Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ / «ԱՆՏԵՐ ՇՆԵՐ»
Գուրգեն ԽԱՆՋՅԱՆԻ «ԱՆՏԵՐ ՇՆԵՐ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2007 թ., թիվ 12-13-ում:
Ամեն բան թատրոն է: Նստենք փողոցի նստարանին ու նայենք… Արդյո՞ք դիտարկելի հատվածը բեմ չէ, և մարդիկ չեն խաղում, արդյո՞ք այդ ամենը բեմադրված լինելու տպավորություն չի ստեղծում… Մարդը երբեք անկեղծ չէ նույնիսկ ինքն իր հետ և խաղում է, խաղում… Այնպես որ, փողոցն էլ է թատրոն, խանութն էլ, դաշտն էլ, ամենուրեք, ուր մարդ կա, և ամեն բան ունի իր գեղագիտությունը:
Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ
ԱՆՏԵՐ ՇՆԵՐ
(պիես մեկ գործողությամբ, չորս պատկերով,
ըստ «Կիսավեր տան պահակը» պատմվածքի)
Գործող անձինք
ԹԱՓԱՌԱԿԱՆ
ՊԱՀԱԿ
Գործողությունը զարգանում է լքված, կիսավեր տան տարածքում:
Հին կահույքի հատվածներ, աղբ, քարեր, աթոռ, զուգարանակոնք, պատերին` մի քանի հին նկար:
Օր առաջին
Թափառականը նստած է զուգարանակոնքին, թերթ է կարդում:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Էսքան տարի է ապրում եմ, թերթ եմ կարդում… ոչինչ չի փոխվել, էս աշխարհում ոչինչ չի փոխվում: Մի քիչ` էս կողմ, մի քիչ` էն կողմ… Տարբերություն չկա: Ճիշտ է, ընդունում եմ` թարմ թերթ չի կարդացածս, բայց դե մեկ կամ երկու օրը, կարծում եմ, այդքան կարևորություն ունենալ չեն կարող: Ըհը… (Թերթը ցուցանելով:) Եկան, մտան, թալանեցին, կոտորեցին, ասին` էս ծառն իմն է, էս քարն իմն է, մեռե՛ք: Պայթեցնում են, ի՜նչ հավեսով են պայթեցնում, քեֆս բերում է` շրը՛խկ, գը՛մփ, դը՛մփ… Իսկ Միացյալ ազգերի կազմակերպությունը զգուշացնում է, հետո էլի կզգուշացնի` ավելի խիստ, հետո` վետո, ու էսպես շարունակ: Բանի տեղ դնող չկա: Չէ, էսպեսով բան դուրս չի գա, աշխարհին մի իսկական ուժեղ ձեռք է պետք` մեկը, որ հենց տեսավ՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան էն չեն անում` խփի գլխին, ասի` հոպ, ընկեր, մի հատ քեզ հավաքի տեսնենք: Մի ձեռք, բայց` անաչառ, անկաշառ, անշահախնդիր ձեռք: Չկա: Որտեղի՞ց… Իր շահից էն կողմ ո՞վ է ինչ տեսնում որ: Օֆ, հոգնեցի աշխարհից: Լավ է, էս ավերակը կա, առավոտները գալիս եմ, նստում, կարդում, հանգստանում ու մտածում աշխարհի մասին: Թո՛ւ, այ էսպես է, հենց նոր ասացի` հոգնել եմ աշխարհից, բայց էլի ուզում եմ մտածել աշխարհի մասին: Ինչո՞ւ: Որովհետև էս մի աշխարհն ունեմ, ուրիշը չկա, էն մեկին չեմ հավատում, հա: Ու մեկ էլ` հումանիստ եմ, թունդ հումանիստ եմ, սիրում եմ բոլորին` կենդանիներին, մարդկանց, սրանց, նրանց, էն մեկին, էս մեկին… (Տեսնելով ներս եկած Պահակին:) Ի, է՞ս որտեղից բուսնեց…
Պահակը՝ զինվորական համազգեստով, մահակը ձեռքին, հակագազի պայուսակով կողքից կախ, պտտվում է տարածքով՝ իբր չնկատելով Թափառականին: Թափառականը զարմացած հետևում է նրան: Հազում է: Պահակը վերջապես նկատում է:
ՊԱՀԱԿ — (մահակը պտտելով ձեռքին): Վեր կաց, էյ, արագ, սա պետքարան չի քեզ համար:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Չհասկացա… Ես ամեն օր եմ գալիս էստեղ, դու էսօր առաջին անգամ մտել ես ու…
ՊԱՀԱԿ — Շատ խոսեցիր, քեզ բան հրամայեցին. ոտքի՛:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — (վեր կենալով և շալվարը վեր քաշելով): Էս փորձանքը որտեղի՞ց հայտնվեց առավոտ կանուխ, թողնեմ-գնամ, շառից հեռու:
ՊԱՀԱԿ — Ի՞նչ ես քթիդ տակ փնթփնթում… Ո՞ւր, էյ, ստո՛պ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Ոնց` ուր… գնում եմ, չգնա՞մ:
ՊԱՀԱԿ — Ետ դա՛րձ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Բայց ինչո՞ւ:
ՊԱՀԱԿ — Որովհետև սա պահակակետ է, ես էլ պահակ եմ կարգված այստեղ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Էհէ՜: Ընկեր…
ՊԱՀԱԿ — Ես քեզ ընկեր չեմ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Պարոն, շփոթել եք, սա վաղուց լքված, կիսավեր տուն է, ի՞նչ պահակակետ:
ՊԱՀԱԿ — Քեզ չհարցրին: Հնում սա ի՞նչ շենք է եղել, գիտե՞ս…
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Սովորական, բնակելի շենք էր:
ՊԱՀԱԿ — Սովորական, հա-հա-հա, բա չէ: Հնում ոչ մի բան սովորական չէր, իսկ այս շենքը` հատկապես: Բայց քեզ չի վերաբերում, ասված է` պահակակետ է, վերջ, չհակաճառել:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Լավ, լավ, չեմ հակաճառում, համաձայն եմ, պահակակետ է, ոնց էլ մտքովս չէր անցել, պահակակետ է, էլի, բա ի՞նչ է: Ուստի թույլ տվեք դուրս գամ ձեզ վստահված տարածքից:
ՊԱՀԱԿ — Ոչ մի դեպքում: Բարդակ չի՝ ով երբ ուզի՝ մտնի, ինչ ուզի՝ անի, երբ ուզի` դուրս գա:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Սովորաբար արգելում են ներս մտնել, բայց դուրս…
ՊԱՀԱԿ — Սովորաբարն ինձ չի վերաբերում, ես հատուկ ծառայության մեջ եմ, հասկանո՞ւմ ես… Էյ, ետ գնա դռան մոտից:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Լավ, հանգիստ, հասկացա, ետ եմ գնում: Բայց ինչքա՞ն պիտի մնամ էստեղ:
ՊԱՀԱԿ — Ինչքան սահմանված է: Եվ չփորձես հանկարծ ինձ համոզել կամ կաշառել, կպատժեմ: Ձայնդ կտրած` նստի:
