ԴԻՄԱԿ ԿԱՄ ՀՐԱԺԵՇՏ ԴԵՄՔԻՆ / Արմենուհի ՍԻՍՅԱՆ

Մոնոպիես

Գործող անձ

ԴԻՄԱԿ

Ես եմ՝ Դիմակը: Ասում եմ՝ Դիմակն եմ՝ Եսը: Բարև Ձեզ: Ծանոթ դեմքեր եմ տեսնում… Ինչպիսի՜ դեմքե՜ր… (Մեկ ու մեջ բարև է տալիս:)

 Սովոր չե՞ք դիմակի բարևելու: Գիտեմ, գիտեմ: Ինքներդ ձեզ նայելը դժվար է, փախե՛ք ձեզանից, փախե՛ք, փախե՛ք… Ու ձեզ կթվա, թե փախնում եք… Ամենահեռու տեղը, որ կարող եք փախչել, մինչև ձեր եսն է: Այնպես որ, վազե՛ք, ինչքան ուժ ունեք, էլի ընկնելու եք ձեր եսի գիրկը: Դե՜մք եք, հա՜… (Ծիծաղում է, ապա լրջանում:) Այդ ես ի՛նձ կոմպլիմենտ արեցի. դիմակը դեմքն է՝ նույն բառից, նույն իմաստից.  դեմք՝ դիմակ, դիմագիծ, դիմախաղ… Ես դեմքի ավելի փաղաքշական, ավելի նուրբ տեսակն եմ՝ դիմ-ակ: Այնքան նուրբ,  որ չեմ նկատվում,  երբեմն՝ անտեսանելի, բայց միշտ էլ կամ դեմքին և դա բոլորովին էլ նոր բան չէ: 

Ես եղել եմ բոլոր ժամանակներում, շա՜տ-շատերի երեսին, որքան դեմք՝ այնքան դիմակ: Հիմա ուղղակի շատ բան փոխվեց: Հիմա դիմակը կապում են դիմակի վրա: Հա՜, շատ բան փոխվեց: Եկան իմ ժամանակները: Ես կասեի՝ իմ դարաշրջանը: Դեմքը պարտվեց դիմակին: Ես դարձա լեգիտիմ: Ոչ միայն ընդհատակում չեմ, այլև ամենուր եմ, օրվա հրամայական եմ, արգելք եմ, տուգանք եմ, անցաթուղթ եմ… Բոլոր հասարակական վայրերում առանց ինձ մուտքն արգելված է. մի խոսքով՝ առանց ինձ դուք օրինական չեք, արգելված եք, չը-կա՛ք…

Բոլորդ թաքցնում էիք ինձ, չէ՞… ՛՛Օ՜, ես այն եմ, ինչ կամ, ես անկե՜ղծ եմ, ես հստա՜կ եմ, ինչպես երկնքի արտացոլանքը, պարզ եմ, ինչպես ջրի կաթիլը՛՛: Լալայ-լա՜յ, լալա-լա՜յ… Ի՛նձ հարցրեք. բոլորիդ գիտեմ, տեսել եմ մեկ առ մեկ, բոլորիդ հետ եղել եմ, անձնապես ճանաչել: Ասում եք՝ չե՜ք ճանաչում ինձ: Այդ ձեզ համար եմ ես նորություն,  իսկ դուք ինձ համար հին եք, ինչպես, ինչ ասեմ՝ մարդը… Չե՜ք մտաբերում ինձ: Ոչ թե չեք հիշում, այլ չեք ուզում  հիշել: Ուրանո՜ւմ եք, դե իհարկե, ինչո՞ւ վկայել, որ թաքցրել եք, որ ստել եք, որ դավաճանել եք, որ մտքում հայհոյել, բայց բարձրաձայն հաճոյախոսություն եք արել, որ ատել եք, բայց շինծու ժպտացել եք ու ասել, թե սիրում եք: Իսկ ես գիտեմ այդ ամենը, այնքան լավ գիտեմ, որ սերտաճել եմ ձեր դեմքին ու դարձել ձեր մասնիկը, ձեր մաշկը, ձեր թաղանթը, ու ձեզ թվում է, թե՝ չկամ ես ու ոչ ոք չգիտի ձեր մտքինը: 

 Դուք ամենուր կրում եք ինձ և ուրանում:  Ազնիվ եք, ինչ խոսք: Այնքան եք սերտաճել ինձ, որ ավելի շուտ  դուք եք դարձել դիմակ, քան ես՝ դուք: Այդ դուք եք ամենուր լինում ինձ հետ և ուրանում ինձ: Դուք այնքան եք կրել ինձ, որ մոռանում եք ձեր սեփական եսը: Ամեն անգամ, երբ գլուխ է բարձրացրել, այնքան եք նրան բրթել հետ, որ նա լուռ սսկվել  է ձեր իսկ խորխորատներում ու վախենում է դուրս գալ: Խե՜ղճ այդ եսը… Բայց ասեմ, նա խեղճ չէ: Նա լուռ է, դեռև՛ս լուռ է, բայց խորը արժանապատվություն ունի, հաճախ՝ հիվանդագին ինքնասիրություն: Բայց մի օր դուրս կգա՝ վրեժ կլուծի ձեզանից, թե շարունակեք նրան ճնշած պահել ձեր խորքերում:  Ես հասկանում եմ նրան, ո՜նց եմ հասկանում, որովհետև կար ժամանակ, երբ ինքս էի այդ խորխորատներում՝ մերժված, մենակ, ինձ չէին սիրում, չէին վստահում, ոմանք արհամարհում էին ու փորձում  ինձ պատռել… Գիտե՞ք որքան ստորացուցիչ բան է դա: Իսկ ստորացված ամեն մեկը մի օր պատասխան ու հաշիվ է պահանջում: Բայց թողնենք, դա բնավ կարևոր չէ: Ի՛նձ համար կարևոր չէ: Ինչո՞ւ տանջվել ձեր եսի փնտրտուքում. ինչքան քիչ բան իմանաք նրա մասին, այնքան լավ, ինձ հետ հեշտ է, ինձ հետ թեթև է… Կեցցե՛ դիմակը, կեցցե՛մ ես… Ողջո՛ւյն դիմակներին և նրանց տերերին: Չնայած հարց է՝ ով է տերը ձեզանից: Ողջո՛ւյն դիմակներին և նրանց ետևում գտնվողներին:

