ԱՇՈՏ ԱՐՔԱ, ԳԵՎՈՐԳ ՍՊԱՐԱՊԵՏ / Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ

(գեղարվեստական ֆիլմի սցենար)

Ֆիլմն սկսվում է շոշափվող ժամանակաշրջանի իրողություններին ծանոթացնող համառոտ տեքստով, որը դիտողի հայացքի առաջ է գրվում՝ իններորդ դարի մեր տարածաշրջանի քարտեզի ֆոնին։ Գրությունն ուղեկցվում է՝ այն ընթերցող հաղորդավարի ձայնով։ Քարտեզը և տեքստը ասես կիսաթափանցիկ էկրանի վրա են արված, որի ետևում Աշոտ Երկաթ արքայի՝ Եգերացիներից բերած զորքի երթն է, որ Վրաստանով մտնում են Հայաստան։ 

«Հայոց աշխարհ»՝ ճերմակով գրվում է քարտեզին, ուր լճերն ու գետերը կապույտ են, դաշտավայրերն ու անտառները՝ կանաչ, լեռները՝ դեղին, դարչնագույն։ Հետագա տեքստը գրվում է արյան գույնով, «Հայոց աշխարհ» գիրն էլ է փոխում գույնը կարմրի, իսկ քարտեզի վառ գույներն ընթացքում խամրում են, գորշանում, ապա՝ սևանում։

Տեքստ, որը նաև բարձրաձայն է ընթերցվում

«Իններորդ դարի երկրորդ կեսին, արդեն մոտ երկու հարյուրամյակ տևած արաբական լուծը ծանրագույն կացության մեջ էր դրել հայ ժողովրդին, երկիրը դատարկվում էր, տիրում էր սովը, ամենուրեք կարելի էր տեսնել խոշտանգված­սպանվածների դիակներ, որոնց լափում են շներն ու գազանները։ Ներքին պառակտություններն էլ ավելի էին ծանրացնում իրավիճակը, Հայաստանը բաժանված էր բազմաթիվ իշխանապետությունների։ Առանձնանում է Բագրատունիների տոհմը, որը շուտով իշխող է դառնում և հաստատվում որպես թագավորություն՝ ճանաչվելով և՛ Բյուզանդիայի, և՛ արաբական խալիֆաթի կողմից։ Նախ` Աշոտ առաջինի, ապա նրա որդի Սմբատ Առաջինի թագավորության ընթացքում նկատելիորեն բարելավվում է հայ ժողովրդի վիճակը, երկիրը քիչ թե շատ միաբանվում է, ինչը դուր չի գալիս ո՛չ բյուզանդական կայսրությանը, ո՛չ խալիֆաթին։ Յուսուֆը մեծ զորքով արշավում է Հայաստանի վրա։ Հայ ժողովուրդը կենաց մահու կռիվ է մղում, սակայն ուժերն անհավասար են։ Այլընտրանք չունենալով՝ Սմբատ արքան հանձնվում է, այդ կերպ հուսալով փրկել ժողովրդին ծանր կացությունից։ Յուսուֆը, սակայն, խոշտանգումների է ենթարկում նրան, ապա գլխատում, իսկ մարմինը խաչի հանում։ Արքայի նահատակությունից հետո նրա որդին՝ Աշոտ Երկրորդը, որ ժողովրդի կողմից Աշոտ Երկաթ անվանվեց, իր եղբայր Աբասի հետ անընդհատ հարձակումներ է գործում արաբների վրա, նրան հաջողվում է ազատել ոչ միայն մի շարք հայկական գավառներ, այլև Վրաստանի մայրաքաղաք Տփխիսը։ Արաբները խորամանկում են՝ հայոց արքա են կարգում Աշոտ սպարապետին, իր դաժանության պատճառով Բռնապետ կոչվածին, որն Աշոտ Երկաթի հորեղբորորդին է։ Վերջինս, մի քանի իշխանների հետ, ապստամբություն է բարձրացնում Աշոտ Երկաթի դեմ։ Աշոտ Երկաթը, ստիպված, դաշնակիցներ է փնտրում հարևան երկրներում…»

Տեքստի ավարտին՝ էկրանի կենտրոնին հարվածում է նիզակը, էկրանն ասես ապակյա՝ փշրվում է, թափվում՝ մերկացնելով տեսարանը, այն է՝ արքայի զորքը շարունակում է ընթանալ, առջևում են ինքը՝ արքան, Գևորգ իշխան սպարապետը, նրա կողքին՝ որդին՝ Գոռ իշխանիկը, քիչ ետևում՝ սպարապետի թիկնապահ Վահրամն է, արքայի մյուս կողմում նրա թիկնապահն է, ետևում՝ նրա թիկնազորը, որից ետ՝ Եգերացոց մեծաքանակ զորքը։

Այս ֆոնին, Գոռ իշխանիկի հեծյալ պատկերի վրա, գրվում է ֆիլմի վերնագիրը։ Հետևում են տիտրերը։

1

Գոռ իշխանիկն անհանգիստ է, աջ ու ձախ է նայում։

Հեռավոր բլրալանջին ծառերի կատարներ են շարժվում, Գոռն առավել է զգոնանում, ապա պոկվում է տեղից ու արշավում այդ ուղղությամբ։

Գևորգը նշան է անում Վահրամին, վերջինս սլանում է իշխանիկի ետևից։

ԱՐՔԱ (Գևորգին) ­ Անհանգիստ է որդիդ։

ԳԵՎՈՐԳ ­ Հա, նրա աչքին ամենուրեք թշնամի է երևում։

ԱՐՔԱ ­ Ջահել է, արյունը եռ է գալիս… Բայց մենք էլ դեռ ոչինչ, հը՞։

ԳԵՎՈՐԳ ­ Իհարկե, մեզ ի՞նչ է եղել։

Գոռը քարատրոփ ետ է գալիս։

ԳՈՌ (Գևորգին) ­ Չհասա, փախան, երկուսն էին։

ԳԵՎՈՐԳ ­ Տեղացիներից կլինեն, միշտ չի, որ էսպիսի զորք են տեսնում։

ԳՈՌ ­ Չէ, հայր, զինված էին, մեկը ոնց որ եգերացիներից լիներ…

Տեսնում ենք, թե զույգ լրտեսները ոնց են քառատրոփ փախչում։

Հեռվում՝ Ցլիկ Ամրամի և Սահակ Սևադայի միացյալ զորքն է։

Լրտեսները մոտենում են զորքին, նրանցից մեկը ասում է Ցլիկ Ամրամին՝ «Գալիս են»։

ՑԼԻԿ (Սահակին) ­ Պիտի սեղմենք կիրճին, որ փախուստի տեղ չունենա Աշոտը։

ՍԱՀԱԿ ­ Համոզվա՞ծ ես, որ եգերացիները կկատարեն իրենց խոստումը։

ՑԼԻԿ (ձեռքը դնելով եգերացու ուսին) ­ Հը՞, հո պոչ չե՞ք խաղացնելու…

ԵԳԵՐԱՑԻ ­ Մենք ուրիշի համար մեզ կոտորելու միտք չունենք։

ՑԼԻԿ (տոպրակով ոսկին տալով) ­ Դե տար, տուր ձերոնց, մյուսն էլ կռվից հետո կստանաք։

Եգերացին վերցնում է տոպրակը և խթանում ձին։

ՑԼԻԿ (իր զինվորներից երկուսին) ­ Ոuղեկցեք սրան, չառնի փախնի։

Երկու զինվոր միանում են եգերացուն։

ՑԼԻԿ ­ Դեհ, կամաց­կամաց իջնենք, ուր որ է կերևան։

2

Արքայի զորքը մոտենում է կիրճին։

ԳԵՎՈՐԳ (Գոռին) ­ Էս կիրճն էլ անցնենք՝ մտնում ենք Հայաստանի հողը։

Տեսնում ենք, թե եգերացի ձիավորը, հաստաբուն ծառերի ետևից, հարմար պահ ընտրելով՝ ինչպես է միանում իր զինվորներին։

ԱՐՔԱ (թեքվելով Գևորգի ականջին) ­ Գևորգ…

ԳԵՎՈՐԳ ­ Լսում եմ, արքա։

ԱՐՔԱ ­ Ամաչում եմ՝ հայրենիք օտար զորքով մտնել։ Բայց ուրիշ ճար չունեի, գիտես։

ԳԵՎՈՐԳ ­ Գիտեմ, արքա։

3

Կիրճին մոտեցած զորքի վրա հանկարծակի, հարայ­հրոցով, լանջն ի վար, լավայի պես թափվում է Ցլիկ Ամրամի զորքը։

Թեժ մարտ է գնում։

Տեսնում ենք, թե ինչպես քաշվում­հեռանում եգերացիների զորքը։

Արքան մեղավոր­տարակուսած նայում է Գևորգին։

ԳԵՎՈՐԳ ­ Եգերացիները դավաճանացին, արքա, հրեն, փախչում են։

ԱՐՔԱ ­ Տեսնում եմ…

Արքան, Գևորգ իշխանը, Գոռ իշխանիկը մերկասուր՝ խրվում են Ցլիկի զորքի մեջ։

Ցլիկ Ամրամը հայտնվում է արքային դեմ առ դեմ, մի պահ նայում են իրար աչքի, Ցլիկը փախցնում է հայացքը, թրամարտում են։ Հավասար մարտ է։ Արքան աստիճանաբար նեղում է Ցլիկին, բայց վերջինիս համակիրները օգնության են գալիս, արքան թրամարտում է մի քանիսի հետ միաժամանակ։

ԳԵՎՈՐԳ (թրամարտելով հակառակորդի հետ) ­ Արքային պահեք, սրանց նպատակը արքային գերելն է։

Գոռ իշխանը և Վահրամը օգնության են հասնում արքային։ Հատկապես եռանդով է մարտավարում Գոռը, Ցլիկը ետ է քաշվում։

Մարտը շարունակվում է։

Արքայի անհամեմատ սակավաթիվ զորքը ստիպված աստիճանաբար քաշվում­մտնում է կիրճը, որի մյուս կողմում անանցանելի Կուր գետն է։

Օրը թեքվել է, արդեն մթնում է։ Թշնամին, մթան և հոգնածության պատճառով, դադարեցնում է հալածանքը։

4

Գիշեր։ Արքան, իր սակավաթիվ զորախմբի հետ, պաշարված է կիրճում, Կուր գետի ափին։ Նրա հետ է Գևորգ իշխանը, Գոռ իշխանիկը։

Կիրճի միակ ելքը փակել է դավաճան իշխանների զորքը, մի կողմից անանցանելի զառիվերն է, մյուսից՝ խոր գետը։

 Արքան, Գևորգը և Գոռը նստած են մացառուտում, կոճղի մոտ։

Քիչ հեռու՝ զինվորների մի խումբ կրակ է արել, խոզ են խորովում, նրանց հետ է Վահրամը։

Գետին մոտ տղմուտում երևում են սպանված զինվորների դիերը։ Մեկը վիրավոր է, բայց խրվել է տիղմի մեջ, դուրս չի կարող գալ։

ԱՐՔԱ (գոռում է) ­ Քաշեք, հանեք էդ խեղճին… Էնտեղ է, ձեռքիս ուղղությամբ։

Զինվորները քաշում­հանում են վիրավորին։

ԱՐՔԱ (Գևորգին) ­ Տեսա՞ր ինչ եղավ, իշխան Գևորգ, ես եգերացիներից նվաստանալով օգնություն խնդրեմ, զորք բերեմ, որ երկիրը միաբանեմ, արաբին կռիվ տամ, բայց հազիվ երկրիս շեմը կոխած՝ իմ իշխաններն ինձ ծուղակ սարքեն, սպանել ուզեն… Էդ Ցլիկը, Ցլիկ Ամրամը, որին ես գավառապետ էի կարգել Ուտիքում… (Գոռում է դեպի կիրճի բերանը փակած թշնամին). Ցլի՛կ, ես քո տիրու…

 Ձայնն արձագանքում է կիրճի պատերից, ուժգնանում։

 Վերից լսվում է Ցլիկի խրխինջ հիշեցնող հռհռոցը, որը նույնպես արձագանքում է ուժգնանալով։

Հեռվից ոռնում, ապա ծիծաղում է շնագայլը, տեսնում ենք նրա ուրվապատկերը լուսնի ֆոնին։

ԳԵՎՈՐԳ ­ Ցլիկ Ամրամը բոլորին հայտարարում է, թե արքան սիրաբանում է իր կնոջ հետ և ինքը խանդից վրիժառու է դարձել։

ԱՐՔԱ ­ Սուտ է ասում։ Ինքը լավ գիտեր, որ ես ու Ասպրամը սիրում ենք իրար, ու չնայած դրան՝ հոժարակամ կին առավ նրան։

ԳԵՎՈՐԳ ­ Գիտեր, բայց ասում է՝ թե ձեր սերը այժմ էլ շարունակվում է։

ԱՐՔԱ ­ Շարունակվել է, այո, չպիտի շարունակվե՞ր… Ինքն էլ աչք էր փակում, որովհետև իրեն ձեռնտու էր, իմ բարեհաճությունն էր վայելում։ Իսկ հիմա ախորժակը թեժացավ, ուզում է Բռնավորին ու արաբին ծառայել։ Չէ, Ասպրամը պատրվակ է… (դադարից հետո). Վերջապես ունե՞մ ես սիրո իրավունք… արքա՞ եմ ես, թե ոչ։

ԳԵՎՈՐԳ ­ Արքա ես, անշուշտ, դու ես տիրակալը էս թշվառ երկրի։

 ԱՐՔԱ ­ Եվ ով է կանգնած Ամրամի կողքին՝ Սահակ Սևադա իշխանը՝ իմ աներն իր Գրիգոր որդու հետ, իմ կնոջ՝ հայոց թագուհու հայրը, եղբայրը… Սրա՞նց պատրվակը որն է…

ԳԵՎՈՐԳ ­ Նույնը։ Դու դավաճանում ես նրանց դստերն ու քրոջը։

ԱՐՔԱ ­ Հրաշալի պատրվակ է երկուսի համար էլ, չլիներ՝ իրենք կհնարեին, իրականում ագահությունն է տիրել նրանց սրտերին, իշխան, Յուսուփի կողմից թագավոր կարգված հորեղբորորդիս հավանաբար առատ խոստումներ է տվել, խելքները կերել ու հանել իմ դեմ։ Իհարկե, Բռնապետ Աշոտը նրանց համար գերադասելի է Աշոտ Երկաթից, չէ՞ որ նրա հովանավորը արաբական ամիրապետն է։

Վահրամը, Գևորգ իշխանի թիկնապահը, լայն տերևով փաթաթած երկու կտոր միս է բերում, դնում նրանց առաջ։

ՎԱՀՐԱՄ ­ Էս խոզը տիղմի մեջ խրվել­մնացել էր։

ԱՐՔԱ (Գևորգին) ­ Ագահությունը կուրացրեց նրանց, իշխան… Բայց ես նրանց կբռնեմ ու իսկապես կկուրացնեմ, աչքերը կհանեմ, որ էլ չգայթակղվեն։

ԳԵՎՈՐԳ ­ Սակայն նրանց բռնելու համար մենք նախ պիտի դուրս գանք էստեղից, Աշոտ, (ցույց տալով ելքը). ելքը մեկն է էս նեղուցից ու էդ ելքին իրենք են կանգնած զորքով։

ԱՐՔԱ ­ Փախան, ուրեմն, եգերացիները, կաշառվեցին…

Արքան կատաղած շպրտում է ձեռքի կերակուրը, բռունցքը խփում կոճղին։

ԳԵՎՈՐԳ ­ Գիշերով չեն հարձակվի, հոգնած են, համ էլ շտապելիք չի՝ մեզ էստեղ մտցրել՝ պինդ­ապահով փակել են։ Բայց լուսաբացին վրա են տալու։ Մինչև լուսաբաց մի ճար պիտի գտնենք։ (Տեսնելով, որ Գոռը չի ուտում). Կեր, տղաս, ուժ հավաքի, պետք կգա։

ՎԱՀՐԱՄ (գավաթով գինի բերելով ու դնելով կոճղին) ­ Էն վրացու տիկի տակ երեկվա ընթրիքից մնացել էր մի քիչ։ (Գնում է)։

Արքան, իշխանը և իշխանիկը խմում են, լուռ են, երևում է՝ մտածում են լարված։

ԱՐՔԱ ­ Հը՞…

ԳԵՎՈՐԳ (ուսերն անորոշ թոթվում է) ­ Լավ գինի է։

ԱՐՔԱ ­ Հարամ արին, կոկորդներիս կանգնեց։ Ինքը վրացի՞ն ինչ եղավ, խեղճը մեզ հյուրասիրելով ծուղակի մեջ հայտնվեց։ (Վահրամին կանչելով). Մոտ արի։ (Երբ Վահրամը մոտենում է). Էն տեղացին, որ երեկ ճաշին մեզ հետ էր, մեզ համար ձուկ ու գինի էր բերել, ի՞նչ եղավ, սպանվե՞ց։

ՎԱՀՐԱՄ ­ Չէ, ասաց՝ էս իմ կռիվը չի, կուժով գինին վերցրեց, մտավ քարի տակ, հիմա էնտեղ խռմփացնում է։

ԱՐՔԱ ­ Արթնացրու, մոտս բեր։

 Մի նետ է սուրալով գալիս­խրվում է ծառի բունը, Գոռի կողքին, Գոռը նետի շվվոցին հետամուտ՝ խրվելու պահին հասցրել էր բռնել պոչը։

ԳԵՎՈՐԳ ­ Էդ կրակը հանգցրեք, թիրախ ե՞ք լուսավորում։

Կրակին ջուր են լցնում, հանգցնում։ Քնահարամ, ցմփոր վրացուն բերում են արքայի մոտ։

ԱՐՔԱ ­ Վատ ստացվեց, եղբայր, դու մեզ պատիվ տվիր, մենք քեզ գցեցինք կրակը. բայց վկա է աստված՝ մեղք չունենք։

ՎՐԱՑԻ ­ Կպատահի, ցավդ տանեմ։

ԱՐՔԱ ­ Հա, բայց թշնամին ելքին կանգնած է, ո՞նց ենք էստեղից դուրս գալու, մի ճամփա ցույց տուր, տեղացի մարդ ես։

ՎՐԱՑԻ ­ Դուրս կգանք, ցավդ տանեմ, մի վախի։ Մի ձի կնվիրե՞ս ինձ։

ԳԵՎՈՐԳ (ինքն իրեն) ­ Ձիուց շատ ինչ կա հիմա։

ԱՐՔԱ ­ Ինքս էի ուզում նվիրել, առանց քո ասելու։ (Վահրամին). Մի լավ ձի ջոգեք, տվեք էս մեր ազիզ բարեկամին։

ՎՐԱՑԻ ­ Շնորհակալ եմ, ցավդ տանեմ։ Ես էս ջրերում ամեն օր ձուկ եմ բռնում…

ԱՐՔԱ ­ Հը…

ՎՐԱՑԻ ­ Էսպես փրփրած ա, չէ՞, վախենալու ա, չէ՞, ցավդ տանեմ, բայց ես մի ծանծաղ տեղ գիտեմ… Մենակ՝ ես, ուրիշ ոչմին չգիտի։

ԱՐՔԱ ­ Ձիերը հեծե՛ք։ Շո՛ւտ։

ԳԵՎՈՐԳ ­ Սպիտակ ձիերը թողեք, սևերը հեծեք։

5

Զինվորները, թվով մոտ երկու հարյուր հոգի, հեծնում են ձիերը,

վրացին էլ իրեն նվիրած ձին է հեծնում,

արքան և իշխանը՝ նույնպես, ու բոլորը վրացու ետևից մտնում են գետը։

Թվում է՝ գետը ուր որ է տակով կանի նրանց, բայց վրացին ճշգրիտ ճամփով է տանում, այնպիսի տպավորություն է՝ կարծես ջրի վրայով՝ օդով են ընթանում։

Անցնում են ափը։

6

Լեռնային կածանով, գիշերային խավարի մեջ, սլանում է արքան իր զորախմբով, նրա հետ է իշխան Գևորգը, Վահրամը և Գոռը։

Ձիերի վարգն աստիճանաբար թուլանում է, արքան ու իշխանը զրուցում են։

ԱՐՔԱ ­ Հոգնեցի, իշխան, ինչ ինձ հիշում եմ՝ կռիվ եմ տալիս, բայց թշնամին չի պակասում, ոնց որ ինքս ինձ հետ կռիվ տամ։ Երևի փակվեմ Կաքավաքարում. գնացեք՝ ինչ ուզում եք արեք, թող Բռնավոր Աշոտը թագավորի կամ Գագիկ Արծրունին, էս երկրում ինչն ա շատ՝ թագավորը։

ԳԵՎՈՐԳ ­ Իրավունք չունես, Աշոտ Երկաթ, դո՛ւ չես քեզ թագավոր կարգել…

ԱՐՔԱ (ծաղրով) ­ Ժողովուրդը։

ԳԵՎՈՐԳ ­ Ոչ էլ ժողովուրդը, թագավոր՝ երկինքներն են կարգում։

ԱՐՔԱ ­ Աչքիս՝ խորամանկում ա էդ երկինք կոչվածը՝ ինձ էլ ա կարգում, արաբների Բուղային էլ, վրացիների Ատրներսեհին էլ, ափխազների Բերին էլ, բյուզանդների Կոստանդիանոսին էլ… Կարգում ա ու ոչ մի կարգ չի հայտնում, նրանք էլ, քանի որ կարգված են, ամեն մեկն իր էշն ա քշում իր ուզածով, բա վերջը՞…

ԳԵՎՈՐԳ ­ Չգիտեմ, արքա, մեր որոշելիքը չի, մենք մեր առաքելությունը կատարենք։

ԱՐՔԱ ­ Ուֆֆֆ…

7

Ցլիկ Ամրամի ապարանքը, նրա կնոջ՝ Ասպրամի ննջարանը։

Ասպրամը նստած է գահավորակին։

Սպիտակ օձը սողում է անկյունից, մոտենում տիրուհու ոտքերին, բարձրանում նրա ծնկներին։ Ասպրամը շոյում է օձին։

ԱՍՊՐԱՄ ­ Այս ապարանքում իմ միակ բարեկամը դու ես, օձ։ Գուցե ասե՞ս ինձ՝ ուր է իմ սիրեցյալը։ (Օձը բարձրանում է նրա ուսին, գլուխը մտցնում մազերի մեջ, Ասպրամը շարունակում է շոյել նրան)։ Ասեց՝ հենց եկա Եգերացոց երկրից՝ հանդիպելու ենք։ Սակայն նա չգիտեր, որ իմ ամուսին Ցլիկ Ամրամը դավաճանելու է իրեն ու մյուս դավաճանների հետ ծուղակ է սարքելու։ Մի՞թե նրանք կհաջողեն իրենց սև գործը։ Օձ, օձ, ասա, ո՞ղջ է արքաս, շշնջա ականջիս, խնդրում եմ, ուրիշ էլ ո՞ւմ հարցնեմ… Լռում ես։ Դե գնա ուրեմն քո բույնը։

Իջեցնում է օձին, մոտենում սեղանիկին, ուր արծաթյա թասով ջուր կա, նայում իր արտացոլմանը, մատով թեթև ալեկոծում ջրի մակերեսը, նորից նայում, վանդակից հանում է մի քանի թռչուններից մեկին՝ լոր կամ կաքավ կամ տատրակ, դնում հարթ մակերեսի վրա, դաշույնի վարժ հարվածով գլխատում, մարմինը երկու ձեռքով ամուր սեղմելով՝ արյունը քամում թասի ջրի մեջ, նույն դաշույնով խառնում ջուրը, նորից նայում մեջը, ապա կտրուկ շրջվում, թռչնի մարմինը նետում օձին ու փութով դուրս գալիս ննջարանից։

Ասպրամը, ձի հեծած, գիշերային ճամփով միայնակ արշավում է դեպի Կաքավաքարի ամրոցը, հերարձակ է, փարթամ մազերը սավառնում են օդով։

Մի պահ տեսնում ենք օձին, որ կիսով կուլ է տվել թռչնի մարմինը։

8

Արքայի զորախումբը հասնում է ճամփաբաժանի։ Իշխանը պահում է իր ձիուն։

ԳԵՎՈՐԳ ­ Եթե ես քեզ պետք չեմ, արքա, գնամ Գառնու ամրոցը, թագուհին էնտեղ է, Վեհափառ Հայրապետը նույնպես, սպասում են։

ԱՐՔԱ ­ Գնա, սպարապետ, ասա թագուհուն, որ հիմա չեմ կարող գալ… Բացատրիր իրավիճակը… (Գրկում է իշխանին). Քեզ լավ նայիր, իշխանս։ (Գրկում է Գոռին). Կեցցես, քաջ զինվոր ես։

ԳԵՎՈՐԳ ­ Հովհաննես Հայրապետին ի՞նչ հաղորդեմ։

ԱՐՔԱ ­ Բարևներս։

Գևորգ իշխանն իր թիկնապահ Վահրամի և Գոռի հետ սլանում է դեպի Գառնու ամրոցը։

Արքան շարունակում է ընթացքը դեպի Կաքավաքար։

9

Գառնու ամրոց: Լուսաբացին մոտ, բերդի գլխին կանգնած է ասպազեն Շահանդուխտը, աչքը ճամփին է, անհանգիստ է։

10

Գառնու ամրոց: Թագուհու ննջարանը, թագուհին քնած է։

Հանկարծ սկսում է շնչահեղձ լինել, սարսափած վեր է թռչում, շնչահատ է, քրտնած՝ կանչում է դայակին՝ «Զարուհի՜»։

Գալիս է դայակը։

ԶԱՐՈՒՀԻ ­ Ի՞նչ եղավ, թագուհի։

ԹԱԳՈՒՀԻ ­ Ծանր երազ տեսա, շունչս կտրվում է։ Ջուր տուր։ (Խմելով մատուցված ջուրը). Արքան՝ Աշոտը խեղդվում էր սառը ջրերում, ալիքների մեջ, նրա հետ ջրերի մեջ էր նաև նա՝ Ասպրամը… Բայց այնպես էի զգում, ասես նրանց հետ ես էլ եմ խեղդվում…

ԶԱՐՈՒՀԻ ­ Հանգստացիր, թագուհիս, ընդամենը՝ երազ է։ (Բարձը ուղղելով). Այս բարձը չոր է երևի, այսօր կփոխեմ…

ԹԱԳՈՒՀԻ ­ Գևորգ իշխանը չի՞ ժամանել, արքայից լուր չկա՞…

ԶԱՐՈՒՀԻ ­ Ոչ։ Քնիր թագուհի, լույսը դեռ չի բացվել, քնիր։

ԹԱԳՈՒՀԻ ­ Լավ, գնա։

Զարուհին դուրս է գալիս, թագուհին աչքերը փակում է՝ փորձելով քնել։

11

Կաքավաքար։ Արքան իր թիկնազորով մտնում է ամրոց,

իջնում է ձիուց, բարձրանում է աստիճաններով։

Արքան մտնում է ննջասենյակ։

Օջախը վառվում է ճտճտալով։

Սենյակում անհանգիստ ետառաջ է անում Ասպրամը, որ տեսնելով Աշոտին՝ նետվում է նրա գիրկը։

ԱՐՔԱ ­ Դո՞ւ… Էս ինչ բախտ է, միակ բանը, որ հիմա երազում էի՝ քեզ տեսնելն էր… Բայց ո՞նց… Ի՞նչ իմացար այստեղ եմ։

ԱՍՊՐԱՄ ­ Ես քե՛զ գիտեմ, դա հերիք չի՞…

ԱՐՔԱ ­ Վտանգավոր չէ՞ր…

ԱՍՊՐԱՄ ­ Ես պիտի տեսնեի քեզ, Աշոտ, ինչ գնով էլ լիներ։ Նրանք դավաճանեցին իրենց արքային, ես իմացա դա, բայց արդեն ուշ էր, քեզ զգուշացնել անկարող էի։ Ո՞նց ես, ո՞նց ես, սիրելիս…

ԱՐՔԱ (փակելով նրա բերանը) ­ Սսս… (Ագահորեն համբուրում է)

Արքան և Ասպրամն արագ, հախուռն դեն են նետում իրենց հագուստները և գրկընդխառն նետվում անկողնուն։

Ասպրամը վայրի գազանիկի պես ճանկռում է արքայի մեջքը, շշնջում՝ «Սիրիր ինձ, արքաս, պինդ սիրիր, շատ սիրիր, վկայում է սիրտս՝ սա մեր վերջին սերն է»։

Արքան կրքի մեջ չի լսում նրան, տեսարանը շարունակվում է՝ մինչև Ասպրամի հեշտանքի գագաթնակետը։

12

Գևորգ իշխանն իր թիկնապահի և Գոռի հետ քառասլաց մոտենում են Գառնու բերդին։

Բերդի գլխին կանգնած Շահանդուխտը նկատում է նրանց, դեմքին ժպիտ է հայտնվում։

Ժպտում է նաև Գոռը՝ նրան տեսած։

Լսվում է բերդապահի հրամանը՝ «Բացեք դարպասը, իշխանն է գալիս»։

Դարպասը բացվում է:

Իշխանը ներս է մտնում:

Դարպասը փակվում է։

Գոռը պահում է հոր ձին, հայրը իջնում է, նրանք գրկախառնվում են։

Իր պատուհանից նայող թագուհու դեմքը, որ Գևորգին տեսնելով՝ փութով ետ է քաշվում։

Թագուհին վազում է միջանցքով։

Թագուհին դուրս է գալիս բակ՝ իշխանին ընդառաջ։

ԳԵՎՈՐԳ ­ Ներս գնանք, թագուհի, լուսաբացը սառն է, կմրսես։

Գավիթում՝ թագուհին և իշխանը։

ԹԱԳՈՒՀԻ ­ Հավատս չի գալիս… Ցլիկ Ամրամից սպասելի էր, բայց իմ հայրն ու իմ եղբայրները… Դա հաստա՞տ է, իշխան։

ԳԵՎՈՐԳ ­ Հաստատ է։ Գրիգոր և Դավիթ եղբայրներիդ իմ աչքով եմ տեսել կռվողների մեջ։

ԹԱԳՈՒՀԻ ­ Աշոտը առո՞ղջ է, անվնա՞ս։

ԳԵՎՈՐԳ ­ Մարմնապես՝ այո, թագուհի, բայց հոգին սաստիկ տկարացած է, այս դավաճանությունը խիստ խոցեց արքայի սիրտը։ Խնդրեց հայտնել քեզ, որ առայժմ կմնա Կաքավաքարում, այնտեղի բերդն ապահով է։

ԹԱԳՈՒՀԻ ­ Նաև հարմար է՝ թաքուն հանդիպումների համար…

ԳԵՎՈՐԳ ­ Խանդի ժամանակը չէ, տիրուհի, երկիրը վտանգի մեջ է։

ԹԱԳՈՒՀԻ ­ Այս երկիրը միշտ է վտանգի մեջ, գոնե իմ գոյության ընթացքում ես չեմ տեսել գեթ մի օր, որ լիովին անվտանգ լինի։

ԳԵՎՈՐԳ ­ Իմացա, որ Հովհաննես հայրապետն այստեղ է։

ԹԱԳՈՒՀԻ ­ Երեկ մեկնեց. լուր բերին, որ արաբների ոստիկանն իրեն է փնտրում, հապշտապ հավաքվեց ու մեկնեց։

ԳԵՎՈՐԳ ­ Ո՞ւր։

ԹԱԳՈՒՀԻ ­ Ասաց՝ ինքս էլ չգիտեմ, ճանապարհին կորոշեմ։

ԳԵՎՈՐԳ ­ Մեզ էլ չի վստահում խեղճը։

ԹԱԳՈՒՀԻ ­ Ասաց՝ վկայում է սիրտս, Նըսըր ոստիկանը վճռել է սպանել ինձ։

Բերդի խորքում, ծառերի ստվերում՝ գրկախառնված Գոռն ու Շահանդուխտը։ Շահանդուխտը զգում է, որ Գոռի թևը տկար է։

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ ­ Վիրավոր ես, աստված իմ… Արնաքամ ես լինում…

ԳՈՌ ­ Հա, արդեն շունչս փչում եմ…

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ ­ Գնացինք, շուտ… Ինչ վատն եմ, գրկիս մեջ պահել եմ քեզ, փոխանակ… Արի, ներս գնանք, թող բժիշկները նայեն վերքդ, դեղ դնեն…

ԳՈՌ ­ Իմ միակ դեղը դու ես, Շահանե։ (Նորից գիրկն է քաշում աղջկան)։

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ ­ Դու խենթ ես, Գոռ իշխանիկ… Բա որ թևդ կտրե՞ն…

ԳՈՌ ­ Անթև՝ չես սիրի՞…

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ ­ Կսիրեմ, անթև, անոտ… (Համբուրվում են)։

13

Իր անկողնում քնած է Աշոտ Երկաթը:

Կողքի բարձը թափուր է, միայն Ասպրամի հերակալն է։

Ներս է գալիս թիկնապահը, ձայն է տալիս՝ կամաց հրելով արքայի ուսը:

ԹԻԿՆԱՊԱՀ ­ Արքա, տեր…

Աշոտն արթնանում է։ Ձեռքը տանում է անկողնով՝ Ասպրամին է որոնում։

ԱՐՔԱ (հերակալը բռնած) ­ Ո՞ւր է…

ԹԻԿՆԱՊԱՀ ­ Մեկնեց, լույսը նոր էր բացվել։ Արքա, լուր բերին, Սահակ իշխանն իր որդիների և զորքի հետ դեպի իր ավանն է արշավում։

ԱՐՔԱ (վեր կենալով) ­ Հավաքվեք, արագ։

Արքայի զորախումբն արշավում է լեռնալանջի քարքարոտ ճամփով։  

Կանգ են առնում։

Խմբից առանձնանում են զույգ լրտեսներ և քառարշավ սլանում զարտուղի ճամփով։

Արքան իր զորախմբով մտնում է անտառակը և կանգ առնում։ Սպասում են։

14

Դվինի կողմից դեպի Գառնի է շարժվում Բըշըր զորապետի զորախումբը։

Բըշըրի կողքին է իր թիկնապահը, Նըսըր ոստիկանի ներքինապետ Յասըրը՝ ներկած աչքունքով, կանացի շարժուձևով, այստեղ է նաև մոլլան։

ԲԸՇԸՐ (Ներքինապետին) ­ Ասում ես՝ լավ գիտե՞ս Գառնու ճամփեն, Յասըր։ Տես, սխալ տեղ չտանես, թե չէ գիտես չէ՞ ինչ կանեմ։

Մոլլան նայում է վեր՝ երկնքին, արևին, տնկում է մատը, հետևում ստվերին, ապա ձեռնափը հպում այտին ու մուղամ ծործորում, ինչը նշան է, որ կանգ առնեն, իջնեն ձիերից և ծալապատիկ աղոթեն։

Բըշըրի տեսքից զգացվում է, որ դժգոհ է, շտապում է, հաճույքով կշարունակեր ճանապարհը, բայց ստիպված է ենթարկվել կարգին. իջնում է ձիուց։

Ամբողջ զորախումբը ծալապատիկ աղոթում է մոլլայի ծործորուն երգեցողության ներքո։

15

Վերից տեսնում ենք, թե ինչպես է ճամփով ընթանում Սահակ Սևադայի զորքը։

Ճամփաբաժանին զորքը, իշխանի կրտսեր՝ Դավիթ որդու գլխավորությամբ, թեքվում է դեպի Գարդմանա ավանի զորանոցները։

Իշխանն ու իր ավագ՝ Գրիգոր որդին, փոքրիկ թիկնազորով, շարունակում են ընթացքը դեպի Գարդմանա ամրոց։

Այս անցուդարձին, սարալանջի անտառից, թաքուն հետևում է Աշոտ Երկաթն իր զորախմբով։

Արքան նշան է անում, և զորախումբը անաղմուկ, աննկատ, շարժվում է լանջով՝ Սահակ իշխանին համընթաց։

Սահակ իշխանն իր խմբով՝ ծառաշատ ձորակում,

հեռվում երևում է ամրոցը։

Հանկարծակի նրանց շրջապատում է արքայի զորախումբը։

Նետաձիգները նետերը լարած պահում են թիկնազորի վրա,

մյուսները զինաթափում են թիկնազորին, Սահակ իշխանին և Գրիգոր իշխանին։

Արքան մոտենում է նրանց։

ԱՐՔԱ ­ Հարգանքներիս հավաստիքը Սահակ իշխանին, նրա որդուն։ Որսի եք ելել ոնց որ, հա՞։ Բա ո՞ւր է որսը։ Էդպես պատահում է՝ ելնում ես որսի, բայց ինքդ ես որոգայթն ընկնում. երեկվա որսորդը այսօր մեկ էլ որս է դառնում։          