Թափառականը նստում է կոնքին: Նախանձով նայում է Պահակի համազգեստին:
ՊԱՀԱԿ — Ի՞նչ ես էդպես նայում:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Լավ համազգեստ է` նոր, սիրուն…
ՊԱՀԱԿ — Սիրուն է, բա ոնց:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Լրիվ նոր է, չէ՞… Երևի նոր եք մտել ծառայության:
ՊԱՀԱԿ — Ի՞նչ: Դա քեզ վերաբերող բան է՞: Վեր կա՛ց, վե՛ր, նստել է էստեղ ու ավել-պակաս դատողություններ է անում: Վեր կաց` ասացի, վատ ես լսո՞ւմ: Էդպես: Հիմա` վազքով մա՛րշ: Դե՞…
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Աստծու սիրուն, ես հիվանդ սիրտ ունեմ, վազելն ինձ հակացուցված է:
ՊԱՀԱԿ — Ձայնդ չլսեմ, հրամայված է` վազքով, ուրեմն` առա՛ջ: (Մահակով թափառականի մեջքին հարվածելով:) Գնացիր, գնացիր, արագ-արագ, ավելի արագ, շրջանով, շրջանով, այդպես, շրջանը լայնացրու, ավելի լայն: Ի՞նչ ես խրտվիլակի պես քարշ գալիս, ծնկներդ բա՛րձր, մեջքդ ուղի՛ղ, հայացքդ առա՛ջ: Արագացրո՛ւ:
Թափառականը շնչակտուր հազում է:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Հիմա թոքերս դուրս կպրծնեն:
ՊԱՀԱԿ — Էշ-էշ մի խոսի: Քայլիր, ձեռքերդ դիր մեջքիդ ու` քայլով մա՛րշ:
Թափառականը քայլում է կալանավորի նման:
ՊԱՀԱԿ — Մի քիչ քայլեցինք, հանգստացանք, հիմա նոր թափով` վազքով մա՛րշ: Արագ-արագ: Կանգ ա՛ռ: Աջ դա՛րձ: Ձախ դա՛րձ: Շրջադա՛րձ: Զգա՛ստ: Ո՞վ ես, ի՞նչ ես, ինչո՞ւ ես, զեկուցի՛ր: Շարքային…
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Ազատյան Ազատ:
ՊԱՀԱԿ — Էլ ոնց կլիներ: Զբաղմունքդ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Այս պահի դրությամբ կոնկրետ զբաղմունք չունեմ:
ՊԱՀԱԿ — Թափառական բոմժ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Դե…
ՊԱՀԱԿ — Դե՞…
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Ճիշտ այդպես, թափառական բոմժ:
ՊԱՀԱԿ — Թափառական բոմժերը ռիսկային խմբին են պատկանում, նրանց կաշառելը հեշտ է, կոնկրետ հասցե չունեն, փող չունեն… Փող ունե՞ս:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Երբեք:
ՊԱՀԱԿ — Անձնագիր չունեն… Անձնագիր ունե՞ս:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Ճիշտ այդպես:
ՊԱՀԱԿ — Ճիշտ այդպես՝ ի՞նչ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Ճիշտ այդպես` չունեմ:
ՊԱՀԱԿ — Վաճառել ես, մի շիշ գինու ես տվել:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Օղու: Չէ, գողացել են, հա, հիշեցի, գողացան, գիշերով, քնած տեղը…
ՊԱՀԱԿ — Որտե՞ղ էիր քնել, իմ պահակակետո՞ւմ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Ոչ մի կերպ` ոչ:
ՊԱՀԱԿ — Չհասկացա:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Ни как нет!
ՊԱՀԱԿ — Հասկացա: Շարունակիր:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Էստեղ, մոտերքում, այգու թփերի մեջ: Քանի ամառ է՝ դրսում ենք քնում: Առավոտյան արթնացա, նայեմ` անձնագիրս չկա: Բայց զինվորական գրքույկս մնում է:
ՊԱՀԱԿ — Ուզում ես ասել` ծառայել ես:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Ճիշտ այդպես. ԿԶԱԿՎՈ, զինմաս համար երեսունյոթ, քառասուներեք:
ՊԱՀԱԿ — Տուր գրքույկդ: (Վերցնում, կարդում է:) Ընդամենը երկու ամիս ես ծառայել: Կաշառք ես տվե՞լ, պառազիտ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Ոչ, իսկապես հիվանդ էի, յոթի Վ:
ՊԱՀԱԿ — Էդ ո՞րն է:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Էնուրեզ:
ՊԱՀԱԿ — Ձեռ ես առնո՞ւմ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Գիշերամիզություն: Շատ էի ուզում ծառայեմ, հա-հա, հավատացեք, երազանք ունեի` սպա դառնալ, հետո` գեներալ, հետո՝ մարշալ…
ՊԱՀԱԿ — Պահ, սրա ախորժակին նայեք:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Թաքցնում էի հիվանդությունս: Բայց ընկերս մատնեց. ես երկրորդ հարկում էի քնում, ինքը` առաջին` իմ տակ, գիշերով կաթում էր վրան: Սկզբում պեչենի-կակաո-բան էի առնում-տալիս, սիգարետ էի տալիս, ձայն չէր հանում, հետո փողս պրծավ, նա էլ մատնեց:
ՊԱՀԱԿ — Մի խոսքով` շռան ես:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Հիմա չէ, տարիքի հետ անցավ, պարոն կրտսեր լեյտենանտ:
ՊԱՀԱԿ — Ոնց թե… Քյոռ ե՞ս, այ տղա:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Վայ, մեծ աստղ է՞… Հա, էլի: Չնկատեցի, անտեր կատարակտս խանգարում ա, կներեք, ընկեր մայոր:
ՊԱՀԱԿ — Լավ, շատ խոսեցիր: Վազքով մա՛րշ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Կմեռնեմ:
ՊԱՀԱԿ — Վազքո՛վ:
Թափառականը վազում է: Պահակը նայում է ժամացույցին, նստում, թաշկինակը փռում, հանում է բուտերբրոդը տոպրակից, սկսում է ուտել:
ՊԱՀԱԿ — (ծամելով): Ընդմիջման ժամ է:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Ե՞ս ինչ եմ անելու:
ՊԱՀԱԿ — Եթե դուրդ գալիս է, շարունակիր վազել, եթե ոչ` նստիր:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — (նստելով): Օֆ:
