ԵՐԿՈՒՍԸ ԱՇՆԱՆ ՑՐՏՈՒՄ / ՍԱՂԱԹԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԴՐԱՄԱ 9 ՊԱՏԿԵՐՈՎ, ՆԱԽԵՐԳՈՎ ԵՎ ՎԵՐՋԵՐԳՈՎ

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ
ԿԻՆ — 48 ՏԱՐԵԿԱՆ
ՏՂԱՄԱՐԴ — 50 ՏԱՐԵԿԱՆ

ՆԱԽԵՐԳ
Վարագույրը բացում է ուշ աշնան այգու մի անկյունը: Տերևաթափ ծառերից մեկի տակ թափուր մի
նստարան կա: Լսվում է քամու մեղմ վնգուն, որն ավելի է ընդգծում այգու դատարկությունը: Ձախ կողմից
մտնում է Տղամարդը՝ աշնանային վերարկուի մեջ փաթաթված, լայնեզր գւխարկը քաշած աչքերին, ձեռքերը
թևքերի մեջ: Նա մոտենում է նախաբեմին և դիմում հանդիսականին:

ՏՂԱՄԱՐԴ. Բարև ձեզ… ես ցրտից եմ փախել… ամենուր հիմա ցուրտ է… (գրկում է ուսերը). Այստեղ էլ է
ցուրտ: Մրսում եմ… Ասենք՝ հիմա բոլորն են մրսում… Կարծում եք չե՞մ հասկանում, որ դուք էլ եք ցրտից
փախել… Ձեզ թվում է… գոնե թվում է, թե կտաքանաք այստեղ… զուր հույսեր: Ուր էլ գնանք՝ ցուրտը մեզ
հետ է… Սակայն, ես տեսնում եմ, որ դուք մենակ չեք, զույգերով եք եկել… մենակներն ավելի են մրսում:
Երևում է, որ մենակներ էլ կան: Նրանք անպայման մրսում են… Տեսնու՞մ եք, ծամծմված, տափակ բաներ
եմ ասում: Մենակ ես՝ կմրսես, մենակ չես՝ չես մրսի: Հասարակ թվաբանություն է, բայց այդպե՞ս է որ…
Հին, կրկնված մտքեր են, մորուքով մտքեր, բայց ի՞նչ կարող ենք անել՝ կյանքը կրկնվում է, մտքերն էլ
հետը: Հինգ, տաս հազար տարի առաջ էլ, երևի, մարդը մենակություն զգացել է, ճիշտ և ճիշտ այսօրվա
նման, մրսել է, ինչպես հիմա: Իսկ մեզ թվում է, եթե շրջում ենք ավտոմեքենեներով, օդանավ ենք նստում,
մի բան փոխվել է… Բայց կարծես թե շեղվում եմ… իրոք որ ցուրտ է (կուչ է գալիս)… մրսում եմ (մատով
ցույց է տալիս դահլիճում նստած մեկին). Դու էլ, երևի, մրսում ես, տեսնում եմ՝ մենակ ես… Կներեք որ
«Դու»-ով դիմեցի տանել չեմ կարող «Դուքը»: Դրանից ես ավելի եմ մրսում… «Դուքը» անանցանելի պատ
է մարդկանց միջև, թափանցիկ պատ՝ իրեն տեսնում ես, բայց մոտենալ չես կարող: Արի այստեղ:

Կզրուցենք: Քե՛զ, քեզ եմ ասում, իզուր ես շրջվում… այո, հենց քե՛զ… Եթե քեզ դրսում հանդիպեի՝ չէի
թողնի որ ներս մտնես… արի, մենք կշրջենք աշնանային այս ցուրտ այգում, ջերմ բաներ կասենք իրար և
երևի թե չմրսենք: Մենք կթափառենք մեր քաղաքում, մեր մանկության քաղաքում: Դու արի, մի վախեցիր,
մենք իրար պիտի որ իմանանք, կարծեմ նույնիսկ հանդիպել ենք:
ՁԱՅՆ ԴԱՀԼԻՃԻՑ. Չենք հանդիպել… մենք իրար չէինք կարող հանդիպել, ես այս քաղաքից չեմ:
ՏՂԱՄԱՐԴ. Հա՞… ափսո՜ս, շա՜տ ափսոս… ինձ թվաց թե ծանոթներ ենք… բայց լսիր, ի՞նչ տարբերություն,
հիմա հո հանդիպեցի՞նք, այսքան մարդու աչքի առաջ… Արի, կծանոթանանք, ես կասեմ, թե ով եմ, դու քո
մասին կպատմես, քո քաղաքի մասին և կասես, թե ինչու՞ ես եկել մեր այս տխուր ու ցուրտ քաղաքը: Արի,
արի միասին կմրսենք: Երբ միասին են մրսում, պատահում է որ տաքանում են: Արի (մոտենում է բեմի աջ
անկյունը): Արի, այստեղ աստիճաններ կան:

Մինչ տղամարդը բեմի աջակողմում կանգնած խոսում է անծանոթուհու հետ, ձախ կողմի աստիճաններով անաղմուկ
բեմ է բարձրանամ Կինը: Նա մոտենում նստում է միակ նստարանին, վերարկուի փեշերը քաշում է ծնկներին,
ձեռքերը մտցնում է թևքերի մեջ ու գլուխը թեքած հետևում է անկյունում խոսող տղամարդուն:

  • Չե՞ս ուզում գալ… ա՛յ, բոլորդ եք այդպես, մրսում եք ու չեք ուզում տաքանալ, երազում եք ու չեք ուզում,
    ավելի ճիշտ՝ ոչինչ չեք անում, որ ձեր երազանքը կատարվի: Կանացի հիվանդություն է, հին
    հիվանդություն:

Ետ է դառնում և նկատում է նստարանի վրա նստած Կնոջը: Մի պահ քարանում է տեղում:

  • Դու՞… որտե՞ղ էիր…
    ԿԻՆ. Ես միշտ այստեղ եմ եղել:
    ՏՂԱՄԱՐԴ. Ես քեզ փնտրում էի:
    ԿԻՆ. Փնտրողը միշտ էլ գտնում է:
    ՏՂԱՄԱՐԴ. Հիմա ես գտա:
    ԿԻՆ. Գտա՞ր որ…
    ՄԹՆԵՑՈՒՄ

ՊԱՏԿԵՐ ԱՌԱՋԻՆ

Նստարանին նստած է Կինը առանց վերարկուի, կարճ շրջազգեստով, կտրած մազերով: Ներս է մտնում Տղամարդը՝
նույնպես առանց վերարկուի կարճ թևքերով շապիկը հագին: Կինը ձեռքին ընդհանուր տետր ունի: Կարդում է:
ՏՂԱՄԱՐԴ (Պտտվում է նստարանի շուրջը). Լսեք, օրիորդ, ինչու՞ եք ամբողջ նստարանը զբաղեցրել:
ԿԻՆ. Ե՞ս… մտքովս էլ չի անցել… ես զբաղեցնում եմ միայն իմ տեղը:
ՏՂԱՄԱՐԴ. Փառք աստծո, ուրեմն կարող եմ նստել… թույլ կտա՞ք (նստում է և գրպանից նույնպես մի
ընդհանուր տետր հանելով սկսում է կարդալ): Վերջապես կարող եմ պարապել:

Կինը լուռ կարդում է:

  • Այ քեզ բան, կարդում եմ ու ոչինչ չեմ հասկանում (դիմում է կնոջը). Դուք ձեր կարդացածից բան
    հասկանու՞մ եք…
    ԿԻՆ (Ծիծաղելով). Մի քիչ հասկանում էի. դուք եկաք՝ գլուխս բան չի մտնում: Այնպես եք փնչացնում ու
    ֆսֆսում, որ չեմ կարողանում կենտրոնանալ: Ինչ է, քննությու՞ն ունեք:
    ՏՂԱՄԱՐԴ. Այո… ավելի ճիշտ՝ պարտք:
    ԿԻՆ (Զարմացած). Պա՞րտք, չի կարող պատահել… Ասենք, ինչու՞ եմ զարմանում, իմն էլ է պարտք:
    ՏՂԱՄԱՐԴ. Այս նստարանի բախտը չի բերում, միայն թույլերն են իրենից օգտվում:
    ԿԻՆ. Ինչու՞ միայն թույլերը, ես թույլ չեմ:
    ՏՂԱՄԱՐԴ. Չասեք թե գերազանցիկ եք:
    ԿԻՆ. Եթե ուզում եք, որ չասեմ՝ չեմ ասի:
    ՏՂԱՄԱՐԴ. Օ, ես գնամ, գերազանցիկի հետ նույն նստարանին՝ մի քիչ շատ չի՞ ինձ համար:
    ԿԻՆ. Իզուր եք ծռմռվում, ես ձեզ ճանաչում եմ:
    ՏՂԱՄԱՐԴ (Հիասթափված). Ուրեմն համալսարանից եք… այս քաղաքում հնարավոր չի թաքնվել:
    ԿԻՆ. Իսկ դուք դրա կարիքն ունե՞ք:
    ՏՂԱՄԱՐԴ. Այն էլ ինչպե՜ս… (դադարից հետո). Երբեմն ուզում ես մենակ մնալ, ինքդ քեզ հետ:
    ԿԻՆ (Ծածկում է տետրը, ելնում է ոտքի). Դուք հիմա այդ հնարավորությունը կստանաք… առանց այն էլ
    գնալու էի:
    ՏՂԱՄԱՐԴ. Չեղա՜վ… (բռնում է Կնոջ ձեռքը). Առնվազն քաղաքավարի չէ մենակ թողնել մեկին ու գնալ…
    ո՞վ գիտե ինչ կարող է պատահել (ծիծաղում են):
    ԿԻՆ. Վախենու՞մ եք (Տղամարդը գլխով է անում). Այս աշխարհում բոլորն են մենակ, ես հո չե՞մ կարող
    միանգամից բոլորի հետ լինել:

ՏՂԱՄԱՐԴ. Թողեք այդ անկումային տրամադրությունը՝ «բոլորն են մենակ»… նստեցեք (աղջիկը նստում
է, ինքն էլ նստում է կողքին): Այ, հիմա ոչ ես եմ մենակ, ոչ դուք:
ԿԻՆ. Միևնույն է, ես երկար չեմ կարող մնալ, այս րոպեին մայրս մենակ է տանը:
ՏՂԱՄԱՐԴ. Մայրերը սովոր են մենակ մնալուն:
ԿԻՆ. Բայց իմ մայրը հիվանդ է… անկողնուն գամված:
ՏՂԱՄԱՐԴ. Դա ուրիշ բան է… բայց մի քիչ հո կարո՞ղ եք մնալ:
ԿԻՆ (Ծիծաղում է). Մի քիչ կարող եմ:
ՏՂԱՄԱՐԴ. Ախր ես էլ ձեզ հիշեցի… Ձեր կոմերիտական տոմսը ես եմ տվել:
ԿԻՆ. Գիտեմ: Զարմանալի է, որ հիշեցիք:
ՏՂԱՄԱՐԴ. Այն ժամանակ դուք ձեզ լավ չպահեցիք: Ծիծաղում էիք ինձ վրա:
ԿԻՆ. Կատակ էի անում… ընդհակառակը, դուք այն ժամանակ ինձ շատ դուր եկաք:
ՏՂԱՄԱՐԴ. Իսկ ժողովը… հիշու՞մ եք ձեր ժողովը:
ԿԻՆ. Բոլոր ժողովները չես հիշի…
ՏՂԱՄԱՐԴ (Վերցնելով աղջկա տետրը). Կարելի՞ է նայել (կարդում է) թաղանթաթևավորների
տեսակները… Օ, ես սրանից այնքան եմ հասկանում, որքան դուք չինարենից:
ԿԻՆ. Իսկ եթե ես չինարեն գիտե՞մ…. Նի հո, թոնջի…
ՏՂԱՄԱՐԴ (Շշմած). Ի՞-ինչ, ինչ ասացի՞ք…
ԿԻՆ (Ծիծաղելով). Ասացի. «Բարև ձեզ, ընկեր…»
ՏՂԱՄԱՐԴ. Եվ դա չինարե՞ն էր:
ԿԻՆ. Այո, չինարեն էր… մի վախեցեք, իմ իմացածը այդքանն էր միայն:
ՏՂԱՄԱՐԴ (Հոգոց հանելով). Փառք աստծու, վախեցրիք:

Երկուսն էլ ծիծաղում են.

  • Խոստովանեմ, ձեզանով ես վաղուց եմ հետաքրքրվում: Հիշու՞մ եք, մի անգամ էլ ենք հանդիպել:
    ԿԻՆ. Գիտեմ, Սևանում:
    ՏՂԱՄԱՐԴ. Այն ժամանակ դուք ինձ վրա բոլորովին ուշադրություն չդարձրիք. ինչ-որ մի մորուքավորի հետ
    էիք… բայց ես ձեզ հետևում էի անընդհատ, դուք ինձ շատ եք դուր եկել:
    ԿԻՆ. Սկսվե՜ց… Չէ՞ որ ասացի թե ձեզ ճանաչում եմ:
    ՏՂԱՄԱՐԴ. Հետո՞ ինչ:

ԿԻՆ. Շատ ուշ եք գլխի ընկնում… Ախր ես Ժաննային էլ եմ ճանաչում:
ՏՂԱՄԱՐԴ. Ահա թե ի՛նչ եք ակնարկում:
ԿԻՆ. Ձեր մասին ողջ համալսարանը գիտի, էլ ի՞նչ ակնարկ: Կարծեմ նույնիսկ ամուսնացել եք:
ՏՂԱՄԱՐԴ. Երկու շաբաթով միայն…
ԿԻՆ. Երկու շաբաթո՜վ (քմծիծաղով). Այնքան էլ լավ հանձնարարական չէ դա ձեզ համար: Բաժանման
մասին չգիտեի:
ՏՂԱՄԱՐԴ. Լավ է, վերջապես մի բան չգիտեիք:
ԿԻՆ. Այդ ե՞րբ հասցրեցիք: . =•
ՏՂԱՄԱՐԴ. Թեթևսոլիկ աղջիկ էր Ժաննան:
ԿԻՆ. Ամբողջ համալսարանը դա գիտեր, բացի ձեզանից, իհարկե:
ՏՂԱՄԱՐԴ. Խոստովանում եմ, ինձ հեշտ է խաբելը, ես դյուրահավատ եմ:
ԿԻՆ. Դու՞ք… անհավատալի է:
ՏՂԱՄԱՐԴ. Հիշու՞մ եք, համալսարանից ութ հոգու ուղարկեցին Պրագա:
ԿԻՆ. Այնտեղից էլ էին եկել:
ՏՂԱՄԱՐԴ. Ճիշտ է, ուսանողների փոխանակություն էր: Ժաննան էլ էր մեզ հետ:
ԿԻՆ. Չփորձեք հավատացնել, թե դա պատահականություն էր, միևնույն է, չեմ հավատա: Ձեր մատը խառն
էր այդտեղ, թե չէ Ժաննան ի՞նչ էր ներկայացնում իրենից, ոչ լավ սովորող էր, ոչ էլ մի այլ բանում էր
աչքի ընկնում: Այն ժամանակ բոլորն էլ խոսում էին այդ մասին:
ՏՂԱՄԱՐԴ. Մենք այնտեղ էլ ամուսնացանք, իսկ երբ վերադարձանք՝ մի քանի օր հետո բաժանվեցինք:
Այդպես էլ չհասցրեցինք ամուսնությունը ձևակերպել: Այդ ուղևորությունից միայն սա մնաց (ցույց է
տալիս ընդհանուր տետրը):
ԿԻՆ. Պա՞րտքը:
ՏՂԱՄԱՐԴ. Դատարկ բան է, կհանձնեմ:
ԿԻՆ. Կնշանակեն… Համալսարանի կոմերիտական լիդերին չեն թողնի որ պարտք մնա:
ՏՂԱՄԱՐԴ. Չէ, ես սա պիտի լավ իմանամ… Աթանասյանի առարկան է: Ես նրան մի անգամ խիստ
քննադատել եմ:

Սկսում է կարդալ: Կինը աչքի պոչով հետևում է նրան: Քիչ հետո Տղամարդն ընդհատում է ընթերցումը ու տետրը
ծածկում:

  • Գլուխս չի մտնում… արդեն որերորդ անգամ է նույն նախադասությունն եմ կարդում (նայում է շուրջը).
    Աա՜, հասկացա, ես էլ ասում եմ ուշքս ուր է գնացել: Ա՛յ, այնտեղ, տեսնու՞մ եք պաղպաղակի կրպակ կա…
    մագնիսի պես քաշում է… գնա՞նք:
    ԿԻՆ. Իսկ պա՞րտքը:
    ՏՂԱՄԱՐԴ. Գլուխը քարը, մի բան կանենք: Գնա՞նք:
    ԿԻՆ. Չեմ հրաժարվի, մանավանդ որ իմ գլուխն էլ բան չի մտնում:
    ՏՂԱՄԱՐԴ. Հետո էլ լճակում կթիավարենք: Ես մակույկ կվերցնեմ:
    ԿԻՆ. Բայց ես շտապում եմ…
    ՏՂԱՄԱՐԴ. Հետո էլ տաղավարում երաժշտություն կլսենք (Աղջկա թևից բռնած քարշ է տալիս դեպի ձախ):
    ԿԻՆ. Սպասիր, խելագա՜ր…
    ՄԹՆԵՑՈՒՄ

ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ

Ծանոթ նստարանին միայն տղամարդն է նստած՝ մի վարդ ձեռքին: Անընդհատ նայում է դեպի ձախ: Աղջիկը ներս է
մտնում աջից:
ԿԻՆ. Ես այստեղ եմ…
ՏՂԱՄԱՐԴ. (Հանկարծակիի եկած շրջվում է). Դու մի՞շտ ես հակառակ կողմից հայտնվում: Անցյալ օրը այն
կողմից եկար:
ԿԻՆ. Սիրում եմ սյուրպրիզ անել…
ՏՂԱՄԱՐԴ. Սա քեզ, աշխարհի ամենավարդագույն վարդը: Իսկապես որ սյուրպրիզ էր: Շատ սպասեցի:
ԿԻՆ. Սիրուն վարդ է… Բայց յոթին էինք պայմանավորվել:
ՏՂԱՄԱՐԴ. Ես շուտ եկա, անհամբեր էի:
ԿԻՆ. Ես էլ (ցույց է տալիս ժամացույցը), այ, տեսնու՞մ ես, դեռ յոթը չկա:
ՏՂԱՄԱՐԴ. Հանձնեցի՞ր:
ԿԻՆ. Հանձնեցի: Չորս նշանակեց, հետն էլ ասաց՝ հինգի ես արժանի, բայց չորս եմ նշանակում: Եթե
ժամանակին այսպես պատասխանեիր՝ հինգ կստանայիր: Ասում եմ, ախր հիվանդ մորս էի խնամում:
Միևնույն է, ասում է, ուսանողը ժամանակին պիտի քննությունը հանձնի:
ՏՂԱՄԱՐԴ. Սկզբունքային ընկերուհի է:
ԿԻՆ. Ընկեր:

ՏՂԱՄԱՐԴ. Միշտ կարծել եմ, թե բնագետները կանայք են լինում, իսկ ֆիզիկոսները՝ տղամարդիկ, մենք,
հումանիստներս՝ խառը:
ԿԻՆ. Բացառություններ էլ են լինում:
ՏՂԱՄԱՐԴ. Լինում են… ինչու՞ չես նստում:

Կինը նստում է:

  • Ինչու՞ հեռու նստեցիր:
    ԿԻՆ. Որ կամաց-կամաց մոտենամ:
    ՏՂԱՄԱՐԴ. Դա է՞լ է սկզբունք:
    ԿԻՆ (Ծիծաղելով). Ոչ, պաշտպանական ռեակցիա:
    ՏՂԱՄԱՐԴ (Ձեռքը մեկնելով). Բարև…
    ԿԻՆ. Մի՞թե չենք բարևել… բարև (ձեռքը մեկնում է):

Տղամարդը բռնում է կնոջ ձեռքն ու թափով քաշում դեպի իրեն: Աղջիկը դիմադրում է: Տղամարդն ինքն է մոտենում:
Տղան գրկում է աղջկան, սեղմում իրեն: Աղջիկը չի դիմադրում:

  • Ամո՜թ է…
    ՏՂԱՄԱՐԴ. Ի՞նչն է ամոթ… ես դեռ չեմ էլ համբուրել (ասում-համբուրում է, աղջիկը նույնիսկ չի էլ
    հասցնում դիմադրել). Ա՛յ, հիմա ամոթն անցավ, ինչի՞ են պետք ձևականությունները:
    ԿԻՆ. Իզուր ես կարծում, թե այդ, ինչպես դու ես ասում՝ ձևականությունները անիմաստ բան են:
    ՏՂԱՄԱՐԴ. Ավելի բնական պիտի լինել: Սպասիր, ախր քեզ համար ես նվեր եմ բերել:
    Բաճկոնի գրպանից հանում է մի օնիքսե կատու:
  • Տեսնու՞մ ես ինչ է:
    ԿԻՆ. Կատվի՜կ… ի՞նչ հրաշք բան է, օձի նման օղակվել է ու գլուխը դրել պոչին… լսիր դու գիտեի՞ր որ ես
    կատվի սիրահար եմ:
    ՏՂԱՄԱՐԴ. Բան ասաց, բոլոր կանայք էլ կատու սիրում են, որովհետև նրանց մեջ էլ կատվային բան կա:
    ԿԻՆ. Շնորհակալություն կոմպլիմենտի համար: Ես դրանից միայն շոյվում եմ:
    ՏՂԱՄԱՐԴ. Ես երեք «Կ»-ի կողմնակից եմ:
    ԿԻՆ. Այսի՞նքն:
    ՏՂԱՄԱՐԴ. Կատու, կին, կերակուր:

ԿԻՆ. Չէի լսել… հիանալի առարկա է, ուղղակի հրաշք:
ՏՂԱՄԱՐԴ. Հին աշխատանք է… նույնիսկ ասում են, թե ճապոնական է:
ԿԻՆ (Շարունակում է զմայլվել նվերով). Թող սա լինի իմ ու քո թալիսմանը… ինչ սքանչելիք է:
ՏՂԱՄԱՐԴ. Մայրս է նվիրել… Այն ժամանակ նա արտասահմանում էր աշխատում… Հորս հետ… երկու
օրով եկել էին ու նորից մեկնեցին, սա թողեցին միայն… Չէին ասում որտեղից են եկել և ուր են գնում:
Հետախույզ էին:
ԿԻՆ. Սա մեծ նվեր է (համբուրում է տղային, տղան ոգևորված գրկում է աղջկան, սեղմում կրծքին). Է՛յ, է՛յ,
մի քիչ շատ չեղա՞վ:
ՏՂԱՄԱՐԴ. Սա չի կարող շատ լինել… ախր…
ԿԻՆ (Մատը դնում է տղայի շուրթերին). սս… Պետք չի խոսել (ինքն էլ է փարվում տղային):
ՏՂԱՄԱՐԴ. Ճիշտ ես… խոսել պետք չի (էլի է համբուրում):
ԿԻՆ. Ես Ժաննային նախանձում էի, չարանում:
ՏՂԱՄԱՐԴ. Նրա անունը չտանք: »
ԿԻՆ. Ներողություն… չենք խոսում (փարվում է տղային, միառժամանակ լուռ են): Լսիր, դու կուզեի՞ր պոչ
ունենալ:
ՏՂԱՄԱՐԴ. Ի՞նչ, չհասկացա…
ԿԻՆ. Չհասկանալու ի՞նչ կա, ասում եմ պոչ:
ՏՂԱՄԱՐԴ. Պո՞չ…
ԿԻՆ. Պոչ էլի… այս կատվիկի պոչի պես, երկար, փարթամ…
ՏՂԱՄԱՐԴ. Ես նման տարօրինակ ցանկություններ չեմ ունենում:
ԿԻՆ. Իզուր… ես, օրինակ, կուզեի (դադար). Եթե ես պոչ ունենայի հիմա բոլորովին չէի խոսի, միայն պոչս
կշարժեի ու դու կիմանայիր, թե ես ինչքան լավ եմ զգում ինձ:
ՏՂԱՄԱՐԴ. Փիսի՜կս…
ՄԹՆԵՑՈՒՄ

ՊԱՏԿԵՐ ԵՐՐՈՐԴ

Պարահանդեսային երաժշտություն է լսվում: Նստարանին նստած է Կինը՝ պարահանդեսի հագուստով: Հևում է:
Երևում է որ նոր է դուրս եկել պարից: Ներս է մտնում Տղամարդը գառան դիմակով և նստում նստարանի մյուս
ծայրին:

ԿԻՆ. Այս սարն իմն է, այս ծառն իմն է:
ՏՂԱՄԱՐԴ. (Մի քիչ դժգոհ). Սարն ամենքինն է հավասար:
ԿԻՆ. Ախ դու այդ կարծիքի՞ն ես… Քո վարքագծից չի երևում ամենևին:
ՏՂԱՄԱՐԴ. Սերը սար չէ:
ԿԻՆ. Սերն էլ է ամենքին հավասար:
ՏՂԱՄԱՐԴ. Ինչեր է խոսում, ինչեր է խոսում…
ԿԻՆ. Ինչու՞ եք ինձ հետևում:
ՏՂԱՄԱՐԴ. Ուրեմն հոգնակիո՞վ… հա՞… (հանում է դիմակը). Չե՞ս ճանաչել, դե հիմա ճանաչիր:
ԿԻՆ. Հենց որ տեսա ինձ հետևում ես, հասկացա, որ դու ես… հետո… կոստյումը բավական էր, որ
ճանաչեի… Ունես չունես՝ մի կոստյում:
ՏՂԱՄԱՐԴ. Դա է՞լ ես երեսով տալիս… լսիր, եթե ճանաչում էիր, ու՞ր էիր լկրտվում այդ մորուքավորի
հետ:
ԿԻՆ. Ինչ ասացի՞ր… լկրտվու՞մ… այդ ինչպե՞ս ես խոսում ինձ հետ: Ես քո կինը չեմ դեռ:
ՏՂԱՄԱՐԴ. Միայն Զագսում չենք եղել:
ԿԻՆ. Նշանակություն չունի, ես քո կինը չեմ:
ՏՂԱՄԱՐԴ (ափերից ելած). Եվ չե՛ս էլ լինի… ես միտք չունեմ իմ կյանքը դժոխք դարձնելու (վեր է
կենում). Համարիր թե ամեն ինչ վերջացած է: Ես չկարողացա քեզ հասկանալ… մեկ սիրո
խոստովանություններ ես անում, մեկ հայտարարում ես, որ երջանիկ ես ինձ հետ, մեկ էլ այնպիսի բաներ ես
անում, որ մնում եմ ապշած: Որի՞ն հավատամ:
ԿԻՆ. Առաջին հերթին մարդ պիտի իրեն հավատա: Դու քեզ հավատու՞մ ես… Եթե հավատում ես, ուրիշ բան
չպիտի մտածես: Մեծ սերն այդպես է:
ՏՂԱՄԱՐԴ. Դու դիտմամբ ես այդ ամենն անում, որ ինձ ջղայնացնես: Աստված իմ, պատկերացնում եմ, թե
ինչպիսի կյանք է սպասում ինձ: Ժաննայի մասին էիր ասում՝ թեթևսոլի՜կ է, ա՛յս է, ա՛յն է, իսկ դու նրանից
անցար (դադար). Չեմ հասկանում, ուղղակի զարմանում եմ… Քեզ հաշիվ տալի՞ս ես, թե ինչ ես անում,
գոնե ինքդ հասկանու՞մ ես քո արածը:
ԿԻՆ (Գրեթե մեկուսի). Սա դիմակահանդես է:
ՏՂԱՄԱՐԴ. Ի՞նչն է դիմակահանդես… քո արա՞ծը… Ախ, դու այս պարահանդես-դիմակահանդե՞սը նկատի
ունես: Ես եմ մեղավոր, ես այս ամենը սարքեցի, ասացի ուսանողներ են, թող մի քիչ զվարճանան
քննություններից հետո, հանգստանան: Լավ զվարճացանք, խոսք չունեմ ասելու, հատկապես ես… Ուրիշները

իրենց համար ոնց որ պետքն է պարում են, կատակում, միայն դու ես, որ մեկ էստրադա ես թռչում ու
երգում, մեկ նստում դաշնամուրի առաջ, նվագում սատանան գիտի, թե ինչ, մեկ էլ քաշքշվում ես ինչ-որ
մորուքավոր մի անառակի հետ: Ի դեպ, որտեղի՞ց էր հայտնվել այստեղ, ինչքան գիտեմ ուսանող չէ ու նրան
ոչ ոք չէր հրավիրել:
ԿԻՆ. Որտեղի՞ց վերցրեցիր, թե անառակ է: Հետո, ես նրան առաջին անգամ եմ տեսնում:
ՏՂԱՄԱՐԴ. Ինչ ասացի՞ր… հապա մի կրկնի՞ր, կրկնիր, ասում ես, առաջին անգա՞մ ես տեսնում:

Աղջիկը չի պատասխանում, բայց նա, ասես նոր ուժեր առած անցնում է հարձակման:

ԿԻՆ. Դու պարզապես էգոիստ ես, մեծամիտ: Դե իհարկե, դեռ չավարտած դարձել ես համալսարանի
պարտկոմը: Քեզ առաջնորդի տեղ ես դրել, քեզ համար ուրիշները ոչ մի արժեք չունեն, դու ես որ կաս: Ի՞նչ
ես կպել ինձ, ի՞նչ եմ արել:
ՏՂԱՄԱՐԴ. (Հանգստացած). Հենց նոր դու սուտ ասացիր, սուտ… քանի անգամ եմ քեզ տեսել այդ
մորուքավորի հետ: Մեկ շուկայից զամբյուղներդ է տուն բերում, մեկ միասին պաղպաղակ եք ուտում… Ինչ
է, կարծում ես չե՞մ տեսել:
ԿԻՆ. Բա որ ասում եմ… Դու ինքդ քեզ մատնեցիր… հետևում ես ինձ, ամենուր հետևում ես: Կուզես
իմանալ հենց դրա համար ասացի թե առաջին անգամ եմ տեսնում, որ խոստովանես թե հետևում ես:
Նպատակիս հասա, պարզեցի… աստվա՜ծ իմ, ես կին եմ: Եվ եթե հավատանք քո ասածներին՝ բավական
հետաքրքիր: Մարդիկ կարող են մոտենալ, նույնիսկ խոսել ինձ հետ, այդ չի նշանակում թե դավաճանում եմ
քեզ… խանդում ես, դատարկ, անմիտ տեղը խանդում ես: Ի դեպ, այդ մորուքավոր կոչեցյալը շատ
պատվարժան մարդ է: Քանի անգամ է ինձ տեսել քեզ հետ և ոչ մի անգամ նույնիսկ չի հարցրել, թե ով ես:
ՏՂԱՄԱՐԴ. Ես հիմա կխելագարվեմ, էս ի՞նչ է ասում: Դու ի՛նչ է, մեզ նույնացնու՞մ ես… Ուրեմն ձեր
հարաբերությունը նույնն է ինչ որ մե՞րը… Որ այդպես է գնա քո մորուքավորի հետ ինչ ուզում ես արա…
չէի կարծում, թե դու այդպես կարող ես մտածել… իսկ ես, ավանակս, կարծում էի, թե նրա համար միակն
եմ, ինչպես ինքն է ինձ համար միակը… (կարծես ինչ-որ բան հիշելով), լսի՛ր, չլինի՞ դու ուրիշն էլ ունես,
քեզանից սպասելու է:
ԿԻՆ. Շարունակիր, շարունակիր, քո տափակությունները սովորաբար վերջ չեն ունենում: Եվ դեռ ասում
ես, թե սիրում ես: Ինչպե՞ս կարող ես այդպես մտածել (սկսում է լաց շիներ բարձրաձայն, հիստերիկ):
Նրանք ո՞վ են ինձ համար, երկրպագուներ միայն… այո, գուցե նրանց հաճոյախոսություններն ինձ մի քիչ

դուր են գալիս, գուցե նրանց հետ մի քիչ սեթևեթում եմ… ինչպես ամեն մի կին… Այդ քո ասած
մորուքավորը օձի լեզու ունի, քաղցր բաներ է ասում, գրողը տանի, գուցե իսկապես ինձ մի քիչ դուր են
գալիս դրանք՝ քեզնից նման բաներ ես չեմ լսում… նա, հասկանու՞մ ես, մի տեսակ լրացնում է քեզ…
ՏՂԱՄԱՐԴ. Ինչե՜ր է խոսում այս աղջիկը:
ԿԻՆ. Դու կոնկրետ մարդ ես, ինչ-որ տեղ՝ չոր… աստված իմ, ես կարծես ուզում եմ արդարանալ, ես
արդարանալու բան չունեմ, նույնիսկ վիրավորական է… ինչու՞ ես ստորացնում ինձ, ես քեզ ի՞նչ եմ արել…
Եթե այդքան կասկածամիտ ես, ճիշտ ես ասում, արի վերջ տանք, կարող ենք այլևս չհանդիպել:
ՏՂԱՄԱՐԴ. Տեսնու՞մ ես, ինչքան հեշտ ես ասում՝ «կարող ենք չհանդիպել»: Մի՞թե մերը հանդիպում է
միայն: Երկու տարի է մի ընտանիքի նման ենք (դադար). Ինձ նստեցնում ես հիվանդ մորդ մոտ, գնում ես
դեղատուն: Սպասում եմ մի ժամ, երկու ժամ՝ չկաս: Մայրդ ցավերից ճչում է, վազում եմ դեղատուն մի բան
բերելու և ի՜նչ… տեսնում եմ, որ դու այդ մորուքավորի հետ անկյունում կանգնած, լեզուս չի պտտվում, որ
ասեմ, սիլի-բիլի ես անում:
ԿԻՆ. Ասացի, չէ՞, որ հետևում ես ինձ: Պատահաբար հանդիպեցի: Նա ինձ լուրջ բան էր ուզում ասել…
կուզես իմանալ, առաջարկություն էր անում, ամուսնանալ է ուզում, հասկանու՞մ ես, հո չէի ասի՝ կորի
գնա:
ՏՂԱՄԱՐԴ. Կարող էիր ասել ամուսնացած ես:
ԿԻՆ. Սու՞տ ասեի… Դե ինչ ասեմ, ամեն ինչ դու ես որոշում: Որոշել ես, որ արդեն ամուսնացել ենք և
վերջ: Դրա համար էլ վարվում ես ինձ հետ, ինչպես կնոջդ հետ կվարվեիր… իսկ իմ կարծիքը հարցրե՞լ ես…
քեզ եմ ասում, հը՞…
ՏՂԱՄԱՐԴ. Այդքան բան լինելուց հետո էլ ի՞նչ կարծիք, ամեն անգամ պատճառ ես ունեցել և չես եկել
ԶԱԳՍ, ո՞վ է մեղավոր: Դու չես ուզում գրանցվել:
ԿԻՆ. Ես եմ մեղավոր, անշուշտ… իհարկե՝ ընդառաջ եմ գնացել քո բոլոր քմահաճույքներին, մի՛շտ, դրա
համար էլ երես ես առել:
ՏՂԱՄԱՐԴ. Ինչե՞ր ես խոսում…
ԿԻՆ. Ինչ որ լսեցիր: Կուզես իմանալ՝ ատում եմ քո այդ ինքնավստահությունը, քո ընդգծված կամքը: Գալիս
ասում ես այսօր գնում ենք կինո՝ ոչ մի առարկություն, գնում ենք, գնում ենք մեր տուն՝ գալիս եմ, այս
երեկո այգի գնանք՝ ես էլ հետևիցդ վազում եմ… հիմար եմ ես, հիմար, մի օր չեղավ, որ պնդեի հակառակն
անել: Դե դու էլ ուրախ ես դրա համար, տիկնիկ ես գտել, ինչ ուզում, այն էլ անում ես: Մտքովս էլ չի
անցնում, թե դու քո որոշումներն ես պարտադրում ինձ, ինչպես քո կուսակցական որոշումները, որ մենակ

գրում, բերում փաթաթում ես կոմիտեի վզին… Մի անգամ նույնիսկ դրա համար քո դեմ խոսեցին:
ՏՂԱՄԱՐԴ. Ախր ի՛նչ կոմիտե, ի՛նչ որոշում, մենք այդ քստմնելի մորուքավորի մասին ենք խոսում:
ԿԻՆ. Այ, տեսնու՞մ ես, իմ ասածները քեզ համար հետաքրքիր չեն… Եվ այդ մորուքավորն էլ բոլորովին
քստմնելի չէ, հասկացա՞ր:
ՏՂԱՄԱՐԴ. Հասկացա… հիմա հասկացա (դադար), դիմակդ ու՞ր է…
ԿԻՆ. (Զարմացած). Ի՞նչ դիմակ:
ՏՂԱՄԱՐԴ. Նոր որ հագել էիր… իզուր ես հանել, քեզ սազում էր:
ԿԻՆ (դիմակը դնելով). Ահա, դրեցի, հետո՞…
ՏՂԱՄԱՐԴ. Հետո այն, որ այս դիմակը քեզ ավելի է սազում, քան նախորդը:
ԿԻՆ. Ի՞նչ նախորդ, ինչե՞ր ես խոսում:
ՏՂԱՄԱՐԴ. Ինձ թվում է, թե դու անընդհատ դիմակ ես փոխում: Չեմ հասկանում, թե որն է իսկականը, որն
ես դու: Հաճախ չեմ ճանաչում քեզ:
ԿԻՆ. (Դիմակը հանում շպրտում է մի կողմ). Ես նույնիսկ սրանով էլ իսկական եմ… հասկանալ է պետք
(դադար). Դու ճիշտ ես… Տարիներ շարունակ հիվանդ մայր եմ խնամել՝ ապրել եմ նրա հոգսերով, նրա
ցավերով… իսկ երբ գալիս եմ համալսարան՝ այլ եմ, քեզ հետ ուրիշ տեսակ եմ… Բայց դա այն չէ ինչ դու
ակնարկում ես…
ՏՂԱՄԱՐԴ. Դա ես հասկանում եմ… բայց դու, դո՛ւ ինձ չես հասկանում… Լավ, արի չկռվենք, չէ՞ որ ամեն
ինչ կարելի է հանգիստ քննարկել: Գիտես որ ես առանց քեզ չեմ կարող, թքած այդ մորուքավորի վրա էլ,
մյուսների էլ: Իմ կյանքն էլ տոն չէ, ես էլ այդ անիծված աշխատանքում ինձ յոթերորդ երկնքում չեմ
զգում… Դու չես կարող պատկերացնել, թե այդ կոմիտե կոչվածի շուրջը ովքեր են պտտվում՝
կարյերիստներ կան, կլյաուզնիկներ, ինչ տիպ ասես որ չկա: Ես միշտ լարված վիճակի մեջ եմ, ստիպված եմ
լռել այնտեղ, որտեղ պիտի խոսես, խոսում ես այնտեղ ուր պիտի լռես: Ես հանգստանում եմ միայն քեզ հետ,
դու էլ ինձ այսպես խաղացնում ես…
ԿԻՆ. Իսկ դու թքիր ու դուրս արի, ի՞նչ ես կպել այդ կոմիտեին, ի՞նչ է տալու քեզ:

Երկարատև լռություն:

ՏՂԱՄԱՐԴ. Հեշտ է ասելը… Ապագայի հարց է, ի՞նչ պիտի անեմ ես:
ԿԻՆ. Մասնագիտություն ես ստանում:

ՏՂԱՄԱՐԴ. Շունը պոչը պտտի իմ մասնագիտության տերերին է կպնում:
ԿԻՆ. Հասկացա… Պաշտոնի ես ձգտում:
ՏՂԱՄԱՐԴ. Թեկուզ… ի՞նչ վատ բան կա դրա մեջ, եթե գիտես որ լավ կաշխատես: Հրեն, քանիսին գիտեմ,
որ պաշտոնի են հասել ու մատը մատին չեն խփում, որ կյանքը մի քիչ լավանա:
ԿԻՆ. Իսկ դու ի՞նչ կանես… ինչպես կանես, եթե դրվածքն այդպես է:
ՏՂԱՄԱՐԴ. Ինչպիսի՞ն է դրվածքը… մեկը լավ բան է անում, մյուսը միայն իր մասին է մտածում, երրորդը
ոչինչ չի անում, կարծում է պաշտոնը իրեն տրված է որպես երկնային պարգև և ինչ կուզի այն էլ կանի…
եթե սա նկատի ունես, ճիշտ ես:
ԿԻՆ. Հետաքրքիր է, թե քեզ դու որ տեսակի մեջ ես դնում:
ՏՂԱՄԱՐԴ. Չգիտեմ… միայն մի բան լավ գիտեմ՝ վերևներում ապուշներն ինչքան քիչ լինեն՝ այնքան լավ:
ԿԻՆ. Հասկացա, դու էլ գնում ես ապուշների շարքերը նոսրացնելու… Չե՞ս մտածում, որ քո արածը
անիմաստ, անօգուտ բան է: Ջուրն էլի իր ճամփով կգա ու կգնա:
ՏՂԱՄԱՐԴ. Այ դա ես չեմ ուզում հասկանալ: Այդպես մտածելով ենք այս օրին հասել… Հարկավոր է
պայքարել…
ԿԻՆ. Ինչի՞ դեմ… քո ասածը Դոնկիխոտություն է, անիմաստ բան:
ՏՂԱՄԱՐԴ. Եթե բոլորն ինձ նման մտածեն՝ շատ բանի կարելի է հասնել:
ԿԻՆ. Այ, այդ էլ ես չեմ հասկանում:
ՏՂԱՄԱՐԴ. Դե լավ. հերն էլ անիծած, աշխարհի բոլոր հոգսերը մեզ չեն տրված… Մոռացա քեզ ասել՝ ինձ
բնակարան են խոստացել և… առաջ են քաշում:
ԿԻՆ. Եթե գաղտնիք չէ՝ ու՞ր…
ՏՂԱՄԱՐԴ. Գաղտնիք է… Կարծեմ քաղկոմ են ուզում տանել… բնակարան կստանանք, մարդավարի տուն-
տեղ կդնենք, միայն թե հոգուս հետ մի խաղա, լա՞վ: Ուզում եմ որ ինձ հասկանաս… ես չեմ խանդում,
ջղայնանում եմ… ինձ այնպես է թվում, թե դու այդ ամենն անում ես, որ ինձ ափերից հանես:
ԿԻՆ. Հանուն ինչի՞… ախր ես քեզ սիրում եմ, ո՞նց դու ինձ չես հասկանում: Ինձ ինչ, թե ինչ են խոսում
ուրիշները, կարևորը դու ես… Կարծում ես չե՞մ զգում, թե ինչ ես անում ինձ համար (փաթաթվում է
տղամարդուն). Սիրում եմ քեզ… սա է կարևորը: Ինձնից դու մի նեղանա… իմ մեջ մի տեսակ սատանա կա
նստած, դեռևս հայրիկս էր ասում… այդ սատանան երբեմն ինձ հունից հանում է… Դու մի նեղացիր, ազնիվ
խոսք, ես վատը չեմ… սիրում եմ քեզ, միայն քեզ…
ՄԹՆԵՑՈՒՄ

ՊԱՏԿԵՐ ՉՈՐՐՈՐԴ

Նորից նույն նստարանը: Մի քիչ ցուրտ է՝ ավելի տաք են հագնված: Կինը ծիծաղում է, անզուսպ ծիծաղով:
Տղամարդը շփոթված նրան է նայում:
ՏՂԱՄԱՐԴ. Չեմ հասկանում, ինչու՞ ես ծիծաղում:
ԿԻՆ. Ինչու՞… (նորից ծիծաղում է). Ես հիշում եմ քո կերպարանքը, ինձ որ տեսար, մի տեսակ դեմքդ
երկարեց (ծիծաղում է). Վա՜յ, աստված, այն ի՞նչ կատարվեց քեզ հետ:
ՏՂԱՄԱՐԴ. Ոչինչ էլ ինձ հետ չկատարվեց, դա քո երևակայության արդյունքն է, պարզապես ուզում էիր որ
մի բան պատահեր:
ԿԻՆ. Շփոթվեցիր, խառնվեցիր իրար… մի խոսքով, դու քեզ կորցրեցիր (ծիծաղում է): Դու, իհարկե, չէիր
սպասում, թե ես ետ կդառնամ… իսկ ես ետ եկա… Ախր ես տեսել էի որ Ժաննան այստեղ է:
ՏՂԱՄԱՐԴ. Իսկ ես իսկի պատկերացում էլ չունեի, թե այստեղ է, միամիտ հանդիպեցի:
ԿԻՆ. Միամիտ… չէ՜ մի… Տուն էի գնում ծանր սրտով, դրա համար էլ հենց որ տեսա մորաքույրս տանն է,
ետ եկա… մի տեսակ կանխազգացում ունեի… հավատացած էի որ ձեզ միասին կտեսնեմ:
ՏՂԱՄԱՐԴ. Հիմարություն… Մենք միանգամայն պատահաբար հանդիպեցինք: Ախր ես նրան արդեն երկու
տարի էր չէի տեսել… ի՞նչ իմանայի որ այստեղ է:
ԿԻՆ. Հա, իհարկե, և պատահաբար էլ հայտնվեցիք միևնույն մակույկում:
ՏՂԱՄԱՐԴ. Ախր ի՞նչ կա որ… ի՞նչ է եղել: Անցնում էի ավազանի մոտով, տեսա Ժաննան մակույկ է
նստում, ինձ որ տեսավ ձայն տվեց: Ասաց, գիտե՞ս, նավակ եմ վերցրել, բայց թիավարել չգիտեմ. Դե ես
էլ…
ԿԻՆ. (ընդհատում է). Թիավարել չգիտի, բայց նավակ է վերցնում… այդպես չի լինում… ուրեմն քեզ է
սպասել: Քեզ էլ հենց այդ էր պետք, այդպես չէ՞… ասա որ պայմանավորված էիք:
ՏՂԱՄԱՐԴ. Ինձ ու՞մ տեղ ես դրել… ուրեմն ես երկուսիդ հետ էլ պայմանավորվել էի նույն ժամի՞ն, նույն
տեղու՞մ… հիմա՞ր եմ, ինչ է:
ԿԻՆ. (նայում է աջ). Հալա մի դու դրա՜ն տես… այստեղ է գալիս… չէ՛, այս աղջիկը ամոթ չունի:
ՏՂԱՄԱՐԴ. Ո՞վ ասաց որ այստեղ է գալիս… հա՛, էլի, այստեղ է գալիս.
ԿԻՆ. Չեմ ուզում դրան տեսնել… գնա ընդառաջ, ինչ ասում է թող առանձին ասի… (Տղամարդը դուրս է
գալիս). Սրան տես, մենակ այգի է գալիս… Որսի է դուրս եկել… (Զայրացած աջ ու ձախ է դառնում,
մտնում է տղամարդը):

ՏՂԱՄԱՐԴ. Ինչ-որ բանալի է կորցրել, հարցնում էր, թե չե՞մ տեսել…
ԿԻՆ. Տեսնու՞մ ես… եթե ինքը չի տվել, ինչպե՞ս կարող էր բանալին քո մոտ հայտնվել…
ՏՂԱՄԱՐԴ. Վերջ տուր, հոգնեցի քո կասկածներից… Ո՞վ ասաց, թե բանալին ինձ մոտ էր…
ԿԻՆ. (Մեղմ). Իսկ ես… կուզե՞ս խոստովանեմ… ես հավատում եմ, որ դու նրան չէիր տեսել:
ՏՂԱՄԱՐԴ. Իսկապե՞ս… ինչ լավ է որ հավատում ես: Էլի փառք աստծու:
ԿԻՆ. Բայց դու գոնե հասկացա՞ր, որ նման պատահական հանդիպումներ էլ են լինում…
ՏՂԱՄԱՐԴ. Լինում են… ես ի՞նչ եմ ասել… (դադար). Հիմա որ մորդ մոտ մարդ կա, կգա՞ս մեր նոր տունը
տեսնելու:
ԿԻՆ. Մի շաբաթ է ինչ օրդերն ստացել ես, դատարկ տունը ի՞նչ գամ տեսնեմ: Մնա, կկահավորես նոր
կգամ:
ՏՂԱՄԱՐԴ. Կահավորված է…
ԿԻՆ. Չի՛ կարող պատահել… մի շաբաթու՞մ…
ՏՂԱՄԱՐԴ. Քաղկոմի քարտուղարի համար դա պրոբլեմ չէ: Առևտրի բաժնի վարիչին մի թեթև ասացի՝
երկու օրում կահավորեց:
ԿԻՆ. Ինչ արե՞ց… չհասկացա, ու՞մ հաշվին:
ՏՂԱՄԱՐԴ. Պարզ է, իմ հաշվին… Կներկայացնի ինչքան է ծախսվել… ճիշտ է առայժմ չի ուզում ասել, թե
ինչքան, բայց ու՞ր պիտի գնա՝ կասի:
ԿԻՆ. Չի՛ ասի:
ՏՂԱՄԱՐԴ. Ինչու՞… ինչու՞ չպիտի ասի:
ԿԻՆ (Ծիծաղելով). Հիմար մի ձևանա, նա քեզ կաշառք է տվել: Չե՞ս հասկանում, հազիվ ձեռքն ես ընկել:
ՏՂԱՄԱՐԴ. Չի կարող պատահել, նա ինձնից կվախենա, չի անի:
ԿԻՆ. Կանի… ասում եմ չէ՞՝ հազիվ ձեռքն ես ընկել: (Ծիծաղում է). Բա ի՞նչ անի խեղճը, պոկեր,
պրեֆերանս չես խաղում, որ ստից տարվի… այդպես անում են չէ՞, դու ես պատմել: Խմող չես… դե նա էլ
ուրախացել է, դու ես առաջարկել… Նա հիմա մտածում է, թե հազիվ խելքի ես եկել, այսպես ասած՝ մարդ
ես դառել:
ՏՂԱՄԱՐԴ. Ես այդպես չեմ թողնի, ես նրա հարցը կքննեմ… ես նրան…
ԿԻՆ. Ոչինչ չես անի… այդ բոլորը նա առաջինի հետ վաղուց է անում… Դու նրա համար պահեստային
տարբերակ ես: Հետո՝ ախր երեք սենյակ է կահավորել, որ ուզենաս էլ այդքան փող տալ՝ չես կարող:
ՏՂԱՄԱՐԴ. Պարտք կանեմ… հիմա ինձ ուրախությամբ են պարտք տալիս:

ԿԻՆ. Կապրենք, կտեսնենք… արի այդ մասին չխոսենք:
ՏՂԱՄԱՐԴ (Ուրախացած). Գնա՞նք, գալի՞ս ես: Ախր քեզ համար եմ այդ տունն ստացել… Վերջապես պիտի
խելքի գա՞նք, թե չէ… կտեղափոխվես ինձ մոտ, մայրդ առանձին սենյակ կունենա:
ԿԻՆ. Ասում ես գնա՞նք (վեր է կենում և նորից սկսում է բարձր ծիծաղել):
ՏՂԱՄԱՐԴ. Էլի ի՞նչ պատահեց:
ԿԻՆ. Ոչինչ, նորից հիշեցի քո կերպարանքը մակույկի մեջ (ծիծաղում է):
ՄԹՆԵՑՈՒՄ

ՊԱՏԿԵՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Նստարանին միայն կինն է նստած, փոխվել է, երևում է, որ տարիներ են անցել: Մի կողմի վրա ընկած է մանկական
մի հեծանիվ, կնոջ ծնկներին մանկական բաճկոն ու գլխարկ կա: Կինը ուշադիր նայում է դեպի ձախ ու ժպտում:
Երևում է, որ նա հետևում է երեխային: Հայտնվում է տղամարդը: Փոխված է, մի փոքր կոտրված:
ՏՂԱՄԱՐԴ. Գալիս էի ու մտածում՝ կտեսնե՞մ քեզ այստեղ:
ԿԻՆ. Հիմա ես ավելի հաճախ եմ այստեղ գալիս:
ՏՂԱՄԱՐԴ. Ի՞նչ առիթով:
ԿԻՆ. (Վերցնում է երեխայի բաճկոնն ու գլխարկը, ցույց է տալիս). Ահա այս առիթով:
ՏՂԱՄԱՐԴ. (Զարմացած). Սպասիր… Այդ երեխան…
ԿԻՆ. Ես տեսա, դու հետը խաղում էիր…
ՏՂԱՄԱՐԴ. Չի՜ կարող պատահել… ասենք, ինչու՞ եմ զարմանում… քանի տարի է անցել:
ԿԻՆ. Այո… ժամանակ շատ է անցել… տեսնու՞մ ես ինչ տղա է դարձել:
ՏՂԱՄԱՐԴ. Չգիտեի, դու ինձ ոչինչ չես ասել… լավ երեխա է… Ավազից տներ է շինում, բուրգեր, իմ
շինածը չհավանեց, քանդեց… ասում է մեծերն անշնորհք են, չեն կարողանում հասարակ տուն շինել…
ԿԻՆ. Վերջին անգամ ե՞րբ ենք հանդիպել, հիշու՞մ ես: Շուտով դպրոց կգնա, բայց դեռ խելքի չի եկել,
ամբողջ օրը ավազների մեջ է… հեծանիվ եմ առել, բայց տեսնու՞մ ես, էլի ավազներից դուրս չի գալիս:
ՏՂԱՄԱՐԴ. Կարծում էի ամուսնացել գնացել ես քաղաքից… Երբ դու ասացիր, թե քաղաքից գնում ես՝ ես
այդպես մտածեցի… Ո՞ւր էիր գնացել:
ԿԻՆ. Ու՞ր պիտի գնամ… ոչ մի տեղ էլ չունեի գնալու: Պարզապես չէի ուզում, որ այն ժամանակ ինձ
տեսնեիր:
ՏՂԱՄԱՐԴ. Չհասկացա… ա՜ա՜, կարծես թե գլխի եմ ընկնում: Սրան տես, մի ամբողջ պատմություն էր

հնարել՝ մորաքույրս տեղափոխվում է մեզ մոտ… հնարավորություն ունեմ գնալու… իբր երկու տարով
պիտի մեկնեիր վերապատրաստման… ես էլ, հիմարս, հավատացի քեզ: Քո փոխարեն ես գնացի… Գիտես
չէ՞, որ ուրիշ քաղաքում եմ:
ԿԻՆ. Գիտեմ: Ես թերթ կարդում եմ:
ՏՂԱՄԱՐԴ. Սի անգամ զանգահարեցի տուն, անծանոթ մի կին պատասխանեց… մտածեցի՝ արդեն մեկնել
ես:
ԿԻՆ. Ինչպե՞ս եղավ որ տեղափոխեցին:
ՏՂԱՄԱՐԴ. Գե գիտես, ես ամենևին էլ դժգոհ չեմ: Երկու ժամում Երևան եմ հասնում, մարդիկ վատը չեն…
բայց արի տես, որ բարձր ղեկավարության հետ գործերս լավ չեն: Ինձանից ի՞նչ կուսակցական աշխատող,
իմ ի՞նչ գործն էր: Պետք է իմանաս որտեղ լռել և որտեղ խոսել, ամենակարևորը՝ ինչ խոսել: Տեղն ընկած
տեղը պետք է քծնես: Այս մեկը որ ես չսովորեցի, գլուխս եկածը ասում եմ: Դե նրանք էլ պարտքի տակ չեն
մնում, բզկտում են անընդհատ:
ԿԻՆ. (Ուշադիր զննում է). Շատ ես փոխվել:
ՏՂԱՄԱՐԴ. Դու էլ:
ԿԻՆ. Այնպես անհայտացար որ… չէի՞ր կարող զանգահարել:
ՏՂԱՄԱՐԴ. Ասացի չէ, զանգահարել եմ: Ասացին տանը չես, երբ կգաս, հարցրեցի՝ չգիտեին: Գիտե՞ս, ինձ
ավելորդ էի զգում մի տեսակ: Դու ես մեղավոր… պատմություններ էիր հնարել… ես էլ եմ մեղավոր, պիտի
քո ամեն ասածը հալած յուղի տեղ չդնեի:
ԿԻՆ. Անհուսալի՞ եմ (դադար). Մի՞թե մենք գիտենք, թե ինչ ենք ուզում… այսօր մեր ուզածն այս է, մյուս
օրը մի ուրիշ բան: Ուրիշին հասկանալն ավելի հեշտ է, քան ինքդ քեզ… ես ինքս շատ էի փոշմանել, որ
խաբել եմ քեզ… Հիմա չեմ կարող, բայց կգա ժամանակ, որ կբացատրեմ քեզ… իսկ ընդհանրապես, քեզ վրա
շատ էի ջղայնացած: ՏՂԱՄԱՐԴ. Ջղայնացա՞ծ… ախր ի՞նչ եմ արել:
ԿԻՆ. Երբ դու քո այն շքեղ կահավորված բնակարանը ցույց էիր տալիս՝ ես ինձ շատ ստորացած էի զգում:
Ես այն ժամանակ որոշեցի, որ այդպիսի տան մեջ քեզ հետ ապրելով, կդառնամ քո ստրուկը… Սպասիր, մի
խանգարիր… Դու այնպես էիր ամեն ինչ ցույց տալիս, հպարտանում… իսկ ես գիտեի, որ այդ ամենը
ընդամենը կաշառք է: ՏՂԱՄԱՐԴ. Ինչե՞ր ես ասում, ի՞նչ կաշառք… Ես այդ տիպին ամբողջ գումարը,
մինչև վերջին կոպեկը ետ տվի: Ես հիմա եմ հասկանում՝ ինչու ենք այսպես օտարանում իրարից: Դու ինձ
ոչ միայն չես հավատում, այլև չես ճանաչում: Եթե դու ինձ ճանաչեիր՝ մտքովդ չէր անցնի, թե ես այդպիսի
բան կանեմ:

ԿԻՆ. Շատ մի երդվիր… Դու ինքդ ես պատմել, թե ինչեր են անում քո պաշտոնակիցները… Լավ, ի՞նչ ենք
այսքան ժամանակ դատարկ բաներից խոսում… Ասա դու ինչպե՞ս ես, քանի՞ երեխա ունես:
ՏՂԱՄԱՐԴ. Ես այդպես էլ մենակ մնացի, չամուսնացա:
ԿԻՆ. Մի քանի անգամ քեզ տեսել եմ մի կնոջ հետ… կարծում էի ամուսնացել ես:
ՏՂԱՄԱՐԴ. Ի՞նձ… կնոջ հե՞տ… մի ծիծաղացրու…
ԿԻՆ. Կարմրաշեկ մազերով մի կին էր… տեսել եմ: Մի անգամ էլ հեռուստացույցով, հանդիսավոր նիստի
ժամանակ կողքիդ էր նստած:
ՏՂԱՄԱՐԴ. Կարմրաշե՞կ… ա՜ա… Դա իմ երկրորդ քարտուղարն է. պլենումների կամ ակտիվի նիստերին
միշտ միասին ենք գալիս… Սրան նայիր, կարմրաշե՜կ… Այդ կարմրաշեկը չորս երեխա ունի:
ԿԻՆ. Դե ես ձեզ միասին եմ տեսել, ի՞նչ իմանամ թե ով է: Կարծում էի ամուսնացել ես:
ՏՂԱՄԱՐԴ. Եթե կարողանայի՜… այստեղի բնակարանն այդպես էլ մնաց դատարկ, իսկ ես ալիքի վրա
ընկած տաշեղի նման ճոճվում եմ՝ այսօր այստեղ եմ, վաղը այնտեղ: Մի կարգին մասնագիտություն որ
ունենայի նստակյաց կյանք կվարեի, գուցե այլ կերպ դասավորվեր ճակատագիրս:
ԿԻՆ. Դու այդ միայն հիմա՞ հասկացար: Ես ե՞րբ եմ քեզ ասել, բայց դու ու՞մ ես լսում որ:
ՏՂԱՄԱՐԴ. Կյանքն ավելի բարդ բան է, քան մենք կարծում ենք… ախր այսպես ասում եմ, բայց
միաժամանակ սիրում եմ իմ գործը: Երբ զգում եմ, որ լավ բան արեցի՝ ինձ լիովին վարձատրված եմ
համարում… իսկ ընդհանրապես, մարդ իր բնավորությունից չի կարող փախչել:
ԿԻՆ. Այո, մենք բոլորս էլ մեր բնավորության գերին ենք:
ՏՂԱՄԱՐԴ. (Նայում է դուրս). Լավ երեխա է, շինարար կդառնա:
ԿԻՆ. Ո՞վ գիտի, թե ինչ կդառնա… մեծանում է առանց հոր:
ՏՂԱՄԱՐԴ. Բաժանվե՞լ ես:
ԿԻՆ. Ումի՞ց:
ՏՂԱՄԱՐԴ. Ինչպես թե ումից, ամուսնուցդ:
ԿԻՆ. (Երկար լռությունից հետո). Իսկ ես իսկի չեմ էլ ամուսնացել:
ՏՂԱՄԱՐԴ. Ինչպե՞ս հասկանալ… ե՞րբ է տղան ծնվել:
ԿԻՆ. Ե՛րբ, ե՛րբ… ասացի շուտով դպրոց կգնա:
ՏՂԱՄԱՐԴ. Լավ, չեմ ուզում քո անձնական կյանքը փորփրել… մայրիկն ինչպե՞ս է:
ԿԻՆ. Նույնը… գամված է անկողնուն: Հիմա նույնիսկ սենյակում չի կարողանում քայլել… առաջ էլի
կարասիքը բռնելով կարողանում էր շարժվել, հիմա այդ էլ չկա: Անմարդկային ցավեր ունի, տառապում է

խեղճը… ամենասարսափելին այն է, որ ոչնչով չեմ կարողանում օգնել:
ՏՂԱՄԱՐԴ. Զզվելի հիվանդություն է: Որ նայում ես՝ ոչինչ չկա, ոչ սիրտն է հիվանդ, ոչ լյարդը, ամեն ինչ
տեղը-տեղին է:
ԿԻՆ. Ասում են Ռումինիայում մի բժիշկ կա՝ Բոյչիլ է անունը, դեղ է հնարել. օգնում է, ասում են:
Մեզանում չի ճարվում:
ՏՂԱՄԱՐԴ. Դեղի անունը գրիր տուր ինձ… ես կփորձեմ մեր ճանապարհներով ճարել… գուցե հենց
Ռումինիայից էլ բերել տամ:
ԿԻՆ.- (Ուրախացած). Ճի՞շտ… կանե՞ս… (բացում է պայուսակը): Ահա այստեղ ես ունեմ գրած, հենց բժշկի
անունով էլ կոչվում է՝ Բոյչիլ-Ֆորտե:
ՏՂԱՄԱՐԴ. Կփորձեմ: Կարծում եմ, որ պիտի հաջողվի (դադար)… Հա, ի՞նչ պատահեց քո Մորուքավորին…
ասում էիր սիրում է, ասում էիր պաշտում է… ինչու՞ հեռացավ:
ԿԻՆ. Նա ի՞նչ գործ ունի այստեղ և ո՞վ ասաց, թե հեռացավ… Բացի դրանից՝ նա չէ երեխայի հայրը: Ինքն
էլ գիտի, որ չէ:
ՏՂԱՄԱՐԴ. Ուրիշ է՞լ է եղել:
ԿԻՆ. (Երկարատև դադար). Եղել է:
ՏՂԱՄԱՐԴ. Իսկ օգնու՞մ է գոնե:
ԿԻՆ. (Հանգիստ). Նա չգիտի, որ երեխայի հայրն է (ձայնը բարձրացնելով). ես ոչ մի բանի կարիք չեմ
զգում, հասկացա՞ր…
ՏՂԱՄԱՐԴ. Այո, կան այդպիսիները… իրենց գործն անում են ու չքվում: Լսիր, ե՞րբ է ծնվել երեխան,
կարող՞ ես մարդավարի ասել… չլինի՞ թե…
ԿԻՆ. Մտքովդ չանցնի, նման բան չկա… կարող ես ստուգել:
ՏՂԱՄԱՐԴ. Ափսո՜ս… ես այնպիսի մի ջերմություն զգացի… Ինչ-որ մի բան ձգեց… լսիր, գուցե իսկապե՞ս
իմն է:
ԿԻՆ. Արի այլևս այդ մասին չխոսենք… Ուզում ես հեշտ ու հանգիստ երեխայի տե՞ր դառնալ:
ՏՂԱՄԱՐԴ. Ո՞ւր էր ինձ այդպիսի բախտ… Երևի դատապարտված եմ հավիտյան մենակ մնալու… Այդպես
էլ ամուսնանալ չկարողացա: Իհարկե ես ոչ մի բանի կարիք չունեմ… ապրում եմ քաղաքային հյուրանոցի
Լյուքս համարում: Հավաքող-թափող կա, ուտելիքը ռեստորանից են բերում… իսկ մնացածը… Մնացածը
ի՞նչ, ամբողջ օրը աշխատում եմ և դա է ինձ փրկում: Մի խոսքով, այնպես եմ արել, որ մենակությունը ինձ
չխեղդի… իսկ դա հնարավոր չէ… ես ինձ շատ մենակ եմ զգում:

ԿԻՆ. Մենք բոլորս ենք մենակ այս աշխարհում և ոչ ոք մեզ չի հասկանում: Երբեմն այնպես ենք ցույց
տալիս, թե իրար հասկանում ենք, բայց այդքանը միայն, ոչ ավել, ոչ պակաս, էլի մենակ ենք ու մենակ:
ՏՂԱՄԱՐԴ. Դա արդեն փիլիսոփայություն է, մի բանում ճիշտ ես՝ մենակ ենք:
ԿԻՆ. Մենակությո՜ւն… առեղծվածային բան է այդ մենակությունը: Օրինակ քեռիս, անտառապահ է,
ապրում է անտառում, մի աղյուսե հյուղակ ունի: Մի անգամ հարցրի, թե մենակություն չի՞ զգում: Նա
ծիծաղեց. իսկ ես մենակ չեմ, ասաց: Մարդս պիտի կարողանա տեսնել իր շրջապատը և իր համար այնտեղ
բարեկամներ գտնի, մտերմանա նրանց հետ: Ահա այս ծառերը, որ շրջապատում են ինձ, մի՞թե կթողնեն որ
ես մենակություն զգամ, ամեն մեկն իր հոգսն ունի ու ինձնից օգնություն է խնդրում: Բա եղջերուները,
հավքերը… Ասում է, ես աչքս բաց եմ անում՝ տեսնում եմ արևը, ծառերը, խոտը, խոտերի վրա մագլցող
միջատներին ու բարևում եմ նրանց, ինչպես հարազատի, խոսում եմ հետները: Այստեղ մի կխտար կա,
փոքրուց դեռ գիտեմ իրեն… ամեն առավոտ գալիս է ինձ մոտ, պատկերացնու՞մ ես, կանգնում է ու գլխով
անում… բարևում է ինձ: Ես նրան մի կտոր հաց եմ տալիս, նա ուտում է, դարձյալ գլխով է անում ու
թռչկոտելով հեռանում: Այսպես է ասում քեռիս… իսկ մենք մարդկանց մեջ էլ սրտակից հարազատներ չենք
տեսնում:
ՏՂԱՄԱՐԴ. Չէ, իսկապես փիլիսոփա ես դարձել: Մի բանում ճիշտ ես: Իրար չենք հասկանում: Մենք ենք
մեղավոր, ամեն ինչ անում ենք, որ մենակ մնանք: Օրինակ դու՝ ամեն ինչ արեցիր դրա համար: Մեկին
չգտար, որ կողքիդ լիներ… ի՞նչ մարդ ես դու, քեզ չես խնայում, գոնե ուրիշներին խղճա: Արի գնանք ինձ
հետ, իմ քաղաքը լավն է՝ ամառանոցային… լավ կլինի քեզ համար, ազնիվ խոսք:
ԿԻՆ, (Խոսում է, բայց ուշքն ու միտքը դուրսն է). Իսկ մորս մասին մտածե՞լ ես… այստեղ մորաքույրս
գալիս զբաղեցնում է նրան, խնամում մինչև իմ տուն գալը… ես որ եկա ի՞նչ է լինելու:
ՏՂԱՄԱՐԴ. Դժվար խնդիր է… բան չունեմ ասելու՝ պրոբլեմ է:
ԿԻՆ. (Նայում է դուրս). Ու՞ր է գնում անպիտանը (վեր է կենում). Ու՞ր գնաց… ես հիմա (դուրս է գալիս):
ՄԹՆԵՑՈՒՄ

ՊԱՏԿԵՐ ՎԵՑԵՐՈՐԴ

Տղամարդն օրորվելով, հազիվ իրեն ոտքի վրա պահելով, պտտվում է նստարանի շուրջը: Մտնում է Կինը: Նկատելով
Տղամարդուն մի պահ մնում է բեմի մյուս ծայրում կանգնած: Հետո մոտենում է:
ԿԻՆ. Այդ ի՞նչ ես անում:
ՏՂԱՄԱՐԴ. Աա՜… ահա՜ թե որտեղ ես… իսկ ես քեզ եմ փնտրում:

ԿԻՆ. Նստարանի տա՞կ:
ՏՂԱՄԱՐԴ. (Թատերական ժեստով). Նստեցեք խնդրեմ… ի՞նչ ես այդպես աչքերդ չռել վրաս… Նստիր,
նստիր, ես քեզ բան ունեմ ասելու: Ես քեզ այնքա՜ն բան ունեմ պատմելու… ուզու՞մ ես հեքիաթ պատմեմ…
Ես շա՜տ, շա՜տ հեքիաթներ գիտեմ… Լինում է չի լինում… ի՞նչ է լինում… հա…
ԿԻՆ. (Հուզված). Դու խմել ես… ես քեզ այս վիճակում չէի տեսել: Դու ախր բերանդ խմիչք չէիր առնում,
ի՞նչ է պատահել քեզ (մոտենում է Տղամարդուն, թևից բռնելով ուզում է նստեցնել). Նստի՜ր…
ՏՂԱՄԱՐԴ. Դու էլ… դու էլ նստիր…
ԿԻՆ. Հա՜, հա՜, ես էլ կնստեմ (նստեցնում է առաջ Տղամարդուն ինքն էլ նստում է կողքին). Նստիր, ահա
այսպես: Դե հիմա ասա, ի՞նչ է պատահել:
ՏՂԱՄԱՐԴ. Ի՛նչ է, էսպես լավ չե՞մ:
ԿԻՆ. Լավ ես, լավ… Ինչու՞ ես քաղաքում, երեկ ասում էիր, թե բյուրոյից հետո ուղիղ գնալու ես քո
քաղաքը:
ՏՂԱՄԱՐԴ. Իմ քաղաքը… քաղաք չկա՜, ես էլ չկա՜մ… այսինքն ես կամ, քաղաքը չկա: Հիմա մի հեռավոր
շրջան կա… է՜… Ադրբեջանի սահմանին:
ԿԻՆ. Ես քեզ չեմ հասկանում:
ՏՂԱՄԱՐԴ. (Ծիծաղում է). Հասկանալու՞ բան է, որ հասկանաս… ես երեկ ու՞ր գնացի՝ բյուրո…
ամենաբարձր ատյանը մեր երկրում… իսկ այդ բյուրոներում ամեն բան կարող է պատահել… Եվ
պատահեց… Ասում են այդ շրջանում անհանգիստ է, ինչ-որ հաշիվներ կան հարևանների հետ, գնա կարգի
գցիր… Դու ուժեղ ես, ասում են… Տեսնու՞մ ես ինչպիսի մտահոգություն և ինչ գնահատական… կարո՞ղ ես
առարկել՝ իհարկե ոչ, ինչ է, դու համաձայն չե՞ս որ ուժեղ ես… Դրանով ասում են՝ ոչ թե քեզ հանում ենք,
այլ վստահում կարևոր ճակատ. Մի բան էլ ուրախ եղիր… Իրենց հերն էլ անիծած՝ ես էլ ցույց եմ տալիս,
թե շոյված եմ ու համաձայնվում եմ: Ինձ համար հիմա մեկ է՝ մոտ է, հեռու է, ի՞նչ նշանակություն ունի…
Հա՜, հա՜, մեկ է… ես հիմա ուզում եմ քեզ գրկել… Ես հիվանդ եմ, ինձ վատ եմ զգում:
ԿԻՆ. Այս ինչ օրի ես (գրկում է Տղամարդուն, շոյում): Միայն թե հանգիստ եղիր… ախր դու խմող չես…
ՏՂԱՄԱՐԴ. Երեկ խմող չէի, այսօր խմող եմ, բա՜…
ԿԻՆ. Դե հիմա հանգիստ մարդավարի պատմիր, ես բան չհասկացա:
ՏՂԱՄԱՐԴ. Մի՞թե չպատմեցի… մարդավարի՝ ուրեմն մարդավարի կասեմ… ի՞նչն է այս աշխարհում
մարդավարի… էն, որ ես ու դու իրար հետ չենք՝ մարդավարի՞ է: Ո՞վ է մեզ խանգարում… որ… որ միասին
լինենք… Դու հո տեսնում ես, որ ես մեռնում եմ քեզ համար… իմ մտքում դու ես, իսկ ես ինչո՞վ եմ

զբաղված… (հանդիսավոր). Մենք զբաղված ենք… դատարկ բաներով… հիմնականը, կարևորը չկա, մենք
թքել ենք կարևորի վրա… Մենք աշխատում ենք… իհարկե մարդը պիտի աշխատի (ձայնը բարձրացնում է),
բայց, սատանան տանի կարո՞ղ է մարդու կյանքը կազմված լինել միայն աշխատանքից… ընդմիջումներ էլ
են պետք չէ՜, անձնական կյանք է պետք չէ՜… իսկ ես աշխատում եմ առանց ընդմիջման, առանց սիրո…
առանց (փլվում է կնոջ կրծքին ու լալիս):
ԿԻՆ. (Շփոթված). Ինչ պատահեց քեզ, սիրելիս, հանգստացիր, խնդրում եմ, սիրտս կտոր-կտոր մի արա…
Դու կարծում ես ես քա՞ր եմ… ես գիտեմ, ե՛ս, ե՛ս քո կյանքը փչացրեցի…
ՏՂԱՄԱՐԴ. Ինչու՞, ինչու՞, սատանան տանի…
ԿԻՆ. Չգիտեմ, չգիտեմ… մի բան գիտեմ, մենք ինչ-որ բան այնպես չարեցինք… ինչու՞… հազար անգամ
ինքս եմ ինձ այդ հարցը տվել, կարծում ես պատասխան կա՞ (դադար), պատասխան չկա… եղած
պատասխաններն էլ մի կոպեկի արժեք չունեն, մեր արցունքի մի կաթիլը չարժեն:
ՏՂԱՄԱՐԴ. Իսկ քո կյանքը չե՞ս փչացրել… քոնն էլ ախր մի բան չի… Դու քո երեխայի կյանքն էլ ես
փչացնում… Հա՛, հա՛… քո երեխայի կյանքը, գուցե և իմ երեխայի… հա՛, հա՛…
ԿԻՆ. (Հրում է Տղամարդուն). Ինչ է, գնացել թղթե՞րն ես քրքրել, ասացի՝ չէ, էլ ինչ ես մի բանն հազար
անգամ կրկնում:
ՏՂԱՄԱՐԴ. Ի՜նչ ես ասում… ինձ ու՞մ տեղն ես դրել: Ոչինչ էլ ես չեմ քրքրել, միայն թե շատ կուզենայի,
որ այդպես լիներ… կուզեի, որ դու այդպես ասեիր, թեկուզ որ ուրիշինն է, բայց ասեիր էլի՛, դու ի՞նչ ես
կորցնում:
ԿԻՆ. Ավելի լավ է դու պատմես, թե ինչպե՞ս է եղել, որ քեզ հանել են… ախր երեկ ասում էիր գոհ են,
ամեն ինչ լավ է… Պատմիր, տեսնում եմ, որ քեֆդ թողեց:
ՏՂԱՄԱՐԴ. Այնտեղ, իմ քաղաքում, էլի ամեն ինչ լավ է… Կարծում եմ, որ իմանան չեն ուրախանա… ի՞նչ
է եղել… ինձ տեղափոխեցին, տարան այդ հեռավոր շրջանը… Բայց դու մի մտածիր, թե դրա համար եմ
խմել… պարզապես թուլակամություն հանդես բերեցի… այսօր մոտս եկան այդ շրջանի երկրորդ
քարտուղարն ու գործկոմի նախագահը… թե գնանք մի տեղ հաց ուտենք… ոչ թե ճաշենք, այլ հաց ուտենք…
Դու տարբերությունն զգու՞մ ես… որտեղի՜ց… Ախր, երեկ բյուրոյում նրանք ներկա էին… Դեռ երեկոյան
էին ուզում տանել՝ չգնացի… Մի խոսքով, գնացինք: Ահա և արդյունքը… հասկանու՞մ ես, ամբիցիայի հարց
է, խմում են, դու էլ հետները պիտի խմես: Դե չխմող մարդու համար շատ բան պետք չէ (վեր է կենում).
Ավել-պակաս կներես… Լավ էր եկար, թե չէ խելագարվում էի… Դու ինձ միշտ էլ հանգստացնում ես (ձայնը
բարձրացնում է). Անարդար էին, ազնիվ խոսք, լավ էի աշխատում… ոչ մի բան չէին կարող գտնել ինձ

վրա… դրա համար էլ այս ձևը ընտրեցին… Ախր ես գյուղ բոլորովին չգիտեմ… Հենց դրա համար էլ
արեցին, որ տապալեն… հին մեթոդ է, գիտենք… լա՜վ, իրանց հերն էլ անիծած, ես գնամ… սպասում են:
ԿԻՆ. Սպասիր, ես քեզ մենակ չեմ թողնի:
ՏՂԱՄԱՐԴ. Կգա՞ս ինձ հետ, իմ հեռավոր շրջանը…
ԿԻՆ. Երդվում եմ, քեզ որ այդպես տեսա առաջին բանը որ գլուխս եկավ՝ քեզ հետ գալն էր… բայց հետո
հիշեցի մայրիկիս… ախր ինչպես թողնեմ… ես կուղեկցեմ քեզ մինչև մեքենան, ես տեսա, մուտքի մոտ
կանգնած էր…
ՏՂԱՄԱՐԴ. Ճակատագիր է, իմ բախտը, ի՞նչ ասեմ… (թևը գցում է Կնոջ ուսին)… Գնանք…
ՄԹՆԵՑՈՒՄ

ՊԱՏԿԵՐ ՅՈԹԵՐՈՐԴ
Բեմը լուսավորվում է: Նստարանի վրա են Տղամարդն ու Կինը: Տարիներ են անցել:
ԿԻՆ. Վաղուց չէինք հանդիպել… քանի՞ տարի է անցել:
ՏՂԱՄԱՐԴ. Ուղիղ տաս տարի:
ԿԻՆ. Տաս տարի… Ո՞նց եղավ, որ եկար:
ՏՂԱՄԱՐԴ. Կանչել են… էլի կանչել են, որ հանեն:
ԿԻՆ. Ինչու՞… ինչքան գիտեմ լավ ես աշխատում, թերթերում էլ հաճախ գրում են:
ՏՂԱՄԱՐԴ. (Քմծիծաղով). Երբ որ ուզում են հանել, լավ ու վատ աշխատելը նշանակություն չունի:
ԿԻՆ. Քեզ շրջանում սիրում են, լսել եմ:
ՏՂԱՄԱՐԴ. Ինչևէ, ես էլ շատ մեղքեր ունեմ:
ԿԻՆ. Բոլորս էլ մեղքեր ունենք:
ՏՂԱՄԱՐԴ. Բա ես ի՞նչ եմ ասում… Հիմա հնարավոր չէ առանց մեղք գործելու ապրել: Նրանք, որ այսօր
կանչել են, գիտեն որ մեղքեր ունեմ: Չունենամ էլ կգտնեն:
ԿԻՆ. Ես էլ ասում եմ ի՞նչ մեղքերի մասին ես խոսում: Նրանք ո՞վ են, որ նրանց առաջ քեզ մեղավոր զգաս:
ՏՂԱՄԱՐԴ. Հասկանու՞մ ես, դու ճիշտ ես, նրանք չէ, որ ինձ պիտի մեղադրեն, թող իրենց մեղքերից խոսեն:
Եթե ես ավելի շատ գյուղերում եմ լինում, շփվում եմ մարդկանց հետ, դա ես մեղք չեմ համարում: Բայց
նրանք… ինչքան զանգահարում ենք ՝ չկաս, ու՞ր ես կորչում, ինչու՞ պլենումներ չես անում… Հը՛, պլենո՜ւմ,
կոնֆերա՜նս… պարապ խոսակցություններ…
ԿԻՆ. Ի միջի այլոց, ես էլ չեմ պատկերացնում, թե գյուղերում դու ինչ կարող ես անել… ախր ծնվել ես

քաղաքում, գյուղացու հոգսը դու որտեղի՞ց պիտի իմանաս:
ՏՂԱՄԱՐԴ. Տաս տարի է գյուղում եմ… դա քի՞չ է: Եվ հետո եթե ուզենաս մարդու հոգսը հասկանալ,
կհասկանաս… եթե սիրտ ունես, իհարկե: Դու, ի միջի այլոց, խոսում ես այնպես, ինչպես ասում են նրանք:
Ախր, եթե գյուղը չգիտեի, ինչու՞ ուղարկեցին, չէ՞ որ իրենք ուղարկեցին… Հիմա երբ գյուղը, գյուղի
հոգսերը հասկանում եմ — իրենց դուր չի գալիս: Դեռ անցյալ տարի կանչել են, թե արի քեզ մինիստր
նշանակենք և առաջարկում են մի ասպարեզ, որից ես ոչինչ չեմ հասկանում: Ասում են կսովորես: Ախր
ինչու՞ սովորեմ, երբ մի բան արդեն լավ գիտեմ: Մի անգամ ես անկեղծ խոսակցություն ունեցա Կենտկոմի
քարտուղարի հետ… պատկերացնու՞մ ես, դա նրան դուր չեկավ: Ասում եմ, եթե ես ձեզ չասեմ, ումի՞ց պիտի
ճիշտ ինֆորմացիա ստանանք: Իսկ նա թե՝ քո ինֆորմացիան որևէ հիմք չունի… գյուղացին լավ է ապրում,
իր բախտից գոհ է, իսկ դու պանիկա ես գցում: Խնդրեմ: Էհ, իրենց հերն էլ անիծած, հանում են թող հանեն,
երևի բարին դա է լինելու:
ԿԻՆ. Դատելով քո տոնից, չի երևում, թե քեզ համար միևնույն է:
ՏՂԱՄԱՐԴ. (Ժպտում է). Ճիշտ ես ասում… ինչպե՞ս կարող է միևնույնը լինել: Ես խղճով եմ աշխատել,
չինովնիկ չեմ եղել, աշխատել եմ օգտակար լինել մարդկանց (դադարից հետո). Ընչաքաղց չեմ… եթե
իմանաս, թե ինչեր են անում իմ հարևան քարտուղարները… Գիտես, սարսափելին այն չէ, որ անում են,
սարսափելին այն է, որ այդ մասին բացեիբաց խոսում են իրար հետ… չեն կարմրում… ավելի սարսափելին՝
չեն հավատում, թե կան մարդիկ, որ իրենց պես չեն մտածում: Ծածկամիտ ես դու, ասում են: Հիմա էլ,
գիտես, սկսվել է արցախյան շարժումը… ինձ էլի մեղադրում են… ինչու՞ են միտինգներ անում, ինչու՞ ես
թույլ տալիս, որ դրանք այդքան աշխուժանան, հազար մեղք են բարդում վրաս: Ես ամեն ինչ անում եմ, որ
շարժումը հախուռն չլինի, խելացի ու հիմնավոր լինի: Տղաներն ինձ հասկանում են (ձայնը բարձրացնում
է). Եվ վերջապես ինչպե՞ս կարող եմ խեղդել մի շարժում, որին ես համակրում եմ:
ԿԻՆ. Դե գիտես ինչ, կամ պիտի լինես իսկական կուսակցական աշխատող, ինչպես բոլորը, կամ էլ պիտի
հեռանաս:
ՏՂԱՄԱՐԴ Չէ, քեզ պիտի տանեն կենտկոմ աշխատելու, իսկ և իսկ նրանց պես ես դատում: Իսկ ի՞նչ, եթե
ես գտնում եմ՝ իսկական կուսակցական գիծը իմ գիծն է: Ես անում եմ այն, ինչը որ գտնում եմ թե պիտի
անի ամեն մի կուսակցական (Նայում է ժամացույցին), մի ժամից բյուրոն կսկսի: Էլի եմ ասում, հանում են,
թող հանեն, եթե իրենց վատն ու լավը չեն հասկանում: Ես իրենց պատիվն եմ փրկում:
ԿԻՆ. Բայց քեզ ո՞վ է ընտրել… ինչքան գիտեմ քոնը ընտրովի պաշտոն է:
ՏՂԱՄԱՐԴ. Բյուրոն հաստատում է պլենումի որոշումը: Դա ի՞նչ նշանակություն ունի, ամեն ինչ այստեղ է

վճռում: Կուզես իմանալ՝ վճռում է մի մարդ: Կարծում ես երբ ինձ այդ շրջանը տարան այնտեղի մարդիկ
անհամբեր ի՞նձ էին սպասում, մի անփորձ երիտասարդի… Ոչ, նույնիսկ թշնամանքով էին նայում ինձ…
բայց դա նրանց չխանգարեց, որ միաձայն ընտրեն (դադար), դե լավ, ինչ լինելու է թող լինի, դու քո մասին
պատմիր… ինչպե՞ս ես… մի քանի անգամ այստեղով անցել եմ, քեզ չեմ տեսել…
ԿԻՆ. Կարող էիր տուն գալ… ինչու՞ չես գալիս:
ՏՂԱՄԱՐԴ. Մի անգամ եկա՝ տանը չէիր, մի՞թե մայրդ չի ասել: Տղայիդ հետ էլ երկար խոսեցինք… Շատ
խելացի տղա է դարձել Վրեժը:
ԿԻՆ. Հավանեցի՞ր:
ՏՂԱՄԱՐԴ. Հավանելն այն խոսքը չէ… հիացած եմ:
ԿԻՆ. Ինչ լա՜վ է… (դադար)… Ես այդ օրը քեզ տեսա…
ՏՂԱՄԱՐԴ. Տեսա՞ր… որտե՞ղ…
ԿԻՆ. Մոտենում էինք տանը՝ դու դուրս էիր գալիս:
ՏՂԱՄԱՐԴ. Եվ ձայն չհանեցի՞ր… ինչու՞:
ԿԻՆ. (երկարատև դադարից հետո). Մենակ չէի ես…
ՏՂԱՄԱՐԴ. Աա՜…
ԿԻՆ. Դու ուրիշ բան չկարծես… այդ չէ, ինչ մտածում ես:
ՏՂԱՄԱՐԴ. Հապա ինչու՞ ձայն չհանեցիր…
ԿԻՆ. Վախեցա չհասկանաս… Դու այդպիսի բաները չես հասկանում:
ՏՂԱՄԱՐԴ. Շնորհակալություն… (նայում է ձեռքի ժամացույցին). Դե ես գնամ (վեր է կենում)… Մի
անգամ գայիր…
ԿԻՆ. էլ գամ ինչ անեմ, եթե քեզ հանում են, դու ինքդ կգաս:
ՏՂԱՄԱՐԴ. Այդ էլ ճիշտ է (դուրս է գնում):

Կինը ավելի է կուչ գալիս նստարանին:
ՄԹՆԵՑՈՒՄ

ՊԱՏԿԵՐ ՈՒԹԵՐՈՐԴ

Տղամարդը Կնոջ թևն ընկած ներս է բերում, նստեցնում:
ՏՂԱՄԱՐԴ. Մի քիչ նստենք, հանգստանանք (նստում են). Ազատվեց տանջանքից… Մարդու մեղք էր գալիս:

Բայց դե, ես հասկանում եմ՝ մայրը մնում է մայր:
ԿԻՆ. (Կարծես մեկուսի). Կյանք չտեսավ: Այդ թունավոր հոդացավը կերավ նրան (դադար). Միշտ օրհնում
էր քեզ, այդ դեղը, որ Ռումինիայից բերել տվեցիր, շատ էր թեթևացնում ցավերը: Ճիշտ է, ցավոտ էր,
ներարկում էին ուղղակի հոդերի մեջ… ցավերից ճչում էր խեղճը… բայց հետո մի քանի օր ման էր գալիս,
նույնիսկ տան գործ էր անում:
ՏՂԱՄԱՐԴ. Մի քանի անգամ եմ հանդիպել, բայց շատ հավանեցի, լավ կին էր… խեղճ, տանջահար, բայց
բարի… ասում էր աղջիկս մենակ է, սատար եղիր նրան… Ես գիտեմ, ասաց, շատ ինքնասածի է, բայց որ
հասկանաս՝ լավն է, բարի, հոգատար…
ԿԻՆ. Այդպես էլ ասա՞ց… Տեսնում ես դրան: Հա, ուզում եմ խոսել քեզ հետ… Դու գիտե՞ս, որ Վրեժը ձեզ
մոտ է, ձեր կողմերում:
ՏՂԱՄԱՐԴ. Չեմ իմացել, ի՞նչ է անում, որտե՞ղ է:
ԿԻՆ. Երկրապահ ջոկատներում է… ինչ արեցի, չկարողացա ետ պահել… Անընդհատ տագնապի մեջ եմ:
(Դադար). Ինչպե՞ս եղավ որ մնացիր, չհանեցի՞ն…
ՏՂԱՄԱՐԴ. Ես էլ չհասկացա… Բյուրոն, իհարկե, հանձնարարեց, որ հանեն, բայց անհասկանալի բան
տեղի ունեցավ: Պլենումը կանգնեց ոտքի ու պահանջեց, որ մնամ: Երկու անգամ հրաժարվեցի՝ չօգնեց:
ԿԻՆ. Իմ բախտից էր… Տղային տիրություն արա, խնդրում եմ… ես գիշերները չեմ քնում:
ՏՂԱՄԱՐԴ. Ինչու՞ իմաց չես տվել: Զարմանում եմ, ես մեծ մասամբ երկրապահ ջոկատներում եմ լինում,
ինչպե՞ս է որ չեմ հանդիպել:
ԿԻՆ. Ինքը քեզ տեսել է, բայց ամաչել է, չի մոտեցել:
ՏՂԱՄԱՐԴ. Լավ, ես իրեն կգտնեմ… հանգիստ եղիր:
ԿԻՆ. Աչքդ վրան լինի… շատ համառ տղա է, մինչև ուղն ու ծուծը նվիրված… վախ չունի՝ վախենում եմ
նրա համար:
ՏՂԱՄԱՐԴ. Բոլորովին չանհանգստանաս, հարազատ տղայիս նման կնայեմ:
ԿԻՆ. Հա՞…
ՏՂԱՄԱՐԴ. Իսկ դու կասկածու՞մ ես (դադար)… Չհասկացա, թե ինչու մեր կյանքն այսպես դասավորվեց…
Հա, լսիր, գուցե հիմա գաս ինձ հետ, ի՞նչ ես անելու մենակ, տղադ էլ այնտեղ է:
ԿԻՆ. Հիմա ես էլ քո ինչի՞ն եմ պետք:
ՏՂԱՄԱՐԴ. Ես քեզ չեմ հասկանում… Մի՞թե դեռ չես հասկացել, որ առանց քեզ չեմ կարող… որ քեզ…
սիրում եմ: Դրա համար էլ հենց մինչև հիմա չեմ կարողանում ամուսնանալ: Երբեմն ես անիծում եմ իմ

բախտը, որ հանդիպել եմ քեզ, մյուս կողմից էլ ինձ բախտավոր եմ զգում, որ այս սիրու տերը դարձրիր:
Ախր, ի՞նչ արեցիր ինձ հետ, դու հասկանու՞մ ես, թե ինչ արեցիր…
ԿԻՆ. (արտասվելով). Իսկ ե՞ս… կարծում ես թե քար եմ, ես սիրտ չունեմ… Լավ, գիտեմ որ ես եմ
մեղավորը, գիտեմ որ իմ մեջ մի անտանելի բան կա՝ հպարտություն ասեմ, թե ինչ, ես էլ չգիտեմ, բայց մի
տեսակ անհանդուրժող եմ դարձել, չգիտեմ, առաջ ոնց որ այդպես չէի:
ՏՂԱՄԱՐԴ. Առաջ ե՞րբ…
ԿԻՆ. Չգիտեմ… գուցե միշտ էլ այդպես եմ եղել… բայց դու էլ, դու էլ ինձ չհասկացար (լալիս է),
չհասկացար, չհասկացար, չհասկացա՜ր…
ՏՂԱՄԱՐԴ. Հանգստացիր… արի իրար չմեղադրենք… արի ոչ մեկի չմեղադրենք… երկուսս էլ, այդ
տեսակետից, մի բարի պտուղ չենք: Ճակատագիրը չար խաղ խաղաց մեզ հետ… արի իրար չմեղադրենք…
Բոլորն էլ սխալներ են անում, բայց հետո ուղղում են իրենց սխալը… Ես խոստանում եմ, քեզ ոչինչ չեմ
հիշեցնի… վեր կաց հենց հիմա գնանք… Ուղիղ գնում ենք իմ հեռավոր շրջանը… գնում ենք եղա՞վ:

Կինը ընկնում է Տղամարդու կրծքին ու հեկեկում:

  • Հանգիստ, սիրելիս, իմ տանջված, իմ խեղճ աղջիկ…
    ԿԻՆ. Հիմա չեմ կարող… գիտես որ մահից հետո ծեսեր կան՝ յոթը, քառասունքը…
    ՏՂԱՄԱՐԴ. Այդ էլ ճիշտ է… Լավ, ես գնալու եմ, փաստորեն մենք պատերազմի մեջ ենք… Կգամ քո ետևից,
    թող այդ բաներն անցնեն՝ կգամ, էլ չխոսես, ուրիշ բան չասես… կգամ, կնստեցնեմ մեքենան ու կտանեմ:
    Վերջապես միասին կլինենք:
    ԿԻՆ. Լավն ես դու… ես արժանի չեմ քեզ, ազնիվ խոսք, դու ավելի լավն ես (ընկնում է Տղամարդու գիրկը):
    ՄԹՆԵՑՈՒՄ

ՊԱՏԿԵՐ ԻՆՆԵՐՈՐԴ

Ամբողջովին սևերի մեջ, մի տեսակ ծերացած, կուչ եկած, Կինը նստած է իր մշտական տեղում՝ այգու նստարանի
վրա: Քիչ հետո մտնում է Տղամարդը, լուռ նստում է նրա կողքին: •
ԿԻՆ. (Մտքերից սթափվելով). Դու՞ ես:
ՏՂԱՄԱՐԴ. Գիտեի որ այստեղ ես:
ԿԻՆ. Ուրիշ ու՞ր եմ գնում: Հիմա ես կամ այստեղ եմ, կամ այն բլուրի վրա (ցույց է տալիս աջ):
ՏՂԱՄԱՐԴ. Գիտեմ… ես էլ հիմա հաճախ եմ գալիս այստեղ: Առաջին օրերին քեզ տեսնում էի, չէի

մոտենում:
ԿԻՆ. Մի անգամ էլ ես եմ քեզ տեսել… հեռվից անցնում էիր այս կողմերով…
ՏՂԱՄԱՐԴ. Հիմա ես հաճախ եմ անցնում այս կողմերով: Մի ծանր մեղքի զգացում ունեմ: Ինձ այնպես է
թվում թե ես մեղավոր եմ Վրեժի սպանության համար: Չկարողացա, չկարողացա պահպանել: Քո հույսերը
չարդարացրի:
ԿԻՆ. Մի՛ մեղադրիր քեզ: Ես էլ ինձ եմ մեղադրում, որ չկարողացա ետ պահել նրան… մեկ-մեկ էլ, իհարկե
քեզ եմ մեղադրում… ինչպե՞ս եղավ, ո՜նց թռավ ձեռքիցս, իմ միակը, իմ լավը (լալիս է):
ՏՂԱՄԱՐԴ. Մի՛ լար…
ԿԻՆ. Չեմ էլ կարողանում, արցունք չի մնացել: Գալիս նստում եմ այստեղ ու նայում գերեզմանաթմբին:
Չեմ ուզում այստեղից գնալ, ինձ թվում է, թե մենակ կմնա: Գալիս են ընկերները, ծաղիկներ են բերում,
երբեմն էլ մի-մի բաժակ խմում են… ես չգիտեի, թե Վրեժն այդքան ընկերներ ունի… Այստեղից նայում եմ
նրանց ու լալիս… Ինչպես եղավ… ախր, դու ո՞նց թողեցիր որ գնա:
ՏՂԱՄԱՐԴ. Կարծում ես կարելի՞ էր նրան պահել… Եկավ մոտս թե, ուզում եմ թռչել Շահումյան:
Չթողեցի, այնտեղ շատ վտանգավոր էր… երանի թե թողած լինեի… Մենք շատ էինք կապվել իրար: Պապ,
ասում էր, որ քեզ մոտ եմ գալիս՝ մի տեսակ հանգստանում եմ:
ԿԻՆ. Ինչ ասացիր, պա՞պ:
ՏՂԱՄԱՐԴ. Երկրապահ տղաները բոլորն էլ ինձ պապ են ասում… Վրեժն էլ նրանց նման: Մեկ-մեկ սարից
իջնում էր ինձ մոտ, լողանում… երբեմն էլ ես էի իմ մեքենայով բերում հետս… Առավոտյան ես ինքս նրան
մեքենայով բարձրացնում էի սարը… ախր ես էլ ժամանակիս մեծ մասը նրանց հետ էի անցկացնում… Ես իմ
աշխատանքի վերջին տարիներին ամեն ինչ նրանց համար էի անում: Եվ… ինչպես տեսնում ես,
վարձահատույց եղան:
ԿԻՆ. Այսի՞նքն…
ՏՂԱՄԱՐԴ. Հանեցին… թեև Գերագույն խորհրդի պատգամավոր ընտրվեցի, բայց գործկոմի նախագահ
չթողեցին որ մնամ… Հիմա ես այստեղ եմ:
ԿԻՆ. Այդ էլ քո գնահատականը…
ՏՂԱՄԱՐԴ. Վարձահատույց եղան… Ամեն ինչ իրենց համար էի անում, չէ, դուր գալու համար չէի անում:
Պարզապես նրանց գործը իմ գործն էր… Սիրեցի այդ տղաներին, նրանց նպատակասլացությունը, նրանց
կամքը… Հիմա գիտե՞ս ինչ են ասում իմ ընկերները… ասում են դավաճանի վերջը այդ էր լինելու… իբր ես
դավաճանել եմ կոմունիստներին:

ԿԻՆ. Իսկ դու չե՞ս գտնում, թե դավաճանել ես…
ՏՂԱՄԱՐԴ. Ես հիմա էլ կոմունիստ եմ… տոմսս չեմ հանձնել: Ես ի՞նչ գործ ունեմ այն ավանտյուրիստների
հետ, որոնք պղծեցին ամեն ինչ… ինչ արել եմ՝ հավատով եմ արել… Ուրիշ բան է, եթե ասեն, որ
հավատացել եմ բաների, որոնք չէին կարող իրականանալ… Եվ դա հնարավոր էլ չէր… մի հարվածով
ուզում էին կոմունիզմ կառուցել… Հիմա ճիշտն ասած, կասկածում եմ, թե ուզում էին… ինձ թվում է, թե
նրանք վաղուց էին գլխի ընկել որ դա հնարավոր չէ, դրա համար էլ աջ ու ձախ երկիրը ծախում էին… Իսկ
մենք, ինձ նմանները չէին հասկանում… մի տեսակ կախարդված էինք…
ԿԻՆ. Բայց նրանք, որ թալանում էին երկիրը նույնպես կոմունիստներ էին:
ՏՂԱՄԱՐԴ. Ոչ, հազար անգամ ոչ… Եթե նրանք էին կոմունիստները, ուրեմն ես կոմունիստ չեմ եղել, այլ
ինչ-որ մի ուրիշ բան:
ԿԻՆ. Չգիտեմ… չգիտեմ ով է մեղավորը… ես հիմա էլ չեմ հասկանում, լա՞վ եղավ այս ամենը:
ՏՂԱՄԱՐԴ. Այն ինչ կործանվեց՝ պետք է կործանվեր, սա անառարկելի է: Չի կարելի անընդհատ կրկնել
նույն սխալը: Մենք ի՞նչ էինք անում: Տեսնում էինք, որ կոլտնտեսությունը հեռանկար չունի՝ ամբողջ օրը
թմբկահարում էինք կոլեկտիվ տնտեսության առավելությունները: Տեսնում էինք փլուզվում է՝ ասում էինք
ծաղկում է, տեսնում էինք որ չկա՝ ասում էինք կա: Վարժվել էինք կեղծիքին, ավելին՝ կեղծիքը դարձրել
էինք հավատք: Այս էր սարսափելին: Վաղ թե ուշ այս ամենի մասին պիտի ասվեր և ասվեց: Մի կողմ
թողնենք, թե ինչպես ասվեց, դա նույնպես մեծ սխալ էր… բայց պետք է ասվեր: Այս կռիվը միշտ կար:
Միշտ: Նույնը վերաբերում է Ղարաբաղին: Այն օրից երբ Ղարաբաղը նվիրաբերվեց Ադրբեջանին՝ կռիվը
կար: Բայց այդ կռվում զոհերը միայն մի կողմից էին՝ տուժում էին միայն հայերը: Ասում են, եթե
Ղարաբաղի հարցը չլիներ՝ այսքան զոհեր չէին լինի, աշխարհը խաղաղ կլիներ… Պատրանք… իսկ գիտե՞ս
որ մի տաս-տասնհինգ տարի էլ որ անցներ, Հայաստանում հայերը ազգային փոքրամասնություն կդառնային:
Այդքան տարի շրջկոմի քարտուղար լինելով, ես դիմակայել եմ թուրքական ագրեսիային: Այո, դա հենց
ագրեսիա էր… սուսուփուս ագրեսիա: Իսկ հետո, աստված գիտե, թե ինչ կլիներ: Դու ինչ է, ինձ չե՞ս լսում:
ԿԻՆ. (Ցնցվում է). Ի՞նչ… կներես, լսում էի, բայց նայիր, Վրեժի ընկերներն են եկել: Չորսը աղջիկներ
են… Մտածում էի՝ տեսնես դրանցից որն էր Վրեժի հարսնացուն լինելու:
ՏՂԱՄԱՐԴ. Բոլորն էլ լավ աղջիկներ են:
ԿԻՆ. Այսպես անվերջ գալիս են… ինչ լավ էր, որ որոշեցին այգում թաղել:
ՏՂԱՄԱՐԴ. Արժեր, նրանց արածի նշանակությունը մենք դեռ լավ չենք գիտակցում. կգա ժամանակը՝
նրանց արձաններն էլ կկանգնեցնեն:

ԿԻՆ. Զարմանում եմ… Դու ինչպե՞ս կարողացար ինձ մենակ թողնել այդ օրը:
ՏՂԱՄԱՐԴ. Մինչև հասա Երևան, արդեն տարել էին Ազատության հրապարակ: Այնտեղ այնքան մարդ
կար… Կարծես ամբողջ քաղաքն էր ողբում նրա մահը… ես… ես սիրտ չարեցի մոտենալ քեզ… դու այնպիսի
վիճակում էիր:
ԿԻՆ. Իսկ հետո՞… ինչքան ժամանակ է անցել:
ՏՂԱՄԱՐԴ. Ես եկա… առաջին օրը եկա… երեկոյան:
ԿԻՆ. Եկա՞ր:
ՏՂԱՄԱՐԴ. Պատշգամբով անցնելիս պատուհանից նայեցի ներս… ու ետ դառա:
ԿԻՆ. Հասկացա… մենակ չէի… բայց ես այդ օրը մենակ քո կարիքն էի զգում, մենակ քո… Ես բան ունեի
քեզ ասելու…
ՏՂԱՄԱՐԴ. Հիմա ասա…
ԿԻՆ. (Քմծիծաղ է տալիս դառնորեն). Աստված իմ, ի՞նչ տեսար որ ետ դառար:
ՏՂԱՄԱՐԴ. Փլվել էիր այն մորուքավորի կրծքին ու հեկեկում էիր:
ԿԻՆ. Միակ հարազատս նա էր… ախր այդ մորուքավորն ո՞վ է, գիտե՞ս… իմ մանկության ընկերը… իրար
հետ ենք մեծացել, երեխա ժամանակ նույնիսկ իրար ծոցում ենք քնել… Միջանցքի ձախ դուռը նրանցն էր,
մեր ընտանիքները մոտիկ էին, ի՞նչ եմ ասում, մի ընտանիքի նման էինք: (Նորից քմծիծաղում է): Դեո հինգ
տարեկան հասակում նա ծնողներիցս խնդրել է իմ ձեռքը:
ՏՂԱՄԱՐԴ. Ինչպես թե…
ԿԻՆ. Հա՛, հա՛… եկել է, իր կարճ բոյով կանգնել մեր տան մեջ ու ասել. «Քեռի Հակոբ, ես ուզում եմ
ամուսնանալ ձեր աղջկա հետ»… Բոլորն անշուշտ ծիծաղել են… Տատն է սովորեցրած եղել… Ես իհարկե
չեմ հիշում, մորս պատմածով եմ ասում: (դադար). Դպրոց ենք գնացել միասին, մի դասարանում ենք
սովորել: Համալսարանում էլ… Նա աշխարհագրականում էր, ուրիշ կորպուսում էին տեղավորված, դրա
համար էլ դու չգիտես… Մի անգամ ամուսնացավ, բայց շուտ բաժանվեց… հազար անգամ առաջարկություն
է արել ինձ, բայց ես նրա նկատմամբ միայն քույրական զգացմունքներ եմ ունեցել… Մեր մեջ որևէ բան
լինել չէր կարող: Դա անհնարին բան կլիներ: (Նայում է աջ). Այս մեկը՝ մորուքավորը նույնպես ֆիդայի
էր:
ՏՂԱՄԱՐԴ. Լավ տղաներ են, աղջիկներն էլ:
ԿԻՆ. Այո, բոլորն էլ (լալիս է):
ՏՂԱՄԱՐԴ. Գնանք այստեղից:

ԿԻՆ. Դու գնա… ուզում եմ մենակ մնալ…
Տղամարդը դուրս է գալիս:

ՄԹՆԵՑՈՒՄ

ՎԵՐՋԵՐԳ

Նախերգի տեսարանն է:
Տղամարդը բեմի անկյունում կանգնած դիմում է դահլիճում նստած Կնոջը…
ՏՂԱՄԱՐԴ. Դու արի, մի վախեցիր, մենք իրար գիտենք, ինչ-որ տեղ նույնիսկ հանդիպել ենք: Որտե՞ղ,
հը՞… Գուցե հիշեցնե՞ս:
ՁԱՅՆ ԴԱՀԼԻՃԻՑ. Չենք հանդիպել, մենք հանդիպած չկանք իրար… ես այս քաղաքից չեմ…
ՏՂԱՄԱՐԴ. Մի՞թե… ը՜՜ը… գուցե, չեմ պնդում: Ինձ թվաց թե ճանաչեցի քեզ… Հետո՞ ինչ, որ իրար չենք
ճանաչում, դա ինչ նշանակություն ունի… արի… Չէ՞ որ հանդիպեցինք… այստեղ, այս րոպեիս… այսքան
մարդ էլ վկա… Արի, կծանոթանանք, ես կասեմ թե ով եմ, դու կասես թե ով ես, կպատմես թե որտեղից ես
եկել մեր այս տխուր ու ցուրտ քաղաքը… իսկ ես… ես շատ բան ունեմ պատմելու, մի ամբողջ կյանք,
թռիչքներով ու անկումներով, ստով ու կեղծիքներով, խանդավառությամբ ու հիասթափություններով լի
կյանք: Արի, ավելի լավ է այգում մրսենք, քան փակ ու տաք սենյակում, ներողություն փակ ու ցուրտ
սենյակում (մոտենում է աստիճաններին). Արի, այստեղ աստիճաններ կան…

Մինչ տղամարդը բեմի աջ անկյունին մոտեցած խոսում է անծանոթուհու հետ, ձախ աստիճաններով անաղմուկ բեմ է
բարձրանում սևազգեստ Կինը, մոտենում նստում է միակ նստարանին: Նա վերարկուի փեշերը քաշում է ծնկներին,
ձեռքերը խոթում է թևքերի մեջ ու գլուխը թեքած հետևում անկյունում խոսող տղամարդուն:

  • Չե՞ս ուզում գալ… ա՜յ, բոլորդ եք այդպես, մրսում եք ու չեք ուզում տաքանալ, երազում եք ու չեք
    ուզում ձեր երազանքը կատարվի… կանացի հիվանդություն է, հին հիվանդություն ու ինձ շատ
    ծանոթ:
    Ետ է դառնում ու հանկարծ նկատում է կնոջը: Մի պահ քարանամ է տեղում:
  • Դու՞… որտե՞ղ էիր…
    ԿԻՆ. Ես միշտ այստեղ եմ եղել:
    ՏՂԱՄԱՐԴ. Ես քեզ փնտրում էի:
    ԿԻՆ. Փնտրողը սակայն միշտ էլ գտնում է:

ՏՂԱՄԱՐԴ. Հիմա ես գտա:
ԿԻՆ. Գտա՞ր որ:
ՏՂԱՄԱՐԴ. Երկու տարի չէի տեսել քեզ:
ԿԻՆ. Երկու տարի ես սպասում էի քեզ:
ՏՂԱՄԱՐԴ. Հիմա է՞լ ես ինձ սպասում:
ԿԻՆ. Ես նրա մոտ եմ եկել:
ՏՂԱՄԱՐԴ. Շատ է փոխվել մեր այգին, ես վաղուց չեմ եղել, հեռու էի՝ ռուսաստաններում: Ամեն ինչ
խունացել է, լքվել:
ԿԻՆ. Հիմա ամեն ինչ է լքված… Մենք էլ:
ՏՂԱՄԱՐԴ. Այս կողմերում տաղավար կար…
ԿԻՆ. Լքված է:
ՏՂԱՄԱՐԴ. Տաղավարի կողքին մեծ ավազան կար: Մենք դրան լճակ էինք ասում:
ԿԻՆ. Ծով էլ էինք ասում:
ՏՂԱՄԱՐԴ. Ծով էլ էինք ասում, ճիշտ է, թեև ծնկներիցս հազիվ էր անցնում:
ԿԻՆ. Այն ժամանակ ծովը մեր ծնկներից էր:
ՏՂԱՄԱՐԴ. Չե՞ս մրսում…
ԿԻՆ. Մի՜շտ… մի՜շտ էլ մրսել եմ:
ՏՂԱՄԱՐԴ. Դու ներիր ինձ, ներիր ինձ եթե կարող ես… ես չկարողացա պահպանել նրան…

Կինը բարձրանում է ոտքի և ուղղվում դեպի աջ կողմի աստիճանները…

ԿԻՆ. Եթե կարող ես… ինքդ քեզ ներիր… Վրեժը քո որդին էլ էր…
ՏՂԱՄԱՐԴ. Չհասկացա, ինչ ասացի՞ր…

Մինչ Տղամարդը մնացել էր քար կտրած, Կինը մոտենում է աջ կողմի աստիճանին, իջնում է դահլիճ ու կորչում
դահլիճի մթության մեջ: Կարծես ուշքի գալով Տղամարդը մոտենում և տեսնում է, որ կինը նստարանի վրա է թողել
կատվի արձանիկը: Նա վերցնում է կատվիկը երկար նայում է, երկու ձեռքով սեղմում է կրծքին ու նստում: Հետո կուչ
է գալիս, ձեռքերը խրում թևքերի մեջ:

ՏՂԱՄԱՐԴ. Ցո՜ւրտ է…

ՎԱՐԱԳՈՒՅՐ

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։