Նշան է անում, զինվորները Սահակին և նրա որդուն կապում են ծառին։

ԱՐՔԱ ­ Կրտսեր Սևադա՞ն ուր է։

ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻՑ մեկը ­ Զորքի հետ մնաց, արքա։

ԱՐՔԱ ­ Ի՞նչ ես լռում, ասելու բան չունե՞ս, սիրելի աներ։

ՍԱՀԱԿ ­ Որդուս խնայիր։

ԱՐՔԱ ­ Խնայե՞մ… Իսկ եթե ձեր սարքած ծուղակը հաջողեր՝ ինձ խնայելո՞ւ էիք, պատասխանիր, խնայելո՞ւ էիք…

Սահակը լռում է։

ԱՐՔԱ (Թիկնազորայիններին) ­ Փորեք նրանց աչքերը, որ այլևս չգայթակղվեն։ Թիկնապահներին վնաս չտաք, թող տանեն­հասցնեն տուն նրանց։

Զինվորականներից մեկը հանում է կարթաձողի պես մի երկաթյա զենք, ծայրը՝ կեռիկ արած։ Երկու ուրիշ զինվորներ ամուր բռնում են գերվածների գլուխները՝ սեղմելով ծառաբնին։

Արքան շրջվում, հեռանում է իր թիկնապահներով։ Նրա թիկունքում լսվում են խոշտանգվողների ցավի ճիչերը։

16

Բըշըրն իր զորախմբով ճամփին է, արդեն մոտ են Գառնու ամրոցին։

Նրա զորքում առանձնանում է Ջամալ անունով զինվորը, որ սևամորթ է, հաղթանդամ, բարձրահասակ։

Հարևան սարալանջին սովյալ, խոշտանգված, հալածական հայերի խումբ է երևում, արմտիք են որոնում, բանջար։

Բըշըրը մոտենում է, սովյալների խումբը երկյուղած սպասում է։

Մի ծերունի մոտ է կանգնած զորախմբի ճամփին, կրծքին երևում է փայտյա մեծ խաչը՝ կոպիտ թելից կախ, ծերունին ինչ­որ արմատ է ծամում ու անտարբեր նայում Բըշըրին։

Բըշըրը ձեռքով մոտ է կանչում նրան։ Ծերունին մոտենում է։

ԲԸՇԸՐ ­ Քեզ ու ընկերներիդ հաց կտամ, հենց հիմա, հրեն, ձիուն բարձած ա։ Բայց էդ խաչը պիտի հանես ու դեն գցես, գցի՝ տամ։

Ծերունին թքում է ծամածը, նայում Բըշըրին, արհամարհական ժպտում։

ՆԵՐՔԻՆԻ ­ Այ բիձա, էդ փետի կտորը քեզ ինչ ա տալու, շպրտի, էլի, մեղք չե՞ս։

Ծերունին համբուրում է խաչը ու թողնում տեղում, դեմքին նույն ժպիտն է։

ԲԸՇԸՐ ­ Ուրեմն քեզ հաց պետք չի։ Քեզ երևի կյանքն էլ պետք չի։ (Ընկերներին). Ուզում ա շուտ գնա իր աստծու մոտ։ Բերեք օգնենք խեղճ մարդուն։ (Նշան է անում զինվորներին)։

Երկու զինվոր ձիերից իջնում են, մեկը պարան է հանում, գցում ծերունու վիզը, երկուսով երկու կողմերից քաշում են պարանը՝ խեղդում ծերունուն։

Ծերունին ջղացնցվում է, ապա անշարժանում, փլվում գետնին։

Սովյալները սարսափած փախչում են լանջով՝ սայթաքելով ու բարձրանալով։

Մի կին սայթաքում ընկնում է բերանքսիվայր, անուժ է բարձրանալու, զգեստը բարձրացել է՝ մերկացնելով ազդրերը։

Բըշըրը նկատում է, թե ոնց է վավաշոտ նայում նրան սևամորթ Ջամալը։ Բըշըրը հայացքով թույլտվություն է տալիս։

Ջամալն իջնում է ձիուց ու վազում կնոջ կողմը։

Հասնում է, արձակում տաբատը, բռնաբարում անուժ կնոջը՝ պատառոտելով հագուստը, բռնանալու ընթացքում խեղդելով։

Դիտող զինվորները հռհռալով քաջալերում են։

Ներքինին արհամարհանքով փնչացնում է։

Ջամալը վերադառնում է։

Կինը մնում է անշնչացած պառկած լանջին։

Զորախումբը շարունակում է ճանապարհը։

17

Գառնու ամրոցի բակում Գևորգ իշխանը թրամարտում է որդու՝ Գոռի հետ։ Մարզվում են։ Հավասար մարտ է գնում։

Բակի խորքից նրանց է հետևում Շահանդուխտը, ցավում է Գոռի համար, դիմախաղերով ոնց որ հուշի նրան՝ պաշտպանվել, հարձակվել։

Գևորգը նկատում է աղջկան, դիտավորյալ այնպես անում, իբր Գոռի հերթական հարվածից ծունկը թուլացավ­ծալվեց։

ԳԵՎՈՐԳ ­ Լավ, թողնենք, հոգնեցի։ Կեցցես, տղաս, ուժդ կրկնապատկվել է։

ԳՈՌ ­ Մշտապես մարզվում եմ։

ԳԵՎՈՐԳ (իբր նոր նկատելով Շահանդուխտին) ­ Սյունյաց իշխանի դուստր Շահանդուխտը չէ՞… Մոտ արի, աղջիկս։

ԳՈՌ ­ Գիտե՞ս ոնց է թրամարտում, տղամարդը կնախանձի։

ԳԵՎՈՐԳ ­ Հա՞… Ապա թուրդ տուր նրան։

Գոռը թուրը տալիս է Շահանդուխտին, նա վերցնում է, շփոթված է։

ԳԵՎՈՐԳ ­ Սկսե՞նք։

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ ­ Չեմ համարձակվում, իշխան։

ԳԵՎՈՐԳ ­ Իսկ դու համարձակվիր։ Դե՞… Մի պահ պատկերացրու՝ ես Նըսըրն եմ։ Հարձակվիր։

Աղջիկը հարձակվում է։ Թրամարտում են։

Հիմա էլ Գոռն է ակտիվ դիմախաղերով ցավում իր ընտրյալի համար։

Շահանդուխտի վարսերը հանկարծ սպրդում են վարսակալից ու թափվում դեմքին, աչքերը փակվում են։

ԳԵՎՈՐԳ ­ Էէ, էդպիսի վարսակալով դու քեզ զոհ կտաս, աղջիկս։

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ ­ Մազերս կտրելու եմ։

ԳԵՎՈՐԳ ­ Ափսոս են։ Գնա մեզ ջուր բեր, անուշս։

Շահանդուխտը հեռանում է։

ԳԵՎՈՐԳ (նրա ետևից կանչելով) ­ Չէ, սպասիր, ասա, թող խոտերից տաք թուրմ տան մեզ, ներսում։

Հայրը գրկում է որդու ուսերը, նրանք ներս են գնում։

18

Ոստիկան Նըսըրի զորապետ Բըշըրն իր թիկնախմբով գալիս է դեպի Գառնու բերդը։

Բերդագլխին կանգնած դիտորդը կանչում է՝ «Իշխան, արաբներն են գալիս»։

Իշխանն է մոտենում դիտորդին, նայում է ցած։

ԳԵՎՈՐԳ ­ Բըշըրն է։

Իշխան Գևորգը որդու՝ Գոռի և մի քանի թիկնապահների հետ դուրս է գալիս բերդից՝ դիմավորելու։ Բերդապատերին հայտնվում են նետաձիգները։

Բըշըրի խումբը կանգ է առնում մի հարյուր մետրի վրա, նրանից պոկվում է մի ձիավոր, արշավում դեպի իշխանը, մոտենալով՝ ողջունում է գլխի հակումով։

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ ­ Ողջույն իշխան Գևորգին։ Մեծ զորապետ Բըշըրն ուզում է խոսել քեզ հետ։

ԳԵՎՈՐԳ ­ Հաղորդիր մեծ զորապետին, որ իշխան Գևորգն ուրախ է նրան ընդունել իր ապարանքում։

ԳՈՌ (մեկուսի) ­ Ուրախությունից տրաքում ենք։

Սուրհանդակը ետ է արշավում, միանում խմբին, ապա խումբը Բըշըրի գլխավորությամբ գալիս է դեպի Մարզպետունին։

ԲԸՇԸՐ (մոտենալով) ­ Ողջույն, իշխան Գևորգ։

ԳԵՎՈՐԳ ­ Ողջույն, զորապետ Բըշըր։ Չէի կարծում, թե կկարոտես ինձ։

Մտնում են բերդի դարպասով։

Կանայք ջուր են լցնում, Բըշըրն իր թիկնապահներով լվացվում են, ապա չորացնում իրենց ձեռքն ու դեմքը ցամքոցներով։

Նրանց ձիերին տանում են ծածկի տակ և գարի տալիս։

Մինչ այդ կանայք սեղան են գցում։

ԳԵՎՈՐԳ (հրավիրելով սեղանի մոտ) ­ Կիսիր մեզ հետ մեր կերակուրը, զորապետ, մինչ կհայտնես գալուդ նպատակը։

Նստում են. իշխանն է Գոռի հետ, թիկնապահ Վահրամը, մի քանի համհարզներ, Բըշըրը՝ իր համհարզներով, մոլլան և ներքինին, մնացյալը քիչ հեռվում են կերակրվում։

ԲԸՇԸՐ ­ Եկել եմ ոստիկան Նըսըրի հրամանով՝ կաթողիկոսին տեսնելու և խոսելու հետը։

ԳԵՎՈՐԳ ­ Ես էլ գործ ունեմ կաթողիկոսի հետ, բայց էստեղ չի, մեկնել է։

ԲԸՇԸՐ ­ Մեկնե՞լ է…

ԳԵՎՈՐԳ ­ Այո։ Իզուր էսքան ճամփա կտրեցիր, զորապետ։

ԲԸՇԸՐ ­ Բայց մեզ հաստատապես ասել են, որ էստեղ է։

ԳԵՎՈՐԳ ­ Այստեղ էր, բայց հանկարծ վեր է կացել ու գնացել։ Հո քեզ չե՞մ խաբում, զորապետ։

ԲԸՇԸՐ ­ Ո՞ւր է գնացել։

ԳԵՎՈՐԳ ­ Չգիտեմ, տեղյակ չի պահել։

ԲԸՇԸՐ ­ Մի տեղ տիտիկ չի անում…

ԳԵՎ.ՈՐԳ ­ Կաթողիկոսն ինքն է որոշում իր ուր լինելը։

ԲԸՇԸՐ ­ Կաթողիկոսը կաթողիկոսարանում պիտի լինի, Դվինում, իշխան։

ԳԵՎՈՐԳ.­ Կաթողիկոսն իր երկրի մեջ ուր էլ լինի՝ իր աթոռանիստն է։

ԲԸՇԸՐ ­ Ուրեմն մե՛նք տեր կկանգնենք Դվինի կաթողիկոսարանին ու իր կալվածքներին։

ԳԵՎՈՐԳ ­ Նա շուտով իր տեղը կհայտնի ինձ։

ԲԸՇԸՐ ­ Ինչքա՞ն սպասենք, պարապ ենք, էլի…

ԳԵՎ.ՈՐԳ ­ Ես նրան կտեսնեմ և կհայտնեմ ձեր բոլոր անհանգստությունները։

ԲԸՇԸՐ­ (Գավաթ բարձրացնելով) — Ինչորիսա։ Ողջ լինես, իշխան Գեվորգ։ (Բայց զգուշավոր է՝ սպասում է մինչև իշխանը խմի)։

ԳԵՎՈՐԳ ­ Դու էլ ողջ լինես, զորապետ Բըշըր։ (Խմում է գինին)։

ԲԸՇԸՐ (խմելով, նայելով Շահանդուխտին, որ հեռավոր հովանոցում է մյուս կանանց հետ) ­ Ձեզ մոտ աղջիկները պար չե՞ն գալիս հյուրերի համար… Ինձ հյուր գաս՝ էն տեսակ պորտապար փեշքեշ անեմ՝ գլուխդ պտտվի։

ԳԵՎՈՐԳ ­ Չէ, զորապետ, մեր աղջիկներն այսպիսի առիթով չեն պարում, սովորույթ չունենք, ներող կլինես։

Բըշըրի աչքը դարձյալ ընկնում է Շահանդուխտ գեղեցկուհու վրա, դեմքին վավաշոտ ժպիտ է հայտնվում։

Գոռը նկատում է այդ, խոժոռվում է։

Ներքինապետն էլ աչքը չի կտրում Գոռից։

ԲԸՇԸՐ ­ Լավ, իսկ ըմբշամարտիկ չունե՞ս, իշխան, բեր կռվացնենք, զվարճանանք։

ԳՈՌ (թունոտ) ­ Զորապետն ի՞նքն է մարտելու։

ԲԸՇԸՐ (այլայլվում է, բայց շուտ տիրապետում իրեն) ­ Հանաք է անում պատանին։ (Ցուցանելով հեռվում կերակրվող սևամորթին). Հրեն, Ջամալը, նրան հավասարը չկա, ջլերը երկաթից են։ (Կանչում է). Ջամա՞լ…

 Ջամալը ժպտում է՝ ցուցանելով առողջ ատամնաշարը, ծամած կերակուրը երևում է բերանի մեջ։

ԳԵՎՈՐԳ ­ Հակառակի պես մեր ըմբիշը բացակայում է, Երազգավորսում է։

ԲԸՇԸՐ­ Էդ ինչ է՝ հենց իմացավ Ջամալը գալու է՝ փախա՞վ։ (Ծիծաղում է)։ Էս ինչ  տեսակ ժողովուրդ եք, Կաթողիկոսը փախած ա, ըմբիշը՝ փախած, աղջիկները չեն պարում… (Բըշըրը ելնում է տեղից գնալու մտադրությամբ)

ԳՈՌ (հորը) ­ Ե՛ս կկռվեմ։

ԳԵՎՈՐԳ ­ Իշխանի որդուն վայել չէ, Գոռ։

ԳՈՌ ­ Նա ծիծաղում է մեզ վրա, խնդրում եմ՝ թույլ տուր, հայր։ Նա չգիտի, որ ես որդիդ եմ։ (Հոր լռությունը որպես համաձայնություն ընդունած, Բըշըրին). Ես կկռվեմ քո Ջամալի հետ։

ՆԵՐՔԻՆԻ ­ Ի՜նչ սիրուն տղա է, աչքերը բոցավառվեցին լուսաբացի արևի պես…

ԲԸՇԸՐ ­ Ջամալի հետ կռվելու համար շատ ջահել չե՞ս, տղա։

ԳԵՎՈՐԳ ­ Ի՞նչ կարգով են կռվելու։

ԲԸՇԸՐ ­ Կարգս ո՞րն է, թող կռվեն ոնց կուզեն, մինչև մեկի թիկունքն ամբողջովին գետնին առնի։

ԳՈՌ ­ Ընդունելի է։

ԲԸՇԸՐ ­ Ես մի ձի եմ դնում էս կռվին։

ԳԵՎՈՐԳ ­ Ես էլ կդնեմ։

ԲԸՇԸՐ ­ Բայց իմ ձին արաբական ա, իշխան։ (Ցույց է տալիս հեռվում կանգնած նժույգը):

ԳԵՎՈՐԳ ­ Իմն էլ պակասը չի, ալաններից նվեր ստացած նժույգ ա։ (Նշան է անում, ձին առաջ են բերում):

ԲԸՇԸՐ ­ Մաշալլահ։

Ասպարեզի մի կողմում պատրաստվում է Գոռը, մյուսում՝ Ջամալը, նրանց մարտավկաները նրանց մերսում են։

Ջամալի մարտավկան ինչ­որ բան է փսփսում նրա ականջին, դավադիր ժպտում են։ Տեսնում ենք, թե մերսելիս՝ ինչպես են ծածուկ յուղ քսում Ջամալի մարմնին։

Ախոյանները մերկացած են մինչև գոտկատեղ, բոկոտն։

Ասպարեզի շուրջը հավաքված են դիտողները, նրանց մեջ, գահավորակներին, Իշխանը և Բըշըրը։

Քիչ հեռվից մարտին հետևում են կանայք, նրանց մեջ՝ Շահանդուխտը։

Բըշըրը աչքը չի կտրում նրանից:

Շահանդուխտը չի նկատում Բըշըրին, նրա ուշադրությունը Գոռի կողմն է, հառաչում է հաճախակի։

Գոռը նկատում է Բըշըրի վավաշոտ հայացքները՝ ուղղված իր սիրեցյալին, կատաղում է, անհանգիստ ցատկոտում տեղում։ 

Դատավորը նշան է անում, մարտը սկսվում է։

Ջամալը ծանր է, հաղթանդամ, և փորձում է օգտագործել դա, ճնշել Գոռին, գրկել նրան ու ծանրանալ վրան, Գոռը թեթև է, ճարպիկ, մկանուտ, խույս է տալիս, վերջապես հաջողացնում և բռնում է Ջամալի թևը՝ հարմարեցնելով հնարքի, սակայն թևը սոթ է տալիս նրա բռնվածքից, Գոռն իր թափից ընկնում է, վեր է ցատկում, հոտ է քաշում ձեռնափերից, փռշտում, հասկանում, որ Ջամալի մարմնին յուղ են քսել, Ջամալը կծու ժպտում է, Գոռը ձեռքերը չորացնում է տաբատին քսելով։

ԳԵՎՈՐԳ (Բըշըրին) ­ Երևում է՝ որ հարուստ տնից եք, յուղն էնքան է ավելանում, որ քսում եք ըմբիշների մարմիններին։

ԲԸՇԸՐ (ծիծաղելով) ­ Չէ, իշխան, տեղից յուղոտ է մեր ըմբիշը, կերած­խմած, համ էլ խափշիկ է, դրանց մաշկը ուրիշ տեսակ է։

Մարտը շարունակվում է։ Գոռն այլևս չի բռնում, հեռվից հարվածներով է գործում (նման է առանց կանոնների մարտին)։

Նա տեսնում է, որ Բըշըրը շարունակում է նայել Շահանդուխտին, մարտը մոտեցնում է նրա նստած տեղին, ապա ոտքը, դիտմամբ, իբր մարտի մեջ, այնպես է խփում գետնին, որ խիճ ու փոշին թռնում են Բըշըրի դեմքին, վերջինս հասկանում է, բայց անզոր բարկանում է միայն՝ թքելով բերանն եկած փոշին։

Ջամալն անդադար ջանում է որսալ Գոռին, մի անգամ հաջողում է, պտտում՝ գցում գետնին, Գոռի թիկունքն այն է՝ պիտի հպվի հողին, բայց Շահանդուխտի ճիչն ասես ուժ է տալիս, թռցնում, Գոռը շրջվում է կողքի, Ջամալը ոտքը դնում է կրծքին՝ փորձում սեղմել նրան հողին, բայց Գոռը որսում է նրա ոտքը, գալարվում՝ ոտքն էլ ոլորելով հետը, և աժդահա սևամորթը փռվում է գետին, Գոռը բաց չի թողնում ոտքը, պտտում է ձգելով, Ջամալը ցավից ոռնում է, բայց դիմանում, վերջապես պոկում է ոտքը, Գոռը չի թողնում շունչ առնի՝ անմիջապես որսում է ախոյանի մարմինը, փորձում հնարքով շուռ տալ՝ գցել, բայց դարձյալ յուղոտ լինելը օգնում է Ջամալին, նա սոթ է տալիս Գոռի ձեռքերից, Գոռը սեփական թափից սայթաքում է, ընկնում գետին, Ջամալն անհապաղ ամբողջ մարմնով ընկնում է վրան ու սեղմում, Գոռի թիկունքն առնում է գետնին։

Արաբների ողջույնի աղաղակները։

Բըշըրը զվարթացած վեր է կենում աթոռից։

ԳՈՌ (գլխիկոր մոտենում է Գևորգին) ­ Յուղ են քսել մարմնին, ես մեղք չունեմ։

ԳԵՎՈՐԳ ­ Տեսա։ Լավ, ոչինչ, քեզ մի կոտորի։

ԳՈՌ ­ Չէ, ասա, թող յուղը սրբեն, նորից կպնենք։

ԲԸՇԸՐ ­ Պինդ ջահելներ ունի իշխանը, հալալ ա։ Ոստիկանի բանակը չես մտնի՞, տղա, լավ ռոճիկ կտանք։

Գոռն անխոս ատելությամբ նայում է Բըշըրը աչքերին, անթարթ:

Բըշըրը չի դիմանում, թեքում է հայացքը։

ԳԵՎՈՐԳ (գորովանքով նայում է որդուն, ձեռքը դնում մերկ, քրտնած ուսին) ­ Գնա, քրտինքդ չորացրու, հագուստդ հագիր։ (Երբ Գոռը հեռանում է, Բըշըրին). Նստենք, զորապետ։

Գոռին մոտենում է Ներքինապետ Յասըրը, ձեռքը դնում է Գոռի կրծքին ու ասում կամաց։

ՅԱՍԸՐ ­ Սիրուն տղա, Դվինում լինես՝ ինձ մոտ արի, աշխարհի հրաշալիքները կվայելես…

Գոռը հրում է նրան ու անցնում։

ՎԱՀՐԱՄ (Մոտենալով իշխանին, ականջին) ­ Իշխան, սրանց երկու զինվոր ընկել են բերդի մեջ, լրտեսություն են անում, սատկացնե՞նք։

ԳԵՎՈՐԳ (Բըշըրին) ­ Նստենք, զորապետ, հիմա օշարակ կբերեն, չոր միրգ, կաղին­մաղին… Մենակ թե զինվորներիդ ետ կանչի բերդի միջից, կմոլորվեն, մերոնք էլ չեն ճանաչի ու մեկ էլ տեսար…

ԲԸՇԸՐ ­ (Արաբերեն ինչ­որ բան է գոռում իր համհարզին, վերջինս կանչում է լրտեսներին։ Բըշըրը դառնում է Իշխանին). Շնորհակալ ենք, շերբեթի ժամանակ չկա, օրը թեքվեց։ Հետներս ճամփի ուտելիք դիր։

ԳԵՎՈՐԳ ­ Դրած ա։

ԲԸՇԸՐ (Նշան անելով զորախմբին, որ գնալու պատրաստվեն) ­ Դե բարի մնաս, իշխան։

ԳԵՎՈՐԳ ­ Բարով գնաս, զորապետ։ Նորեն համեցիր։

ԲԸՇԸՐ ­ Կաթողիկոսին գտիր, իշխան, ու ասա ինչ ասել եմ. եկավ՝ եկավ, չեկավ՝ իր մեղք՝ իր վիզ։ (Հեծնում է ձին)։

Դարպասները բացվում են,

Բըշըրն իր զորախմբով դուրս է գալիս, հեռանում բերդից նույն ճամփով, որով եկել էր։

ԳԵՎՈՐԳ ­ Գո՛ռ, Գո՛ռ… Ո՞ւր կորավ Գոռը։

ՎԱՀՐԱՄ ­ Շահանդուխտի հետ է, իշխան, չի լսի։ Գնա՞մ ասեմ գա։

ԳԵՎՈՐԳ ­ Չէ։

Հեռավոր հովանոցներից մեկում, բոլորի աչքից հեռու, Շահանդուխտը ցամքոցով չորացնում է Գոռի քրտնած իրանը, մաքրում վերքերը…

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ ­ Ցավո՞ւմ է… Ցավում է, չէ՞…

ԳՈՌ ­ Թող, ես արժանի չեմ, որ դու իմ քրտինքը մաքրես։

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ ­ Դու մեղք չունես, բոլորն էլ տեսան, որ յուղ էր քսած մարմնին։

ԳՈՌ ­ Ես դրան սատկացնելու եմ, այ կտեսնես, Շահանդուխտ, երդվում եմ։

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ ­ Սատկացնելու ես, իհարկե, սերս…

Համբուրվում են։

19

Բագարան։ Աշոտ Բռնավորի ապարանքը։ Շքեղ կահավորանք, ինչը հուշում է տիրոջ ցուցամոլությունն ու սնապարծությունը։

Աշոտը նստած է թախտին՝ բարձերին հենված, միրգ է ուտում։

Թախտի մոտ՝ շղթայակապ կորյունն է, մեծ թութակ կա վանդակում։

Կենտրոնում պարում է մերկափոր պարուհին։

Ամբողջ մթնոլորտից զգացվում է Բռնապետի հակվածությունը դեպի արաբականը։

ԱՇՈՏ (պարուհուն, գինու գավաթը ցուցանելով) ­ Խմիր, թող այտերդ շառագունեն, դալուկ ես այսօր։

Պարուհին մոտենում է։

Աշոտը հոտ է առնում վրայից։

ԱՇՈՏ ­ Կարգին չես լողացել։ Չքվիր։

Պարուհին հեռանում է։

Ներս է գալիս համհարզը։

ՀԱՄՀԱՐԶ ­ Տեր, Ցլիկ Ամրամն է եկել, խնդրում է ընդունես։

ԱՇՈՏ ­ Ասա, կարգին լվացվի, նոր գա, դրա վրայից միշտ շան հոտ է փչում։

Համհարզը դուրս է գալիս։

Ներս է գալիս Ամրամը։

Աշոտը դժգոհ փնչացնում է, իբր էլի անլվա մտավ։

ԱՇՈՏ ­ Բարով տեսանք։

ԱՄՐԱՄ ­ Ողջույն, սպարապետ… (նկատելով Աշոտի խիստ հայացքը), կներես, թագավոր։

ԱՇՈՏ ­ Պատմիր, ոնց եղել է։

ԱՄՐԱՄ ­ Ոնց պիտի… Ամեն բան լավ էր գնում, կալմեջ արինք, մտավ կիրճը, փակեցինք կիրճում, էդտեղից իսկի մողեսը դուրս չէր պրծնի, գիշերը մուտքին պահակ կարգեցինք, առավոտ մտանք կիրճ՝ չկան, չքվել են։ Հետքերին հետևեցինք՝ մտել են գետը՝ էն կողմից դուրս եկել, ստուգեցինք՝ ամբողջ տարածքում էդ մի պուճուր տեղն է ծանծաղուտ, իրենք չէին գտնի, տեղացիներն են օգնել երևի։

ԱՇՈՏ ­ Հիմա դա կարևոր չի։ Գիշերվա անելիքը որ առավոտվա թողնես՝ էդպես կլինի. գիշերը մտնեիք՝ ի՞նչ կլիներ, թող մի քիչ էլ ավել կոտորվեիք, թե՞ գինի էր ընկել ձեռքներդ՝ զխկտվում էիք։ Ես էլ դեռ էս մարդուն ուզում եմ մեծ­մեծ գործեր վստահել։ Ի՞նչ ես ապուշ կտրած նայում։ Խելքդ ջանիդ ես տվել։ Ինձ լուր հասցրին, որ քանի դու պահակ էիր կիրճի մուտքին, տիկինդ, ձի հեծած, այցելել է Երկաթին Կաքավաքարում։ Կինդ քեզ պես ծույլ չի, չի սպասել օր անցնի։

ԱՄՐԱՄ ­ Սպանելու եմ Ասպրամին։

ԱՇՈՏ ­ Ո՞նց ես սպանելու, ասա՝ տեսնեմ՝ երևակայություն ունե՞ս գոնե…

ԱՄՐԱՄ ­ Կախելու եմ, կամ էլ ժայռից կգցեմ ձորը…

ԱՇՈՏ ­ Պարզ է։ Չէ, կնոջդ ձեռ չտաս առայժմ, կերակրիր, խնամիր, նա լավ խայծ է արքային թակարդը գցելու համար։

ԱՄՐԱՄ ­ Հասկացա։

ԱՇՈՏ ­ Հա՞ որ… Է՞լ ինչ կասես։

ԱՄՐԱՄ ­ Արքան դարանակալել է Սահակին ու իր որդուն, բռնել, կուրացրել։

ԱՇՈՏ ­ Քեզ էլ նույնն է սպասում, եթե չկանխես նրան։

ԱՄՐԱՄ ­ Ո՞նց կանխեմ, ասա…

ԱՇՈՏ ­ Չգիտեմ, մտածի, Ամրամ, մտածի։ Կորուստներդ շատ ե՞ն։

ԱՄՐԱՄ ­ Էնքան էլ չէ…

ԱՇՈՏ ­ Դե գնա ու տես՝ ինչ ես անում, պետք եղավ՝ կօգնենք, չվախես։ Գնա։

ԱՄՐԱՄ ­ Լավ մնաս, տեր։

ԱՇՈՏ ­ Լավ գնաս… (Երբ Ամրամն արդեն դուրս է եկել, ավելացնելով). անտեր։

ԾԱՌԱ (ներս գալով) ­ Նըսըր ոստիկանից սուրհանդակ եկավ, ոստիկանը կանչում է քեզ, տեր, ասում է շտապ է։

ԱՇՈՏ ­ Ասա ձիս պատրաստեն։

Ծառան գնում է։

Աշոտը բակ է դուրս եկել, այնտեղ երկու ծառա լվանում են նրա ձին։

ԱՇՈՏ ­ Կարգին լվացեք, հոտ ա գալիս վրայից։ Թիկնապահներն ո՞ւր են։ (Տեսնում է թիկնապահներին, որ ձիերի վրա՝ դարպասի մոտ իրեն են սպասում, երեք­չորս հոգի)։ Լավ, հերիք է, չորացրեք անասունին։

Դարպասները բացվում են։

Դուրս է գալիս Աշոտը՝ շքեղ հանդերձավորված, նույնքան շքեղ է նաև նժույգի սարքսուրքը։

Թիկնապահները նույնպես զարդարուն են, ամեն ինչից զգացվում է Բռնավոր Աշոտի ցուցամոլությունը։

Աշոտը իր թիկնազորով քառատրոփ սլանում է՝ դեպի Դվին։

20

Դվին։ Նըսըր ոստիկանի ապարանքը, արաբական ոճեր։

Ցածրիկ սեղանի շուրջը, փափուկ բարձերի վրա նստած է Նըսըրը, կողքին զորապետ Բըշըրն է, դիմացը՝ սյունյաց իշխաններ Սահակը և Բաբգենը, քաղցրավենիք են վայելում, օշարակ, մատուցում են կիսամերկ հարճերը, արևելյան երաժշտություն, պորտապար։

Բըշըրը ինքնամոռաց ուտում է։

ՆԸՍԸՐ ­ (Բըշըրի մասին) — Սոված է, նա միշտ սոված է, ուտելու բան չգտնի՝ մարդ կուտի։ Նրա ջանին նայեք, ոնց որ գոմեշ։

ԲԸՇԸՐ ­ Հը՞…

ՆԸՍԸՐ ­ Մարդ կուտե՞ս։

ԲԸՇԸՐ ­ Հեչի պես։

ՆԸՍԸՐ (եղբայրներին) ­ Ո՞նց է որ երկու հարազատ եղբայր չեք կարողանում ժառանգությունը արդարությամբ բաժանել իրար մեջ… Լավ չի, լավ չի… Ճիշտ էր ասում Յուսուֆը՝ երկու հայի գլուխ մի ղազանում չի եփվում։

ՍԱՀԱԿ ­ Պայծառափայլ ոստիկան Նըսըր, ներող կլինես, բայց ես կարծում եմ, առհասարակ երկու մարդու գլուխ նույն ղազանում դժվար է եփվում։

ՆԸՍԸՐ (Ծաղրով) ­ Իմաստնությունն օտար չէ քեզ տեսնում եմ։ Բայց չէ՞ որ դուք քրիստոնյա եք, ձեր գլուխները հազարներով էլ լինի՝ պիտի եփվեն նույն ղազանում, չէ՞, Բըշըր… (Նայում է Բըշըրին, ծիծաղում են)։ Չտեսնե՞նք, թե ինչի է ունակ մեր սիրելի իշխան Բաբգենի նվիրած շունը։ (Ծափ է տալիս ծառաներին). Շներին բերեք ասպարեզ։ (Բաբգենին). Գրավ դնե՞նք… Բայց զգուշացնում եմ՝ իմ շունը Հռոմից է բերված, առյուծի ուժ ունի։ (Մոտեցող Աշոտին նկատելով). Ժամանեցիր վերջապես. քեզ մի կարգին նժույգ է պետք Աշոտ, քոնը վայ թե դանդալոշ է։

ԱՇՈՏ ­ Անարդարացի ես, ոստիկան, լուրն առնելուն պես սլացել եմ։

ՆԸՍԸՐ ­ Լավ, նստիր։ (Ծաղրով). Ահա մեր պատվարժան սյունյաց իշխանները, ծանոթ եք երևի։ Մեր սիրելի Բաբգենը բողոք ունի ավագ եղբոր դեմ, ասում է՝ ժառանգությունը սխալ է բաժանել, իրեն սակավ է բաժին հանել, ուզում է, որ մենք պարզենք և արդարությամբ լուծենք խնդիրը, ես էլ քեզ կանչեցի, առանց քեզ հո չե՞մ լուծելու, դու ես թագավորն էս երկրի, թե չէ՞…

ԱՇՈՏ ­ Ես եմ, ոստիկան, վսեմափայլ ամիրապետն է կարգել։ Է, փաստագրեր ունե՞ն իշխանները, բերե՞լ են։

ՆԸՍԸՐ ­ Ունեն։ Բայց դու մի շտապիր, անուշ արա, կեր… քանի Բըշըրն ուտելու բան է թողել։ Բաբգեն իշխանն իմանալով իմ սերը շնամարտի նկատմամբ, ինձ մի շուն է նվիրել, իր ասելով՝ Սյունյաց աշխարհի ամենաուժեղ շունն է։

ԱՇՈՏ ­ Միայն շուն է նվիրե՞լ իշխանը։

ՆԸՍԸՐ ­ Ոչ իհարկե։ Այ դու, օրինակ, առանց նվեր ես եկել, իսկ իշխանները լիքը նվերներ են բերել։ Էն պարուհուն տեսնո՞ւմ ես… Նրան էլ է Բաբգենը նվիրել՝ մի շուն ու մի կին, Սահակն էլ դատարկ ձեռով չի եկել։

Շներին բերում են ասպարեզ։

ՆԸՍԸՐ ­ Ըհը, բերին… Տեսքից վատը չի, իշխան Բաբգեն, հիմա գործի մեջ նայենք։ Նայե՞նք, թագավոր Աշոտ։

ԱՇՈՏ ­ Ոնց կկամենաս, Ոստիկան։

Նըսըրը նշան է տալիս, շներին թողնում են, շները կպնում են իրար։

Շնամարտը թեժանում է, Նըսըրը կրակոտ արձագանքում է յուրաքանչյուր փոփոխությանը՝ «Մաշալլահ… Այ շայթան, այ շայթան…»։ Աշոտը, որ միրգ է ուտում, շների հանած փոշուց զզվելով, փոշին ձեռքով վանելով, մի կողմ է դնում կիսով կերած միրգը։

ՆԸՍԸՐ (տեսնելով, որ իր շունը նեղվում է) ­ Լավ շուն ա, ապրի իշխանը։ (Նշան է անում). Բաժանեք, ափսոս են։ Տարեք, ջուր տվեք, կերակրեք, հալալ ա։

Շներին բաժանում են, տանում։

ՆԸՍԸՐ ­ Դե՞… Ի՞նչ ենք անելու, եղբայրներ։

ԲԱԲԳԵՆ ­ Պիտի արդարությամբ լուծես մեր հարցը, մեծ ոստիկան։

ՍԱՀԱԿ ­ Ես ավագ եղբայրն եմ, և ինձ հասանելիքն ավելի շատ պիտի լինի, նրան ինչքան քիչ վստահենք՝ էնքան լավ, նա ամեն ինչ քամուն կտա, մեր հայրն էլ էր ասում…

ԲԱԲԳԵՆ ­ Դա առաջ էր, հիմա ուրիշ է, հիմա պիտի արդար բաժանենք, հավասար։

ՆԸՍԸՐ (Աշոտին, որ փաստագրերն է նայում) ­ Ի՞նչ կասես, թագավոր Աշոտ։ Լսի, քեզ ինչի՞ են քոնոնք բռնապետ ասում…

ԲԸՇԸՐ ­ Մեծ բարության համար երևի… Նվիրյալ քրիստոնյա է… (Հռհռում է)։

ԱՇՈՏ (փաստագրերի մասին) ­ Սրանից գլուխ հանել չի լինի, էստեղ ջնջումներ կան, ավելացրած գրեր…

ՆԸՍԸՐ ­ Լավ, մի կողմ դիր, թագավոր, դու էս խնդիրը լուծողը չես, ես կլուծեմ։

Նշան է անում զինվորներին,

չորս զինվոր գալիս ու կանգնում են իշխանների թիկունքում։

ՆԸՍԸՐ ­ Էսպես ուրեմն, եթե դուք չեք կարողանում ձեր երկրում ձեր հարցը լուծեք ու գալիս եք Նըսըր ոստիկանի մոտ, ուրեմն դուք դեռ խակ եք, Սյունյաց աշխարհը կառավարելու ունակ չեք։ Որոշում եմ՝ շղթայակապ անել ձեզ…