ՊԱՀԱԿ — Է՛, հանկարծ չփորձես փախչել, հացս հարամ չանես, մեկ է` կբռնեմ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Իսկի մտքովս չի էլ անցնում, փախչելու հալ մնա՞ց:
ՊԱՀԱԿ — Էս ճանճը զզվացրեց:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Հիմա հարցերը կլուծեմ: (Թերթով քշում է ճանճին, ապա խփում—սատկացնում:)
ՊԱՀԱԿ — Ապրես: (Հացի կտորը գցելով:) Բռնի:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — (բռնելով): Հոգաչափ շնորհակալ եմ:
Թափառականն ուտում է մնացուկը: Պահակը ծխում է:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Մի սիգարետ լիներ…
ՊԱՀԱԿ — Անմիջապես երևում է` պրոֆեսիոնալ մուրացկան ես: Համբերի: (Ծխում է, նայում, էլի ծխում, ապա տալիս է սիգարետը:) Առ, ծխի, քանի բարի եմ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Բարի եք, այո, շնորհակալ եմ:
ՊԱՀԱԿ — Համազգեստս դուրդ եկավ ուրեմն:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Էն էլ ոնց:
ՊԱՀԱԿ — Սապոգներս փոշոտվեցին քո պատճառով: Նայի, էդ կողմերում փալաս-մալաս չկա՞:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — (գտնելով): Կա, խնդրեմ:
ՊԱՀԱԿ — Չհասկացա…
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Վայ, կներեք: (Սրբում է Պահակի սապոգները:)
ՊԱՀԱԿ — Կրունկը ցեխոտ ա, չես տեսնո՞ւմ:
Թափառականը երանությամբ տնտղում է գոտին, ճարմանդը, մետաղյա կոճակները:
ՊԱՀԱԿ — Է՜, խորացար: Ոտքի՛: Զգա՛ստ: Ընդմիջումն ավարտվեց: Վազքով մա՛րշ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Նորի՞ց:
ՊԱՀԱԿ — Շարքերում չխոսե՛լ: Վազքով: Արագ: Ավելի արագ: Կանգ չառնել:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Մեռա:
ՊԱՀԱԿ — Չես մեռնի:
Թափառականն ուժասպառ ընկնում է:
ՊԱՀԱԿ — (զարկերակը ստուգելով): Ոտքի՛, սիմուլյանտ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Սիմուլյանտ չեմ, չեմ կարող:
ՊԱՀԱԿ — (խփելով): Ոտքի՛: Քայլի՛ր: Քայլով մա՛րշ:
Թափառականը քայլում է: Պահակը ծխում է:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Մարդ մի հատ ծխե՜ր…
ՊԱՀԱԿ — Չի կարելի, հակացուցված է:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Ներեցեք, իսկ ապրելը հակացուցված չէ՞:
ՊԱՀԱԿ — Հետաքրքիր հարց է: Քեզ, կարծում եմ, հակացուցված է: Քո ապրելուց ի՞նչ օգուտ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Անպայման պիտի օգուտ լինի՞, էնպես ապրել չեմ կարո՞ղ:
ՊԱՀԱԿ — Էլ չփորձես արդարանալ: Երգի՛ր:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Երգեմ, ճա՞րս ինչ: (Երգում է:)
ՊԱՀԱԿ — Ուրիշ երգ երգի:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Աչքիս վրա: (Երգում է:)
ՊԱՀԱԿ — Էլ մի երգի, երգել չգիտես: Ես կերգեմ, սովորի: (Երգում է:) Այ, էսպես պիտի երգես, կարո՞ղ ես:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Ոչ մի կերպ ո՛չ:
ՊԱՀԱԿ — Որտեղի՞ց կարողանաս: Կանգ ա՛ռ: Աշխատանքային օրն ավարտվեց: Ես գնացի: Ցտեսություն, շարքային Ազատյան Ազատ:
Պահակը գնում է:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Այ քեզ փորձանք: Ապրում ես, ապրում, կարծում ես՝ ամեն ինչ տեսել ես, էլ ոչ մի բան չի զարմացնի, ու մեկ էլ` ըհը, հայտնվում ա սենց մի խելառ ու` խնդրեմ: Ափսոս, հազար ափսոս, հազիվ մի հանգիստ, անշառ տեղ էի գտել, գալիս էի, քաղաքի աղմուկից մի քանի ժամ հանգստանում, մտածում… Հարամեց խելառը: Էհ, գնամ, կարող ա՝ տղերքը մի քիչ խմիչք թողած լինեն, խմեմ, մոռանամ: Չնայած, տղերքը խմիչք թողնողը չեն, գյոռմամիշի պես վրա են տալիս… Դե լավ, ինչորիսա, գնամ, թե չէ, մեկ էլ տեսար, ետ եկավ գիժը… գիշերային հերթափոխի: (Հեռանում է🙂
Օր երկրորդ
Թափառականը նստած է կոնքին, թերթ է կարդում` մերթ ընդ մերթ սպասումով նայելով մուտքին:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Է՜, էս թերթն երեկ կարդացել եմ, որտեղի՞ց ընկավ ձեռս: (Շարունակում է կարդալ:) Ի՞նչ եղավ մեր գիժը: Կարող ա՞ էլ չգա: Դե, չի գա, հեչ էլ գա, ավելի լավ, հանգիստ կապրեմ: Բայց բան պատահած չլինի՞: Ասենք, սատկում ա` սատկի: Երեկ ոնց հոգիս հանեց անասունը:
ՊԱՀԱԿ — (ներս գալով): Լույսը չբացված` ի՞նչ ես դժգոհ-դժգոհ մրթմրթում:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Հեչ, էնպես: Բարի լույս:
ՊԱՀԱԿ — Պահակակետում հոտեր մի գցի առավոտից, է՛:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Չէ, հենց էնպես եմ նստել, էստեղ հարմար ա, թերթը լավ ա կարդացվում:
ՊԱՀԱԿ — Չհասկացա: Ես մեխի գլուխ ե՞մ, չեմ երևո՞ւմ… Ոտքի՛:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Վայ, կներեք: (Վեր է կենում:)
ՊԱՀԱԿ — Զգա՛ստ: Ո՞վ ես, ի՞նչ ես, ինչի՞ համար:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Շարքային Ազատ Ազատյան:
ՊԱՀԱԿ — Լսի, կարող ա՞ դա կեղծանուն ա:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Ոչ մի կերպ ո՛չ:
ՊԱՀԱԿ — Ուրեմն, ճակատագրի հեգնանքն ա: Աջ դա՛րձ: Վազքով մա՛րշ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Նորի՞ց:
ՊԱՀԱԿ — Չէիր ուզում` չգայիր: Դավայ, արագացրու, թե չէ կպատժեմ: Վազքո՛վ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — (վազելով, ինքն իրեն): Ճիշտ է ասում մարդը, չէիր ուզում` չգայիր, ինչի՞ եկար: Ինձ տեղն է, սա դեռ քիչ է ինձ:
ՊԱՀԱԿ — Քիչ խոսիր, գլուխդ բա՛րձր, հայացքդ ուղի՛ղ: Ուղիղ նայիր աշխարհին: Լավ պահակն աշխարհից չպետք է խուսափի, աշխարհը պետք է խուսափի պահակից: Ավելի արագ վազի: Շրջանը լայնացրու:
Պահակը ծխում է: Թափառականը շնչակտուր հազում է:
ՊԱՀԱԿ — Քայլով: Մեկ-երկու, մեկ-երկու, մեկ-երկու-երեք… Կանգ ա՛ռ: Էլի սիգարետ չունես, չէ՞:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Որտեղի՞ց: Որպեսզի սիգարետ ունենամ` առավոտից պիտի մի քիչ փող հավաքեմ: Չհասցրի, ասի` չուշանամ հանկարծ:
ՊԱՀԱԿ — Առ, ծխի: (Իր մնացուկն է տալիս:) Ընտանիք չունես, իհարկե:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Ոչ: Իսկ դո՞ւք:
ՊԱՀԱԿ — Այստեղ ես եմ հարցեր տալիս:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Ընտանիք ունենալու համար փող է պետք, կայուն ֆինանսական վիճակ:
ՊԱՀԱԿ — Վաստակեիր:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Հեշտ է ասել… Վաստակած փողով ընտանիք չես պահի, փողը կամ պիտի ժառանգես, կամ գողանաս: Առհասարակ, փողն ինձ չի սիրում, մոտիկ չի գալիս, էնպես, էլի, քիչ-միչ: Ես մի բան եմ հասկացել…
ՊԱՀԱԿ — Ի՞նչ ես հասկացել, դու ի՞նչ կարող ես հասկանալ, ուռած գլուխ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Չէ, ինչո՞ւ, ես բարձրագույն եմ սովորել, մինչև երկրորդ կու… կու… կու… (Կակազում է:)
ՊԱՀԱԿ — Հը՞, լռվեցի՞ր:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Կու… կու… կու…
ՊԱՀԱԿ — Համ էլ կակազ ե՞ս, այ տղա:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Կուրս: Ընդհանրապես չեմ կակազում, միայն` երբ հուզվում եմ:
ՊԱՀԱԿ — Ասում էիր` ինչ ես հասկացե՞լ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Հասկացել եմ` Աստված ում սիրում ա` փողից հեռու ա պահում:
ՊԱՀԱԿ — Էդ դու ես հասկացե՞լ, թե՞ ինչ-որ տեղ կարդացել ես:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Ես:
ՊԱՀԱԿ — Ստացվում ա, քեզ աստված շատ ա սիրում, հա՞:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Հա: (Ծիծաղելով:) Խելքը գնում ա ինձ համար:
ՊԱՀԱԿ — Երկնքում, ուրեմն, տեր ունես: Բայց էստեղ անտեր ես, անտեր շուն:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Իբր դու… (Վախեցած լռում է:)
ՊԱՀԱԿ — Ի՞նչ…
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Չէ, ես էն իմաստով, որ… Դե, ոնց ասեմ… Լավ իմաստով, էլի:
ՊԱՀԱԿ — Այ, էս են մարդիկ, մի պստիկ երես տվիր` անմիջապես նստում են գլխիդ: Գցի՛ր սիգարետը: Ոտքի՛: Զգա՛ստ: Աջ դա՛րձ: Վազքո՛վ:
Թափառականը վազում է:
ՊԱՀԱԿ — Թողնե՛լ: Վազքո՛վ: Թողնե՛լ: Վազքո՛վ: Թողնել…
Թափառականն ուժասպառ ընկնում է:
ՊԱՀԱԿ- Հը՞, մեռա՞ր, անտեր շուն: (Մոտենում է, բռնում զարկերակը:) Չէ, մեռնող պտուղ չես: Ընդմիջում: (Հանում է բուտերբրոդը, սկսում ուտել: Մի սիգարետ է տալիս Թափառականին🙂 Առ, ծխի, որ չմեռնես:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Շնորհակալ եմ: Մի օր դուրս կգամ ձեր լավության տակից: (Ծխում է:)
ՊԱՀԱԿ — (բերանը լիքն է): Ուու, է, մի… ծխ…
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Կներեք, չհասկացա:
ՊԱՀԱԿ — Հեռու գնա, ծուխը ախորժակիս վրա ազդում ա:
Թափառականը նստում է իր կոնքին:
ՊԱՀԱԿ — (կոնքի մասին): Սազում եք իրար, հա: (Մնացորդը տալով:) Առ, կեր, ես կշտացա:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — (վերցնելով և ուտելով): Օհ, ինչ կծու է, ո՞նց եք ուտում:
ՊԱՀԱԿ — Իսկի չեմ էլ զգում: Չես հավանում` գցի:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Չէ, վարժվեցի: Այ, մի քիչ գինի լիներ, կամ գարեջուր:
ՊԱՀԱԿ — Կոնյակ չես խմի՞: Ականջիդ օղ արա, հարբեցող շուն, իմ ծառայության ժամանակ` ոչ մի կաթիլ ալկոհոլ, հասկացա՞ր:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Հասկացա:
ՊԱՀԱԿ — Նորից եմ հարցնում` հասկացա՞ր:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Հասկացա, էլի:
ՊԱՀԱԿ — Վերջին անգամ եմ հարցնում, հասկացա՞ր:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Ճիշտ այդպես:
ՊԱՀԱԿ — Հիմա եղավ: Ես մի երկու րոպեով բացակայեմ… Հանկարծ չփորձես փախչել, մոտերքում եմ, կբռնեմ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Փախչող լինեի, չէի գա:
ՊԱՀԱԿ — Մարդն առեղծված է: Ինչպես ասել է մեծ գրող Ֆյոդոր Դոստոևսկին` առավոտյան մի տեսակ է, ցերեկով` ուրիշ, գիշերով` ուրիշ ու ուրիշ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Չեմ փախչի, հանգիստ գնացեք: Բայց ասեմ` ձեր ուզածն էստեղ էլ կարող եք հաջողությամբ իրագործել, խնդրեմ: (Կոնքն է ցույց տալիս:)
ՊԱՀԱԿ — Էդ էր պակաս. ես ու դու հո մեկ չե՞նք: (Դուրս է գալիս🙂
