Իշտվան ԷՐԿԵՆ / ԿԱՏՎԱԽԱՂ / ԿԱՏՈՒՆԵՐ ԵՎ ՄԿՆԵՐ
Էլեգիկ կատակերգություն երկու արարով
Թարգմանությունը՝ Սամվել ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
Գործող անձինք
ԷՐԺԲԵՏ ՕՐԲԱՆ — այրի տիկին, 70-ն անց, բնիկ հունգարացի
ԳԻԶԱ — քույրը, ապրում է արտասահմանում տղայի հետ
ՊԱՈՒԼԱ — Էրժբետի մտերիմ ընկերուհին
ՄԻԽԱԻՆԵ ԱԼՄԱՇԻ, ԿԱՏՎԻԿ — ապրում է վարձով Օրբանի տանը
ԻԼՈՆԱ — Էրժբետի աղջիկը, ապրում է ընտանիքի հետ
ԱԴԵԼԱԻԴԱ ԲՐՈՒՆԵՌ, ՄՈՐԱՔՈՒՅՐ ԱԴԻ
ՎԻԿՏՈՐ ՉԵՐԵՄԼԵՆԻ — նախկին օպերային երգիչ
ԻՈԺԻ — բժիշկ, Իլոնայի ամուսինը
ՄԱՏՈՒՑՈՂ սրճարանում
ԱՐԱՐ ԱՌԱՋԻՆ
Բեմի խորքում էկրան, երևում է հին լուսանկար։
ԷՐԺԲԵՏ — Այս լուսանկարը արվել է կա՛մ 1918 թվականին, կա՛մ էլ 1919-ին Զոլնոկ քաղաքի Լետա գյուղում, Տիս գետի ափին։ Այդ վայրից ոչ հեռու շաքարավազի գործարանի աշխատանքային բնակավայրն էր, որտեղ մեծացել ենք ես և քույրս՝ Գիզան։ Նկարում ես ու քույրս ենք՝ Զոլնոկի փերիները, այդպես էին մեզ կոչում, իսկ ետևում գործարանն է։ Նկարը սիրողական է, այդ պատճառով էլ դեղնել է, գունաթափվել։ Նկարը պահում եմ աչքիս լույսի պես։
Էկրանը բարձրանում է։
ԳԻԶԱ – (հայտնվում է բեմի ձախ կողմից, գամված է սայլակին, խնամված է, նրբագեղ։ Դիմացը՝ սեղան, հեռախոս և մի քանի գիրք): Այստեղից մինչև Մյունխեն մոտ հարյուր կիլոմետր է, բայց ինչպես միշտ, ուրբաթ օրերին՝ ուղիղ ժամը քսանին ավտոշարասյունը շարժվեց դեպի մեր գյուղական վիլլա։ Ա՜խ, այդ գերմանական ճշտապահությունը։ Քսան անց երեսունին սպասուհին բացեց ճաշասենյակի դռները և ինձ ու անվասայլակս գլորեց դեպի սեղանը, իսկ ես հյուրերին հրավիրեցի սեղանի մոտ։ Արդեն ասել եմ, որ ոչ պաշտոնական փոքր խնջույքների ժամանակ մենք մեզ ազատ ենք պահում, ու ես պրոֆեսորին նստեցրի կողքիս։ Նա ոչ միայն հրաշալի բժիշկ է, այլև հետաքրքիր զրուցակից։ Նա բուժում է ինձ, իսկ նրա եղբայրը Բավարիայի Առևտրի պալատի փոխնախագահն է և Միշայի հովանավորը։ Պրոֆեսորը հարցրեց իմ առողջության մասին։ ՛՛Ինչո՞ւ բողոքել,- պատասխանեցի ես,- եթե ոչինչ չես կարող փոխել՛՛։ Նա գովեց իմ բնավորության համար, ուրիշ բան ասաց, բայց, կներես, մոռացա, թե ինչ… Բուժքույրը եկավ, ես վաղը կշարունակեմ նամակս։
ԷՐԺԻ — (հոգնած, անփույթ, չնայած նոր զգեստին և ներկած մազերին: Նամակ է գրում): Այսօր ինձ համար սարսափելի օր է: Չնչին պատճառն անգամ կարող է ինձ հունից հանել: Դու ինձ ճանաչում ես, սիրելի՛ս։ Ա՜խ, այդ կաթնավաճառողուհին: Պատկերացրու, Գիզա՛, գրկումս հարևանի կատուն է, աջ ձեռքիս՝ կաթի շիշ, մի ոտքիս՝ սանդալ, մյուսին՝ ժանեկավոր կոշիկ, իսկ գլխիս՝ ուրիշի գլխարկը։ Ես գոռում եմ, կթվորուհին բղավում է ինձ վրա, հերթի պառավներն էլ են բղավում։ Հետո դուռը բացվում է և շեմքին հայտնվում է մի շիկահեր գեղեցիկ տիկին: Նա հագել էր շագանակագույն նրբագեղ կոստյում, բայց, ամենակարևորը, Գիզա՛, նա կանգ առավ շեմին և լուռ նայեց մեր կողմը։ Խանութում լռություն էր։ Ես չճանաչեցի նրան, բայց նա, նայելով ինձ, հարցրեց. «Եթե չեմ սխալվում, դուք տիկին Օրբանն եք»: Ես չկարողացա մի բառ ասել։ Հետո պայմանավորվեցի հանդիպել Պաուլայի հետ երեքշաբթի օրը սրճարանում, իսկ հիմա հանդիպում ենք գրեթե ամեն օր։ Գիզա՛, սիրելի՛ս, վերջապես հանդիպել եմ մի մարդու, ով ինձ հետ հաշվի է նստում, ով հետաքրքրվում է իմ կյանքով։ Նա ցանկանում է ամեն ինչ իմանալ իմ մասին: Բայց այսքան տարի ինձ ոչ ոք ոչ մի բանի մասին չի հարցրել։ Երբ զգացի, որ ինչ-որ մեկին պետք եմ, ես նույնպես ինձ մարդ զգացի: Ավարտում եմ նամակս, Գիզա՛, քանի որ շտապում եմ սրճարան։ Վաղը նորից կգրեմ քեզ, համբուրում եմ։ Քեզ շատ սիրող քույր Էրժի։
Էրժին միանում է Պաուլային. սրճարան, համեստ սեղան։
ՊԱՈՒԼԱ – (եռանդով լի տիկին): Փաստորեն, դու ունեցել ես քո երազանքների արքայազնը։
ԷՐԺԻ – Ես իմ ողջ կյանքը նվիրել եմ իմ միակ ու սիրելի ամուսնուն։
ՊԱՈՒԼԱ – Նա մի անգամ ինձ պատմել է, թե ում երկրպագուն ես դու։
ԷՐԺԻ – Ե՞րբ։
ՊԱՈՒԼԱ – Եթե չեմ սխալվում՝ ապաստարանում։ Քառասունչորս թվին, երբ պատրաստվում էինք Սուրբ Ծննդյան տոներին։
ԷՐԺԻ – Չեմ հիշում։
ՊԱՈՒԼԱ – Մի անկյունում միացրել էինք գրամոֆոնը։ Մի երգ սկսվեց, ու ամուսինդ ասաց. «Լսիր, Էրժի՛, քո պաշտելին է»։
ԷՐԺԻ – Իսկապե՞ս։ Իմ Բելը գաղափար անգամ չուներ, թե ինչ է խանդը։
ՊԱՈՒԼԱ – Ճիշտ ես։
ԷՐԺԻ – Ի՜նչ էլ հիշողություն ունես։
ՊԱՈՒԼԱ – Իսկ նա, ով կանոնավոր սնվում էր քեզ մոտ, ո՞ղջ է։
ԷՐԺԻ – Այո՛։
ՊԱՈՒԼԱ – Հաճա՞խ եք հանդիպում։
ԷՐԺԻ – Ոչ այնքան։ Ինձ հետ ընթրում է միայն հինգշաբթի օրերին։
ՊԱՈՒԼԱ – Ընտիր է։
ԷՐԺԻ – Ընտի՞ր։ Այ, եթե մի քանի րոպե հետը շփվեիր…
ՊԱՈՒԼԱ – Ինչի ո՞վ է որ։
ԷՐԺԻ – Պատկերացրու մի մեծ փոր, կարծես հատուկ փչած լինեն։
ՊԱՈՒԼԱ – Անունն ի՞նչ է։
ԷՐԺԻ – Միշտ բերանը լիքն է, ծամում է անդադար։
ՊԱՈՒԼԱ – Չափազանցնում ես։
ԷՐԺԻ — Բնավ։ Անցած հինգշաբթի նա մենակ կերավ խորոված մի ամբողջ աքաղաղ, երկու աման ապուր, մեկուկես կիլոգրամ հավի փափկամիս և վերջում՝ մի մեծ տորթ։
ՊԱՈՒԼԱ – Ո՜ւխ… Այ իսկական տղամարդ։ Վերջապես անունը կասե՞ս։
ԷՐԺԻ – Այսքան խոսում ենք, ու չասացի՞։
ՊԱՈՒԼԱ – Ո՛չ: (Ժեստով կանչում է մատուցողին:)
ՄԱՏՈՒՑՈՂ – Ի՞նչ կկամենաք, տիկի՛ն։
ՊԱՈՒԼԱ – Երկու թունդ խմիչք։
ԷՐԺԻ – Կներեք, բայց ես չեմ խմում։
ՊԱՈՒԼԱ – Էրժի՛։ Դեռ այսքանը։
ԷՐԺԻ – Որտե՞ղ կանգ առանք։ Հա։ Նրա անունն է Վիկտոր Չերեմլենի։
ՊԱՈՒԼԱ – Չէ, չգիտեմ։
ԷՐԺԻ – Որքան գիտեմ, օպերայի սիրահար ես։ Ո՞նց է, որ չգիտես։
ՊԱՈՒԼԱ – Դե լավ, ո՞վ չգիտի նրան։ Համաշխարհային աստղ է։
ԷՐԺԻ – Աստղ էր։ Հիմա, ինչքան գիտեմ, ինչ-որ երաժշտական խմբակում դասեր է տալիս։
ՊԱՈՒԼԱ – Երևի թոշակը չի բավարարում։
ԷՐԺԻ – Նա գումարի համար չի անում։
ՊԱՈՒԼԱ – Թագավորական օպերային թատրոնում ելույթներով այլևս հանդես չի՞ գալիս։
ԷՐԺԻ – Միայն էստրադայում։ Մի քանի երգ երգելուց հետո շունչը փչում է։
ՊԱՈՒԼԱ – Ինչո՞ւ։
ԷՐԺԻ – Էմֆիզեմա։
ՊԱՈՒԼԱ – Հրաշալի է։
ԷՐԺԻ – Ի՞նչն է հրաշալի։
ՊԱՈՒԼԱ – Որ մինչ օրս երգում է։
ԷՐԺԻ – Այո։
ՊԱՈՒԼԱ – Կծանոթացնե՞ս Վիկտորի հետ։
ԷՐԺԻ – Այդ էր պակաս։ Բեմում նա փայլում է, բայց կյանքում կարծես բարի հրեշ լինի։
ՊԱՈՒԼԱ – Ինչո՞ւ։
ԷՐԺԻ — Որովհետև հենց նրան տեսնես, կհիասթափվես։
Ծիծաղում են։ Էրժին վեր է կենում, գնում բազմոցի մոտ։ Հեռախոսազրույց Գիզայի հետ։
ԳԻԶԱ – Ալո՛, ալո՛… դու ինձ լսո՞ւմ ես։
ԷՐԺԻ – Լսում եմ, լսում։
ԳԻԶ – Վերջը ի՞նչ պատասխանեց կթվորուհին։
ԷՐԺԻ – Ի՞նչ կթվորուհի… Հա՜, ասաց, որ 50 գրամ կաթ գնող հաճախորդ իրեն պետք չէ։
ԳԻԶԱ – Իսկ ինչո՞ւ ավելի շատ չէիր վերցնում։
ԷՐԺԻ – Կատվի համար 50 գրամը բավական է։
ԳԻԶԱ – Եվ դու այդ կատվի համա՞ր ընկար կռիվների մեջ։
ԷՐԺԻ — Ո՛չ, ես քաղաքավարի ձևով հարցրի, «Իսկ ինչո՞ւ չեք վաճառի, մեկ է, վճարելու եմ, չէ՞»։
ԳԻԶԱ – Նա ի՞նչ ասաց։
ԷՐԺԻ – Ասաց, որ ինքը ատում է կենդանիներին և, մանավանդ, կատուներին։
ԳԻԶԱ – Առաջինը նա՞ սկսեց բղավել։
ԷՐԺԻ – Ոչ, ես։ Նա պահանջեց, որ դուրս գամ խանութից, ես հարցրի՝ ինչո՞ւ այդպես որոշեցիք։ Նա թե «Ահա տեսե՛ք, գրված է, որ մուտքը կենդանիներով արգելված է»։
ԳԻԶԱ – Իրո՞ք գրված էր։
ԷՐԺԻ – Այո՛։
ԳԻԶԱ – Ուրեմն նա ճիշտ էր։
ԷՐԺԻ – Հենց դրա համար էլ բերանիս եկածն ասացի նրա հասցեին։
ԳԻԶԱ – Եվ ի՞նչ ասացիր։
ԷՐԺԻ – Այն, ինչ կուտակվել էր։
ԳԻԶԱ – Շա՞տ ես կոպտել։
ԷՐԺԻ – Չգիտե՞ս, երբ ինձ կորցնում եմ, ամեն բան էլ ասում եմ։
ԳԻԶԱ – Լավ, ի՞նչ ասացիր։
ԷՐԺԻ – Որ նրա ուղեղում բացի ջրից պիտանի ոչինչ չկա։
ԳԻԶԱ – Այսի՞նքն…
ԷՐԺԻ – Մեր մեջ ընդունված վիրավորանք է։
ԳԻԶԱ – Ու այդ պահին ներս մտավ Պաուլան։
ԷՐԺԻ – Չգիտեմ ինչու, ինձ թվում է՝ դու այնքան էլ չես հավանում Պաուլային։
ԳԻԶԱ – Սխալվում ես։ Ինձ դուր չի գալիս, որ քո հագուկապին չես հետևում։
ԷՐԺԻ – Ես չհասցրի հագնվել, քանի որ հարևանիս կատուն փախավ։
ԳԻԶԱ – Ի՞նչ պատահեց, որ դու կիսահագնված հայտնվեցիր փողոցում։
ԷՐԺԻ – Դա հիմա ընդհանրապես կարևոր չէ, սիրելիս։
ԳԻԶԱ – Ես շատ կուզենայի իմանալ։
ԷՐԺԻ – Մանրուքների ետևից ես ընկնում, քո՛ւյր։
ԳԻԶԱ – Նայած ում համար է այդ ամենը մանրուք։
ԷՐԺԻ – Լավ։ Հանգի՛ստ լսիր, չզայրանաս։ Իմ վարձակալներից մեկը մի համեստ, դժբախտ աղջիկ է։ Բոլորը նրան կատվիկ են ասում։ Միասին մի խաղ ենք ստեղծել, որ հենց նա գա տուն, մլավի, իսկ ես պատասխանեմ։ Սկզբում ուղղակի խաղում էինք, ուրախանում, իսկ հետո դարձրինք ավանդույթ։ Մի օր իր հաճախորդներից մեկը եկել էր հագուստ փորձելու, ես էլ մտա ու մի գլխարկ փորձեցի։ Գլխարկ փորձելու ժամանակ կատվին ցած դրեցի, այդ ժամանակ էլ կատուն փախավ։
ԳԻԶԱ – Իսկ դու նրա ետևից…
ԷՐԺԻ – Իհարկե։
ԳԻԶԱ – Առանց հայելու մեջ նայելու վազեցիր։
ԷՐԺԻ – Այո՛, ու շատ արագ առաջ անցա նրանից։
ԳԻԶԱ – Մի՞թե կարելի մի կատվի համար խայտառակ լինել։
ԷՐԺԻ – Դու էլ նույնը կանեիր։
ԳԻԶԱ – Երբեք։ Ամբողջ աշխարհում չկա մի կատու, ում համար խայտառակ լինեմ հարևաններիս մոտ։ Իսկ կասե՞ս՝ ինչու են նրանք իրենց կատվին վստահում քեզ։
ԷՐԺԻ – Որովհետև ես ամեն օր կերակրում եմ կատվին։ Չեմ հասկանում՝ ինչն է քեզ անհանգստացնում։
ԳԻԶԱ – Ի՞նչ նկատի ունես։
ԷՐԺԻ – Պաուլային։
ԳԻԶԱ – Էլի անիմաստ բաներ ես ասում։ Ես միայն ուրախ եմ, որ ունես նոր ընկերուհի, ում հետ հաճելի ժամանակ ես անցկացնում։
ԷՐԺԻ — Գիտեմ, որ ուրախ ես, բայց ինչ-որ մի բան անհանգստացնում է ինձ։
ԳԻԶԱ – Անհանգստանալու բան չկա։ Ուղղակի, ինչպես միշտ, շտապում ես եզրակացություններ կատարելիս։
ԷՐԺԻ – Ի՞նչ եզրակացություններ։
ԳԻԶԱ – Արդյո՞ք Պաուլան պատրաստ է նույնչափ դրական ազդել քեզ վրա, ինչքան ես։
ԷՐԺԻ – Ինձ թվում էր՝ ուրախ կլինես, եթե իմանաս նոր ընկերուհուս մասին։
ԳԻԶԱ – Ես ուրախ եմ, ուղղակի…
ԷՐԺԻ – Ուղղակի դու ավելի ուշադրություն ես դարձնում քո արտաքին տեսքին։
ԳԻԶԱ – Տղայիս տանը միշտ ինտիլիգենտ մասսա է հավաքվում, ու ես պարտավոր եմ։ Ամեն դեպքում իմ լավագույն փարիզյան հագուստները միշտ էլ համապատասխանում են իմ տարիքին։ Այս տարիքում մազերս երբեք չեմ ներկել, բայց միշտ հարդարված են։ Լսի՛ր, Էրժի՛, չլինի՞ ընկել ես Պաուլայի խելքին ու դարձել շիկահեր։
ԷՐԺԻ – Սիրելի՛ քույրիկ, քո մտքերը ինչ-որ պղտոր են։
ԳԻԶԱ – Դու ասա՝ ներկե՞լ ես մազերդ, թե՞ ոչ։
ԷՐԺԻ – Այս տարիքիս միայն դա էր ինձ պակաս։
ԳԻԶԱ – Ուրեմն քո Պաուլան քեզ մի ուրիշ գույնով է գունազարդել։
ԷՐԺԻ – Մի՛ մոռացիր, որ իմ թանկագին Պաուլան ինձ ու ամուսնուս փրկել է սովից, երբ Բուդապեշտը շրջափակված էր։
ԳԻԶԱ – Երբեք այդ մասին չես պատմել։ Բայց ինձ ավելի շատ անհանգստացնում է քո այսօրվա անփութությունը։
ԷՐԺԻ – Թող դա քեզ ընդհանրապես չանհանգստացնի։
ԳԻԶԱ – Դու միշտ ես սիրել վիճել։
ԷՐԺԻ – Արի ավարտենք մեր զրույցը։ Բարևիր բոլորին։ Գրկում եմ, համբուրում։
ԳԻԶԱ – Շնորհակալ եմ, կփոխանցեմ։ Իսկ դու զգույշ եղիր։
ԷՐԺԻ – Ինձ ոչ մի վտանգ չի սպառնում։
ԳԻԶԱ – Բարի գիշեր, հաճելի երազներ։
ԷՐԺԻ – Քեզ նույնպես։ (Մտովի կռիվ է տալիս քրոջ հետ։ Տխուր է:) Հանգի՛ստ թող ինձ։
Բեմ է գալիս Միխաինեն, անորոշ տարիքի գեղեցկադեմ մի կին։ Մլավում է երկու անգամ, Էրժին հայացք է ձգում, երորրդ մլավոցը՝ բարձր ավելի։
ԷՐԺԻ – (դեռ անտրամադիր): Ե՛կ, սիրելի՛ս։
ՄԻԽԱԻՆԵ – Էրժի՛, չե՞մ խանգարում։
ԷՐԺԻ – Ո՛չ։
ՄԻԽԱԻՆԵ – Հաստա՞տ։
ԷՐԺԻ – Ասացի՝ ո՛չ։
ՄԻԽԱԻՆԵ – Լավ, ես գնամ, վաղը կխոսենք։ Տեսնում եմ, որ խանգարում եմ։
ԷՐԺԻ – Քանի՛ անգամ պետք է ասեմ, որ չես խանգարում։ Կներես, բայց հիմա կուզեի մենակ մնալ։
ՄԻԽԱԻՆԵ – Էրժի, ինչ-որ բա՞ն է պատահել։
ԷՐԺԻ – Ո՛չ։
ՄԻԽԱԻՆԵ – Լավ, ես գնամ։ (Լուռ հեռանում է, դռան մոտ է մնում մի քանի վայրկյան, նայում թախծոտ Էրժիին։)
Էրժին նայում է նրան և ժպտալով մլավում է։ Մկնիկը, հանդարտվելով, ժպտում է, ի պատասխան մլավում, գլխարկը քաշում է գլխին ու հեռանում։
ԷՐԺԻ – Գիզա՛, ես ամաչում եմ, որ երեկ քեզ հետ հեռախոսով այդ տոնով խոսեցի։ Քեզ հետ, ով ինձ համար ավելի թանկ է, քան աշխարհը: Երբեմն, երբ նայում եմ մարդկանց քո՝ խիստ բարոյականության բարձունքից, ուղղակի կորցնում եմ գլուխս։ Հիանալի է, որ դու հոգում ես իմ մասին, թեև սովոր չեմ դրան: Գիտե՞ս, Գիզա՛, ես իսկապես ներկել եմ մազերս, բայց ինձ մեղավոր չեմ զգում: Պաուլան ինձ տարավ վարսահարդարի մոտ, որն անմիջապես առաջարկեց այս գեղեցիկ սև գույնը։ Մոխրագույն մազերը ճնշում էին ինձ։ Եվ հետո, Պաուլան ինձ խորհուրդ տվեց, ավելի ճիշտ՝ ստիպեց ինձ վերցնել զգեստը։ Ստիպեց նաև հանել պառավի ժանեկավոր կոշիկները։ Եվ որքան ճիշտ էր նա։ Դա բոլորովին այլ զգացողություն է: Ես պարզապես չեմ կարող բառերով արտահայտել։ Դու ինձ չես ճանաչի, երբ տեսնես։ Ես դարձել եմ էլեգանտ տիկին։ Նա, ով ոչինչ չի ցանկանում, աստիճանաբար ինքն է ոչինչ դառնում ։
ԳԻԶԱ — Տանը հանգիստ է։ Միշան Բադեն-Բադենում է ընտանիքի հետ։ Երեկոյան ինձ մոտ են բերում թոռներիս, բայց տան աշխատողն ու իմ բուժքույրը մնում են ինձ հետ։ Ես մենակ չեմ կարող նրանց հետ գլուխ հանել: Հիշո՞ւմ ես, մեր հայրը երեկոները մեզ հեքիաթներ էր պատմում։ Հիլդան՝ հարսս, ինձ ասել է, որ իմ հեքիաթները սարսափելի են՝ արջեր, սատանաներ, ոգիներ, հաճախ էլ երկաթե քթով վհուկներ։ Ես առարկեցի, որ բոլոր մարդիկ այդպես են դաստիարակվել դարեր շարունակ։ Եվ նա ինձ պատասխանեց. «Դա դրակա՞ն է ազդել նրանց դաստիարակության վրա»: Ուստի որոշեցի թոռներիս սարսափելի հեքիաթներ չպատմել: Ինչպե՞ս կբացատրես, որ չես ուզում ինձնից նվերներ ստանալ, նույնիսկ զգեստներ, բայց Պաուլայից ընդունում ես: Ինձ համար տարօրինակ է:
ԷՐԺԻ – (մի փոքր զայրացած գնում է դեպի սեղանը, ուր ճաշում են աղջիկն ու փեսան։ Ցույց է տալիս կոշիկները): Ահա, հիացե՛ք իմ նոր, մոդայիկ զգեստով, որն ընդհանրապես դուր չի գալիս մորաքույր Գիզային։ Իլոնա, ի՞նչ կասես։
ԻԼՈՆԱ – (մոր կողմն անգամ հայացք չգցելով): Նստի՛ր, մա՛մ, այսօր քո սիրելի ճաշատեսակն է։
ԷՐԺԻ – Ցանկություն չունեմ։
ԻՈԺԻ – (մտազբաղ): Առանց ցանկության, մայրի՛կ։ Քեզ սոված մնալ չի կարելի։
ԷՐԺԻ – Չեմ հասկանում՝ ինչ է ինձնից ուզում։ Մեկ՝ զգեստս, մեկ՝ մազերս։ Ի՞նչ մեղք եմ գործել, որ այդքան զայրացել է։
ԻԼՈՆԱ – Միսը սառչում է, մայրի՛կ։ Կե՛ր, խնդրում եմ։ (Հայացքը՝ միշտ ինչ-որ գրքի:)
ԷՐԺԻ – (աղջկանից վրդովված անցնում է փեսայի հետ զրույցին): Դու ասա, փեսա՛, այս զգեստը շա՞տ երիտասարդական է։
ԻՈԺԻ – Այո, իհարկե, մայրի՛կ։
Էրժին հայացք է ձգում աղջկա կողմը, վեր է կենում, գնում, աղջիկն ու փեսան շարունակում են ճաշել։
ԷՐԺԻ — Դու չգիտես մեր կյանքը, Գիզա։ Դու նստում ես ձեր կախարդական դղյակում, որտեղ նույնիսկ օդը զտվում է և անգամ բժշկի գնալու համար քեզ տեղափոխում են ուղղաթիռով: Իսկ ատամը լցնելու համար մենք պետք է կես օր բժշկի մոտ հերթ կանգնենք։ Քո կյանքն ուրիշ է: Հազվադեպ են այնպիսի որդիները, ինչպիսին քո Միշան է։ Դու ոչ միայն նրա ընտանիքի անդամն ես, այլև հասարակության իրավահավասար անդամ, ում հետ նրանք կիսում են իրենց կյանքը և նստեցնում սեղանի գլխին։ Ինչպե՞ս եմ ես ապրում: Վերցնենք, օրինակ, կիրակնօրյա ընթրիքներն աղջկաս ու փեսայիս հետ: Ես չեմ բողոքում, Իլոնան ու Իոժին ինձ լավ են վերաբերվում, բայց նրանք իրենց կյանքն ունեն։ Իոժիի համար ամենակարևորը հիվանդանոցն է, վիրահատությունները. անգամ կիրակի օրերին նրա հագուստից դեղի հոտ է գալիս։ Իլոնան հերթով հանձնում է լեզվի՝ իր անվերջ քննությունները։ Եթե նա երեխաներ ունենար, ամեն ինչ այլ կերպ կլիներ։ Եվ այսպես… Նրանք ամեն ինչ ունեն։ Բայց ես չեմ կարող ոչ մի բան ավելացնել նրանց կյանքին, ոչ էլ խլել։ Ի՞նչ է մնում ինձ անել։
ԻԼՈՆԱ – (նկատում է, որ մայրը գնացել է): Մա՛մ, դե արի՛ վերջապես։ (Էրժին մոտենում է, իսկ Իլոնան նոր նկատում է մոր կոշիկները:) Մա՛մ, իսկ ո՞ւր են քո ժանեկավոր կոշիկները։
ԷՐԺի – (կեղծ ուրախությամբ): Վերջապես նկատեցի՞ր։ Ես գնել եմ նոր կոշիկներ՝ Պաուլայի խորհրդով։ Իսկ մորաքույրդ նորից փնթփնթում է՝ ասելով, որ իմ ոտքերը նորից սկսելու են ուռչել։
ԻԼՈՆԱ – Ո՞վ է Պաուլան։
ԷՐԺԻ – Ընկերուհիս։
ԻՈԺԻ – (կլանված թերթի մեջ): Այդ ինչի՞ց են ուռչում Պաուլայի ոտքերը։
ԻԼՈՆԱ – (գրքի մեջ կլանված): Ոչ թե Պաուլայի, այլ մայրիկի ոտքերն են ուռչում։
ԷՐԺԻ – Լսե՛ք։ Ամեն բան սխալ եք հասկացել։ Իմ ոտքերը ուռչում էին այն ժամանակ, երբ հագնում էի հին կոշիկներս։ Հիմա ընդհանրապես չեն ուռչում, բայց, մեկ է, Գիզան չի հավատում։
ԻՈԺԻ – Եթե մորաքույր Գիզայի ոտքերը ուռչում են, ես կարող եմ նրան բժշկական գուլպաներ ուղարկել։
ԻԼՈՆԱ – Իոժի՛, ինչպե՞ս չես հասկանում։ Այդ մայրիկի ոտքերն են ուռչում։
ԷՐԺԻ – Դուք հիմա ներկա եք միայն ֆիզիկապե՞ս։ Հազար անգամ չասացի՞, որ նոր կոշիկներս հագնելուց հետո ոտքերս էլ չեն ուռչում։ Պաուլան ճիշտ էր ասում…
ԻՈԺԻ – Ո՞վ է Պաուլան։
ԷՐԺԻ — (արդեն բղավում է): Պաուլան Պաուլան է: Կոշիկները կոշիկներ են, ոտքերը՝ ոտքեր: (Բարկացած վեր է կենում։ Ցույց է տալիս ոտքերը։) Խոսքն իմ ոտքերի մասին է, որ նրանք՝ այս ոտքերը, դադարել են ուռչել։ (Մոտենում է Իլոնային:) Նայի՛ր, ինքդ տե՛ս։ Սրանք քո մոր ոտքերն են, այն մոր, ով քեզ լույս աշխարհ է բերել։ Սեղմի՛ր։ Եթե տեսնում ես թեկուզ չնչին ուռածություն, ապա ընդունում եմ, որ սխալ եմ և անմիջապես հագնում եմ այն անիծված ժանեկավոր կոշիկները։ Դե, սեղմի՛ր։
ԻԼՈՆԱ – Մամ, ես քեզ միշտ հավատում եմ։
ԷՐԺԻ — Կարծում էի, որ խոսում եմ լսող մարդկանց հետ: Պարզվում է, խոսում եմ խուլերի հետ: (Իջեցնում է ոտքը և ասես դիմելով Գիզային, շարունակում է ընդհատված նամակը:) Գիզա, քանի Պաուլան ինձ հետ է, կյանքս ավելի է հեշտացել։ Անգամ աղջկաս ու փեսայիս հետ վեճերն այնքան էլ չեն վրդովում։ Առավոտյան արթնանում եմ լավ տրամադրությամբ։ Այս ամենի համար պարտական եմ Պաուլային։ Շնորհակալ եմ նաև քեզ։ Դուք եք ինձ փրկում դանդաղ ու տանջալից մահից։
ԳԻԶԱ — Միշան վիրավորվեց։ Ես շատ վրդովված եմ։ Տասնվեց տարի առաջ, երբ իջա ինքնաթիռից Մյունխենի օդանավակայանում, նա ինձ ողջունեց այս խոսքերով. «Աշխարհում չկա այնպիսի բան, որ դու ցանկանաս, մայրի՛կ, իսկ ես չկարողանամ կատարել: Քեզ միայն մի բան եմ խնդրում. ես հաստատվել եմ այստեղ՝ Արևմտյան Գերմանիայում, ես այլևս ընդհանուր բան չունեմ հունգարացի էմիգրանտների հետ և չեմ պատասխանում տնից եկած նամակներին»։ Ես պատասխանեցի նրան. «Դրա համար հանգի՛ստ եղիր, տղա՛ս»: Իսկ երեկ նա Բադեն-Բադենից ավելի շուտ եկավ, քան սպասում էի, և ինձ գտավ հունգարացի ամուսնական զույգի ընկերակցությամբ, երբ մենք երեքով նստած էինք այգում ու թեյ էինք խմում։ Միշան հունգարերեն խոսքը լսելուն պես մռայլվեց ու նույնիսկ չցանկացավ ներկայանալ հյուրերիս։ Երեկոյան ես սպասեցի, որ գա ինձ մոտ։ Բայց նա չեկավ։ Եվ նա իրավացի էր։ Այդ օրվանից ես տնային կալանքի տակ եմ։ Եվ ընդհանրապես, սխալվեցի, երբ կարծում էի, որ ես եմ տեղի հասարակության հոգին ու սիրտը… Ես պարզապես ծեր կին եմ, բայց այն պառավների ցեղից, որոնք չեն վախենում ընդունել իրենց ծերությունը։ Ի դեպ, սա վարքագծի միակ ձևն է, որ երիտասարդները պատրաստ են ներել մեզ ու հաշտվել մեր գոյության հետ։ Ես ծանր հիվանդ եմ, բայց երբեք գլուխս կախ չեմ քայլել ու չեմ փնթփնթացել։ Հավատա՛ ինձ, երիտասարդության բեռին ավելի դժվար է դիմանալ, քան ծերությանը: Բայց ավելի դժվար է կրել ծերությա՛ն բեռը, երբ խաբում ես քեզ ու երիտասարդանում։ Դրա համար վախենում եմ քեզ համար։ Հավատա՛ ինձ, սա նախանձ չէ, այլ անհանգստություն:
ԷՐԺԻ – Մի՛ բարկացիր, որ անտեսում եմ քո խոսքերը. Կոնկրետ ինչի՞ց ես վախենում։ Ես ուղղակի ուրախ եմ… Երեկ, երբ վերադարձա տուն, երկար ընդմիջումից հետո առաջին անգամ միացրի ռադիոն։ «Դոն Կառլոս» օպերան էր։ Ես, որ այսքան տարի ապրեցի առանց երաժշտության, նորից օպերա լսեցի։ Չկարողացա զսպել ու զանգեցի Պաուլային և ասացի, որ նա նույնպես միացնի ռադիոն: Ինձ հաճույք է պատճառում իմանալ, որ մենք միասին երաժշտություն ենք լսում։ Հիշեցի մի լուսանկար, որտեղ մենք միասին էինք, դեռ աղջիկ, բայց ոչ մի տեղ չգտա լուսանկարը: Դու քեզ հետ չե՞ս տարել: Նկարվեցինք Լետա գյուղի մոտ գտնվող մեր կալվածքում՝ մարգագետնում, առավոտյան զբոսանքից հետո։ Հետո, կյանքումս առաջին անգամ, հագա ժանեկավոր զգեստ։ Բայց խեղճ Բելն արդեն հայտնվել էր իմ կյանքում, իսկ հետո ես խենթանում էի Վիկտոր Չերեմլենի համար։ Վիկտորը ինչ-որ քննություն էր հանձնում համալսարանում և կարողացավ մեզ մոտ գալ միայն առավոտյան գնացքով։ Իսկ ես նախորդ գիշեր Բելի հետ պարեցի. Բելն այն ժամանակ դեռ զինվորական համազգեստով էր, քանի որ պատերազմ էր։ Առավոտյան Վիկտորը եկավ մեզ մոտ և առաջարկեց նավով զբոսնել։ Մենք եկանք և Տիսայի ափին տեսանք Վիկտորին գետի մեջտեղում՝ նավակի մեջ։ Մենք շտապեցինք վազել լանջից՝ ձեռքներս թափ տալով ու գոռալով. «Վիկտոր, մենք գալիս ենք, գալիս…» Երբեմն ուզում եմ վազել և ուրախ բղավել. «Գալիս ենք»:
ԳԻԶԱ — Ես էլ սնդուկիս մեջ փնտրեցի այն լուսանկարը, որի մասին գրում ես, բայց այն կա՛մ մնաց քեզ մոտ, կա՛մ ընդհանրապես կորավ, իսկ քո հիշողությունն, այնուամենայնիվ, դավաճանում է քեզ։ Մենք նկարվեցինք ոչ թե վաղ առավոտյան, այլ կեսօրին։ Պատերազմ էր, և մենք սպասում էինք հայրիկի վերադարձին։ Մենք հեռվից տեսանք նրա կառքը, երբ նա փոշու ամպի մեջ գլորվեց Տիսայի երկայնքով և ձեռքով ողջունեց մեզ։ Նա քաղաքացիական հագուստով էր, ինչը նշանակում էր, որ նրան նորից մերժել էին։ Մենք վազեցինք և գոռացինք. «Հայրի՜կ»։
ԷՐԺԻ — Կյանքը ֆանտաստիկ է, սիրելի՛ Գիզա։ Ինձ համար առեղծված է մնում, թե ինչ եղավ Վիկտորին ուղղված իմ նամակը: Նամակում ես չեղարկել եմ հինգշաբթի օրերի ընթրիքի հրավերն ու խնդրել եմ այլևս չզանգել ինձ։ Բայց ինչ-ինչ պատճառներով նամակը տեղ չհասավ: Երբ հինգշաբթի օրը մենակ վերադարձա կինոթատրոնից, քանի որ Պաուլան հանկարծակի միգրենով հիվանդացել էր, իմ դռան դիմացի աստիճանների վրա տեսա Վիկտորին։
Վիկտորը կանգնած է դռան առջև։
ԷՐԺԻ – Վիկտոր, այդ դո՞ւ ես։
ՎԻԿՏՈՐ – Այո՛։ Ինչ է, այսօր հինգշաբթի չէ՞։
ԷՐԺԻ – Քեզ նամակ էի, չէ՞, ուղարկել։
ՎԻԿՏՈՐ – Ի՞նչ նամակ։ Արդեն քսան րոպե է՝ այստեղ եմ։
ԷՐԺԻ – Արդեն միևնույն է։ Համեցե՛ք։
ՎԻԿՏՈՐ – Ո՛չ, միևնույնը չէ։ Էրժի՜։ Տեսքդ ուղղակի ցնցող է։ Անկեղծ եմ ասում, փողոցում տեսնեի, չէի ճանաչի։ Իսկ վարսե՞րդ։ Ի՜նչ գեղեցիկ սանրվածք է։
ԷՐԺԻ – Վարսերս շոյելու կարիք չկա։
ՎԻԿՏՈՐ – Էրժի, դու այն կանանցից ես, ում հակացուցված է ծերանալ։
ԷՐԺԻ – Ի՞նչ ես կանգնել։ Համեցե՛ք, բայց կներես, այսօր ընթրիքի համար ոչինչ չունեմ պատրաստած։
ՎԻԿՏՈՐ – Լավ բան չստացվեց։
ԷՐԺԻ – Բայց ես հիմա արագ երշիկով ձվածեղ կպատրաստեմ։
ՎԻԿՏՈՐ – Պետք չէ, սիրելիս։ Քեզ հետ պարզապես զրուցելն արդեն իսկ մեծ բավականություն է ինձ համար։
ԷՐԺԻ – Ա՜խ, դու ինձ համա՞ր ես եկել։
ՎԻԿՏՈՐ – Ինձ պարզապես հաճելի է։
ԷՐԺԻ — (հուզված է): Ես արդեն հեռացել եմ այդ տարիքից… (Արագ քայլերով գնում է և հուզմունքից դողացող ձայնով ասում:) Գիզա՛, թանկագի՞նս… Ի՞նչ ասեմ ես։ Ինքս ոչինչ չեմ հասկանում։ Մտանք բնակարան, նստեցինք, խոսեցինք, բայց ոչ՝ ուտելիքի մասին։ Նա իմ հին Վիկտորը չէր, այլ նա, ում պատկերացնում էր Պաուլան։ Ես մեծ դժվարությամբ կարողացա նրան համոզել, որ ուտի ձվածեղը… Ես չէի ուտում ու միայն արցունքներ էի կուլ տալիս, երբ պարզվեց, որ իմ սիրելի հիմար Վիկտորը ոչ մի հիվանդություն էլ չունի, եզի նման առողջ է, իսկ ձայնն էլ ընդհանրապես չի կորել։ Մեղավորը բոլոր նախանձ մարդիկ են, որոնք նրա մասին տարբեր լուրեր են տարածում: Նա կվերադառնա պրոֆեսիոնալ բեմ ու դեռ երգելու է Լա Սկալայում ու Մետրոպոլիտեն օպերայում։ Նա ուշ դուրս եկավ տնից՝ տասներկուսին մոտ, ու մութ սրահում երեք անգամ ջերմ հրաժեշտ տվեցինք միմյանց…
Վիկտորն ու Էրժին կանգնած են դռան մոտ։
ՎԻԿՏՈՐ – Ամեն դեպքում գնալուս ժամանակն է։
ԷՐԺԻ – Բարի գիշեր։
ՎԻԿՏՈՐ – Շնորհակալ եմ։
ԷՐԺԻ – Ի՞նչի համար։ Ձվածեղի՞։
ՎԻԿՏՈՐ – Ոչ, հաճելի զրույցի։
ԷՐԺԻ – Այդ ես պետք է շնորհակալություն հայտնեմ։
ՎԻԿՏՈՐ – Գլխարկս ո՞ւր դրեցի։
ԷՐԺԻ – Գլխիդ։
ՎԻԿՏՈՐ – Ի՞նչ ես փնտրում, Էրժի՛։
ԷՐԺԻ – Վարդակը։ Լույսը միացնեմ, որ մութ չլինի։
ՎԻԿՏՈՐ – Կարիք չկա, ես արդեն գնում եմ։
ԷՐԺԻ – Ի՜նչ հրաշալի է, 27 տարի ապրում եմ այս տանը և չեմ գտնում վարդակի տեղը։
ՎԻԿՏՈՐ – Առանց լույսի ավելի լավ է։
ԷՐԺԻ – Ձեռքս թող, Վիկտոր։
ՎԻԿՏՈՐ – Իսկ լո՞ւյսը…
ԷՐԺԻ – Ասացի՝ բա՛ց թող։
ՎԻԿՏՈՐ – Ո՛չ։
ԷՐԺԻ – Լավ, խոստանում եմ՝ լույսը չեմ վառի։
ՎԻԿՏՈՐ – Պատճառը դա չէ։
ԷՐԺԻ – Ու ի՞նչ։ Երկա՞ր ես երեխայություն անելու։
ՎԻԿՏՈՐ – Ընդամենը մեկ րոպե։ Ես, դու, լռությունը։ Միայն մեկ րոպե։
Այդ պահին ներս է մտնում Միխաինեն, վառում է լույսը։ Լույս Էրժիի և Վիկտորի վրա, անմեղ հայացքներ։ Միխաինեն զարմացած է։ Հեռանում են միմյանցից։
ԷՐԺԻ – Դո՞ւ… ո՞նց հայտնվեցիր։
ՄԻԽԱԻՆԵ – Ես… աշխատանքից եմ գալիս։ Կներեք։
ԷՐԺԻ – Դուք ծանոթ չէ՞ք։
ՎԻԿՏՈՐ – Ո՛չ։
ԷՐԺԻ – Ծանոթացիր, Միշկան է։ Քեզ նրա մասին պատմել եմ։ Միշկա, նա Վիկտոր Չերեմլենին է։
ՄԻԽԱԻՆԵ – Մաեստրո՞։
ՎԻԿՏՈՐ – Բարի գիշեր։ (Ձեռք է մեկնում Միխաինեին, համբուրում, ապա Էրժիին ու հեռանում:)
ԷՐԺԻ – Բարի գիշեր բոլորին։
ՄԻԽԱԻՆԵ – Բարի գիշեր, Էրժի՛։
Միխաինեն հեռանում է։
ԷՐԺԻ — (ժպտալով): Կծիծաղես, սիրելիս, երբ իմանաս՝ ինչ պատահեց։ Այդ խելագարն իսկապես մոռացավ իր գլխարկն այդ երեկո։ Երբ տուն հասավ, զանգահարեց։ Այդ օրվանից սովորություն է դարձել։ Երբեմն մեր հեռախոսային խոսակցությունները ձգվում են մինչև ուշ գիշեր, ինչ-որ անկշռելի ու գերող գեղեցիկ բան կա դրանց մեջ։ Շատ անգամ ինձ թվում է, թե լսում եմ ծերունի Վիկտորի ձայնը, կարծես մենք նորից արձակուրդում էինք, կերոսինի լամպը վառվում էր, և մենք նստած էինք մեր այգում, հենց այն ամառանոցում, որտեղ մեր հայրիկը շախմատ էր խաղում բժշկի հետ։ (Հավաքում է համարը:) Բարև: Վիկտոր, դո՞ւ ես։ Ո՛չ, ոչինչ չի պատահել, պարզապես ուզում էի լսել քո ձայնը: Ի՞նչ ես անում։ Իրո՞ք: (Ուրախ ժպտում է, երբ Վիկտորը նրան ասում է, որ հիշում է այն գիշերը, երբ առաջին անգամ համբուրեց նրան:) Այո, նավով զբոսանքը քո գաղափարն էր: Ի՞նչ եղավ հետո նավակի մեջ։ Ա՛հ, ծերու՛կ։ (Ծիծաղում է:) Դու չհամարձակվեցիր նույնիսկ դեմքիս նայել։ (Լուրջ:) Այո՛, այո՛: Հարցը միայն այն է, թե երբ: Այդ երեկո տեղի չունեցավ, ո՛չ նավակի մեջ և ո՛չ էլ Տիսայի վրա, այլ… (Հանդարտվելով, մի փոքր կոկետորեն բողոքելով:) Արի չխոսենք դրա մասին: Այո՛, հիշում եմ։ Ես քեզ հարցրի… Դու հունգարերեն չե՞ս հասկանում։ (Ուրախ ժպիտով:) Ուզո՞ւմ ես, որ ես անջատեմ: Ահա թե ինչու… (Այլ տոնով:) Ուրիշ ի՞նչ նորություն կա։ Ինչպիսի՜ անակնկալ: (Հետաքրքրությամբ:) Դե, խոսի՛ր, խոսի՛ր: (Ուրախ:) Իսկապե՞ս… Շնորհավորում եմ: Իհարկե, կգամ։ Ավելին, կցանկանայի մեկ ուրիշին էլ հրավիրել: Այո, ինձ ոչ թե մեկ, այլ երկու տոմս է պետք։ Ո՛չ, ո՛չ նա: Բայց չեմ ասի. ու մի փորձիր գուշակել… Ես էլ եմ ուզում անակնկալ մատուցել… Մի խոսքով, խնդրում եմ վաղը երեկոյան՝ ժամը հինգին, արի՛ սրճարան ու բե՛ր տոմսերը… Բարի գիշեր։ Բարի գիշեր։ (Ժպտում է:)
Սրճարան. ներս մտնելուն պես Էրժին կանգ է առնում զարմացած ՝ տեսնելով Վիկտորին ու Պաուլային նույն սեղանի մոտ։ Նրանք էլ են ծիծաղում, քանի որ սպասում էին Էրժիին։
ԷՐԺԻ – Դուք իրար հե՞տ… Ինչպե՞ս կբացատրեք սա։
ՎԻԿՏՈՐ – Ուղղակի պատահականություն։
ՊԱՈՒԼԱ – Անկեղծ, պատահականություն է։
ՎԻԿՏՈՐ – Կներես, որ 30 րոպե շուտ եկա։
ՊԱՈՒԼԱ – Հետաքրքիր է, ես՝ նույնպես։ Ես, որ միշտ ուշանում եմ։
ԷՐԺԻ – Եվ դուք միմյանց ճանաչեցի՞ք։
ՎԻԿՏՈՐ – Ո՛չ, ես ուղղակի մոտեցա և հարցրեցի, արդյո՞ք կարող եմ նստել։
ՊԱՈՒԼԱ – Ես էլ թույլ տվեցի, բայց զգուշացրի նաև, որ սպասում եմ ընկերուհուս։
ԷՐԺԻ – Դուք արդեն ծանոթացե՞լ եք։
ՎԻԿՏՈՐ – Բնավ։ Ես բերանս ջուր առած նստել էի։
ՊԱՈՒԼԱ – Իսկ ես լուռ էի, ինչպես ձուկը։
ԷՐԺԻ – Եվ փաստորեն լուռ ընկերությունը երկար չտևեց։
ՎԻԿՏՈՐ – Փաստորեն։ Երբ ես ու Պաուլան պատվիրեցինք նույն կոկտեյլից երկու հատ, ես միանգամից ասացի. «Տիկի՛ն, մենք կարծես թե սպասում ենք նույն մարդուն»։
ՊԱՈՒԼԱ – Ես էլ պատասխանցի, որ սպասում եմ տիկին Օրբանին։
ՎԻԿՏՈՐ – Եվ փաստորեն ես ճիշտ էի։
ԷՐԺԻ – Ի՜նչ հետաքրքիր է։ Եվ հետո սկսեցիք ներկայանալ միմյանց։
ՎԻԿՏՈՐ – Ո՛չ, չհասցրինք։ Հենց այդ պահին ներս մտար դու։
ՊԱՈՒԼԱ – Պաշտոնապես մենք դեռ ծանոթ չենք իրար։
ԷՐԺԻ – Այդ դեպքում ես կուղղեմ սխալս։ Պաուլա, նա իմ վաղեմի ընկեր Վիկտոր Չերեմլենին է։
ՎԻԿՏՈՐ – Հարգանքներիս հավաստիքը։
ԷՐԺԻ – Իսկ նա էլ իմ լավ ու վատ օրերի ընկերուհին է՝ Պաուլան։
Բոլորը երջանիկ են, ուրախ ծիծաղ։
ԳԻԶԱ — Այսօր շատ հակիրճ կլինեմ, քանի որ մի փոքր վատառողջ եմ: Մի՛ անհանգստացիր, պարզապես հոգնածություն է: Մեր ընտանեկան դամբարանի շինարարությունն ավարտվել է, և այսօր առավոտյան ես, Միշան ու հարսս գնացինք գերեզմանատուն։ Այստեղ մոդա են ընտանեկան գերեզմանատները, դրանք կառուցված են հարուստ ընտանիքների կողմից առանձին, սովորաբար շատ թանկ վայրում: Մեր գերեզմանն այնքան ընդարձակ է, որ Միշան կարողացավ ինձ իջեցնել ու ցույց տալ ամեն ինչ։ Հինգ դագաղի տեղ կա, բայց դագաղները կարելի է շատացնել, երբ հերթը հասնի մեր թոռներին ու ծոռներին։ Ես մահից չեմ վախենում, բայց ինչ-ինչ պատճառներով հանկարծ մրսածություն զգացի։ Միշան, ըստ երևույթին, նկատեց, որ դողում եմ, որովհետև հարցրեց: Ես պատասխանեցի. «Ես կմեռնեմ, եթե ոչ ոք չասի, որ սիրում է ինձ»։
ԷՐԺԻ — Մեր հաշտությունը կնքելու համար ես չեմ հրաժարվի ու սիրով կկրեմ քո առաջարկած ժանյակով զգեստը։ Այն սևը, որի մասին գրել ես ինձ։ Եթե, իհարկե, անթև չէ, և կարող եմ այն կրել հասարակության մեջ։ Ավիափոստով ուղարկի՛ր, որովհետև երկու շաբաթից՝ չորեքշաբթի օրը, ակումբում համերգ է լինելու, որտեղ Վիկտորն է երգելու, իսկ ես գնալու եմ Պաուլայի հետ։
ԳԻԶԱ — Ժանեկավորի փոխարեն քեզ ուղարկեցի փակ օձիքով սև մետաքսե զգեստ։ Չկարծես, որ զղջացի, պարզապես ակումբում դու չափազանց մեծ ուշադրություն կգրավեիր խորը դեկոլտեով ժանեկավոր զգեստով։ Փաթեթում կգտնես նաև երկու գարնանային կոստյում, երեք վերնաշապիկ, չորս շապիկ՝ բոլորը քո չափերով և համեստ երանգներով։
ԷՐԺԻ — Ծանրոցը ստացել եմ։ Ուղարկածներիցդ մի քանիսը տվեցի Միխաինեին։ Նա շատ երջանիկ էր: Համերգը տեղի կունենա վաղը։ Վիկտորը, իհարկե, անհանգստացած է, ես՝ նույնպես։ Բայց ամենից շատ կարծես թե Պաուլան է հուզված:
ԳԻԶԱ — Միշան ընտանիքով գնացել է արձակուրդ, իսկ ես մենակ եմ։ Ճաշից հետո ինձ տանում են մոտակա ամրոցը։ Այնտեղ բուժքույրս ինձ տանում է լճի ափը։ Դու սովոր ես անընդհատ վազվզելու, չես կարող պատկերացնել, թե ինչ հրաշալի է նման ժամին լինել ափին, ջրի մոտ, սպիտակ ու սև կարապների հետ։ Մի կարապ ինձ ճանաչում է, որովհետև նրան միշտ ուտելիք եմ բերում։ Մենք չենք շտապում և մնում ենք ժամերով։ Անսահման խաղաղության այս ժամերին ինձ միայն մի բան է անհանգստացնում՝ հենց այս պահին հիշեցի քեզ և այն զգեստները, որոնք քեզ ուղարկեցի։ Ինչո՞ւ ես դրանք տվել Միխաինեին։ Դրանց թվում նաև զգեստը, որը քեզ հատուկ ուղարկել եմ համերգի համար։ Ես դեռ անհանգստանում եմ քեզ համար: Զգույշ եղիր, Էրժի՛, թույլ մի՛ տուր, որ քեզ օգտագործեն։
Բեմի երեք անկյուններում միաժամանակ տեսնում ենք երեք կերպարների, որոնք պատրաստվում են համերգին։ Վիկտորն արդեն պատրաստ է: Նա փորձում է իր ձայնը: Պաուլան կարգի է բերում մազերը: Էրժին անհանգիստ է։ Յուրաքանչյուրն իր ձեռքին ունի հնաոճ հեռախոս:
ՄԻԽԱԻՆԵ — (մլավում է մի քանի անգամ դռան մոտ, Էրժին պատասխանում է): Ի՜նչ գեղեցիկ ես։ Սա նույնպե՞ս քույրդ է ուղարկել։
ԷՐԺԻ – Ո՛չ։ Իմ հին խունացած զգեստն է։ (Զանգում է Պաուլային:) Պաուլա՛, ես պատրաստ եմ, ամեն ինչ կարգին է։ Շա՞տ ես լարվում։
ՊԱՈՒԼԱ – Այն էլ ինչքան։
ԷՐԺԻ – Աա՜։ Այնպես եմ դողում, կարծես հենց նոր գողություն եմ արել։ Ես գնացի։ Միայն կասեմ, որ սա իմ կյանքի ամենահիշարժան օրերից մեկն է։
ՊԱՈՒԼԱ – Ինձ համար էլ։
ԷՐԺԻ – (հագնում է գլխարկը, նայում հայելու մեջ, մոտենում Միխաինեին։ Միխաինեն հավանության նշան է տալիս։ Էրժին համբուրում է Միխաինեին): Շնորհակալ եմ, սիրելիս։ Երբեք քո խորհուրդները չեմ մոռանա։
ՊԱՈՒԼԱ – (խոսում է Վիկտորի հետ): Ես եմ, Պաուլան։ Շա՞տ եք լարվում։
ՎԻԿՏՈՐ – Ես լարվում եմ, որովհետև ձեզ համար եմ ելույթ ունենալու։
ՊԱՈՒԼԱ – Ի՜նչ հաճելի է լսել նման խոսքեր։ Դուք գիտեք, որ երաժշտությունը ինձ համար վեր է ամենից։
ՎԻԿՏՈՐ – Հուսամ, կվայելեք այս երեկոն։
ՊԱՈՒԼԱ – Հուսամ։
ԷՐԺԻ – (զայրացած համար է հավաքում): Զբաղված է։ Ո՞նց կարելի է այս լարված պահին խոսել ինչ-որ մեկի հետ։
ՊԱՈՒԼԱ – (հեռախոսին է պատասխանում): Ալո՛։
ԷՐԺԻ – Հազար անգամ զանգեցի, սիրելի՛ս։ Չկաս ու չկաս։ Ավտոբուսով չենք հասնի, խնդրում եմ, տաքսի՛ պատվիրիր։
ՊԱՈՒԼԱ – Քո՞ հասցեով։
ԷՐԺԻ – Այո՛։ Ես կգամ քո ետևից ու միասին կգնանք Վիկտորի մոտ։ Արագացրո՛ւ։
ՊԱՈՒԼԱ – (զանգում է): Ալո՛։
ՎԻԿՏՈՐ – Ալո, ո՞վ է։
ԷՐԺԻ — Ուրիշ ո՞վ կարող է լինել։ Աստված իմ: Զանգում եմ, որ ասեմ, որ ուշանում ենք։ Պաուլան արդեն տաքսի է կանչում։ Քսան րոպեից քո դռան մոտ կլինենք։ Շնորհակալության կամ հրաժեշտի կարիք չկա: (Անջատում է հեռախոսը և անմիջապես սկսում է զանգել:) Ալո:
ՊԱՈՒԼԱ – Ազատ մեքենա չկա, խնդրում եմ, մի բան մտածիր։
ԷՐԺԻ — (ինքնավստահ): Հինգ րոպեից ներքևում լինես՝ մուտքի մոտ։ (Անջատում է հեռախոսը և անմիջապես հավաքում է այլ համար:) Էրժբեթ Օրբանն է, Գաբոր փողոց, թիվ քսան։ Շտապ ուղարկեք մեքենա, խնդրում եմ։ Մենք վթարի ենք ենթարկվել, օրիորդ։ (Կախում է հեռախոսը:) Վերջ:
Երեքն էլ ավարտում են զրույցները։ Միաժամանակ կանգնում ու անում են մի քանի քայլ, կանգնում են։ Տաքսու ազդանշան։
ՄԻԽԱԻՆԵ – Գնում ենք թատրոն։ Ի՜նչ հրաշալի է։
ԷՐԺԻՆ, ՊԱՈՒԼԱՆ և ՎԻԿՏՈՐԸ լարված կանգնած են հանդիսատեսի դիմաց։ Երաժշտության վերջին ակորդներով բարձր ծափեր են հնչում։ Թեթևակի ժպտում են։ Ծափերը մարում են։ Լուսարձակները լուսավորում են բեմը, երեք սառած մարդիկ սկսում են շարժվել: Նրանք արդեն վերադարձել են համերգից։ Մի փոքր հոգնած։
ԷՐԺԻ — (ժպտում է, հանում է զգեստը, նայում է, վրան՝ մի մեծ բիծ։ Դադարում է ժպտալը, փորձում է հեռացնել բիծը՝ ապարդյուն։ Զգեստը կախիչով տանում է։ Վերադառնում է դեռ գլխարկով։ Նայում է իրեն հայելու մեջ, ժպտում։ Հայացքը հառելով ժամացույցին, հավաքում է Վիկտորին համարը): Բարև։
ՎԻԿՏՈՐ – (երկու զանգ հետո պատասխանում է): Ալո։
ԷՐԺԻ – Դեռ չե՞ս քնել։
ՎԻԿՏՈՐ – Նոր եմ տուն մտնում։
ԷՐԺԻ – Այսքան ո՞ւշ։
ՎԻԿՏՈՐ – Ընկերուհուդ էի տուն ուղեկցում։
ԷՐԺԻ – Փաստորեն անիմաստ գումարներ ես վճարել տաքսուն։
ՎԻԿՏՈՐ – Կարևոր չէ։ Գիտե՞ս, այսօր շատ վատ երգեցի։
ԷՐԺԻ – Լկտի սուտ։ Դու փայլում էիր, ինչպես նախկինում՝ թագավորական թատրոնում։
ՎԻԿՏՈՐ – Ո՛չ, ձայնս արդեն այլ է, մեծացել եմ։
ԷՐԺԻ – Ձայնիդ երանգներն ավելի հարստացել են։ Տարօրինակ ջերմություն ու առանձնահատկություն էի զգում։ Ես ուղղակի հիացած եմ։
ՎԻԿՏՈՐ – Ծափերը կարճ տևեցին, նշանակում է՝ այդքան էլ չհավանեցին։ Տարիներ առաջ այնքան էին ծափահարում, որ ստիպված դահլիճի լույսերն անջատում էին, որպեսզի մարդիկ գնային։
ԷՐԺԻ – Պաուլան նույնպես հիացած էր։
ՎԻԿՏՈՐ – Ձեր կարծիքն է միայն ինձ համար կարևոր։ Շատ հավանեցի քո նուրբ դեկոլտեով զգեստը։
ԷՐԺԻ – Ես իրատես մարդ եմ ու հասկացա, որ նա քեզ դուր չի եկել։ Նա շատ բարի ու գեղեցիկ բնավորության տեր կին է։
ԷՐԺԻ – Խեղճը իրոք երաժշտությունից բան չէր հասկանում։
ՎԻԿՏՈՐ- Լավ է։ Ատում եմ կեղծավորությունն ու ամբարտավանությունը։
ԷՐԺԻ — Ի՞նչ կապ ունի Պաուլան դրա հետ։
ՎԻԿՏՈՐ- Չեմ ուզում քո իմացածից ավել բաներ պատմել։ Բայց նա այս միջավայրի բնորոշ արտադրանքն է:
ԷՐԺԻ — Ի՞նչ միջավայր:
ՎԻԿՏՈՐ — Ամուսինն աշխատել է Ռոխավելդիի երաժշտական ակադեմիայում, բայց հետո տեղափոխվել է Կանադա և զբաղվել երաժշտությամբ: Պատկերացնո՞ւմ ես, թե ինչպիսի մարդ էր նա։
ԷՐԺԻ – Բայց նա ատամնաբույժ է։ Շատ լավ եմ հիշում նրան։
ՎԻԿՏՈՐ — Որտեղի՞ց։
ԷՐԺԻ – Ապաստարանից։ Պաուլան իր հետ բերեց ամուսնուն:
ՎԻԿՏՈՐ — Ինձ նյարդայնացնում էին երաժշտության մասին նրա դատարկաբանությունները։
ԷՐԺԻ – Նա քեզ ի՞նչ է ասել:
ՎԻԿՏՈՐ — Չեմ հիշում։ Անհեթեթությունները փորձում եմ շուտ մոռանալ։
ԷՐԺԻ — Բայց ինձ հետաքրքրում է։
ՎԻԿՏՈՐ — Նա շատ սխալ ու հակասող բաներ ասաց Վագների մասին։
ԷՐԺԻ — (զարմանքով): Հետաքրքիր է։
ՎԻԿՏՈՐ — Ամենաանտանելին նրա այն պնդումն էր, որ երաժշտությունն անմարմին է։
ԷՐԺԻ – Իրո՞ք:
ՎԻԿՏՈՐ – Այո՛։
ԷՐԺԻ – Բայց դա այդպես չէ:
ՎԻԿՏՈՐ — Նրանց համար, ովքեր ոչինչ չեն հասկանում, այդպես է։ Թռչնի համար, որը չի կարող թռչել, օդը նույնպես անմարմին է: Բայց թռչող թռչնի համար օդը հենարան է:
ԷՐԺԻ — Իսկ ե՞րբ Պաուլան հասցրեց քեզ այս ամենը պատմել։
ՎԻԿՏՈՐ — Այս գիշեր։
ԷՐԺԻ – Ե՞րբ։
ՎԻԿՏՈՐ – Երբ ուղեկցում էի տուն:
ԷՐԺԻ — Ընդամենը մեկուկես րոպեո՞ւմ։
ՎԻԿՏՈՐ — Ստիպված էի տաքսիին սպասեցնել, որ նա խոսի։
ԷՐԺԻ — Իսկ դու ինչքա՞ն սպասեցիր։
ՎԻԿՏՈՐ — Վարորդը առնվազն հինգ անգամ ազդանշան հնչեցրեց։
ԷՐԺԻ — Ես նրան չեմ ճանաչել:
ՎԻԿՏՈՐ — Ճիշտ է։
ԷՐԺԻ — Միգուցե նա ուզում էր գայթակղել քեզ:
ՎԻԿՏՈՐ — Չի ստացվի։
ԷՐԺԻ — Դե, բարի գիշեր:
ՎԻԿՏՈՐ — Ինչո՞ւ այդքան հապճեպ։
ԷՐԺԻ — Աչքերս փակվում են։
ՎԻԿՏՈՐ — Բարի գիշեր, իմ միա՛կ սեր։
Էրժին անջատում է հեռախոսը և անմիջապես զանգում Պաուլային։ Տեսնում ենք Պաուլային նրբագեղ խալաթով։ Նա գնում է հեռախոսի մոտ:
ԷՐԺԻ — Դու արթուն ե՞ս։
ՊԱՈՒԼԱ – Չեմ կարողանում քնել։
ԷՐԺԻ — Վիկտորը…
ՊԱՈՒԼԱ — Շա՞տ կվիրավորվես, եթե անկեղծ լինեմ։
ԷՐԺԻ — Քեզ դո՞ւր եկավ:
ՊԱՈՒԼԱ — Որպես երգիչ՝ վատաբանել չեմ կարող։ Բայց որպես մարդ, նա պարզապես հրեշ է: Ասա՛ ինձ, որքա՞ն ժամանակ ես ճանաչում նրան:
ԷՐԺԻ – Փոքրուց։
ՊԱՈՒԼԱ – Որտե՞ղ եք հանդիպել:
ԷՐԺԻ — Ես երաժշտություն էի սովորում, իսկ նա պատրաստվում էր պոլիտեխնիկական ինստիտուտ ընդունվելու համար։
ՊԱՈՒԼԱ — Տարօրինակ է:
ԷՐԺԻ — Կոնկրետ ի՞նչը:
ՊՈՒԼԱ — Որ երգելը դարձավ նրա մասնագիտությունը, ոչ թե քո: Դու սիրո՞ւմ էիր նրան։ Ինչո՞ւ ամուսնացար ուրիշի հետ:
ԷՐԺԻ — Ինձ ավելի շատ դուր եկավ իմ Բելը։ Մայրս ասաց. «Ավելի լավ է իսկական դեղագործ, քան ինժեներ, ով ցանկանում է երգիչ դառնալ»:
ՊԱՈՒԼԱ — Դու կարծես հնազանդվող տեսակ չես:
ԷՐԺԻ — Բայց ես ընտրեցի Բելին։
ՊԱՈՒԼԱ — Ինչո՞ւ։
ԷՐԺԻ — Չեմ հիշում։ Վիկտորի մեջ ինչ-որ բան կար, որը վախեցնում էր ինձ։
ՊԱՈՒԼԱ — Զարմանալի չէ։ Հիշի՛ր՝ կոնկրետ ի՞նչ։
ԷՐԺԻ — Շատ երկար կլինի: Ո՞ւմ է պետք:
ՊԱՈՒԼԱ – Մի երկու բառ։
ԷՐԺԻ – Ինչի՞ մասին։
ՊԱՈՒԼԱ — Ի՞նչն էր քեզ վախեցնում նրա մեջ։
ԷՐԺԻ — Նա մի տեսակ վայրի էր… Նույնիսկ վայրի չէր, բայց անզուսպ, հեշտությամբ հունից դուրս եկող։ Նա չէր կարողանում կողքովս անտարբեր անցնել։ Մի անգամ նա գրկեց ինձ հենց կոնսերվատորիայի աստիճանների վրա։
ՊԱՈՒԼԱ — Որևէ մեկը տեսե՞լ է ձեզ:
ԷՐԺԻ — Բարեբախտաբար ո՛չ:
ՊԱՈՒԼԱ — Իսկ ի՞նչ էր ուզում։
ԷՐԺԻ — Ոչ մի առանձնահատուկ բան։ Նա քիթը թաղեց կրծքիս մեջ և մռնչաց։
ՊԱՈՒԼԱ – Սատանա։ Իսկ դու թողեցի՞ր։
ԷՐԺԻ — Ի՞նչ կարող էի անել:
ՊԱՈՒԼԱ — Բայց երբ ամուսնացար, սերը վերջացա՞վ:
ԷՐԺԻ – Ո՛չ։ Երեկոները գալիս էր մեզ մոտ։ Հանգուցյալ ամուսինս սիրում էր նրան, և Վիկտորը մեզ համար իր համերգների տոմսեր էր բերում։
ՊԱՈՒԼԱ — Ամուսինդ նույնպես երաժշտություն էր սիրո՞ւմ: Մի՞թե ամուսինդ ոչինչ չէր կասկածում։
ԷՐԺԻ — Ով գիտի։ Նա հարգում էր Վիկտորին, սիրում էր ինձ և ոչ մի խոսք՝ մեր հարաբերությունների մասին:
ՊԱՈՒԼԱ — Իսկ դո՞ւ։
ԷՐԺԻ — Ես սիրում էի ամուսնուս։
ՊԱՈՒԼԱ – Իսկ Վիկտո՞րը։
ԷՐԺԻ – Է՜…
Դադար:
ՊԱՈՒԼԱ — Նա ինձ հետ էլ փորձեց…
ԷՐԺԻ – Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ…
ՊԱՈՒԼԱ – Տաքսու մեջ։
ԷՐԺԻ — Խե՜ղճ աղջիկ։ Իսկ դու ի՞նչ արեցիր։
ՊԱՈՒԼԱՆ — Վախից դողացի և լեզուս կապ ընկավ։
ԷՐԺԻ — Դե, հերիք է։ Վերցրո՛ւ քնաբեր ու գնա քնելու:
ՊԱՈՒԼԱ — Չեմ կարող։ Ես դողում եմ, չեմ էլ կարողանում ատամնաշարս հանել։
ԷՐԺԻ – Դու էլ մի՛ հանիր։
ՊԱՈՒԼԱ — Ուրեմն չեմ քնի։
ԷՐԺԻ – Խմի՛ր ու քնի՛ր։
ՊԱՈՒԼԱ — Կփորձեմ։ (Գնում է:)
ԷՐԺԻ — (առաջ է նայում, կարծես Գիզային է դիմում): Սխալվում ես, Գիզա։ Հայրիկն արդեն գնացել էր, երբ լուսանկարիչը նկարեց մեզ… Խե՜ղճ հայրիկ: Որքան գեղեցիկ է նա ապրել իր կյանքը և որքան սարսափելիորեն մահացել … Նույնիսկ հիմա չեմ կարողանում հիշել…
ԳԻԶԱ — (հայտնվելով): Ես ստանում եմ քո նամակները: Վերջինը շատ տխուր էր ու ավելի լավ է՝ կարդամ նախորդները։ Ամեն մեկն ունի իր աստղը, բայց որտե՞ղ է քո աստղը: Ինչ-որ տեղ շեղվել ու կորել է: Բայց գուցե ես ուղղակի փիլիսոփայում եմ… Ինձ մի՛ լսիր։ Ես էլ պառավ եմ։ Այստեղ նույնիսկ զրուցակից չունեմ։ Ես մոռանում եմ հունգարերենը։ Ես կարոտում եմ քեզ ու իմ քաղաքը։
ԱՐԱՐ ԵՐԿՐՈՐԴ
Էրժին ու Իլոնան վիճում են։
ԻԼՈՆԱ — Դու համոզվա՞ծ ես, մայրի՛կ։
ԷՐԺԻ — Այո: Երդվե՞մ։
ԻԼՈՆԱ – Ասում ես, որ մորաքույր Գիզան է քեզ ուղարկել այս զգեստը:
ԷՐԺԻ — (ձեռքը բարձրացնելով): Աստված վկա։
ԻԼՈՆԱ — Պարզվում է՝ ես ստում եմ։
ԷՐԺԻ — Դու պարզապես մոլորության մեջ ես, աղջի՛կս:
ԻԼՈՆԱ — Դու խելագարվում ես, մայրի՛կ։ Դու, մայրիկ, այնքան լավ ես ամեն ինչ տակնուվրա անում, որ նորմալ մարդը հանկարծ սկսում է իրեն աննորմալ զգալ։
ԷՐԺԻ — Չգիտեմ, թե ինչ նկատի ունես: Ի՞նչ զգեստով էի համերգին, ինձնից լավ ոչ ոք չգիտի։
ԻԼՈՆԱ — Ահ, այո՛: Հետո լսիր, մայրի՛կ: Երեկ ավարտվեց միջուկային ֆիզիկայի միջազգային սիմպոզիումը, իսկ երեկոյան հրաժեշտի բանկետ էր ռեստորանում։ Մենք նստեցինք այսպես՝ կանադացի պրոֆեսորը կնոջ հետ, մեկ օքսֆորդցի և մեկ այլ անգլիացի, ովքեր աշխատում են Շվեդիայում, նույնպես կնոջ հետ։ Նրա կողքին ես եմ, իսկ կողքիս՝ մեր ասիստենտ Սաբոն առանց կնոջ, թեև նա նույնպես ֆիզիկոս է և սիմպոզիումի ժամանակ նույնպես ելույթ է ունեցել։ Օտարերկրացիները հարցրին, թե ինչու նա ընդունարանում չէ։ Իսկ ես, որպես պաշտոնական թարգմանիչ, ստիպված էի անգլերեն թարգմանել այս Սաբոյի հիմար բացատրությունները։ Ինչպես գիտես, մայրի՛կ, Սաբոներն ապրում են առանձին բնակարանում և ուտում են մի տնային տնտեսուհու տանը, որը համեղ է պատրաստում: Սաբոները կատու ունեն, բայց տնային տնտեսուհին այս կենդանու հետ մտերմացել է և նրան գիշեր-ցերեկ պահում է իր տանը։
ԷՐԺԻ — Անբարեխիղճնե՛ր։ Պատրաստ են կատու տալ ցանկացածին, բայց ոչ ինձ:
ԻԼՈՆԱ — Ավելին, այս տնտեսուհին, պարզվում է, օրերս ինքնագլուխ Սաբոյի կնոջ զգեստապահարանից հանել է երեկոյան զգեստը, կարմիր գինի լցրել և, ոչինչ չասելով, նորից կախել է զգեստապահարանում։ Արդյունքում մադամ Սաբոն չի կարողացել մասնակցել հրաժեշտի ընդունելությանը։ Ի՞նչ կանեիր իմ փոխարեն, մայրի՛կ, եթե սա թարգմանեիր։
ԷՐԺԻ — Ես կասեի. տիկնայք և պարոնայք, խնդրում եմ մի պահ ուշադրություն դարձնել: Հիմա ձեզ մի բան ցույց կտամ: (Դուրս է գալիս և հանդիսավոր կերպով բերում Գիզայից ստացված մուգ գիպյուրե զգեստը:) Խնդրեմ։ Թող տեսնեն աշխարհի բոլոր ֆիզիկոսները։ Մուգ գիպյուրե զգեստ՝ առանց որևէ բծի։ Ես հագնում եմ միայն այն ժամանակ, երբ գնում եմ համերգների։
ԻԼՈՆԱ — Իսկապե՞ս: Ինչ սիրուն է: Բայց թույլ տուր, մայրի՛կ, ես էլ քեզ ինչ-որ բան ցույց տամ։ (Գնում է և վերադառնում երեկոյան պայծառ զգեստով, որի վրա մի մեծ մուգ կետ է ցայտում:) Ահա՛։ Տե՛ս, դու ես վերցրել այս զգեստը: Սաբոն վկա։
ԷՐԺԻ — Եթե խոսքը վկայի մասին է, ես էլ ունեմ: (Մլավում է:) Ի դեպ, քսան տարի կարմիր գինի չեմ խմել և դու պետք է իմանայիր: Իմ ճնշումը բարձրանում է, երբ խմում եմ: (Միխաինեն մտնում է։ Սիրալիր:) Լավ է, որ տանն ես, Միխաինե: Իլոնային հետաքրքրում է, թե երեկ ինչ զգեստով եմ գնացել համերգի։ (Միխաինեն վախեցած նայում է զգեստներին՝ չհամարձակվելով պատասխանել:) Ինչի՞ց ես վախենում։ Ասա՛:
ՄԻԽԱԻՆԵ – (ցույց է տալիս մուգ շորը): Սա։ (Փախչում է:)
ԻԼՈՆԱ — (հեգնանքով): Այս աշխարհում բոլորը ստում են, բացի մորիցս: Այսպես, սա անցավ-գնաց, բայց զգուշացնում եմ, սա վերջին անգամը լինի։ Եթե ինձ նորից նման հիմար վիճակի մեջ գցես, ես կգրեմ մորաքույր Գիզային։ (Զգեստը գցում է հատակին և հեռանում:)
ԷՐԺԻ — Գրի՛ր, գրի՛ր, օ՛ձ։
ԳԻԶԱ — Օրերն անցնում են, իսկ մենք ձեզանից լուր չունենք: Ես շատ անհանգստացած եմ։ Երբեք այսքան անօգնական չեմ զգացել ինձ։ Աշխարհում ամեն ինչից ավելի ուզում եմ վեր կենալ ու գալ իմ հայրենիք՝ քեզ տեսնելու… Քո մասին հոգ տանելու, քեզ փրկելու համար։
ՄԻԽԱԻՆԵ — (դուրս է գալիս բեմ): Ներեցե՛ք, տիկի՛ն, որ անհանգստացրել եմ ձեզ, ես օտար եմ, բայց դուք էլ ինձ համար շատ կարևոր մարդ եք։ Ես Միխաինե Ալմաշին եմ: Դժբախտ կին, ով հոգնել է իր ամուսնուց։ Հիմա ես ապրում եմ քո քրոջ՝ Էրժիի բնակարանում։ Մեր սենյակների միջև պատը բարակ է ու ես ակամ լսում եմ նրա յուրաքանչյուր խոսակցություն։ Մենք հաճախ իրար կանչում ենք թակոցով, իսկ քնելուց առաջ Էրժին սովորաբար ինձ հարցնում է. «Չես լացում, չէ՞, կատվի՛կ»: Ամենից հաճախ ի պատասխան մլավում եմ՝ նմանակելով մեր հարևանների կատվին։ Նրանք ֆիզիկայի ասպիրանտներ են։ Ձեզ վրդովեցնելու նվազագույն ցանկությամբ, այնուամենայնիվ, պետք է ձեզ մի բան ասեմ. էլ ո՞ւմ դիմեմ, եթե ոչ ձեզ։ Էրժին ձեզ պաշտում է, ինչպես ես՝ նրան։ Նա ինձ օգնում է ամեն ինչում, ես դա երբեք չեմ մոռանա։ Արդեն մեկուկես տարի մենք ապրում ենք կատարյալ ներդաշնակության մեջ և գիտենք միմյանց բոլոր սովորությունները… Մի քանի օր առաջ լսեցի՝ սենյակով վեր ու վար էր քայլում: Երբեմն կանգ է առնում, կարծես մտածում է ու հետո նորից շարունակում է քայլել։ Հինգշաբթի օրերին մենք սովորաբար միասին գնում ենք գնումներ կատարելու. այդ օրը նրա մոտ ընթրելու է գալիս նրա վաղեմի ծանոթը՝ հայտնի երգիչը։ Մի անգամ տեսա նրան՝ շատ հարգալից պարոն է։ Սովորաբար նա նկատում է վաճառողների սխալները, և նրանք ատում են Էրժիին դրա համար, հատկապես մսավաճառները: Ես անհանգստանում եմ նրա համար։
ԷՐԺԻ — Խնդրում եմ, հեռագի՛ր ընդունեք. «Հիվանդությանս պատճառով ընթրիքը հետաձգվում է, հայցում եմ Ձեր ներողամտությունը»։
ՄԻԽԱԻՆԵ — Բայց Էրժին առողջ է, ուրեմն պատճառն այլ է։ Կներեք, տիկին, ես հոգնեցի, հաջորդ անգամ կավարտեմ նամակը։ (Մնում է բեմում:)
ԷՐԺԻ — (հեռախոսով): Այո՛, Էրժբետ Օրբան։ Կես ժամ առաջ հեռագիր ուղարկեցի Բուդապեշտ, Բալզակի փողոց, թիվ 20 հասցեով Վիկտոր Չերեմլենիին։ Այո՛, խնդրում եմ չեղարկել պատվերը: Ինչպե՞ս: Ինչո՞ւ։ Բայց միտքս փոխել եմ։ Ինչու չե՞ք կարող չեղարկել հեռագիրը: Ո՞ւմ զանգահարեմ: Շնորհակալություն: (Հավաքում է համարը:) Էրժբետ Օրբանն է խոսում։ Կես ժամ առաջ հեռախոսով հեռագիր ուղարկեցի Բուդապեշտ, Բալզակի փողոց, թիվ 20, Վիկտոր Չերեմլենիի հասցեով։ Ես ուզում եմ չեղարկել պատվերը: Ինձ խորհուրդ տվեցին կապվել ձեզ հետ։ Ի՞նչ գործ ունեք: Կբողոքեմ։ Լա՜վ: (Նորից համար է հավաքում:) Էրժբետ Օրբանն է, հինգերորդ համարն է, որին ես զանգահարում եմ: Ես պետք է չեղարկեմ այն հեռագիրը, որը կես ժամ առաջ ուղարկեցի։ Շատ կարևոր է։ Ողբերգություն կարող է տեղի ունենալ, եթե այն հասնի։ Ես ձեզ դիմում եմ, ինչպես մարդը մարդուն։ Իհարկե, հիշում եմ. «Հիվանդության պատճառով ընթրիքը հետաձգվում է»։ Ես լուրջ եմ խոսում։ Ընկե՛ր, մենք խոսում ենք մարդկային կյանքի մասին։ Շատ շնորհակալություն. փոստը հիանալի հաստատություն է։ Ես միշտ եմ ասել: Ձեզ շնորհակալություն։
ՄԻԽԱԻՆԵ — Չեմ ուզում վշտացնել ձեզ, տիկին, բայց վախենում եմ, որ ձեր սիրելի Էրժբետը խելագարության եզրին է։ Ուրախ կլինեի սխալվել: Երեկ, օրինակ, նա ետ կանչեց նամակն ու սկսեց պատրաստվել ընդունելությանը։ Ես, ինչպես միշտ, օգնեցի նրան: Յոթն անց կես գնաց փոխվելու։ Ուղիղ ութին ես քամեցի արգանակը։ Երգիչը սիրում է հավի լյարդի արգանակ։
Հեռախոսը զանգում է։
ԷՐԺԻ — (հեռախոսով): Վիկտոր, դու՞ ես։ (Հուզված:) Արդեն ութն է, իսկ դու դեռ տանն ես: Ամեն ինչ պատրաստ է։ Ի՞նչ համերգ… Ուրեմն, քեզ համար այնտեղ ավելի կարևոր է: Շնորհակալություն, հաջողություն։
ՄԻԽԱԻՆԵ — Եվ այդ պահին։ Այրվող աչքերով Էլիզաբեթը, մահվան պես գունատ, ներխուժեց խոհանոց և առանց որևէ բառ ասելու, զայրույթից դողալով, բռնեց ճենապակյա ամանն ու հարվածեց լոգարանի դռանը: Հենց այդ ժամանակ նա նկատեց ինձ…
ԷՐԺԻ – Ի՞նչ ես ինձ նայում:
ՄԻԽԱԻՆԵ — Հարգելի մորաքույր Գիզա, փրկի՛ր քո քրոջը, որին ես պարտական եմ: (Անհետանում է բեմից:)
ԷՐԺԻ — (խաղաղ, ուրախ տոնով): Գիզա՛, ուղղակի ֆանտաստիկ է։ Դու՝ քսան արի, անկողնուն գամված, հեռվից ավելի լավ ես տեսնում մարդուն, քան ես՝ ամեն օր հանդիպելով նրան։ Օ՜, ի՜նչ ճիշտ էիր դու: Համերգը բացեց աչքերս։ Սուտ, ցածրարժեք և բացահայտ սուտ: Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչպես եմ պարզել: Համերգից հետո նա սկսեց հիմարացնել Վիկտորին, որ ամուսինը երաժիշտ է և ապրում է Կանադայում։ Սկզբում ես էլ էի հավատում։ Բայց հետո ամեն ինչ հիշեցի՝ ռուսները, ապաստարանը։ Բժիշկ Կլաուսը նստում է ատամնաբույժի աթոռին և կարծես ենթադրում է, որ ռուսները հենց իր համար են կռվում գերմանացիների դեմ և նրանց վերջնական նպատակը այս աթոռը խլելն ու որպես ավար հանձնելն է Կրեմլին: Բայց սա դեռ ամենը չէ: Պաուլան ինձ վստահեցրեց, որ ոչ թե նա է սկսել սիրախաղ Վիկտորի հետ, այլ Վիկտորը՝ նրա հետ։ Ես ցույց կտամ նրան: Հանգի՛ստ եղիր, քույրի՛կ, ես նրան ցույց կտամ իր տեղը: Ո՛չ, ես կշարունակեմ, կարծես ոչինչ չի եղել, հինգից յոթը, ինչպես միշտ, կհանդիպեմ նրա հետ սրճարանում, կշարունակեմ զգեստների ու երաժշտության մասին զրույցները։ Մնում էր, որ նա կարծեր, թե խանդում եմ իրեն։
Սրճարան։ Էրժին նստած է սեղանի մոտ։
ԷՐԺԻ – Սև սուրճ սերուցքով։
ՄԱՏՈՒՑՈՂ — Առաջարկում եմ թեյ։ Սուրճը մի կում եք անում և վերջացնում։ Իսկ թեյը վայելում եք։ Ինչպես տեսնում եմ, անհանգիստ եք։
ԷՐԺի – Հազվադեպ է լինում, որ ընկերուհիս ուշանում է։
Գնում է բազմոցի մոտ ու շարունակում զրույցը Գիզայի հետ։
ԷՐԺԻ — Ես շտապեցի տուն՝ Պաուլայի մոտ։ Ինչպես միշտ, դուռը բացեց ամուսինը։ «Պաուլայի՞ն ես ուզում»,- անբարյացակամ հարցրեց նա։ Ես ստեցի, որ ատամի ցավ ունեմ։ Ի պատասխան՝ բժիշկն անմիջապես բարիացավ։ Մի րոպե անց նստած էի հին երաժշտագետ Կլաուսի ատամնաբույժի աթոռին, և միայն բարակ վարագույրով դուռն էր ինձ բաժանում Պաուլայի սենյակից։ Այնտեղից հնչեց Վիկտորի կատարյալ ձայնը։ Բայց հետո բժիշկն սկսեց փորել ատամս ու ես դադարեցի խոսել։ Դու ինձ ճանաչում ես, Գիզա՛։ Ես կարող եմ երկար դիմանալ, բայց հետո միանգամից պայթում եմ։ Դու ինձ կմեղադրես, բայց ես չկարողացա։ Ես հրեցի ատամնաբույժին, շտապեցի դեպի դուռը, ետ քաշեցի վարագույրը և ի՞նչ եմ տեսնում… Նրանք միասին էին։ Վիկտորի աչքերը ուռած են և նա տենչալով նայում է, թե ինչպես է Պաուլան, ո՜վ իմ Աստված, ձեռքը մեկնում իրեն՝ մատուցելով մի բաժակ հավի արգանակ:
Ես չեմ զարմանում պառավ կնամոլի ու պաշտոնաթող մաեստրոյի վրա… Բայց նա, ում ես կուռք էի դարձնում, այդ կեղծավորը, ով կաթիլ առ կաթիլ խմեց իմ գաղտնիքները… նա զայրացրեց ինձ։ Ու ես կորցրի գլուխս։
Դու ինձ ճանաչում ես, Գիզա՛, ես բարկանում եմ, բայց և արագ՝ հանդարտվում։ Արդեն հաջորդ րոպեին ինձ բավականին պարկեշտ պահեցի, դու ինձնից շատ գոհ կլինեիր: Բացի այդ, ես դիրքային առավելություն ունեի, քանի որ Վիկտորը չէր կարողանում բարձրանալ սեղանից։ Նա ճաշի ժամանակ սեղանի տակ կոշիկները հանելու տհաճ սովորություն ունի։ Ըստ երևույթին, նա անմիջապես չի կարողացել գտնել դրանք և նրա համար անհարմար էր գուլպաներով սեղանից հեռանալը։ Նա դեռ շարունակում էր փնտրել սեղանի տակ, իսկ ես խոնարհաբար, միանգամայն քաղաքավարի և հանգիստ ասացի. «Այլևս չմոտենաս ինձ»: Նա ինձ ասաց, որ չի կարող ապրել առանց ինձ։ Իհարկե, հաճելի էր լսել, բայց, բարեբախտաբար, չհանձնվեցի։ Ես հանգիստ եմ։ Առանց նրան նայելու, ատամնաբույժից ներողություն խնդրեցի անհանգստացնելու համար և գլուխս բարձր հեռացա։
ԷՐԺԻՆ գնում է հայելու մոտ, զննում է իրեն, հետո հանում կոշիկները, թեթևակի մերսում է ուռած ոտքերը և հագնում հողաթափեր։
Հայտնվում է Գիզան։
ԳԻԶԱ — Երբեմն ինձ թվում է, որ քո նյարդերը լրիվ են քայքայվել:
ԷՐԺԻ – Ինչի՞ց իմացար։
ԳԻԶԱ — Քո նամակներից.
ԷՐԺԻ – Ի՜նչ անեմ, այդպիսինն եմ։ Ես քո ողջախոհությունը չունեմ:
ԳԻԶԱ — Լրջանալու ժամանակն է։ Դու արդեն քսան տարեկան չես, Էրժի։
ԷՐԺԻ — Ի՞նչ ես ակնարկում:
ԳԻԶԱ – Աստվա՛ծ իմ։ Անկեղծ պատասխանիր, դու հիմա սիրահարվա՞ծ ես Վիկտորին։
ԷՐԺԻ – Գիզա՛…
ԳԻԶԱ – Ի՞նչ։ Պատասխանի՛ր՝ այո՞, թե՞ ոչ:
ԷՐԺԻ – Ո՛չ։
ԳԻԶԱ — Ցավոք սրտի, դժվար է հավատալ:
ԷՐԺԻ — Ես ատում եմ նրան։
ԳԻԶԱ – Արի չվիճենք։ Ավելի լավ է, ուրիշ բան ասա. դու հիասթափված ես ընկերուհուցդ, ուզում ես մոռանալ և՛ նրան, և՛ այդ… մարդուն։ Ինչո՞ւ չես անում, ինչ այսքան ժամանակ խնդրում էի:
ԷՐԺԻ — Չեմ կարող հեռանալ այստեղից։
ԳԻԶԱ — Մենք կարող էինք միասին ապրել։
ԷՐԺԻ — Ես հասկանում եմ քեզ:
ԳԻԶԱ — Դու ամեն ինչ կունենաս:
ԷՐԺԻ — Միգուցե։
ԳԻԶԱ — Ո՞վ ես դու հիմա:
ԷՐԺԻ – Ուզում ես, որ ծառա՞դ լինեմ։
ԳԻԶԱ – Էրժի՛, քրոջդ հետ ես խոսում։
ԷՐԺԻ — Կներես:
ԳԻԶԱ — Ես եմ մեղավոր։
ԷՐԺԻ – Ինչպե՞ս ես քեզ զգում։
ԳԻԶԱ — Ես լավ կլինեմ, եթե դու գաս ինձ մոտ:
ԷՐԺԻ — Դու մտածում ես, որ իմ կարիքն ունես, որ քեզ իմ ներկայությամբ կփրկեմ։
ԳԻԶԱ — Միշտ էլ չենք հասկացել միմյանց։
ԷՐԺԻ — Է՜, Գիզա՛։
ԳԻԶԱ — Իսկ հիմա ի՞նչ ես պատրաստվում անել։
ԷՐԺԻ — Ես ուզում եմ այստեղ ապրել, Գիզա՛։
ԳԻԶԱ — Ես քեզ չեմ հասկանում։
ԷՐԺԻ — Ես նույնպես:
ԳԻԶԱ — Ի՞նչ անենք։
ԷՐԺԻ — Չգիտեմ:
ԳԻԶԱ – Առո՛ղջ եղիր Էրժի։ Աստված քեզ հետ:
ԷՐԺԻ — Աստված ինձ հետ։ (Դադար, հետո անսպասելիորեն:) Այո, վաղուց սիրահարված եմ Վիկտորին։ Այդ լուսանկարում ես սպասում էի նրան, բոլորս անհամբեր սպասում էինք նրա հետ հանդիպմանը։ Այդ այցելության ժամանակ ինձ նվիրեցի նրան։ Դա իմ առաջին աղջկական սերն էր: Երբ Բելը հիվանդացավ, ես ինձ խոստացա, որ Վիկտորն այլևս ինձ ձեռք չի տա։ Եվ այդ ժամանակվանից նա ինձ մոտ միայն հինգշաբթի օրերին էր գալիս ճաշի։ Նա փնթի էր ուտում, բայց ես գոհ էի։ Նա ինձ դուր էր գալիս, նույնիսկ նրա մեծ փորը: Հասկանում եմ, որ հիմարություններ եմ գրում, բայց հիմարաբար սիրեցի։ Ես նույնիսկ սիրում էի նրա անունը կազմող տառերը՝ Վիկտոր։ Ամենավատն այն է, որ այդ զգացումը թաքցնում էի նույնիսկ ինձնից։ Թաքցնում եմ իմ մեջ մինչ օրս։
ԳԻԶԱ — Թվում է, որ քույրերը չպետք է գաղտնիքներ ունենան միմյանցից։ Եվ պարզվում է, որ նրանցից մեկը գաղտնիք ունի նույնիսկ ինքն իրենից։ Բայց մի՛ բաց հին վերքերը։ Լավ ասացիր։ Այժմ դու ավելի լավ կլինես, կհանգստանաս ու կդադարես տառապել։
ԷՐԺԻ — Դու ճիշտ ես, Գիզա՛։ Վաղը ես կմոռանամ նրան։ Լավ, արի քնենք, սիրելի՛ս։ Բարի գիշեր։ (Շտապելով դեպի հեռախոսը:) Մորաքույր Ադի՞։ Ես ուզում եմ զրուցել Վիկտորի հետ։ Ինչպե՞ս թե՝ չէ: Այս պահին նա… Լավ, լավ, ես ավելի ուշ կզանգեմ… (Կախում է:) Ծերուկը չի ուզում, որ խոսեմ նրա հետ: Բայց ես կհասնեմ իմ նպատակին: (Նորից զանգում է, խոսում է բարակ ձայնով:) Ողջույն, Պաննին է մանկական երգչախմբից: Խնդրում եմ, քեռի Վիկտոր, ես կոկորդացավ ունեմ, օգնեք… Տանը չէ՞… (Հեռախոսը կախում է:) «Տանը չէ»: Սպասե՛նք գալուն։ (Գոռում է պատի ետևում:) Մուկիկ, արի այստեղ։ (Դադար:) Գուցե մայրը ճանաչե՞լ է իմ ձայնը:
Միխաինեն մտնում է, մլավում։
Սպասի՛ր։ (Հեռախոսը տալիս է նրան:) Մի՛ վախեցիր: Պարզապես հարցրու պարոն Վիկտոր Չերեմլենիին, և ես կխոսեմ նրա հետ:
ՄԻԽԱԻՆԵ — Վախենում եմ։ Բարև ձեզ։ Փոխանցեք, խնդրում եմ, պարոն Վիկտոր Չերեմլենիին։ Այո… Լավ… Իհարկե… կփոխանցեմ։ (Կախում է:)
ԷՐԺԻ — Ի՞նչ է պատահել։
ՄԻԽԱԻՆԵ — Նա տանը չէ և մայրը խնդրում է տիկին Օրբանին ասել, որ տարօրինակ ձայները նրան չեն զարմացնում։ Նա ճանաչում է քեզ:
