Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ / ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿՆԵՐԻ ՊԱՐԸ
Գուրգեն ԽԱՆՋՅԱՆԻ «ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿՆԵՐԻ ՊԱՐԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2011 թ., թիվ 24-25-ում Սև խոռոչը դղրդաց. սողուններ, զեռուններ, շնագայլեր, բորենիներ, ագռավներ, անգղներ՝ դուրս են հորդում խավարից, երկաթգծի երկայնքով շարվում՝ պատիվ բռնած, դարձյալ դղրդոց, շլացնող լուսարձակ, խլացնող շչակ… Տիրոջ շոգեքարշն է հերթական շրջայցի, Ինքն է՝ շոգեքարշին հեծնած, ծխնելույզը ոտքերի արանքից խոյացրել՝ ծուխ ու մուր է ուղարկում երկինք, պոզերը ետ գցած, մորուքը տնկած, կճղակներով խթանում է փորը շոգեքարշի՝ առա՛ջ, առա՛ջ, նայեմ-տեսնեմ՝ հո չե՞ն դադարել հոշոտել իրար, հո չե՞ն դադարել թալանել իրար, բանսարկություն սարքել, սուտ վկայություն...