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Քիչ մնաց ասեմ` մեկ ենք: Այ թե կկատաղեր, ու կսկսվեր` վազքով, քայլով, ցատկով, եսիմ ինչով… Մաքուր գիժ: «Ֆյոդոր Դոստոևսկի»… Էլ ոնց կլիներ, եսիմ, որտեղ ա լսել: Իրա բուտերբրոդն էլ իրա նման ա` էժան երշիկ, հին հաց, կծու կետչուպ, սև պղպեղ… Նորմալ մարդն էսպես բան կուտի՞… Պիցցայանոցի մնացորդները սրանից համով են: Մերոնք հիմա ուտում են, խմում, ծխում… Թե ինչի եկա, այ մարդ: Ինքս էլ չեմ հասկանում: Ճիշտ ա ասում գիժը` մարդն առեղծված ա: Գիշերով, քնելուց առաջ, հաստատ որոշել էի` չեմ գնալու, բայց առավոտյան ոտքերս իրենք իրենց բերեցին: Ինքս ինձ համոզում էի, թե` հանգիստ գնա, էսօր չի գալու: Բայց հոգուս խորքում թաքուն համոզված էի` գալու ա:
Պահակը գալիս է:
ՊԱՀԱԿ — Քեզ ու քեզ խոսում ես, էլի. ոնց որ իսկական գիժ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Խոսում էի, այո, ձեր մասին էի մտածում, մտածում էի` ո՞նց եղավ, հո փորկապ չի՞ մարդը:
ՊԱՀԱԿ — Ի՞նչ: Էլի՞ դու քիթդ խոթեցիր քեզ չվերաբերող բաներին: Վեր կաց: Զգա՛ստ: Պայթյուն ձախից:
Թափառականն ընկնում է գետնին, բերանքսիվայր, գլխով` ձախ կողմը:
ՊԱՀԱԿ — Ապուշ, եթե պայթյունը ձախից է, գլուխդ ո՞ր կողմը պիտի լինի, պայթյունի դիմա՞ց, որ պոկի-տանի՞:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Ոչ մի կերպ ո՛չ: (Փոխում է դիրքը:)
ՊԱՀԱԿ — (ներբանով սեղմելով): Քամակդ ցցել ես, գետնին սեղմվիր, մողեսի պես, ռումբի բեկորը կտաշի, կմնաս անքամակ, գլուխդ ու կրունկներդ էլ սեղմի, ըհը, հիմա գուցե փրկվես: Կյանքի պես է` ցցվեցիր` գլխիդ կխփեն: Ցցվելու իրավունք մենակ հատուկ մարդիկ ունեն, ոչ թե քեզ նման թափառականները:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Հո ծնված օրից թափառական չե՞մ եղել, էդպես ստացվեց:
ՊԱՀԱԿ — Չլիներ` չէր ստացվի:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Համ էլ, մարդու դժբախտությունը երեսով չեն տա, քրիստոնյա ենք:
ՊԱՀԱԿ — Ի՞նչ, էդ ինչ ասացի՞ր…
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Առանձնապես բան չեմ ասել, ձեզ ի՞նչ պատահեց, ինչո՞ւ հուզվեցիք էդպես:
ՊԱՀԱԿ — Ո՞վ է հուզվել, ի՞նչ ես դուս տալի: Սողեսող` մա՛րշ: Դավայ, արագացրու… Մի պոկվի գետնից, կպած, կպած…
Թափառականը սողում է:
ՊԱՀԱԿ — Ոտքի՛: Մեկ անգամ էլ ենք փորձում: Քայլով մա՛րշ: Ահա, դու քեզ համար քայլում ես, երգ ես երգում ու մեկ էլ հանկարծ… Չեղավ, պայթյունը չեղած` մի փռվի: Ոտքի՛: Շարունակիր հանգիստ քայլել, երգիր, բայց ցածրաձայն, ավելի ցածր, իմ ականջները քո երգից թառամում են: Մեկ-երկու, մեկ-երկու… Պայթյո՛ւն առջևից:
Թափառականը փռվում է:
ՊԱՀԱԿ — Չեղավ, էս դու բոլորովին անուղեղ ես, այ տղա: Եթե պայթյունն առջևից է` ուրեմն դեմքով հակառակ կողմը պիտի շրջվես, չէ՞, հասարակ տրամաբանություն չի՞:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Այո, բայց քամակով ձեր կողմ շրջվելը մի տեսակ սիրուն չի:
ՊԱՀԱԿ — Այ ընկեր, ռազմական իրադրություն է, շողոքորթության ժամանակ չի:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Ամեն դեպքում…
ՊԱՀԱԿ — Լավ, մի պահ ենթադրենք` ես չկամ: Ոտքի՛: Պատրա՛ստ… Պայթ-պայթ-պայթ… Էս ի՞նչ եղավ: Վարակեցի՞ր, անտեր շուն: (Կակազում է:) Պայթ… պայթ… պայթ… պայ… Իա՜:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Լինում է: Տագնապել պետք չի, հանգիստ շունչ քաշեք, պաուզա տվեք, խնդրո առարկայից մի պահ վերացեք, ուրիշ բան մտածեք, ասենք թե` կանանց մասին… Ըհը, հիմա նորից փորձեք:
ՊԱՀԱԿ — Պայթյուն առջևից: Փառքդ շատ, աստված:
Թափառականը փռվում է, գլխով` պայթյունին հակառակ:
ՊԱՀԱԿ — (սապոգով սեղմում է գլուխը, քամակը, կրունկները): Ոնց որ փետացած լինես: Լավ ա ես խփեմ, քան ռումբը: (Հանկարծ հիշելով և ժամացույցին նայելով:) Օ՜, ես ուշացա: Էսօր ժամադրություն ունեմ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Կի՞ն է:
ՊԱՀԱԿ — Բա չէ… Ինչի՞ ես էդպես ժպտում, այ տղա:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Ո՞ւր ա, որ ժպտում եմ:
ՊԱՀԱԿ — Չես ժպտո՞ւմ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Ամենևին: Դեմքս է էդպես, եթե լույսը վերից է ու դիմացից, թվում է` ժպտում եմ, եթե ետևից ու վարից` կթվա՝ լաց եմ լինում:
ՊԱՀԱԿ — Իսկ եթե լույս առհասարակ չկա՞:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Սարսափ կկարդաք դեմքիս. մթից սարսափում եմ: Բայց եթե մութ եղավ, դեմքս ո՞նց կտեսնեք:
ՊԱՀԱԿ — Լոււյսը կվառեմ: Ես էլ մութը չեմ սիրում: Գնացի:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Հաջողություն:
Պահակը գնում է:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — (վեր կենալով): Ժամադրություն ունի մարդը: Չէ-չէ մի… Թե ում ես պետք, որ ժամադրեն: Սրան տեսեք, ժամադրություն ունի, իբր` ես էլ մարդ եմ, էլի: Օֆ, ոնց որ տրակտորի տակ ընկած լինեմ: (Հեռանալով:) Բայց ինձ տեղն ա, տեղն ա, էս դեռ քիչ ա…
Օր երրորդ
Թափառականը շնչակտուր վազում է, որպեսզի հասցնի Պահակից շուտ մտնել, համարյա հրելով` իրեն ներս է գցում:
