Արմեն ՍԱՆԹՐՈՍՅԱՆ / «ՃԱՌ ԱՍԵ՞ՆՔ, ԹԵ՞…»

(Ըստ Ա. Խնկոյանի «Մկների ժողովը» ստեղծագործության)

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

ՓՈՍՏՈ — Ինքնասիրահարված պոետ

ԱԼՈ — Դեռ շորշոփը վրան նախկին կոմունիստ

ԽԴՈ — Քեռու տղայով վեր-վեր թռչող մուկ

ՄԿՈ — Սրա նրա հաշվին ապրող սիրահար

ԾՎՈ — Փողոցում ոտքերը բացող կանգնող

ՑԻՑՈ — Առևտրական՝ չարչիական թեքումով

ՋՈՋ — Չգնահատված ղեկավար

ԿԱՏՈՒ — Իրեն վագր հռչակած ղեկավար

ԲԴՈ — Նստած դուրս եկած լավ տղա

ՊՈՒՅ-ՊՈՒՅ — Նախկին Մկստանցի՝ հնդկական թեքումով

ՃԼՈ — Լավատես

ԹԼՈ — Վատատես

ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ

ՓՈՍՏՈ — Հե՜յ, Ժողովուրդ մեծով, փոքրով,

Հարազատով, բարեկամով: •

Ուշադրություն, ուշադրություն,

Ձեզ կպատմենք մի պատմություն:

Մկստանի ժողովուրդ, լսեք դուք ինձ:

ՄԿՆԵՐ — Ի՞նչ է, ի՞նչ է պատահել,

Ձենդ ողջ գեղն է բռնել:

ՓՈՍՏՈ — Շատ տքնեցի, շատ ճգնեցի,

Բայց պոեմս ավարտեցի:

Կարդամ՝ լսեք:

ՄԿՆԵՐ — Է՜հ…

ՓՈՍՏՈ — «Ձոն Մկստանի»:

ՄԿՆԵՐ — Հա… կարդա, կարդա:

ՓՈՍՏՈ — Խոհափիլիսոփայական, պատմահայրենասիրական, լուծամեկնաբանական պոեմ 

«Ձոն Մկստանի»:

Սիրում եմ քեզ, իմ Մկստան,

Արի, բարի ու ճարճատան:

Հրաշքն ես դու հրաշքների 

Էսպես հրաշք էլ չես գտնի: 

Ժողովուրդդ քաջակորով,

Տոգորված է մեծ գործերով:

Չե՞ք հավատում…

Որ էդպես է, կասեմ հերթով,

Սրտիս անհուն թրթռոցով:

Ունենք հրաշք գյուղապետ,

Ամեն գործի մեծ վարպետ:

ՄԿՆԵՐ – Թո՛ղ երկար կյանք մեր Ջոջին,

Նրա երկար, հաստ պոչին:

ՓՈՍՏՈ — Ալոն բացեց մի կրպակ,

Ու բանում է շարունակ:

ԱԼՈ — Հա, բացել եմ մի կրպակ,

Ու բանում եմ շարունակ:

ՓՈՍՏՈ — Խդոյի գործն էլ վատ չի,

Նա էս կյանքում չի կորչի:

ԽԴՈ — Քեռուս տղին ծախսարար 

Դարձրեցին նախարար:

ՓՈՍՏՈ — Ցիցոն դարձել է տուրիստ,

Աշխարհն է ոտնատակ տալիս:

ՑԻՑՈ — Մեկ Հալեպ եմ, մեկ՝ Դուբայ,

Բարի ճամփա ինձ, բայ-բայ:

ՓՈՍՏՈ — Իսկ մեր Ծվոն գեղանի, 

Մատին՝ քսան մատանի,

Հենց կանգնում է փողոցում, 

Իսկույն վրա են վազում:

ԾՎՈ — Համբուրում եմ քթիկս,

Սիրուն պոչս ու տոտիկս:

ՓՈՍՏՈ — Միայն Մկոն է անգործ,

Նա շատ խակ է ու անփորձ:

ՄԿՈ — Հենց լավ գործի տեր դառնամ՝

Անհապաղ կամուսնանամ:

ՓՈՍՏՈ — Իսկ ես՝ պոետն իմ ազգի,

Տարեգիրը իմ դարի,

Հայացքս հառած անհունին՝ 

Ողջունում եմ բոլորին:

Ահա, այսպես, այսպես սիրով,

Միշտ հարգանքով ու միշտ պատվով: 

Ապրում ենք ու հա բազմանում 

Մեր այս չքնաղ այգեստանում:

ՄԿՆԵՐ – Ջա՜ն, ինչ լավ է, ախպերտինք, 

Ունենք հպարտ հայրենիք:

ԽԴՈ — Էդ ո՞ւր էդպես, մեր բանաստեղծ: 

ՓՈՍՏՈ — Տանեմ ձոնս տամ թերթին,

Ելնեմ բարդու կատարին,

Նայեմ, տեսնեմ՝ աշխարհում 

Ինձնից լավ ո՞վ է գրում:

ՑԻՑՈ — Խելք հավաքի, այ խելագար:

ՓՈՍՏՈ — Ի՞նչ ասացիք:

ՑԻՑՈ — Ասում եմ՝ խելք հավաքի, այ խելագար, 

Ի՞նչ ես կպել գրիչին, 

Էդ գրիչը քեզ հաց չի:

ՓՈՍՏՈ — «Ձոն արհամարհանքի»:

ՑԻՑՈ — Արհամարհանքի՞:

ՓՈՍՏՈ – Ձա՛յնդ, քիչ վայրահաչի, 

Սա քո խելքի բանը չի:

Ես հանճարեղ պոետ եմ,

Ոչ թե քեզ նման չարչի:

ՑԻՑՈ – Ես՝ չարչի՞:

ՓՈՍՏՈ – Այո՛, չարչի, դու չարչի,

Կոչումիցդ չես փախչի:

ՑԻՑՈ — Խոսքերդ չափավորի,

Չդիմեմ դատավորի:

ԱԼՈ — Քեզ համար ենք մտածում,

Հիմա ո՞վ է քեզ լսում:

ՑԻՑՈ — Ախր էսօր ի՞նչ մուկ ես,

Որ մի դախլա էլ չունես:

ԽԴՈ — Այ, օրինակ,

Իմ նախարար քեռու տղան 

Երբեք գիրք էլ չի կարդացել,

Բայց արի տես՝ 

Նախարար է այսօր դարձել:

ՓՈՍՏՈ — Ինձ շարունակ հարց եմ տալիս,

Ինչո՞ւ ես դու այս անգրագետ մասսայի դեմ 

Մարգարիտներդ շաղ տալիս:

Սակայն հոգ չէ, օրը կգա,

Հասկացնողն ինձ կհասկանա:

ՄԿՈ – Ջո՛ջը, Ջո՛ջը… (Ջոջն անցնում է՝ ուշադրություն չդարձնելով նրանց վրա):

Տեսա՞ք, տեսա՞ք, մեր Ջոջը,

Ո՞նց է փքվել հաստ պոչը:

ԽԴՈ — Հա, բա ի՞նչ…

Ուր որ ասես մտնում է,

Ինչ-որ գտնում, լափում է, 

Էդ էլ կարծես թե քիչ է,

Կպել է, թե հա՜յ-հարա՜յ,

Պիտի դառնամ նախարար:

ՑԻՑՈ — Տո, շատ էլ լավ է անում,

Չուզողի աչքն է հանում:

ԱԼՈ – Ասա՝ քեզ ո՞վ հաչեցրեց,

Որ մեջ ընկար ճանճի պես:

ՑԻՑՈ — Ձենդ կտրի, այ աներես,

Հիմա կանեմ երկու կես:

ԱԼՈ — Սատանեն ասում է՝ վեր կաց,

Տունը դարձրու սուգ ու լաց:

ԽԴՈ — Ներվերդ խնայի, պետք կգա, 

Արհամարհիր՝ թող գնա:

ԱԼՈ — Գլխիդ թափվի չոռ ու ցավ,

Վա՜յ, ճնշումս էլի բարձրացավ:

ՑԻՑՈ — Ախ, ուր էր, թե որդի պես 

Էդ ճնշումդ ուտեր քեզ:

ԽԴՈ — Ախչի Ցիցո, բոյդ թաղեմ, 

Ասեղս բեր, որ կար անեմ,

Երկու օրով քեզ տվեցի,

Թե՞ կարծում ես՝ նվիրեցի:

ՑԻՑՈ — Լավ, մի ճաքի մեջտեղից,

Հո չփախանք էստեղից,

Կտանք, էլի, չկերանք:

ԽԴՈ — Դե քիչ խոսի, ա՛յ անատամ,

Հիմի քարը գանգիդ կտամ:

ՑԻՑՈ — Դմբուզով կտամ գանգիդ,

Սև ջուր կիջնի աչքերիդ:

ԽԴՈ — Անտեր ու դուս շատ ես խոսում,

Քեզ կթաղեմ ա՛յ, էն փոսում:

ՑԻՑՈ — Դու ինձ՝ փոսո՞ւմ:

ԽԴՈ — Ես քեզ՝ փոսում:

ՑԻՑՈ — Դե առ ուժեղ մի քացի,

Գնա ու բախտդ լացի:

ԽԴՈ — Դու ինձ՝ քացի՞…

ՋՈՋ — Էլի կոիվ, էլի վեճ, 

Հերիք չեղա՞վ, այ բվեճ:

Թե որ մեկ էլ դուք կռվեք՝

Մկստանից կչքվեք:

ԽԴՈ — Չէ, ի՞նչ կռիվ, Ջոջ ախպեր,

Սովորական հանաք էր:

ՑԻՑՈ — Հա, հանաք էր, հանաք էր:

ՋՈՋ — Իսկույն մտեք ձեր բունը,

Չլսեմ ձեր ծպտունը:

Հա, կարգ ու կանոն շատ եմ հարգում,

Ու միշտ էսպես օրենքով եմ կառավարում: 

Էս գործն էլ արեցինք:

Հիմա գնամ տանս նստեմ,

Իմ օրենսգիրքը մշակեմ:

Պարելով մտնում է Ծվոն:

ԽԴՈ — Յա՜, էս մեր Ծվոն էլի գժվավ:

ՑԻՑՈ — Խելքը գլխից էլի թռավ:

Կանչի, կանչի Մկոյին,

Մի ճար անի էս խևին:

ԽԴՈ — Մկո՜, Մկո՜, մեզ լսի,

Մի իսկույն էստեղ վազի:

ՄԿՈ – Յա՛, գժվել է մեր պայծիկը:

Եկել է իր խև այծիկը:

ՄԿՆԵՐ — Ծվո…

ԾՎՈ — Օյ, մկնիկներ գեղատես,

Հրաշք երազ տեսա ես:

Թռչում էի դեն ու դես, 

Չղջիկ էի դարձել ես:

Մեկ էլ հանկարծ ասպետ մի 

Հրավիրեց ինձ պարի:

ՄԿՈ — Հրավիրեց քեզ պարի՞…

Ծվո ջան,

Խի՞ մենք էստեղ մեռա՞ծ ենք,

Գոյություն չունե՞նք, սատկած ե՞նք, 

Կանչի մեկը քեզ պարի՞,

Մենք էլ էսպես բաց աչքով 

Քեզ տանք գել ու գազանի՞:

Դե արի:

Պարում են:

ԱԼՈ- (Հանկարծ հայտնվելով): Այ դու անխելք, 

Բա որ հանկարծ մի կատու,

Թռչեր էնպես, ինչպես դու,

Բռներ քեզ ու հափ աներ,

Ուտեր, քեֆը չաղ աներ:

ԾՎՈ — Փչացրեցիք երազս,

Կործանեցիք մուրազս,

Մեկն էլ չկա՝ ինձ տանի,

Մկստանից դուրս հանի:

ՓՈՍՏՈ — (Մտնում է):

Հե՜յ, ժողովուրդ քաջարի, 

Շուտ պար բռնենք վերվերի:

ՄԿՆԵՐ — Ի՞նչ է,

Էլի նորից գթություն,

Հումանիտար օգնություն: 

ՋՈՋ — (Մտել է ներս): 

Հա, բա ո՞նց,

Էլի նորից գթություն,

Հումանիտար օգնություն: (Ցույց է տալիս իրեն): 

ՄԿՆԵՐ — Երկար ապրես, գեղապետ,

Առանց քեզ մենք ո՞ւմ ենք պետք:

ՓՈՍՏՈ — Ի՞նչ գթություն, ի՞նչ օգնություն, 

«Ձոն ազատություն…»:

Բախտը շողաց մեզ վերից,

Արև ծագեց ամպերից:

Մեր չար Կատուն աներես,

Գնացել է հարսնատես:

Անտեր է մեծ ամբարը,

Մեզ օգնում է խավարը:

Էլ իզուր չհապաղենք,

Ազատ կյանքից օգտվենք:

ՄԿՆԵՐ — Էլ իզուր չհապաղենք,

Ազատ կյանքից օգտվենք:

Դու ի՞նչ կասես, Ջոջ ախպեր:

ՋՈՋ — Ի՞նչ կասեմ…

Ամբար մտնեմ սուս ու փուս,

Ինչ կա, չկա՝ տանեմ տուն:

ՄԿՆԵՐ — Չէ, չէ,

Ամբար մտնենք սուս ու փուս,

Ինչ կա, չկա՝ տանենք տուն:

ՑԻՑՈ – Ինչ որ Կատուն մեզնից տարել է,

Տարել, հորել, պահել է,

Էդ բոլորը ետ բերենք,

Կատվի հերն էլ անիծենք:

Մկները մտնում են ամբարը:

ՋՈՋ – Լավ:

Բայց ամբարից ինչ որ տանենք,

Ինձ էլ պիտի բաժին հանեք:

ԱԼՈ – Ջոջ, քո կարծիքով էդքան բո՞ւթ ենք:

ՑԻՑՈ – Մենք բոլորս կարգ ու կանոն սիրող մուկ ենք:

Ապա ամեն մեկը հերթով դուրս է գալիս՝ թալանը ձեռքին:

ՓՈՍՏՈ — «Ձոն հրճվանքի»:

Երանի՜ Կատուն այսպես 

Հաճախ գնար հարսնատես:

ՄԿՈ — Էսքան ապրանք ո՞վ ունենա,

Որ հենց վաղը չամուսնանա:

ԽԴՈ — Մեզնից տարածն ենք բերում,

Կատվից հո՞ չենք թալանում: ,

ԾՎՈ — Այս բոլորը կծախեմ ոսկով,

Ու գնացքով վը՜զ՝ Մոսկով,

Ինչքա՞ն քաշ գամ էս բնում,

Կուզեմ ապրել Սորբոնում:

ԱԼՈ — Կյանքից էլ ի՞նչ կտանենք,

Ուտենք, խմենք, քեֆ անենք:

ՑԻՑՈ – Ապրի՛, ապրի՛ մեր Ջոջը,

Միշտ հաստ մնա իր պոչը:

ՋՈՋ — (Մտնում է թալանը ուսին):

Իզուր էլ մի գնացեք,

Ամբարում բան չի մնացել:

Էս հիշարժան օրը մենք 

Պիտի անպայման տոնենք:

ՄԿՆԵՐ — Պիտի անպայման տոնենք:

ՋՈՋ — Բա ո՞նց, գրողը տանի,

Ջոջոն ձեր ցավը տանի:

Սեղան գցեք, ա՛յ մկներ,

Աղջի Ցիցո, ճաշը բեր:

Մկո, գինին պատրաստի,

Գինի լցրեք, ա՛յ մկներ:

Խմե՜ք, խմե՜ք, բայց չափավոր,

Գինին չդարձնի ձեզ ընկնավոր:

Ամեն հարցում կարգ ու կանոն,

Ջա՜ն, Մկստան, քեֆ արա,

Աշխարհը թող զարմանա:

Հիմի զուռնա թող փչի,

Ու դհոլը զիլ կանչի, 

Ժողովրդով մեր գեղի 

Պարը պարենք վեր-վերի:

Ուստա, չալե՛:

ՋՈՋ — Լավ, շատ պարեցիք:

ՓՈՍՏՈ — Մկստանի ժողովուրդ, 

Հիմի լսեք խոսքը Ջոջի:

ՄԿՆԵՐ — Որ չմնաք առանց պոչի:

ՋՈՋ — Ապրեք, ապրեք:

Ուրեմն էսպես,

Մկստանին ցանկանում եմ 

Հաջողություն, ջանսաղություն:

Ցանկանում եմ ,

Անտեր թողած տուն ու պահեստ,

Մեջը լիքը համեղ ուտեստ:

Ցանկանում եմ,

Որ լավ ուտենք, չաղանանք,

Ու անհաշիվ բազմանանք:

ՄԿՆԵՐ — Կեցցե՜, կեցցե՜ մեր Ջոջը,

Կեցցե՜ նրա հաստ պոչը:

ՋՈՋ — Ցանկանում եմ

Կատու-մատու մոտ չգա 

Ու մեզ նեղություն չտա:

ՓՈՍՏՈ — (Հարբած է): Էհ, գալիս է, թող որ գա, 

Մորթեմ՝ պոեմս վկա:

ԽԴՈ — Միսը դրա քրքրեմ,

Տես, գլուխը ինչ բերեմ:

ՑԻՑՈ — Թքեմ Կատվի նամուսին,

Քանի՞ գլուխ կա ուսին:

ՄԿՈ — Թե չքերթեմ էդ Կատվին,

Թյո՜ւ, ուրեմն իմ պատվին:

ԾՎՈ — Բեղը, բեղը թողեք ինձ,

Պիտի պոկեմ ես քոքից:

ԱԼՈ — Հազար Կատու գա մեզ վրա,

Իսկույն մաշկենք, տանենք շուկա:

ՑԻՑՈ — Ծախենք կաշին,

Միսն էլ ուտենք նախաճաշին:

ՄԿՈ — Հենց էս խոսքին մի հատ տաշի,

Ով չտաշի, հոգին մաշի:

Ուստա, չալե՛:

Պարում են: Մտնում է Կատուն: Հարբած մկները չեն նկատում նրան ու շարունակում են իրենց պարը:

ԿԱՏՈՒ — Միաո՜ւ…

Մկները անմիջապես փախչում են և, տարբեր տեղերից գլուխները հանած, հետևում են Կատվին:

ԿԱՏՈՒ — Ի՞նչ գործի եք, այ մկներ:

Առյուծի կա՞թ եք խմել,

Թալանել եք տուն, ամբար,

Քեֆ եք անում ձեզ համար:

Էլ չեք ասում՝ տեր ունենք,

Մեր գլխին իշխան ունենք: ,

Հիմա կգա չալ Կատուն,

Կբերի սև կեր ու խում:

Կուզեք էստեղ, հենց հիմա 

Ձեզ դարձնեմ բաստուրմա:

Կամ ծառիցը կախ անեմ,

Թաթովս տամ, խաղ անեմ:

ՄԿՆԵՐ — Վայ, քո հոգուն մենք մեռնենք:

ՓՈՍՏՈ – Վայ, քո ցավը մենք տանենք:

ԱԼՈ — Թող թաթիկդ պաչ անենք:

ԾՎՈ — Եվ քեզ համար

Երեսներիս խաչ հանենք:

ՑԻՑՈ — Մատաղ լինենք էդ բոյիդ:

ՄԿՈ — Չջնջես մեզ գեղովի:

ԽԴՈ — Թող, որ ապրենք ցեղովի:

ՄԿՆԵՐ – Թող, որ ապրենք ցեղովի:

ԿԱՏՈՒ — Լավ եք խոսում, այ մկներ,

Ախր մենք ենք տերը ձեր:

Նախ մեզ պետք է կուշտ պահեք,

Հետո միայն ձեզ նայեք:

Ինչ տարել եք ամբարից,

Մնացածն էլ՝ ձեր տանից,

Սրբեք քունջ ու պուճախից,

Բոլորը լավ հավաքեք,

Տարեք, ֆայտոնս լցրեք:

Էլ մի շշմեք ու կանգնեք,

Հրամանս կատարեք:

(Մկները թալանը նորից ետ են բերում):

Զարդարվել եք թագուհու պես,

Դե շուտ արեք,

Էդ բոլորն էլ իսկույն հանեք

Ու տվեք մեզ:

ՋՈՋ — Էլ մի շշմեք ու կանգնեք,

Հրամանը կատարեք:

ՄԿՆԵՐ — Հա՞:

ՋՈՋ — Չլսեցի՞ք, ասաց՝ հա…

Մկները ունեցածները հանում, տալիս են Կատվին:

ԿԱՏՈՒ — Հե՜յ, գյուղապետ, քեզ եմ ասում,

Դու քո հախը տալ չե՞ս ուզում:

ՋՈՋ — Յա, ուրեմն նաև ես՞:

ԿԱՏՈՒ — Բա ինչպես՞,

Վերի արտի ցորենն ե՞ս:

ՋՈՋ — Լավ… (Առանձին):

Կատու տղա, շատ ապրես,

Ինձ դեռ երկար կհիշես:

ԿԱՏՈՒ — Ուրի՞շ:

ՄԿՆԵՐ – Ինչ որ ունենք՝ տվեցինք,

Բոբիկ, տկլոր մնացինք:

ԿԱՏՈՒ — Ապրեք, ապրեք, շատ ապրեք,

Հանգիստ ձեր քեֆը արեք:

Ես գնացի, մնաք բարի 

Մեկ էլ կգամ…

ՄԿՆԵՐ — Եկող տարի:

ԿԱՏՈՒ — Էս կիրակի,

Կգամ, տանեմ օդիս հարկը,

Անխախտ պահեք երկրիս կարգը:

(Գնում է, ապա շրջվում):

Էս հրաժեշտ չեք տալի՞ս, 

Գլուխներդ է քոր գալի՞ս:

(Գնում է):

ՄԿՆԵՐ — Մեկ էլ կգամ էս կիրակի:

ՓՈՍՏՈ — «Ողբ Մկսաանի»:

Նա նման չէ Տարզանի,

Նա նման է գազանի:

Իբր քիչ է մեզ խուզում,

Օդի հարկ էլ է ուզում:

ՄԿՆԵՐ — Վա՜յ մեր հալին, մեր օրին,

Սովը կտանի բոլորին:

ՋՈՋ — Ա՜խ, գող Կատու:

ՄԿՆԵՐ — Փիշտ, փիշտ, փիշտ,

Թալանում ես միշտ, միշտ, միշտ:

ՋՈՋ — Պակսեց ուժը իմ ոտի,

Պիտի մեռնե՞մ անոթի:

ԽԴՈ — Չէ, թե բանն էսպես գնա՝ 

Մեր ցեղն ախր կվերանա:

ՄԿՆԵՐ — Մեր ցեղն ախր կվերանա:

ՋՈՋ — Պինդ մնացեք, այ մկներ,

Ես չեմ թողնի,

Որ մազ պակսի գլխից ձեր:

(Գնում է):

ՄԿՈ — Մկներ:

ՄԿՆԵՐ – Հը՞:

ՄԿՈ — Ասում եմ,

Քանի ուշ չէ, շատերի պես 

Ես հավաքեմ փասա-փուսես,

Գնամ, Լոսում լավ գործ դնեմ,

Ձեզ էլ հերթով մոտս տանեմ:

ՑԻՑՈ — Նստի տեղդ, այ մեծախոս,

Հենց որ գնաս,

Մեր անունն էլ կմոռանաս:

ՄԿՈ — Տուն ու տեղս կծախեմ,

Մնաք բարով ձեզ կասեմ:

ԱԼՈ — Վեր կաց, գնա հենց հիմի,

Մի ուտող քիչ կլինի:

ՄԿՆԵՐ — Սով է, սով է Մկստան,

Կատվի ձեռից լկստան:

ՑԻՑՈ — Ամբողջ օրը ման եկա, 

Մի գարու հատ չգտա:

ԱԼՈ — Հա դես ընկա, հա դեն ընկա,

Մի ծեղն ի՞նչ է, ես չգտա:

ՄԿՈ — Վա՜յ, էն ինչ է վազ-վազ տալիս,

Էն անկյունում մի երշիկ է գնում-գալիս: 

ԽԴՈ — Է՜, Մկո ջան,

Ցորեն, գարի ու դդում 

Աչքներիս է երևում:

ԾՎՈ — Պանիր, պանիր:

ՄԿՆԵՐ — Ո՞ւր է պանիր, ի՞նչ պանիր:

ԾՎՈ — Պանրի կտոր թե չուտեմ,

Հիմի սովից կմեռնեմ:

ՑԻՑՈ — Ձենդ կտրի, այ լղպոր,

Հիմի կանեմ տաս կտոր:

ԱԼՈ — Ախորժակին մի տեսեք,

Պանիր լինի՝ մենք կուտենք:

ԽԴՈ — Ինչի՞ պիտի քեզ բերենք,

Մենք քեզանից պակաս ե՞նք:

ՑԻՑՈ — Վա՜յ, քոռանաս, այ Կատու, 

Էս ի՞նչ փորձանք բերիր դու:

ՄԿՆԵՐ — Ինչ կար, չկար՝ գռփեցիր,

Մեր շեն տունը քանդեցիր:

Բոլորը սկսում են սովից զկռտալ:

ՓՈՍՏՈ — Զկռտոցը, զկռտոցը,

Ախ, այս տանջող զկռտոցը…

Ստամոքսի մղկտոցը,

Մեզ՝ մկներիս, փողոց նետող գռմռոցը, 

Անհույս մեռնող Մկստանի խռխռոցը: 

Խռխռո՞ցը, ո՛չ, ո՛չ ու ո՛չ, նորից ո՛չ, 

Զկռտոցն այս պիտի դառնա Մարտակոչ:

ՋՈՋ — (Մտնում է Ջոջը):

Հասավ ժամը ռազմակոչի:

ՓՈՍՏՈ — «Ձոն ահեղ պայքարի»:

ՋՈՋ – Լսեք, մկներ, ելեք ոտքի,

Վերջն է գալիս տառապանքի:

Մկստանի ժողովուրդ…

Հա՞, էստեղ են բոլորը:

Ուրեմն էսպես,

Սկսում ենք մեր հերթական ժողովը: 

ՑԻՑՈ — Ինչքա՜ն կուզես ժողով արա, 

Ժողովով կյանք չի լավանա:

ԽԴՈ ճ Ամբողջ օրը ճառեր ասա, 

Ճառերով փոր կկշտանա՞:

ԱԼՈ — Այ, էստեղ են ասել, որ 

Երեկ լավ էր, քանց էսօր: 

Անցած-գնացած տարուն 

Դեռ էնքան ենք փառք տալու:

ՄԿՈ — Կուզես արա համագումար,

Բան չի փոխվի մկան համար:

ԾՎՈ — Թողե՜ք, թողե՛ք, Ջոջը խոսի,

Գուցե խելոք մի բան ասի:

ՓՈՍՏՈ — Ահեղ ձայնը թո՛ղ քո հնչի,

Լսե՛նք խոսքը մեր մեծ Ջոջի:

ՋՈՋ — Չվախենաք, այ մկներ…

Ցավն էլ ունի իր դեղը:

Թե որ կանգնի ողջ գեղը,

Կատվից կմնա բեղը:

ՄԿՆԵՐ — Էդ ո՞նց…

ՋՈՋ — Այ, բերել եմ ես մի զանգ, 

Ծափ, ծլնգոց, մեջը զնգոց:

ՄԿՈ — Լավ, հա, հետո՞, ասենք՝ զանգ:

ՋՈՋ — Չես հասկանում, այ չոր գանգ,

Կատվի վզից մենք կախ տանք,

Որ ինչքան էլ օրորա,

Որ ինչքան էլ շորորա,

Ստից սատկի, տազ անի,

Գալն իմանանք գազանի:

ՓՈՍՏՈ — «Ձոն անորոշության».

Զանգն, իհարկե, ծլնգ կանի,

Բայց զանգը ո՞վ կախ անի:

ՋՈՋ — Ասեմ: Տո հենց դու:

ՓՈՍՏՈ — Գնաց, եկավ կպավ ինձ,

Խելք հավաքիր, մկնապիղծ:

ՋՈՋ – Խդո, դու:

ԽԳՈ — Քեռուս տղան նախարար՝ 

Ինձ տանում է ծախսարար:

ՋՈՋ – Ծվո, դու:

ԾՎՈ , Կներեք ինձ, միլ պարդոն,

Ես հենց վաղը ֆյո՜ւ՝ զա կարդոն:

ՋՈՋ — Էդ ի՞նչ բան է զա կարդոն:

ԾՎՈ – Այսինքն՝ Մոսկվա, Փարիզ կամ Սորբոն: 

ՋՈՋ – Ցիցո, դու:

ՑԻՑՈ — Հաստագլուխ, քանի՞ ասեմ. 

Ես պուճուր եմ, ոսկեջուր եմ:

ՋՈՋ – Ալո, դու:

ԱԼՈ — Թե որ մեկ էլ էդ բանն ասես,

Բերած զանգդ գլխիդ կուտես:

ՋՈՋ – Մկո, դու:

ՄԿՈ — Ի՜նչ է խոսում չոր գանգը,

Լավ է դու տար էդ զանգը:

ՋՈՋ — Յա՜:

ՄԿՆԵՐ — Բա՞:

ՋՈՋ – Ասենք՝ տարա,

Բա ո՞ր Կատուն գա ինձ վրա:

ՄԿՈ – Արի, Մկո, մի կատաղի,

Էս վախկոտը մեզ ղեկավարի՞:

ԱԼՈ – Տեսնո՞ւմ եք դուք էս բիձուն,

Մեզնով իր հարցն է լուծում:

ՋՈՋ — Լռի՜ր, հանդուգն:

Կոտորվեք դուք,

Վախկոտներիդ ես թաղեմ, 

Ճա՞ռ ասեմ, թե՞ զանգ կախեմ:

ԽԴՈ — Գյուտ է արել, երնե՜կ մեզ,

Գտած ճարին դու մի տես:

ՋՈՋ — Այ սև լիներ էն օրը,

Ո՞նց լսեցի ձեր կոչը:

Եկա դարձա ձեր ջոջը:

Ոտս ընկաք, խնդրեցիք,

Ինձ գյուղապետ կարգեցիք:

Հիմա ձեր անխելք տեղով 

Խոսքս տալիս եք գետնով:

Որ էդպես է, իմացեք,

Ինձնից էլ բան չսպասեք:

Հա՜… հավաքում է իր քոչը,

Հեռանում է ձեր Ջոջը:

Յա՜, հեռանա՞ ձեր Ջոջը:

ՄԿՆԵՐ — Հա՜…

ՋՈՋ — Բայց էս օրը լավ հիշեք,

Առանց ինձ շատ կտուժեք:

(Վերցնում է զանգը և դուրս գալիս):

ՓՈՍՏՈ — «Ողբ դավաճանության»…

Գոչեց ջոջը իր պատվին,

Կաշաոք տալով մըռ կատվին,

Քաշեց գյուղից իր պոչը,

Փախավ կորավ անկոչը:

ՄԿՆԵՐ — Սով է, սով է Մկստան, 

Էսպես ինչքա՞ն, չէ, ինչքա՞ն,

Ասեք տեսնե՞նք, մինչև ե՞րբ 

Կատուն մնա Լկստան:

Մտնում է Կատուն:

ԿԱՏՈՒ — Միա՜ու…

Էսօր ի՞նչ օր է, մկներ:

ՄԿՆԵՐ — Էսօր օրն է կիրակի:

ԿԱՏՈՒ — Լավ է, որ չեք մոռացել,

Ի՞նչ եք կանգնել, փետացել:

Դե շուտ ելեք,

Օդիս հարկը իսկույն բերեք:

ՄԿՆԵՐ — Օդիդ հարկը իսկույն բերե՞նք:

ԿԱՏՈՒ — Լավ քրքրեք տուն, անկյուն,

Բան չպահեք, հա՜, թաքուն:

ՄԿՆԵՐ — Ի՞նչ ես թողել, որ ի՞նչ պահենք մենք թաքուն: 

ԿԱՏՈՒ — Ու իմացեք, էս շաբթում,

Հարս-կատվին եմ բերում տուն:

Ինձ բարի բախտ մաղթելու,

Հազար հյուրեր են գալու:

Հարսանիքս պատվական 

Պիտի դառնա պատմական:

Հապա բոլորդ՝ «ուռռա՜»,

Չուզողը թող մրմռա:

ԱԼՈ — Դու էդ «ուռադ» պահիր քեզ,

Դու ուտելու բան տուր մեզ:

ԿԱՏՈՒ — Բո՞ւնտ եք անում դուք իմ դեմ,

Ձեր հերն էնպես անիծեմ:

ՑԻՑՈ — Տեղովդ որ վագր էլ դառնաս:

ՄԿՆԵՐ — Սովածներիս ո՞նց դիմանաս:

ԽԴՈ — Միսդ հիմա քրքրենք:

ՄԿՆԵՐ — Մենք կորցնելու բան չունենք:

(Հարձակվում են Կատվի վրա):

ԿԱՏՈՒ — Ի՞նչ եք անում, ինչ եք անում,

Քաղաքակիրթ երկրներում 

Նման բաներ չեն կատարվում:

Քաղաքակիրթ երկրներում 

Մուկը Կատվին չի հոշոտում:

(Մկները հարձակվում և հոշոտում են Կատվին):

ՓՈՍՏՈ — Հարցը էսպես մենք լուծեցինք, 

Դաժան չարին տապալեցինք: 

Կարծում եմ, որ համոզվեցինք՝ 

Էդպես է միշտ,

Գյուղ որ կանգնի…

ՄԿՆԵՐ — Գերանն ի՞նչ է, որ չկոտրի: 

ՓՈՍՏՈ — Հե՜յ, ժողովուրդ Մկստանի 

Պարը բռնենք հաղթանակի:

ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

ՄԿՈ — Ջոջը փախավ,

Էն տնաքանդ Կատվին կերանք: 

Լավ…

Էսպես անտեր ինչքա՞ն մնանք:

Հո չի մեռել ամեն մի հույս,

Պիտի վառվի չէ՞, վերջը մի լույս: 

Ինչքա՞ն ապրենք էսպես անտեր, 

Պիտի ընտրենք կարգին մի տեր: 

Բայց չլինի էն աննամուս Ջոջի պես՝ 

Միշտ դեպի քեզ, միշտ դեպի քեզ: 

Լինի սղոց՝

Մին դեպի քեզ, մին դեպի մեզ: 

ՓՈՍՏՈ — Յա, տղա Մկո, էլի՞ պպզել ես քարին:

ՄԿՈ — Հա նստել եմ թախտիս,

Սպասում եմ բախտիս:

ՓՈՍՏՈ — Հիմա ելիր ու վազի,

Բոլորին կանչի էստի:

Թող գան ու նստեն նիստի:

ՄԿՈ — Երեկ չարի՞ր քո նիստը:

ՓՈՍՏՈ — Արտահերթ է էս նիստը:

ՄԿՈ — Ես ասել եմ, էլի կասեմ:

Կուզես արա համագումար,

Բան չի փոխվի մկան համար: 

ՓՈՍՏՈ — Ասածներիցդ ամաչի

Պարոն Մկո, ու չափդ էլ ճանաչի:

ՄԿՈ — Ի՞նչ ասացի, տնաքանդ, 

Քեզ անում ես քարուքանդ:

ՓՈՍՏՈ — Լեզուդ շատ ես շաղ տալի,

Գնա բոլորին կանչի:

ՄԿՈ — Գնամ: (Գնում է):

ՓՈՍՏՈ — Ում բերանը ինչ գալիս,

Ուղիղ ճակատիդ է տալիս:

Մտնում է Ալոն:

ՓՈՍՏՈ — Եկա՞ր, Ալո, արի նստի:

ԱԼՈ — Գործերս ո՞ւմ թողնեմ ես,

Որ գամ նստեմ, լսեմ քեզ:

ՓՈՍՏՈ — Գործը գայլ չէ, չի փախչի,

Երբ էլ անես, հեչ ուշ չի:

Ցիցո՝ մտնելով:

ՑԻՑՈ — Նիստդ երկար չտևի,

Վաղը թռչում եմ Չիլի:

ՓՈՍՏՈ — Չիլին հավ չի, որ կորչի,

Այ աննամուս ղարաչի:

Էստեղ հարց ենք լուծում լուրջ,

Տեղդ նստի լուռ ու մունջ:

ԾՎՈ — (Մտնելով): Ախ, ձեր այդ հիմար նիստը 

Խանգարեց իմ հանգիստը:

ԽԴՈ — (Մտնելով): Նիստ ու ժողով շատ եմ հարգում, 

Ի՞նչ հարց կա այսօր օրակարգում:

ՓՈՍՏՈ – Կասեմ, Խդո, քիչ համբերի,

Հարցը լուրջ է ու շատ արդի:

ԽԴՈ — Քեռուս տղան նախարար…

ՑԻՑՈ — Քեռուդ տղով զահլա տարար:

ԽԴՈ — Նորից մեջ ընկավ էս տիզը:

ՑԻՑՈ — Ձենդ, հիմա կոլորեմ վիզդ:

ԽԴՈ — Որ տեղիցս վեր կացա,

Ատամներդ մեկիկ-մեկիկ կքաշեմ, 

Էդ այլանդակ քիթ-մռութդ 

Քարտեզի պես կնախշեմ:

ՑԻՑՈ — Այ դու գջլոտ,

Մի քիչ կամաց, ոտքդ քարի չխփես,

Դու հենց մենակ քեզ գիտե՞ս:

Ոտներիս տակ կպառկես, 

Էնքան կտամ՝ կստակես:

ԽԴՈ — Գջլոտը դու ես, քոսոտ,

Գջլոտը քո խելագար մերն է,

Քո էն հարբեցող հերն է,

Տանը մնացած քուրդ է,

Հորքուրդ է, մորքուրդ է, էլ ո՞վ ունես: 

Դե, մի խոսքով, բոլորով,

Տնով-տեղով, ողջ ցեղով:

ՑԻՑՈ — Տաք տեղից է գալիս ձենդ,

Շուտ մոռացար փալասներդ:

Հենց որ դարձար ծախսարար, 

Մկստանի ամբողջ բյուջեն գողացար: 

ԽԴՈ — Քաղաքական շանտաժ է սա: 

Քեռուս տղուն որ ասեմ մի բերան, 

Ցիցո աղջիկ, քեզնից հուշեր կմնան:

ՄԿՈ(Քնած տեղից վեր թռչելով):

Ծվոյին բան չասեք,

Արուն կանեմ հենց էստեղ:

Ծվոյի ցավը տանեք…

Դուք ձեզ հայելու մեջ նայեք:

Հա, սրանից հետո մենակ էսպես, 

Ծվո ջան, հեչ չվախես,

Մեջքիդ կանգնած եմ սարի պես: 

ԱԼՈ — Ծվոյիդ ո՞վ բան ասեց,

Որ քեզ կանես երկու կես:

ՄԿՈ — Ես չգիտեմ, ես իմն ասի,

Դե թող մեկը մեզ բամբասի:

ԾՎՈ – Լսիր, Մկո, ինչո՞ւ այդպես 

Նորից թռար ջրի երես:

ՄԿՈ – Վայ, իմ անբախտ, 

Էն էլ ե՞ս:

ՓՈՍՏՈ — Դե տեղներդ վեր ընկեք, 

Էս ի՞նչ տեսակ ցեղ ենք մենք:

Հենց երկու մուկ կողք-կողքի՝ 

Իսկույն կռիվ կսկսվի:

Չենք կարող հանգիստ ապրենք, 

Պիտի իրար հոշոտենք:

Լավ, սկսենք մեր նիստը:

ԽԴՈ — Լռություն, լռություն այդ հարթակում,

Ի՞նչ հարց կա օրակարգում:

ՓՈՍՏՈ — Օրակարգում կա մի կետ,

Ո՞վ է դառնում գյուղապետ:

ՄԿՈ — Պահո՜, հարցը պայթեց ոնց որ ռումբ:

ԾՎՈ — Պիտի ընտրել հանձնախումբ:

ՓՈՍՏՈ — Թե ուզում ես հարցը գցել սար ու թումբ, 

Իսկույն կազմիր հանձնախումբ:

ԽԴՈ — Հարցը լուրջ է ու հրատապ,

Քեռուս տղան նախարար…

ՓՈՍՏՈ — Քեռուդ տղին թող հանգիստ:

Նա շատ հարգարժան մուկ է,

Բայց այս հարցում, ինձ թող ներվի,

Նորելուկ է:

ԾՎՈ — Խոսք եմ խնդրում:

ՓՈՍՏՈ — Դարձած համակ ուշադրություն,

Քո խոսքին ենք մենք սպասում:

ԾՎՈ — Ես կարծում եմ մեր միջից՝ 

Մկոն ունի մեծ իմիջ:

Նա որ դառնա գյուղապետ,

Անհոգ կապրենք այսուհետ:

ՓՈՍՏՈ — Հաշվից հանեք Մկոյին:

ԾՎՈ — Չեմ հասկանում, այդ ինչի՞:

ՓՈՍՏՈ -Նա անգործ է, փող չունի,

Հենց որ նստի աթոռին,

Պիտի հանի մեր հոգին:

ՄԿՈ — Վա՜յ, իմ անբախտ, էն էլ ե՞ս…

ԽԴՈ — Չէ, Մկոն հեչ հարմար չի:

Թող իմ քեռին, թեկուզ անգետ,

Գա ու դառնա մեզ գյուղապետ:

ՑԻՑՈ — Չհասկացա՜նք,

Անգետը մեզ գյուղապե՞տ…

Ականջդ կանչի Հայրապետ:

ԱԼՈ — (Ցիցոյին): Դա քո խելքի բանը չի, 

Գյուղապետ ենք մենք ընտրում,

Ոչ թե ինչ-որ փինաչի:

Քեռու թեկնածությունը շատ նորմալ է,

Դեմ եղողը՝ աննորմալ է:

Քեռու տղան նախարար

Կդառնա մեզ բարերար:

Գյուղը կծաղկի իսկույն, 

Ինչպես ըըը… 

Ինչպես նոր մերած մածուն:

ԽԴՈ — Դե, իհարկե, կծաղկի,

Այդ հարցում հարց չի ծագի:

ՄԿՈ — Քանի որ էստեղ ինձ չեն հարգում, 

Ինքնաբացարկ եմ հայտարարում: 

ՓՈՍՏՈ — Ձեռ քաշեք էդ վեճերից, 

Գյուղապետին հարգալից 

Երաշխավորել են վերևից:

ՄԿՆԵՐ — Վերևի՞ց…

Ասա, ո՞վ է, ասա շուտ:

ՓՈՍՏՈ — Համբերություն մի պուճուր:

Մի երկիր կա Հնդստան,

Մի մուկիկ կա ճսճստան:

Հնդստանի անկյունում,

Կոկոս ծառի ծակուռում,

Ապրում էր նա իր համար 

Բարիքներով անհամար:

Իր անունն է Պույ-Պույ,

Սիրելի է Պույ-Պույը:

ԽԴՈ — Յա՜խկ, էլի մեզնից է էդ թույնը: 

ՓՈՍՏՈ — Ազգանունն է ճստանի:

Սրանից տաս տարի առաջ 

Թողեց սիրուն Մկստան,

Գնաց, հասավ Հնդստան:

Տեսավ ու շատ հավանեց,

Հետո ապաստան խնդրեց:

Բայց կարոտը էդ անտեր,

Օր ու գիշեր կտանջեր:

Հենց իմացավ՝ Մկստանը տեր չունի,

Թողեց տուն ու օվկիանոս,

Նարինջ, բանան ու կոկոս,

Արցունքն աչքին ետ եկավ,

Հողը գրկեց ու ասավ.

«Մկստան, էս ի՞նչ օրի ես,

Քեզ ո՞նց թողնեմ ես էսպես»: 

Խելոքներն էլ նստեցին,

Գլուխ-գլխի տվեցին,

Տածած սիրուց մեր հանդեպ 

Նրան դարձրին գյուղապետ:

ՄԿՈ — Համաձայն չենք ոչ մի կերպ:

Ոտնահարված է սահմանադրությունը:

ԾՎՈ — Հալածված է ազատ կամքով ընտրությունը: 

ԽԴՈ — Ո՞ւր է կորել ժողովրդավարությունը:

ՑԻՑՈ — Փլուզվում է շուկայական հարաբերությունը: 

ԱԼՈ — Շղթայված է ազատ խոսքը,

Լրատվության անկեղծ հոսքը:

ՄԿՆԵՐ — Պույ-Պույ, հեռացիր,

Պույ-Պույ, հեռացիր:

ՓՈՍՏՈ — Սպասեք,

Էդպես վրա մի տվեք:

Եկեք հարցը քննարկենք:

Թե հարցեր ունե՞ք, տվեք:

ՄԿՆԵՐ — Ունենք, ունենք, ո՞նց չունենք:

ՓՈՍՏՈ — Մի հապաղեք, շուտ տվեք:

ԾՎՈ — Ի՞նչ համար է հագնում նա,

Շատ կարևոր հարց է դա:

Եթե փոքր են ոտքերը,

Կդոփի կանգնած տեղը:

Մենք էլ սոված գորտի պես 

Պիտի կռռանք, այ էսպես.

«Կըռըռա՜, կըռըռա՜»

Մեզ էլի կեր տվող չկա:

ՓՈՍՏՈ — Ոտքի մասին 

Ոչ մի ինֆորմացիա 

Առայժմ չկա:

ՄԿՈ — Ի՞նչքան է նրա բոյը:

ՓՈՍՏՈ — Բոյը կարճ է՝ թիզ ու կես,

Բայց դա չպետք է հուզի մեզ:

ՄԿՈ — Ժողովուրդը իմաստուն 

Մի շատ լավ խոսք է ասում.

«Ինչքան գետնի երեսն է, 

Երկու էնքան էլ՝ ներսն է…»

Կարո՞ղ է դա էդպես է:

ՓՈՍՏՈ — Նրան տեսել եմ մեկ անգամ,

Սակայն կասեմ անվարան:

Ազնվության տիպար է,

Բարության վառ կերպար է:

Ուղղամիտ է ու արդար,

Մեր գյուղին շատ է հարմար:

Մկների սիրահար է,

Իսկական ղեկավար է:

ՄԿՆԵՐ — Պույ-Պույ, հեռացիր,

Պույ-Պույ, հեռացիր:

Մեքենայի ձայն:

ՓՈՍՏՈ — Լռեք, լսեցեք իսկույն:

Եկավ, եկավ մեր փրկիչը,

Մեծ գործերի արարիչը:

Հույսի, լույսի, ջահը անմար,

Ոսկե դար է նա մեզ համար:

ՄԿՆԵՐ — Պույ-Պույ, հեռացիր,

Պույ-Պույ, հեռացիր:

ՓՈՍՏՈ — Հիմար-հիմար դուրս մի տվեք:

Բոլորդ իսկույն ոտքի ելեք…

Բուռն ծափերով դիմավորեք…

Ուրախ դեմքեր շուտ ընդունեք:

ՊՈՒՅ — (Մտնում է): 

Ողջույններս Մկստանի ժողովրդիս: 

Եկել եմ ես հեռու-հեռու Հնդստանից,

Եկել եմ, որ միանանք,

Մի հզոր բռունցք դառնանք 

Եվ վիճակից այս թերի,

Թող այդ ուժը մեզ բոլորիս դուրս բերի:

ՓՈՍՏՈ — Եկեք հուզմունքով անկեղծ 

Մեր սրտի ջերմ խոսքն ասենք,

Ծափահարեք, ծափահարեք:

Շատ ենք լսել մենք ձեր մասին, 

Որ պաշտում եք Մկստանին:

Մկնասեր եք ու արդար, 

Էդպես բախտ մեզ ո՞վ կտար:

Մանանա եք, որ իջել եք վերևից,

Արշալույս եք, որ ծագել եք երկնքից:

Մեր երազած ղեկավարն եք,

Մկստանի փրկարարն եք:

Մենք էլ գյուղով՝ ձեզ սատար,

Բոլոր գործերին՝ պատվար:

ԽԴՈ — Ի՞նչ ես էդպես վրա տալիս, 

Մկստանի փուչ թշնամի:

ՄԿՆԵՐ — Պույ-Պույ, հեռացիր, 

Պույ-Պույ հեռացիր:

ՊՈՒՅ — Չէ, ոչ մեկիդ չեմ հիշում,

Բայց դա ոչինչ չի հուշում:

Իմ անունը չէ Պույ-Պույ:

Մկրտվել եմ Գանգեսում, 

Լողացել՝ օվկիանոսում,

Եվ անունը իմ Պույ-Պույ 

Փոխվել, դարձել է Ապուր:

Թաջ Ապուր եմ հիմա ես,

Սա չի ասում ոչինչ ձեզ:

ՑԻՑՈ — Այ դա ուրիշ, դա հասկացանք, 

Թե չէ՝ Պույ-Պույ, եսիմ ինչ: 

Սրտներս տեղն ընկավ մի քիչ: 

ՄԿՆԵՐ — Կեցցե՜, կեցցե՜ մեր Ջոջը, 

Կեցցե՜ նրա հաստ պոչը:

ՊՈՒՅ — Ըմբռնելու համար ապրեք: 

Ներող եղեք, քիչ հուզվեցի, 

Մանկությունս ես հիշեցի:

ՓՈՍՏՈ – Ահա, խնդրեմ,

Հայրենասիրության վառ օրինակ: 

Հիմա համակ ուշադրություն… 

Հարցը տանենք այլ հարթություն: 

Լսենք ջոջին:

Թող համարձակ, ազատ խոսի, 

Ծրագրային իր ճառն ասի:

ՊՈԻՅ — Լսեք, մկներ իմ ցեղակից, 

Ձեռքս դրած ստամոքսիս,

Տալիս եմ ձեզ իմ երդումը:

Պիտի փոխեմ ձեր ապրուստը, 

Ասֆալտ կանեմ չորս կողմը,

Ջուր կքաշեմ ձեր տունը:

Դե, տաք ջուրն էլ, աչքիս վրա,

Ով որ կուզի՝ թող լողանա:

Լույսը երբեք չի հանգչի,

Լույսի գումար չի գանձվի:

Ամեն մեկիդ՝ մի նոր տուն,

Այգի փարթամ ու սիրուն: 

Աշխատատեղ՝ խելքից դուրս, 

Հա՜, աշխատանք սուս ու փուս:

Ամեն մեկիդ՝ տասը տեղ,

Թե չստեղծեմ՝ ինձ կերեք:

Դրա փորձն էլ, լսել եմ, որ ունեք: 

Ինվեստորներ կկանչեմ,

Մկստանը մեր բարի,

Կդառնա զարդն աշխարհի:

ՄԿՆԵՐ — Կեցցե՜, կեցցե՜ մեր Ջոջը,

Միշտ հաստ մնա իր պոչը:

ՊՈՒՅ — Մի կարևոր գործ էլ հոս,

Մեր գյուղին կից կա մի փոս:

Որոշել եմ

Ես այն դարձնել օվկիանոս:

Ձկան հարցը կլուծենք,

Շնաձկներ կբուծենք:

Ամեն կողմից կգան հյուր,

Ու էլ ինչ վա՜յ, էլ ինչ վո՜ւյ:

Թագավորի պես կապրեք,

Ամբողջ կյանքում ինձ կօրհնեք:

Իմ կողմից էլ փոքրիկ ընծա,

Բոլորիդ կարգում եմ պաշտոնյա:

Գիտեմ՝ ցնծությունից պիտի պայթեք համարյա: 

Ուրեմն էսպես,

Որ չծագի աղմուկ ու վեճ,

Որ չսկսվի սուր բանավեճ,

Վիճակ գցեք դուք հիմի,

Ում բախտը ինչ կբերի՝ 

Էն աթոռին թող տիրի:

ՄԿՈ — Էս Ապուրը կարգին մուկա,

Ու մեզ համար ոսկե ձուկա:

ԾՎՈ — Այս մեծ ակցիան

Ես այսպես եմ բնորոշում,

Ընդունվել է մի պատմական,

Լայնամասշտաբ, սուրբ որոշում:

ԽԴՈ — Որոշումը շատ իրատես որոշում է,

Սա փաստորեն ինքնորոշում է:

ՊՈՒՅ — Դե, սկսե՜ք, պատրաստվեցեք:

Դուրս են գալիս: 

Անցում:

ՃԼՈ — Բարև, Թլո:

ԹԼՈ — Բարև, ճլո:

Ի՞նչ է եղել,

Ինչո՞ւ այդպես կուրախանաս:

Չլինի՞ թե գտել ես,

Հսկայական ոսկու կարաս:

ՃԼՈ — Չէ, Թլո ջան, 

Ոսկին ի՞նչ է:

Որ խոր նայես,

Հեչ, ոչինչ է:

Այսօր այն կա,

Վաղը չկա:

Մի նոր ջոջ մենք ունենք,

Հիմա ամեն ինչ կփոխենք:

Մկստանը կշենանա,

Այլանդակը կվերանա:

Ամենուր կսփռվի լիություն,

Մկստանը կդառնա 

Օրինական մի պետություն:

ԹԼՈ — Միգուցե ես վատ եմ վարվում,

Բայց ճիշտն ասած,

Ոչ մի բանի չեմ հավատում:

ՃԼՈ — Չէ, սխալ ես:

Չի կարելի ապրել վհատ,

Մեզ շատ պետք է հույս ու հավատ: 

Գնանք, գնանք,

Մի պարտիա նարդի խաղանք,

Համ էլ մի քիչ կզրուցենք:

Դե բարեկամ, քեզ պինդ պահի,

Պիտի ապրենք հազար տարի:

Դեռ նոր գրքեր պիտի գրես,

Դեռ թոռնիկիս գիտելիքով պիտի զինես: 

Ոստանը մեր դեռ պիտի շնչի նորից, 

Դեռ պիտի գան ամեն կողմից,

Նայեն, տեսնեն, հիանան,

Այստեղ գտնեն հանգրվան:

ԹԼՈ — Խոսքերդ թող կատարվեն,

Ու չուզողն էլ ես լինեմ:

Անցում:

ՊՈՒՅ — Հը՞, պատրա՞ստ եք:

Դե սկսեք, վիճակ հանեք:

Վիճակ են հանում:

ՄԿՈ — Այ քեզ չտեսնված բան,

Երազս դարձավ իրական:

Ես Մկստանի ոստիկան:

Դե թող հիմա մեկն ու մեկը 

Ձեռիս տակից պլստա:

ԾՎՈ — Գիտությունն ու մշակույթն է իմ ոլորտը, 

Պղտորված է այդ ոլորտի մթնոլորտը: 

Պետք է ռեֆորմներ արվի,

Պետք է ամեն ինչ փոխվի:

Կինոսրահ ու ակումբ 

Պիտի դարձնեմ դիսկո-կլուբ:

Ոչ մի թատրոն, նո՛, նո՛, նո՛,

Այն կդարձնեմ կազինո:

ՑԻՑՈ — Հարկահավաքն եմ գյուղի,

Իմ առջև բացվում է 

Մեծ ու ընդարձակ ուղի:

ԽԴՈ — Ծովը գցեցի թոռս,

Հանեցի…

Առողջապահության աթոռս:

Թող իմանա ամեն մուկ,

Ու շուտ մտնի ծակ ու ծակ:

Առանց լումա բուժում չկա,

Խիստ թանկարժեք հաճույք է դա:

ԱԼՈ — Պաշտպանությունն ընկավ ինձ…

Ի՞նչ պաշտպանեմ, կամ ումի՞ց,

Չորս կողմը բարեկամ, դրկից:

Խլուրդներն են մեկ-մեկ համը հանում,

Մեր տարածքն են գետնի տակով

Ել-մուտ անում:

Բայց հերիք է մի հատ կարգին 

Ասես՝ փի՛շտ,

Նրանք կկորչեն մեկընդմիշտ:

Համոզված եմ, սա է ճիշտ:

Ամեն մի տուն թող ձեռք բերի 

Իր օջախը պաշտպանելու 

Վճարովի արտոնություն:

Դրանից լավ պաշտպանությո՞ւն:

Մտնում է Բդոն:

ԲԴՈ — Եկա հասա, հա՛, մկներ…

Էս առանց ինձ քեֆ եք անո՞ւմ,

Մի քիչ շուտ չե՞ք ինձ մոռանում: 

ՄԿՈ — Վայ, Բդոն է մեր հարազատ,

Ո՞ւր ես, Բդո, ո՞ւր ես, չկաս:

ԲԴՈ — Բաջանաղիս հետ մեկտեղ,

Գործ ենք դրել մի լավ տեղ:

Հենց իմացա աթոռ-մաթոռ 

Բաժանելու հաշիվ կա,

Գործ-մործ թողի, թռա, եկա:

Երկար ապրի ձեր թոռը,

Շուտ տվեք իմ աթոռը:

ԽԴՈ — Բդո, մի քիչ ուշացար,

Աթոռները բաշխեցինք,

Իրար հետ էլ հաշտվեցինք:

ԲԴՈ — Ո՞նց թե, ես Բդոն լինեմ,

Աթոռի տեր չլինե՞մ:

Ավտոմատս կքաշեմ, 

Աղետի զոն կդարձնեմ: 

Նստած-հելած տղա եմ,

Դեռ գժի թուղթ էլ ունեմ:

ՊՈՒՅ – Բդո, մի քիչ սպասի,

Մի քանի օր համբերի:

Մի նոր թաղ եմ բացելու, 

Թաղապետն ես լինելու:

ԲԴՈ – Այ, դա արդեն ուրիշ բան, 

Թե չէ ֆլան ու ֆստան:

Բայց մինչև ցամաք առուն ջուր գա, 

Գորտի աչքն էլ դուրս կգա:

Մինչև նոր թաղ բաց անեք,

Մի գործ տվեք,

Էնպես ձեռքի հետ անենք:

ՑԻՑՈ — Բդոյի խոսքը փամփուշտ է, 

Խոսքը մեր մեջ,

Ինքն էլ բավական անկուշտ է:

ԾՎՈ — Տղամարդ է իսկական,

Մեր թիմին շատ սազական,

Թող գա դառնա խորհրդական:

ՄԿՈ — Թող խորհուրդ տա՝ ինչքան կուզի, 

Համաձա՞յն ես, այ գիժ մոզի:

ԲԴՈ — Լավ, ձեր ասածը թող լինի:

Դրանից ինձ ոչ մի վնաս չի լինի:

ՊՈՒՅ — Քիթ-միթ չկա, չէ՞, կախած, 

Սոված-ծարավ մուկ չմնա՞ց:

ՓՈՍՏՈ — Բոլորն առան գնացին,

Ես էլի պոչում մնացի:

ՊՈՒՅ — Դարդ մի անի, մտածի, 

Էդ հարցն էլ շուտով կլուծվի:

ՓՈՍՏՈ — «Ձոն երախտագիտության»: 

Հեծած քո ձին հրեղեն,

Ձեռքիդ՝ թուրը հավլունի,

Սարից իջար ոնց հեղեղ,

Որ տեր լինես անտունին:

Օ՜, դու փարոս լուսածին,

Դու դյուցազն երկնածին,

Տիտանական քո խելքով,

Բերիր նոր կյանք, նոր կորով:

Արդեն հազար տարի կար,

Որ քեզ նմանը չկար:

Մեր սրտի խոսքն ենք ասում,

Սրբերի շարքն ենք քեզ դասում:

ՊՈՒՅ — Էդ լավ խոսքերիդ համար 

Դարձնում եմ ինձ տեղակալ:

ՓՈՍՏՈ — Վայ, սիրտս կպայթի հիմա, 

Վալերիանկա, վալերիանկա:

ՊՈՒՅ — Գո՞հ եք ինձնից, այ մկներ:

ԲԴՈ — Դե մի բաժակ բան լցրեք:

Էս փառահեղ օրը մենք 

Ոնց որ պետք է մեծարենք:

Կենացդ լինի, մեր ախպեր,

Դու մեզ համար ոսկե ձուկ ես,

Բուրգի նման հզոր մուկ ես:

ԲԴՈ — Դու մեզ համար օազիս ես,

Որ ծփում ես անապատի խորքերում: 

ՑԻՑՈ — Կիպարիս ես,

Որ ծաղկում ես չոր ու ցամաք հողերում: 

ԱԼՈ — Քեզ լավ պահի,

Հանկարծ քամի չդիպչի:

ՄԿՈ — Թևիդ կապի աչքի ալանք,

Քեզ չկպչի չար աչք ու ունք:

ԾՎՈ — Եթե հանկարծ մեզ ուզես,

Աչքով արա, երբ ուզես:

ՊՈՒՅ — Չէ, գազան թիմ հավաքվեց:

Հիմի ինձնից ձեզ պատգամ:

Ինչ գործ ուզում եք՝ արեք,

Բայց իմ բաժինը բերեք:

Պատգամս չգցեք դար ու փոս,

Այն դարձրեք ձեզ կարգախոս:

ԲԴՈ — Դու էդ բանը թող ինձ վրա,

Չմտածես, հանգիստ մնա:

ՊՈՒՅ — Աշխատեցինք շատ թափանցիկ ու բեղմնավոր, 

Դե, ես գնամ…

Պետական գործեր ունեմ շատ կարևոր:

Պիտի մեկին կանգնեմ քավոր:

ՄԿՆԵՐ — Պաշտում ենք քեզ ահավոր:

ՊՈՒՅ — Աշխատեցեք նվիրումով,

Ըմբռնումով ու բեղմնավոր:

Պատգամս էլ չմոռանաք,

Եվ իմ նշած ուղեգծից 

Մի քայլ անգամ չհեռանաք:

ԲԴՈ — Պատգամդ հո պատգամ չի՞:

ՑԻՑՈ — Քարին խփես՝ կճաքի:

ՄԿՈ — Երդվում ենք, ոչ մի զիջում, կոմպրոմիս, 

Մկստանը պիտի ծաղկի էս ամիս:

ՊՈՒՅ — Ապահովված է կառավարումը,

Միս ու արյուն ստացավ 

Մեր փոխըմբռնումը:

Հիմի կարգին քեֆ արեք,

Ու իմ կենացը խմեք:

ՓՈՍՏՈ – Տո, սաղ կյանքում քո կենացը կխմենք,

Դե մի կարգին պար դրեք:

Պար:

ԾՎՈ — Ստոպ, ստոպ, միլ պարդոն:

Այս պարերը շատ վաղուց 

Պիտի նետվեն աղբանոց:

Դոփում ենք կանգնած տեղում,

Պիտի նայենք մենք հեռուն:

Այնտեղ տեխնո, հաուզ նաև ռեպ,

Իսկ մենք

Դրանք պարում ենք, օ՜հ, մի կերպ:

Իսկ դրանից,

Միանգամայն լուրջ եմ ասում,

Մկստանի վարկն է տուժում 

Միջազգային ասպարեզում:

ԲԴՈ – Դե, մի կարգին ոեպ դրեք:

Բոլորը պարում են, պարից հետո շնչապատառ գետնին են թափվում:

ԽԴՈ — (Հազիվ շնչելով): Պետք է քայլել ժամանակին համընթաց, 

Մեր այս պարով կատարեցինք 

Մի շատ ցցուն առաջընթաց:

ՄԿՈ — Ծվո ջան:

ԾՎՈ — Ստոպ, ստոպ, ի պարդոն,

Ծվոն գնաց, Ծվո չկա,

Այսուհետև ինձ կանվանեք 

Անտանելլա:

ՑԻՑՈ — Սիրտս հիմա կպայթի,

Թե չդառնամ Նաթալի:

ԱԼՈ — Անունս դարձնում եմ Կադոտ,

Մականունս էլ՝ թնդանոթ:

ՓՈՍՏՈ — Ես մնամ ձեզանից հե՞տ,

Ինձ մեծարեք տյառ Ժիլբերտ:

ԽԴՈ — Խդոն անպետք անուն է հիմա,

Ինձ անվանեք ժոզեֆինա:

ՄԿՈ — Անձնագիր, բան կփոխեմ,

Շվարցենեգեր կկոչվեմ:

ԾՎՈ – Կոլեգաներ, անվանափոխության այս քայլով 

Շատ կարևոր հարց լուծեցինք,

Եվ մի շնչով

Քաղաքակիրթ մենք օծվեցինք:

Անցում:

ԹԼՈ — Անց է կացել կարճ ժամանակ:

Գլուխներս ո՞ր քարին տանք:

Մեր գեղեցիկ ոստանը 

Էս ո՞նց դարձավ ավերակ:

ՃԼՈ — Բարև, Թլո:

ԹԼՈ — Ո՞նց ես, Ճլո:

ՃԼՈ — Բողկի պես:

Դու ո՞նց ես: Խոսիր, Թլո:

ԹԼՈ — Էհ, ի՞նչ ասեմ,

Մի կերպ, յոլա:

Լավը գնար, յոլան մնար:

ՃԼՈ — Դարդ մի անի,

Դու շարունակ հեռու նայի:

ԹԼՈ — Բա որ մի օր էլ գան,

Գլխներիս տան, 

Էդ յոլան էլ առնեն գնա՞ն:

ՃԼՈ — Ճիշտ է, այսօր կյանքը քիչ անհույս է,

Բայը մեր վաղը ծաղկածիծաղ արշալույս է:

Տես, թե ինչեր են գրում 

Մեր տեղական մամուլում:

«Թաջ Ապուրը և իր թիմը ժրաջան 

Աշխատում են ինքնամոռաց, քրտնաջան, 

Կառուցում են Մկստանի 

Լուսապայծառ ապագան:

Հիմա կյանքը քիչ դժվար է,

Անցումային բարդ շրջան է:

Հարցին մի քիչ ըմբռնումով մոտեցեք,

Գոտիներդ ավելի պինդ ձգեցեք:

Ամեն կողմից շրջափակում, 

Ճագար, մողես ու խլուրդ 

Պինդ փակել են ելումուտ:

Սակայն ջոջը մեր կարկառուն,

Ղեկավարը մեր իմաստուն,

Գործերի հետ այևայլ

Կատարել է մի շատ ուժեղ ձիու քայլ:

Որպես պետական գաղտնիք՝

Առայժմ այն պիտի պահել խիստ գաղտնի:

Ժամանակը հենց որ գա,

Ամեն մի մուկ կիմանա»:

Տեսնո՞ւմ ես, թունելի ծայրում 

Ի՛նչ վառ լույսեր են վառվում:

ԹԼՈ — Լավատես ես, կույր լավատես,

Սակայն թույլ տուր մի հարց տամ քեզ:

Եթե հողում սերմ չգցես,

Դու առատ բերք ո՞նց հավաքես:

ՃԼՈ — Ակնարկդ ես հասկացա,

Բայց հավատա, ինձ հավատա:

Մկստանը պիտի դառնա հրաշագեղ մի պարտեզ,

Եվ բոլորը դեռ երանի կտան մեզ:

Գնանք, գնանք,

Ընտանեկան լոտո խաղանք:

Անցում: Փոստոյի առանձնասենյակը:

ՓՈՍՏՈ — (Խոսում է սելեկտորով): Մկստանի պատվավոր ջոջեր, 

Երկար, բարակ, հաստ պոչեր:

Վերջին շաբաթն է, ուստի

Բոլորդ համեցեք

Կառավարական ընդլայնված նիստի:

Մկները մեկ-մեկ ներս են մտնում:

ԽԴՈ — Հավաքվել ենք, հավաքվել,

Վաղուց իրար չենք տեսել:

ԱԼՈ — Քիթ սրբելու ժամանակ չունենք,

Գործերի մեջ լավ խրվել ենք:

ՄԿՈ — Երեկ նանարիս տարեդարձին 

Մի հատ վիլլա նվիրեցի:

ԾՎՈ — Պարոն Մկո…

ՄԿՈ — Մկոն դու ես, այ կաթնակեր,

Իմ անունն է Շվարցենեգեր:

ՓՈՍՏՈ — Բոլորդ եք, չէ՞, ներկա:

ՑԻՑԸ — Մենակ Բդոն չի ժամանելու:

ՓՈՍՏՈ — Այդ ինչո՞ւ:

ՑԻՑՈ — Ընտանիքով գնացել է արտասահման 

Մեզի անալիզ տալու:

ՓՈՍՏՈ — Ցանկանք նրան բարեհաջող ապաքինում:

ՄԿՈ – Մկներ, դուք ինձ լավ կճանաչեք,

Պիտի էսպես կանաչե՞նք:

Մի բան բերեք, գոնե բերաններս թրջենք:

Մինչև ջոջը ժամանի 

Մեկը վիսկի թող բերի:

ԱԼՈ — Էդ լավ խոսքին մի հատ տուշ, 

Թե չէ քնեցինք մուշ-մուշ:

ԾՎՈ — Էս բաժակով եկեք խմենք սուրբ կենացը մեր Ջոջի,

Մենք բոլորս զգաստ, պատրաստ նրա ցանկացած կոչին: 

ՓՈՍՏՈ — Ջոջ մի ասեք, արդարության բոց ու հուր:

Չէ, իզուր չի, որ անունն է Թաջ Ապուր:

ՄԿՈ — Մկներ, մեր գործերը բեսամթ աջ են,

Ինչքան կուզեն, թող որ հաչեն:

ՑԻՑՈ — Մկստանի անմար փառքն հնք,

Նրա ներկան, ապագան ենք:

ԽԴՈ – Կուզեք՝ պայթեք,

Մկստանի վերնախավն ենք:

Մտնում է Թլոն:

ԹԼՈ – Լսե՛ք, լսե՛ք ինձ մի պահ:

ՄԿՈ — Ո՞վ է սրան ներս թողել:

ԱԼՈ — Ո՞նց ես էստեղ խցկվել:

ԹԼՈ — Ո՞վ ինձ կտա հաց ու ջուր,

Գոնե մի կում, մի պուճուր:

Չորս օր ոչինչ չեմ կերել,

Սովից շատ եմ նիհարել:

Ձագուկներս սիրասուն 

Մնացել են փողոցում:

Հարկերի դեմ առան տունս,

Չարը եկավ, չոքեց դուռս,

Ախ, կոտրեցիք մեջքս ու կուռս:

ՑԻՑՈ – Վա՜յ, էսպես էլ բան կլինի,

Չեն թողնում՝ մարդ աշխատի:

ԽԴՈ — Ո՞ւր ես էդպես հոխորտում,

Քրտնամխած, ձեզ համար ենք աշխատում: 

ՓՈՍՏՈ — Կերտում ենք ձեր լուսապայծառ ապագան: 

ԾՎՈ — Սպասեք էլի մի տաս տարի,

Հետո կապրենք աղավարի:

ԹԼՈ — Դուք կորցրել եք ամեն խիղճ,

Ու դարձել եք կեղեքիչ:

ՓՈՍՏՈ — Չէ, սա հաստատ տեռորիստ ա,

Մի լավ նայեք, գրպաններում զենք-մենք չկա՞: 

ՄԿՈ — Քանի ուսերիդ գլուխ կա, 

Էստեղից կորի գնա:

Թե չես ուզում ձեռ ու ոտդ կապոտեմ, 

Բաժանմունքի պադվալներում 

Ռեցիդիվիստ էդ քո ոոժը նախշոտեմ:

Վզիդ քսան գործ դնեմ,

Իզով-թոզով կորցնեմ:

Դուրս են գցում:

ԹԼՈ — Ո՞վ էր տեսել էսպես բան,

Մուկը այսքան գայլանար:

ՄԿՈ — Հարամ արեց մեր տոնը,

Ես դրա հորն ու մորը:

ՓՈՍՏՈ — Ջոջը, Ջոջը…

ՊՈՒՅ — Բարի տեսանք, հազար բարի, 

Սկոլկո լետ ի սկոլկո զիմ:

Գործեր կային խելքից դուրս, 

Ճամփորդություն՝ ներս ու դուրս:

Չէ, բոլորդ լավացել եք, .

Բոլորդ էլ չաղացել եք,

Ձեզ չի ծակել ոչ մի փուշ, 

Դարձել եք կարմրաթուշ,

Սիրուն, ջահել ու պուպուշ, հա՜, հա՜, հա՜:

(Բոլորը կեղծ ծիծաղում են):

Լավ, սկսենք, զեկուցեք: 

Ժոզեֆինա, ժոզեֆինա, 

Քեզ պես սիրուն մկնիկ չկա,

Խոսի՝ տեսնենք, ի՞նչ կա, չկա:

ԽԴՈ — Հուզաթաթախ ջերմ խոսքերի համար մերսի, 

Միայն ձեզ պես նրբանկատ ղեկավարը, 

Ճշմարտությունը այդպես բացեբաց կասի: 

Զեկուցում եմ.

Հիվանդանոց, կլինիկա ու կաճառ,

Դարձրել եմ տոնավաճառ:

Աչքից հեռու՝

«Հիվանդանոց» կամ «Դեղատուն» մակագրություն: 

Մտքներովն էլ թող չանցկացնեն,

Թե կա կյանքում հիվանդություն:

Սա նոր քայլ է դեպի բարձր քաղաքակրթություն: 

ՊՈՒՅ — Մկնասիրության անկրկնելի դրսևորում, 

Մկնանվեր ձեր գործերին հաջողություն:

Խոսի, խոսի, Նաթալի,

Ջոջը քո ցավը տանի:

(Բոլորը կեղծ հռհռում են):

Ձեզ լուրջ պահեք,

Կատակ արի:

Բա էլ ի՞նչ ջոջ, որ հանաք չանի:

ՑԻՑՈ — Զեկուցում եմ.

Հարկ հավաքել, դե գիտես,

Ինչպես կարգն է՝ մի մասը ձեզ,

Մնացածն էլ, դե պարզ է, ձեզ:

ՊՈՒՅ — Հարկահավաքությունից շատ գոհ եմ,

Ոչ մի խոսքով չեմ կարող քեզ փնովեմ:

ԱԼՈ — Զեկուցում եմ.

Ամեն ինչը շատ լավ է,

Իմ եռանդն անսպառ է:

Մկստանում ինչքան երկաթ, փետ ու քար կար, 

Դազգահ, խոփ ու արոր հավաքեցի.

Օտարազգի ինչ-որ խմբի նվիրեցի:

Դե, տաքարյուն մկներ շատ կան,

Սառը զենքով իրար հանկարծ վնաս չտան:

Տիտանական աշխատանքը արվեց-գնաց,

Մեր սիրելի Մկստանին մեծ շահ մնաց:

ՊՈՒՅ — Պաշտպանությունն այս կերպ պիտի զարգացնել,

Դրա համար արձանդ պիտի կանգնեցել:

Խոսի տեսնենք, Շվարցենեգեր:

ՄԿՈ — Հանցագործությունը ըսենց քոքից արմատախիլ արեցի, 

Քրեածին ինչքան տարր կար,

Հավաքեցի ու…

Ոստիկան կարգեցի:

ՊՈՒՅ — Լավ ես խաղում մկների գլխին դու քո խաղը, 

Միանշանակ պիտի ասեմ, էսօր լավ է, քանց թե վաղը:

Էլլա, Էլլա, Անտանելլա, 

Սոխակի պես դե ծլվլա:

ԾՎՈ — Զարգացրել եմ տուրիզմը,

Նոր թափ է առել ինտերնացիոնալիզմը:

ՊՈՒՅ — Լավ է ծաղկում մեր տուրիզմը, 

Կեցցե՛ քո մեծ հումանիզմը:

Հա, տուրիզմը շատ լավ բան է,

Մեր բոլորի ապագան է:

Կանգնած ես դու ինչպես բերդ,

Խոսիր, լսենք տյառ Ժիլբերտ:

ՓՈՍՏՈ — Մի ինքնաթիռ ես առա,

Ինքնաթիռովս ձեզ ծաոա:

Ասացի. «Դե կարող է պետք լինի, 

Ընկերներիս տեղ տանելու հարկ լինի»:

ՊՈՒՅ — Աշխատել եք ինչպես հարկն է,

Ինչպես պահանջվող կարգն է:

Ուժ ու եռանդ չեք խնայել,

Եվ իմ նշած ուղեգծից 

Մի քայլ անգամ չեք հեռացել:

Մկստանի պատմության մեջ կմնաք,

Արևի տակ դուք ձեր տեղը կունենաք:

Դե, մկներն էլ մեզնից գոհ,

Ապրում են շատ բախտավոր:

Պիտի ասեմ նաև ես, »

Որ լքում եմ արդեն ձեզ:

Ես անելիք էլ չունեմ,

Ինչ-որ պետք էր՝ արեցի,

Վատը ձեզնից վանեցի:

Ու գնում եմ հիմա ես,

Դեպի մի նոր ասպարեզ:

Հնդստանս հիշեցի 

Ու կարոտից տանջվեցի:

Պիտի գնամ շուտով ես,

Կոկոս, բանան ղրկեմ ձեզ:

Պիտի հիշեմ ձեզ անվերջ:

Կարոտից ձեր սիրակեզ 

Ես կդառնամ ուղիղ կես:

Հետո վերջում մի պատգամ.

«Երբ որ հոգիս մի օր տամ,

Աճյունս էստեղ փոխադրեք,

Ու առոք-փառոք թաղեք:

Ինձ պահ տվեք մայր հողին,

Որ ինձ գրկի կաթոգին:

Ես գնացի, լավ կմնաք,

Ինձ էլ կյանքում չմոռանաք»:

ՄԿՈ — Գնաց մեր թագավորը:

ՓՈՍՏՈ — Ականջ դրեք իմ կոչին,

Պիտի հետևել ջոջին:

ԱԼՈ — Ճիշտ է ասում տյար Ժիլբերտը:

Շուտ էստեղ բեր ինքնաթիռդ,

Ունեցած-չունեցածներս հավաքենք,

Քանի ուշ չի՝ ցրվենք:

Բոլորը փախչում են: Ներս են մտնում մեկ-մեկ՝ ճամպրուկներով:

ԽԴՈ — Ձեռք բերածս մի բան չի,

Գերդաստանս ինձ համար չի ամաչի:

Զավակ, փեսա ու աներ 

Դարձրեցի տնատեր:

ՑԻՑՈ — Ֆինանսական ճեղքվածքներս փակեցի, 

Գերդաստանիս անդամներին 

Վերահսկիչ կարգեցի:

Ինձ էլ մնաց մի հատ բանկ,

Որ չկրեմ ես զրկանք:

ԱԼՈ — Մի քանի հատ փոքր հանք,

Մեկ էլ մի պստիկ քարհանք:

Ինչքա՞ն բախտիս հետ խաղաք:

ՄԿՈ — Ձեռք բերածս շատ է համեստ,

Մի քանի «Ջիպ» ու «Մերսեդես»:

Մկստանի արգելոցում

Չորս հարկանի մի տուն համեստ:

Մի քանի հատ հյուրանոց,

Մի էդքան էլ՝ հավանոց:

ԾՎՈ — Ես գլուխս շատ չեմ գովում, 

Չորս վիլլա եմ գնել Բոննում,

Մի այդքան էլ՝ Սորբոնում:

Բոլորը փախչում են: Մտնում է Թլոն:

ԹԼՈ — Օրը մթնեց նորից,

Օրը անցավ նորից,

Օրը տարավ իր հետ 

Իմ հույսերը նորից:

Ի՞նչ կբերի վաղը,

Մեզ ի՞նչ կտա վաղը:

Միայն գիտեմ հաստատ՝ 

Վաղն էլ կանցնի նորից,

Ու կգնա կանցնի 

Օրը օրվա պոչից:

Հեռվից մի ձայն կասի.

«Պիտի սպասես նորից»:

ՃԼՈ — Թլո ախպեր, էս ո՞ւր էսպես,

Շատ ես փոխվել, քեզ նման չես:

ԹԼՈ — Ես էլ չգիտեմ, թե ուր:

Ինչ ունեի՝ ծախեցի,

Մի կերպ յոլա գնացի, 

Էլ բան չմնաց, ախպեր:

Գլուխս առնեմ ու կորչեմ, 

Գնամ, մի չոլում հանգչեմ:

ՃԼՈ — Ախպեր Թլո, ի՞նչ ես խոսում, 

Էս բոլորը ո՞ւմն ես թողնում:

Սա քո հողն է, օդն է, ջուրն է:

Նայիր՝ ինչ կապույտ է երկինքը,

Ո՞նց ես լքում հայրենիքը:

Էդպես ո՞նց կլինի,

Բա սրտիդ դարդ չի՞ լինի:

ԹԼՈ — Եղբայր Ճլո, ինձ լավ լսիր,

Հայրենիքը լոկ տարածք չի,

Որ մուկը մնա ու կառչի:

Հայրենիքը ինչպես նաև հոգեկանն է, 

Բարոյականն ու նյութականն է:

Բարեկեցիկ քո ներկան է,

Շողշողացող ապագան է:

Մշակույթն է, կրթությունն ու գիտությունն է: 

Հայրենիքը անկեղծ, շիտակ, մեծ հավատն է, 

Երբ մեզ համար օրհնք չկա,

Արդարության նշույլ չկա:

Երբ մի կողմում՝ անասելի հարստություն, 

Մյուս կողմում՝ հրեշավոր աղքատություն, 

Անպաշտպան ես, ոչնչություն:

Եթե չկա ոչ մի հույս 

Ու չի վառվում ոչ մի լույս,

Թող ու…

Գնում է: Մտնում են խլուրդները:

ԽԼՈՒՐԴ — Հե՜յ, խլուրդներ բեղով, անբեղ,

Շուտ հավաքվեք, եկեք այստեղ:

Հասանք մենք մեր նպատակին,

Մկստանը ոտից գլուխ դատարկեցինք, 

Նրանց տեղը գրավեցինք:

Եվ այդ հարցում 

Մկները մեզ շատ օգնեցին:

Հիմա մերն է էս բոլորը,

Տներն, այգին ու արորը:

Էստեղ ամուր բուն դնենք,

Ու առհավետ տեր լինենք:

(Տեսնում է գլխիկոր կանգնած Ճլոյին):

Յա՛, դեռ մի մուկ կա իսկական,

Սրան տարեք թանգարան:

Տարեք, պահեք թանգարանում 

Որպես եզակի նմուշ,

Որպես անցյալի վերհուշ:

ՃԼՈ — Էս ի՞նչ եղավ, ի՞նչ պատահեց, 

Էս տնաքանդ արհավիրքը 

Ո՞նց կատարվեց:

Կորցրածը էլ ետ չի գալու,

Այս ամենի համար, ասե՛ք,

Ո՞վ է պատասխան տալու:

ՎԵՐՋ

2004 թ.

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։