ՔԱՂԱՔԱԿԱՆ. ՄԹԱՐՔ ԱՐԵՎԱԾԱԳԻՑ ԱՌԱՋ / Անահիտ ԱՐՓԵՆ

Իրականությունը մեր ցանկությունը, պատկերացրածն ու ներկայացրածը չէ, այլ  փաստացի կատարվածը, ա՛յն, ինչը հնարավոր չէ ո՛չ չտեսնելու տալ, ո՛չ ժխտել, ո՛չ անտեսել, ո՛չ էլ շրջանցել: Իրականությունը մի բան է, որի հետ անկարելի է հաշվի չնստել:

(Երկու մենախաղ՝ մեկ պատմություն)

Տեսարան առաջին

Պատգամավորը թափով մտնում է բեմ:

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ — Այո՜… Կա հնարավորություն՝ պատմական, էդ պատմական շանսը պետք ա օգտագործել: Չէ, դո՛ւք ասեք: Ի՞նչ է նշանակում՝ «Արցախի հարցը լուծա՞ծ ենք համարում այլևս»: Կներեք՝ իսկ ո՞րն է Արցախի հարցը: Լուծվածը, չլուծվածը, կասե՞ք օրինակներ… Մի րոպե, մի րոպե… ինչի՞ շուրջ բանակցենք: Ասե՛ք, ասե՛ք: Ինքնորոշում… իրավունք… 30 տարվա պայքա՞ր… Ի՞նչ… Ոչ: Հայաստանի Հանրապետությունը նման հարց այսօր չունի: Հայաստանի Հանրապետությունը լիակատա՛ր ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղը մեջը: Այո, այսինքն՝ ներառյալ ձեր Արցախը: Լի-ա-կա-տա՛ր: Այո՝ ներառյալ դրանից բխող կամ չբխող բոլոր հարցերը: Չէ՞: Այո՛: Սա արդեն 8 անգամ ասել ենք վերջին մեկ-երկու տարվա ընթացքում, է՞լ ինչ պետք ա ասել: Էլ ի՞նչ անի կառավարությունը, որ հասկանաք վերջապես, թե ով ում ինչ երդում է տվել…

Չէ, Աղդամը, չէ՛… Դու օրինակ, որտե՞ղ ես ծնվել: Ո՞րն է քո հայրենիքը: Իմ հայրենիքը Հայկական լեռնաշղթան… ը… Հայկական լեռնաշխարհն է, մի չորս անգամ ասել եմ… Կծեք, կծեք, եթե էլի կծելու բան ունեք, ասե՛ք… Ի՞նչ, Հայկական լեռնաշխարհում հայկական սուվերենությո՞ւնը որն է, ես պահում եմ է՛ն սուվերենությունը, որը ես՝ Սովետական Միությունս, մենք՝ բոլորով, գնացել քվեարկել ենք և ստացել ենք: Վատ ա՞… Ո՞րն ա Հայաստանի Հանրապետությունը, կասե՞ք: Դու, երբ որ որպես քաղաքացի ծնվել ես, որտե՞ղ ես ծնվել, Հայաստանի Հանրապետությունո՞ւմ: Ես՝ ոչ: Ես… Սովետական Միությունում եմ ծնվել… Ես…. մենք…. Բոլորս, բայց մեր երկրի սուվերենությունը Սովետական Միությունից պիտի ստանայինք ու ստացել ենք: Պրիչոմ տուտ հայկականություն, հայրենիք, 30 տարվա պայքար, չէ մի պոզե՜ր…. էդ պայքարը, ի դեպ, 30 տարվա չի, ասեմ իմանաք: Ու դեռ հարց է, թե 30 տարի ով ինչի համար է պայքարել: Հա, բա ո՞նց:

Չէ, ո՞րն ա ՀՀ-ն կասե՞ք, ասե՛ք: Չէ, չէ՛, ստոպ, ստո՛պ: Ի՞նչ առաջին, Առաջին Հանրապետությունը ո՞րն ա, մենք հասել ենք սուրբ երրորդության, դուք ասում եք՝ Առաջին ՀՀ: Չեղավ չէ՞: Դո՛ւ, ե՛ս, մենակ չենք… Ի՞նչ Առաջին: Համ էլ առաջինը մենք ենք, բոլոր առումներով, դա հո դո՛ւք եք ասում:

Ես հարց տվեցի քեզ: Որ ծնվել ես, որտե՞ղ ես ծնվել՝ որպես ՀՀ քաղաքացի, քարտեզը տեսե՞լ ես: Էդ քարտեզը կամ ինչ-որ բան ա՞ նշանակում… Չի կարա ՀՀ-ն լինի ամորֆ բան: Որը որ իր մեջ ներառի… ը… Կարսը՝ օրինակ, որ իմ ծնողների հայրենիքն ա: Չի կարա ներառի Անի՜ն, որը ձե՛ր ծնողների հայրենիքն ա: Եվ վերջապես, չի՛ կարող իր մեջ ներառել… Այո՛: Բա ես հենց էդ եմ ասում, այո՛: Բա մենք հիմա, բա էդ եմ ասում, բա հիմա մենք էդ տարածքի, որը… որով… որի վրա անկախացել ենք, դրա կադաստրի վկայականն ենք վերցնում: Ի՞նչը էն չի… Բա ի՞նչն ա էն… Բա մենք ի՞նչն ենք վերցնում: Երկրո՞րդը, երրո՞րդը… Էլի ասում ա՝ Առաջին: Էլի ասում ա՝ արդեն կա: Դու տեսե՞լ ես էդ վկայականը… Դե ձենդ կտրի: Հա, դե որ տեսել ես, ուրեմն սուս մնա՛: Եվ ընդհանրապես, էդ Առաջին ՀՀ-ն մոռացեք, ես ինչի՞ մասին եմ խոսում: Դուք գիտե՞ք, որ օրինակ, Հայաստանի, երբ որ անկախություն է հռչակել, առաջինը, լավ, առաջիններից մեկը, Թուրքիան է ճանաչել Հայաստանի անկախությունը: Ի՞նչ ինչու, ի՞նչ երբ: Ի՞նչ կարևոր է, թե երբ: Դուք գիտե՞ք դրա քաղաքական նպատակը ո՞րն ա եղե: Որպեսզի՛, ապագայո՛ւմ, կանխի՛ ո՜րևիցէ հնարավոր… ը… այդ ձեր ասած տարածքային պահանջ և որևէ հավակնություն ընդհանրապե՛ս… ը… ժողջան… Դուք ինձնից լավ գիտեք, որ կա ռեալ պոլիտիկ, կա քաղաքականություն, և կան, իհարկե, էմոցիաներ ու ի՞նչ… Ապրեք՝ կենացնե՛ր: Հետո ի՞նչ, փառք Աստծո՞… Հա լավ, թող ձեր ասածով լինի, Փառք Աստծո, որ Ադրբեջանը չի ընդունում մեր Հայաստանի տարածքային ամբողջականությունը… Ինչու չի ճանաչո՞ւմ… Դե իր պատճառներն ունի, դա կարևոր չի: Ներխուժել է Սյունի՞ք, հետո՞ ինչ, կարևոր չէ: Ներողությո՛ւն, ներողությու՛ն: Ներողությո՜ւն: Կարևորը ո՞րն է: Ես զարմանում եմ, որ դո՛ւք նման հարցեր եք տալիս: Սպասեք, սպասե՛ք, ներողություն, ներողությո՛ւն… Հիմա տեսեք, թե ինչ արեցիք… Ուրեմն, եկանք էն բանից, որ չի ասել, բայց էկանք էն բանին, որ ասել ա այնուամենայնիվ: Հիմա, ասել ա — չի ասել… Հա, հա… Ե՞վ… Եվ՝ ո՛չ: Հիմա էկանք էն բանին, որ չի ասել, լավ: Այո՛, չի՛ ասել և չի ասել, որպեսզի՞… Ապրե՛ք: Որպեսզի ավելի շա՜տ, թեկուզ մինչև վերջին գյուղը, առաջ գալու տեղ ունենա: Այո՜…. Բա ռեալ պոլիտիկ կա, արդեն քանի անգամ ասեցի՛: Եվ սահմանագծման, սահմանանշման հանձնաժողովի ամբողջ գործունեության, ամբողջ իմաստը… դա՛ է: Ո՞վ չի հասկանում: Գոնե դո՛ւք չպետք է էդ հարցը տայիք, գոնե դո՛ւք լավ եք հասկանում, թե ինչ է կատարվում… Էս իրավիճակը… Բա դուք իմ փոխարեն ի՞նչ կասեիք կամ կանեիք… Ով էլ լիներ նույնն էր անելու, բա ինչո՞ւ եք զարմանում, որ… Դո՞ւք չեք զարմանում, ե՞ս եմ զարմանում… Մե՞նք… ես նման բան չասացի, սպասեք: Դե ասում եմ: Որպեսզի դրան նույնպես գանք… Երբ որ ես ասում էի, խոսում էի զիջումների, առաջ գնալու, քայլ անելու մասին…

Բայց մենք դրա մասին ենք  խոսում, որովհետև, Վարչապետը օրինակ, դրա մասին բարձր ասել է… Այո՝ արդեն: Ա՛յ, իսկ, ներողություն եմ խնդրում, Ադրբեջանի նախագահը նաև նման հայտարարություն և նման համաձայնություն է ունեցել Արևմուտքի և Վարչապետի հետ, որի մասին ա՜… զեկույցով է հանդես եկել  ձեր Արևմուտքը հուլիսի 15-ին, եթե չեմ սխալվում 2023 թվականի: Ինչ էինք գոռու՞մ… «Արցախը Հայաստա՞ն է»: Մե՞նք էինք գոռում: Ոչ էլ գոռում էինք…. Դու կարծում ես՝ դա մե՞նք էինք գոռում, հա՞: Բայց արդեն… բան եք անում… իսկականից: Այո՛, մեր առաջնորդները չեն սխալվում, ամեն ինչ հաշվարկված է: Մտածելու բան չկա: Բա ինչու էինք՝ ի՞նչ… Արդեն տեղափոխվում եք խոհանոցային զրույցների դաշտ, գիտե՞ք: Չեղավ, չէ՞, հասուն մարդիկ ենք: Երեխաներին էլ դեմ չենք, բայց մեզ համար տարիքային սահմանափակում չկա, իհարկե, ուղղակի դա նախկին ադմինիստրացիան է որոշել, թե ում ներս թողնի, ում ոչ… Շնորհակալություն: (Ուզում է գնալ, բայց ետ է շրջվում:)Ի՞նչ…

Լո՞ւրջ եք ասում: Է ասեք: Լսի՛, լսի՛, լսի՛: Ինչ որ ասել ենք, ճիշտ ենք ասել: Ինչ որ ասել ենք, իր ժամանակի համար ճիշտ ենք ասել: Այո՝ «Մե՛ր ժամանակի» համար, բա հո…

Ա՛յ, ա՛յ, ա՛յ, ա՛յ, ա՜յ… Ծը, ծը, ծը, ծը, ծը՜… Երբ որ ձեր դաշտից մտնում եք բամբասանքի ու չգիտեմ ինչի, ասենք՝ կենցաղի դաշտ, ես ցանկություն չեմ ունենում պատասխանել: Չէ մի՜՝ սոցիալական, կամ թե չէ՝ տրանսպորտայի՛ն: Չէ, չէ, Վարչապետի հայտարարությունը բամբասանք չէ, մենք անշեղորեն առաջ ենք գնում: Քո այդ… Դո՛ւք ձեր մասին մտածեք: Ձեր դարդը լացեք: Չէ, սխալ եք… Բայց որ ինձ լսեք, ոչ կլացեք, ոչ էլ որևէ բան կանեք: Մի՛, մի՛, մի՛… Տհաճ բան մի՛ արեք: Ընդհանուր առմամբ ձեզ չի սազում, հային վայել չէ: Մի՛ արեք նման բաներ: Հայաստանի ղեկավարը վարչապետն է ու ձեզ համար օրակարգ ստեղծող մի մարդ: Կապ չունի՝ ինչ օրակարգ, զբաղվե՛ք: (Արագ հեռանում է: )

Տեսարան երկրորդ

Հեռացող պատգամավորի ետևից բեմ է մտնում քաղաքացին և, ցույց տալով կուլիսները, իր հերթին դիմում դահլիճին:

ՔԱՂԱՔԱՑԻ — Այո՛, կա պատմական հնարավորություն, և այդ պատմական շանսը պետք է օգտագործել: Այո, բայց ոչ ըստ՝ կերակրողին ծառայելու երդմնակալության, այլ ըստ՝ ինքնապաշտպանվելու տրամաբանության…  Թե չէ, հրեն, էլի հավաքվել են՝ Հադին- Հյուդին, Ադին-Բուդին, Չատին-Մատին, «Ապին-Պապին», էլ՝ ով ասես, բացի Դավթից: Եվ թոփերով գալի՛ս են էդ վիզ ծռող մարխերը: Գալիս են, որ, իրենց ասելով, իբր թե խաղաղության դարաշրջան բացեն, իսկ իրականում, հնարավոր բոլոր դռները փակած, իրենք էլ դարպասաձողերից կախված՝ խաղաղության նազարակիկոսյան ինստալյացիա են անում, հստակ ցեղասպանություն բերում: Ավելի կարճ և հասկանալի՞: Խնդրեմ: Պատերազմ ու ցեղասպանությո՞ւն ես բերում, ասա՝ խաղաղության դարաշրջան եմ բացում ու… Դրանք դեռ չարյաց փոքրագույնն են, ամենաավերիչը դրանց պաշտպաններն են: Օրինակ, ես որ լսում եմ մեր կիսապաշտպան-կիսահարձակվող վայ քաղաքագետիկներին, լացս գալիս է. իրենց արևին վերլուծում ու բանավիճում են, բայց իրականում ժողովրդի արևն են խավարեցնում, ընդ որում՝ իրար հերթ չտալով: Եվ ամեն մեկը՝ իր կիսադաշտում ու պաշտոնում կամ եզրագծում ու անկյունային հարված փախցնելիս: Էս խեղճ ժողովուրդն էլ, ազգային հերթական ողբերգությունից կրկին ջախջախված, իր մխի մեջ մոլորած, հալած յուղի տեղ է ընդունում դրանց ասածները: Իսկ էդ անուն հանած, բայց ճնգրթ հավաքածուն, էդ ուրիշի ճրագի մարխերը աչքներիս առաջ հալում են հային ու հերթական թոզը փչում մարդկանց աչքերին: Գիտե՜ք,- ասում են,- բավարար չենք լլկվել, մեջքներս լավ չենք կորացրել, բոլորս մինչև ցեխը չենք հասել…

Ի: Չհասկացա՝ բոլոլա ենք խաղո՞ւմ, թե՞ էշ միլիցա:

Չէ, դուք հլը դրանց լսեք. ասում են՝ կառափնարանում համարձակվել ենք իբր թե գլուխներս աջ թեքել, դե Կվալդ մենձ ախպերն էլ բարկացել ու կրակի ճարակ է դարձնում մեզ:  Վայ, ես ձեր մարդ ասողի… Խաչակնքումը սարքեցին՝ «Գլխիդ, փորիդ նայի՝ դես-դեն մի իրիշկա» լպիրշություն քիչ էր, հիմա էլ…

Այ մարդ, բա քո տա՞նն էլ պատանդ ու եղսիր լինես, որովհետև փորի գերի ես… Է՜հ, ո՞ր մեկն ասեմ…

Ո՜ր ալիքը, ո՜ր կայքը մտնում ես, նույն խաբկանքն է: Նույն ստահունց մառախուղը՝ վրան մի քանի ստուգված սաղր երգուխոսք, սերը քաշած զգացմունք, մի խոսքով՝ դատարկաբանություն: Եվ՝ ոչ մի առողջ զրույց։ Ո՛չ մի համերաշխություն: Ո՛չ մի ելք: Ո՜ր դուռը թակես, փոշմանում ես: Ու, Աստված իմ, էս ինչի՞ մասին են խոսում, էս ինչ վայելքնե՜ր երազում։ Իհարկե՝ ոչ սեփական քրտինքով վաստակած: Էս մարդիկ ինքնուրույն գիտեն միայն սեղաններ բացել՝ առանց կողքները նայելու… Անունն էլ դրել են… պատիվ տալ: Խրախճանք է ժանտախտի մեջ։ Եվ ի՜նչ մորթապաշտ են, է՛լ ասելու չի, հետն էլ այնպես են խոսում, ասես իրենք բյուրեղապակուց են, աշխարհը՝ իրենց արտացոլող լաքապատ սեղան: Իսկ իրականությունը…

Մինչ դես-մինչ դեն, իրենց մկնաբազառներով ժողովրդին հօդս ցնդեցրին, կռվողներին հողը դրին, ում ինչ հասավ, հայի ձեռն էլի ողբ ու գաղթ տվին:

Ցավ: Բութ ցավ և մրմուռ՝ տարաշերտ: Ի դեպ, մրմուռն է ստիպում ելք փնտրել։ Ե՛լք։ Իսկ ելքը լույս է ենթադրում։ Հավատ ու սեր։ Լուրջ եմ ասում: Ասենք, հիմա էնքան են լուրջն ու ազգայինը ծաղրում, որ ես էլ չգիտեմ՝ լրջո՞վ լուրջ խոսեմ, թե՞…

Ով դուրները չեկավ, բանտերն են լցնում՝ երկրի կամ թշնամու: Դե հիմա տարբերությունը մեծ չէ, ու ոչ պակաս բանտ էլ մեր բանտված կյանքն է՝ անապահով ու անապագա՛:

Նայում եմ ճառողների խնամված և անհոգ դեմքերին, զգում եմ, որ տարբեր խմորներից ենք հունցված։ Ախր, դրանց շահը հե՛չ չի շահվում, է՜: Մարդ չեն, մարդ չե՛ն, ջանը՜մ՝ չոր փող ու լիքը փոր, վե՛րջ: Էս էլ քեզ քաղաքական շարժառիթ: Դրա համար էլ բոլորը հոգնա՜ծ ու հյուծվա՛ծ են։ Մեկը՝ չուտելուց, մյուսը՝ ուտելուց: Չնայած, որ սուտ դուրս չգամ, ասեմ՝ վտանգների մասին բացատրողներ էլ կան։ Բայց դե ի՜նչ բացատրել, երբ ահը ցանցակալել, խցկվել է ամեն ծակուծուկ, ծալք չի թողել, որ լսողն իրականությունը ցույց տվողին ընկալի ու ճիշտ խոսողին ընդունի… Նորմալ մարդիկ էլ էդ ծեփողների նման պղտոր ջրում ո՛չ ձուկ բռնող են, ո՛չ էլ լող տվող: Բա մեր ախրը ո՞նց կլինի, հը՞…

Երևի պետք է ճշմարտության կծիկը հանել Արագածի գլխին ու թելի ծայրից քաշել թողնել, որ գլորվի հայոց շեներով ու ի՛նքը բացվի: Ու մեկ էլ, տա Աստված, դեպի հայկականը գլորվի: Իսկ մինչ այդ, աչքիս առաջ 120 000 թվի զրոները պար են գալիս ու ծաղրում ինձ, ասում՝ «Արի մեզ մոտ հարսանիք»։ Ներսուդրսից սպառնում են, թե ինչ ուզենք՝ կանենք, ինչքան կա՝ առաջ կգանք…. Իբր՝ էլ բան չենք կարող անել, ով ինչ ուզի, ով ինչքան ուզի, պիտի տանք ու… Ու աչքերս հանելով ծղրտում են, թե դու չէի՞ր ասում՝ «Զրոն ինքն իրենով արժեք չունի։ Բա՜յց… եթե դրվում է որևէ ի՛քս թվանշանի կո՜ղքը… ըստ իր չունեցած զրո արժեքի հատաքանակի՝ էդ թվանշանը թի՜վ է դառնում, թի՛վ։  Մեծանում տասնապատիկ, հարյուրապատիկ, հազարապատիկ»…

Ախ հա, ասել եմ, ասել եմ, հոգուս էլ հասել է: Քիչ է մնում հիմա էլ ասեմ, որ ինչ լինում է, թող որ լինի միանգամից: Թե չէ դրանց մարխածը հալում, մաշում, ճանկ-ճանկ ավելի է խժռեցնում։ Ու երբ խաղաղություն է, ավելի ենք փչանում-կորչում, քան պատերազմներում զոհվում-հավերժանում: Ու հալվում, մաշվում, ճանկ-ճանկ ավելի է խժռվում մարդուս հավատը: Ա՛խր, ցավս ցավ պատճառողի ոչ թե մեծությամբ, այլ փոքրոգությամբ է ահագնանում, հարվածողի ճղճիմ չնչինությունն է մեր ճակատի սև գիրը հարյուրապատկում ու հազարապատկում ու տրիլիոնապատկում, ոչ թե մեր անկարողությունը:

(Երգում է) «Ո՞վ է… տեսել… էսպես հարսնիք… ոչ հա՜րս ունի, ո՜չ փեսա»։ 

Իսկ էս սուտի ճառողների բերանները մի՛ բան են ասում,  եղելությունն ա՛յլ բան է ճչում: Ճիշտն ասած՝ երբեմն թվում է, թե խամաճիկաելույթով հանդերձ, ինչ պետք է, ասում են, բայց իրականում չեն ասում հենց ա՛յն հիմնականը, ինչը որ պետք է արվի: Այլ՝ սոսկ ի գիտություն, իբր թե դժգոհ, թվարկում են թշնամիների ճիվաղությունները և… Եվ ոչ մի բողոք ու պահանջ: Վերջ: «Դե եկ, Վարդապետ»…  Դե եկ, ժողովո՛ւրդ ու գլուխ հանիր… Ասում են ՝ հարցը բարձրացնում ենք։ Հա՞։ Բայց։ Բարձրացնել էլ կա, բարձրացնել էլ։ Էս աթոռը սիրուն բարձրացնե՛մ, զգո՜ւյշ դնեմ այստեղ։ Կամ՝ այստեղ։ Որտեղ ասեք։ Հը՞, ո՞նց է նայվում։ Նայվում է։ Վատ չէ, դուք էլ ոնց որ դեմ չեք։ Դե հիմա՛ տեսեք։ Էս նույն աթոռը բարձրացնե՜մ ու տամ գլուխներիդ։ Տարբերությունը զգացիք, չէ՞։ Վտա՞նգը… Զգացիք էլ, տարբերեցիք էլ… Իսկ տեսա՞ք, թե որտեղից եկավ։

Կամ, էնօրը մեկն իր էրեխուն ասում էր. «Գործս թողնեմ, քեզ համար թիթե՞ռ նկարեմ»: Հա, արա: Էրեխուդ համար թևավոր հրթիռների տեսքով թիթեռ նկարիր՝ հենց գործիդ թեժ պահին: Նկարի, որ զինվորիդ էլ արկ ու փամփուշտ հասցնես: Ու թիթեռ նկարելը նկարողի՛ն է պետք:

(Երգում է) «Արևմտյան կո՜ղմն աշխարհի, խաղաղությո՜ւն թող ըլլա»…

Բա ազգիս մեծանուն այրերի ամորֆությո՜ւնը… կամ՝ խնամված եղունգների տակի կեղծիքը… Շնչահեղձում են ու մարդկանց վերջին հույսը մարում: Դրանց կեղծ քծնանքը ակնախոռոչները ոլորող եզան երիզորդի նման սողում, փաթաթվում վզիս, խեղդում են կոկորդս։ Հենց զգոնությունս թուլացնում եմ, ամեն կողմից կրծում, ներս են սողոսկում։ Բայց եթե ցնցում եմ ինձ, սատկած ոջիլների նման անմիջապես ցած թափվում, ամեն մեկն իր խոռոչը կամ  աթոռի տակ է սողում… Գոնե էս օրհասական վիճակում իմ ու քո չանեին: Ախր դրա ավիրածն ենք՝ մանգաղայաթաղան պռոշտիով անկախ Արցախ գուլագից մինչև իբր սուվերեն Հայաստան Սիբիր: Ու վերջը չի երևում: Հետո էլ ասում ենք՝ հույսներս միայն մեզ վրա պիտի դնենք…. Էլի որ: Բան չասի… Բայց ումո՞վ, ո՞ւմ հետ… Միայն մեր ուժերով մնում ենք մեր ավանդակա՛ն, պապենակա՛ն թակարդում… Սեփական յուղի մեջ տապակվելու… կամ էլ՝ սեփական հյութով պահածոյացվելու… Մինչև հաջորդ ցեղասպանություն:

Հավատալս չի գալիս … Մեր կյանքը երևի վատ երազ է…  Թվում է, մի օր աչքերս կբացեմ, ու էդ սպանիչ երազի դեպքերը կչքվեն։ Թե չէ քանի՞ անգամ կարելի է նույն օրհասը քաշել։ Մենք էլ մարդ ենք չէ՞։ Թե՞… չէ։

Քանի կար հայացքս բարձրացնում էի՝ Ջավախքն էր երեսիս նայում, իջեցնում՝ Նախիջևանը, հիմա էլ Արցախին երես չունեմ նայելու… Հա, վերջերս գնացի՝ մեր հարավն էլ տեսա: Գլուխս կախեցի խեղված Աղթամարի առաջ, հոգուս տենդը հանգցնելու համար նետվեցի Վանա լիճն ու չը-հո-վա-ցա՜… Բարձրացա բերդերն ու ամրոցները, մոտեցա Արարատին ու… ավելի՛ կսկծացի: Ա՜խ, մեր սարերն ու քարերն են, մեր չոլերն ու նույն Շիրակ-Լոռիները… Իսկ երբ հրաբխի խառնարանով Նեմրութի գագաթը բարձրանալիս տեսա աչքերով մի ճակատ, ասի՝ գորտի աչքն է. սպասում է, թե երբ առուն ջուր կգա… Ու հիմա մտածում եմ՝ կգա՞ որ…

Ու մի միտք անվերջ ասում է. «Վերև նայիր, սարերիդ: Անձեռակերտ բնության կերտվածքը հնարավոր չէ քանդել: Մարդուս հնարավոր է ցեղասպանել, բայց պաշտամունքն ու լեռների ոգին՝ ոչ»…

Անկեղծ ասած, թշնամիների մեջ ծվարած հարավի լեռներում ավելի ապահով էր ու ավելի հայկական: Ո՜նց եմ հասկանում ֆիդայիներին: Ո՜նց եմ քեզ հասկանում, Մհե՛ր: Հա, ախպե՛ր, սրանցից արդարություն չսպասես. ա՛չքդ էլ ջուր կկտրի, հո՛ղդ էլ քեզ տարտարոս կքաշի, երկի՛նքդ էլ փուլ կգա գլխիդ… Երբ ստորացվածն ինքն իրեն չի պաշտպանում, վերջը սա է լինում, որովհետև անկախությունը ստրկամիտ ամենաթողություն չէ, այլ՝ սեփական կյանքը հասկանալու, սեփական պատմությունն իմանալու, սեփական անձը ճանաչելու մղում:

Ամենայն ինչ արժևորվում է որոշակի փորձություն անցնելուց հետո: Կամուրջը ծանրությունից մինչև կանգուն չմնա, չեն ասի, որ ամուր է: Բա մի հազարամյա ժողովուրդ իր կյանքի պատմությունը չարժևորի՞, չնայի՞ իր ոտքի տակ՝ կամուրջ, քար, մի հենարան կա՞, թե ոչ: Բայց դե թողնո՞ւմ են, որ մարդ բան հասկանա… «Որսի» դուրս եկած մեր բանախոս-խավարիչներն ամեն ինչ այնպես են սղալում, որ վարպետ ծեփագործի աչքերը բաց են մնում: Եվ անգամ դրանց նորաթուխների խոսքն է անզգայացնելու աստիճան մեքենայացված ու մոլորեցնող… Էլ չեմ ասում, որ հատկապես անտանելի են մարմնով ու հոգով նորմալ տղամարդկանց նվնվոցն ու տկար մտքի ծեքծեքումները: Մի խոսքով՝ մտածված, համատարած մոլորեցնում են, ամեն ինչ սևացնում, ժողովրդին տանում թողնում մութ անդունդի եզրին… Բայց, փառք Աստծո, արևածագից առաջ է մթարքն ավելի թանձր լինում…

(Երգում է) «Հարավային կողմն աշխարհի խաղաղություն թող ըլլա»…

Քայլեմ: Քայլեմ, քանի ճանապարհիցս չեմ շեղվել: Տուն գնամ: Տուն՝ կադաստրի վկայականով սահմանազատված, ինձ համար սահմանանշված տարածքս, իմ սեփական հողամասն ու տունը… Փողոցը… Գյուղը… Քաղաքս… Երկիրս… Առայժմ՝ իմ: Հա ի՞նչ, ես ինչո՞վ եմ մյուսներից պաշտպանված: Է՜հ…

Լույսն արդեն բացվում է: Շատ լավ, թող բացվի: Էս ի՞նչ ձայն է… (Ականջ է դնում:) Կրակի ճարճատյուն… Խարո՞ւյկ է… Չէ, ծառերի վրա է… Աչքերիս չեմ հավատում. կրակի պահապան իմաստուն ագռավներն արդեն ժողովի են նստել… (Ականջ է դնում:) Հա էլի, երևի քննում են Ագռավաքարի բացել-չբացելու հարցը։ Հույսերս դողացին… Էլի լավ է: Թե չէ աշխարհն իր շավղից դուրս ժայթքել, հեռացել խորքերից ու լափել է արդարության տենչը… Ինչ ասի՞ք՝ արդեն քննում են Ագռավաքարի բացել-չբացելու հա՞րցը։ (Ականջ է դնում:) Չեն վիճում, համերաշխ կռկռում են, որ դեռ վաղ է: Հա՜, փաստորեն, դեռ…

Աչքերս փակվում են… Էս ի՞նչ տեսիլք էր. ծաղկած ծիրանենին խփում է ճակատիս ու սրատում միչև հոգուս խորքը։ Քնաթաթախ եմ, թե չէ էս ձմեռվա կեսին ի՞նչ ծաղկած ծառ: Հա՜, ձյո՛ւն է նստել մերկ ճյուղերին: Նայե՜ք… նայեք, որ տեսնեք… Չնայած, երկրագունդն այնքան է շիկացել, որ չեմ զարմանա, եթե ձմեռվա կեսին ծառ էլ ծաղկի։ Բա ո՞նց։ Հո միշտ «Գարուն ա, ձուն ա արել» չի՞ լինելու։ Մի օր էլ, հենց ձմռան բքին, «Մթարք էր, արև բացվեց» թող լինի…

(Երգում է) «Արևելյան կողմն աշխարհի խաղաղություն թող ըլլա»… (Կտրուկ ընդհատում է:) Ասում են՝ «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»: Այո, ճիշտ են ասում: Բայց՝ նպատակադրվա՛ծ: Մինչև արևի լույսն ու ջերմությունը չճեղքեն ցավն ու այս հորիզոնի խավարը, մինչև լուսնային գիշերը չբացի իր երեսը, մինչև տիեզերական գիտակցության ամենամեծ զրոյից չհորդեն համաշխարհային ընկերք-օվկիանոսի արգանդաջրերը, նոր կյանք չի ծնվի հայի սրտում, գլխում, ապա և վարքում: Բա ո՞նց չասեմ, որ ախր արդարության տենչը մենք ենք լափել, ու մեր արդարամտության կծիկ-օղը մենք ենք գլորում մեր խղճի գագաթից դեպի մեր էրեխեքի կյանքերը… Հերի՛ք եղավ, ինչքան աննպատակ թափառեցինք, տաշտշվեցինք ու տշվեցինք՝ ցուրտ ու մութ քամիների բերանն ընկած տաշեղի պես: Չէ՞ որ եթե չգիտես, թե ուր ես գնում, ոչ մի քննարկում, ոչ մի բազառ քոնը չի լինի: Չէ՞ որ եթե չես պատրաստվում, պատրաստ չես լինի ո՛չ արևին, ո՛չ անձրևին, ո՛չ էլ ձյանը…

Հույսս մարդկանց արարման ձգտող ինքնապաշտպանական բնազդն է, որ, ցավոք, առայժմ վախերի մեջ է: Բայց, ախր, եթե առջևդ անդունդ է, շո՛ւրջդ պիտի նայես, չէ՞: Ամեն ուժի դեմ ավելի մեծ ուժ կարելի է գտնել, չէ՞: Ուժ, որի հետ դու կենտրոնում լինես, ոչ թե լուսանցքից էլ դուրս: Եվ արմատներիդ զորությամբ ողնաշար-սաղարթդ պահես ու առաջ գնաս: Որպեսզի մի օր էս մթարքից արև բացվի, ու մենք էլ ուժ հավաքենք, ոտքի կանգնենք: Զի ուղին ուղի չէ, եթե գլուխը կաճառ, իսկ հավատքը տաճար չի տանում: Հայոց բոլոր ժամանակների հերոսամարտերը վկա: (Երգում է)…

2023 թ., նոյեմբեր

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։