ՊԱՀԱԿ — Հասցրիր, էլի:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Հասցրի:
ՊԱՀԱԿ — Մի րոպե էլ ուշանայիր` պը՛րծ, ներս չէի թողնի:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Քնով անցա, երեկ մի քիչ բան էր… Մի խոսքով…
ՊԱՀԱԿ — Ոտս կոխրճեցիր, վատ նշան է, բեր ես էլ քոնը կոխրճեմ, քվիթ լինենք:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Խնդրեմ:
ՊԱՀԱԿ — (կոխրճելով): Ըհը, ըհը, ըհը… Չարը խափանվեց:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Վախ, ես քու…
ՊԱՀԱԿ — Ի՞նչ…
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Ջարդեցիր… Վախ, վախ, վախ…
ՊԱՀԱԿ — Բայց էն ի՞նչ էիր ասում…
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Հեչ, ասի` վախ, վախ, վախ… Ցավից, էլի:
ՊԱՀԱԿ — Հա՞: Դե զգա՛ստ: Ո՞վ ես, ի՞նչ ես, ինչի՞ ես:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Շարքային Ազատ Ազատյան:
ՊԱՀԱԿ — Չէ, չէ մի` Անկախ Անկախյան: Նորից եմ հարցնում, ո՞վ ես:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Անտեր շուն:
ՊԱՀԱԿ — Ապրես: Աջ դա՛րձ: Վազքով մա՛րշ: Գլուխդ բարձր, կուրծքդ բարձր, ծնկներդ բարձր: Շրջանը լայնացրու. մեկ-երկու, մեկ-երկու, մեկ… Սա ի՞նչ ձայն է: Կանգ ա՛ռ: Ի՞նչ կասկածելի ձայն է:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Չգիտեմ:
ՊԱՀԱԿ — (վախեցած): Ո՞վ են, ի՞նչ են, ստուգի՛ր, զեկուցի՛ր, արա՛գ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — (պատուհանից նայելով): Անչափահասներ են:
ՊԱՀԱԿ — Դիվ… դիվ… դիվ… Դիվերսիա՞:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Չեմ կարծում, դասից փախած աշակերտներ են, պայուսակները դրել պատի տակ, ծխում են:
ՊԱՀԱԿ — Քշի՝ գնան, սա իրենց համար ծխարան չի, պահակակետ է:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — (դեպի դուրս): Քը՛շ, գնացեք, էստեղ պահակակետ է, չի կարելի, քը՛շ:
ՊԱՀԱԿ — Ապուշ, սա գաղտնի պահակակետ է, ամեն լակոտ չպետք է իմանա սրա տեղն ու նշանակությունը:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Ճիշտ որ, մտքովս չանցավ: (Դեպի դուրս:) Քը՛շ, է՛յ, քնած մարդ կա, ռադ եղեք, հո պահակակետ չի՞:
Դրսից ծխացող—թշշացող խաղալիք պայթուցիչ են գցում ներս:
ՊԱՀԱԿ — (սարսափած): Էս ի՞նչ է: Վայ, պայթ… պայթ…
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Պայթյուն աջից:
Նույն պահին` պայթյուն: Երկուսով փռվում են:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Իհ, խաղալիք պայթուցիչ էր: Ես ձեր էն… Էս ի՞նչ ջահելություն ա, և մենք ապագան սրանց ենք վստահելու, անառակնե՛ր, վայ մեզ:
ՊԱՀԱԿ — Ասեցի, չէ՞, քշի դրանց:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — (դուրս նայելով): Փախան:
ՊԱՀԱԿ — Հաստա՞տ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Հաստատ: Ինքներդ նայեք:
ՊԱՀԱԿ — Դե լավ, փախան, ուրեմն՝ փախան: Համազգեստս փոշոտվեց քո պատճառով:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Ես թափ կտամ: Ես խնամքով… (Թափ է տալիս համազգեստը, մաքրում սապոգները:) Գուցե հանե՞ք գոտին ու գլխարկը, մետաղյա մասերը փայլացնեմ:
ՊԱՀԱԿ — Ոչ մի դեպքում: Գոտին ու գլխարկը հարազատ հորս չէի վստահի, եթե ողջ լիներ: Ինքս հետո կփայլացնեմ: Ատում եմ երեխաներին, երբեք չես հասկանա, թե նրանց մտքինն ինչ է, պստիկ սատանաներ են:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Մեր մեջ ասած, ես էլ առանձնապես սեր չունեմ… Միայն պստիկ աղջիկներին եմ սիրում, էն, որ նոր-նոր դպրոց են գնում: Չէ, ուրիշ բան չմտածեք, զուտ գեղագիտորեն:
ՊԱՀԱԿ — Գեղագիտորեն` այո, էդպես ես էլ կսիրեի, էդպես նույնիսկ փոքրիկ տղաներին էլ կսիրեի:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Այնքան թովիչ են, այնքան քնքուշիկ:
ՊԱՀԱԿ — Այո, քնքուշիկ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Էն, որ բանթ են կապում ձիգ հավաքած մազերին:
ՊԱՀԱԿ — Բա որ կարճ են խուզո՞ւմ…
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Բա որ էսպես օրորիկ-շորորիկ քայլում են փողոցով, կաքավիկի պես:
ՊԱՀԱԿ — Այո, կաքավի:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Որ մտածում եմ` իմ մայրիկն էլ էդպես պստիկ է եղել, ու էդպես, բանթ կապած, շորորիկ-մորորիկ գնացել է դասի… Ա՜խ:
ՊԱՀԱԿ — (սրբելով արցունքը): Ա՜խ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Ձեր մայրիկը ո՞ղջ է:
ՊԱՀԱԿ — Չգիտեմ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Ո՞նց…
ՊԱՀԱԿ — Ասացի` չգիտեմ, ուրեմն` չգիտեմ: Էլի սկսեցի՞ր հիմար հարցեր տալ: Հնարավոր չէ ամեն բան իմանալ: Եվ վերջ, վերջացրինք սենտիմենտները, մայրիկ-հայրիկ, շորորիկ-մորորիկ… Ոտքի՛: Զգա՛ստ: Էս ի՞նչ է պահակակետի վիճակը, քեզ եմ հարցնում, տարածքին նայիր, ի՞նչ վիճակ է, խոզանոցը սրանից մաքուր է: Արագ կարգի բերե՛լ: Քեզ հետ եմ, է՜, անտեր շուն:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Մի հատ ծխեի` նոր, էլի: Հուզված եմ:
ՊԱՀԱԿ — Երես առա՞ր: (Մահակով խփելով:) Շո՛ւտ արա, քեզ եմ ասում: «Հուզվել եմ»: Ինչի՞ ես հուզվել:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Դե, մարդ եմ…
ՊԱՀԱԿ — Դու մարդ չես, անտեր շուն ես: Վեր կա՛ց: Զգա՛ստ: Ո՞վ ես, ինչացո՞ւ ես:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Անտեր շուն:
ՊԱՀԱԿ — Ապրես: Դե, անցի գործի:
Թափառականը սկսում է հավաքել տարածքը Պահակի անդադար հրամանների տակ` «Շուտ արա, այ հոգնած, արագ աշխատի, կարգին, հավեսով…»: Թափառականը քարերն ու աղբը հավաքում է մի պատի տակ:
ՊԱՀԱԿ — (ինքն իրեն): Սա էնպիսի մի պահակակետ պիտի լինի, որ նկատեն, զարմանան, պարգևատրեն…
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Բա ձեր կրծքի մեդալն ի՞նչ է, պարգևատրում չի՞:
ՊԱՀԱԿ — Էլի՞ քիթդ խոթեցիր քեզ չվերաբերող գործերի մեջ: Էդ քարերը էդտեղ չեն նայվում, բեր էս մյուս պատի տակ: (Թափառականը կատարում է🙂 Չէ, էդտեղ էլ չեն նայվում, տար էն մյուս պատի տակ: (Թափառականը կատարում է🙂 Օրվա վերջում քարերն ու աղբը դուրս կհանես: Լսեցի՞ր:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Ճիշտ այդպես, կհանեմ:
ՊԱՀԱԿ — Էդ ունիտազն էլ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Ճիշտ այդպես… Վայ չէ, էլի, շեֆ ջան, ունիտազը թող մնա, էլի:
ՊԱՀԱԿ — Մեկ էլ շեֆ ասիր` խիստ կպատժեմ, հաուպտվախտ կուղարկեմ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Պարոն հրամանատար ջան, ձերդ գերազանցություն, ունիտազը թող մնա, էլի, ընտելացել եմ, ոնց որ հարազատիդ հանես-գցես դուրս:
ՊԱՀԱԿ — Ոչ մի դեպքում: Պահակակետ է, զուգարան չի: Բա որ գան ստուգմա՞ն, հը՞, քեզ եմ հարցնում, գան ու տեսնեն ունիտազը` պահակակետի քիփ մեջտեղում:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Մեջտեղում չի…
ՊԱՀԱԿ — Մի խոսքով, առավոտյան գամ` չտեսնեմ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Ճիշտ այդպես:
ՊԱՀԱԿ — Դու գործդ շարունակիր, ես մի րոպեով դուրս եմ գալիս, շուտ եմ գալու, հա՜, գլուխ չպահես: (Գնում է:)
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Հանել ունիտազը: Ունիտազը գժին խանգարում ա, էլ ո՞նց կլիներ: Բա ես որտե՞ղ նստեմ, թերթ կարդամ, մտածեմ, հը՞, պարոն պահակ, շատ չեղա՞վ: Չէ, սա լրիվ իրան տվեց-անցավ…
ՊԱՀԱԿ — (վերջին բառերը լսել է մտնելիս): Ի՞նչ, բո՞ւնտ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Վայ, արդեն եկա՞ք: Չէ, ի՞նչ բունտ, բունտ անողն ո՞վ ա, բունտի հավես կա՞… Չէ, ես էն մտքով, որ էս ունիտազը շատ պինդ ա ամրացված, էն ժամանակ մարդիկ նամուսով էին գործ անում: Մտածում եմ, գուցե մի սիրուն շոր փռենք վրան, չերևա:
ՊԱՀԱԿ — Դու քիչ մտածի, դու հրամաններս կատարի, վաղը չտեսնեմ, վերջ: Ավելորդ անգամ եմ համոզվում` մարդկանց երես տալ չի կարելի, ոչ մի պարագայում: (Ժամացույցին նայելով:) Ընդմիջում: Վեր ընկիր ունիտազիդ վրա վերջին անգամ, իսկ վաղը` հանած լինես, թե չէ կաշիդ կքերթեմ, լսո՞ւմ ես, անտեր շուն:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Լսեցի, խուլ չեմ:
ՊԱՀԱԿ — Ի՞նչ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Ճիշտ այդպես: Բայց առավոտ քանիսի՞ն պիտի զարթնեմ, որ մինչև ձեր գալը հասցնեմ ունիտազը հանել:
ՊԱՀԱԿ — Կուզե՞ս. մի քնի գիշերը, դա էլ իմ պրոբլեմն է՞: (Նստում է, ախորժակով սկսում խժռել իր բուտերբրոդը🙂
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Էսօր ասի` ուտելու բան բերեմ հետս, էն էլ ուշանում էի, չստացվեց:
ՊԱՀԱԿ — Երևի խորոված էիր բերելու: (Լրիվ ուտում է, սկսում ծխել:) Էդպես չնայես, սիգարետ էլ չեմ թողնելու, գլխիդ ճարը տես:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Էհ: (Աղբի մեջ մի քնթուկ է գտնում, ծխում:)
ՊԱՀԱԿ — Ընդմիջումն ավարտվեց, ոտքի՛: Զգա՛ստ: (Հանելով կողքից կախ հակագազով տոպրակը և կախելով Թափառականի վրա:) Սա հակագազ է:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Գիտեմ:
ՊԱՀԱԿ — Նորմատիվը քանի՞ վայրկյան է, դա էլ գիտե՞ս:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Ութ:
ՊԱՀԱԿ — Բա չէ: Էդ Սովետի ժամանակ էր ութ, հիմա անկախ երկիր ենք, էդքան ժամանակ չկա, վեց վայրկյան է նորմատիվը` ըստ Պաշտպանության նախարարության վերջին կանոնագրքի:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Վեցում անհնար է:
ՊԱՀԱԿ — Թողնել հակաճառությունները: Պատրաստվիր: (Վայրկյանաչափը պահած:) Հագնե՛լ հակագազը:
Թափառականը հագնում է հակագազը:
ՊԱՀԱԿ — Տասներկու վայրկյան: Այսինքս, պարոն, դուք արդեն թունավորված եք, դիակ, թո՛ւ, իսկական անտեր շուն: Պատրաստվիր: Հագնե՛լ հակագազը: (Թափառականը հագնում է🙂 Ինը: Լավ է արդեն: Բայց լավ չէ: Վատ է: Պատրա՛ստ: Հագնե՛լ: Ութ վայրկյան: Պատրա՛ստ: Հագնե՛լ: Նորից ութ: Հանե՛լ: Պատրա՛ստ: Հագնե՛լ: Էլի ութ: Չէ, հին նորմատիվի իներցիան պինդ է նստած մեջդ: Մի հատ էլ փորձենք… Լավ, չէ, մի հանի հակագազը, մեկ է` ութը անցնող չես, թողնե՛լ: Վազքով մա՛րշ: Այո-այո, հակագազով, օդը թունավորված է: Մեկ-երկու, մեկ-երկու… Ի՞նչ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Ուա աու…
ՊԱՀԱԿ — Չեմ լսում:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — (հանելով հակագազը): Ասում եմ` դուք չե՞ք թունավորվի, օդը թունավորված է, չէ՞:
ՊԱՀԱԿ — Շատ մի խոսիր: (Մահակով խփելով:) Հագիր հակագազը, շո՛ւտ, առանց հրամանի չհանես:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Էլ չեմ կարող, խեղդվում եմ:
ՊԱՀԱԿ — Հակաճառություններ չլսեմ: Մեզ դիմացկուն պահակներ են պետք, ոչ թե նվնվան փսլնքոտներ: Հագնե՛լ հակագազը: Այդպես: Պայթյուն ձախից: (Թափառականը փռվում է🙂 Հիմա` սողեսող առա՛ջ: Է՛, ուղիղ ունիտազի վրա գնացիր, էս կողմ արի: (Թափառականը սողեսող գալիս է կենտրոն և անուժ պառկում🙂 Ի՞նչ եղավ, օձը խայթե՞ց: Չլինի՞ մեռար: (Մահակով խփելով:) Չէ, ողջ ես: Ձա՛յն հանիր, անտեր շուն:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Ո՜ւ…
ՊԱՀԱԿ — Գիտե՞ս, հակագազը քեզ շատ սազում ա: Հա-հա, ոնց որ քո վրայով կարած լինի: Լուրջ եմ ասում: Քո դեմքից հազար անգամ սիրուն ա: (Հռհռալով:) Քո տեղը լինեմ` հակագազով կապրեմ, դա քո միակ շանսն ա` կանանց ուշադրությանն արժանանալու: Բայց` ոչ իմ հակագազով, քեզ համար հակագազ ճարի: Տուր, ես գնում եմ, շաբա՛շ:
Մնալով պառկած` Թափառականը հանում—տալիս է հակագազը:
ՊԱՀԱԿ — Ուրեմն, վաղը գամ-տեսնեմ աղբը թափած լինես, ունիտազը` հանած-դեն գցած, սա մարտական հանձնարարություն է, լսեցի՞ք, շարքայի՛ն:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Ճիշտ այդպես:
ՊԱՀԱԿ — Ձեռ ես առնո՞ւմ, անտեր շուն, ոտքի՛, հագուստդ ուղղի՛ր, այ, հիմա զեկուցիր:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Ճիշտ այդպես:
ՊԱՀԱԿ — Մնաս բարով: (Դուրս է գալիս:)
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Գնաս բարով: (Հեռանալով տարածքից:) Չէ, սա կյանք չի, չէ… Մտածել է պետք… (Դուրս է գալիս:)
Օր չորրորդ
Գալիս է Պահակը: Թափառականը չկա:
ՊԱՀԱԿ — (չորս կողմը նայելով): Այո՜… Աղբը տեղում է, ունիտազը` նույնպես… Իսկ ինքը չկա: Շատ լավ ա, հիմա կգա, վզից կբռնեմ, կասեմ` անտեր շուն, հրամաններս չես կատարո՞ւմ, գիշերը լակել` առավոտյան քնով ես մնացե՞լ, հատուկ նշանակության պահակակետը բարդակխանա ես դարձրե՞լ… Ու մահակով տուր, թե կտաս` գլխին, վզին, փորին, մեջքին, նորից գլխին, հետո` քացով, փետով, չէ, գոտիով, հա, շալվարը կիջացնեմ ու գոտիով հո չեմ տա քամակին… Էսօր կատաղած եմ, կաշին քերթելու եմ: (Ժամացույցին նայելով:) Ո՞ւր ես, անտեր շուն: Շատ ուշացավ: Հիվանդացած չլինի՞: Մեռած չլինի՞ հանկարծ… Երեկ շատ էր սփրթնած, թոքերն էլ խզխզում էին խեղճի: Պահո: Թե՞ էս ունի… ունի… ունի… Էէ՜, էլի կակազեցի: Նորից փորձեմ, հանգի՛ստ, առանց տագնապի. էս ունի… ունի…
Թափառականը, որ ետևից թաքուն մոտեցել է, փայտով հարվածում է Պահակի գլխին: Պահակը տապալվում է:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Էսքան բան: «Ունիտազը հանի»: Բա չէ, կհանեմ: Էս գժին թվում էր, թե հավերժորեն իր ստրուկն եմ լինելու: (Հանում է Պահակի համազգեստը, ապա հանում է իր հագուստը, դնում Պահակի կողքին, համազգեստը հագնում, ընթացքում խոսելով ինքն իրեն:) «Ունիտազը հանի»… Չէ-չէ մի… Դու ես դրե՞լ, քրտինք ես թափե՞լ… Ասում ա` գլխարկն ու գոտին հորս էլ չեմ վստահի… Ինչի՞ չես վստահի, այ աչքածակ ագահ, հաստագլուխ: (Ուղղելով համազգեստը:) Վեր կաց, է՜, շատ քնեցիր: (Մահակով խփելով:) Վե՛ր, վե՛ր, դավայ, էստեղ հյուրանոց չի քեզ համար, պահակակետ ա:
Պահակն ուշքի է գալիս, ապշած նայում է Թափառականին:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Աչքերդ մի պլշի, հագնվի, արա՛գ: (Պահակն ուզում է հակաճառել, Թափառականը հարվածում է🙂 Չհակաճառե՛լ: Հրամայված է հագնվել, ուրեմն` հագնվե՛լ: (Վառելով լուցկին:) Մինչև հանգի` հագնված լինես:
Պահակը հագնում է Թափառականի հագուստը:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Ըհը, չհասցրիր, սա` մի պատիժ: Լսի, բայց շատ ա սազում, գիտե՞ս, իսկը` անտեր շուն: Զգա՛ստ: Ո՞վ ես, ի՞նչ ես, ինչի՞ ես: Զեկուցի՛ր:
ՊԱՀԱԿ — Ազատյան Ազատ… Ըըը… Ազատյան Մարգար:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Ի՞նչ:
ՊԱՀԱԿ — Մարգարյան Ազատ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Չհասկացա:
ՊԱՀԱԿ — Մարգար… (Հարված ստանալով:) Անտեր շո՛ւն:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Այ, հիմա հասկացա: Ընտանեկան վիճակդ:
ՊԱՀԱԿ — Ամուրի:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Զբաղմունքդ:
ՊԱՀԱԿ — Այս պահի դրությամբ` կոնկրետ զբաղմունք չունեմ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Պարզ է, թափառական ես: Աջ դա՛րձ: Վազքով մա՛րշ: Ծնկներդ բարձր, գլուխդ բարձր, կուրծքդ բարձր, հայացքդ բարձր: Մեկ-երկու, մեկ-երկու, շրջանը լայնացրու, էլի, էլի… Պայթյուն աջից: (Պահակը փռվում է🙂 Ոտքի՛: Պայթյուն ձախից: (Պահակը փռվում է🙂 Հիմա սողեսող` առա՛ջ: Կարգին սողա, անտեր շուն: Շրջանով, շրջանով: Ոտքի՛: Քայլով մա՛րշ: (Դեպի հանդիսատեսը:) Այ էսպես: Հիմա ես եմ էստեղի գլխավոր պահակը: