոյանին) Երեկ էլ մի ընկերուհի ու մի երիտասարդ նստեցին: Ասացի՝ ոչինչ, ջահել են, թող մի քիչ իրենց ազատ զգան: Բայց ես ինչքան չտեսնելու եմ տալիս, սրանք սահմանն անցնում են: Վերջը չհամբերեցի, ասացի՝ այ ընկերներ, վերջացրեք, անհարմար է, հայելու մեջ երևում եք: Արի ու տես, որ ես ամաչում եմ, իրենք չեն ամաչում: Անցավ երկու-երեք րոպե, էլի… Ընկեր Փիլոյան, կարելի՞ է մի բան ասել:
ՓԻԼՈՅԱՆ — Ոչ, չի կարելի: (Նունուֆարին) Մեքենագրիր՝ գրավոր նկատողություն վերջին նախագգուշացումով:
ԿՆՅԱԶ — Լավություն չես անում՝ չես անում, վատություն ինչի՞ համար ես անում:
ՓԻԼՈՅԱՆ — Չենք երկարացնում։
ԿՆՅԱԶ — Կզղջաս, ընկեր Փիլոլան, հետո ուշ կլինի։
ՓԻԼՈՅԱՆ — Ի՞նչ… Սպառնո՞ւմ ես, հա՞… Ես թույլ եմ տալիս, գնա՝ ուր կցանկանաս, բողոքիր ում կուզես։
ԿՆՅԱԶ — Ախր դու չգիտես՝ ես ով եմ։ Նունուֆար, մի րոպեով դուրս արի:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Այդ էր պակաս:
ԿՆՅԱԶ — Գիտես չէ՞, որ չեմ տեսել։
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ես հիմա միլիցիա կզանգահարեմ։
ՓՒԼՈՅԱՆ — Կարիք չկա, ցած դիր:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Չէ՞ որ դուք տեղում չեք, ընկեր Փիլոյան։
ՓԻԼՈՅԱՆ — Դա ոչ մի նշանակություն չունի, ասում են՝ ցած դիր, ուրեմն ցած դիր: Եվ մի՛ մոռացիր, որ ես երբեք չեմ դադարում տնօրեն լինելուց:
ԿՆՅԱԶ — (Լսափողը խլում է Նունուֆարի ձեռքից) Այ ընկերուհի, որ ասում են ցած դիր, ցած դիր, էլի:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Դուրս գնա այստեղից, շուտ։
ԿՆՅԱԶ — Ախր ինչո՞ւ ես անհանգստանում, բերանս փակ մարդ եմ։
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Դա ինձ չի հետաքրքրում, դուրս գնա: (Հրում է):
ԿՆՅԱԶ — (Բախվելով Փիլոյանին) Ներողություն, ընկեր Փիլոյան, հրեց:
ՓԻԼՈՅԱՆ — (Կշտամբանքով) Նունուֆար…
ԿՆՅԱԶ — Բա… Կնոջն իշխանություն տվիր, էլ տերը չես:
ՆՈՒՆՈՒՖԱՐ – Միևնույն է, ես քեգ դուրս եմ հրավիրելու։
ԿՆՅԱԶ — Ախր համարյա թե բան չեմ տեսել, ինչու ես իզուր տեղն անհանգստանում։ Անկախ իմ կամքից դուռը բացեցի, որ ներս մտնեմ, մեկ էլ տեսա, այսինքն չտեսա, աչքիս երևաց, ընկեր Փիլոյանը եկավ, ձեռքի մեխակները տվեց քեզ, մի թեթև համբուրեց, ուրիշ ոչինչ։ Ճիշտ չի՞, ընկեր Փիլոյան։
ՓԻԼՈՅԱՆ — Փիլոյանին հանգիստ թողեք, ի սեր աստծո։
ՆՈՒՆՈՒՖԱՐ – (Կնյազին) Ես քեզ ասում եմ դուրս գնա։
ԿՆՅԱԶ — (Նունուֆարին) Ախր ինչի՞ համար, ընկեր Փիլոյան։
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Փիլոյանն ո՞վ է։
ՓԻԼՈՅԱՆ — (Զբաղեցնելով իր աթոռը, զգաստանալով): Փիլոյանը ես եմ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ներողություն, ընկեր Փիլոյան, այս մարդն ինձ հավասարակշռությունից հանել է։
ԿՆՅԱԶ — Լսեցի՞ք, ընկեր Փիլոյան, ինչ ասաց։ Ասում է Փիլոյանն ո՞վ է։ (Նունուֆարին) Ուրեմն դու չգիտե՞ս, թե ընկեր Փիլոյանն ով է, հա՞։ Ընկեր Փիլոյանը մեր պարկի տնօրենն է, ընկեր Փիլոյանն ամենալավ մարդն է, ընկեր Փիլոյանը ընկեր Փիլոյանն է, ով է: (Թափ է տալիս Փիլոյանի պիջակը):
ՓԻԼՈՅԱՆ — Թող։
ԿՆՅԱԶ — Ինչի՞ համար եք հետս լարվել, ընկեր Փիլոյան:
ՓԻԼՈՅԱՆ — Չեմ լարվել, մինչև նկատողությունդ չվերացնես, նոր մեքենա չես ստանա։
ԿՆՅԱԶ — Ո՞վ, ե՞ս չեմ ստանա, հա՞։ Կստանամ, ընկեր Փիլոյան, դուք լավ մարդ եք։
ՓԻԼՈՅԱՆ — Երբ որ կստանաք, այն ժամանակ էլ կպարծենաք:
ԿՆՅԱԶ — Բա եղա՞վ, ուրեմն ես պարծենկո՞տ եմ, որ պարծենամ։ Դուք ինձ չեք ճանաչում, ընկեր Փիլոյան, ձեզնից առաջ եղած դիրեկտորներին հարցրեք, ոչ մեկը թող ձեզանից լավը չլինի, ասեք՝ Կնյազն ո՞վ է, նրանք կասեն, էլի: Ես իմ մասին ինչ ասեմ, մի տեսակ գլուխ գովել կլինի: Ճիշտ չե՞մ ասում։ Հիմա ճամպրուկն ի՞նչ անեմ։
ՓԻԼՈՅԱՆ — Ինձ մի զբաղեցրեք, ընկեր։
ԿՆՅԱԶ — Ներողություն, ընկեր Փիլոյան, շատ ներողություն։ (Գնում է):
ՆՈՒՆՈԻՖԱՐ — (Հեծկլտում է) Ձեզ կհեռացնեն աշխատանքից։
ՓԻԼՈՅԱՆ — Ինչի՞ համար, այ աղջիկ։
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ինչո՞ւ համբուրեցիք առանց թույլտվության։
ՓՒԼՈՅԱՆ — Եթե ես հարցնեի, թույլ կտայի՞ր։
Նունուֆարը բացասաբար տարուբերում է գլուխը:
ՓԻԼՈՅԱՆ – Այ, տեսնում ես, որ ճիշտ եմ վարվել։
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Միևնույն է, ձեզ կմեղադրեն։
ՓԻԼՈՅԱՆ — Ես միանգամայն անկեղծորեն, ուղղակի հայրաբար:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Մի կեղծեք, խնդրում եմ։
ՓԻԼՈՅԱՆ — Երդվում եմ։
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Հայրս երբեք ինձ այդպես չի համբուրել։ (Փարվում է Փիլոյանին՝ պտտեցնելով վալսի ռիթմով):
Պատկեր երկրորդ
Կնյազի բնակարանի: Քնած է բազմոցին: Կողքը դրված է ճամպրուկը:
ՊԱՅԾԱՌ — (Մտնելով) Կնյա՞զ… (Ձայն է տալիս): Ռո՜զ, այ Ռոզ, բաց-բաց քնել է, բա որ մրսի՞:
ՌՈԶ – (Մտնում է երգելով: Նկատելով ամուսնուն՝ ձեռքն օդի մեջ տարուբերում է) Երնեկ ինձ. կամ տանը չի, կամ քնած է: (Մոտենում է) Պա՛հ, պա՛հ, պա՛հ… (Դեմքը ծամածռում է):
ՊԱՅԾԱՌ – Հը՞, ի՞նչ պատահեց։
ՌՈԶ — (Ուշքի չեկած) Օդանցքը փակիր, լուսամուտները բաց արա։
ՊԱՅԾԱՌ – (Խուճապահար) Գա՞զը…
ՌՈԶ — Չէ, չէ, հոտը, էլի խմել է:
ՊԱՅԾԱՌ — Դե շուտ ասա, սիրտս տեղն ընկնի: Էլ ո՞նց կլինի, կարծես առաջին անգամն է:
ՌՈԶ — Հիմա կտեսնենք՝ կքնի՞, թե՞ չի քնի: (Երգին զուգակցում է պարը):
ՊԱՅԾԱՌ — Նոր է փակել աչքը, մեղք է, թող մի քիչ հանգստանա։
ՌՈԶ — Դու սուս, քո գործը չի: (Շարունակում է):
ՊԱՅԾԱՌ — Բա որ հանկարծ արթնանա՞։
ՌՈԶ — Իմ ուզածն էլ հենց դա է: Մի օր համբերեմ, երկու օր համբերեմ, երեք օր համբերեմ, մինչև ե՞րբ: Տղա ունի պսակելու, վաղը, մյուս օրը նշանդրեքն է, ասա իսկի պե՞տքն է։ Մատանի է հարկավոր, ժամացույց է հարկավոր, տեսակ-տեսակ նվերներ են հարկավոր, մեկ-մեկ գրել եմ, տվել ձեռքը, ինչո՞ւ չի բերում, հը՞։ (Չանչ է անում): Չունենամ քեզ, չունենամ։
ՊԱՅԾԱՌ — Դե, դե, բերանդ բարի բաց արա։
ՌՈԶ — Տիկին Պայծառ, հը՞, չլինի՞ վախենում ես հանկարծ լսի:
ՊԱՅԾԱՌ — Իհարկե, դուք ցերեկը կկռվեք, գիշերը՝ կհաշտվեք, մեջտեղը էլի ես եմ վատամարդ դառնալու։
ՌՈԶ — Դու որ չլինեիր, ո՞վ էր սրա հետ ամուսնացողը։ Գիտեիր, թե էլ ուզող չի՞ լինի, սրա՞ նմաններն էին քարշ գալիս աղջկադ հետևից։ Բա սա մա՞րդ է։ Տղամարդն օրը ցերեկով կքնի՞։
ՊԱՅԾԱՌ — Ուզում ես զուռնա-դհոլ նվագիր, որ քնեց՝ քնեց։
ՌՈԶ — Որ թողնող լինի, լավ էլ կքնի։
Մուտքի զանգ:
Մտնում է ՀՈՎԻԿԸ՝ ԱԴԵԼԱԻԴԱՅԻ ձեռքից բռնած բերելով ներս:
ՀՈՎԻԿ — Թույլ տվեք ներկայացնել։
ՌՈԶ — Համեցեք։
ԱԴԵԼԱԻԴԱ — Բարև ձեզ։
ՌՈԶ — Բարև, աղջիկս, առաջ արի։ (Հովիկի ականջին): Սա նա՞ է:
ՀՈՎԻԿ – (Գլխով է անում) Ծանոթացեք։
ՊԱՅԾԱՌ — Համեցեք, համեցեք։
Սեղմում են միմյանց ձեռք:
ՌՈԶ — Կներեք, ամուսինս հոգնած էր, պառկեց մի քիչ հանգստանա։
ՀՈՎԻԿ — Ադելաիդա, մի ամաչիր, սա մեր տունն է։
ՌՈԶ — Ամաչե՞լ, ինչի՞ համար։
ՊԱՅԾԱՌ — Աղջկան երեսով մի տվեք, ամաչելը վատ բան չի:
ՀՈՎԻԿ — Մամ, մենք գնանք իմ սենյակը:
ՌՈԶ — Գնացեք, Հովիկ ջան, որտեղ ձեզ հարմար է:
ՀՈՎԻԿ — Ադելաիդա, արի: (Աղջկան առաջնորդում է կից սենյակը: Վերադառնում է՝ ցույց տալով հորը): Խայտառակեցիր, թողեցիր:
ՌՈԶ — (Իրեն պատառոտելով) Այ տղա, ես ի՞նչ անեմ, որ քնած է:
ՀՈՎԻԿ — Լավ, է՜… (Գնում է):
ՌՈԶ — Հը, դո՞ւր եկավ:
ՊԱՅԾԱՌ — Շա՜տ… Հովիկս որ հավանել է, մենք կհավանենք ու կհավանենք։
ՌՈԶ — Սպասիր, մի տես ես հավանում են, հետո ասա: Քեզ ինչ կա, հետը դո՞ւ ես ապրելու: Հովիկիս նման տղա լինի, աղջիկ՝ ինչքան ուզես, թող գան էլ, գնան էլ: (Դառնալով Կնյազին): Սա դեռ քնա՞ծ է; Կնյազ, այ Կնյազ…
ԿՆՅԱԶ – (Քնաթաթախ) Հը՞։
ՌՈԶ — Շուտ արա, վեր կաց, հարսնացուն եկել է:
ԿՆՅԱԶ – Լավ է արել: (Շրջվում է կողքի):
ՌՈԶ — Դե վեր կաց, ամոթ է:
ԿՆՅԱԶ — Հաշվիչը նայեք, հաշվիչը։
ՌՈԶ – Ի՞նչ հաշվիչ, այ մարդ:
ԿՆՅԱԶ – Բենզին…
ՊԱՅԾԱՌ — (Ռոզին) Ձեռքդ դիր ճակատին:
ԿՆՅԱԶ — Ձեռքդ։
ՌՈԶ – Տա՞ք ես:
ԿՆՅԱԶ — Ընկեր միլիցիոներ, ընկեր սերժանտ…
ՌՈԶ — Չունենամ, չունենամ քեզ, մարդ էլ սեփական կնոջը միլիցիոների տեղ դնի։ Հիմա գնամ էն աղջկան ի՞նչ ասեմ, ասեմ խելքը թռցրե՞լ է։ Կեղտոտ կոշիկներով էլ պառկել է։ (Հրում է):
ՊԱՅԾԱՌ – Երևի մրսել է, թեյնիկը դնեմ տաքանա։
ՌՈԶ — (Նկատում է ճամպրուկը) Տիկին Պայծա՞ռ, սա ի՞նչ է:
ՊԱՅԾԱՌ — Ճամպրուկ է, ինչ է։
ՌՈԶ — Ո՞վ է բերել։
ՊԱՅԾԱՌ — Ինչ իմանամ, երևի Կնյազը։
ՌՈԶ — Կնյա՞զը… Լավ է, շատ լավ է, նշանդեքի համար բերել է, դրել ու քնել:
ՊԱՅԾԱՌ — Այ դու ապրես, Կնյազ ջան, շատ ապրես:
ՌՈԶ — (Մեջտեղ բերելով ճամպրուկը) Գիտե՞ս ինչ ճաշակ ունի Կնյազս: Հիմա կիմանաս: (Բացում է ճամպրուկը՝ հերթով հանելով իրերը): Կոշիկ, կոստյում, ջեմպր… Ի՜, տեղական է: (Ջեմպրը գցում է մի կողմ) Ոսկե ականջօղեր… (Ցույց տալով Պայծառին, հրճվանքիից թռչկոտելով) Ոսկե, ոսկե… (Օդային համբույրներ ուղարկելով ամուսնուն) Ժամացույց՝ ոսկե շղթայով, իսկն իմ ուզածն է։
ՊԱՅԾԱՌ — Արևդ անպակաս, Կնյազ ջան:
ՌՈԶ — Խալաթ: (Հագնում-հանում է) Սա էլ քեզ, տիկին Պայծառ, սա քեզ կսազի: Զոքանչի համար խալաթ է առել: Տեսնո՞ւմ ես ինչ փեսա ունես, չես էլ հավանում Կնյազիս:
ՊԱՅԾԱՌ — (Հագնելով) Ո՞վ չի հավանում, էդ խո՞սք է, որ ասում ես:
ՌՈԶ — Բարով մաշես, մամ ջան:
ՊԱՅԾԱՌ — Շնորհակալ եմ, ապրի Կնյազս:
ՌՈԶ — Քնիր, քնիր, հանգստացիր, մարդ ջան: (Կապոցներ է հանում) Սրանք էլ երևի խնամիների համար են. պիժամա, կոշիկներ, կոստյումի կտոր… (Ուրախությունից իրեն կորցնելով) Մատանի՝ բռլյանտի քարով:
ՊԱՅԾԱՌ – Ո՞ւր է, տեսնեմ:
ՌՈԶ — Տես, տես… (Դառնալով Կնյազին): Քնիր, քնիր, հանգստացիր, բռլյանտ ջան: (Համբուրում է):
ՀՈՎԻԿ — (Վերադառնալով) Չարթնացա՞վ:
ՌՈԶ — (Իրերը դնելով մի կողմ) Մեղք է, թող մի քիչ քնի, հանգստանա: Արի, նստիր մի րոպե: Մամ, դու էլ նստիր: (Հովիկին) Դե հիմա ասա, ո՞վ է, ի՞նչ է անում, աշխատո՞ղ է, սովորո՞ղ է…
ՀՈՎԻԿ — Հարցաքննելու ժամանա՞կ է, աղջկան թողել եկել եմ:
ՌՈԶ — Ոչինչ, չի փախչի։ Ասա, շուտ արա:
ՀՈՎԻԿ — Սովորում է բժշկական ինստիտուտի վերջին կուրսում:
ՌՈԶ — Փառք աստծո, իշիաս էլ ունեմ, ոադիկուլիտ էլ ունեմ, ռևմատիզիմ էլ, դեռ մի բան էլ ավելին: Բայց ես քո մասին եմ մտածում։ Ծնողներն ովքե՞ր են, կարգին մարդի՞կ են:
ՀՈՎԻԿ – (դժկամ) Մարդ են, էլի:
ՌՈԶ — Բարեկամանում ենք, ուրեմն չիմանա՞նք ովքեր են մեր խնամիները:
ՀՈՎԻԿ – Հայրը տնօրեն է, մայրը՝ տնային տնտեսուհի:
ՌՈԶ — (Երջանիկ) Տնօրե՞ն:
ՊԱՅԾԱՌ — Իսկապե՞ս։
ՌՈԶ — Որտե՞ղ է տնօրեն:
ՀՈՎԻԿ — Ինչ կարևոր է, վերջացրեք, հիմա դրա ժամանա՞կն է։ (Մոտենալով Կնյազին) Հայրիկ, վեր կաց:
ԿՆՅԱԶ — (Դեռ քնի մեջ) Աջ քաշեմ, կանգնե՞մ։
ՀՈՎԻԿ — Հայրիկ, վեր կաց, խնդրում եմ, անհարմար է։
ԿՆՅԱԶ — Ինչի՞ համար, ընկեր Փիլոյան։
ՀՈՎԻԿ — (Տագնապով) Սուս, աղջիկն այստեղ է:
ՌՈԶ — (Անակնկալի եկած) Ի՞նչ աղջիկ, Փիլոյանի աղջի՞կն է:
ՊԱՅԾԱՌ — Կնյազի ավտոպարկի տնօրենի՞:
ՀՈՎԻԿ — Հա, հա, հանգստացեք, ի՞նչ պատահեց:
ՌՈԶ — (Ուրախացած) Կնյազ ջան, սիրուն ջան, վեր կաց, տես ով է եկել:
Մուտքի զանգ:
Մտնում է Զվարթը:
ԶՎԱՐԹ – (Այլայլված) Ո՞ւր է, ո՞ւր է: (Աչք է ածում չորս բոլորը):
ՌՈԶ – Ո՞ւմ եք ուզում, ընկերուհի:
ԶՎԱՐԹ – (Արտասվախառն) Մի՞թե ես այլևս չեմ տեսնելու նրան:
ՀՈՎԻԿ — Հանգստացեք, տիկին Զվարթ, Ադելաիդան մեզ մոտ է:
ՌՈԶ — Մա՞յրն է։
ՀՈՎԻԿ — (Գլխով հաստատական նշան է անում) Ադելաիդա՜…
Կից սենյակից դուրս է գալիս Ադելաիդան և ընկնում մոր գիրկը:
ԶՎԱՐԹ — Դուք բոլորդ պատասխան կտաք։
ՌՈԶ — Կներեք, մենք չգիտեինք: (Հովիկին) Ինչո՞ւ չէիր ասում, այ տղա:
ԶՎԱՐԹ — (Ադելաիդային) Ինձ ասացին, որ դու այստեղ ես: Ինչպե՞ս ես համարձակվել առանց ծնողներիդ համաձայնության: Գնանք տուն, ես քեզ հետ հետո կխոսեմ:
ՀՈՎԻԿ – (Ադելաիդային) Չգնաս:
ԶՎԱՐԹ — Առաջ անցիր, շուտ արա։
ՌՈԶ — Ինչո՞ւ եք շտապում, նստեք, հիմա ամուսնուս կարթնացնեմ: Որ իմանար, իսկի կքնե՞ր:
ԶՎԱՐԹ – Տիկին, դուք արդեն խաղում եք իմ նյարդերի հետ:
ՌՈԶ – Ո՞վ, ե՞ս, որ տեսնեք էլ՝ չհավատաք: Ի՞նչ ունենք բաժանելու, իրենք լավ լինեն:
ԶՎԱՐԹ — (Ադելաիդային): Առաջ անցիր:
ԱԴԵԼԱԻԴԱ — Մամա, ինչո՞ւ ես եկել:
ԶՎԱՐԹ — Տանը, ամեն ինչ տանը։ (Լացակումած) Քեզ խլում են ինձանից, դու հասկանո՞ւմ ես:
ԱԴԵԼԱԻԴԱ – Քեզ հուզվել չի կարելի, խնդրում եմ։
ԶՎԱՐԹ — Ես հիմա ուշագնաց կլինեմ: (Ուշագնացության նշաններ է ցույց տալիս՝ ընկնելով այն բազմոցին, որտեղ քնած էր Կնյազը):
ԱԴԵԼԱԻԴԱ – Մա՜-մա՜:
Իրարանցում:
Կնյազն արթնանում է՝ գրկելով Զվարթին:
ՌՈԶ – Թո՛ղ, թող ձեռքդ, ինքը կնստի:
ԿՆՅԱԶ — Այ աղջիկ, թողնեմ ընկնի, պատասխան կտա՞ս։
ՌՈԶ – Թող, ասում եմ:
ԶՎԱՐԹ – (Սթափվելով) Ինչպե՞ս պետք է ապրեիր առանց ինձ, բալիկս։ (Նկատելով Կնյազին՝ խայթվածի նման ճչում է, ազատվելով նրանից):
ՌՈԶ — (Աթոռ է մատուցում) Նստեք, տիկին Զվարթ։
ԿՆՅԱԶ — Էս կինն ո՞վ է։
ՀՈՎԻԿ — Հայրիկ, ծանոթացիր տիկին Զվարթի հետ։
ՌՈԶ – Մոտեցիր, ծանոթացիր, Փիլոյանի կինն է:
ԿՆՅԱԶ — Փիլոյանի կինն ի՞նչ գործ ունի մեր տանը։
ՌՈԶ — (Կնյազի ականջին): Աչքդ լո՜ւյս, պետիդ աղջիկը տղայիդ հարսնացուն է։
ԶՎԱՐԹ — Տիկին, գոնե շշուկով խոսեք, որ մենք չլսենք։
ՌՈԶ — Կներեք, ուրախությունից է, ախր ընկեր Փիլոյանին մենք շատ ենք հարգում, տիկին Զվարթ։
ՊԱՅԾԱՌ – Անչափ, անսահման:
ԿՆՅԱԶ – (Ռոզին) Լսիր, լուրջ ես ասո՞ւմ, Փիլոյանի կի՞նն է։
ՌՈԶ – Հա, հա, գնա ծանոթացիր:
ԿՆՅԱԶ – (Մոտենում է՝ ոգևորությամբ ձեռքի ափերը շփելով իրար) Այ, հիմա գոհ եմ բախտիցս: Ծանոթանանք, տիկին Զվարթ: (Սեղմում է ձեռքը) Ասում էի՝ այ տղա, ում ուզում ես ուզիր, մենակ թե զոքանչդ սրտովս լինի: Պտուղը ծառից հեռու չի ընկնում, տիկին Զվարթ: Ոնց որ դուք՝ ձեզ պես էլ ձեր աղջիկը, ոնց որ ես՝ ինձ պես էլ Հովիկս:
ՌՈԶ – Բա ե՞ս:
ԿՆՅԱԶ – Ռոզ, ես քեզ ինձանից կանջատե՞մ, առանց քեզ կյանք ունե՞մ:
ՀՈՎԻԿ — (Սաստող) Հայրիկ…
ԿՆՅԱԶ – Դու սուս, ես գիտեմ, թե ինչ եմ ասում։ Ընկեր Փիլոյանի նման մարդ ոչ եղել է, ոչ կա, ոչ էլ կլինի:
ԶՎԱՐԹ — Դուք որտեղի՞ց եք ճանաչում ամուսնուս։
ԿՆՅԱԶ — Ո՞նց թե, ընկեր Փիլոյանը մեր պարկի տնօրենն է:
ԶՎԱՐԹ — Ուրեմն դուք իմ ամուսնու աշխատո՞ղն եք, այո՞:
ԿՆՅԱԶ — Բա իհարկե, մինչև ձեզ լավ չզգաք, բաց չեմ թողնի: Ռոզ, սեղան գցիր։
ԶՎԱՐԹ – Մի՛ փակեք ճանապարհը։
ԿՆՅԱԶ – Սպասեք, նստեք, գոնե մի բաժակ սուրճ խմենք, տիկին Զվարթ: Ռոզ, մի՛ թող: (Զվարթին) Երկար չենք պահի, խնդրում եմ։
ԶՎԱՐԹ — Ասացի՝ ոչ, մինչև այս հարցը պաշտոնական հողի վրա չդրվի, իմ աղջիկը չպետք է ոտք դնի այստեղ:
ԿՆՅԱԶ — Բա ո՜նց, ամեն ինչ կարգուկանոնով, տիկին Զվարթ, մի անհանգստացեք, ինչ որ կասեք, էնպես էլ կանենք։ Ընկեր Փիլոյանի առաջ ոտքով-գլխով պատասխանատու եմ։
ՌՈԶ — Չէ, չէ, տիկին Զվարթ, Հովիկս լուրջ տղա է, կբարեկամանանք, հետո մեզ կճանաչեք: Այդ էր պակաս, թող մի փորձի…
ԿՆՅԱԶ – Ի՞նչ պիտի փորձի: (Մատը թափ տալով Հովիկի վրա):
ԶՎԱՐԹ – (Ադելաիդային) Դուրս արի։ Եթե մայրդ ասում է, դու պետք է լսես:
ԿՆՅԱԶ — Ռոզ, բաց չթողնես:
ՌՈԶ – Միայն իմ դիակի վրայով:
Ադելաիդան դուրս է գնում, Զվարթը հետևում է նրան:
ԿՆՅԱԶ – Ապրես, Հովիկ ջան, լավ ճաշակ ունես: Գնա, ճանասլարհ դիր: (Հովիկի ետևից) Տաքսի կբռնես: Այ կնիկ, էս ի՞նչ նորություն էր, ուրեմն Փիլոյանի խնամին ենք դառնալո՞ւ: Տա՜շ…
Պարում են:
Պատկեր երրորդ
Փիլոյանի բնակարանը: Հնչում է մուտքի զանգը:
ԶՎԱՐԹ — (Ընդառաջ գնալով) Մտեք:
ԿՆՅԱԶ — (Նոր զգեստ հագած, շլյապայով) Բարև ձեզ:
ԶՎԱՐԹ — (Երևակայելով) Բարև ձեզ։
ՌՈԶ – Կարելի՞ է:
ԶՎԱՐԹ — Կարելի է։
ԿՆՅԱԶ — (Ռոզին) Կոշիկներս հանենք։ (Փորձում է հանել՝ ոտքը դնելով աթոռին):
ԶՎԱՐԹ — Ոչ, ոչ, պետք չէ:
ԿՆՅԱԶ — Ախր ձեր պարկետը…
ԶՎԱՐԹ — Ոչինչ, մաքրողը ես չեմ:
ԿՆՅԱԶ — Ախ, դուք չեք… (Իջեցնում է nտքը):
ՌՈԶ — Ներս արի, Հովիկ ջան։
ԿՆՅԱԶ — Արի, կոշիկները չենք հանում։
Մտնում է Հովիկը: Բոլորի ձեռքին կապոցներ են:
ԿՆՅԱԶ — Էս ինչո՞ւ կանգնած մնացինք։
ԶՎԱՐԹ — Համեցեք, նստեք:
Տեղավորվում են:
ՌՈԶ – Ինչպե՞ս եք, տիկին Զվարթ:
ԶՎԱՐԹ — Մենք լավ ենք:
ԿՆՅԱԶ — Ընկեր Փիլոյանն ո՞նց է:
ԶՎԱՐԹ — Շնորհակալություն:
ԿՆՅԱԶ — Ադելաիդան տանը չի՞, տիկին Զվարթ։
ԶՎԱՐԹ — Ոչ։
ԿՆՅԱԶ — Այ, էդ մեկը լավ չեղավ։
ՌՈԶ – Շուտ կգա՞:
ԶՎԱՐԹ – Չգիտեմ:
ՌՈԶ — Ո՞ւր է գնացել։
ԶՎԱՐԹ — Չի ասել։
ԿՆՅԱԶ — Որ եկել ենք, պիտի սպասենք, հո չենք թողնի գնա: Ռոզ, լավ բնակարան է, չէ՞։
ՌՈԶ – Այդ էր պակաս, որ ընկեր Փիլոյանն էլ լավ բնակարան չունենար։
ԿՆՅԱԶ — Տիկին Զվարթ, բարձրությունն ինչքա՞ն է, երկուսույոթանասունհի՞նգ:
ԶՎԱՐԹ – Երեք:
ԿՆՅԱԶ — Ախ, երե՜ք: Մերը ցածր է:
Մտնում է Ադելաիդան:
ԱԴԵԼԱԻԴԱ — Բարև ձեզ:
ԿՆՅԱԶ — Բարև, այ, եկավ Ադելաիդան:
ՌՈԶ – Բարև, Ադելաիդա ջան:
Կարճատև դադար:
ԶՎԱՐԹ — Բա՞ն էիք ուզում ասել:
ԿՆՅԱԶ — Չէ, առանձնապես ոչ հով է, ոչ էլ շոգ է, լավ սենյակներ են:
ՌՈԶ – Ումի՞ց ես թաքցնում, պարզ ասա, իրենք էլ իմանան իրենց անելիքը, մենք էլ։
ԿՆՅԱԶ – Նո՞ր չմտանք։ Համբերիր, մի քիչ շունչ քաշենք, տնաշեն։ Հո տեր-վռազը չես: Չե՞ս տեսնում, կամաց-կամաց մոտենում եմ էլի: (Զվարթին) Բարձրությունն ինչքա՞ն է… Ներողություն, դա արդեն հարցրել եմ: Իսկ բարձրանալը դժվար չի՞, տիկին Զվարթ:
ԶՎԱՐԹ — Ոչ, վերելակն աշխատում է, կարծեմ դուք ուրիշ բան էիք ուզում ասել:
ԿՆՅԱԶ – Ուրի՞շ, ի՞նչ… Ձեր առողջությունն ինչպե՞ս է, կարևորը դա է, եթե առողջություն եղավ, մնացածն ինքն իրեն կլինի: Ռոզ, համաձայն չե՞ս։
ՌՈԶ — Չէ, համաձայն չեմ, եկել ենք, ասա ինչի համար ենք եկել։
ԿՆՅԱԶ — Այ, հիմա կարելի է: Տիկին Զվարթ, որ սուտ չասեմ, եկել ենք բարի նպատակով:
ԶՎԱՐԹ — Այսի՞նքն։
ԿՆՅԱԶ — Այսինքն եկել ենք մեր երիտասարդների հարցով:
ԶՎԱՐԹ — Ախ, այդպե՜ս, էլ ինչո՞ւ եք իզուր տեղը երկարացնում:
ԿՆՅԱԶ — Կարգն է էդպես, տիկին Զվարթ:
ԶՎԱՐԹ — Իմ աղջիկը պետք է շարունակի ուսումը ասպիրանտուրայում և առայժմ մտադրություն չունի ամուսնանալու:
ԿՆՅԱԶ — Մեր տղան էլ է սովորում, տիկին Զվարթ, դա չի խանգարում:
ԶՎԱՐԹ — Այդ արդեն թույլ տվեք մեզ իմանալու, աղջիկն աղջիկ է, տղան՝ տղա:
ԿՆՅԱԶ — Իհարկե, աղջիկն աղջիկ է, տղան՝ տղա:
ԱԴԵԼԱԻԴԱ — Մամա, դու իմ փոխարեն մի՛ պատասխանիր:
ԶՎԱՐԹ — Չէ՞ որ դու ինքդ այդպես ցանկացար։
ԱԴԵԼԱԻԴԱ – Մի՛ ասա։
ԶՎԱՐԹ — Որքան շուտ մեծացար, բալիկս: (Համբուրում է):
ԿՆՅԱԶ — Մերն էլ շատ շուտ մեծացավ, վերջերս շատ շուտ են մեծանում։
ՌՈԶ — (Կնյազի ականջին) Տեսնո՞ւմ ես՝ պետիդ կինը ոնց է թանկացնում:
ԿՆՅԱԶ — Աղջկան ուզում է պսակել, բա ո՜նց։
Մտնում է Փիլոյանը՝ աչքի անցկացնելով թերթը:
ԿՆՅԱԶ – (Անմիջապես ոտքի է կանգնում, շշուկով) Փիլոյանը… Փիլոյանը եկավ:
ՓԻԼՈՅԱՆ — (Հանկարծակի նկատելով հյուրերին) Բարև ձեզ:
ԿՆՅԱԶ — Հարգանքներս, ընկեր Փիլոյան։
ՓԻԼՈՅԱՆ — Հիմնարկության հարցերը տանը չեն լուծում։
ԿՆՅԱԶ — Բա եղա՞վ, ընկեր Փիլոյան, ես էդ տեսակ մա՞րդ եմ:
ՓԻԼՈՅԱՆ — Չենք խոսում, վերջ։ Խախտում եք փողոցային երթևեկության կանոնները, չեք վերադարձնում դրամի մանրը, կոպտում եք քաղաքացիներին: Ի՞նչ նոր մեքենայի մասին կարող է խոսք լինել, երբ դրված է ձեր հեռացման հարցը, իզուր եք եկել, տանր ես ոչ մեկի չեմ ընդունում։
ԿՆՅԱԶ — Հեռացնում եք՝ հեռացրեք, ընտանիքիս մոտ ինչի՞ եք խայտառակում, ընկեր Փիլոյան:
ՌՈԶ — Ընկեր Փիլոյան, Կնյազը ձեզ շատ է հարգում, մենք գործով ենք եկել:
ՓԻԼՈՅԱՆ — Այդպիսի բաներ մի ասեք, ես կոչված եմ պաշտպանելու հիմնարկության շահերը, ինձ նշանակել են դրա համար:
ՌՈԶ — Ընկեր Փիլոյան, ամենից առաջ ես Կնյազի կինն եմ, եկել ենք, որ ձեզ հետ ծանոթանանք:
ՓԻԼՈՅԱՆ — Խնդրեմ, միայն թե չմիջամտեք:
ՌՈԶ — Ուրեմն Կնյազը վա՞տ աշխատող է։
ՓԻԼՈՅԱՆ – Տիկին, դուք ինձ անհարմար վիճակի մեջ եք դնում: Ես կոլեկտիվին պետք է պատասխան տամ իմ յուրաքանչյուր քայլի համար, ինչ է, դուք կարծում եք հիմնարկի պետը ինչ ուզի կարո՞ղ է անել, ոչ, չարաչար սխալվում եք, պետը միայնակ հսկում է բոլորին, բոլորը միասին հսկում են պետին:
ԶՎԱՐԹ — Գևորգ, ինչո՞ւ մինչև վերջ չես լսում մարդկանց:
ՓԻԼՈՅԱՆ — Կտրականապես արգելում եմ միջամտել:
ՌՈԶ — Ընկեր Փիլոյան, Կնյազն անընդհատ ձեր անունն է տալիս, գիտե՞ք ձեզ ինչքան է հարգում։
ՓԻԼՈՅԱՆ — Տիկին, հավատում եմ, բայց, ցավոք, չեմ կարող օգտակար լինել: Թույլ չեն տալիս մարդ գոնե տանը հանգստանա: Այ քեզ ժողովուրդ:
ԶՎԱՐԹ – Ո՞ւր ես գնում, այ մարդ, մի իմացիր ինչի համար են եկել: Եթե դեմ ես, ասա՝ դեմ եմ, ինչո՞ւ ես թողնում հեռանում:
ՓԻԼՈՅԱՆ — (Բռնկվելով) Այո, դեմ եմ, դեմ եմ: (Մտնում է կից սենյակը):
Զվարթն ու Ադելաիդան գնում են նրա ետևից:
ԿՆՅԱԶ — (Զվարթի ետևից) Նա չհասկացավ, թե ինչի համար ենք եկել, տիկին Զվարթ, դուք նրան բացատրեք։
ՌՈԶ — Հետաքրքիր է, պետդ ինչի՞ համար եկավ, ելույթ ունեցավ ու գնաց:
ԿՆՅԱԶ — Ուշադրություն մի դարձրու, ասում է, բայց սրտում բան չկա: Ախր ի՞նչ անի խեղճ մարդը, վերևից զանգահարում են, ներքևից մատերիալ են գրում, կողքերից փորում են… Հիմա կբացատրեն, կգա։
ՌՈԶ — Քո պատճառով ինչի՞ համար ես ամոթանք ստանամ, չի լինի՞ մի քիչ կարգին աշխատես։
ԿՆՅԱԶ — Սիրտդ լեն պահիր, այ կին, մարդ է՝ կջղայնանա էլ, կհանգստանա էլ: Հետևից գնացին, հիմա կհամոզեն, կբերեն: Նստիր տեղդ։
ՌՈԶ — Չեմ նստի։
ԿՆՅԱԶ — Նստիր։
ՌՈԶ — Չեմ նստի։
ՀՈՎԻԿ — Անհարմար է, լավ, վերջ տվեք։
ՌՈԶ — Հովիկս որ չլիներ, կգնայի, նրա համար եմ սպասում, իմացա՞ր:
ԿՆՅԱԶ – Չէ, լավ չեղավ, եկանք մարդու տրամադրությունը փչացրինք:
ՌՈԶ – (Դեպի կից սենյակը) Հա է՝, հա, չէ է՝ չէ, մենք էլ թողնենք գնանք մեր գործին:
ԿՆՅԱԶ – Կամաց, մի գոռա, հո ինձ խայտատակ չես անելու պետիս տանը:
ՌՈԶ — (Հարձակողական) Տղան աղջկան է ուզում, աղջիկը՝ տղային, որ դեմ եղավ՝ ի՞նչ սլիտի անի, ի՞նչ պիտի անի, է՜:
ԿՆՅԱԶ — Լավ, հասկացանք, հանգստացիր:
Մտնում է Փիլոյանը, ետևից՝ Զվարթը:
ՓԻԼՈՅԱՆ — Ներեցեք, խնդրում եմ, ես մի փոքր ուշացա։ Նստիր, Կնյազ, ինչո՞ւ ես կանգնել:
ԿՆՅԱԶ — Նստելը կնստեմ, բայց թե հանգստանում էիք:
ՓԻԼՈՅԱՆ — Այդպիսի բաներ մի ասա, լավ եք արել, եկել եք:
ՌՈԶ — Ընկեր Փիլոյան, ճիշտն ասած, որ իմանայինք քնած եք…
ՓԻԼՈՅԱՆ — Տիկին, դա ինչ կարևոր է, պարզապես ինքս պետք է ներողություն խնդրեմ։
ԿՆՅԱԶ — Ի՞նչ անես, ընկեր Փիլոյան, դու հո քո մասին չես մաածում, հիմնարկի մասին ես մտածում։ Ռոզ, գիտե՞ս, ընկեր Փիլոյանը եթե չլինի, պարկը ձեռքից կգնա։
ՓԻԼՈՅԱՆ — Եթե չեմ սխալվում, դուք Կնյազի կինն եք, այնպես չէ՞:
ԿՆՅԱԶ – Ռոզ, ընկեր Փիլոյանը գիտե՞ս ինչ հիշողություն ունի:
ՌՈԶ — Լավ հիշողություն ունեք, ընկեր Փիլոյան, ոնց էլ հիշեցիք: (Ծիծաղում է):
ԿՆՅԱԶ — Ընկեր Փիլոյան, Ռոզան ամեն անգամ ասում է՝ տուն հրավիրիր ընկեր Փիլոյանին, ես եմ անշնորհքը, ախր գործը թողնո՞ւմ է։ Սա էլ տղաս է։ Հովիկ ջան, արի ընկեր Փիլոյանի հետ ծանոթացիր։
Սեղմում են միմյանց ձեռք:
ՓԻԼՈՅԱՆ — Կեցցես, մեծ տղա ունես:
ՌՈԶ — Համալսարանն ավարտել է, ասպիրանտուրայում է սովորում, ընկեր Փիլոյան։
ԿՆՅԱԶ – Այ տղա, ինչո՞ւ ես գլուխդ կախել: Չէ, սա էսօրվա երիտասարդ չի, ամաչկոտ, ընկեր Փիլոյան, ամաչկոտ, անպատմելի: Ես քեզ օրինակ ջահել ժամանակս:
ՓԻԼՈՅԱՆ – Տղա է, կբացվի կամաց-կամաց, երիտասարդին մի ամաչացրու:
ՌՈԶ — Ձեզ մոտ որ չամաչի, էլ ում մոտ պիտի ամաչի, ասեք՝ մենք չամաչենք նրա երեսից:
ՓԻԼՈՅԱՆ — Դե մոտեցեք սեղանին, տեղավորվեք ում որտեղ հարմար է:
ԿՆՅԱԶ — Նեղություն մի կրեք, ընկեր Փիլոյան, մենք մեզ լավ ենք զգում, ոնց որ մեր տանը:
Տեղավորվում են սեղանի շուրջը:
ՓԻԼՈՅԱՆ — Դե, լսում եմ:
ՌՈԶ — (Արմունկով հրում է Կնյազին) Խոսիր:
ԿՆՅԱԶ — (Կանգնում է) Ընկեր Փիլոյան…
ՓԻԼՈՅԱՆ — (Ծիծաղում է) Ժողով հո չի՞, Կնյազ, նստիր:
ԿՆՅԱԶ — (Նստում է) Ընկեր Փիլոյան, ինչ ասեմ, մեր երիտասարդը փաստորեն խնդրում է ձեր համաձայնությունը՝ մեր Ադելաիդայի հետ ընտանիք կազմելու մասին… (Թեթևացած շունչ է քաշում) Ռոզ, հո չսխավեցի:
ՌՈԶ – Չէ, լավ էր: Ասա, որ մենք էլ մեր կողմից համաձայն ենք:
ԿՆՅԱԶ – (Կրկնում է) Ասա, որ մենք էլ մեր կողմից համաձայն ենք: Ընկեր Փիլոյան, ինձ հուշում է, թե ասա, որ մենք էլ մեր կողմից համաձայն ենք: (Ռոզին) Որ համաձայն չլինեինք, չէինք գա, էլի: Ճիշտ չի՞, տիկին Զվարթ։
ԶՎԱՐԹ — Ես ոչինչ չեմ կարող ասել, թող ամուսինս ինքը որոշի՝ այո կամ ոչ:
ՓԻԼՈՅԱՆ — Դժվար հարց է, ընկերներ, ինձ նեղ վիճակի մեջ մի դրեք: Ադելաիդան ինքը պետք է ընտրի իրեն համապատասխան փեսացու, շտապելու կարիք չկա. ինչքան ուշ, այնքան լավ։
ԶՎԱՐԹ — Եվ հետո՝ ամեն ընտանիքից մենք փեսա չենք ընտրի և մեր աղջկան ամեն ընտանիք չենք ուղարկի։
ԿՆՅԱԶ – Է՜, եղա՞վ, տիկին Զվարթ, բա մենք վա՞տ ընտանիք ենք։ Ռոզ, երեսուն տարվա կինս ես, ես քեզ երբևիցե մի թթու, մի մռու, մի կծու, մի աղի, մի դառը խոսք ասած կա՞մ։
ՌՈԶ — Ես քեզ ասե՞լ եմ, որ դու ինձ ասես:
ԿՆՅԱԶ — Խոսքի օրինակ եմ ասում, խենթ։
ՌՈԶ – Խենթը դու ես։ Վայ, չէ, չէ, Կնյազը ՛՛ջանից՛՛ բացի ինձ ուրիշ խոսք չի ասել, նմանապես ես նրան, շատ սիրով ամուսիններ ենք, ընտանիքի կողմից հանգիստ եղեք։
ՓԻԼՈՅԱՆ — Տիկին Ռոզա, Զվարթն ուրիշ բան էր ուզում ասել, դուք նրան չհասկացաք:
ՌՈԶ — Շատ լավ էլ հասկացա, ընկեր Փիլոյան, որ մեզ չհասկանալու ենք տալիս, ուրեմն անհասկացո՞ղ ենք։ Կնյազս, որ դիպլոմ չունի, ումի՞ց է պակաս։
ԿՆՅԱԶ – Ո՞վ չունի… Կորցրել եմ:
ՓԻԼՈՅԱՆ — Այ ընկերներ, մենք հո չենք որոշողը։
ԿՆՅԱԶ — Այ դա ուրիշ հարց է: Ռոզ, Հովիկին ասա, թող առաջ գա:
ՌՈԶ – Հովիկ ջան, առաջ արի:
ԿՆՅԱԶ — Առաջ արի, այ տղա: Դե հիմա ասա։ Լսում ենք:
ՀՈՎԻԿ — Խոստանում եմ արդարացնել ձեր հույսերը։
ԿՆՅԱԶ — Այ, հիմա հասկացա, ապրես, մի կողմ կանգնիր։ Քո աշխատողը ես եմ, մնացածը դու ինձանից պահանջիր, ընկեր Փիլոյան:
ՌՈԶ — Տիկին Զվարթ, շատ նստեցինք, Ադելաիդային էլ կանչեք, թողնենք գնանք։
ԶՎԱՐԹ — Ես գիտեմ, նա չի գա:
ԿՆՅԱԶ — Փորձեք, էլի, չի գա, էլի թող չգա:
ՓԻԼՈՅԱՆ — Անհարմար է, մարդկանց մի սպասեցրու:
ՌՈԶ – Ոչինչ, տիկին Զվարթ, դու քո պարտքը կատարիր։
ԶՎԱՐԹ — Ախր ինչո՞ւ եք ստիպում, իմ աղջկան դուք ինձանից լա՞վ եք ճանաչում։ (Ձայն է տալիս) Ադելաիդա՜…
ԱԴԵԼԱԻԴԱ — (Անմիջապես մտնում է) Ասա, մամա։
ԶՎԱՐԹ — Ինչո՞ւ եկար:
ԱԴԵԼԱԻԴԱ — Դու կանչեցիր:
ԶՎԱՐԹ — Դե, իհարկե, նա կարո՞ղ է իմ խոսքը մերժել: Եկել են, որպեսզի խնդրեն քո ձեռքը: Ասա հորդ ներկայությամբ՝ համաձա՞յն ես: Մի շտապիր:
Ադելաիդան գլխով հաստատական նշան է անում:
ՓԻԼՈՅԱՆ – (Զվարթին) Աղջիկդ շատ շուտ համաձայնեց: Դե, նստեք, նստեք: Իրար որ հասկացել են, մեր խոսելն ավելորդ է:
ԿՆՅԱԶ — (Մի շիշ կոնյակ դնելով սեղանին) Ընկեր Փիլոյան, էսօրվանից դու իմ գլխից, իմ ընտանիքի գլխից անպակաս լինես:
ՓԻԼՈՅԱՆ – Կնյազ, վերջացավ, էլ ընկեր Փիլոյան չկա, ասա՝ Գևորգ:
ԿՆՅԱԶ – Գևո՞րգ… Ընկեր Փիլոյան, ախր ես ձեզ ո՞նց Գևորգ ասեմ, լեզուս չի պտտվի:
ՓԻԼՈՅԱՆ — Կամաց-կամաց, միանգամից ոչինչ չի լինում: Վերցրեք բաժակները:
ՌՈԶ — Շատ ներողություն, ընկեր Փի… Գևորգ եղբայր, Հովիկս ամենից առաջ թող մատանին դնի մեր Ադելաիդայի մատին:
ԶՎԱՐԹ — Առանց զագսի թղթի՞:
ՌՈԶ — Տիկին Զվարթ, զագսի թուղթը դուք ինձանից ուզեք, նշանդրեքն անենք, հետո հարսանիքը, հետո թող գնան ճանապարհորդության, Կնյազը տոմսերը կառնի, մի խոսքով, ամեն ինչ տեղը տեղին, ճիշտ չե՞մ ասում, Կնյազ ջան:
ԿՆՅԱԶ – Բա ո՜նց: Հովիկ ջան, քեզ տեսնենք:
Հովիկը մատանին դնում է Ադելաիդայի մատին:
ՌՈԶ — Սա էլ ժամացույցը, սա էլ ոսկե ապարանջանը, էլ մյուս մատանին՝ ադամանդե քարով…
Կնյազը զարմանքով նայում է:
ՌՈԶ — Սա էլ ոսկե ականջօղերը: (Ադելաիդային) Կուզես կկախես, չես ուզի՝ ես կկախեմ։ Սրանք էլ մեր նվերները տիկին Զվարթին, սրանք էլ մեր կողմից՝ ընկեր Փիլոյանին։ (Դառնալով երիտասարդներին) Շնորհավոր լինի, մի բարձի ծերանաք։
ՓԻԼՈՅԱՆ — Ես ողջունում եմ, բախտավորություն, խաղաղություն, հաջողություն եմ ցանկանում և առաջարկում եմ խմել մեր երիտասարդների կենացը։
ԿՆՅԱԶ — Դուք հասաք ձեր նպատակին, մենք էլ հասնենք մեր նպատակին։
Խփում են բաժակ-բաժակի՝ մտնելով շուրջպարի մեջ:
ՎԱՐԱԳՈՒՅՐ
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ
Պատկեր չորրորդ
Նույն աշխատասենյակը ավտոպարկում: Փիլոյանր սեղմում է զանգի կոճակը: Մտնում է Նունուֆարը:
ՓԻԼՈՅԱՆ — Ջուր։
Նունուֆարը ջուր է բերում:
(Վերցնում է բաժակը՝ վերադարձնելով նրան) Խնդրեմ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (Չի վերցնում) Շնորհակալություն:
ՓԻԼՈՅԱՆ — (Խմելուց հետո) Ապրես:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Անուշ:
ՓԻԼՈՅԱՆ — Ազատ ես։
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (Բազմանշանակ) Ընկեր Փիլոյան…
ՓԻԼՈՅԱՆ – Ասա:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ամաչում եմ։
ՓԻԼՈՅԱՆ — Ամաչելով ասա:
ՆՈՒՆՈՒՖԱՐ – (Փղձկում է) Կնյազը բացբերան է։
ՓԻԼՈՅԱՆ — Ընկեր Նունուֆար, ես ձեզ կարգի եմ հրավիրում:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ինչո՞ւ եք ուզում, որ ասի, ընկեր Փիլոյան:
ՓԻԼՈՅԱՆ — Աշխատողներիս հասցեին վիրավորական խոսքեր չլսեմ։
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ինձ մի դժբախտացրեք, խնդրում եմ:
ՓԻԼՈՅԱՆ – Ի՞նչ պատահեց քեզ, այ աղջիկ: Հո երազ չե՞ս տեսել։
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Տեսել եմ։
ՓԻԼՈՅԱՆ — Եվ ի՞նչ։
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Դուք նստել էիք կապույտ մեքենայի մեջ, ինձ էլ նստեցրել էինք ձեր կողքին և միասին թռչում էինք դեպի լուսին:
ՓԻԼՈՅԱՆ – Մեքենայո՞վ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Նոր ստացված։
ՓԻԼՈՅԱՆ — Թեկուզ նոր, մեքենայով ո՞նց կթռչես:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Չգիտեմ, թռչում էինք: Հետո ես ուզում էի ճանապարհին իջնել, դուք ինձ չիջեցրիք։ Ասացի՝ անհարմար է, ընկեր Փիլոյան, կբամբասեն, ասացիք մյուս մոլորակներում մարդիկ հետամնաց են, բամբասանքի մասին գաղափար չունեն: (Երազկոտ, ինքնամոռաց) Հետո գնացինք աստղերի միջով, հետո անցանք ուրիշ մոլորակների վրայով, մեզ ձեռքով էին անում, թաշկինակներ էին թափահարում, և մենք էլի գնում էինք, գնո՜ւմ, գնո՜ւմ:
ՓԻԼՈՅԱՆ – Ի՞նչ ես խոսում, բենզին կդիմանա՞:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ուրեմն սո՞ւտ եմ ասում, ընկեր Փիլոյան:
ՓԻԼՈՅԱՆ — Վերջ տուր, երեխա՞ ես, ինչ է, գոնե մի տեղ պիտի իջնեինք, որ բենզին լցնեինք:
ՆՈՒՆՈՒՖԱՐ – Ինձ եք հարցնո՞ւմ, դուք էիք ղեկի մոտ:
ՓԻԼՈՅԱՆ — Այ ընկերուհի, ճիշտ է, ես էի ղեկի մոտ, բայց երազը դու ես տեսել:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ընկեր Փիլոյան, իսկ դուք ոչ մի անգամ ինձ չե՞ք տեսել երազում:
ՓՒԼՈՅԱՆ — Չէ, ես երազ չեմ տեսնում:
ՆՈՒՆՈՒՖԱՐ – Ինչո՞ւ, ընկեր Փիլոյան:
ՓԻԼՈՅԱՆ – Կարծեմ մի անգամ տեսել եմ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ – Ո՞ւմ, ի՞նձ:
ՓԻԼՈՅԱՆ — Չէ, երազ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ընկեր Փիլոյան, ինչո՞ւ եք իմ նկատմամ փոխել ձեր վերաբերմունքը:
ՓԻԼՈՅԱՆ — Գուշակություններ մի արա, նստիր, հրամանագրերը մեքենագրիր:
ՆՈՒՆՈՒՖԱՐ – (Ցուցադրելով նոր զգեստը) Ինչո՞ւ չեք շնորհավորում:
ՓԻԼՈՅԱՆ – Իսկապե՞ս, ճիշտ ես ասում, մի պտտվիր։
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Հաճույքով: (Պտտվում է):
ՓԻԼՈՅԱՆ — Լավ է, շատ լավ է, բոլոր կողմերից էլ լավ է, բարով մաշես:
ՆՈՒՆՈՒՖԱՐ – Շնորհակալություն:
ՓԻԼՈՅԱՆ – Անցիր գործիդ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ – Ընկեր Փիլոյան…
ՓԻԼՈՅԱՆ – Ասա:
ՆՈՒՆՈՒՖԱՐ – Ի՞նչ եղավ իմ բնակարանի հարցը:
ՓԻԼՈՅԱՆ – Խոստացել եմ, ուրեմն կլուծեմ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ – Ախ, եթե դա արեցիք…
ՓԻԼՈՅԱՆ – Անցիր գործիդ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ – Ընկեր Փիլոյան…
ՓԻԼՈՅԱՆ — Լսում եմ։
ՆՈՒՆՈՒՖԱՐ – Իսկ եթե Կնյազը ասի՞:
ՓԻԼՈՅԱՆ – Ի՞նչ պիտի ասի, այ աղջիկ։
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Իմ ծննդյան օրը… Որ Կնյազգը ներս մտավ…
ՓԻԼՈՅԱՆ — Հասկացա, իմ ծննդյան օրն էլ դու ինձ կհամբուրես:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Այդքան ո՞ւշ։ (Հրամանները վերցրած, անցնում է միջնորմի մյուս կողմը):
ՓԻԼՈՅԱՆ – Չէ, սրանից պիտի ազատվել։
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (Բազմանշանակ) Սպասիր մի բնակարան ստանամ… (Սկսում է մեքենագրել):
Մտնում է Կնյազը:
ԿՆՅԱԶ — (Պաշտոնական) Տեղո՞ւմ է:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Մի խանգարիր, տեսնում ես զբաղված եմ:
ԿՆՅԱԶ – Լսիր, ի՞նչ ձևով ես խոսում ինձ հետ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ընկեր Փիլոյան, դուք հիմա տեղո՞ւմ եք:
ՓԻԼՈՅԱՆ – Ո՞վ է հարցնում:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Կնյազը:
ՓԻԼՈՅԱՆ — Տեղում եմ, իհարկե, տեղում եմ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (Թոթվում է ուսերը) Գնա:
ԿՆՅԱԶ — Մենք քեզ կսովորեցնենք մեզ հետ խոսել: (Մտնելով աշխատասենյակ) Բարև ձեզ, ընկեր Փիլոյան:
ՓԻԼՈՅԱՆ – Ո՞ւր ես, այ մարդ, չես գալիս, չես երևում, աթոռը մոտ քաշիր, նստիր:
Սեղմում են միմյանց ձեռք:
ԿՆՅԱԶ — Գնացքի տոմսերը վերցրի ջահելների համար, լավ տեղեր են:
ՓԻԼՈՅԱՆ — Սպասիր, սպասիր, աոմսերը նախ պիտի վերցնեինք հարսանիքից հետո և երկրորդ՝ ախր ես էլ պիտի փող տայի:
ԿՆՅԱԶ — Ի՞նչ եք ասում, ընկեր Փիլոյան, անհարմար է, ի՞նչ տարբերություն՝ իմ փողը, ձեր փողը:
ՓԻԼՈՅԱՆ – Չեղավ, չեղավ, շատ ես առաջ անցնում:
ԿՆՅԱԶ – Ո՞նց եք, ընկեր Փիլոյան:
ՓԻԼՈՅԱՆ – (Ուշադիր նայում է Կնյազին) Այ քեզ նորություն:
ԿՆՅԱԶ – Լա՞վ, թե վա՞տ:
ՓԻԼՈՅԱՆ — (Զարմանքով) Լսիր, դու բեղ ես ունեցե՞լ:
ԿՆՅԱԶ – Բա ոնց, ընկեր Փիլոյան, եղավ քսան-քսանհինգ տարի:
ՓԻԼՈՅԱՆ — Չէ, կարգին տղամարդ ես:
ԿՆՅԱԶ – Բա որ առաջ տեսնեիք:
ՓԻԼՈՅԱՆ – Երևակայիր, լավ էլ սազում է: Հա, ուրեմն քեզ կանչել էի… Լսիր, քեզ ինչի՞ համար էի կանչել:
ԿՆՅԱԶ — Պետերը լավ բանի համար էլ են կանչում, մենք վատն ենք մտածում, ընկեր Փիլոյան:
ՓԻԼՈՅԱՆ – Իզուր, ուրեմն կարո՞ղ է պատահի ես քո նկատմամբ…
ԿՆՅԱԶ – Ի՞նչ, աչքովս էլ տեսնեմ, չեմ հավատա:
ՓԻԼՈՅԱՆ — Չէ, եթե աչքովդ տեսնես՝ հավատա: Իսկապես, ես քեզ ինչի՞ համար էի կանչել: Հա, հիշեցի: Լսիր, դու ինձ դիմում էիր տվել նոր մեքենա ստանալու համար, չէ՞:
ԿՆՅԱԶ — Եթե դա արեցիր, ընկեր Փիլոյան…
ՓԻԼՈՅԱՆ – Էլի՞ ընկեր Փիլոյան…
ԿՆՅԱԶ — Գևորգ…
ՓԻԼՈՅԱն – Այ, այդպես: Մի անգամ էլ…
ԿՆՅԱԶ – Չէ, չեմ սխալվի, ընկեր Փիլոյան:
ՓԻԼՈՅԱՆ – Ինձ քեզանից մի հեռացրու, Կնյազ, ես քեզ համար ընկեր Փիլոյան չեմ, ես քեզ համար Գևորգ եմ:
ԿՆՅԱԶ – Ինչ լավ անուն ունես, ընկեր Փիլոյան: Երանի իմ անունն էլ Գևորգ լիներ:
ՓԻԼՈՅԱՆ — Կնյազն ի՞նչ պակաս է: (Դիտելով բեղը) Կնյազ, դու իսկական կնյազ ես եղել, ես չեմ իմացե՞լ:
ԿՆՅԱԶ (Քմծիծաղով) Ինձանից կնյազ կլինի՞, ընկեր Փիլոյան:
ՓԻԼՈՅԱՆ – Կնյազն էլ ի՞նչ տեսակ է լինում, այ տղա, քո երկրի կնյազն էլ դու ես, էլի: Բանվոր դասակարգ չե՞ս։
ԿՆՅԱԶ – Բա ինչ եմ:
ФԻԼՈՅԱՆ — Պրծավ գնաց, ուրեմն կնյազ ես, էլի: Որ կնյազ չլինեիր, բեղ կպահեի՞ր:
ԿՆՅԱԶ – Հո ձեռ չես առնում, ընկեր Փիլոյան:
ՓԻԼՈՅԱՆ – (Բռնկվելով) Ի՞նչ։
ԿՆՅԱԶ – Գևորգ:
ՓԻԼՈՅԱՆ — Չէ, շատ լավ է, եթե ճիշտն ուզում ես իմանալ, տղամարդուն բեղ է հարկավոր:
ԿՆՅԱԶ – Ուզո՞ւմ ես մեջտեղից վերացնեմ, ընկեր Փիլոյան:
ՓԻԼՈՅԱՆ – Ի՞նչ, մյուս անգամ չլսեմ:
ԿՆՅԱԶ – Քո խաթրին:
ՓԻԼՈՅԱՆ — Հա, ուրեմն… ի՞նչ էի ասում:
ԿՆՅԱԶ – Ես հիշեցնե՞մ, ընկեր Փիլոյան:
ՓԻԼՈՅԱն — Որ այդքան շատ ես ուզում, հիշեցրու:
ԿՆՅԱԶ – Ասում էիր՝ Կնյազ, դու ինձ դիմում էիր տվել նոր մեքենա ստանալու համար, դիմումդ մակագրել եմ, գնա մեքենան ստացիր:
ՓԻԼՈՅԱՆ – Լավ հիշեցրիր, ինչո՞ւ չես գնում ստանում, որ գալիս բողոքում են: Դիմումդ մակագրել եմ, սեղանին է, վերցրու:
ԿՆՅԱԶ — Շատ շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ, ընկեր Փիլոյան: Ներողություն, Գևորգ ջան, իմ հին մեքենան ի՞նչ եք անելու, ընկեր Փիլոյան:
ՓԻԼՈՅԱՆ – Հի՞նը… Ինչ պիտի անենք, հինը դուրս կգրենք:
ԿՆՅԱԶ — Որ դուրս գրեք, կտա՞ք ինձ, ընկեր Փիլոյան:
ՓԻԼՈՅԱՆ – Էխ, դու… Երևակայիր, վատ չի լինի: Մի չորս-հինգ հարյուր ռուբլով կարող ես գնել, և կդառնանք… Այսինքն կդառնաս սեփական մեքենայի տեր: Ստացար:
ԿՆՅԱԶ – Թող ճակատդ համբուրեմ, ընկեր Փիլոյան:
ՓԻԼՈՅԱՆ – (Պոռթկալով) Ի՞նչ:
ԿՆՅԱԶ – Ճակատդ:
ՓԻԼՈՅԱՆ – Ի՞նչ:
ԿՆՅԱԶ – Գևորգ:
ՓԻԼՈՅԱՆ – Այ, այդպես:
ԿՆՅԱԶ — (Համբուրելուց հետո) Շնորհակալություն, ընկեր Փիլոյան: (Գնում է):
ՓԻԼՈՅԱՆ – (Ետևից) Տես, հա, չխուզես:
ԿՆՅԱԶ – Չէ, Գևորգ ջան: (Դուրս է գնում՝ օդային համբույրներ ուղարկելով Փիլոյանին):
ՆՈՒՆՈՒՖԱՐ – (Ինքն իրեն, տարակուսած) Գևորգ ջա՞ն… (Արագ մտնում է Փիլոյանի աշխատասենյակը՝ ձեռքի թղթերը դնելով սեղանին) Ընկեր Փիլոյան…
ՓԻԼՈՅԱՆ – Լսում եմ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ – Էլ չի ասի, չէ՞:
ՓԻԼՈՅԱՆ – Չէ, չէ, հանգստացիր:
ՆՈՒՆՈՒՖԱՐ – (Հրճվալից կախ է ընկնում Փիլոյանի վզից՝ ոտքերը կտրելով գետնից) Դուք այդ բոլորը արեցիք ինձ համար: (Համբուրում է) Ես դա զգում եմ:
ՓԻԼՈՅԱՆ – Իջիր:
ՆՈՒՆՈՒՖԱՐ – Չեմ իջնի: Ես շնորհակալ եմ ձեր հայրական հոգատարության համար:
ՓԻԼՈՅԱՆ — Խնդրեմ, պատրաստ եմ կրկնակին անելու, միայն թե իջիր:
ՆՈՒՆՈՒՖԱՐ – Դուք ինձ փրկեցիք:
ՓԻԼՈՅԱՆ – Այ աղջիկ, իջիր ներքև, ներքևում խոսենք:
ՆՈՒՆՈՒՖԱՐ – Ոչինչ, դուք մի անհանգստացեք, ես ինձ վատ չեմ զգում:
ՓԻԼՈՅԱՆ — Ես եմ ինձ վատ զգում, իջիր:
ՆՈՒՆՈՒՖԱՐ – Չեմ իջնի, դուք հրաշալի մարդ եք:
ՓԻԼՈՅԱՆ – Ես հիմարի մեկն եմ, ուրիշ ոչինչ: Տեղն է, ինձ տեղն է, չիջնես:
ՆՈՒՆՈՒՖԱՐ – Չեմ իջնի, ես երախտապարտ եմ ձեզ:
Պատկեր հինգերորդ
Կնյազի բնակարանի նույն սենյակը: Հեռախոսի զանգ: Մտնում է Պայծառը:
ՊԱՅԾԱՌ — (Այս ու այն կողմ աչք ածելով) Ռոզ, այ Ռոզ, հեռախոսը:
ՌՈԶ – (Դրսից) Լավ, լավ, հասկացանք: (Մտնում է՝ վերցնելով լսափողը) Ալլո, մենք լսում ենք: Կնյազ Պետրովիչի տանից: Վայ, Նունուֆար ջան դո՞ւ ես: (Պայծառին) Նունուֆարն է, մեր քարտուղարուհին: Չէ, Կնյազը տանը չի: Ի՞նչ, միլիցիայի՞ց… Կնյազի՞ն…
Հեռախոս անջատվում է:
Ալլո, ալլո, Նունուֆար, Նունուֆար… Անջատվեց… (Իրեն կորցրած, Պայծառին) Ասում է՝ միլիցիայից…
ՊԱՅԾԱՌ — Ռոզ, կարո՞ղ է Կնյազը ավտոն մի տեղ խփած լինի:
ՌՈԶ – Բերանդ բարի բաց: (Ողբալով) Կնյազ ջան, քեզ կտեսնե՞մ կենդանի:
ՊԱՅԾԱՌ – Էս ի՞նչ փորձանք բերեցիր մեր գլխին, Աստված: (Խփում է ծնկներին) Վա՜յ, վա՜յ…
Երգելով ներս է մտնում Կնյազը:
ՌՈԶ – Երնեկ քո տիրոջը:
ԿՆՅԱԶ – (Գինովցած) Գնացինք, Ռոզ ջան, մեր սեփական ավտոյով գնացինք՝ թը՜՜ռռ… Սոչի, Կիսլովոդսկ, Ղրիմ… Փիլոյանը իմ հինը դուրս գրեց, ասաց՝ առ, սա քեզ սեփական, քշիր ու քեֆ արա, նոր ստացածներից մեկն էլ տվեց, ասաց՝ առ, սա էլ քեզ պետական, քշիր ու փող աշխատիր: Բախտդ սիրեմ, Կնյազ Պետրովիչ: Տեսնո՞ւմ ես ինչ տղա եմ, հերթով ամեն ինչ կլինի: (Ձեռքը Ռոզի վզով գցած՝ պարելով) Պայծառ, ծափ տուր, ի՞նչ ես պարապ նստել:
ՊԱՅԾԱՌ — Ծափ տամ, Կնյազ ջան, ծափ տամ, ով քեզ նման փեսա ունենա, որ ծափ չտա: Գիտես չէ՝ քեզ ինչքան եմ սիրում:
ԿՆՅԱԶ – Գիտեմ, ո՛նց չէ, ինչքան ես եմ քեզ սիրում, էնքան էլ դու ես ինձ սիրում, հիմա մտքիդ մեջ ասում ես՝ չունենամ քեզ, չէ՞:
ՌՈԶ — Դե, դե, քեզ կարգին պահիր:
ԿՆՅԱԶ — Մի ժամ առաջ մի մարդ ու մի կին նստեցին: Մի կիլոմետր չէի գնացել, մեկ էլ էս մտրդը ոչ դես, ոչ դեն, բռնեց էս կնոջը ու օրը ցերեկով մի լավ…
ՌՈԶ, ՊԱՅԾԱՌ – Ի՞նչ, ի՞նչ…
ԿՆՅԱԶ — Պաչեց, ինչ…
ՌՈԶ – Ի՞նչ է, մարդը իր սեփական կնոջը համբուրելու իրավունք չունի՞: Չէ, քեզ նման…
ԿՆՅԱԶ – Տո ի՞նչ կին, սիրածն էր, սիրածը: Մա՞րդ էլ իր սեփական կնոջը համբուրի: Ճի՞շտ չեմ ասում, տիկին Պայծառ:
ՊԱՅԾԱՌ — Դու սխխալ բան կասե՞ս, Կնյազ ջան:
ՌՈԶ – (Կշտամբանքով) Մա-մա՛…
ԿՆՅԱԶ — Չէ, իմ զոքանչը լավ զոքանչ է: Պայծառ Արամովնա, քեզ մի հարց տամ:
ՊԱՅԾԱՌ — Ասա, Կնյազ ջան:
ԿՆՅԱԶ — Զոքանչի լավը լինո՞ւմ է ընդհանրապես…
ՊԱՅԾԱՌ – Էլի սկսեցի՞ր: Աստված, երանի իմանամ, թե սա ինչ է ուզում ինձանից:
ՌՈԶ — Քեֆդ լավ է, գիտես թե ծովը ծնկների՞ցդ է: Քեզ էին հարցնում միլիցիայից: Նունուֆարը զանգահարեց: Ասել են, եթե ինքը չգա, մենք կգանք նրա ետևից։
ԿՆՅԱԶ — (Սթափվելով) Միլիցիայի՞ց… Ո՞ւմ ետևից, ի՞մ…
ՌՈԶ – Չէ, հարևաններիդ:
ԿՆՅԱԶ — (Ցնցվելով) Ո՞ւր է:
ՌՈԶ – Ի՞նչը:
ԿՆՅԱԶ — (օդի մեջ ճամպրուկ է գծագրում) Ո՞վ է վերցրել:
ՌՈԶ – Ճամպրո՞ւկը:
ԿՆՅԱԶ — Հա…
ՌՈԶ – (Ծիծաղելով) Էստեղ է: (Գնում բերում է մյուս սենյակից):
ԿՆՅԱԶ – Ո՜նց էի մոռացել, քիչ մնաց սիրտս պայթեր:
ՌՈԶ – Էհ, բան է մնացե՞լ մեջը, որ հարցնում ես: Սա ես եմ հագել, խալաթը մամայի հագին է, կոստյումն էլ Հովիկս հագավ գնաց:
ՊԱՅԾԱՌ – Շատ լավ բաներ էիր առել, Կնյազ ջան, շնորհակալ ենք:
ԿՆՅԱԶ – (Բռունցքով հարվածում է սեղանին) Հանեք:
ՌՈԶ – Ինչի՞ համար, այ տղա:
ԿՆՅԱԶ – Հանեք, հետո կիմանաք: Հանեք, ասում եմ:
ՌՈԶ – Ո՞նց հանենք, ախր տակից էլ ենք հագել, ո՞ր մեկը հանենք:
ԿՆՅԱԶ – (Կատաղությամբ) Հանեք, բոլորն էլ հանեք:
ՌՈԶ – Այսինքն հանվե՞նք:
ԿՆՅԱԶ – Լրիվ:
ՌՈԶ – Ի՞նչ պատահեց քեզ, այ տղա: (Ծիծաղում է):
ԿՆՅԱԶ – Ոչինչ էլ չի պատահել, հանվեք:
ՌՈԶ – Հազարից մի անգամ նվեր ես առել, հիմա էլ հետ ես ուզո՞ւմ:
ԿՆՅԱԶ – Շուտ արեք:
ՌՈԶ – Խելքդ թռցրե՞լ ես:
ԿՆՅԱԶ – Ինձ մի խոսեցրեք, թե չէ վատ կվերջանա: Հանվեք:
ՊԱՅԾԱՌ – Որ ասում ես պիտի հանվենք, ճարներս ինչ: (Փորձում է գնալ):
ԿՆՅԱԶ – (Կտրուկ) Կանգնիր:
ՊԱՅԾԱՌ – Ինչի՞ համար, Կնյազ ջան:
ԿՆՅԱԶ – Հանվիր:
ՊԱՅԾԱՌ — (Խալաթը հանում է) Դե թող գնամ, որ մնացածն էլ հանեմ:
ԿՆՅԱԶ – Չշարժվես:
ՊԱՅԾԱՌ – Վույ, քոռանամ ես, իմ տարիքի կինը տղամարդու մոտ շոր կհանի՞:
ԿՆՅԱԶ – Молчать.
ՌՈԶ – Գժվե՞լ ես, ինչ է, տկլորանա՞նք օրը ցերեկով:
ԿՆՅԱԶ – Իմ գործը չի. ոնց որ առանց հարցնելու հագել եք, էնպես էլ հանեք:
ՌՈԶ – Այ տղա, դե գոնե աչքերդ փակիր:
ԿՆՅԱԶ – Ինձ համբերությունից չհանես:
ՌՈԶ – (Զգեստը հանելով՝ փաթաթվում է սփռոցով) Սա ի՞նչ դժբախտություն էր, որ եկավ մեր գլխին:
Մտնում է Հովիկը:
ՀՈՎԻԿ – (անակնկալի եկած) Ի՞նչ է պատահել:
ԿՆՅԱԶ – Հանվիր:
ՀՈՎԻԿ – (Շփոթված) Ինչի՞ համար:
ԿՆՅԱԶ – Հանվիր, հետո կիմանաս:
ՀՈՎԻԿ – Տաք ջուր են տվե՞լ:
ԿՆՅԱԶ – Հա, տաք ջուր են տվել:
ՀՈՎԻԿ – Դե լավ, թող իրենք լողանան, հետո՝ ես:
ԿՆՅԱԶ – Հանվիր, բոլորդ միասին եք լողանալու:
ՀՈՎԻԿ – Ի՞նչ է պատահել, է՜: (Հանում է պիջակը, դժգոհ) Առ:
ԿՆՅԱԶ – Շալվարը:
ՀՈՎԻԿ – Սա էլ պիտի հանե՞մ:
ԿՆՅԱԶ – Բա պիտի թողնե՞ս:
ՀՈՎԻԿ – Չեմ հասկանում:
Պայծառն ու Ռոզը ներս ու դուրս են անում՝ վերադարձնելով զգեստները:
ՊԱՅԾԱՌ – Կնյազ, ջան, ինչքան հագանք, շնորհակալ ենք:
ՌՈԶ – Առ, քեզ լինի, չեմ ուզում:
ԿՆՅԱԶ – (Հավաքելով զգեստները) Որ տվող լինի, լավ էլ կուզես:
ՀՈՎԻԿ – Մա, ինչի՞ համար ենք հանվում:
ՌՈԶ – Ես գիտե՞մ, որ քեզ ասեմ:
ՀՈՎԻԿ – Տատ, դու չգիտե՞ս:
ՊԱՅԾԱՌ – Իրեն հարցրու:
ՌՈԶ – (Կնյազին) Հետաքրքիր է, դու ինչո՞ւ չես հանվում: Գիտես թե հագիդ շալվարը քեզ համար նվե՞ր եմ առել:
ԿՆՅԱԶ – Լո՞ւրջ ես ասում:
ՌՈԶ – (Բռունցքով հարվածում է սեղանին) Հանիր:
ԿՆՅԱԶ – (Հանելուց հետո) Ուրի՞շ:
ՌՈԶ – Պիջակդ, կոշիկներդ:
ԿՆՅԱԶ – Սրանք էլ ես նրա միջից հանե՞լ: (Ցնորված նայում է կնոջ դեմքին):
ՌՈԶ – (Հարվածում է սեղանին): Շուտ արա:
ԿՆՅԱԶ – (Մտնելով կից սենյակը) Մենք իսկի շոր չե՞նք ունեցել:
ՌՈԶ – Ունեցել ենք, ինչքան ուզես:
ԿՆՅԱԶ – (Ձայնը դրսից) Բա ո՞ւր է:
ՌՈԶ – Լվացքի մեքենայի մեջ:
ԿՆՅԱԶ – Ինձ էլ միանգամից մտցնեիր մեջը, պրծնեիր, էլի:
ՀՈՎԻԿ – (Զգեստափոխված) Ադելաիդան չի՞ զանգահարել:
ՌՈԶ – Հիմա իմ աչքը քո Ադելաիդան է գալի՞ս:
ՀՈՎԻԿ – Տատ, չի՞ զանգահարել:
ՊԱՅԾԱՌ – Զանգահարում է, բայց որ ձայնդ չի լսում, չի խոսում:
Կնյազը վերադառնում է զգեստափոխված:
ՌՈԶ – Խմիչք, խմիչք ստեղծողի տունը քանդվի, որ մերը քանդեց:
ՀՈՎԻԿ – Հայրիկ, նոր կոստյումը տուր, գոնե մի ժամով հագնեմ:
ԿՆՅԱԶ – Молчать.
ՌՈԶ – Պահ, ռուսերեն խոսողիս տեսեք: (Հովիկին) Փիլոյանին կասես, այ տղա, թող ճանաչի իր աշխատողին:
ԿՆՅԱԶ – Ես նրա աշխատողը չեմ, նախ և առաջ ես նրա խնամին եմ:
ՌՈԶ – Դրա համար ես փեսային տկլորացրե՞լ:
ԿՆՅԱԶ – Փեսան ո՞վ է:
ՌՈԶ – Փեսան քո տղան է, ով է:
ԿՆՅԱԶ – (Զգեստները դասավորելով ճամպրուկում) Տղայի հերն էլ անիծեմ:
ՌՈԶ – (Փռշտում է) Տեսնո՞ւմ ես, չէ՞:
ՊԱՅԾԱՌ – Ուսերիդ մի բան գցիր, չմրսես:
ՌՈԶ – Թող, թող մրսեմ, թող հիվանդանամ, թող մեռնեմ, հետո իրա հետ կխոսեմ: (Կնյազին) Ամբողջ տունն ուզում ես գրիպ գցես, չէ՞: Փոխանակ մի բերան ասես՝ բարով մաշեք, եկավ հանել տվեց:
ԿՆՅԱԶ – (Հոգուն հասած, պոռթկալով) Բարով, մաշեք, հազարը մաշեք, հարյուր հազարը մաշեք, բայց ձերը մաշեք, է՜, ձերը, ուրիշի ապրանքը որ հագել եք, ո՞վ պիտի պատասխան տա:
ՌՈԶ, ՊԱՅԾԱՌ – Ուրիշի՞…
ԿՆՅԱԶ – Հա, ուրիշի… Թողել էին ավտոյիս մեջ, բերեցի, որ տերը գա, տաք իրեն, տանի: Նա էլ չի եկել, ուղիղ գնացել է միլիցիա: (Շարունակելով դասավորել) Ես դրա հերն եմ անիծել, դա էլ իմ լավությունը:
ՌՈԶ – Զգուշացնեիր, մատներիցս հո՞տ էի քաշել:
ԿՆՅԱԶ – Ես ձեզ չասացի՞ ուրիշի ապրանք է, ձեռք չտաք:
ՌՈԶ – Խմած չէի՞ր եկել, դրել բազմոցի կողքին ու քնել:
ԿՆՅԱԶ – Արթնացնեիր:
ՊԱՅԾԱՌ – Չի ուզեցել քունդ խանգարի, Կնյազ ջան:
ԿՆՅԱԶ – (Ընդգծված հակակրանքով, ծամածռվում է դեմքը) Դու մի խառնվի, դու մի խառնվի:
ՌՈԶ – Որ ասած լինեիր, իսկի կողքով կանցնեի՞:
ՊԱՅԾԱՌ – Չէ, չես ասել, Կնյազ ջան:
ԿՆՅԱԶ – (Նույն ձևով) Դու սուս, սուս: (Ռոզին) Ասենք թե չեմ ասել, կրակն ընկա՞: Չի կարելի, չէ՞, Ռոզ:
ՌՈԶ – (Ցույց տալով կոշիկները) Հիմա սրանք է՞լ հանեմ, այ անխիղճ:
ԿՆՅԱԶ – Արագ, եթե սրա միջից ես հանել, էլ ժամանակ մի կորցրու, շուտ արա:
ՌՈԶ – (Հանում է՝ հիստերիկ լացով շպրտում) Առ, քեզ լինի, չեմ ուզում:
ԿՆՅԱԶ – Որ տվող լինի, լավ էլ կուզես:
ՀՈՎԻԿ – (Ուրիշ կոշիկներ տալով մորը) Հագիր:
ՌՈԶ – (Հագնելով) Ապրես, տղա ջան, դու հորիցդ խելոք ես:
ԿՆՅԱԶ – (Կոշիկները տեղավորելով ճամպրուկում) Ռոզ ջան, սրանից լավը կառնեմ:
ՌՈԶ – Սուս, դրանից լավը չկա:
ԿՆՅԱԶ – Տո սրանից լավն էլ կա, ամենալավից լավն էլ կա, դու իմ հարազատ կինն ես, բայց պատկերացրու, որ քեզանից լավն էլ կա: Բայց ես ուրիշի կնոջ վրա աչք կգցե՞մ, որ ուրիշի ապրանքին աչք գցեմ: Ներողություն արտահայտությանս, մարդ ենք, չէ՞: Որ ասում եմ կառնեմ, ուրեմն կառնեմ:
ՌՈԶ – Չեմ ուզում, ինչո՞ւ ասացիր ինձանից լավը կա:
ԿՆՅԱԶ – Լսիր, ես ասացի, դու էլ հավատացի՞ր: Օրինակի համար եմ ասում, խենթ:
ՌՈԶ – Եթե ինձ չես հավանում, գնա ինձանից լավին գտիր:
ԿՆՅԱԶ – Ինձ համար քեզանից լավը չկա:
ՌՈԶ – (Ոտքը հատակին խփելով) Կա:
ԿՆՅԱԶ – Ռոզ, իմ արև, քո արև չկա:
ՌՈԶ – Կա:
ԿՆՅԱԶ – Չկա:
ՌՈԶ – Դրա համար ես գիշերերն ուշ գալիս, հա՞:
ԿՆՅԱԶ – Ես հո իմ գլխի տերը չե՞մ. քշիր՝ քշում եմ, կանգնիր՝ կանգնում եմ, ժողովրդին եմ սպասարկում, փող եմ բերում տուն, ուզո՞ւմ ես՝ չգնամ գործի:
ՌՈԶ – Չէ, գնա, բայց էլ մի արի:
ԿՆՅԱԶ – Խելա՜ռ է… Բա Հովիկս:
ՌՈԶ — Հովի՞կը… Հովիկը քոնը չի։
ԿՆՅԱԶ – Ի՜, ո՞նց թե իմը չի: (Հարձակվում է կնոջ վրա):
ՀՈՎԻԿ – (Փակելով ճանապարհը) Հայրիկ:
ՊԱՅԾԱՌ – Ո՞ւմ աղջկա վրա ես ձեռք բարձրացնում:
ԿՆՅԱԶ – Պայծիկ, չխառնվես, թե չէ…
Իրարանցում:
ՀՈՎԻԿ – Հայրիկ…
ԿՆՅԱԶ – Молчать.
ՌՈԶ – (Մարտի պատրաստ) Թողեք գա, տեսնեմ ինչ պիտի անի:
ԿՆՅԱԶ – (Հևալով) Բայց լավ չես անում, Ռոզ:
ՌՈԶ – Երեկ գիշեր որտե՞ղ էիր:
ԿՆՅԱԶ – Երեկ գիշե՞ր: Երեկ գիշեր: Հա, հիշեցի: Տասներկուսին մոտ էր, թեքվեցի պարկի կողմը, տեսա ճանապարհին մեկը օրորվում է: Ասացի՝ քշեմ անցնեմ, մեկ էլ խիղճս տանջեց, կանգնեցի: Բարով, խերով չհանդիպեր: Նստել է, հասցեն չի հիշում, մինչև տեղ հասցրի, հոգիս դուրս եկավ:
ՌՈԶ – (Ոտքը զարկելով հատակին) Սուտ է:
ԿՆՅԱԶ – Ո՞ր կինը կհավատա, որ դու հավատաս: Սա գո՞րծ է: Ձեռք բարձրացրին՝ կանգնում եմ, քշիր՝ քշում եմ, կանգնիր՝ կանգնում եմ: Օրը հազար տեսակի մարդ է նստում, դե արի բոլորի հետ լեզու գտիր: Որ ասացի կառնեմ, կառնեմ, էլի: Բայց լավ չես անում, Ռոզ: (Նախահարձակ է լինում):
Փակում են ճանապարհը:
Մուտքի զանգ:
ԿՆՅԱԶ – (Հովիկին) Գնա տես ով է:
ՀՈՎԻԿ – Չեմ ուզում:
ԿՆՅԱԶ – Գնա, այ տղա, դու շալվարով ես:
ՌՈԶ – Հը՞, վախեցար, հա՞: Եկել են որ քեզ բռնեն:
ԿՆՅԱԶ – Նստիր տեղդ:
ՌՈԶ – Չէ, պիտի ասեմ: Ուժդ մեզ վրա է պատո՞ւմ: Դե հիմա գնա պատասխան տուր:
ԿՆՅԱԶ – (Կանգնած տեղից, վախեցած) Ո՞վ է:
ՌՈԶ – (Հրում է) Գնա, թե չէ ներս կկանչեմ: (Դեպի դուռը) Համեցեք: (Ծիծաղելով) Ժողովուրդ, մի էս վախկոտին տեսեք: Գնա, գնա, թող բռնեն, որ խելքդ գլուխդ գա:
ԿՆՅԱԶ – Կգնամ, կգնամ, որ պրծնեմ ձեզանից: (Գնում է):
ՊԱՅԾԱՌ – Միլիցիայից են եկե՞լ:
ՌՈԶ – Փեսայիդ ետևից ուրիշ էլ որտեղի՞ց պիտի գան:
ՀՈՎԻԿ – Ինչի՞ համար:
ՌՈԶ – Հորդ բռնած գործերը չգիտե՞ս:
ԿՆՅԱԶ – (Վերադառնալով) Բարեղամն էր, մեր տակի հարևանը, ասում է՝ չեմ ուզում խանգարել ձեր ուրախությունը, մենակ թե պարողներին զգուշացրեք, թող ուժեղ չխփեն: Ասեցի՝ Բարեղամ եղբայր, գլուխներս կորցրել ենք, ազնիվ խոսք, հիմա կվերջացնենք: Ներողություն խնդրեցի, գնաց:
ՌՈԶ – Իմ տունը չի՞, ինչ ուզեմ կանեմ: (Աթոռը խփում է հատակին):
ԿՆՅԱԶ – Ռոզ:
ՌՈԶ – Քո գործը չէ: (Շարունակում է խփել):
ԿՆՅԱԶ – Անհարմար է, վերջ տուր:
ՌՈԶ – (Խայթվածի պես) Վա՜յ, վա՜յ…
ԿՆՅԱԶ – Ի՞նչ պատահեց:
ՌՈԶ – Շորերը տարար, բա տասնհինգ գրամանոց մատանին, որ հարսի մատը դրեցինք, ադամանդե քարով մատանին, ոսկե ապարանջանը, ոսկե ականջօղերը, տիկին Զվարթի խալաթը, գիշերանոցը, Փիլոյանի պիժաման, կոշիկները, մնացած նվերները… (Ծնկներին խփելով) Ետ կուզես, ո՜նց չէ:
ԿՆՅԱԶ – (Ուշքի չեկած) Դրանք էլ են սրա մեջ եղե՞լ:
ՌՈԶ – Դու ես բերել, դու չգիտես, ինձ ես հարցնո՞ւմ:
ԿՆՅԱԶ – Լսիր, ես քեզ փող չէի՞ տվել նշանդրեքի համար:
ՌՈԶ – Բարով եկար, ուրեմն քո տված փողով էդքան ապրանք կառնե՞ս: Դե գնա առ, էլի:
ԿՆՅԱԶ – Բա դու իսկի հոգեպահուստ չես ունեցե՞լ:
ՌՈԶ – Տվե՞լ ես, որ ունենամ:
ԿՆՅԱԶ – Ուզո՞ւմ ես ոտքով-գլխով գնամ կորչեմ:
ՌՈԶ – Չէ, տնով-տեղով խայտառակ լինենք:
ԿՆՅԱԶ – Ո՞ւմ էիր վատություն արել, Կնյազ: (Երկու ձեռքով բռնում է գլուխը):
Պատկեր վեցերորդ
Փիլոյանի բնակարանը: Փիլոյանը պառկած է բազմոցին: Կողքը նստած է Զվարթը:
Պատշգամբից մերթընդմերթ լսվում են հնդկահավերի ձայներ:
ՓԻԼՈՅԱՆ – Երկու արկղ կոնյակ, մեկը բերել են, մեկն էլ կբերեն: Խմիչքը կա: Իշխան:
ԶՎԱՐԹ – Կարելի է, եթե Սևանի ջրում եփած լինի:
ՓԻԼՈՅԱՆ – Հետաքրքիր կին ես, Սևանի ջուր որտեղի՞ց ճարենք:
ԶՎԱՐԹ – Սևանից:
ՓԻԼՈՅԱՆ – Սևանում ջո՞ւր է մնացել, որ բերեն: Հետո ասում են ցամաքում է, կցամաքի, բա:
ԶՎԱՐԹ — Եղածը ջուր չի՞:
ՓԻԼՈՅԱՆ – Ջուր է, բայց Սևանի ջուր է: Սևանի ջուրը հարկավոր է խնայողաբար օգտագործել:
ԶՎԱՐԹ – Ուրի՞շ, հո բան չենք մոռացել:
ՓԻԼՈՅԱՆ – (Վեր կենալով) Չէ, մնացածը կա, անցիր գործի:
ԶՎԱՐԹ – Դրանց ձայնից արյանս ճնշումը էլի բարձրացել է, տեղեկություն ունե՞ս:
ՓԻԼՈՅԱՆ – Դիմացիր, քիչ մնաց:
ԶՎԱՐԹ – Հինգն էլ միասին են ձայն-ձայնի տալիս, դե արի ու դիմացիր: Առավոտյան էլ հարևաններն էին բողոքում:
ՓԻԼՈՅԱՆ – Ես տարին տասներկու ամիս հարսանիք եմ անո՞ւմ, ինչ է, նրանց կարծիքով ուրեմն աղջկաս չպիտի ամուսնացնե՞մ:
ԶՎԱՐԹ – Ախր ինչո՞ւ առաջինը սրանց բերեցիր, ամեն ինչ կար, հնդկահավե՞րն էին պակաս: Անցյալ տարի էլ էիր բերել, ո՞վ էր լսում նրանց ձայնը:
ՓԻԼՈՅԱՆ – Լսիր, սրանք առողջ, զարգացած հնդկահավեր են, էն սատկածների հետ ես համեմատո՞ւմ:
Հնդկահավերն աղմկում են:
ԶՎԱՐԹ – Ըհը, սկսվեց: (Մուտքի զանգ) Խնդրեմ, չեն թողնում, որ մարդ գոնե զանգի ձայնը լսի:
Մտնում են Կնյազն ու Ռոզը՝ ընկճված կերպարանքով: Ճամպրուկը Կնյազի ձեռքին է, որ աննկատ դնում է մի կողմ:
ԶՎԱՐԹ – Համեցեք, համեցեք:
ԿՆՅԱԶ – Բարև ձեզ:
ՓԻԼՈՅԱՆ – Հազար բարի, համեցեք:
ԶՎԱՐԹ – Լավ է, որ հիշել եք:
ՌՈԶ – Մենք իսկի ձեզ կմոռանա՞նք, տիկին Զվարթ:
ՓԻԼՈՅԱՆ – Նստեք:
Տեղավորվում են:
Հը՞, Ի՛նչ կա, ի՞նչ կա:
ԿՆՅԱԶ – (Հոգոցով) Է՛խ…
ՌՈԶ – Ա՜խ…
ՓԻԼՈՅԱՆ – Հը՞, ի՞նչ է պատահել:
ԿՆՅԱԶ – Է՜, ընկեր Փիլոյան,: Մեռած ենք ու թաղված չենք:
ՓԻԼՈՅԱՆ – Ի՞նչ է պատահել, է՜:
ԿՆՅԱԶ – Ո՞նց ասեմ:
ՓԻԼՈՅԱՆ – Մի ուշացրու, Կնյազ…
ԿՆՅԱԶ – Մի ստիպիր, ընկեր Փիլոյան, խնդրում եմ:
ՓԻԼՈՅԱՆ – (Կշտամբանքով) Էլի՞ ընկեր Փիլոյան:
ԿՆՅԱԶ – Գևորգ ջան, խելք է մնացե՞լ: Եթե հիմա հարցնես, իմ անունն էլ չեմ հիշի, թե որ հիշեցի, ասա՝ ամոթ քեզ, Կնյազ:
ԶՎԱՐԹ – Գևորգ, իսկ դու չե՞ս կարող օգնել:
ՓԻԼՈՅԱՆ – Ինչու չէ, խնդրեմ, պատրաստ եմ, ինչպես միշտ:
ԿՆՅԱԶ – Չէ, տիկին Զվարթ, ընկեր Փիլոյանից շատ շնորհակալ եմ, սա ուրիշ գործ է:
ԶՎԱՐԹ – Զուր եք կարծում, ամուսինս մեծ շրջապատ ունի:
ԿՆՅԱԶ – Շրջապատն էլ չի օգնի, ոչ մեկն էլ չի օգնի, տիկին Զվարթ:
ՓԻԼՈՅԱՆ – Սխալ բաներ մի ասա, աշխարհում ոչինչ չկա անհնար:
ԿՆՅԱԶ – Կա, ընկեր Փիլոյան, կա, նայած ում համար:
ՓԻԼՈՅԱՆ – Չեմ հասկանում, գուցե գաղտնի՞ք է:
ԿՆՅԱԶ – Ես քեզանից գաղտնիք կպահե՞մ, երանի չէր գաղտնիք լիներ: Անտերը վատ երազ էլ չէի տեսել, շառը որտեղի՞ց եկավ փաթաթվեց, չհասկացա: Ռոզ, դու տեսե՞լ էիր:
ՌՈԶ – (Թևաթափ) Որտեղի՞ց: Շատ հանգիստ քնել էի:
ԿՆՅԱԶ – Դուք տեսե՞լ էիք, տիկին Զվարթ:
ԶՎԱՐԹ – Ամբողջ գիշեր աչք եմ փակե՞լ այդ անիրավների ձայներից: Անընդհատ աղմկում են, անընդհատ:
ԿՆՅԱԶ – Ովքե՞ր:
ՓԻԼՈՅԱՆ – Հնդկահավերի մասին է ասում: Վաղը, վաղը վերջնականապես կլռեն: Կնյազ, լսում եմ:
ԿՆՅԱԶ – Մի ստիպիր, էլի, ընկեր Փիլոյան:
ՓԻԼՈՅԱՆ – Էլի՞ ընկեր Փիլոյան:
ԿՆՅԱԶ — Գևորգ ջան, ախր ինչ ասեմ, ես չէի՞ ուզում քո առաջ պարզերես լինել:
ԿՆՅԱԶ – Լավ, էլ չեմ հարցնում:
ԿՆՅԱԶ – (Բռնկվելով) Ինչո՞ւ չես հարցնում, ընկեր Փիլոյան, էլ ո՞վ ունեմ հարազատ, որ ձեզ չասեմ, ո՞ւմ պիտի ասեմ: Հը՞, ասե՞մ, թե չասե՞մ:
ՓԻԼՈՅԱՆ – Ասա:
ԿՆՅԱԶ – Չէ, որ ասում ես՝ ասա, չեմ ասի:
ՓԻԼՈՅԱՆ – Լավ, մի ասա:
ԿՆՅԱԶ – (Պոռթկալով) Ինչո՞ւ չասեմ, պիտի ասեմ, ես իրավունք չունեմ քեզ չասելու: Բայց ախր ո՞նց ասեմ, ընկեր Փիլոյան: Հիշո՞ւմ եք, որ եկանք Ադելաիդային նշանելու… Ռոզ, կարո՞ղ է ինձ մի բան է պատահել:
ՌՈԶ – Պատահածը քիչ է, էլի՞ պատահի:
ԶՎԱՐԹ – (Ձեռքերը կանթել-կանգնել է՝ հարձակողական կեցվածքով) Որ եկաք Ադելաիդային նշանելու… Հետո՞:
ԿՆՅԱԶ – Ինչի՞ համար ես նեղանում, տիկին Զվարթ, ես մեղք ունե՞մ:
ԶՎԱՐԹ – Եթե իմ աղջկա անունը չհոլովվեր, չէի պահանջի: Հիմա պետք է ասեք:
ՓԻԼՈՅԱՆ – (Լարված) Անպայման:
ԿՆՅԱԶ – Կասեմ, ես ասացի չե՞մ ասի: Կասեմ, տիկին Զվարթ, կասեմ:
ՌՈԶ – Ադելաիդայի հետ, ախր, իսկի կապ չունի, ընկեր Փիլոյան:
ՓԻԼՈՅԱՆ – Ավելորդ ժամանակ ենք կորցնում:
ՌՈԶ – Դե դու էլ կարճ կապիր, ի՞նչ ես երկարացնում:
ԿՆՅԱԶ – Հա, որ եկանք Ադելաիդային նշանելու…
ԶՎԱՐԹ – (Կատաղությամբ) Հետո՞:
ԿՆՅԱԶ – Ախր ինձ մի ընդհատեք, տիկին Զվարթ, մտքիս թելը կտրում եք: Հա, ուրեմն, որ եկանք Ադելաիդային նշանելու… Դուք հոգեբան եք, ընկեր Փիլոյան, դուք ինձ կհասկանաք: Հա, ուրեմն, որ եկանք Ադելաիդային նշանելու… (Հանդիմանանքով) Ախ, Ռոզ, Ռոզ…
ՌՈԶ – (Լացով) Ասա, ասա, իմ մեղքը շատ է:
ԿՆՅԱԶ – Ախր դու ինչ անես, որ իմանայիր, իսկի մեջտեղ կհանեի՞ր: Կնյազի ձեռքը չոր քարի տակ էր մնացե՞լ: Մատանի չէի՞ կարող առնել, ոսկե ապարանջան չէի՞ կարող առնել, ոսկե ականջօղեր չէի՞ կարող առնել, տիկին Զվարթի համար խալաթ չէի՞ կարող առնել, կոշիկ չէի՞ կարող առնել… (Ռոզին, ցույց տալով Փիլոյանի կոշիկները) Սրա՞նք են…
Ռոզը գլխվ է անում:
Ի՜նչ, ի՜նչ չէիր կարող առնել: Հենց դրանցից կառնեի՞: Ընկեր Փիլոյան, մեզ պիտի ներեք: Բարեկամները նեղ օրվան ես հասնում:
ԶՎԱՐԹ – Կարծեմ մենք դեռ բարեկամներ չենք:
ՓԻԼՈՅԱՆ – Հարց է, կլինե՞նք, թե՞ չենք լինի: (Դուրս է գնում):
ԿՆՅԱԶ – Մեզ հետ դժբախտություն է պատահել, տիկին Զվարթ, խնդրում եմ, ասա իրեն, թող մեզ ների:
ԶՎԱՐԹ – Մենք հարսանիքի պատրաստություն ենք տեսնում, մարդիկ ենք հրավիրում, իսկ դուք գալիս հետ եք վերցնում նշանը: Ներե՞լ. ո՞ւմ ներել: Սա դատի գործ է: Ո՞վ է ձեզ ասել, որ իմ աղջիկը մի անգամ ամուսնացած է եղել, չարախոսներին եք հավատո՞ւմ:
ԿՆՅԱԶ – Ո՞վ է հետ վերցնում նշանը, տիկին Զվարթ, բա ես ինձ թույլ կտա՞մ, ներողություն արտահայտությանս, մենք էլ մարդ ենք, չէ՞:
ԶՎԱՐԹ – Աղջկաս բախտի հետ եք խաղում, հա՞, պատասխան կտաք: (Հանում է խալաթը՝ շպրտելով Կնյազի երեսին):
ՌՈԶ – Կուլտուրական կին ես, որ մի քիչ կամաց գցես, չի լինի:
ԿՆՅԱԶ – Կներես, տիկին Զվարթ: (Խալաթը դնում է ճամպրուկի մեջ):
ԶՎԱՐԹ – Ես ձեզ զրկում եմ ինձ հետ խոսելու իրավունքից:
ՓԻԼՈՅԱՆ – (Վերադառնում է՝ ձեռքին քիչ առաջ հագած պիժաման և կոշիկները) Խնդրեմ, կարող եք վերցնել:
ԿՆՅԱԶ – Ախր ո՞նց վերցնեմ, ընկեր Փիլոյան, ձեռքս չի գնում, է՜: (Դնում է ճամպրուկի մեջ):
ՓԻԼՈՅԱՆ – Ադելաիդա՜…
Մտնում է Ադելաիդան:
Հանիր մատանին: Իսկույն ևեթ: (Գազազած ետ ու առաջ է քայլում) Ո՞ւմ ես սպասում:
ԶՎԱՐԹ – Վերադարձրու, բալիկս, նրանք արժանի չեն քեզ:
ՓԻԼՈՅԱՆ – Ադելաիդա…
ԿՆՅԱԶ – Ադելաիդա ջան, ես քեզ խոսք եմ տալիս, որ ամենալավն առնեմ, ամենաթանկը, որը որ սիրտդ ուզի: Իմ աղջիկն է, ես գիտեմ:
ՓԻԼՈՅԱՆ – (Բռունցքով հարվածում է սեղանին) Հանիր:
Ադելաիդան արագ հանում է մատանին, պոկոտում է ականջօղերը՝ հանձնելով Կնյազին: Փղձկում է՝ փաթաթվելով հորը:
ԿՆՅԱԶ – (Ռոզին) Ապարանջանը մնաց:
ՓԻԼՈՅԱՆ – (Հոխորտանքով) Ի՞նչ է ասում:
ԿՆՅԱԶ – (Ձեռքի վրա ապարանջանը գծագրելով) Ապա, ապա…
ՓԻԼՈՅԱՆ – Ի՞նչ՝ ապա, ի՞նչ՝ ապա…
ԿՆՅԱԶ – Ապարանջանը…
ԶՎԱՐԹ – (Ադելաիդային) Ապարանջանը մոռացար:
Ադելաիդան հանում է ապարանջանը՝ վերադարձնելով Կնյազին:
ԿՆՅԱԶ – Ընկեր Փիլոյան, ախր հիշո՞ւմ եք էն ճամպրուկը…
ՓԻԼՈՅԱՆ – (Ընդհատելով) Սա ինչ-որ ճամպրում է ուզում, ճամպրուկ էլ տվեք, թող գնա: (Գնում է):
ՌՈԶ – Չէ, չէ, չի ուզում…
ԶՎԱՐԹ – Թյու, անամոթներ: (Դուրս է գնում):
Ադելաիդան գնում է ետևից:
Կնյազը ճամպրուկը դնում է ուսին՝ մոլորված կանգնելով սենյակի կենտրոնում: Ըստ կարգի պտույտներ գործելուց հետո գնում է՝ հիշեցնելով թաղման արարողություն: Նրա ետևից գնում է Ռոզը՝ թաշկինակը սեղմելով աչքերին:
Պատկեր յոթերորդ
Փիլոյանի աշխատասենյակն ավտոպարկում: Մտնում է Կնյազը:
ԿՆՅԱԶ – Հարգանքներիս հավաստիքը: Տեղո՞ւմ է:
ՆՈՒՆՈՒՖԱՐ – Իհարկե, իհարկե, ձեզ համար միշտ էլ տեղում է:
ԿՆՅԱԶ – Բարև ձեզ, ընկեր Փիլոյան: Կարելի՞ է:
ՓԻԼՈՅԱՆ – Ոչ:
ԿՆՅԱԶ – (Դառնալով Նունուֆարին) Տեղում չի՞:
ՆՈՒՆՈՒՖԱՐ – (Մոտենալով) Տեղում չե՞ք, ընկեր Փիլոյան:
ՓԻԼՈՅԱՆ – Ոչ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ – Դուք ասացիք՝ Կնյազը երբ գա, միշտ տեղում եմ:
ՓԻԼՈՅԱՆ – Հիմա էլ ասում եմ՝ տեղում չեմ, պա՞րզ է:
ՆՈՒՆՈՒՖԱՐ – Չգիտեի, ընկեր Փիլոյան:
ՓԻԼՈՅԱՆ – Չգիտեիք, իմացեք:
ԿՆՅԱԶ – Դե լավ, որ եկել եմ, հարցնեմ, նոր գնամ:
ՓԻԼՈՅԱՆ – Ընկեր, մի խանգարեք:
ԿՆՅԱԶ – Գևորգ ջան, երկու բառ:
ՓԻԼՈՅԱՆ – Գևորգը դու ես, դուրս գնա:
ԿՆՅԱԶ – Ավտոյիս բանալին ձեռքիցս վերցրին, ո՞ւր գնամ, ընկեր Փիլոյան:
ՓԻԼՈՅԱՆ – Հեռացված եք աշխատանքից, ընկեր, ազատեք սենյակը:
ԿՆՅԱԶ – Ի՜, լուրջ է ասում: Անմեղ տեղը գնայի նստեի՞:
ՓԻԼՈՅԱՆ – Անձնական հարցերը գնացեք տանը լուծեք, սա հիմնարկություն է:
ԿՆՅԱԶ – Հեռացրել եք, լավ եք արել, պատճառը չիմանա՞մ, ընկեր Փիլոյան:
ՓԻԼՈՅԱՆ – Պատճառը քո մեջ որոնիր:
ԿՆՅԱԶ – Ախր եթե վատ աշխատող լինեմ, կասեմ՝ Կնյազ, վատ աշխատող ես, բայց ես լավ աշխատող եմ, ընկեր Փիլոյան, ինչի՞ համար եք հեռացրել:
ՓԻԼՈՅԱՆ – Երթևեկության կանոնները խախտելու, ուղևորներին կոպտելու, դրամի վարձը չվերադարձնելու, ղեկավարությանն անձնական վիրավորանք հասցնելու… Էլի՞ թվեմ, հա՞:
ԿՆՅԱԶ – Չէ, բավական է, հրամանիս պատճենը տվեք, գնամ:
ՓԻԼՈՅԱՆ – Պրոֆմիությունը մինչև իր համաձայնությունը չտա, պատճենը չեք ստանա:
ԿՆՅԱԶ – Ազնիվ խոսք, ես լավ աշխատող եմ, ընկեր Փիլոյան:
ՓԻԼՈՅԱՆ – Ձեզ նման լավ աշխատողներ մեզ պետք չեն: Դուք պարկի հեղինակության հետ եք խաղում, ձեզ համար ոչ մի սրբություն գոյություն չունի, ոչ մի: (Սեղմում է զանգի կոճակը):
ԿՆՅԱԶ – (Նստելով) Այ, ինչ եմ ասել քննադատությանը, ինչքան ուզում եք քննադատեք, թե չընդունեմ, ասեք՝ ամոթ քեզ, Կնյազ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ – (Ներկայանալով) Լսում եմ:
ՓԻԼՈՅԱՆ – Ընկերոջն ասեք ազատի սենյակը:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ընկեր, ազատեք սենյակը:
ԿՆՅԱԶ – Դու ինչի՞ համար ես ասում, թող ինքն ասի:
ՆՈՒՆՈՒՖԱՐ – Ինքը զբաղված է, ես եմ ասում, դուրս եկեք:
ԿՆՅԱԶ – Դու գնա, ես կգամ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ընկեր Փիլոյան, դուրս չի գալիս:
ՓԻԼՈՅԱՆ – Իմ գործը չի, ասված է, ուրեմն դուրս հրավիրեք:
ՆՈՒՆՈՒՖԱՐ – Ընկեր, մի ստիպեք, որ ուրիշմիջոցի դիմեն:
ԿՆՅԱԶ – Թող ինքն ասի, գնամ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ – Ընկեր Փիլոյան, խնդրում եմ, դուք ասեք:
ՓԻԼՈՅԱՆ – Ինչո՞ւ անպայման ես, իսկ դուք ինչի՞ համար եք:
ՆՈՒՆՈՒՖԱՐ – Ինձ չի լսում:
ՓԻԼՈՅԱՆ – Ինչո՞վ եք համոզված, որ ինձ կլսի:
ԿՆՅԱԶ – Բա եղա՞վ, ընկեր Փիլոյան, որ դուք ասեք գնա մեռի, ես չեմ գնա՞: Ուրեմն մենք մի օրվա՞ համար ենք: Դե ասեք, դե ասեք, էլի, տեսեք գնում եմ, թե չեմ գնում: Գնա՞մ, ընկեր Փիլոյան:
ՓԻԼՈՅԱՆ – Գնա:
Կնյազը կտրուկ վեր է կենում, գնում է, անմիջապես վերադառնում:
ԿՆՅԱԶ – Ի՜, ուրեմն գնամ մեռնե՞մ:
ՓԻԼՈՅԱՆ – Արագացրեք: Ո՞ւմ եք սպասում, ընկեր:
ԿՆՅԱԶ – Կնյազը շատ բան գիտի, ընկեր Փիլոյան, հրամանս հետ վերցրեք, ձեզ համար եմ ասում:
ՓԻԼՈՅԱՆ – Յուրացրել ես ուղևորի ճամպրուկը, հանցագործ:
ԿՆՅԱԶ – Տարել հանձնել եմ, ընկեր Փիլոյան, ես գող չեմ, ես պատիվ կպահանջեմ, ներողություն արտահայտությանս, մենք էլ մարդ ենք, չէ՞:
ՓԻԼՈՅԱՆ – (Նունուֆարին) Զանգահարեք միիցիա:
ԿՆՅԱԶ – Հա, հա, թող զանգահարի:
ՆՈՒՆՈՒՖԱՐ – (Վերցնում է լսափողը) Ալլո, միլիցիա…
Պատկեր ութերորդ
Կայարան: Հովիկն ու Ադելաիդան սպասում են գնացքին: Նրանց առջև դրված են ճամպրուկներ:
ՀՈՎԻԿ – Եթե փորձեն խանգարե՞լ:
ՀՈՎԻԿ – Երևի նրանք չեն զգում, որ մենք սիրում ենք իրար:
ԱԴԵԼԱԻԴԱ – Ոչինչ, հետո կզգան:
ԱԴԵԼԱԻԴԱ – Նրանց թվում է, որ այդպես հեշտությամբ կարող ենք բաժանվել, դրա համար էլ միջամտում են: Ախր ինչո՞ւ…
ՀՈՎԻԿ – Որովհետև նրանց այդպես է պետք:
Ձախից հայտնվում է Ռոզը, նրան հետևում է Կնյազը: Աջից մտնում է Զվարթը:
ԿՆՅԱԶ – Կայարան եք եկել, հա՞:
ԶՎԱՐԹ – Ադելաիդա, աղջիկս: (Հեկեկում է՝ գլուխը դնելով նրա կրծքին):
ԱԴԵԼԱԻԴԱ – Հանգստացիր, մամա:
ՌՈԶ – Այ տղա, Հովիկ, էդ ո՞ւր:
Հովիկը թոթվում է ուսերը:
Որ ես լաց չեմ լինում, ուրեմն ես սիրտ չունեմ, հա՞: (Սկսում է աղեկտուր լացը՝ գլուխը հենելով տղայի կրծքին):
ԿՆՅԱԶ – Ռոզ, այ Ռոզ, անհարմար է, ժողովուրդը նայում է:
ՌՈԶ – Ինձ անհարմար է, նրան անհարմար չէ՞: (Շարունակում է լացը):
ԿՆՅԱԶ – Այ կին, ես նրա հետ ինչ գործ ունեմ, իմ կինը դո՞ւ ես, թե՞ նա: Ռոզ, Ռոզ, կարո՞ղ է իսկականից ես լաց լինում:
Ռոզը գլխի շարժումով հաստատում է:
Լավ, բավական է, մի քիչ հանգստացիր: Ռոզ, քեզ հետ եմ:
ՌՈԶ – Մինչև ինքը չլռի, ես չեմ լռի:
ԿՆՅԱԶ – (Զվարթին) Ընկերուհի, ընկերուհի, խնդրում եմ դուք լռեք, որ իմ կինը լռի: Ընկերուհի… Ես ձեզ կարգի եմ հրավիրում:
ԶՎԱՐԹ – Ավելի լավ է դուք ձեր կնոջը կարգի հրավիրեք:
ԿՆՅԱԶ – Մեր անկարգությունը ձեր անկարգությունից է գալիս: Իմ կինը եթե լաց լինող չտեսնի, ինքը լաց չի լինի: Դուք եք անհատական լաց լինում, ա խմբակային է լաց լինում: Ճիշտ չի՞, Ռոզ: (Զվարթին) Ընկերուհի…
ՓԻԼՈՅԱՆ – (Մտնելով) Ի՞նչ է, ընկեր:
ԿՆՅԱԶ – (Ոտքից գլուխ չափելով Փիլոյանին) Ոչինչ, ընկեր… (Հովիկին) Հետ դարձրիր, քանի շուտ է:
ՀՈՎԻԿ — Ինչի՞ համար:
ԿՆՅԱԶ – Կգնանք տուն, կիմանաս:
ՌՈԶ – Հորդ աշխատանքից հեռացրել է:
ԿՆՅԱԶ – Ո՞վ է հեռացրել, նրա հեռացնելո՞վ է:
ՌՈԶ – Առանց պրոֆմիության մարդ են հեռացնո՞ւմ, դատ կա, դատարան կա, գերագույն դատարան կա, ես կթողնե՞մ, որ քո մազին դիպչեն:
ՓԻԼՈՅԱՆ – Տիկին, կայարանում տեսարաններ մի սարքեք:
ՌՈԶ – (Հովիկին) Ուղիղ գնում ենք տուն, էլ չխոսես:
ԿՆՅԱԶ – Միլիցիա էր կանչում, որ հորդ բռնել տա, խելքդ գլուխդ հավաքիր:
ՌՈԶ – (Նախահարձակ լինելով, Փիլոյանին) Ո՞ւմ մարդու վրա ես միլիցիա կանչում: Համ հեռացնում ես, համ էլ միլիցիա ես կանչո՞ւմ:
ՓԻԼՈՅԱՆ – Տիկին…
ՌՈԶ – Քո միլիցիան է, մեր միլիցիան չի՞:
ԿՆՅԱԶ – Ռոզ, հազիվ եմ ինձ զսպում: Հովիկին համոզիր, թող չգնա:
ՌՈԶ – Որ խնդրեն էլ, աղաչեն էլ, իմ տղան չի գնա:
ԶՎԱՐԹ – Եթե կարծում եք, թե իմ աղջիկը կգնա, սխալվում եք: (Հիստերիկ) Տրա-տա-տատա-տա:
ՌՈԶ – (Կնյազին) Իրեն ասա՝ ես քեզ հետ խոսո՞ւմ եմ, որ դու ինձ հետ խոսում ես: (Զվարթին) Տրա-տա-տա-տա-տա…
ԿՆՅԱԶ – Իմ կինը ձեզ հետ խոսո՞ւմ է, որ դուք իրա հետ խոսում եք: Տրա-տա-տատա-տա…
ԶՎԱՐԹ – Ես նրա հետ չեմ խոսում, ես ձեզ հետ եմ խոսում: (Դեպի Ռոզը) Տրա-տա-տա-տա-տա…
ՓԻԼՈՅԱՆ – Դու ոչ մեկի հետ մի խոսիր, դու ինձ հետ խոսիր:
ԶՎԱՐԹ – (Ադելաիդային) Շտապիր, մենք տուն պետք է գնանք:
ԱԴԵԼԱԻԴԱ – Դուք չեք ուզում, որ ես ասեմ այն, ինչ մտածում եմ:
ԶՎԱՐԹ – Մենք հո քո վատը չենք ցանկանա, բալիկս:
ՓԻԼՈՅԱՆ – Ադելաիդա, սպասում ենք:
ԿՆՅԱԶ – (Հովիկին) Լսիր, աշխատանքից հեռացված մարդ եմ, ես ավելորդ փող չունեմ, տոմսերը հետ տուր, չկորչեն:
ՀՈՎԻԿ – Չեն կորչի:
ՌՈԶ – Գնացքը շարժվելու վրա է, դու ասում ես չեն կորչի՞: Շուտ արա:
ՀՈՎԻԿ – Հետ չեն վերցնի:
ՌՈԶ – Տուր, տուր մի տեսնեմ, ո՞նց չեն վերցնի, ինձանից չեն վերցնի, չեն էլ խնդրի՞:
ԶՎԱՐԹ – Իմ աղջիկն է, ես գիտեմ, մինչև իրենց տղան չհեռանա, նա չի գա:
Հովիկն ու Ադելաիդան աննկատ գնում են:
ԶՎԱՐԹ – (Անակնկալի եկած) Ադելաիդա՜…
ՌՈԶ – (Շփոթված) Հովի՜կ…
Նկատելով, որ գնացել են, ձեռքերը թափահարելով վազում են նրանց ետևից, ապա վերադառնում են հաշտված՝ թևանցուկ, համբուրելով մեկը մյուսին:
ՎԱՐԱԳՈՒՅՐ
1972 թ.