***

Հին ժամանակներում կրում էին թատերական դիմակներ: Պաշտում եմ թատրոնը. տեղով դիմակ է. ես սա եմ, բայց կարող եմ լինել մեկ ուրիշը, ես այն եմ, բայց դու տես ուրիշի, ես դու չեմ, բայց դու կարող ես տեսնել քեզ իմ մեջ, ես դու եմ, քանի որ կարող եմ ցույց տալ քո եսը, տե՛ս… Դա կարող է լինել մի անվերջ շրջապտույտ, ու դա հանճարե՜ղ է… Ինչքա՜ն պիտի մարդիկ ի վիճակի լինեին ճանաչել իրենց, որ կարողանային դուրս գալ սեփական պատյանից, դառնալ ուրիշ ու ցույց տալ այդ ուրիշին, անունն էլ դնել թատրոն: Ուրի՜շ մի բան: Ուրի՜շ աշխարհ, որ անվանում են արվեստ… 

Հիմա կյանքն է թատրոն: Բոլորը խաղում են: Կարծում եք դա վա՞տ բան է: Ամենևի՛ն: Ես շատ ուրախ եմ դրա համար: Խաղում են, մեկը՝ լավ, մյուսը՝ վատ: Չեն խաղում անտաղանդները. շնորհք չունեն: Ինչ կա՝ դուրս են հանում ու երևում է՝ վատ, լավ, տգեղ, անպետք… Դա անշնորհքություն է, ես կասեի՝ հակաէսթետիկական է: Բայց դե ես օգնության եմ հասնում: Տաղանդավորներն, ասեմ, իմ կարիքը շատ չեն ունենում: Նրանք հարուստ են. ներքին աշխարհը լիքն է, պայծառ գույներ ունեն ու դրանով իրենք իրենց վերարտադրել են կարողանում: Ապրելու համար տաղանդ է պետք, սիրուն ապրելու համար՝ հատուկ տաղանդ: Լավ են խաղում: Չէ, ուրիշի չեն խաղում: Իրենք այնքան շատ են պարունակում իրենց մեջ, որ իրենց էլ խաղում են: Հազիվ էլ հասցնեն, կյանքը կարճ է: Ապրե՛լ. սա է խաղի հիմնական կանոնը: Չենթարկվեցիր՝ դուրս կմնաս խաղից: Խաղի անունը թատրոն է, իսկ կյանքի ու թատրոնի սահմանագիծը հեշտ չէ զանազանել: Երկուսն էլ պահանջում են տաղանդավոր խաղացող,  իսկ խաղի կանոնները երբեք չեն փոխվում: 

Հենց հոգնում են, իրենք էլ հասնում եմ իրենց օգնելու, որովհետև նրանք խաղում են կյանքը, իսկ կյանքը հեշտ խաղերից չէ…

***

Կյանքը ինչքան հին է, այնքան՝ նոր: Կյանքը հարափոփոխ շրջապտույտ է, ուր ամեն ինչ իր ժամանակն ու իմաստը ունի: Հենց այնպես չեմ ասում, իրական փորձից եմ ասում: Հիմա եկել է իմ ժամանակը, կասեի՝ ժամանակաշրջանը: Ասեմ՝ կարճ ժամանակով չեմ եկել: Չեմ ասի՝ ինչքան: Էլ ի՞նչ դիմակ, որ ամեն բան ասի… Ոչ միայն ընդհատակյա ու անտեսանելի չեմ, այլև ես ինքը՝ օրինականությունն եմ, դարձել եմ անհրաժեշտություն, ավելին՝ պար-տա-դի՛ր: Այո՛: Սովորական դեմքերը չէին սպասում, բայց հո Դեմքերը գիտեին, թե ինչ են անում… Մեռնեմ այս աշխարհի ԴԵՄՔԵՐԻՆ… (Ծնկի է գալիս, երկրպագում է:) 

Անունս մտավ ձեր առօրյա բառապաշարի մեջ, օրենքների մեջ, ամենօրյա կարգուկանոնի կառավարումների մեջ, ձեռք բերեց օրենքի ուժ: Հիմա ես իշխում եմ ձեզ վրա: Դրե՛ք քարտեզը ձեր առջև ու նայեք՝ քանի երկիր ու պետություն կա, որտեղ դիմակ կրելը պարտադիր է՝ օրենքի ուժով ամրագրված: Ահա… Դրանք հիմա դիմակապետություններ են, նրանց ղեկավարները՝ դիմակապետեր, թեև այդ մասին չի նշվում և պետք էլ չէ, որ բացահայտ ասվի: Բավական է կորոնավիրուսի անունը. դրանից ավելի հավաստի պատճա՞ռ՝ դիմակը պանծացնելու համար: Ի վերջո, դիմակի չգրված օրենքներ կան: Բոլոր մահկանացուներդ պարտավոր եք ենթարկվել նրանց ստեղծած օրենքներին՝ կրել դիմակ: Թող որ կոչվի դիմակի բռնապետություն, ոչինչ էլ չի փոխվելու, մանավանդ, որ հայտարարված է ի լուր աշխարհի, որ դա մարդկանց օգտի համար է, հանուն ձեր բարօրության… Կորոնավի՛րուս. ամեն բան դրանով ասված է: Հիմա խոսակցությունններ կան ՛՛Հետմահու դիմակ՛՛ կյանքի կոչելու համար: Հնարավոր է, որ այն շնորհվի առանձնահատուկ դեմքերի կամ դեպքերի համար: Սա դեռ օրենքի ուժ չունի, բայց տեսնենք, թե ինչ զարգացումեր են սպասվում իմ ժամանակաշրջանում… Զարմանո՞ւմ եք: Թե դեռ ունակ եք զարմանալու, ուրեմն աշխարհը դեռ բացվում է ձեր առջև, ուրեմն դեռ անելիք կա, ճանապարհը բաց է: 

Սևեռուն նայում է հանդիսատեսի դեմքերին: 

Հիմա նայում եմ ձեր դեմքերին՝ շպարված կամ անշպար, սափրված կամ անթրաշ և բոլորը՝ բաց, մերկ, երբեմն անամոթ… Ոնց եք, չէ՞, սիրում ձեր դեմքը, ձեզ: Քիչ-քիչ սովորեք հրաժարվել ձեր այդ ցցուն վկաներից. հրաժեշտ՝ դեմքին…   Հա՛, ի դեպ, այստեղ քանի՞ հոգի դիմակակիր ունենք: (Հաշվում է:) 