Իշխանները տեղից վեր են թռչում, բայց նրանց բռնում են, յուրաքանչյուրին՝ երկու զինվոր։

Զինվորներն ոլորում են նրանց ձեռքերը,

Սահակին զսպում են:

Բաբգենի ձեռքերն ոլորել չի հաջողվում, ուժեղ է, հարվածում­տապալում է մեկին։

Նոր զինվորներ են վազելով հասնում, վերջապես հաջողվում է ոլորել Բաբգենի ձեռքերը։

ՆԸՍԸՐ ­ Ըհը։ Շղթայեք դրանց, մտցրեք զնդանը, յուրաքանչյուրին մի պատի մոտ գամեք, իրար դիմաց, թող էդպես մնան, գուցե մի օր համաձայնության գան։ Տարե՛ք։

Երկու իշխաններին տանում են։

ՆԸՍԸՐ ­ Արդարությամբ լուծեցի, չէ՞։

ԱՇՈՏ ­ Միանգամայն, մեծ ոստիկան։

ՆԸՍԸՐ ­ Հիմա Սյունիքը գլխատված է, էնտեղ մենակ Սմբատն է մնացել, կարող ես գնալ ու քեզ ենթարկել։ Օֆ, ամեն ինչ Նըսըրը պիտի անի։ Ըհը, սրան էլ ուղարկեցի կաթողիկոսին բերելու, գնաց՝ դատարկաձեռն եկավ։

ԲԸՇԸՐ ­ Ես ի՞նչ անեմ, որ մի տեղ չի մնում, փախչում ա։

ՆԸՍԸՐ ­ Ուրեմն մի պստիկ Հայաստանում մի կաթողիկոս չես կարում գտնե՞ս…

ԲԸՇԸՐ ­ Էսօր լուր տվին, ասում են՝ նորից Այրիվանք ա մտել, փակվել ա։

ՆԸՍԸՐ (դիտավորյալ, Բըշըրին գրգռելու համար) ­ Վայ թե կաթողիկոսի գանձերի շատ մասը էդ Այրիվանքում են պահված։

ԲԸՇԸՐ ­ Հա՞…

ՆԸՍԸՐ ­ Հա։ Բա ո՞ւմ ես սպասում…

ԲԸՇԸՐ ­ Հրամանիդ։

ՆԸՍԸՐ ­ Դե թռի, շուտ, զորքդ հավաքի։

Բըշըրը հեռանում է։

ՆԸՍԸՐ ­ Դո՞ւ ինչ ես անում, Աշոտ… Գուգարքում պիտի սատկացնեին Երկաթին, սատկացրի՞ն… Չէ, դու վայ թե ուզում ես՝ նա՛ մնա արքա։

ԱՇՈՏ ­ Հաջողացրել է փախչել։ Բայց մեծ վնասներ է կրել, համարյա զորք չունի, մի հարյուր հոգի բան է մնացել. գնացել­փակվել է Կաքավաքարում։

ՆԸՍԸՐ ­ Կաքավաքարում։ Բա չէ։ Կաքավաքարում չի արդեն, դուրս է եկել, դեպի Սևանա ծովն է գնում։ Էդ էլ չգիտես, Բռնապետ։

ԱՇՈՏ (գլուխը կախում է) ­ Դեհ, քո լրտեսները հմուտ են…

ՆԸՍԸՐ ­ Լավ, ինչ եղել­եղել է, գնա լրջությամբ գործերիդ նայի։ Կուզե՞ս, Բաբգենի նվիրած պարուհուն քեզ տամ, տեսա դուրդ եկավ… (Տեսնելով, որ Աշոտի աչքերը վառվեցին). Տար, քեզ լինի, ես նիհար կին չեմ սիրում։

ԱՇՈՏ ­ Ես մի թմբլիկ վրացուհի ունեմ, կուղարկեմ քեզ, ոստիկան։

ՆԸՍԸՐ ­ Ասում են, դու սիրունիկ տղեկներ ունես, Բյուզանդիայից ես բերել, խեղճ որբուկներ են, երգում են քեզ համար, մարմինդ մաժմժում…

ԱՇՈՏ ­ Հա, ունեմ… Մեկին քեզ կուղարկեմ, մեծ ոստիկան։

ՆԸՍԸՐ — Երկուսին քեզ ես պահում, ինձ մեկին ուղարկում, էդքան ես հարգում ոստիկանին… Լավ, մի իրար անցի, թող մեկը լինի, բայց ամենանիհարը չլինի։

ԱՇՈՏ ­ Չէ, ամենասիրունին կուղարկեմ։

ՆԸՍԸՐ ­ Ինքս կգամ, եթե հյուր ընդունես։

ԱՇՈՏ ­ Վայ, ո՞նց չեմ ընդունի, դու մենակ թե արի։

Նըսըրը ծառաներին նշան է անում,

անմիջապես բերում են թմրախոտերով թասը,

Նըսըրը վերցնում է, քաշում քիթը, ձեռքով Աշոտին նշան է անում օգտվել,

Աշոտը մի ուրիշ խոտ է վերցնում, դնում բերանը, դանդաղ ծամում։

Նըսըրը նշան է անում,

գալիս է սևամորթ պարուհին, վիշապօձով պարուրված, սկսում է տարաշխարհիկ պարը։

21

Սևանա ծովակը։ Նավախումբը լողում է դեպի կղզին։

Կենտրոնում մեծ նավն է, որում Աշոտ Երկաթն է իր թիկնազորով, թիավարները թիավարում են։

       Արքայի կողքին Վեհափառն է՝ Հովհաննես կաթողիկոսը։

Մյուս նավերում Արքայի սակավաթիվ զորախումբն է, նրանք նույնպես լողում են դեպի կղզին։

Արքան լուռ է, մտախոհ, ընկճված։

ԱՐՔԱ ­ Էս երկրի մարդկանց բնույթն էս ծովին է նման՝ տարերային, փոփոխական, կամակոր, իրա ասածին… Ափերը չզսպեն՝ դուրս կգա, կբաժանվի ու հազարավոր գետակներով կփախնի կգնա՝ ով ուր… Ես ոնց զսպեմ, ոնց պահեմ էսքան ամբարտավանի… Ամեն իշխան ամեն գիշեր երազում տեսնում է, որ ինքը թագավոր է, ամեն ռամիկ տեսնում է՝ որ ինքը իշխան է… Ու երազն իրական նպատակ դարձրած՝ ելնում են իրար դեմ… Ես ո՞նց անեմ, Վեհափառ։

ՎԵՀԱՓԱՌ ­ Դու հզոր ես անշուշտ, արքա, սակայն տեսար՝ դա բավարար չեղավ, ուստի առավել պիտի հզորանաս, ոգիդ երկաթից էլ կարծր պիտի լինի։

ԱՐՔԱ ­ Արժի՞ որ…

ՎԵՀԱՓԱՌ ­ Արդեն քանի հարյուրամյակ է՝ եկեղեցին Տիրոջ անունով ջանում է միաբանել, հավաք պահել երկիրը, արդյունքը գուցե բավարար չէ, սակայն թևաթափ չենք լինում. համբերություն է պետք, Աշոտ արքա, համառություն…

ԱՐՔԱ ­ Վեհափառ, ինձ հարյուրամյակներով ժամանակ տրված չի, ես թեև արքա եմ՝ բայց մահկանացու եմ։

ՎԵՀԱՓԱՌ ­ Դու քեզ ի վերուստ վստահված առաքելությունն իսպառ կատարիր, մնացյալը՝ Տերը կկարգադրի։

ԱՐՔԱ ­ Ինձ թվում է՝ արդեն իսկ իսպառ կատարել եմ։

ՎԵՀԱՓԱՌ ­ Պարզապես հոգնել ես, արքա, իշխանների դավաճանությունը ընկճել է քեզ, բայց կանցնի, հավատա։

ԱՐՔԱ ­ Չգիտեմ, չգիտեմ… Տա աստված…

Լճի մակերեսին կարմրախայտն է խաղում՝ ջրից դուրս թռչում, պտտվում օդում ու նորից ընկնում ջուրը։

Արքան սկզբում իմիջիայլոց է նայում դրան, սակայն աստիճանաբար ձկան խաղը գրավում է նրան, նա լարված հետևում է ու հաջորդ պահին ձեռքի ճարպիկ շարժումով որսում դուրս թռած ձկանը, նայում է բերանը բացուխուփ անող ձկանը, ձուկը սպրդում՝ նորից ընկնում է ջուրը։

22

Այրիվանք։ Բըշըրի զորքը արշավում է և շրջապատում վանքը։

Դարպասը փակ է։ Գոռում­գոչյունով բախում են դարպասները։

Պարսպի գլխին հայտնվում է մի հոգևորական։

ԲԸՇԸՐ ­ Ագռավի պես թառեցիր պատին, դարպասը բացի՛ր։

ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆ ­ Զորքի դեմ դարպաս չենք բացում. ի՞նչ է ձեր ուզածը։

ԲԸՇԸՐ ­ Կոկորդս չեմ պատռելու, (նետաձիգին) ցած բեր դրան։

Նետաձիգն արձակում է նետը:

Հոգևորականը խոցված՝ ընկնում է։

Նետաձիգը վազելով մոտենում է, պոկում խաչը, դնում ատամների տակ, սեղմում, հիասթափված թքում ու խաչը նետում մի կողմ։

ԲԸՇԸՐ ­ Չհարստացավ մեր Սայիդը (հռհռում է, մյուսները միանում են)։ Ոչինչ, Սայիդ, չընկճվես, գանձերն էնտեղ են։

ՏԵՂԱԿԱԼ (Բըշըրի տեղակալն է) ­ Զորապետ, եթե սրանք դարպասն էսպես փակել են, ուրեմն ներսում զորք կա։

ԲԸՇԸՐ ­ Բարձրացեք նայեք։

Տեղակալը նշան է անում,

մի քանի զինվոր իջնում են ձիերից, մագլցում պարիսպը առավել մատչելի տեղերում, հասնում են գագաթին ու նայում։

Վանքի բակում իրար գլխի հավաքված են Վանահայրն ու միաբանության մյուս հոգևորականները։

Զինվորներն իջնում են պարսպից։ Նրանցից մեկը մոտենում է Բըշըրին, զեկուցում։

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ­ Ներսում միայն հոգևորականներ են, թվով տասը­տասնհինգ հոգի, զորապետ, բոլոր կողմերից նայել ենք։

ԲԸՇԸՐ ­ Ջարդե՛լ դարպասները։

Զինվորները խումբ­խումբ, մի­մի գերան առած, հարվածում են դարպասներին։

Վանքի բակը։ Միաբանների խումբը հավաքվել է վանահոր շուրջը։ Դրսից լսվում է արաբների հայհոյանքը, գոռոցները, դարպասին զարկվող գերանների աղմուկը։

ԱԲԵՂԱ ­ Նրանց կաթողիկոսն է պետք, բացենք դարպասը, թող գան, տեսնեն, որ չկա, թողնեն գնան։

ՎԱՆԱՀԱՅՐ ­ Միամիտ մի եղիր, աբեղա, կաթողիկոսից առավել՝ նրանց ոսկի ու արծաթ է պետք։

ԱԲԵՂԱ ­ Է մենք չունենք նրանց ուզածը, թող մտնեն, փնտրեն, համոզվեն։

ՎԱՆԱՀԱՅՐ ­ Քարը քարին չեն թողնի, կպղծեն եղած­չեղածը…

ՄՈՎՍԵՍ (վարդապետ է) ­ Սակայն նրանք վաղ թե ուշ կտապալեն դարպասը, և այդ ժամանակ նրանց կատաղությունը հարյուրապատիկ ավելի է լինելու։

ՎԱՆԱՀԱՅՐ ­ Դա թերևս ճշմարիտ է։ (Մտածում է)։  Բացենք ուրեմն դարպասը, և Տիրոջ կամքով փորձենք խոհեմությամբ առնել չարի առաջը։

ՍԱՐԿԱՎԱԳ ­ Ուրիշ զենք չունենք էլ։

Վանահայրը բարձրանում է աշտարակի գագաթը, ձեռքն առաջ պարզում։

Աղմուկը Բըշըրի նշանով լռում է։

ՎԱՆԱՀԱՅՐ ­ Ի՞նչ է հարկավոր մեծ զորապետին։

ԲԸՇԸՐ ­ Մեծ զորապետին կաթողիկոսն է հարկավոր։

ՎԱՆԱՀԱՅՐ ­ Նա այստեղ չէ։

ԲԸՇԸՐ ­ Սուտ մի խոսիր, այստեղ է, մենք հաստատ լուր ունենք։ Բացեք դարպասը, Մեծ ոստիկան Նըսըրի հրամանը պիտի փոխանցենք նրան։

ՎԱՆԱՀԱՅՐ ­ Հիմա կբացենք, զորապետ, արի ու համոզվիր, որ կաթողիկոսն այստեղ չէ։

Վանահայրը հեռանում է աշտարակի գլխից։

Քիչ անց բացվում են դարպասները։

Բըշըրն իր զորքով մտնում է վանք։

Միաբան հոգևորականները սեղմվում են վանահոր շուրջը, արաբ հեծյալները պտտվում են նրանց շուրջը։

ԲԸՇԸՐ (վանահորը) ­ Դո՞ւ ես էստեղի գլխավորը։

ՎԱՆԱՀԱՅՐ ­ Ես եմ։

ԲԸՇԸՐ ­ Նըսըրը հրամայել է կաթողիկոսին Դվին ուղեկցել. կաթողիկոսը պիտի իր կաթողիկոսարանում լինի, կանչեք գա։

ՎԱՆԱՀԱՅՐ ­ Նա այստեղ չի, գնացել է։

ԲԸՇԸՐ (իր զորախմբին) ­ Մտեք բոլոր խցերը, փնտրեք, ես համոզված եմ՝ նա էստեղ է։

Զինվորականները ցրվում են վանքով մեկ։

ԲԸՇԸՐ (մնացյալ զինվորներին) ­ Սրանց կապեք։

Այդ ընթացքում՝ արաբ զինվորները մոտենում են բերդի ներսի ժայռակոփ բարձունքին, ուր անձավներում պատսպարվել են շինականներ և հոգևորականներ։

Նրանք քարեր են նետում զինվորների վրա, ապա՝ գցում են մեղվի փեթակներ, որոնք զարկվելով քարերին ջարդվում են, միջից դուրս են թռչում մեղվի պարսերը, մեղուները խայթում են զինվորներին։ Արաբ զինվորները այրում են չոր խոտը, ծուխը վանում է մեղուներին։ Ի վերջո նրանք գրավում են բարձունքը, այնտեղ եղողների մի մասը փախչում է ավելի բարձր, մյուսներին սրի են քաշում, նետում ժայռից ցած։

Վանքի մոտ։ Միաբաններին կապում են սյուներին, ծառերին։

Բըշըրն իջնում է ձիուց, մոտենում վանահորը, աչքը նրա կրծքի մեծ խաչին է ընկնում։

ՎԱՆԱՀԱՅՐ ­ Ոսկի չի, զորապետ։

ԲԸՇԸՐ (պոկելով խաչը) ­ Հա՞… Բա ինչի՞ ես կախել վզիդ։ (Տնտղում է խաչը, ծռում, այն կոտրվում է, հիասթափված­կատաղած դեն է գցում): Ոսկին ու արծաթը պահել եք, զիբիլը կախել, իբր՝ խեղճ ենք, զուրկ ենք… Ո՞ւմ եք խաբում, Բըշըրի՞ն…

ՎԱՆԱՀԱՅՐ ­ Ոսկին ու արծաթը կաթողիկոսարանում են, մենք չունենք, մեզ պետք չի, զորապետ։

ԲԸՇԸՐ ­ Վայ­վայ­վայ, էլ ոնց կլիներ… Դե աղոթեք, աղոթեք, որ ձեր Տերը ձեզ փրկի էսօր։

Գալիս են զինվորականները, բերելով տարբեր իրեր, որ առանձնակի արժեք չեն ներկայացնում՝ խեցեղեն, բրոնզյա գավաթներ ու մոմակալներ, գրքեր, փայտյա իրեր ու խաչեր։ Զինվորականներից շատերի դեմքն ուռած է մեղվի խայթոցից։

ԶՈՐԱԿԱՆ ­ Զորապետ, ամեն տեղ փնտրեցինք, գանձեր չկան, եղածն էս զիբիլն է։

ԲԸՇԸՐ (միաբաններին) ­ Ասեք՝ ո՞ւր եք թաքցրել կաթողիկոսին ու ձեր գանձերը, շուտ ասեք, թե չէ սրի եմ քաշելու բոլորիդ։

ՄՈՎՍԵՍ ­ Չկա էստեղ ոչ կաթողիկոս, ոչ գանձ. որ սրի քաշեցիր՝ ի՞նչ, կհայտնվե՞ն…

ՏԵՂԱԿԱԼ (թրի կոթով խփելով Մովսես վարդապետի գլխին) ­ Էդ ո՞նց ես խոսում, գյավուր, քալբ իբն քալբ, կսատկացնեմ շան պես։

Մովսեսի գլխից ծորում է արյունը։

ԲԸՇԸՐ ­ Սայիդ, տղերքին կանչի, թող անցնեն գործի։ (Մովսեսին ցույց տալով). Սրա լեզուն կտրեք։

Սայիդը և մի քանի զինվորական մոտենում են գամված հոգևորականներին ու սկսում խոշտանգել,

Մովսեսի լեզուն են կտրում,

որին մտրակում են, որի ատամները աքցանով քաշում, եղունգները, որի քիթն ու ականջը պոկում, որի մատները թրով հատում…

Բըշըրը նույնիսկ չի դիմանում տեսարանին, շրջվում է։

Հոգեվորականները արժանապատվորեն են տանում խոշտանգումները, թեև, բնականաբար, ցավից ոռնում են կամ գոռում, վանահայրը աղոթում է։

ՏԵՂԱԿԱԼ (մոտենալով Բըշըրին) ­ Սրանք բան ասող չեն, զորապետ։

ԲԸՇԸՐ ­ Մեկումեջ սրի քաշեք, մնացածին արձակեք, թող գնան իրենց կաթողիկոսին պատմեն։

Բըշըրի տեղակալը մոտենում է խոշտանգվածներին, ընտրովի ցուցանում՝ հրամայելով զինվորականներին՝ «Սրան, սրան… Սրան, սրան, սրան… »։

Նշված հոգևորականներին տեղում գլխատում են, մյուսների կապերն արձակում, թողնում, նրանք ուժասպառ փլվում են տեղում։

ՏԵՂԱԿԱԼ ­ Չեմ հավատում, թե ոսկի­մոսկի չունեն, պահել են քարերի տակ։

ԲԸՇԸՐ ­ Հա բայց ի՞նչ անենք, բարձրանանք սարն ու ինչքան քար հանդիպի շուռ տա՞նք… Եղածը հավաքեք ու գնանք էստեղից։ (Ծանր շնչելով). Շուտ արեք, էստեղի օդը վրես չի գալիս։ Ո՞նց էլ ապրում են էս ժայռերի մեջ։

Բըշըրի հայացքն ընկնում է ծառի տակ անուժ ընկած, խոշտանգված վանահորը, որ անթարթ նայում է նրա աչքերին։

Բըշըրն էլ է նայում, բայց երկար չի դիմանում այդ հայացքին։

ԲԸՇԸՐ ­ Սրա՞ն ինչի չսատկացրիք… (Մոտենալով ու ձեռնափով փակելով վանահոր աչքերը, մյուս ձեռքով հանում է դաշույնն ու հատում կոկորդը): Ըհը, դե հիմա նայի։ (Ձեռնափը քաշում է, բայց ծերունու հայացքը նույնությամբ իրեն է հառած, գոռալով քաշում է ծերունուն ու գցում բերանքսիվայր, որ դեմքը չերևա, դարձյալ հիստերիկ գոռոցով). Աաա՜, շայթան…

23

Գառնու ամրոց։ Գևորգ իշխանը գավիթից նայում է բակ, ուր ձիեր կան ուղևորության պատրաստ, ծառաներ, թագուհու սպասուհին, որ ինչ­որ կարգադրություններ է անում ծառաներին։

Ներս է գալիս թագուհին, հագուստը ճամփորդական է։

ԹԱԳՈՒՀԻ ­ Եկա հրաժեշտ տամ քեզ, Գևորգ իշխան։

ԳԵՎՈՐԳ ­ Ինչո՞ւ է թագուհին նեղություն կրել, ինքս էի արդեն գալիս հրաժեշտի։

ԹԱԳՈՒՀԻ ­ Երախտապարտ եմ քեզ ամեն բանի համար, քո բերդում ապահով է, իշխան, սակայն պիտի գնամ, կարծում եմ՝ այդպես ճիշտ է, թեև արքան ինձ չի կանչել։

ԳԵՎՈՐԳ ­ Անշուշտ, կկանչեր, եթե համոզված լիներ, որ իր կողքին ավելի ապահով է թագուհու համար։

ԹԱԳՈՒՀԻ ­ Միշտ պաշտպանում ես նրան։

ԳԵՎՈՐԳ ­ Քո որոշումը վայել է թագուհուն, Սահանույշ, ինքս էի ուզում խորհուրդ տալ, բայց չէի համարձակվում։ Արքան հիմա շատ ունի քո կարիքը, նա մենակ է։

ԹԱԳՈՒՀԻ ­ Մտածեցի՝ պիտի վեր կանգնեմ խանդից ու վիրավորանքից, չէ՞ որ նա արքան է այս երկրի և հիմա ընկճված է, պետք է կողքին լինեմ, սիրտ տամ… Բայց կկարողանա՞մ…

ԳԵՎՈՐԳ ­ Անտարակույս։

ԹԱԳՈՒՀԻ ­ Կարծում ես նա երբևէ կմոռանա՞ նրան…

ԳԵՎՈՐԳ ­ Քո ձեռքին է, իսկ դու խելացի ես և հմայքդ էլ անսպառ է…

ԹԱԳՈՒՀԻ ­ Դեհ, բարով մնաս, իշխան։

ԳԵՎՈՐԳ ­ Ես իջնում եմ քեզ հետ, թագուհի։

Բակում ծառաներն օգնում են թագուհուն ձի նստել, գնացողները պատրաստ են ճամփա ընկնելու։

ԳԵՎՈՐԳ ­ Ո՞ւր է Գոռը, ինչո՞ւ չի գալիս թագուհուն հրաժեշտ տալու։ Կանչեք Գոռ իշխանիկին։

ԹԱԳՈՒՀԻ ­ Նա իր սիրեցյալ Շահանդուխտի հետ է, ձիեր հեծնած՝ իջան ձորը, մի խանգարի, իշխան, այնքան գեղեցիկ է նրանց սերը։

ԳԵՎՈՐԳ ­ Դեհ, բարի ճանապարհ, թագուհիս։ Շուտով կհանդիպենք։ Մտադիր եմ հյուր գալ ձեզ։

ԹԱԳՈՒՀԻ ­ Անհամբեր կսպասենք։

Թափորը, թիկնազորով շրջապատված, դուրս է գալիս ամրոցից։

24

Գառնու գեղատեսիլ ձորը։ Ձորի բերանով երկու ձիավոր են ընթանում։ Գոռը և Շահանդուխտն են, թեթև հագուստներով, ազդրերին՝ կարճ թրեր։

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ (նայելով ցած, ձորին) ­ Ի՜նչ սիրուն է մեր երկիրը, Գոռ… (Նայելով վերում սավառնող բազեներին). Մարդ թռչուն լիներ ու սավառներ ձորերի, լճերի վրայով։

ԳՈՌ (հմայված նայելով աղջկան) ­ Սերս… Այսօր հորս հետ կխոսեմ, թող ուզի քո ձեռքը, էլ չեմ դիմանում…

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ (Չարաճճի, Գոռի հոգու հետ խաղալով) ­ Բայց ես համաձայն ե՞մ որ… Ես դեռ պիտի մտածեմ, Գոռ իշխանիկ…

ԳՈՌ (ապշած) ­ Վայ…

Շահանդուխտը քրքջալով՝ բաց է թողնում ձին, Գոռը սլանում է նրա ետևից գոռալով։

ԳՈՌ ­ Սպանելու եմ քեզ, Շահանդուխտ աղջիկ։

Շահանդուխտն առաջ է անցել, չի երևում։

Գոռը վերջապես հասնում է նրան։

Շահանդուխտը արգելակել է ձին, տագնապած նայում է իր առջև։

Գոռը կանգնում է նրա կողքին, նայում ու տեսնում սարսափելի տեսարանը՝

շները կամ գայլերը լափում են հոգևորականի դիակը։

Վերում երևում են Այրիվանքի պատերը։

Գոռը և Շահանդուխտը մտնում են Այրիվանքի բաց դարպասով։

Այստեղ գյուղացիները գերեզմանափոսեր են փորել, փոսերի կողքին՝ դագաղներ՝ խոշտանգված­սպանված հոգևորականներով։

Այստեղ են նաև խոշտանգված, բայց ողջ մնացած հոգևորականները,

նրանց նայող Շահանդուխտը սոսկում է ու սեղմվում Գոռին։

25

Գառնու ամրոց։ Գևորգն ու Գոռը նետաձգությամբ են զբաղված։

Զույգ թիրախները՝ հաստ ծառաբնի լայնական հատվածքներ են, որ դրված են ստվերաշատ ծառի տակ։

Ծառին թառած՝ ժամանակ առ ժամանակ կռավում են զույգ ագռավ, ասես երկխոսում են, զգացվում է, որ դա նյարդայնացնում է Գոռին։

Նետ է արձակում Գևորգ իշխանը, նախապես, բերանում թրջած մատով որոշելով քամու ուղղությունը, նետը խրվում է թիրախի մեջտեղում, բայց ոչ ճիշտ կենտրոնում։

Գևորգը սպասում է Գոռի արձակած նետին՝ հայացքը նրա թիրախին հառած։

Գոռն արձակում է նետը։

Ի զարմանս Գևորգի՝ նետը չի կպչում թիրախին, զարմացած նայում է որդուն, նույն պահին հեռավոր թմփոց է լսում, շրջվում է և տեսնում, որ ծառի տակ է ընկել նետահարված ագռավը։

Ծիծաղում են։

ԳՈՌ ­ Պատկերացրի՝ թե Բըշըրն է ծառին թառած։

ԳԵՎՈՐԳ ­ Ուր է թե…

ԳՈՌ ­ Նրա ժամանակն էլ կգա։ Հա՛յր…

ԳԵՎՈՐԳ ­ Ասա, որդիս։

ԳՈՌ ­ Արաբներն ինչ ուզում անում են մեր երկրում, ժողովուրդը հուսահատ է… Ախր ի՞նչ է մտածում արքան…

ԳԵՎՈՐԳ ­ Գագիկ Արծրունին իրեն թագավոր է կարգել Վասպուրականում ու միայն իր գավառն է պաշտպանում, Բռնապետ Աշոտն իրեն թագավոր է կարգել Բագարանում ու իշխաններին ապստամբեցրել է արքայի դեմ, Նըսըրը երկուսի թագավոր լինելն էլ ողջունում է, ինչքան շատ թագավոր՝ երկիրն այնքան մասնատված, պառակտված ու անպաշտպան, նախարաները զինվոր չեն տալիս արքային,  յուրաքանչյուրը մտածում է իր հողը փրկել, հնարավորության դեպքում էլ հարևանի հողը զավթել…

ԳՈՌ ­ Բայց չեն հասկանո՞ւմ, որ այսպիսով բոլորն են դատապարտված…

ԳԵՎՈՐԳ ­ Ոչ ոք չի զիջում, ոչ մեկը մյուսին չի հանդուրժում… Արքան էլ վշտացել, փակվել է Սևանա կղզում…

ԳՈՌ (նետ արձակելով թիրախին) ­ Վշտացել է իշխաններից, նախարարներից, էլի չգիտեմ ումից… բայց իր երկրից, իր հողից, իր քաղաքներից ու շեներից, իր ժողովրդից ո՞նց է վշտանում…

ԳԵՎՈՐԳ ­ Արքայի զորքը սակավաթիվ է…

ԳՈՌ ­ Իսկ դո՞ւ ինչ ես մտածում, հայր։

ԳԵՎՈՐԳ ­ Ե՞ս… Ես ընդամենը քսան զինվոր ունեմ հիմա, բոլոր քիչ թե շատ կռվել կարեցողներին եթե հավաքեմ՝ մի տասը­տասնհինգ հոգի էլ դրանք կլինեն, ես ի՞նչ կարող եմ անել… Սպասում եմ արքայի վճռին։

ԳՈՌ ­ Հազար ներողություն, հայր, բայց պիտի ասեմ։

ԳԵՎՈՐԳ ­ Ասա։

ԳՈՌ ­ Ես կարծում եմ, թե արքան և դու պարզապես հոգնել եք… Ինձ թողեք, ես մեր քսան զինվորներով աջից, ձախից անակնկալ կհարձակվեմ՝ արնաքամ կանեմ Բըշըրին. իր հողի համար կռվող քսան հոգին հավասար է նրա երկու հազարին։

ԳԵՎՈՐԳ ­ Ջահելությունն է եռ գալիս մեջդ, Գոռ, էդպես դյուրին լիներ…

ԳՈՌ ­ Հայր, արի միացնենք քո փորձն ու իմ եռանդը։ Գնա, բոլոր իշխան­նախարարներին տես, բացատրիր, համոզիր, փորձիր միավորել արքայի շուրջը, արքային համոզիր՝ վերադառնալ արքունիք, տեր կանգնել երկրին, կաթողիկոսին համոզիր՝ գնալ Դվին, տեր կանգնել կաթողիկոսարանին…

Գևորգ իշխանը ուշադիր նայում է որդու անթարթ աչքերին, ապա քաշում լարը և արձակում նետը։

Գոռը նայում է թիրախին, բայց նետը չի դիպչում նրան, պահ անց թմփոցով ընկնում է երկրորդ ագռավը։

Ծիծաղում են։

26

Գևորգ իշխանը, Վահրամի հետ, դուրս է գալիս Գառնու ամրոցից, նրանք իրենց ձիերն ուղղորդում են դեպի Աբաս արքաեղբոր ապարանքը։

Նորից ենք տեսնում նրանց՝ լեռնային կածանով ընթանալիս, Բյուրականի բերդի մոտակայքում։

Ժայռի տակ՝ երկու մատղաշ աղջիկների ջախջախված դի, կռահելի է, որ ժայռից են գցել իրենց։

Գևորգ իշխանը տագնապում է, քիչ հեռու նրանք հանդիպում են արաբ զինվորի դիակի, նրա գլուխը ջախջախված է սալի վրա, մյուս արնոտ քարը ընկած է կողքին, քիչ այն կողմ էլ ձին է, նիզակը կողի մեջ խոր խրված, ողջության նշաններ կան, երբեմն բարձրացնում է գլուխը։

ԳԵՎՈՐԳ ­ Սիրտս վատ բան է գուշակում, Վահրամ։

Նրանք սլանում են դեպի բերդաքաղաք։

Դռները բաց են։

Վայնասունի, ողբի ձայներ։

Ամենուրեք սպանվածների դիակներն են, խոշտանգվածներ։

Մոտենում են հոգևորականների դիակների մոտ ողբացող աբեղային։ Նա ցնորվածի պես է։

ԱԲԵՂԱ (ծաղրով) ­ Աա՜, եկավ արքայական գնդերի հրամանատարը։ Ինչո՞ւ այսքան աճապարեցիք, իշխան, իսկ մեր քաջարի արքա՞ն ուր է։

ՊԱՏԱՆԻ (հոգևորական է) ­ Բըշըրը սրի քաշեց բոլորին, ում էլ ողջ թողեց՝ գերի տարավ հետը, քաղաքը թալանեցին, ոչինչ չեն թողել։ (Ցույց է տալիս երկու հոգևորականների դին, գլուխները չկան). Սա Սահակ եպիսկոպոսն է, սա Թեոդորոս սարկավագը. զինվորներին հավասար կռիվ տվին, երկու օր պահեցին բերդը, բայց զինվորների մեջ դավաճաններ գտնվեցին, որ հեթանոս էին և չէին ուզում մեռնել հանուն մեր աստծո, նրանք գիշերով բացեցին դարպասները։ Մենք աբեղայի հետ դիակների տակ մնացինք, փրկվեցինք…

ԱԲԵՂԱ ­ Ո՞ւմ ես զեկուցում, ինչո՞ւ… (Գևորգին). Գնացեք ձեր ճամփով, իշխան, մենք էսքան դիակ ունենք թաղելու, մեզ մի խանգարեք…

Գևորգը և Վահրամը՝ լեռնային կածանին, հեռվում, ետևում, երևում է Բյուրականի բերդը, որ դեռ ծխում է։

27

Գառնու ամրոցի բակում։ Հավաքված են շինականներ, արհեստավորներ, կանայք։ Առջևում՝ Մուշեղ բերդապահն է և Շահանդուխտը, որ ասպազեն է, ասես ինքն էլ է կռիվ գնալու։

Բակի մի կողմում՝ քսան հոգանոց գունդն է՝ ձիերին հեծած։

Հավաքվածների հետ խոսում է Գոռ իշխանը, որ զինված է, նրա ձին սպասում է հեծյալ գնդի հետ։

ԳՈՌ ­ Բըշըրը սրի է քաշել Բյուրականը, հիմա էլ արշավում է Գեղա ամրոցի վրա։ Սպասել այլևս անկարելի է։

ՄՈՒՇԵՂ ­ Բայց դու ի՞նչ կարող ես անել քո քսան հոգով, տղա։

ԳՈՌ ­ Չգիտեմ, ճամփին կմտածեմ։

ՄՈՒՇԵՂ ­ Ճամփին կմտածեմ… Իսկական երեխա։ Սպասիր գոնե, մինչև իշխանը գա։

ԳՈՌ ­ Ես չգիտեմ՝ նա երբ կգա, գուցե մինչև նա գա՝ Գեղն ավերված լինի արդեն. Բըշըրը չի սպասի։

ՄՈՒՇԵՂ ­ Ուրեմն ինձ էլ վերցրու, բազուկս դեռ ուժեղ է, չկասկածես։

ԳՈՌ ­ Քեզ պես քաջի կողքիս ունենալը պատիվ է ինձ համար, բայց դու Գառնիի բերդապահն ես, եթե դու գաս՝ ո՞վ բերդը կպահպանի։

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ ­ Ի՛նձ վերցրու, Գոռ իշխան, ես կռվել կարողանում եմ, գիտես։

ԳՈՌ ­ Չէ, թող արաբները չասեն, թե հայերն արդեն իրենց աղջիկներին են կռվի հանում։ Մուշեղի կողքին եղիր, շինականներին թուր բռնել ու նետ արձակել սովորեցրեք։ Դեհ, պինդ մնացեք։

Գոռը հեծնում է ձին։ Գունդը դուրս է գալիս բերդից։

ՄՈՒՇԵՂ (բերդի դարպասները նրանց ետևից փակելով, ինքն իրեն) ­ Ախր հորդ ի՞նչ պատասխան եմ տալու, տղա։

28

Աբասի ապարանքում։ Գավիթում, բուխարու կողքին դրված սեղանի շուրջ, զրուցում են Աբասը և Գևորգը։

ԳԵՎՈՐԳ ­ Եկել եմ խորհուրդ անեմ հետդ, արքաեղբայր։

ԱԲԱՍ ­ Չճաշե՞նք ու նոր զրուցենք, իշխան։

ԳԵՎՈՐԳ ­ Շնորհակալ եմ, Աբաս, չնեղանաս՝ բայց ճաշելու չեմ եկել, արի նախ խոսենք։

ԱԲԱՍ ­ Ասա ուրեմն, լսում եմ։

ԳԵՎՈՐԳ ­ Բըշըրի զորքը սրի քաշեց Այրիվանքի միաբաններին, ապա ավերեց Բյուրականը, հիմա գնում է Գեղա ամրոցի վրա։ Եթե յուրաքանչյուրս ծվարած մնանք մեր բերդերում՝ հերթով բոլորին կոտորելու են։

ԱԲԱՍ (ծաղրով) ­ Իշխան, կարծում եմ ճիշտ կանեիր՝ այս բաները եղբորս ասեիր՝ Աշոտ Երկաթին, նա է այս երկրի արքան։

ԳԵՎՈՐԳ ­ Արքան վհատված է, դուրս չի գալիս Գեղամա կղզուց։

ԱԲԱՍ ­ Իմ ունեցածը մի հիսուն զինվոր է, հազիվ իմ բերդին հերիքի։

ԳԵՎՈՐԳ ­ Քո հիսունին գումարած իմ քսանը, Սյունյաց հարյուրը, Աշոտ սպարապետի չգիտեմ ինչքանը, Ցլիկ Ամրամի զորքը, Գագիկ Արծրունու զորքը, Արքայի հարյուրը…

ԱԲԱՍ ­ Մտովի գումարելով զորք չի գոյանա, Գևորգ իշխան. նրանց հետ խոսե՞լ ես։

ԳԵՎՈՐԳ ­ Նախ ուզում էի քեզ հետ խոսել։

ԱԲԱՍ ­ Իշխան, դու լավ գիտես, որ ես նեղացած եմ իմ եղբորից, մենք ուս ուսի տարանք մեր մեծ հաղթանակները, բայց նա հետո բաժանվեց ինձնից, ամբարտավան դարձավ, ինքնագլուխ որոշումներ կայացրեց՝ առանց խորհուրդ անելու և ի վերջո ընկավ Բռնապետ Աշոտի ու դավաճան նախարարների սարքած ծուղակը։

ԳԵՎՈՐԳ ­ Նեղանալու ժամանակը չէ, Աբաս, հայրենիք ենք կորցնում։

ԱԲԱՍ ­ Լավ, բայց ո՞ւմ դրոշի տակ ես ուզում միավորել բոլորին, արքան կղզուց դուրս չի գալիս։ Եթե խիստ է վհատված՝ թող ինձ զիջի թագը, այնժամ ես կորոշեմ մեր անելիքը։

ԳԵՎՈՐԳ ­ Աբաս, ներող կլինես, սակայն որիդ հետ խոսեմ հայրենիքից՝ դուք թագից կխոսեք. երբ հողը կորցնեք՝ էդ թագն ինչների՞դ է լինելու… Կուզե՞ք, յուրաքանչյուրդ մի թագ պատվիրեք, դրեք գլխներիդ ու ման եկեք թալանված երկրում։

ԱԲԱՍ ­ Չափն անցնում ես, իշխան։

ԳԵՎՈՐԳ ­ Մի վիրավորվիր, Աբաս, մի՞թե ճշմարտացի չեմ… Ձեռքդ դիր խղճիդ ու ասա։

ԱԲԱՍ (մտածելուց հետո) ­ Ճիշտ կլինի՝ նախ արքայի հետ խոսես։ Նրան պետք է համոզել՝ գա արքունիք, Երազգավորս, և ձեռքն առնի երկիրը։

ԳԵՎՈՐԳ ­ Աբաս, արի երկուսով գնանք արքայի մոտ, նա շատ կուրախանա քեզ տեսնելով. հավատա, դա շատ կոգևորի նրան։

ԱԲԱՍ ­ Նախ դու գնա, հետո կտեսնենք…

ԳԵՎՈՐԳ ­ Հպարտությունդ չի ներում… (Վեր է կենում տեղից)։

ԱԲԱՍ ­ Սպասիր, առանց ճաշի չեմ թողնի, ճամփադ երկար է։

ԳԵՎՈՐԳ ­ Լավ, տուր ճաշը, բայց ապսպրի՝ չձգեն, ինչ կա՝ էն կուտենք, ժամանակը սուղ է։

29

Սևանա կղզու ափը, գիշեր։

Ափեզրի քարին նստած են արքան և թագուհին։

Լճի մակերևույթին ձուկն է խաղում, դուրս թռչում, ապա ճողփալով ընկնում ջուր։

ԱՐՔԱ ­ Ի՜նչ գեղեցիկ գիշեր է, Սահանույշ, լուսինն այսքան լրիվ չեմ տեսել երբեք։

ԹԱԳՈՒՀԻ ­ Ի՞նչ ես այդպես տխուր հայացքով փնտրում գիշերվա մեջ, Աշոտ Երկաթ, կարոտեցի՞ր ինչ­որ մեկին։

ԱՐՔԱ ­ Մի հնարի, պարզապես նայում եմ։ Գիտե՞ս, նախկինում երբեք կարգին չեմ տեսել՝ ծովը, երկինքը, անտառը, գետը, արևը, լուսինը, գիշերը… Էնպես՝ ձեռի հետ, փութանցիկ։ Անդադար կռիվների մեջ եմ եղել, սրան զսպիր, նրան ջարդիր, էն մեկին համոզիր, էն մյուսին խնդրիր, էս մեկին պատժիր… (Քիչ հետո). Դու ինձ երբևէ կներե՞ս հորդ և եղբորդ կուրացումը…

ԹԱԳՈՒՀԻ ­ Ես նրանց շատ եմ սիրում, Աշոտ, դու գիտես դա, մեղք եղան անշուշտ… Բայց դու արքա ես, դու ես տերն էս երկրի և քո վճիռների, պատկերացնում եմ՝ ինչ դժվարությամբ ես կայացրել այդ վճիռը…

ԱՐՔԱ ­ Այո, հեշտ չէր։ Հիմա գուցե չկայացնեի… Բայց հիման հաշիվ չի, Անուշ, հիմա ես արքա չեմ, գոնե՝ հոգով։

ԹԱԳՈՒՀԻ ­ Արքա ես, Աշոտ, ես քեզ միայն որպես արքա եմ տեսնում։

ԱՐՔԱ ­ Նախ և առաջ՝ ես մարդ եմ, Անուշիկ, մարդ, ապա ուշադիր նայիր…

ԹԱԳՈՒՀԻ (ուշադիր նայելով) ­ Արքա ես, մարդ­արքա։ Աղաչում եմ՝ վերադարձիր քո ոստանը, գնանք Երազգավորս, տեր կանգնիր գահիդ, միավորիր երկիրդ։

ԱՐՔԱ ­ Սրանց միավորել անհնարին է, թագուհիս, անհույս ձեռնարկ է։ Թող առանց ինձ փորձեն, ինձնից բացի առնվազն երկու թագակիր էլ կա, մի տասնյակ էլ ծպտված երազողներ կլինեն, թող կոտորեն իրար, պրծնենք, գուցե պետք չի, որ Հայաստան անունով աշխարհ լինի էս երկնքի տակ…

ԹԱԳՈՒՀԻ ­ Աչքերիս նայիր։ Դու լավ գիտես, որ այդպես չի… ահա, աչքերիդ խորքում ուրիշ կրակ է վառվում արդեն… Այո, արքա, ժամանակն է։ Վշտացար, առանձնացար, հանգստացար, բավական է…

ԱՐՔԱ (սիրով) ­ Դու կթողնես մարդ հանգստանա՞… Վեր կաց, գնանք, ցուրտ է, կսառչես։

Արքան նայում է հեռու, ասես ուզում է թափանցել մթան միջով, հասնել Ասպրամին, մթան մեջ ամպերն ասես նրա կերպարանքն են կրկնում։

ԹԱԳՈՒՀԻ ­ Տեսնո՞ւմ ես՝ ցուրտն է թափանցում մարմինդ, առաջ իսկի ձմեռվա բքին էլ չէիր ասի՝ ցուրտ է։ Հանգիստը քեզ համար չի, Աշոտ, հանգիստը քեզ կսպանի։։

ԱՐՔԱ (սթափվելով) ­ Գնացինք, արի…

30

Գառնու ամրոց։ Գևորգ իշխանն ու Վահրամը սլանում են դեպի դարպասները, որոնք բացվում են նրանց առաջ, այդպես սրընթաց ներս են մտնում։

Արագ իջնում են ձիերից։

ԳԵՎՈՐԳ (ընդառաջ եկող բերդապահին) ­ Ու՞ր է որդիս, ինչո՞ւ չի դիմավորում հորը։ (Տեսնելով, որ Մուշեղը կախեց հայացքը). Ի՞նչ է եղել։

ՄՈՒՇԵՂ ­ Ես անկարող եղա նրան ետ պահել, իշխան…

ԳԵՎՈՐԳ ­ Ինչի՞ց…

ՄՈՒՇԵՂ ­ Նա գնաց Բըշըրին կռիվ տալու։

ԳԵՎՈՐԳ ­ Բըշըրի՞ն, քսան հոգո՞վ…

ՄՈՒՇԵՂ ­ Ինքն էլ հետը՝ քսանմեկ։ Լուր եկավ, որ Բըշըրը գնում է Գեղա ամրոցի վրա… Ասացի՝ սպասիր, իշխանը գա, ասաց՝ կսպասեի՝ բայց վախենամ՝ Բըշըրը չսպասի։

ԳԵՎՈՐԳ (Վահրամին) ­ Լակո՛տ, իր գլխից վեր գործեր է բռնում։ Վահրամ սեպուհ, ձիերը փոխիր, գնում ենք։ (Մուշեղին). Դու էլ ձիդ հանիր, Մուշեղ։

ՎԱՀՐԱՄ ­ Իսկ բե՞րդը…

ԳԵՎՈՐԳ ­ Բերդը… Բերդը Շահանդուխտը կպահի, տղամարդու պես քաջ է։ Ո՞ւր է նա։

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ (ամբողջ ընթացքին թաքուն հետևել էր, առաջ է գալիս) ­ Այստեղ եմ, իշխան։

ԳԵՎՈՐԳ ­ Բերդը քեզ եմ վստահում, աղջիկս, մենք շուտ կգանք, չվախես։

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ ­ Ես չեմ վախենում։

ԳԵՎՈՐԳ ­ Կեցցես։

Գևորգը, Վահրամը, Մուշեղը սլանում են բերդից դուրս, դեպի Գեղ։

31

Գեղա ամրոցի բարձունքը։

Ցածում, հեռու հարթավայրում, տեղակայվել է Բըշըրի զորքը։ Գիշեր է։

Բարձունքից Բըշըրի զորքի անցուդարձին են հետևում հայ զինվորները Գոռի գլխավորությամբ։ Աշխատում են ամեն շարժում առավելագույնս անձայն անել։

Բըշըրի զորքում զվարթություն է տիրում, պարում են կրակների շուրջ, հռհռում, սակայն ոմանք արդեն հորանջում են։ Մի քանի վրան կա խփած, ամենամեծում՝ Բըշըր զորավարը, որին մերսում են զույգ զինվորներ, հաճույքից նվաղում է։

ԲԸՇԸՐ (Մերսողին) ­ Ծոծորակիս մոտ, այ էստեղ։

Բարձունքը, ուր մերոնք են։

ԳՈՌ (զինվորներին) ­ Դուք մնացեք էստեղ, սպասեք ինձ, աղմուկ չհանեք, լուռ հետևեք, ես շուտ կգամ։

Գոռը ձին սանձից քաշելով տանում է և միայն ապահով տեղում է արդեն հեծնում։

Գոռը սլանում է դեպի ամրոցը։

Ամրոցում հավաքվածներին, որ հիմնականում գյուղացիներ են, կան նաև մի քանի հոգևորական, Գոռը փորձում է համոզել։

ԳՈՌ ­ Տակներդ լցրել եք… Ինչ ա, սպասելու եք գան, կոտորեն, գնա՞ն… Թե՞ կարծում եք՝ ձեզ կխնայեն…

ՄԵԿԸ ­ Մենք մեղք չենք գործել, մեզ ինչի՞ պիտի կոտորեն…

ԳՈՌ ­ Կարծում եք՝ Բյուրականցիք կամ Այրիվանքցիք հատուկ մեղքեր ունեի՞ն… Հայ լինելն արդեն մեղք չի՞, քրիստոնյա լինելը մեղք չի՞…

ՄԵԿ ՈՒՐԻՇԸ ­ Բայց մենք կռիվ անել չգիտենք, մենք զենք­մենք չունենք, մերը գութանն ա, եղանը, ուրագը…

ԳՈՌ ­ Ձեզնից կռիվ անել չեմ պահանջում, մենակ ինչ ասեմ՝ ճշգրիտ կատարեք։ Մի քսան­երեսուն հոգին հերիք ա։

Գյուղացիները հավաքվում են իրար գլխի, խորհրդակցում։

Հարթավայրի շրջակա բարձունքները։ Հավասար հեռավորությունների վրա երկու­երեքական մարդ է թաքնվել, առջևները՝ խարույկի պատրաստ ցախը, ցախի վրա նավթ են լցնում։

Կենտրոնական բարձունքին՝ Գոռն է իր գնդով, բոլորը նայում են նրան՝ սպասելով նշանի։ Գյուղացիների ձեռքին պղինձներ կան, տակառներ և մահակներ, որոնցով խփելու են ու աղմուկ հանեն։

Հայացք վերից. ցածում Բըշըրի զորքը քնած է արդեն, կրակները հանգել են, ձայները մարել։ Եզրերում մի քանի պահակ կան, բայց նրանցից ոմանք արդեն քնել են, մյուսները հորանջում են։

Երկու պահակ։ Մեկը հորանջելով ասում է մյուսին.

­ Էէ, հայերը մեզ մոտեցող չեն, ջանըմ, համ էլ ո՞վ մոտենա, ո՞վ ունեն, էս երկրում տղամարդ ա՞ մնացել…

Մյուսը համարյա քնած է, պատասխանում է.

­ Ամեն դեպքում, զգուշությունը չի խանգարի…

Ասում է ու խռմփացնում։ Մյուսը նայում է նրան, ծպպացնում ու ինքն էլ հարմարվում խոտերին, փակում աչքերը։

Գոռի զինվորներից երկուսը մոտենում են քնած պահակներին, փակում բերաններն ու արագ կտրում նրանց կոկորդը, ապա քաշում, տանում հեռու, փոսի մեջ սկսում հանել նրանց հագուստը։ Քիչ անց իրենք են ելնում փոսից արաբ զինվորականների հագուստ հագած, երկուսով անձայն շարժվում են քնած զորքի միջով, ձեռքի փալասներով, որ կապած են փայտերին, կուժերի միջից նավթն առնում, ծորացնում են արանքներում, շաղ տալիս վրաններին։

Արաբ զինվորներից մեկը արթնանում է, ակնապիշ նայում մեր զինվորին, վերջինս ժպտում է նրան, ընկերը ետևից փակում է արաբի բերանը և դաշույնով հատում կոկորդը։

Ապա նրանք փոսից վերցնում են իրենց հագուստն ու քաշվում դեպի իրենց գունդը։

Գոռը և մյուսները կրակվող նետեր են արձակում դեպի Բըշըրի քնած զորքը։

Սա նշան է, բարձունքների գյուղացիք վառում են իրենց խարույկները և սարսափելի գոռոց, խփոց բարձրացնում։

Կրակվող նետերից հրդեհվում է թշնամու կայանի տարածքը։

Արաբ զինվորները արթնանում են, շփոթահար այս ու այն կողմ են վազվզում,

վրաններից դուրս են գալիս կիսամերկ զորականները, գոռում, փորձում ուշքի բերել զինվորներին։

Գոռի գունդը սրարշավ իջնում է բարձունքից, մտնում է թշնամու զորքի մեջ։ Քանի նրանք ուշքի չեն եկել՝ մերոնք աջ ու ձախ կոտորում են։ Խուճապ է, իրարանցում, արաբները սարսափած փախչում են, նրանց հրամանատարները փորձում են պահել, բայց իրենք էլ սարսափած են։

Հայտնվում է Բըշըրը, ձի հեծած կտրում է փախչողների դեմը։

Գոռը գալիս է նրա վրա։ Մենամարտում են։ Գոռին կողքից ևս մի արաբ է վրա տալիս՝ օգնելով Բըշըրին։

Բըշըրի թուրը այն է՝ պիտի իջնի Գոռի դեմքին, ետևից լսվում է վրա հասած Գևորգ իշխանի ձայնը՝ «Մեռի՛ր, սատանի ծնունդ…», խոսքի հետ Գևորգի թուրն իջնում է Բըշըրի թիկունքին, նրան զրահազգեստն է փրկում, բայց իր ձիու հետ տապալվում է հարվածից։

Ձիուն թողած, Բըշըրը ճարպկորեն ոտի է կանգնում, խլում իր զինվորի ձին, հեծնում ու փախչում մարտի դաշտից։

Այդ պահից սկսած՝ արաբներն անկանոն փախչում են, գունդը՝ Գոռի գլխավորությամբ, նաև Գևորգ իշխանն իր ընկերների հետ, հալածում են նրանց ու անխնա կոտորում։

ԳՈՌ (տեսնելով Բըշըրի փախուստը) ­ Բըշըրը փախավ, բռնենք Բըշըրին, իմ ետևի՛ց։

Գոռն իր զինակիցների հետ, թվով երեք­չորս հոգի, հալածում են Բըշըրին, որ փախչում է իր մի քանի զինակիցներով, նրա կողքին է Ջամալը։ Բըշըրը ետ է նայում և կռահում, որ հակառակորդը հասնում է։ Նա ընթացքից, կողքից մտրակով աննկատ թռցնում է Ջամալի գլխարկը, Ջամալը քամուն է վերագրում դա, Բըշըրը հանում է իր գլխարկը, ընթացքից դնում Ջամալի գլխին, ասելով՝ «Առ, չմրսես, դու գլխից թուլ ես»։ Ինքն աստիճանաբար հեռանում է Ջամալից ու փախչում այլ ուղղությամբ, Ջամալն, անտեղյակ, շարունակում է փախչել նախկին ուղղությամբ։

Գոռը հեռվից կողմնորոշվում է Բըշըրի շքեղ, կարմիր գլխարկով, իր ընկերներով վերջապես հասնում նրան, շրջափակում, հանում թուրը և տեսնում, որ խաբված է, իր առջև Բըշըրը չի։

ԳՈՌ ­ Փախավ մեծ զորապետը։ (Թրով թռցնում է Բըշըրի գլխարկը Ջամալի գլխից)։

Նիզակակիրը բարձրացնում է նիզակը, որ խրի Ջամալի կուրծքը։

ԳՈՌ (զսպելով նիզակակրին) ­ Սպասիր, ես սրան պարտք եմ մնացել, պարտքս պիտի տամ։ (Ջամալին). Իջիր ձիուց։ Եթե հաղթեցիր՝ թողնելու եմ՝ գնաս։

Ջամալը լկտի ժպտալով սկսում է հանել վերնահագուստը։

Գոռը նույնպես մերկանում է մինչև գոտկատեղը։

ԳՈՌ (Վահրամին) ­ Դրա շորերով իր մարմինը չորացրու, յուղ քսելու սովորություն ունի։

Վահրամը սրբում է Բըշըրի մարմինը, ապա շորերը նետում մի կողմ։ Բըշըրը նայում է գետնին գցած իր շորերին։

ԳՈՌ ­ Մի նայի, էլ պետք չեն գալու։

Գոռն ու Ջամալը ըմբշամարտում են։ Հավասար մարտ է գնում։ Ջամալը մի պահ նույնիսկ մոտ է հաղթանակի՝ բարձրացնում է Գոռին, օդում պտտում ու իր գլխի վրայով գցում գետին, բայց Գոռը ճարպկորեն շրջվում է ու ոտի վրա ընկնում, ապա, մինչ Ջամալը կշրջվի նրա կողմը, թիկունքից բռնում նրա վիզը, Ջամալը խեղդվելով փորձում է ազատվել, Գոռը վարից ոտքով խփելով նրա զույգ ոտքերին՝ սասանում է նրա հավասարակշռությունը և գցում հողերին, բերանքսիվայր, անմիջապես ձեռքը անցկացնում է նրա թևատակով ու ծոծորակին հենելով՝ շրջում մեջքի վրա։ «Քեզ հնարավորություն էր տրված՝ չկարողացար օգտագործել»՝ ասում է Գոռը և կքվելով՝ ջարդում  Ջամալի վիզը։

Մարտի դաշտը։ Լուսաբաց։ Գյուղացիք իջել են բարձունքներից։ Բոլորը հավաքվել են Գոռի շուրջը։ Գևորգը որդու կողքին է։

ԳՈՌ (զինվորներին) ­ Հավաքեք սրանց զենքերը, բաժանեք նրանց, ով կուզի մեզ միանալ։ (Գյուղացիներին). Հիշեք, ով միացավ մեզ, փառքով է պսակելու իր անունը։ Այսօրվանից Աստված բարի աչքով է նայելու մեզ, մեր թիկունքին է լինելու, նա սիրում է քաջերին, իրենց երկիրն ազատագրելու ելած քաջերին։

32

Սևանա լիճը։ Սուրհանդակ է նավակով լողում դեպի կղզին։

Հասնում է կղզուն, նավակը թողնում ափին ու վազում դեպի ապարանքը։

Գավթում Արքան է թագուհու հետ։

Ներս է վազում սուրհանդակը։

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ ­ Արքա, թագուհի… (Ծնկի է իջնում):

ԱՐՔԱ ­ Ասա։

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ ­ Գոռ իշխանիկն իր քսան քաջարի մարտիկների հետ գիշերով հարձակվել է Բըշըրի զորքի վրա ու փախցրել նրան։

ԹԱԳՈՒՀԻ ­ Գոռ իշխանի՞կը…

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ ­ Այո, թագուհի, Գոռ իշխանիկն իր գնդով փրկել է Գեղա բերդը վերահաս կործանումից։

 ԱՐՔԱ ­ Գոռ իշխանիկը գո՞ւնդ ունի…

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ­ Գառնու գունդն է, ինքն է տարել մարտի։

 Թագուհին ժպտալով նայում է ամուսնուն, հայացքում նաև մարտահրավեր կա։

Արքան չի դիմանում նրա հայացքին, շրջվում է։

ԱՐՔԱ (սուրհանդակին) — Գնա, թող կերակրեն քեզ։ (Սուրհանդակի հետևից, ծառաներին գոռալով). Կերակրեք մարդուն, գինի տվեք։

33

Ցլիկ Ամրամի ապարանքը։ Ասպրամն իր ննջարանում, մահճակալին կծկված։

Օձը հատակին է, մահճակալի գլխամասում։

Ներս է գալիս Ցլիկը։

Ասպրամի դեմքը տհաճությունից ծռվում է։ Նա քանդում է զգեստի կապերը և պատրաստակամ տհաճությամբ մեկնվում անկողնին։

Ցլիկը մոտենում է, պառկում, գրկում կնոջը, սկսում կենակցել։

ՑԼԻԿ ­ Դե շարժվիր, տնքա, հառաչիր, ինչ ես լեշի պես մեկնվել։ Քեզ սիրելու համար անպայման արքա՞ պիտի լինել։ (Խփելով). Շարժվիր, շան քած, բոզ, դե շարժվիր, տնքա, լաց եղի…

Ասպրամը ճչում է ու հրում ամուսնուն, ինքը քաշվում է վեր՝ բարձի վրա։

ՑԼԻԿ (հանելով դաշույնը) ­ Կմորթեմ, պոռնիկ…

Ասպրամը լուռ բարձրացնում է գլուխը՝ մերկացնելով վիզը, իբր՝ մորթիր։

Ցլիկը հապաղում է, չի համարձակվում։

Օձը սողում, վեր է բարձրանում տիրուհու մոտ, պառկում նրա ոտքերի տակ։

ՑԼԻԿ ­ Լավ, ընտրությունը քոնն է, այս ժամից սկսած՝ ես փակում եմ քեզ քո ննջարանում, միայն այս օձն է լինելու մերձավորդ։ Թող քո արքան քեզ փրկի։

Ցլիկը դուրս է գալիս կնոջ ննջարանից։

Ասպրամը կատաղի ոռնալով գալարվում է անկողնում, անզորությունից պատռում բարձը։

34

Նըսըր ոստիկանը իր զորախմբով արշավում է դեպի Բագարան, Աշոտ Բռնապետին հյուր։

Զորախումբն անցնում է փոքրիկ գյուղի մոտով։ Ոչ ոք չկա, տղամարդիկ գործի են դաշտերում, մնացյալը վախից դուրս չեն գալիս։

Հանկարծ մի սև շուն է դուրս պրծնում չգիտես որտեղից ու կատաղի հաչոցով գալիս ուղիղ Նըսըրի վրա։

Նըսըրի ձին վախեցած ծառս է լինում, խրխնջում, ապա սայթաքում՝ հազիվ պահելով հավասարակշռությունը։

ՆԸՍԸՐ ­ Էս ինչ շայթանի տարած գյուղ է, մեկը դուրս չեկավ Նըսըր ոստիկանին դիմավորելու, միայն շունը։

Շունը շարունակում է հաչալ Նըսըրի վրա։

Նետաձիգը նետը քաշում է, որ խփի շանը։

Նըսըրը պահում է նրան։

ՆԸՍԸՐ ­ Զաթի մենակ սա դիմավորեց ինձ, ուրեմն մենակ սա էլ թող ողջ մնա էս գյուղում։

Նըսըրը նշան է անում։

Զորականները մտնում են գյուղ, սկսում կրակի տալ տները, ով տնից դուրս է գալիս, փախչում, հասնում են ու սրի քաշում կամ նետահարում։

Նըսըրի զորքն առաջ է գնացել։

Գյուղը ծխում է հեռու ետևում։

Զորքի ճամփին ոչխարի հոտն է իր ծեր հովիվով։

Հովիվը, կուլան ձեռքին, գլուխ է խոնարհում Նըսըրի առաջ։

ՆԸՍԸՐ ­ Էդ ի՞նչ ա, անհավատ…

ՀՈՎԻՎ ­ Սառը թան ա, առ, անուշ արա, ոստիկանապետ։

ՆԸՍԸՐ (վերցնելով կուլան) ­ Ի՞նչ իմացար ոստիկանապետն եմ։

ՀՈՎԻՎ ­ Երկնքի լույսը վրադ ա։

ՆԸՍԸՐ ­ Շողոքորթ։ Փրկեց իրան։ (Տալիս է մի զինվորի). Առ, խմի վրայից մի քիչ։

Զինվորը մի քիչ խմում է, առանց բերանը պռնկին դիպցնելու։

ՆԸՍԸՐ ­ Հը՞, համով ա՞…

ԶԻՆՎՈՐ ­ Հա։

ՆԸՍԸՐ ­ Տուր էստեղ։ (Վերցնում է կուլան)։

Զորքն արշավում է առաջ։

Նըսըրը պահել է կուլան, դեռ չի խմում։ Նայում է զինվորին և միայն համոզվելով, որ նա թունավորված չի, խմում է թանը՝ «Ուխա՜յ…»։

Բագարանին մոտ՝ Նըսըրին ընդառաջ է գալիս Աշոտ Բռնապետն իր թիկնազորով։

Ողջագուրվում են։

ԱՇՈՏ ­ Էս ինչ բախտավորություն էր…

ՆԸՍԸՐ ­ Հրավիրել էիր, չէ՞, թագավոր Աշոտ, թե՞ փոշմանել ես։

ԱՇՈՏ ­ Վայ, էս ինչ ես ասում, ոստիկան… Նոր հայտնեցին գալդ, թե չէ շուտ էի դուրս եկել դիմավորելու։

Նրանք համախումբ՝ արշավում են դեպի Աշոտի ապարանք։

Բաղնիք։ Լողավազան։ Երեք տղաներ. երկուսը մերսում են Աշոտին և Նըսըրին, երրորդը ինչ­որ տարօրինակ լարային գործիք է ծլնգացնում և երգում։ Երգի ոչ մեղեդային տեսակը, ոչ լեզուն ծանոթ չեն, ինչ­որ կորած ցեղի լինի ասես։

ՆԸՍԸՐ ­ Բան չեմ հասկանում, բայց անուշ է երգում։

ԱՇՈՏ ­ Եսիմ, ինչ կորած ցեղի լակոտներ են, ահագին էլ փող տվի առա։

ՆԸՍԸՐ ­ Արժեն։

ԱՇՈՏ (Իրեն մերսող տղային, ասես հիշած) ­ Քեզ լավ լվացել ե՞ս ինձ ձեռք տալուց առաջ, այ տղա։

Տղան գլխով հաստատում է։ Աշոտը մոտ է քաշում նրան, հոտոտում, գոհ է մնում։

Նըսըրը իրեն մերսողին ցույց է տալիս, որ գոտկատեղը մերսի։ Աչքը կողքից տղայի մարմնին է, կոնքի շարժումներին։

Նըսըրը հանկարծ գրկում է մերսող տղային ու էդպես գրկած՝ գցվում լողավազան։

Աշոտը քթի տակ խնդմնդում է։

Նըսըրը բռնաբարում է տղային ջրի մեջ։

Տղան տնքում է, ճչում…

Տղայի ձայներին համընթաց՝ ավելի բարձրաձայն է երգում երգիչ տղան, որքան նրան անտանելի են բռնաբարվողի ձայները՝ այնքան նա ավելի բարձրաձայն է երգում։

Աշոտը նույնպես իրեն մերսողի հետ լողավազան է մտնում։

Ապարանքի բակ։ Հովանոցի տակ Աշոտը և Նըսըրը գինի են խմում և միրգ ուտում։

ՆԸՍԸՐ ­ Ճիշտ կանես՝ ժլատություն չանես։ (Աշոտի հարցական հայացքին ի պատասխան). Երեքին էլ փեշքեշ արա, տանեմ, անջատ­անջատ դրանց վայելքը կկորչի։

ԱՇՈՏ ­ Լավ, որ աչքդ կպել ա, տար, հալալ լինի, ոստիկան։

ՆԸՍԸՐ ­ Իշալլահ։ (Խմում է)։ Բըշըրին ուղարկում եմ Սևան, Աշոտ Երկաթի վրա, թող վերցնի կղզին, կաթողիկոս Հովհաննեսն էլ ա էնտեղ։ Ի՞նչ կասես։

ԱՇՈՏ ­ Շուտ պիտի անեինք։

ՆԸՍԸՐ ­ Շուտ պիտի անեինք։ Մեծ­մեծ խոսում ես մենակ… (Դադար)։ Միացի Բըշըրին, թշնամուդ վրայա գնում։

ԱՇՈՏ ­ Հաճույքով կմիանայի…

ՆԸՍԸՐ ­ Էլի՞ պոչդ քաշեցիր…

ԱՇՈՏ ­ Եթե միանամ՝ ժողովուրդը լրիվ ինձնից երես կթեքի, ոստիկան։

ՆԸՍԸՐ ­ Պահ, էլ ոնց կլիներ… կարելի ա կարծել՝ հիմա քեզ նայելուց չի կշտանում։

ԱՇՈՏ ­ Ճիշտ հասկացիր ինձ, մեծ ոստիկան, հետո պիտի թագավորեմ էս երկրում, չէ՞, հա մի գլուխ՝ երեսով կտան, բան մոռացող չեն, ես իմոնց ճանաչում եմ։ Զորք կտամ… Հը՞, կլինի՞…

ՆԸՍԸՐ ­ Կլինի։ Հետո, էս անցյալ տարվա հարկերը չեն տալիս, մի երկու նախարար են տվել, մյուսները գլուխ են պահում…

ԱՇՈՏ ­ Ես անձամբ կհավաքեմ հարկերը, ոստիկան, քո ընծաներն էլ հետը։

ՆԸՍԸՐ ­ Հա, թե չէ իրեք տղա տվիր, կարծում ես՝ պրծա՞ր։ (Ծիծաղում է):

Աշոտն էլ է ծիծաղում։

ՆԸՍԸՐ ­ Ծիծաղում ես, բայց դու էլ չես տվել հարկդ։

ԱՇՈՏ ­ Կտամ, հենց էսօր էլ կտամ, ոստիկան։

ՆԸՍԸՐ ­ Կտաս, հլա ու չտաս։ Արի ձեռքի ուժ փորձենք, Աշոտ, տեսնեմ ուժեղացել ե՞ս։

ԱՇՈՏ ­ Լավ էլի ոստիկան…

ՆԸՍԸՐ ­ Էյ, Իսա, արի էստեղ։ (Եկած թիկնապահին). Հլա մի էս թագավորի ձեռի ուժը փորձի։

ԱՇՈՏ ­ Թագավորին վայել չէ…

ՆԸՍԸՐ ­ Չհասկացա… Թիկնապահիս վայել ա, քեզ վայել չի՞… Սա մրցում ա, էստեղ թագավոր­բան հաշիվ չի, կուզե՞ս իմ հետ փորձի… Բեր ձեռքդ, բեր…

Նըսըրը Աշոտի հետ սեղանի վրա ձեռնամարտում է։ Զգացվում է, որ Աշոտն ուժեղ է, բայց մի քիչ ձևական մաքառելուց հետո՝ հանձնվում է։

ՆԸՍԸՐ ­ Մարզվի, թևերդ պնդացրու, թագավոր, դեռ ահագին կռիվ ունես անելու։ Դե մենք գնանք կամաց­կամաց…

ԱՇՈՏ ­ Էսօր էլ մնացեք, ոստիկան։

ՆԸՍԸՐ ­ Չէ, էդքան ժամանակ ալլահը մեզ չի տվել։ Դու շուտ արա՝ ինչ անելու ես։

ԱՇՈՏ ­ Պատրաստ ա։

ՆԸՍԸՐ ­ Դե ասա՝ բարձեն։

35

Սևանի ափ։ Ափի խորքում՝ Բըշըրի զորքն է վրան խփել, կայանել։

Ավելի խորքում՝ սարալանջին՝ անտառն է։

Անտառում Բըշըրի զինվորները ծառ են հատում,

մյուսները ծառաբները մաքրում են ճյուղ ու ոստից,երրորդները քարշ են տալիս դեպի ափ, այնտեղ թողնում լաստ կապողներին։

Լաստ կապող մասնագետներին շրջակա գյուղերից են բերել, հայեր են, որոնց գլխին կանգնած են արաբ պահակները։

Արդեն բազմաթիվ լաստեր կան կապած։

Բըշըրն իր թիկնապահների հետ շրջում է աշխատողների մեջ, շտապեցնում։

Բըշըրը դուրս է գալիս անտառից, արշավում ափ։

Ափին իջնում է ձիուց։

Շրջում է, ստուգում ափը հսկող պահակախմբերը։

Ափին մոտ, ջրի մեջ, արդեն մի քանի լաստանավեր կան պատրաստ։

Մի քանի զինվորական ափին արած խարույկի վրա ձուկ են խորովում։

Զինվորներից մեկը խորոված ձկան մի քանի կտոր է դնում կլոր, փոքրիկ, լավաշի պես արաբական հացի վրա, տալիս Բըշըրին.