ԷՐԺԻ — (անօգնական, բազկաթոռին նստած, իսկ Միխաինեն գնում է սենյակից): Վիկտորն իր հիպերտոնիայով նման եղանակին երբեք տանից դուրս չէր գա։ Չկա ավելի ատելի բան, քան սուտը: Դա զայրացնում է ինձ: Եվ այսպես, Գիզա, ես հագնվեցի և գնացի Բալզակ փողոց, որտեղ նա ապրում է առաջին հարկում։ Նա պառկեց բազմոցին։ Ես նրան վաղուց մերկ չէի տեսել։ Նա ավելի էր լցվել։ Կարծես ցավում էր, ես հազիվ էի զսպում արցունքներս։ Կանգնած սպասում էի, որ նա վեր կենա և գա դեպի պատուհանը, որպեսզի ձեռքս թափահարեմ: Նա չշարժվեց։ Շուրջս նայելով՝ մոտակայքում տեսա հեռախոսի խցիկ։ Ներս մտա, հավաքեցի համարը և նայում եմ նրա սենյակի պատուհանից ներս։ Տեսնում եմ՝ մայրը պատասխանում է, արագ անջատում եմ։ Տեսնո՞ւմ ես, Գիզա, որքան համառ եմ։ Վերջապես մայրն ինչ-որ տեղ գնաց, իմ կարծիքով՝ զուգարան։ Արագ հավաքում եմ համարը, բայց պառավը դուրս թռավ նույնիսկ զուգարանից, որպեսզի պատասխանի: Նորից անջատում եմ հեռախոսը: Կես ժամ դրսում եմ անցկացրել։ Բայց սենյակում լույսերը մարեցին։ Ես դեռ կանգնած եմ, սպասում եմ: Դռնապանը շրխկոցով փակեց մուտքի դուռը։ Ես գնացի տուն վերջին ավտոբուսով։
Էրժին, դադարից հետո, վեր է կենում, գնում հայելու մոտ։ Սանրում է մազերը, ներկում շուրթերը, թարթիչները։ Նա վրդովված շպրտում է մի կոշիկ, որը չի հարմարվում ոտքին, և այդպես գնում է ՝ հողաթափով ու կոշիկով (մի ոտքին)։ Մորաքույր Ադին գնում է նրան ընդառաջ։
ԱԴԻ — Ի՞նչ, չհոգնեցիր: Ի՞նչ է պատահել։
ԷՐԺԻ — Ես պետք է խոսեմ Վիկտորի հետ:
ԱԴԻ — Ինչքան գիտեմ, ձեր երկուսի միջև ամեն ինչ ավարտված է:
ԷՐԺԻ – Հենց դրա համար էլ պիտի խոսենք։
ԱԴԻ — Ես ստիպված էի շտապ օգնություն կանչել, երբ նա տուն եկավ քեզ հետ հանդիպումից հետո: Նա սրսկվեց և հազիվ հանգստացավ, իսկ դու նորից ուզում ես խոսել նրա հետ։
ԷՐԺԻ – Խոստանում եմ՝ չեմ նյարդայնացնի, մորաքույր Ադի։
ԱԴԻ — Չէ, չէ, խնդրում եմ, աղջի՛կս, գնա՛ տուն: Դու իմ որդու համար ամբողջ կյանքում փորձանք ես եղել։ Նա երեխայի նման չկարողացավ դիմադրել քո ոտնձգություններին։
ԷՐԺԻ — Դու սխալվում ես, ես երբեք բռնություն չեմ գործադրել։
ԱԴԻ — Դու ամեն հինգշաբթի նրան լավ կերակրում էիր, իսկ նա պետք է նիհարեր: Քո գիշերային հեռախոսազանգերը, երբ բոլոր նորմալ մարդիկ քնած են։ Ոչ, փոքրի՛կս, այս անգամ նա չի փոխի իր միտքը:
ԷՐԺԻ — Ի՞նչ միտք:
ԱԴԻ — Ի՞նչ ես իրականում ցանկանում Վիկտորից:
ԷՐԺԻ — Ես սիրում եմ նրան:
ԱԴԻ – Խենթ է այս աղջիկը։ Քանի՞ տարեկան ես, երեխա:
ԷՐԺԻ – Յոթանասուն։
ԱԴԻ — Կարծում ես՝ չգիտե՞մ, երբ ես ծնվել: Տնից դուրս գալիս ի՞նչ ես հագել:
ԷՐԺԻ – Հողաթափեր։
ԱԴԻ — Դու նույնիսկ կոշիկ հագնել չես կարողանում, հիմա եկել ես որդուս հիմարացնելո՞ւ։ Այսպես ես վարվել քո ամբողջ կյանքում։
ԷՐԺԻ – Թույլ տուր խոսել, ընդամենը տասը րոպե, մորաքույր Ադի։
ԱԴԻ — Եթե դու իսկապես սիրում ես նրան, հեռացի՛ր:
ԷՐԺԻ – Գոնե հինգ րոպե… ընդամենը հինգ…
ԱԴԻ — Ոնց որ չգիտես, որ ամեն ինչ արդեն որոշված է։
ԷՐԺԻ – Ի՞նչն է որոշված։
ԱԴԻ — Քեզ չե՞ն ասել։
ԷՐԺԻ – Ով կամ ինչ պիտի ասեր:
ԱԴԻ – Երիտասարդները։
ԷՐԺԻ – Ինչի՞ մասին։
ԱԴԻ — Որ որոշել են ամուսնանալ։
ԷՐԺԻ — (ցնցված): Այո, ասել են…
ԱԴԻ — Ես գոհ եմ, որ ամեն ինչ այսպես ստացվեց։ Պաուլան լրիվ քո հակառակն է: Հանգստության մարմնացում։
ԷՐԺԻ — Առավել ևս իրավունք ունեմ վերջին խոսքն ասել Վիկտորին։
ԱԴԻ — Բայց նա գնաց:
ԷՐԺԻ — Ես լսում եմ նրա շնչառությունը։
ԱԴԻ — Դու լավ չես լսում, փոքրի՛կս:
ԷՐԺԻ — Կարո՞ղ եմ նայել:
ԱԴԻ — Նրանք գնացին խանութ՝ էլեկտրական տաքացուցիչ գնելու։
ԷՐԺԻ — Կարո՞ղ եմ մտնել սենյակ:
ԱԴԻ – Ինչո՞ւ: Դու չե՞ս հավատում ինձ։
ԷՐԺԻ – Միևնույն է, թույլ տուր։
ԱԴԻ — (վստահ ցույց է տալիս սենյակը): Խնդրեմ, սիրելի՛ս։
ԷՐԺԻ — (նայում է, չի շարժվում): Ես քեզ հավատում եմ։ Հաջողություն։ (Հոգնած գնում է դեպի ելքը:)
ԱԴԻ — Դու լավ չե՞ս զգում:
ԷՐԺԻ – Լավ եմ։
ԱԴԻ — Այնուամենայնիվ, քեզ սրտանց մի բան կտամ:
ԷՐԺԻ — Մի՛…
ԱԴԻ — Տեսնում եմ, որ դու վիրավորված ես: Բայց տանը ես ունեմ առաջին օգնության մի ամբողջ փաթեթ:
ԷՐԺԻ — Շատ լավ, բայց ինձ դրանք չեն օգնի։ Սիրտս չի ցավում։ Հոգիս է մրմռում: (Դուրս է գալիս։ Ինքն իրեն, Գիզայի համար:) Այսքանը, սիրելի՛ս։ Երկուսն էլ գրոշի արժեք չունեն։ Չկարծես, որ ես ինձ կվնասեմ նրանց պատճառով: Ծիծաղելի է, սիրելի՛ս։
Իլոնան գնում է մորը դիմավորելու, խալաթը վրան գցելով՝ քնկոտ, նոր է արթնացել։
ԷՐԺԻ — Դուք արդեն քնե՞լ եք։ Այդքան շո՞ւտ։
ԻԼՈՆԱ — Ի դեպ, ես շուտ եմ արթնանում, ոչ թե որոշ մարդկանց նման, քանի որ շուտ եմ քնում։
ԷՐԺԻ — Չեմ ուզում խանգարել քեզ։ Իրականում, պարզապես քայլում էի մոտերքում, թույլ տուր ներս մտնեմ, քնաբեր կխնդրեմ, եթե դժվար չէ:
ԻԼՈՆԱ — (ապշած): Քնաբե՞ր։ Քեզ համա՞ր։
ԷՐԺԻ — Չեմ կարողանում քնել։ Տո՛ւր, եթե ունես, ես իսկույն կգնամ։
ԻԼՈՆԱ — Իոժին դեռ չի եկել և բոլոր դեղերը կողպեքի տակ են նրա տուփի մեջ։
ԷՐԺԻ — Կսպասեմ:
ԻԼՈՆԱ – Մի՛ սպասիր։ Նրան շտապ վիրահատության են կանչել։ Հիվանդանոցից զանգահարեց քույրն ու ասաց, որ վիրահատությունը ձգձգվում է։
ԷՐԺԻ — Մնաս բարով։ (Տարօրինակ կերպով շրջվում է, մի քանի քայլ անում:)
ԻԼՈՆԱ — (նայում է նրան, ինչ-որ բան տարօրինակ է թվում, կանչում է): Մայրի՛կ, սպասի՛ր: Խնդրում եմ, վերադարձի՛ր, մայրի՛կ:
ԷՐԺԻ — (վերադառնում է): Ի՞նչ ես ուզում:
ԻԼՈՆԱ — (նայելով մորը): Ի՞նչ է պատահել։
ԷՐԺԻ — Ոչինչ։
ԻԼՈՆԱ – Աչքերդ ուռել են, մայրի՛կ։
ԷՐԺԻ — Հանգիստ թող: Հետո էլ ասում ես, որ չպետք է հետևեմ ինձ։
ԻԼՈՆԱ — Որովհետև քեզ չի սազում։
ԷՐԺԻ – Դու ինքդ փորձիր գոնե մեկ անգամ։
ԻԼՈՆԱ — Ես նույնիսկ վարսավիրանոց չեմ գնում, իսկ դու, մայրիկ, ծիծաղի առարկա ես քեզ դարձնում:
ԷՐԺԻ — Մտածում ես, որ եթե յոթանասունն անց եմ, ուրեմն պետք է հրեշի տե՞սք ունենամ։
ԻԼՈՆԱ — Ոչ թե յոթանասուն, այլ շուտով յոթանասունմեկ:
ԷՐԺԻ — Այս խոսքերիդ համար մի օր կփոշմանես, բայց արդեն ուշ կլինի։
ԻԼՈՆԱ — Ես ոչ մի բանի համար չեմ փոշմանի։ Ես ուզում եմ քեզ ետ պահել ծաղրից:
ԷՐԺԻ — Չգիտեմ, թե մեզնից ով է ավելի զվարճալի:
ԻԼՈՆԱ — Իսկ մեզնից ո՞վ է սիրահարված այն արտիստին՝ դո՞ւ, թե՞ ես:
ԷՐԺԻ – Իհարկե, ոչ դու: Դու չափազանց սառն ես որևէ մեկին սիրելու համար։
ԻԼՈՆԱ — Ես խնդրում եմ քեզ, մայրի՛կ, թող նրան: Նա փչացրեց քո երիտասարդությունը, հիմա էլ փչացնում է քո ծերությունը։
ԷՐԺԻ — Բացի լավից նրանից ոչինչ չեմ տեսել։
ԻԼՈՆԱ — Բոլորը գիտեն, որ նա ստախոս է, բոլորը, բացի քեզնից:
ԷՐԺԻ — Եթե նա ստել է, ապա բարի նպատակներով, որպեսզի ցավ չպատճառի, նա ինքն է հիվանդ, իսկ սիրտը վիրահատված է։
ԻԼՈՆԱ — Քսանամյա կնոջ համար այդպես խոսելը միամտություն է, իսկ տարեց կնոջից նման բան լսելն ուղղակի տհաճ է։
ԷՐԺԻ — Ու ինձ դուր չի գալիս, որ աղջիկս մոր հետ այդպես է խոսում։
ԻԼՈՆԱ – Հավատա՛, մա՛մ, չեմ ուզում, բայց պետք է քեզ ասեմ. կարծում էի, որ մեկը կօգնի ինձ, բայց…
ԷՐԺԻ — Ուրիշ էլ ո՞ւմ եք խառնել այս գործին:
ԻԼՈՆԱ — Միակին, ում վստահում ենք։
ԷՐԺԻ — Ինչպե՞ս ես համարձակվում: Դու ամեն ինչ գրե՞լ ես մորաքույր Գիզային:
ԻԼՈՆԱ – Մա՛մ, դու ոչ մեկին չես սիրում, բացի…
ԷՐԺԻ — Սիրում եմ բոլորին։ Ես նույնիսկ սիրում էի քեզ, աղջի՛կս, երբ փոքր էիր։
ԻԼՈՆԱ — Երևում է, դրա համար էլ կրծքով չես կերակրել։
ԷՐԺԻ — Քո հայրն էր արգելել, ուզում էր՝ կազմվածքս չփչանար։
Սենյակը սուզվում է խավարի մեջ։
ԳԻԶԱ — Սիրելի Իլոնա։ Դու ասում ես, որ ես միակ մարդն եմ, ում մայրդ դեռ լսում է։ Ես չգիտեմ, արդյոք իսկապե՞ս այդպես է, և ավելին, ես վստահ չեմ, որ ուզու՛մ եմ՝ նա ինձ լսի: Կարծում եմ, դու սխալ ես հասկանում նրա հետ մեր հարաբերությունները։ Ու թեև միշտ ապրել եմ ջերմության, հարստության և բարեկեցության մեջ, իսկ նա դժվար ժամանակներ է ունեցել, այնուամենայնիվ, ես նրան նայում էի որպես մարդու, ով ընտրում է երկու հնարավորություններից ավելի դժվարը, իսկ ես ընտրում եմ ավելի հեշտը: Իմ հանգուցյալ ամուսինը բավականին հարստություն էր դիզել: Իմ որդի Միշան նույնպես, ցավոք, այդ հավերժական հարստության զոհն է։ Մայրդ երբեք կյանքը չի կարևորել, ապրել է իր հաճույքի համար։ Ես շատ բան չգիտեմ Վիկտոր Չերեմլենիի մասին. մայրիկդ նրան միշտ արդարացնում էր իմ առաջ։ Երևի ճիշտ ես, որ արժե վախենալ: Ես վախենում եմ նաև քո մոր համար, բայց միևնույն ժամանակ նախանձում եմ նրան։ Ես համարձակություն ունեցա կյանքս միայն կիսատ-պռատ ապրելու։ Այդ դեպքում ի՞նչ կարող եմ խորհուրդ տալ քրոջս: Զգուշացի՛ր զգացմունքներից։ Փորձի՛ր ապրել չափավոր, կես ուժով: Հոգ տար ամեն ինչի մասին: Ո՛չ, աղջիկս, ես քեզ ավելի շուտ խորհուրդ կտամ դասեր քաղել քո մոր ճակատագրից, քանի որ մարդը կարող է սովորել մյուսից։ Ես, ցավոք, կյանքումս սխալներ չեմ արել. իմ կյանքը նման է ձմեռային երազի, քանի որ ես միշտ վախեցել եմ ցրտից։
Էրժին խորը քնած է՝ նստած դաշնամուրի աթոռին։ Ներս է մտնում Իոժին՝ սպիտակ խալաթով, դեղատուփով։
ԻՈԺԻ — (դիպչելով նրա ուսին): Մայրիկ, քնո՞ւմ ես: Այսպիսի անհարմար դիրքո՞ւմ։ Ինչո՞ւ ես քնաբեր ուզել:
ԷՐԺԻ — Դժվար է քնել… Տո՛ւր, գնամ, տղա՛ս։ Գիտեմ, որ հոգնած ես: Շնորհակալություն։
ԻՈԺԻ — Մի քիչ խղճա ինձ։
ԷՐԺԻ — Կներես, տղաս։ (Համբուրում է նրա ճակատը:) Ցտեսություն:
Հետո ամեն ինչ կրկնվում է՝ ինչպես Իլոնայի հետ նախկին տեսարանում։ Էրժին շրջվում է, մի քանի քայլ անում։ Իոժին նայում է նրան, ինչ-որ տարօրինակ բան է նկատում, կանչում է նրան։
ԻՈԺԻ – Մա՛մ, մի րոպե սպասիր։
ԷՐԺԻ — (կանգնում է): Ի՞նչ ես ուզում։
ԻՈԺԻ — (ուշադիր նայելով նրա աչքերին): Ի՞նչ է եղել։
ԷՐԺԻ — Ոչինչ։
ԻՈԺԻ — Ինչո՞ւ չես կարողանում քնել։
ԷՐԺԻ — Որովհետև։
ԻՈԺԻ — Ոչինչ չի՞ ցավում:
ԷՐԺԻ – Ոչ։
ԻՈԺԻ – Աստված վկա՞:
ԷՐԺԻ – Աստված վկա։
ԻՈԺԻ — Դե, ուրեմն տո՛ւր ինձ քնաբերը, քեզ ուրիշ բան կբերեմ… ավելի ուժեղ։ (Հեռանում է և արագ վերադառնում մեկ այլ տուփով:)
ԷՐԺԻ — Շատ շնորհակալ եմ, տղաս։
ԻՈԺԻ – Բարի գիշեր, մայրի՛կ: (Գնում է:)
ԷՐԺԻ — (գնում է, կանգ է առնում, հանգստանում է։ Անմիջապես վերցնում է հեռախոսը և խոսում հանգիստ, հավասարակշռված ձայնով): Բարև, սա Էրժբետ Օրբանն է։ Այո՛, այո՛, Չատարկա փողոցից։ Սիրելիս, կներես, որ նորից այս ժամին քեզ անհանգստացնում եմ, բայց ես գիտեմ, որ Պաուլան այս պահին տանը չէ ու ես պետք է շտապ բան փոխանցեմ նրան։ Սիրով, հարգելի բժիշկ, ասա նրան հետևյալը. ինձ հետ ինչ էլ պատահի, Պաուլան մեղավոր չէ և իրեն թող չմեղադրի։ Հաղորդիր նրան, խնդրում եմ, որ այն մարդը, ում ճանաչում է Պաուլան, շատ քիչ դեր է խաղում իմ կյանքում։ Ես նույնպես շնորհակալ կլինեմ ձեզանից, հարգելի՛ բժիշկ, եթե դուք Պաուլային ասեք, որ վերը նշվածը ես ասացի միանգամայն հանգիստ և առանց որևէ բուռն զգացմունքների։ Եզրափակելով՝ խնդրում եմ երկուսին փոխանցել երջանկության և քաջառողջության մաղթանքներս։ (Հյուծված, ընկղմվում է բազմոցին, նայում է իր դիմացի մի կետին, հանկարծակի շպրտում է հողաթափը, հագնում երկրորդ հողաթափը:) Անիծյալ, ոտքերս ինչքան են ուռել։ (Դեղը հանում է, միանգամից թաթախում մի բաժակ ջրի մեջ, մատով խառնում, սպասում է:) Դե՜։ (Մի կում խմում է:) Ի՜նչ զզվելի է։ (Վեր է կենում, թերթը դնում ոտքերի տակ, նորից պառկում, նայում է շուրջը:) Կարծես ամեն ինչ լավ է: (Ժեստ է անում. «Արդեն ամեն ինչ միևնույն է», և ձեռքերը ծալում է կրծքին: Սպասում է: Դադար: Անհամբերությամբ:) Անիծյալնե՛ր: Միևնույն է՝ ինչ կլինի հետո։ (Նորից պառկում է, ձեռքերը՝ կրծքին:)
Տեսարանը մթնում է. մի ճառագայթ լուսավորում է Էրժիին, որը կամաց վեր է կենում բազմոցից, աչքերը տրորում, առաջին պլան է գալիս և կարծես կիսաքուն պատմում:
Հիմա ձեզ կասեմ, թե ինչ հրաշալի հուղարկավորություն ունեցա։ Ծերությունից դեմքս ձգվել էր, քիթս՝ սրվել։ Մահիցս հետո դեմքիս խստությունը մեղմացավ։ Նույնիսկ աղջիկս՝ Իլոնան, ասաց. «Խեղճ մայրիկ, հիմա դու իսկապես յոթանասունից ավել չես»։ «Եվ ինչ հարթ ճակատ է, կարծես մարմար»: Ինչո՞ւ է նա այստեղ: Սենյակը լի է ծանոթներով. բոլորը լաց են լինում, ձեռքերը սեղմում, թեքվում են ինձ վրա, կարծես ուզում են ասել մի բան, որ կյանքում չեն ասել, բայց հիմա, իհարկե, արդեն ուշ է։ Ինձ շատ մարդիկ ճանապարհեցին դեպի իմ վերջին հանգրվանը։ Երբեք չէի մտածել, որ ինձ այդքան շատ մարդիկ են ճանաչում։ Գիզային առջևից տանում էին կառքով, ես չգիտեմ, թե ով էր նրան ուղեկցում։ Երբ դագաղը փոս իջեցրին, որտեղ թաղված էր իմ հանգուցյալ ամուսինը, մի փոքր շփոթություն զգացի։ Վիկտոր Չերեմլենին, որը մինչ այդ աննկատ էր մնացել, հանկարծակի մի կողմ հրեց ամբոխն ու հասավ փոսի եզրին։ Այս անուղղելի տղան նույնիսկ թաղմանս ժամանակ չկարողացավ անկեղծ վշտանալ և սկսեց արտասանել. «Վերադարձի՛ր, իմ միա՛կ սեր»։ Նրա ձայնը թնդաց ամբողջ գերեզմանատանը։ (Հուզվելով, ետ ու առաջ է անում բազմոցի մոտ, պառկում է և, հեկեկալով, նորից քնում:)
Հանկարծ լույսը փայլում է բեմի վրա: Էրժին խորը քնած է, Գիզան նստած է նրա կողքին անվասայլակով և թափահարում նրա ուսը։
ԷՐԺԻ — (դժգոհ): Ի՞նչ է պատահել։ Չեն թողնում, որ խաղաղ մեռնեմ։ (Նկատելով Գիզային:) Աստվա՛ծ իմ, Գիզա՛։
Գիզան այտը շրջում է համբույրի համար, բայց Էրժին լայն հորանջում է
ԳԻԶԱ – Քի՛թդ մաքրիր, սիրելի՛ս։
ԷՐԺԻ — (հանդարտվում է, վրդովված): Պատկերացրու, սիրելի՛ս, ես գնացի նրա տուն ու նրա մորից իմացա, որ նրանք որոշել են ամուսնանալ և միասին գնացել են տաքացուցիչ գնելու:
ԳԻԶԱ — (ձեռքերով ծածկելով դեմքը): Սարսափելի է։
ԷՐԺԻ — (թաշկինակ փնտրելով, բայց չգտնելով, մաքրում է քիթը, ուղղվում է): Նա դեռ կգա ու կաղաչի ծնկաչոք։
ԳԻԶԱ — Եթե վերադառնա, ի՞նչ կանես։
ԷՐԺԻ — Դուրս կշպրտեմ։
ԳԻԶԱ — Եկել եմ հայրենիք՝ լիցքաթափվելու, սիրելիս, բայց տեսնում եմ, որ դա քեզ ավելի շատ է պետք, քան ինձ:
ԷՐԺԻ — (վերջապես ուշքի գալով): Աստվա՛ծ իմ, ինչ գազանն եմ ես։ Քույրս, որին այսքան տարի չէի տեսել, եկավ, իսկ ես ինձնով եմ զբաղված։ Ինչպե՞ս ես քեզ զգում, սիրելի՛ս: Ինչպե՞ս հասար այստեղ:
ԳԻԶԱ – Ինքնաթիռով, իսկ օդանավակայանից՝ տաքսիով։
ԷՐԺԻ — Հոգնե՞լ ես: Կարող եմ հիմա սուրճ պատրաստել: Կամ էլ սկզբից կնախաճաշես։ Չե՞ս ուզում: Պե՞տք է զուգարան գնալ:
ԳԻԶԱ — Ինձ ոչինչ պետք չէ, բացի…
ԷՐԺԻ — Ի՞նչ։
ԳԻԶԱ – Լետան, մեր հայրենի հողը, որտեղ ծնվել ենք, որտեղ մեծացել ենք։
ԷՐԺԻ – Ի՞նչ Լետա։
ԳԻԶԱ — (զարմացած): Լետան, մեր գեղեցիկ անմոռանալի Լետա գյուղը, որտեղ ապրել ենք։
ԷՐԺԻ — Ինչի՞ գնանք գյուղ, Գիզա՛։
ԳԻԶԱ — Լետան գյուղ չէ։ Լետան միակն է:
ԷՐԺԻ — Ո՞ւմ է պետք:
ԳԻԶԱ — Երկուսիս էլ, սիրելի՛ս, բայց առայժմ առաջնայինը դու ես:
ԷՐԺԻ — Քո կարծիքով ես հոգեկան հիվա՞նդ եմ: Սխալվում ես:
ԳԻԶԱ — Կարծես քեզ դուր չի գալիս Լետա գնալու իմ ցանկությունը:
ԷՐԺԻ – Ի՜նչ էլ ուզես, ես կողմ եմ, Գիզա՛։ Ավելին, ես հոգնել եմ գարշահոտ Բուդապեշտից և պատրաստ եմ հեռանալ այստեղից նույնիսկ դժոխք։
ԳԻԶԱ – Իրո՞ք:
ԷՐԺԻ – Այո՛:
ԳԻԶԱ — Կասկածում եմ։
ԷՐԺԻ – Ուզու՞մ ես՝ երդվեմ:
ԳԻԶԱ – Ո՛չ, սիրելի՛ս։
ԷՐԺԻ — Չէ, երդվում եմ մեր սիրելի հոր բարի հիշատակով։
ԳԻԶԱ — Լավ, լավ: Ասա՛ ինձ, կարո՞ղ եմ այստեղից տաքսի պատվիրել:
ԷՐԺԻ – Ինչո՞ւ ոչ:
ԳԻԶԱ — Հեռախոսային պատվերներ ընդունո՞ւմ են:
ԷՐԺԻ — Իհարկե։
ԳԻԶԱ — Եթե որոշենք գնալ, պետք է նախօրոք պատվիրենք երթուղային տաքսի, որպեսզի տեղավորվի իմ անվակասայլակը:
ԷՐԺԻ — Քույր, այս ամենը կարելի է անել։ Բուդապեշտում լիքը տաքսիներ կան, բայց խնդիրն այն է, որ այս ճանապարհորդությունը, ցավոք, իմաստ չունի։
ԳԻԶԱ — Ինչո՞ւ իմաստ չունի։
ԷՐԺԻ — Որովհետև Լետայում մեր նախկին շաքարի գործարանն այլևս գոյություն չունի, այնտեղ ոչ ոք չի ապրում։
ԳԻԶԱ — Ավելի լավ, մեզ ոչ ոք չի խանգարի։
ԷՐԺԻ — Բայց էնտեղ բան չկա, դատարկ է։
ԳԻԶԱ — Սարսափելի չէ, սիրելի՛ս։ Մենք կկառուցենք քո ուզած տունը, ավելի լավ, քան նախկինում:
ԷՐԺԻ — Ինչպե՞ս։
ԳԻԶԱ — Մեր գործը չէ: Միշան սիրով կկառուցի: (Էրժին, սպառելով բոլոր փաստարկները, նայում է առաջ: Համբերությամբ:) Սիրելի՛ս: Միշան նույնպես չէր կարողանում հասկանալ, թե ինչու եմ երազում նորից Լետա վերադառնալու մասին։ Ի՞նչ կա դրա մեջ: Բայց մենք, սիրելի՛ս, այնտեղ ենք ծնվել։ Մեր կյանքը սկսվեց այնտեղ, և մենք կարող ենք վերջ տալ այս անգույն կյանքին, եթե նորից վերադառնանք մեր մանկություն: Ես հոգնել եմ այս անիծյալ օտար կյանքից: Եվ այնտեղ, Լետայում, մենք շրջապատված կլինենք լռությամբ, խաղաղությամբ ու քաղցր հիշողություններով։ Ասա՛ ինձ, համաձա՞յն ես, թե՞ ոչ։ (Էրժին հանկարծ շրջվում է դեպի պատը և հրավիրող մլավոց արձակում։) Քու՞յր…
ԷՐԺԻ — Ես պարզապես մլավեցի:
ԳԻԶԱ – Ինչո՞ւ։
ԷՐԺԻ — Միխաինեն վերադարձավ աշխատանքից. Մենք սովորաբար մլավոցով բարևում ենք:
ԳԻԶԱ — Ահ, լավ… Միգուցե այսօր կարող ես բացառություն անել, սիրելի՛ս:
ԷՐԺԻ — Միխաինեն ահավոր բծախնդիր է։
ԳԻԶԱ — Ինչպես կուզես:
ՄԻԽԱԻՆԵ — (հայտնվում է և ժպտում Գիզային): Օ՜, Աստված իմ: Քո քույրն է։ Ես ձեզ անմիջապես ճանաչեցի։ Շատ, շատ ուրախ եմ:
ԷՐԺԻ — Իմ Միխաինեն է։ Գիտես, նա հրաշալի նմանակում է կատուներին: Փորձի՛ր:
ՄԻԽԱԻՆԵ – Ո՛չ, ո՛չ, նման հարգված մարդու ներկայությամբ, ո՛չ, կներես։
ԷՐԺԻ — Միխաինե։
ՄԻԽԱԻՆԵ — Աղաչում եմ, Էրժի, վաղը։
ԷՐԺԻ — Ուզում ես Գիզային սպասեցնե՞լ։ Մլավիր:
ՄԻԽԱԻՆԵ — Լավ, որ խնդրում ես. միայն թե մի՛ նայիր ինձ: (Շրջվում է կիսով չափ, երգչի պես մաքրում է ձայնալարերը և մլավում:)
ԷՐԺԻ — Ի՞նչ կասես, քույր։
ԳԻԶԱ — (խայտառակ ժպտալով): Փայլուն է։
ՄԻԽԱԻՆԵ — Էրժին ինձնից էլ լավ է անում։
Էրժին ի պատասխան մլավում է հենց Գիզայի երեսին։
ԳԻԶԱ — (ծիծաղելով): Ես չգիտեի, որ դու կարող ես այդպես մլավել, սիրելի՛ս:
Սկսում են մլավել։
ԳԻԶԱ — (բարձրաձայն ծիծաղում է): Օ՜, հերիք է։
ԷՐԺԻ – Սպասի՛ր, սիրելի՛ս, մենք քեզ ուրիշ բան ցույց կտանք։ Միխաինե, մտի՛ր միջանցք։ (Միխաինեն հեռանում է, Էրժին թաքնվում է բազմոցի ետևում։) Ամենահետաքրքիրն այն է, երբ կատուներն իրար չեն տեսնում։
Միխաինեն մլավում է դռան մոտ, Էրժին պատասխանում է նրան բազմոցի ետևից։ Միխաինեն հրում է դուռը, հուզված մտնում է սենյակ։ Էրժին պատասխանում է մլավոցով, նրանք սկսում են խաղալ։ Գիզան դիտում է խաղը՝ սկզբում անհասկանալի, իսկ հետո` պայթելով ծիծաղից:
ՄԻԽԱԻՆԵ — Օ՜, ես վախենում եմ… (Դուրս է վազում սենյակից:)
Էրժին ձևացնում է, թե հետևում է նրան, բայց հետո, ծիծաղելով և շնչակտուր, նստում է հատակին, քրոջ մոտ։
ԳԻԶԱ — (հանկարծ կտրվելով ծիծաղից, մեղավոր նայում է քրոջը): Դու ինձ սպանեցիր… Այդքան ծիծաղելու սովոր չեմ…
ԷՐԺԻ — Հիմա, սիրելի՛ս, հիմա շունչ քաշեմ ու կօգնեմ քեզ։
Քույրերի գլխին նորից հայտնվում է մի հին լուսանկար
Այս լուսանկարն արվել է 1918 կամ 1919 թվականներին Զոլնոկի մոտ գտնվող Լետա գյուղում, Տիսայի ափին: Հեռվից կարելի է տեսնել շաքարի գործարանի բնակավայրը։ Առավոտ է, թե երեկո, արդեն մեկ է: Հայտնի է միայն, որ լուսանկարում ես և իմ քույր Գիզան ենք, «Զոլնոկի փերիները», այդպես էին մեզ կոչում: Թուխ ժանեկավոր զգեստներով, ազատ հյուսքերով, մենք վազում ենք ինչ-որ կանաչ բլուրից՝ ծիծաղելով և ձեռքերը թափահարելով։ Բայց ո՞ւր ենք մենք վազում և ո՞ւմ մոտ ենք վազում, ինչի՞ վրա ենք ծիծաղում և ո՞ւմ համար ենք ծիծաղում, այլևս չեմ հիշում…
ՎԱՐԱԳՈՒՅՐ