ՄԱՍՐԵՆՈՒ ԲԱՑԱՏԸ / Արմինե ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դրամա մեկ գործողությամբ՝ տասնմեկ արարով։

Պիեսի հիմքում իրական դեմքեր (հիմնականում անունները 

փոխված են) և իրադարձություններ են՝ վերցված

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության 

ներառական թատերախմբի մասնակիցների առօրյայից։

Պիեսում նկարագրվող ներկայացման տեսարանները և հեքիաթի 

տեքստը միևնույն կազմակերպության թատերախմբի երեխաների 

հետ բեմադրված «Ծուռն ու շիտակը» ներկայացումից են:

Գործող անձինք

ՌՈԲ – 16 տարեկան, սևահեր, բարձրահասակ, գեղեցկադեմ պատանի է։ Խուսափում է մարդկանց հետ շփումից:

ՍԻՓԱՆ — Ռոբի հարևանն է, 15 տարեկան տղա է, ով կորցրել է տեսողությունը։ Հաճախում է «Հույսի կամուրջի» թատերական խմբակ։

ՀԱՍՄԻԿ — «Հույսի կամուրջ» հ/կ-ի համահիմնադիր, ծնողական խմբի աշխատանքներն համակարգող և ներառական թատրերախմբի ղեկավար։ Փոքրամարմին, ժպտադեմ, քնքշաձայն, մոտ 50 տարեկան կին է:

ՌԱԶՄԻԿ — մոտ 60 տարեկան, «Հույսի կամուրջում» աշխատում է որպես պահակ։ Նաև Հասմիկի հարևանն է։ 

ԷԴՈՒԱՐԴ — 16 տարեկան, միջին հասակի, աշխույժ, հանդուգն պատանի է: Ռազմիկի թոռն է: 

ԼԻՆԱ — 15 տարեկան դուրեկան աղջնակ է, երկար, գանգուր մազերով, բարակիրան։ Մի ոտքից կաղում  է։ Թատերախմբի մասնակիցներից է։ 

ՄԱՐԻ -15 տարեկան, տեղաշարժվում է սայլակի օգնությամբ։ Ունի կռվարար բնավորություն: Թատերախմբի մասնակիցներից է։ 

ԳՈՌ — 16 տարեկան, տեղաշարժվում է սայլակի օգնությամբ։ Զուսպ պատանի է։ Թատերախմբի մասնակիցներից է։

ՏՂԱՄԱՐԴ — մոտ 55 տարեկան, միջին հասակի։ Ոտքից գլուխ ցնցոտիների մեջ։ Կրում է արևային ակնոց։  

ԱԼԻՍ — Ռոբի մայրը, մոտ 40-41 տարեկան է, շիկահեր է։ 

ՏԵՍԱՐԱՆ 1

Բեմ բեմում

Բեմն ամբողջովին մթության մեջ է, հանկարծ լույսն ընկնում է առաջին դեռահասի դեմքին:

ԼԻՆԱ — Մայրս պատմում է, որ ծնվելիս սխալ դիրքիս պատճառով բժիշկները հազիվ են կարողացել կյանքս փրկել: Երևի այդ ժամանակ էլ վնասվել է ոտքս: Երբ սկսեցի քայլել, ծնողներս նկատեցին, որ կաղում եմ, ցավոք, բժշկությունն իմ դեպքում անճար գտնվեց: Անհավանական ծանր էր մարդկանց վերաբերմունքը, միայն ընտանիքիս շնորհիվ կարողացա համակերպվել միջավայրին: 

Կրկին մթնում է բեմը, այս անգամ լուսավորվում է մյուս դեռահասի դեմքը:

ՄԱՐԻ — Չորս տարեկան աշխույժ, կենսախինդ աղջնակ էի, երբ բազմոցին բարձր ցատկելիս ընկա սեղանի եզրին ու վնասեցի ողնաշարս: Այդ օրվանից կյանքս փոխվեց: Երբ դպրոց հաճախեցի, դասընկերներս չընդունեցին ինձ՝ բորոտի նման հրում ու վանում էին: Մի տղա կար, հետն ընկերություն էի անում, թաքուն համակրում էի նրան: Մի օր, երբ բակում զրուցում էինք երկուսով, նրա բջջայինին զանգ եկավ: Վերցրեց և երկու բառ փոխանակելուց հետո ասաց. «Սիրելի՛ս, դու խանդելու պատճառ չունես: Մարին իմ եղբայրն է, համ էլ հաշմանդամ է» : 

Նորից է մթնում բեմը, այս անգամ էլ դեռահաս տղայի դեմք է լուսավորվում: 

ԳՈՌ — Ծանր ավտովթարի հետևանքով կորցրեցի հայրիկիս և քայլելուս ունակությունը: Երկար ժամանակ նստում էի պատուհանի առաջ և անթարթ նայում մի կետի: Միակ տեղը, որ գնում էի, հիվանդանոցն էր, որտեղ թերապիայի կուրս էի անցնում: Տաքսու հավելվածներից մեկով ընտրեցի «մինիվեն» տարիֆը, մեծ մեքենա պատվիրեցի, որպեսզի սայլակս տեղավորվի: Եկավ երևի ինձնից էլ ավելի այս աշխարհից ու կյանքից դժգոհ մի վարորդ և դառը դեմքով ասաց. «Սայլակն մեքենայի մեջ չի տեղավորվի»: Երբ ասացի, որ հատուկ եմ մեծ մեքենա պատվիրել այն տեղավորելու համար, նույն դառը դեմքով պատասխանեց. «Հա՛, մեծ մեքենա է, բայց  միայն մարդկանց տեղափոխելու  համար է»: 

Բեմը մի քանի րոպեով էլի մթնում է, հնչում է տագնապալից երաժշտություն:

Հանկարծ մթության մեջ մեկը բարձր կանչում է:

ՍԻՓԱՆ — Տիկի՛ն Հասմիկ, տիկի՛ն Հասմիկ, էս նոր ներկայացո՞ւմ եք բեմադրել: Կարո՞ղ է ես էլ չեմ խաղալու: Ուշացել եմ, բայց խնդրո՛ւմ եմ, ինձ էլ դեր տվե՛ք: 

Վառվում են բեմի լույսերը: Բեմի ձախ անկյունում փոքր անիվների վրա (մի տեղից մյուսը տեղափոխելու համար) բարձր հայելի կա, կողքին՝ աթոռ, մեջտեղում կանգնած է Լինան, նրա երկու կողմերում սայլակներին նստած են Մարին ու Գոռը: Կուլիսներից առաջ է գալիս Ռոբը՝ Սիփանի ձեռքից բռնած: 

ԼԻՆԱ — (մոտենալով ու ձեռքը դնելով Սիփանի ուսին): Հանգստացի՛ր, ոչ մի նոր ներկայացում էլ չկա: Տիկին Հասմիկն էլ քեզ պես ուշանում է: Այսօր աչքիս փորձ չի լինելու:

ՄԱՐԻ — (առանձին): Տեղում տպեց: Եղանակի տեսության հաղորդավարուհի՞ ես, թե՞ աստղագուշակ: 

ԼԻՆԱ — Էլի սկսեցի՞ր, ախր ի՞նչ ես, է՛, ուզում ինձնից: 

ՌՈԲ — Սիփա՛ն, էս ի՞նչ մանկապարտեզ ինձ քաշ տվեցիր, ա՛յ ախպեր (հեգնանքով)։ Երկու օր է գլուխ ես տանում՝ հրաշալի տեղ եմ հաճախում, հրաշալի տեղ եմ հաճախում․․․ (կողքի) ավելի տխուր տեղ չեմ տեսել։

ՍԻՓԱՆ — (լարվելով): Ճիշտ եմ ասել, մի փոքր սպասի՛ր։  

Անվասայլակով երեխաներն ասես հարձակվելու պես շրջապատում են Ռոբին։ 

ՌՈԲ — Բան չասի, պարզապես մեր տանն էլ կռիվների պակաս չկա։  

ՍԻՓԱՆ — Չեմ ստել, ուղղակի, երբ տիկին Հասմիկը էստեղ չի լինում, մեր Մարիի բզիկները գալիս են: 

ՌՈԲ — (առանձին): Ախր սրանցից ի՞նչ դերասան: (Դառնալով այն երեքի կողմը:) Հիմա ի՞նչ, լինելո՞ւ է ձեր փորձը, թե չէ գնանք այստեղից, Սիփա՛ն:

ՍԻՓԱՆ — Ըհը՛, տանը համակարգիչը նրան է սպասում, շտապում է: 

Աղջիկները ծիծաղում են: 

ՌՈԲ — (վրդովված): Չհասկացա, սա՞ էր լավությանս պատասխանը: Դուք ի՞նչ եք բերաններդ բացել։ Թե չէր լինելու ձեր փորձը, կարելի էր զգուշացնել:  

ՍԻՓԱՆ — Եղբա՛յր, խորը շնչի՛ր, արտաշնչի՛ր: Սովորի՛ր թեթև ապրել: 

ՌՈԲ — Դու ինձ ձե՞ռ ես առնում: 

Նեղացած Ռոբը արագ փորձում է հեռանալ, ոտքն ակամա ուժգին կպնում է Սիփանի ձեռնափայտին և նրան ձեռնափայտի հետ ցած գցում: 

ԼԻՆԱ — Աստվա՛ծ իմ, հատուկ արեց: Նա հոգի չունի: 

ՄԱՐԻ — (առանձին): Սկսե՜ց մայր Թերեզան: 

Ձայների վրա կուլիսներից գալիս է Ռազմիկ պապին: 

ՏԵՍԱՐԱՆ 2

ՌԱԶՄԻԿ — Երեխե՛ք ջան, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ եք աղմկում: 

Ռոբը շփոթված օգնում է Սիփանին բարձրանալ։

ՌՈԲ — Չէի ուզում քեզ գցել, պատահաբար ստացվեց: 

ՄԱՐԻ — Գցում է, հետո էլ ասում՝ պատահաբար: 

ԼԻՆԱ — (Մարիին): Կարո՞ղ ես գոնե մի անգամ լռել: 

Ռոբը շրջվում է, որ գնա։ 

ՌԱԶՄԻԿ — Լա՛վ, երեխեք ջան, բոլորիս հետ էլ պատահում է: (Ռոբին.) Հե՜յ, տղա՛, օգնի՛ր։ 

Պապը ցույց է տալիս Գոռին, որի սայլակը դեմ է առել սեղանին ու առաջ գալ չի կարողանում։ 

ՌԱԶՄԻԿ — Լսե՞լ եք ընձուղտի ու կապիկի պատմությունը:

ՍԻՓԱՆ — Ո՛չ, չենք լսել: 

ՌԱԶՄԻԿ — Ուրեմն մի ընձուղտ ամեն օր անցնում է խնձորենու կողքով և հիանում բարձր ճյուղի արդեն կարմրին տված չքնաղ խնձորով և ափսոսում է քաղել այն: Հանկարծ, որտեղից որտեղ հայտնվում է մի կապիկ և բարձր ցատկ անելով պոկում-խժռում է կարմրաթշիկին: Ընձուղտը վեճի է բռնվում կապիկի հետ, քանի որ ինքն ամենաառաջինն էր նկատել կարմրաթշիկին:

  • Խելքը, ճարպկությունը հասակ չի, ընձուղտի՛կ: Դու առաջինն էիր նկատել խնձորը և փոխանակ քեզնով անեիր, այնքան հիացար, որ ես՝ ճարպիկս, քթիդ տակից տարա նրան,- պատասխանւմ է կապիկը:  

Բոլորը բարձր ծիծաղում են:

ՍԻՓԱՆ — Ռազմի՛կ պապի, դու պատմություններ հորինո՞ղ ես, թե՞ պահակ: 

ՌԱԶՄԻԿ — Համա թե շունն ես, հա՜: Խոստացե՛ք, որ էլ չեք աղմկի, և ես կգնամ իմ գործին: Եթե շարունակեք աղմկել, տիկին Հասմիկը կմտածի, որ իրեն չեք սիրում: 

Սիփանը, Լինան և Մարին՝ խոստանում ենք, էլ չենք աղմկի:

ՌՈԲ — Իսկ ե՞րբ է գալու ձեր տիկին Հասմիկը: 

ՌԱԶՄԻԿ — Դու ինչո՞ւ ես էստեղ, տղա՛:

ՌՈԲ — Ես էլ եմ զարմանում, ինչո՞ւ…

ՍԻՓԱՆ — Իմ հարևանի տղան է։ Մայրս զբաղված էր, խնդրեց, որ նա ուղեկցի ինձ։ 

ՌԱԶՄԻԿ – (Ռոբին): Որ ուղեկցում ես, էդ լավ է, բայց երևում է չգիտես, որ համբերությունը կյանք է: 

ՌՈԲ — (կռվելու պատրաստ): Մեկը մյուսի հետ ի՞նչ կապ ունեն:

ՌԱԶՄԻԿ — Հասկանալու համար մրգի նման հասնել է պետք:  

Ռոբը ուսերն է թոթվում:  Ռազմիկը դուրս է գալիս: Բեմը կրկին մթնում է: 

ՏԵՍԱՐԱՆ 3

Բեմի պատը լուսավորվում է՝ Մատենադարանի շենքի դիմացի փողոցի պատկերով: Մեքենաների անվադողերի ու շչակների ձայնին խառնված է ժխորը: Հասմիկը՝ ձեռքին մեծ տոպրակ, նայում է ժամացույցին, քայլերն արագացնում է: Դիմացից կաղալով նրան է մոտենում հնամաշ հագուստով, արևային ակնոց դրած մի տղամարդ և ձեռքը պարզում նրա կողմը: 

ՏՂԱՄԱՐԴ — Քույրի՛կ ջան, խնդրում եմ, օգնի՛ր ինվալիդիս: 

ՀԱՍՄԻԿ – (զայրացած): Այդ ինչպե՞ս ես արտահայտվում, եղբա՛յր: Դուք հաշմանդամ չեք, այլևս չարտաբերեք ինվալիդ բառը: 

ՏՂԱՄԱՐԴ — Քույրի՛կ ջան, կարո՞ղ է տաքություն ունես: 

ՀԱՍՄԻԿ – (էլ ավելի բարկացած): Դուք ինձ ծանոթ եք թվում, որտե՞ղ կարող էի ձեզ հանդիպել: 

ՏՂԱՄԱՐԴ — Ձե՞զ… քույրի՛կ ջան, նախ ես հիմա մենակ եմ, և հետո պարզ երևում է, որ օգնող չես, էլ ի՞նչ ես ջուր ծեծում: (Նեղացած շուռ է գալիս ու գնում:)

ՀԱՍՄԻԿ. Չհասկացա՞ …

Հասմիկը շփոթված նայում է ժամացույցին, պայուսակից հանում է մի այցեքարտ և արագ քայլերով մոտենում, կանգնեցնում է տղամարդուն: Նրա բջջայինը զանգում է: 

ՀԱՍՄԻԿ — Ալո՛, լսում եմ: Այդ ի՞նչ եք ասում, ձեզ և երկվորյակներին շուտափույթ առողջություն եմ ցանկանում… (Դադար:) Հարկավոր է մի բան մտածել: Ախր մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ ունենք: (Տղամարդուն.) Ես հիմա շտապում եմ, բայց խնդրում եմ, անպայման կգաք էս հասցեով, ձեզ կփորձենք օգնել: (Այցեքարտը խցկելով տղամարդու ձեռքերի մեջ՝ արագ հեռանում է:)

 ՏՂԱՄԱՐԴ — Աշխարհում գժերի պակաս չկա, բայց ավել փողը հաստատ փոր չի ծակի: (Նայում է այցեքարտին, դնում գրպանը:) Օգնե՛ք, Աստված ողորմություն է անում ողորմածին: (Բարձրաձայն կանչելով, հետն էլ կաղալով՝ հեռանում է:) 

Բեմը կրկին մթնում է:

ՏԵՍԱՐԱՆ 4

Բեմը լուսավորվում է: Հասմիկին ձախ կուլիսների մոտ սիրալիր դիմավորում է Ռազմիկը: Աջում՝ կիսախավարում, Հասմիկին սպասող, իրենց անվասայլակների մեջ նստած երեխաների ուրվագծերն են հազիվ նշմարվում, ժամանակ առ ժամանակ լսվում են նրանց ձայնարկություններն ու շշուկները՝ ասես կողքի սենյակում են։ 

ՌԱԶՄԻԿ —  Կանայք միշտ էլ ուշանում են, դե իհարկե, գեղեցկությունը զոհեր է պահանջում:

ՀԱՍՄԻԿ —  Ձեր բարձր տրամադրության ո՛չ հավեսն ունեմ, ո՛չ էլ ժամանակը: 

ՌԱԶՄԻԿ — Դե հա, մեր օրերում պահակների համար ոչ ոք հավես ու ժամանակ չունի: 

ՀԱՍՄԻԿ — Ռազմի՛կ, ինչո՞ւ փիլիսոփա չես դարձել: Լա՛վ, ուշադրություն մի՛ դարձրու, մի՛ նեղացիր, ես դա չէի ուզում ասել: Օրս դեռ առավոտից թարս է սկսվել: Ինչ անհեթեթություններ ասես, որ չեմ լսել ու տեսել: 

ՌԱԶՄԻԿ —  Ասում են՝ հոգին թեթևացնելու համար բեռը կիսել է պետք: 

 ՀԱՍՄԻԿ —  Բեռը ո՞րն է, մի ամբողջ ժայռ: Որքա՜ն ջանք ենք թափում հասարակությանն իրազեկելու հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների մասին, որ լեզուն և էթիկան պահեն, նրանց համապատասխան վերաբերմունքի արժանացնեն՝ չի ստացվում: Այսօր մի մուրացիկ տղամարդ կաղալով մոտեցավ ինձ, թե. «Քույրի՛կ ջան, խնդրում եմ, օգնի՛ր ինվալիդիս»: Հետն էլ նկատողություն անելուց նեղացավ: (Ձեռքի մեծ տոպրակից հանում է գունավոր բուկլետներ, հետո ձեռագործ ժիլետը՝ կիսով չափ պատրաստի վիճակում, շյուղերը վրան, պոչից՝ մի կծիկ:) Ամբողջ գիշեր գործել եմ, որ ներկայացմանը պատրաստ լինի:   

ՌԱԶՄԻԿ —  Ախր այդպես առողջությունդ ձեռքիցդ կգնա:

ՀԱՍՄԻԿ — Երբ ժամանակ գտնեմ, այդ մասին կմտածեմ: (Գլուխը տարուբերելով:) Գլխիցս դուրս չի գալիս երթուղայինի էն չաչանակը, շուրթերի հետ ուղեղն էլ սիլիկոնալցոնածը՝ գլխից մեծ բջջայինը ականջին դրած, պլաստմասե թարթիչները աչքերին սոսնձած, Արարատ սարից էլ վեր «այ քյու»-ով ասում է՝ այդ ինվալիդը իմ երեխայի հետ չպետք է պարտեզ հաճախի: 

ՌԱԶՄԻԿ — Մի րոպե, «այ քյուն» ի՞նչ է:

ՀԱՍՄԻԿ — Ինտելեկտի մակարդակի քանակական գնահատականը, մոտավոր ինտելեկտի զարգացման գործակիցն, էլի: Մի խոսքով՝ փորձեցի բացատրել, բայց նա անդրդվելի մնաց: Տեսա, որ անօգուտ է, իջա և ուրիշ երթուղային նստեցի, նստելը որն է, մի ոտքի վրա կանգնեցի: Երթուղայինի մեջ մոտ 10-11 տարեկան տղա բարձր երգում էր, միանգամից կռահեցի, որ երեխան աուտիզմ ունի: Մեկ էլ վարորդը, փոխանակ ղեկին հետևի, շուռ եկավ ու բարձր ձայնով տղայի մայրիկին ասաց. «Քուրի՛կ ջան, ի՞նչ կլինի՝ էդ երեխուդ ձենը կտրի, գլուխներս տարավ»: Կինն էլ թե. «Ուրեմն քո միացրած բարձր, անճաշակ երաժշտությունը, այն տիկնոջ՝ հեռախոսով սկեսուրից բարձրաձայն բամբասելը, մյուսների քաղաքական թեմաներով վեճերը ձեր գլուխը չե՞ն տանում, իմ տղայի երգելն է ձեր գլուխը տանում, հա՞»: Այնպես չանեք, որ ես սկսեմ երգել»: Երբ իջանք երթուղայինից ու մի փոքր զրուցեցիք, պարզվեց տիկինը օպերայի երգչուհի է: (Լարված դեմքին ժպիտ է հայտնվում:)

ՌԱԶՄԻԿ — Բեռը կարծես սկսում է թեթևանալ: 

ՀԱՍՄԻԿ — Հը՛, այս ի՜նչ մի խոսքի բռնվեցի, տեղից էլ ուշացել էի: (Բուկլետները մեկնում է Ռազմիկին: Անավարտ ժիլետն իր շյուղերով ու կծիկով ամուր սեղմում է կրծքին և վազում ներս:) 

ՌԱԶՄԻԿ – (նայում է բուկլետներին ու բարձրաձայն ընթերցում): «Օրհնյալ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապավինում, և Տերն է նրա հույսը» (Երեմիա 17:7): Հավատս չի գալիս, որ նրա նման խելոք կինն ընկել է հոգեորս սրիկաների թակարդը: Խե՛ղճ կին: 

ՏԵՍԱՐԱՆ 5

Բեմում են Լինան, Մարին, Գոռը, Սիփանն ու Ռոբը: Կուլիսներից լսվում է տիկին Հասմիկի ձայնը: 

ՀԱՍՄԻԿ — Սիրելինե՛րս, ներեցե՛ք ուշանալուս համար, բարդ օր էր։ Շնորհակալ եմ, որ սպասել եք։ Պատրա՞ստ եք, փորձն սկսելու: Հիշում եք, չէ՞, թե որտեղ ենք կանգ առել:

ԼԻՆԱ — Ցավոք չենք կարող սկսել. քովիդով վարակվելու պատճառով զույգ եղբայրների ընտանիքին մեկուսացրել են:

ՍԻՓԱՆ — Դու որտեղի՞ց գիտես: 

 ԼԻՆԱ — Մոռացա՞ք՝ նրանք մեր հարևանությամբ են ապրում: 

Հասմիկը շիվարած առաջ է գալիս: Ձեռքի գործվածքը դնում է անկյունում դրված փոքրիկ սեղանի եզրին՝ չնկատելով, որ կծիկը գլորվում է հատակին: 

ՀԱՍՄԻԿ — Տե՛ր Աստված, իսկապես որ, լրիվ թռել էր մտքիցս: Հիմա ի՞նչ պետք է անենք: Մենք մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ ունենք: 

ՍԻՓԱՆ. -Տիկի՛ն Հասմիկ, ապա մի պատուհանից դու՛րս նայի՛ր, տես՝ ի՜նչ գեղեցիկ է ծաղկել բալենին: 

ՀԱՍՄԻԿ — Սիփա՛ն, սիրելի՛ս, ցավոք սրտի կյանքը ծաղկած բալենու նման կատարյալ չի:

Դռան հետևից լսվում է Ռազմիկի ձայնը: 

ՌԱԶՄԻԿ — Ա՛յ շան տղա, գոնե այսօր մնայիր տանը, խանութ գնայիր, տատիկին օգնեիր։  

ԷԴՈՒԱՐԴ — Պապի՛ ջան, ես քեզ շատ եմ սիրում, ընդամենը մի րոպեով Լինչկայիս բարևեմ ու խոստանում եմ՝ շուտ կգնամ:

ՀԱՍՄԻԿ — Ռազմի՛կ, քիչ նեղի՛ր տղային, ճիշտ էլ ժամանակին եկել է, թո՛ղ ներս գա։

ԼԻՆԱ — Էլի՛, ընկեր Հասմիկ, ախր նա շատ ջրիկ է: 

ՀԱՍՄԻԿ – (կարծես Լինային չլսելով, ձեռքը դնում է ճակատին): Նոր ներկայացում բեմադրելու ժամանակ չունենք: Առանց զույգ եղբայրների էլ չենք կարող «Ծուռն ու շիտակը» բեմադրել: Աստվա՛ծ իմ, խայտառակվելու ենք, ինչպե՞ս արդարանամ հովանավորների ու դրսից եկած հյուրերի առաջ: 

Պատանիները լուռ հետևում են Հասմիկին: Դռան շրխկոց: Ներս է վազում Էդուարդը, ոտքին դիպած կծիկը գլորվում է, թելը՝ քանդվում: 

ՏԵՍԱՐԱՆ 6

ԷԴՈՒԱՐԴ — Ողջու՛յն աշխարհի ամենալավ թատերախմբին: Հոգուս պարտեզի աննման ծաղիկներն եմ ձեզ բերել: (Օդային համբույր է ուղարկում Լինայի կողմը:)

ԼԻՆԱ — Զզվելի է: Բեմը հանձին սրա ի՜նչ մեծ դերասան է կորցրել:

ԷԴՈՒԱՐԴ — Դու միայն ասա, և ես կլինեմ քո Ռոմեոն, ի՛մ Ջուլիետ: Ինչ-որ բան է եղել ու ես տեղյակ չե՞մ, ինչո՞ւ եք մի տեսակ: Դուք մենակ ասեք, ու էս տղան կգտնի ձեր սրտացավի, փորացավի կամ գլխացավի դեղը։ (Ձեռքով ցույց է տալիս իրեն)

Բոլորը, բացի Լինայից ու Ռոբից, ծիծաղում են: 

ԼԻՆԱ. Դու դեղ անող չես, այլ իսկական գլխացավանք: 

ՀԱՍՄԻԿ — Վա՜յ, Լինա, Լինա, ախր հեչ կատակի չես դիմանում։

ՌՈԲ — Էս կլոունն ո՞վ է: 

ՀԱՍՄԻԿ — (չլսելու տալով Ռոբի ասածը՝ դիմում է Էդուարդին): Ա՜յ տղա, հերիք չի՞ խեղճ երեխու հոգին ուտես… (Դադար:) Հասկացա, դու կլինես սրինգ նվագող տղան: 

ԼԻՆԱ —  Եթե այդպես է, ստիպված եք իմ փոխարեն մեկ ուրիշին արքայադստեր դերը տալ: Ես հրաժարվում եմ իմ դերից: 

Հասմիկի մոտ գլխապտույտ է սկսվում: Աչքերի առաջ սևանում է, շոշափելով գտնում է անկյունում դրված աթոռն ու նստում: 

ԼԻՆԱ — Ի՞նչ պատահեց, տիկի՛ն Հասմիկ, դուք ձեզ վա՞տ եք զգում: 

ՄԱՐԻ — Մարդուն ինֆարկտի է հասցնում, հետո անմեղ դեմքով հարցնում՝ ի՞նչ պատահեց: 

ԳՈՌ — Մարի՛, գոնե հիմա սուս մնա՛: 

Լինան ջուր է բերում Հասմիկին:

ՀԱՍՄԻԿ — Հասմի՛կ ջան, մտածի՛ր, թե է՛ս էշն ինչպես ցեխից հանես։ 

ՍԻՓԱՆ — Ես գիտեմ, թե ո՛վ կարող է հանդես գալ սրինգ նվագող տղայի դերում: 

ՀԱՍՄԻԿ — Սիրելի՛ս, դու որ հաստատ չես կարող: 

ՍԻՓԱՆ — Ես ինձ նկատի չունեի, այլ Ռոբին՝ իմ հարևանի տղային: Եթե հիշում եք, նա շաբաթ օրն էլ էր ինձ հետ եկել:

ՌՈԲ — Ե՞ս… ես, ո՛չ մի դեպքում: 

ՀԱՍՄԻԿ — Այո՛, կյանքում պատահականություններ չեն լինում: 

ԷԴՈՒԱՐԴ — Երևում է՝ բախտս այստեղ էլ չի բերելու: 

ՀԱՍՄԻԿ — Չէ՛, ինչո՞ւ, դու էլ հանդես կգաս սատանայի դերում: 

ԼԻՆԱ —  Իսկ և իսկ սատանա:

ՌՈԲ — (ոտքը գետնին խփելով): Դե հերիք է, հերիք է իմ փոխարեն որոշումներ կայացնե՛ք: Ուզում եք սրբի դեր տարեք, ուզում եք՝ սատանայի: Մեկ է, դրանից իրողությունը չի փոխվելու և ձեզնից որևէ մեկը չի բուժվելու: 

ՄԱՐԻ — Հիվանդը դո՛ւ ես, չփորձես ընկերներիս նեղացնել: 

ՌՈԲ — Պա՜հ, տեսե՛ք ով է նեղացնելուց խոսում:  

ՄԱՐԻ — Դա նրանից է, որ իմ կյանքում քեզ պես մարդասերների (երկու ձեռքերի միջնամատ, ցուցամատով չակերտի նշան է ցույց տալիս) պակաս չեմ ունեցել։ 

ՍԻՓԱՆ — Ռո՛բ, հանգիստ թող Մարիին, նա ճիշտ է: Դու քեզ խոզի պես ես պահում։  Փաստորեն ճիշտ են ասում, եթե շատ ուզենք մեկին օգնել ու այդ մեկը չուզենա ընդունել օգնությունը, դրանից բան դուրս չի գա: 

ՌՈԲ — Ի՞նչ ես ուզում դրանով ասել, չլինի՞ այդ մեկը ես եմ, հը՞, ես օգնության կարիք չունեմ, հապա մի ձե՛զ նայեք։

ՀԱՍՄԻԿ — Խնդրում եմ, սիրելինե՛րս, բավական է վիճեք հյուրի հետ: Ոչ մի ներկայացում ինձ համար այստեղ գտնվող որևէ մեկից կարևոր չի: (Առանձին:) Իսկապես, որ թարս օր էր: 

Գոռն ու Մարին սայլակով մոտենում են Հասմիկին: Նրան են մոտենում նաև Լինան ու Սիփանը, ներողություն են խնդրում և առանձին-առանձին փաթաթվում նրան: Ռոբն այլայլվում է:  

ՌՈԲ — (կմկմալով) Ա-ա-ախր ես ո՞ւր, դերասանությունն՝ ո՜ւր: Մայրս ճիշտ է ասում, որ ես կարող եմ միայն ամեն ինչ հարամել: 

ՀԱՍՄԻԿ — Բայց քո խելացի ու բարի աչքերը միանգամայն այլ բանի մասին են խոսում: 

ՌՈԲ — Ոչինչ չեմ հասկանում: (Առանձին:) Սա երա՞զ է, թե՞ իրականություն: 

ՀԱՍՄԻԿ — (Ռոբին): Նայի՛ր, ոչ մի բարդ բան չկա, դու ընդամենը պիտի պատկերացնես, որ բեմում քեզնից բացի ուրիշ ոչ ոք չկա: Լա՞վ: Սկզբի համար կարող ես կարդալ: Դու արդեն մեկ անգամ տեսել ես փորձը և պատկերացում ունես: Երբ ընկալես խոսքերը, ամեն ինչ իր տեղը կընկնի:

ՌՈԲ — Ախր ես իսկապես չեմ կարող, ես ոչ մի…

ՀԱՍՄԻԿ — Ես քեզ հավատում եմ և վստահ եմ, որ կկարողանաս: Հարկավոր է ընդամենը խոսել բարձր ու հստակ: Միևնույն է, դու ոչինչ չես կորցնի: 

Մի պահ բեմը մթնում է: Լսվում են խոսակցության ձայներ և այդ ամենի կենտրոնում Ռոբը միայն իրեն լուսավորող լույսի տակ կանգնած: (Մտքում)

ՌՈԲ — Սիրելի՞ս․․․ դու կարո՛ղ ես․․․ էս ի՞մ մասին է: Մի՞թե ես կարող եմ սիրելի լինել, մի՞թե ես կարող եմ… Խնդրում եմ, ի՞մ հետ եք։

Հասմիկի ձայնին զուգահեռ բեմը կրկին լուսավորվում է:

ՀԱՍՄԻԿ — Իմ լա՛վ տղա, խնդրում եմ, դու ես վերջին հույսս:

Ռոբը անհաստատ քայլերով, գլուխը կախ մոտենում է Հասմիկին։ 

ՀԱՍՄԻԿ — Շնորհակալ եմ: 

Հասմիկն ուրախացած ծափ է զարկում, հետո թղթեր է տալիս Էդուարդին և նրան իր հետ տանելով հանդերձարան՝ ակնոց ու գլխարկ հագցնում: 

Հետո թղթեր ու սրինգ է տալիս Ռոբին և նրան կանգնեցնում վարագույրներով պալատի դուռ հիշեցնող դեկորի դիմաց՝ մեջքով դեպի դեկորը: 

ՀԱՍՄԻԿ — Ռո՛բ, նստի՛ր աջ անկյունում դրված աթոռի վրա և ձևացրու, որ սրինգ ես նվագում: Միացրե՛ք երաժշտությունը: Փորձն սկսում ենք երրորդ արարից:  

Լինան թիկունքից թրով մոտենում է, որ հարվածի: Ռոբը տեղից վեր է ցատկում։ 

ՌՈԲ — Մի վայրկյան սպասե՛ք… (Գետնից վերցնում ու Հասմիկին է տալիս կծիկը, որն ահագին քանդվել էր:)

ՀԱՍՄԻԿ — Վա՜յ, շնորհակալ եմ, Ռո՛բ, դու երկրորդ անգամ ես ինձ փրկում։ (Քանդված թելը փաթաթում է կծիկին, հետո շյուղերը խրում գործվածքի ու կծիկի մեջ, դնում սեղանին:) Հիմա կարո՞ղ ենք սկսել։ 

Ռոբը գլխով դրական շարժում է անում։ Տիկին Հասմիկը ձեռքով նշան է անում և ցածրաձայն հուշում է Ռոբին: 

ՌՈԲ — (թղթին նայելով): Ո՞վ ես դու: 

ԼԻՆԱ — Ես չար թագավորության արքայադուստրն եմ: 

ՌՈԲ — Իսկ ինչո՞ւ ես ուզում ինձ սպանել:

ԼԻՆԱ — Որովհետև քո երաժշտությունը խանգարում է ինձ չար լինել: 

ՌՈԲ — Իսկ ինչո՞ւ ես ուզում չար լինել:

ԼԻՆԱ — Որովհետև բոլորն էլ չար են: 

ՌՈԲ — Սխալվում ես: 

ԼԻՆԱ — Ապացուցի՛ր, որ սխալվում եմ: 

ՌՈԲ —  Լա՛վ, ուրեմն իմացի՛ր, ես, ես…

ԷԴՈՒԱՐԴ — Իսկը ընձուղտ, էլ ի՞նչ՝ ես, ես: Ընդամենը պիտի ասես՝ գժի պես սիրեցի քեզ:

ՍԻՓԱՆ — Վա՜յ, կապիկը: 

Պատանիները ծիծաղում են: Ռոբը զայրացած մոտենում է Էդուարդին, բռունցք անում, որ խփի։ 

ՀԱՍՄԻԿ — Վե՛րջ տվեք: Էս ի՞նչ եք անում: Ի՞նչ ընձուղտ, ի՞նչ կապիկ: 

ԷԴՈՒԱՐԴ — Հե՛չ, պապիիս պատմություններից է։ 

ՀԱՍՄԻԿ — (չլսելու է տալիս) Այնտեղ գրված է՝ խենթի պես և ոչ թե՝ գժի, հետո դրանք քո խոսքերը չեն, համբերի՛ր:

ԷԴՈՒԱՐԴ — Ի՞նչ տարբերություն՝ գիժ, թե խենթ, նույն բանն է էլի: 

ՀԱՍՄԻԿ — Ճիշտ պապի պատճենն է: Եթե մի անգամ էլ բերանդ բացես, կփոշմանեմ, որ քեզ դեր եմ վստահել:

ԷԴՈՒԱՐԴ — Լա՛վ, ես էլ չեմ խոսի: 

ՀԱՍՄԻԿ — Ախր այս տեմպերով մենք ոչնչի չենք հասնի: Թատրոնն իր օրենքներն ունի: Այստեղ բոլորդ պիտի լսեք, օգնեք և հասկանաք միմյանց: Դուք բոլորդ կյանքում Աստծո կողմից ստեղծված անհատներ եք, բայց այստեղ դուք միայն այն կերպարն եք, որին մարմնավորելու եք: Եվ եթե խոսքերս չեք ընկալում, ուրեմն այս պահից պիտի դադարեցվի փորձը: 

ԷԴՈՒԱՐԴ — Խոստանում եմ, այսուհետև ոչ մի ավել ռեպլիկ չեմ թողնի և կխաղամ այնպես, ինչպես գրված է այստեղ: 

ԲՈԼՈՐԸ միասին — Խնդրում ենք, եկե՛ք շարունակենք…

ՀԱՍՄԻԿ — Որ այդպես է, ձեզ մի վերջին հնարավորություն եմ տալիս, եկեք շարունակենք: Ռո՛բ, տղա՛ս շարունակի՛ր:

ՌՈԲ — Չարությունն, արքայաուստր, սիրո բացակայության հետևանք է, երբ շարունակես լսել իմ կախարդական մեղեդին, քո սրտի սառույցը կհալվի, դու կբարիանաս և կսկսես սիրել: 

ՍԻՓԱՆ —  Տղան սկսում է կրկին նվագել սրինգը: Հանկարծ հայտնվում է չար թագավորի վեզիրը, նույն ինքը՝ սատանան, ու կոտրում է սրինգը: 

ԷԴՈՒԱՐԴ — Վերջապես ազատվեցինք քո սրինգի ձայնից: Քո երաժշտությունը մարդկանց հոգիները լցնում է սիրով ու բարությամբ: Զզվելի է: Վե՛րջ, տղա՛, վե՛րջ. դու այլևս չես խանգարի մեզ ապրել լիաթոք դաժան և լիաթոք ծուռ: 

ՀԱՍՄԻԿ — (Էդուարդին): Շատ ապրե՛ս, հիմա բռնի՛ր արքայադստեր ձեռքից ու տար պալատ: 

Էդուարդը կատարում է Հասմիկի ասածը: 

ՍԻՓԱՆ — Վեզիրն արքայադստերը տանում է պալատ: Սրինգ նվագող տղան վերցնում է կոտրված սրինգի կտորները: 

Հասմիկը գլխով նշան է անում Ռոբին:

ՌՈԲ — (թղթից կարդալով): Ինչո՞ւ այս աշխարհում այսքա՜ն չարություն կա, այսքա՜ն դաժանություն: Ինչո՞ւ մարդիկ չեն սիրում միմյանց, այլ փոխարենը խաբում և տանջում են միմյանց: Ինչո՞ւ ուրախ և երջանիկ չեն: Ինչո՞ւ…

Ռոբի ձայնը դողում է, աչքերին արցունքներ են հայտնվում: Ռոբն արագ սրբում է դրանք, բայց Հասմիկն ամեն ինչ նկատում է: 

ՀԱՍՄԻԿ — (ձեռքերը խփում է իրար): Առաջարկում եմ ընդմիջում անել: Ռո՛բ, տղա՛ս, քեզ պիտի խնդրեմ, որ Գոռի ու Լինայի հետ գնաս մոտակա շուկա՝ մեզ համար թարմ մրգեր գնելու: (Դրամապանակից հանում է թղթադրամները, հետո մի թղթի վրա ցուցակ գրում ու տալիս Ռոբին:)

Ռոբը, Գոռն ու Լինան գնում են։

ԷԴՈՒԱՐԴ — Տիկի՛ն Հասմիկ, կլինի՞ մենք էլ բակ դուրս գանք, մի փոքր հանգստանանք: 

ՄԱՐԻ — Խնդրում ե~-ե~նք:

ՀԱՍՄԻԿ — Լա՛վ, բայց բակից մի քայլ չեք հեռանում:

ՍԻՓԱՆ — Ճիշտ այդպես: 

ՀԱՍՄԻԿ — Սիփա՛ն, դու մնա. խոսելու բան կա: 

Էդուարդն ու Մարին դուրս են գալիս: Հասմիկը մոտենում է Սիփանին։ Այդ պահին ներս է մտնում Ռազմիկը բուկլետները մի ձեռքին, մյուսին՝ սուրճով բաժակը: 

ՏԵՍԱՐԱՆ  7

ՀԱՍՄԻԿ — (մոտենալով ու բռնելով Սիփանի ձեռքը): Սիփա՛ն, կպատմե՞ս ինձ Ռոբի մասին։

ՍԻՓԱՆ — Ի՞նչ պատմեմ։ Մայրս իր զբաղված լինելու պատմությունը հորինեց, որ հարևանուհին թույլ տար որդուն՝ Ռոբին, ինձ ուղեկցել «Հույսի կամուրջ»: Հայրը լքել է մորն ու իրեն: Մայրն էլ ամեն օր չարությունը խեղճ տղայի գլխին է թափում: Բայց նա վատ տղա չի: Երբ առաջին անգամ դպրոցում միանգամից կուրացա, բոլորը, սկսած ուսուցչուհուց, չհավատացին, ծաղրեցին ինձ։ Եվ միայն Ռոբն էր, որ լուռ, ձեռքս բռնած ինձ տուն հասցրեց: Ճիշտ է, նա ոչինչ չէր խոսում, բայց ես հասկացա, թե որքան բարի:   

ՀԱՍՄԻԿ — Տեսնես կգա՞ մի օր, որ դադարեմ զարմանալուց։ 

ՌԱԶՄԻԿ — Ընկե՛ր Հասմիկ, բուկլետներդ մոռացել, թողել ես ինձ մոտ: 

ՀԱՍՄԻԿ — Է՜ Ռազմիկ, ի՞նչ ընկեր, էս ո՞ր դարն է։ Դրանք ինձ հարկավոր չեն։ Դու էլ լսեցիր, չէ՞։ 

ՌԱԶՄԻԿ — Լավ էլ ճիշտ ժամին հասա, հուսամ՝ սուրճը քեզ ուշքի կբերի: (Բուկլետները դնում է սեղանին:)

ՀԱՍՄԻԿ — Պարո՛ն Ռազմիկ, խոսքը մի՛ փոխիր։

ՌԱԶՄԻԿ — Խմի՛ր, խմի՛ր, սուրճդ սառեց։

ՀԱՍՄԻԿ — Միշտ էլ այդպես է, մարդիկ խուսափում են այն խնդիրների շուրջ խոսելուց, որոնք ամենաշատը բարձրաձայնման կարիք ունեն։ (Վրդովված հայացքն ուղղելով Ռազմիկին:)  Դե խոսի՛ր, մի բան փիլիսոփայի՛ր։

ՌԱԶՄԻԿ — Կարծում ես իրոք կարո՞ղ էի փիլիսոփա դառնալ:

ՀԱՍՄԻԿ – (ծիծաղում է): Ա՜յ, Ռազմի՛կ, միայն դու կարող էիր ինձ նման պահի ծիծաղեցնել: 

Եթե իմ մի հարցին պատասխանես՝ կասեմ: 

ՌԱԶՄԻԿ — Դռան ձայնն է, գնամ տեսնեմ ով եկավ… (Փորձում է հեռանալ:)

ՀԱՍՄԻԿ — Երեխաններն անաղմուկ ներս չէին մտնի, քամին մեկ-մեկ բացուխուփ է անում դուռը: (Դադար:) Սուրճի համար շնորհակալ եմ, շատ ախորժալի բույր ունի։ (Մի կում խմում է սուրճից:) Հիշում ես, չէ՞, ինչպես էի հաշմանդամություն ունեցող որդուս բերանս առած վազում մի տեղից մյուսը, որ այս փուչ աշխարհի մեջ նրա համար մի տեղ անեմ, որ նրա վրա էլ արև կպնի: Ու դու ինձ խորհուրդ տվեցիր գալ «Հույսի կամուրջ»: Այդ օրվանից այստեղ եմ:

ՌԱԶՄԻԿ — Այս օրվա նման հիշում եմ, հարևանուհի՛ս: Խոսո՞ւմ ես հետը, լա՞վ է մեր Տիգրանը։  

ՀԱՍՄԻԿ — Փա՛ռք Աստծո… (Գրպանից հանում է լուսանկար:) Նայի՛ր, ինչքան է փոխվել, լավացել։ Հիմա Բեռլինում է նույն աշխատանքն է անում, ինչ որ ես էստեղ։ Իհարկե, չես համեմատի էստեղի պայմանների հետ, կարևորը, որ իմ ջանքերով նա գտավ իր տեղը կյանքում։ Կարոտին չեմ դիմանում: (Լուսանկարը սեղմում է կրծքին, կրկին պարզում Ռազմիկի կողմը:) Ինչ-որ մեկին չե՞ս նմանեցնում։ 

ՌԱԶՄԻԿ — Չէ՛, ո՞ւմ պիտի նմանեցնեմ, ում ուզում է նման լինի, մենակ թե առողջ ու հաջողակ լինի։ 

ՀԱՍՄԻԿ — Այդ մեկը լավ ասացիր․․․ Ես քո Էդուարդին եմ նմանեցնում։ 

ՌԱԶՄԻԿ — Հա՞ որ… (Լուսանկարն վերցնում, ուշադիր նայում է:) Դու մայր ես, ավելի լավ ես զգում նման բաները: (Լուսանկարը վերադարձնում է Հասմիկին:)

ՀԱՍՄԻԿ – Չգիտեմ, է՜… (Հոգոց է հանում:) Դե հիմա ասա՛ ինձ, Ռազմի՛կ, ինչի՞ց է, որ որոշ մայրեր պարզ տեսնում են, որ կյանքը մասրենու փուշը ձեռքն առած անվարան ծվատում է անպաշտպան երեխաների, դեռահասների՝ դեռ նուրբ, դեռ անփետուր հոգիները։ Ինչի՞ց է, որ որոշ մայրեր հոգի են տալիս իրենց երեխաների համար, ապրում նրանց համար ու հանուն նրանց, իսկ որոշ մայրեր սեփական երեխաներին դարձնում են իրենց չստացված կյանքի քավության նոխազը, հը՞:    

ՌԱԶՄԻԿ — Չգիտե՛մ… (Դադար:) Եթե հարցիդ պատասխանն ունենայի, Էդուարդիս մայրը կմեծացներ, ոչ թե պառավս: (Ձեռքն օդի մեջ թափահարելով ու հոգոց հանելով գլխիկոր դուրս է գալիս:)

ՏԵՍԱՐԱՆ 8

Հասմիկը նկատում է Ռոբին։ 

ՀԱՍՄԻԿ — Ռո՛բ, էստե՞ղ ես… (Ավելի շփոթվելով:) Ե՞րբ ես վերադարձել, ինչո՞ւ ես մի տեսակ, ի՞նչ է պատահել։ Բա մնացած երեխաներն ո՞ւր են։ (Առանձին:) Չլինի՞ թե լսել է մեր խոսակցությունը։ (Ռոբը լուռ մի քայլ առաջ է գալիս։) Դու ինձ վախեցնում ես։ Ռո՛բ, խոսի՛ր։

Պատանիները վերադառնում են: Լինան Մարիի անվասայլակի կողքից է գալիս։ Մարին ամուր բռնել է նրա ձեռքից։ Էդուարդը Գոռի անվասայլակն է ուղղորդում, վերջինս ամուր բռնել է մրգերով լի տոպրակը: 

ՄԱՐԻ — Տիկի՛ն Հասմիկ, քիչ առաջ բակում Լինան ինձ փրկեց։ Այն Լինան, ում միշտ վատ եմ վերաբերվել։ Թեքահարթակի վրա չկարողացա պահել սայլակս և Լինան հասավ ու կանգնեցրեց այն: (Ձայնը հուզմունքից դողում է՞) Ես մտածում էի, որ նա ինձ՝ ետևից հրող-գցողներից է… (Ձեռքը տանում ու վերցնում է կողքին դրված, աչքերը հանած տիկնիկը, նայում վրան:) Էլ նրան չեմ նեղացնի։ Այսօրվանից իմ քույրը կհամարեմ։ Լինա՛, հուսամ կկարողանաս ինձ ներել։ 

ԼԻՆԱ — Ա՛յ խելոք, բա մարդը կարո՞ղ է իր քրոջը չներել: (Սրբում է Մարի այտից գլորվող արցունքը, ժպտում:) 

ՀԱՍՄԻԿ — (մոտենում, բռնում է Լինայի ձեռքը, հիացած): Լինա՛, սիրելի՛ս, քո վարմունքը գին չունի, դու լա՞վ ես։  

ԼԻՆԱ — Վազելիս մի փոքր ոտքս ցավեց, բայց դիմանալու է, ամեն ինչ նորմալ է։ 

ԳՈՌ — Տիկի՛ն Հասմիկ, ինձ այլևս շուկա չուղարկե՛ք, էլ չե՛մ գնա: 

ՀԱՍՄԻԿ – Ինչո՞ւ, թանկագի՛նս, քեզ ի՞նչ է պատահել:

ԳՈՌ — Այդ ձեզ համար եմ ես միայն թանկագին: Կբացատրե՛ք, ինչո՞ւ են մարդիկ կարծում, որ եթե սայլակից ես օգտվում, ուրեմն մուրացկան ես: Բոլորը ինչ-որ մրգեր էին ուզում ինձ տալ: Մի՞թե հաշմանդամներն անկարող են: 

ՄԱՐԻ — Ճիշտ է ասում Գոռը, ես իմ ձեռագործ աշխատանքների եկամուտից դժգոհ չեմ: 

ՀԱՍՄԻԿ — Ձեռագործ աշխատանք ասացիր, հիշեցի, մոռացել էի, որ նման շնորհք ունես, կօգնե՞ս ինձ ավարտենք այս ժիլետը, հը՞… (Սեղանից վերցնում ու մոտեցնում է կիսատ գործած ժիլետը:)

ՄԱՐԻ — Ըհը՛… (Գլխով դրական շարժում է անում, տիկնիկը դնում կողքը, գործվածքը վերցնում է ձեռքը:) 

ՀԱՍՄԻԿ — Ապրի՛ մեր Մարին։ Երեխանե՛ր, ի՞նչ եք կարծում, Գոռի վրդովմունքն  արդարացի՞ է, թե՞ ոչ: 

ՍԻՓԱՆ — Իհարկե, Գոռն իրավացի է, մենք ումի՞ց ենք պակաս, որ ուրիշի աշխատածն ուտենք: Ճիշտ է, մի փոքր սահմանափակ են մեր հնարավորությունները, բայց դա հաստատ արդարացում չի…

ՄԱՐԻ ժ Էլի խոսեց մեր ապագա պոետը։ 

ԳՈՌ — Մարի՛, դու սո՛ւս։ Խոսի՛ր, ախպե՛րս։ 

ՍԻՓԱՆ — Գիտե՞ք, մի օր որոշեցի էստեղից միայնակ տուն հասնել և ուրախացնել մայրիկիս: Ձնախառն անձրև էր տեղում… Այդ երկու «թշնամիները» համարյա խլացրել էին ջրերի մեջ գլորվող մեքենաների անիվների և մյուս ձայները: Ու ես քայլում էի լարված։ Կարծես ցուցամատս երկարել, դառել էր ձեռնափայտ՝ շոշափելով քաղաքի ասֆալտի ամեն փոսը: Ինչևէ, մինչ այդպես դանդաղ քայլելով ու ջրափոսերը շրջանցելով առաջանում էի, ետևիցս ձայն լսեցի ու կանգ առա․

— Օգնե՞մ,- հարցրեց անծանոթը: 

— Օգնե՛ք,- ուրախ պատասխանեցի ես:  Քանի որ ձայնը սկզբից ձախից եկավ, թեքվեցի ձախ, բայց տղան արդեն անցել էր աջ կողմս: Էսպես մի քանի անգամ աջ ու ձախ կողմում իրար փնտրելուց հետո վերջիվերջո գտանք իրար։ Տղան թեթևակի բռնեց թևս։ Չէինք արել մի քանի քայլ, երբ նրա ոտքը սահեց, ու ես բռնեցի նրան, որ չընկնի։ Կատակի տվինք ու ծիծաղեցինք։ Չանցած մի քանի քայլ, երկրորդ անգամ եմ «փրկում» տղային ընկնելուց։ Հետո մեծ ջրափոսի հանդիպեցինք, ես ձեռնափայտով լճակի սահմանները որոշեցի ու մեծ քայլ արեցի, իսկ տղան՝ չըլըմփ՝ ուղիղ ջրափոսի մեջ: Շատ տարօրինակ տղա դուրս եկավ անծանոթը: Հեռանալուց էլ ասաց՝ շնորհակալ եմ, եղբա՛յր, դու որ չլինեիր, ոտքս հաստատ կկոտրեի: 

Բոլորը լիաթոք ծիծաղում են:

ՀԱՍՄԻԿ — Այս ուրախ նոտայի վրա էլ եկե՛ք վերսկսենք մեր ներկայացման փորձը, լա՞վ։ 

ԲՈԼՈՐԸ միաբերան — Լա՛վ, տիկի՛ն Հասմիկ։ 

ՀԱՍՄԻԿ — Եկե՛ք շարունակենք հինգերորդ արարից։ Սիփա՛ն, քո հերթն է, սկսի՛ր:

Պատանիները գրավում են իրենց տեղերը։

ՍԻՓԱՆ — Տղան պարզում է, որ չար վեզիրը նույն ինքը սատանան է։ Ու վեճի է բռնվում հետը։ 

ՌՈԲ — Աշխարհը պիտի մաքրվի չարից և շտկվի, այլապես երկար չի կարող գոյատևել։ 

ԷԴՈՒԱՐԴ — Երևում է, դու դեռ հավատում ես հեքիաթներին։ Մարդիկ բոլորն իրար նման են, ոսկին են գերադասում և ծուռ ապրել։ Այնպես, որ այս աշխարհը դեռ երկար չի շտկվելու։ 

ՍԻՓԱՆ — Վեճի վրա գալիս են թագավորն ու արքայադուստրը։ Թագավորը վեզիրին ու սրինգ նվագող տղային ասում է։

ԳՈՌ — Ձեզանից որ մեկը գտնի, թե որոնք են երեք ամենակարևոր բաներն աշխարհում, որոնցով պետք է լցնել երեք դատարկ պահեստները, նա էլ կստանա արքայադստեր ձեռքն ու թագը։ 

ԷԴՈՒԱՐԴ — Ես հիմա էլ կարող եմ այդ հարցի պատասխանը տալ՝ արծաթ, ոսկի և զենք։

ՍԻՓԱՆ — Թագավորը լսում է նրա և ասում։

ԳՈՌ — Եթե սրինգ նվագող տղան երեք օրից էլ ավելի իմաստուն պատասխան չգտնի, հաղթանակը վեզիրինը կլինի։ 

ՍԻՓԱՆ — Թագավորն արքայադստեր ձեռքը բռնած տանում է պալատ։ Չար վեզիրն հետևում է նրանց, իսկ տղան գնում է հարցի պատասխանը գտնելու։

ՀԱՍՄԻԿ — Մարի՛, գործվածքը կարճ ժամանակով մի կողմ դի՛ր և սեղանից վերցրու գիրքն ու պարկը։ 

Փոխվում է մեջտեղի վարագույը և պալատի դռան փոխարեն հայտնվում են ծառեր: 

Հնչում է ուրախ պարեղանակ: Գալիս են Լինան ու Մարին: Մարին ծափ է զարկում, իսկ Լինան պարում է: Մարիի գրկում պարկեր կան, իսկ ձեռքում՝ գիրք: 

ԼԻՆԱ — Քույրի՛կ ջան: 

ՄԱՐԻ — Ջան, քույրի՛կ ջան: 

ԼԻՆԱ — Գիտե՞ս ի՜նչ ուրախ եմ, որ քո նման քույր ունեմ այս կյանքում: 

ՄԱՐԻ — Բա գիտես ես որքան ուրախ եմ, որ քո նման քույր ունեմ: 

ԼԻՆԱ — Երկու քույր ենք հարազատ ու վայելում ենք կյանքն այս ազատ: 

ՄԱՐԻ — Ճիշտ է: Սա մեր հողն է, իսկ սա՝ ցորենը: (Ցույց տալով գրկի փոքրիկ պարկը:) Եվ գիրքը մեր, շատ իմաստուն: 

ԼԻՆԱ — (կորեկը շաղ տալով): Մինչև կուտը հողում ծիլ տա ու հաց դառնա, մենք կնստենք ու կկարդանք: (Նստում է գետնին:)

ՄԱՐԻ — Վարվի՛ր մարդկանց հետ այնպես, ինչպես կուզես, որ քեզ հետ վարվեն: 

ՍԻՓԱՆ — Սրինգ նվագող տղան հասարակ գյուղացիների սիրո ու համերաշխության ականատեսն է դառնում։

ՌՈԲ — Գտա՛, գտա՛ պատասխանը: Երջանկությունը արծաթի ու ոսկու մեջ չէ, այլ սիրո ու հանդուրժողականության։ Երջանկությունն այն մարդկանց մեջ է, որոնք իմաստավորում և գույներով են լցնում մեր կյանքը: Առաջին պահեստը արծաթի փոխարեն ես սիրով կլցնեմ: Ո՞ւմ է պետք արծաթը, թե չկա սեր, հանդուրժողականություն: Երկրորդ պահեստը զենքի փոխարեն հողով կլցնեմ: Ո՞ւմ է պետք զենքը, թե չկա հող, որը մեզ հաց է տալիս: Վերջին պահեստը ես ոսկու փոխարեն կլցնեմ լույսով, ի՞նչ կա ավելի կարևոր Աստծո՝ հոգևոր լույսից, գիտության, մտքի լույսից։ Այն երկիրը, որ հարուստ է լուսավոր մարդկանցով, հարուստ է իսկապես: 

Տեսարանն ավարտվելուն պես Մարին սեղանին է դնում գիրքն ու պարկը և ձեռքը վերցնում շյուղերը:

ՏԵՍԱՐԱՆ 9

Բաց դռնից աննկատ ներս մտած ցնցոտիավոր տղամարդը ծափահարում է:

ՏՂԱՄԱՐԴ — Բրա՛վո, բրա՛վո, բրա՛վո, շատ տպավորիչ եք խաղում: Դուք մեծ դերասաններ կդառնաք: Ես կարծում էի ինձ գերազանցող չի լինի, անթերի եք: Ուղղակի մի մինուս կա, հիմա ոչ ոք նման ծիծաղելի հեքիաթների չի հավատում: 

ՀԱՍՄԻԿ — Դու որտեղի՞ց հայտնվեցիր, քեզ ով ներս թողեց, Ռազմի՛կ: 

ՏՂԱՄԱՐԴ — Քուրո՛ ջան, մոռացա՞ր, ախր դու էիր ինձ կանչել: 

Ներս է մտնում Ռազմիկը ու քաշում է տղամարդու թևից:

ՌԱԶՄԻԿ — Քեզ չե՞մ ասել, որ էս կողմերում չերևաս, հը՞:

ՀԱՍՄԻԿ — Խնդրում եմ բաց թող նրան, հանկարծ էլ ավելի չվնասես: 

ՌԱԶՄԻԿ — Ինչի՞, սրան ի՞նչ է եղել, որ ես էլ ավելի չվնասեմ:

ՀԱՍՄԻԿ — Նա կաղում է, բաց թող նրան:

ՌԱԶՄԻԿ — Ի՞նչ է անում: Նա ինձնից ու քեզնից առողջ է: 

ՏՂԱՄԱՐԴ — Չեմ հասկանում, այս մարդն ինչի՞ մասին է խոսում: Քուրո՛ ջան, գումարը տուր, ես գնամ: 

ՀԱՍՄԻԿ — Ի՞նչ գումար, ինչի՞ մասին ես խոսում:

ՏՂԱՄԱՐԴ — Մոռացա՞ր, դու առավոտը չասացի՞ր՝ անպայման արի՛, կօգնենք: 

ՀԱՍՄԻԿ — Տե՜ր Աստված, ինձ սխալ եք հասկացել, ես դա նկատի չունեի։ Սա հասարակական կենտրոն է և պաշտպանում ու իրազեկում է հաշմանդամություն ունեցող մարդկանց:

ՏՂԱՄԱՐԴ — Ձեռ ես առնո՞ւմ, բա էլ ինչի՞ ինձ քաշ տվեցի՛ր ըստեղ, որ ձեր անհասկանալի ներկայացումը նայե՞մ: Էս ի՞նչ թատրոն խաղացիր գլխիս, հը՞: (Առանձին:) Խելքդ ո՞ւր էր, թե ասա ջոկել էիր, որ մի բան էն չի, ինչի՞ ընկար սրա խելքին, եկար ու քեզ կրակը գցեցիր։

Ռազմիկը վերցնում է սեղանին դրված բուկլետները ու պատահական մի տող կարդում: 

ՌԱԶՄԻԿ — Ապաշխարե՛ք, որպեսզի փրկություն գտնեք: (Բուկլետները պարզում է տղամարդուն:)  Գոնե մեկ անգամ սրանք կարդացած կա՞ս: Վերցրու, քեզ պետք կգան: 

ՀԱՍՄԻԿ — Նա ի՞նչ կապ ունի բուկլետների հետ: Այս ի՞նչ է կատարվում:

ՌԱԶՄԻԿ — Մի հատ ուշադիր սրան նայի՛ր: Մտովի կոստյում հագցրու: (Հանում է տղամարդու ակնոցը, խլում՝ ձեռնափայտը:) Տե՛ս, ինչ-որ մեկին չե՞ս նմանեցնում:  

ՀԱՍՄԻԿ — Աչքերիս չեմ հավատում, բուկլետ բաժանող տղամարդը: Մի՞թե դու Աստծուց չես վախենում: 

ՏՂԱՄԱՐԴ — (վրդոհվված): Հանգիստ թողե՛ք ինձ, ձեր հավեսը չունեմ: Ձեններդ տաք տեղից է գալիս։ Ձեզ չեն խաբել, տուն ու տեղից չեն զրկել։ Ինչի՞ց կամ ումի՞ց վախենամ: Աստված ինձ գլուխ, ձեռքեր ու ոտքեր է տվել, ուրիշ ոչինչ: Հա՛, մեկ էլ էս գրողի տարած ծուռ ու անարդար աշխարհը: Ու ես եմ որոշողը, թե ինչպես գոյատևեմ էս ջունգլիներում, որտեղ բոլորդ ձևացնում եք, խաղում: (Խլելով Ռազմիկի ձեռքից ակնոցն ու ձեռնփայտը՝ արագ դուրս է գալիս:)

Ռազմիկը հետևում է նրան։ 

ՏԵՍԱՐԱՆ 10

ՀԱՍՄԻԿ — (առանձին): Օր եմ ասել, է՜։ Վերջին արարին անցնենք, լա՞վ։ Լինա՛, պատրաստ ես։ 

ԼԻՆԱ — Այո՛, տիկի՛ն Հասմիկ։ (Մոտենում, թղթերը կրկին տալիս է Ռոբին։ Լինային՝ ժպտալով:) Սկսի՛ր:

ԼԻՆԱ — Շնորհակա՛լ եմ, քաջ տղա, որ պայքարեցիր մեր սիրո համար ու հաղթեցիր։ 

Լինան խոսելու ընթացքում քայլելով մոտենում է Ռոբին։ Ռոբը հայացքը թղթից կտրում, նկատում է դռների արանքում կանգնած մորն ու համրանում է։

ՀԱՍՄԻԿ — Ռո՛բ, խոսի՛ր, քո հերթն է։

ՌՈԲ — (շփոթված, կմկմալով, ապա ավելի համարձակ): Մի՞թե ես կարող եմ չարանալ քո դեմ, չներել քեզ։ Չէ՞ որ դու ամենակարևոր մարդ ես ինձ համար էս ծուռ աշխարհում։ Ես տեսնում եմ քո տառապանքը ու չեմ մեղադրում քեզ: Ուզում եմ իմանաս, որ երբեք, լսո՞ւմ ես, երբեք չեմ լքի քեզ, որովհետև սիրում եմ քեզ, իսկ սերը միակ վեհ ու ապարեցնող զգացմունքն է աշխարհիս երեսին։ 

ՀԱՍՄԻԿ — (առանձին): Ի՞նչ է խոսում, ախր պիեսում նման տեքստ չկա։ 

Բեմը կրկին մթնում է։ Պատին ամբողջությամբ մասրենու բացատ է պատկերվում։ Տագնապալի երաժշտության մեղմ հնչյունների տակ ծվատված հագուստով մի շիկահեր կին է վազում։ Լույսն ընկնում է միայն Ռոբի դեմքին։

ՌՈԲ — Երազիս մի կին գլխապատառ փախչում էր մասրենու բացատով։ Մասրենու փշերը ծվատում էին նրա հագուստն ու մարմինը, բայց միայն սրտից էր արյուն կաթում։ Վազում էի, որ փրկեի ինձ ծանոթ թվացող կնոջը, սակայն չէի կարողանում նրան հասնել։    

Ռոբը հայացքն ուղղում է մոր կողմը։ Հասմիկը շրջվում ու դռների մոտ տեսնում է անծանոթ կնոջը։ 

ՄԱՐԻ — Տիկի՛ն Հասմիկ, տեսե՛ք, ես կարծես գործեցի, ավարտեցի ժիլետը։ 

Հասմիկը մոտենում է Մարիին, վերցնում է ժիլետը, ուշադիր զննում, շոյում է Մարիի գլուխը։ 

ՀԱՍՄԻԿ — (հուզված) Լավ աշխատանք է, Մարի՛։ Պարոն Ռազմիկին չնվիրե՞նք։ Կեցցե՛ք բոլորդ, հովանավորների առաջ պարզ ճակատ կլինենք։ 

Կինը՝ Ալիսը, թախծոտ դեմքով, լուռ վերցնում է աթոռն ու նստում անվասայլակով երեխաների կողքին։ Հասմիկը նույնպես աթոռը վերցնում ու տեղավորվում է Ալիսի կողքին, ձեռքը մտերմաբար հպում է նրա ձեռքին:

ՀԱՍՄԻԿ — Մասրենիները նաև ծաղկել գիտեն։ Դրանք վաղ գարնանը աշխարհի ամենաքնքուշ ծաղիկներով են պատվում։ Եվ այդ ծաղիկներով մենք դեռ զարդարելու ենք մեր մազերն ու հագուստները։ 

Երեխաները բարձր ծափահարում են։

Վարագույր

You may also like...

1 Response

  1. ՆարինԵասում է՝

    Բարու լույսը ձԵզնով կվԵրադառնա մԵր Երկիր ու աշխարհին: Ցավոտ թԵմա է : Առաջին անգամ Եմ գրում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։