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ­ Էստեղի ձուկը շատ համով ա, մեծ զորապետ, անուշ արա։

ԲԸՇԸՐ (վերցնելով) ­ Մաշալլահ։ Ուշադիր եղեք, կղզու կողմը նավ­մավ չգնա, ոչ էլ թողեք կղզուց մարդ փախչի. սրանց կաթողիկոսն ու արքան փախնել սիրում են։ (Ծիծաղում է)։

Լաստանավ կապողները աշխատում են, կացնով ակոս են բացում գերաններին, պարանը գցում ակոսներով, ձգում, մերձեցնում գերանները, կապում։

Նրանց կողքին գնում­գալիս է նիզակավոր պահակը։ Քաղցած է, քթին դիպչում է ձկան խորովածի հոտը, նայում է այն կողմ, այնտեղից ձեռքով են անում, կանչում են։

ՊԱՀԱԿ ­ Գլուխ չպահեք, գործ արեք, ես հեսա կգամ։

Պահակը քայլում է դեպի խորոված անողները։

Երկու հայ արհեստավորները, պահակի պատշաճ տարածությամբ հեռանալուն պես, մի քանի քայլի վրա ետ են տալիս ավազը, տակից երևում է թաղած կճուճը, բերանը կաշվով փակած, կողքին՝ գունդ արած ճիլոպ։ Կճուճում նավթով պատրաստած հատուկ դյուրավառ խեժանյութ է։ Նրանք ճիլոպը թաթախում են ու արագ­արագ քսում լաստի գերաններին։ Երբ նկատում են, որ պահակը, ուտելով, ետ է գալիս, շուտ պահում են ճիլոպը, փակում կճուճի բերանը, ետ տալիս ավազը, ջանադրորեն շարունակում իրենց գործը։

Ծառերի ետևից, աննկատ, այս անցուդարձին հետևում է Աշոտ Երկաթի լրաբերը։

Նա անձայն ետ է քաշվում, կուզեկուզ գնում, կորչում բարձունքի ետևում։

36

Երեկո, աղջամուղջ։ Սևանա լիճ։

Ափին, Բըշըրի կայանած տեղից ահագին հեռու, արքայի լրաբերը հագուստով մտնում է ջուրը, լողում է դեպի կղզի։

Աշխատում է անաղմուկ լողալ, չերևալ Բըշըրի կողմից։

Կղզու վրա։ Բարձունքից, պարսպի գլխից, արքան դիտում է ափը։

ԹԻԿՆԱՊԱՀ ­ Արքա, մարդ է լողում դեպի մեզ։

ԱՐՔԱ ­ Գնացեք ընդառաջ։

Երկու զինվորական մոտենում են ափին, օգնում լրաբեր Վարդանին դուրս գալ ջրից, անմիջապես ցամքոց են տալիս ու չոր հագուստ, ապա, երբ չորանում է, փոխում հագուստը, տանում են ապարանք, արքայի մոտ։

Ապարանք։ Այստեղ է նաև կաթողիկոսը։

ԱՐՔԱ ­ Ասա, Վարդան։

ՎԱՐԴԱՆ ­ Մեծ զորք է հանել Բըշըրը, արքա։ Ծառ են հատում, լաստ են կապում… Շտապում են, հենց վաղն էլ հնարավոր է հարձակվեն։

ԿԱԹՈՂԻԿՈՍ ­ Մենք կարող ենք քո նավով ծովի հակառակ կողմն անցնել, արքա…

ԱՐՔԱ ­ Հետո էլ ձիերով՝ երկրի հակառակ կողմն ու՝ պրծնենք։ Դու կարող ես գնալ, վեհափառ, իմ նավը քո տրամադրության տակ է։

Կաթողիկոսը մնում է նստած։

ՎԱՐԴԱՆ ­ Լաստ կապող վարպետներին շրջակա գյուղերից են հավաքել, նրանց մեջ մեր մարդկանցից կա… (Լռում է, կաթողիկոսի ու մյուսների մոտ չի ուզում ասել)։

ԱՐՔԱ ­ Գնացինք, պատրաստվել է պետք։

37

Ուտիք։ Ցլիկ Ամրամի ապարանքը։

Ասպրամի ննջարանը։

Ասպրամը նստած է անկողնում, ծնկները գրկած, հայացքը անորոշ սևեռված, լարված ետառաջ է ճոճվում։

Օձը ցածում է, մոտիկ։

Ասպրամը վեր է թռչում կտրուկ, մոտենում ջրով լի թասին, նայում ջրին, մատն ընկղմում, նորից նայում, մորթում թռչնին, արյունը քամում ջրի մեջ, թռչնի մարմինը շպրտում, նայում ջրին, մոմը թեքում՝ հալոցքը կաթեցնում է ջրի մեջ, նորից նայում, ջրի արտացոլանքում տեսնում ենք նաև գլուխը բարձրացրած օձին։

Ասպրամը կատաղած խփում է թասին, գցում, թափում ջուրը, ինքը վազում է նեղ, փակ պատուհանի մոտ ու ամբողջ ուժով խփում փեղկերին, ապարդյուն, վերցնում է ծանր մոմակալն ու խփում, փեղկերը տեղի են տալիս, պատուհանը դրսից ճաղապատ է, բռնում է ճաղերը, նայում ցած՝ բակին։

Բակում Ցլիկ Ամրամը հավաքել է իր գունդը, պատրաստվում է արշավել Բըշըրին օժանդակելու։

ԱՍՊՐԱՄ (գոռում է) ­ Ցլիկ Ամրամ, դու արա՞բ ես, որ գնում ես արաբին միանալու…

ՑԼԻԿ (ծառաներին) ­ Փակեք դրա պատուհանը։

ԱՍՊՐԱՄ ­ Ո՞ւմ վրա ես գնում, թշվառական, քո արքայի՞…

ՑԼԻԿ (շրջվելով) ­ Քո՛ արքայի։

ԱՍՊՐԱՄ (Զինվորներին) ­ Մի ենթարկվեք դավաճանին, դավաճանի խարան մի վերցրեք ձեզ վրա, ձեր մայրերն ու կանայք չեն ների ձեզ, ձեր զավակները չեն ների ձեզ, ձեր աստված չի ների ձեզ, մի՛ գնացեք նրա ետևից, խայտառակ մի արեք ձեր անունը…

Ասպրամին ծառաները ետ են քաշում պատուհանից։

Գունդը դուրս է գալիս բակից։

Նրանց ետևից դեռ լսվում է Ասպրամի խլացող գոռոցը՝ «Անիծյալ լինես, Ցլիկ Ամրամ…»։

Ասպրամի ննջարանում:

Ասպրամը կատաղած շարունակում է գոռալ՝ «Անիծված լինես, Ցլիկ…», անդադար կրկնում է և մեծ ասեղով ծակռտում Ցլիկի կերպարանքով տիկնիկին, որին ինքն է սարքել՝ այս կերպ վրեժխնդիր լինելու համար։

38

Գեղամա ծովակ։ Բըշըրի պատգամավորներով նավակը լողում է դեպի կղզի։

Կղզի։ Արքայի ապարանքը։ Թիկնապահն է գալիս։

ԹԻԿՆԱՊԱՀ ­ Արքա, Բըշըրը պատգամավոր է ուղարկել, մոտենում են ափին։

ԱՐՔԱ ­ Դիմավորեք, բերեք մոտս։

Նավակը մոտենում է ափին։

Թիկնազորը դիմավորում է։ Պատգամավորները, թվով երկու կամ երեք հոգի, հետևում են թիկնապահներին։

Ապարանքի մուտքի մոտ։

ԹԻԿՆԱՊԱՀ ­ Զենքերն էստեղ թողեք։

Պատգամավորները թողնում են իրենց զենքերը նախասրահում։

Պատգամավորները նստած են արքայի դիմաց։ Խոսում է նրանցից ավագը։

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ­ Մեծ զորապետ Բըշըրը հրամայել է հաղորդել արքա Աշոտ Երկաթին հետևյալը՝ Գեղամա ծովակի կղզին պատկանում է աշխարհակալ խալիֆաթին, Բըշըրը պահանջում է հանձնել այն, հակառակ դեպքում ուժով կվերցնի և սրի կքաշի այնտեղ եղած մեծ ու փոքրին։ Խնդիրը խաղաղությամբ լուծելու համար՝ Բըշըրը հրավիրում է արքային իր վրանը՝ բանակցելու։

ԱՐՔԱ ­ Մեծ զորապետն էնտե՞ղ է, ծովափի՞ն։

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ­ Այո, ափին է, իր վրանում, եթե բարձունքից նայես՝ կտեսնես, ամենամեծ վրանն է, մուտքը՝ ոսկեզօծ, արևի տակ փայլում է։

ԱՐՔԱ ­ Լավ է, լավ է… Վաղուց էի առիթ փնտրում զրուցելու մեծ զորապետի հետ։ Բայց հիմա ժամը ուշ է։ Մի քիչ շուտ գայիք, էլի, տնաշեններ։

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ­ Ասել կուզի՝ արքան մերժո՞ւմ է մեծ զորապետի հրավերը։

ԱՐՔԱ ­ Ճիշտ հակառակը՝ արքան հաճույքով է ընդունում Բըշըր զորապետի հրավերը։ Սակայն արքան չի կարող հենց էնպես, ձեռքերը թափ տալով գալ, վայել չէ, նա թանկարժեք ընծաներ պիտի հավաքի մեծ զորապետի համար, իսկ զորապետին վայել ընծաներ ապսպրելը ժամանակ է պահանջում։ Հայտնեք զորապետին, որ ես նրա մոտ կգամ վաղը, լույսը բացվելուն պես։

Պատգամավորները գլուխ են խոնարհում և հեռանում բավարարված։

ԱՐՔԱ (պատգամավորների հեռանալուց հետո, թիկնապահին) ­ Ինձ մոտ կանչիր զորավարներին։

Գալիս է թագուհին, հուզված է։

ԹԱԳՈՒՀԻ ­ Ի՞նչ էին ուզում Բըշըրի պատգամավորները, Աշոտ։

ԱՐՔԱ ­ Առանձնապես ոչինչ, Բըշըրը հրավիրում է ինձ իր վրանը։

ԹԱԳՈՒՀԻ ­ Ի՞նչ ես անելու…

ԱՐՔԱ ­  Ի՞նչ պիտի, ես կարո՞ղ եմ մերժել մեծն զորապետին, լուսաբացին կգնամ։

ԹԱԳՈՒՀԻ ­ Ոնց թե՝ կգնամ…

Գալիս են երկու զորավարները։

ԱՐՔԱ (թագուհուն) ­ Հիմա գնա, թագուհի, գնա ու մի տագնապիր, ոնց աստված որոշել է՝ այդպես է լինելու, ոչ ավել, ոչ պակաս։

Թագուհին հեռանում է։

ԱՐՔԱ (զորավարներին) ­ Մենք ունենք մոտ հարյուր զինվոր, փառք աստծո՝ բոլորը անթերի նետաձիգներ են։ Պիտի շատ հաշվենկատ, մտածված ու ճշգրիտ գործենք՝ հարյուրով հազարի դեմ կռիվ տալու համար։

ԶՈՐԱՎԱՐ ­ Լսում ենք քեզ, արքա, հրամայիր։

ԱՐՔԱ ­ Զորքը բաժանում եք երեք հավասարի, դո՛ւ քո զինվորներին տանում ես ձախ ափը, դու՝ աջ. գիշերով, լաստանավերի վրա, աննկատ ու անաղմուկ, ու էնտեղ սպասում եք իմ նշանին։

ԶՈՐԱՎԱՐ ­ Ո՞րն է լինելու նշանը, արքա։

ԱՐՔԱ ­ Գնանք, բարձունքից նայենք ու ճշտենք ամեն բան։

Դուրս են գալիս երեքով։

39

Ուշ գիշեր։ Կղզու հեռավոր ծայրից երկու լաստանավ են դուրս գալիս, լողում են միմյանցից հակառակ ուղղությամբ, մեկը՝ աջ ափի կողմը, մյուսը՝ ձախ։ Լողում են անաղմուկ, տախտակամածը մգացված է՝ ներկած կամ մուգ փալասներով ծածկած, որպեսզի չերևա, զորականները նույնպես ծածկված են մուգ թիկնոցներով։

40

Լուսաբաց։ Արեգակը նոր­նոր երևում է սարերի ետևից։

Ծովափին՝ արքան է իր զորախմբով։

Պատրաստ են՝ մի նավակ արքայի համար և չորս լաստանավ զորախմբի։ Արքան նայում է թիկունքից դուրս եկած արեգակին և բարձրացնում ձեռքը։

ԱՐՔԱ ­ Առա՛ջ։

Արքան իր թիկնապահներով մտնում է նավակ, մնացյալ զորախումբը բաժանվում է լաստանավերի վրա, լողում են դեպի ափը, ուր թշնամին է։

Կղզուց դրոշ են բարձրանում, որ նշան է աջ ու ձախ ափերի լաստանավերի համար։

Աջ ափի գնդի զորավարը հրամայում է՝ «Առաջ»։ Լաստանավը պոկվում է տեղից, լողում դեպի կենտրոն։

Ձախ ափի գնդի զորավարը հրամայում է՝ «Առաջ, քաջեր»։ Լաստանավը պոկվում է և լողում դեպի կենտրոն։

Երկու ափերից կենտրոն լողացող լաստանավերը առայժմ դանդաղ են ընթանում, թշնամու համար՝ աննկատ։

Բըշըրի զորքը, նաև Ցլիկ Ամրամն իր գնդով, հավաքվել են ափին, նայում են, թե ինչպես է Աշոտ Երկաթը գալիս հանձնվելու։ Այստեղ է նաև ինքը՝ Բըշըրը՝ զվարթացած՝ ձեռքերն է շփում։ Լաստանավերը ափին են, բայց թափուր։

ԲԸՇԸՐ (ինքն իրեն) ­ Բանակցություն, բա չէ… Ես քեզ կշղթայեմ ու կտանեմ Դվին, Նըսըր ոստիկանի ոտքերի առաջ, գոռոզ Աշոտ։

Արքայի նավատորմիղը մոտենում է, զենքերը չեն երևում, ծածկված են ծածկոցներով և ընծաների տպավորություն են թողնում, զինվորներն էլ այնպես են նստած (ոմանք կռացած, իրար թիկունքի), որ ափից թիվը հաշվել հնարավոր չէ։

Արքան դարձյալ նայում է ետ՝ արեգակին. արեգակն արդեն ահագին բարձրում է։

Նետահաս տարածության վրա մոտենալով՝ Աշոտ Երկաթը հրամայում է իր քաջ նետաձիգներին՝ «Ի զեն, քաջերս»։

Մարտիկները ետ են քաշում ծածկոցները, հանում զենքերն ու լարելով աղեղները՝ նետերի տարափ արձակում ափին հավաքված թշնամու վրա։ Ինքը՝ արքան նույնպես նետեր է արձակում իր լայնալիճ աղեղից։

Բըշըրի զորքը նախ կարկամած է, ապա՝ խուճապահար։ Շատերն են ընկնում նետերից։

ԲԸՇԸՐ ­ Ախ, խորամանկ շեյթան… Ես քեզ կխեղդեմ ջրերի մեջ, քեզ ու քո խղճուկ զորքին։

Կղզուց դրոշով նշան են տալիս և ափերից եկող լաստանավերն արագացնում են իրենց ընթացքը։

Բըշըրի զինվորները ուշքի են գալիս, ծածկվում մեծ վահաններով, նրանց ետևից նետեր են արձակում նետաձիգները։

Արքան հրամայում է ետ լողալ՝ կղզու կողմը, որպեսզի նետերը չհասնեն։

Բըշըրը, տեսնելով արքայի նահանջը՝ հրամայում է իր զորքին նստել լաստանավերը և հալածել թշնամուն։

Լաստանավերը արագ պոկվում են ափից և լողում արքայի ետևից։

Երկու կողմերից հասնում են արքային ենթակա լաստանավերը՝ չորսական յուրաքանչյուր կողմից, նրանց վրայից նետաձիգները սկսում են կրակված նետեր արձակել։

Կրակե սլաքները երկու կողմերից թափվում են Բըշըրի լաստանավերի վրա։

Լաստանավերի խեժով ներծծված տախտակամածները բռնկվում են, հրդեհ է լաստանավերի վրա։

Բըշըրի զինվորները խուճապի մեջ են, ստիպված են թողնել նետերը և զբաղվել հրդեհ հանգեցնելով։

Արքայի տորմիղը արշավում է Բըշըրի վրա՝ նետերի նոր տարափ արձակելով։

Երեք կողմից Բըշըրը նետերի տարափի տակ է, զինվորները մեկը մյուսի ետևից խոցված ընկնում են՝ ով տախտակամածին, ով ջուրը։

Բըշըրը գնահատելով իրավիճակի անհուսությունը, իր նավակով ու թիկնապահներով փախուստի է դիմում։

Արքայի, նաև աջ ու ձախ ափերի լաստանավերը հասնում են թշնամու լաստանավերին, խոցում թշնամուն նիզակներով, թրերով։ Շուտով թշնամի չի մնում ծովի վրա, ով զոհվում է, ով ափ փախչում մի կերպ։

Արքայի զորքը հասնում է ափ, իջնում և հալածում թշնամու անկանոն, խուճապահար փախչող զորքին։

Զորքի մեծ մասը կոտորվում է, մնացյալը Բըշըրի հետ փախչում են անտառները, նրանց հետ է Ցլիկ Ամրամը իր զինվորներով։

Արքան դադարեցնում է հալածանքը, զգուշանալով ծուղակն ընկնել։

Ափին հավաքված մեր զորքը ցնծում է։

Բարձրանում են իրենց լաստանավերը և լողում դեպի կղզի, իրենց հետ տանելով նաև թշնամու լաստանավերը։

41

Պարտությունից հետո է, Բըշըրը կատաղած ետառաջ է քայլում Սևանի ափին։

Նրա զորքը հավաքում է վիրավորներին։

ԲԸՇԸՐ ­ Արագացրե՛ք, դանդալոշնե՛ր, ցռաննե՛ր, Ալլահը վկա՝ աշխարհի ամենավատ զինվորներն են ինձ բաժին հասել։ (Տեսնելով, որ քարշ են տալիս մի վիրավորի, որ հազիվ է շարժում ձեռուոտը). Էդ լեշն ո՞ւր եք տանում, էլ բան ու գործ չունե՞նք։ (Քաշում է թուրն ու գլխատում վիրավոր զինվորին).  Ամեն բան ես պիտի անեմ։ Տարեք թաղեք։ Ով թաղելու է՝ շուտ թաղեք, ով իր ոտով չի կարողանալու գալ՝ թողեք, ժամանակ չունենք դրանցով զբաղվելու։ Էն գերուն բերեք մոտս։

Բըշըրի մոտ են բերում գերի ընկած հայ զինվորին, միակ գերին է, որ ընկել է արաբների ձեռքը, ձեռքերը կապած են, խրոխտ կանգնում է Բըշըրի առաջ։

ԲԸՇԸՐ ­ Հը, ի՞նչ կասես… (սրի ծայրով խազմզում է գերու կրծքին):

ԳԵՐԻ ­ Ես ասելիք չունեմ։

ԲԸՇԸՐ ­ Բա կաշիդ չես ուզում փրկե՞ս… Մի կարգին բան ասա՝ թողնեմ, ասա տեսնենք էդ որտեղի՞ց փախած­մարած Արշակին էդքան ուժ… Որտեղի՞ց Գոռ իշխանին էն մեծ զորքը, որ Գեղա ամրոցի տակ էն գիշերով մեր վրա հանեց… Ո՞վ ա ձեզ օգնության եկել, վրացինե՞րը, աբխազնե՞րը, բուզանդնե՞րը…

ԳԵՐԻ ­ (Ծիծաղում է):

ԲԸՇԸՐ ­ Ինչի՞ ես ծիծաղում…

ԳԵՐԻ ­ Վախից՝ քսան հոգին գիշերով աչքիդ հազար ա երևացել, Բըշըր։

ԲԸՇԸՐ ­ Սուտ։ Քսան հոգին համ վրանները վառեցին, համ լանջերից կրակ թափեցին, համ արշավեցի՞ն ձիերով…

Գերին ծաղրաժպիտ լռում է։

Բըշըրը մտածում է գերու ասածի շուրջը։

ԲԸՇԸՐ ­ Էլ բան չես ասո՞ւմ։ (Տեսնելով, որ լռում է). Ուրեմն գնա թագավորիդ մոտ, ազատ ես։ (Իր զինվորներին). Ձեռքերի կապը քանդեք, իրան գցեք ջուրը, թող գնա։

Գերու կապն արձակում են, տանում գցում ջուրը, գերին լողալով հեռանում է ափից։

 Բըշըրը նշան է անում՝ նետաձիգները նետեր են արձակում գերու ուղղությամբ, բազում նետեր խրվում են նրա թիկունքը, ապա, երբ շրջվում է՝ կուրծքը։

Գերին չքվում է ջրի տակ, ապա հայտնվում անշնչացած, ալիքները նրա դին քշում են դեպի կղզի։

Դեպքի վայրից քիչ հեռու, ծառերի ետևից, այս անցուդարձին է լրտեսում մի հայ զինվոր։

ԲԸՇԸՐ (ինքն իրեն): Ուրեմն քսան հոգով, հա՞… Մասխարա սարքեց գլխիս էն թուլեն, հա՞։ (Զինվորներին). Շուտ հավաքվեք, գնում ենք, գնում ենք Գեղ՝ էն լակոտ Գոռից վրեժս առնելու, սաղ նրանից սկսվեց, բոլոր չարությունս նրա գլխին եմ թափելու… Ո՜նց եմ կատաղած։ (Ոտքով խփում է առջևը հապաղած զինվորին). Էն կողմ, քա՛լբ։ Ո՜նց եմ կատաղած…

ՀԱՄՀԱՐԶ (մոտենալով) ­ Թույլ տուր, զորապետ։

ԲԸՇԸՐ ­ Խոսիր, մենակ թե կարճ։

ՀԱՄՀԱՐԶ ­ Զինվորները հոգնած են այս կռվից, գուցե չշտապե՞նք, թող ուշքի գան մի քանի օր, ուժ հավաքեն, մենք էլ մտածենք…

ԲԸՇԸՐ (ընդհատելով): Ո՞վ մտածի, դո՞ւ…

ՀԱՄՀԱՐԶ ­ Մենք, զորապետ։

ԲԸՇԸՐ ­ Քսան հոգի են, սպասենք հազար դառնա՞ն… Գոռ իշխանի էդ արարքն էր, որ ոգևորեց հայոց արքային, թե չէ էսօր նա մեր հետ կռվողը չէր։ Ես չեմ հանգստանա մինչև Գոռից վրեժս չլուծեմ. հայոց իշխանիկն ինձ՝ Բըշըրիս, էդպես խաբի՞… Չէ, սպասել չկա, փող փչի, հավաքի զորքը, արշավում ենք։

Հայ զինվորը, որ տեսավ ու լսեց այս ամենը, ծառերի ետևից զգույշ ետ է քաշվում, գլորվում բլրակի հակառակ լանջով, ուր կապած է իր ձին, հեծնում է ու սլանում։

Բըշըրը հավաքում է զորքը, հեծնում ձին և արշավում դեպի Գեղ։

42

Կղզին։ Մեծ գավիթում արքան իր թիկնազորով տոնում է հաղթանակը, խնջույք է։ «Կեցցե արքան»՝ գոռում են աջից, ձախից։

«Կեցցե արքայի քաջարի զորքը»՝ գոռում է արքան։ Նրա կողքին է թագուհին։

Զորքը, որ տեղ չի արել ապարանքի գավթում՝ տոնում է բակում, այստեղ պարում են զինվորները, նաև կղզիաբնակ կանայք ու տղամարդիկ։

43

Հայ զինվորը կարճ ճանապարհներով հասնում է Գեղ, բերդի մոտ հանդիպում է իշխանին, Գոռին և Վահրամին, քիչ հեռվում՝ մի քանի հարյուր զինվորներից կազմված զորքն է։

ԶԻՆՎՈՐ ­ Իշխան…(հևում է)։

ԳԵՎՈՐԳ ­ Շունչ քաշիր։ Ջուր տվեք նրան։

ԶԻՆՎՈՐ ­ Իշխան, Բեշիրը Սևանում պարտություն կրեց արքայի զորքից…

ԳՈՌ ­ Կեցցե արքան։ (Զորքը կրկնում է՝ «Կեցցե արքան»

ԶԻՆՎՈՐ ­ Հիմա Բըշըրը կատաղել է, հավաքել է զորքի մնացորդն ու գալիս է կատաղությունը ձեր վրա թափելու։

ԳԵՎՈՐԳ ­ Էդ մնացորդն ինչքա՞ն կլինի։

ԶԻՆՎՈՐ ­ Չլինի, չլինի՝ մերից մի քանի անգամ ավել կլինի։

ԳՈՌ ­ Թող գա, մենք նրան արժանի հանդիպում կկազմակերպենք։ Ես մի բան եմ մտածել… Հայր, թույլ կտա՞ս…

ԳԵՎՈՐԳ (մի պահ մտածելով) ­ Կարգադրի՛ր, որդիս։

44

Մարզպետունին իր փոքրաթիվ զորախմբով գնում է Բըշըրին ընդառաջ։

Զորքը կայանում է բլրի ստորոտին, մեկին ուղարկում են գագաթը։

Բարձունքից դիտող զինվորը կանչում է՝ «Երևացին, գալիս են»։

Զորախումբը ճամփեզրին իջնում է ձիերից, իբր հանգստանում են, իբր պատահաբար են հայտնվել Բըշըրի ճամփին։

Երբ համոզվում են, որ Բըշըրը տեսել է իրենց, իբր խուճապի մատնված՝ արագ հեծնում են ձիերը և «փախուստի» դիմում դեպի կիրճը։

ԲԸՇԸՐ ­ Փախչում է շեյթանը։ Առա՛ջ, քաջե՛ր։

Բըշըրի զորքը քառատրոփ սլանում է Մարզպետունու զորախմբի ետևից։

Մարզպետունու խումբը մտնում է կիրճ։

Բըշըրը ոգևորված հալածում է նրանց։

Կիրճը ելք չունի, հասնելով վերջին՝ իշխանը շրջում է իր խումբը դեպի մոտեցող թշնամին՝ ճակատ­ճակատի։

ԲԸՇԸՐ (ինքն իրեն) ­ Ահա և հանդիպեցինք, իշխան Գևորգ։ (իր զորքին). Հասեք ու կոտորեք անհավատներին, քաջեր, մենակ իշխանին ու իր լակոտին ողջ թողեք, խոսելիք ունեմ հետները։ Առա՛ջ։ 

Արշավում են դեպի իշխանի զորախումբը,

սակայն հանդիպակած լանջերին ծպտված զորախմբերը Գոռի և Վահրամի գլխավորությամբ հանկարծ քաշում են պարանները, որ կապած են նախապես կիսով կացնահար արած ծառերի գագաթներից, հաստաբուն, բարձր ծառերը, հանդիպակաց լանջերից  ճռռալով թափվում են Բըշըրի զորքի գլխին։ Անմիջապես մեր զինվորները երկու կողմերից իջնում են լանջերով ու ընկած ծառաբների վրայով գալով՝ հայտնվում թշնամու գլխավերևում, նետերի տարափ են տեղում թշնամու վրա, նիզակներ շպրտում։

Բըշըրի զորքը հանկարծակիի եկած՝ խուճապում է,

ապա, ով կարողանում է ազատվել վրաներն ընկած ծառաբների գերությունից, կիսվում են երկու մասի՝ յուրաքանչյուրը դիմագրավելով մի լանջի հարձակումին։ 

Գևորգ իշխանն էլ իր թիկնազորով առջևից է հարձակվում։

Լանջերից իջնող զորախմբերն աշխատում են միացնել ծայրերը, որպեսզի փակեն կիրճի ելքը։

Տեսնելով իր անխուսափելի պարտությունը՝ Բըշըրն իր մի քանի թիկնապահով, նրա հետ նաև Ցլիկ Ամրամը, հասցնում են դուրս պրծնել կիրճից ու փախչել։

Մնացյալներն անխնա կոտորվում են,

միայն մի քանի ցաքուցրիվ խմբերի է հաջողվում դուրս պրծնել ու փախչել իրենց զորապետի ետևից։

Գեղա ամրոցի ներսում տոնում են հաղթանակը, խնջույք է, կրակին ոչխար է խորովվում, տիկերով գինի են բերում, տղամարդիկ խրոխտ պարում են կրակի շուրջը։

45

Արքան Սևանա կղզու իր ապարանքում ընդունել է հյուրերի՝ իշխան Գևորգին և իր եղբայր Աբասին։ Այստեղ է նաև կաթողիկոս Հովհաննեսը և թագուհին։

ԱՐՔԱ (ողջագուրվելով Աբասի հետ) ­ Եղբայր Աբաս, խռովել ես եղբորիցդ, չես կարոտում, չես գալիս… (Գևորգին գրկելով). Սիրելի իշխան…

ԱԲԱՍ ­ Դու ես բոլորից խռովել, Աշոտ, մտել ես կղզի՝ դուրս չես գալիս։

ԱՐՔԱ ­ Դրա համար պատճառներ կան, Աբաս։ (Գևորգին). Ո՞նց ես, իշխան։

ԹԱԳՈՒՀԻ ­ Լսել ենք Գոռ իշխանիկի քաջագործությունների մասին, ոնց կուզեի տեսնել նրան, առնականացել է երևի…

ԳԵՎՈՐԳ ­ Շուտով կտեսնես, թագուհի։ (Աբասին նշան անելով)։

ԱԲԱՍ ­ Արքա, խնդրանքով ենք եկել։

ԱՐՔԱ ­ Լսում եմ։

ԱԲԱՍ ­ Մենք ուզում ենք, որպեսզի արքան վերադառնա Երազգավորս՝ իր արքունիքը։

ԱՐՔԱ (թագուհուն նայելով) ­ Թագուհին էլ, ահա, ամբողջ ժամանակ դա է հորդորում…

ԳԵՎՈՐԳ ­ Ուստի…

ԱՐՔԱ ­ Չգիտեմ… Դեռևս չեմ վճռել, մտածում եմ…

ԳԵՎՈՐԳ ­ Աշոտ արքա, ժամը առավել քան պատեհ է, պետք է արշավել Դվինի վրա, քշել թշնամուն երկրից։

ԱՐՔԱ ­ Բըշըրի զորքը, ճիշտ է, ջարդվեց, բայց Նըսըրը նոր զորք կբերի ամիրապետից, իսկ մենք ի՞նչ ունենք, իմ զորքն իսկի հարյուրը չի լրացնի։

ԱԲԱՍ ­ Մի երկու հարյուր էլ՝ իմ զորքը։

ԱՐՔԱ ­ Էլի քիչ է, արկածախնդրություն կլինի։

ԳԵՎՈՐԳ ­ Հինգ հարյուրին մոտիկ զորք էլ մերն է։ (Արքայի զարմանքը տեսնելով). Հավաքեցինք, արքա, հիմնականում՝ իշխանիկի այն հաղթանակը շատերին ոգևորեց, շինականներ միացան, որ արդեն տիրապետում են մարտական արվեստին, դավաճան իշխաններից փախած զինվորներ միացան… Էլի կհավաքենք, ես չեմ զլանա՝ կգնամ իշխանների մոտ, կհամոզեմ… Միայն թե դու քո արքայական աջի տակ վերցրու երկիրը։

ԱՐՔԱ ­ Ի՞նչ կասես, վեհափառ։

ԿԱԹՈՂԻԿՈՍ ­ Գևորգ իշխանը անցուդարձին տեղյակ մարդ է և իրատես։

ԳԵՎՈՐԳ ­ Սրանից հարմար պահ գուցե չունենանք այլևս. խալիֆաթի ներսում գզվռտոց է սկսվել, հարևանների ճնշումներ կան, բուզանդացիների հետ հարաբերությունները սրված են ավելի քան երբևէ…

ԱԲԱՍ ­ Վճռիր, արքա, կողքիդ ենք։

ԳԵՎՈՐԳ ­ Ի դեպ, վեհափառ, քեզ էլ պիտի հորդորենք, որ վերադառնաս Դվին, քո կաթողիկոսարանը։

ԿԱԹՈՂԻԿՈՍ ­ Հիմա՞, երբ նրանք այսպես կատաղա՞ծ են… Ուզում եք՝ մորթե՞ն ինձ արաբները…

ԳԵՎՈՐԳ ­ Հակառակը, հիմա վախեցած են, չեն համարձակվի։ Վեհափառ, հարկ է որ գնաս Դվին և հոգևորական շքախմբիդ հետ մի քանի ծպտված զորական տանես, ամրոցի ներսում նրանք մեզ օգտակար կլինեն։

ԿԱԹՈՂԻԿՈՍ ­ Ես Տիրոջ դեսպանն եմ, իշխան, ինձ չի կարելի խառնվել ռազմի գործերին…

ԳԵՎՈՐԳ ­ Համոզված եմ, Տերը քեզ աջակից կլինի, վեհափառ, որովհետև մեր գործն ավելի քան արդար է և աստվածահաճո։

ԿԱԹՈՂԻԿՈՍ ­ Թող նախ արքան իր վճիռը կայացնի…

ԱԲԱՍ ­ Արքա՜…

ԹԱԳՈՒՀԻ ­ Աշո՜տ…

ԱՐՔԱ ­ Դե, արքան ինչ, դուք արդեն ամեն բան վճռել եք, ինձ մնում է ենթարկվել։

ԱԲԱՍ ­ Կեցցե՛ արքան։

ԳԵՎՈՐԳ ­ Փա՛ռք հայոց արքային։

ԱՐՔԱ (թիկնապահներին) ­ Նավերը պատրաստե՛լ։

46

Արքան վերադառնում է Երազգավորս, իր արքունիքը։ Նրա կողքին է թագուհին։

Ճանապարհն անցնում է ավանի միջով։

Ժողովուրդը ցնծությամբ է ուղեկցում արքայի շքախմբին։

47

Նույն ժամանակ Գևորգ իշխանը ուղևորվում է Սևադա իշխանի ամրոցը։ Երկուսով են, իշխանն ու Վահրամը։

48

Նույն ժամանակ՝ Վեհափառն իր հոգևորական շքախմբով, ուղևորվում է դեպի Դվին։

Շքախմբի մեջ երեք­չորս ծպտված զորականներ կան։

49

Արքան մտնում է Երազգավորս։

Ավելի մեծ բազմություն է նրան ցնծությամբ դիմավորում։

50

Բռնապետ Աշոտն իր ոչ մեծ զորախմբով մտնում է մի մեծ գյուղ, որը հարկերը չի վճարել ու ետ է ուղարկել հարկահավաքին։

Գյուղամեջ։ Համայնքի առաջնորդն առաջ է գալիս, գլուխ խոնարհում. տարիքն առած մարդ է, բայց կոճղի պես ամուր։

Գյուղամեջում աստիճանաբար հոծանում է շինականների բազմությունը՝ կին, աղջիկ, տղա։

ԱՇՈՏ ­ Դո՞ւ ես էս համայնքի առաջնորդը։

ԱՌԱՋՆՈՐԴ ­ Ես եմ, սպարապետ։

ԱՇՈՏ ­ Ի՞նչ… Մեկ էլ կրկնիր։

ԱՌԱՋՆՈՐԴ (զարմացած) ­  Ես եմ, սպարապետ։

Կողքից մեկը հուշում է առաջնորդին։

ԱՌԱՋՆՈՐԴ ­ Ներող եղիր, չեմ իմացել, գյուղ տեղ ա, թագավոր։

ԱՇՈՏ ­ Էս մեր հարկահավաքին ինչի՞ եք ահաբեկել, ուղարկել… Ձեր հարկը ես պիտի տա՞մ ոստիկանին։

ԱՌԱՋՆՈՐԴ ­ Որ չունենք, ի՞նչ տանք, նոր էր՝ տարան… Մեր էրեխեքը սոված են մնում…

ԱՇՈՏ (մոտիկ մի երեխայի նիհար թուշը կսմթելով) ­ Ինչի՞, լավ էլ թռփոշ են։ Դու ինձ հեքիաթ մի պատմի, բերեք, ինչ ունեք­չունեք հանեք՝ ցորեն, յուղ, անասուն, փող…

ԱՌԱՋՆՈՐԴ ­ Ունենանք՝ կտանք՝ ձեզնից կպրծնենք, էլի…

ԱՇՈՏ ­ Էղավ։ (Զինվորներին). Էս գյուղում ինչքան ջահել տղա­աղջիկ կա, հավաքեք, քշեք տանենք Նըսըրին՝ հարկի տեղ։

 Զինյալները կատարում են հրամանը. ճչոց, փոշի, հայհոյանք…

Ձիերն ու մարդիկ խառնվել են իրար, մտրակում են՝ քշում ջահելներին, բերում Աշոտի առաջ։

Աշոտը իջնում է ձիուց։

ԱՌԱՋՆՈՐԴ ­ Մի արա, գյուղի արմատը մի կտրի, դու հայ մարդ ես, արաբ չես…

ԱՇՈՏ (գերևարածներին նայելով հերթով) ­ Հայ եմ, հայ եմ…  Էն, որ հորեղբորս տղուն ցնծությամբ թագավոր էիք կարգում ձեր գլխին, ինձ չէիք հիշո՞ւմ… Չէիք մտածո՞ւմ, որ ես ավելի շատ իրավունք ունեմ թագավոր կարգվելու։ Այ, ինձ կարգեիք, հիմա կազատեի հարկից, բայց էսպես չեմ կարող, գնացեք, թող Աշոտ Երկաթը ազատի ձեզ, իսկ ես պիտի հաշվետու լինեմ ինձ թագավոր կարգած արաբին։

Աշոտը մոտենում է մի սիրունիկ աղջկա, բռնում է նրա դեմքը, շուռումուռ տալիս, նայում, աղջիկը չի դիմանում ու կծում է նրա ձեռքը, արյուն է գոյանում, Աշոտը ժպտում է, լիզում արյունը ձեռքից։

ԱՇՈՏ (թիկնապահին) ­ Սրան առանձնացրեք, ինձ աղախին կլինի։ Մյուսներին անխտիր՝ Դվին, Նըսըրի մոտ։

Մի պառավ է ընդառաջ գալիս, հողն ու մոխիրը գլխին տալով, հագի շորերը պատառոտելով, աղաղակելով։

ՊԱՌԱՎ ­ Անիծվես դու, Աշոտ Բռնավոր, ձիդ սայթաքի՝ ընկնես ձորը, խրվես տիղմը, օձը կծի՝ ուռես, շներն ուտեն մսերդ…

Աշոտը մտրակը վերցնում է հարկահավաքի ձեռքից և մտրակում՝ տապալում պառավին։

ԱՌԱՋՆՈՐԴ ­ Կնանքանց հետ ես կռիվ տալի՞ս, բռնավոր, արի ինձ հետ կռվի, տենանք ով ում, կարա՞ս, արի, մի թուր տուր՝ կռվենք՝ հավասարը հավասարի…

Աշոտը հանում է թուրը, արագ հարվածում, առաջնորդի կոկորդը հատվում է, արյունը հոսում է, նա տապալվում է գետին խռխռալով՝ «Անիծված ըլնես»։

ԱՇՈՏ (զզվանքով մաքրելով վրան ցայտած արյունը) ­ Ըհը, դե մի կարգին առաջնորդ կընտրեք  ձեզ։ Գնացինք։

51

Գևորգ իշխանն ու Վահրամը մոտենում են Սևորդյաց ամրոցին. ամրոցը երևում է մոտիկ վերում։

52

Կաթողիկոսը հասել է Դվինի դարպասներին։

Արաբ պահակները բացում են դարպասները նրա առաջ։

Վեհափառը ներս է մտնում իր շքախմբով։

53

Գևորգը և Վահրամը մտնում են բերդ։ Մթնշաղ է։

ԳԵՎՈՐԳ (բերդապահին, ողջագուրվում են) ­ Սմբատ, սիրելիս։ Հայտնիր Սահակ իշխանին իմ գալստյան լուրը, ասա, որ զրուցելիք ունեմ հետը։

ՍՄԲԱՏ ­ Անմիջապես, իշխան։

54

Արքան մտնում է արքունիք, գրավում իր գահը։

Շքախումբը շարվել է գավիթում, արքայի երկու կողմերում։

ԱՐՔԱ ­ Իմ բոլոր զորավարներին հրամայում եմ՝ համընդհանուր զորահավաք անել երկրում, բոլոր նրանք, ովքեր ունակ են զենք բռնելու, անհապաղ պիտի միանան հայոց զորքին։ Կատարել։

55

Դաշտային ճանապարհով Աշոտ Բռնապետի մի ոչ մեծ ձիավոր զորախումբ, քշում են ավանում գերևարած ջահելներին։ Ինքը՝ Բռնապետը առաջ է անցել, նրանց հետ չէ, Երևում է, որ ճանապարհը անցնելու է անտառակի միջով։

Անտառ, մյուս կողմից, մտնում է գունդը Գոռ իշխանիկի գլխավորությամբ։

Գոռը նկատում է եկող թափորը, նշան անում իր զինյալներին, որ մտնեն ծառերի ետևը և երկու կողմից նշանառության տակ առնեն ճանապարհը։ Ինքը, թիկնապահի հետ, մնում է ճանապարհին։

Մոտենում է թափորը։ Նրա առաջ կանգնած է Գոռը։

Թափորի հրամանատարը կոպտորեն գոռում է. «Հեռու ճամփից»։

ԳՈՌ ­ Հա, լավ, հասկացանք, քեզ մի ճղի… Նախ մի ասա՝ տեսնենք ով եք, ուր եք քշում էս մարդկանց, որ մեղքի համար։

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ­ Ասեցի՝ հեռու, լակոտ։ (Քաշում է թուրը)։

Ծառի ետևից նետը սուրում և խրվում է հրամանատարի կոկորդը, նա խռխռալով տապալվում է։

Մյուս զինվորները զգուշացած տագնապում են։

Գոռի զինվորները առաջ են գալիս ծառերի ետևից՝ նետերն ու նիզակները պատրաստ պահելով։

ԳՈՌ ­ Դե՞… Ով կպատասխանի՞… (զինվորներից մոտակային). Դո՛ւ։

ԶԻՆՎՈՐ ­ Մենք Աշոտ թագավորի զինվորներն ենք, նրա հրամանով՝ այս գերիներին հարկի դիմաց տանում ենք Դվին՝ Նըսըր ոստիկանին։

ԳՈՌ ­ Այդ երբվանի՞ց է հայոց թագավորը ոստիկանի համար հարկ հավաքում։ Նա թագավոր չի, ընդամենը հարկահավաք է։ (Գունդը ծիծաղում է)։ Ազատեք այս մարդկանց, թող գնան իրենց տները։ (Գերիներին). Գնացեք, ազատ եք։

Գերիները սկզբում վարանոտ, ապա համարձակ ետ են դառնում եկած ճամփով։

Երեք ջահել պատանի անջատվում են նրանցից ու գալիս Գոռի մոտ։

ՋԱՀԵԼ ­ Մենք ճանաչեցինք քեզ, իշխան Գոռ, ուզում ենք քո գնդի զինվորը լինել։

ԳՈՌ ­ Բարի։ (Բռնավորի զինվորներին). Իսկ դուք ականջներիդ օղ արեք՝ էս երկիրը մի թագավոր ունի՝ Աշոտ Երկաթն է, կեղծ թագավորի եք ծառայում։ Զենքերը վայր դրեք, իջեք ձիերից ու գնացեք՝ նրա ու Նըսըրի ձեռքը լիզեք, ոտը պաչեք, ազատ եք։ (Ջահելներին). Վերցրեք նրանց զենքն ու ձիերը։

Բռնավորի զինվորները ենթարկվում են։

Ջահելները վերցնում են զենքը, հեծնում ձիերը։

Բռնավորի զինվորները հեռանում են, Գոռը սպասում է, հեռացողներից մի քանիսը մոլոր են քայլում, երկմտած, քիչ հետո շրջվում՝ ետ են գալիս Գոռ իշխանի մոտ, նրանցից մեկը ասում է. «Մենք ուզում ենք իսկական արքային զինվորագրվենք, իշխան Գոռ»։

Գոռը նրանց նշան է անում միանալ զորքին, նրանք հեծնում են իրենց ձիերը, վերցնում իրենց զենքը։

Գունդը շարունակում է իր ճանապարհը։

56

Գառնու ամրոց։ Մթնշաղ։ Բերդապատի գլխին՝ ասպազեն Շահանդուխտն է միայնակ կանգնած, աչքը Գոռի ճամփին է։

Բերդապատի տակ հայտնվում են երեք արաբ զինվոր, զգույշ, անձայն ու աննկատ են գործում, երկուսը մնում են պատի տակ՝ ուղիղ Շահանդուխտի ուղղությամբ, երրորդը, որ պարան ունի ուսից կախ, մագլցում է պատով, արդեն մոտիկից՝ պարանը լասսոյի պես նետում է աղջկա վրա, պարանը պարուրում է Շահանդուխտին ու մինչ նա ուշքի կգա՝ արաբը քաշում՝ նրան պատից ցած է գցում,ցածում եղած երկուսը պատրաստ բացած են պահել ցանցը, Շահանդուխտն ընկնում է ցանցի վրա,նրան արագորեն գլխովին ծածկում են ծածկոցով, տանում քիչ հեռու, ուր ծառերի տակ ձիերն են կապած, դնում ձիու մեջքին, զինվորներից մեկը հեծնում է նույն ձին ու սլանում, մյուս երկուսն էլ իրենց ձիերն են հեծնում ու սլանում առաջինի ետևից։

Անտառի մեջ նրանց է սպասում Բըշըրը իր մի քանի թիկնապահով։

ԹԻԿՆԱՊԱՀ ­ Բերում են ոնց որ, զորապետ։

ԲԸՇԸՐ ­ Տեսա, քոռ չեմ։

Հեծյալները մոտենում են նրան։

ԲԸՇԸՐ ­ Ապրեք։ Բացեք տեսնենք։ (Երբ հանում են ծածկոցը). Վախ, վախ, վախ…

Ձեռքը ձգում է, որ շոյի պարանակապ Շահանդուխտին, վերջինս ընկրկում է ու թքում Բըշըրի դեմքին։

Բըշըրը մատով դեմքից հավաքում է թուքը, տանում բերանը, ասելով. «Համով ա։ Հիմա իշխանիկդ իրան պատերով կտա, կասի՝ ո՞ւր ա իմ աննմանը, ո՞վ տարավՈ՞վ տարավ՝ Բըշըրը տարավ, ու իրան հալալ ա։ Գնացինք»։

Ձիավորները արշավում են անտառային ճամփով՝ տանելով Շահանդուխտին։

57

Գևորգ իշխանը Սահակ Սևադայի ապարանքում է։ Գևորգը և Սևադան են, իրար դիմաց նստած։

Վառվում են մոմերը՝ ստվերներ խաղացնելով Սևադայի կույր, անարձագանք աչքերին։

ՍԱՀԱԿ (ծառային) ­ Դու գնա, ապսպրի Գևորգ իշխանին վայել ընթրիք պատրաստել։

Ծառան գնում է։

ՍԱՀԱԿ ­ Ես գիտեմ, թե ինչ ես ասելու ինձ, Գևորգ Մարզպետունի։

ԳԵՎՈՐԳ ­ Այո, Սահակ իշխան, հենց դա։

ՍԱՀԱԿ ­ Եթե մեկ ուրիշը նման առաքելությամբ գար, իսկի ներս չէի թողնի, բայց քեզ հարգում եմ, գիտես։

ԳԵՎՈՐԳ ­ Ես նաև նամակ եմ բերել թագուհուց, ահա։ (Փաթեթը դնում է Սահակի գոգին)։

ՍԱՀԱԿ ­ Վաղուց է, որ նամակներ չեմ կարդում՝ շնորհիվ իմ սիրելի փեսայի։ Կարդա, լսեմ, իշխան։

ԳԵՎՈՐԳ ­ Ներող եղիր, սակայն չեմ համարձակվի թագուհու նամակը կարդալ։

ՍԱՀԱԿ ­ Լավ, Դավիթս կկարդա։

ԳԵՎՈՐԳ ­ Սակայն մի բան հաստատ գիտեմ, Սահակ իշխան, թագուհին նույնպես հորդորում է, որ հաշտվես արքայի հետ։

ՍԱՀԱԿ ­ Հաշտվե՞մ… Հաշտվեմ մեկի հետ, ով կուրացրեց ոչ միայն ինձ՝ ծերուկիս, այլև իմ սիրասուն որդուն՝ Գրիգորի՞ն։ Կուզե՞ս տեսնել նրան, կուզե՞ս տեսնել իմ երբեմնի առյուծ զավակի անօգնական, դողդոջուն վիճակը…

ԳԵՎՈՐԳ ­ Ես ամեն բան հասկանում եմ ու խորապես ցավակցում քեզ, իշխան, բայց եղածը եղած է, ետ չես բերի, իսկ երկիրը հիմա ճակատագրական խնդրի առջև է կանգնած, և եթե գոնե ժամանակավորապես չմոռանանք մեր վիրավորանքները, թշնամանքը, չմիավորվենք ընդհանուր թշնամու դեմ, մեզ ներում չի լինի։

ՍԱՀԱԿ ­ Արքային իմ զորքն է պետք ուրեմն, ինչպես պետք էր այն ժամանակ, երբ ամուսնացավ իմ դստեր հետ։

ԳԵՎՈՐԳ ­ Այո։ Սակայն, հավատա, նա ինքը չէր համարձակվի դիմել քեզ, ուստի ե՛ս ինձ վրա վերցրի այս առաքելությունը։ Դու մի որդի էլ ունես՝ կրտսեր Դավիթը, թող նա ձեր զորքով միանա հայրենական զորքին և պսակի իր անունը հերոսի հավերժական փառքով։

ՍԱՀԱԿ ­ Դավիթս…

ԳԵՎՈՐԳ ­ Իմ զորքն էլ հիմա որդիս է գլխավորում՝ Գոռը։

ՍԱՀԱԿ ­ Լսել եմ, թե ոնց է գիշերով ջարդել­փախցրել Բըշըրի զորքին։

ԳԵՎՈՐԳ ­ Հա, հիմա նրանց ժամանակն է, մերն անցնում է, իշխան, բայց պիտի էնպես անենք, որ կարգին երկիր թողնենք մեր որդիներին, ոչ թե էս ավերակը։

ՍԱՀԱԿ ­ Այո, այո… Բայց ես չեմ կարող ներել նրան, Գևորգ, դա անհնարին է, հասկացիր… Դու պատկերացնո՞ւմ ես քո Գոռին կուրացած… Կներես, աստված հեռու պահի, բայց մի պահ պատկերացրու…

ԳԵՎՈՐԳ ­ Լավ, արքայի հետ քո խնդիրը քո խնդիրն է, չեմ խառնվի, բայց մտածիր, որ զորքդ տալիս ես ո՛չ արքայի բարօրության համար, այլ երկրիդ փրկության, արքան էլ անցավոր է, դու էլ, ես էլ, երկիրը մնալու է…

Սահակ իշխանը մտածում է։

ԾԱՌԱ (գալով) ­ Ընթրիքը պատրաստ է, իշխան։

ՍԱՀԱԿ ­ Գնանք, քաղցած ես հաստատ։

Ծառան օգնում է կույր իշխանին, որ վեր կենա և գնա հարկավոր ուղղությամբ։

Գևորգը վշտով է նայում այս անցուդարձին։

Ընթրիքի սրահ։ Ճոխ սեղան։ Սահակ և Գևորգ իշխաններ, թիկնապահ Վահրամ։

Ներս են գալիս Սահակի որդիք՝ Գրիգորը և Դավիթը. Դավիթը բերում է կույր Գրիգորին, նստացնում սեղանի շուրջ։

Ինքը մոտենում է Գևորգին, ողջունում խոնարհաբար։

Գևորգը գրկում է նրան, ապա մոտենում և ողջագուրվում Գրիգորի հետ, վերադառնում է իր տեղը, նստում։

Գինի են լցնում գավաթները։

ՍԱՀԱԿ (գավաթը վերցրած) ­ Ասա, իշխան Գևորգ, լսում ենք։

ԳԵՎՈՐԳ ­ Մեր միաբանության համար, թշնամուց մաքրված մեր երկրի համար։ (Հարցական նայում է Սահակին)։

ՍԱՀԱԿ ­ Միանում եմ։ (Խմում է)։

58

Նըսըր ոստիկանի ապարանքը Դվինում։ Նըսըրն է և Կաթողիկոսը։ Զբոսնում են այգում. շատրվաններ, սիրամարգներ, ծաղիկներ։

ՆԸՍԸՐ ­ Հովհաննես, երբ քեզ կանչում են, ինչո՞ւ չես գալիս։

ՎԵՀԱՓԱՌ ­ Իմ եկեղեցիներն ամբողջ երկրով են սփռված…

ՆԸՍԸՐ (ընդհատելով) ­ Էդ հասկացանք, բայց որ կանչում եմ՝ ինչո՞ւ չես գալիս, ու հերիք չի չես գալիս, չես էլ արձագանքում, մենք քեզ համար՝ յա եղած, յա չեղած, հա՞։

ՎԵՀԱՓԱՌ ­ Ես Աստծո դեսպանն եմ երկրի վրա, միայն նրան եմ ենթակա, ոստիկան։

ՆԸՍԸՐ ­ Վռազ երևում է, որ օրհնել ես արքայիդ Բըշըրի վրա գնալիս, լեզուդ երկարել է։ Դու նախ խալիֆաթի ենթական ես։ Խալիֆաթն աստված է կարգադրել էս երկրի վրա։

Լռում են։ Մոտեցել են շներին, որ վանդակներում են կամ կապած են ցցերից, այլանդակ շներ են, գազանակերպ, մեծ քանակով։

Նըսըրը ծափ է զարկում, ծառան թասով միս է բերում, պահում Նըսըրի առաջ, Նըսըրը կերակրում է շներին։

ՆԸՍԸՐ ­ Եվ ո՞ւր է հիմա քո արքան։

ՎԵՀԱՓԱՌ ­ Նա գնաց Երազգավորս, արքունիք։

ՆԸՍԸՐ ­ Դուրս եկավ իր որջից, հա՞… Ի՞նչ նպատակներ ունի։

ՎԵՀԱՓԱՌ ­ Չգիտեմ, արքան ինձ հետ չի կիսվում, նա ժլատ է իր խոսքի մեջ։

Ծառան վերցնում է դատարկ թասը։ Սրբիչ է տալիս։ Նըսըրը մաքրում է ձեռքերը։

ՆԸՍԸՐ ­ Իսկ քո աստված ստել չի՞ արգելում, Հովհաննես։

Վեհափառը լռում է, նայում Նըսըրի աչքերին, վիրավորանք և համարձակություն կա այդ հայացքում։

ՆԸՍԸՐ ­ Իզուր ես վիրավորվում, ես հավաստի աղբյուրներից գիտեմ, որ արքան զորահավաք է հայտարարել, արշավ է կազմակերպում Դվինի վրա… Մի՞թե տեղյակ չի պահել վեհափառին…

ՎԵՀԱՓԱՌ (զգացվում է, որ դժվարանում է ստել) ­ Ոչ։

ՆԸՍԸՐ ­ Լավ, Հովհաննես, առայժմ ապրիր քո կաթողիկոսարանում, մինչև տեսնենք ուր կտանեն դեպքերի զարգացումները։ Գնա։

Կաթողիկոսը մի քանի քայլ է անում, ապա շրջվում։

ՎԵՀԱՓԱՌ ­ Մի բան հարցնեմ, Նըսըր ոստիկան։

ՆԸՍԸՐ ­ Հարցրու։

ՎԵՀԱՓԱՌ ­ Ձեր ինչի՞ն ա էս թալանված­ավերակված երկիրը, որ էսպես պինդ պահում եք…

ՆԸՍԸՐ ­ Պահում ենք, բա ո՞նց, հենց մի քիչ թույլ թողինք՝ վռազ թռփոշանալու եք ու կռիվ տաք, մենք ձեզ լավ ենք ճանաչում։

ՎԵՀԱՓԱՌ ­ Բայց մեր երկիրն ա, չէ՞, ձերը չի, մենք ուրիշի երկիր չենք մտնում։

ՆԸՍԸՐ ­ Պիտի մտնեք, մտնեք ուրիշի երկիր, որ ձերը կարենաք լավ պահեք։ Բայց արդեն ուշ ա, ժամանակին պիտի արած լինեիք։ Էս էլ ասեմ, Վեհափառ, վատ տեղում եք երկիր սարքել, Կովկասի պորտն ա, մենք չիշխենք՝ բուզանդներն են իշխելու, նրանք էլ թողին՝ պարսիկը։ Բայց չվախես, մենք թողնողը չենք, մեզ Ալլահն է կարգադրել, Ալլահի կամքն է՝ խալիֆաթը պիտի տիրանա աշխարհին, դու աստվածավախ մարդ ես, ասա՝ հո ալլահի կամքին դեմ չե՞նք գնալու…

59

Գևորգ իշխանը փոքրիկ գնդով՝ մոտ քսան հոգի, Գոռի և Վահրամի հետ, եկել են Ուտիք, մոտենում են Ցլիկ Ամրամի ապարանքին։

Բերդապահը պահանջում է գունդը դրսում թողնել, ներս է թողնում միայն Գևորգ իշխանին. սա տեսնում ենք հեռվից, անխոս, շարժումներից կռահելով։

Ամրոցի ներսում, բակում, Գևորգը հանդիպում է օտարերկրացիների զինյալ գնդի, նրանք ափխազերեն ինչ­որ բան են խոսում, նրանց գլխավորն է ափխազաց մի իշխան։

Գևորգը կասկածով է նայում նրանց։

ԳԵՎՈՐԳ (բերդապահին) — Մոռացա ապսպրեմ, որ ձիուս ջուր տան։ Դարպասը մի փակիր, ես հիմա կգամ…

Գևորգը մոտենում է Գոռին։

ԳԵՎՈՐԳ ­ Ներսում օտարներ կան, զինված են, եթե փորձեն հեռանալ՝ պահեք, մի յոթ հոգի հազիվ լինեն։

Գևորգը դարձյալ մտնում է ամրոց։

Ցլիկ Ամրամի ապարանքի գավիթը։ Ցլիկ Ամրամ և Գևորգ իշխան։

Ցլիկ Ամրամի տեսքից, հայացքից զգացվում է, որ հոգեկանը խախտված է՝ անկապ շարժումներ է անում, երբեմն ջղակծկվում են դեմքի մկանները, գունատ է։

ԱՄՐԱՄ ­ Իզուր ես եկել, Գևորգ իշխան։

ԳԵՎՈՐԳ ­ Մենք ժամանակին բարեկամներ էինք, Ամրամ, ուս­ուսի տված կռիվ ենք արել թշնամու դեմ, մի՞թե ուրախ չես ինձ տեսնելով։

ԱՄՐԱՄ ­ Անկեղծ ասած՝ ոչ։ Ես ոչ ոքի տեսնել չեմ ուզում այլևս, հոգնել եմ, հոգնել ու զզվել էս աշխարհից։ Տես­տես… պատի տակ… սողալով անցավ, չտեսա՞ր…

ԳԵՎՈՐԳ (ապշած) ­ Չէ…

ԱՄՐԱՄ ­ Սպիտակ օձը… չտեսա՞ր։ Գնա էստեղից, այ օձ, նա էստեղ չի, գնա։ (Համոզվելով, որ երևակայական օձը հեռացավ, դառնում է Գևորգին). Ես գիտեմ՝ ինչու ես եկել ու ինչ պիտի ասես, բայց անօգուտ է, իշխան, ես չեմ ուզում միանալ ձեզ, ես չեմ ուզում պաշտպանել էս երկիրը… Հակառակը, ես ուզում եմ ժամ առաջ հեռանալ էս երկրից… (Դադարից հետո). Իմ Ասպրամը մահացավ, գիտե՞ս… չգիտե՞ս… Նա ինքնասպան եղավ, Գևորգ, ես նրան փակել էի իր ննջարանում ու սպասում էի, որ մի օր կզղջա, մոտս կգա, ներում կխնդրի ու կասի, որ ինձ է սիրում, միայն ինձ… Իսկ նա կախվեց իր օթյակում, իր անկողնից ու զգեստից պարան սարքեց ու կախվեց։ (Ամրամի այս պատմածը կարելի է խաղարկել որպես հիշողություն). Երբ իջեցրի նրան, մեռած էր, բայց տաք էր դեռ։ Գրկեցի, նրա աչքերը բաց էին, նա ժպտում էր իմ գրկում, Գևորգ, նա երբեք իմ գրկում չէր ժպտացել ինձ, հակառակը, միշտ տհաճությամբ թեքում էր դեմքը ու ասում՝ ուֆֆ, էդ ուֆը ինձ սպանում էր, իսկ երբ պարանից իջեցրի՝ ձայն չէր հանում, ժպտում էր, կարծես ասում էր՝ սիրիր ինձ, Ցլիկ, այ հիմա քոնն եմ… Ես նրան պառկացրի իր անկողնում ու սիրեցի, իշխան, գժի պես սիրեցի… Հետո տարա ու թաղեցի մատուռի մոտ։ Վերջ, չկա Ասպրամը։ Ես էլ չկամ։ Ես վաճառել եմ իմ հողերը ափխազաց իշխանին, ու իմ զորքն առած՝ գնում եմ նրա երկիրը՝ էնտեղ եմ ապրելու իմ կյանքի մնացորդը, այս անիծյալ երկիրն այլևս երբեք չտեսնելու երդում եմ տվել։ Կներես, իշխան, բայց իմ մեկնումի ժամն է արդեն, ինձ սպասում են, պիտի աճապարեմ։

ԳԵՎՈՐԳ ­ Ցլիկ, սակայն արդյո՞ք քոնն են այս հողերը, որ վաճառում ես ափխազին, հայոց հողը չի՞ սա…

ԱՄՐԱՄ ­ Ինձ մենակ թող, իշխան, ես այլևս ունակ չեմ խոսելու, իմ գլուխը ցավում է, իմ ներսում դատարկությունն է բույն դրել… (Հիստերիկ). Ինձ հանգիստ թողեք, տեսնել չեմ ուզում ոչ ոքի… Նայի, նայի, սպիտակ օձը վերադարձավ…

ԳԵՎՈՐԳ ­ Աստված քեզ հետ, Ցլիկ Ամրամ։

Գևորգ իշխանը դուրս է գալիս Ցլիկի օթյակից։ Նա դուրս է գալիս նաև բերդից։

Դրսում, բերդի պատերից քիչ հեռու, Գոռը, Վահրամը և զորախումբը շրջապատել են ափխազաց գնդին, նիզակավորները՝ նիզակները, նետաձիգները՝ լարած աղեղները, պահել են նրանց վրա, սպասում են իշխանին։

ԳԵՎՈՐԳ (աբխազաց իշխանին) ­ Իշխան, ինձ տուր Ցլիկի տված թղթերը…

ԻՇԽԱՆ ­ Ես գնել եմ էս հողերը, թղթերը կնքված են…

ԳԵՎՈՐԳ ­ Սրանք Ցլիկ Ամրամի պապական հողերը չեն, հայոց արքայի հողերն են, ինձ տուր, շուտ, եթե չես ուզում դիակիդ վրայից հանեմ։

Գոռը մոտենում և ափխազաց իշխանի ծոցից հանում է թղթերը, տալիս է հորը։

ԳԵՎՈՐԳ ­ Կներես, իշխան, մենք ափխազներին թշնամի չենք, նույնիսկ բարեկամ ենք, բայց հայոց հողերը չեն վաճառվում։ (Պատառոտում է թղթերը, շպրտում)։

Գեվորգը, Գոռը, Վահրամը և զորախումբը հեռանում են քառատրոփ։

Ճամփաբաժանին։ Իշխան Գևորգը դիմում է որդուն։

ԳԵՎՈՐԳ ­ Ես Վահրամի հետ պիտի գնամ Վասպուրական, Գագիկ Արծրունուն տեսության։ Իմ երեք թիկնապահներն ինձ հետ թող գան, գունդը տար Երազգավորս, արքայի կողքին եղիր։

ԳՈՌ ­ Բարի։ Հա՛յր…

ԳԵՎՈՐԳ (ընդհատելով) ­ Ինձ համար հանգիստ եղիր։ (Գրկում է որդուն)

Գևորգը և Գոռը բաժանվում են, արշավում հակառակ ուղղություններով։ Մթնշաղ է։

Գոռը հանկարծ կանգ է առնում և գունդը զսպում՝ հրամայելով. «Կա՛նգ ա՛ռ։ Էստեղ դեռ մի գործ էլ ունենք»։

Գոռը, կացինը ձեռքին, նայում է ճամփեզրի ծառերին, ընտրում է, մի հաստաբուն ստվերախիտ ծառի վրա է կանգնում ընտրությունը։

Այդ տեղից քիչ հեռու լեռնային ճանապարհը կտրուկ թեքվում է ու կորչում լեռան կողքի ետևում։

Գոռը սկսում է կացնահարել ծառը։

Թիկնապահը մոտենում է, ուզում է վերցնել կացինը, բայց Գոռը չի տալիս՝ «Ինքս»։

60

Թագուհու ննջարանը։ Արքան և թագուհին, գիշերազգեստներով։

ԹԱԳՈՒՀԻ (ցույց տալով նամակը) ­ Հայրս է ուղարկել, նրա զորքը կմիանա քեզ Դվինի արշավանքին։ Փոքր եղբայրս կգլխավորի, Դավիթը։

ԱՐՔԱ (մի քիչ մեղավորի պես) ­ Տեղյակ եմ, Գևորգ իշխանը հայտնեց։

ԹԱԳՈՒՀԻ ­ Դու հաղթելու ես, արքաս, ինձ գուշակներն ասին՝ հաստատ հաղթելու ես։

ԱՐՔԱ ­ Դեհ, եթե գուշակներն ասին… Արի մոտս, Սահանույշ։ Այսօր արտակարգ հմայիչ ես…

ԹԱԳՈւՀԻ ­ Միայն այսօ՞ր…

ԱՐՔԱ ­ Բառերից մի կառչի։ Արի…

Արքան իր գիրկն է առնում թագուհուն։ Սիրում են իրար՝ արագ­արագ մերկանալով։

Սիրո թեժ պահին արքայի մտապատկերում հանկարծ հայտնվում է Ասպրամը՝ հերարձակ, մերկ, կշտամբող հայացքով, նրա ոտքերին փաթաթված է սպիտակ օձը…

Արքան վանում է իրենից զառանցանքը, սակայն քիչ անց այն դարձյալ գալիս է աչքերի առաջ։

Արքան անշարժանում է…

ԹԱԳՈՒՀԻ (շշնջոցով) ­ Ինչ եղավ, սիրելիս…

ԱՐՔԱ ­ Ոչինչ…

Արքան շարունակում է սիրել թագուհուն։

61

Ճանապարհի՝ Գոռի և նրա գնդի դարանակալած տեղին է մոտենում Ցլիկ Ամրամն իր մի քանի թիկնապահներով և ափխազաց իշխանն իր թիկնազորով։

Նրանց ետևից, բավականին ետ ընկած, Ցլիկի զորքն է գալիս։

Ցլիկն ու ափխազներն անցնում են դարանի մոտով, թեքվում ու այլևս չեն երևում լեռան այն կողմում։

Մոտենում է Ցլիկի զորքը։

Նրանց առաջ ճռռալով տապալվում է կացնահարած վիթխարի ծառը, որի գագաթից պարանով քաշել էին Գոռի մի քանի զինվորներ։

Զորքը կանգ է առնում, ձիերը ծառս են լինում, վրնջում։

Տապալված ծառաբնին է կանգնում Գոռը։

Զորքի հրամանատարը թրարշավ գալիս է նրա կողմը։

ԳՈՌ (Թուրը հանած, պատրաստ պահած) ­ Սպասիր, քաջ հրամանատար, մենք քեզ հետ պատերազմելու չենք եկել։

Հրամանատարն այդուհանդերձ չի պահում թուրը, տեսքն էլ սպառնացող է։

Գոռը նշան է անում ծառի ճյուղին նստած նետաձիգին.

­ Վարդան, համենայնդեպս նետիդ ծայրին պահիր այս հրաշալի հրամանատարին։

Զինվորները բարձրացնում են հայացքները և տեսնում ծառերի սաղարթներում դիրքավորված նետաձիգներին, աղեղները լարած պահած, ծառաբների ետևում են Գոռի նիզակավոր զինվորները։

ԳՈՌ ­ Հանգիստ, եղբայրներ։ Մենք մեր արյունակիցների արյունը չենք թափում։ Ես իշխան Գոռն եմ, ասելիք ունեմ, լսեք ինձ։ Ո՞ր երկրի զորքն եք դուք։

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ­ Ուտիքի։

ԳՈՌ ­ Դեռ երեկ՝ այդպես էր, բայց այսօր Ցլիկ Ամրամը առհավետ լքում է Ուտիքը, նա գնում է ափխազների երկիրը, բայց դուք հո ափխազ չե՞ք, կամ էլ Ցլիկի ստրուկները, որ լքեք ձեր հայրենիքը ու գնաք նրա ետևից։ (Ծաղրով). Մյուս կողմից էլ… տաք երկիր է, ծովի ափին, համեղ պտուղներով լեցուն, ասում են՝ սիրուն կանայք կան նաև… Հա՞։ Դրա՞ն եք խաբվել, եղբայրներ։ Բա դուք էստեղ հայր, մայր չունե՞ք, քույր, եղբայր չունե՞ք, հայրենի շեն, հող չունե՞ք, Աստված չունե՞ք, սրբություններ չունե՞ք… Լավ ա, էլի, մենք գնանք երկիրն արաբից ազատելու, դուք՝ հայ զինվորներդ, օտար արևի տակ ձեր մարմինները տաքացնեք։ (Սաղարթների նետաձիգներին). Լավ ա, չէ՞, տղերք։ Ասածս ինչ ա ուրեմն… Մտածեք, եղբայրներ։ Ով կուզի գնալ Ցլիկի և ափխազների ետևից՝ խնդրեմ, մենք չենք խոչընդոտի, բայց լավ մտածեք։ Ու հիշեք, Ցլիկի նկատմամբ դուք պարտավորություններ այլևս չունեք, նա դավաճանել է իր հողին, դրանով հանել ձեր վրայից ամեն պարտք։ Հիշեք նաև՝ դավաճանի ետևից գնացողն էլ դավաճան է։ Վճռեք։ Մենք գնում ենք, ով կուզի՝ թող հետևի մեզ։

Գոռն իջնում է ծառաբնից, սուլում, նրան է մոտենում իր ձին ծառերի ետևից, Գոռը հեծնում է ձին և անցնում Ցլիկի զորքի միջով։

Նրա գունդը ծառերի ետևից քաշվում՝ գնում է նրա ետևից։

Ցլիկի զինվորները սկզբում հատ­հատ, ապա խմբերով հետևում են Գոռին։

Մնում է հրամանատարը, նրա հետ՝ համհարզը։ Հրամանատարն ապարդյուն գոռում է՝ «Կանգ առեքԵտ դարձեք…»։

Նրան լսող չկա։

Վերջապես հրամանատարն իր համհարզի հետ շրջանցում են ծառաբունը և գնում Ցլիկ Ամրամի գնացած ճամփով։ Նրանք ծածկվում են լեռան այն կողմում։

Սակայն պահ անց համհարզը ետ է գալիս և արշավում Գոռի ետևից։

Լեռան այն կողմում՝ թրատված հրամանատարի արնաշաղախ դին է ճամփի փոշիների մեջ։

62

Դվին։ Նըսըրի ապարանքը։ Ամառային տաղավար։ Նըսըրը և Աշոտ Բռնակալը։

Նըսըրն ինչ­որ մածուցիկ կանաչ խյուս է ծամում և հաճախակի թքում։

Աշոտն ուզում է խոսել, բայց արդեն որերորդ անգամ Նըսըրը նրան ձեռքով նշան է անում զսպել իրեն, և հենց այդ պահին թքում բերանում հավաքված լեղին։ Զգացվում է՝ դիտավորյալ է անում, Աշոտի նկատմամբ իր արհամարհանքը շեշտելու համար։

ԱՇՈՏ (նկատելի է, թե ոնց է զզվում Նըսըրի թքից, թեև աշխատում է ցույց չտալ) ­ Ես հավաստի լուրեր ունեմ…

ՆԸՍԸՐ (թքելով, ծաղրական ընդհատելով) ­ Քո լուրերը միշտ հավաստի են, մեծն թագավոր հայոց։

ԱՇՈՏ ­ Չէ, լուրջ եմ ասում, ոստիկան…

ՆԸՍԸՐ (դարձյալ ընդհատելով, թքում է բերանում եղածը, սեղանիկի նախշուն պնակից մի նոր բաժին խյուս վերցնում, գցում բերանը) ­ Հիմա ասա։

ԱՇՈՏ ­ Աշոտ Երկաթը մեծ զորք է հավաքել, ուր որ է կհարձակվի Դվինի վրա։

ՆԸՍԸՐ ­ Էսօր Դվինում ամեն ոք գիտի դա։ Դու ասա՝ ինչ ես մտադիր անել, լսել եմ՝ ուզում ես քո զորքով գնալ Աշոտի դեմ, մինչ նա կգա Դվինի վրա։

ԱՇՈՏ ­ Ե՞ս… Իմ զորքո՞վ… Կատակում ես, ոստիկան։

ՆԸՍԸՐ ­ Ինչո՞ւ, քեզ թագավոր չե՞նք օծել, ի՞նչ ես արել էսքան ժամանակ… ո՞ւմ ես սպասում… Սպասեցիր՝ մինչև Աշոտ Երկաթը վերգտնի իր կորովը ու նորից ամրանա՞ իր գահին։

ԱՇՈՏ ­ Բայց ես միշտ քո կողքին եմ եղել, մեծն Նըսըր։

ՆԸՍԸՐ ­ Իմ կողքին է եղել… Հո ես քո դայակը չե՞մ կամ դու՝ իմը։ Չէ, դու արժանի չես գահի, չէ, էն Գագիկ Արծրունին քեզնից առավել ա, իզուր նրա հետ լրջորեն չբանակցեցի։ Հենց Ցլիկ Ամրամն էլ քեզնից լավ կլիներ…

ԱՇՈՏ ­ Ոստիկան…

ՆԸՍԸՐ ­ Սուս մնա, զահլա չունեմ։ (Ծառաներին, ծափ զարկելով). Էստեղ բերեք սյունյաց իշխանին։

ԾԱՌԱ (գալով) ­ Ո՞ր մեկին կհրամայես բերենք, օ մեծ ոստիկան։

ՆԸՍԸՐ ­ Սահակին… Չէ, Բաբգենին… Այսինքն էն ո՞րն ա որ ծալը պակսել ա, գոռգոռում ա գիշեր­ցերեկ։

ԾԱՌԱ ­ Բաբգենը։

ՆԸՍԸՐ ­ Այ դրան բերեք։ (Աշոտին). Ի՞նչ ես նայում, ուղարկում եմ Աշոտ Երկաթին՝ ի նշան հաշտության։

ԱՇՈՏ ­ Հաշտությո՞ւն… Ինչ է, էդքան թուլացե՞լ է մեր ուժը, որ հաշտություն մուրանք նրանից…

ՆԸՍԸՐ ­ Էդ մուրալ բառն իզուր ասիր, դա քեզ թանկ կնստացնեմ։ Լսի, այ պոռոտախոս, հավաքած հարկերդ ի՞նչ եղան, ո՞ւր թռան կես ճամփից…

ԱՇՈՏ ­ Ես էդ Գոռ իշխանիկի ականջները կկտրեմ, ոստիկան, էդ գյուղն էլ սրի եմ քաշելու՝ մեծին ու փոքրին…

ՆԸՍԸՐ ­ Վայ­վայ­վայ, էս ինչ քաջ թագավոր ա։ Լավ, մի թթվի։ Ինձ լսի։ Էս պահին մեր ուժերն իսկապես քիչ են։ Ամիրապետից զորք եմ խնդրել, բայց վախենամ՝ շուտ չգա էդ զորքը, մեզ ենթակա շատ երկրներում խռովություններ են ծագել, խալիֆաթի հոգսը շատ ա, մենք պիտի հիմա ամեն գնով ժամանակ շահենք։ Տես ինչ եմ ասում՝ կվերցնես իշխան Բաբգենին, ընծաներ ու իմ նամակը, կտանես Աշոտ Երկաթին, կխոսես հետը, կհաշտվես, բարեկամ եք ինչքան չլինի, տնաշեններ…

ԱՇՈՏ ­ Ես նրա դուռը չեմ գնա, երբեք, էդ մեկը մտքիցդ հանի, ոստիկան, ինչքան էլ քեզ հարգեմ՝ ես դա անողը չեմ, կուզես՝ գլխատի, ըհը…

Նըսըրը թքում է բերանի խյուսը, երկար նայում Աշոտին, ապա ասում.

­ Գնա, էն տերտերին բեր մոտս։

63

Դվինի ամրոց։ Կաթողիկոսարանի մոտակա պուրակը, ամառային տաղավար։ Կաթողիկոսը նստած է իր գահավորակին։

Մի հոգևորական մատուցարանով յուղ է բերում և ոսկու փոշի, դնում է սեղանիկին, յուղով օծում հայրապետի մորուքը, ապա ոսկու փոշին տարածում մորուքի մեջ, վերջում սանրում­հարդարում է մորուքը և հեռանում։

Վեհափառի մորուքն անբնականորեն փայլփլում է արևի տակ։

Նրանից քիչ հեռու մեծ ծաղկանոցն է, նաև՝ կաթողիկոսարանի բանջարանոցը, հոգևորականներն աշխատում են այնտեղ։

Սարկավագների խումբն է մոտենում։

ՍԱՐԿԱՎԱԳ ­ Վեհափառ տեր, քո ողորմածությամբ՝ մենք հեռանանք մեր հովանոցը ընթերցանության։

Կաթողիկոսը գլխով հավանության նշան է անում։

Սարկավագները, թվով յոթ հոգի, հերթով համբուրում են հայրապետի աջը։

Նրանք հեռանում են ամրոցի հեռավոր, դարպասներին հակառակ պատի կողմը, ուր հովանոց կա և կոպիտ փայտյա աթոռակներ։

Սարկավագները տեղավորվում են աթոռակներին, ոմանք էլ՝ կանգնած, ստվերախիտ ծառի տակ, խորասուզվում են ընթերցանության մեջ։

Վերևում արաբ պահակն է պարսպի վրա։

Երբ պահակը հեռանում է պատշաճ հեռավորության վրա, սարկավագներից մեկը ետ է քաշում գետնի ծածկոցը, որը ցանց է՝ խոտից ու տերև­ճյուղից՝ գետնի մակերեսի կառույցից չտարբերվող, ցանցի տակ փոսն է։

Երկու սարկավագ մտնում են փոսը, մյուսները ծածկոցը նորից դնում են տեղը՝ թաքցնելով նրանց։

Սարկավագները շարունակում են ընթերցանությունը։

Փոսի մեջ։ Այստեղ բահ կա և բրիչ, զույգ սարկավագները փորում են պարսպապատի տակ, լայնացնում, խորացնում խոռոչը։ Հանած հողը լցնում են տակառի մեջ։

Դրսում։ Երբ պահակը նորից մոտենում է, սարկավագներից մեկը սաղմոս է երգում՝ նշան տալով փոսում աշխատողներին, որ աղմուկը դադարեցնեն։

Պահակը մոտենում է, ապա հեռանում հակառակ ուղղությամբ։ Երբ հարկավոր չափով հեռանում է՝ երգող սարկավագը հազում է։

Փոսում վերսկսում են գործը։

Տակառը լցվում է։

Փոսից նշան են տալիս՝ թռչնի երգի նման սուլոցով։

Սարկավագները ետ են տալիս ծածկոցը, հանում լեցուն տակառը, նորից փակում փոսը։

Երկու սարկավագ տակառը տանում են բանջարանոցի կողմը։

Վեհափառը՝ իր գահավորակին։

Սարկավագները բերում են տակառով հողը, շրջում ծաղկանոցում, ետ գնում։

Հոգևորականները հողը բահերով ցրում են ծաղկանոցի մեջ, հավասարեցնում։

Վեհափառն այնպես է իրեն պահում, կարծես իր մտքերով է տարված կամ գրքով և չի նկատում այս անցուդարձը։

Աշոտ Բռնապետն է գալիս։

Կաթողիկոսը զգաստանում է։

Հոգևորականներից մեկը գնում է դեպի սարկավագները՝ իմաց անելու, որ զգույշ լինեն։

ԱՇՈՏ (համբուրելով աջը) ­ Նըսըրը խոսելիք ունի հետդ, վեհ։

ԿԱԹՈՂԻԿՈՍ ­ Դու գնա, ես կգամ, աղոթքս ավարտեմ ու գամ։

ԱՇՈՏ ­ Հնարավորինս շուտ ավարտիր, կատաղած է։

ԿԱԹՈՂԻԿՈՍ ­ Ի՞նչն է պատճառը։

ԱՇՈՏ ­ Ի՞նչ պիտի, քո սիրելի Աշոտ Երկաթը արշավանք է սկսում Դվինի վրա։

ԿԱԹՈՂԻԿՈՍ ­ Անհնարին է, նա պատրաստ չէ արշավանքի։

ԱՇՈՏ ­ Խորամանկում ես, վեհափառ, մի՞թե քո աստված քեզ թույլ է տալիս խորամանկել։

ԿԱԹՈՂԻԿՈՍ ­ Ես Իմ յուրաքանչյուր քայլ՝ Տիրոջ հետ համաձայնելով եմ կատարում… այլ կերպ՝ ո՞նց…

Աշոտը կասկածով է նայում ծաղկանոցում բլուր արած հողին, որ բացահայտորեն տարբերվում է ծաղկանոցի հողից։

ԱՇՈՏ ­ Էս ի՞նչ հող է, որտեղի՞ց են բերում, ինչի՞…

ԿԱԹՈՂԻԿՈՍ (վախեցած) ­ Գ… գոմաղբով հարստացրած հող է, գոմաղբի վրա լավ է աճում… հոտը չես զգո՞ւմ…

ԱՇՈՏ (որ արդեն մի քանի քայլ է արել դեպի ծաղկանոցը, տհաճությամբ ծռում է դեմքն ու ետ գալիս) ­ Վեհափառ, միշտ ուզում եմ հարցնել, մորուքդ ինչո՞ւ է էդպես ճառագում, ճաճանչում…

ԿԱԹՈՂԻԿՈՍ ­ Մոտ արի ասեմ, ոչ ոքի չեմ ասում, քեզ կասեմ։ Ինձ հետ շփվողներն իմ խոսքից են կռահում Տիրոջ ներկայությունն իմ ներսում, սակայն շարքային ծխականներս, որոնց հետ թռուցիկ եմ շփվում, արտաքինս ակնածալի պիտի գտնեն՝ նույնը կռահելու համար, էլ չասած՝ օտարականների պարագա։

ԱՇՈՏ ­ Բոո՜, քո գործն էլ դյուրին չի, վեհափառ։ Դա հայրապետական կա՞րգ է։

ԿԱԹՈՂԻԿՈՍ ­ Ոչ, սիրելիս, դա անձամբ իմ գյուտն է։ Դե դու գնա, Աշոտ, ես գալիս եմ։ (Նկատելով, որ Աշոտը դարձյալ ծաղկանոցին է նայում). Կամ էլ չէ, սպասիր, աղոթքս խաթարվեց, իրար հետ գնանք արդեն։ Օգնիր ելնեմ…

Կաթողիկոսը, Աշոտի թևը մտած, գնում են ծառուղով։

64

Գառնու ամրոց։ Գոռն իր թիկնազորով մտնում է դարպասներից ներս։

Ներսում։ Գոռը իջնում է ձիուց։

ԳՈՌ (ընդառաջ եկած բերդապահ Մուշեղին) ­ Ո՞ւր է Շահանդուխտը, ինչո՞ւ չի դիմավորում, Մուշեղ։ Գավիթո՞ւմ է…

ՄՈՒՇԵՂ ­ Չէ… Գավիթում չի…

ԳՈՌ ­ Երևի հովանոցում է։

ՄՈՒՇԵՂ ­ Չէ… (Լարված լռելուց հետո). Չկա Շահանդուխտը, Գոռ իշխան։

ԳՈՌ ­ Ոնց թե չկա… Էս ի՞նչ ես ասում, Մուշեղ…

ՄՈՒՇԵՂ ­ Օրեր առաջ նրան առևանգեցին…

ԳՈՌ ­ Առևանգեցի՞ն… Իմ Շահանդուխտի՞ն… Բերդի միջի՞ց…

ՄՈՒՇԵՂ ­ Նա միշտ մենակ կանգնում էր պարսպի գլխին, աչքը ճամփիդ էր, իշխանս։

ԳՈՌ ­ Մուշեղ, բա քո՞ աչքը որտեղ էր…

ՄՈՒՇԵՂ ­ Մեղավոր եմ… (Ծնկի է իջնում). Սպանի ինձ, իշխան Գոռ, մեղավոր եմ, աչքաթող արի…

Գոռը կատաղած հանում է սուրը և խփում մոտակա ծառաբնին, Մուշեղի կողքին։ Սուրը ծառաբնում խրված՝ տատանվում է։

65

Բըշըրի օթյակը։ Բըշըրը և Շահանդուխտը։

ԲԸՇԸՐ ­ Ձեռքերիդ կապն արձակելու եմ, ուզում եմ ճանկռես ինձ, հետո գրկես, մատներդ մտնեն մսիս մեջ…

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ ­ Ինձ ձեռք տվիր՝ Գոռը վիզդ հաստատ կթռցնի, Բըշըր։

ԲԸՇԸՐ ­ Պահ, պահ… Ոնց վախեցա…

Բըշըրը մոտենում է Շահանդուխտին, հոտոտում նրան որձ գազանի պես, շոշափում, Շահանդուխտն ընկրկում է զզվանքով։

Ներս է գալիս համհարզը։

ՀԱՄՀԱՐԶ ­ Ներող եղիր, զորապետ…

ԲԸՇԸՐ ­ Խոսի, շուտ։

ՀԱՄՀԱՐԶ ­ Նըսըր ոստիկանը շտապ կանչում ա, ասեց՝ հայերի իշխանուհուն էլ հետդ վերցրու։

ԲԸՇԸՐ ­ Ի՞նչ իմացավ, ո՞վ վռազ խաբարը հասցրեց… Շներ, շներ…

66

Նըսըրի ապարանքը։ Նըսըրը, Բըշըրը և Շահանդուխտը, զույգ ծառաները։

ՆԸՍԸՐ (Շահանդուխտին նայելով) ­ Մաշալլահ։ Ինչի՞ էիր պահել սրան, Բըշըր, Նըսըր ոստիկանը քո համար հե՞չ…

ԲԸՇԸՐ ­ Չեմ պահել, ոստիկան, արդեն բերում էի, կանչեցիր։

ՆԸՍԸՐ ­ Հա՞… Ապրես։ Հո ձեռ չե՞ս տվել։

ԲԸՇԸՐ ­ Չէ։

ՆԸՍԸՐ ­ Ձեռ մի տուր, Բըշըր, սա քո խարջը չի։ Իսկի իմն էլ չի։ Մենք սրան կտանենք ամիրապետին, վաղուց կարգին ընծա չենք տարել Հայաստանից։ (Մտածելով). Թեև… Առայժմ թող մնա։ (Ծառաներին). Յասըրին կանչեք։ (Ծառաները գնում են)։ Մի թթվի, Բըշըր, գնա քու սամթին մի կնիկ վերցրու ու կատաղությունդ թափի։

Բըշըրը հեռանում է։

ՅԱՍԸՐ (Գալով ու խոնարհվելով) ­ Լսում եմ, ոստիկան։

ՆԸՍԸՐ ­ Էս գեղեցկուհուն տար, մի ապահով սենյակում պահի, լավ կնայեք՝ բան չպատահի, հա…

ՅԱՍԸՐ ­ Հրամանքդ։

ՆԸՍԸՐ ­ Յասըր, քեզ պատգամավոր եմ ուղարկում Աշոտ Երկաթի մոտ։

ՅԱՍԸՐ ­ Թույլ տուր հետաքրքրվել, ոստիկան, ինչո՞ւ ինձ։

ՆԸՍԸՐ ­ Դու կակուղ մարդ ես, ձայնդ էլ սոխակի դայլայլի պես ա, էս գործի համար ինձ կակուղ մարդ ա պետք։ Գնա, պատրաստվի։

67

Նըսըրի երեք պատգամավորները Յասըրի գլխավորությամբ՝ մտնում են Երազգավորս, արքունիք, նրանց հետ են կաթողիկոսի երկու հոգևորականները, սյունյաց Բաբգեն իշխանը, ընծաներով բեռնված զույգ գրաստներ։

Արքայի ապարանքը։ Արքան՝ իր գահին։

Ներկա են իշխաններ, նրանց մեջ՝ արքաեղբայր Աբասը, Գոռը, սյունյաց իշխան Սմբատը, Սևորդյաց իշխան Դավիթը, ուրիշներ։

Ներս է գալիս Յասըրը՝ Դվինի կաթողիկոսարանից նրա հետ եկած զույգ հոգևորականների հետ։ Խոնարհվում են։ Առաջ է գալիս Յասըրը։

ՅԱՍԸՐ ­ Վսեմափայլ Նըսըր ոստիկանն արևշատություն է ցանկանում հայոց մեծ արքա Աշոտ Երկաթին և հաշտության ձեռք է մեկնում նրան։ Ի նշան իր բարի կամքի, ոստիկանը ազատ է արձակել սյունիքի իշխան Բաբգենին և ընծաներ է ուղարկել արքային։ Թույլ տուր, որ ներս բերեն։

Արքան նշան է անում համաձայնության։

 Յասըրը ծափ է զարկում, մյուս երկու պատգամաբերները ներս են գալիս՝ բերելով ընծաները և Բաբգեն իշխանին, խոնարհվում են արքայի առաջ։

Բաբգեն իշխանը շտապում է արքայի մոտ, համբուրում նրա ձեռքը, արքան քաշում է իր ձեռքը։

ՅԱՍԸՐ ­ Հաշտությունը հաստատուն ու երկարատև լինելու դեպքում, Նըսըր ոստիկանը խոստանում է ազատել նաև Սահակ իշխանին։

ԱՐՔԱ ­ Կհաղորդես Նըսըրին, որ հաշտությունը նաև մեր ցանկությունն է, իսկ նրա երկարատև լինելը մեծ մասամբ հենց ոստիկանից է կախված։ (Արքայի հայացքը և Գոռի տագնապած հայացքը հանդիպում են, արքան դառնում է Յասըրին). Մենք տեղեկություն ունենք, որ զորապետ Բըշըրի մարդիկ Գառնու ամրոցից առևանգել են իշխանուհի Շահանդուխտին և նա հիմա գտնվում է Դվինում, կարծում եմ, նրան վերադարձնելը բարի կամքի իսկական դրսևորում կլինի ոստիկան Նըսըրի կողմից, ինչը մենք ըստ արժանվույն կգնահատենք։

ՅԱՍԸՐ ­ Ես տեղյակ չեմ, արքա, բայց ձեր տագնապն անպայման կհաղորդեմ ոստիկանին։

ԱՐՔԱ (Ծառաներին) ­ Ճաշ մատուցեք Նըսըրի պատգամաբերներին, օթյակ հատկացրեք հանգստի համար։

ՅԱՍԸՐ (խոնարհվելով) ­ Շնորհակալ ենք հայոց արքային։

Պատգամաբերները հեռանում են ծառաների ուղեկցությամբ։

ԱՐՔԱ (մոտ կանչելով հոգևորականներին) ­ Առաջ եկեք։

Հոգևորականները մոտենում են արքային։

ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆ Ա ­ Յասըրը ստեց, արքա, մենք տեղեկություն ունենք, որ իշխանուհի Շահանդուխտը Նըսըրի ապարանքում է, փակված է մի օթյակում։

Այս լսելով՝ Գոռը շտապ դուրս է գալիս։

Միջանցքում։ Գոռը բռնում է Յասըրի ձեռքը։

ՅԱՍԸՐ ­ Վախ… Ոնց վախեցրիր, սիրուն իշխանիկ…

ԳՈՌ ­ Լսիր՝ ինչ եմ ասում, եթե Շահանդուխտի գլխից մազ պակասի՝ գետնի տակն էլ անցնեք՝ գտնելու եմ ու վրեժս լուծեմ, եղա՞վ…

ՅԱՍԸՐ ­ Եղավ… Թևս պոկեցիր, կամաց…

ԳՈՌ ­ Ասածներս չմոռանաս։ (Գոռը թողնում է Յասըրի թևը, հեռանում):

Արքայի մոտ։ Արքայի հետ մնացել են Աբասը և Դվինից եկած զույգ հոգևորականները։  

ԱՐՔԱ (հոգևորականներին) ­ Վեհափառը ո՞նց է։

ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆ Բ ­ Լավ է, ապսպրեց՝ իր ջերմ մաղթանքները հաղորդել քեզ, արքա։ Իր ունեցած տեղեկություններով՝ Նըսըրը այս հաշտությամբ պարզապես ժամանակ է շահում, մինչ ամիրապետը զորք կուղարկի իրեն։

ԱՐՔԱ ­ Պարզից էլ պարզ է։

ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆ Ա ­ Կաթողիկոսը փոքր­ինչ անհանգստացած է. եթե արքան արշավի Դվինի վրա, մենք՝ հոգևորականներս և առաջին հերթին իհարկե ինքը՝ կաթողիկոսը, պատանդ ենք դառնում Նըսըրի մոտ։

ԱՐՔԱ ­ Թող հանգիստ մնա վեհափառը, համոզված եմ՝ ձեզ ձեռք տալ չի համարձակվի Նըսըրը, նա լավ է գիտակցում, որ հայոց զորքի հաղթանակի դեպքում իր և իր մոտիկների փրկությունը կախված կլինի հայրապետի և ձեր ողջությունից։ Աշոտ Բռնապետի կեցվա՞ծքն ինչպիսին է այս անցուդարձում։

ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆ Բ ­ Նա վիրավորված է ոստիկանից՝ քեզ հաշտություն առաջարկելու համար։

ԱՐՔԱ ­ Ինչքան էլ վիրավորվի, մեկ է՝ կրունկները լիզելու է շան պես, օտար իշխանավորների կրունկները քաղցր են ոմանց համար։ Հոգնած կլինեք, գնացեք, հանգստացեք ճամփից։ (Ծառաներին ցույց է տալիս, որ ուղեկցեն հոգևորականներին։ Ինքը մոտենում է Նըսըրի ուղարկած ընծաների կույտին, նայում։ Աբասին). Իմ երկրից հափշտակածը՝ ինձ ընծա է ուղարկել Նըսըրը։

ԱԲԱՍ ­ Շռայլ է ոստիկանը։

ԾԱՌԱ (գալով) ­ Արքա, իշխան Գևորգն է ժամանել Վասպուրականից։

ԱՐՔԱ ­ Թող գա։

Ծառան հեռանում է։

Անմիջապես գալիս է Գևորգը, ողջագուրվում է արքայի, ապա Աբասի հետ։

ԱՐՔԱ ­ Ո՞նց ես, իշխան Գևորգ։

ԳԵՎՈՐԳ ­ Լավ եմ, թեև՝ հոգնած։ Գագիկ Արծրունին իր բարեմաղթություններն է հաղորդում քեզ, Աշոտ Երկաթ, խնդրեց հայտնել, որ երբ պետք եղավ՝ իր զորքը Վասպուրականից կգա քո կողքին կռվելու արաբի դեմ։

ԱՐՔԱ ­ Շատ չարչարվեցի՞ր համոզելու համար, սպարապետ։

ԳԵՎՈՐԳ ­ Չէ… Էնպես էլի… Գիտես, նրա գլխին էլ թագ կա։

ԱՐՔԱ ­ Գևորգ իշխան, եթե ուշադիր նայենք՝ թագ շատերի գլխին կտեսնենք, կարևորություն չտանք, մեր գործն անենք։ (Ծաղրով). Դու էստեղ չէիր, մենք քիչ առաջ Նըսըրի առաջարկած հաշտությունն ընդունեցինք։

ԳԵՎՈՐԳ (նույնպես ծաղրով) ­ Էս էլ երևի իր ուղարկած ընծաներն են, հա՞։ Քիչ չէ՞ ամուր հաշտության համար…

ԱՐՔԱ ­ Քիչ է։

ԱԲԱՍ ­ Գոնե մի երկու արաբական նժույգ ուղարկեր ժլատը։

ԱՐՔԱ (Ծառաներին կանչելով) ­ Հեյ, տարեք սա էստեղից։ (Գրկելով իշխանին և Աբասին). Նըսըրը վախենում է մեզնից, ուզում է ժամանակ շահել, իսկ մենք, կարծում եմ, չպիտի ձգձգենք այլևս, ճիշտ ժամանակն է, որ քննարկենք մեր արշավանքի մանրամասները։ (Գևորգին). Այսօր հանգստացիր, սպարապետ, վաղն առավոտից՝ ի գործ։ Իսկ դու զորքի մոտ գնա, Աբաս։

Աբասն ու Գևորգը հեռանում են։ Արդեն ելքի մոտից արքան կանչում է Գևորգին։

ԱՐՔԱ ­ Գևորգ, ետ արի, բան մոռացա։

ԳԵՎՈՐԳ (ետ դառնալով) ­ Լսում եմ, արքա։

ԱՐՔԱ ­ Ցլիկը փախավ ափխազների երկիրը, վախենամ ափխազաց Բեր արքային հորդորի՝ գալ մեզ վրա։

ԳԵՎՈՐԳ ­ Մեր հաղթանակից հետո չեն համարձակվի, արքա, այ եթե մենք…

ԱՐՔԱ ­ Եթե չկա, իշխան։

ԳԵՎՈՐԳ ­ Այո, չկա։ Բայց դու կարծես ուրիշ բան ես ուզում հարցնել, արքա։

ԱՐՔԱ ­ Կռահեցիր։ Ցլիկը նրա՞ն էլ տարավ հետը…

ԳԵՎՈՐԳ ­ Ոչ։ Ասպրամը չգնաց նրա հետ… (Դադարից հետո). Նա ինքնասպան է եղել, արքա… (Արքայի սոսկումով հարցական հայացքին ի պատասխան). Կախվեց իր օթյակում, ուր երկար ժամանակ բանտված էր ամուսնու կողմից։ Շիրիմը տեսա, ամրոցի բակում, մատուռի մոտ։

ԱՐՔԱ ­ Գնա, իշխան։

Գևորգը հեռանում է։

Արքան մտատանջությամբ նայում է անորոշ հեռուն։

68

Ասպրամի շիրիմը Ուտիքի ամրոցի բակում։ Համեստ, անխնամ շիրիմ, խոտ, ծաղիկներ, փշեր, տուֆից շիրմաքար։ Շիրմաքարի ետևից երևում է զգաստ, ասես շիրիմին պահակող սպիտակ օձը։

69

Արքայի ապարանքի առջև, բաց դաշտում, հայոց զորքն է. այրուձին, հետևակը, նիզակավորներ, նետաձիգներ։ Այստեղ են՝ Գոռն իր գնդով, Դավիթ իշխանը Սևորդյաց զորքով, Սմբատ իշխանը Սյունյաց զորքով և այլն։ Զորքի մեջ տեսնում ենք բերդապատեր տապալելու սարքեր՝ բաբաններ, երկհարկ «կրիաներ», քարանետներ՝ բեռնաքարշ ձիերին լծած։

Արքան իր նժույգով վարգում է զորքի առջև, նրա կողքին են Աբասն ու Սպարապետ Գևորգը։

ԱՐՔԱ ­ Քաջե՛ր, էս երկիրը երկու հարյուրամյակից ավելի է, որ կրում է արաբական լուծը, և այսօր մեզ է վիճակված շրջելու այս ստորացուցիչ իրողությունը, վռնդելու թշնամուն, տեր կանգնելու մեր երկրին։ Ես համոզված եմ՝ մենք պատվով կատարելու ենք այս առաքելությունը։ Ով մազաչափ իսկ կասկածում է մեր հաղթանակին՝ թող հենց հիմա դուրս գա զորքից ու հեռանա, մարտի դաշտում մեզ նվնվոցներ պետք չեն։ (Դադար). Ուրեմն լիովին միաբան ենք։ երը մեզ հետ։ Առա՛ջ, քաջերս։

Արքան սպարապետի և Աբասի հետ արշավում են՝ իրենց ետևից տանելով զորքը։

Զորքը՝ Դվին տանող ճանապարհին. շինականների ողջույնը, լավաշով փաթեթած կերակուրը՝ որ նրանցից ոմանք փոխանցում են զորականներին։

Խաչմերուկ։ Զորքին միանում է մոտակա գավառի զորախումբը։ Զինվորները ցնծությամբ են դիմավորում միմյանց։

Զորքը՝ դաշտային ճանապարհին, փոշի՝ ձիերի սմբակների տակից։

Ծառերի ետևից՝ արաբական մի քանի լրտեսներ, որ հետևում են զորքի արշավին, ապա սարսափած փախչում լուր հասցնելու։

70

Հայոց զորքը պաշարել է Դվինի ամրոցը, կայանել է ամրոցից ոչ շատ հեռու։

Բերդի պարսպապատից արաբները դիտում են կայանած զորքին։

Դեպի դարպասներն են արշավում արքայի զույգ պատգամավորները։

Դարպասը բացվում է, նրանց ներս են առնում։

Քիչ անց պատգամավորները դուրս են գալիս բերդից և արշավում զորքի կողմը։

Մոտենում են արքային։

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ­ Արքա, Նըսըրը ցանկանում է անձամբ քե՛զ հետ խոսել, նա դուրս կգա բերդին հարակից տարածք։

ԱՐՔԱ ­ Խոսենք, հարգենք Նըսըր ոստիկանի վերջին ցանկությունը։

Դարպասներից դուրս է գալիս ձի հեծած ոստիկան Նըսըրը։

Արքան ձի է հեծնում և արշավում դեպի ոստիկանը։

Արքայի ետևից նետաձիգներ են մոտենում՝ մնում նետահաս տարածության վրա՝ անակնկալի դեմն առնելու համար։

Բերդի գլխից էլ Նըսըրի նետաձիգներն են պատրաստ պահել աղեղները։

Ձիավորները մոտենում միմյանց։

ՆԸՍԸՐ ­ Վաղուց չենք տեսնվել, փոխվել ես, Աշոտ Երկաթ, ծերացել ես…

ԱՐՔԱ ­ Զարմանալի է, բայց դու էլ ես ծերացել, Նըսըր, նվաճողի հոգսն էլ քիչ չի ոնց որ, հը՞…

ՆԸՍԸՐ ­ Իսկ դու ո՞նց էիր կարծում… Էս կյանքում մենակ ապուշներն են անհոգ։ Վերջը որոշեցիր մեր հաշտության պայմանը խախտել, էլի։

ԱՐՔԱ ­ Չես հավատա, երազիս՝ Աստված հայտնվեց, քո՛ աստված, Նըսըր, ասաց՝ ոստիկանն իմ պատվիրաններն ըստ իր շահի է մեկնաբանում, պատժել է պետք։

ՆԸՍԸՐ ­ Իմ աստված գյավուրների երազներին չի գալիս, Աշոտ։

ԱՐՔԱ ­ Էէ, աստվածներին լավ չես իմանում, Նըսըր։

ՆԸՍԸՐ ­ Լավ, ուզում ես կռիվ տալ՝ տուր, քո գործն է։ Սակայն ամեն դեպքում հիշիր՝ Սահակ իշխանը, կաթողիկոս Հովհաննեսն ու մյուսները ներսում են, ինձ մոտ։

ԱՐՔԱ ­ Նրանք են քո փրկությունը, Նըսըր, նրանց մազին չդիպար՝ քեզ ու քո մոտիկներին ազատ կարձակեմ, կգնաք, հակառակ դեպքում՝ չեմ խնայի։

ՆԸՍԸՐ ­ Ահաա՜… էնպես ես խոսում, կարծես արդեն հաղթել ես։ (Նայում են իրար աչքերի. Նըսըրը խորամանկ ծաղրով, արքան՝ համարձակ, անթեք)։ Բայց քո ինչի՞ն ա էս զոհողությունը, Աշոտ Երկաթ, ենթադրենք Նըսըրին հաղթեցիր, հո Խալիֆաթին էլ չե՞ս հաղթելու, վաղը ուրիշ Նըսըր կուղարկեն, ավելի մեծ զորքով, կկոտորեն, կավերեն… Քեզ պետք ա՞… Էն ա իրար հետ լեզու գտնենք, ապրենք, մինչև տեսնենք ինչ է լինում։

ԱՐՔԱ ­ Ուրիշ ասելիք ունե՞ս…

ՆԸՍԸՐ ­ Նայիր ինչ եմ ասում, մենք չգրավեինք ձեր երկիրը, ուրիշն էր գրավելու, հիմա ազատես երկիրդ, վաղը էլի գրավելու են… Իզուր ես խառնվել իրար, Աշոտ Երկաթ, դուք դատապարտված ժողովուրդ եք, ձեզ մնում ա՝ իզուր չըմբոստանալ, խոնարհ ապրել։ Լավ մտածիր։

ԱՐՔԱ ­ Մտածել եմ։

ՆԸՍԸՐ (ափը պարզելով) ­ Դեհ, կռիվ՝ ուրեմն կռիվ։

Արքան շխկոցով խփում է Նըսըրի ափին։

Նրանք բաժանվում են. Նըսըրը՝ ամրոց, Արքան՝ իր զորքի մոտ։

71

Հայոց զորքի կայանը։ Գոռն իր տասը­տասնհինգ քաջերի հետ փոխում են հագուստը՝ արաբ զինվորների հագուստ են հագնում, արաբական զենք կապում։ Նրանց հետ՝ Գևորգի թիկնապահ Վահրամը և սևորդյաց ջահել իշխան Դավիթը։

ԳԵՎՈՐԳ ­ Իմ կողմ շրջվեք, նայեմ։

Գոռն ու ընկերները, որ արդեն ավարտել են կերպարանափոխությունը, նայում են Գևորգ սպարապետին, սպարապետը նայում է նրանց։

ԳԵՎՈՐԳ ­ Թշնամու աչքերին աշխատեք չնայել, հայ լինելը հայացքով կմատնեք։ Մնացյալը՝ նման է՝ եթե շատ ուշադիր չլինեն, իսկ ուշադիր լինել մենք չենք թողնի։ Դեհ, առա՛ջ, քաջերս։

ԳՈՌ (հորը) ­ Վահրամին իզուր ես մեզ հետ ուղարկում։

ԳԵՎՈՐԳ (գրկելով որդուն) ­ Վահրամն ամրոցի ներսին քաջածանոթ է։ Դեհ, Տերը ձեզ հետ։

ԳՈՌ ­ Չվախես, սպարապետ, ամեն բան լավ կլինի։ (Ընկերներին). Գնացինք քաջեր։

ԳԵՎՈՐԳ (վերջին պահին քաշելով Վահրամին իր կողմը) ­ Աչքդ չկտրես նրանից, Վահրամ, ջահելական անհեռատես արարքներից ետ պահիր։

Գոռը և նրա մարտիկները ծառերի ետևով շրջանցիկ գնում են դեպի ամրոցի հակառակ բևեռը, ուր բերդապատի տակի խոռոչն է։

ԱՐՔԱ ­ Ժամն է։ Առա՛ջ։

Զորքը գոռոցներով արշավում է ամրոցի վրա։

Առաջամարտիկները հասնում են բերդապատին, դարպասներին, նրանց վրա է գալիս թշնամու արձակած նետերի պարսը, մերոնք վեր են հանում վահանները, ոմանք նետահար են լինում, ընկնում, հայոց նետաձիգները նույնպես նետեր են արձակում բերդապատի կողմը, նետերի մի մասը բոցավառ է։

Անտառակի միջով, աշխատելով աննկատ մնալ ու անձայն, Գոռն իր մարտիկների հետ գնում է շրջանցիկ ճամփով։

Հեռվում երևում է բերդապատը, գլխին՝ պահակներ։

Առաջին բաբաններն են հարվածում դարպասին, քարանետ սարքերն ահռելի քարեր են նետում պատի, դարպասի վրա, նետում են նաև ձթակոլոլ, բոցավառ մեծ, փաթեթած փալասներ։

Բերդագլխից եռման կուպր են լցնում հարձակվողների գլխին, որոնք երկայն սանդուղքներով փորձում են մագլցել բերդապատի գլխին։

ԳԵՎՈՐԳ ­ Այրե՛լ դարպասը։

Զինվորները ձթակոլոլ փաթեթները հարվածում են դարպասին, դարպասը բռնկվում է։

ԱՐՔԱ ­ Դարպասը երկաթածածկ է, կրակ չի կպնի։

ԱԲԱՍ ­ Փորձեք բրիչներով քանդել, տակի փայտը բացել։

Գևորգ սպարապետը կանչում է մի քանի զինվորների, ինչ­որ բան բացատրում։

Զինվորները բրիչներով մոտենում են դարպասին, վերից իրենք իրենց պաշտպանում են վահաններով։

Սակայն արաբները կատաղի պաշտպանում են դարպասը՝ կուպր լցնելով, նետեր արձակելով։

Զինվորները նահանջում են։

Արքան ցույց է տալիս, որ առաջ շարժվի «կրիան»։ Այս արքի երկրորդ հարկը պաշտպանական տանիք­ծածկոց է առաջին հարկում գործող զինվորների համար, այդ տանիքը հում, թաց կաշվով է պատած, որպեսզի չբռնկվի։

Դարձյալ տեսնում ենք անտառակով վազող, արաբ զինվորների հագուստով մարտիկներին։

«Կրիան» դեմ է առել դարպասին, առաջին հարկում տանիքով պաշտպանված զինվորները բրիչներով աշխատում են պոկել երկաթյա թիթեղը։

Վերից արաբները կրակ են թափում սարքի տանիքին, տեսնելով, որ դա չի օգնում, նրանք ահռելի քարեր են մոտեցնում ու ցած գցում, քարերը ընկնում են տանիքին, ի վերջո տանիքը ջախջախվում է, սարքը նահանջում է։

Գոռը մոտեցել է բերդապատի հարկավոր տեղին։ Ծառերի ետևից նայում են։

Պատի գլխին երկու պահակ են, միմյանց հակառակ՝ գնում­գալիս են։

ԳՈՌ (ընկերներին) ­ Ուշադիր նայեք պատին, քարակույտից աջ՝ ձթով արած նշան պիտի լինի։

ԴԱՎԻԹ ­ Հրեն…

Նրանք մի քիչ էլ են գնում այն կողմ, որպեսզի նշանի ուղիղ դիմացը լինեն։

Նետաձիգը բարձրացնում է աղեղը՝ ցանկանալով նետահարել պահակին։

ՎԱՀՐԱՄ (զսպելով նրան) ­ Չէ, էն կողմից կիմացվի, պիտի աննկատ հերթով մտնենք։

ԳՈՌ ­ Բայց նախ պետք է փորել­բացել անցքը։ (Վահրամին). Գնացինք։ (Մյուսներին). Դուք սպասեք էստեղ։

Ընտրելով հարմար պահը, երբ երկու պահակներն էլ հեռացած են նշված տեղից, Գոռը Վահրամի հետ, փոքրիկ բահերով, վազում են պատի տակ։

Բարեհաջող հասնում են։ Պատին ձթով արած նշանի տակ Վահրամը ոտքով խփում է հողին, ձայնով գտնում տեղը, սկսում են փորել։

Ուղղահայաց պատի վերում պահակները չեն երևում, պահակների վտանգավոր տեղին մոտենալը՝ ընկերներին նայելով են որոշում՝ նրանք նշան են անում, Գոռն ու Վահրամը դադարեցնում են փորելը, վերսկսում՝ երբ ընկերները հեռվից նշան են անում, որ անվտանգ է։

Մարտի ասպարեզ։ Մյուս «կրիան» է մոտեցվում դարպասներին։ Մի երրորդն էլ՝ բերդապատին։ Բերդապատի կրիայի տակ աշխատանքը հաջողությամբ է ընթանում։ Արաբները հիմնական ուշադրությունը պահում են դարպասին մոտեցած սարքի վրա, ի վերջո քարեր թափելով հաջողացնում ջախջախել այն։ Քարերի հետ տանիքին է ընկնում մարդկային մարմին։

Սարքը ետ է բերվում։

Տանիքից իջեցնում են դին։ Ծեր հայ շինական է, կոկորդը՝ դաշույնահատ։

ԳԵՎՈՐԳ ­ Նշան է. ներսի հայերին հատ­հատ սպանելու են։

ԱՐՔԱ ­ Թաղեք ծերունուն։

ԱԲԱՍ ­ Շատ են ամուր էս բերդի պատն ու դարպասը։

ԳԵՎՈՐԳ ­ Մեր պապերի կառուցածն է. ինչ իմանային, որ մի օր արաբին կպատսպարեն իրենց բարձրացրած պատերը։

Հարձակումը դարպասի վրա շարունակվում է։

Հանկարծ վերից արաբները ցած են գցում մեծ սափորներ՝ բերանները կաշվով փակած։ Սափորները փշրվում են գետնին և նրանց միջից կծիկներով դուրս են գլորվում թունավոր օձեր։

Զինվորներն ահաբեկված են, օձերը հարձակվում են, կծում։ 

Զինվորներից մեկը բռնել է օձի գլուխը, մյուս ձեռքով թրատում է մարմինը, ապա շպրտում գլուխը։

Ամենուրեք օձեր են սողում գետնին, սանդուղքների տակ, պատերի տակ, դարպասի տակ։

Օձի կծած զինվորներ, որ ջղացնցվում են, բերաններից փրփուր են դուրս տալիս։

ԱՐՔԱ (Գևորգին) ­ Ետ բեր հարձակումը, թող հանգիստ առնեն, մինչև մութն ընկնի։ Նորոգեք սարքերը։

Սպարապետը նշան է անում, հարձակվողները ետ են դառնում կայանատեղ՝ հավաքելով սպանվածներին և վիրավորներին։

Օձերը դարպասի տակերից քաշվում, հեռանում են։

Մթնշաղ։ Խոռոչը բացված է։ Գոռը մտնում է, Վահրամը՝ նրա ետևից։

Այն կողմը.

Գետինը ծածկող ցանց­ծածկոցը կամաց բարձրանում է, տակից երևում է Գոռի դեմքը, նաև՝ Վահրամի, նրանք նայում են, գնահատում իրավիճակը, ապա իջեցնում ծածկոցը, ետ գնում։

Այս կողմում.

Գոռը և Վահրամը դուրս են գալիս խոռոչից։ Ընտրելով հարմար պահը՝ վազում են ծառերի ետևում պատսպարված ջոկատի մոտ։

ԳՈՌ ­ Ամեն բան լավ է։ Սպասենք մութն ընկնի։

Մութ է։ Հայոց զորքը կայանատեղում է, հանգստանում է հարձակումից առաջ։

Բերդի պատերից նետեր են արձակում հայոց զորքի կողմը։ Նետերն այդ հեռավորության վրա վտանգ ներկայացնել չեն կարող, մի մասն ընկնում է չհասած, մյուսները հասնում են, բայց ուժը կորցրած պարզապես գահավիժում զորականների մեջ։

Զինվորները զարմանքով հայտնաբերում են, որ նետերի ծայրերին գարշահոտ լեշակտորներ են։ Գարշահոտ է տարածվում։ Սպարապետը տարակուսած է՝ ի՞նչ է, ինչի՞ համար… Նայում է բերդի կողմը…

Հանկարծ բերդի դարպասը բացվում է, այնտեղից դուրս են թողնում սոված­կատաղած գազանների ոհմակը (գայլեր, բորենիներ կամ թեկուզ մեծ շներ), որ սլանում է լեշահոտի կողմը՝ ուղիղ զորքի վրա։

Զորականները շփոթված՝ չեն հասցնում ձգել նետերը, ոմանք հասցնում են, և գազաններից մի քանիսը նետահարվում են չհասած, սակայն նրանց մեծ մասը մխրճվում է զորքի մեջ, հարձակվում, զինվորները նիզակահարում, թրատում են նրանց, նրանցից շատերը տապալում են զինվորներին, բռնում կոկորդը, խեղդում։

Վերջապես գազանները կոտորված են, մի մասն էլ կաղկանձելով փախչում է հեռու։

Գոռը նայում է Վահրամին, վերջինս համաձայնում է՝ ժամանակն է։

Ընտրելով հարմար պահը, երբ պահակներն առավելագույնս հեռացած են տեղից, Գոռը վազում է դեպի խոռոչը, նրա ետևից վազում է Դավիթը, ևս մեկը… Վահրամը բոլորին ուղարկելուց հետո միայն՝ ինքն էլ է վազում։ Հերթով մտնում են խոռոչը։

Գիշեր։ Արքայի զորքը նոր հարձակման է պատրաստ։ Նորոգած «կրիաները», մյուս սարքերը առաջ են տարվում։ Սակայն՝ անշտապ, արքան, սպարապետը և Աբասը նշանի են սպասում բերդի ներսից։

Բերդի ներսից թշնամին նկատում է հայոց զորքի առաջ գալը, պատրաստվում է ետ մղելու հարձակումը։

Խոռոչը՝ բերդի ներսում։

Ծածկոցը բարձրանում է, երևում է Գոռի դեմքը։ Գնահատելով իրավիճակը՝ Գոռը ետ է տալիս ծածկոցը, դուրս գալիս և արագ մտնում մոտակա ծառի սաղարթի տակ, նայում է վեր՝ պահակները չեն նկատել։ Ձեռքով նշան է անում ընկերներին, նրանք հատ­հատ արագ դուրս են գալիս և վազում Գոռի մոտ։ Վերջինը դուրս է գալիս Վահրամը, իր ետևից ծածկելով ծածկոցը։

Ծառի տակ նրանք թափ են տալիս հագուստները, կարգի բերում, ապա շարժվում առաջ։

Արաբ զինվորականը միզում է պատի տակ, տեսնում է Դավթին, ժպտում, ինչ­որ բան ասում արաբերեն, Դավիթըը չի հասկանում, գլխով համաձայնության նշան է անում, արաբը զարմանում է։ Հանկարծ Դավիթը նկատում է, որ արաբը սևեռված նայում է իր կրծքին, իջեցնում է հայացքը և տեսնում ոսկյա խաչը, որ մոռացել է հանել։ Ճիշտ այն պահին, երբ արաբն ուզում է գոռալ, ետևից մոտեցած Գոռը բռունցքով հարվածում է գլխին։ Արաբը տապալվում է։

Գոռի հաղթանդամ զինվորը բռնում է արաբի գլուխը, կտրուկ թեքում՝ ջարդելով վիզը։

Ապա արաբի դին քաշում, տանում են թփերի տակ։

Ջոկատն առաջ է գնում դեպի դարպասը։

Հայոց զորքի կայանատեղին։ Զորքը պատրաստ է։

Գևորգ սպարապետը անհանգստացած նայում է բերդի կողմը։

Բերդի ներսից մի բոցավառ նետ է սլանում ուղղահայաց, դեպի երկինք։

Սպարապետը ժպտում է, հրում արքային, արքան նույնպես տեսել է նշանը։

ԳԵՎՈՐԳ ­ Նրանք ներսում են։

ԱՐՔԱ ­ Ուրեմն առա՛ջ։ Դարպասը թողեք, պատերի տակով ձգեք ճակատը։

ԳԵՎՈՐԳ ­ Առա՛ջ, քաջե՛ր։

Զորքը անցնում է հարձակման։ Դարպասի մոտից հեռանում են և պաշարում պատերը, որպեսզի թշնամին էլ ներսում ուժեր չկենտրոնացնի դարպասի մոտ, Գոռի գործը հեշտացնելու համար։ Զորքը արշավում է ձգված, պաշտպանությունը ներսից ձգելու համար։ Մեծ թափով են հարձակվում, սանդուղքները դեմ են անում պատերին, փորձում մագլցել, հրե նետեր են տեղում ինչպես վարից, այնպես էլ վերից, կուպր է թափվում սանդուղքով մագլցողների գլխին, աշխատում են հրանետ սարքերը վարից։

Դարպասների առաջ, ետ քաշված, արքան է իր ընտրյալ հեծելազորով։

Գոռն ու ընկերները մոտ են դարպասներին։

Արաբ մի զորավար նրանց յուրային համարելով հրամայում է գնալ պատի կողմը, ձեռքով ցույց տալով այն տեղը, ուր պաշտպանվողների շարքը նոսր է։

Գոռը և ընկերները գնում են դարպասի ուղղությամբ։ Զորավարը թուրը բարձրացրած փակում է նրանց ճանապարհը, համառորեն մղելով դեպի պատը։ Գոռի ջոկատը նրան իր մեջ է առնում, Դավիթը թրատում է արաբին, մյուսները փակել են տեսարանը կողմնակի աչքից։ Արագ հեռանում են դեպքի վայրից։

Դարպասն արդեն մոտ է, երևում է, զինվորներն այնքան շատ չեն, մեծ մասը պատերի վրա են։

Գոռը, Վահրամը և էլի վեց­յոթ հոգի գնում են դարպասը բանալու, մյուսները պատսպարում են նրանց։

Թշնամին դեռևս ոչինչ չի կռահում, իրենց դիմաց տեսնելով յուրայինների։

Այնտեղ, դարպասի մոտ, բռնկվում է կռիվը։ Անսպասելիությունից՝ արաբ զինվորները չեն հասցնում պատշաճ պատասխան տալ, մի քանիսը նույնիսկ չեն հասցնում թուրը հանել պատյանից։

Դարպասը՝ դրսից։

Արքան, Աբասը և Գևորգը ուշադիր նայում են դարպասին։

Դարպասը ցնցվում է, ևս՝ մեկ անգամ, ապա ճռռալով բացվում։

Նույն պահին Գոռը ընկերների հետ դուրս են վազում դեպի մեր զորքը։ Նրանց քանակը կրկնակի պակասել է։ Վահրամը վիրավոր է կրծքից։

ԳԵՎՈՐԳ (գոռում է) ­ Ձեռք չտալ, մերոնք են։

Արքան հեծելազորով սրընթաց մտնում է բաց դարպասով։

Գոռն իր ընկերների հետ արագ հանում են արաբական համազգեստը, հագնում իրենցը, հեծնում իրենց ձիերը և հետևում զորքին։ Վահրամը մնում է պառկած՝ հենված ծառաբնին։

Սպարապետը հակվում է Վահրամի վրա։

ՎԱՀՐԱՄ ­ Իշխան, հիմա մեռնելն էլ սարսափելի չէ։

ԳԵՎՈՐԳ ­ Դու չես մեռնի, Վահրամ, դու տեսնելու ես մեր վերջնական հաղթանակը։

ՎԱՀՐԱՄ ­ Ես այն արդեն տեսնում եմ։

ԳԵՎՈՐԳ ­ Մի խոսիր, խնայիր ուժերդ։ (Կանչում է զինվորներին). Շուտ տարեք նրան վիրավորների վրանը, թող օգնություն ցույց տան անհապաղ։ (Վահրամին, որին արդեն տանում են). Պինդ կաց, զինվոր, չհանձնվես։

Սպարապետը արշավում է դեպի դարպասը։

Նրա հրամանով մնացյալ զորքը թողնում է պարսպապատերի պաշարումը և հետևում նրան, որ սլանում է արքայի հեծելազորի ետևից, դարպասով ներս։

Բերդի ներսում թեժ կռիվ է սկսված, հայերը թշնամուն թե՛ քանակով են գերազանցում, թե՛ ոգով։

Թշնամին սկսում է ցաքուցրիվ փախչել։

Զորքը արքայի գլխավորությամբ առաջանում է դեպի Նըսըրի ապարանքը։

Արքան, սպարապետը, Աբասը, Գոռը ներխուժում են ապարանք, թիկնազորը՝ նրանց ետևից։

72

Ապարանքում, երբ արքան և մյուսները ներխուժում են։ Գավիթում, կենտրոնում, նստած է Նըսըրը, նրա առջևում կաթողիկոսն է, նրա հոգևորականները, Սահակ իշխանը, Շահանդուխտը, բոլորը Նըսըրի թիկնազորի շրջապատման մեջ։ Նըսըրի կողքին իր մերձավորներն են, համհարզը, ներքինին, ետևում՝ կանայք են, ծառաները…

ՆԸՍԸՐ (կեղծ ժպիտով) ­ Բարով եկար, հայոց արքա։ (Ցուցանելով կաթողիկոսին, հոգևորականներին, սյունյաց իշխանին). Ահա, ես իմ խոստումը կատարել եմ, նրանք ամբողջ ժամանակ էստեղ էին՝ ողջ, առողջ։

ԱՐՔԱ ­ Ես էլ իմ խոստումը կկատարեմ. հավաքիր ինչ ունես­չունես ու գնա, Նըսըր, մինչև արևը բարձրանա՝ քեզ ժամանակ, որ դուրս գաս հայոց սահմաններից։

Նըսըրը նշան է անում թիկնազորին, նրանք ետ են քաշվում՝ թողնելով կաթողիկոսին ու մյուսներին։ Շահանդուխտը նետվում է Գոռի գիրկը։

ՆԸՍԸՐ ­ Ո՞վ մտավ բերդ ու բացեց դարպասները, Աշոտ Երկաթ, կուզեի տեսնել, եթե գաղտնի չես պահում։

ԱՐՔԱ ­ Ահա, մեկը նա։ (Գոռին ցույց տալով)։

Նըսըրը ուշադիր նայում է Գոռին։

ՆԸՍԸՐ ­ Դեհ, բարով վայելեք։ (Ուզում է գնալ)։

ԱՐՔԱ ­ Նըսըր, ես չեմ տեսնում Բռնապետին…

ՆԸՍԸՐ ­ Նա չեկավ, պիտի իր զորքն օգնության բերեր, բայց դավաճանեց, երևի պարտության հոտ էր առել աղվեսը։ Բագարանում կլինի, իր ապարանքում։

ԱՐՔԱ ­ Արտաշատի զորքիդ կանչիր, եթե չես ուզում կոտորենք, թող հանձնվեն։

ՆԸՍԸՐ ­ Արտաշատում զորք չկա, բոլորին բերել էինք էստեղ, բերդապահն է ու մի քանի պահակ, կուզես՝ կոտորի, կուզես՝ ուղարկի թող գան իմ հետևից։ Զենք թողնելո՞ւ ես մեզ։

ԱՐՔԱ ­ Միայն քեզ ու թիկնապահներիդ։ Գնացեք։

ԳԵՎՈՐԳ (կամաց) ­ Գնալներդ լինի, գալներդ՝ երբեք։

ԳՈՌ ­ Բըշըրին չեմ տեսնում, ո՞ւր է։

Նըսըրը տարածում է ձեռքերը, իբր՝ ինչ իմանամ։

Գոռը Յասըրին դեմ է անում պատին, թուրը դնում վզին։

ԳՈՌ ­ Ո՞ւր է, ոչ սպանվածների մեջ է, ոչ ողջերի։

ՅԱՍԸՐ ­ Նորի՞ց դու ինձ խեղդում ես, իշխան, տես սովորություն չդառնա։

ԳՈՌ ­ Խոսի՛…

ՅԱՍԸՐ ­ Բերդի ետնամասով փախավ իր թիկնազորի հետ։

73

Գոռն իր քսան հոգանոց զորախմբով քառարշավ սլանում է դաշտային ճամփով, Բըշըրին է հալածում։

ԳՈՌ ­ Ո՞վ էս կողմի ճամփեքը լավ գիտի։

ԶԻՆՎՈՐ ­ Ես, իշխան։

ԳՈՌ ­ Ո՞նց կարճով դուրս գանք Բըշըրի դեմը։

Զինվորականը ուշադիր նայում է, «Էսպես»,­ ասում է, ապա ձին թեքում ու սլանում, մյուսները՝ ետևից։

74

Լուսաբաց։

Նըսըրն իր զորքի խղճուկ մնացորդով հեռանում է Դվինից։

Հայոց զորքը ցնծում է։

Բերդապատերի մոտ Գևորգը նայում է Գոռի զոհված ընկերներին, գետնին երեքն են, մյուս չորսին զինվորները բերում են բերդի ներսից, պառկացնում երեքի կողքին, զոհվածները դեռևս արաբական համազգեստով են։

ԳԵՎՈՐԳ ­ Հայոց զորքի համազգեստը հագցրեք տղերքին, հանեք էդ քրջերը։

75

Տեսնում ենք Բըշըրին իր փոքրաքանակ թիկնազորով, գլխակորույս սլանում են՝ հայոց երկրից ժամ առաջ մազապուրծ լինելու համար։

76

Գոռի զորախումբն է սլանում զարտուղի ճամփով։

Ոլորանից հետո անմիջապես, իրենց համար էլ անսպասելի՝ համարյա բախվում են Բըշըրի թիկնազորին։

Թրամարտ է գնում։ Բըշըրի փոքրաքանակ զորախումբը արագ տեղի է տալիս։ Նրանց անխնա կոտորում են։

Բըշըրը փորձում է փախչել։

Գոռը կտրում է առջևը։

ԳՈՌ ­ Վերջ, էլ փախչելու տեղ չունես, Բըշըր։

ԲԸՇԸՐ (այլ ելք չտեսնելով, թուրը պարզած) ­ Վիզդ թռցնելու եմ, լակոտ։

Գոռն ու Բըշըրը իջնում են ձիերից։ Սկսվում է թրամարտը։

Բըշըրի վերջին զինվորին սրախողխող է անում Դավիթը։

Զորախումբը շրջանում է թրամարտողներին, հետևում է ընթացքին։

Բըշըրը օրհասական ջանքեր է գործում, գիտի՝ մեկ է՝ փրկություն չկա։

Գոռը վերջապես թռցնում է սուրը նրա ձեռքից ու անմիջապես փախչող Բըշըրի մեջքին խփում թուրը։ Բըշըրը արնաշաղախ տապալվում է։ Մեջքին ընկած՝ նայում է Գոռին։ Գոռի հարվածը հատում է Բըշըրի գլուխը, որ գլորվում է մի կողմ։

ԳՈՌ ­ Էս էլ վերջին հանգրվանդ, Բըշըր։ (Ընկերներին). Գնացի՛նք։

Զորախումբն, առանց կորուստների, քառատրոփ վերադառնում է Դվին։

77

Հայոց զորքը Արտաշատի դարպասներին է մոտենում։ Առջևում արքան է, սպարապետը, Աբասը։

Դարպասները հանկարծ բացվում են նրանց առաջ, իր թիկնազորով արքային ընդառաջ է գալիս Աշոտ Բռնապետը։

ԱՇՈՏ (մոտենալով) ­ Ողջույն հայոց արքային։ Իմ քաջերը սրի քաշեցին թշնամուն, Արտաշատը մաքրեցինք քո առաջ, համեցիր։ (Արքային գրկելով). Ավել պակաս՝ ներող եղիր։

ԱՐՔԱ (ողջագուրվելով) ­ Անցած լինի։

ԳԵՎՈՐԳ (Աբասին, կիսաձայն) ­ Արքան փոխվել է, ներողամիտ է դարձել։

ԱԲԱՍ ­ Հաղթողին վայել մեծահոգություն է։

ԳԵՎՈՐԳ ­ Չեմ հավատում Աշոտ Բռնավորի ապաշխարությանը։ Արտաշատը երևի թալանի համար է վերցրել…

ԱԲԱՍ ­ Դե լավ, սպարապետ, գուցե մարդն ի սրտե զղջում է…

ԳԵՎՈՐԳ ­ Տա Աստված։

ԱՇՈՏ (արքային, արդեն ճանապարհին) ­ Ապսպրել եմ Բագարանում ճաշկերույթի սեղաններ գցեն արքայի հաղթանակի պատվին։

ԳԵՎՈՐԳ (Աբասին, կիսաձայն) ­ Սրա գինին թունավորված կլինի։

Աբասը ներողամիտ ժպտում է։

ԱՐՔԱ ­ Շնորհակալ եմ, բայց զորքը հոգնած է, ժամ առաջ ուզում ենք արքունիք հասնել, էնտեղ կանենք հաղթանակի խնջույքը, քեզ էլ սրտանց հրավիրում ենք։

78

Զորքը արքունիք է վերադառնում, առջևում արքան է, սպարապետը, Աբասը, նրանց ետևից Գոռը Շահանդուխտի հետ, Դավիթ իշխանը, Սմբատ իշխանը, մյուս իշխանները։ Ընթացքը դանդաղ է, զորքը հոգնած է։

Զորքի ետևում սայլեր են, որոնց վրա՝ վիրավոր զորականները, սայլերի կողով ձիավոր զինվորներ են գնում։                                                                                               

Սպարապետ Գևորգ իշխանը ձին շրջում է, ետ է գնում վիրավորների մոտ, մոտենում է Վահրամին, որ վիրակապված, պառկած է սայլին։

ԳԵՎՈՐԳ ­ Ո՞նց ես, քաջս։

ՎԱՀՐԱՄ ­ Լավ եմ, իշխան։

ԳԵՎՈՐԳ ­ Պինդ եղիր, ուր որ է կհասնենք։

ՎԱՀՐԱՄ ­ Իշխան, մենք արեցինք այդ բանը։

ԳԵՎՈՐԳ ­ Արեցինք, զինվո՛ր։

ՎԱՀՐԱՄ ­ Դե մի անհանգստացեք, էլի, մեկ դու ես գալիս, մեկ Գոռը, չեք թողնում քնեմ…

ԳԵՎՈՐԳ ­ Քնել պետք չի, արթուն մնա։

ՎԱՀՐԱՄ ­ Վախենում ես քնեմ՝ էլ ետ չգա՞մ… Մի վախենա իշխանս, մենք հաղթեցինք, հիմա հանգիստ խղճով կարելի է և քնել։

ԳԵՎՈՐԳ ­ Ոչ մի քնել, ուր որ է հասանք, տիկինդ կբուժի, նա լավ գիտի ոնց բուժել քեզ։

ՎԱՀՐԱՄ (ծիծաղով) ­ Հա, նա կբուժի…

Գևորգը շրջում է բոլոր վիրավորների միջով, ապա վերադառնում է արքայի կողքը։

ԱՐՔԱ ­ Ո՞նց են վիրավորները։

ԳԵՎՈՐԳ ­ Երկուսը վախճանվել են, մյուսները դիմանում են։

ԱՐՔԱ ­ Թթվեցինք, սպարապետ, հրամայիր երգեն։

ԳԵՎՈՐԳ (զորքին) ­ Երգե՛լ։

Զինվորը երգում է, կրկներգը՝ բոլորով, արքան նույնպես երգում է հետները։

ԱՐՔԱ ­ Մի էնպես քեֆ անենք, աշխարհը թնդա։

79

Անմիջապես՝ խնջույքի տեսարան։ Արքունիքում, հարթ մի տեղանքում սեղաններ են գցված, շինականները գառներ են խորովում, թռչուններ, խոճկորներ։

Լարախաղացներն իրենց խաղն են խաղում։

Ըմբիշներն ըմբշամարտում են։

Դերասանները, ներկրտված, տեսարան են ցուցադրում՝ արաբ ոստիկանն է, որ թողություն է աղերսում հայոց զորականից, վերջինս մահակով խփում է նրա գլխին, ոստիկանն ընկնում է ու ջղացնցվում, ժողովուրդն ուրախ ծիծաղում է։

Թնդում է զուռնա­դհոլը։

Սկսվում է խմբային պարը, իշխանները պարում են, արքան նույնպես մտնում է պարի մեջ։

Պարին միանում են կանայք, Շահանդուխտը նրանց մեջ է։

Շահանդուխտն ու Գոռը աչք չեն կտրում միմյանցից։ Արքան նկատում է դա։

(Ցանկալի է, որ այս ամբողջ տեսարանը ներկայացնի մեր ազգագրական մշակութային ամբողջ սպեկտրը՝ հոգևորից մինչև աշխարհիկ, խալիներից, բրոնզե, փայտյա առարկաներից մինչև երգն ու պարը, խաղը)

80

Հաջորդ տեսարանը՝ եկեղեցի, եպիսկոպոսը պսակադրության ծես է կատարում, պսակում է Գոռին և Շահանդուխտին։

Բոլորն այստեղ են՝ արքան, թագուհին, Գևորգը, Աշոտ Բռնապետը, Աբասը, Սյունյաց իշխանը, ուրիշ իշխաններ, այստեղ է նաև ապաքինված Վահրամը, բոլորի ձեռքին մեծ մոմեր կան։

Արքան հանկարծ թախծում է, ընկնում է մտատանջության մեջ, թեքվում սպարապետի ականջին։

ԱՐՔԱ (Գևորգին, կիսաձայն) ­ Ես ու դու գործ ունենք, իշխան… Տեղ ունենք գնալու…

ԳԵՎՈՐԳ ­ Ո՞ւր։

ԱՐՔԱ ­ ՈՒտիք։ Նրա գերեզմանը ցույց կտաս ինձ։

Գևորգը ոչ այն է կշտամբանքով, ոչ այն է խղճահարությամբ՝ նայում է արքային։

81

Արքան և Գևորգը քառատրոփ արշավում են դեպի Ուտիք։

Ուտիք։ Արքան և Գևորգը իջնում են ձիերից, սանձերը տալիս են բերդապահին, իրենք առաջանում դեպի Ասպրամի գերեզմանը։

Գերեզմանը։ Խոտ, ծաղիկներ, եզրերով՝ փշեր, վարդագույն տուֆից քարը։

Օձը քարի մոտ, տաքանում է արևի տակ։ Հանկարծ անհանգստանում է, գլուխը բարձրացնում, հանում երկծայր լեզուն, նայում, ապա քաշվում քարի ետևը։

Մոտենում են Արքան ու Գևորգը։ Գևորգը ձեռքով ցույց է տալիս, ինքը նրբանկատորեն մենակ թողնում արքային։

Արքան նստած է գերեզմանի առաջ, տխուր սևեռված նայում է հեռուն, հորիզոնին, աչքերը խոնավացած են, նկատվում է՝ հիշողությունների մեջ է։ Կարելի է հիշողությունը ցույց տալ։

«Ներիր…»՝ մրմնջում է ու կտրուկ վեր կենում։

Օձն աննկատ անցել է արքայի ետևը, երբ նա վեր է կենում, ետևից կծում է սրունքը և սողալով թաքնվում խոտերի մեջ։

Արքան ոտքը շփելով շրջվում է՝ տեսնում է տատասկը ետևում, կարծում է փուշն է ցավացրել ոտքը։

Երբ հեռանում է՝ մի պահ խոտերի մեջ նկատում է խայտաբղետ սահքը, բայց անտարբեր է մնում։

Արքան ու իշխանը սլանում են դեպի Եազգավորս՝ արքունիք։

Ճանապարհին։ Արքան վատ է զգում իրեն, գլխապտույտ, աչքերի առջև պատկերները լող են տալիս, հեռու առջևում Ասպրամի զառանցային պատկերն է տեսնում, որ օրորվում է, կերպարանափոխվում, գալարվում օձի պես։ Արքան տրորում է աչքերը, հազիվ է մնում ձիու վրա, ընթացքից փսխում է։

ԳԵՎՈՐԳ ­ Ի՞նչ եղավ, արքա։

ԱՐՔԱ ­ Ոչինչ…

82

Արքունիք, արքայական ապարանքի առաջ, Գևորգն ու արքան՝ ձիերի վրա։

Գևորգն արքային օգնում է ձիուց իջնել։

Մոտ է վազում համհարզը, նա էլ է ուսը դեմ տալիս, օգնում արքային, որ հազիվ է շարժում ոտքերը։ Քայլում են դեպի ապարանք։

ԳԵՎՈՐԳ ­ Բուժակին կանչեք, շու՛տ։

83

Արքայի ննջարանը։ Արքան պառկած է անկողնում, զառանցական, անտարբերելի մրմնջում է, քրտնած է, դալուկ։

Նրա կողքին են թագուհին, իշխան Գևորգը, բուժակը։

Բուժակը բարձրացրել, ծալել է արքայի ոտքը, տնտղում է օձի կծած վերքը։ «Օձի կծած է»՝ ասում է ավելի շատ ինքն իրեն։ Թաս է դնում սրունքի տակ, հատիչով հատում վերքը, վերքից արյուն և թարախ է թափում թասի մեջ։ Ինչ­որ բույսի տերև է ծամում, ապա հանում բերանից, դնում վերքին, կապում վերքը, կրկնելով ինքն իրեն՝ «Ուշացրել եք, արքա, ուշացրել եք…»։ Խեցե շշից ինչ­որ թուրմ է լցնում գավաթի մեջ, բարձրացնում արքայի գլուխը, խմեցնում։

Գլուխը հազիվ բարձին իջեցրած՝ արքայի խմածը ետ է գալիս, թափվում կրծքին։

Թագուհին մաքրում է արքայի կուրծքը։

ԲՈՒԺԱԿ (Գևորգին) ­ Շատ եք ուշացրել…

ԳԵՎՈՐԳ ­ Անդադար նույնն ես կրկնում, փոխանակ օգնես…

ԲՈՒԺԱԿ ­ Շատ եք ուշացրել, թույնը տարածվել է մարմնի նույնիսկ ամենահեռավոր ծայրերը։ Խիստ թունավոր օձ է եղել, ես օձի կծածի այսպիսի վերքի դեռ չեմ հանդիպել…

ԳԵՎՈՐԳ (Ընդհատելով, անհամբեր) ­ Մի բան կարո՞ղ ես անել։

ԲՈՒԺԱԿ ­ Ինչ կարող էի՝ արեցի, մնացյալն աստծուց ուզեք։

Արքան նշան է անում, որ բուժակին թողնեն գնա։

84

Արքայի ննջարանի առաջ լուռ կանգնած են Աբասը, Գևորգ իշխանը, Աշոտ Բռնապետը, Գոռը։

Ննջարանից դուրս է գալիս թագուհին։

ԹԱԳՈՒՀԻ (աչքերն արցունքով) ­ Արքան կանչում է ձեզ։

Արքայի սնարի մոտ՝ իշխանն ու Գոռը մի կողմից, Աբասն ու Աշոտը՝ մյուս, թագուհին արքայի գլխավերևում է։

ԱՐՔԱ ­ (Խոսում է, բայց ձայնը չի լսվում։ Տեսնելով, որ լսելի լինել չի հաջողվում, ձեռքով մոտ է կանչում թագուհուն և նրա ականջին բան ասում):

Թագուհին կատարում է արքայի ապսպրանքը, հեռանում է և ետ գալիս՝ բերելով թագը։ Թագը դնում է արքայի կրծքին։

Աշոտ Բռնապետի աչքերը վառվում են՝ թագը տեսնելով։

Արքան մոտ է կանչում Աբասին, փորձում է թագը գլխին դնել, բայց ուժը չի հերիքում, պարզապես տալիս է ձեռքը։

ԱԲԱՍ ­ Արքա… (Ուզում է ասել՝ վաղ է, դու դեռ կապաքինվես)։

Արքան ընդհատում է Աբասին, մատը դնում է շուրթերին, իբր՝ լռիր, ապա ցույց է տալիս, որ ինքն ամեն բան ճիշտ է արել։

Աշոտ Բռնապետի դեմքը ծռված է նախանձից, սակայն բոլորը արքային են նայում, նրան չեն տեսնում, միայն արքան է տեսնում Աշոտի դեմքը, ինչ­որ բան է ուզում ասել, չի հաջողվում։

Աշոտը չդիմանալով արքայի հայացքին՝ կտրուկ հեռանում է։

Արքայի շնչառությունն ընդհատ է դառնում, հևում է։ Նա ձեռքով նշան է անում Գևորգին և Աբասին, որ հեռանան։

Գևորգն ու Աբասը հեռանում են։

Արքան սկսում է շնչահեղձ լինել, մոտ է կանչում թագուհուն, ինչ­որ բան ասում ականջին, համբուրում, ապա ջղացնցվում է և անշարժանում։

Լսվում է թագուհու ողբը։ Աշոտ Երկաթը մահացել է։

85

Գևորգ իշխանն ու Աբասը զբոսնում են գետափին։

Ծառերի ետևից թաքուն նրանց է հետևում Աշոտ Բռնապետի լրտեսը։

Աբասն ու Գևորգը զրուցելով՝ ահագին հեռացել են արքունի ոստանից։ Նրանք իջել են ձիերից և քայլում են՝ ձիերի սանձը բռնած։

Դարձյալ՝ լրտեսը ծառերի ետևից։ Շրջվում է և անձայն արագ հեռանում Բռնապետին լուր տալու։

Ծառերի ետևում, հեռու, տեսնում ենք Բռնապետի զորախումբը, որին մոտենում է լրտեսը։

Աբասն ու Գևորգը մոտեցել են գետին, շարունակում են զրուցել։

ԳԵՎՈՐԳ ­ Քո օծումը պետք է անել արքայի թաղումից անմիջապես հետո, Աբաս։

ԱԲԱՍ ­ Չաճապարենք… Պատշաճ չէ, իշխան, սպասենք գոնե քառասուն օր անցնի։

ԳԵՎՈՐԳ ­ Սկսած այն պահից, երբ արքան թագը քեզ տվեց, Աշոտ Բռնապետի պահվածքը դուրս չի գալիս, դեմքը ծռվել է, գունատվել, խոսելիս՝ աչքերիդ չի նայում…

ԱԲԱՍ (Գևորգի վերջին խոսքերի ընթացքում թիկունքից ձայներ է լսել, շրջվել է ու տեսել Աշոտ Բռնապետին իր զորախմբով) ­ Անունը տուր՝ փետը վերցրու… 

ԳԵՎՈՐԳ (Շրջվելով և տեսնելով, որ Աշոտի զորախումբը շրջապատում է իրենց) ­ Գրողը տանի… Շատ ենք հեռացել, ձայններս չեն լսի ոստանում։

ԱԲԱՍ ­ Սպասենք, տեսնենք ինչ է ուզածը։

ԳԵՎՈՐԳ ­ Նրա ուզածը պարզ է… Փախչել է պետք, Աբաս։

ԱԲԱՍ ­ Վայել չէ մեզ…

ԳԵՎՈՐԳ ­ Վայել­անվայել տարբերակելու ժամանակը չէ, նստիր ձիդ, Աբաս, շուտ…

Նրանք հեծնում են իրենց ձիերը։

Սակայն բոլոր կողմերից արդեն շրջապատված են։ Ետևում՝ անանցանելի գետն է։

Օղակը սեղմվում է։

ԱԲԱՍ (երբ Աշոտն այնքան է մոտենում, որ լսի) ­ Ինչ է ուզածդ, Աշոտ Բռնապետ։

ԱՇՈՏ ­ Գահը, Աբաս, գահը, որ իրավամբ ինձ է պատկանում։

ԱԲԱՍ ­ Գահը ձեռքիս չի, որ տամ քեզ, ձեռքիս էլ լիներ՝ չէի տա, արքայի կամքին հակառակ չգնանք։

ԱՇՈՏ ­ Քո այդ արքան իմ գահին էր նստած, հետո էլ ուզեց քեզ նստացնել, բայց չի ստացվի։ (Հարձակման նշան է անում զորքին)։

Աշոտի զորականները, թվով մոտ տասնհինգ հոգի, հարձակվում են։ Սկսվում է թրամարտը։

Աբասն ու Գևորգը պաշտպանվելով՝ ստիպված ընկրկում են,

նրանց ձիերը մտնում են գետը, ծնկից ետ արդեն ջրի մեջ են, թեև մի քանիսին թրատել են, սակայն վիճակն օրհասական է։

Աշոտի զորախմբի թիկունքից հանկարծ լսվում է Գոռի խրոխտ գոռոցը:

ԳՈՌ ­ Ետ քաշվեք, թշվառականներ, էդ ո՞ւմ վրա եք զենք բարձրացրել… Իմ կողմը շրջվեք, ես ձեզ կասեմ, թե ով ով է էս երկրում…

Երկու կողմից Աշոտի զորականների վրա են սլանում նետերը, Գոռն իր ընտրյալներով մխրճվում է նրանց մեջ կենտրոնից։

Աշոտի զորականները ստիպված շրջվում և ընդունում են մարտը։

Աբասն ու Գևորգը դուրս են գալիս գետից ու ետևից խփում թշնամուն։

Աշոտը, համոզված իր պարտվելուն, մի քանի ողջ մնացած զորականների հետ հաջողացնում է փախչել։

ԳՈՌ (կշտամբանքով) ­ Աբաս արքա, հայր, մի՞թե դուք թիկնազոր չունեք…

ԳԵՎՈՐԳ (մեղավոր) ­ Ո՞ւմ մտքով կանցներ, տղաս…

Երեքով գալիս են դեպի արքունիք, զորախումբը՝ ետևից։

Նրանց հանդիսավոր արշավի ֆոնին՝ կիսաթափանցիկ էկրանը, ինչպես սկզբում։ Էկրանի վրա՝ Հայաստանի քարտեզը, վրան՝ «Հայոց աշխարհ» գիրը, ապա գրվում է տեքստը, ինչը նաև ընթերցվում է բարձրաձայն.

«Աշոտ Երկաթի վախճանից հետո արքաեղբայր Աբասը հայոց արքա է օծվում։ Տարիքն առած Գևորգ իշխանը հրաժարվում է սպարապետությունից։ Աբասը հայոց զորքի սպարապետ է կարգում Գոռ իշխանին, Գևորգ իշխանին նշանակում է իրեն խորհրդական։

Հետևում են խաղաղության տարիները»։

                                                     ՎԵՐՋ

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։