Բոլորդ էլ անշնորհակալ արարածներ եք, հա, հա՛: Մի սիրունը կար. որոշել էր  մաշկը պահպանել քիմիական նյութերից, չքսվել՝ շրթներկ, կրեմ, բան… Որոշ ժամանակ օգտվեց իմ ծառայությունից, առանց ինձ դուրս չէր գալիս, ես էլ սիրով քողարկում էի նրան, հոգ տանում, որ մաշկը հանգստանա իր ամենօրյա քիմիայից: Հանգիստ, ազատ ֆռֆռում էր, ես իրեն պաշտպանում էի: Մի օր էլ բոլորի ներկայությամբ հանեց ինձ իր վրայից, ասաց՝ ՛՛Զզվո՛ւմ եմ սրանից՛՛ ու նետեց աղբարկղը: Հենց այդպես:  

Մի հիվանդոտի էլ սրբորեն պաշտպանեցի, փայփայեցի բոլոր հասարական վայրերում, վախենում էր վիրուս վերցնել, դե ես էլ ոնց որ պետք է՝ պաշտպանեցի նրան: Մի օր էլ սա ուրիշների առջև հայտարարեց՝ ՛՛Էլ չեմ դիմանում սրան, զզվում եմ՛՛, ու շպրտեց եսիմ ուր… Էն պզուկոտի մասին էլ չասեմ, որ երեք շաբաթ դնչի վրա թարախոտ պզուկը ինձնով ծածկեցի, փայփայեցի, ոչ մեկն էլ չտեսավ նրա պզուկառառ ծաղկած դունչը: Պարզվեց՝ նա էլ է ատում ինձ… 

Էդպիսին եք դուք՝ մարդիկ: Հիմա բոլորդ պարտավոր եք հարգել ինձ, եղա՞վ, մեկ առ մեկ, առանց բացառության: Անհնազանդները կպատժվեն: Կպատժվեն հետևյալ կերպ. հարված գրպանին՝ կտուգանվեն: Կտուգանվեն այնքան անգամ, որքան կփորձեն անտեսել ինձ: Հարվածները կարող են վրա հասնել օրվա տարբեր ժամերին՝ առավոտյան, ցերեկը, երեկոյան, հարվածները գրպանին կհասցվեն այնքան անգամ, մինչև անհնազանդը կհասկանա, որ փախուստ չկա: Մեծն Դիմակից խուսափելով՝  վնասները շատ ավելին են, և անհնազանդը կընդունի Դիմակի հպատակությունը: Կվերցնի իր ձեռքերով և կտեղադրի իր ամենաբարձրում՝ երեսին, այնտեղ, ուր ամենակենսական գործունեությունն է՝ շնչառությունը: Չկա կյանք առանց շնչի, չկա շունչ՝առանց դիմակի: Սա է ողջ փիլիսոփայությունը: Ուզո՞ւմ ես ապրել, կրի՛ր դիմակ: Շնչե՛լ դիմակի միջով, խոսք արտաբերել դիմակի միջով, անգամ հազալ կամ փռշտալ՝ միայն դիմակով: Դիմակի դիկտատուրան կշարունակվի այնքան ժամանակ, մինչև չհաստատվի տոտալ մասսայական հնազանդություն, մինչև որ մարդկային զանգվածները չընդունեն գերագույն Դիմակի տիրապետությունը՝դիմակտուրան: 

Մարդիկ դժվար են նոր երկրպագություն ընդունում: Ցանկացած երկրպագություն էլ  բռնությամբ է ընդունվել, բայց և չեն ապրել առանց երկրպագության. խա՞չը չի ընդունվել բռնությամբ, իսլա՞մը չի ընդունվել այդպես… Տարբեր խորհրդանիշնե՞ր չեն ընդունվել մի օր. է՛լ կենդանի՝ կով ու եղնիկ, է՛լ աստղ ու լուսին, է՛լ անշունչ՝ նշաններ ու պատկերներ… Ընդունե՛ք, էլի, դիմակը… Դրանից հարազատ ուրիշ բան չեք գտնի, այդքան ձեզ մերձ ու մոտիկ, ձեր շնչով շաղախված… Ձեզ կթվա անշո՞ւնչ է նա. դուք նրան հենց ձե՛ր շունչն եք տալիս, հասկանո՞ւմ եք, դուք դա միայն ձեր երեխային կարող էիք տալ… Գտե՛ք մեկ այլ երկրպագության առարկա, որ ձեր շնչին է խառնվում, ելնում է ձեզնից ու վերադառնում ձեզ… Համբույր է դառնում ձեր շուրթերին, պահպանում ու պաշտպանում է ձեզ և ոչի՜նչ փոխարենը չի պահանջում: Նա՝ ձեր դիմակը, ասես դառնում է ձեր մասնիկը, ձեր մանուկը: Թեև երեխան, ելնելով ձեր շնչից,  չի՜պահպանում, չի՜ վերադառնում, չի՜ պաշտպանում ձեզ վիրուս-արհավիրքներից ու դեռ մի բան էլ պահանջում է զոհողություններ, ինչպես ցանկացած կուռք, որին երկրպագում եք… Խա՜չ եք երկրպագում. նրա վրա մարդ են խաչել, կենդանի, անմեղ մեկին, արյուն կա խաչի վրա: Իսկ դիմակը ձեզ է պաշտպանում թշնամի արհավիրքից, որ դու՛ք չխաչվեք, չմահանաք… Վա՞տ բան է անում: Իսկ դուք դժկամորեն կամ, առհասարակ, չեք կամենում ընդունել նրան: Ինչո՞ւ եք դուք՝ մարդ-աարածներդ, այդչափ անհավատ, այդչափ կասկածամիտ: Ահա ես եմ ձեր մասին հոգ տանողը, ես եմ ձեր Փրկիչը:  Կգա օրը, երբ դուք՝ անհավատներդ, ոչ թե ստիպված, պարտադրաբար, այլ սիրահոժար կկրեք սուրբ դիմակը, որովհետև կհասկանաք նրա արած մարդապահպան առաքելությունը, կհասկանաք, որ այդ նա՛ ձեզ փրկեց ու պահպանեց, սիրեց ու պարուրեց, հանուն հոր և որդու և սուրբ դիմակի: Ամե՛ն: Եվ ամեն օր դուք կորդեգրեք նոր դիմակներ, որպեսզի նրանք պահպանեն ձեզ ու փրկեն, և կերկարաձգվեն դիմակի ժամանակները՝ ա՛մեն շաբաթ, ամեն ամիս, ամեն տարի, որ փրկեն ձեզ ամեն անգամ, ամենից, ա՛մեն… Խաղաղություն ամենեցուն, օրհնություն դիմակներուն…

Կգա ժամանակ, երբ մարդկության պատմության մեջ դիմակրաց արշավանքը կթողնի ոչ պակաս հետք, քան խաչակրացը, ու առաջին դիմակակիրները կմնան պատմության մեջ, ինչպես խաչակիրները… 

***

Հիմա իմ իշխանության ժամանակներն են: Իշխանությունը քա՜ղցր բան է, գայթակղի՜չ է, զարհուրելի՜ բան է…  Ու ես մտադիր եմ երկար տիրել: Այս անգամ երկար եմ տիրելու, որովհետև ես վերադարձել եմ: Վերադարձողը գիտի կորցրածի գինը: Լա՜վ գիտի նաև  իր արգելքները ու կանի ամեն բան՝ դրանք քանդելու, ջնջելու, վրեժխդիր լինելու այն ստեղծողներից: Այո, հիմա ես եմ իշխանությունը, ու դուք պիտի հավատաք, որ ես ձեր փրկիչն եմ: Ավելի ճիշտ՝ այդ դո՛ւք եք ուզում, որ ես լինեմ ձեր փրկիչը: Հենց դրա համար եմ դիմակ, որ ձեզ թվա, թե դուք եք ուզողը: Չէ՞ որ դուք ազատ քաղաքացիներ եք, այնքան ազատ, որ ուզում եք այն, ինչ ես թելադրում եմ… Ո՞ւմ եք դուք պետք՝ անդիմակ չոլերն ընկած, դիմակի կարոտ մնացած, ինչպես նախկինում… Հեշտ չէ՞ դիմակով խոսելը, հոգ չէ, ես կխոսեմ ձեր փոխարեն, ես կլինեմ, այսպես ասած, ձեր խոսափողը. ձեր շունչն ու միտքը ինձանով կանցնեն… Մոռացե՛ք ձեր հոգսերը, ձեր անցյալը, ես կբուժեմ դրանք, մենք ամեն ինչ կսկսենք նոր կետից, մե՛ր կետից, որովհետև մենք միասին ենք: Ոչ ոք ավելի մոտ չի եղել ձեզ, քան ես, ուրեմն վստահե՛ք ինձ ու երբեք ինձ չհեռացնեք ձեզանից, չէ՞ որ մենք նույնն եք, դուք բոլորդ ե՛ս եմ… Ես կիշխեմ այնքան ժամանակ, որքան դուք կկամենաք, իսկ դուք չեք ուզի այլևս առանց ինձ լինել, որովհետև ես ձեզ պաշտպանում եմ, ապահովագրում եմ վտանգից, հոգ եմ տանում, որ ձեր շուրջ վխտացող անտեսանելի թշնամին չկպչի ձեզ, մենք թույլ չենք տա ու կոչնչացնենք այդ բացիլներին… 

Հրաժարվել ինձանից, կնշանակի՝ թույլ տալ անցյալի ախտերի վերադարձը: Եղե՛ք ինձ հլու,  ես կպաշտպանեմ ձեր ընտանիքները նախկին վտանգավոր ախտերից ու միասին մենք երջանիկ կապրենք: Դարձրե՛ք ինձ ձեր շունչն ու հույսը, ձեր զենքն ու վահանը, հավատացե՛ք, վստահե՛ք միայն ինձ: Եվ ուրեմն, ամուր կապե՛ք ինձ ձեզ, թե չեք ուզում հիվանդ անցյալի վերադարձը, շնչե՛ք ինձ հետ նույն օդը ու ետ մի՛ նայեք, շնչե՛ք ու արտաշնչեք ինձ հետ, 

մտածե՛ք-մի՛ մտածեք, մի՛ մտածեք, 

(արձագանքվում է) մի՛ մտածեք, մի՛ մտածեք … 

Կրե՛ք դիմակ ու փրկվե՛ք, կրե՛ք ու փրկեք ուրիշի, կրե՛ք դիմակ, փրկե՛ք հարյուրավոր կյանքեր, կրի՛ր, որ կրեմ, կրեմ, որ կրվես, կրենք, որ կրվեք…

Այսուայն կողմերից ձայներ՝ մարդկային կերպարանքներով:

  • Դիմակ, դիմակ, մինչև վերջ…
  • Իմ դիմակը քո դիմակին վնաս չէ, վնաս չէ՜…

— Դիմակ-դիմակ, դիմակ էլ կստանաս, 

Հա՛մ- բույր, կստանաս քո յարից…

— Ձեր խոսքը դիմակով կտրեմ…

  • Անդեմ օրեր են, կմթնեն, կանցնեն…
  • Սա դիմակտուրա է՞, թե՞ դիմակտուրա չէ…
  • Դիմա՛կ, դիմա՛կ, մեզ մոտ արի, արի մեզ մոտ հարսանիք,

Տե՛ս, ինչ ուրախ պար են բռնել,

անշուրթ, անքիթ հարս-աղջիկ…

  • Չէ որ ես քեզ բերո՜ւմ էի թարմ դիմ-ակ-նե՜ր…
  • Դիմակը հանել միայն ուտելիս, քնելիս և աղոթելիս…
  • Աղոթելիս չհանել դիմակը…
  • Հրաժեշտ դեմքին…
  • 3 դիմակակիրները…

—  Սա դիմակապետություն է և վե՛րջ…

  • Դիմակները աշնանն են հաշվում…
  • Չեմ տեսնում ձեր դիմակները…
  • Դիմակ առ դիմակ կտուգանվեք…
  • Դիմակը տուգանվելու մատերիալ չէ…
  • Դիմակայում են բոլո՜րը…
  • Դիմակ առ  դիմակ պատասխան եք տալու…
  • Դիմակահանդես են հրավիրվում բոլորը…
  • Դիմակահանդեսը վերջացած է, պարոնա՛յք…

***

Միամիտներին կարող է թվալ, թե ես նոր եմ: Ես շա՜տ հին եմ: Ավելին ասեմ, ես միշտ եղել եմ ձեր հոգում: (Վեր է հառնում ու բարձրաձայն գոչում:) Դիմակը եղել է ձեր հոգիներո՛ւմ: Դուք խնամքով թաքցրել եք ինձ, այնքան խնամքով, որ  սկսեցիք մոռանալ, ձեզ՝ պարզունակներիդ թվաց, թե ինչ աչքից հեռացվում է, կարող է սրտից էլ հեռանալ: Չի՛ կարող: Կհեռանա սրտի խորքերում, բայց չի՛ մեռնի: Այն, ինչ հոգում է, չի մեռնում: Բայց ինչքա՞ն հեռանա, սիրտը, հոգին ձեր մե՜ջ է: Ավելի շուտ դուք կհեռանաք, քան նա… Համենայնդեպս, ձեր  հեռանալուց հետո գուցե լքի ձեզ… Գուցե… Ո՞վ գիտե… (Լսվում են ձայներ:)  …Ո՞վ գիտե, ո՞վ գիտե, ո՞վ գիտե…  

Իրականում ես սիրում եմ ձեզ: Ուզում եմ տիրել ձեր մտքերին, հույզերին, ձեր քայլերին, ուզում եմ ամենուր լինել ձեզ հետ, հատկապես դրսում ու պաշտպանել ձեզ օդում վխտացող հազար ու մի բանից, որ կարող է վնասել ձեզ:  Սիրելը հենց սիրելիի մասին հոգ տանելն է ու նրան պաշտպանելը: Բայց ասեմ, խանդոտ եմ նաև. շատ ուզում եմ ուղեկցել ձեզ դրսում, որ պաշտպանեմ ամեն մեկի շոռող հայացքից: Խանդն էլ է սիրելուց: Ու դրա համար տանել չեմ կարողանում, երբ  դրսում առանց ինձ եք շրջում կամ ներսում ուրիշերի հետ շփվելիս մոռանում եք ինձ: Ու նկատե՞լ եք, երբ մեր բաժանումից հետո նորից հանդիպում ենք, երբեք մեր հանդիպումը տեղի չի ունենում առանց  համբույրի: Հա՛, դուք կարող եք դա չնկատել, համարյա միշտ էլ այդպես է, բայց ես համբուրո՜ւմ եմ… Համբուրում եմ կրքոտ, խոնավ, երբեմն երկար ու երբեք չեմ հագենում… Չկա դիմակի համար ավելի հաճելի բան, քան մերձեցումը երեսին. ես զգում եմ այտերի ջերմությունը, քթի մերձեցումը, տիրանում եմ երեսի ողջ լայնքով… Իմ ամենասիրելի տեղը ձեր շուրթերն են. նրանք փափուկ են, ուռուցիկ ու նրանց հպումից ես խենթանո՜ւմ եմ… Անգամ, եթե ցուրտ է եղանակը ու օդը՝ սառը, ես այնպես կրքոտ եմ համբուրում բաց շուրթերը, որ նրանք ջերմանում են իմ համբույրից ու փափկում… Պաշտում եմ ձեր շուրթերը… Ոչ ոք այնպես չի ճանաչում ձեր շուրթերը, ինչպես ես… Բավական է ես հայտնվեմ ձեր երեսին, իմ ջերմությունից  թեթևակի կիսաբացվում են շուրթերը ու ես տիրանում եմ նրանց: Կա՞ ավելի մեծ բավականություն, քան երբ համբույր ես դառնում սիրելիիդ շուրթերին: Իսկ երբ սկսում եք խոսե՜լ… Ձեր խոսքը, շունչը անցնում է իմ միջով ու ես հաճույքից խոնավանում եմ ու ջերմանում, ջերմանում  եմ ու խոնավանում:  Շնորհակալ եմ, որ այդքան ուշադիր եք լինում. արձակում եք ինձ, որ հանգստանամ, չորանամ մինչև նոր, թարմ հանդիպում: Իսկ դուք ասում եք… Այս աշխարհը շատ ձանձրալի վայր կլիներ առանց սիրո, սառը ու անհրապույր, ինչպես աներես դիմակը: Սա շատ անձնական է ինձ համար, այս մասին երբեք և ոչ մի տեղ չէի կիսվել, դուք առաջինն եք լսում այս մասին, հուսով եմ ՝ կմնա մեր մեջ: Սա իմ սիրո խոստովանությունն էր: Ճիշտը որ ասեմ, ես այնքան անկեղծացա ու իրական պատմեցի զգացողություններիս մասին, որ հիմա նայում եմ ձեր շուրթերին ու կարոտից մեռնում եմ: Անհագ ցանկություն ունեմ  շուտափույթ հայտնվել ձեր շուրթերին: (Ափը սիրալիր փակում է, հպում շուրթերին:) Սերը ծառայելն է, ու ես ձեր  ծառան եմ. կծառայեմ ձեզ, կպաշտպանեմ շրջակա վտանգներից, որ անտեսանելի են ձեզ ու հոգ կտանեմ… 

Սերը տիրություն անելն է. ես՝ ձեր տերը, անտեր չեմ թողնի, տիրություն կանեմ, որքան որ կհաջողվի անել դա: Ես ձեր տերն ու ծառան կլինեմ… Որովհետև սիրո մեջ տեր լինելը ծառայելն է, ծառա լինելը՝ տիրություն անելը… Ինձ դարձրե՛ք ձեր մերձավորը, դարձրե՛ք ինձ ձեր շունչն ու հույսը, միայն սիրե՛ք ինձ… 

***

Ես հիմա եկել եմ, որ նայեք ինքերդ ձեզ, սովորե՛ք տեսնել ինքներդ ձեզ՝ ոչ միայն հայելու մեջ: Գիտեմ, դա հեշտ բան չէ, բայց ես հենց ձեզ օգնելու համար եմ: Եկեք միասին դիմակայենք: (Հարմար տեղավորվում է:) Դուք շատ բաներ եք թաքցրել ձեզանից. չեք ուզել տեսնել, հարմար չի եղել, ձեռք չի տվել, դժվար է եղել կամ գուցեև՝ ցավոտ, հասկանում եմ ձեզ: Բայց դրանից, հավատացնում եմ, խնդիրը չի անէացել, մի օր միևնույն է, եկել է՝ ավելի մեծացած, որին հենց դուք եք հնարավորություն տվել աճելու՝ մեկուսացնելով նրան: Հիմա հանե՛ք ինձ ձեր միջից, նայե՛ք ինքներդ ձեզ, ճանաչե՛ք, հասկացե՛ք ձեզ, իրականում դուք այնքան էլ պարզունակ չեք, ինչպես երևացել եք, նույնիսկ ձեզ հասկանալն այդքան էլ հեշտ բան չէ, ինչպես կարող էր թվալ կողքից… Դրա համար ժամանակ է պետք, տևական ժամանակ: Ես դարձյալ կօգնեմ ձեզ այդ հարցում. մեկուսացման ժամանակներ կհայտարարվեն, դուք ժամանակ կունենաք կտրվելու արտաքին աշխարհի բուռն անցուդարձից ու կսուզվեք ձեր մեջ… Որքան խորը սուզվեք, այնքան շատ բան կգտնեք ձեր խորքերում. գանձերը խորքերում են, երբեք՝ ո՛չ մակերեսին… Խելացիները կօգտվեն այդ ընձեռած ժամանակներից, կփորփրեն իրենց,  կհղկեն… Խորք չունեցողները սուզվելու տեղ չեն ունենա, կդժգոհեն, կնվնվան, թեև ամեն հատակում էլ փնտրելու բան կգտնվի, զննող լինի… Ամենադժվարը հենց ինքներդ ձեզ գտնելն է, ինքներդ ձեզ ճանաչելը. փնտրե՛ք ձեզ, գտե՛ք ձեզ: Հենց  հայտնաբերեք ինքներդ ձեզ, շատ ավելի բավարարված կզգաք:  Այս մեկուսացման ժամանակները հենց նրա համար են, որ հասկանաք, որ բոլորդ մեկ եք՝ հարուստ, աղքատ, սև, սպիտակ… Ոտքով քայլող, թե ամենաթանկարժեք մեքենայով շրջող, բոլորդ հավասարապես կարող եք փակվել ու մնալ տանը: Թե չէ բոլորդ ձեզ արդեն Աստված էիք զգում: Թող բնությունը մի քիչ շնչի առանց ձեզ: Կենդանիները, որոնց դուք սիրում եք վանդակի մեջ պահել, ավելի ազատ կշրջեն, քան դուք:  Նստե՛ք ու մտածե՛ք հիմա՝ ով եք, ինչ եք: Ձեզ մեկուսացման ժամանակը լիուլի կտրվի. օգտվե՛ք դրանից: Հանե՛ք դիմակը ձեր ներսից, ազատագրե՛ք ձեր ներսը նրանից, ազատագրե՛ք նրան ձեր սահմաններից, ձեր զնդանից (մեկուսի) ում համար՝ ազատագրվել, ում համար՝ բանտվել… ու դուրս բերեք նրան արտաքին աշխարհ… (Ցուցադրաբար  ներքևից՝ ներսից, բարձրացնում է  վեր ու կապում դեմքին:) Դիմակը դրսի համար է: Դիմակը ձեզ արտաքին աշխարհից, դրսից պաշտպանելու համար է, ոչ թե ներսից: Երբ ներսից հանեք ձեր դիմակը, դուք հնարավորություն կունենաք ավելի լավ ճանաչելու ձեզ, դուք կխաղաղվեք, հիմա արդեն հեշտ կլինի ուղղել ձեր սխալները, եթե կուզեք դա անել ու… թքա՛ծ կունենաք դրսի վրա և կկրեք դիմակը ձեր երեսին… Թքած կունենաք դրսի հայացքների, վրա, որ ուղղված էին ձեզ, դրսի կարծիքների վրա՝ ձեր մասին, ձեր քայլերի, ձեր արտաքինի մասին ու  կպաշտպանեք ձեզ դիմակով… Դուք ասես դուռ եք փակում ձեր և այլոց միջև, վարագույր՝ օտարի դիմաց… ՛՛Սա իմ անձնական տարածքն է, լսո՞ւմ եք,  որոշակի հեռավորությունից ավելի չմոտենալ ինձ, չմտնել իմ էներգետիկ դաշտի սահմանը առանց իմ հրավերի, կարճ՝ ինձ չձեզնոտե՛լ՛՛… Տեսնո՞ւմ եք՝ ինչ դյուրին է դառնում կյանքը այս կերպ: Իսկ դո՛ւք, կանա՛յք, հապա դուք ինչքան առավելություններ կարող եք քաղել ինձ հետ… Դուք ամբողջությամբ գաղտնիք եք այսպիսով. միայն պրիմիտիվներին կթվա, թե ձեր ժպիտը չի երևում: Այն պարզապես քողարկվում է՝ որպես գաղտնիք, խորհուրդ՝ թողնելով տեսնողի մեկնությանը: Դիմակափայլ ժպի՜տը ձեր… Կա՞ ավելի գեղեցիկ բան, քան կանացի գողտրիկ, խորհրդավոր գեղեցկությունը: Այն պարզապես երջանկության խոստում է, որ տանում է իր ետևից… Տղամարդիկ ձեզ չեն էլ հասկանում, թե երբեմն ինչքան եք հոգնում ամենօրյա շպարից՝ շրթներկ, քսուք, դիմափոշի…  Բայց չեք կարող անշպար դուրս ելնել, քանի որ միշտ շպարված եք ներկայացել, այլապես կկարծեն, թե հիվանդ եք կամ ինչ-որ բան է պատահել ձեզ: Դե, ասե՛ք, որ ես ուղղակի գյուտ եմ ձեզ համար ու ձևեր չթափե՛ք, թե դժգոհ եք, որ ունեք ինձ ձեր ձեռքի տակ… Դուք ազատ եք դեմքի քսուք կամ շրթներկ քսելու հոգսից, դե, իսկ աչքե՜րը…  Ճիշտ է՝ աչքերը մնում են բաց, իսկ ո՞ւմ պետքն է նայել ձեզ, երբ դիմակ կա ձեր դեմքին… Այնպես որ, ազատ ֆռֆռացե՛ք, ձեզ վրա նայող չի լինի… (Ծիծաղում է:) Երբ դուք դա չեք ուզի, իհարկե… Հակառակ դեպքում, օ՜, ինչեր կանեն ձեր աչքերը… Ինչե՜ր ասես, որ չեն անի ձեր աչքերը՝ դիմակով հանդերձ… Բայց դա ուրիշ պատմություն է, մի ողջ ասք, որը հետո կպատմեմ, եթե կամենաք… 

Եվ առհասարակ, եթե ուզում եք՝ ես ամբողջովին խորհրդավորություն եմ ու գաղտնիք, ես ինքը՝ միջնորդն եմ գաղտնիքի ու ձեր միջև: Ձեզ թվաց, թե ես ամեն բան ասացի՞ իմ մասին: (Ծիծաղում է:) Դա միայն ձեզ թվաց, միամիտ չլինեք… Ես պարզապես փորձեցի մի փոքր օգնել ձեզ՝ տեսնելու ինքներդ ձեզ, բացապարզելու ձեր ներսը… Մոռացա՞ք՝ ինչ է անունս. ես Դիմակն եմ՝  այն, որ մեկ ձեր ներսում եմ, մեկ՝ երեսին: Կամ ու չկամ, որ տեսնեք, բայց չիմանաք, թվա, թե գիտեք, բայց  իմացության շատ քիչ բաժինը ձերը կլինի, որովհետև ես միջնորդն եմ գաղտնիքի ու ձեր միջև, որ գնաք ու մտածեք, փորձեք վերծանել ասածներս, որովհետև, հավատացե՛ք, ես միայն հուշող ուղերձներն եմ արել ձեզ, մնացածը դուք պիտի պարզեք: Գնացե՛ք ու վերծանե՛ք ասածներս: Ու կտեսնեք այնտեղ ձեզ: Որտեղ դուք, այնտեղ՝ ես, որքան մարդ, այնքան՝ դիմակ: (Դանդաղ հեռանում է: Ձայնը լսվում է հեռվից: Քրքջում է:) 

Աշխարհը բնակեցված է ձեզանով,  ու գաղտնիքներով լցված է աշխարհը: Վերծանե՛ք գաղտնիքները, թեթևացրե՛ք աշխարհի բեռը… Գնացե՛ք, գնացե՛ք, մտածե՛ք… 

***

Դիմակը վերադառնում է:

ԴԻՄԱԿ — Դուք դեռ այստե՞ղ եք, չեք էլ գնացե՞լ: Բա ձեզ թվում էր, թե ինձ չե՜ք սիրում, ինձ տանել չե՜ք կարողանում… Հա՛, հենց ձե՛զ կամ ձեզ… (Մատնացույց է անում հանդիսատեսից մեկին, ապա մյուսին:) Այդպես չէ՞՚՚՚: (Դիմում է կոնկրետ մեկին.) Դիմակաթույր ժպի՜տը Ձեր… (Հետո՝ մեկ ուրիշին.) Դուք ուզում եք ինձ ինչ-որ բա՞ն ասել: Ասե՛ք, ասե՛ք, մի՛ քաշվեք ինձնից: Եթե հիմա չեք կամենում, հետո կասեք, երբ կգնաք այստեղից: Վստահ եղեք, ես կլսեմ ձեզ, դուք կլինեք հայելու առջև կամ գուցե զբոսնելիս, կամ անկողնում՝ քնելուց առաջ, երբ  ինքներդ ձեզ հետ կլինեք, որովհետև ես դուք  եմ, դուք՝ ես, ես ձեզ հետ եմ, դուք՝ իմ…  

  Հավատացնում եմ, ձեզ համար եմ ասում: Ես հեշտացնում եմ ձեր կյանքը, ես ձեր պաշտպանն եմ, ձեր բարեկամը:  Հնազանդվե՛ք վերջապես: Խորհուրդ տամ ձեզ. սովորե՛ք հնազանդվել ձեր կամքով. դա ձեզ կօգնի սեփական շատ բացահայտումներ անել, որովհետև հնազանդությունը ուժի դրսևորում է, նաև կամքի ուժի: Հնազանդությունը  մարդկային կյանքի կարևոր առաքինություններից է, ընդգծում է մտքի իմաստությունը: Հնազանդությունը ընտրություն է: Դա ընտրություն է ձեր անձնական սահմանափակ գիտելիքի  և  անհայտ իմաստության առջև. հնազանդվե՛ք ու վերցրե՛ք ավելին, իմացե՛ք ավելին: Թե չէ՝  հպարտ եք ձեզնով, ձեր դեմքով… Թո՛ւհ, ինչպիսի տհաճություն: Չկա ավելի մեծ մեղք, քան հպարտությունը, որովհետև դա է բոլոր չարիքների արմատը: Մի՛ նմանեցրեք ձեզ դևի: Անգամ ինձ է տհաճ  հպվել այդ դեմքերին: Դա հոգու հիվանդ ուռուցք է: Այդ դեմքերի համար հատուկ նյութից դիմակ է պետք, որ այնպես ծեփվի  դեմքին, որ գոնե չերևա  այդ հպարտությունը…

Մի մեծ առավելության մասին էլ ասեմ. դիմակով վերջապես կարող եք հայհոյել դիմացիդ հիմարին ու նա դա չի տեսնի… ))))

    Դիմակից  պիտի առանձնակի գոհ լինեն քաղաքավարի մարդիկ: Նրանք, որ շփվելիս սովորաբար ժպիտով են խոսում: Գիտեք հե՞շտ է, երբ ներսումդ բոլորովին այլ վիճակ է, բայց դու ստիպված ես ժպտալ: Անգամ հերթապահ ժպիտն էլ երբեմն դժվարությամբ է տրվում: Գիտեմ, ձեզանից շատերի համար ժպիտը հաճախ էմոցիոնալ մեծ լարում է պահանջում, երբ բոլորովին չես ուզում ժպտալ: Եվ ով կարող է գալ ձեզ օգնությա՞ն՝ ե՛ս՝ դիմա՛կը: Խնդրեմ, օգտվե՛ք դիմակի ծառայությունից: Դիմացինդ գուցե հեչ էլ արժանի չէ, որ ժպիտ նվիրես նրան: Այսինքն, դու ժպտում ես, բայց, դե, այն դիմակի տակ է մնում ու դիմացինդ չի տեսնում: Շան պո՛չ, թե ժպիտ կա այնտեղ: Դիմակը ձեզ հիմա ավելի ազնիվ է դարձնում, և՛ դիմացինի հանդեպ, որովհետև ժպիտ չեք կեղծելու, և՛ ազնիվ՝ ինքներդ ձեր հանդեպ: Դիմակը ձեզ ազնվացնում է… Վերջապես սովորե՛ք հասկանալ դիմացինին՝ նրա աչքերի խորքը թափանցելով, հոնքերի արտահայտությունից… Հավատացե՛ք, դա ձեզ կօգնի ավելի խորագետ դառնալ: Այնուամենայնիվ, նրանց, ովքեր չեն կարող հաղորդակցվել առանց ժպիտի, խորհուրդ կտամ հետևյալը. դիմակի բերանի մասում ժպիտ նկարեք, հա՛, հա՛, ժպտացող շուրթեր: Դա շատ դրական կընկալվի և վստահ եմ՝ արագ տարածում կստանա: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ուրախ կլինի, ժպտացող դիմակներ… է՛լ ինչ անեմ, դա էլ եմ պատրաստ անել ձեզ համար…

Ինձ համար մեկ հարց մնաց, խնդրում եմ, բացատրե՛ք ինձ. ձեր գլուխը, որտեղ երեսն է ձեր, դուք մարմին չե՞ք համարում, այն առանձի՞ն ինչ-որ մի բան է: Ինչո՞ւ եք զարմանում հարցիցս: Փորձեմ բացատրել ասածս.  ինչո՞ւ  դուք այդքան խնամքով ծածկում եք ձեր մերկ մարմինը, հազար ու մի շոր ու հագուստ եք հնարել նրա համար, իսկ երեսը թողնում եք մերկ: Նա, ինչ է, ձեր մարմինը չէ՞: Ինչ է, դուք աներե՞ս եք… Հապա ինչո՞ւ եք թողնում նրան անպաշտպան: Նա այնքա՜ն լքված է՝ երեսը ձեր: Մի՞թե կարծում եք նա կարիքը չունի պարուրանքի, սքողի:  Նա այնքան անամոթ է, որ կարիք չունի ծածկելու իր մերկությո՞ւնը… Չի մրսում, չի կեղեքվում քամիներից, չի այրվում արևից, կարիք չունի՞ պաշտպանության: Որքան սխալվում եք դուք… Եվ այստեղ է, որ գալիս եմ նրան պաշտպանելու… Իմ սե՛ր՝ երե՛ս… Ընդունի՛ր ինձ՝ քո պաշտպանին: Վստահի՛ր ինձ, ես եմ մերձավորը քո… 

***

 Այն ժամանակ, երբ ես պարտադիր չէի, ավելի խորիմաստ էի, բազմանշանակ, քան հիմա: Ես խորհրդանիշ էի, էություն էի, գաղտնիք ու խորհուրդ էի, հմայք էի, ու ես կարոտում եմ այդ ժամանակները… Դուք ինձ ձեր հոգում էիք կրում…

Ամեն ինչ ուղղակի եք տեսնում, իսկ դուք նայե՛ք դիմակի հակառակ կողմը: Նայե՛ք, ինչ գեղեցիկ կարող եմ լինել՝ գունավոր, սև, սպիտակ, նախշերով, շնչող, մեծ, փոքր… Տեսե՛ք, ընտրության ինչ ազատություն, երևակայության ընտրանք, էլ ի՞նչ սահմանափակում, ի՞նչ բան, ընտրեք՝ որը սազում է ձեզ, որը համապատասխանում է ձեր խառնվածքին: Եվ դեռ բողոքում եք… 

Ինչո՞ւ նայել ինձ որպես կապանք, նայե՛ք ինձ որպես համբույր, վահան, պաշտպան… 

Մենք միասին կշրջենք փողոցներով, ամենուր, կծիծաղենք բոլորի վրա, կծաղրենք աշխարհը…

Կրի՛ր դիմակ ու ստիր, կրի՛ր դիմակ ու թաքցրու, կրի՛ր դիմակ ու պաշտպանվիր: 

Ես վերադարձել եմ…

Եթե անգամ չլինեմ ձեր դեմքին, ես ձեր հոգում եմ այլևս հավիտյան, դուք ինձ կրել եք միշտ ձեր հոգում, կլինեմ այնտեղ և այսուհետ…

Աշխարհում բողոքի ալիք է հասունացել իմ դեմ. Ամերիկա, Եվրոպա, Ասիա, Ավստրալիա… Ամենուրեք ցույցեր են անում, դեմ են սահմանափակումներին, ակցիաներ՝ իմ պատկերով, դեմ են իմ  տիրապետությանը, պահանջում են անդիմակ միջոցառումներ, պատժամիջոցների վերացում՝ ինձ չունենալու համար… Կարծես ես եմ խանգարում, որ երջանիկ լինեք, ես եմ խանգարում, որ խելքներդ կտրի՝ ավելի հարուստ ապրեք, որ պատերազմ ու սով չլինի, որ ավելի առողջ լինեք… Ամենահին, կյանքն ապրած ու  մաշված դիմակն անգամ կարող է ձեզ ավելի օգուտ տալ, քան այդպես մերկ երեսով դուրս պրծնելը, աշխարհի երեսին նայելը… Դուք պատկերացում չունեք, թե ինչքան վտանգավոր վիրուսներ, անտեսանելի թշնամիներ ունեք օդում և  ձեր իմացած այս  վիրուսը դեռ ամենը չէր… Դուք չեք ուզում հասկանալ, որ առաջիկայում դրանք ավելի վտանգավոր են դառնալու ու լուրջ սպառնալիք կդառնան մարդկության գոյատևման համար… Այդպիսին եք դուք՝ մարդիկ, մինչև աչքով չտեսնեք, չշոշափեք, չեք հավատում… Գոնե ձեր Հիսուս Քրիստոսին լսեիք, որ ասաց՝ ՛՛Երանի նրան, ով չտեսավ, բայց հավատաց՛՛… 

Իմ գալուստից հետո, միևնույն է, կյանքն առաջվանը այլևս չի լինելու…  

Դեմքը պարտվեց դիմակին…

Այնուամենայնիվ, ասեմ. գիտեք վա՞ՙտ է, որ ձեզ ստիպում են դիմակ կրել: Դուք, թե ուզում եք իմանալ, պիտի շնորհակալ լինեք, որ փակում են ձեր քիթ ու բերանը: Ինչո՞ւ: (Նայում է շուրջը, շշուկով:) Ինչքան փակվեն  բերանները, այնքան կբացվեն աչքերը… Չեք հասկանո՞ւմ… Եվ դա, թե ուզում եք իմանալ, իրականում բոլորովի՜ն ձեռնտու չէ նրանց՝ վերևներում,  ովքեր ստիպում են ձեզ դիմակ կրել… Նրանք դա հաշվի չեն առել… Շուտով մարդիկ արդեն կսկսեն փորփրել ու եղելության ակունքներին հասնել՝ ինչու, ինչպես, ինչ նպատակով ու ծայր կառնեն անհնազանդության գործողություններ, հեղաշրջման փորձեր… Ի՞՚՚՚նչը… Ես բան եմ ասե՞լ… Ե՞ս, ես բան էլ չեմ ասել, ես բան էլ  չգիտե՜մ… 

Ձայներ են լսվում, ապա ձայները վերածվում են աղմուկի: 

Գալիս են: Այստեղ են գալիս: Ես չէի կարծում, թե այսքան շուտ կսկվեին գործողությունները… Ես գիտեի, որ մի օր կգան ետևիցս, եթե խոսեմ: Քանի՜ տարի է՝ լռում էի: Ես չափից ավելի ասացի: Բայց չեմ զղջում: Իմացե՛ք, որ դիմակը միայն ծածկելու, թաքցնելու համար չէ, այն կարող է նաև պատռել իրականությունը, մերկացնել այն… Չլինեի ես, այսքան բան չէիք էլ հասկանա… Հիմա, երբ դուք գիտեք ամեն բան, ուզում են գահընկեց անել ինձ… Բայց ես թույլ չեմ տա լռեցնել ինձ…

Ավելի լավ է պատռել դիմակը, քան լռեցնել նրան… 

Պատռում է իրեն:

ՎԵՐՋ:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։