Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ / ԹՈՐԳՈՄԱ ՏՈՒՆ. ՀԱՅԿ
Հայկ նահապետի արձակած նետը պատռեց Բելի կուրծքը, սակայն Բելին սպանելով` Բելի մասին չէր նրա ընթացքը, Բելն ընդամենը առիթ էր, նետը թափանցավ նրան` ետ թողեց և շարունակելով սլանալ` իր սլացքի շվվոցով ազդարարեց ի լուր աշխարհի` մենք ենք, հայերս, եկել ենք` մեր ոտքն այս երկրագնդի հողին ամուր զարկելու-դաջելու, մեր տեղն ու ճանապարհը նշելու։
Ուզեցի մասնակից լինել չորսհազարամյա այս նշանավոր, հմայող-հրապուրող իրադարձությանը, գտա ձևը` գնացի և էնտեղից բերեցի այս պիեսը… Ես հավատում եմ, որ էնտեղից է, մնում է` դուք էլ հավատաք։
(պատմաառասպելական դրամա երկու արարվածով)
Գործող անձինք
ՀԱՅԿ — դյուցազուն, գանգուր, խարտյաշ, վառվռուն աչքերով, հաղթանդամ, վայելչակազմ
ԲԵԼ — թխամաշկ աժդահա
ԱՐԱՄԱՆՅԱԿ — Հայկի ավագ որդին
ԽՈՌ — Հայկի որդին
ՄԱՆԱՎԱԶ — Հայկի որդին
ԿԱԴՄՈՍ — Հայկի որդին
ՓԱՌՈՒԽ — տարեց, Թորգոմա տան ավագ
ՍՈՍԻ — Փառուխի թոռնիկը, ջահել գեղեցկուհի
ԴԱՏ — ավագանի, տարեց
ՍԼԱՔ — ավագանի, տարեց
ՀՌՈՒԴԵ — օձահմա, փոքրոգի, նենգ,
Թորգոմա տան զարմից
ՀՈՒԼՈՒՆ — Հռուդեի կինը
ՍԻՐԱԹ — Հռուդեի օգնականը
ԾԱՌԱ — Բելի ծառան
ՏԻՓՈՆ — Բելի պատգամախոսը
ՇԻՄԱՐ — պարուհի, որ Տիփոնի հետ է ուղարկված
ԿԱՅՊԱԿ — պատանի ըմբշամարտիկ
ԲԱԶ — պատանի ըմբշամարտիկ
Հայկի տան երկու կանայք
Բելի չորս որդիները
Թորգոմա Տան բնակիչներ` տղամարդիկ, կանայք
ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ
Տեսարան 1
Հայկն իր երեք որդիների` Արամանյակի, Խոռի, Մանավազի հետ վերադառնում է որսից, մորթե ու կաշվե հագուստներով են, նետ-աղեղներով, տեգերով զինված: Որդիներից երկուսը ուսերին հենած ձողից կախ` գոմեշի մարմին են բերում: Նրանց ընդառաջ է գալիս Բելը` իր չորս որդիների հետ, հագուստը պաճուճավոր է, սաղավարտով է, զինված են նիզակներով:
ԲԵԼ — Բարի տեսանք աղեղնավոր Հայկին:
ՀԱՅԿ — Ողջույն Բելին:
ԲԵԼ — Այդքա՞նը:
ՀԱՅԿ — Տիտանյան Բելին: (Տեսնելով Բելի հարցական սպասումը): Իմ եղբայր Բելին:
ԲԵԼ — Ու վե՞րջ:
ՀԱՅԿ — Վերջ: Հերիք չի՞:
ԲԵԼ — Տեսնում եմ` հաջող է եղել որսդ, արևը դեռ վերին կետից չանցած` գոմեշ ես որսացել:
ՀԱՅԿ — Ջահել, անփորձ գոմեշ էր, ընկել էր մեր փորած փոսի մեջ, պոզերով հողերն էր քանդում, որդիներս հանգստացրին:
ԲԵԼ — Փոսեր ես փորում աջ ու ձախ, որտեղ ուզես:
ՀԱՅԿ — Իմ կալվածքն է, ուզեմ` կփորեմ, չեմ ուզի` չեմ փորի:
ԲԵԼ — Սակայն մի՞թե չգիտես, որ Բաբելոնում ոչ ոք կալվածքի լիիրավ տեր չէ այլևս, ես եմ տերը ամբողջի, առանց իմ թույլատվության ոչ մի տեղ ոչինչ փորել չի կարելի, ու ոչ էլ որս անել:
ՀԱՅԿ — Կատակո՞ւմ ես:
ԲԵԼ — Արի առանձնանանք: (Առաջ են գալիս Հայկի հետ): Լսի՛ր, Հայկ, ամբողջ Բաբելոնն է ինձ ենթարկվում: Բոլոր մեծ ու փոքր ցեղերը, գերդաստանները երկրպագում են ինձ որպես թագավորի և Աստծու, բացի մեկից, և այդ մեկը դո՛ւ ես, իմ եղբայրը, իմ կրտսեր եղբայրը:
ՀԱՅԿ — Ես հարգում եմ ավագությունդ, Բել, բավարարվիր այդքանով:
ԲԵԼ — Չէ, Հայկ, ես թույլ չեմ տա, որ իմ երկրում լինի մեկը, ով չենթարկվի ինձ, այդպես չի լինի, մյուսները դա կտեսնեն ու իրենց մեջ կասկած կընկնի, կասեն` ուրեմն այնքան էլ մեծ չէ Բելը, եթե Հայկը հակառակվում է նրան: Վերջապես աստվածները պիտի ընդունեն, որ ես էլ աստված եմ իրենց պես, իրենց հավասար, ո՞նց ընդունեն, եթե մի ինչ-որ Հայկ չի ենթարկվում, չի երկրպագում. ուզում ես ծաղրե՞ն ինձ՝ Բելիս:
ՀԱՅԿ — Իմ ենթարկվելն ու երկրպագելը պարտադիր չեմ համարում, Բել, առանց ինձ լեզու գտիր աստվածների հետ, ինձ մի խառնիր ձեր գործերին:
ԲԵԼ — Ես աշխարհակալ տերություն եմ հավաքում, ես նորից շինելու եմ մեծ աշտարակը` ի հեճուկս աստվածների, որ քանդեցին, ավերեցին այն, ես միավորելու եմ աստվածների խառնած լեզուները, իմ երկրում բոլորն իմ լեզվով են խոսելու:
ՀԱՅԿ — Մի՞թե ես նույն քո լեզվով չեմ խոսում:
ԲԵԼ — Քիչ է, քիչ է, Հայկ: Ինձ միասնություն է հարկավոր, միասնության մեջ է ուժը, սակայն միասնության համար ենթակայություն է անհրաժեշտ, մե՛կը պիտի իշխի, և այդ մեկը ես եմ: Իսկ դու քո որսած գոմեշի պես պոզերդ դեմ ես տվել, հակառակվում ես: Մեղմիր հպարտությունդ ու խանդդ, ծնկի եկ մեծն Բելի առաջ, ճանաչիր նրա գերագույնությունը… Եվ այն ժամանակ ինչքան կուզես հորեր փորի քո կալվածքում, որս արա:
ՀԱՅԿ — Ես խանդ չունեմ, Բել, ես կռիվ չունեմ քո դեմ, ես միայն ուզում եմ իմ գերդաստանի, իմ հողերի տերն ու պաշտպանը լինել, ես ուզում եմ հաշտ ապրել քեզ հետ, հավասար-հավասարի, դու` քեզ համար, քո մեծ տանը, ես` ինձ համար, իմ փոքր տանը, ինձ հանգիստ թող ու գնա խաղաղությամբ:
ԲԵԼ — Չեղավ, չեղավ, Հայկ, հավասար-հավասարի չի լինի, դու հավասար չես ինձ ու պիտի հրապարակավ ընդունես դա: Բաբելոնում ինձ չենթարկվող չի լինելու, չեմ հանդուրժի:
ՀԱՅԿ — Ես իմն ասացի, Բել, դու քոնն արա` ոնց ճիշտ ես համարում:
ԲԵԼ — Եվ կանեմ, չկասկածես, Թևավոր Ցուլը վկա: (Որդիներին.) Գնացինք:
Բելը հեռանում է իր որդիների հետ:
ԱՐԱՄԱՆՅԱԿ — Հայր, կուզե՞ս եղբայրներով հասնենք, էս գոմեշի օրը գցենք դրանց:
ՄԱՆԱՎԱԶ — Ճիշտ ա…
ՀԱՅԿ — Սպասեք, այ տաքգլուխներ… (Խոռին.) Ո՞ւր, այ տղա, ետ արի: Ամեն բան` իր ժամին, դեպքերից առաջ չընկնենք:
Հեռանում են:
Տեսարան 2
Թորգոմա տուն: Փառուխ, Դատ, Սլաք, Հռուդե, Սոսի:
ՓԱՌՈՒԽ — Հարգարժան հայրեր, երևի կռահում եք, թե ինչու եմ կանչել ձեզ:
ԴԱՏ — Կռահում ենք, այո:
ՍԼԱՔ — Ես չեմ կռահում, իմ տունը հեռու է, ծայրամասում, շատ տեղյակ չեմ ձեր կենտրոնի անցուդարձերին:
ՓԱՌՈՒԽ — Հուսով եմ, գոնե տեղյակ ես, որ Թորգոմա տունը վաղուց արդեն տանուտեր չունի:
ՍԼԱՔ — Մի՞թե:
ԴԱՏ — Կատակում է Սլաքը:
ՓԱՌՈՒԽ — Հասկանում եմ, որ կատակում է, ինքս էլ կատակների կտրվեի հաճույքով, բայց մեր տան վիճակը լրջություն է պահանջում, դանակը ոսկորին է հասել, տղերք:
ՍԼԱՔ — Լավ ասաց` տղերք:
ԴԱՏ — Դե, տղա ենք, էլի, հո աղջիկ չենք:
ՓԱՌՈՒԽ — Ես, Փառուխս, որպես ձեր կողմից ընտրված ավագ, կառավարում եմ, այո, բայց տարիքս ժամ առ ժամ առաջանում է, ամեն բան չէ, որ տեսանելի է ինձ, և խստությունս է կակղել, և վճռականությունս է հապաղող դարձել:
ԴԱՏ — Առաջնորդ է անհրաժեշտ, պարզ է, հասունացել է:
ՓԱՌՈՒԽ — Այո, անհրաժեշտ է: Սակայն, գիտեք, տկարացած է Թորգոմա տան կորովը, թշնամիների հաճախացած ասպատակումները մաշել են մեր դյուցազնական զարմը, հարևան ցեղերն առևանգում են մեր լավագույն մանչերին ու աղջիկներին, տանում` իրենց արյունն են թարմացնում-ուժեղացնում:
ՍԼԱՔ — Մեզ հզոր առաջնորդ է պետք, Թորգոմի, Գամերի, Թիրասի նման, որ վերածնվի տունը, որ նորից լցվի հաղթական ոգով ու խանդավառությամբ:
ՓԱՌՈՒԽ — Այո, սակայն ցավոք` ունենք այն, ինչ ունենք:
ԴԱՏ — Իսկ ի՞նչ ունենք:
ՓԱՌՈՒԽ — Կարելի է ասել` ոչինչ: Եղածը նվազ է, ընտրության հնարավորություն չի տալիս: Հո Հռուդեին չե՞նք ապավինելու:
ՍԼԱՔ — Հռուդե՞ն, օձահմա՞ն:
ԴԱՏ — Այն խարդախ սուտասա՞նը:
ՍԼԱՔ — Նրա ոգին նվաստ է, ձեռքն ու ոտքը` նվազ, նա իսկի մի երինջ չի կարող տապալել, մեր մեծ տանը ո՞նց է պաշտպան կանգնելու:
ԴԱՏ — Պատկերացնում եմ` հզորաբազուկ Հոյից հետո` Հռուդե… Մենք մեր ձեռքով մեր տունը հո չե՞նք քանդելու:
ՓԱՌՈՒԽ — Մոռանանք Հռուդեին, հայրեր, անլուրջ բանի վրա չծախսենք մեզ:
Ներխուժում է Հռուդեն:
ՀՌՈՒԴԵ — Մոռանա՞նք… Էդ ո՞նց եք մոռանում… չկա՞ Հռուդեն, մեռե՞լ է… Ահա, Հռուդեն, ձեր առջև կանգնած է, լավ նայեք, տեսա՞ք… Թուլամիտ զառամյալներով հավաքվել` տան ճակատագիր են որոշում: Ես եմ Թորգոմա տան շավիղի շարունակողը, իմ հերթն է առաջնորդության. մտեք մարդկանց մեջ, հարցուփորձ արեք, կասեն` Հռուդեն է մեր առաջնորդը, նրան ենք ուզում:
ԴԱՏ — Սուտ է խոսում:
ՍԼԱՔ — Մի երկու հիմարի շահագրգռել, խելքները կերել է երևի…
ՓԱՌՈՒԽ — Քեզ` առաջնո՞րդ… (Ծիծաղում է): Այդ ո՞վ է խելքը գցել, որ ցանկանա քեզ առաջնորդ տեսնել, երևի միայն Սիրաթն ու Հուլունը, չէ՞:
ՀՌՈՒԴԵ — Ի՞նչ ես փտած ատամներդ բացել` ծիծաղում, մի ոտդ արդեն այն կողմում է, փոխանակ լաց լինես…
ՍԼԱՔ — Փառուխ, թող ես սրա ականջները պոկեմ, որ էլ ականջ չդնի դռան ետևից:
ՀՌՈՒԴԵ — Լավ եմ անում` ականջ եմ դնում, բա չէ, թողնեմ ձեզուգլուխ որոշումներ կայացնեք, տունը կործանման տանեք:
ՓԱՌՈՒԽ — Դռան ետևում ականջ դնող առաջնորդ տեսած կա՞ք, հայրե՛ր:
ԴԱՏ — Վայ մեզ, եթե սրա հույսին մնաց տունը:
ՍԼԱՔ — Փառուխ, ասում եմ` թող, մի լավ քոթակեմ սրան, ուժս լիուլի կբավի:
ՀՌՈՒԴԵ — Մոտ չգաս… օձերիս կթողնեմ տանդ վրա:
ՓԱՌՈՒԽ — Դուրս արի՛, տղա՛, թե չէ իսկապես կքոթակենք:
ՀՌՈՒԴԵ — Գնում եմ, իմ կամքով և ո՛չ ձեր սպառնանքից ահաբեկված, ձեզ հետ երկար մնալը մի շատ հաճելի բան չէ: Բայց լավ մտածեք, էն մնացորդ խելքներդ ժողովեք ու մտածեք: Ու չմոռանաք, որ Թորգոմի ոգին իջել է երկնքից ու մատը դրել իմ վրա, տեսնող է եղել. կպատժի ձեզ Թորգոմը, դաժան կպատժի: (Դուրս է գալիս):
ՍԼԱՔ — Սպառնում էր մեզ, տեսա՞ք, մեզ` ավագանուն:
ՓԱՌՈՒԽ — Մոռանանք խեղկատակին, դառնանք մեր խնդրին:
ԴԱՏ — Ի՞նչ ենք անելու, Փառուխ, եթե կանչել ես` փայփայած միտք ունե՛ս երևի:
ՍԼԱՔ — Ունի, աչքերի մեջ եմ տեսնում:
ՓԱՌՈՒԽ — Կա միտք, այո, չեք սխալվում: Սակայն կոկորդներս չորացավ, գարու ջուր խմենք, այնուհետև կհայտնեմ: (Կանչում է): Սոսի՛, թոռնիկս, մեզ գարու ջուր բեր:
ՍԼԱՔ — Այդ խեղկատակի պապն էլ խև էր, Գլակը, կհիշեք:
ԴԱՏ — Օձի կծածից մեռավ, իր տան պահապան օձն էր կծել:
ՓԱՌՈՒԽ — Օձն էլ էր զզվել նրանից:
ԴԱՏ — Տանուտեր Հոյը ժամանակ առ ժամանակ փայտով ծեծում էր այդ Գլակին, հիմնականում` անառիթ, ասում էր` ժամով է, ժամը եկել է` պիտի ծեծվի, որ իր չափերը ճանաչի, խարդավանքներ չսփռի շուրջը:
Գալիս է Սոսին, կժով գարեջուր է բերում ու երեք գավաթ:
ՍՈՍԻ — (գավաթները լցնելով): Անուշ արեք:
ՓԱՌՈՒԽ — (Սոսիին): Տղաներին ասա, որ դռան մոտ լինեն, ոչ ոքի մոտ չթողնեն:
ՍՈՍԻ — Կասեմ, ինքս էլ կհսկեմ: (Դուրս է գալիս):
Խմում են:
ՍԼԱՔ — (Փառուխին): Դե ասա վերջապես:
ՓԱՌՈՒԽ — Կհիշեք գուցե, եղբորս` Թակլադի ընտանիքում մի ժիր, առյուծի ձագի պես ուժեղ ու համարձակ մանչ կար Հայկ անունով:
ԴԱՏ — Աղոտ եմ հիշում:
ՍԼԱՔ — Ես հիշում եմ, նոր ոտքի կանգնած` նետ-աղեղը ձեռքին էր մշտապես:
ԴԱՏ — Հիշեցի, բութ մատս կծել էր չարաճճին, ուզեցի գայլի ճուտը ձեռքից առնեմ` կծեց, ահա, սպին, մնում է:
ՓԱՌՈՒԽ — Բաբելացի ավազակները առևանգեցին նրան, շատ էին հավանել, մեծ փողեր առաջարկեցին, մերոնք, բնականաբար, մերժեցին, նրանք էլ պատեհություն որսացին ու առևանգեցին:
ՍԼԱՔ — Հիշում եմ այդ պատմությունը, Գլակի մատը խառն էր ոնց որ, բայց ապացույց չկար:
ՓԱՌՈՒԽ — Ես գտել եմ Հայկին, Բաբելոնում է, երևելի դյուցազն է, Բելի կրտսեր եղբայրը, այդպես են կարգել պատմությունը, մանկուց իրար հետ են մեծացել, բայց իմացել եմ` հիմա հակառակվում է, չի ենթարկվում Բելին, որ թագավորն է Բաբելոնի:
ԴԱՏ — Անունն ի՞նչ է հիմա:
ՓԱՌՈՒԽ — Ոնց կար` մնացել է, Հայկ: Պատմում են, որ ուզել են փոխել, սակայն ոչ մի ուրիշ անվան համառորեն չի արձագանքել, թողել են: Պետք է բերել Հայկին, տղերք, նա Թորգոմա տանը արժանի առաջնորդ կլինի, իսկական տանուտեր. որդիք ունի մեկը մյուսից հզոր ու վայելչատես, մեծ գերդաստան ունի` երեք հարյուրի չափով: Հայկը նոր շունչ կտա Թորգոմա տանը:
ԴԱՏ — Այո, սակայն կգա՞, կթողնի՞ հարուստ Բաբելոնը հանուն հեռավոր ու անհայտ ինչ-որ տան:
ՓԱՌՈՒԽ — Անհայտ չի, իր տունն է, իր հայրերի տունը:
ՍԼԱՔ — Կարծում եմ` իր տունը Բաբելոնն է այլևս, մանկության տունը իսկի չի էլ հիշի, որտեղի՞ց, երեք տարին նոր էր բոլորել:
ՓԱՌՈՒԽ — Հավաստի աղբյուրներից գիտեմ` լուրջ հակառակություն ունի Բելի հետ, չի ենթարկվում, առանձնացած է ապրում իր գերդաստանով: Սա լավ կռվան է մեզ համար:
ԴԱՏ — Սակայն հմուտ խոսք վարող է պետք, ո՞վ է ունակ:
ՓԱՌՈՒԽ — Մենք, երեքով, հայրեր, ուրիշը չկա:
ՍԼԱՔ — Բաբելոնը մոտիկ չէ, Փառուխ, երկար, դժվարին ճանապարհ է, իմ եռանդը չի պատի, ահա, ձախ ոտքս կաղին է տալիս, փայտի օգնությամբ եմ քայլում…
ԴԱՏ — Իմ տնից քո տուն դժվար հասա, շունչս հատում էր, հին վերքերս վերածնվել` տնքում են անդադար…
ՓԱՌՈՒԽ — Խնդիրն ավելի կարևոր է, քան մեր մարմինը, եղբայրք, Թորգոմա տան գոյատևության խնդիրն է, մեր տան խնդիրը: Ե՛ս կգնամ: Տվեք ձեր համաձայնությունն ու բարեմաղթանքը. միայն իմ որոշումը քիչ է, տան ավագանին պիտի կարգադրի:
ԴԱՏ — Չգիտեմ… Հանկարծ նրան համոզել չստացվի ու դու էլ պակասես մեզնից, մնանք երկուսով` ես ու Սլաքը, երկուսով չենք զորի մեծ տան հոգսը, Փառուխ:
ՓԱՌՈՒԽ — Երեքով էլ չենք զորի այլևս` եթե հզոր առաջնորդ չկարգենք, թարմ արյուն չներարկենք մեր տան սմքող անոթներին:
ՍԼԱՔ — Բարի, գնա, մեր տան նախնյաց ոգիները քեզ պահապան:
ԴԱՏ — Գնա: Եվ թող հաջող լինի ձեռնարկդ:
Գավաթները միմյանց են զարկում:
Տեսարան 3
Հռուդեի տունը, կողովներ ու կճուճներ, որոնց մեջ` օձեր:
Հռուդե, այնուհետև` Հուլուն և Սիրաթ:
ՀՌՈՒԴԵ — (կողովից օձ հանելով): Արի, արի, սիրունս… Մի ֆշշացրու, ես եմ… Ճանաչեցի՞ր… Ապրես, ապրես: Ինձ ասում են` խև օձահմա, օձերին հմայում, բնից հանում է, խաղում` մարդ զարմացնում, հետո էլ մորթում` կաշվից գոտի, քիսիկ պատրաստում: Ճիշտ են ասում, ես կարողանում եմ օձերին հմայել, խաբել` բներից հանել, գոտի էլ եմ սարքում ծերացած, անպետքացած օձերի կաշվից, երբեմն միսն էլ եմ ուտում, հա, պատրաստելու ձևն իմանաս` անմահական կերակուր է: Բայց իրենք չգիտեն, որ իմ հիմնական նպատակը օձերին կթելն է… Այ, այսպես… (Գավաթ մոտեցնելով օձին): Օձիկիս ատամիկը դեմ եմ անում գավաթին, գլուխը երկու կողմից կամաց սեղմում եմ… ու նա տալիս է իր թույնը, հաճույքով է տալիս… կաթիլ-կաթիլ… պարզ, զուլալ թույն… (Օձին կողով վերադարձնելով): Մի խնդիր կա միայն, կայուն չի օձի թույնը, շուտ է քայքայվում` ուժը կորցնում: Եթե երկար պահպանելու ձևը գտնեմ` աշխարհի ամենահարուստ մարդը կդառնամ, աշխարհի տերը: Լավ թույն ո՞ւմ պետք չի, բոլորին էլ պետք է` բզեզի ու բլոճի դեմ, մկան ու առնետի դեմ, գազանի դեմ, թշնամու դեմ, մերձավորի դեմ, հա-հա, շատ մարդ կա, որ կուզի մերձավորին թունավորի կամ էլ` հենց մի ամբողջ գերդաստանի, ինչո՞ւ ոչ: Մնում է թույնը կայունացնելու ձևը գտնեմ: Փորձել եմ մեղրի մեջ պահել, բայց մեղրն ուժեղ է, ինքն է քայքայում, յուղի մեջ եմ փորձել, լավ է, բայց էլի իմ ուզածը չի: Պապս ասում էր` թույնը կարելի է չորացնել, բանի տեղ չդրի, մտածեցի` տարիքի հետ խելքը գցել ա, մտքին եկածը դուրս ա տալի, թույնը ո՞նց կչորացվի… Հիմա մտածում եմ` իմաստուն մարդ էր, հենց էնպես բան չէր ասի… Ափսոս, մեռավ գնաց… Բայց ես կգտնեմ միջոցը, կգտնեմ…
Գալիս են Սիրաթն ու Հուլունը:
ՀՌՈՒԴԵ — Հը՞, ի՞նչ կա:
ՍԻՐԱԹ — Ահագին բազմություն էր հավաքվել, ճանապարհում էին Փառուխին` բարեմաղթանքներով, նվերներով:
ՀՌՈՒԴԵ — Բա մերո՞նք, սուսուփուս նայում էի՞ն, իզուր էդքան պղնձադրամ բաժանեցի՞:
ՍԻՐԱԹ — Չէ, ինչի՞, մերոնք էլ էին հավաքվել, Փառուխին ասին` իզուր ես գնում, Փառուխ, Հռուդեն էստեղ, տանը, մեր կողքին, դու գնում ես եսիմ ում բերես: Հա, ասեցին, գոռգոռացին, նույնիսկ քաշքշեցին սրան-նրան…
ՀՈՒԼՈՒՆ — Մի քանիսը սուլեցին սելի ետևից, ես էլ էի սուլում: (Սուլում է):
ՍԻՐԱԹ — Քար գցեցի ետևներից… թաքուն:
ՀՌՈՒԴԵ — Թաքուն:
ՍԻՐԱԹ — Հա դե, կծեծեին…
ՀՈՒԼՈՒՆ — Այ մարդ, թող գնա, իբր գտնելու ա էդ Հայկ կոչվածին, գցել են գլուխները` Հայկ, Հայկ… Կա՞ էդ Հայկը, ո՞վ ա տեսել… Կամ եթե կա էլ` կուզի՞ էն հարուստ, տաք, լենուբոլ երկիրը թողնի, գա էս քարուքռայի մեջ ապրի. ձմեռը ցուրտ, սառնամանիք ու ձյուն, ամառը շոգ-կրակ…
ՍԻՐԱԹ — Թող գնա, գնա` փոշմանած ետ գա, փոշմանած գա` կխեղճանա, կկակղի, ու էդ ժամանակ մենք մերը կանենք:
ՀՈՒԼՈՒՆ — Կամ էլ կսատկի` ճամփեքին կմնա, կպրծնենք:
ՀՌՈՒԴԵ — Սատկողը չի, ճերմակ մազերին մի նայեք, պոպոքի պես պինդ ա: Հետն ո՞ւմ վերցրեց:
ՍԻՐԱԹ — Երկու ջահելի` իր տնեցիներից: Դրանց սելի սռնին պիտի սղոցեի գիշերով:
ՀՌՈՒԴԵ — Է սղոցեիր… Գնացին` նոր ես աքլորանո՞ւմ: Երեք տարի ա մոտս աշխատում ես, բայց իսկի օձ կթել չսովորեցիր:
ՍԻՐԱԹ — Ինչի՞, լավ էլ կթում եմ:
ՀՌՈՒԴԵ — Ի՞նչն ա լավ, բռնել չես կարում, սխալ բռնում` ցավացնում ես, հետո ուզում ես օձը քեզ թույն տա: Տես հա, Սիրաթ, քեն են պահում, վաղ թե ուշ կծելու են:
ՍԻՐԱԹ — Շատ էլ քնքուշ բռնում եմ…
ՀՌՈՒԴԵ — Ձեռքդ դողում ա, վախ կա մեջդ, իրենք դա զգում են:
ՀՈՒԼՈՒՆ — Էն մեր պուճուր տղեն առավոտից խաղում էր նոր բերած օձի հետ, չգիտեմ ինչ արեց` էն էլ կծեց, բայց հեչ պետքը չի, հիմա ընկերացել են, տեսնես ոնց ա վզով գցում` քնացնում:
ՀՌՈՒԴԵ — Իմ տղեն ա, է: Չէ, Սիրաթ, քեզ վայ թե էլ ուսուցչություն չանեմ, բան դուրս չի գալիս:
ՍԻՐԱԹ — Դուրս կգա, վարպետ, ես կապացուցեմ… Ուզում ե՞ս պաչեմ… (Օձին վերցնելով` համբուրում է): Ըհը, ըհը, ըհը… Վախ, խփեց:
ՀՌՈՒԴԵ — Չհավատաց սիրուդ:
ՍԻՐԱԹ — Ախր ինչի՞, շատ հավեսով էլ պաչում էի…
ՀՌՈՒԴԵ — Լավ, քեզ մի ճղի, կատակեցի, մնա` աշխատի:
ՍԻՐԱԹ — Հա էլի, վարպետս, դու գիտես, թե քեզ ինչքան եմ սիրում:
ՀՌՈՒԴԵ — (շոյելով Սիրաթի գլուխը): Գիտեմ, գիտեմ: (Ինքն իրեն.) Գնաց, ուրեմն, Փառուխ պապիկը, գնաց` դյուցազուն բերի, փրկիչ: Թե իմ ի՞նչը չեն հավանում, ի՞նչս ա ծուռ…
ՀՈՒԼՈՒՆ — Ծուռ բան չկա, լրիվ ուղիղ ա:
ՀՌՈՒԴԵ — Անպայման պիտի բոյս բարդի լիներ, բազուկներս` կաղնու բուն, մեջքս` ապառա՞ժ… Ուժը մենակ բոյուբուսաթի մեջ ա՞… Բա իմ խելքը, իմ հմայքը, իմ ճարտար լեզո՞ւն…
ՍԻՐԱԹ — Ասում են` ուժեղ, հզոր առաջնորդ լինի, որ մեր երկիրն անառիկ պահի, մեր սահմանները` անխախտ:
ՀՌՈՒԴԵ — Զարմացրին իրանց երկրով, երկիր ա, էլի, մի երկու սար էս կողմ, մի երկու սար էն կողմ` ի՞նչ ա փոխվում… Ամեն մի ձնոտ սարի համար հո մշտապես կենաց-մահու կռիվ չե՞նք տալու… Թող գան, գնան, տանք, առնենք, առևտուր անենք…
ՀՈՒԼՈՒՆ — Փորներս կուշտ լինի…
ՍԻՐԱԹ — Ճիշտ ա, կուշտ փորն ամենակարևոր բանն ա մարդուս համար: Մինչև վարպետիս հանդիպելը ո՞վ էի, սոված զկռտում էի, մարդահաշիվ չէի, հիմա մարդ եմ զգում ինձ:
ՀՌՈՒԴԵ — Չէ, Փառուխ, ձեր ուզածով չի լինելու. ինչ էլ ասեք, ինչ էլ անեք` էս տան նախարարը ես եմ լինելու, ե՛ս:
ՍԻՐԱԹ — (կիսաձայն, որ Հուլունը չլսի): Որ ամեն ինչ քո ուզածով լինի, Սյունիին կտա՞ս ինձ:
ՀՌՈՒԴԵ — Ի՞նչ Սյունի:
ՍԻՐԱԹ — Փառուխի թոռը:
ՀՌՈՒԴԵ — Էն մարա՞լը…
ՍԻՐԱԹ — Հա, կտա՞ս:
ՀՌՈՒԴԵ — Չէ: Հուլունին կտամ քեզ:
ՍԻՐԱԹ — Հուլունի՞ն:
ՀՌՈՒԴԵ — Ինչ, վատն ա՞:
ՍԻՐԱԹ — Դե… չէ… բայց… օգտագործած ա, է…
ՀՌՈՒԴԵ — Սիրա՞թ… Մի հատ հիշի, թե ում օգտագործածն ա… Հիշեցի՞ր… Այ էդպես: Սյունին իմն է լինելու, իմը: Երբ պատկերացնում եմ նրան իր պարը պարելիս` իմ նախշուն օձերը հոլանի թևերին, պարանոցին… խելքս մաղում ա, հրաշք ա, հրաշք… Մի խոսքով` մոռացիր:
ՍԻՐԱԹ — Մոռանամ, դու ասես` ես չմոռանա՞մ:
ՀՈՒԼՈՒՆ — Ի՞նչ եք էդտեղ փսփսում:
ՀՌՈՒԴԵ — Մեր գործերից:
ՀՈՒԼՈՒՆ — Ու ինչ որոշեցի՞ք:
ՀՌՈՒԴԵ — Առայժմ սպասենք, սպասենք, թող Փառուխը գնա-գա, կամ էլ գնա` չգա:
ՀՈՒԼՈՒՆ — Բա որ եկավ ու բերե՞ց:
ՀՌՈՒԴԵ — Չի բերի: Բայց եթե բերեց` ես գիտեմ ինչ կանեմ:
ՍԻՐԱԹ — Ի՞նչ կանես, ուսուցիչ, չես ասի՞:
ՀՌՈՒԴԵ — Չէ: Հետո: Հիմա դեռ սպասենք, գուցե ամեն բան մեր ուզածով է լինում:
ՍԻՐԱԹ — Սպասենք:
ՀՈՒԼՈՒՆ — (կախարդանք).
Անեծք ուղարկեմ` բռնի, շուլալի, կապի, կապկպի:
Ճամփեն քանդվի սելիդ առաջ, Փառուխ, փոշման-փոշման դառնաս ետ:
Քամին փչի, դառնա մրրիկ, ավազ բերի` աչքդ լցնի,
Քիթդ, բերանդ ու ականջդ, որ ոչ տեսնես, որ ոչ լսես, ոչ էլ շնչես:
Սիրտդ պայթի, ընկնես հողին, մնաս անթաղ` ճամփի կեսին:
Մարդագայլը բուկդ կրծի` արյունդ լակի, չորանաս իսպառ:
Օձը խայթի` ուռես, կապտես, քրքրվես, սատկես:
Սատկես, Փառուխ, սատկե՛ս, սատկե՛ս, սատկե՛ս…
Տեսարան 4
Հայկի տունը: Հայկ, Արամանյակ, Մանավազ, հետո Խոռ, երկու կին` Հայկի տան կանայք են, ճաշի սեղանն են սպասարկում: Հայկը որդիների հետ ճաշում է:
ՀԱՅԿ — Տիտանյան Բելը գոմշի միս չի ուտում, էլ ոնց կլներ:
ԱՐԱՄԱՆՅԱԿ — (ծաղրով): Ձիգ է, ատամը չի բռնում:
ՀԱՅԿ — Փոքրուց էր էդպես, ես ուտում էի` ինչ տային, ջոկողություն չէի դնում, ինքը ոտերը գետնին էր խփում, խռովում, լացում, տնեցիներն էլ զիջում էին` աղավնի էին խորովում, մատղաշ գառան կամ խոճկորի միս, կրիա էին խաշում…
ՄԱՆԱՎԱԶ — (ոտերը գետնին խփելով` Բելի տնազն է անում): Չեմ ուզում ես ձեր գոմեշի միսը, տավարի միս էլ չեմ ուտի, ինձ գառան միս տվեք, աղավնի, կրիա… Ես Բելն եմ, մեծանամ` թագավոր եմ դառնալու, աստված…
Ծիծաղում են:
ՀԱՅԿ — Մատղաշ կենդանու միսը համեղ է, հա, դյուրին է ատամի համար, բայց ոսկոր, ջիլ ու մկան ամրացնող հյութերը քիչ են: Հասուն կենդանու միսն է բավարար ուժ տալիս: Սա է պատճառը, որ Բելն ու իր զարմը թեև խոշոր են, մսեղ, բայց նրանց մկանը կակուղ է, ջլերը շուտ են հոգնում-հանձնվում:
ԱՐԱՄԱՆՅԱԿ — Մեր աղեղները ձգելուն նրանց ուժը չի պատում:
ՄԱՆԱՎԱԶ — Եթե ձգում էլ են` ձեռքներն այնպես են լարվում-դողում, որ թողած նետը վիրավոր թռչնի նման ծուռումուռ է թռչում, թիրախից վրիպում:
ԱՐԱՄԱՆՅԱԿ — Բայց ծանր նիզակ լավ են գցում:
ՄԱՆԱՎԱԶ — Մարմնեղությունից է: Բայց տեգերով` առավելությունը մերն է:
ՀԱՅԿ — Տղերք, ոնց որ կռվի եք պատրաստվում, հա՞:
ԱՐԱՄԱՆՅԱԿ — Ի՞նչ իմանանք` ինչ կլինի, հայր, իրավիճակը շատ է լարված:
ՄԱՆԱՎԱԶ — Բելենք ֆշֆշալով են անցնում մեր կողքով, պատահում է` չեն բարևում:
ՀԱՅԿ — Հանգիստ մնացեք: Կռիվ սարքեն` կռիվ կտանք, մենք կռվին թիկունքով դարձող չենք:
Գալիս է Խոռը:
ՀԱՅԿ — Ուշանում ես, Խոռ տղա:
ԽՈՌ — Դռանը սայլ է կանգնել, խոսքի բռնվեցի:
ՀԱՅԿ — Ո՞վ են:
ԽՈՌ — Մի ալեզարդ այր է իր երկու օգնականի հետ, ասում է` հեռվից եմ, Հայկին տեսնել եմ ուզում, խոսելու բան ունեմ հետը:
ՀԱՅԿ — Կարգադրիր` օգնականներին կերակրեն, եզներին խոտ ու ջուր տան, իսկ ծերունուն տուն հրավիրի, տեսնենք ով է, ինչ է ուզում:
Խոռը դուրս է գալիս:
ՀԱՅԿ — Գինի չկա սեղանին:
Կանայք գինի են բերում սափորով, գավաթներ, դնում են սեղանին:
Խոռը գալիս է Փառուխի հետ:
ԽՈՌ — Ահա:
ՀԱՅԿ — Բարի լինի մուտքդ իմ տուն, անծանոթ:
ՓԱՌՈՒԽ — Ողջություն քեզ ու քո տանը, դյուցազուն: (Մոտենում է, գրկում Հայկին, երկար ու կարոտով հոտոտում):
ՀԱՅԿ — Ի՞նչ ես այդպես փարվել-հոտոտում, ոչ հայրս ես, ոչ պապս:
ՓԱՌՈՒԽ — Հորեղբայրդ եմ, Հայկ:
ՀԱՅԿ — Հա՞… (Ծաղրով): Որտեղի՞ց հայտնվեցիր, հորեղբայր:
ՓԱՌՈՒԽ — Թորգոմա տնից, լսած կա՞ս:
ՀԱՅԿ — Ոնց չէ… Թորգոմա տուն… Ո՞ր կողմում է:
ՓԱՌՈՒԽ — Էն, հյուսիսի, բարձր ու սիրուն լեռների կողմը:
ՀԱՅԿ — Նստիր: (Կանանց.) Ճաշ տվեք հյուրին, գինի լցրեք: (Փառուխին.) Դե նստիր վերջապես: (Փառուխը նստում է): Ի՞նչն է բերել քեզ մեր կողմերը:
ՓԱՌՈՒԽ — Եկել եմ իմ եղբորորդուն տեսության:
ՀԱՅԿ — Այդ կատակն արինք, անցավ, լրջանանք արդեն, հարգարժան…
ՓԱՌՈՒԽ — Փառուխ, Փառուխ է անունս:
ՀԱՅԿ — Հարգարժան Փառուխ:
ՓԱՌՈՒԽ — Ասացի արդեն` եկել եմ իմ եղբորորդուն տեսնելու:
ՀԱՅԿ — Բա ինչո՞ւ իր մոտ չես գնացել, ինձ մոտ ես եկել:
ՓԱՌՈՒԽ — Որովհետև դո՛ւ ես իմ եղբորորդին:
ՀԱՅԿ — Կատակասեր ես, ծեր այր, հասկացա, բայց բավական է:
ՓԱՌՈՒԽ — Չեմ կատակում, Հայկ, ես Փառուխն եմ Թորգոմա տնից, քո հորեղբայրը:
ՀԱՅԿ — Շփոթում ես, Փառուխ, ես Բաբելացի եմ, Տիտանյան Բելի եղբայրը:
ՓԱՌՈՒԽ — Բելը Քամի ճյուղն է, դու` Հաբեթի: Չե՞ս տեսնում` նա թխամաշկ է, սևահեր, դու` խարտյաշ, ճերմակամաշկ:
ՀԱՅԿ — Մեր մայրերը տարբեր են:
ՓԱՌՈՒԽ — Ձեր հայրերն էլ տարբեր են, Հայկ, դու Թորգոմի զարմից ես, Բելը` Նեբրովթի: Քեզ առևանգել են Թորգոմա տնից:
ՀԱՅԿ — Ո՞վ:
ՓԱՌՈՒԽ — Բաբելացի ավազակները: Տեսել են աշխույժ, ուժեղ, խոշոր մանչ ես, գայթակղվել են, առևանգել` վաճառել Բելենց:
ՀԱՅԿ — Կեր, ճամփից ես, քաղցած ես, գինի խմիր:
ՓԱՌՈՒԽ — (գինուց մի քանի կում խմելով): Ինչի՞ց եք սարքում ձեր այս գինին:
ՀԱՅԿ — Արմավից: Չհավանեցի՞ր:
ՓԱՌՈՒԽ — Վատը չի… Բայց շատ քաղցր է ու սարթ, կմոլորեցնի, իսկ ես դեռ խոսելիք ունեմ: Սայլի մեջ մեր տան գինուց եմ բերել մի տիկ, խաղողի թեթև գինի է, ասա բերեն. կզվարթացնի, բայց չի մոլորեցնի:
ՀԱՅԿ — Բերեք: (Մանավազը դուրս է գալիս գինին բերելու): Ենթադրենք ասածիդ պես է…
ՓԱՌՈՒԽ — Ի՞նչը, գինի՞ն…
ՀԱՅԿ — Չէ, Թորգոմա տուն-հորեղբայր-բան…
ՓԱՌՈՒԽ — Ենթադրենք չի, Հայկ, էդպես է: Մեջքիդ, աջ կողմում, շիկավուն նշան կա, ասես մաշկի վրա իջած փոքրիկ արև լինի. երբ մանուկ էիր` ճկույթիս եղունգի չափ էր:
Հայկը նայում է կանանց, նրանք գլխով հաստատում են:
ՓԱՌՈՒԽ — Արևորդիների նշանն է: Մեր զարմից բոլորը չէ, որ ունեն այդ նշանը, առանձնաշնորհյալների վրա է իջեցվում: Դու ի վերուստ ընտրյալ ես, Հայկ, մեծ առաքելություն ունես: (Մանավազը բերում է տիկը): Բացեք բերանը, խմենք Թորգոմա տան գինին, զվարթանանք:
Հայկը նշան է անում, կանանցից մեկը բացում է տիկի բերանը, լցնում գավաթները:
ԿԻՆ — (գինու թունավորված լինելու կասկածով, Հայկին): Թույլ տուր` նախ ես խմեմ:
ՀԱՅԿ — (Փառուխի աչքերին ուշադիր նայելով, կնոջը): Դրա կարիքը չկա:
ՓԱՌՈՒԽ — (վերցնում է գավաթը): Ողջություն քեզ ու քո գերդաստանին, դյուցազուն Հայկ:
Խմում են:
ԱՐԱՄԱՆՅԱԿ — Համեղ է:
ՓԱՌՈՒԽ — Որդիներիդ վրա Թորգոմա տան շուքը կա, Հայկ… Սակայն… Սակայն ափսոս, շատ ափսոս…
ՀԱՅԿ — Ինչո՞ւ ես ափսոսանք տալիս:
ՓԱՌՈՒԽ — Ափսոս են, որ Բելին պիտի ծառայեն:
ՀԱՅԿ — Մի անգամ ասացիր` կներեմ դժվարությամբ, բայց էլ չասես: Ես ու իմ որդիք երբեք ծառա չենք եղել ու չենք լինի:
ՓԱՌՈՒԽ — Ո՛ւխխխ… Կեցցես: Մեր նախնի Թորգոմի հպարտությունն ու զայրույթը ժայթքեց աչքերիցդ: Մեռնեմ աչքերիդ, Հայկ:
(Երգում է, գավաթը սեղանին խփելով).
«Կարոտցեր եմ սարերդ, պաղ ու անուշ ջրերդ,
Թորգոմա, Թորգոմա, իմ խորոտ տուն, Թորգոմա:
Կարոտցեր եմ քաջերդ, հեզիկ նազիկ հարսներդ,
Թորգոմա, Թորգոմա, հայրերի տուն, Թորգոմա:
Հայկը հանկարծ միանում է կրկներգին:
Թորգոմա, Թորգոմա, իմ խորոտ տուն, Թորգոմա,
Թորգոմա, Թորգոմա, հայրերի տուն, Թորգոմա:
ՀԱՅԿ — (զարմացած): Ես էս երգ գիտեմ, հորողբեր…
ՓԱՌՈՒԽ — Գիտես, մանչ, գիտես, հորողբեր մեռնի ջանիդ, քո երգն է, քո տան երգն է, ո՞նց չիմանաս:
ՀԱՅԿ — Զարմանք բան է…
ՓԱՌՈՒԽ — (կում է անում գինուց, գավաթը սեղանին դնելով): Էհ…
ՀԱՅԿ — Տխրեցիր:
ՓԱՌՈՒԽ — Ոնց չտխրեմ, եղբոր տղա, տկարացել է մեր տունը, կռիվները մաշել են մեզ, նախանձող հարևան ցեղերը շատացել են, մեր ամենաուժեղ մանչերին, ամենասիրուն աղջիկներին առևանգել, տարել են…
ՀԱՅԿ — Տարել են: Չտայի՛ք:
ՓԱՌՈՒԽ — Է չտայինք… Բայց տարան: Ու մեր զարմը հիմա թուլացել է, տկարացել: Հայկ, դու պետք ես Թորգոմա տանը:
ՀԱՅԿ — Դժվար բան ես ասում, հարգարժան Փառուխ… Իմ ամբողջն այստեղ է, Բաբելոնում:
ՓԱՌՈՒԽ — Բայց ես լսել եմ, որ հաշտ չես Բելի հետ…
ՀԱՅԿ — Գոռոզացել է Բելը, ինքն իրեն թագավոր ու աստված է կարգել, բայց ես չեմ երկրպագի նրան:
ԽՈՌ — Մենք ծնկի իջնող չենք:
ՄԱՆԱՎԱԶ — Բելն աստված չի մեզ համար:
ԱՐԱՄԱՆՅԱԿ — Կենաց-մահու կռիվ կտանք:
ՓԱՌՈՒԽ — Չեմ կասկածում, բայց Բելի զորքը բյուրավոր է:
ՀԱՅԿ — Հոգ չէ, նրանք բազում են, մենք` ուժեղ:
ՓԱՌՈՒԽ — Ձեր ոտի տակ չկա կարևորը, Հայկ, ձեր հողը, ձեր թիկունքում չկա կարևորը` ձեր տունը: Դարձեք ձեր տուն, ձեր ոտքը դրեք ձեր հողին, առեք նրա զորությունը: Դարձիր քո տուն, Հայկ: Եվ իմացիր` ինչքան դու ես պետք տանը, այնքան էլ տունն է քեզ պետք:
ՀԱՅԿ — Փախուստի նման կլինի:
ՓԱՌՈՒԽ — Փախուստ չի, տունդարձ է, դու վերադառնում ես քո հայրական տուն, Հայկ… Այնուհետև թե կուզեն` թող գան, թող գան ու էն ժամանակ մենք ցույց կտանք մեր զորությունը: (Դադար): Խոսիր, ինչո՞ւ ես լռում:
ՀԱՅԿ — Չեմ լռում, ներսումս եմ խոսում:
ՓԱՌՈՒԽ — Հա, մտածում ես… Մտածիր, մանչս, մտածիր: (Լցնում է գավաթները): Էստեղ դու ո՞վ ես… Էլի որ դյուցազն ես, հա, էլի որ` հզոր ես… Բայց Բելն է Բաբելոնի առաջնորդը, նրան էլ թե սպանես` հաջորդն էլի իր զարմից է լինելու, էս կարգը դու չես կարող փոխել, Հայկ, նրանք իրենց տանն են: Դու էլ քո տանը պիտի լինես:
ՀԱՅԿ — Շտապում ես, Փառուխ, հեշտ բան չի:
ՓԱՌՈՒԽ — Ոչ էլ շտապում եմ: (Գինի խմելով): Ես իմ եղբորորդու հյուրն եմ, նրա տանը կմնամ այնքան, մինչև ինքը մտածի ու վճիռ կայացնի:
ՀԱՅԿ — (կանանց): Սենյակ պատրաստեք հորեղբոր համար:
ԱՐԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ
Տեսարան 5
Բեմը բազմամարդ է, Թորգոմա Տան բնակիչները դիմավորում են Հայկին իր գերդաստանով, այստեղ են Սլաքը, Դատը, Սոսին, ուրիշներ, մի կողմում` Հռուդեն է, Հուլունը, Սիրաթը:
ՀՌՈՒԴԵ — Վերջն իր արածն արեց իժի ծնունդը, բերեց իր Հայկին: (Հուլունին.) Անեծքներդ անպտուղ էին, կի՛ն:
ՍԻՐԱԹ — Բա ի՞նչ ենք անելու:
ՀՈՒԼՈՒՆ — Օձի թույն տանք ճաշի կամ խմիչքի հետ` պրծնի-գնա:
ՍԻՐԱԹ — Հա, ճիշտ ա, Հուլունը աննկատ կանի դա, էն հողագույն օձի թույնը համ չունի:
ՀՌՈՒԴԵ — Դա վերջում, եթե ուրիշ ճար չմնա:
ՁԱՅՆԵՐ — Եկան, եկան…
Բեմ են մտնում Հայկը, Փառուխը, Հայկի որդիները, մնացյալը:
ՀՈՒԼՈՒՆ — (զմայլված): Ի՜նչ տղերք են…
ՀՌՈՒԴԵ — Բերանդ փակի, թե չէ ես կփակեմ:
ՓԱՌՈՒԽ — Ահա Թորգոմա տունը, Հայկ, ահա քո տունը, քո տան սարերը, ջրերը, դաշտերն ու անտառները, ահա քո տնեցիները, որ հավատացել ու սպասել են քեզ…
ՀՌՈՒԴԵ — (մեկուսի): Սպասել ենք, բա չէ, շունչս կտրում էր սպասելով:
ՀԱՅԿ — Բարի հանդիպեցինք, տնեցիներ, կարոտել էի ձեզ:
Բոլորը գալիս են Հայկին ընդառաջ, շատերը փարվում են, գրկում, ողջունում, նաև` Հայկի որդիներին, ողջունողների մեջ են Հռուդեն, Սիրաթը, Հուլունը:
ՓԱՌՈՒԽ — Բերեք, բերեք խոյը, զոհաբերեք մեր դյուցազուն Հայկի ոտաց տակ:
Թմբուկի, զուռնայի հնչյուների տակ կատարում են զոհաբերությունը:
ՓԱՌՈՒԽ — Հնչեցրե՛ք Թորգոմա տան պարը: Հայկ, տղերք, ձեր ոտ զարկեք ձեր տան հողին, թող հողը զգա ձեր բարևը ու ինքն էլ ձեզ ողջունի: Զարկեք:
Պարի հնչյուններն են թնդում, պարը սկսում են Թորգոմա տնեցիները, պարի մեջ քաշելով Հայկին ու նրա մարդկանց, շուրջպարն է եռում, Սոսին Խոռի կողքին է, պարողների մեջ են նաև Հռուդեն, Սիրաթը, Հուլունը:
Տեսարան 6
Բելի ապարանքը: Բելն է և իր ծառան, այնուհետև` Հռուդեն և Սիրաթը: Բելը նետ-աղեղով փորձեր է անում:
ԲԵԼ — (ծառային): Հայկի հին աղեղներից է, տվեց, ասեց` առ, փորձի, բայց մեկ է` չես կարողանալու ձգես: Ըհը, ձգել եմ… Չեմ ձգե՞լ:
ԾԱՌԱ — Ձգել ես, տեր, դու Բաբելոնի ամենաուժեղ մարդն ես: (Բելի խեթ հայացքին ի պատասխան): Աշխարհի ամենաուժեղը:
ԲԵԼ — Թիրախը վերցրու… Բարձր պահիր:
Ծառան փայտի վրա ձգած կաշվով թիրախը պահում է Բելի առաջ: Բելը մեծ ճիգով ձգում է աղեղը, ձեռքերը դողում են նետն արձակելիս, նետը դիպչում է ծառայի ազդրին ու անցնում:
ԲԵԼ — Դիպավ:
ԾԱՌԱ — (ցավից ծռված): Դիպավ, տեր:
ԲԵԼ — Հենց ազդրիդ էլ նշան էի բռնել: Գնա, թող բուժակը բալասան քսի:
ԾԱՌԱ — Կարիք չկա, տեր, թեթև պատռվածք է, իրեն իրեն կանցնի:
ԲԵԼ — Հա, սպանել ուզեի` կրծքիդ կխփեի: (Մի կողմ է գցում աղեղը, նիզակ է վերցնում): Նիզակից լավ զենք չկա: (Նիզակն ուժգին խփում է թիրախին: Ծառան խոցված թիրախի հետ տապալվում է գետնին): Չես մեռել, չէ՞… (Ծիծաղում է)
ԾԱՌԱ — (ելնելով): Ողջ եմ:
ԲԵԼ — Սառը ջուր բեր, ծարավեցի: Այն երկուսին հո ջուր չե՞ք տվել:
ԾԱՌԱ — Չէ, երկրորդ օրն է` շոգի մեջ չորանում են դարպասների առաջ:
ԲԵԼ — Թող չորանան, չորանան` քիչ կխորամանկեն: Ասում են` որտեղի՞ց են:
ԾԱՌԱ — Թորգոմիա, թե Թորգոմա, թե Թորգոմոն… Ասում են` հեռու է, աղի լճից այն կողմ:
ԲԵԼ — Ջուրը բեր: (Ծառան գնում է): Թորգոմիա… Ինչ-որ տեղ լսել եմ: (Խմելով ծառայի բերած ջուրը): Դրանց բեր, տեսնեմ ինչ են ուզում: Ճամփին գլխներին մի երկու հատ բամփի, թող վախն ավելի խորը մտնի մեջները: (Ծառան դուրս է գալիս: Աղեղն է աչքով ընկնում): Ախ, Հայկ, Հայկ… Մի՞թե վատ թագավոր էի քեզ ու քո աղխի համար, ուզածիդ պես ապրում էիր, բայց դու քեզ ինձ հավասար տեսար, չերկրպագեցիր…
Ծառան ներս է բերում Հռուդեին և Սիրաթին:
ԾԱՌԱ — (հրելով): Ահա, սրանք են, երեկվանից աղաչում են, որ ընդունես, տեր: (Հյուրերին.) Ծնկի՛:
Հռուդեն ու Սիրաթն ընկնում են Բելի ոտքերի առաջ, սողեսող առաջ են գնում:
ԲԵԼ — Թավալվեցիք` հերիք է, հիմա կանգնեք ու խոսեք, բայց արագ, ժամանակ չունեմ:
ՀՌՈՒԴԵ — Թորգոմա տնից ենք, էն լեռների կողմից, ես ու իմ օգնականը, եկել ենք ասենք, որ Հայկն էնտեղ է, Թորգոմա տանը…
ԲԵԼ — Հա՞յկը… Իզուր չէ, որ այսօր առավոտից հիշել եմ նրան: Շարունակի՛ր:
ՀՌՈՒԴԵ — Լավ տեղավորվել է, դաստակերտ է կառուցում իր համար, ձեռքին ոսկի բազկակալ են դրել, մատին` սուտակով մատանի, ինքն էլ քնում-զարթնում` Բելին է հայհոյում, ասում է` թշնամի է ինձ, զորք հավաքեմ, գնալու եմ` հաղթեմ:
ԲԵԼ — Ասում ես` հայհոյո՞ւմ է:
ՀՌՈՒԴԵ — Հայհոյում է, գերաշնորհ:
ԲԵԼ — Ինչո՞ւ պիտի քեզ հավատամ:
ՀՌՈՒԴԵ — Ախր, ախր… ես ո՞նց կհամարձակվեմ ստել աշխարհակալիդ, պայծառափայլիդ առաջ…
ՍԻՐԱԹ — Իմ ուսուցիչը ստելու սովոր չի…
ԲԵԼ — (ծառային): Սրանց գցիր կոկորդիլոսների առաջ:
ՀՌՈՒԴԵ — Վայ, չէ, գթա, աղաչում եմ, մի արա, մեծ:
ԲԵԼ — (Հռուդեի աչքերին նայելով): Բայց դու հետաքրքիր տականք ես… Ասում ես` խնայե՞մ:
ՀՌՈՒԴԵ — (Սիրաթի հետ գետնին ընկնելով): Խնայիր, տեր:
ԲԵԼ — Գալուդ իսկական նպատակն ասա, շո՛ւտ, քո շահը ո՞րն է:
ՀՌՈՒԴԵ — Ասեմ: Ես էի Թորգոմա տան տանուտերի թեկնածուն, բայց գնացին, այսինքն` եկան, Հայկին բերեցին. համոզեցին, որ ինքը Թորգոմա տնից է, Թորգոմա տան զարմ է: Խաբեցին:
ԲԵԼ — Չեն խաբել: Բայց դա նշանակություն չունի: Ուզի՛ր:
ՀՌՈՒԴԵ — Ուզում եմ, որ այդ մեծաբերանի բերանը փակես, ես լինեմ իմ հասանելիքի տերը, հավերժ ծառայեմ քեզ իմ ամբողջով… ինչ ուզես` կտամ:
ԲԵԼ — Ի՞նչ ունես` որ ինչ տաս:
ՀՌՈՒԴԵ — Ունենք… Մետաղ, գինի, յուղ, գարու ջուր, հաց, թանկարժեք քարեր… ջահել տղերք, աղջիկներ… երբ պետք լինի` զինվոր կտամ…
ՍԻՐԱԹ — Թույն… (Հռուդեի սպառնալից հայացքը տեսնելով լռում է):
ԲԵԼ — Ի՞նչ:
ՍԻՐԱԹ — Թթթ…
ՀՌՈՒԴԵ — Թուրմ, հատուկ բուժիչ թուրմեր ունենք, թեյեր ենք պատրաստում, բալասաններ:
ԲԵԼ — Կոխեք քամակներդ, ինձ ձեր թուրմը պետք չի, մերը ունենք: Ասում ես` հայհոյո՞ւմ է:
ՀՌՈՒԴԵ — Հայհոյում է, տեր, նույնիսկ լեզուս չի պտտվում… Ասում է` Բելը միայն տեսքից է ահավոր, իրականում… իրականում…
ԲԵԼ — Ասա:
ՀՌՈՒԴԵ — (Սիրաթին): Ասա:
ՍԻՐԱԹ — Ինչի՞ ես…
ԲԵԼ — Հը՛…
ՍԻՐԱԹ — Նապաստակ է:
ՀՌՈՒԴԵ — Ասում է` ես ու իմ տղերքը հզոր ենք, մեր դեմ խաղ չկա, մենակ մի քիչ ժամանակ լինի` ուժ հավաքենք…
ԲԵԼ — Շո՛ւն, հո չե՞ս կարծում, թե ասածներդ հալած յուղի տեղ եմ ընդունում:
ՀՌՈՒԴԵ — Քո կամքն է, մեծ: Բայց ես չեմ ստում. նա քո իմացած Հայկը չի այլևս, ինչ տեղավորվել է Թորգոմա տանը` պարծենկոտ ու ինքնահավան է դարձել, մեր ծերերը նրան տարբեր պատմություններ են պատմել տան պատմությունից, նախնիների հերոսություններից, ոգևորվել է, ուզում է աշխարհակալ դառնալ, ասում է` մնացած բոլորը շուն են, շան ցեղից…
ԲԵԼ — Հերիք է: Ուրեմն այսպես, պատգամախոս կուղարկեմ նրա մոտ, թող համոզեն, ետ բերեն…
ՀՌՈՒԴԵ — Չի գա:
ՍԻՐԱԹ — Չի գա, չէ:
ԲԵԼ — Ինձ պետք է, որ Հայկը վերադառնա ու ծնկի գա իմ առաջ, հնազանդվի ու երկրպագի: Եթե մերժի, չգա, այն ժամանակ կանեմ իմ անելիքը:
ՀՌՈՒԴԵ — Միանգամից արա, տեր, իզուր ջանք ու ժամանակ մի ծախսիր, նա վերադարձողը չի:
ԲԵԼ — Ձայնդ կտրի, էլ չխոսես, մինչև թույլ չտամ: Ձիակառքերի ճանապարհ կա՞ մինչև ձեր այդ տուն կոչվածը:
ՍԻՐԱԹ — Կա, դեռ չեն սառցակալել ճանապարհները, բայց օր-օրի է, չես իմանա` վաղն ինչ կլինի:
ՀՌՈՒԴԵ — Շատ քարքարոտ են ու նեղ, վախենամ ձիերը չքաշեն:
ԲԵԼ — (Հռուդեին): Դու կմնաս էստեղ:
ՀՌՈՒԴԵ — Մնամ, հրամանքդ:
ԲԵԼ — (Սիրաթին): Իսկ դու կգնաս իմ պատգամախոսների հետ, ճանապարհը ցույց կտաս: (Հռուդեն փորձում է մոտենալ Սիրաթին, ինչ—որ բան փսփսալ): Հեռու մնա՛: (Ծառային.) Տար սրանց, չթողես խոսեն իրար հետ, փակեք առանձին-առանձին:
Ծառան տանում է Հռուդեին ու Սիրաթին:
ԲԵԼ — Հայկ, Հայկ… Ուզում ես թագավոր լինել Բելի պես, հա՞… Չէ, չի ստացվի, երկինքներն ինձ են նշանակել, դու կարող ես միայն իմ ենթական լինել, ծառան, ստրուկը… (Կատաղած` ջարդում է Հայկի աղեղը ծնկին խփելով):
Տեսարան 7
Հայկի տունը: Հայկ, Արամանյակ, Խոռ, Սոսի, Տիփոն, Շիմար:
ՏԻՓՈՆ — (ներս գալով): Ողջություն քեզ և ուժ բազուկներիդ, դյուցազուն Հայկ:
ՀԱՅԿ — Ողջույն, Տիփոն: Նստիր, տեսնենք՝ որն է քո գալստյան նպատակը:
ՏԻՓՈՆ — Գերաշնորհ Տիտանյան Բելը պատգամ է ուղարկել քեզ: Սակայն նախ` ընծան: (Ուզում է ծափ զարկել):
ՀԱՅԿ — (զսպելով Տիփոնի ծափը): Այս տանը միայն ես ունեմ ծափ զարկելու իրավունք:
ՏԻՓՈՆ — Ուզում էի կարգադրել, որ ներս գա, ծափով ենք պայմանել:
ՀԱՅԿ — Ինքս:
Հայկը ծափ է զարկում: Հնչում է պարեղանակը, ներս է գալիս գեղեցկուհի Շիմարը, կիսամերկ, սկսում է պարել, պորտապար հիշեցնող պար է: Շիմարը պարելով մոտենում է Հայկին, Արամանյակին և Խոռին` հրապուրիչ, գայթակղող շարժումներով, նույնիսկ դիպչում է Խոռին: Անսպասելիորեն ներխուժում է Սոսին` պարով, ասես մարտահրավեր է նետում Շիմարին, պարում են դեմ առ դեմ, միմյանց համարյա հրելով: Պարը ձգձգվում է, Տիփոնի նշանով Շիմարը ետ է քաշվում, դադարեցնում է պարը: Սոսին նույնպես դադարում է:
ՏԻՓՈՆ — Ոչ միայն պարն է քեզ համար, Հայկ, այլև պարուհին, մեծն Բելի ընծան է:
ՀԱՅԿ — Գինի բերեք հյուրին, խորտիկներ: (Տիփոնին.) Ո՞նց է Տիտանյան Բելը, ամբո՞ղջն է առել իր անհագ իշխանության տակ, թե դեռ ինչ-որ բան ազատ է թողել:
Կանայք սեղան-մատուցարանով հյուրասիրություն են մատուցում:
ՏԻՓՈՆ — Ամբողջը, Հայկ, հիմա բոլոր ցեղերը նրան հնազանդ են ու երկրպագում են, և սա աշխարհակալություն է, Տիտանյան Բելը հիմա թագավորաց թագավոր է…
ՀԱՅԿ — (հեգնում է): Եվ աստված:
ՏԻՓՈՆ — Այո, այդպես է, աստվածները նրան նշանել` իրենց շարքն են առել:
ՀԱՅԿ — Առել են` թող գնա, ինչո՞ւ է ոտքը կախ գցել:
ՏԻՓՈՆ — Այստեղի առաքելությունն ավարտված չէ, մեծ գործեր ունի դեռ անելու:
ՀԱՅԿ — Պարուհուն էլ գինի տվեք, ծարաված կլինի:
Սոսին կանխում է կանանց, ինքն է գինի լցնում Շիմարի համար:
ՍՈՍԻ — (գինին տալով Շիմարին): Խմի:
Պարուհին վերցնում է գավաթը:
ՏԻՓՈՆ — Որդիքդ ամրացել, իսկական դյուցազուն են դարձել,
ՀԱՅԿ — Թորգոմա տան օդն ու ջուրը բարերար են ազդում նրանց վրա:
ՏԻՓՈՆ — Քեզ ջերմ ողջույններ եմ բերել քո տուն Բաբելոնից:
ՀԱՅԿ — Զգացված եմ, բայց Բաբելոնն իմ տունը չէ այլևս:
ՏԻՓՈՆ — Բայց Բաբելոնը քեզ իրենն է համարում, հիշում է ու կարոտում:
ՀԱՅԿ — Գործից խոսիր, Տիփոն:
ՏԻՓՈՆ — Գերաշնորհ Բելի խոսքն եմ քեզ բերել, Հայկ, ճիշտ և ճիշտ նույնը, ինչ նա հրամայեց փոխանցել քեզ:
ՀԱՅԿ — Սկսիր, իբրև թե Բելն ես:
ՏԻՓՈՆ — Աղեղնավոր Հայկ, դու հեռացար ու ցուրտ սառնամանիքների մեջ բնակվեցիր: Սակայն տաքացրու և մեղմացրու քո հպարտ բնավորության ցուրտ սառնությունը, վերադարձիր և ինձ հնազանդելով` խաղաղ ապրիր իմ երկրում: Ես կավելացնեմ քո կալվածքներն ու որսատեղին, նաև` իմ որսկան զինվորների ղեկավարը կդարձնեմ:
ՀԱՅԿ — Այդքա՞նը:
ՏԻՓՈՆ — Այո, այս էր Տիտանյան Բելի հորդորը քեզ: Քի՞չ է:
ՀԱՅԿ — Տիփոն, իմ անունից ասա Բելին, որ ես իմ տանն եմ և նրա տանը բնակվելու միտք չունեմ: Ասա նրան նաև, որ ես ինքս կարող եմ գործ առաջարկել նրան իմ տանը, եթե կարիք ունենա:
ՏԻՓՈՆ — Անխոհեմ է պատասխանդ, դյուցազուն, մի՛ շտապիր, գուցե մի երկու օր մտածես, կշռադատես…
ՀԱՅԿ — (ընդհատելով): Դարձյալ եմ ասում, Տիփոն, ես իմ տանն եմ, ուրիշի տանն ապրելու միտք չունեմ: Նայիր, ինչ հրաշալի երկիր է իմ հայրերի երկիրը, կուզե՞ս` մնա որոշ ժամանակ, հյուր եղիր, բայց իմացիր, որ իմ վճիռը չի փոխվելու:
ՏԻՓՈՆ — Շնորհակալ եմ հյուրընկալության առաջարկի համար, սակայն իմ տերը սպասում է քո պատասխանին, և եթե այն իսկապես վերջնական է, չուշացնեմ, հենց այսօր էլ վերադառնամ:
ՀԱՅԿ — Վերջնական է:
ՏԻՓՈՆ — Բայց…
ՀԱՅԿ — Ի՞նչ:
ՏԻՓՈՆ — Սա արդեն ինձնից` որպես բարի խորհուրդ: Թույլ կտա՞ս:
ՀԱՅԿ — Ասա:
ՏԻՓՈՆ — Փորձանք ես բերելու գլխիդ քո հակառակությամբ, Հայկ:
ԱՐԱՄԱՆՅԱԿ — Սպառնո՞ւմ ես, շո՛ւն: (Հայկին.) Կներես, հայր, առաջ ընկա:
ՀԱՅԿ — (Տիփոնին): Քեզ հարց տվին, պատասխանիր:
ՏԻՓՈՆ — Չեմ սպառնում, պարզապես կռահում եմ այն, ինչը կարող է հետևել մերժումիդ:
ՀԱՅԿ — Խնդիրը փակված է, չշարունակենք: Եվ այն պարուհուն էլ տար հետդ, մենք մեր պարերն ունենք: Բարով գնաս:
Տիփոնը խոնարհվելով հեռանում է:
ԽՈՌ — Սպառնում էր իժը:
ՀԱՅԿ — Բելի գոռոզությունը սահման չունի և շատ հավանական է, որ իսկապես գա մեր վրա: Բայց մենք վախեցող չենք: Կռվով կգա` կռիվ կստանա: Հո չե՞նք թողնելու, որ ամեն շունուգել մտնի` մեր տունն ավերի:
ԱՐԱՄԱՆՅԱԿ — Կուզե՞ս, հրամայիր, Տիփոնի վիզը կտրենք, գլուխն ուղարկենք Բելին որպես պատասխան:
ՀԱՅԿ — Տիփոնն ընդամենը պատգամավոր է, պահպանենք պատշաճությունը, թող անարգել գնա: (Կանանց.) Ուտելիք և խմելիք դրեք պատգամավորի հետ:
Տեսարան 8
Բելի ապարանքը: Բել, Տիփոն, Հռուդե:
ԲԵԼ — (կատաղած ետառաջ անելով): Ուրեմն հրաժարվեց:
ՏԻՓՈՆ — Հրաժարվեց, տեր:
ԲԵԼ — Կտրականապես:
ՏԻՓՈՆ — Կտրականապես:
ԲԵԼ — Իմ նվերն էլ մերժեց:
ՏԻՓՈՆ — Մերժեց: Ասում է` մենք մեր պարերն ունենք:
ՀՌՈՒԴԵ — Ասում էի, չէ՞, գերապայծառ, ասում էի, չէ՞, որ վերադարձողը չի: Նա հիմա դեռ փափուկ է մերժել, ժամանակ է շահում, որ զորք բազմացնի, ամրանա, հենց ամրացավ` ավելի է լկտիանալու:
ԲԵԼ — (Տիփոնին): Սրա ընկերն ի՞նչ եղավ:
ՏԻՓՈՆ — Մեռավ հետդարձի ճամփին: Նստել էինք քարերին հաց ուտելու, մի օձ տեսավ, ասաց` էս ինչ անծանոթ օձ ա, մեր կողմերում էս տեսակ օձ չկա ու վազեց ետևից, վազեց ու կորավ, գնացինք տեսանք` օձը խայթել է, վերջին շնչում է, այն մեջքն ուռցնող օձերից էր, դրա խայթածը հավաստի մահ է:
ՀՌՈՒԴԵ — Սև է՞ր:
ՏԻՓՈՆ — Ի՞նչը:
ՀՌՈՒԴԵ — Օձը:
ԲԵԼ — Մեջ մի ընկիր: (Տիփոնին.) Էլ ի՞նչ ասաց Հայկը:
ՏԻՓՈՆ — Ասաց` ես իմ տունն ունեմ, ուրիշի տանն ապրելու ցանկություն ու կարիք չունեմ:
ԲԵԼ — Դա ասել ես, ուրիշ…
ՏԻՓՈՆ — Լեզուս չի պտտվում, տեր:
ԲԵԼ — Պտտիր, թե չես ուզում պոկեմ:
ՏԻՓՈՆ — Ասում է` եթե… եթե Բելը կարիք ունենա, ինքս կարող եմ նրան գործ տալ իմ տանը:
ԲԵԼ — (ձեռքն ընկածը ջարդելով): Շո՛ւն, շո՛ւն…
ՀՌՈՒԴԵ — Ասում էի, չէ՞:
Բելը Տիփոնին ու Հռուդեին ձեռքի շարժումով ցույց է տալիս, որ հեռանան, նրանք խոնարհվելով դուրս են գալիս:
ԲԵԼ — (ռազմի սաղավարտը դնելով գլխին):. Ես կավերեմ քո տունը, Հայկ, քեզ ու քո որդիներին շղթայակապ կանեմ, կբերեմ Բաբելոն: Հնազանդվելու ես ինձ, ծնկի իջած` ներում ես աղերսելու, Հայկ…
Տեսարան 9
Սարալանջ: Հայկ, Փառուխ, Արամանյակ, Խոռ, ապա` Մանավազ:
ՀԱՅԿ — Ի՜նչ զարմանահրաշ վայրում են հաստատել իրենց տունը մեր նախնիները:
ՓԱՌՈՒԽ — Հա, էդպես է, եղբոր տղա, արձակ դաշտեր, բարձր սարեր, սառնորակ ջրեր…
ՀԱՅԿ — Ներքևում շոգ է, սարն ի վեր ելնես` զով, քիչ էլ վերև` ցուրտ, ու երեքն էլ նույն օրվա մեջ կվայելես, թե ուզես, այստեղ մարմինդ միշտ առույգ է, աչքդ ու միտքդ` սուր:
ՓԱՌՈՒԽ — Էս լանջերին վազվզել ես, երբ փոքր էիր, Հայկ, ընկնում էիր, գլորվում, կանգնում` նորից վազում:
ՀԱՅԿ — Դե, ասպարեզը բացեք, ո՞ւր են մեր ջահել ըմբիշները, թող սկսեն մենամարտը:
Ասպարեզ են գալիս պատանի ըմբիշները` Կայպակն ու Բազը:
ՀԱՅԿ — Ձեր անուններն ասեք, լսենք:
ԿԱՅՊԱԿ — Կայպակ:
ՀԱՅԿ — Ո՞ւմ ճյուղն ես:
ԿԱՅՊԱԿ — Հոյի:
ՀԱՅԿ — (Բազին): Դու:
ԲԱԶ — Բա՛զ, Հորոյի զարմից:
Հայկը նշան է անում, զարկում է թմբուկը, ըմբիշները սկսում են մենամարտը: Կայպակը հնարք է կատարում ու տապալում ախոյանին:
ԲԱԶ — Մեկ էլ կպնենք, ոտքս քարին դիպավ, սայթաքեց:
ՓԱՌՈՒԽ — Էստեղ քար չկա, տղա, մաքրել են:
ԲԱԶ — Ուրեմն դոդոշ էր, ոտքիս տակ ընկավ:
ՀԱՅԿ — (ծիծաղելով): Հարգենք տղայի համառությունը, թող մեկ էլ կպնեն:
ՄԱՆԱՎԱԶ — (հևասպառ գալով): Հայր, հայր…
ՀԱՅԿ — Ի՞նչ է եղել:
ՄԱՆԱՎԱԶ — Հենց նոր Կադմոսից սուրհանդակ եկավ, ասում է` Բելը անհամար զորքով եկել` նստել է Աղի լճի այն ափին, լիճը շրջանցելու է` գա մեր վրա:
ՀԱՅԿ — Ինքը` Կադմոսն ո՞ւր է:
ՄԱՆԱՎԱԶ — Իր ամբողջ աղխը հավաքել` փախած գալիս է:
ՀԱՅԿ — Ոխակալ Բել… Սպասում էի, որ գալու ես, բայց՝ ոչ այսքան շուտ, երևում է` ատելությունը խիստ է սեղմել կոկորդդ:
ՓԱՌՈՒԽ — Ի՞նչ ենք անելու, Հայկ, հրամայի՛ր:
ՀԱՅԿ — Հավաքելու ենք մեր բոլոր կարող ուժերն ու կանգնենք արհավիրքի դեմ, կռիվ ենք տալու Տիտանյան Բելին ու իր զորքին, Փառուխ, ուրիշ ի՞նչ: Եվ արագ պիտի հավաքվենք, չենք թողնելու, որ հասնեն մեր դռանը, Բելին Աղի լճի այս ափին կդիմավորենք: Դե, ի զեն, Թորգոմա Տան քաջազուններ:
Տեսարան 10
Բարձունքի դիտակետ. Հայկ և Արամանյակ: Ենթադրելի է, որ դիմացը Բելի դիտակետն է, իսկ երկու դիտակետ-բարձունքների միջև պատերազմ է, բնականաբար, նույնպես ենթադրելի:
ԱՐԱՄԱՆՅԱԿ — Բելը հաստատ դիմացի բարձունքին է, դիտակետի իր զորապետերի մեջ… Բայց չի առանձնանում, բոլորը հաղթանդամ են, բոլորը՝ սաղավարտներով…
ՀԱՅԿ — Բելի սաղավարտն ուրիշ է, ծոպերով է, թագավորական նշաններ ունի վրան… բայց այստեղից տարբերել չեմ կարողանում, հեռու է:
Գալիս են Խոռը, Մանավազն ու Կադմոսը:
ԽՈՌ — Հայր, կոտորում ենք, բայց նորերն են հայտնվում, գալիս են ու գալիս, անվերջ ու անդադար:
ԿԱԴՄՈՍ — Իմ թևի վիճակն էլ նույնն է, զինվորները հոգնում են արդեն, հազիվ ենք դիմանում:
ՄԱՆԱՎԱԶ — Կենտրոնի վրա էլ ճնշումն ուժգին է, ասես անսպառ լինեն շները:
ԱՐԱՄԱՆՅԱԿ — Ի՞նչ ենք անելու, Հայր:
ՀԱՅԿ — Բելը պիտի ընկնի, սա է ելքը: Ինձ պետք է, որ նա առաջ գա, գոնե մի քիչ: Խոռ, Մանավազ, Կադմոս, իջեք ռազմի դաշտ, աստիճանաբար ետ քաշեք զորքը, իբր պարտվում` նահանջում եք, թող թշնամին ոգևորվի, առաջ գա: Դու էլ իջիր, Արամանյակ, ղեկավարիր կեղծ նահանջը: Ես քարերի ետևը կանցնեմ, չեմ երևա, թող կարծեն, թե դիտակետն էլ ենք լքել: Գնացեք:
Եղբայրները իջնում են դիտակետից, Հայկը մնում է:
ՀԱՅԿ — Քո անսպառ զորքին հաղթելու մեկ տարբերակ է մնում, Բե՛լ, դա քեզ սպանելն է: (Աղեղը պատրաստ պահած): Չլինի Բելը, չի լինի նրա զորքը, նրանք կարծում են, թե Բելն աստված է, անմահ է, եթե սպանված տեսնեն` կվերածվեն հավատը կորցրած, սարսափած խառնամբոխի, ամեն մեկն իրեն փրկելու մասին է մտածելու: Իջիր բարձունքից, Բել, առաջ արի, չե՞ս տեսնում` նահանջում ենք, արի, քո հաղթական առաջխաղի ժամն է… Ահա, իջնում են… Եկեք, եկեք, մի վարանեք, պարտվում ենք, չե՞ք հավատում… Հավատում են, գալիս են… Մի քիչ էլ, էլի մի քիչ… Ճանաչեցի ծոպավոր սաղավարտդ, Բել, գոռոզ շարժուձևդ էլ ճանաչեցի… Դո՛ւ ես, կասկած չկա: (Կապարճից նետ հանելով): Թորգոմա տան պահապան ոգիներ, զորություն ավելացրեք բազուկներիս, ուժ տվեք աչքիս լույսին, օգնեք, Թորգոմա տունն ինձ է վստահել իր ապահովությունը, երդում եմ տվել, չթողնեք երդմնազանց լինեմ: (Քաշում է նետը, ճկում աղեղը, նշան բռնում` բաց թողնում: Լսվում է սլացող նետի շվվոցը): Դիպավ, պատռեց կուրծքը` թիկունքից դուրս եկավ… Վերջ, տապալվեց գոռոզ Բելը: Խառնվել են իրար, շփոթի մեջ են, չգիտեն իրենց անելիքը… Ձեր թագավորն ու աստվածը սպանվեց, մեռած է, դուք էլ ո՞ւմ համար եք կռիվ տալու, ետ դարձեք ձեր երկիրը, փախեք… (Կանչում է բարձրաձայն): Հո-հո-հո-հո՛, ի՛մ քաջեր, չկա այլևս Բելը, թշնամին սարսափած է, հարձակվեք ձեր ամբողջ թափով, հալածենք փախչող շներին, վռնդենք մեր աշխարհից:
Տեսարան 11
Թորգոմա տան բնակիչները դիմավորում են Հայկին ու նրա որդիներին: Փառուխը ընդառաջ է գալիս:
ՀԱՅԿ — Հաղթեցինք, հորողբեր:
ՓԱՌՈՒԽ — (արցունքն աչքերին): Հորողբեր մեռնի բազուկներիդ, Հայկ: (Երգում է, Հայկը միանում է նրան.)
«Թորգոմա, Թորգոմա, իմ խորոտ տուն, Թորգոմա,
Թորգոմա, Թորգոմա, քաջերի տուն, Թորգոմա»
ՀԱՅԿ — (դեպի ժողովուրդը): Տնեցի՛ք, հաղթանակ եմ բերել ձեզ:
Բացականչություններ` Հա՛յկ, Հա՛յկ, Հա՛յկ…
ԽՈՌ — (Սոսիի հետ, քարշ տալով բերում է Հռուդեին): Դավաճանին ի՞նչ անենք, հայր:
ՀԱՅԿ — Գցեք իր տունը, տունն այրեք, թող դավաճանությունը կրակով մաքրվի մեր հողից:
ՀՌՈՒԴԵ — Մի արա, Հայկ, ներիր, մեծ, գերապայծառ, մի արա, գթա… Ես մեղավոր չեմ, էն կախարդ կինն ինձ մոլորեցրեց… (Ծղրտացող Հռուդեին տանում են): Ես քեզ պետք կգամ, Հայկ, մի արա… ես մեղք չունեմ, Հուլունը կախարդեց…
ՀՈՒԼՈՒՆ — (գալով ու ընկնելով Հայկի առաջ): Սուտ է ասում օձի ծնունդը, չհավատաս… Խնայիր, Հայկ, խնայիր ինձ ու իմ ճժերին…
ՀԱՅԿ — (Փառուխին): Սրան մի սայլ տվեք իր եզնով, ուտելիք ու ջուր, թող հեռանա մեր տնից, մեր հողի վրա դավաճանությունը թող ծիլեր չտա: (Հուլունին հեռացնում են: Հավաքվածներին.) Տնեցինե՛ր, քանի ես ու իմ որդիք կանք, ոչ մի թշնամի Թորգոմա տանը մոտ չի գա, չենք թողնի. սա ես եմ ձեզ ասում, Հա՛յկը: (Բացականչություններ` Հա՛յկ, Հա՛յկ, Հա՛յկ…) Եկել է մեր տունը շենացնելու ու ընդարձակելու ժամանակը: Կարգադրություն եմ անում որդիներիս. Արամանյա՛կ, դու կգնաս վեր, դեպի քառագագաթ լեռը ու նրանից էլ անդին: Կադմո՛ս, վերադարձիր Աղի լճի երկիրը: Մանավա՛զ, դու գնա Արարադ լեռան աշխարհը: Խոռին ուղարկում եմ Անապական լճի կողմը: Գնացեք ու տեր եղեք: Ես մնում եմ էստեղ, Թորգոմա տանը, էստեղից կհետևեմ ձեր գործերին ու պատասխան կուզեմ ձեզնից: (Բացականչություններ` Հա՛յկ, Հա՛յկ, Հա՛յկ…) Դե, զարկեք թմբուկը, թող թնդա Թորգոմա Տան պարը:
Թմբուկն ու զուռնան խրոխտ պարեղանակ են հնչեցնում,
բոլորը, կողք-կողքի, շուրջպար են բռնում: